Changes
/* Երկրորդ մաս */
Գարգանտյուայի որդի՝ բարի Պանտագրյուելի կյանքի պատմությունը
==Գլուխ I==
Մեծ Պանտագրյուելի մանկությունը
Այժմ պատմեմ ձեզ սքանչելի Պանտագրյուելի մանկության մասին։ Պանտագրյուելի մայրը՝ հսկա Բադեբեկը մեռնում է, հենց որ որդուն լույս աշխարհ է բերում։ Խեղճ Գարգանտյուան չէր իմանում ինչ անի, լաց լինի՞, թե ուրախանա։
― Ի՞նչ անեմ, ― ասում էր ինքն իրեն հուսահատված Գարգանտյուան։ ― Լա՞ց լինեմ։ Շատ լավ, բայց ինչո՞ւ։ Որովհետև մեռավ իմ լավ, իմ բարի կինը, և ես նրան այլևս երբեք չեմ տեսնի։ Ա՜խ, Բադեբեկ, իմ հոգիս, իմ սիրելիս, իմ պստլիկ Բադեբեկս (այդ պստլիկ Բադեբեկի հասակը երկու սաժինից ավելի կլիներ), իմ հոգյակս, ջանիկս, սրտիս կտորը, ի՞նչ անեմ այժմ առանց քեզ։ Խե՜ղճ, խե՜ղճ իմ Պանտագրյուել, դու զրկվեցիր քո մայրիկից, իմ աչքի լույս զավակս։
Եվ այդ ասելիս Գարգանտյուան բառաչում էր կովի պես։ Մեկ էլ հանկարծ սկսում էր ծիծաղել, հիշելով Պանտագրյուելին։
Ախ, իմ որդի, ― ասում էր նա, ― իմ թռչնիկ, իմ փոքրիկ կատու։ Որքան շնորհակալ պիտի լինեմ ես բախտից, որ պարգևել է ինձ այդպիսի մի սիրունիկ, ուրախ ու սիրելի որդի։ Ա՜խ, ա՜խ, ա՜խ։ Բայց անձնատուր չլինենք վշտին, խմենք, որ վիշտը մոռանանք։ Բերեք շուտով ամենալավ գինին, մաքրեցեք բաժակները, սեղան պատրաստեցեք, շներին դուրս քշեցեք, բուխարին վառեք, դռները փակեցեք, կերակուրները լցրեք ամանների մեջ։ Մեկ էլ կանչեցեք աղքատներին և փող տվեք նրանց։ Իսկ ես վերարկուս կհանեմ և միայն բաճկոնով քեֆ կանեմ։ Դեհ, շուտ արեք, գինի հասցրեք։
Իսկ Պանտագրյուելն այդ ժամանակ օրորոցում պառկած սպասում էր, որ իրեն կաթ տան։ Ամեն առավոտ նա խմում էր 4600 կովերի կաթը։ Նա ծծմայր չուներ, իսկ կաթ հարկավոր էր անչափ, անսահման։ Մի անգամ աղախինները կաթն ուշացրին, և Պանտագրյուելը բարուրի շորերը դեն շպրտեց, մի կովի ոտքից բռնեց, քաշեց դեպի իրեն և այնպես կպավ նրա կրծքից, որ կովը սաստիկ բառաչեց, կարծեց թե գայլերն են իրեն հոշոտում։ Բառաչոցը լսելով վրա հասան մարդիկ և մի կերպ կովին ազատեցին Պանտագրյուելի ձեռքից։
Այդ դեպքից հետո Գարգանտյուան հրամայեց իր տղային հաստ թոկերով կապել օրորոցից։ Բայց մեկ անգամ մի ահագին արջ, որ Գարգանտյուան պահում էր իր տանը կապած, շղթան կտրեց և մոտենալով տղային, լիզում էր նրա երեսը։ Դրանից քիչ առաջ դայակները երեխային շիլա էին տվել ուտելու և մոռացել էին բերանը մաքրել։ Հենց այդ շիլան էլ գրավել էր արջին։
Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ արեց Պանտագրյուելը։ Նա իրեն զոռ է տալիս, կտրատում թոկերը, բռնում է արջին երկու ձեռքով և պատառ֊պատառ անում, ինչպես մի հավի ճուտի։ Բայց գործը դրանով չի վերջանում, նա տաք֊տաք ուտում է իր սպանած արջի միսը և չի թողնում, որ սառչի։
Տղայի այդ սարսափելի ուժը տեսնելով, Գարգանտյուան երկյուղ է կրում, որ նա մի օր ինքն իրեն կվնասի։ Դրանից հետո Պանտագրյուելին չորս հաստ երկաթե շղթայով գամում են օրորոցին։ Այդ շղթաներից մեկը մինչև այժմ էլ մնում է Լյա֊Ռոշել քաղաքում։ Շղթան կախված է այնտեղի նավահանգստում, երկու աշտարակների միջև։ Երկրորդ շղթան այժմ Լիոնում է, երրորդը՝ Անժերեում, չորրորդի համար, ասում են, թե չարքերը գողացել են, որ Սատանային կապեն։ Ասում են, նույնպես, որ այդ ժամանակ Սատանայի փորը ցավելիս է եղել, և չարքերը վախեցել են, որ դրանից իրենց բանը կարող է վատանալ։ Այսպես, ուրեմն, Պանտագրյուելին կապել էին շղթաներով, և այդ ժամանակից սկսած նա հանգիստ պառկած էր օրորոցում։
