Changes
/* V */
Բայց նա այդպես էլ ոչինչ չխոստովանեց։
===VI===
Մայիս ամիսն էր․ արդարադատության լորենին կանաչ էր․ կանաչ էին նաև սիզախոտե նստարանները, որոնց վրա նստեցին դատավորները։ Նելեն կանչվեց որպես վկա։ Այդ օրը պետք է արձակվեր դատավճիռը։
Եվ ժողովուրդը՝ տղամարդ, կին, քաղքենի ու արհեստավոր, շրջան կազմած կանգնել էր հրապարակում։ Պայծառ փայլում էր արևը։
Կատլինին ու Յոս Դամանին բերին ատյանը։ Դամանն ավելի գունատ էր թվում՝ ծարավի տանջանքից և անքուն գիշերներից։
Կատլինը, որ չէր կարող կանգենլ իր երերուն ոտքերի վրա, ցույց էր տալիս արևը և ասում․
― Վերցրե՜ք կրակը․ գլուխս այրվո՜ւմ է։
Եվ քնքշագին սիրով նայում էր Յոս Դամանին։
Իսկ սա նայում էր նրան ատելությամբ և արհամարհանքով։
Եվ նրա բարեկամները՝ սինյորներ ու սեպուհներ, կանչված լինելով Դամմե որպես վկա, բոլորն էլ ներկա էին։
Այնժամ խոսեց դատավորն ու ասաց․
― Նելե աղջիկը, որ պաշտպանում է իր մորը՝ Կատլինին այնքան մեծ ու անվեհեր սիրով, գտել է հիշյալի շրջազգեստի՝ տոնական շրջազգեստի գրպանում մի գրություն, որ ստորագրված է Յոս Դաման։ Հիլբերտ Ռիվիշի դիակապուտի մեջ, հանգուցյալի քսակում ես գտա մի ուրիշ նամակ, որ հասցեագրել է նրան մեղադրյալը՝ հիշյալ Յոս Դամանը։ Ես երկուսն էլ պահել եմ ինձ մոտ, որպեսզի պատեհ ժամին, և սա է այդ ժամը, դուք կարողանայիք դատել այդ մարդու համառության վերաբերյալ և արձակել կամ դատապարտել նրան ըստ օրենքի ու արդարության։ Ահա քսակում գտնված մագաղաթը․ ես ձեռք չեմ տվել դրան և չգիտեմ՝ ընթեռնելի է, թ՞ե ոչ։
Դատավորները դրա վրա մեծ վարանման մեջ ընկան։
Ավագ դատավորը փորձեց բացել մագաղաթի գնդիկը՝ բայց իզուր։ Յոս Դամանը ծիծաղում էր։
Ատենակալներից մեկն ասաց․
― Գնդիկը գցենք ջրի մեջ, հետո պահենք կրակի վրա։ Եթե կծկվելու որևէ գաղտնիք կա, ապա ջուրն ու կրակը կլուծեն։
Ջուր բերեցին, դահիճը մի մեծ խարույկ վառեց բացաստանում․ կապույտ ծուխը բարձրանում էր ջինջ երկինքը՝ արդարադատության կանաչազարդ ճյուղերի միջից։
― Նամակն ավազանի մեջ մի՛ դնեք, ― ասաց մի ատենակալ, ― որովհետև եթե ջրի մեջ լուծված ամոնիակի աղով է գրված՝ տառերը կջնջվեն։
― Ոչ, ― ասաց վիրաբույժը, որ այդտեղ էր, ― տառերն ամենևին չեն ջնջվի․ ջուրը կփափկացնի միայն այն ծեփը, որ արգելում է բանալ այս մոգական գնդիկը։
Մագաղաթը գցեցին ջուրը, և փափկանալուց հետո բացվեց։
― Իսկ հիմա պահենք կրակի վրա, ― ասաց վիրաբույժը։
― Այո, այո, ― ասաց Նելեն, ― թուղթը պահեք կրակի վրա․ տյար վիրաբույժը ճշմարտության ուղու վրա է, որովհետև մարդասպանը գույնը գցում է, ու ոտքերը դողում են։
Դրա վրա տյար Յոս Դամանն ասաց․
― Ես ո՛չ գունատվում եմ, ո՛չ էլ դողում, ռամկի պստիկ ճիվաղ, որ ցանկանում ես ազնվական մարդու մահը․ դա չի հաջողվի քեզ․ մագաղաթը պետք է փտած լինի տասնվեց տարի հողի մեջ մնալուց։
― Մագաղաթն ամենևին էլ չի փտել, ― ասաց ատենակալը, ― քսակը մետաքսե աստառ ունի․ մետաքսը հողի մեջ չի քայքայվում, որդերն էլ չեն կրծել մագաղաթը։
Մագաղաթը բռնեցին կրակի առաջ։
― Պարո՛ն ավագ֊դատավոր, պարո՛ն ավագ֊դատավոր, ― գոչեց Նելեն, ― ահա կրակի առաջ թանաքը երևում է․ հրմայեցեք, որ կարդան գրությունը։
Երբ վիրաբույժն ուզում էր կարդալ՝ տյար Յոս Դամանը ուզեց պարզել ձեռքը ու բռնել մագաղաթը․ բայց Նելեն քամու պես արագ նետվեց նրա ձեռքի վրա ու ասաց․
― Դու չես դիպչելու դրան, որովհետև այդտեղ գրված է քո կամ Կատլինի մահը։ Եթե հիմա քո սիրտը մղկտում է, մարդասպա՛ն, ապա տասնհինգ տարի է, որ մերն է մղկտում, տասնհինգ տարի է, որ Կատլինը տառապում է, տասնհինգ տարի է, որ նրա ուղեղը գլխի մեջ վառվում է քո պատճառով, տասնհինգ տարի է, որ Սոոտկինը մեռել է չարչարանքների հետևանքներից․ տասնհինգ տարի է, որ չքավոր ենք, գջլոտ, թշվառ, բայց ապրում ենք հպարտ։ Կարդացեք մագաղաթը։ Դատավորները աստված են երկրի վրա, որովհետև արդարադատությունն են։ Կարդացե՛ք թուղթը։
― Կարդացե՛ք թուղթը, ― աղաղակում էին մարդիկ ու կանայք արտասվելով։ ― Նելեն քաջ է․ կարդացեք թուղթը․ Կատլինը կախարդ չէ։
― Եվ գրագիրը կարդաց․
«Հիլբերտին՝ որդի Վիլլեմ Ռիվիշի, ասպետին, Յոս Դամանը՝ ասպետ, հղում է ողջույն․
Օրհնյալ բարեկամ, այլևս փողդ մի՛ վատնիր խաղատներում՝ զար գցելու և այլ մեծ, կործանարար խաղերի վրա։ Ես քեզ հիմա կսովորեցնեմ, թե ինչպես կարելի է ապահով կերպով փող վաստակել։ Դառնանք սատանա, սիրուն սատանա՝ կանանցից ու աղջիկներից սիրված։ Ընտրենք գեղեցիկներին ու հարուստներին, հանգիստ թողնենք տգեղներին ու աղքատներին․ նրանք թող իրենք վճարեն իրենց հաճույքի համար։ Այս ձևով վեց ամսվա մեջ հինգ հազար ռիքսդելդեր վաստակեցի Գերմանիայում։ Կանայք իրենց շորերն ու շապիկներն էլ տալիս են իրենց մարդուն, երբ սիրում են նրան։ Հեռու կաց ձեռքը փակ ժլատներից, որոնք ուշ են վճարում իրենց հաճույքի համար։ Ինչ վերաբերում է քեզ՝ գեղեցիկ ու իսկական դև երևալու համար, եթե կանայք ընդունեն քեզ գիշերով, գալդ իմաց տուր որևէ գիշերային թռչունի պես սուլելով։ Եվ, որպեսզի իսկական դևի, ահարկու դևի կերպարանք ունենաս, դեմքիդ ֆոսֆոր քսիր, որը խոնավ ժամանակ փայլփլում է։ Նրա հոտը անախորժ է, բայց նրանք կկարծեն, թե դա դժոխքի հոտն է։ Ով որ քեզ խոչընդոտի՝ սպանիր, լինի դա տղամարդ, կին կամ անասուն։
Շուտով մենք միասին կգնանք Կատլինի մոտ, որ հեզաբարո ու գեղեցիկ կին է․ նրա աղջիկը՝ Նելեն, իմ զավակն է, եթե Կատլինն ինձ հավատարիմ է եղել․ նա հրապուրիչ է ու գողտրիկ։ Առանց դժվարության կտիրանաս նրան․ քեզ եմ տալիս նրան, որովհետև պետք չունեմ այդ ապօրինի զավակների, որոնց չես կարող վստահ ճանաչել որպես քո պտուղը։ Նրա մայրն արդեն տվել է ինձ ավելի, քան քսաներեք կառոլուս՝ իր ամբողջ ունեցածը։ Բայց նա թաքցնում է մի գանձ, որ եթե ես հիմար չեմ, ժառանգությունն է Դամմեում որպես հերետիկոս ողջակիզված Կլաասի․ յոթ հարյուր կառոլուս՝ ենթակա բռնագրավման։ Բայց բարի արքա Ֆիլիպը, որ իր հպատակներից այնքան մարդ խարույկի մատնեց նրանց ժառանգությունն ստանալու համար, չկարողացավ թաթը դնել այդ համեղ պատառի վրա։ Դա իմ քսակում ավելի կշիռ կունենա, քան նրա դրամարկղում։ Կատլինն ինձ կասի, թե ուր է այն․ և մենք կբաժանենք մեր մեջ։ Միայն թե մեծ մասը ես կստանամ հայտնաբերելու համար։
