Changes

Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը

Ավելացվել է 50 093 բայտ, 07:46, 28 Հուլիսի 2015
/* XV */
Այդ օրերին Վիլհելմ Լռակյացը՝ Օրանժի իշխանը, ծովակալի կոչումից զրկեց տյար Լյումե դը լա Մարկին՝ նրա ծայրահեղ դաժանությունների պատճառով, և նրա տեղը նշանակեց տյար Բոուվեն Էվոուստեն Վուրստին։ Նա ազդարարեց նաև, որ գյոզեր՝ գյուղացիներից վերցրած ցորենի համար վճարվելու է, վերադարձվելու է նրանցից բռնի գանձված պատերազմական տուգանքը և կաթոլիկներին, ինչպես և ամենքին, շնորհվելու է իրենց կրոնը պաշտելու ազատություն՝ առանց հալածանքի ու թշնամանքի։
 
 
===XVI===
 
 
Գյոզերի նավերի վրա, պայծառ երկնքի տակ, ջինջ այլաքների վրա ծլնգում են սրինգներ, ծվում պարկապզուկներ, կլթկլթում շշեր, զնգում բաժակներ, փայլում է զենքերի պողպատը։
 
― Հապա՛, զարկե՛նք թմբուկը փառքի, ― ասում է Ուլենշպիգելը, ― զարկե՛նք թմբուկը ցնծության։ Կեցցե՜ն գյոզերը։ Իսպանիան պարտված է, ճիվաղը սանձահարված։ Մերն է ծովը, Բրիլը գրավված է։ Մերն է ծովեզրը Նյուպորտից սկսած ու դենը՝ դեպի Օստենդ, Բլանքենբերգ, Զելանդիայի կղզիները, Շելդայի գետաբերանը, Հռենոսի գետաբերանը՝ մինչև Հելդեր։ Մերն են Տեքսելը, Վիլիանդը, Տերշելլինգը, Ամելանդը, Ռոտտոմը, Բորկումը։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Մե՛րն են Դելֆտը, Դորդրեխտը։ Վառոդի տողան է դա։ Աստծու ձեռքին է հրանոթների վառված պատրույգը։ Դահիճները թողնում են Ռոտերդամը։ Ազատ խիղճը արդարության ճիրան ու ժանիք ունեցող առյուծի պես գրավում է Զուտֆենի կոմսությունը, Դյոտեկում, Դոեսբուրգ, Գոոր, Օլդենզեել, իսկ Վելնյուիրի վրա՝ Հաթեմ, Էլբուրգ և Հարդերվիք քաղաքները։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Դա կայծակ է ու շանթ․ Կամպենը, Զվոլը, Հասելը, Ստենվիքը ընկնում են մեր ձեռքը Ուդեվաթերի, Գուգայի, Լեյդեի հետ։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Մե՛րն են Բուերենը, Էնքյուզեն։ Բայց դեռ չենք գրավել Ամստերդամը, Շռոնհովենը և Միդելբուրգը։ Բայց ամեն ինչ ժամանակին է գալիս համբերատար սուսերահարների համար։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Խմե՛նք իսպանական գինին, խմենք սկիհներով, որոնցով խմեցին նրանք զոհերի արյունը։ Մենք կերթանք Զյուդերզեեով, մեծ ու փոքր գետերով, ջրանցքներով․ մերն են Հյուսիսային Հոլանդիան, Հարավային Հոլանդիան և Զելանդիան․ մենք կնվաճենք Արևելյան և Արևմտյան Ֆրիսլանդիան․ Բրիլը կլինի մեր նավերի ապաստարանը, ազատության թխսկանների բույնը։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Լսեցե՛ք վրեժխնդրության ճիչի պայթելը Ֆլանդրիայում՝ մեր սիրելի հայրենիքում։ Մաքրում են զենքերը, սրում են թրերը։ Ամենքը շարժման մեջ են, թրթռում են ինչպես տավիղի լարերը ջերմ շունչից․ հոգիների հևքից, որ ելնում է համայնական գերեզմանափոսերից, զոհերի արյունաշաղախ դիակներից։ Բոլորն էլ Հենաուն, Բրաբանտը, Լյուքսեմբուրգը, Լիմբուրգը, Նամյուռը, Լիեժը՝ ազատ ոստանը, բոլո՜րը։ Արյունը ծլեցնում է և բեղմնավորում։ Հունձը հասած է գերանդու համար։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Մերն է Noord Zee֊ի Հյուսիսի ընդարձակ ծովը։ Մերն են լավ թնդանոթները, հպարտ նավերը, ահարկու ծովայինների խիզախ զորագունդը՝ հետապնդությունից փախչող ստահակներ, գողեր, գուգազ֊տերտերներ, ազնվականներ, քաղաքացիներ և արհեստավորներ։ Մերն են ամենքը՝ ազատության գործի համար միաբանածները։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Ֆիլի՛պ, արյունռուշտ արքա, ո՞ւր ես դու։ Ալբա՛, ո՞ւր ես դու։ Դու գոռում ես և աստվածանարգում սրբազան պապի ընծան՝ սուրբ գլխարկը գլխիդ։ Զարկեցե՛ք թմբուկը ցնծության։ Կեցցե՜ն գյոզերը։ Խմե՛նք։
 
Գինին հոսում է ոսկե սկիհների մեջ։ Զվարթագին ըմպեցեք գինին։ Կոպիտ մարդկանց ծածկող քահանայական զգեստները թրջված են կարմիր խմիչքով․ եկեղեցական կաթոլիկական խաչվառները ծածանում են քամուց։ Հավե՜րժ երաժշտություն․ ձեր կենաց՝ ծլնգան սրինգներ, հեծեծո՛ղ պարկապզուկներ, փառքի առաջընթացը ազդարարող թմբուկներ։ Կեցցե՜ն գյոզերը։
 
 
===XVII===
 
 
Աշխարհն ամենայն թևակոխել էր գայլի ամիսը, որ է դեկտեմբեր։ Անախորժ անձրևը ասեղի պես թափվում էր ալիքների վրա։ Գյոզերը հածում էին Զյուդերզեեում։ Տյար ծովակալը շեփորականչով իր մոտ հրավիրեց նավապետներին, նրանց հետ նաև Ուլենշպիգելին։
 
