Changes
/* XI։ Ներկայացում */
=== XI։ Ներկայացում ===
Տոնի երրորդ օրը, երեկոյան, տեղի ունեցավ առաջին ներկայացումը մեր թատրոնում։ Հավանորեն, կազմակերպման նախնական հոգսերը շատ էին, բայց դերասաններն ամեն ինչ վերցրին իրենց վրա, այնպես որ մենք մնացյալս, չգիտեինք էլ, ի՞նչ վիճակում է գործը, ի՞նչ է արվում հատկապես, նույնիսկ լավ չգիտեինք, ինչ է ներկայացվելու։ Այդ լրիվ երեք օրերի ընթացքում, ելնելով աշխատանքի, դերասանները ջանում էին շատ զգեստներ ձեռք բերել՝ ըստ հնարավորինս։ Ինձ հանդիպելիս, Բակլուշինը միայն մատներն էր չրթացնում բավարարությունից։ Թվում է, պլաց֊մայորն էլ էր կարգին ոգևորված։ Իմիջիայլոց, միանգամայն անհայտ էր մեզ, թե գիտե՞ արդյոք նա թատրոնի մասին։ Եթե գիտեր, ապա թույլատրե՞լ էր արդյոք, ձևականորեն, կամ սոսկ վճռել էր լռե՞լ, ձեռքը թափ տվել կալանավորական ձեռնարկի վրա և անշուշտ հաստատել, որ ամեն ինչ հնարավորինս կարգի՞ն լինի։ Կարծում եմ, նա գիտեր թատրոնի մասին ու չէր կարող չիմանալ, բայց չէր կամեցել միջամտել, հասկանալով, որ կարող է ավելի վատ լինել, եթե արգելի, կալանավորները կսկսեին անկարգություններ անել, հարբեցողության տրվել, այնպես որ շատ ավելի լավ էր, եթե որևէ մի բանով զբաղվեն։ Ի դեպ, պլաց֊մայորի պարագային նման եզրահանգում ենթադրում եմ սոսկ մի պատճառով, որ դա ամենաբնականն էր, ամենաճիշտը և ուղղամիտը։ Նույնիսկ կարելի է այսպես ասել. եթե կալանավորները տոնին չունենային թատրոն կամ մեկ այլ զբաղմունք, ղեկավարությունը պիտի հորիներ դա։ Բայց քանի որ մեր պլաց-մայորն աչքի էր ընկնում մտածողության միանգամայն հակառակ եղանակով, քան մարդկության մնացյալ մասը, ապա ամենևին բացառված չէ, որ մեղք եմ անում հոգուս, ենթադրելով, թե նա գիտեր թատրոնի մասին և թույլ էր տվել։ Պլաց-մայորի պես մարդուն պետք էր ամենուրեք ինչ-որ բան ճնշել, ինչ-որ բան խլել, որևէ մեկին զրկել իրավունքներից, մի խոսքով, որևէ տեղ կարգուկանոն հաստատել։ Այդ տեսակետից նա հայտնի էր ամբողջ քաղաքում։ Ո՞ւմ ինչ գործն է, թե հենց այդ ճնշումներից բանտում անկարգություններ կարող են ծագել։ Անկարգությունների համար կան պատիժներ (դատում են այնպիսիք, ինչպիսին մեր պլաց-մայորն էր), իսկ խարդախ կալանավորների համար խստություն և կանոնների անընդմեջ, տառացի կատարում՝ ահա այն ամենն, ինչ պահանջվում է։ Օրենքի այդ անշնորհք կատարողները կտրականապես չեն հասկանում, ի վիճակի էլ չեն հասկանալ, որ օրենքի սոսկ տառացի կատարումը՝ առանց իմաստի, առանց ոգին հասկանալու, ուղղակիորեն հանգեցնում է անկարգությունների, և երբեք էլ ուրիշ մի բանի չի հանգեցրել։ «Օրենքներում ասված է, ուրիշ էլ ի՞նչ»,— ասում են նրանք և անկեղծորեն զարմանում, թե է՞լ ինչ են իրենցից պահանջում, օրենքից զատ՝ առողջ տրամաբանություն և սթափ գլուխ։ Վերջինը հատկապես շատերին թվում է ավելորդ ու զայրացուցիչ շքեղություն, ճնշում և անհանդուրժողություն։
Բայց ինչ էլ լինի, ավագ ենթասպան չէր հակադրվում կալանավորներին, իսկ նրանց հենց դա էր պետք։ Հաստատապես կասեմ, որ թատրոնը և երախտագիտությունը, որ դա թույլ տվեցին, պատճառ հանդիսացան, որ տոներին ոչ մի լուրջ անկարգություն չեղավ բանտում. ոչ մի չարորակ վեճուկռիվ, ոչ մի գողություն։ Ինքս եմ վկա եղել, թե ինչպես հենց իրենք էին զսպում որոշ քեֆչիների և կռվշտողների, միայն մի պատճառով, որ թատրոնը կարգելեն։ Ենթասպան խոսք էր վերցրել կալանավորներից, որ ամեն ինչ խաղաղ կլինի և իրենց լավ կպահեն։ Համաձայնել էին ուրախությամբ և սրբոբեն կատարում էին խոստումը, շատ էր շոյում և այն, որ հավատում են իրենց խոսքին։ Ի դեպ, հարկ է ասել, որ թատրոն թույլատրելն առանձին մի բան չէր ղեկավարության համար, ոչ մի զոհողություն չկար։ Նախապես տեղեր չսահմանեցին. թատրոնը սարքվում և քանդվում էր շատ֊շատ քառորդ ժամում։ Տևում էր ժամուկես, և եթե հանկարծ վերևից հրաման հնչեր դադարեցնել ներկայացումը, դործը գլուխ կբերվեր վայրկենապես։ Զգեստները թաքցված էին կալանավորների սնդուկներում։ Բայց նախքան ասելս, թե ինչպես էր սարքված և ինչ զգեստներ էին օգտագործված, խոսեմ թատրոնի ազդագրի մասին, այսինքն հատկապես ինչ էր նախատեսված խաղալ։
Ասենք, գրված ազդագիր չկար էլ։ Երկրորդ, երրորդ ներկայացումներին, ի դեպ, հայտնվեց մի թերթիկ Բակլուշինն էր գրել պարոնայք սպաների և ընդհանրապես ազնվական այցելուների համար, ովքեր դեռևս առաջին ներկայացմանը իրենց այցելությանն էին արժանացրել մեր թատրոնը։ Այն է. պարոններից սովորաբար գալիս էր պահախմբի սպան, իսկ մի անգամ եկավ պահախմբերի հերթապահն անձամբ։ Մի անգամ էլ եկավ ինժեներականի սպան, ահա, այդ այցելուների համար էլ ստեղծվեց ազդադիրը։ Ենթադրվում էր, որ բանտային թատրոնի համբավը կթնդա հեռուներում, ամրոցում և նույնիսկ քաղաքում, առավել ևս, որ քաղաքում թատրոն չկար։ Տարածվել էր, որ մեկ ներկայացում է կազմակերպված՝ սիրողներից, ուրիշ ոչինչ։ Կալանավորները երեխայի պես ուրախանում էին նվազագույն հաջողությամբ, անգամ արվում սնափառության։ «Ով գիտե,— մտմտում ու խոսում էին մեզ մոտ իրենք իրենց և իրար մեջ,— մեկ էլ տեսար, ամենավերին ղեկավարությունն իմացավ։ Կգան, կնայեն, այն ժամանակ կտեսնեն, թե ինչ կալանավորներ կան։ Հասարակ զինվորական ներկայացում չէ, ինչ֊որ խրտվիլակներով, լողացող նավակներով, քայլող արջերով ու այծերով։ Դերասաններ են, իսկական դերասաններ, պարոնների կատակերգություններ են խաղում, նման թատրոն քաղաքում էլ չկա։ Ասում են, գեներալ Աբրոսիմովի մոտ է մի անգամ ներկայացում եղել, էլի է լինելու, է՛, կարող է միայն զգեստներով աչքի ընկնեն, իսկ ինչ վերաբերում է ''խոսք ու զրույցին'', ապա ով գիտե մերոնց։ Լուրը կհասնի նահանգապետին, վայ թե ու սատանան գիտե, կարող է ինքն էլ ուզենա գա՝ նայելու։ Ախր, քաղաքում թատրոն չկա... Մի խոսքով, կալանավորների երևակայությունը, հատկապես անդրանիկ հաջողությունից հետո, տոներին հասավ վերիին աստիճանին, համարյա թե մինչև պարգևատրումների կամ պատժաժամկետների