Changes

Մեր մայրերը

Ավելացվել է 18 480 բայտ, 07:58, 23 Հուլիսի 2015
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մեր մայրերը |հեղինակ =[[Հակոբ Մնձուրի]] |թարգմանիչ = |աղբյուր = [[«Երկեր»]] }} Կատ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Մեր մայրերը
|հեղինակ =[[Հակոբ Մնձուրի]]
|թարգմանիչ =
|աղբյուր = [[«Երկեր»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]

Մենք մեր մայրերուն «մայր» կամ «մայրիկ» չէինք ըսեր։ Սորվեցուցած չէին, չէինք գիտեր։ «Հարսիկ» կըսեինք։ Մեր հարսիկներն էին անոնք։ Մեր տեղաբարբառին մեջ հարսիկը՝ պզտիկ հարս ըսել չէր, ինչպես՝ հայրիկը, մայրիկը՝ պզտիկ հայր, պզտիկ մայր ըսել չեն։

Մենք խոսիլը մեր մամերեն կսորվեինք։ Անոնք մեր մայրերուն «հարս» կկանչեին, մեզի ալ՝ «հարսիկդ Է» , կվարժեցնեին։ «Հարսիկդ եկավ, հարսիկդ գնաց» կըսեին։ Կմեծնայինք, տասը, տասնհինգ տարեկան կըլլայինք խելքերնիս կհասներ, գիտեինք, թե անոնք մեր մայրերն են. բերաննիս հեղ մը վարժված էին, նորեն՝ հարսիկ կկանչեինք։ Մամա ալ չէինք ըսեր։ Մաման ի՞նչ էր։ Մամա՝ մենք պառավներուն կըսեինք։ Եթե մեր մայրերնուն «մայրիկ, մայր» կանչեինք, կգլգլային խնդալեն, չլսված բան մը լսած ըլալնուն համար։

Մեր մամերը մեզ կմեծցնեին։ Մեր մայրերուն պարտավորությունը՝ մինչև մեզ կաթե կտրելը ծծցնելն էր։ Կմոտենային, կսպասեին, որ ծծեինք, ու իրենց ծիծերը կքաշեին մեր բերաններեն։ Վայրկյան մը իսկ չէին կենար, կհեռանային, կըսես ոչ թե իրենց, այլ անծանոթի մը երախաներն էինք։ Երբ հետզհետե սկսեինք ճանչնալ զիրենք, թռվռայինք, իրենց գիրկը երկննալ ուզեինք, անտարբեր կմնային։ Կամչնային մեզ սիրելու, փայփայելու։ Տանը մեջ կեսուրներու ու ուրիշներու ներկայությանը մեզ չէին գրկեր, մեզ չէին առնիր ու նստեր։ Կքննադատվեին, կայպանվեին. «Տղան գիրկը առեր ու նստեր է» պիտի ըսեին։ Առտուն կանուխ կելլեին, մինչև իրիկուն ոտքի վրա կըլլային։ Դիցուք թե՝ տունը կամ դուրսը ընելիք մը չէր մնացած, ամանները լվացեր, աղբյուրեն ջուր բերեր, բզուկները լեփլեցուն էին, ու տնեցիները մեղքնային, «նստե, հարս» ըսեին, ան պետք էր մերժեր, չնստեր, նույնքան իր արժանիքները կավելնային, ամենքեն կգովվեր, իսկ երբ շատ ստիպեին, մեկուսի կնստեր, ծնկածալ ու հանցավորի մը պես։

Մեր մայրերուն տարիքը նկատի չէին առնվեր։ Քսան տարեկան ըլլային, թե քառասուն՝ հարս էին նորեն, ինչքան ատեն իրենց կեսուրները իրենց գլխին վերևն էին։ Մեզ կարգելեն, իրենք ալ հարս մը առնելեն, կեսուր ըլլալեն հետո՝ հարս ըլլալե կդադրեին։

