Changes

Գարգանտյուան և Պանտագրյուելը

Ավելացվել է 29 702 բայտ, 16:24, 22 Հոկտեմբերի 2015
/* Գլուխ III */
Ճամփորդները շարունակեցին իրենց ճանապարհը և մի քանի օր հետո ողջ և առողջ հասան Փարիզ։
 
 
==Գլուխ IV==
 
Այն մասին, թե ինչպես է Գարգանտյուան փախցնում Փարիզի Աստվածամոր տաճարի զանգը
 
 
Մեր բարեկամները լավ հանգստանալուց հետո գնացին քաղաքը դիտելու։ Բայց հենց փողոց դուրս եկան թե չէ, պարապ֊սարապ մարդկանց ահագին խմբեր շրջապատեցին Գարգանտյուային։ Ոմանց զարմացնում էր նրա բարձր հասակը, մյուսներին՝ նրա տարօրինակ հաստությունը, ուրիշներին՝ նրա գեղեցիկ հագուստը։ Հայտնի է, որ փարիզեցիք ամենաթեթևամիտ մարդիկ են աշխարհում։ Նրանց, ինչպես ասում են, կարելի է զրկել հացից, բայց ոչ երբեք որևէ ձեռնածուի կամ փողոցային երգչի նայելու բավականությունից։ Նրանց շատ դուր եկավ Գարգանտյուայի նման կտրիճը։ Եվ մի այնպիսի համառությամբ էին հետապնդում Գարգանտյուային, որ նրանցից ազատվելու համար Գարգանտյուան ստիպված եղավ բարձրանալ Փարիզի Աստվածամոր տաճարի աշտարակը։
 
Աշտարակից նայելով ժողովրդի ահագին բազմությանը, Գարգանտյուան ասաց ինքն իրեն․
 
― Երևի այդ պորտաբույծները ցանկանում են, որ ես նրանց ինչպես հարկն է ողջունեմ։ Շատ լավ։ Այժմ ես նրանց այնպես կողջունեմ, որ քանի կենդանի են, չմոռանան ինձ։
 
Այդ ասելով նա այնքան օդ ներշնչեց և հետո այնպես ուժգին փչեց դեպի ներքև, որ քաղաքում չտեսնված մրրիկ բարձրացավ։ Այդ մրրիկը գետին տապալեց 260.418 մարդ, չհաշված կանանց ու երեխաներին։
 
Բոլորը շնչասպառ փախան։ Նրանք քրտնաթաթախ ու հազալով՝ վազեվազ մի կերպ հասան մինչև համալսարան և այնտեղ սկսեցին ամեն տեսակ հայհոյանքներ թափել բերաններից։
 
― Կարիմարի՜֊կարիմարա՜, ― գոչում էին նրանք, ― քիչ էր մնում այդ սրիկան մեզ բոլորիս հաշմանդամ դարձնի։
 
Իսկ Գարգանտյուան ժողովրդին փախցնելուց հետո պարապությունից դիտում էր տաճարի աշտարակներում կախած ահագին զանգերը և ապա սկսեց ձգել դրանցից կապած պարանները։ Զանգերի ղողանջը տարածվեց ամբողջ քաղաքում։ Հենց այդ ժամանակ Գարգանտյուայի գլխում միտք է ծագում զանգերը վերցնել տանել և բոժոժների փոխարեն կախել իր ձիուց։ Այդպես էլ անում է։
 
Մեկը մյուսի ետևից արձակում է զանգերը ու տանում։
 
Ամբողջ քաղաքն իրար է անցնում։ Քաղաքացիք հավաքվում են Նել<ref>Նել աշտարակը մեկն է Փարիզի չորս մեծ աշտարակներից, ավերվել է XVII դարում։</ref> աշտարակի մոտ և խորհուրդ անում, թե ինչպես ետ ստանան զանգերը։ Երկար վիճաբանությունից հետո վճռում են պատգամավորություն ուղարկել Գարգանտյուայի մոտ՝ մետր Յանոտուսի գլխավորությամբ, որը հայտնի գիտնական էր ու ճոռոմաբան։
 
