Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 6739 բայտ, 15:29, 14 Հուլիսի 2015
/* Գլուխ իներորդ. Շելոբի որջը */
Գոլլումն առաջինն էր մտել թունել, և թվում էր, թե ամբողջ ժամանակ գնում է մի քանի քայլ առջևից: Սկզբում հոբիթները լսում էին նրա սուլող շնչառությունն ու հևոցը, բայց որոշ ժամանակ անց նրանց բոլոր զգայարանները բթացան՝ նույնիսկ շոշափելիքն ու լսողությունը: Անհավանական ջանքեր գործադրելով, հոբիթներն առաջ էին գնում՝ գործի դնելով իրենց ողջ կամքը. այն նույն կամքը, որը նրանց բերեց թունել և որն էլ առաջ էր մղում նրանց, որպեսզի դուրս բերի այնտեղից:
Երևի շուտով՝ երևի, որովհետև ժամանակն ու հեռավորությունը դադարել էին գոյություն ունենալ՝ Սեմը աջ կողմում պատի փոխարեն դատարկություն շոշափեց և հասկացավ, որ անցումը ճյուղավորվում կողմնային միջանցք էսկսվում: Այնտեղի օդն այնքան էլ ծանր չէր, և մի պահ նույնիսկ թվաց, թե թեթև քամի է փչում, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին առաջ գնալ:
— Էստեղ էլի անցումներ կան,— մեծ դժվարությամբ շշնջաց Սեմը: — Ահա թե որտեղ են օրքերն ապրում ուրախանում:
Շուտով ևս երեք կամ չորս կողմնային միջանցքներ հանդիպեցին՝ սկզբում աջ կողմում, հետո՝ ձախ, որտեղով գնում էր Ֆրոդոն: Դրանք ավելի լայն էին, բայց հոբիթները շարունակում էին գնալ ուղիղ՝ գլխավոր անցումը ոչ մի կողմ չէր թեքվում և անընդհատ բարձրանում էր վեր: Բայց ինչու՞ այն ոչ մի կերպ չի ավարտվում, դեռ որքա՞ն պետք է դիմանալ, կբավականացնի՞ արդյոք նրանց կամքը մինչև վերջ: Որքան բարձրանում էին, այնքան շնչելը դժվարանում էր, և հոբիթներին երբեմն թվում էր, թե օդը դարձել է թանձր, շոշափելի ժելե: Նրանց գլուխները ժամանակ առ ժամանակ դիպչում էին առաստաղից կախված ինչ-որ շոշափուկների, կամ գուցե բույսերի, իսկ գարշահոտությունը գնալով ուժեղանում էր: Հոբիթներին թվում էր, թե բոլոր զգայարաններից մնացել է միայն հոտառությունը՝ և միայն այն պատճառով, որ իրենք տառապեն: Մեկ ժամ, երկու ժամ, երեք՝ որքա՞ն ժամանակ է, ինչ նրանք գտնվում են այս անցքում: Մի քանի օ՞ր: Իսկ գուցե շաբա՞թ: Սեմը հեռացավ պատից, գտավ Ֆրոդոյի ձեռքը, և նրանք ձեռք-ձեռքի տված շարունակեցին գնալ:
Հանկարծ Ֆրոդոն (նա դեռ բռնած էր ձախ պատից) դատարկություն շոշափեց և քիչ էր մնում ընկներ. հերթական կողմնային միջանցքը մինչ այդ հանդիպածներից ամենալայնն էր: Այնտեղից այնպիսի գարշահոտություն էր փչում և այնքան մեծ էր զգացումը, որ այնտեղ ինչ-որ հրեշավոր չարություն կա թաքնված, որ Ֆրոդոն քիչ մնաց կորցներ գիտակցությունը: Սեմը նույնպես չդիմացավ, սայթաքեց և ձեռքերն առաջ պարզած ընկավ: Հաղթահարելով սրտխառնոցն ու վախը, Ֆրոդոն ճանկեց Սեմի ձեռքը:
 
— Վե՛ր կաց,— հազիվ լսելի ու խռպոռ շշնջաց նա,— և՛ գարշահոտության, և՛ վտանգի աղբյուրն այստեղ է թաքնված: Առա՛ջ, արա՛գ:
 