Գալով կանանց, քանի որ նրանք մեր խոնարհ ստրուկներն են և սիրահար ճորտերը, ապա կտանենք նրանց Գերմանիա, կսովորեցնենք դառնալ դևուի և սիրաթովել բոլոր հարուստ քաղքենիներին ու ազնվականներին։ Այդտեղ նրանց հետ կապրենք նրանց սիրո վճարով՝ գեղեցիկ ռիքսդելդերներ, թավիշ, մետաքս, ոսկի, մարգարիտ ու գոհարեղեն։ Եվ այդպես առանց նեղություն քաշելու կհարստանանք և այդ դևուհիներից ծածուկ կվայելենք ամենագեղեցիկ կանանց սերը և, ի վերջո, վարձատրություն էլ կստանանք դրա համար։ Բոլոր կանայք էլ հիմար են ու անխելք այն տղամարդու նկատմամբ, որը կարող է վառել սիրո հուրը, որ աստված դրել է նրանց գոտու մեջ։ Կատլինն ու Նելեն մյուսներից ավելի հիմար կլինեն և, հավատալով, որ մենք դև ենք՝ ամեն բանում կհնազանդվեն մեզ։ Քո անունը պահիր, բայց ամենևին չասես՝ հորդ անունը՝ Ռիվիշ։ Եթե դատավորը բռնի կանանց՝ մենք կթողնենք կհեռանանք, և կանայք, չիմանալով մեր ազգանունները՝ չպիտի կարողանան մատնել մեզ։ Դե հիմա դեպի համատեղ գործ, բարեկա՛մս։ Բախտը ժպտում է երիտասարդներին, ինչպես ասում էր հանգուցյալ նորին վսեմություն Կառլոս Հինգերորդը՝ սիրային և պատերազմական գործերի գերազանց վարպետը»։
Գրագիրն ընթերցումն ավարտեց ու ասաց․
― Այս է նամակը և ստորագրված է՝
«Յոս Դաման, ասպետ»։
Եվ ժողովուրդը աղաղակեց․
― Մա՛հ մարդասպանին։ Մա՛հ կախարդին։ Խարո՜ւյկ հանեցեք կանանց գայթակղողին։ Կախե՜լ ավազակին։
Այնժամ ավագ դատավորն ասաց․
― Լռություն, ժողովո՛ւրդ, թողեք, որ ամենայն անկաշկանդությամբ դատենք այս մարդուն։ ― Եվ դառնալով ատենակալներին՝ ասաց․
― Ես ուզում եմ ձեզ կարդալ երկրորդ նամակը, որ Նելեն գտել է Կատլինի տոնական զգեստի գրպանում։ Ահավասիկ․
«Անուշի՛կ վհուկ, ահա դեղատոմսը մի լուծույթի, որ ուղարկել է ինձ նույն ինքը՝ Լյուցիֆերի կինը։ Այդ լուծույթի օգնությամբ դու կարող ես փոխադրվել արևի, լուսնի և այլ աստղերի վրա, զրուցել նախնական ոգիների հետ, որոնք աստծուն են տանում մարդկանց աղոթքներ, և շրջել ողջ տիեզերքի բոլոր քաղաքները, ավանները, գետերը, մարգագետինները։ Հավասար քանակությամբ իրար խառնելով կխմես՝ stramonium, solanum somniferum, jusquiame, opium, թարմ կանեփի գագաթներ, beladonna և datura.
Եթե ցանկանաս՝ այս երեկո մենք կգնանք ոգիների շաբաթահանդես․ բայց պետք է ինձ ավելի սիրես և այլևս գծուծ չլինես, ինչպես անցած երեկոյան, երբ մերժեցիր ինձ տալ տաս ֆլորին՝ ասելով, թե չունես։ Ես գիտեմ, որ դու թաքցնում ես մի գանձ և չես ուզում ինձ ասել։ Ուրեմն ինձ այլևս չե՞ս սիրում, ջանի՛կս։
::::::::::Քո սառն դև՝
:::::::::::Հանսկե»
Մա՛հ կախարդին, ― աղաղակեց ժողովուրդը։
― Պետք է համեմատել երկու գրությունները, ― ասաց դատավորը։
Համեմատելուց հետո միանման հայտարարվեցին ձեռագրերը։
Այնժամ դատավորն ասաց ներկա եղող սինյորներին ու սեպուհներին․
― Ճանաչո՞ւմ եք այս մարդուն որպես տյար Յոս Դամանի՝ որդի Գենտի ատենակալի։
― Այո։
― Ճանաչեցի՞ք տյար Հիլբերտին՝ որդի Վիլլեմ Ռիվիշի, ասպետ։
Ազնվականներից մեկը, որ կոչվում էր վան դեր Զիքելեն, ասաց․
― Ես գենտցի եմ, իմ դաստակերտը սուրբ Միքայելի հրապարակի վրա է։ Ես ճանաչում եմ Վիլլեմ Ռիվիշին՝ ասպետ, Գենտի ատենակալ։ Տասնհինգ տարի առաջ նա կորցրեց իր քսաներեք տարեկան որդուն, որ անառակ էր, խաղամոլ, անբան։ Բայց ամեն ոք ներում էր նրան՝ իր երիտասարդության պատճառով։ Այդ օրվանից հետո ոչ ոք լուր չունի նրանից։ Ես ուզում եմ տեսնել հանգուցյալի սուրը, դաշույնը, քսակը։
Եվ երբ տեսավ դրանք՝ ասաց․
― Սուրը և դաշույնը կոթի ագուցիչի վրա կրում են Ռիվիշների տոհմանշանը՝ երեք արծաթագույն ձուկ կապուտակ ֆոնի վրա՝ քսակի օղացանցերի մեջ։ Այս մյուսն ի՞նչ դաշույն է։
― Սա այն դաշույնն է, ― ասաց դատավորը, որ գտնվեց Հիլբերտ Ռիվիշի՝ Վիլլեմի որդու սրտի մեջ խրված։
― Դրա վրա ես տեսնում եմ, ― ասաց սինյորը, ― Դամանների տոհմանշանը՝ վարդագույն աշտարակ արծաթագույն ֆոնի վրա։ Աստված ու բոլոր սրբերն ինձ օգնական։
Մյուս ազնվականներն էլ ասացին․
― Մենք ճանաչում ենք հիշյալ տոհմանշանները որպես Ռիվիշի ու Դամանների։ Աստված և բոլոր սրբերը մեզ օգնական։
Այնժամ դատավորն ասաց․
― Ըստ ատենակալների դատարանի լսած ու կարդացած ապացույցները, տյար Յոս Դամանը կախարդ է, մարդասպան, կանանց ցնորեցնող, արքայի ունեցվածքը հափշտակող, և որպես այդպիսին՝ հանցագործ՝ նորին աստվածային և մարդկային վսեմությունների հանդեպ կատարած ոճիրների։
― Դուք այդ ասում եք, տյա՛ր դատավոր, ― առարկեց Յոսը, ― բայց չեք կարող ինձ դատապարտել՝ բավականաչափ ապացույցներ չլինելու պատճառով․ ես երբեք կախարդ չեմ և չեմ եղել, այլ միայն դև եմ ձևացել։ Գալով իմ փայլուն դեմքին՝ դուք արդեն գիտեք դրա և օծանակի դեղգիրը, որը թեև jusquiame՝ թունավոր բույսն է պարունակում, բայց պարզապես թմրեցուցիչ է։ Երբ այս կինը, որ իսկական կախարդ է, խմում էր դրանից, քունը տանում էր և նրան թվում էր, թե գնում է դևերի գիշերաժողով, շաբաթահանդես, շուրջպար էր բռնում այնտեղ՝ դեմքը դարձրած շրջանից դուրս, և պաշտում է խորանի վրա կանգնած և նոխազի կերպարանք ունեցող մի սատանայի։ Երբ շրջապտույտը վերջանում էր՝ նրան թվում էր, թե գնում ու համբուրում է նոխազի պոչի տակը, ինչպես կախարդներն են անում, որպեսզի դրանից հետո ինձ՝ իր բարեկամի հետ անձնատուր լիներ տարօրինակ մերձավորությունների, որ հաճո էին նրա արտառոց մտքին։ Եթե, ինչպես նա է ասում, իմ թևերն ու մարմինը սառն էին, ապա դա երիտասարդության, և ոչ թե կախարդանքի նշան է։ Սիրո գործերում թարմությունը տևական չէ։ Բայց Կատլինը ցանկացավ հավատալ այն բանին, ինչ ցանկանում էր, և ինձ ընդունել սատանայի տեղ, թեև ես կազմված եմ մսից ու ոսկորից, մարդ եմ՝ բոլորիդ պես, որ նայում եք ինձ։ Միայն նա է հանցավոր․ ինձ դնելով սատանայի տեղ և ընդունելով իր ծոցը՝ նա դիտմամբ ու գործով մեղանչեց աստծու և սուրբ հոգու դեմ։ Ուրեմն նա է, և ոչ թե ես, որ կախարդանքի հանցանք է գործել, ուստի նա ենթակա է կրակ նետվելու որպես կատաղած ու չարամիտ կախարդ, որն ուզում է խելագար ցույց տալ իրեն, որպեսզի իր չարամտությունը սքողի։