Մետր Յանոտուսը կուշտ նախաճաշելուց և մի կերպ սափրվելուց հետո գնում է Գարգանտյուայի մոտ։ Նրան ուղեկցում էին երկու կարմրադեմ տիրացուներ և թուղթ մրոտող ու երեսները թանաքոտած հինգ֊վեց գրչակներ։
 
Տան դարպասի առաջ նրանց դիմավորեց Պոնոկրատը։ Սկզբում նա կարծեց, թե դրանք ծպտյալներ են։ Բայց երբ իմացավ, որ ծպտյալներ չեն, այլ քաղաքացիների կողմից ուղարկված պատգամավորություն, վազեց Գարգանտյուայի մոտ և հայտնեց նրան։
 
Մեր բարեկամները խորհրդակցեցին, թե ինչ անեն։ Բոլորն այն կարծիքին էին, որ նախ և առաջ Յանոտուսին պետք է տանել բուֆետ և այնտեղ լավ խմեցնել նրան։ Իսկ որպեսզի այդ անվերջ հազացող ծերուկը հետո չկարծի, թե հափշտակված զանգերը ինքն է վերադարձրել Փարիզին, վճռվեց մարդ ուղարկել քաղաքապետի, ֆակուլտետի ռեկտորի և եպիսկոպոսի ետևից ու նրանց հանձնել զանգերը, նախքան հանդես կգա Յանոտուսը իր ճառով։
 
Ինչպես վճռեցին, այնպես էլ արին։ Զանգերը սուսուփուս դուրս տարան, իսկ հրավիրվածներին ներս տարան դահլիճ, որտեղ Յանոտուսը հազալուց ու կոկորդը մաքրելուց հետո արտասանեց հետևյալ ճառը․
 
― Ըը՜ պարոն, ըը՜ պարոններ, շատ լավ կլիներ, որ վերադարձնեիք մեր զանգերը, որովհետև դրանք մեզ շատ հարկավոր են։ Մի ժամանակ դրանց համար մեզ մեծ գին էին տալիս, նկատի ունենալով դրանց տարրական էության հնչունային բնույթը։<ref>Յանոտուսի ճառը ծաղրական նմանողություն է միջնադարյան փիլիսոփաների դատողություններին։ Ռաբլեն ծաղրում է միջնադարյան այն փիլիսոփաներին, որոնք ամենապարզ հարցերը դարձնում էին վերամբարձ ու վերացական խնդիրներ։</ref> Այդ պատճառով դրանց բաղադրյալ մասերի հնչունային բնույթն այնպես է, որ ետ է մղում ամեն տեսակ փոթորիկներ ու վատ եղանակներ մեր, այսինքն ոչ թե մեր, այլ ընդհանրապես շրջակա այգիներից։
 
