Changes

Աստվածային կատակերգություն

Ավելացվել է 17 862 բայտ, 04:52, 9 Սեպտեմբերի 2015
<poem>
Մի թունդ որոտ խզեց քունըս ծանրացած,
Եվ ես ընդոստ սթափվեցի ակամա,
Ինչպես մի մարդ բռնի կերպով արթնացած։
4 Վեր կենալով՝ ես իմ աչքերը հանգչած
Շուրջ հածեցի և սևեռուն նայեցի,
Իմանալու թե ուր էի ես ընկած։
7 Եվ ահա ես ինձ գտնում եմ եզերքին
Արհավրալի ու ահալի անդունդի,
Ուրկից ճիչեր էին պոռթկում ցավագին։
10 Այնտեղ այնքան խորունկ, մթար ու մառ էր,
Որ ինչթան էլ հայացքըս ներս սուզեի,
Ես ոչ մի բան չէի կարող նշմարել։
13 «Արդ մենք իջնենք դեպի աշխարհը անլույս, Ես առջևից, դու ետևից կընթանանք,—
Ասաց պոետն համակ դալկուն և ի հույզ։
 
16 Նկատելով գույնն իր փոխված՝ ասացի.
«Ես ինչպե՞ս գամ, երբ դու երկյուղ ես զգում,
Դու, որ միակ իմ նեցուկն ես առնացի»։
 
19 «Տանջանքն անձանց, որ ցածում են գտնվում,
Դեմքիս վրա մի դալկություն է սփռել,—
Պատասխանեց,— որ քեզ ահից է թվում։
 
22 Այժմ շտապենք, քանզի երկար է ուղին»։
Այսպես մտավ և այսպես ինձ մտցրեց
Վիհը պատող պարունակը առաջին ։
 
25 Այնտեղ, որքան կարողացա լսել ես,
Լաց֊կոծ չկար, այլ կար միայն հառաչանք,
Որ հուզում էր հավերժ օդը մշտապես։
 
28 Դա այն անվիշտ տվայտանքից էր անանց,
Որ կրում էր բազմությունը անհամար
Մանուկների, տղամարդկանց և կանանց։
 
31 «Չես հարցնում, թե ի՞նչ հոգիներ են սրանք,—
Ասաց վարպետս։— Արդ դու նախքան մեր ճամփան
Շարունակելն հասու եղիր, որ նրանք
 
34 Չեն մեղանչել, չեն էլ փրկվել հավաստի,
Քանզի նրանք մկրտություն չստացան,
Որը մասն է քո դավանած հավատի։
 
37 Իսկ նրանք, որ նախքան Քրիստոսն ապրեցին,
Պատշաճորեն չպաշտեցին Աստուծուն,
Ես ինքըս էլ պատկանում եմ այդ դասին։
 
40 Մենք այստեղ ենք այս թերությանց պատճառով,
Եվ ոչ ուրիշ, և մեր վիշտը այն է լոկ,
Որ ապրում ենք երկնի անհույս տենչանքով»։
 
43 Ես իմ սրտում ցավ զգացի դժնդակ,
Երբ իմացա, որ շատ անձինք մեծարժեք
Լիմբոսի մեջ ունեն աոկախ մի վիճակ ։
 
46 «Ասա ինձ, տե՛ր, ասա, վարպե՛տ թանկագին,
Ասացի ես, որ ես վստահ լինեմ միշտ
Ամեն կասկած հաղթահարող հավատքին,—
 
49 Մեկն այստեղից ելա՞վ աշխարհն երանյալ՝
Իր կամ այլոց արժանիքի շնորհիվ»։
Կռահելով նա խոսքերն իմ քողարկյալ,
 
52 Պատասխանեց. «Ես նոր էի աստ եկած,
Երբ տեսա, որ այստեղ իջավ մի Հզոր,
Հաղթանակի սուրբ խաչվառով պսակված։
 
55 Նա այստեղից դուրս բերեց մեր նախահոր ,
Եվ Աբելին, նրա որդուն, և Նոյին,
Եվ Մովսեսին — տեր ու ծառա պատվավոր.
 