նվազեցման, թեև միևնույն ժամանակ հենց իրենք էին շատ բարեհոգի ծիծաղում իրենց վրա։ Միով բանիվ, երեխաներ էին, կատարյալ երեխաներ, չնայած այդ երեխաներից ոմանք քառասուն տարեկան էին։ Բայց թեև ազգագիր չկար, ես արդեն հիմնական գծերով գիտեի նախատեսված ներկայացման ցանկը։ Առաջին պիեսն էր «Ֆիլատկան և Միրոշկան ախոյաններ»։ Բակլուշինը, ներկայացումից դեռ մեկ շաբաթ առաջ, գլուխ էր գովում իմ առաջ, որ Ֆիլատկայի դերակատարումը ստանձնել է ինքը և այնպես կներկայացվի, որ սանկտ-պետերբուրգյան թատրոնում էլ չեն տեսել։ Նա շրջում էր բանտասենյակներում, պարծենում՝ առանց խղճի ու ամոթի, դրա հետ մեկտեղ նաև բարեհոգությամբ, մեկ-մեկ էլ հանկարծ մի որևէ «թաթրոնական» բան ասում իր դերից, և բոլորը քրքջում էին, ծիծաղելի լիներ, թե՝ ոչ նրա «օյինը»։ Ի դեպ, հարկ է խոստովանել, որ կալանավորներն այստեղ էլ էին կարողանում զսպել իրենց և արժանապատվություն պահպանել. հիանում էին Բակլուշինի արարքներով և թատրոնի ապագայի մասին պատմություններով, արտահայտվում էին կամ ամենաջահել դերակատարները՝ անզսպությամբ, կամ միայն կալանավորներից ամենաերևելիները, ում հեղինակությունն անվերապահ հաստատված էր, այնպես որ վախենալու ոչինչ չունեին արտահայտելու իրենց զգացողությունները, ինչ էլ լինեին դրանք, թեկուզև ամենասանձարձակ բնույթի (այսինքն՝ բանտային ըմբռնումներով՝ ամենաանվայել)։ Իսկ մնացածը լուռ լսում էին խոսք ու զրույցները, ճիշտ է, չէին դատապարտում կամ հակադրվում, սակայն ամբողջ ուժով ջանում թատրոնի վերաբերյալ լուրերին արձագանքել անտարբերությամբ, մասամբ էլ՝ նույնիսկ վերևից։ Միայն ամենավերջին շրջանում, համարյա ներկայացման օրն իսկ սկսեցին հետաքրքրվել, որևէ բան կլինի՞, ինչպե՞ս են մերոնք, պլաց֊մայո՞րն ինչ, կհաջողվի՞ այնպես, ինչպես նախանցյալ տարի և այլն։ Բակլուշինը հավատացնում էր ինձ, որ բոլոր դերասաններն ընտրված են հոյակապ, յուրաքանչյուրն «իր տեղում է»։ Որ նույնիսկ վարագույր է լինելու։ Որ Ֆիլատկայի հարսնացուի դերը խաղալու է Սիրոտկինը՝ ինքներդ կտեսնեք, թե ինչպիսին է նա՝ կնոջ զգեստով,— ասում էր նա, աչքերը կկոցելով ու լեզուն ճպպացնելով։ Բարեգործ կալվածատիրուհին կլինի ծալաբոլորք զգեստով, նաև՝ լայնօձիք թիկնոց, ձեռքին՝ հովանոց, իսկ բարերար կալվածատերը բեմ կմտնի սպայական ուսկապեր ունեցող սերթուկով, ձեռնափայտով։ Ապա հետևում էր երկրորդ պիեսը, դրամատիկ «Որկրամոլ Կեդրիլը»։ Անվանումն ինձ շատ հետաքրքրեց, սակայն ինչքան էլ հարցուփորձ արեցի դրա մասին, ոչինչ չկարողացա իմանալ նախապես։ Իմացա սոսկ, որ վերցված է ոչ գրքից, այլ «ձեռագրով», որ պիեսը ձեռք են բերել ինչ֊որ պաշտոնաթող ենթասպայից, արվարձանում, իսկ ենթասպան թերևս ինքն էլ ժամանակին մասնակցել է մի որևէ զինվորական թատրոնի բեմադրություններին։ Մեզանում, հեռավոր քաղաքներում ու նահանգներում իսկապես կան այնպիսի պիեսներ, որոնք, թվում է, հայտնի չեն ոչ ոքի, գուցեև ոչ մի տեղ երբեք չեն տպագրվել, սակայն որոնք ինքնըստինքյան հայտնվում էին որևէ մի տեղից և կազմում Ռուսաստանի հայտնի շերտի յուրաքանչյուր ժողովրդական թատրոնի անհրաժեշտ պատկանելիությունը։ Իմիջիայլոց. ես ասացի «ժողովրդական թատրոն»։ Շատ ու շատ լավ կլիներ, եթե մեր հետազոտողներից մեկնումեկը զբաղվեր նոր և ավելի հանգամանալի, քան մինչ այժմ, ուսումնասիրություններով՝ ժողովրդական թատրոնի մասին, որը կա, գոյություն ունի, գուցեև ոչ ամենևին աննշան։ Չեմ ուզում հավատալ, որ այն ամենը, ինչ հետո տեսա մեզ մոտ, մեր բանտային թատրոնում, հորինել էին մեր իսկ կալանավորները։ Այստեղ անհրաժեշտ է սովորույթների, ավանդույթների ժառանգականություն, մեկ անգամ հաստատված հնարներ և ըմբռնումներ, որոնք անցնում են տոհմից տոհմ և ապրում հին հիշողություններով։ Դրանք փնտրել է պետք զինվորների մոտ, ֆաբրիկաների բանվորների մոտ՝ ֆաբրիկա ունեցող քաղաքներում և նույնիսկ անծանոթ որոշ չքավոր գավառական գյուղաքաղաքներում՝ քաղքենիների մոտ։ Դրանք պահպանվել են նմանապես գյուղերում և գավառական քաղաքներում՝ կալվածատիրական խոշոր տների ծառաների մոտ։ Մտածում եմ նույնիսկ, որ հինավուրց շատ պիեսներ ձեռագիր տարածվել են Ռուսաստանով մեկ ոչ այլ կերպ, քան կալվածատիրական ծառայատների միջոցով։ Նախկին հնամենի կալվածատերեր և մոսկվացի հողատերեր ունեցել են սեփական թատրոններ՝ կազմված ճորտ դերասաններից։ Եվ ահա, այդ թատրոններում էլ սկիզբ է առել մեր ժողովրդական դրամատիկ արվեստը, որի հատկանիշներն աներկբա են։ Իսկ ինչ վերաբերում է «Որկրամոլ Կեդրիլին», ապա ինչքան էլ ջանացի, նախապես ոչինչ չկարողացա իմանալ դրա մասին, բացի որ բեմի վրա հայտնվում են չար ոգիներ և Կեդրիլին տանում դժոխք։ Սակայն ի՞նչ ասել է Կեդրիլ, վերջապես ինչո՞ւ Կեդրիլ և ոչ Կիրիլլ, ռուսակա՞ն դիպված է, թե օտարերկրյա՝ ոչ մի կերպ չիմացա։ Ավարտին հայտարարվում էր, թե ներկայացվելու է «պանտոմինա երաժշտությամբ»։ Հարկավ, այդ ամենը շատ էր հետաքրքրական։ Դերասանները տասնհինգ հոգի էին՝ բոլորն էլ ճարպիկ ու անվեհեր մարդիկ։ Նրանք լոպազանում էին միմյանց մասին, փորձեր էին անում, երբեմն՝ բանտասենյակների ետևում, գաղտնի պահում, թաքնվում։ Մի խոսքով, ուզում էին բոլորիս զարմացնել անսովոր և անսպասելի մի բանով։
Սովորական օրերին բանտը փակվում էր վաղ, մութն ընկնելուն պես։ Ծննդյան տոներին բացառություն էր արվում, չէին փակում մինչև իրիկնավարտ։ Այդ արտոնությունը տրվել էր՝ հատկապես թատրոնի համար։ Տոների ընթացքում ամեն օր, սովորաբար իրիկնամուտին, բանտից մարդ էին ուղարկում պահախմբի սպայի մոտ՝ խոնարհ խնդիրքով, «թույլատրել թատրոնը և ավելի ուշ փակել բանտը», ավելացնելով, որ երեկ էլ թատրոն կար ու երկար ժամանակ չփակվեց, իսկ ոչ մի անկարգություն չեղավ։ Պահախմբի սպան այսպես էր դատում. «Իրոք, երեկ անկարգություններ չեղան, իսկ որ իրենք են խոսք տալիս, որ այսօր էլ չի լինի, ուրեմն, իրենք էլ կհետևեն, իսկ դա ամենից հաստատն է։ Բացի դրանից, թատրոնը թույլ չտաս, մեկ էլ տեսար (ո՞վ գիտե դրանց, աքսորական ժողովուրդ են), դիտավորյալ որևէ բան կսարքեն չարությունից և պահախումբը մեղավոր կհանեն»։ Վերջապես և այն, որ պահակ կանգնելը ձանձրալի գործ է, իսկ դա թատրոն է, ոչ թե հասարակ զինվորական, այլ կալանավորական, կալանավորներն էլ հո հետաքրքիր մարդիկ են՝ ուրախալի կլինի նայել։ Իսկ պահախմբի սպան միշտ իրավունք ունի նայել։