Բայց մի անգամ, երբ Գարգանտյուան ինչ֊որ տոնի առթիվ, շատ մեծ խնջույք էր սարքել, դայակների գլուխն այնպես է խառնված լինում, որ նրանք բոլորովին մոռանում են Պանտագրյուելին։ Ի՞նչ է անում նա։ Դեհ, լսեցեք, պատմեմ, բարի մարդիկ։ Պանտագրյուելը նախ փորձում է շղթաները ձեռքով կտրտել։ Բայց նրան չի հաջողվում, որովհետև շղթաները շատ ամուր են լինում։ Այն ժամանակ նա, որքան ուժ ունի, ոտքերով խփում է օրորոցին և կոտրում օրորոցի մի ծայրը, թեպետ դրա հաստությունը մեկուկես արշինից պակաս չէր լինի։ Պանտագրյուելը օրորոցից հանում է ոտքերը, մեկնում ու հասցնում մինչև գետին և կանգնում։ Օրորոցն էլ նրա հետ միասին բարձրանում է և կախ ընկնում նրա մեջքին։ Եթե դուք այդ ժամանակ տեսնեիք Պանտագրյուելին, ձեզ կթվար, թե դա ծովային մի ահագին նավ է, որ գլխի վրա կանգնած քայլում է սենյակում։
Իսկ Պանտագյրուելի համար դա շատ հասարակ բան էր։ Այդ դրությամբ նա սանդուղքով իջնում է և մտնում այն դահլիճը, որտեղ քեֆ էին անում հյուրերը։ Մարդիկ ծիծաղից ուշաթափ են լինում։ Պանտագրյուելի ձեռքերը կապված էին, այդ պատճառով ել նա կռանում է սեղանի վրա և ուտելիքը ատամով վերցնում։
Գարգանտյուան այլևս չկարողացավ համբերել և հրամայեց արձակել Պանտագրյուելին։ Շղթաները բաց արին և երբ մեր չարաճճին իրեն ազատ զգաց, ջարդուփշուր արեց և 1500 կտոր դարձրեց իրեն ատելի օրորոցը։ Դրանից հետո նա հանգիստ նստեց հյուրերի կողքին և մի կուշտ ընթրեց։
==Գլուխ II==
Այն մասին, թե ինչպես Պանտագրյուելը հանդիպում է Պանուրգին,<ref>Պանուրգ հունարեն նշանակում է «ձեռքիցը ամեն ինչ եկող», «ստահակ»։</ref> որին նա սիրում էր մինչև իր կյանքի վերջը
Պանտագրյուելը մեծանում էր ոչ թե օրերով, այլ ժամերով։ Ուսումնարանում նա ամենալավ աշակերտն էր։ Երբ ուսումն այնտեղ ավարտեց, Պանտագրյուելը գնաց ուրիշ քաղաքներ, այնտեղ էլ խելք ու գիտություն ձեռք բերելու։ Տուլուզում նա սովորեց պարել և սուսերամարտել։ Այնտեղի ուսանողները սուսերամարտի լավագույն վարպետներն են։ Բայց երկար չմնաց Տուլուզում։ Նա մեկ անգամ տեսնում է, թե ինչպես են խարույկի վրա խորովում մի պրոֆեսորի, որը վարդապետների կամքով չէր գնացել։
― Աստված ինձ ազատի այս տեսակ մահից, ― ասաց Պանտագրյուելը, ― ես հո ապխտած ձուկ չեմ, և ամենևին չեմ ուզում, որ ինձ խորովեն։
Եվ հենց մյուս օրը նա մեկնեց Տուլուզից։
Մոնպելիեում նա ուզեց մտնել բժշկական ֆակուլտետ, բայց տեսավ, որ բոլոր բժիշկներից դեղի հոտ է գալիս։ Այն ժամանակ նա որոշեց դատավոր դառնալ, իսկ դատավորներ այնտեղ միայն չորս հոգի կային, այն էլ նրանցից երեքը ոջլոտ էին, մեկը՝ ճաղատ։
Անժերեում էլ նրա գործը հաջող չգնաց։ Այնտեղ ժանտախտ էր սկսվել, և Պանտագրյուելը ստիպված էր իսկուն մեկնել այդ քաղաքից։
Դրանից հետո Պանտագրյուելը երկար ժամանակ սովորում է Բուրժեում և այնուհետև գալիս է Փարիզ։ Փարիզում նա սովորում է մի քանի տարի և այնպիսի հաջողությամբ, որ նշանավոր գիտնականի անուն է հանում։
Եվ ահա մի անգամ իր ընկերների հետ քաղաքի շրջակայքում զբոսնելիս Պանտագրյուելը պատահում է հաճելի արտաքինով մի մարդու, որի մարմինն ամբողջապես ծածկված էր վերքերով և շորերն այնպես էին պատառոտված, կարծես քիչ առաջ շներն էին այդպես գզգզել։