― Արդ, ― ասաց նա՝ նախ Ուլենշպիգելին դիմելով, ― իշխանն ուզում է գնահատել քո հավատարիմ ծառայությունը և կատարած լավ գործերը, ուստի և քեզ նշանակում է «Բրիլի» նավապետ։ Այժմ հանձնում եմ քեզ այդ նշանակումը մագաղաթի վրա։
 
― Աստծուց շնորհ գտնեք, տյա՛ր ծովակալ, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Ես կնավապետեմ իմ ամբողջ համեստ կարողությամբ և այդպես նավապետելով՝ մեծ հույս ունեմ, եթե աստված օգնի ինձ, նավապետազրկել Իսպանիան Ֆլանդրիայից և Հոլանդիայից՝ ուզում եմ ասել Zoid ևNoord-Neerland֊ից։
 
― Շատ լավ, ― ասաց ծովակալը։ Ապա դիմելով ամենքին՝ ավելացրեց․ ― ես պետք է հայտնեմ ձեզ, որ կաթոլիկ Ամստերդամի ուժերը պատրաստվում են պաշարել Էնքյուզեն։ Նրանք դեռ չեն դուրս եկել Y ջրանցքից։ Հածենք նրանց ընդառաջ, որպեսզի այդտեղ էլ մնան, և վրա տանք նրանց յուրաքանչյուր նավին, հենց որ իր բռնակալական մարմինը ցույց տա Զյուգերզեեում։
 
― Կծակծկե՛նք նրանց։ Կեցցե՜ն գյոզերը, ― պատասխանեցին նրանք։
 
Ուլենշպիգելը վերադառնալով իր նավը՝ նավաստիներին ու գուգազներին հավաքեց տախտակամածի վրա և հայտնեց ծովակալի որոշումը։
 
Նրանք պատասխանեցին։
 
― Մենք ունենք թևեր, այդ մեր առագաստներն են․ դահուկներ, այդ մեր նավերի ողնափայտն է․ հսկայի ձեռքեր, այդ մեր նավագրոհման կեռերն են։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Նավատորմը մեկնեց և հածեց Ամստերդամի առաջ՝ մեկ լիյո քաղաքից հեռու, այնպես որ առանց նրա թույլտվության ոչ ոք չէր կարող ելումուտ անել։
 
Հինգերորդ օրը անձրևը դադարեց․ քամին ավելի խիստ էր փչում ջինջ երկնքում․ Ամստերդամից որևէ շարժում չէր արվում։
 
Հանկարծ Ուլենշպիգելը տեսավ, որ Լամմեն դուրս եկավ տախտակամած՝ փայտե շերեփի ուժգին հարվածներով քշելով նավի truxman֊ին՝ թարգմանչին․ մի պատանի, որ գիտակ էր ֆրանսերեն և ֆլամանդերեն լեզուներին, բայց ավելի գիտակ էր որկորի գիտությանը։
 
― Անպիտա՛ն, ― ասում էր Լամմեն ծեծլով նրան, ― կարծում էիր, թե անպատիժ կուտես տապակածներն առաջուց։ Ելի՛ր կայմի ծայրը և տես, թե որևէ բան չի՞ շարժվում Ամստերդամի նավերի վրա։ Այդ անելով՝ լավ բան արած կլինես։
 
― Ի՞նչ կտաս ինձ, ― հարցրեց truxman֊ը։
 
― Կարծո՞ւմ ես, թե վարձատրություն կստանաս առանց գործդ կատարելու։ Գողի ճո՛ւտ, եթե չբարձրանաս՝ մտրակով կաշիդ կպլոկեմ։ Եվ քո ֆրանսերենը քեզ չի փրկի։
 
― Գեղեցիկ լեզու է դա, ― ասաց truxman֊ը, ― սիրային և մարտական լեզու։
 
Եվ բարձրացավ։
 
― Հը՛, փո՛ւչ, ի՞նչ կա, ― հարցրեց Լամմեն։
 
― Որևէ բան չեմ տեսնում ոչ քաղաքում, ոչ էլ նավերի վրա, ― պատասխանեց պատանին և իջավ։
 
― Դե հիմս վարձատրիր, ― ասաց նա։
 
― Պահիր այն, ինչ գողացել ես, ― պատասխանեց Լամմեն, ― բայց այդպիսի բարիքը օգուտ չի տա, անկասկած հետ կտաս։
 
Truxman֊ը նորից բարձրանալով կայմի ծայրը՝ հանկարծ գոռաց․
 
― Լամմե՛, Լամմե՛, գող է մտնում քո խոհանոցը։
 
― Բանալին քսակիս մեջ է, ― պատասխանեց Լամմեն։
 
Այնժամ Ուլենշպիգելը Լամմեին մի կողմ քաշելով՝ ասաց․
 
― Որդյակ իմ, Ամստերդամի այս կատարյալ խաղաղությունը վախեցնում է ինձ։ Նրանք որևէ գաղտնի ծրագիր կունենան։
 
― Ես էլ այդ մասին եմ մտածում։ ― Ջուրը սառում է թասերի, տաշտերի մեջ, թռչնեղենը փետացել է, եղյամը սպիտակացնում է երշիկները, յուղն ասես քար լինի, ձեթը բոլորովին սպիտակել է, աղը չոր է, ինչպես արևի տակի ավազը։
 
― Ուրեմն շուտով ծովը սառչելու է, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Նրանք կգան մեծ ուժով և հրետանիով։
 
Գնալով ծովակալական նավը՝ հայտնեց ծովակալին իր երկյուղը։ Ծովակալը պատասխանեց նրան․
 
― Քամին Անգլիայից է փչում․ ձյուն է գալու, և ծովը չի սառչի։ Վերադարձիր քո նավը։
 
Ուլենշպիգելը գնաց։
 
Գիշերը ահագին ձյուն եկավ, քիչ անց քամին փչեց Նորվեգիայից, ծովը սառեց, դարձավ տախտակամածի պես։ Ծովակալը տեսավ այդ պատկերը։
 
Եվ վախենալով, որ ամստերդամցիք կարող են գալ սառույցների վրայով և վառել իրենց նավերը, նա հրամայեց գուգազներին՝ պատրաստել դահուկները, որպեսզի անհրաժեշտության դեպքում կռվեն նավերից դուրս՝ սառույցի վրա, պողպատե և ձուլված հրանոթների թնդանոթաձիգներին՝ արկերը շեղջերով դիզել հաստոցների մոտ, լցնել հրանոթները և բոցատուները միշտ վառված պահել։
 