58 Աբրահամին և թագավոր Դավիթին,
Իսրայելին և նրա հորն ու որդվոց,
Եվ Հռաքելին, սիրված սիրով կաթոգին .
 
61 Եվ շատերի, որոնց հասցրեց նա փառքի։
Պետք է գիտնաս, որ անձերից այս առաջ
Չէր փրկըված մարդկային ոչ մի հոգի»։
 
64 Այսպես էր նա խոսում առաջ շարժվելով,
Եվ մենք այսպես գնում էինք ու անցնում
Բազմահազար հոգիների հոծ ցանցով։
 
67 Դեռ շատ չէինք հեռացել մենք վիհեզրից,
Երբ ես հանկարծ տեսա մի լույս հրեղեն,
Որ ցրում էր մի որոշ մաս խավարից։
 
70 Թեև լույսից հեռու էինք բավական,
Բայց ես արդեն կռահեցի, որ տեղն այդ
Սահմանված էր անձանց համար պատվական։
 
73 «Օ՜, գիտության և արվեստի ջատագով,
Այդ ովքե՞ր են, ոբ հարգ ունեն այդքան մեծ
Եվ մյուսներից տարբերվում են վիճակով»։
 
76 Պատասխանեց. «Անունն իրենց փաոապանծ,
Որ հնչում է ամենուրեք աշխարհում,
Այդ պատվին է արժանացնում հենց նրանց»։
 
79 Այդ միջոցին ինչ֊որ մի ձայն ես առա.
«Պատիվ տվեք բանաստեղծին վեհագույն։
Ահա ետ է դառնում ստվերը նրա»։
 
82 Եվ ես տեսա, երբ այն ձայնը մնաց լուռ,
Որ չորս ստվեր գալիս էին դեպի մեզ.
Նրանց դեմքը ոչ ուրախ էր, ոչ տխուր։
 
85 Բարի վարպետս այն ժամանակ ասաց ինձ.
«Նայիր նրան, որ սուր բռնած իր ձեռքին՝
Ընթանում է այն երեքի առջևից։
 
88 Նա Հոմերն է, բանաստեղծը տիրական.
Հետևյալը Հորատիոսն է երգիծող,
Օվիդիոսն է երրորդ, վերջինը՝ Լուկան։
 
91 Մենք կապված ենք այն պանծալի տիտղոսով,
Որ նրանք նոր հռչակեցին միաձայն,
Ուստի լավ են անում պատիվ ինձ տալով»։
 
94 Այսպես տեսա հավաքույթը այստեղ ես
Այն կաճառի, որի երգերը վսեմ
Այլոց վրա սավառնում են արծվի պես։
 
97 Զրուցելով նրանք մի պահ միասին,
Մոտեցան ինձ ողջույններով սիրալիր,
Եվ դրանից ժպտաց վարպետն իմ անգին։
 
100 Ապա նրանք առ ի հարգանս ինձ դարձյալ,
Ինձ միացրին իրենց խմբին իմաստուն.
Եվ նրանց մեջ ես վեցերորդը դարձա։
 
103 Մենք բոլորս դեպի լույսը շարժվեցինք,
Զրուցելով բաներ, որ լավ է լռել,
Ինչպես լավ էր խոսել այնտեղ, ուր էինք։
 
106 Եկանք առջև մի դղյակի փառահեղ,
Որ պատած էր յոթնապատիկ որմերով
Եվ պաշտպանված մի գետակով յուրագեղ։
 
109 Մենք գետակը, ինչպես ցամաք, անց կացանք,
Եվ մտնելով իմաստնոց հետ յոթ դռնով՝
Դալարազարդ մարգագետին մի հասանք։
 
112 Այնտեղ կային մարդիկ դեմքով ծանր ու լուրջ
Եվ հայացքով պատկաոազդու չափազանց.
Խոսում էին սակավ, ձայնով քաղցրահունչ։
 
115 Մենք բարձրացանք մի բլրակի վրա ջինջ,
Տեղի վրա մի լուսավոր ու արձակ,
Ուրկից տեսնել կարելի էր ամեն ինչ։
 