Մեր ամենը մեր մամերը կընեին։ Երբ արթննայինք՝ մեր օրոցքեն կհանեին, կհագվեցնեին, մեր փորը կկշտացնեին՝ եթե կաթե կտրած էինք, իսկ եթե կաթնկեր էինք՝ մեր մայրերը կկանչեին, որ գային ու մեզ ծծցնեին։ Օրոցքը՝ բարակ ու մաղված ավազի վրա մեզ կպառկեցնեին, շոր մը փռելով մեր տակր։ Ձմեռը ավազը կտաքցնեին ու կբարեխառնեին, ամառը առանց տաքցնելու կպառկեցնեին, վրա֊քաշիկով մը մեզ կապելով, որ մեջեն չիյնայինք, ու երեսծածուկով մը մեր աչքերը գոցելով, որ լույսը չտեսնեինք։ Եթե ավազը թրջած էինք, թացը կնետեին ու չորը կփռեին, ու շորերը մեր մայրերուն կուտային, որ աղբյուրը տանեին ու շոր լվալիք գուռերուն մեջ մաքրեին։ Մեր մամերը մեզ կլոգցնեին, կսանտրեին, մեզ կկայնեցնեին ու մեր վրա էնթարի, կրծիկ, շապիկ, սալթա կձևեին ու կկարեին ու մեր պատռածները կկարկտեին։

Մեր մայրերը ատոնցմով չէին զբաղեր։ Մենք երախային՝ «պլիկ» կըսեինք։ Անոնք պլիկ բերելու, այսինքն մեզ ծնելու, երկրորդ ալ՝ տունը, թե դուրսը՝ ուժեղ բազուկներով բան բանող մը ունենալու համար, մեր հայրերուն կառնեին։ Բայց երջանիկ չէին ըլլար մեր հայրերը, ոչ ալ, մանավանդ, մեր մայրերը։ Ամուսնութենեն տարի մը ետքը մեր հայրերը կձգեին մեր մայրերը, պանդխտելու կելլեին։ Մենե շատերը դեռ աշխարհ եկած չէինք ըլլար կամ մեկ֊երկու ամսվան հազիվ կըլլայինք։ Եվ այս պանդխտությունը կշարունակվեր իրենց կյանքի տևողությանը։ Կուգային 4֊5 տարին անգամ մը, տարի մը կկենային, նորեն կերթային։ Քսանեն՝ վաթսուն, քառասուն տարվան մեջ ընդամենը հինգ կամ տասը տարի մեր հայրերը գյուղը կըլլային, երեսունհինգ, քառասուն տարի այրիի կյանք մը կապրեին մեր մայրերը։

Ինչո՞ւ կպանդխտեին։ Որովհետև՝ դրամ չկար գյուղը։ Ամենեն ունևորները ճակատի և շիվի զարդոսկիներ մը ունեին՝ կիներուն համար։ Իմ գավառս, ինչպես Եփրատի ենթակա մյուսները՝ Քեմախը, Չմշկածագը, Ակը, Արաբկիրը կամ՝ Տիվրիկը, այրերը պանդխտության ղրկող գավառներեն էր։ Մեր բերքերը ո՞վ կառներ: Իմ տունս, օրինակ, մեզի բավելեն ավելի ցորեն կհանեինք: Շատ ընկույզ ունեինք։ Ամպար մը ընկույզ, կարասներով չոր թութ, րուպ, օղի, գինի, վաթսուն կթոց կողով խաղող կունենայինք, որո՞ւ պիտի ծախեինք։ Չորս տեղ այգի ունեինք, պահապանի դրամ երկերկու ղուրուշ այգի գլուխ ու մեկ֊մեկ կոտ ալ՝ ալյուր։ Ալյուրը կուտայինք, ութը ղրուշը՝ Պոլիսեն դրամ պիտի գար, որ տայինք:

