Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 21 033 բայտ, 18:08, 21 Հուլիսի 2015
/* Գիրք չորրորդ */
==Գիրք չորրորդ==
 
===I===
 
 
Երբ Ուլենշպիգելն ու Լամմեն Հեյստում էին, ավազաբլուրներից տեսան Օստենդեից, Բլաքենբերգից, Կնոկկեից եկող բազմաթիվ ձկնորսական նավեր՝ զինված մարդկանցով լեցուն, որոնք հետևում էի Զելանդիայի գյոզերին․ սրանց գլխարկների վրա կար արծաթե մի կիսալուսին՝ հետևյալ մակագրությամբ․ «Ավելի շուտ կծառայենք թուրքին, քան թե պապին»։
 
Ուլենշպիգելն ուրախ է, դայլայլում է արտույտի պես, և ամեն կողմից նրան պատասխանում են մարտաշունչ ծուղրուղույով։
 
Նավերը լողում են, ձուկ են որսում ու ծախելու համար իրար հետևից հասնում են Էմդեն։ Այդտեղ կաշկանդված մնացել է Գիյոմ դը Բլուան, որ Օրանժի իշխանի հանձնարարությամբ նավ է սպառազինում։
 
Ուլենշպիգելն ու Լամմեն գալիս են Էմդեն, իսկ Տրե֊Լոնի<ref>Գիյոմ դը Բլուա կամ ծովակալ Տրե֊Լոն (Tres-Long) նույն անձնավորությունն է՝ ամենաանվանի «ծովային գյոզերից» մեկը։</ref> հրամանով գյոզերի նավերը գնում են բաց ծով։
 
Տասնմեկ շաբաթ Էմդենում մնալու պատճառով Տրե֊Լոնը սաստիկ ձանձրացել էր։ Նա շղթայված արջի պես նավից գնում էր ցամաք, ցամաքից՝ նավ։
 
Ուլենշպիգելն ու Լամմեն նավամատույցի վրա թափառելիս նկատեցին հաճելի արտաքինով մի սինյոր, որ թախծոտ էր թվում և զբաղված էր տեգով քարափի սալահատակի մի քարը պոկելով։ Թեև չէր կարողանում քարը պոկել, բայց և այնպես ճգնում էր ձեռնարկածն ավարտել, իսկ մի շուն էլ ոսկոր էր կրծում նրա հետևը։
 
Ուլենշպիգելը մոտեցավ շանը և ձևացավ, թե ուզում է խլել նրա ոսկորը։ Շունը գռմռաց։ Ուլենշպիգելը չդադարեց․ շունն սկսեց անասելի վայնասուն բարձրացնել։
 
Սինյորն այդ աղմուկի վրա հետ նայեց և ասաց Ուլենշպիգելին․
 
― Ի՞նչ օգուտ ունես, այդ շանը չարչարելով։
 
― Ի՞նչ օգուտ ունեք, տեր իմ, այդ սալը չարչարելով։
 
― Դրանք նույն բանը չեն, ― ասաց սինյորը։
 
― Տարբերությունը մեծ չէ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Եթե այս շունը կառչած է իր ոսկորին և ուզում է պահել, ապա այդ սալն էլ կառչած է քարափին և ուզում է մնալ այդտեղ։ Եվ շատ աննշան բան է, որ մեզ նման մարդիկ պտտվեն մի շան շուրջը, երբ ձեզ նման մարդիկ պտտվում են սալաքարի շուրջը։
 
Լամմեն կանգնել էր Ուլենշպիգելի հետևը և չէր համարձակվում խոսել։
 
― Ո՞վ ես դու, ― հարցրեց սինյորը։
 
― Թիլ Ուլենշպիգելն եմ՝ հավատի համար խարույկի դատապարտված Կլլասի որդին։
 
Եվ դայլայլեց արտույտի պես, իսկ սինյորը կանչեց աքաղաղի նման։
 
― Ես ծովակալ Տրե֊Լոնն եմ․ ի՞նչ ես ուզում ինձնից։
 
Ուլենշպիգելը պատմեց իր արկածները և հանձնեց նրան հինգ հարյուր կառոլուս։
 
― Ո՞վ է այն գեր մարդը, ― հարցրեց Տրե֊Լոնը՝ մատնացույց անելով Լամմեին։
 
― Իմ ընկերն է ու Բարեկամը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Նա էլ ուզում է ինձ պես երգել քո նավի վրա՝ հրահարի քաղցր ձայնով՝ պապենական երկրի ազատագրության երգը։
 