Հեռվից տեսնելով նրան՝ Պանտագրյուելը ասաց ընկերներին․
― Տեսնո՞ւմ եք այդ մարդուն։ Գրազ կգամ, որ դա ոչ թափառաշրջիկ է և ոչ մուրացկան, թեկուզ առաջին հայացքից մուրացկանի նման է երևում։
Եվ երբ անծանոթը հավասարվեց նրանց, Պանտագրյուելը ասաց նրան․
― Բարեկամ, խնդրում եմ կանգնեցեք, մի բան եմ ուզում ձեզ հարցնել։ Դուք չեք զղջա իմ հարցին պատասխանելու համար, որովհետև ես տեսնում եմ, որ դուք դժբախտ եք և ուզում եմ ձեզ օգնել։ Նախ և առաջ ասացեք ինձ, ո՞վ եք դուք, ո՞րտեղից եք, ո՞ւր եք գնում, ի՞նչ եք փնտրում և ինչպե՞ս է ձեր անունը։
― Յունկեր, գոթ հեր էյխ գլյուկ ունգ հելլ, ― պատասխանեց անծանոթը գերմաներեն։
― Բարեկամ, ― ասաց Պանտագրյուելը, ― ես այդ լեզուն չեմ հասկանում, խնդրում եմ, ուրիշ լեզվով խոսեցեք։
― Այլբարիլդիմ գոտֆանո դեշմին քրին ավաբո դորդիո ֆայլբրոտ ռինգվամ այլբաբաս, ― պատասխանեց անծանոթը։
― Դուք բան հասկացա՞ք, ― հարցրեց Պանտագրյուելը իր ընկերներին։
― Երևի դա վայրերնիների լեզու է, ― ասաց Պանտագրյուելի դաստիարակ Էպիտեմոնը,<ref>Էպիտեմոն հունարեն նշանակում է «գիտակ», «իրազեկ»։</ref> սատանան էլ այդ լեզուն չի հասկանա։
― Քավոր ջան, ― ասաց Պանտագրյուելը անծանոթին, ― գուցե այս պատերը ձեզ հասկանան, բայց մենք ձեր ասածից ոչինչ չենք հասկանում։
Դրան անծանոթը պատասխանեց։
― Լորդ, հեֆտ տոլբ բե սուա վիրտուս բե ինտելիջենս։<ref>Շոտլանդերեն մի նախադասություն, որը նշանակում է․ «Պարոն, եթե դուք այնքան ուժեղ եք բանականությամբ, որքան և հաղթանդամ եք մարմնով․․․»։</ref>
― Սիրելի բարեկամ, ― հարցրեց անծանոթին Էպիտեմոնը, ― դուք ի՞նչ լեզվով եք խոսում, մարդո՞ւ, թե կապիկների։
― Իոնա անդիե, գուասա, գոուսի էտան, բեխորդա էրրեմեդիս,<ref>Բասկերեն լեզվով մի նախադասություն, որ նշանակում է․ «Պարոն, յուրաքանչյուր հիվանդության դեմ մի դեղ կա»։</ref> ― պատասխանեց անծանոթը։
― Ոչ, տեսնում եմ, ձեզ բան հասկացնել չի լինի, ― ասաց Պանտագրյուելը, ― բայց մի՞թե դուք ֆրանսերեն չգիտեք։
― Այ թե ի՜նչ, ― բացականչեց անծանոթը։ ― Ինչպես կարող եմ չիմանալ ֆրանսերեն, քանի որ դա իմ մայրենի լեզուն է, ինքս ծնվել ու մեծացել եմ Ֆրանսիայում։
― Դե որ այդպես է, ― ասաց Պանտագրյուելը, ― ասացեք մեզ, ի՞նչ է ձեր անունը և ո՞ւր եք գնում։ Ազնիվ խոսք, դուք այնպես դուր եք եկել ինձ, կարծում եմ, մենք միմյանցից երբեք չենք բաժանվի, եթե միայն դուք ցանկանաք դա։
― Պարոն, ― ասաց անծանոթը, ― իմ անունը Պանուրգ է։ Ես այժմ գալիս եմ Տաճկաստանից։ Երկար ժամանակ թուրքերի մոտ գերի եմ եղել։ Եթե ցանկանում եք, որ ձեզ հետ լինեմ, հաճույքով կգամ ուր կամենաք, և ազատ ժամանակ կպատմեմ ձեզ ինձ պատահած դժբախտ արկածների մասին։ Իսկ այժմ ես սաստիկ ուտել եմ ուզում, փորս բոլորովին դատարկ է, կոկորդս չորացած, քաղցից ատամներս կափկափում են և սոված գայլի պես ուտել եմ ուզում։ Եթե ուզում եք փորձել, թե ինչի եմ պետք, նախ և առաջ կարգադրեք, որ ինձ կերակրեն ինչպես պետք է։
Պանտագրյուելը հրամայեց Պանուրգին տուն տանել և կերակրել նրան, որքան սիրտն ուզում է։
Հրամանը կատարվեց։ Պանուրգը այնքան կերավ, որ քիչ էր մնում պայթի, հավերի հետ պառկեց քնելու։ Մյուս օրը զարթնեց միայն ճաշի ժամանակ և մահճակալից երեք անգամ ոստնելով, նորից իրեն գտավ ճաշի սեղանի մոտ։
==Գլուխ III==
Այն մասին, թե ինչպես Պանուրգը փախավ տաճկական գերությունից