118 Ճիշտ մեր դիմաց մարգի վրա այն դալար
Երևացին մեծապայծառ հոգիներ,
Որոնց տեսնելն իսկ պարծանք էր ինձ համար։
 
121 Այնտեղ տեսա Էլեկտրային՝ զարմերով,
Որոնց միջև Հեկտորը և Էնեաս,
Եվ Կեսարին՝ կորովաբիբ աչքերով։
 
124 Այնտեղ էին Պենտեսիլեն, Կամիլլան.
Այնտեղ էին Լատինոսը թագավոր
Եվ նրա հետ իր աղջիկը՝ Լավինան։
 
127 Անդ Բրուտոսն էր, որ արտաքսեց Տարկվինին,
Հուլիան, Մարկիան, Լուկրետիան ու Կոռնելիան,
Եվ Սալատինն, որին տեսա առանձին։
 
130 Ապա երբ որ ես նայեցի քիչ հեռուն,
Տեսա ամեն իմացության ուսուցչին,
Շրջապատված ընտանիքով իմաստուն։
 
133 Նրան էին նայում բոլորն հարգանքով.
Այնտեղ էին Սոկրատը և Պլատոնն,
Որ ամենքից մոտիկ էին նրա քով.
 
136 Այնտեղ էին իմաստուններ Դեմոկրիտ,
Դիոդենեսն, Անաքսագորն ու Թալես,
Էմպեդոկլը, Զենոնը և Հերակլիտ։
 
139 Այնտեղ էր և Դոսկորիդը բուսաբան,
Այնտեղ էին Օրֆեոսը և Լինոն,
Կիկերոնն ու բարոյագետ Սենեկան։
 
142 Եվկլիդեսն ու Պտղոմեոսն աստղաբան,
Հիպպոկրատը, Գալիենն ու Ավիկենն,
Ավերրոյսը, որ եղավ մեծ մեկնաբան։
 
145 Ես չեմ կարող այստեղ թվել բոլորին,
Զի երկար նյութն ինձ խթանում է այնպես,
Որ խոսքերըս պետք է զիջեն փաստերին։
 
148 Մեր վեցյակը վերածվում է երկուսի.
Խաղաղ օդից իջանք օդում հողմահույզ
Վարպետս ու ես մի ուղիով մեկուսի.
 
151 Եկա մի վայր, ուր չէր շողում ոչ մի լույս։
</poem>
 
 
==Երգ հինգերորդ==
 
<poem>
Այսպես իջա պարունակից առաջին
Երկրորդի մեջ, որ նվազ է տարածքով,
Բայց ավելի լի է ողբով ցավագին։
 
4 Մուտքի մոտ է Մինոսն ահեղ կեցվածքով.
Մեղավորներ է նա քննում ու դատում
Եվ ուղարկում ներքև պոչի գալարքով։
 
7 Այսինքըն, երբ ներկայանում է նրան
Մի պիղծ հոգի իր մեղքերը հայտնելու,
Մեղքերի այդ դատավորը անվարան
 
10 Որոշում է նրա տեղը Դժոխքում,
Եվ գալարում այնքան անգամ պոչը իր,
Որքան հարկ է որ նա խրվի անդնդում։
 
13 Նրա առջև միշտ հոգիներ կան բազում.
Նրանք հերթով մոտենում են դատվելու
Եվ վճիռը լսելուն պես խոր սուզվում։
 
16 «Դու, որ եկար այս կայանը տանջալի,—
Բացականչեց Մինոսը, ինձ տեսնելով
Եվ թողնելով մի պահ պաշտոնն ահալի,—
 
19 Ո՛ւր ես մտնում, և ո՛ւմ ես դու վստահում.
Թող չխաբի քեզ լայնությունը մուտքի»։
Առաջնորդըս նրան. «Ինչո՞ւ ես գոռում.
 