Բայց Ամստերդամցիք չեկան։
 
Եվ այդպես յոթ օր։
 
Ութերորդ օրվա երեկոյան Ուլենշպիգելը կարգադրեց, որ մի լավ ճաշկերույթ տրվի նավաստիներին ու գուգազներին, որպեսզի դա զրահ դառնա նրանց համար՝ փչող սուր քամու դեմ։
 
Բայց Լամմեն ասաց․
 
― Այլևս ոչինչ չի մնացել, բացի պաքսիմատից ու թույլ գարեջրից։
 
― Կեցցե՜ն գյոզերը, ― գոչեցին նրանք։ ― Պաս օրվա խրախճանք կանենք՝ սպասելով մարտի ժամին։
 
― Որը շուտով չի հնչելու, ― ասաց Լամմեն։ ― Ամստերդամից կգան վառելու մեր նավերը, բայց ոչ այս գիշեր։ Նրանք նախապես պետք է հավաքվեն կրակի շուրջը և բազում գավաթներ պիտի պարպեն Մադերայի շաքարով եփված գինուց ― աստված ձեզ շնորհի դրանից ― ապա մինչև կես գիշերը համբերությամբ, խոհականությամբ ու գավերը լցրած՝ կորոշեն, թե կարելի է վաղը որոշել՝ եկող շաբաթ հարձակվե՞ն մեզ վրա, թե ոչ։ Վաղը դարձյալ Մադերայի շաքարով եփված գինի խմելով ― աստված ձեզ էլ շնորհի դրանից ― նորից հանգիստ, համբերությամբ ու գավերը լցրած կորոշեն, որ պետք է հավաքվեն մի ուրիշ օր՝ իմանալու համար, թե սառույցը կարո՞ղ է մեծաթիվ մարդկանց դիմանալ, թե ոչ։ Եվ այդ փորձել կտան հմուտ մարդկանց, որոնք մագաղաթի վրա կդրոշմեն իրենց եզրակացությունը։ Այդ ստանալուց հետո նրանք կիմանան, որ սառույցը կես կանգուն հաստություն ունի, որ դա բավական ամուր է՝ դիմանալու համար մի քանի հարյուր մարդու՝ դաշտային թնդանոթներով հանդերձ։ Հետո կրկին հավաքվելով, նրանք հանգիստ, համբերությամբ ու գինու բազում գավեր դատարկելով կեզրակացնեն, թե քանի որ Լիսաբոնից եկած նավերից մենք խլել ենք գանձը, հարմար է մեր նավերը գրոհով գրավե՞լ, թե՞ հրկիզել։ Եվ այսպես վարանամիտ, բայց և ձգձգիչ՝ նրանք այնուամենայնիվ կորոշեն, որ պետք է գրավել, և ոչ թե հրկիզել մեր նավերը՝ չնայած այն մեծ վնասին, որ այդպես կհասցնեն մեզ։
 
― Լավ ես խոսում, ― ասաց Ուլենշպիգելը, ― բայց չե՞ս տեսնում քաղաքում վառվող այդ լույսերը և լապտերակիրների բազմազբաղ վազվզելը։
 
― Դա նրանից է, որ մրսում են, ― ասաց Լամմեն և հառաչելով ավելացրեց․ ― Ամեն ինչ կերված է։ Այլևս ոչ տավարի միս կա, ոչ խոզի, ոչ էլ թռչնեղեն, ոչ էլ գինի, ափսո՜ս․ ոչ ևս կրկնակ գարեջուր․ պաքսիմատից ու թույլ գարեջրից բացի՝ ոչինչ։ Ով սիրում է ինձ՝ թո՛ղ հետևիցս գա։
 
― Ո՞ւր ես գնում, ― հարցրեց Ուլենշպիգելը։ ― Ոչ ոք չի կարող դուրս գալ նավից։
 
― Որդյա՛կ իմ, ― ասաց Լամմեն, ― այժմ դու նավապետ ես ու տեր։ Եթե չուզենաս՝ դուրս չեմ գա։ Բարեհաճիր այնուամենայնիվ մտածել, որ նախընթաց օրը մենք կերանք վերջին երշիկը․ իսկ այս դաժան եղանակին օջախի կրակը տաքացնում է լոկ, այսինքն լավ ընկերների արևն է։ Ո՞վ չէր ուզենա հիմա զգալ սոուսների բույրը, ըմպել աստվածային գինու հոտավետ փունջը, որ կազմված է ցնծալի ծաղիկներից, որ յուրաքանչյուր մարդու համար ուրախություն են, ծիծաղ ու բարի կամեցողություն։ Արդ, նավապե՛տ և հավատարիմ բարեկա՛մ, համարձակվում եմ ասել ― հոգիս կրծում եմ, երբ բան չեմ ուտում, ես, որ միայն հանգիստ եմ սիրում, որ երբեք հաճությամբ չեմ սպանում, բացի փամփլիկ սագից, չալ հավից կամ հյութեղ հնդկահավից, հետևում եմ քեզ դժվարությունների ու մարտի մարտերի մեջ։ Այստեղից մի նայիր այն հարուստ ագարակին, որ լեցուն է մանր ու խոշոր անասունով։ Գիտե՞ս ով է այդտեղ ապրում։ Ֆրիսլանդցի նավավարն է, որ դավաճանեց տյար դ'Անդլոյին և տարավ Էնքյուզե, որ դեռ ալբայական էր, տասնութ խեղճ սինյորներին ու բարեկամներին, որոնք նրա պատճառով գլխատվեցին Բրյուսելի Ձիերի շուկայում․ դա Մանրիկ Ավազ մականվանյալն է։ Այդ դավաճանը, որի անունը Սլոսե է, դքսից երկու հազար ֆլորին ստացավ իր դավաճանության համար։ Արյան գնով այդ իսկական Հուդան գնեց այդ ագարակը, որ տեսնում ես․ և նրա տավարը և շրջակա արտերը պտուղ տալով ու աճելով, ուզում եմ ասել, և՛ հողը, և՛ անասունները, նրան այժմ հարստացրել են։
 
Ուլենշպիգելը պատասխանեց․
 
Աճյունը բաբախում է սրտիս։ Դու հնչեցնում ես աստծու ժամը։
 
― Նմանապես և սննդառության ժամը, ― վրա բերեց Լամմեն։ ― Տուր ինձ մի քսան տղա՝ սրտոտ գուգազներ ու նավաստիներ, գնամ բռնեմ այդ դավաճանին։
 