Ճաշին Պանուրգի ուտելուն ու խմելուն ոչ չափ կար, ոչ սահման, որովհետև նա նիհարել էր և դարձել կատարյալ սոված մոզի։
― Ինչպես տեսնում եմ, բարեկամ, ― ասաց նրան սեղանակիցներից մեկը, ― խմելում դու բոլորին էլ կգերազանցես։
― Իսկ դու կարծում էիր, ― ասաց Պանուրգը, ― որ ես պիտի խմեմ, ինչպես մի ծիտ, և ուտեմ, ինչպես թռչնակ։ Չէ, խնամի, ես դրանցից չեմ։ Ես որքան շատ եմ խմում, այնքան շատ եմ ուզում խմել։ Իմ բնավորությունն էլ այդպես է։
Հյուրերը ծիծաղեցին։
― Սիրելի Պանուրգ, ― ասաց Պանտագրյուելը, ― պատմեցեք մեզ, ինչպե՞ս կարողացաք ձեր գլուխն ազատել տաճկական գերությունից։
― Ուրախությամբ, պարոն, ― ասաց Պանուրգը, ― ես կպատմեմ ձեզ ամեն բան, ինչպես եղել է, և թող աստծու պատժին արժանանամ, եթե պատմածներիս մեջ մի սուտ խոսք լինի։ Այդ ավազակ թուրքերը վճռեցին ինձ գործածել որպես խորովածացու։ Նրանք նախ ինձ ծակծկեցին և ծակերի մեջ ճարպ դրեցին, որպեսզի յուղալի լինեմ, հետո անցկացրին շամփուրին և սկսեցին խորովել կրակի վրա։ Ես հենց այն է, պատրաստվում էի հրաժեշտ տալ կյանքին, երբ հանկարծ նկատեցի, որ խոհարարի քունը տանում է։ Այն ժամանակ ես ատամներովս մի խանձող բարձրացրի և շպրտեցի ինձ տանջողի գոգը։ Երկրորդ խանձողը ես խրեցի հարդե ներքնակի մեջ։ Հարդը բոցավառվեց և վառեց անկողինը։ Անկողնուց կրակն անցավ հատակին, և ամբողջ սենյակը լցվեց ծխով։ Բայց ամենալավն այն էր, երբ տեսա, որ ինձ տանջող խոհարարը այրված ծնկներով աթոռից վեր թռավ, վազեց պատուհանի մոտ ու ամբողջ ուժով գոռաց․
― Դայլ բարո՜տ, դայլ բարո՜տ, որ մեր լեզվով նշանակում է հրդե՜հ, հրդեհ։
Դրանից հետո նա կտրատեց այն պարանը, որով ես կապված էի, և դուրս թռավ սենյակից։ Բայց նրա ետևից հասավ փաշան՝ այդ տան տերը։ Փաշան իմ միջից դուրս քաշեց շամփուրը և նրանով տեղնուտեղն սպանեց ինձ տանջողին։
Երբ շամփուրն ինձանից հանեցին, ես վայր ընկա և ցավ զգացի, թեև ոչ այնքան խիստ։ Դրա պատճառն այն էր, որ իմ մարմնի մեջ մտցրած ճարպն ինձ գիրացրել ու հաստացրել էր, հետևապես վայր ընկնելուց ստացած հարվածը ինձ համար այնքան էլ զգալի չեղավ։
Բայց հենց նոր էի ոտքի կանգնել, երբ մի նոր փորձանք եկավ գլխիս։ Այս մեր փաշան, երբ տեսավ, որ իր բոցավառված տունը ամբողջապես այրվում է, աղաչանքով, պաղատանքով դիմեց բոլոր սատանաներին և օգնության էր կանչում սատանաների մեծավորին։ Այդ որ լսեցի, սիրտս սաստիկ դող ընկավ։ Սատանաների մեծավորը որ գար, իմ բանը պրծած էր։ Ինձ արդեն կիսով չափ խորովել էին, մարմինս էլ ամբողջապես ճարպապատել։ Իսկ այդ անիծված սատանաները, ինչպես հայտնի է, ճարպի սաստիկ սիրահար են։
Բարեբախտաբար, սատանաների մեծավորը չեկավ։ Փաշան հուսահատությունից որոշեց վերջ տալ իր կյանքին, իր սրտի մեջ կոխելով շամփուրը։ Փաշան դեմ տվեց շամփուրն իր կրծքին, բայց շամփուրը բութ էր և չէր կարողանում ծակել իր տիրոջ կուրծքը։ Նա ամբողջ ուժով հուպ էր տալիս, բայց նրա ջանքերն ապարդյուն էին անցնում։ Այն ժամանակ մոտեցա նրան ու ասացի․
― Պարոն այլակրոն, դուք միայն իզուր տեղը ժամանակ եք կորցնում։ Այդ շամփուրով ծակել չի կարելի։ Կուզեք ես ձեզ մի րոպեում սպանեմ, և այնպես, որ դուք նույնիսկ ոչ մի ցավ չզգաք։ Հավատացեք ինձ, որ ես շատերի կյանքին եմ այդպես վերջ տվել, և նրանք իրենց հիանալի են զգացել։
― Իմ բարեկամ, ― ասաց ինձ փաշան, ― խնդրում եմ, սպանեցեք ինձ, բայց որքան կարելի է շուտ։ Որպես պարգև դու կարող ես վերցնել իմ շքեղ վարտիքը։ Նրա մեջ հինգ հարյուր ոսկի կա կարած և մի քանի հրաշալի ադամադ։