― Ըը՜, ըը՜, էխե՜եյ, եթե դուք վերադարձնեք զանգերը, հարգելով իմ խնդիրքը, ես պարգև կստանամ վեց կապոց երշիկ և մի հատ էլ լավ վարտիք, որը իմ ոտքերը կպաշտպանի մրսելուց։ Ա՜խ, աստված վկա, պարոն, լավ վարտիքը շատ լավ բան է։ Ամեն կարիք ունեցող վարտիքի տեր չի դառնում։ Այդպիսի բաները խելքս լավ է կտրում։ Պետք է իմանաք, պարոն, որ տասնութ օր է, ինչ ես պատրաստում եմ իմ այս գեղեցիկ ճառը։ «Տվեք կայսրինը կայսրին և աստծունը՝ աստծուն»։<ref>Ավետարանական հայտնի դարձվածք է։</ref> Ազնիվ խոսք եմ ասում, պարոն, եթե ինձ հետ ընթրել եք ցանկանում, մենք մի լավ քեֆ կանենք։ Ես խոզ եմ մորթել և մի փոքր տակառ էլ ձեր ճաշակի գինի ունեմ։ Ուրեմն, վերադարձրեք մեր զանգերը։ Լսեք ինչ եմ ասում, ես խոստանում եմ ձեզ մեր ֆակուլտետի կողմից եկեղեցական քարոզների մի հրաշալի գիրք, միայն թե դուք վերադարձնեք մեր զանգերը։ Կուզե՞ք ձեր բոլոր մեղքերի համար թողություն ստանալ։ Երդվում եմ աստծու անունով, որ դուք թողություն կստանաք և դա ձեզ վրա ոչ մի կոպեկ չի նստի։<ref>Միջին դարերում մեղքերի թողություն կարելի էր գնել դրամով։ Եկեղեցիներում և վանքերում ծախվում էին այսպես կոչված ինդուլգենցիաներ, որոնք մի տեսակ շնորհագրեր էին։ Դրանցում նշված էին լինում այն մեղքերը, որոնց համար թողություն կարող էր ստանալ գնորդը։</ref> Ըը՜, ըը՜, հիմա ես կապացուցեմ ձեզ, որ դուք պարտավոր եք վերադարձնել մեզ մեր զանգերը։ Տեսեք ինչ եմ ասում․ զանգակատան ամեն մի լավ զնգացող զանգ իր զնոգոցով ստիպում է զնգացնողին ավելի լավ զնգացնել։ Հա՜, հա՜, հա՜։ Հույս ունեմ, վերջին ասածս ձեզ լրիվ համոզեց։ Համա ինչ հրաշալի եմ խոսում։ Ազնիվ խոսք, պարոն, կար ժամանակ, երբ բան ու գործս միայն ճառելն էր։ Իսկ հիմա կուզեի լավ գինի, կուզեի մեջքս դեմ արած լինի կրակին, որ տաքանա, իսկ փորս կպած լինի սեղանին, որի վրա դրած կերակուրների գոլորշին քուլա֊քուլա բարձրանա։ Է՜հ, պարոն, դեհ վերադարձրեք զանգերը վերջանա գնա։ Չէ՞ որ քաղաքն առանց զանգերի նույնն է, ինչպես կովն առանց բոժոժների։ Ես վերջացրի։ Ողջ լինեք։
 
Այդ փառապանծ գիտնականը հենց իր ճառը վերջացրեց, Պոնոկրատն ու Եվդեմոնը ծիծաղից թուլացան։ Նրանց հետ ծիծաղում էր ինքը մետր Յանոտուսը։ Եվ նրանք երեքով այնքան ծիծաղեցին, որ հալից ընկան։
 
Երբ դադարեցին ծիծաղելուց, Պոնոկրատն առաջարկեց մեկ էլ հյուրասիրել այդ փառավոր ճարտասանին, որ այդպես զվարճացրել էր իրենց, և պարգև տալ նրան։
 
<poem>
Տասը կապոց երշիկ,
մի վարտիք,
երեք հարյուր կտոր փայտ,
քսանհինգ տակառ գինի,
անկողին՝ սագի փետրից պատրաստած երեք ներքնակով, և մի մեծ ապուրաման։
</poem>
 
Այդ բոլորը կատարվեց, միայն վարտիքի փոխարեն Գարգանտյուան հրամայեց տալ մետր Յանոտուսին յոթ արշին սև մահուդ և երեք արշին աստառացու կտոր։ Դրա պատճառն այն էր, որ Գարգանտյուան չգիտեր, թե ինչպիսի վարտիք է սիրում գիտնական ճարտասանը՝ ժապավենը ետևի՞ց, թե առաջից, այնպիսի՞ վարտիք, որ հագնում են նավորդները, թե փողկապով, կամ պոչով՝ ձողաձկան պոչի նման, որպեսզի երիկամունքները շատ չտաքանան։
 
Եվ այդպես՝ այդ ամբողջ գիտական պատգամավորությունը պարգևներով ծանրաբեռնված տուն վերադարձավ։
 
Սակայն դրանով գործը չվերջացավ։ Բանից պարզվեց, որ մետր Յանոտուսը, այդ հազացող ծերունին, որն այնքան ճոխ պարգևներ էր ստացել Գարգանտյուայից, չբավականացավ դրանով և պահանջեց, որ տան իրեն խոստացած պարգևները։ Երբ քաղաքային իշխանությունը մերժեց նրա պահանջը, Յանոտուսը դիմեց դատարանին։
 