― Լսո՞ւմ եք այդ մարդասպանին, ― գոչեց Նելեն։ ― Նա վարվել է ծախու աղջկա պես, որ թևի վրա կրում է իր արհեստի և սիրո ապրանքի նշանը՝ շրջանակը։ Լսո՞ւմ եք դրան․ իր գլուխն ազատելու համար ուզում է վառել տալ այն կնոջը, որն իր ամբողջ ունեցածն է տվել նրան։
― Նելեն չարասիրտ է, նրան մի՛ լսի, Հա՛նս, սիրելիս, ― ասաց Կատլինը։
― Ոչ, ― ասաց Նելեն, ― դու մարդ չես, դու դաժան ու երկչոտ սատանա ես։ ― Եվ գրկելով Կատլինին՝ գոչեց․ ― Պարոնայք դատավորներ, մի՛ լսեք այդ դժգույն սատանային․ նա միայն մի ցանկություն ունի՝ տեսնել իմ մոր վառվելը, մի կին, որ այլ հանցանք չունի, եթե ոչ աստծու տված խելագարության պատիժը և իր երազների ուրվականներն իրական կարծելը։ Նա արդեն շատ է տառապել թե՛ մարմնով, թե՛ հոգով։ Մի՛ մեռցնեք նրան, պարոնայք դատավորներ։ Թողեք, որ այդ անմեղ արարածը խաղաղ ապրի իր տխուր օրերը։
Իսկ Կատլինն ասում էր․
― Նելեն չար է, չպետք է հավատալ նրան, Հա՛նս, անուշի՛կս։
Իսկ բազմության մեջ լալիս էին կանայք, տղամարդիկ ասում․
― Ներո՜ւմ Կատլինին։
Դատավորն ու ատենակալները վճիռ արձակեցին Յոս Դամանի վերաբերյալ՝ ըստ նրա խոստովանության, որ նա արեց նոր չարչարանքներից հետո։ Նա դատապարտվեց ազնվականությունից զրկվելու և ողջ֊ողջ այրվելու մարմանդ կրակի վրա՝ մինչև մահը վրա հասնի, և մահապատիժը կրեց հաջորդ օրը, համայնքի տան դարպասների առաջ՝ շարունակ կրկնելով․ «Մեռցրեք կախարդ Կատլինին, միայն նա է հանցավոր․ անիծյալ լինի աստված․ հայրս կսպանի դատավորներին»։ Եվ հոգին փչեց։
Եվ ժողովուրդն ասում էր․
― Նայեցեք այդ անիծողին ու աստվածանարգին․ շան պես է մեռնում։
Հաջորդ օրը դատավորն ու ատենակալները վճիռ արձակեցին Կատլինի վերաբերյալ՝ դատապարտելով ենթարկել ջրի փորձին, Բրյուգգեի ջրանցքի մեջ։ Եթե մնար ջրի երեսը՝ պետք է վառվեր որպես կախարդ, եթե սուզվեր ու մեռներ՝ դիտվելու էր որպես քրիստոնեաբար մահացած, և իբրև այդպիսին՝ թաղվելու էր եկեղեցու այգում, որ գերեզմանատունն է։
Մյուս օրը մոմ բռնած, ոտաբոբիկ և սև քաթանե շապիկ հագած՝ Կատլինին տարան մինչև ջրանցքի ափը, ծառերի շարքի միջով, մեծ թափորով։ Նրա առջևից մեռելոց աղոթքներ երգելով գնում էին Աստվածամոր տաճարի ավագերեցը, նրա փոքրավորները, ժամհարը՝ խաչը բռնած, համայնքի պահակազորը, Դամմեի ավագ դատավորը, ատենակալները, գրագիրները, ավագ սպան, դահիճն ու նրա երկու օգնականները։ Ջրանցքի զույգ ափին լացող կանանց և փնթփնթացող տղամարդկանց մեծ բազմություն կար․ նրանք կարեկցում էին Կատլինին, որ քայլում էր այն գառնուկի պես, որ թույլ է տալիս տանեն իրեն՝ չիմանալով ո՛ւր է գնում, և շարունակ կրկնում էր․
― Հանեցեք կրակը, գլուխս վառվում է։ Հա՛նս, ուր ես դու։
Նելեն կանգնած կանանց մեջ գոչում էր․
― Ուզում եմ, որ ինձ էլ գցեն նրա հետ։
Բայց կանայք չէին թողնում, որ նա մոտենա Կատլինին։
Սուր քամի էր փչում ծովից․ գորշ երկնքից մանր կարկուտ էր թափվում ջրանցքի ջրերի մեջ․ այդտեղ մի նավակ կար, որը դահիճն ու օգնականները վերցրին հանուն նորին արքայական վսեմության։ Նրանց հրամանի վրա Կատլինն իջավ նավակը։ Դահիճը կանգնած էր նավակի մեջ և բռնել էր Կատլինին։ Ավագ սպան արդարադատության իր ձողը բարձրացնելով նշան տվեց և դահիճը Կատլինին շպրտեց ջրանցքը․ նա սկսեց պայքարել, բայց դա երկար չտևեց, և սուզվեց գոչելով․ «Հա՛նս, Հա՛նս, օգնի՜ր»։
Եվ բազմությունն ասում էր․
― Այս կինը կախարդ չէ։
Մարդիկ նետվեցին ջրանցքը և հանեցին Կատլինին՝ ուշքը կորցրած և մեռելի պես փետացած։ Ապա նրան տարան մի գինետուն ու դրին թեժ օջախի առաջ․ Նելեն հանեց նրա շորերը և թրջված սպիտակեղենը՝ չորը հագցնելու համար։ Երբ նա ուշքի եկավ, դողդողալով ու ատամները կափկափելով ասաց․
― Հա՛նս, մի բրդե վերարկու տուր ինձ։
Եվ Կատլինը չկարողացավ տաքանալ։ Երրորդ օրը նա մեռավ։ Նրան թաղեցին եկեղեցու այգում։
Եվ որբացած Նելեն գնաց Հոլանդիա՝ Ռոզա վան Աուվեգեմի մոտ։
===VII===
Զելանդական առագաստանավերի, այլ մեծ ու փոքր նավերի վրա ընթանում է Թիլ Կլաաս Ուլենշպիգելը։
Ազատ ծովի վրա սուրում են աներկյուղ նավերը, որոնց վրա կա ութ, տասը կամ քսան չուգունե թնդանոթ՝ սրանք մահ ու կոտորած են ժայթքում իսպանական դավաճանների վրա։
Նա փորձված թնդանոթաձիգ է՝ Թիլ Ուլենշպիգելը, Կլաասի որդին։ Պետք է տեսնել, թե ինչպես է նա ճիշտ ուղղում, ստույգ նշան բռնելով ծակում դահիճների նավերը՝ կարագե պատի պես։
Նրա թաղիքե գլխարկի վրա արծաթե կիսալուսին կա՝ հետևյալ մակագրությամբ․ Liever den Turc den Paus ― Ավելի շուտ թուրքին կծառայեմ, քան թե պապին։
Նավաստիները տեսնելով, թե ինչպես է նա բարձրանում իրենց նավերը՝ կատվի պես թեթևաշարժ, սկյուռի պես ճկուն, որևէ երգ երգելով, որևէ զվարճալի բան ասելով՝ հետաքրքրությամբ հարցնում են․
― Ինչի՞ց է, փոքրիկ մարդ, որ դու այդքան երիտասարդ տեսք ունես, քանի որ ասում են, թե վաղուց է, ինչ ծնվել ես Դամմեում։
― Ես մարմին չեմ, այլ ոգի, ― ասում է նա, ― և Նելեն իմ բարեկամուհին նման է ինձ։ Ֆլանդրիայի ոգին, Ֆլանդրիայի սերը․ մենք երբեք չենք մեռնի։