Կգա հերթապահը։ «Որտե՞ղ է պահախմբի սպան»։— «Գնաց բանտ՝ կալանավորներին հաշվելու, բանտասենյակները կողպելու»,— ուղղակի պատասխան է, և արդարացումն է ուղղակի։ Այդպիսով, պահախմբի սպաներն ամեն երեկո, ամբողջ տոնի ընթացքում թույլատրում էին թատրոնը և չէին կողպում բանտասենյակներն՝ ընդհուպ մինչև իրիկնավարտ։ Կալանավորները նախապես էլ գիտեին, որ պահախմբից արգելքներ չեն լինի և հանգիստ էին։
Ժամը յոթին մոտ իմ ետևից եկավ Պետրովը և միասին գնացինք ներկայացման։ Մեր բանտասենյակից համարյա բոլորը եկան, չեռնիգովցի հնածիսականից և լեհերից բացի։ Միայն ամենավերջին ներկայացմանը, հունվարի չորսին, լեհերը վճռեցին լինել թատրոնում, այն էլ բազում հավաստիացումներից հետո, որ այնտեղ թե լավ է, թե ուրախ, թե անվտանգ։ Լեհերի խորշանքն ամենևին չէր բարկացնում տաժանապարտներին, և հունվարի չորսին նրանց ընդունեցին շատ քաղաքավարի։ Նույնիսկ թողեցին զբաղեցնել լավագույն տեղերը։ Իսկ ինչ վերաբերում է չերքեզներին, առանձնապես Իսայ Ֆոմիչին, ապա նրանց համար մեր թատրոնն իսկական վայելք էր։ Իսայ Ֆոմիչն ամեն անգամ երեքական կոպեկ էր տալիս, իսկ վերջին անգամ ափսեի մեջ դրեց տասը կոպեկ, և երանություն հյատնվեց նրա դեմքին։ Դերասանները սահմանել էին փող վերցնել ներկաներից՝ ով ինչքան կտար, թատրոնի ծախսերի և իրենց անձնական ''սատարման'' համար։ Պետրովը հավատացնում էր, որ ինչքան էլ լեփ֊լեցուն լինի թատրոնը, առաջին տեղերից մեկն ինձ կտան, այն առումով, որ մյուսներից ավելի ունեոր լինելով, հավանաբար, ավելի շատ կտամ, նաև որ իրենցից ավելի շատ բան եմ իմանում։ Այդպես էլ եղավ։ Բայց սկզբում նկարագրեմ սրահը և թատրոնի շինվածքը։
Մեր զինվորական բանտասենյակը, ուր թատրոնն էր տեղավորվել, տասնհինգ քայլաչափ երկարություն ուներ։ Բակից բարձրանում էին առմուտք, այստեղից՝ հաշտ, հաշտից էլ բանտասենյակ։ Այդ երկարուկ բանտասենյակը, ինչպես արդեն ասացի, առանձնահատուկ էր սարքված, թախտաշարը ձգվում էր պատի երկայնքով, այնպես որ սենյակի մեջտեղը մնում էր ազատ։ Սենյակի կեսը՝ ավելի մոտ առմուտքին, տրված էր հանդիսականներին։ Իսկ մյուս կեսը, որը կապված էր ուրիշ բանտասենյակի հետ, հատկացված էր բուն բեմին։ Ամենից առաջ ինձ ապշեցրեց վարագույրը։ Ձգվում էր տասը քայլաչափ՝ ամբողջ սենյակի լայնքով։ Վարագույրն այնպիսի ճոխություն էր, որ իսկապես զարմանալու բան կար։ Բացի ամեն ինչից, նկարված էր յուղաներկերով, պատկերված էին ծառեր, տաղավարներ, լճակներ և աստղեր։ Նկարված էր հին ու նոր կտավի վրա, ով ինչքան տվել ու նվիրել էր, նաև կալանավորական հին փաթավաներից և շապիկներից՝ մի կերպ կարկրված ու դարձած խոշոր պաստառ, ի վերջո, այն մասը, որին կտավ չէր հերիքել, պարզապես թղթից էր՝ նույնպես թերթ֊թերթ խնդրած տարբեր գրասենյակներից ու վարչատներից։ Իսկ մեր ներկարարները, որոնցից աչքի էր ընկել Ա.֊վ Բրյուլլովը, ստանձնել էին ներկել ու նկարել։ Էֆեկտը զարմանալի էր։ Նման ճոխությունն ուրախացնում էր ամենամռայլ և ամենաբծախնդիր կալանավորներին, որոնք, հենց բանը հասավ ներկայացմանը, առանց բացառության դարձան նույնպիսի մանուկներ, ինչպես ամենատաքարյունները և անհամբերները նրանցից։ Բոլորը շատ գոհ էին, նույնիսկ պարծենկոտ գոհ։ Լուսավորությունը մի քանի մաս-մաս արված ճարպամոմեր էին։ Վարագույրի առաջ երկու նստարան էր դրված՝ խոհանոցից, իսկ նստարաններից առաջ երեք-չորս աթոռ, բերված էին ենթասպաների սենյակից։ Աթոռները նախատեսված էին սպայական ամենաբարձր կոչման անձանց համար։ Իսկ նստարանները՝ ենթասպաների, ինժեներական գրագիրների, վերակացուների և այլոց համար, ովքեր թեև պետեր էին, բայց ոչ սպայական կոչումներով, եթե հանկարծ նրանք բանտ գային՝ թատրոն։ Այդպես էլ եղավ՝ կողմնակի այցելուների հոսքը չկտրվեց ամբողջ տոների ընթացքում։ Մի երեկո շատ էին լինում, մյուսին՝ ավելի քիչ, իսկ վերջին ներկայացմանը նստարաններին ոչ մի ազատ տեղ չկար։ Եվ վերջապես, արդեն նստարանների ետևում, տեղավորվում էին կալանավորները, կանգնած, այցելուների հանդեպ հարգանքից՝ գլխաբաց, բաճկոններով կամ կիսամուշտակներով, չնայած սենյակի շոգեխաշ հեղձուկին։ Իհարկե, կալանավորների համար տեղեր չափից ավելի քիչ էին հատկացված։ Սակայն բացի նրանից, որ հատկապես վերջին շարքերում մեկը մյուսի վրա էր նստում, զբաղված էին նաև թախտաշարերը, կուլիսները և ի վերջո, կային մշտապես թատրոն եկող սիրողներ և նրանք մտնում էին մյուս բանտասենյակ և այնտեղից, ետևի կուլիսներից դիտում էին ներկայացումը։ Նեղվածքը բանտասենյակի առջևում, անբնական էր ու թերևս հավասարվում էր խռնվածքին ու նեղվածքին, ինչ դեռ վերջերս էի տեսել բաղնիքում։ Դեպի հաշտ տանող դուռը բաց էր մնում, և այնտեղ, ուր քսան աստիճան սառնամանիք էր, նույնպես մարդիկ էին խռնված։ Մեզ՝ ինձ ու Պետրովին անմիջապես թողեցին առաջ, համարյա նստարանների մոտ, որտեղից ավելի լավ էր երեում, քան ետևի շարքերից։ Ի դեմս ինձ, մասամբ տեսնում էին գնահատողի, գիտակի, որը եղել է ոչ այսպիսի թատրոններում։ Տեսնում էին, թե Բակլուշինն ինչպես է ամբողջ ժամանակ խորհուրդներ հարցնում ինձնից և հարգանքով վերաբերվում։ Ուրեմնև, հիմա ինձ հարգանք և տեղ էր հասնում։ Ընդունենք, որ կալանավորները սնափառ, և վերին աստիճանի թեթևամիտ մարդիկ էին, բայց այդ ամենր շինծու էր։ Կալանավորները կարող էին խնդալ վրաս, տեսնելով, որ վատ օգնական եմ գործի մեջ։ Ալմազովը կարող էր արհամարհանքով նայել մեզ՝ ազնվականներիս, մեր առաջ պարծենալով ալաբաստր խարկելու իր ընդունակությամբ։ Սակայն մեր հանդեպ ճնշումներին և ծաղրանքին խառնվում էր մեկ ուրիշ բան. ինչ֊որ ժամանակ մենք ազնվական էինք