22 Մի՛ խափանիր նրա ճամփան պարտադիր.
Այդ են կամում անդ՝ ուր կարող են անել,
Ինչ որ կամին. էլ ուրիշ բան մի՛ հարցնիր»։
 
25 Ահա ողբի ձայներ էին ինձ հասնում.
Ահա արդեն եկել֊հասել եմ այնտեղ,
Ուր ինձ խոցում էին ջայլերը բազում։
 
28 Եկա այնտեղ, ուր չի շողում ոչ մի լույս,
Ուր փչում են քամիները հակամարտ
Եվ շառաչում, ինչպես մի ծով հողմահույզ։
 
31 Եվ մրրիկը, որ երբեք չի դադարում,
Հոգիներին իր հորձանքի մեջ առած՝
Պտուտքում է, քշում, իրար ընդհարում։
 
34 Երբ հասնում են նրանք ժայռին եզրային,
Հեծեծում են, ողբում, գոռում ու գոչում
Եվ անիծում արդարությունն երկնային։
 
37 Ես իմացա, որ այս տեսակ տանջանքին
Մատնված են մարմնասերները մեղսոտ,
Որոնք միտքը ենթարկել են կույր կրքին։
 
40 Եվ ինչպես որ սարյակները խուռներամ
Թևածում են արագ, մղված ցուրտ հովից,
Այսպես և այն հոգիները թուլակամ
 
43 Հողմից քշված սլանում են ամեն դի.
Նրանք չունեն սփոփարար ոչ մի հույս
Տանջանքների մեղմացման կամ հանգստի։
 
46 Եվ ինչպես որ կռունկները կառաչող
Սավառնում են օդում երկար շարքերով,
Այսպես տեսա ես հոգիներ հառաչող,
 
49 Որոնք տարվում էին հողմի հորձանքից։
Ես ասացի. «Վարպե՛տ, ովքե՞ր են դրանք,
Որոնք այդպես չարչարվում են սև օդից»։
 
52 Եվ նա ասաց. «Առաջինն այն պիղծերից,
Որոնց մասին դու ուզում ես իմանալ,
Կայսրուհին էր բազմալեզու ազգերի։
 
55 Նա այնքան մեղկ ու անառակ կյանք վարեց,
Որ խույս տալու համար մարդկանց պարսավից,
Ամեն հաճույք օրինական համարեց։
 
58 Շամիրամն է, որ, ինչպես գիրքն է գրում,
Եղավ կինը և հաջորդը Նինոսի.
Նա իշխեց անդ, ուր արդ Սուլթանն է տիրում։
 
61 Իսկ այն մյուսը եղավ սիրուց ինքնասպան ,
Չպահելով հիշատակը Սիքեի.
Ետևում է Կլեոպատրան ճակաճան։
 
64 Ահա այնքան չարյաց պատճառ Հեղինեն.
Ահա և մեծն, անպարտելին Աքիլլես,
Որ, ի վերջո, պարտվեց սիրուց հրեղեն։
 
67 Ահա Պարիսն ու Տրիստանը»։ Եվ այսպես
Անուններով նշեց բազում ստվերներ,
Որոնք մեռել էին սիրուց բոցակեզ։
 
70 Եվ երբ այսպես իմ ուսուցչից իմացա
Անունները հերոս արանց ու կանանց,
Ես հուզվեցի և գրեթե թալկացա։
 
73 Ես ասացի. «Պոե՛տ, սիրով կուզեի
Ես տեսակցել այն զույգի հետ համընթաց ,
Որ թեթև է քշվում հողմից ամեհի»։
 
76 Եվ նա ասաց. «Կտեսնես, երբ մոտ հասնեն,
Այնժամ նրանց վարող սիրո անունով
Կանչիր նրանց, նրանք կգան կխոսեն»։
 
79 Հենց որ հողմը նրանց ուղղեց դեպի մեզ,
Ես ձայնեցի. «Ո՛վ տառապյալ հոգիներ,
Եկեք խոսենք, եթե չունեք արգելք ձեզ»։
 
82 Ինչպես կանչված աղավնիները հեզիկ
Բնազդաբար, բաց և անշարժ թևերով,
Ցած են թռչում դեպ իրենց բույնը քաղցրիկ,
 
85 Այսպես նրանք ելան խմբից Դիդոնի
Եվ ժանտ օդի միջով եկան դեպի մեզ,
Այնքան ազդու եղավ ձայնս կենդանի։
 
88 «Ո՛վ արարած բարեգութ և մարդասեր,
Որ այցի ես մեզ եկել այս գորշ օդով,
Մեզ, որ աշխարհն արյունով ենք ներկել մեր.
 