― Այնուամենայնիվ, երբ կտրվում է մարմինդ, արյուն է գալիս, ― ասացին նրանք։
Ձեզ է այդպես երևում, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Դա գինի է, և ոչ թե արյուն։
― Շամփուր կխրենք փորիդ մեջ։
― Դատարկվելիս ես մենակ կմնամ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Ծիծաղում ես մեզ վրա։
― Դափ ածողը թմբուկի ձայն կլսի, ― ասաց Ուլենշպիգելը։
Եվ կաթոլիկական թափորների ասեղնակար խաչվառները փողփողում էին նավերի կայմերի վրա։ Եվ գյոզերը՝ հագած թավիշ, դիպակ, մետաքս, ոսկեկար ու արծաթակար մահուդներ, ինչպես աբբաներն են զգեստավորում հանդիսավոր պատարագների ժամանակ, գլուխներին խույր դրած և ցուպ բռնած՝ խմում էին վանականների գինին ու պահակում նավերի վրա։
Եվ տարօրինակ տեսարան էր բացվում, երբ այդ փարթամ հագուստների միջից դուրս էին գալիս կոշտ ձեռքեր՝ բռնած հրահար կամ աղեղ, սակր կամ տեգ, և բոլորն էր խիստ կերպարանքով, դրսից կապած ատրճանակներ և արևից շողշողացող դաշույններ, ոսկե սկիհներով խմելով աբբայական գինին, որ դարձել էր ազատության գինի։
Եվ նրանք երգում էին ու աղաղակում․ «Կեցցե՜ն գյոզերը»․ և այդպես չափչփում էին օվկիանոսն ու Շելդան։
===VIII===
Այդ ժամանակ գյոզերի այն խումբը, որոնց հետ էին Լամմեն և Ուլենշպիգելը, գրավեց Գորկումը։ Նրանց հրամանատարն էր կապիտան Մարինը։ Այս Մարինը, որ առաջ ամբարտակ շինող բանվոր էր, սիգում էր մեծամիտ ու ինքնագոհ։ Գորկումը պաշտպանող Գասպար Թուրքի հետ նա ստորագրեց անձնատվության պայմանագիրը, ըստ որի Թուրքը, վանականները, քաղաքացիները և միջնաբերդում փակված զինվորները կարող էին ազատ դուրս գալ հրացանն ուսին, գնդակը փողին, և այն ամենով, ինչ կարող էին կրել, բացի եկեղեցիների գույքից, որ մնալու էր պաշարողներին։
Բայց կապիտան Մարինը տյար դը Լյումենից ստացած մի հրամանով գերի պահեց տասներեք վանականներին և ազատ թողեց քաղաքացիներին ու գուգազներին։
Եվ Ուլենշպիգելն ասաց․
― Զինվորի խոսքը ոսկի խոսք պետք է լինի։ Ինչո՞ւ սա չի հարգում իր խոսքը։
Մի ծեր գյոզ պատասխանեց Ուլենշպիգելին․
― Վանականները սատանայի որդիներն են, ազգերի բորը, երկրների ամոթը։ Ալբայի դքսի գալուց հետո սրանք քթները տնկել են Գորկոմում։ Դրանց մեջ կա մեկը՝ տեր Նիկոլան, որ սիրամարգից ավելի պարծենկոտ է, վագրից ավելի վայրագ։ Ամեն անգամ, որ անցնում էր փողոցից իր մասնատուփով, որի մեջ պահում էր շան ճարպով պատրաստած հաղորդը, զայրալից աչքերով նայում էր այն տներին, որտեղից կանայք չէին դուրս գալիս ծունկ չոքելու, և դատավորին մատնում էր այն մարդկանց անունները, որոնք ծունկ չէին ծալում խյուսից և ոսկեզօծ պղնձից շինված իր կուռքի առաջ։ Մյուս վանականները նմանվում էին սրան։ Դա պատճառ դարձավ բազմաթիվ ծանր թշվառությունների և դաժան պատիժների Գորկում քաղաքում։ Կապիտան Մարինը լավ է անում, որ վանականներին գերի է պահում, ապա թե ոչ իրենց նմանների հետ կգնային գյուղերը, քաղաքները, ավաններն ու գյուղաքաղաքները՝ քարոզելու մեր դեմ՝ գրգռելով ժողովրդին և վառել տալով խեղճ ռեֆորմիստներին։ Շներին շղթայակապում են, մինչև որ տրաքվեն․ շղթայե՛լ վանականներին, շղթայե՛լ bloedhonde֊ներին՝ դքսի արյունռուշտ շներին, վանդակե՛լ դահիճներին։ Կեցցե՜ն գյոզերը։
― Բայց, ― առարկեց Ուլենշպիգելը, ― Օրանժի տերը, ազատության մեր իշխանը ուզում է, որ հարգենք անձնատուր եղողների անձնական գույքը և խղճի ազատությունը։
Ծեր գյոզերը պատասխանեցին․
― Ծովակալն այդ բանը չի վերապահում վանականներին․ նա էլ իշխան է, գրավել է Բրիլը։ Վանդա՛կ կոխել վանականներին։
― Զինվորի խոսքը ոսկի խոսք է․ ինչո՞ւ է դրժում իր խոսքը, ― վրա բերեց Ուլենշպիգելը։ ― Բանտում արգելափակված վանականները ծաղրուծանակի են ենթարկվում։
― Աճյունն այլևս չի բախում սրտիդ, ― ասացին նրանք։ ― Հարյուր հազարավոր ընտանիքներ հրովարտակների պատճառով տարել են այնտեղ՝ հյուսիս֊արևմուտք, Անգլիա, նույնպես մեր արհեստները, ճարտարարվեստը, մեր երկրի հարստությունը։ Դե ե՛կ ու խղճա նրանց, որոնք ավերման մատնեցին մեր երկիրը։ Կառլոս V կայսրից՝ Դահիճ I֊ից սկսած մինչև այս արյունարբու թագավորի՝ Դահիճ II֊ի օրերը հարյուր տասնութ հազար մարդ է զոհվել տանջարաններում։ Ո՞վ է հուղարկավորության մոմերը տարել մահացման ու արցունքների միջով․ ― իսպանական գուգազներն ու վանականները։ Միթե չե՞ս լսում մահացածների հոգիների տրտունջը։
― Աճյունը բախում է սրտիս, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Բայց զինվորի խոսքը ոսկի խոսք է։
― Ո՞վ, ուրեմն, բանադրանքի միջոցով ուզեց մեր երկիրը վտարել ազգերի շարքից, ― ասացին նրանք։ ― Ո՞վ մեր դեմ կզիներ, եթե կարողանար, երկիրն ու երկինքը, աստծուն ու սատանային, և սրբերի ու սրբուհիների նրանց խիտ հրոսախմբերը։ Ո՞վ եզան արյունով շաղախեց հաղորդը, ո՞վ ստիպեց փայտե արձաններին լաց լինել։ Ով De profundis<ref>Ի խորոց կարդամք ― ապաշխարության սաղմոսներից մեկի առաջին բառերը (լատ․)։</ref> երգել տվեց մեր հայրերի երկրում, եթե ոչ այդ անիծյալ կղերականությունը, պարապ֊սարապ վանականների այդ հորդաները՝ պահպանելու համար իրենց հարստութունը, իրենց ազդեցությունը կուռքեր պաշտողների վրա, և ավերածության, արյան ու կրակի միջոցով իշխելու մեր խեղճ երկրի վրա։ Վանդա՛կ գցել մարդկանց վրա խոյացող գայլերին, վանդա՛կ գցել բորենիներին։ Կեցցե՜ն գյոզերը։
― Զինվորի խոսքը ոսկի խոսք է, ― կրկնեց Ուլենշպիգելը։
Հետևյալ օրը տյար դը Լյումենի կողմից սուրհանդակ եկավ և բերեց հրաման՝ տասնինը գերի վանականներին Գորկումից տեղափոխել Բրիլ, ուր գտնվում էր ծովակալը։
― Կկախեն նրանց, ― ասաց կապիտան Մարինն Ուլենշպիգելին։
― Քանի ես կենդանի եմ՝ ոչ, ― պատասխանեց նա։
Որդյա՛կս, ― ասաց Լամմեն, ― այդպես մի՛ խոսիր տյար դը Լյումենի հետ։ Նա վայրագ է և քեզ նրանց հետ կախել կտա առանց գթալու։
