Changes
142 Եվ ես ընկա, ինչպես դիակն է ընկնում։
</poem>
==Երգ տասներորդ==
<poem>
Դամբանների և պարսպի արանքով
Առաջացանք մեկըս մյուսի ետևից։
Հուսկ վարպետիս ես դիմեցի այս հարցով.
4 «Ո՛վ վսեմ միտք, որ համաձայն բաղձանքիս
Ինձ տանում ես պարունակից պարունակ,
Խոսիր ինձ և տուր գոհացում փափագիս։
7 Կարելի՞ է շիրիմների մեջ պառկած
Մարդկանց տեսնել։ Խուփերն ահա բացված են,
Եվ նրանց մոտ պահապան էլ չի կանգնած։
10 Եվ նա ասաց. «Այդ բոլորը կփակվեն,
Երբ հոգիներն Հովսափաթից այստեղ գան
Մարմինների հետ, որ երկրում կրել են։
13 Այս կողմ ունեն գերեզմաններ առանձին
Էպիկուրն ու հետևորդները նրա,
Որոնք մարմնի հետ մեռցնում են և հոգին։
16 Աստ կգտնես պատասխանը քո հարցի
Եվ կստանաս գոհացումը փափագիդ ,
Որի մասին դու լռում ես մտացի»։
19 Եվ ես նրան. «Բարեհոգի՛ իմաստուն,
Բան չեմ խոսում և սիրտըս չեմ բաց անում,
Որպեսզի քեզ չպատճառեմ ձանձրություն»։
22 «Ո՛վ տոսկանցիդ, որ քաղաքով բոցավառ
Անցնում ես ողջ, այդպես համեստ խոսելով,
Խնդրում եմ քեզ այստեղ մի պահ դու կանգ առ:
25 Քո բարբառը ցույց է տալիս հայտնապես,
Որ ծնվել ես հայրենիքում այն ազնիվ,
Որի հանդեպ գուցե շատ խիստ եղա ես»։
28 Հանկարծ ահա այս խոսքերը դուրս եկան
Մի դամբանի խորքից, և ես առ ահի
Կիպ մոտեցա առաջնորդիս պատվական։
31 Եվ նա ասաց. «Այդպես ինչո՞ւ ես վեհեր։
Նայիր այնտեղ Ֆարինատան է կանգնել։
Երևում է, ահա, մեջքից մինչև վեր»։
34 Աչքերս այնժամ նրա վրա առան կանգ.
Իսկ նա կուրծքն ու ճակատը վեր էր ցցել,
Դժոխքի դեմ ասես ուներ քամահրանք։
37 Այն ժամանակ աոաջնորդըս ինձ թափով
Դամբանների միջով մղեց դեպի նա,
Ասելով ինձ. «Խոսիր նրա հետ չափով»։
40 Երբ ես նրա դամբարանի մոտ հասա,
Նա ինձ նայեց և վեսորեն ինձ հարցրեց.
«Ովքե՞ր էին քո նախնիները, ասա՛»։
43 Ես նրանից ոչինչ ծածկել չուզելով,
Մերոնց մասին իմ գիտցածը պատմեցի։
Եվ նա ասաց հոնքերը վեր քաշելով.
46 «Նրանք եղան հակառակորդ չափազանց
Ինձ, իմ նախնյաց և իմ մարդկանց կուսակից.
Երկու անգամ աքսորեցի ես նրանց»։
49 «Աքսորվեցին, բայց ամենուստ ետ դարձան,—
Ես պատասխան տվի նրան անհապաղ,—
Սակայն ձերոնք այդ արվեստը չիմացան»։
52 Այնժամ ահա նույն դամբանի միջից բաց
Մի հոգի էլ ելավ ծնոտը մինչև։
Երևում էր, որ նա ծնկի էր եկած։
55 Շուրջըս նայեց, ասես ուներ բուռըն իղձ
Ինձ հետ նաև մի ուրիշին տեսնելու,
Բայց երբ զրկվեց բոլորովին այդ հույսից,
58 Լալով ասաց. «Եթե զնդանն այս դժնյա
Դու եկել ես քո հանճարի վեհությամբ,
Ո՞ւր է որդիս և ինչո՞ւ չէ քեզ հետ նա»։
61 Եվ ես նրան. «Ես ինքնակամ չեմ եկել.