91 Տիեզերքի արքան եթե մեզ լսեր,
Կաղոթեինք խաղաղության համար քո,
Զի գթացիր դժխեմ բախտի վրա մեր։
 
94 Այն, ինչ որ դու կուզես լսել և խոսել,
Մենք պատրաստ ենք խոսելու և լսելու,
Քանի քամին արդ լռել է ու կասել։
 
97 Ես ծնվել եմ այն քաղաքում ծովամերձ ,
Որտեղ Պոն է իջնում հանգիստ առնելու
Մշտահոսուն վտակներով իր հանդերձ։
 
100 Սերը, որ շուտ է այրում սիրտը քնքուշ,
Վառեց սրան գեղեցկությամբ իմ մարմնի,
Որ գրավվեց կերպով այնքան խուժադուժ։
 
103 Սերը, որ սեր է պարտադրում սիրվածին,
Ինձ սիրահար դարձրեց սրան այնքան թունդ,
Որ այստեղ իսկ մենք կապված ենք միասին։
 
106 Սերը հասցրեց մեզ երկուսիս նույն մահվան.
Մեզ սպանողն սպասվում է Կայենում »։
Այս խոսքերը նրանց բերնից դուրս եկան։
 
109 Լսելով այդ հոգիներին վշտակեզ,
Ես գըլուխըս տխուր կրծքիս հակեցի։
Վարպետս հարցրեց. «Ի՞նչ ես խորհում դու այդպես»։
 
112 Ի պատասխան ես ասացի. «0՜, ավա՛ղ,
Ինչքա՛ն հույզեր ու երազներ խանդակաթ
Հասցրին սրանց այս վախճանին կանխավաղ»։
 
115 Ապա նրանց ես դիմելով խոսեցի.
«Ո՛վ Ֆրանչեսկա, քո պատմությունը տխուր
Ես վշտով ու կարեկցությամբ լսեցի։
 
118 Բայց ինձ ասա՝ ձեր հույզերի ժամանակ
Սերն ինչ ձևով և ինչ դեպքում թույլ տվեց,
Որ դուք ձեր լուռ զգացումներն իմանաք»։
 
121 Եվ նա ասաց. «Ավելի մեծ վիշտ չկա,
Քան երջանիկ ժամանակները հիշել
Դժբախտ ժամին, քո ուսուցիչն է վկա։
 
124 Բայց եթե դու տեղեկանալ ես ուզում
Պատճառը մեր անբախտ սիրո, ես կասեմ,
Ինչպես նա, ով արտասվում է և խոսում։
 
127 Իբրև ժամանց կարդում էինք մի օր մենք
Լանչիլոտտի պատմությունը սիրային .
Մենակ էինք և չունեինք մտքեր նենգ։
 
130 Ընթերցումն այդ մեր հայացքները շատ հեղ
Հանդիպեցրեց և մեր դեմքերն այլայլեց,
Բայց մեր խելքը կորցնել տվեց լոկ մի տեղ։
 
133 Երբ կարդացինք, որ տարփածուն ցանկալից
Սիրեցյալի ժպտուն բերանն համբուրեց,
Սա, որ երբեք չի բաժանվի ինձանից,
 
136 Համբուրեց իմ բերանն համակ հուզադող։
Գիրքը դարձավ Գալեոտտո մեզ համար։
Է՛լ այն օրը չկարդացինք ոչ մի տող »։
 
139 Մինչ այսպես էր բարբառում այն մի հոգին,
Մյուսն այնպես դառնորեն էր հեկեկում,
Որ հուզմունքից նվաղեցի մահագին.
 
142 Եվ ես ընկա, ինչպես դիակն է ընկնում։
</poem>
Վստահելի
381
edits