եղել, պատկանում էինք նույն դասին, ինչև իրենց տերերը, ում մասին լավ հիշողություններ չէին կարող պահպանած լինել։ Բայց հիմա, թատրոնում, նրանք ետ էին քաշվում իմ առաջ։ Նրանք ընդունում էին, որ այս գործում կարող եմ իրենցից ավելի լավ դատել, որ տեսել ու գիտեմ իրենցից ավելի։ Իմ հանդեպ ամենավատ տրամադրվածները (գիտեմ դա) հիմա ցանկանում էին սաանալ իմ գովասանքն իրենց թատրոնի մասին, և առանց որևէ ինքնանվաստացման, թողեցին ինձ լավագույն տեղը։ Հիմա դատում եմ, վերհիշելով այն ժամանակվա իմ տպավորությունը։ Իսկ այն ժամանակ թվաց՝ հիշում եմ դա, որ իրենք իրենց նկատմամբ արդար դատն ամենևին նվաստացում չէր, այլ սեփական արժանապատվության զգացում։ Մեր ժողովրդի բարձրագույն և ամենակտրուկ բնութագրական գիծը արդարացիության զգացումն է ու դրա ծարավը։ Ամենուրեք և ''ինչ ուզում է լինի''՝ առջևվում լինելու աքլորական հակումները՝ արժե, թե չարժե մարդը, ժողովրդի մեջ չկա։ Արժե սոսկ պոկել արտաքին, ոչ բնական կեղևը և բուն միջուկին նայել ավելի ուշադիր, մոտիկից, առանց նախապաշարումների, և ոմանք ժողովրդի մեջ կտեսնեն այնպիսի բաներ, ինչի մասին չէին էլ ենթադրում։ Քիչ բան կարող են ժողովրդին սովորեցնել մեր իմաստունները։ Հաստատապես կասեմ նույնիսկ հակառակը՝ դեռ իրենք պիտի սովորեն նրանից։
Պետրովը միամտաբար ասաց ինձ, երբ դեռ նոր էինք պատրաստվում թատրոն գնալ, որ ինձ առաջ կթողնեն նաև այն պատճառով, որ ավելի շատ փող կտամ։ Հաստատված գին չկար․ յուրաքանչյուրը տալիս էր, ինչ կարող էր կամ ինչ ուզում էր։ Համարյա բոլորն ինչ֊որ բան գնում էին, թեկուզ մեկական գռոշ, երբ սկսեցին շրջել ափսեով։ Բայց եթե ինձ առաջ թողեցին՝ մասամբ և փողի համար, ենթադրելով, թե կտամ բոլորից շատ, ապա, նորից և նորից ինչքան շատ էր սեփական արժանապատվության գիտակցումը։ «Դու ավելի ունեոր ես ինձնից, առաջ անցիր, թեև այստեղ բոլորը հավասար են, բայց դու ավելի շատ կդնես, հետևաբար, այնպիսի այցելու, ինչպիսին դու ես, ավելի դուրեկան է դերասաններին, ուրեմնև՝ քեզ առաջին տեղը, որովհետև բոլորս այստեղ ենք ոչ ի գին փողի, այև հարգանքից, հետևաբար ինքներս մեզ պիտի տեսակավորենք»։ Իսկական ազնվաբարո ինչքա՜ն հպարտություն կար դրա մեջ։ Հարգանք չէր փողի հանդեպ, այլ հարգանք իրենց իսկ նկատմամբ։ Իսկ ընդհանրապես, փողի, հարստության հանդեպ բանտում առանձնահատուկ հարգանք չկար հատկապես, եթե բոլոր կալանավորներին նայես անտարբեր, զանգվածաբար, խմբովի։ Ես չեմ հիշում նրանցից նույնիսկ մեկին, որը լրջորեն նսեմանար փողի պատճառով, եթե անգամ նրանց դիտելիս լինեիր առանձին֊առանձին։ Կային ուզվորներ, որոնք փող էին ուզում ինձնից։ Սակայն այդ մուրացկանության մեջ ավելի շատ էր չարաճճիությունը, խորամանկությունը, քան իրական գործը, ավելի շատ էր հումորը, միամտությունը։ Չգիտեմ, հասկանալի՞ եմ արտահայտվում արդյոք... Բայց մոռացա թատրոնը։ Անցնեմ գործի։
Մինչ վարագույրը կբարձրանար, ամբողջ սենյակն արաառոց և աշխույժ մի պատկեր էր ներկայացնում։ Նախ, հանդիսականների ամբոխը՝ սեղմված, ճապաղված, բոլոր կողմերից հրմշտված, համբերությամբ, երանությունը դեմքերին՝ ներկայացման սկզբին սպասող։ Վերջին շարքերում մեկը մյուսի շալակն ելած մարդիկ։ Շատերն իրենց հետ խոհանոցից ձողաններ էին բերել՝ հաստ ձողանը մի կերպ հարմարեցնելով պատի մոտ, ելնում էին դրանց վրա և երկու ձեռքով հենվում առջևի կանգնածի ուսերին և, դիրքը չփոխելով, այդպես կանգնում էին երկու ժամ, հատկապես գոհ իրենցից ու տեղերից։ Մյուսները, ոտատեղ հարմարեցրած ներքեի ոտնակին, ճիշտ նույնպես կանգնում էին ամբողջ ժամանակ, հենվելով առջևինների ուսերին։ Դա ամենավերջին շարքերում էր, պատի մոտ։ Կողքից, թախտաշարի վրա մագլցած, նույնչափ հոծ ամբոխ էր կանգնած երաժիշտների գլխավերևում։ Սրանք լավ տեղեր էին։ Մի հինգ հոգի ելել էին հենց վառարանի վրա և պառկած, նայում էին ցած։ Հո երանության մեջ չէ՜ին։ Դիմացի պատի լուսամուտագոգերին նույնպես խռնված էր ուշացած և լավ տեղ չգտածների բազմությունը։ Բոլորն իրենց պահում էին լուռ ու արժանապատիվ։ Բոլորը կամենում էին պարոնների և այցելուների առաջ իրենց ցույց տալ լավագույն կողմից։ Բոլոր դեմքերն արտահայտում էին ամենապարզունակ սպասում։ Բոլոր դեմքերը կարմրատակած էին, քրտնապատ՝ շոգից և հեղձուկից։ Մանկական բերկրանքի, դուրեկան, դուրեկան, անխառն վայելքի այդ ինչ արտացոլում կար կնճռապատ, խարանված ճակատներին ու այտերին, մինչ այդ մռայլ ու խոժոռ մարդկանց հայացքներում, երբեմն ահարկու կրակով շողացող աչքերում։ Բոլորը գլխաբաց էին, և աջ կողմից բոլոր գլուխներն ածիլված պատկերվեցին ինձ։ Բայց ահա, բեմի վրա իրարանցում, աճապարանք առաջացավ։ Հիմա կբարձրանա վարագույրը։ Ահա, նվագեց նվագախումբը... Արժանահիշատակ է այդ նվագախումբը։ Կողքից, թախտաշարերին տեղավորվել էին ութը երաժիշտ. երկու ջութակ (մեկը կար բանտում, մյուսն ինչ-որ մեկից էին վերցրել ամրոցում, իսկ նվագողը բանտում գտնվեց), երեք բալալայկա՝ բոլորն ինքնաշեն, երկու կիթառ և մի դափ՝ կոնտրաբասի փոխարեն։ Ջութակները միայն ճզճզացնում էին, կիթառները վատն էին, փոխարենը՝ բալալայկաներն էին չլսված։ Լարերի վրա մատների խաղը լրիվ նման էր ամենահմուտ աճպարարության։ Բոլոր եղանակները պարային էին։ Ամենառիթմիկ տեղերում նվագողները մատնոսկրերով խփում էին բալալայկաների հնչերեսներին։ Տոնը, ճաշակը, կատարումը, նվագարանների կիրառումը, եղանակի մատուցման բնույթը՝ այդ ամենն ինքնատիպ էր, կալանավորական։ Կիթառահարներից մեկն էլ հոյակապ գիտեր իր նվագարանը։ Հենց նա էր՝ ազնվականներից, որը սեփական հորն էր սպանել։ Ինչ վերաբերում է դափահարին, ապա նա հրաշքներ էր գործում. մեկ պտտում էր մատներով, մեկ բթամատն ընդհատ֊ընդհատ սահեցնում կաշվի վրա, մեկ հնչում էին մանրիկ, զնգուն և միօրինակ հարվածներ, մեկ հանկարծ այդ ուժգին, հատու հնչյունը սիսեռահատիկի պես ցրիվ էր գալիս՝ վերածվելով անհամար մանրիկ, դողդողացող, սրսփող հնչյունների։ Վերջապես, հայտնվեցին ես երկու հարմոնահար։ Ազնիվ խոսք, մինչ այդ պատկերացում իսկ չունեի, թե ինչ կարելի է անել հասարակ, ժողովրդական պարզ նվագարաններով. հնչյունների փոխհամաձայնեցումը, միասնականությունը, գլխավորը՝ ոգին, ընկալման բնույթը և եղանակի բուն էության ըմբռնման և փոխանցման կերպը պարզապես զարմանալի էին։ Առաջին անգամ ես լիովին հասկացա այնտեղ, թե հատկապես ինչ խրոխտ ու զվարթ բան կա ռուսական պարերգերի անսահման կենսուրախության և խրոխտության մեջ։ Վերջապես բարձրացավ վարագույրը։ Բոլորն իրար եկան, մի ոտքից մյուսին հենվեցին, ետևինները բարձրացան ոտնաթաթերի վրա։ Ինչ֊որ մեկն ընկավ ձողանի վրայից, բոլորն անխտիր բացեցին բերանները և չռեցին աչքերը, ու լիակատար լռություն տիրեց։ Ներկայացումը սկսվեց։