― Երկուսդ էլ քաջարի մարդիկ եք, ― ասաց ծովակալը, ― կճանապարհվեք իմ նավով։
 
Փետրվարին էր դա․ փչում էր ծակող քամի․ սաստիկ ցուրտ էր։ Երեք շաբաթվա սրտամաշ սպասումից հետո Տրե֊Լոնը դժգոհ հեռացավ Էմդենից։ Ցանկանալով մտնել Տեքսել՝ նա մեկնեց Վլիից, բայց հարկադրված եղավ մտնել Վիրինգեն, ուր նրա նավը սեղմ շրջապատվեց սառույցով։
 
Շատ չանցած նավի շուրջը զվարճալի տեսարան սկսվեց․ հավաքվեցին սահնակներ և թավշազգեստ չմուշկավորներ, ոսկեթելով, մարգարիտներով, շիկակարմիր ու երկնագույն ասեղնագործված շրջազգեստներով աղջիկներ՝ չմուշկ ու դահուկ քշելու։ Տղաներն ու փոքր աղջիկները գնում էին, գալիս, սահում, ծիծաղում, մի գծով մեկ֊մեկ կամ զույգ֊զույգ ընթանում, սիրո երգը երգում սառույցի վրա կամ գնում դրոշակազարդ կրպակները՝ ուտելու ու խմելու գինօղի, նարինջ, թուզ, peperkoek skol,<ref>Տափակաձուկ, կամբալա (ֆլամանդ․)։</ref> եփած բանջարեղեն և heetekoeken, այսինքն գալեթ, իսկ նրանց շուրջը սահնակներն ու առագաստավոր բալխիրները ճռճռացնում էին սառույցը իրենց քթերով։
 
Լամմեն, փնտրելով իր կնոջը, թափառում էր ուրախ տղամարդկանց ու կանանց պես չմշկելով, բայց հաճախ ընկնում էր։
 
Երբեմն Ուլենշպիգելը գնում էր կոկորդը թրջելու և սնվելու քարափի վրա գտնվող մի փոքրիկ պանդոկում, ուր ստիպված չէր թանկ վճարել իր կերածի համար, և հաճությամբ զրուցում էր տիրուհու հետ։
 
Մի կիրակի նա մտավ պանդոկ և խնդրեց, որ ճաշ տան իրեն։
 
― Բայց, ― ասաց նա մի սիրունիկ կնոջ, որ առաջ եկավ մատուցելու, ― թարմացա՛ծ տիրուհիս, ի՞նչ ես արել քո նախկին կնճիռները։ Բերնումդ շարված են ջահելի սպիտակ լրիվ ատամներ, շրթներդ էլ կեռասի պես կարմիր են։ Ինձ համա՞ր է այդ անուշ ու չարաճճի ժպիտը։
 
― Չէ՜, է՜, ― ավելի լավ է ասես, թե ինչ մատուցեմ քեզ։
 
― Ինքդ քեզ։
 
Կինը պատասխանեց․
 
― Այդ չափազանց կլինի քեզ պես նիհար մարդու համար․ ուրիշ միս չե՞ս ուզում։
 
Ուլենշպիգելը ձայն չհանեց։
 
― Ի՞նչ ես արել այն գեղեցիկ, բարեկազմ ու մարմնեղ մարդուն, որին շատ հաճախ տեսել եմ քեզ հետ։
 
― Լամմեի՞ն, ― ասաց Ուլենշպիգելը։
 
― Ի՞նչ ես արել նրան, որտե՞ղ է նա այժմ, ― կրկնեց կինը։
 
Ուլենշպիգելը պատասխանեց․
 
― Կրպակներում ուտում է խաշած ձու, ապխտած օձաձուկ, աղի ձկներ, zuertje և այն ամենը, որ կարող է դրվել ատամի տակ․ այդ ամենը իր կնոջը փնտրելու համար։ Ինչո՞ւ իմը չես դու, անուշի՛կս։ Ուզո՞ւմ ես հիսուն ֆլորին տամ, ուզո՞ւմ ես ոսկե մանյակ տամ։
 