― Իսկ այժմ որտեղ են այդ ադամանդները, ― հարցրեց Էպիտեմոնը։
― Ավա՜ղ, ― հոգոց հանելով պատասխանեց Պանուրգը, ― նրանք այժմ շատ հեռու տեղ են, կարճ ասած՝ այնտեղ, որտեղ անցյալ տարվա ձյունն էր։ Դուք ինձ հասկանո՞ւմ եք։
― Խնդրում եմ շարունակեք ձեր պատմությունը, ― ասաց Պանտագրյուելը։ ― Դուք ինչպե՞ս սպանեցիք փաշային։
― Հավատացնում եմ ձեզ, ― ասաց Պանուրգը, ― ասածներիս մեջ մի ավելորդ կամ սուտ խոսք չկա։ Ես նրա ձեռքերը կապեցի, անցկացրի շամփուրի վրա և թողեցի, որ կրակի վրա խորովվի ապխտած ձկան պես։ Հետո վերցրի նրա քսակն ու պատից կախ արած փոքրիկ տեգը և սենյակից դուրս թռա։ Ա՜խ, եթե իմանայիք, ինչպես էր ցավում իմ խորոված ուսը։
Փողոցը լիքն էր մարկանցով։ Բոլորը վազում էին դեպի հրդեհը՝ ձեռքներին բռնած ջրով լիքը տակառ, դույլ, կաթսա։ Երբ տեսան, որ ինձ կիսով չափ խորովել են, մեղքները եկա, և ամբողջ ջուրը թափեցին վրաս։ Այդ բանը շատ է ընդունված տաճիկների մեջ։ Ջուրն ինձ թարմացրեց։ Առհասարակ տաճիկ ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է։ Նրանք ինձ կերակրեցին և ոչ մի վատ բան չարեցին։ Միայն մի անպիտան տաճիկ իմ մարմնի միջից դուրս էր տալիս ճարպը, բայց ես այնպես խփեցի այդ սրիկայի ձեռքին, որ նա իսկույն չքացավ։
Մինչ տաճիկներն զբաղված էին ինձնով, հրդեհն անցավ հարևան տները։ Հրդեհը բռնել էր արդեն մի ամբողջ թաղ։ Երբ տաճիկները տեսան, որ բանը վատ է, յուրաքանչյուրը վազեց դեպի իր տունը, իսկ ես գնացի դեպի քաղաքի դարպասը։ Բայց հենց նոր էի դուրս եկել դաշտ, մեկ էլ տեսնեմ քաղաքից դուրս են թափվել հարյուր, ― բայց ոչ, ինչ եմ ասում, ― հազար երեք հարյուր տասնմեկ, եթե ոչ ավելի, մեծ թե փոքր շներ։ Երբ շներն իմ խորովված մարմնի հոտն առան, բոլորը միանգամից հարձակվեցին վրաս և, իհարկե, ինձ պատառ֊պատառ կանեին, եթե իմ ճարպկությունը չլիներ։ Այդ ժամանակ ես հիշեցի ճարպի մասին և սկսեցի ճարպը շպրտել շների ոհմակի ուղիղ մեջտեղը։ Շները հարձակվեցին ճարպի վրա և ինձ հանգիստ թողեցին, ես էլ, իհարկե, նրանց թողեցի։ Այդպես ահա ես ուրախ ու զվարթ ազատվեցի գերությունից։ Կեցցե՜ շամփուրով խորովածը։
==Գլուխ IV==
Պանուրգի վարքն ու սովորությունները
Պանուրգը միջահասակ էր, ոչ շատ բարձր և ոչ էլ շատ ցածր։ Նրա քիթը արծվաքիթ էր, մի փոքր կեռ, ածելու կոթի նման։ Նա թեև երեսունհինգ տարեկան էր, բայց նրա պես կռվարար ու կերուխումի սիրահար մարդ չկար ամբողջ Փարիզում։ Ուշքն ու միտքը շարունակ ուրիշների գլխին զանազան խաղեր խաղալն էր։ Առանձնապես նա սիրում էր կատակի առարկա դարձնել պահակներին ու պահապաններին։
Երեկոները նա հավաքում էր մի քանի երիտասարդ տղաների, խմացնում էր նրանց ու հետը տանում ճամփի խաչմերուկը։ Գալիս էին նրանք այնտեղ և սպասում, մինչև որ լսվում էր գիշերային պահակախմբի մոտենալը։ Պանուրգը գիտեր, թե երբ է այդտեղից անցնելու պահակախումբը։ Ինչպե՞ս էր նա այդ իմանում։ Շատ հասարակ ձևով։ Դնում էր իր սուրը գետնին, ականջը կպցնում սրին ու լսում։ Եթե սուրը զրնգում էր, դա հաստատ նշան էր, որ պահակախումբը մոտենում է։ Այն ժամանակ մեր տղաները բռնում էին մի բեռնասայլ, մի քանի անգամ առաջ ու ետ շարժում, հետո որքան ուժ ունեին հրում փողոցն ի վար, ուղիղ պահակների դեմ։ Պահակները խոզերի պես գլորվում էին ցեխի մեջ, իսկ մեր չարաճճիների ուզածն էլ հենց այդ էր։ Արեցին, պրծան՝ իսկույն փախչում, ծլկում էին, թե կարող ես, գտիր։