Կողքս կանգնած էր Ալեյը՝ իր եղբայրների և մյուս բոլոր չերքեզների խմբի հետ։ Նրանք բոլորը ջերմեռանդոր են կապվել էին թատրոնին և ամեն երեկո այստեղ էին։ Բոլոր մահմեդականները, թաթարները և այլոք, ինչպես նկատել եմ ոչ մեկ անգամ, միշտ էլ ամեն կարգի տեսարան֊ներկայացումների կրքոտ երկրպագուներ են։ Նրանց կողքին կուչուռվել էր նաև Իսայ Ֆոմիչը, որը վարագույրը բարձրանալուն պես, ասես ամբողջովին վերածվեց լսողության, տեսողության և ամենապարզունակ, հրաշքների և վայելու մի անհագ սպասումի։ Նույնիսկ ափսոս կլիներ, եթե հուսախաբվեր իր սպասումներից։ Ալեյի սիրուն դեմքը շողում էր այնպիսի մանկական, սքանչելի բերկրանքով, որ խոստովանում եմ, ինձ համար շատ դուրալի էր նրան նայելը և մի քանի անգամ, հիշում եմ, դերասանի մի որևէ ծիծաղելի կամ ճարպիկ վարմունքից հետո, երբ ընդհանուր քրքիջ էր հնչում, իսկույն շրջվում էի Ալեյի կողմն ու նայում նրա դեմքին։ Նա ինձ չէր տեսնում, ինչ կապ ուներ հիմա ինձ հետ։ Ինձնից ոչ շատ հեռու, ձախ կողմում կանգնած էր մի կալանավոր՝ տարեց, մշտապես խոժոռ, մշտապես դժգոհ ու փնթփնթան։ Նա նույնպես նկատել էր Ալեյին և տեսա, որ մի քանի անգամ կիսաժպիտով շրջվեց, նրան նայելու՝ այնքան էր դուրեկան։ «Ալեյ Սեմյոնիչ» էր ասում նրան՝ չգիտեմ ինչու։ Սկսեցին «Ֆիլատկա և Միրոշկայով»։ Ֆիլատկան (Բակլուշին) իսկապես հոյակապ էր։ Իր դերը խաղում էր զարմանալի հստակությամբ։ Երևում էր, որ նա խորամուխ է եղել իր յուրաքանչյուր դարձվածքի, ամեն մի շարժուձևի մեջ։ Ամեն մի դատարկ խոսքին, յուրաքանչյուր շարժմունքին կարողանում էր իմաստ և նշանակություն հաղորդել՝ լիուլի համապատասխան դերի բնույթին։ Այդ ջանադրությամբ, ուսումնասիրմանը գումարեք զարմանալի, բնական ուրախություն, պարզություն, անկեղծություն, և եթե տեսնեիք Բակլուշինին, անպայման կհամաձայնեիք, որ իսկական, բնածին դերասան է, մեծ տաղանդի տեր։ Քանիցս տեսել եմ Ֆիլատկայի դերակատարներ մոսկովյան և պետերբուրգյան թատրոններում և հաստատապես եմ ասում՝ Ֆիլատկայի մայրաքաղաքային երկու դերասաններն էլ Բակլուշինից վատ էին խաղում։ Նրա հետ համեմատած, երկուսն էլ գեղջուկներ էին և ոչ իսկական մուժիկներ։ Նրանք չափից ավելի էին կամենում ներկայացնել մուժիկների։ Դրանից բացի, Բակլուշինին բորբոքում էր մրցակցությունը։ Բոլորին հայտնի էր, որ երկրորդ ներկայացմանը Կեդրիլի դերը խաղալու է կալանավոր Պոցեյկինը, որը դերասան էր, ում, չգիտես ինչու, բոլորը համարում էին Բակլուշինից շնորհալի, ավելի լավ, և Բակլուշինը դրանից տառապում էր երեխայի պես։ Քանի անգամ նա մոտս եկավ վերջին օրերին ու սիրտր դատարկեց։ Ներկայացումից երկու ժամ առաթ դողէրոցքից ցնցվում էր։ Երբ ամբոխը քրքջում ու բղավում էր նրան. «Շատ լավ է, Բակլուշին։ Ապրես, Բակլուշին», դեմքը շողում էր երջանկությունից, իսկական ոգեշնչում էր փայլատակում աչքերում։ Միրոշկային համբուրելու տեսարանը, երբ Ֆիլատկան նախապես բղավում էր նրան, թե «Սրբվի՜ր», ինքն էլ էր բերանը սրբում, չափազանց ծիծաղելի էր ստացվել։ Բոլորը թուլացել էին ծիծաղից։ Բայց ամենից հետաքրքրականն ինձ համար հանդիսականներն էին՝ այստեղ արդեն ամեն ինչ բացեիբաց էր։ Իրենց հաճույքին էին տրվել ինքնամոռացությամբ։ Հավանության ճիչերը հնչում էին ավելի ու ավելի հաճախ։ Ահա, մեկը բոթեց ընկերոջը և շտապ-շտապ նրան հայտնեց տպավորությունները, նույնիսկ չմտահոգվելով ու չտեսնելով, որ կանգնած է նրա կողքին։ Մյուսը, որևէ զվարճալի տեսարանի ժամանակ, հանկարծակի, հիացմունքով ու փութով, շրջվում էր ամբոխի կողմը, արագ զննում բոլորին, կարծես կոչելով նրանց ևս ծիծաղել, ձեռքն էր թափահարում և անմիջապես, անհագաբար դառնում բեմի կողմը։ Երրորդը պարզապես լեզուն էր ճտտացնում, մատներով չրթացնում ու չէր կարողանում տեղում հանգիստ կանգնել, իսկ քանի որ շարժվելու տեղ չկար, ապա միայն ոտքից ոտքի էր հենվում։ Պիեսի ավարտին ընդհանուր զվարթ տրամադրությունը հասավ գագաթնակետին։ Ոչինչ չեմ չափազանցնում։ Պատկերացրեք, բանտ, կալանդներ, անազատություն, առջևում՝ երկարուձիգ տրտում տարիներ, ջրի կաթիլի պես միօրինակ կյանք՝ աշնան մթնգած օրվա մեջ, ու հանկարծ բոլոր այդ ճնշվածներին ու կալանվածներին թույլ էին տվել մի ժամով թոթափվել, զվարճանալ, մոռանալ ծանր երազը, մի ամբողջ թատրոն սարքել, այն էլ ինչպե՜ս. ի հպարտություն և ի զարմանս ամբողջ քաղաքի՝ իբր, տես ու ճանաչիր մերոնց, թե ինչ կալանավորներ են։ Հարկավ, ամեն ինչ գրավում էր նրանց, ասենք, զգեստները։ Անասելի հետաքրքրական էր նրանց՝ մի որևէ Անուղղելի Վանկայի, կամ Նեցվետաևի, կամ Բակլուշինի տեսնել բոլորովին ուրիշ զգեստով, քան տեսել էին արդեն քանի-քանի տարի, ամեն օր։ «Ախր, կալանավոր է, հենց նույն կալանավորը, ում ոտքերին կալանդներ են զնգզնգում, բայց ահա, բեմ է մտնում սերթուկով, կլոր շլյապայով, թիկնոցով՝ իսկական քաղքցի։ Բեղեր է կպցրել, մազեր։ Հրեն, գրպանից հանեց կարմիր թաշկինակը, թափ տվեց, ազնվական է ներկայացնում, ճիշտ կարծես ոչ ավել, ոչ պակաս, հենց հողատեր է որ կա»։ Եվ բոլորը զմայլված են։ Բարեգործ կալվածատերը բեմ էր մտնում համհարզի մունդիրով, ճիշտ է՝ շատ հնամաշ, ուսապանակներով, կոկարդակիր գլխարկով և ձեռնափայտով անսովոր տպավորություն գործում։ Այդ դերին երկու