― Ա՜յ դուք, խաբեբաներ, ― աղաղակում էր Յանոտուսը, ― ուզում եք իմ գլխին խաղ խաղալ, ինչպես մի ժամանակ ես էլ ձեզ հետ ուրիշների գլխին էի խաղեր խաղում։ Երդվում եմ աստծով, որ ձեր արաքների մասին կհայտնեմ թագավորին։ Եվ թող ես երկու աչքով կուրանամ, եթե նա չհրամայի ձեզ որպես խաբեբաների, դավաճանների և աստծու թշնամիների ողջ֊ողջ այրել։
 
Այդ խոսքերի համար քաղաքային իշխանությունը գանգատվեց Յանոտուսի դեմ։ Կարճ ասած՝ դատական այդ գործը այնպիսի խճճված մի բան դարձավ, որ մինչև օրս դեռ չի վերջացել։ Յանոտուսն ու նրա օգնականները երդվել են չլվացվել ու քթները չսրբել, մինչև չստանան իրենց խոստացած պարգևները։ Եվ նրանք մինչև այսօր ման են գալիս կեղտոտ ու փսլնքոտ։
 
 
==ԳլուխV==
 
Այն մասին, թե ինչպես էր Գարգանտյուան ապրում Փարիզում
 
 
Երբ զանգերն իրենց նախկին տեղը կախվեցին, Գարգանտյուան ցանկացավ աշխատանքի կպչել։ Բայց Պոնոկրատը վճռեց նախ իմանալ, թե ինչ է սովորեցրել նրան առաջվա դաստիարակը, և պատվիրեց Գարգանտյուային ապրել այնպես, ինչպես առաջ։ Գարգանտյուան այդպես էլ արեց։
 
Եվ ահա թե ինչպես էր անցկացնում նա իր ժամանակը։ Առավոտները զարթնում էր ժամը ութին֊ինին, մի կես ժամ մնում էր անկողնում պառկած, հետո հագնվում էր և սանրվում իր սեփական հինգ մատներով։ Այդպես էր սովորել նա մանկությունից, որովհետև նրա նախկին ուսուցիչը այն կարծիքին էր, որ գլուխ սանրելը, լվացվելը և մաքրվելը թանկագին ժամանակի ապարդյուն կորուստ է։
 
Դրանից հետո Գարգանտյուան հորանջում էր, թքում, հազում, փռշտում, խնչում, ճիշտ ավագ սարկավագի պես, հետո նախաճաշին ուտում էր տապակած երիկամներ ու միս, խոզապուխտ և որևէ ջրալի ու յուղալի կերակուր։
 
Կուշտ նախաճաշելուց հետո Գարգանտյուան գնում էր եկեղեցի, և նրա ետևից տանում էին մի ահագին զամբյուղի մեջ դրած աղոթագիրքը, որը կազմի ու ճարմանդների հետ միասին կշռում էր տասնմեկ փութ ու վեց գրվանքա։ Եկեղեցում Գարգանտյուան քսանվեց կամ երեսուն պատարագ էր լսում։ Նրա հետ միասին եկեղեցի էր գալիս նաև տնային քահանան, որը հագնված էր լինում ինչպես հոպոպ և նրանից սաստիկ գինու հոտ էր փչում։
 
Նրա հետ Գարգանտյուան քթի տակ մռթմռթում էր իր աղոթքները և դա այնպիսի խնամքով էր անում, որ ոչ մի խոսք բաց չէր թողնում։
 
Երբ Գարգանտյուան դուրս էր գալիս եկեղեցուց, եզները նրա ետևից բերում էին սայլի վրա բարձած սուրբ Կլավդիոսի ահագին տերողորմյաները։ Այդ տերողորմյայի յուրաքանչյուր հատիկը մարդու գլխի չափ կլիներ։ Գարգանտյուան տերողորմյան ձեռքն էր առնում և ջերմեռանդությամբ տերողորմյա գցելով զբոսնում էր վանքի պարտեզում, ու սրահներում։ Այդ ժամանակ նա ավելի շատ աղոթքներ էր կարդում, քան տասնվեց ճգնավորներ կարող էին կարդալ։
 