― Ես եմ ուզում լինել նրանց պարագլուխը, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Ով սիրում է արդարությունը՝ թող հետևի ինձ։ Բայց ոչ ամենքդ, սիրելիներս ու բարեկամներս․ պետք է միայն քսան հոգի, ապա թե ոչ ո՞վ կպահպանի նավը։ Զառով վիճակ գցեցեք։ Քսան եք արդեն, եկե՛ք։ Զառը լավ է ասում։ Ամրացրեք ձեր չմուշկները և սահեցեք դեպի Արուսյակը, որ փայլում է դավաճանի ագարակի վերև։
 
Դիմելով դեպի շողշողուն լուսատուն՝ եկե՛ք, քսանդ չմշկելով ու սահելով, կացիններդ ուսերիդ։
 
Քամին փչում է և իր առջևից, սառույցի վրայից քշում ձյունի սպիտակ հողմապտույտներ։ Եկե՛ք․ քա՛ջ մարդիկ։
 
Ոչ խոսեցեք, ոչ երգեցեք․ գնացեք շիփ շիտակ, լուռ ու մունջ, դեպի աստղը։ Ձեր չմուշկները ճռճռացնում են սառույցը։
 
Ով ընկնում է, անմիջապես վեր է կենում։ Հասնում ենք ափին․ ո՛չ մի մարդկային ստվեր սպիտակ ձյան վրա, ո՛չ մի թռչուն սառն օդի մեջ։ Հանեցե՛ք չմուշկները։
 
Արդեն հողի վրա ենք․ ահա մարգագետինները, դարձյալ ամրացրեք սահնակները։ Ագարակի շուրջն ենք՝ մեր շունչը պահած։
 
Ուլենշպիգելը ծեծում է դուռը, շները հաչում են։ Նորից է ծեծում, բացվում է մի լուսամուտ, և տերը գլուխը դուրս հանելով ասում է․
 
― Ո՞վ ես դու։
 
Նա միայն Ուլենշպիգելին է տեսնում․ մյուսները թաքնված են keet֊ի՝ լվացատան հետևը։
 
Ուլենշպիգելը պատասխանում է․
 
― Տյար դը Բոսյուն հրամայում է քեզ՝ անմիջապես ներկայանալ իրեն, Ամստերդամ։
 
― Ո՞ւր է քո անցաթուղթը, ― հարցնում է մարդը՝ իջնելով և դուռը բանալով։
 
― Այստեղ է, ― պատասխանում է Ուլենշպիգելը ցույց տալով քսան գյոզերին, որոնք շտապում են նրա հետևից դեպի դռան բացվածքը։
 
Այնժամ Ուլենշպիգելն ասում է․
 
― Դու Սլոսեն ես, դավաճան նավավարը, որ ծուղակի մեջ գցեցիր տյարք դ' Անդրոյին, Բաթեմբուրգին և այլ սինյորների։ Ո՞ւր է նրանց արյան գինը։
 
Ագարակատերը դողդողալով պատասխանեց․
 
― Գյոզեր եք դուք, ներում շնորհեցեք․ չէի իմանում, թե ինչ եմ անում։ Այստեղ ամենևին փող չունեմ։ Ամեն ինչ կտամ։
 
― Մութ է, ― ասաց Լամմեն, ― մոմ տուր՝ ճրագե կամ մեղրամոմե։
 
Տանտերը պատասխանեց․
 
Ճրագուե մոմերը կախված են այնտեղ։
 
Վառեցին մոմը․ բուխարու մոտ կանգնած մի գյոզ ասաց․
 
― Ցուրտ է․ վառենք օջախը։ Ահա հիանալի խռիվներ։
 
Եվ մատնացույց արեց տախտակների վրա շարված ծաղիկների թաղարները, որոնց մեջ չորացած բույսեր կային։ Նա բռնեց մեկի ոստիկներից և թաղարի հետ ցնցեց․ թաղարն ընկավ, ու հատակի վրա սփռվեցին դուկատներ, ֆլորիններ ու ռեալներ։
 
― Գանձն այստեղ է, ― ասաց նա՝ ցույց տալով մյուս թաղարները։
 
Եվ իսկապես, դրանք դատարկելուց հետո գտան տասը հազար ֆլորին։
 
Եվ այդ տեսնելով, տերը վայնասուն բարձրացրեց ու լաց եղավ։
 
Աղաղակները լսելով, հավաքվեցին ագարակի ծառաներն ու աղախինները՝ շապիկ֊վարտիքով։ Տղամարդիկ փորձեցին պաշտպանել իրենց տիրոջը, ուստի և կապկպվեցին։ Շուտով կանայք, հատկապես մանկահասակները, ամաչելով թաքնվեցին տղամարդկանց հետևը։
 
Այնժամ առաջացավ Լամմեն ու ասաց․
 
― Դավաճա՛ն ագարակապան, ո՞ւր են մառանի, ախոռի, գոմերի ու փարախների բանալիները։
 
― Խայտառա՛կ թալանչիներ, ― ասաց տերը, ― ձեր մահով չեք մեռնի, կախաղանի վրա ձեր շունչը կփչեք։
 
― Աստծու ժամն է սա․ տո՛ւր բանալիները։
 
― Աստված էլ իմ վրեժը կլուծի, ― ասաց դավաճանը բանալիները տալով։
 
Ագարակն ամայացնելուց հետո գյոզերը չմշկելով վերադառնում են նավերը՝ ազատության թեթև օթևանները։
 
― Ես խոհարար եմ, ― ասում էր Լամմեն առաջնորդելով նրանց, ― ես խոհարար եմ։ Քշեցեք գինով ու գարեջրով բեռնավորված խիզախ սահնակները․ կոտոշներից կամ այլ կերպ քաշեցեք ձիերը, եզները, խոզերը, ոչխարներն ու իր բնական երգը երգող հոտը։ Հացի միջուկն ուտելուց տռզած որձատ աքլորները զարմանում են իրենց փայտե վանդակներում, ուր չեն կարողանում շարժվել։ Ես խոհարար եմ։ Սառույցը ճռռում է չմուշկների երկաթից։ Մենք նավերի մոտ ենք։ Վաղը խոհանոցային երաժշտություն է լինելու։ Իջեցրեք վերամբարձները։ Գոտիներ գցեցեք ձիերին, կովերին ու եզներին։ Հաճելի է տեսնել նրանց այսպես փորից կախված։ Վաղը մենք կախված կլինենք մեր լեզվից՝ ճարպոտ տապակածներ ճաշակելիս։ Վերամբարձը քաշում է դրանք նավը։ Ի՜նչ խորովածացուներ։ Խառնիխուռն գցեցեք ամբարը՝ հավ, սագ, բադ, աքաղաղ։ Ո՞վ է դրանց վիզը ոլորելու։ Խոհարարը։ Դուռը փակվեց, բանալին քսակիս մեջ է։ Օրհնյա՜լ լինի աստված խոհանոցում։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Հետո Ուլենշպիգելը գնաց ծովակալի նավը՝ իր հետ տանելով Դիրիկ Սլոսեին և մյուս գերիներին, որոնք կախվելու ահից լաց ու կական էին բարձրացրել։
 