Մեր ամեն երգերը պանդխտութենե կառնեին իրենց թեմաները: Մեր օրորներեն շատ քիչը իրավեն օրոր էին։ Շատը, շատ֊շատը, անհատնումը՝ պանդուխտին ուղղված, բացական կանչելու համար շինված էին։ Մեր մայրերը պանդուխտի երգեր կանչելով մեզ կքնացնեին։ Մենք պատրվակներ էինք՝ իրենց կարոտները, հուզումները պարպելու համար։

::::::::::Քներ եմ, խոշ եմ եղեր,
::::::::::Սիրուդ՝ սերխոշ եմ եղեր,
::::::::::Հերու ի՜նչ աղեկ էի,
::::::::::Աս տարի գեշ եմ եղեր։

Կամ՝

::::::::::Խաչին, լուսունկին նորուն՝
::::::::::Յար, ես քու ճամբադ կնայիմ,
::::::::::Յար, ես՝ տղա, դուն տղա,
::::::::::Մեր սիրուն չաղերն են հիմա։

Շատ ալ թուրքերեններեն կային, բայց չկարծեք, թե թուրքերը հորինած էին։ Հայերուն ստեղծագործություններն էին, հայու զգացումներով, գեղջուկ, նախնական։ Մենք, հայերս կկանչեինք.

::::::::::Ղուրշումա կել քի՝ կյորեմ,
::::::::::Էլին ուզաթ՝ կյուլ վերեմ,
::::::::::Արամըզատ ղարլը տաղ՝
::::::::::Պեն սենի նա՞սըլ կյորեմ<ref>
:Առաջս եկ, որ տեսնեմ
:Ձեռքդ երկարիր՝ վարդ տամ,
:Մեր միջև ձյունոտ լեռ,
:Ես քեզ ինչպե՞ս կտեսնեմ։</ref>։

Կամ՝

::::::::::Ինտիմ՝ սուտան իչմեյե,
::::::::::Օրախ ալտըմ պիչմեյե,
::::::::::Տետիլեր՝ աղան կելտի,
::::::::::Ղանատ ալտըմ ուչմայա<ref>
:Իջա՝ ջրից խմելու,
:Մանգաղ առա՝ հնձելու,
:Ասացին՝ աղադ եկավ,
:Թևեր առա՝թռչելու:</ref>:

Երրորդ մը՝

::::::::::Տութ աղաճր պոյումճա,
::::::::::Տութ, յէմետիմ՝ տոյումճա,
::::::::::Աղամ, աղզըմ ղուրույա,
::::::::::«Տար» տեմետիմ՝ տոյումճա<ref>
:Պահիր ծառը հասակիս համար,
:Պահիր, չեմ կերել մինչև հագենալս
:Աղաս, բերանս չորանա,
:«Յար» չեմ ասել մինչև հագենալս:</ref>:

Աղան պարսկերեն է: Ամենամեծ տիտղոս մը։ Շահին փոխանորդներուն կըսեն։ Մի նայիք՝ հոս աննշաններու կըսենք։

Մեր մայրերը ի՜նչ ներսեն, ի՜նչ խորունկեն, ի՜նչ տարվելով, ի՜նչ քնարերգությունով կկանչեին։ Զարմանային հոն է, որ մենք՝ երախաներս ալ կուզեինք, մտիկ կընեինք, ընդհատելու ըլլային՝ կպոռայինք, որ կանչեին:

Դուք աշխարհին վրա ասանկ օրորներ լսա՞ծ եք, կըլլա՞ն։ Մեր պանդխտությունը ձեզի պատմելուս՝ ասոնց նմանները ըսած էի։