Պանուրգը երբեմն այսպիսի բաներ էր անում։ Մի տեղից քիչ վառոդ էր ճարում, շաղ էր տալիս այն ճանապարհի վրա, որով պիտի անցնեին պահակները։ Հենց որ պահակները մոտենում էին, Պանուրգը վառոդը վառում էր։ Պահակները վախից փախչում էին, իսկ կրակը գալարվելով հետևում էր նրանց, այրում նրանց ոտները, իսկ Պանուրգի բոլորովին փույթը չէր։
Պանուրգը գիտնական աստվածաբաններին նույնպես չէր սիրում։ Դրանց նա ամենևին դադար չէր տալիս։ Մեկի գլխարկի վրա թրիք էր դնում, մյուսի վերարկուից աղվեսի պոչ էր կապում։
Նրա բաճկոնը քսանվեց մեծ ու փոքր գրպան ուներ, որոնց մեջ ինչ ասես կար։ Մի գրպանում կար կապարաջրով լիքը սրվակ և մի սուր դանակ՝ ուրիշների քսակները կտրելու համար։ Մյուսի մեջ՝ երեժնակի գլուխներ, որոնցով նա խփում էր անցորդներին։ Երրորդի մեջ՝ աբեթ, հրահան և կիզապակի։ Երբ եկեղեցում մի ջերմեռանդ աղոթող էր տեսնում, իր կիզապակու այրող լույսը գցում էր նրա վրա։ Աղոթողը մոռանում էր իր աղոթքը և եկեղեցում դես ու դեն վազվզում, իսկ Պանուրգը պահում էր ապակին, մնում տեղում կանգնած, որպես թե ոչ մի բանից տեղեկություն չունի։
Մի անգամ Պանուրգին շատ սսկված տեսա։ Մտածեցի, որ երևի փող չունի և հարցրի․
― Պանուրգ, տեսնում եմ, որ դուք հիվանդ եք։ Գուցե գրպանի բարակացավո՞վ եք հիվանդ, այն ժամանակ ես կարող եմ առաջարկել ձեզ իմ ունեցած վեց և կես սուն, որոնք չեն իմանում որտեղ խցկվեն։
― Ի՜նչ բան է փողը, ― ասաց Պանուրգը, ― շուտով ինքան ուզենամ, կունենամ։ Մի՞թե չգիտեք, որ ես կախարդական քար ունեմ, որ փողն այնպես է ձգում դեպի ինքը, ինչպես մագնիսը ձգում է երկաթը։ Դուք այն ասեք, չէ՞իք ցանկանա արդյոք ինդուլգենցիա գնել։
― Աստված վկա, ― պատասխանեցի ես, ― ամենևին միտք չունեմ մեղքերս քավելու։ Սակայն եթե ինդուլգենցիան մի դենիեից թանկ չէ, այն ժամանակ դեմ չեմ, գնանք։
― Որ այդպես է, ինձ մի դենի պարտք տվեք, ես պատրաստ եմ ձեզ հետ գնալու, ― ասաց Պանուրգը։
Մենք ճանապարհ ընկանք դեպի Գերվասիա եկեղեցին, և ես առաջին պատահած վարդապետից գնեցի ամենաէժան ինդուլգենցիան։ Ինչ վերաբերում է Պանուրգին, նա իր համար ինդուլգենցիաներ էր գնում բոլոր վարդապետներից, և շուտով ունեցավ մի մեծ կույտ այդ թղթերից։
Այնուհետև մենք գնացինք Աստվածամոր տաճարը, սուրբ Հովհաննես եկեղեցին, սուրբ Անտոնիոս եկեղեցին և մնացած բոլոր եկեղեցիները, որտեղ ինդուլգենցիա էր վաճառվում։ Ես այլևս ոչինչ չէի գնում, իսկ Պանուրգը համբուրում էր բոլոր մասունքները և ամեն տեղ ինդուլգենցիաներ էր գնում։
Վերադառնալիս Պանուրգը ինձ քաշեց տարավ գինետուն և ցույց տվեց տասներկու հատ փողով լիքը քսակներ։
― Տեր իմ աստվա՜ծ, ― զարմացած ասացի ես, ― որտեղի՞ց է այդքան հարստությունը։
― Այս հարստությունը, ― ասաց Պանուրգը, ― իմ ձեռքն է անցել վարդապետներից։ Չէ՞ որ ես ձեզ ասում էի, որ շուտով որքան ուզեմ դրամ կունենամ։ Նկատո՞ւմ էիր արդյոք, որ ամեն անգամ գանձանակի մեջ գցում էի մի֊մի դենի։
― Ոչ, չեմ նկատել, ― ասացի ես։
― Այ, բանն էլ հենց այդ է, ― ծիծաղելով ասաց Պանուրգը։ ― Ես այնպիսի ճարպկությամբ եմ կատարում այդ գործը, որ ինդուլգենցիան ծախողին թվում է, որ ավելի մեծ փող եմ գցել գանձակը, հետևապես ձախ ձեռքով վերցնում եմ մանր փողեր՝ մեկ, երկու, և ինչքան քեֆս ուզում է դենի։ Եվ բոլոր եկեղեցիներում ես այդպես եմ վարվում։