Հետո նա մոտ կես ժամ սովորում էր՝ աչքերը գրքի էջերին հառած, բայց նրա ուշքն ու միտքը խոհանոցում էր, որտեղ այդ ժամանակ նախաճաշ էին պատրաստում։ Նախաճաշին Գարգանտյուան ուտում էր մի քանի դյուժին խոզապուխտ և երշիկ։ Խոզապուխտը Գարգանտյուան ուտում էր մանանեխով, որը չորս աժդահա խոհարարներ ահագին գդալներով լցնում էին նրա բերանը։ Շատ չանցած ճաշն էր սկսվում, և Գարգանտյուան ինչքան ասես ուտում էր ամեն տեսակ մսեղեն ու ջրալի կերակուրներ և ուտելը վերջացնում էր այն ժամանակ միայն, երբ փորն սկսում էր ուռչել։
 
Ճաշից հետո Գարգանտյուան մեկնվում էր ու խռմփացնում, իսկ երբ զարթնում էր, մի տակառ գինի էր դնում մոտը և խմում էր, որքան քեֆն ուզում էր։
 
Այդպես էր անցնում նրա օրը մինչև երեկո։ Ընթրելուս էր Գարգանտյուան այնքան էր ուտում, որ քիչ էր մնում պայթի։ Հետո զառ էր խաղում և ապա պառկում քնում էր մինչև առավոտվա ժամը ութը։
 
Գարգանտյուայի կյանքը լավ ուսումնասիրելուց հետո Պոնոկրատը հասկցավ, թե ինչու է նա այդպես հիմար ու անպետք մարդ դարձել, և վճռեց նոր սովորություններ մշակել։
 
Պոնոկրատը իր սանին արթնացնում էր առավոտյան ժամը չորսին և դեռ չնախաճաշած՝ նրա հետ գնում էր զբոսնելու։ Զբոսանքից հետո Գարգանտյուային հագցնում ու գլուխը սանրում էին, և այդ ժամանակ Պոնոկրատը կրկնում էր նրա հետ նախորդ օրվա դասերը։ Այդպես պարապում էին նրանք երկու֊երեք ժամ անընդհատ, որից հետո Պոնոկրատը նրան նոր դաս էր տալիս։ Այնուհետև նրանք դարձյալ գնում էին զբոսնելու։ Մտնում էին հրապարակը, այնտեղ գնդակ էին խաղում, գնդաթի և ուրիշ խաղեր, որպեսզի զարգացնեն իրենց մկանները։ Երբ վերադառնում էին տուն, շփում էին իրենց մարմինները, փոխում շապիկները և նստում ճաշելու։ Ճաշելիս բարձրաձայն մի քանի զվարճալի պատմություններ էին կարդում հին դյութազունների սխրագործությունների մասին և ուրախ զրուցում միմյանց հետ։
 
Ճաշից հետո Գարգանտյուան քնար էր նվագում, տավիղ և գերմանական սրինգ, հետո նորից սկսում էր սովորել, այսինքն կրկնում էր առավոտվա դասը, կարդում որևէ գիրք, գրում էր և գրելիս աշխատում էր ամեն մի տառը որքան կարելի է գեղեցիկ գրել։
 
Հետո Գարգանտյուան Գիմնաստի հետ միասին գնում էր ձի հեծնել սովորելու։ Նա ձի էր նստում ոտից մինչև գլուխ զինված և զանազան ռազմական վարժություններ էր անում։ Շուտով նա այնպես սովորեց ձի կառավարել, նիզակ խաղացնել և անհրաժեշտ դեպքում սուսերամարտել, որ նմանը չկար Փարիզում։
 
Բացի այդ, Գարգանտյուան հաճախ որսի էր գնում, գնդակ էր խաղում, մենամարտում էր, վազում, ցատկում, լողում էր փորի վրա, մեջքի վրա, մի կողքի վրա։ Նա այնպես լավ էր լողում, որ կարողանում էր անցնել գետի մի ափից մյուսը միայն ոտնալող տալով և մի ձեռքը բարձր գլխավերևում պահած։ Հաճախ նա ձեռքին բռնած մի որևէ գիրք էր անցկացնում մյուս ափը և գրքի վրա ոչ մի կաթիլ ջուր չէր լցնում։
 