― Ես կխոսեմ այն, ինչ ճշմարտությունն է պահանջում, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Զինվորի խոսքը ոսկի խոսք է։
― Եթե կարող ես փրկել նրանց, ― ասաց Մարինը, ― դրանց նավը տար մինչև Բրիլ։ Վերցրու քեզ հետ ղեկակալ Ռոխուսին և քո բարեկամ Լամմեին՝ եթե ուզում ես։
― Ուզում եմ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
Նավը քաշվեց կապվեց Կանաչ քարափին և տասնինը վանականները նստեցին մեջը․ Ռոխոս երկչոտը նշանակվեց ղեկի մոտ, իսկ Ուլենշպիգելն ու Լամմեն՝ լավ զինված՝ տեղավորվեցին առաջամասում։ Մի քանի անպիտան գուգազ, որ մտել էին գյոզերի շարքերը կողոպուտի համար, գտնվում էին վանականների մոտ, որոնք քաղցած էին։ Ուլենշպիգելը ուտելիք ու խմիչք տվեց նրանց։ «Սա դավաճանելու է», ― ասում էին անպիտան գուգազները։ Տասնինը վանականները, որ նստած էին մեջտեղը, սրբակրոն տեսք ունեին և դողդողում էին, թեև հուլիս ամիսն էր, պայծառ և տաք արև կար, և մեղմ քամին ուռեցնում էր կանաչ այլակների վրա սահող տռզած նավի առագաստները։
Այնժամ հայր Նիկոլան ասաց ղեկակալին․
― Ռոխո՛ւս, մեզ Կախաղանների դա՞շտն են տանում։ ― Ապա դառնալով դեպի Գորկում և կանգնելով ու ձեռքերը տարածելով ասաց․ ― Ո՜վ Գորկում քաղաք, որքա՜ն աղետներ ես կրելու․ անիծյալ կլինես ի միջի քաղաքոց, քանի որ պատերիդ մեջ աճեցրիր հերետիկոսության հատիկը։ Ո՜վ Գորկում քաղաք, աստծու հրեշտակն այլևս չի հսկի քո դարպասների վրա։ Այլևս նա չի պահպանի քո կույսերի անարատությունը, քո մարդկանց մղի քաջության, քո վաճառականներին՝ բարգավաճման։ Ո՜վ Գորկում քաղաք, անիծյալ ես դու, դժբա՛խտ։
― Անիծյալ, անիծյալ, ― վրա բերեց Ուլենշպիգելը, ― անիծյալ այն սանրի պես, որ սանրեց ու դուրս բերեց իսպանական ոջիլներին, անիծյալ՝ շղթան փշրող շան նման, իր վրայից խստաբարո հեծելակին ցած գցող հպարտ ձիու պես։ Անիծյալը հենց ինքդ ես, տխմա՛ր քարոզիչ, որ վատ ես համարում, երբ տեսնում ես, որ ձողը թեկուզ երկաթից լինի, ջարդում են բռնակալների մեջքի վրա։
Վանականը լռեց և խոնարհելով աչքերը՝ ասես թաղվեց բարեպաշտական ատելության մեջ։
Կողոպուտի համար գյոզերի շարքերը մտած գուգազները վանականների մոտ էին, որոնք քիչ անց քաղցածացան։ Ուլենշպիգելը պաքսիմտ ու տառեխ պահանջեց նրանց համար․ նավի տերը պատասխանեց․
― Թող դրանց գցեն Մաասը․ թարմ տառեխ կուտեն այնտեղ։
Այնժամ Ուլենշպիգելը վանականներին տվեց իր և Լամմեի համար ունեցած ամբողջ հացը և երշիկը։ Նավի տերը և անպիտան գուգազներն իրար ասացին․
― Դավաճան է սա, սնուցանում է վանականներին․ պետք է հայտնել այդ մասին։
Դորդրեխտում նավը կանգ առավ Bloemenkey֊ի Ծաղիկների քարափի կայանում․ մարդ, կին, տղա ու աղջիկ խուռներամ վազեցին եկան՝ տեսնելու վանականներին, և մատնացույց անելով կամ բռունցք թափ տալով ասում էին․
― Մի տեսեք այդ աստվածաշեն բռիներին, որոնք մարմինն առաջնորդում են դեպի խարույկը, իսկ հոգին՝ դեպի հավիտենական հուրը։ Մի տեսեք այդ չաղ վագրերին և ցմփոր շնագայլերին։
Վանականները խոնարհում էին գլուխները և չէին համարձակվում խոսել։ Ուլենշպիգելը տեսավ, որ նրանք նորից դողում են։
― Մենք դարձյալ քաղցածացանք, ― ասացին նրանք, ― ո՜վ կարեկից գուգազ։
Բայց նավի տերը վրա բերեց․
― Ո՞ւմ ծարավն է անհագ։ Մրկած ավազի։ Ո՞վ է անվերջ ուտում։ Վանականը։
Ուլենշպիգելը գնաց քաղաք և հաց, խոզապուխտ ու մի մեծ աման գարեջուր բերեց նրանց։
― Կերեք ու խմեք, ― ասաց նա։ ― Դուք մեր գերիներն եք։ Եթե կարողացա՝ ձեզ կփրկեմ։ Զինվորի խոսքը ոսկի խոսք է։
― Ինչո՞ւ ես ուտելիք տալիս դրանց։ Մեկ է՝ քեզ չեն վճարի, ― ասացին անպիտան գյոզերը և կամացուկ իրար ականջի փսփսացին․ ― Խոստացել է ազատել դրանց․ լավ պահպանեք սրան։
Լուսաբացին հասան Բրիլ։ Երբ դարպասները բացին նրանց առաջ, մի voetlooper (լրատար) գնաց հայտնելու տյար Լյումեին նրանց ժամանումը։
Հենց որ նա ստացավ այդ լուրը, հազիվ մի կերպ հագնված՝ նստեց ձին ու մի քանի ձիավորների ու զինված հետևակների հետ նավ եկավ։
Եվ Ուլենշպիգելը կարողացավ նորից տեսնել վայրագ ծովակալին՝ առատության մեջ ապրող հպարտ սինյորի պես հագնված։
― Ողջույն, ― ասաց նա, ― տյա՛րք վանականներ։ Բարձրացրեք ձեռքներդ։ Ո՞ւր է պարոնայք Էգմոնտի և Հոորնի արյունը։ Սպիտակ թաթեր եք ցույց տալիս ինձ․ այդ նման է ձեզ։
Լեոնար անունով մի վանական պատասխանեց․
― Ինչ ուզում ես մեզ արա։ Մենք վանական ենք․ ոչ ոք մեզ օգնության չի գա։
― Ճիշտ ասաց, ― նկատեց Ուլենշպիգելը, ― որովհետև երբ վանականը կապը խզում է աշխարհից, որը հայր ու մայր, քույր է ու եղբայր, կին է ու բարեկամուհի, աստծու ժամին ոչ ոք չի գտնում, որ օգնի նրան։ Այնուամենայնիվ, Ձերդ գերազանցություն, ես ուզում եմ օգնել սրանց։ Կապիտան Մարինը Գորկումի անձնատվության պայմաններն ստորագրելիս համաձայնեց, որ վանականները ազատ կլինեն, ինչպես այն ամենքը, որոնց բռնեցին միջնաբերդում և որոնք դուրս եկան այդտեղից։ Այնուամենայնիվ նրանց առանց պատճառի պահեցին այդտեղ որպես գերի, ուզում եմ ասել, որ դրանց կկախեն։ Տե՛ր իմ, խոնարհաբար դիմում եմ ձեզ և խնդրում գթալ նրանց, որովհետև գիտեմ, որ զինվորի խոսքը ոսկի խոսք է։
― Ո՞վ ես դու, ― հարցրեց դը Լյումեն։
― Տեր իմ, ես ֆլամանդացի եմ՝ Ֆլանդրիայի գեղեցիկ երկրից, գեղջուկ, ազնվական, բոլորը միասին, և այսպես ման եմ գալիս աշխարհում՝ գովելով լավ ու բարի բաները և ամբողջ կոկորդով ծիծաղելով հիմարությունների վրա։ Եվ ուզում եմ ձեզ էլ գովել՝ եթե դուք հարգեք կապիտանի տված խոստումը։ Զինվորի խոսքը ոսկի խոսք է։
Բայց նավում եղած անպիտան գյոզերն ասացին․
― Տե՛ր, սա դավաճան է․ խոստացել է նրանց ազատել․ հաց, խոզապուխտ, երշիկ, գարեջուր է տվել նրանց, իսկ մեզ՝ ոչինչ։
Այնժամ տյար դը Լյումեն ասաց Ուլենշպիգելին․