հավակնորդ կար, և ո՞վ կհավատա, ճիշտ փոքր երեխայի պես շատ գեշ կռվշտեցին, թե ով պիտի խաղա. երկուսն էլ ուզում էին երևալ սպայական մունդիրով, ուսակապերով։ Նրանց բաժանեցին մյուս դերասանները և ձայների մեծամասնությամբ որոշեցին դերը տալ Նեցվետաևին, ոչ այն պատճառով, որ ավելի վայելուչ ու գեղեցկատես էր մյուսից, այդպիսով ավելի նման պարոնի, այլ որովհետև Նեցվետաևը համոզեց բոլորին, որ բեմ կմտնի ձեռնափայտով ու այնպես կշարժի, կպտտի հատակի վրա, ինչպես իսկական պարոն և առաջնակարգ պճնամոլ, ինչ Անուղղելի Վանկայի մտքով անգամ չի անցնի, քանի որ իսկական ազնվականների երբեք չի տեսել։ Եվ իրոք, Նեցվետաևն այնպես հայտնվեց հանդիսականին՝ տիկնոջ հետ, հատակին այնպես արագ ու հմտորեն էր պտտում եղեգնե բարակ, ինչ֊որ տեղից ձեռք գցած ձեռնափայտը, հավանորեն համարելով, որ հենց դա է վերին տիրունականության, ծայրագույն պճնամոլության և ձևականության հատկանիշը։ Հավանաբար, ժամանակին, դեռևս երեխա, ճորտ ու ոտաբոբիկ, նրան վիճակվել էր տեսնել գեղեցիկ հագնված, ձեռնափայտով մի պարոնի, գերվել ձեռնափայտը խաղացնելու նրա հմտությամբ, և ահա, տպավորությունն ընդմիշտ և անջնթելի էր մնացել նրա հոգում, այնպես որ հիմա, երեսուն տարեկան հասակում, վերհիշվել էր՝ եղածի պես, ամբողջ բանտը գերելու և հմայելու համար։ Նեցվետաևն այն աստիճան էր խորացել իր զբաղմունքի մեջ, որ արդեն չէր նայում ոչ ոքի և ոչ մի ուղղությամբ, նույնիսկ խոսում էր՝ աչքերր չբարձրացնելով, և սոսկ մի բան էր անում՝ հետևում էր ձեռնափայտին ու դրա ծայրին։ Բարերար կալվածատիրուհին նույնպես չափազանց ակնառու էր յուրովի. նա հայտնվեց հնամաշ ու վաղեմի մարմաշե զգեստով, որն իսկական լաթի տեսք ուներ, թևերն ու վիզը բաց, ահավոր ճերմակաշպար և կարմրաշպար դեմքով, ծնոտի տակ կապ գցած մոմլաթե գիշերագլխարկով, հովանոցը մի ձեռքին, նկարած թղթե հովհարը մյուսին, որով անդադար հովհարում էր։ Քրքիջի թնդյունով դիմավորեցին կալվածատիրուհուն։ Եվ ինքն էլ չդիմացավ ու մի քանի անգամ կչկչաց։ Տիրուհի՝ խաղում էր կալանավոր Իվանովը։ Օրիորդի զգեստ հագած Սիրոտկինը շատ սիրունիկ էր։ Երգած քառյակները նույնպես լավ անցան։ Մի խոսքով, ներկայացումն ավարտվեց, հարուցելով կատարյալ և համրնդհանուր գոհացում։ Քննադատություն չեղավ և չէր էլ կարող լինել։
Մի անգամ էլ հնչեց նախանվագը և նորից բարձրացավ վարագույրտ։ Կեդրիլն էր, Դոն Ժուանի պես մի բան, համենայն դեպս, թե պարոնին, թե ծառային սատանաները վերջում տանում են դժոխք։ Ամբողջ գործողություն էր ներկայացվում, բայց երևում էր, որ հատված է՝ սկիզբն ու ավարտը կորսված էին։ Նվազագույն միտք ու իմաստ չկար։ Գործողությունը կատարվում էր Ռուսաստանում, ինչ֊որ իջևանատան մեջ։ Պանդոկապանը սենյակ էր առաջնորդում շինելով և ծռմռված կլոր շլյապայով պարոնին։ Ետեից գալիս էր ծառա Կեդրիլը՝ ճամպրուկով և կապույտ թղթով փաթաթված հավը մյուս ձեռքին։ Կեդրիլը կիսամուշտակով էր և ծառայական գդակով։ Որկրամոլը հենց նա էր որ կար։ Պարոնի դերակատարը նույն Իվանովն էր, որը նախորդ պիեսում բարերար կալվածատիրուհի էր խաղում։ Պանդոկապանը՝ Նեցվետաևը, նախապես տեղեկացրեց, որ սենյակում չարքեր կան ու հեռացավ։ Մռայլադեմ ու մտահոգ պարոնը մրթմրթաց քթի տակ, որ դա վաղուց գիտեր և կարգադրեց Կեդրիլին՝ իրերը դասավորել և ընթրիք պատրաստել։ Կեդրիլը վախկոտ է և որկրամոլ։ Լսելով սատանաների մասին, գունատվում է և դողում տերևի պես։ Նա կփախչեր, բայց վախենում էր պարոնից։ Եվ դրանից բացի, ուտել է ուզում նաև։ Նա հեշտասեր է, անխելք, յուրովի խորամանկ, վախկոտ, ամեն քայլափոխին խաբում է պարոնին, միաժամանակ վախենում նրանից։ Ծառայի հիանալի տիպ է, նրա կերպարում անհստակ և մոտավոր ի հայտ են գալիս Լեպորելլոյի գծերը իսկապես հիանալի մատուցված։ Պոցեյկինը հիմնավոր տաղանդ ունի և, իմ կարծիքով, Բակլուշինից ավելի լավ դերասան է։ Հասկանալի է, հաջորդ օրը հանդիպելով Բակլուշինին, կարծիքս լրիվ չհայտնեցի՝ չափից ավելի կդառնացնեի նրան։ Պարոնի դերակատար կալանավորը նույնպես վատ չխաղաց։ Անասելի ահավոր, ոչ մի բանի չնմանվող բաներ էր դուրս տալիս, սակայն առոգանությունն էր ճիշտ, ճարտար, շարժմունքը՝ համապատասխան։ Մինչ Կեդրիլը կտեղավորեր ճամպրուկները, պարոնր մտահոգ գնում֊գալիս էր բեմի վրա և ի լուր ամենեցուն հայտնում, որ այս երեկո՝ վերջ իր ճամփորդություններին։ Կեդրիլը հետաքրքրությամբ ականջ էր դնում, ծամածռություններ անում, խոսում a parte և ամեն խոսքով ծիծաղեցնում հանդիսականին։ Նա չի խղճում պարոնին, բայց լսել է սատանաների մասին։ Ուզում է իմանալ, թե դա ինչ բան է, և ահա, խոսք է բացում, հարցուփորձ անում։ Պարոնն ի վերջո հայտնում է նրան, որ ժամանակին, ինչ֊որ փորձանքի մեջ օգնություն է հայցել դժոխքից և սատանան օգնել է, փրկել իրեն, սակայն այսօր ժամկետն է և ըստ պայմանի, գուցե թե կգան՝ հոգին առնելու։ Կեդրիլը սաստիկ դողացնում է։ Սակայն պարոնը չի կորցնում ոգու արիությունը և կարգադրում ծառային՝ ընթրիք պատրաստել։ Ընթրիքի մասին լսելով, Կեդրիլն աշխուժանում է, հանում է հավը, գինին, մեկ֊մեկ էլ պռճոկում է հավից և համտեսում։ Սրահը քրքջում է։ Ահա, ճռռաց դուռը, փեղկերն իրար է զարկում քամին։ Կեդրիլը դողում է և փութով, համարյա անգիտակցաբար հավի մի մեծ կտոր է խցկում բերանը և չի կարողանում կուլ տալ։ Նորից՝ քրքիջ։ «Պատրա՞ստ է»,— բղավում է պարոնը՝ գնալ֊գալով սենյակում։ «Հիմա, պարոն... պատրաստում եմ»,— ասում է Կեդրիլը, ինքը նստում սեղանի մոտ և հանգիստ սկսում խժռել պարոնի ուտելիքր։ Ըստ երևույթին, հանդիսականին դուր է գալիս ծառայի ճարպկությունը, խորամանկությունը և այն, որ պարոնը հիմարի վիճակում է։ Հարկ է խոստովանել, որ Պոցեյկինը նույնպես, իրոք, արժանի էր գովասանքի։ «Հիմա, պարոն, պատրաստում եմ» բառերը նա հրաշալի էր ասում։ Նստելով սեղանի մոտ, սկսում է ագահաբար ուտել և ցնցվում տիրոջ ամեն մի քայլի վրա, որպեսզի վերիինս չնկատի իր արարմունքր։ Հենց պարոնը շրջվում է տեղում, Կեդրիլը թաքնվում