Աղմուկը լսելով դուրս եկավ տյար Վորստը և նկատելով Ուլենշպիգելին ու նրա ընկերներին ջահերի կարմիր լույսով լուսավորված՝ ասաց․
 
― Ի՞նչ եք ուզում։
 
Ուլենշպիգելը պատասխանեց․
 
― Այս գիշեր մենք իր ագարակում բռնեցինք դավաճան Դիրիկ Սլոսեին, որը տասնութին ծուղակը գցեց։ Այս մարդն է այդ։ Մյուսներն անմեղ ծառաներ ու աղախիններ են։
 
Ապա մի կախքսակ հանձնելով նրան ավելացրեց․
 
― Այս ֆլորինները ծաղկում էին դավաճանի տանը, ծաղկի թաղարներում․ ընդամենը տասը հազար հատ է։
 
Տյար Որստը պատասխանեց․
 
― Լավ բան չեք արել, որ հեռացել եք նավերից։ Բայց հաջող վախճանի պատճառով ներում է շնորհվում ձեզ։ Բարի գալուստ գերիներին ու ֆլորինների քսակին, և ձեզ՝ քաջ մարդիկ, որոնց նվիրում եմ ավարի մեկ երրորդը՝ ըստ ծովի օրենքների ու սովորությունների․ երկրորդ մասը կգնա նավատորմին, իսկ մյուսը Օրանժի իշխանին։ Դավաճանին անմիջապես կախեցեք։
 
Գյոզերը հնազանդվեցին, ապա մի ծակ բացին սառույցի մեջ և Դիրիկ Սլոսեի մարմինը նետեցին այնտեղ։
 
Այնժամ տյար Վորստն ասաց․
 
― Այս ի՞նչ է, խո՞տ է բուսել նավերի շուրջը, որ հավի կտկտոց, ոչխարների մայուն, կովերի ու եզների բառաչ եմ լսում։
 
― Դրանք էլ մեր որկորների գերին են, ― պատասխանեց Ուլենշպիգելը։ ― Նրանք կվճարեն տապակածների փրկագինը։ Տյար ծովակալը կստանա դրանց լավագույնը։
 
Գալով սրանց՝ ծառաներին ու աղախիններին, որոնց մեջ կան հեզաբարո և սիրունիկ մորաքույրներ, կտանեմ իմ նավը։
 
Եվ տանելով այնտեղ՝ հետևյալ ճառն ասաց նրանց․
 
― Մորեղբայրնե՛ր և մորաքույներ, դուք հիմա ամենալավ նավի վրա եք։ Մենք այստեղ ժամանակն անց ենք կացնում անընդհատ ուրախության ու կերուխումի մեջ։ Եթե ուզում եք հեռանալ այստեղից՝ փրկագին վճարեցեք․ իսկ եթե հաճո է ձեզ մնալ այստեղ՝ կապրեք մեզ պես, լավ աշխատելով և լավ ուտելով։ Գալով այս քույրիկներին՝ որպես նավապետ թույլ եմ տալիս մարմնի կատարյալ ազատություն․ ուզում եմ ասել, որ ինձ համար մեկ է, թե նրանք ուզում են պահել իրենց հետ նավը եկած բարեկամներին, թե՞ ընտրել աստ ներկա քաջարի գյոզերից որևէ մեկին՝ ամուսնական կյանք վարելու համար։
 
Բայց բոլոր անուշիկ քույրիկները հավատարիմ մնացին իրենց բարեկամներին, բացի մեկից, որ ժպտալով ու նայելով Լամմեին՝ հարցրեց, թե չի՞ ուզում իրեն։
 
― Է՛լ ավելի շնորհքի արժանանաս, անուշի՛կս, ― ասաց Լամմեն, ― բայց ես զբաղված մարդ եմ։
 
― Ամուսնացած է նա, ― ասացին գյոզերը՝ տեսնելով, որ աղջկա սիրտը կոտրվեց։
 
Բայց սա մեջքը դարձնելով Լամմեին՝ ընտրեց մի ուրիշի, որ նույնպես լավ փոր ուներ և բարեմիտ դեմք։
 
Այդ և հաջորդ օրերը նավերի վրա մեծ ուրախություն և կերուխում տեղի ունեցավ՝ գինով, թռչնեղենով ու մսով։ Եվ Ուլենշպիգելն ասաց․
 
― Կեցցե՜ն գյոզերը։ Փչի՛ր, կծո՛ղ քամի, մեր արտաշնչումով կտաքացնենք օդը։ Մեր սիրտը կրակ է ազատ խղճի համար․ կրակ է մեր ստամոքսը թշնամու մսերի համար։ Խմե՛նք գինին՝ արուների կաթը։ Կեցցե՛ն գյոզերը։
 
Նելեն էլ խմում էր մի մեծ գավաթով և քամուց կարմրած՝ ծլնգացնում էր սրինգը։ Եվ չնայած ցրտին՝ գյոզերն ուրախ֊զվարթ ուտում֊խմում էին տախտակամածի վրա։
 
 
===XVIII===
 
 
Հանկարծ ամբողջ նավատորմը ափի վրա տեսավ մի սև ամբոխ, որի մեջ փայլում էին ջահեր, շողշողում էին զենքեր։ Ապա ջահերը հանգցրին և կատարյալ խավար տիրեց։
 