Մարմնամարզության մեջ նա առաջնակարգ վարպետ էր։ Պատահում էր որ մի բարձր աշտարակի ծայրից թոկ էին կապում, որի մյուս ծայրն իջեցնում էին մինչև գետին։ Գարգանտյուան թոկից բռնած բարձրանում էր աշտարակի ծայրը, հետո իջնում էր ներքև ու թռչում խոտի վրա։ Կամ երկու միմյանցից քիչ հեռու ծառերի վրա մի հաստ փայտ էին դնում, և Գարգանտյուան այդ փայտից կախ ընկած ու առանց ոտքերը գետնին կպցնելու մի ծառից մյուսն էր անցնում այնպիսի արագությամբ, որ ոչ մի արագավազ չէր կարողանում հասնել ետևից։
 
Մարմնամարզական վարժություններից հետո Գարգանտյուան լվացվում էր, մարմինը շփում, շորերը փոխում և նստում էր ընթրելու։ Պետք է ասել, որ Գարգանտյուայի ճաշն այժմ շատ համեստ էր լինում, նա այնքան էր միայն ուտում, որ սովածություն չզգա, բայց ընթրիքը լինում էր շատ ճոխ ու համեղ։ Ընթրիքից հետո նախքան քնելը Գարգանտյուան իր ուսուցչի հետ դուրս էր գալիս պատշգամբ՝ ուսումնասիրելու աստղազարդ երկինքը։
 
Այնտեղ նրանք դիտում էին գիսավոր աստղերը, ընկնող աստղերը և ուսումնասիրում էին լուսատուների տեղադրությունը։ Հետո Գարգանտյուան մի անգամ ևս կրկնում էր այն բոլորը, ինչ սովորել էր այդ օրը և պառկում էր քնելու։
 
Ժամանակ առ ժամանակ Պոնոկրատն իր աշակերտին տանում էր զբոսանքի։ Գարգանտյուան մտնում էր այն արհեստանոցները, որտեղ մետաղ էին հալում և թնդանոթներ ձուլում, ալքիմիկոսների աշխատանոցները, դրամահատարանը, մանածագործական գործարանները, որտեղ մետաքսե կտորներ ու թավիշ էին գործում, և ամեն տեղ դիտում, ուսումնասիրում էր աշխատանքները։ Գնում էր նաև նայելու լարախաղացներին և ձեռնածուներին, իսկ երբեմն պարզ և լավ եղանակին գնում էր քաղաքից դուրս և ամբողջ օրն անցկացնում այնտեղ՝ երգեր ասելով և խոտերի վրա թավալվելով։ Պանոկրատը հասկանում էր, որ երբ մարդ եռանդուն աշխատանքներ է կատարում, ժամանակ առ ժամանակ պետք է լավ հանգստանա, ուստի չէր խանգարում իր աշակերտին որոշ օրեր իր ուզածի պես զվարճանալ։
 
 
==Գլուխ VI==
 
Այն մասին, թե ինչպես Լերնե քաղաքի կարկանդակագործներն ընդհարվեցի Գրանգուզիեի հովիվների հետ
 
 
Գարգանտյուայի հայրենիքում մոտենում էր խաղողաքաղի ժամանակը։ Գրանգուզիեի հովիվները պահպանում էին խաղողը, որ սարյակները չկտցահարեն։ Մի օր էլ, երբ հովիվները այգու մոտ նստած զրույց էին անում, մեկ էլ տեսնում են, սայլեր են անցնում ճանապարհով, իսկ սայլերի ետևից քայլում էին հարևան Լերնե քաղաքի կարկանդակագործները։ Պետք է ասել, առաջին անգամը չէր, որ կարկանդակագործներն անցնում էին այդ ճանապարհով, նրանք հաճախ ապրանք էին տանում քաղաք ծախելու։ Այս անգամ էլ տասներկու սայլ էր անցնում կարկանդակներով բեռնված, այն էլ ինչ կարկանդակ՝ թարմ, համեղ, փռից նոր հանած ու բոլորովին տաք։
 