Հավաքելով ուժերի վերջին մնացորդները, նա թափահարեց Սեմին, ոտքի կանգնեցրեց և ստիպեց նրան ու իրեն գնալ առաջ: Սեմը սայթաքելով քայլում էր նրա կողքից. մեկ քայլ, երկու քայլ, երեք, վեց... Երևի սարսափելի անցումը մնաց հետևում, որովհետև հանկարծ քայլելը հեշտացավ՝ ասես անտեսանելի թշնամական կամքը մի ակնթարթ բաց թողեց նրանց: Դեռևս իրար ձեռք բռնած, հոբիթները շարունակեցին գնալ առաջ, բայց դեռ չէին հսացրել տասը քայլ էլ գնալ, երբ հանդիպեցին նոր դժվարության: Թունելը դարձավ ճյուղավորվում էր, և մթության մեջ հնարավոր չէր որոշել, թե որն է ավելի լայն, որն է թեքվում, և որն է գնում ուղիղ: Ու՞ր գնալ՝ ա՞ջ, թե՞ ձախ: Երկուսն էլ հասկանում էին, որ սխալ ընտրությունը նշանակում է մահ:
 
— Ու՞ր կորավ Գոլլումը,— շնչակտուր շշնջաց Սեմը,— ինչու՞ նա մեզ չսպասեց:
 
— Սմեագո՛րլ,— փորձեց կանչել Ֆրոդոն,— Սմեագո՛րլ: — Բայց նրա ձայնն ընդհատվեց, արտասանած անունը քարացավ շուրթերին: Պատասխան չկար՝ օդն անշարժ էր ու անարձագանք:
 
— Իմ կարծիքով էս անգամ վերջնականապես ծլկեց,— փնչացրեց Սեմը: — Տեղ հասցրեց, շնորհակալությու՛ն. ա՛յ թե ուր էր նա մեզ բերում, պարզվում է: Դեհ, Գոլլում, ձեռքս ընկար՝ գլու՛խդ պոկելու եմ:
 
Վերջապես նրանք շոշափելով հայտնաբերեցին, որ դեպի ձախ ճանապարհ չկա. այն կամ զմռսված էր քարերով, կամ ավարտվում էր փակուղով:
 
— Այստեղով հնարավոր չէ գնալ,— ասաց Ֆրոդոն: — Նշանակում է, ինչ էլ որ այնտեղ մեզ սպասելիս լինի, ստիպված ենք գնանք ձախ անցումով:
 
— Մենակ թե արագ,— բղավեց Սեմը,— էստեղ ինչ-որ մեկը կա, Գոլլումից շատ ավելի սարսափելի ինչ-որ մեկը: Ես թիկունքով զգում եմ նրա հայացքը:
 
Հազիվ էին մի քանի քայլ առաջ գնացել, երբ հետևում ինչ-որ քլթքլթոց լսվեց, հանկարծակի ու սարսափելի, հատկապես ստորգետնյա ծանր լռության մեջ, որն ավարտվեց երկար ու թունավոր սուլոցով: Հոբիթները սարսափահար շրջվեցին, բայց ոչինչ չտեսան: Նրանք քարացան անհայտի սպասումով:
 
— Ծուղա՛կ է,— շշնջաց Սեմը՝ ձեռքը դնելով սրի կոթին: Նա հիշեց Մառախլապատ Գերեզմանոցը, որտեղ ձեռք էր բերել այդ թուրը. այնտեղ նույնպես մութ էր:
 
«Էհ, ա՛յ թե ծերուկ Թոմն էստեղ լիներ»,— մտածեց նա:
 
Բայց Թոմը հեռու էր, իսկ խավարը շրջապատում էր նրան բոլոր կողմերից: Զայրույթի ու մութ հուսահատության ճիրանները սեղմեցին նրա սիրտը՝ և հանկարծ նրան թվաց, որ ինքը լույս է տեսնում, բայց ոչ իրականում, այլ ինչ-որ ներքին լույս:
Վստահելի
1342
edits