Ծովակալի հրամանը փոխանցվելու պես՝ տագնապի ազդանշան տրվեց նավերի վրա․ բոլոր լույսերը հանգցրին․ նավաստիներն ու գուգազները կացիններով զինված՝ պառկեցին տախտակամածների վրա։ Խիզախ թնդանոթաձիգները բոցատուները բռնած՝ աչալուրջ սպասում էին գնդակի տոպրակներով ու իրար շղթայված արկերով լցված թնդանոթների մոտ։ Հենց որ ծովակալը և նավապետները գոչեցին «Հարյուր քայլ» ― որը նշում էր թշնամու դիրքը ― նրան պետք է կրակ բացեին առջևից, հետևից կամ կողերից՝ նայած սառույցի վրա ունեցած նրանց դիրքին։
 
Լսվեց տյար Վորստի ձայնը․
 
― Մահապատի՛ժ բարձրաձայն խոսողին։
 
Նավապետները կրկնեցին նրանից հետո․
 
― Մահապատի՛ժ բարձրաձայն խոսողին։
 
Անլուսին գիշեր էր, աստղազարդ։
 
― Լսո՞ւմ ես, ― ասում էր Լամմեին Ուլենշպիգելը՝ ուրվականի հևքի պես խոսելով։ ― Լսո՞ւմ ես ամստերդամցիների ձայնը և սառույցը ճռճռացնող նրանց չմուշկների երկաթե աղմուկը։ Արագ են գալիս։ Լսվում է նրանց խոսակցությունը։ Ասում են․ «Դատարկապորտ գյոզերը քնած են։ Լիսաբոնի գանձը մեր ձեռքը կընկնի»։ Վառում են ջահերը։ Տեսնո՞ւմ ես գրոհելու նրանց ելարանները, նրանց այլանդակ դեմքերը և հարձակվող խմբի երկար գիծը։ Հազարից ավելի են։
 
― Հարյո՛ւր քայլ, ― գոչեց տյար Վորստը։
 
― Հարյուր քայլ, ― գոչեցին նավապետները։
 
Երկնային որոտի պես թնդյուն պայթեց սառույցի վրա, ապա սրտակեղեք ոռնոցներ լսվեցին։
 
― Ութսուն թնդանոթ միասին կրակում են, ― ասաց Ուլենշպիգելը։ ― Նրանք փախչում են։ Տեսնո՞ւմ ես ջահերի հեռանալը։
 
― Հետապնդեցե՜ք նրանց, ― հրամայեց ծովակալ Վորստը։
 
― Հետապնդեցե՜ք, ― կրկնեցին նավապետները։
 
Բայց հետապնդումը քիչ տևեց, որովհետև փախչողները հարյուր քայլ առաջ էին և օժտված էին ահաբեկված, նապաստակի ոտքերով։
 
Եվ սառույցի վրա աղաղակող ու մեռնող մարդկանց մոտ գտան ոսկի, գոհար և պարաններ՝ գյոզերին կապոտելու համար։
 
Այս հաղթությունից հետո գյոզերն ասում էին իրար․ Als Got met ons ism wic tegen ons zal zijn? (Եթե աստված մեզ հետ է՝ էլ ո՞վ դեմ կլինի մեզ)։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Երրորդ օրվա առավոտյան տյար Վորստը անհանգիստ սպասում էր մի նոր հարձակման, երբ Լամմեն ցատկեց տախտակամածը և ասաց Ուլենշպիգելին․
 
― Տա՛ր ինձ այդ ծովակալի մոտ, որ չուզեց անսալ քեզ, երբ դու գուշակեցիր ծովի սառելը։
 
― Գնա առանց առաջնորդվելու, ― ասաց Ուլենշպիգելը։
 
Լամմեն բանալիով փակեց խոհանոցի դուռը և գնաց։ Ծովակալը տախտակամածի վրա էր և աչքերը հառած քաղաքին՝ որևէ շարժում էր որոնում։
 
Լամմեն մոտեցավ նրան և ասաց․
 
― Տե՛ր ծովակալ, մի խոնարհ խոհարար կարո՞ղ է ձեզ մի կարծիք հայտնել։
 
― Խոսի՛ր, որդյա՛կ իմ, ― ասաց ծովակալը։
 
Տե՛ր իմ, ― ասաց Լամմեն, ― ջուրը հալչում է ամանների մեջ, թռչնեղենը դարձյալ փափկում է, երշիկը կորցնում է իր եղյամե բորբոսը, յուղը կակղել է, ձեթը հեղուկացել, աղը արտասվում է։ Շուտով անձրև է գալու, և մենք կփրկվենք, տե՛ր իմ։
 
― Ո՞վ ես դու, ― հարցրեց տյար Վորստը։
 
― Ես Լամմե Գուդզակն եմ՝ «Բրիլ» նավի խոհարարը։ Եվ եթե այդ բոլոր մեծ գիտնականները հավակնում են, թե աստղաբաշխ են և կարող են կարդալ աստղերը նույնքան լավ, որքան ես իմ սոուսները, ապա նրանք կարող էին ասել, որ այս գիշեր սկսվելու է հալչոցը՝ փոթորկի ու կարկուտի մեծ ժխորով․ բայց հալոցը երկար չի տևելու։
 
Եվ Լամմեն վերադարձավ Ուլենշպիգելի մոտ, որին կեսօրվա կողմն ասաց․
 
― Ես դարձյալ մարգարե եմ․ երկինքը սևանում է, քամին փոթորկաշունչ է փչում․ տաք անձրև է գալու, արդեն մի ոտնաչափ ջուր կա սառույցի վրա։
 
Երեկոյան նա ուրախ բացականչեց․
 
Հյուսիսային ծովն ուռած է․ տեղատվության ժամն է, Զյուդերզեն մտնող բարձր ալիքները պատառոտում են սառույցը, որ խոշոր կտորներով պայթում ու թռչում է նավերի վրա, լույսի շողեր է արձակում։ Այս էլ կարկուտը։ Ծովակալը մեզ հրահանգում է քաշվել Ամստերդամի առջևից, և ահա այնքան ջուր կա, որ մեր ամենամեծ նավն էլ կարող է շարժվել։ Ահա Էնքհյուզեի նավակայանը։ Ծովը նորից է սառչում։ Ես մարգարե եմ և դա աստծու հրաշքն է։
 
Ուլենշպիգելը պատասխանեց․
 
― Խմենք նրա կենացը և օրհնենք նրան։
 
Եվ ձմեռն անցավ, եկավ ամառը։
 
 
===XIX===
 
 
Օգոստոսի կեսին, երբ հացահատիկից հագեցած հավերը խուլ են մնում սեր շեփորող աքլորի կանչին՝ Ուլենշպիգելն իր նավաստիներին ու գուգազներին ասաց․
 