― Մենք ումից ենք պակաս, ― ասացին հովիվները, ― որ այդ կարկանդակի համը չտեսնենք։ Է՜յ, կարկանդակագործներ, ձեր ապրանքից մի քիչ ծախեցեք մեզ։
 
― Ձե՞զ ծախենք։ Դուք ո՞վ եք, որ ձեզ ապրանք ծախենք։ Դուք ի՞նչ կարկանդակ ուտողներ եք, շատախոսներ, ծույլեր, տգետներ, մուրացկաններ։ Մի սրանց շնորհքին նայեք։ Ձերպեսների համար չեն մեր կարկանդակները։ Ավելի լավ է գնացեք ձեր գարու հացը կրծեցեք, այդ էլ ձեզ շատ է։
 
― Այ մարդիկ, այդ ինչ է պատահել ձեզ, որ մեզ այդպես կոպիտ խոսքեր եք ասում, ― զարմացած հարցրեց հովիվ Ֆորժյեն, որ մի բարեսիրտ ու շատ ազնիվ մարդ էր, ― առաջներում դուք ուրախությամբ մեզ կարկանդակ էիք ծախում, իսկ հիմա այդպես կոպիտ ձևով մերժում եք։ Չէ՞որ դուք էլ մեզ մոտ ցորեն գնելու եք գալիս, պատահե՞լ է, որ մենք ձեզ մերժենք։ Իսկ եթե դուք վճռել եք, որ մենք թշնամիներ դառնանք, շատ լավ, ժամանակին մենք էլ ձեզ հետ այդպես կվարվենք։ Լավ հիշեցեք ասածներս։
 
― Դու ինչո՞ւ կռվարար աքլորի պես մեջտեղ ընկար, Ֆորժյե, ― ծիծաղելով ասաց Մարկեն, որ կարկանդակագործների գլխավորն էր, ― չլինի՞ կոնծել ես։ Դե լավ, մոտ արի, ես քեզ կարկանդակ կտամ։
 
Բայց երբ Ֆորժյեն միամտաբար մոտեցավ կարկանդակագործին և ուզում էր գոտու տակից հանել դրամը, Մարկեն մտրակով այնպիսի հարված հասցրեց Ֆորժյեին, որ խեղճի մարմինը կապտեց։
 
― Օգնեցե՜ք, այստեղ մարդ են սպանո՜ւմ, ― աղաղակեց Ֆորժյեն և ձեռքի մահակով որքան ուժ ուներ հարվածեց Մարկեին։ Հարվածը կպավ Մարկեի գլխին, և տմարդի կարկանդակագործը տապալվեց գետնին։
 
Աղմուկի ձայնը լսելով, չորս կողմից վրա հասան ագարակատերերը, որոնք մոտերքում աշխատում էին․ նրանք երկար ձողերով ընկույզ էին թափ տալիս։ Ագարակատերերը մի կողմից սկսեցին ծեծել կարկանդակագործներին, հովիվները՝ մյուս կողմից։ Կարկանդակագործները տեսան, որ իրենց բանը բուրդ է։ Հովիվները նրանցից զոռով հինգ դյուժին կարկանդակ առան։ Բայց դա ամենևին կողոպուտ չէր, որովհետև տերերին վճարեցին վերցրած կարկանդակների գինը և որպես վերադիր տվեցին հարյուր հատ ընկույզ և երեք կողով սպիտակ խաղող։ Կարկանդակագործներն օգնեցին Մարկեին ձին հեծնելու և վերադարձան Լերնե։ Ամբողջ ճանապարհին ի՜նչ հայհոյանք ասես, որ չէին թափում հովիվների գլխին և սպառնում, որ շուտով նրանց հախիցը կգան։
 
Իսկ հովիվներն իրենց հերթին անուշ էին անում կարկանդակները, հետո ճաշակում հիանալի խաղողը և սրտանց ծիծաղում մեծախոս ու պարծենկոտ կարկանդակագործների վրա։ Ֆարժյեն ինքը խաղողի հյութով տրորեց մտրակի հարվածից կապտած տեղը, և շատ շուտով ցավը բոլորովին անցավ։
Ադմին, Վստահելի
1876
edits