― Զբոսնող և վանականներին կերակրող ֆլամանդացի՛, դու էլ կկախվես նրանց հետ։
― Ամենևին չեմ վախենում, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― զինվորի խոսքը ոսկի խոսք է։
― Այս էլ քո աքլորանալու հետևանքը, ― ասաց դը Լյումեն։
― Աճյունը բախում է սրտին, ― ասաց Ուլենշպիգելը։
Վանականներին տարան մի մարագ՝ Ուլենշպիգելին էլ նրանց հետ․ այդտեղ նրանք փորձեցին Ուլենշպիգելին դարձի բերել աստվածաբանական փաստարկումներով, բայց նրանց լսելիս Ուլենշպիգելի քունը տարավ և քնեց։
Տյար դը Լյումեն նստել էր գինով ու մսով լեցուն սեղանի առաջ, երբ Գորկումից կապիտան Մարինի կողմից մի սուրհանդակ եկավ Լռակյացի՝ Օրանժի իշխանի, նամակի պատճենով․ իշխանը հրամայում էր «քաղաքների և այլ վայրերի բոլոր կառավարիչներին՝ եկեղեցականներին պահել նույնպիսի անվտանգության, ապահովության և առանձնաշնորհման մեջ, ինչպես որ մնացած ժողովրդին»։
Սուրհանդակը խնդրեց, որ իրեն տանեն դը Լկումենի մոտ, որպեսզի նրա սեփական ձեռքը հանձնի նամակի պատճենը։
― Ո՞ւր է բնագիրը, ― հարցրեց դը Լյումեն։
― Իմ տիրոջ՝ Մարինի մոտ է, ― պատասխանեց սուրհանդակը։
― Եվ այդ գեղջուկն ինձ ուղարկում է պատճե՛նը, ― գոչեց դը Լյումեն։ ― Ո՞ւր է քո անցագիրը։
― Հրամեցեք, տե՛ր իմ, ― ասաց սուրհանդակը։
Տյար դը Լյումեն կարդաց բարձրաձայն․
«Տյար և պարոն Մարին Բրանդը կարգադրում է հանրապետության բոլոր պաշտոնատարներին, կառավարիչներին ու սպաներին, որ թույլ տան ապահով անցնելու․․․»
Դը Լյումեն բռունցքը խփելով սեղանին և պատառոտելով անցագիրը՝ ասաց․
― Տե՜ր աստված, ինչի՞ է խառնվում այդ Մարինը, այդ գջլոտը, որ Բրիլի գրավումից առաջ չէր կարող անգամ ձկան փուշ գտնել ատամի տակ դնելու համար։ Իրեն մեծարում է տյար և պարոն, ինձ էլ հրամաններ է ուղարկում, կարգադրո՜ւմ է ու հրամայո՜ւմ։ Ասա քո տիրոջը՝ քանի որ նա այդքան կապիտան է ու տեր, կարգադրող ու հրամայող, հենց դրա համար էլ վանականները անմիջապես կարճ ու կտրուկ կկախվեն՝ դու էլ նրանց հետ, եթե փասափուսեդ իսկուն չհավաքես։
Եվ ոտքի մի հարված շնորհելով նրան՝ սրահից դուրս հանել տվեց։
― Գինի՜, ― գոռաց նա։ ― Տեսա՞ք այդ Մարինի հանձնապաստանությունը։ Այնքան կատաղել եմ, որ կերածս հիմա հետ կտամ։ Անմիջապես կախել վանականներին իրենց մարագում և թափառիկ ֆլամանդացուն բերել ինձ մոտ՝ նրանց մահապատիժը տեսնելուց հետո։ Գրո՛ղը տանի, ի՞նչ գործ ունեն այստեղ ամաններն ու բաժակները։
Եվ ահագին աղմուկով ջարդեց թասերն ու պնակները, և ոչ ոք չէր համարձակվում մի խոսք ասել նրան։ Սպասավորներն ուզեցին հավաքել կտորտանքը, բայց նա թույլ չտվեց և սկսեց խմել առանց չափ ու սահմանի, է՛լ ավելի մոլեգնեց, սկսեց մեծաքայլ գնալ ու գալ, փշրել բեկորները, ոտքով տրորել։
Ուլենշպիգելին բերեցին նրա հրամանով․
― Հը՛, վանական բարեկամներիցդ ի՞նչ լուր ես բերել, ― ասաց նա։
― Կախեցին նրանց, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― և մի ցածոգի դահիճ, որ շահախնդրաբար է սպանում, մեռնելուց հետո բացեց նրանցից մեկի փորն ու կողերը, ինչպես մի մորթված խոզի, որպեսզի ճարպը ծախի դեղագործին։ Զինվորի խոսքն այլևս ոսկի խոսք չէ։
Դը Լյումեն տրորելով պնակների կտորտանքները՝ ասաց․
― Դու հոխորտում ես իմ առաջ, անպիտան չորքոտանի, բայց դու էլ կկախվես՝ ո՛չ թե մարագում, այլ խայտառակ կերպով, հրապարակում, ամբողջ ժողովրդի առջև։
― Ամոթը ձեզ, ― ասաց Ուլենշպիգելը, ― զինվորի խոսքն այլևս ոսկի չէ։ Ավելի շուտ պատժիր անպիտաններին, մարդու ճարպ ծախողներին։
Դրա վրա դը Լյումեն հարձակվելով նրա վրա՝ ձեռքը բարձրացրեց խփելու համար։
― Զա՛րկ, ― ասաց Ուլենշպիգելը, ― ես քո գերին եմ, բայց երբեք չեմ վախենում քեզնից։ Զինվորի խոսքն այլևս ոսկի խոսք չէ։
Այնժամ տյար դը Լյումեն քաշեց իր սուրը և անկասկած կսպաներ Ուլենշպիգելին, եթե տյար Լողլողը բռնելով նրա բազուկը չասեր․
― Խղճա՛․ նա քաջ է ու արիասիրտ և ոչ մի հանցանք չի գործել։
Դը Լյումեն միտքը փոխեց և ասաց․
― Թող ներողություն խնդրի ինձնից։
Բայց Ուլենշպիգելը մնալով կանգնած՝ ասաց․
― Չեմ խնդրի։
― Գոնե թող ասի, որ չեմ սխալվել, ― գոչեց դը Լյումեն կատաղելով։
― Ես երբեք չեմ լիզում մեծատունների ոտքերը։ Զինվորի խոսքն այլևս ոսկի խոսք չէ։
― Անմիջապես կախաղան կանգնեցրեք և տարեք դրան․ դա նրա համար կլինի կանեփի խոսք, ― ասաց դը Լյումեն։
― Այո, ― ասաց Ուլենշպիգելը, ― և ամբողջ ժողովրդի առջև ես կգոռամ քո երեսին, որ զինվորի խոսքն այլևս ոսկի խոսք չէ։
Կախաղանը կանգնեցվեց Մեծ շուկայում։ Իսկույն լուր տարածվեց քաղաքում, որ կախելու են Ուլենշպիգելին՝ արիասիրտ գյոզին։ Եվ ժողովուրդը հուզվեց կարեկցությունից ու գթասրտությունից։ Եվ խառներամ վազեց Մեծ շուկան։ Տյար դը Լյումեն էլ ձիով եկավ այնտեղ՝ ուզում էր անձամբ մահապատժի նշան անել։
Անհամբույր հայացքով նա նայեց ելարանի վրա կանգնած Ուլենշպիգելին, որ սպիտակեղենով էր, ձեռքերը կապված էին մարմնին, պարանը վզին, կողքին էլ դահիճը՝ պատրաստ կատարելու իր գործը։
Լողլողը մոտեցավ դը Լյումեին․
― Տե՛ր իմ, ներեցեք նրան։ Նա դավաճան չէ։ Եվ ոչ ոք երբևէ չի տեսել, որ կախեն մի մարդու միայն անկեղծ ու կարեկից լինելու համար։
Եվ ժողովուրդը, տղամարդ, թե կին, լսելով Լողլողի խոսքերը գոչեցին․
― Գթացե՜ք տե՛ր, ներեզե՜ք Ուլենշպիգելին։
― Այս հաստագլուխը հոխորտաց ինձ վրա, ― ասաց դը Լյումեն, ― թող ուրեմն, զղջա և ասի, որ լավ արի։
― Ուզո՞ւմ ես զղջալ և ասել, որ նա լավ է արել, ― հարցրեց Լողլողը Ուլենշպիգելին։
― Զինվորի խոսքն այլևս ոսկի խոսք չէ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Գցե՛ք պարանը, ― գոչեց դը Լյումեն։
Դահիճը պատրաստվում էր հնազանդվել, երբ մի մանկահասակ աղջիկ՝ ամբողջովին սպիտակ հագած և ծաղկեպսակ ձեռքին՝ խենթի պես բարձրացավ կառափնարանի աստիճանները, փաթաթվեց Ուլենշպիգելի վզին ու ասաց․