― Արնախում դուքսը Ուտրեխտ գալով՝ համարձակվել է արձակել մի օրհնյալ հրովարտակ, խոստանալով ի միջի այլ գթառատ պարգևների, նաև քաղց, մահ, ավերածություն Նիդեռլանդիայի այն բնակիչներին, որոնք չեն ուզենա ենթարկվել իրեն։ Այն բոլորը, ինչ դեռ ամբողջ է, պիտի բնաջնջվի, ասում է նա, և Նորին արքայական վսեմությունը երկրում օտարականներ է բնակեցնելու։ Կծի՛ր դուքս, կծի՛ր։ Խարտոցը փշրում է ճիվաղների ատամները․ մենք խարտոց ենք։ Կեցցե՜ն գյոզերը։
 
Ալբա՛, արյունը գինովցնում է քեզ։ Կարծում ես, որ վախենո՛ւմ ենք քո սպառնալիքներից կամ հավատում ենք քո գթասրտության։ Քո պանծալի գնդերը, որոնց գովքն էիր երգում արար աշխարհքում, քո Անպարտելիները, քո Մնայունները, Անմահները յոթ ամիս զբաղված էին ռմբակոծելով, լոկ քաղաքացիներով պաշտպանվող Հաառլեմ թույլ քաղաքը, սովորական մահկանացուների պես պարում էին օդում՝ պայթող ականների պարը։ Քաղաքացիները նրանց կպրածեծ արին։ Ի վերջո դրանք հաղթանակի փառքով սկսեցին կոտորել անզեն մարդկանց։ Լսո՞ւմ ես, դահի՛ճ, աստծու ժամը հնչել է։
 
Հաառլեմը կորցրեց իր պանծալի պաշտպաններին, նրա քարերից արյուն է կաթում։ Պաշարման ընթացքում քաղաքը կորցրեց ու ծախսեց մեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար ֆլորին։ Եպիսկոպոսը վերահաստատված է այդտեղ․ նա ճարտար ձեռքով և զվարթ դեմքով օծում է եկեղեցիները․ դոն Ֆրեդերիկը ներկա է լինում այդ օծումներին։ Եպիսկոպոսը լվանում է նրա ձեռքերը, որ աստված արյունոտ է տեսնում, և հաղորդություն է տալիս երկու ձևով էլ, որը սակայն թույլ չի տրված խեղճ ժողովրդին։ Եվ զանգերը ղողանջում են և զանգախումբը օդ է սփռում խաղաղ, ներդաշնակ եղանակներ․ դա նման է հրեշտակերի երգին՝ գերեզմանատան վրա։ Ակն ընդ ական և ատամն ընդ ատաման։ Կեցցե՜ն գյոզերը։
 
 
===XX===
 
 
Այդ ժամանակ գյոզերը Ֆլեսինգենում էին և Նելեն հիվանդացավ տենդով։ Նա ստիպված էր հեռանալ նավից, ուստի գնաց ապրելու Տուրվեն֊Կեյում՝ ռեֆորմիստ Պետերսի մոտ։
 
Դրանից տխրած Ուլենշպիգելն այնուամենայնիվ ուրախ էր, մտածելով, որ այդ անկողնում, ուր նա, անկասկած, առողջանալու էր, իսպանական գնդակները չպիտի կարողանան հասնել նրան։
 
Եվ շարունակ Լամմեի հետ գնում էր նրա մոտ, խնամում նրան և ավելի սիրում։ Եվ այդտեղ նրանք զրուցում էին։
 
― Բարեկա՛մ և ընկեր, ― ասաց մի օր Ուլենշպիգելը, ― գիտե՞ս ինչ լուր կա։
 
― Չէ, որդյա՛կ իմ, ― ասաց Լամմեն։
 
― Տեսե՞լ ես այն նավը, որ վերջերս եկավ միանալու մեր նավատորմին․ գիտե՞ս ո՛վ է ամեն օր վին նվագում այնտեղ։
 
― Վերջին ցրտերի պատճառով ասես երկու ականջս էլ խլացել են։ Բայց ինչո՞ւ ես ծիծաղում, որդյա՛կ իմ։
 
Ուլենշպիգելը շարունակեց իր խոսքը․
 
― Մեկ անգամ լսեցի ֆլամանդական lied էր երգում և ձայնը շատ քաղցր էր։
 
― Ավա՜ղ, ― ասաց Լամմեն, ― նա էլ էր երգում ու վին նվագում։
 
― Մյուս լուրն էլ գիտե՞ս, ― շարունակեց Ուլենշպիգելը։
 
― Չգիտեմ, որդյա՛կ իմ, ― պատասխանեց Լամմեն։
 
Ուլենշպիգելը պատասխանեց․
 
― Մեզ հրաման է տրված մեր նավերով իջնել Շելդան մինչև Անտվերպեն, որպեսզի թշնամու նավեր գտնենք այնտեղ, բռնենք կամ այրենք։ Գալով մարդկանց՝ ո՛չ մի գթություն։ Ի՞նչ ես կարծում սրա մասին, ցմփո՛ր։
 
― Ավա՜ղ, ― ասաց Լամմեն, ― մի՞թե այս ցավատանջ երկրում լսելու ենք միայն հրկիզումների, կախաղանների, ջրահեղձումների և խեղճ մարդկանց այլ բնաջնջումների խոսքեր։ Ե՞րբ է, հապա, գալու օրհնյալ խաղաղությունը, որպեսզի առանց իրարանցման կարողանանք կաքավ խորովել, հավ կարմրացնել և հավկիթներով շրջապատված արնաշաղախ երշիկի երգը լսել վառարանի վրա։ Ես սևերն եմ գերադասում, սպիտակները շատ են ճարպոտ։
 
― Այդ անուշ ժամանակը կգա, ― պատասխանեց Ուլենշպիգելը, ― երբ Ֆլանդրիայի այգեստանների խնձորենիներից, սալորենիներից ու կեռասենիներից կախված տեսնենք ոչ թե խնձորներ, սալորներ ու կեռասներ, այլ ամեն մի ճյուղից մի իսպանացի։
 