է սեղանի տակ, իր հետ քաշել֊տանելով հավը։ Ի վերջո, հագեցնում է քաղցի առաջին պոռթկումը, ժամանակն է մտածել և տիրոջ մասին։ «Ի՞նչ եղավ ընթրիքը, Կեդրիլ»,― գոռում է պարոնը։ «Պատրա՜ստ-տ է»,— խրոխտ պատասխանում է Կեդրիլը, հանկարծ նկատելով, որ տիրոջն ուտելու բան համարյա չի մնացել։ Ափսեի մեջ, իսկապես, հավի մի տոտիկ էր դրված։ Պարոնը մռայլված և մտահոգ, ոչինչ չնկատելով սեղան է նստում, և Կեդրիլը՝ անձեռոցիկը թևքին, կանգնում է աթոռի ետևում։ Կեդրիլի ամեն բառը, ամեն շարժումը, դիմախաղը, երբ նա, դառնալով հասարակությանը, գլխով է անում անհասկացող պարոնի կողմը, հանդիսականների անզուսպ քրքիջն էր առաջ բերում։ Բայց ահա, պարոնը հենց սկսում է ուտել, հայտնվում են սատանաները։ Այստեղ արդեն ոչինչ հասկանալ չի լինի, սատանաներն էլ են հայտնվում մի տեսակ չափից ավելի անմարդավարի։ Կողքի կուլիսից բացվում է դուռը և հայտնվում ինչ-որ բան՝ ճերմակազգեստ, գլխի փոխարեն՝ լապտեր, մեկը՝ մոմ։ Մյուս տեսիլքը նույնպես լապտերով է, ձեռքին՝ գերանդի։ Ինչի՞ համար են լապտերները, ինչո՞ւ գերանդի, սատանաներն ինչո՞ւ են ճերմակազգեստ՝ ոչ ոք չի կարող բացատրել։ Իմիջիայլոց, ոչ ոք չի էլ մտածում այդ մասին։ Երևի այդպես էլ պիտի լինի։ Տերը բավականին քաջասիրտ, դառնում է չարքերին, որ ինքը պատրաստ է, թող տանեն։ Սակայն Կեդրիլը վախեցած է՝ նապաստակի պես։ Մտնում է սեղանի տակ, բայց չնայած իր համակ սարսափին, չի մոռանում սեղանի վրայից ճանկել շիշը։ Սատանաները մի պահ չքանում են, Կեդրիլը դուրս է թռչում սեղանի տակից, բայց հենց պարոնը նորից է անցնում հավ ուտելուն, երեք սատանա վերստին խուժում են սենյակ, ետևից բռնում պարոնին ու քարշ են տալիս դեպի գեհեն։ «Կեդրիլ, փրկիր ինձ»,— գոռում է պարոնը։ Բայց Կեդրիլն ուրիշ գործի է։ Այս անգամ թե շիշը, թե ափսեն, թե նույնիսկ հացն է քարշ տվել սեղանի տակ։ Եվ ահա, մենակ է հիմա, սատանաները չկան, պարոնը՝ նույնպես։ Կեդրիլը դուրս է սողում, շուրջը նայում, և ժպիտը լուսավորում է նրա դեմքը։ Խարդախավարի կկոցում է աչքերը, նստում տիրոջ տեղը և գլխով անելով հասարակությանը, ասում է կիսաշշունկով.
― Դե, հիմա մենակ եմ... առանց պարոնի...
Բոլորը քրքջում են, որովհետև առանց պարոնի է նա, բայց ահա, էլի ավելացնում է կիսաշշնջոցով, գողունի դիմելով հանդիսականին, կիսաշշնջոցով ասում.
― Ախր, մեր պարոնին սատանեքը տարան...
Հանդիսականների ցնծությունն անսահման է։ Բացի, որ պարոնին սատանեքը տարան, սա ասվել էր այնպիսի մի խորամանկությամբ, այնպիսի ծաղրական֊ցնծացող դիմախաղով, որ իսկապես անհնար էր չծափահարել։ Սակայն երկար չի տևում Կեդրիլի երջանկությունը։ Հենց նոր էր շիշն առել ձեռքը, բաժակը լցրել և ուզում էր խմել, հանկարծակի վերադառնում են չարքերը, գողեգող մոտենում ետևից և ըհ՛ը, բռնում են կողերից։ Կեդրիլը կոկորդ է պատռում, վախից չի համարձակվում շրջվել։ Պաշտպանվել նույն պես չի կարող, շիշն ու բաժակը ձեռքերում են, անուժ է թողնել դրանք։ Սարսափից բերանը բացած, կես րոպեի չափ նստած է, աչքերը չռած հասարակության վրա, վախվորած սարսափի այնպիսի ծիծաղելի արտահայտությամբ, որ կարելի է նկարել։ Վերջապես, նրան քաշքաշ անելով տանում են, շիշը հետն է, նա քացի֊քացի է անում ու բղավում, բղավում։ Բղավոցները դեռ լսվում են կուլիսներից։ Վարագույրն իջնում է, և բոլորը քրքջում են, հիացած են բոլորը․․․ Նվագախումբը սկսում է «կամարինսկայա» նվագել։
Սկսում են մեղմ, հազիվ լսելի, բայց եղանակն աճում ու աճում է, տեմպն արագանում, հնչում են խրոխտ թակոցներ բալալայկաների դեկաներին... Կամարինսկայան է, իր համակ թափով, հիրավի, լավ կլիներ, եթե Գլինկան թեկուզև պատահաբար լսեր դա մեր բանտում։ Սկսվում է պանտոմինան, երաժշտության ուղեկցությամբ։ Կամարինսկայան չի դադարում ամբողջ պանտոմինայի ընթացքում։ Ներկայացվում է խրճիթի ներսը։ Բեմի վրա են ջաղացպանն ու իր կինը. ջաղացպանը մի անկյունում լծասարքն է նորոգում, մյուս անկյունում կինը վուշ է մանում։ Կնոջ դերակատարը Սիրոտկինն է, ջաղացպանը՝ Նեցվետաևը։
Նշեմ, որ մեր դեկորացիաները շատ աղքատիկ էին։ Թե այս, թե նախորդ պիեսներում, իսկ մյուսները դուք լրացրեք սեփական երևակայությամբ, քան աչքով կտեսնեք։ Ետնապատի փոխարեն կախված էր մի որևէ գորգ կամ տապճակ, կողքից՝ ինչ֊որ հնամաշ, ծալովի վարագույրներ։ Իսկ ձախ կողմում ոչինչ չկա, այնպես որ երևում են թախտաշարերը։ Բայց հանդիսականները խստապահանջ չեն և համաձայն՝ երևակայությամբ լրացնել իրականը, առավել ես, որ կալանավորները շատ են ընդունակ դրան. «Թե որ ասում են այգի, ուրեմն դու էլ այգի համարիր, սենյակը սենյակի նման է, խրճիթն էլ խրճիթի, մեկ է, ու շատ ձևեր մի թափեք»։ Ջահել կնկա շորերով Սիրոտկինը շատ լավիկն է։ Հանդիսականների մեջ մի քանի կիսաձայն հաճոյախոսություններ են հնչում։ Ջաղացպանը գործը վերջացնում, վերցնում է գդակը, մտրակը, մոտենում է կնոջն ու նշաններով բացատրում, որ պիտի գնա, բայց եթե առանց իրեն կինն ընդունի մեկնումեկին, ապա... ցույց է տալիս մտրակը։ Կինը լսում է և գլխով անում։ Այդ մտրակը քաջ ծանոթ է իրեն, ըստ երևույթին՝ ամուսնու բացակայությամբ ման եկող է։ Ամուսինը հեռանում է։ Հենց ելնում է դռնից, կինը բռունցքն է թափ տալիս ետևից։ Բայց ահա, դուռը թակում են, բացվում է դուռը և նորից հայտնվում է հարևանը՝ նույնպես ջաղացպան է կաֆտայով ու մորուքով։ Ձեռքին նվեր ունի՝ կարմիր գլխաշոր։ Կինը ծիծաղում է, բայց հենց հարևանն ուզում է գրկել, դուռը նորից թակում են։ Որտե՞ղ թաքնվել։ Կինը փութով թաքցնում է հարևանին սեղանի տակ, իսկ ինքը նորից ձեռքն է առնում իլիկը։ Հայտնվում է մյուս երկրպագուն. սա գրագիր է, զինվորական համազգեստով։ Մինչ այժմ պանտոմինան ընթանում էր անթերի, շարժուձևն անսխալ էր, ճշգրիտ։ Կարելի էր անգամ զարմանալ՝ տեսնելով այդ հանպատրաստից դերակատարներին և ակամա մտածել, ինչքան ուժ և տաղանդ է կորչում մեզ մոտ՝ Ռուսաստանում, երբեմն համարյա անտեղի, անազատության և դժվարին վիճակի մեջ։ Բայց գրագիր խաղացող