― Այս մարդն իմն է․ առնում եմ ինձ ամուսին։
Ժողովուրդն սկսեց ծափ տալ, կանայք բացականչեցին․
― Կեցցե՜, կեցցե՜ աղջիկը, որ փրկեց Ուլենշպիգելին։
― Այս ի՞նչ բան է, ― հարցրեց դը Լյումեն։
― Լողլողը պատասխանեց․
― Ըստ այս քաղաքի ավանդական սովորության՝ իրավունք և օրենք է, որ որևէ կույս կամ չամուսնացած աղջիկ տղամարդուն փրկի կախաղանից՝ նրան վերցնելով որպես ամուսին։
― Աստված նրա հետ է, արձակեցե՛ք ուրեմն, ― ասաց դը Լյումեն։
Ձիավարելով այնժամ կառափնարանի մոտից՝ նա տեսավ, որ աղջիկն զբաղված է կտրատելով Ուլենշպիգելի կապանքները, իսկ դահիճը հակառակում է նրան ու ասում․
― Եթե կտրատեք, հապա ո՞վ փողը կտա։
Բայց աղջիկը չէր լսում նրան։
Տեսնելով նրան այդքան սիրաբաղձ ու արագաշարժ՝ դը Լյումեն մեղմացավ։
― Ո՞վ ես դու, ― հարցրեց նա։
― Նելեն եմ՝ նրա հարսնացուն․ Ֆլանդրիայից եմ եկել նրան փնտրելու։
― Լավ ես արել, ― ասաց դը Լյումեն ամբարտավան շեշտով և թողեց գնաց։
Այնժամ մոտեցավ Լողլողը․
― Լսի՛ր, ֆլամանդացի՛, ամուսնանալուց հետո նորից գուգազ կլինե՞ս մեր նավերում։
― Այո, տյա՛ր, ― պատասխանեց Ուլենշպիգելը։
― Իսկ դո՞ւ, աղջի՛կս, ինչ կանես առանց քո մարդուն։
― Եթե թույլ տաք, տյա՛ր, սրնգահար կլինեմ նրա նավում։
― Համաձայն եմ, ― ասաց Լողլողը։
― Եվ երկու ֆլորին տվեց նրան հարսանիքի համար։
Իսկ Լամմեն հրճվանքից ծիծաղելով ու լալով՝ ասաց․
― Ահավասիկ ևս երեք ֆլորին․ ամբողջն էլ կուտենք։ Ես եմ վճարում։ Գնանք «Ոսկե սանը»։ Չմեռա՜վ նա՝ բարեկա՜մս։ Կեցցե՜ն գյոզերը։
Ժողովուրդը շարունակում էր ծափահարել․ նրանք գնացին «Ոսկե սանը» և մի փառավոր սեղան պատվիրեցին։ Լամմեն պատուհանից մանր փող էր նետում ժողովրդին։
Եվ Ուլենշպիգելն ասում էր Նելեին․
― Անուշի՛կս, ջանի՛կս, ուրեմն դու ինձ մո՜տ ես։ Փա՜ռք աստծո, նա այստե՜ղ է, սիրտս ու հոգիս, քաղցրիկ ընկերուհիս։ Օ՜, անուշիկ աչքեր, գեղեցիկ, կարմիր շրթներ, որոնցից միայն բարի խոսքեր են դուրս եկել։ Նա փրկեց իմ կյանքը, քնքուշ սիրեցյալս։ Մեր նավերի վրա դու ազատագրության սրինգը կնվագես։ Հիշո՞ւմ ես․․․ բայց ոչ․․․ Մեզ է պատկանում այս ցնծալի ժամը, իսկ ինձ համար է հունիսյան ծաղկի պես անուշ դեմքդ։ Բայց դու լալիս ես․․․
― Սպանեցին նրան, ― ասաց Նելեն։
Եվ պատմեց սգալի պատմությունը։
Եվ իրար նայելով նրանք լաց եղան սիրուց ու վշտից։
Իսկ խնջույքի միջոցին կերան ու խմեցին, և Լամմեն ցավատանջ նայելով նրանց՝ ասաց․
― Ավա՜ղ, ո՜վ կին, ո՞ւր ես դու։
Ելավ քահանան և պսակեց Նելեին ու Ուլենշպիգելին։
Եվ առավոտյան արևը նրանց գտավ իրար կողքի՝ ամուսնական անկողնում։
Նելեն գլուխը դրել էր Ուլենշպիգելի ուսին։ Եվ երբ արևից Նելեն արթնացավ՝ Ուլենշպիգելն ասաց․
― Պայծա՛ռ դեմք և քնքուշ սիրտ, մենք կլինենք Ֆլանդրիայի վրիժառուները։
― Նելեն համբուրելով նրա շուրթերը՝ ասաց․
― Խոլ գլուխ և զորեղ բազուկներ․ աստված կօրհնի սրինգն ու սուրը։
― Ես քեզ գուգազի համազգեստ կարել կտամ։
― Իսկո՞ւյն։
― Իսկույն, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Բայց ո՞վ է ասում, թե առավոտյան արքայամորին շատ է համեղ։ Քո շուրթերն ավելի քաղցր են։
===IX===
Ուլենշպիգելը, Լամմեն և Նելեն, ինչպես նաև նրանց բարեկամներն ու ընկերները, վերցրել էին վանքերից այն հարստությունը, որ սրանք թափորների, կեղծ հրաշքների և կաթոլիկական այլ միմոսությունների միջոցով գռփել էին ժողովրդից։ Դա հակառակ էր Լռակյացի՝ ազատության իշխանի հրամանին, բայց փողը ծախսվում էր պատերազմի կարիքների համար։ Լամմե Գուդզակը դրամական ապահովությամբ չբավականանալով՝ վանքերում կողոպտում էր խոզապուխտ, երշիկ, գարեջուր ու գինով լեցուն շշեր և վերադառնալով կողոպուտից հաճությամբ կրում էր կրծքի վրա ուսնդանուտ մի թրակապ, զարդարված զանազան թռչուններով՝ սագ, հնդկահավ, կրտած աքլոր, հավ, վառյակ և մի պարանով էլ հետևից քաշելով վանապատկան մի քանի հորթ ու խոզ։ ― Պատերազմի իրավունքով, ― ասում էր նա։
Ամեն մի վայր գրավելուց խիստ գոհ՝ նա կողոպուտը բերում էր նավ՝ կերուխում ու խրախճանք անելու համար, բայց և այնպես գանգատվում էր, որ խոհարարն այդքան տգետ է սոուսների ու տապակածների գիտության մեջ։
Մի օր էլ գյոզերը հաղթականորեն գինին ըմպելուց հետո ասացին Ուլենշպիգելին․
― Դու շարունակ քիթդ տվել ես քամուն, որպեսզի հոտոտես հաստատուն հողից եկող լուրերը։ Դու գիտես պատերազմի բոլոր դեպքերը․ ուստի և երգիր դրանք՝ լսենք։ Լամմեն թմբուկ կզարնի, գողտրիկ սրնգահարն էլ քո երգին համաչափ կծլնգացնի։
Եվ Ուլենշպիգելն ասաց․
― Մայիսյան մի ջինջ ու զով օր Լյուդովիգ Նասաուն կարծելով, թե կմտնի Մոնս՝ ոչ իր հետևակներին է գտնում, ոչ հեծյալներին։ Մի քանի հավատարիմ մարդիկ դարպասը բաց և կամուրջն իջեցրած էին պահում, որպեսզի նա կարողանա տիրանալ քաղաքին․ բայց քաղաքացիները տիրանում են դարպասին ու կամուրջին։ Ո՞ւր են Լյուդովիգ կոմսի գուգազները։ Քաղաքացիները կամուրջը բարձրացնելու վրա են։ Կոմս Լյուդովիգը փչում է գալարափողը։
Եվ Ուլենշպիգելը երգեց․
<poem>
Ո՞ւր են զինվորներդ կամ թե հեծյալներդ, ―
Անտառում մոլորված՝ տրորում են ամեն բան,
Չոր խըռիվ, դալարիք ու հովտաշուշան,
Արև արքան փայլեցնում է
Վառ դեմքերը մարտիկների,
Պայծառ գավակն նժույգների։
Գալարափողն իր փչում է
Կոմս Լյուդվիգը Նասաուի․
Եվ այրուձին այդ լսում է։
Կամաց զարկեցեք թմբուկը մարտի։
Արշավասույր, սանձակոտոր,
Քամուց արագ, կայծականման
Հանց երկաթե հողմապտույտ
Թռչում են ծանր հեծյալներ։
Շտապեցե՜ք, տեղը հասե՜ք․
Բարձրացընում են կամուրջը։
Խթանեցեք նըժույգները,
Ձեռքից կերթա Մոնս քաղաքը։
Այժմ առջևն են։ Ո՞ւշ է միթե։
Դե սըլացե՜ք, տեղը հասե՜ք։
Գիտուա Շոմոնն իր նժույգով
Ցատկում է և կամուրջն իջնում։
Մե՜րն է Մոնսը։ Լսո՞ւմ եք դուք
Դըղըրդոցը սալաքարի
Կայծականման ձայնն արշավի․
Ասես հողմ է դա երկաթի։
Փա՜ռք Շոմոնին, իր նժույգին։