― Ա՜խ, ― ասում էր Լամմեն, ― եթե միայն կարողանայի գտնել կնոջս, իմ այնքա՜ն սիրելի, անուշիկ, քաղցրիկ ու գողտրիկ, հավատարիմ կնոջը։ Որովհետև, լա՛վ իմացիր, որդյա՛կ իմ, ես ոչ եղել եմ, ոչ էլ կլինեմ կոտոշակիր․ նա շատ զուսպ էր դրա համար և խաղաղ խառնվածք ուներ․ խուսափում էր այլ տղամարդկանց ընկերությունից․ իսկ եթե պճնազարդվել սիրում էր՝ ապա միայն կանացի պահանջից մղված։ Ես նրա խոհարարն էի, ամաններ լվացողը․ և ասում եմ հաճությամբ՝ ինչո՞ւ հիմա էլ չեմ։ Բայց և նրա տերն էի ու ամուսինը։
 
― Վերջ տանք այս խոսակցությանը։ Լսո՞ւմ ես ծովակալի ձայնը․ «Քաշե՜ք խարիսխները», և նավապետներն էլ նրանից հետո նույնն են անում։ Հարկ կլինի առագաստները պարզել։
 
― Ինչո՞ւ այսպես շուտ ես գնում, ― հարցրեց Նելեն Ուլենշպիգելին։
 
― Գնում ենք մեր նավերը, ― ասաց նա։
 
― Առանց ի՞նձ։
 
― Այո։
 
― Չե՞ս մտածում, որ խիստ կանհանգստանամ այստեղ քեզ համար։
 
― Ջանի՛կս, իմ կաշին երկաթե է։
 
― Ծիծաղում ես, ― ասաց Նելեն։ ― Ես միայն քո բաճկոնակն եմ տեսնում, և դա մահուդե է, ոչ թե երկաթե․ դրա տակը մարմինդ է՝ ոսկորից ու մսից, ինչպես իմը։ Եթե քեզ վիրավորեն՝ ո՞վ կբուժի։ Մեն֊մենակ պիտի մեռնե՞ս մարտիկների մեջ։ Ես էլ կգամ քեզ հետ։
 
― Ավա՜ղ, ― ասաց Ուլենշպիգելը, ― իսկ եթե նիզակները, արկերը, սրերը, կացինները, գուրզերը ինձ խնայեն և իջնեն քո քնքուշ մարմնի վրա, ի՞նչ պիտի անեմ ես առանց քեզ այս ունայն աշխարհում։
 
Բայց Նելեն ասաց․
 
― Ուզում եմ քեզ հետ լինել․ ոչ մի վտանգ չի լինի․ կթաքնվեմ փայտե հրակնատների հետևը, ուր քո հրահարավորներն են։
 
― Եթե դու մեկնես՝ ես կմնամ, և վախկոտ ու դավաճան կհայտարարեն քո բարեկամ Ուլենշպիգելին։ Հիմա լսիր երգս․
 
 
<poem>
Մազս երկաթ է՝ իմ սաղավարտն է․
Բնությունն ամբողջ իմ կուռ զրահն է։
Առաջին մորթըս կաշի է։
Իսկ երկրորդը՝ պողպատե։
 
 
Զուր է տգեղ ծաղրածուն՝
Մահը ուզում ինձ ճամփել։
Առաջին մորթըս կաշի է,
Իսկ երկրորդը՝ պողպատե։
 
 
Դրոշիս վրա գրեցի «Ապրել»,
Ապրել ընդմիշտ լույսի տակ․
Առաջին մորթըս կաշի է,
Իսկ երկրորդը՝ պողպատե։
 
 
Եվ երգելով էլ մեկնեց համբուրելով, իհարկե, դողդողացող շրթներն ու չքնաղ աչքերը Նելեի, որ տենդի մեջ և՛ ժպտում էր, և՛ լալիս։
 
Գյոզերը Անտվերպենում են․ նրանք ալբայական նավեր են բռնում մինչև իսկ նավահանգստում։ Օրը ցերեկով մտնելով քաղաք՝ նրանք ազատում են կալանավորներին, ուրիշների են կալանավորում՝ փրկագին ստանալու համար։ Նրանք առևանգում են քաղաքացիների, շատերին էլ ստիպում հետևել դրանց՝ անխոս ու անշշուկ, մահապատժի սպառնալիքով։
 
Ուլենշպիգելն ասում է Լամմեին․
 
― Ծովակալի որդին ձերբակալված է կանոնիկոսի մոտ․ պետք է ազատել նրան․
 
Մտնելով կանոնիկոսի տունը՝ տեսնում են որդուն մի գեր, տռուզ փորով վանականի մոտ, որը զայրացած քարոզ է կարդում նրա գլխին՝ ճգնելով վերադարձնել նրան կաթոլիկական մայր եկեղեցու սուրբ գիրկը։ Բայց պատանին չէր ուզում։ Եվ նա գնաց Ուլենշպիգելի հետ։ Այդ միջոցին Լամմեն ճանկերով վանականի կնգուղը՝ ստիպեց իր առջևից քայլել Անտվերպենի փողոցներով, ասելով․
 
― Քո փրկագինը հարյուր ֆլորին է․ փասա֊փուսեդ հավաքի՛ր և առա՛ջ ընկիր։ Ի՞նչ ես մլուլ տալիս․ արճի՞ճ կա սանդալներիդ մեջ։ Դե՛ քայլիր, ճենճի՛ տիկ, ուտելիքի՛ սնդուկ, ապուրի՛ փոր։
 
Վանականը սաստիկ ահաբեկված՝ ասում էր․
 
― Քայլում եմ, պարո՛ն գյոզ, քայլում եմ․ սակայն բացի այն պատկառանքից, որ պարտավորված եմ տածել դեպի ձեր հրահարը, դուք էլ ինձ պես ցմփոր եք, տռզած ու գեր։
 
Բայց Լամմեն քշելով նրան՝ ասաց․
 
― Ինչպե՞ս ես համարձակվում, խայտառա՛կ վանական, համեմատել քո անօգուտ, անշահ, կղերական ճենճը ֆլամանդական իմ ճարպի հետ, որ ազնվաբար ձեռք է բերված աշխատանքով, հոգնությամբ ու մարտերով։ Վազի՛ր, թե չէ շան պես քայլել կտամ քեզ իմ կրունկի խթանով։
 
Բայց վանականը չէր կարող վազել, սաստիկ հևում էր, նմանապես և Լամմեն։ Եվ այդպես հասան նավ։
Ադմին, Վստահելի
1876
edits