― Բայց, սիրելի Պանուրգ, ձեր արածը գողություն է։
― Ով գիտի, ― ծիծաղեց Պանուրգը, ― իսկ դուք կարծում եք, որ վարդապետները այդ փողերը արդար աշխատանքո՞վ են դատում։ Սխալվում եք։
― Բացի այդ, ― ավելացրեց Պանուրգը, ― պետք է իմանաք, որ այդ վարդապետների հետ ես չվերջացրած հաշիվներ ունեմ։ Դուք, երևի, չգիտեք, որ ես Սեքստոս պապին բժշկել եմ չարորակ ուռուցքից։ Այդ ուռուցքը ամբողջ կյանքում տանջել է նրան և քիչ էր մնում նա դրանից բոլորովին կաղանար։ Այդ բժշկության համար պապն ինձ պարգևատրեց տարեկան հազար հինգ հարյուր ֆրանկ թոշակով։ Ահա այդ թոշակն է, որ ինքս ինձ վճարում եմ իմ սեփական ձեռքով։ Կուզեք հավատացեք, կուզեք մի հավատացեք, բայց այդ դրամները ինձ շատ ու շատ պետք կգան։
==Գլուխ V==
Այն մասին, թե ինչպես մի անգլիացի Պանտագրյուելին բանավեճի է հրավիրում
Եվ ահա մի օր Պանտագրյուելը որոշեց ստուգել իր գիտելիքները։ Այդ նպատակով նա հրամայեց բոլոր փողոցների խաչմերուկներում կախել իր թեզերը գիտության ամենակնճռոտ հարցերի մասին։ Այդ եղանակով Պանտագրյուելը բանավեճի էր հրավիրում քաղաքի բոլոր գիտնականներին ու իմաստուններին։
Առաջին բանավեճը տեղի ունեցավ Դյու Ֆեր փողոցում։ Պանտագրյուելը դուրս եկավ բոլոր դեկանների,<ref>Դեկան կաթոլիկ եկեղեցում կոչվում էին այն անձինք, որոնք գլխավորում էին վանքի կամ մայր եկեղեցու վարչությունը։ Հետագայում դեկան անունը հատկացրին ֆակուլտետների ղեկավարին։</ref> մագիստրների<ref>Մագիստրոս լատիներեն նշանակում է «ուսուցիչ»։ Միջին դարերում հաստատված «մագիստրոսի» գիտկան աստիճանը պահպանվել է մինչև այսօր։</ref> ու ճարտասանների դեմ և բոլորին լեզվակոխ արեց։
Երկրորդ բանավեճը սարքեցին Սորբոնում աստվածաբանների դեմ։ Բանավեճը տևեց մի շաբաթ, և այդ բանավեճին ներկա էին լինում թագավորի պալատականները, բոլոր դիվանատների պետերը, խորհրդականները, քահանաները։ Եվ պետք է ասել, որ դրանց մեծամասնությունը վարպետ վիճաբանողներ և գրագետ մարդիկ էին։ Բայց, չնայած նրանց բծախնդրությանը, Պանտագրյուլը բոլորին լեզվակոխ արեց ու ապացուցեց, որ նրանք իր համեմատությամբ դմբոներ ու տխմար արարածներն են։
Դրանից հետո ամբողջ քաղաքը Պանտագրյուելի զարմանալի գիտուն մարդ լինելու մասին էր խոսում։ Նույնիսկ լվացարարները, խոհարարուհիներն ու աման լվացողները մատով էին ցույց տալիս նրան ու միմյանց ասում․
― Տեսեք, այդ նա է։
Այդ ժամանակ մի գիտնական մարդ՝ Տոումաստ<ref>Տոումաստ հունարեն նշանակում է «զարմանալի», «արժանի հիացմունքի»։</ref> անունով, որի ականջին էր հասել Պանտագրյուելի զարմանահրաշ գիտության և փառքի մեծ համբավը, Անգլիայից եկավ տեսակցելու և խոսելու նրա հետ, որպեսզի իմանա, իսկապե՞ս Պանտագրյուելը այդպիսի մեծ գիտնական է, ինչպես խոսում են նրա մասին։ Պանտագրյուելին ներկայանալիս նա մնաց ապշած, տեսնելով նրա արտասովոր հասակը։ Բայց շուտով ուշքի եկավ և արտասանեց հետևյալ ճառը։