Հնչեցեք փողն ազատության,
Զարկեք թմբուկը ցնծության։
Խոտ են հնձում բուրումնավետ
Մեր դաշտերում։ Արտույտն ահա
Քաղցր երգում է և վեր սլանում։
Կեցցե՜ թռչունն ազատության։
Փառք Շոմոնին, իր նժույգին։
Գինի լցրե՜ք, մերն է Մոնսը,
Կեցցե՜ն, կեցցե՜ն քաջ գյոզերը։
</poem>
Եվ նավերի վրա գյոզերը երգում էին․Քրիստո՛ս, տես քո զինվորներին։
<poem>
Սրիր զենքերը նրանց, տե՜ր։
Կեցցե՜ն, կեցցե՜ն քաջ գյոզերը։
</poem>
Եվ Նելեն ժպտագին ծլնգացնում էր իր սրինգը, Լամմեն թմբուկ զարնում, և դեպի վեր, դեպի երկինք՝ դեպի աստծու տաճարն էին բարձրանում ոսկեզօծ սկահակների զրնգոցի հետ ազատության հիմները։ Եվ ալիքները, ասես սիրենաներ, ջինջ ու զովաշունչ, ներդաշնակ մրմնջում էին նավի շուրջը։
===X===
Մի օր, օգոստոսյան մի շոգ ու ծանր օր Լամմեն խիստ տխուր էր։ Նրա ուրախ թմբուկը լռել էր, ու փայտե զույգ ձողիկները խրել էր նա իր կախքսակի մեջ։ Ուլենշպիգելն ու Նելեն սիրագոհ ժպտալով տաքանում էին արևի տակ։ Նավաշտարակների վրա կանգնած դետքերը սուլում էին կամ երգում՝ լայն ծովի վրա աչալուրջ որոնելով, թե հորիզոնում որևէ որս չի՞ երևում։ Լողլողը ժամանակ առ ժամանակ նրանց հարցնում էր․ նրանք պատասխանում էին՝ Niets (ոչ)։
Եվ Լամմեն գունատ ու ընկճված՝ խեղճ֊խեղճ հառաչում էր։ Նելեն նրան հարցրեց․
― Ինչո՞ւ ես այդքան վշտաբեկ, Լամմե։
Իսկ Ուլենշպիգելն ասաց․
― Նիհարում ես, որդյա՛կ իմ։
― Այո, վշտաբեկ եմ և նիհար։ Սիրտս կորցնում է ուրախությունը, քաղցրաժպիտ դեմքս՝ թարմությունը։ Ինչու չէ, ծիծազեցեք ինձ վրա, դուք, որ հազարավոր վտանգներից հետո գտաք իրար։ Ծիծաղեցեք խեղճ Լամմեի վրա, որ ամուսնացած լինելով՝ այրիի պես է ապրում, մինչդեռ սա, ― ասաց նա ցույց տալով Նելեին, ― խլեց իր մարդուն պարանի գգվանքներից և լինելու է նրա վերջին սիրահարը։ Եվ լավ արեց․ օրհնյալ է աստված, բայց թող չծիծաղի ինձ վրա։ Այո, դու չպետք է ծաղրես խեղճ Լամմեին, Նելե՛, բարեկա՛մս։ Իմ կինը ծիծաղում է տասը հոգու տեղ։ Ավա՜ղ, դուք՝ կնիկարմատներդ անսիրտ եք ուրիշի վշտի հանդեպ։ Այո, սիրտս կոտրված է, լքումի սրով զարնված է։ Եվ ոչ մի բան չի բուժի այն, եթե ոչ նա ինքը։
― Կամ մի որևէ տապակած, ― ասաց Ուլենշպիգելը։
― Այո, ― ասաց Լամմեն, ― որտեղի՞ց միս լինի այս տխուր նավում։ Թագավորի նավերում շաբաթը չորս անգամ միս են տալիս, եթե պահք չէ, և երեք անգամ ձուկ։ Գալով ձկան՝ աստված հոգիս առնի, թե թելի կաժը, ուզում եմ ասել նրա միսը որևէ օգուտ է տալիս, եթե ոչ ապարդյուն կերպով վառելով արյունս, խեղճ արյունս, որ շուտով ջուր է դառնալու։ Նրանք ստանում են գարեջուր, պանիր, ապուր և լավ խմիչք։ Այո, նրանք ամեն ինչ ունեն իրենց ստամոքսային հաճույքի համար՝ պաքսիմատ, հաճարի հաց, գարեջուր, կարագ, ապխտած միս, այո, ամեն ինչ՝ չորացած ձուկ, պանիր, մանանեխ, աղ, բակլա, լոբի, ձավար, քացախ, ձեթ, ճարպ, փայտ ու ածուխ։ Իսկ մեզ արգելել են անասուն վերցնել ումից էլ որ լինի՝ քաղքենի, աբբա կամ ազնվական։ Մենք ուտում ենք տառեխ, խմում ենք թույլ գարեջուր։ Ավա՜ղ, այլևս ոչինչ չունեմ, ոչ կնոջ սեր, ոչ ընտիր գինի, ոչ կրկնակ գարեջուր, ոչ էլ լավ ուտելիք։ Միթե հաճույք ունե՞նք մենք այստեղ։
― Հիմա քեզ ասեմ, Լամմե՛, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Ակնդ ական և ատամ ընդ ատաման․ Փարիզում, սուրբ Բարթուղիմեոսի գիշերը նրանք սպանեցին տասը հազար ազատասեր սիրտ միայն Փարիզ քաղաքում․ նույնիսկ թագավորը կրակում էր իր ժողովրդի վրա։ Արթնացի՛ր, ֆլամանդացի՛, ա՛ռ կացինդ անողոք․ դրա մեջ է մեր ուրախությունը․ խփի՛ր թշնամի իսպանացուն և կաթոլիկին՝ ո՛ւր էլ նրան գտնես։ Թո՛ղ քո ուտելիքները։ Նրանք մեռած կամ կենդանի զոհերին տարել են դեպի գետը և լեփլեցուն սայլերով գցել են ջուրը։ Մեռած կամ կենդանի ― լսո՞ւմ ես, Լամմե՛։ Ութ օր շարունակ Սենի ջուրը կարմիր էր, և ագռավները երամներով խոյանում էին քաղաքի վրա։ Սոսկալի եղավ կոտորածը և Շառիտեում, Ռուանում, Թուլուզում, Լիոնում, Բորդոյում, Բուրժում, Մոյում։ Տեսնո՞ւմ ես դիակների մոտ պառկած կուշտ շներին։ Նրանց ատամները հոգնած են։ Ագռավները ծանր են թռչում, այնքան փորերը բեռնավորել են զոհերի մսով։
Լսո՞ւմ ես Լամմե՛, վրեժ ու կարեկցանք հայցող հոգիների ճիչը։ Արթնացի՛ր, ֆլամանդացի։ Խոսում ես քո կնոջ մասին։ Ես երբեք չեմ կարծում, որ նա անհավատարիմ է, այլ ցնորվել է, քեզ էլ դեռ սիրում է, խե՛ղճ բարեկամս։ Նա այն պալատական տիկնանց հետ չէր, որոնք կոտորածի գիշերը իրենց նուրբ մատներով կապտեցին սպանված տղամարդկանց հագուստը, որ տեսնեն նրանց մարմնական առնականության մեծությունն ու փոքրությունը։ Եվ ծիծաղում էին նրանք՝ ցոփությամբ մեծ այդ տիկնայք։ Հրճվի՛ր, որդյա՛կ իմ, չնայած տառեխին ու թույլ գարեջրին։ Եթե տառեխի հետնահամը անախորժ է, ավելի անախորժ է այդ խայտառակության հոտը։ Ջարդարարները խրախճանք են անում և լավ չլվացած ձեռքերով մորթում են գեր սագերին, որպեսզի նրանց թևերը, տոտիկներն ու հետույքը ընծայեն Փարիզի սիրունիկ օրիորդներին։ Վաղուց չէ, որ սրանք այլ միս էին շոշափում, սառն միս։
― Այլևս չեմ գանգատվի, որդյա՛կ իմ, ― ասաց Լամմեն վեր կենալով։ ― Տառեխը դրախտահավ է, թույլ գարեջուրը՝ մալվուազի գինի ազատ սրտերի համար։
Եվ Ուլենշպիգելը երգեց․
<poem>
Կեցցե՜ն գյոզերը։ Չի լա՜նք, եղբայրնե՛ր։
Ծաղկում է վարդը վառ ազատության
Արյան, արցունքի ու կործանման մեջ։
Մեզ հետ է աստված, էլ ո՞վ է մեր դեմ։
Այժմ բորենին է հաղթանակ տանում,
Բայց մոտեցել է առյուծի հերթը։
Թաթի մի հարված, և ժանտ բորենին
Պատռված փորով գետին է փռված։
Ակըն ընդ ական, ատամն ընդ ատաման։
Կեցցե՜ն գյոզերը։
</poem>
Եվ նավերի վրա գյոզերը երգում էին․
<poem>
Նույն դժխեմ բախտը մեզ էլ է սպասում։
Ակըն ընդ ական, ատամն ընդ ատաման։
Վերքի տեղ նոր վերք։ Կեցցե՜ն գյոզերը։
</poem>