կալանավորն, ըստ երևույթին, երբևէ եղել էր գավառական կամ տնային թատրոնում, և նրան թվացել էր, թե մեր դերասանները՝ բոլորն անխտիր, գործը չեն հասկանում և այնպես չեն քայլում բեմում, ինչպես հարկ է քայլել։ Եվ ահա, նա հանդես էր գալիս այնպես, ինչպես, ասում են, հնում հանդես էին գալիս դասական հերոսները թատրոններում. երկար քայլ էին գցում և մյուս ոտքը դեռ չշարժած, կանգ առնում հանկարծ, ետ գցում ամբողջ իրանը, գլուխը, հպարտորեն շուրջը նայում և մյուս քայլը գցում։ Եթե նման քայլքը ծիծաղելի էր դասական հերոսների պարագային, ապա զինվորական գրագրի համար, այն էլ՝ կոմիկական տեսարանում, առավել ծիծաղելի։ Սակայն մեր հասարակությունը մտածել էր, որ այդպես էլ պետք է հավանորեն, լողլող գրագրի երկար քայլերն ընդունել որպես կատարված փաստ, առանց առանձին քննադատության։ Գրագիրը հազիվ էր հասցրել հայտնվել բեմի մեջտեղում, նոր թակոց է լսվում։ Տանտիրուհին կրկին իրար է անցնում։ Ո՞ւր խցկի գրագրին՝ սնդուկի մեջ, բարեբախտաբար, բաց է։ Գրագիրը խցկվում է սնդուկը, և կինը ծածկում է կափարիչը։ Այս անգամվա հյուրն առանձնահատուկ է, նույնպես սիրահար, բայց հատուկ տեսակի։ Բրահման է, նույնիսկ զգեստով։ Անզուսպ ծիծաղ է հնչում սրահում։ Բրահմանի դերը կալանավոր Կաշկինն էր խաղում և հիանալի էր խաղում։ Կազմվածքն էր բրահմանական։ Իր սիրո ամբողջ չափը նա բացատրում էր շարժուձևով։ Ձեռքերը պարզում էր երկինք, ապա ծալում կրծքին, հպում սրտին, բայց դեռ չհասցրած քնքշանալ, ուժեղ հարված է թնդում դռանը։ Հարվածից երևում է, որ սա տանտերն է։ Վախեցած կինն իրեն կորցրել է, բրահմանը դեսուդեն է նետվում և աղաչում թաքցնել իրեն։ Կինն արագ֊արագ նրան խցկում է պահարանի ետևը, իսկ ինքը, մոռանալով դուռը բացել, նետվում է իր մանվածքի կողմը և մանում, մանում է՝ չլսելով ամուսնու թակոցը, վախից կտրում է թելը և պտտում է իլիկը, մոռանալով բարձրացնել դա հատակից։ Սիրոտկինը շատ լավ ու հաջող ներկայացրեց կնոջ վախը։ Սակայն տանտերը ոտքով կոտրում է դուռը և մտրակը ձեռքին մոտենում կնոջը։ Նա ամեն ինչ նկատել է, հետևել և ուղղակի մատնացույց է անում, որ երեք հոգի թաքնված են տանը։ Հետո փնտրում է թաքնվածներին։ Առաջինը գտնում է հարևանին և դմբզելով հանում սենյակից։ Վախեցած գրագիրը ցանկանում է փախչել։ Գլխով բարձրացնում է սնդուկի կափարիչը և հենց դրանով էլ մատնում իրեն։ Տանտերը շրմփացնում է մտրակով, և այս անգամ սիրահար գրագիրը ցատկոտում է ամենևին ոչ դասական եղանակով։ Մնում է բրահմանը։ Տանտերը երկար է փնտրում, ի վերջո գտնում պահարանի ետևում, բարեկիրթ խոնարհվում է նրան և մորուքից բռնած, քաշեքաշ բերում բեմի կենտրոն։ Բրահմանը փորձում է պաշտպանվել, բղավում է «նզովյալ, նզովյալ» (մնջախաղի ընթացքում ասված միակ բառերը), բայց ամուսինը չի լսում և դատաստան տեսնում իր ձևով։ Կինը, տեսնելով, որ հերթն իրեն է հասնում, թողնում է մանվածքը, իլիկը և փախչում սենյակից, նստելու տախտակն ընկնում է հատակին, կալանավորները քրքջում են։ Ալեյը, չնայելով ինձ, քաշքշում էր ձեռքս և բղավում. «Նայի, բրահմանը, բրահմանը» և չէր կարողանում զսպել ծիծաղը։ Վարագույրն իջնում է։ Սկսվում է մյուս տեսարանը...
Սակայն կարիք չկա նկարագրել բոլոր տեսարանները։ Երկու, թե երեք տեսարաններ էին։ Բոլորն էլ ծիծաղելի և իսկապես զվարճալի։ Եթե հորինել էին ոչ իրենք՝ կալանավորները, ապա ծայրահեղ դեպքում յուրաքանչյուրի մեջ իրենցն էին ներդրել։ Համարյա յուրաքանչյուր դերակատար հանպատրաստից բաներ էր արել, այնպես որ հաջորդ երեկոյան միևնույն դերակատարը նույն դերը խաղում էր փոքր-ինչ այլ կերպ։ Վերջին պանտոմինան՝ ֆանտաստիկ բնույթի, ավարտվում էր բալետով։ Հանգուցյալ էին թաղում։ Բրահմանը՝ բազմաթիվ օգնականներով, դագաղի վրա զանազան կախարդումներ էր անում, բայց ոչինչ չէր օգնում։ Վերջապես հնչեց «Արևը մայր է մտնում», մեռյալը կենդանանում էր և բոլորն ուրախացած, սկսում են պարել։ Բրահմանը պարում էր մեռյալի հետ, պարում էր միանգամայն առանձնահատուկ ձևով, բրահմանավարի։ Դրանով էլ ավարտվում էր թատրոնը, մինչև հաջորդ երեկո։ Մերոնք ցրվում էին ուրախ, գոհացած, գովում դերակատարներին, շնորհակալություն հայտնում ենթասպային։ Վեճեր չէին լինում։ Բոլորն անսովոր գոհ էին, նույնիսկ կարծես երջանիկ, և քուն էին մտնում ոչ ամեն անգամվա պես, այլ հոգիները հանգիստ՝ և թվում է, ինչի՞ց։ Այնինչ, սա իմ երևակայության արդյունքը չէ, ճշմարի՛տ է, ճի՛շտ։ Այդ խեղճ մարդկանց թույլ էին տվել հենց ապրել յուրովի, զվարճանալ մարդավարի, թեկուզև մեկ ժամ ապրել ոչ բանտային կյանքով, և մարդը բարոյապես փոխվում էր, թեև ընդամենը մի քանի րոպե էր դա... Բայց ահա, խոր գիշեր է։ Ես ցնցվեցի ու արթնացա պատահաբար. ծերուկը շարունակում էր աղոթել վառարանի վրա և կաղոթի մինչև այգաբաց։ Ալեյը անձայն քնած է կողքս։ Հիշեցի, որ քնելուց առաջ էլ, դեռևս ծիծաղելով, եղբայրների հետ խոսում էր թատրոնի մասին և ես ակամա նայեցի Ալեյի մանկական հանգիստ դեմքին։ Կամաց֊կամաց վերհիշեցի ամեն, ամեն ինչ. վերջին օրը, տոները, այս ամբողջ ամիսը... Վախեցած բարձրացրի գլուխս և զննեցի իմ քնած ընկերներին, բանտային վեցնամոմի դողդոջ ու աղոտ լույսի տակ։ Նայեցի նրանց խղճահարույց դեմքերին, աղքատիկ անկողիններին, այդ համակ ու անհուսալի չքավորությանն ու աղքատությանը, և ճիշտ կարծես ուզեցի հավատալ, որ այդ ամենն այլանդակ երազի շարունակությունը չէ, այլ իրական ճշմարտություն։ Սակայն այդպես է որ կա. ահա, լսվում է ինչ֊որ մեկի տնքոցը, մյուսը ծանր֊ծանր բարձրացրեց ձեռքը և զրնգացին շղթաները։ երրորդը ցնցվեց քնի մեջ և սկսեց խոսել, իսկ վառարանի վրա ծերուկն աղոթում էր բոլոր «ուղղափառ քրիստոնեաների» համար, և լսվում էր նրա մեղմաձայն, երգեցիկ աղոթքը. «Տեր Հիսուս Քրիստոս, ողորմա մեզ...»։
«Ընդմիշտ հո այստեղ չեմ լինելու, այլ ընդամենը մի քանի տարի»,— մտածեցի և գլուխս իջեցրի բարձին։
'''Վերջ առաջին մասի'''
== ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ ==