Changes

Աստվածային կատակերգություն

Ավելացվել է 25 563 բայտ, 17:13, 14 Սեպտեմբերի 2015
115 Այստեղ գտանք մեծ թշնամի Պլուտոսին ։
</poem>
 
 
==Երգ յոթերորդ==
 
<poem>
«Պապե Սատան, պապե Սատան, ալեպպե» ,—
Գոչեց Պլուտոսն իր ձայնով խուլ ու խռպոտ։
Եվ իմաստունս, որ ամեն ինչ լավ գիտե,
 
4 Փարատելու համար ահըս՝ ինձ ասաց.
«Մի վախենար, նա ինչ անի, չի կարող
Մեզ արգելել իջնելու այս ժայռից ցած»։
 
7 Եվ դառնալով ռեխին դևի զայրալիր՝
Ասաց. «Լռի՛ր, անիծյալ ու անհագ գայլ.
Բարկությունից ինքզինքըդ կե՛ր, սպառի՛ր։
 
10 Մեր վայրէջքը ունի որոշ մի պատճառ.
Այդ են կամում այնտեղ՝ բարձըր երկնքում,
Ուր Միքայելն ընկճեց ջոլիրն հեստ ու չար»։
 
13 Ինչպես հողմից առագաստները ուռած
Ցած են ընկնում, երբ հանկարծ կայմն է ջարդվում,
Այսպես վայրագ գազանն անզոր ընկավ ցած։
 
16 Այսպես չորրորդ պարունակը մենք հասանք,
Ընթանալով անդունդն ի վար Դժոխքի,
Որ պատժում է ամեն չարիք ու հանցանք։
 
19 Օ՛ երկնային արդարացի դատաստան։
Ի՛նչ տանջանքներ ու պատիժներ են տեսնում,
Ինչո՞ւ մեղքերն աղետաբեր են այսքան։
 
22 Ինչպես երկրում Քարիբդեսի վրա ճիշտ
Ալիքները մեկը մյուսին են բախվում,
Այսպես այստեղ մարդիկ պետք է բախվեն միշտ։
 
25 Նրանք այստեղ անթիվ էին երևում,
Որոնք կազմած երկու խմբեր տարանջատ՝
Ծանըր բեռներ էին կրծքով գլորում։
 
28 Ապա նրանք իրար էին ընդհարվում
Ու ետ քաշվում, մեկը մյուսին գոռալով.
«Ի՞նչ ես գանձում», մյուսը՝ «Ի՞նչ ես դեն գցում»—
 
31 Եվ, շարժվելով պարունակով մթասքող,
Գնում էին դեպի կետերն հակադիր,
Միշտ կրկնելով այդ խոսքերը ծանակող։
 
34 Ապա նրանք կիսաշրջանն անցնելով՝
Վերադառնում էին նորից բախվելու։
Ես սրտիս մեջ դառըն կսկիծ զգալով՝
 
37 Հարցրի. «Վարպե՛տ, սրանք ովքե՞ր են իրոք,
Ձախակողմյան այս ստվերները խուզված
Բոլորեքյան կղերակա՞ն են արդյոք»։
 
40 Եվ նա ասաց. «Սրանք բոլորը, որ կան,
Իրենց կյանքում եղան այնքան թյուրամիտ,
Որ ծախսի մեջ չդրին չափ ու սահման։
 
43 Այդ է ասում նրանց գոռոցը վայրագ,
Որ հանում են, երբ հասնում են այն կետին,
Ուր զատվում են հանցանքներով հակառակ։
 
46 Նրանք, որոնց գլուխներն են հերաթափ,
Քահանաներ, կարդինալներ, պապեր են,
Որոնց եղծեց ագահությունը անչափ»։
 
49 Եվ ես. «Վարպե՛տ, անտարակույս ես այստեղ
Կկարենամ մի քանիսին ճանաչել,
Որ պղծվել են այդ ախտերով ծանրամեղ»։
 
52 Եվ նա ասաց. «Զուր բաներ ես մտածում.
Այն կյանքն անմիտ, որը նրանց տխեղծեց,
Այժըմ նրանց անճանաչ է դարձընում։
 
55 Նրանք հավետ բախվելու են այս կերպով.
Ոմանք իրենց գերեզմանից դուրս կելնեն
Փակ ափերով , ոմանք կտրած մազերով։
 
58 Նրանք իրենց ժլատ, շռայլ կենցաղով
Մատնվել են այս պայքարին անվախճան,
Որ չեմ ուզում մանրամասնել խոսքերով։
 
61 Արդ տես, որդյա՛կ, թե որքան են խաբուսիկ
Բարիքներն այն, որ հանձնված են Բախտին ,
Որոնց համար իրար գզում են մարդիկ.
 
64 Այս խոնջաբեկ հոգիներից ոչ մեկին»։
Զի արդ երկրում եղած֊չեղած ողջ ոսկին
Չի կարող տալ հանգստություն ու դադար
 
67 Եվ ես. «Ասա դարձյալ, վարպե՛տ իմ բարի,
Քո ակնարկած Բախտը ի՞նչ է, որ նրա
Ճանկերում են բարիքները աշխարհի»։
 
70 Եվ նա ասաց. «Ո՛վ էակներ կարճամիտ,
Ինչպիսի՛ խոր տգիտության մեջ եք դուք.
Արդ ընդունիր իմ մտքերը ճշմարիտ։
 
73 Նա, որ գեր ի վեր է ամեն գիտությամբ,
Երկինքների համար կարգեց վարիչներ
Եվ իր լույսը բաշխեց այնպես համաչափ,
 
76 Որ նրանք այն ցոլարձակեն փոխադարձ.
Նմանապես աշխարհային փայլերին
Նա սահմանեց մի ընդհանուր հոգաբարձ,
 
79 Որ փոխանցի սին բարիքներն երկրային
Ազգե ի ազգ, տոհմե ի տոհմ կամոք յուր,
Ի հեճուկս ընդդիմության մարդկային։
 
82 Դրանից են ոմանք իշխում, այլք՝ ընկնում,
Դատաստանի համաձայն հենց այս Բախտի,
Որ պահված է, ինչպես օձը թավ խոտում։
 
85 Նրան ոչինչ չի հակազդի խելքը ձեր.
Նա վարում է, տնօրինում իր մարզում,
Ինչպես իրենց մարզում ուրիշ աստվածներ։
 
88 Դադար չունեն փոխանցումներն իր անսանձ,
Անհրաժեշտ հարկն շտապեցնում է նրան.
Այս է պատճառն հաճախադեպ փոփոխմանց։
 
91 Մարդիկ, ի դեպ, պետք է նրան գովեին,
Նույնիսկ նրանք, որ անիրավ ու անճահ
Հայհոյանք են ուղղում նրա հասցեին։
 
94 Բայց նա, զվարթ, փույթ չի անում այդ մասին.
Իր ոլորտն է ղեկավարում գոհությամբ
Մյուս նախաստեղծ գոյերի հետ միասին ։
 
97 Այժմ ավելի չարչարանքի վայրն իջնենք.
Աստղերն ահա խոնարհվում են դեպի ցած,
Եվ մենք պետք չէ մեր ընթացքը դանդաղենք»։
 
100 Պարունակի միջով անցանք մենք դիմաց
Եվ մոտեցանք մի առվակի խոխոջուն,
Որ հոսում էր իր իսկ փորած ձորով ցած։
 
103 Գույնն ավելի թխորակ է, քան թե մութ,
Եվ մենք նրա գորշ հոսանքին զուգընթաց
Ներքև իջանք մի շավիղով տաժանուտ։
 
106 Տխրատեսիլ այդ գետակը հասնելով
Ստորոտը սեպ ու մթին ժայռերի,
Մի ճահիճ է կազմում Ստիքս անունով։
 
109 Մինչ ես նայում էի սևեռ աչքերով,
Ճահճում տեսա տղմաթաթախ հոգիներ,
Բոլորն էլ մերկ և զայրագին դեմքերով։
 
112 Լոկ ձեռքերով նրանք չէին կռվտում,
Այլև իրենց գլխով, կրծքով, ոտքերով
Եվ իրարու ատամներով բզկտում։
 
115 Վարպետս ասաց. «Արդ դու տեսնում ես, որդյակ
Նրանց, որոնք կյանքում ցասկոտ են եղել.
Բայց իմացիր, որ այս պղտոր ջրի տակ
 
118 Կան այլ մարդիկ, որ արձակում են հառաչ
Եվ պղպջակ հանում ջրի երեսին,
Ինչպես տեսնել դու կարող ես քո առաջ։
 
121 Ճահճում սուզված՝ նրանք այսպես են ասում.
«Տխուր եղանք զվարթ օդում երկրային,
Անթեղելով մաղձության ծուխ մեր ներսում.
 
124 Արդ տխրում ենք, խրված տիղմում այս մռայլ»։
Նրանց կոկորդն այս երգն է միշտ կարկաչում,
Զուր ճգնելով արտաբերել խոսք մի այլ»։
 
127 Նայելով այն հոգիներին ցեխակուլ,
Մենք բավական երկար պտույտ գործեցինք
Տղմուտ ճահճի և չոր ափի միջով խուլ,
 
130 Եվ հասանք տակն աշտարակի մի վերձիգ։
</poem> 
 
 
==Երգ ութերորդ==
 
<poem>
Սակայն, ասեմ, որ չհասած տակավին
Ստորոտը աշտարակի բարձրաբերձ,
Մեր աչքերը նրա գագաթն ուղղվեցին.
 
4 Քանզի այնտեղ երկու լույսեր դուրս եկան,
Մի երրորդն էլ, որ հազիվ էր նկատվում,
Վառվեց հեռվում իբրև նրանց պատասխան:
 
7 Ես դիմելով ծովին ամեն գիտությանց,
Հարցրի. «Վարպե՛տ, այդ ի՞նչ լույսեր են դրանք.
Ի՞նչ ասում ու պատասխանում են միմյանց»։
 
10 Եվ նա ասաց. «Հիմա ինչ որ կերևա
Տղմուտ ճահճում, դա կարող ես նկատել,
Եթե մեգը քեզ արգելակ չդառնա»:
 
13 Նետը երբեք այնպես թեթև ու արագ
Չի արձակվել պրկված լարից աղեղի,
Ինչպես տեսա փոքրածավալ մի նավակ,
 
16 Որ սրընթաց խոյանում էր դեպի մեզ,
Թիավարված մի հոգուց, որ գոռում էր,
«Դժխեմ հոգի, ահա եկար վերջապես»։
 
19 «Ֆլեգիաս , Ֆլեգիաս, զուր ես գոռում այս անգամ,—
Ասաց տերըս։— Մենք քոնը չենք, եկել ենք
Անց կենալու այս ճահիճով ապական»։
 
22 Ինչպես նա ով խաբեության մի ի լուր
Սրտնեղվում ու սրտմտում է խորապես,
Այսպես սրտնեց Ֆլեգիասը զուսպ ու լուռ։
 
25 Առաջնորդըս նրա մակույկը իջավ,
Եվ ապա ինձ իջեցրեց իր կողքին.
Իմ մտնելով լոկ մակույկը ծանրացավ .
 
28 Հենց որ այսպես զետեղվեցինք երկուստեք,
Հին մակույկը առաջ շարժվեց սրընթաց,
Ճեղքելով ջուրն ավելի խոր, քան երբեք։
 
31 Մինչ մենք ճահճով ճեպում էինք անարգել,
Ինձ հանդիպեց տղմոտ մեկը և ասաց.
«Ո՞վ ես դու, որ ժամիցըդ վաղ ես եկել»։
 
34 Եվ ես նրան. «Եկել եմ ոչ մնալու.
Իսկ դու ով ես, որ աղտեղված ես այդպես»։
Ասաց. «Մեկն եմ դատապարտված ողբալու»։
 
37 Եվ ես նրան. «Ողբա, սգա դու այդպես,
Անիծյալ ու լպիրշ հոգի, վասնզի
Կեղտիդ մեջ էլ լավ ճանաչում եմ ես քեզ»։
 
40 Այնժամ ցասմամբ նա ինձ մեկնեց ձեռքերն իր.
Բայց առաջնորդս հրեց նրան, ասելով.
«Շուտ դեն գնա, մյուս շների հետ կորչիր»։
 
43 Ապա բազկով վզիս փարվեց դող ի դող,
Ինձ պագավ ու ասաց. «Հոգի զայրասիրտ,
Քեզ հղացողն հավետ օրհնյալ լինի թող,—
 
46 Նա աշխարհում մեծամիտ մեկն է եղել
Եվ թողել է վատ հիշատակ իր մասին,
Դրանից է այստեղ այնպես կատաղել։
 
49 Երկրում ինչքան մեծամեծներ կան անհարգ,
Որոնք այստեղ թավալվում են խոզի պես,
Իրենց մասին թողած անուն մի անարգ»։
 
52 Եվ ես. «Վարպե՛տ, շատ պիտի գոհ լինեի,
Եթե մենք դեռ ճահճալճից դուրս չեկած՝
Այս ջրի մեջ նրան սուզված տեսնեի»։
 
55 Եվ նա. «Դեռևս դեմի ափը չհասած,
Դու կստանաս քո փափագին գոհացում.
Արդար է, որ դու քեզ զգաս գոհացած»։
 
58 Քիչ անց տեսա, որ ընկերները պղծուն
Նրա վրա այնպես գրոհ գործեցին,
Որ գոհությամբ ես փառք տվի Աստծուն։
 
61 «Զա՛րկ Արջենտուն»,— գոռում էին համորեն,
Իսկ կատաղած ֆլորենտացի այն հոգին
Ատամներով կծոտում էր ինքն իրեն։
 
64 Եվ ես նրան այդ վիճակում թողեցի։
Սակայն հանկարծ ճիչեր հասան ականջիս,
Եվ ես ուշի ուշով առաջ նայեցի։
 
67 Բարի վարպետս ինձ բացատրեց. «Որդյա՛կ, արդ
Մոտեցել ենք մենք Դևպետի քաղաքին ,
Ուր բազմաթիվ հոգիներ կան մեղապարտ»։
 
70 Եվ ես. «Վարպե՛տ, արդեն տեսնում եմ ի ցած
Բոսորագույն պարիսպները նրա ձիգ,
Կարծես դուրս են եկել հրից շիկացած»։
 
73 Եվ նա ասաց. «Դա Դժոխքն է ստորին,
Ուր վառվում է հավերժական մի կրակ,
Որից որմերն հեռվից տալիս են կարմրին։
 
76 Մենք ի վերջո հասանք խորունկ ջրանցքին,
Որով շուրջ էր պատած երկիրն այս ցավոտ,
Որի որմերն ասես երկաթ լինեին։
 
79 Կատարելով մի շրջանցում շեղակի,
Եկանք մի տեղ, ուր նավարարը գոչեց.
«Դեհ դուրս եկեք, մուտքն այստեղ է քաղաքի»։
 
82 Դռների վրա տեսա դևեր բազմաթիվ,
Որոնք միմյանց ասում էին զայրագին.
«Ո՞վ է սա, որ դեռ չմեռած ստուգիվ,
 
85 Մեռյալների բնակավայրն է եկել»։
Այնժամ վարպետս նշանացի հասկացրեց,
Որ ուզում է մի պահ հետները խոսել։
 
88 Քիչ զսպելով իրենց զայրույթը ահեղ,
«Մենակ դու եկ, թող նա գնա,— ասացին,—
Նա, որ այդպես հանդգնել է գալ այստեղ։
 
91 Թող նա մենակ վերադառնա ճամփով խոլ.
Իսկ դու հավետ այստեղ մեզ մոտ կմնաս,
Դու որ նրան այս զնդանն ես բերել խոր»։
 
94 Թե ես որքան զարհուրեցի, ընթերցող,
Չարագուշակ այդ խոսքերից, դու դատիր,
Կարծեցի թե էլ ետ դառնալ չեմ կարող։
 
97 Ես ասացի. «Ո՛վ առաջնորդ թանկագին,
Դու որ հաճախ իմ զորավիգն ես եղել
Եվ ինձ փրկել վտանգներից ահագին,
 
100 Մի՛ թողնիր ինձ այստեղ այսպես անպաշտպան,
Եվ եթե մեզ խոչընդոտ են հարուցում,
Իսկույն բռնենք վերադարձի մեր ճամփան։
 
103 Եվ իմ տերը, որ ինձ այդտեղ էր բերել,
Ասաց. «Վանիր քո երկյուղը, աստ ոչ ոք
Չի կարող մեր առաջընթացին արգելել։
 
106 Ինձ սպասիր և քո հոգին հուսաբեկ
Ամրապնդիր, սնիր բարի հույսերով.
Այս խորքերում քեզ չեմ թողնի ես երբեք»։
 
109 Եվ հեռացավ մի պահ հայրըս բարեծին,
Ինձ թողնելով երկբայության մեջ այնպես,
Որ իմ գլխում «ոչ»֊ն ու «այո»֊ն վիճեցին ։
 
112 Նրա խոսքերն հնար չեղավ ինձ լսել.
Բայց նա երկար դևերի մոտ չմնաց,
Քանզի նրանք շտապեցին ներս վազել։
 
115 Նրանք իսկույն դռներն ամուր փակեցին
Առաջնորդիս առջև, որ դուրս մնալով,
Վերադարձավ դանդաղաքայլ ու լռին։
 
118 Աչքերն հակած և ժրությանը կորցրած՝
Նա հառաչով այս խոսքերն էր մրմնջում.
«Ո՞վ երեսիս փակեց որջն այս մեղսամած»։
 
121 Եվ ինձ ասաց. «Հակառակ իմ խռովքին,
Դու հանգիստ կաց, ես այս մարտում կհաղթեմ,
Ով էլ թեկուզ ընդդիմանա մեր մուտքին։
 
124 Նորության չէ այդ լրբությունը նրանց.
Նրանք նույն բանն արին դռանն արտաքին ,
Որ դեռ մինչև հիմա բաց է մնացած։
 
127 Վրան տեսար արձանագիրը դժնյակ։
Ահա արդեն այդ դռնից ներս է անցել
Եվ իջնում է ներքև մեկը միայնակ,
 
130 Որ կարող է այս քաղաքը մեզ բացել»։
</poem> 
 
 
==Երգ իններորդ==
 
<poem>
Այն գույնը, որ վախը դեմքիս դրոշմեց
Առաջնորդիս վերադարձը երբ տեսա,
Նրան իսկույն վանել տվեց հույզքն իր մեծ։
 
4 Նա կանգնեց ու նայեց, աչքը կիսագոց,
Զի հայացքը հեռու ուղղել չէր կարող
Աղջամուղջի և մշուշի միջով հոծ։
 
7 «Բայց,— ասաց նա,— պետք է հաղթենք այս մարտում,
Ապա թե ոչ... Կա այնպիսի մի նեցուկ.
Օ՛, ուր է նա և ինչու է ուշանում»։
 
10 Ես լավ տեսա, թե ինչպես նա քողարկեց
Առկախ թողած իր այն խոսքը մյուսով,
Որոնց միջև տարբերության կար մի մեծ։
 
13 Բայց և այնպես վախ զգացի առժամայն,
Զի այդ ընդհատ խոսքին գուցե ես տվի
Ավելի վատ իմաստ, քան թե ուներ այն։
 
16 «Ձեզնից մեկը այս անդնդում խորասույզ
Իջա՞վ արդյոք պարունակից առաջին,
Ուր պատիժը լոկ սպասելն է անհույս»։
 
19 Այսպես հարցրի, և նա տվեց պատասխան.
«Մինչև հիմա հազվադեպ է պատահել,
Որ մեզնից մեկն անցած լինի այս ճամփան։
 
22 Ես մի անգամ եղել եմ այս խոռոչում,
Կախարդանքով Երիքթոնի այն անգութ,
Որը հոգվոց իրենց մարմնոց էր կանչում։
 
25 Ես նոր էի զրկվել մարմնից կենդանի,
Երբ նա ինձ այս պարսպից ներս մտցրեց,
Որ դուրս բերեմ մեկին մարզից Հուդայի ։
 
28 Իսկ սա վայրն է ամենից խոր ու նսեմ
Եվ հեռագույնն համայնածիր երկնքից.
Վստահ եղիր, ես ճանապարհը գիտեմ։
 
31 Այս ճահիճը, որ արձակում է գարշ հոտ,
Օղակում է այս քաղաքը տանջալի,
Ուր չենք կարող մենք ներս մտնել վեհերոտ»։
 
34 Չեմ հիշում, թե ուրիշ ինչեր դեռ ասաց,
Քանզի ամբողջ ուշադրությանս ուղղված էր
Դեպի գագաթն աշտարակի իմ տեսած։
 
37 Ահա հանկարծ նրա վրա կանգնեցին
Դժոխքի երեք Ֆուրիաները արնաներկ,
Որ ունեին տեսք ու կեցվածք կանացի։
 
40 Նրանց պատել էին կանաչ հիդրաներ,
Իսկ գլուխներն ահեղ՝ փոխան մազերի
Կրում էին եղջերավոր օձիկներ։
 
43 Եվ վարպետըս, որ ճանաչեց վաղվաղի
Նաժիշտներին տարտարոսի տիրուհու,
Ասաց. «Նայիր Երիններին կատաղի։
 
46 Աջ կողմինը Ալեկտոն է դառնահեծ,
Ձախ կողմինը Մեգերան է, իսկ նրանց
Մեջտեղինը Տիսիֆոնն է»։ Եվ լռեց։
 
49 Ամեն մեկն իր կուրծքն էր ցտում և ապա
Իրեն ծեծում ու ճչում էր այնպես զիլ,
Որ ես ահից առաջնորդիս պինդ կպա։
 
52 «Մեդուսան գա, մենք նրան քար կդարձնենք,—
Ասում էին նրանք ներքև նայելով.—
Թեսեոսին զուր անպատիժ թողինք մենք »։
 
55 «Շուտ շուռ արի և քո աչքերը փակիր,
Քանզի եթե Գորգոնն այստեղ երևա,
Էլ չես կարող վերադառնալ դու երկիր»։
 
58 Այսպես ասաց տերս և անձամբ ինձ շրջեց,
Եվ շատ վստահ չլինելով ձեռքերիս՝
Իր ձեռքերով երկու աչքերըս փակեց։
 
61 Դուք, որ ունեք ողջմտություն սեփական,
Ուշ դարձրեք բարոյական իմաստին,
Որ կա խորքում իմ տողերի այլաբան։
 
64 Ահա արդեն գորշ ջրերի վրայով
Հասնում էր մեզ շռնդալի մի աղմուկ,
Որ ցնցում էր երկու ափերն ալեխռով,
 
67 Այնպես, ինչպես փոթորիկը սաստկահույզ,
Որ ծագում է հոսանքներից օդային,
Թնդացնում է անտառները նորաբույս,
 
70 Քանցում ոստերն և դես ու դեն է գցում,
Եվ փոշու ամպ բարձրացնելով իր առջև՝
Հոտաղներին ու հոտերին հալածում։
 
73 Բաց անելով աչքերս ասաց. «Հիմա դու
Տեսողությունդ ուղղիր ճահճի այն կետին,
Ուր ավելի հոծ է մշուշն ու ազդու»։
 
76 Գորտերն ինչպես թշնամի օձ տեսնելիս
Բոլորը մեկ չքանում են ջրի տակ
Եվ սահմռկած՝ հատակին կուչ են գալիս,
 
79 Այսպես տեսա ես հոգիներ հազարյակ,
Որոնք փախչում էին մեկի առջևից,
Որ անցնում էր Ստիքսն ինչպես մի ցամաք։
 
82 Նա ձախ ձեռքը ստեպ առաջ էր տանում,
Հեռացնելով իր աչքերից մեգը խիտ,
Եվ կարծես նա լոկ դրանից էր նեղվում։
 
85 Ճանաչելով սուրհանդակին երկնքի ,
Դարձա տիրոջս, և սա նշան արեց ինձ,
Որ խոնարհվեմ լռին՝ ի ցույց հարգանքի։
 
88 Օ՜, նա որքան լի էր թվում բարկությամբ։
Եկավ կանգնեց դռան առջև ամրափակ
Եվ ճպոտով այն բաց արեց հեշտությամբ։
 
91 «Ո՛վ երկնքից վտարվածներ , անարգ ցեղ,—
Սաստեց նրանց, կանգնած մուտքին ահավոր,—
Որտեղի՞ց է հանդգնությանը այդ ձեր.
 
94 Ինչո՞ւ եք դուք հակառակվում այն կամքին,
Որ երբեք իր նպատակից չի շեղվում,
Եվ կարող է պատուհասել ձեզ կրկին։
 
97 Ի՞նչ օգուտ ձեզ հեստել վճռի դեմ հաստված.
Ձեր Կերբերոսն, եթե լավ եք դուք հիշում,
Դեռ կրում է քիթն ու մռութը ջարդված»։
 
100 Վերադարձավ ապա ճամփով գարշելի,
Առանց մի բառ մեզ ասելու, ինչպես նա,
Ով դիմացի անձի հոգսից ավելի
 
103 Մտահոգված, տարված է այլ հոգսերով։
Եվ մենք այսպես դեպի քաղաքն ուղղվեցինք,
Սրտապնդված սրբազանի խոսքերով։
 
106 Մենք ներս մտանք բոլորովին անարգել.
Ես, որ այնքան ուզում էի իմանալ,
Թե ամրոցն այդ ինչ էր իր մեջ ներփակել,
 
109 Մտնելուս պես իմ աչքերը շրջեցի
Եվ ամենուր տեսա մի դաշտ ընդարձակ,
Լի ցավերով ու կոծերով ահռելի։
 
112 Ինչպես Առլում , ուր Ռոդանն է լճանում,
Ինչպես Պոլում , Կառնարոյի ծոցի մոտ,
Ուր Իտալիո սահմաններն են վերջանում,
 
115 Շիրիմներ կան, որ վայրն անհարթ են դարձնում,
Այսպես այստեղ կային բազում շիրիմներ,
Որոնք տխուր պատկեր էին ընծայում։
 
118 Նրանց շուրջը բոցեր էին բարձրանում,
Շիկացնելով նրանց այնպես սաստկորեն,
Ինչպես երբեք երկաթը չի շիկանում։
 
121 Բացված էին կափարիչները նրանց,
Ուրկից ելնում էին ողբերը հոգվոց,
Որոնք ներսում տանջվում էին հրախանձ։
 
124 Ես ասացի. «Վարպե՛տ, ովքե՞ր են դրանք,
Որոնք թաղված դագաղների մեջ նման՝
Արձակում են դառնակսկիծ հեծեծանք»։
 
127 Եվ նա ասաց. «Հերձվածների պետերն են
Իրենց բոլոր հարողների հետ մեկտեղ,
Եվ լեցուն են դամբարաններն այս ամեն։
 
130 Նմանն այստեղ նմանի հետ է թաղված ,
Շիրիմներն են առավել կամ նվազ տաք »։
Եվ ապա մենք դեպի աջ կողմը ուղղված՝
 
183 Դամբանների և պարսպի մեջ մտանք։
</poem>
Վստահելի
381
edits