― Պարոն, ձեր զարմանալի իմաստության համբավը հասել է մինչև Անգլիայի ափերը, և այդ օրվանից սկսած ոչ մի անգլիացի իմաստուն այլևս հանգիստ քուն չունի։ Բոլորի փափագն է տեսնել ձեզ, որ գիտության մի նոր լուսատու աստղ եք դարձել։ Բոլորի ցանկությունն է սովորել ձեզնից բարոյական իմաստություն։ Ահա ես էլ, լսելով ձեր զարմանալի գիտության մասին, թողեցի հայրենիքս, եկա այստեղ, որպեսզի ձեզ հետ խոսեմ մի քանի կնճռոտ հարցերի մասին։ Եթե դուք լուծեք այդ հարցերը, այն ժամանակ թե՛ ես և թե՛ իմ ամբողջ ցեղը սերնդից սերունդ կլինենք ձեր հավատարիմ ստրուկները։ Մի խոսքով, ― շարունակեց Տոումաստը, ― ես ձեզ հրավիրում եմ մի մեծ բանավեճի, որին պետք է ներկա լինեն այս քաղաքի բոլոր գիտնականները։ Եվ ահա թե ինչ ձևով կցանկանայի վարել այդ բանավեճը։ Մեկս մյուսին պատասխանելիս չպետք է երկար ճառեր արտասանենք, ինչպես անում են այստեղի խելոքները։ Նույնիսկ չպետք է բարձր ոճով արտասանություններ անենք և վիճելիս զանազան թվեր մեջ բերենք։ Մենք ոչ մի խոսք չպետք է արտասանենք։ Մեր քննելիք հարցերը այնքան դժվար են, որ դրանք, միևնույն է, ոչ մի խոսքով չի կարելի արտահայտել։ Մենք միմյանց հետ պետք է խոսենք նշաններով։ Դա ամենալավ ձևը կլինի մեր բանավեճի։ Ուրեմն, եթե հաճելի է ձերդ հոյակապությանը, մենք վաղը միմյանց կհանդիպենք առավոտյան ժամը յոթին Նավարայի<ref>Նավարայի դահլիճ է կոչվում հանդիսասրահը Նավարայի քոլեջի, որ հիմնել է Նավարայի թագուհի Ժաննան 1309 թվականին։ Այդ դահլիճում էին լինում գիտական բանավեճերը։</ref> մեծ դահլիճում։
― Պարո՛ն, ― պատասխանեց Պանտագրյուելը, ― ես մեծ սիրով կկատարեմ ձեր խնդիրը, որքան ուժերս կներեն։ Եվ թեպետ ավելի շուտ ես ձեզնից պետք է սովորեմ, քան դուք ինձնից, բայց քանի որ դուք ինձ հետ համաձայն չեք, այդ ժամանակ մենք միասին կքննենք այդ հարցը և կպարզենք մեր տարակուսանքները։ Ես էլ սրտանց ուրախ եմ, որ մենք նշաններով պետք է խոսենք և ոչ թե խոսքերով։ Այն ժամանակ գոնե մեզ ոչ ոք չի հասկանա և մեզ չի խանգարի տխմար ծափահարություններով։ Այդպես ուրեմն, վաղը ես կգամ բանավեճի։ Միայն մի բան եմ խնդրում ձեզնից՝ զուր տեղը չվիճել և աղմուկ չբարձրացնել։ Մենք չենք փափագում մարդկանց հավանությանն արժանանալու, այլ ձգտում ենք միայն զուտ ճշմարտության։
― Պարո՛ն, ― ասաց Տոումաստը, ― շնորհակալ եմ ձեր բարեհաճ համաձայնության համար։ Մնաք բարով։
― Մնաք բարով, ― պատասխանեց Պանտագրյուելը։
Դուք, այս ճշմարիտ պատմության ընթերցողներդ, դժվար հասկանաք, թե ինչպիսի հուզմունքով անցկացրին այդ գիշերը Պանտագրյուելն ու Տոումաստը։ Գոնե ինքը Տոումաստը խոստովանել էր այն հյուրանոցի սպասավորին, որտեղ իջևանել էր, թե ամբողջ գիշերը դողացրել է, ինչպես դողէրոցքի ժամանակ։
― Կարծես Պանտագրյուելը կոկորդիցս բռնած խեղդում է ինձ, ― ասել է Տոումաստը։ ― Խնդրում եմ մի քիչ սառը ջուր տվեք ինձ, որ ուշքս տեղը գա։
Գալով Պանտագրյուելին պետք է ասել, որ նա ամբողջ գիշերը նստած գրքեր էր կարդում, այնպես որ վերջ ի վերջո Պանուրգն ասաց նրան․
― Տեր իմ, դեն գցեք գրքերը և գնացեք քնելու։ Այդքան պարապելուց դուք անպատճառ կհիվանդանաք։ Մի քիչ գինի խմեք և անհոգ ու հանգիստ պառկեք։ Ամենևին մի անհանգստացեք, վաղը ես ինքս կվիճաբանեմ այդ խելոքի հետ և նրա քիթը բռնած ման կածեմ։
― ԻՆչ եք ասում, Պանուրգ, իմ սիրելի բարեկամ, ― ասաց Պանտագրյուելը։ ― Տոմաստը շատ գիտուն մարդ է, ինչպես կարող եք դուք նրան հաղթել։
― Դա իմ գործն է, ― ասաց Պանուրգը։ ― Հավատացեք, որ այդ մեծախոսի հախիցը կգամ և բոլորի առաջ նրան ծաղրի առարկա կդարձնեմ։
Ամբողջ գիշերը Պանուրգը թուղթ էր խաղում մանկլավիկների հետ և քիչ էր մնում, որ իր վարտիքի կոճակներն էլ տարվի։ Իսկ երբ լուսացավ, արթնացրեց Պանտագրյուելին, և նրանք երկուսով գնացին Նավարայի դահլիճը՝ բանավեճն սկսելու։