Բայց կինը խաչակնքելով ասաց․
 
― Ես ոչ ծախու եմ, ոչ էլ տրվելու։
 
― Ոչ ոքի չե՞ս սիրում։
 
― Սիրում եմ քեզ, որպես իմ մերձավորի, բայց ամենից առաջ սիրում եմ տերն մեր Հիսուս֊Քրիստոսին և սուրբ կույսին, որոնք հրամայում են ինձ անարատ կյանք վարել։ Ծանր ու դժվարին են այդ պարտականությունները, բայց աստված օգնում է մեզ՝ խեղճ կանանցս։ Սակայն շատերն էլ տեղի են տալիս։ Քո հաստլիկ բարեկամը ուրա՞խ է։
 
― Ուրախ է՝ երբ ուտում է, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― տխուր է՝ երբ ծոմ է պահում և միշտ էլ մտածկոտ է։ Իսկ դու ուրա՞խ ես, թե վշտոտ։
 
― Մենք՝ կանայքս գերի ենք նրան, ով կառավարում է մեզ։
 
― Լուսի՞նը։
 
― Այո։
 
― Գնամ ասեմ Լամմեին, որ գա քեզ տեսնի։
 
― Չանես այդպիսի բան, ― ասաց կինը, ― նա լաց կլինի, նմանապես և ես։
 
― Տեսե՞լ ես երբևէ նրա կնոջը, ― հարցրեց Ուլենշպիգելը։
 
Կինը հառաչելով պատասխանեց․
 
― Նա մեղանչեց Լամմեի հետ ու դատապարտվեց դաժան ապաշխարության։ Նա գիտե, որ Լամմեն գնում է ծովը՝ հերետիկոսության հաղթանակի համար։ Շատ ծանր է այդ միտքը քրիստոնեի սրտի համար։ Պաշտպանիր նրան՝ եթե հարձակման ենթարկվի նա․ խնամիր նրան՝ եթե վիրավորվի․ նրա կինն ինձ հրամայեց այս պատվերը տալ ձեզ։
 
― Լամմեն իմ եղբայրն է ու իմ բարեկամը, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
 
― Ա՜խ, ― ասաց կինը, ― ինչո՞ւ չեք վերադառնում մեր սուրբ եկեղեցու գիրկը։
 
― Նա ուտում է իր զավակներին, ― պատասխանեց Ուլենշպիգելը և գնաց։
 
Մարտի մի առավոտ, երբ ցուրտ քամին փչում էր ու շարունակում հաստացնել սառույցը, և Տրե֊Լոնի նավը չէր կարողանում մեկնել, նավի գուգազներն ու նավաստիները զվարճանում ուրախանում էին սահնակ ու չմուշկներ քշելով։
 
Ուլենշպիգելը պանդոկում էր, և գողտրիկ կինը խիստ վշտաբեկ ու կարծես իրեն կորցրած ասաց․
 
Խե՜ղճ Լամմե, խե՜ղճ Ուլենշպիգել։
 
― Ինչո՞ւ ես խղճում, ― հարցրեց նա։
 
― Ավա՜ղ, ավա՜ղ, ― ասաց կինը, ― ինչո՞ւ չեք հավատում պատարագին։ Կգնայիք, անկասկած, արքայություն, և ես կկարողանայի օգնել ձեզ այս կյանքում։
 
Տեսնելով, որ կինը գնաց դեպի դուռը ուշադիր լսելու՝ Ուլենշպիգելն ասաց․
 
― Ձյան գալո՞ւն ես ականջ դնում։
 
― Ոչ։
 
― Մռնչացող քամո՞ւն ես ունկնդրում։
 
― Ոչ։
 
― Եվ ոչ էլ կողքի գինետան աղմուկին, որ բարձրացնում են մեր քաջարի նավաստիները։
 
― Մահն է գողի պես գալիս, ― ասաց կինը։
 
― Մա՞հը․ ես քեզ չեմ հասկանում․ ներս եկ ու խոսիր, ― ասաց Ուլենշպիգելը։
 
― Այնտեղ են նրանք, ― ասաց նա։
 
― Ովքե՞ր։
 
― Ովքե՞ր, ― կրկնեց կինը։ ― Սիմոնսենռոլի զինվորները, որ գալու են հանուն դքսի խուժելու ձեզ վրա․ եթե այսպես լավ են վարվում ձեզ հետ այստեղ, ապա դա նման է մորթելու համար կանխորոշված եզներին։ Ա՜խ, ինչո՞ւ միայն քիչ առաջ իմացա այդ, ― ավելացրեց նա աղի արցունքներ թափելով։
 
― Ո՛չ լաց, ո՛չ ճչա, ― ասաց Ուլենշպիգելը, ― և կաց այստեղ։
 
― Չմատնես ինձ, ― ասաց կինը։
 
Ուլենշպիգելը դուրս եկավ տնից, վազելով այցելեց բոլոր կրպակներն ու գինետները՝ գուգազների ու նավաստիների ականջին փսփսալով․ «Իսպանացին գալիս է»։
 
Ամենքն էլ վազեցին նավը և խիստ շտապ պատրաստեցին այն ամենը, ինչ պետք է մարտի համար և սպասեցին թշնամուն։ Ուլենշպիգելն ասաց Լամմեին․
 
― Տեսնո՞ւմ ես քարափի վրա կանգնած այդ անուշիկ կնոջը՝ շիկակարմիր ասեղնագործված սև շրջազգեստով և դեմքը ճերմակ գլխանոցով ծածկած։
 
― Մեկ է, ով ուզում է լինի, ― պատասխանեց Լամմեն, ― մրսում եմ, ուզում եմ քնել։
 
Եվ գլուխը փաթաթեց թիկնոցով։ Նա այդպես նման էր խուլ մարդու։
 
Ուլենշպիգելն այնժամ ճանաչեց կնոջը և նավից ձայն տվեց նրան․
 
― Ուզո՞ւմ ես հետևել մեզ։
 
― Մինչև գերեզման, ― ասաց կինը, ― բայց չամ կարող․․․
 
― Լավ կանեիր, ― ասաց Ուլենշպիգելը, ― այնուամենայնիվ մտածեիր դրա մասին․ երբ սոխակը մնում է անտառում՝ երջանիկ է ու երգում է․ բայց երբ հեռանում է այնտեղից և իր պստիկ թևերը ենթարկում է բաց ծովի քամուն՝ դրանք ջարդվում են, և նա մեռնում է։
 
― Ես երգում էի տանը և դուրսն էլ կերգեի՝ եթե կարողանայի, ― ասաց կինը։ Ապա մոտենալով նավին՝ ավելացրեց․ ― Առ այս բալասանը քեզ և քո ընկերոջ համար, որը քնում է, երբ պետք է արթուն լինել։ Լամմե՛, Լամմե՛, աստված քեզ փորձանքից ազատ պահի, վերադարձիր ողջ֊առողջ։
 
Եվ դեմքը բացեց։
 
― Կի՛նս, կի՛նս, ― գոչեց Լամմեն և ուզեց ցատկել սառույցի վրա։
 
― Քո հավատարիմ կի՜նը, ― ասաց ն և արագաքայլ փախավ։
 
Լամմեն ուզում էր տախտակամածից թռչել սառույցի վրա, բայց մի գուգազ կասեցրեց նրան՝ բռնելով թիկունքից։ Նա սկսեց գոռգոռալ, լաց լինել, աղաչել, որ իրեն թույլ տան գնա։ Սակայն ավագ սպան ասաց․
 
― Եթե նավից հեռանաս՝ կկախվես։
 
Լամմեն նորից փորձեց նետվել սառույցի վրա, բայց մի գյոզ բռնեց նրան և ասաց․
 
― Հատակը խոնավ է, ոտքերդ կարող են թրջվել։
 
― Եվ Լամմեն ընկավ իր նստուկի վրա՝ լալով և շարունակ կրկնելով․
 
― Կի՛նս, կի՛նս, թողեք գնամ կնոջս մոտ։
 
― Կտեսնես դու նրան, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Նա քեզ սիրում է, բայց աստծուն քեզնից ավելի է սիրում։
 
― Սատանի աղջիկ, ― գոչեց Լամմեն, ― եթե աստծուն ավելի է սիրում իր մարդուց, էլ ինչո՞ւ է երևում ինձ գողտրիկ ու ցանկալի։ Եվ եթե ինձ սիրում է՝ հապա ինչո՞ւ է հեռանում ինձնից։
 