Երեկոներն էին օրորներու պահը։ Սևքարի լեռան կատարին առջև աստղը ելած չէր ըլլար: Երախաները պիտի քնացնեին, որպեսզի հավաքվեին, ճաշի նստեին։ Բոլոր տուներեն, ամեն փողոցներեն կբարձրանային այս օրորները։ Իմ գավառիս գյուղերը համերգ կսարքեին ամեն երեկո, մենք երախաներս համերգով կքնանայինք։ Դուք գիտե՞ք, լսա՞ծ եք՝ Սըհակ թռչունը, որ ատենոք աղջիկ եղեր է, իր աղբարիկը՝ Սըհակը կորսնցուցեր է, թռչուն եղեր է, հիմա ամեն գիշեր կալերուն, երդիքներուն վրայեն թռելով կերթա֊կուգա՝ Սըհակը կփնտռե։ Մեր մայրերն ալ ամեն երեկո իրենց յարը, իրենց աղան կկանչեին։

Ամառ որ ըլլար՝ մեր մայրերը մեզ կշալակեին, Կարմիր հողերուն ու Խառիծակի այգիները կտանեին։ Թթենիե թթենի մը կամ ծիրանիի մը կախօրան մը կհարմարցնեին, կպառկեցնեին մեզ մեջը։ Օրելու պետք չկար, ճամբան գալեն հոգնած ըլլալով՝ իսկույն աչքերնիս կգոցվեին։ Կուրախանային, որովհետև իրենք շատ գործեր ունեին ընելիք։ Գետին ջուրը պղպեղներուն, լոլիկներուն ածուները պիտի դարձնեին, այգետան ետևը ավազներուն վրա փռված թութերը, ծիրանները չորցեր էին, իրիկունը տուն տանելու համար հապիկային աչքերը պիտի լեցնեին, վարունգնոցեն վարունգները պիտի փրցնեին, ու ժողվելով գլուխ չելլելիք գործը՝ ծառերուն տակի թութերը պիտի ժողվեին։ Հազար֊հազարներով թափեր էին բոլոր թթենիներուն տակը, առուին ագուդաներուն վրա, քովնտի ածուներուն մեջը։ Մինակ նայեիր վրան՝ աչքերդ կառնեին։ Ասոնք մեկիկ֊մեկիկ ժողվել կուզեր։

Բայց գետին դիմացի ափեն պոռալու ձայնե մը, այգիե այգի անցնողներու բարձր խոսակցութենե մը, մոտակա մեղվընոցե մը պարս ելլող մեղուներու երաժշտութենե մը, թութի մը՝ «փը՛թ...», մեր երեսծածուկին վրա իյնալե մը՝ մեկեն կարթննայինք։ Գլուխնիս շարժելով, մեր երեսծածուկը կձգեինք, քիչ մը կնայեինք թութերուն, քիչ մը ականջ կուտայինք ժիժիներուն ժի՛֊ժի՛֊ժի՛֊ժի՛... կանչելուն, կպոռայինք, որ գային, մեզ հանեին օրոցքեն։ Մեր մայրերը կվազեին։

— Ծո՛, ինչո՞ւ արթնցար, ծո՛, քչիկ մըն ալ քնանայիր՝ ի՞նչ կըլլար։ Ինչե՞ն արթընցար։ Մեղուներու ձայնե՞ն, խոշոր֊խոշոր խոսելով անցան քովեդ՝ անոնցմե՞, կախօրանիդ վրա թութիկ ինկեր է՝ թութիկներե՞ն։

— Ա՜խ, հարսիկդ ի՞նչ ընե քեզ... ադ սևուկ֊սևուկ, վըլի֊վըլի նայող չամիչ աչուկներդ սիրեմ... կեռասի պես կարմրուկ ադ բերանիկդ, զատկվան հավկիթի պես կարմրուկ այդ երեսիկներդ սիրեմ... Ա՜խ, ինչո՞ւ արթընցար՝ կըսեմ։

— Ը՛հ... կընեինք։

— Ելլե՞ս... ծո հանեմ քեզ՝ ի՞նչ ընեմ... պլիկ ես... շատ պըտըլիկ ես, վարդավառին՝ յոթը ամսվան պիտի ըլլաս... չես կրնար մինակդ նստիլ... Ձեռքս֊ոտքս կապեցիր... խենթ պիտի ըլլամ ես... տահա թութիկ մը չէ ժողվեր հարսիկդ... հինգ ծառին թութերը ե՞րբ և ինտո՞ր պիտի ժողվեմ, արևը պիտի փռեմ, որ չորնան, վաղը նորե՞ն պիտի գանք... ծո մամդ ի՞նչ պիտի ըսե. ասոր, անոր հետ խոսքի բռնվեցար, գործդ տեղը մնաց՝ պիտի ըսե...