Ինձ սպասողն այնտեղ՝ տանում է առ այն,
Որին, կարծեմ, Գուիդոն չի հարգել »։
64 Պատժի կերպից և խոսքերից հայտարար
Ես արդեն իսկ հասկացա, թե ով էր նա,
Որով եղավ պատասխանըս բավարար։
67 Հանկարծ ցցված՝ գոչեց ձայնով կորովի.
«Ի՛նչ ասացի՞ր։ Նա չի հարգե՞լ ։ Ողջ չէ՞ նա։
Էլ չի՞ տեսնում քաղցըր լույսը արևի»։
70 Երբ նա տեսավ, որ իր հարցերն ինձ ուղղած
Անպատասխան ես թողեցի միառժամ,
Մեջքին ընկավ և այլևըս չերևաց։
73 Իսկ անձն այն սեգ , որ ինձ կանգնել էր տվել,
Մնացել էր տեղում անշարժ, անայլայլ,
Եվ իր դեմքը ամենևին չէր փոխել։
76 «Եթե մերոնք այդ արվեստը չիմացան,—
Շարունակեց,— ապա այդ բանն ավելի
Տանջում է ինձ, քան այս դամբանը դաժան։
79 Սակայն նախքան հիսուն անգամ շողա վառ
Դեմքն այն կնոջ , որ տիրակալ է այստեղ,
Կիմանաս, թե այդ բան ինչքան է դժվար։
82 Իցիվ թե դու տեսնես աշխարհն անուշակ։
Բայց ասա ինձ՝ ձերոնք ինչո՞ւ մերոնց դեմ
Եղան այնքան անագորույն ու վայրագ»։
85 Եվ ես նրան. «Այն կոտորածը դժնյա,
Որից Արբիան շառագունեց արյունով,
Մեզ ստիպեց ձեր դեմ լինել անխնա»։
88 Նա ճոճելով գլուխն ասաց ի խորոց.
«Այդ կռվում ես մենակ չէի և առանց
Պատճառի չէր, որ միացա ես այլոց։
91 Բայց երբ մի օր որոշեցին կործանել
Եվ հիմնովին բնաջնջել Ֆլորենցիան,
Լոկ ես էի նրա պաշտպանը կանգնել»։
94 «Երանի թե հանգչեր զարմը ձեր մի օր,—
Ասացի ես։— Բայց լուծեցեք հանգույցն այն,
Որ իմ միտքը պարապատեց աստանոր։
97 Ինձ թվում է , եթե ես չեմ սխալվում,
Դուք ապագան նախատեսում եք կանխավ,
Մինչդեռ ներկան բոլորովին չեք տեսնում»։
100 «Մենք տեսնում ենք հեռու ընկած ապագան,—
Պատասխանեց,— նման մարդկանց հեռատես.
Երկինքը մեզ դեռ տալիս է լույս այդքան։
103 Երբ դեպքերը մերձակա կամ ներկա են,
Մենք չենք տեսնի, և ձեր մասին մենք ոչինչ
Չենք իմանա, եթե մեզ լուր չբերեն։
106 Արդ կարող ես մակաբերել պարզ ու ճիշտ,
Որ մեր ամեն իմացություն կջնջվի,
Երբոր փակվի ապագայի դուռն ընդմիշտ »։
109 Այնժամ սխալն իմ զղջալով լիովին,
Ես ասացի. «Այն ընկածին դուք կասեք,
Որ իր որդին կենդանի է տակավին.
112 Կասեք, եթե իմ պատասխանն ուշացավ,
Պատճառն այն էր, որ ունեի մի կասկած,
Որ դուք հիմա ինձ պարզեցիք այնքան լավ»։
115 Առաջնորդըս ինձ կանչում էր արդեն ետ.
Ուստի հոգուն ես խնդրեցի, որ շտապ
Ինձ հաղորդեր, թե ուրիշ ով կար իր հետ։
118 Եվ նա ասաց. «Այստեղ մարդիկ կան բազում.
Ֆեդերիկ Բ֊ն և Կարդինալն այստեղ են.
Ուրիշների մասին արդեն չեմ խոսում»։
121 Եվ ներս քաշվեց։ Իսկ ես, կարի վշտահար,
Մոտեցա իմ առաջնորդին, խոկալով
Չարագուշակ այն խոսքերի մասին հար:
124 Առաջնորդըս այնժամ ասաց ինձ ճամփին.