― Հորերի խորքը կարո՞ղ ես հստակ տեսնել, ― հարցրեց Ուլենշպիգելը։
 
― Ավա՜ղ, շուտով կմեռնեմ, ― ասաց Լամմեն։
 
Եվ գունատ ու հուսահատ՝ մնաց նավի տախտակամածի վրա։
 
Մինչ այս, մինչ այն՝ հասան Սիմոնսենռոլի մարդիկ՝ մեծաթիվ հրետանիով։
 
Նրանք կրակեցին նավի վրա, որը պատասխանեց նրանց։ Եվ սրանց արկերը փշրում էին շրջապատող սառույցը։ Երեկոյան կողմ գաղջ անձրև եկավ։
 
Արևմուտքից սկսեց քամի փչել, ծովը բարկացավ սառույցի տակ և հսկայական կտորներով բարձրացրեց այն։ Բեկորները ցցվում էին, ընկնում, բախվում իրար, միմյանց վրա անցնում՝ վտանգ առաջացնելով, իհարկե, նավի համար, սակայն երբ լուսաբացը պատառոտեց գիշերվա ամպերը՝ առագաստանավը բացեց իր քաթանե թևերը ազատության թռչունի պես և ընթացավ դեպի ազատ ծովը։
 
Այդտեղ նրանք միացան տյար Լյումե դը լա Մարշին՝ Հոլանդիայի և Զելանդիայի ծովակալին, որ և պարագլուխն էր ու ընդհանուր հրամանատարը, և իբրև այդպիսին մի լապտեր ուներ իր նավի կատարի վրա։
 
― Լավ նայիր սրան, որդյա՛կ իմ, ― ասաց Ուլենշպիգելը, ― այս մարդը չի խնայի քեզ՝ եթե ուզես ուժով հեռանալ նավից։ Լսո՞ւմ ես որոտի պես պայթող նրա ձայնը։ Մի տես ի՜նչ թիկնեղ է և հուժկու՝ բարձր հասակով հանդերձ։ Նայիր նրա կեռ եղունգներով երկար ձեռքերին, կլոր աչքերին՝ արծվենի ու սառն աչքերին, նրա սրածայր, երկար մորուքին, որ թողնելու է աճի՝ մինչև որ կախաղան հանի բոլոր վանականներին ու քահանաներին՝ երկու կոմսերի մահվան վրեժը լուծելու համար։ Նայիր նրան, ահարկու ու դաժան, նա քեզ կախել կտա բարձրից՝ առանց երկար֊բարակ մտածելու, եթե շարունակես նվալ և շարունակ կրկնել կի՜նս։
 
― Որդյա՛կ իմ, ― ասաց Լամմեն, ― մերձավորին կախելու մասին այդպես է խոսում նա, ով արդեն կանեփի ոլորը զգացել է իր վզի վրա։
 
― Դու առաջինը կկրես այդ պարանը։ Այդ է իմ բարեկամական փափագը, ― ասաց Ուլենշպիգելը։
 
― Ես քեզ կտեսնեմ կախաղանի վրա՝ թունավոր լեզուդ կտուցիցդ մեկ գազ դուրս գցած, ― վրա բերեց Լամմեն։
 
Եվ երկուսն էլ կարծում էին, թե կատակում են։
 
Այդ օրը Տրե֊Լոնի նավը բռնեց բիսկայան մի նավ, որ բարձված էր սնդիկով, ոսկով, գինով ու համեմունքներով։ Եվ նավը դատարկվեց իր ուղնուծուծից՝ մարդկանցից ու ավարից, ինչպես եզան ոսկորը առյուծի ատամի տակ։
 
Այդ ժամանակ էր, որ Ալբայի դուքսը հրամայեց Նիդեռլանդիայում ծանր ու խայտառակ հարկեր դնել՝ ստիպելով, որ ամեն մի բնակիչ շարժուն կամ անշարժ գույք կամ կալվածք ծախելիս հազար ֆլորին վճարի տասը հազարից։ Եվ այս սակը դարձավ մշտական։ Բոլոր վաճառականներն ու մանր առևտրականները ստիպված եղան վճարել արքային վաճառքի մեկ տասներորդականը, և ժողովուրդն սկսեց ասել, որ շաբաթվա մեջ տասն անգամ ծախվելով նույն ապրանքը՝ թագավորը կստանար ամբողջ գինը։
 
Եվ այսպես, առևտուրն ու ճարտարվեստը դիմում էին դեպի մահ ու կործանում։
 
Եվ գյոզերը գրավեցին Բրիլը՝ ծովափնյա ամրոցը, որ կոչվեց ազատության անդաստան։
 
 
Ադմին, Վստահելի
1876
edits