Խոտին դարը կտանեին մեզ, քուրդ Կախմըխիի ետևի արոս արտերը։ Արոսներուն խոտերը պիտի քաղեին։ Ծառ չկար։ Չողանի մը շուքը որչա՞փ կըլլա. գետինը, հողերուն վրա մեզ կպառկեցնեին, կքնացնեին, ու մանգաղը ձեռքերնին, մեր մայրերը, թե կքաղեին, ու թե՝ արոսին մեջ կառաջանային։ Կախմըխցոնց ձորերը կիջնային, ուր առատ խոտ կըլլար։ Հեռուեն եկող ձիի մը խրխնջյունեն, չողանի մը թուփին վրա թառող թռչունի մը ճվճվոցեն կարթննայինք։ Ձեռքերնիս կապված էին, գլուխնիս երերցնելով՝ կհաջողեինք երեսնիս բանալու, մեկ ձայն կուլայինք։ Մեկ կուլայինք, երկու կուլայինք, երեք կուլայինք, մեր մայրերը չէին գար։ Ո՞ւր էին։ Լացերնիս ավելի կսաստկացնեինք։ Մեր լացերեն՝ քրդու կնիկները կուգային, ձեռքերնին վրանիս կդնեին, օրելու պես՝ փը՜շ-փը՜շ կըսեին։ Մեր հարսիկներուն չնմանող կնիկները տեսնելով՝ ալ ավելի կբարձրացնեինք մեր լացերը։ Կերթային, կկանչեին։

— Ղը՜զ, չոճուխըն աղլըյոր, ղո՛շ...<ref>Աղջի, երեխադ լալիս է, վազիր։</ref>։

Մեր մայրերը կվազեին։

— Չորնա ու քոռնա հարսիկդ, ինչո՞ւ կուլաս, գիտցար թե՝ հոս չե՞մ... ձորը աղվորիկ հոտոցիկեր տեսա, դեղնուկ֊դեղնուկ, անոնք քաղեմ ըսի... Չորնամ, ալ մի՛ լար, ալ մի՛ լար, ես եկա, նայե՛:

Կփայփայեին մեզ։

— Աչքերդ կոկան֊կոկան եղեր են, ալ մի լար, հա՜, նայե, ես քովիկդ եմ, տեղ չեմ երթար, ալ ձորը չեմ երթար... սրտիկդ վեր֊վեր մի՛ ըներ։ Ետքեն քչիկ մըն ալ կքաղեմ, բեռներս կլմննան, իշուն կբեռնանք, մեկտեղ տուն կերթանք։

Արտոցը արտերը քաղելու կտանեին մեզ։ Ամիս մը արտ կքաղեին, արտերը կպառկեինք գիշերները, տուն չէինք գար։ Շաբաթ իրիկունները միայն կուգայինք, կիրակի իրիկունները նորեն արտերը քաղելու կերթայինք։ Երեք ձողերե եռոտանիով մը տաղան մը կշինեին, մեջը կախօրան մը կկապեին, արտե արտ կտանեին մեզ, կպառկեցնեին։ Արտքաղը, երեք տուն միանալով, 25֊30 հոգիի բազմությունով մը կընեին։ Մեր մայրերը միայն կծծցնեին մեզ, անոնք մեզմով չէին զբաղեր։

Ասոնք մեր մայրերուն պատմություններն են։ Ինչեր որ քաշեցին անոնք՝ սուրբերը չքաշեցին. Հռիփսիմեները, Գայանեները ավելի չչարչարվեցան՝ սուրբ ըլլալու համար։


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Վստահելի
381
edits