«Ինչո՞ւ այդքան մտատանջ ես երևում»։
Ես պատասխան տվի նրա այդ հարցին։
127 «Դու քո մասին լսածներըդ միշտ հիշիր»,—
Պատվիրեց ինձ իմաստունը, և ապա
Բարձրացնելով մատը ասաց. «Ինձ նայիր.
130 Երբ դու հասնես լույսին չքնաղ աչքերի ,
Որ ամեն ինչ պարզ ու որոշ են տեսնում,
Կյանքիդ ուղին դու կիմանաս անթերի»։
133 Այս ասելով դեպ ձախ թեքվեց հապշտապ.
Մենք գնացինք մի շավիղով գաղտամես
Դեպի եզրը պարունակի զառիթափ,
136 Ուրկից մի սուր գարշահոտ էր հասնում մեզ։
</poem>
==Երգ տասնմեկերորդ==
<poem>
Մենք մոտեցանք դարավանդի եզերքին,
Ուր ժայռերի կարկառները մեր ներքև
Պարզում էին մի խորխորատ ահագին։
4 Այնտեղ բուրող հոտից սուր ու գարշելի,
Որ փչում էր խորահատակ անդունդից,
Մենք քաշվեցինք սալի ետև մի շիրմի,
7 Որ ուներ այս տապանագիրը մթար.
«Այստեղ ներսում պառկած է պապն Անաստաս ,
Որին ճամփից շեղեց Ֆոտինն այլափառ»։
10 «Հիմա այստեղ պետք է մի քիչ կանգ առնենք,
Որպեսզի մենք ընտելանանք գարշ հոտին.
Այնուհետև ուշ չենք դարձնի դրան մենք,—
13 Ասաց վարպետս։ Եվ ես. «Այնպես դու արա,
Որ մեր այստեղ սպասելը զուր չանցնի»։
Եվ նա. «Ես էլ մտածում եմ դրա վրա»։
16 Ապա հարեց. «Որդյա՛կ, տակն այս ժայռերի
Ուրիշ երեք պարունակներ կան, որոնք
Նեղանում են տակավ նման մյուսների։
19 Դրանք լի են հոգիներով նզովված.
Որպեսզի դու սրանց տեսքով գոհանաս,
Կասեմ ինչպես և ինչ կարգով են դասված։
22 Նպատակը ամեն տեսակ չարության
Իրավունքի խախտումն է, որ գործվում է
Խաբեության միջոցով կամ բռնության։
25 Խաբեությունն, իբրև մարդուն հատուկ ախտ
Հոռեգույն է, և խաբողներն ավելի
Վարն են տանջվում ու ավելի են դժբախտ։
28 Բռնավորք են պարունակում աոաջին.
Սա կազմում է երեք գոտի, ըստ որում
Բռնացվում են երեք անձեր առանձին։
31 Աստված, մարդը և մերձավորը մարդու
Բռնացվում են իրենց անձով և ինչքով,
Ինչպես պիտի արդ ինձանից լսես դու։
34 Մերձավորի դեմ գործում են բռնություն՝
Սպանելով ու խոցելով, կամ նրան
Կողոպտելով և քանդելով տեղ ու տուն։
37 Մարդասպաններն ու խոցողներն ստորին,
Ավազակներն ու քանդողները բոլոր
Պատժվում են ուստի գոտում աոաջին։
40 Մարդ կարող է իր անձի և ինչքի դեմ
Բռնագործել, ուստի երկրորդ գոտու մեջ
Հարկ է կրի արդար պատիժը դժխեմ
43 Նա, ով իրեն վերացնում է աշխարհից,
Ով խաղի մեջ ժառանգությունն է վատնում
Եվ ողբում անդ , որտեղ կապրեր բերկրալից։
46 Աստուծո դեմ գործադրում են բռնություն,
Հայհոյելով նրան մտքով կամ խոսքով,
Կամ խախտելով նրա կարգը հաստատուն։
49 Դրա համար գոտին անձուկ, փոքրագույն
Իր հրով է դաղում Սոդոմն ու Գոմորն ,
Եվ նրանց, որ հայհոյում են Աստուծույն։
52 Խաբեությունը, որ սրտեր է այրում,
Մարդ գործում է ընդդեմ նրա, ով իրեն
Վստահում է կամ իրեն չի վստահում։
55 Վերջին կերպով խախտվում է ու խզվում
Բնությունից ստեղծված կապը սիրո,
Ուստի երկրորդ պարունակում են տանջվում
58 Կեղծավորներ, շողոքորթներ, կախարդներ,
Կեղծարարներ, սրբապիղծներ, կավատներ,
Զեղծարարներ, գողեր և այլ անարգներ։
61 Իսկ մյուս կերպով խախտվում է ոչ միայն
Բնական կապն, այլև կապը հավելյալ,
Որից հատուկ մի հավատ է ծնվում լայն։
64 Ուստի վերջին պարունակի մեջ դաժան,
Ուր կենտրոնն է երկրի, կայքը Դևպետի,
Պատժվում է հավետ ամեն դավաճան»։
67 Եվ ես. «Վարպե՛տ, դու պարզեցիր ինձ լրիվ
Այս անդունդի բաժիններն ու ասացիր,
Թե ովքեր են պատուհասվում անդ խստիվ։
70 Բայց ասա ինձ՝ նրանք, ովքեր տանջվում են
Մրրիկներից, անձրևի տակ, ճահճի մեջ,
Եվ նրանք, որ ընդհարվում են ուժգնորեն,
73 Ինչո՞ւ չկան հրատոչոր քաղաքում,
Եթե իրոք բարկացրել են Աստուծուն,
Իսկ եթե չէ, այդպես ինչո՞ւ են տանջվում»։
76 Եվ նա ասաց. «Ինչո՞ւ շեղվում ես այդպես
Ողջմտության բնականոն ընթացքից.
Մի՞թե միտքըդ անդաճում է այլապես։
79 Չե՞ս հիշում քո հետազոտած Էթիկան,
Ուր լայնորեն քննության են առնված
Երեք հոռի հակումները մեղսական —
82 Անզսպություն, անբանություն, չարություն.
Եվ թե ինչպես անզսպությունը նվազ
Բասրելի է և նվազ տույժ ընդունում։
85 Եվ եթե դու լավ մտածես այս մասին,
Ու միտք բերես, թե ովքեր են պատժվում
Քաղաքից դուրս, ոլորտների մեջ վերին,
88 Կիմանաս, թե նրանք ինչու են ջոկված
Այս պիղծերից, և թե ինչու են նրանք
Ավելի մեղմ պատիժների ենթարկված»։
91 «Ո՛վ արեգակ, որ ցրում ես ամեն մուժ,
Լուսաբանումդ այնքան է ինձ գոհացնում,
Որ ինձ համար հարցեր տալը քաղցր է հույժ:
94 Վերադարձիր այնտեղ, ուր ինձ ասացիր,
Թե ինչպես է վաշխառությունը խախտում
Կարգն Աստուծո, և այս հանգույցը լուծիր»։
97 Եվ նա ասաց. «Փիլիսոփան անվանի
Իր երկերով ուսուցանել է հաճախ,
Որ բնության ակնաղբյուրը կենդանի
100 Իմաստությունն ու արվեստն են Աստուծու.
Եվ եթե դու քո Ֆիզիկան լավ քննես,
Անդ կգտնես, առանց երկար թերթելու,
103 Որ ձեր արվեստն հետևում է բնության,
Ինչպես սանը հետևում է ուսուցչին.
Նա Աստուծու թոռն է գալիս ըստինքյան։
106 Այդ երկուսով՝ բնությամբ և արվեստով,
Միայն պետք է մարդիկ ապրեն ու ծաղկեն,
Ինչպես գիտես Ծննդոցի ասույթով։
109 Իսկ վաշխառուն ուրիշ ճամփա է բռնում
Եվ անարգում թե՛ բնություն, թե՛ արվեստ,
Զի իր հույսը այլ բանի մեջ է տեսնում։
112 Բայց էլ շարժվենք, մենք կարող ենք հապաղել,
Ձկներն արդեն հորիզոնում կայտռում են,
Սայլն էլ ահա դեպի Կավրոսն է թեքվել։
115 Մի քիչ այն կողմ ժայռը իջնում է նորեն»։
</poem>