Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 22 104 բայտ, 21:16, 10 Մարտի 2013
/* ԱՆՁՐԵՎԻՑ ՓԱԽՉԵԼ, ՋՈՒՐՆ ԸՆԿՆԵԼ */
  Նրանք գնում էին հա գնում։ Քարքարոտ անհարթ արահետը կորավ։ Անհետացան թփուտները, քարերի միջև բուսած բարձր խոտը, ճագարների կրծած ճիմերի հատվածները, անհետացան ուրցն ու եղեսպակը, անանուխն ու լեռնային դեղին վարդերը։ Ճամփորդները հայտնվեցին քարերով ծածկված մի լայն դիք լանջի վրա։ Երբ նրանք սկսեցին իջնել, քարն ու խիճը թափվում էին նրանց ոտքերի տակից։ Հետո քարերի ավելի մեծ կտորներ թռան՝ շարժման մեջ դնելով փլվածքը, հետո մեծ բեկորներ սկսեցին պոկվել։ Շուտով ամբողջ լանջը, նրանցից վերև ու ներքև, տեղից շարժվեց, և նրանք սահեցին ցած՝ փոշու մեջ կորած, թափվող քարերի դղրդոցի ու թնդյունի ուղեկցությամբ։
 
  Ծառերը փրկեցին նրանց։ Ճամփորդները գլորվեցին մինչև սոճուտը, որը հովտում վերածվում էր մութ անտառի։ Ոմանք կանգ առան ծառերի ստորին ճյուղերից բռնելով, իսկ մյուսները (այդ թվում փոքրիկ հոբիտը) քարաբեկորների սպառնալից գրոհից փրկվելու համար թաքնվեցին ծառաբների ետևում։ Շուտով վտանգն անցավ, փլվածքը կանգ առավ, միայն հեռու ներքևում, պտերիների ու ծառերի արմատների միջև, դեռևս լսվում էր քարերի հեռավոր դղիրդը։
 
  ― Այդպե՜ս։ Սա մեզ շատ առաջ մղեց,― նկատեց Հենդալֆը։― Եթե գոբլինները քթերն այստեղ խոթեն, ապա նրանց համար դժվար կլինի առանց աղմուկի յոլա գնալ։
 
  ― Մի՞թե,― ծաղրանքով քրթմնջաց Բոմբուրը։― Փոխարենը նրանց համար հեշտ կլինի քարերը մեր գլխին թափել։
 
  Թզուկներն ու Բիլբոն իրենց վատ էին զգում և, դեմքները կնճռոտելով, շփում էին ճակռված ու վնասված տեղերը։
 
  ― Դատարկ բաներ են։ Հիմա մենք կթեքվենք մի կողմ և կհեռանանք փլվածքից։ Հարկավոր է շտապել։ Ուշադիր ձեր շուրջը նայեք։
 
  Արևը վաղուց մտել էր լեռների ետևը, մթնշաղը թանձրանում էր, ճամփորդները, ոտքերը դժվարությամբ քարշ տալով, արագ-արագ գնում էին նեղ ճանապարհով, որը թեքությամբ իջնում էր ուղիղ դեպի հարավ։ Անտառային խավարն ու լռությունը գնալով ավելի ու ավելի էին թանձրանում։ Քամին լրիվ դադարեց, և նույնիսկ ճյուղերի սոսափն անտառում չէր լսվում։
 
  ― Մի՞թե էլի ենք առաջ գնալու,― հարցրեց Բիլբոն, երբ այնքան մթնեց, որ նա աղոտ տեսնում էր միայն Տորինի մորուքի տմբտմբոցն իր կողքին, և այնպիսի լռություն էր, որ թզուկների շնչառությունը մեծ աղմուկ էր թվում։― Իմ ոտքերի մատները կոտրված են, ոտքերս նվում են, փորս դատարկ պարկի պես կախվել է։
 
  ― Էլի մի քիչ,― ասաց Հենդալֆը։
 
  Ինչպես նրանց թվաց, մի ամբողջ հավիտենություն անցավ, և հանկարծ նրանք դուրս եկան լուսնի լույսով վառ լուսավորված մի բացատ։ Այդ տեղը ոչ մեկին դուր չեկավ, թեպետ որոշակի ոչ մի վատ բան չէին կարող ասել։
 
  Հանկարծ սարի ստորոտում ոռնոց լսվեց՝ սարսափազդու, հուսահատ։ Ոռնոցը լսվում էր աջից ու ձախից և գնալով հետզհետե մոտենում էր։ Դրանք գայլերն էին, որ լուսնի վրա էին ոռնում, գայելր, որ հավաքվելով ոհմակ էին դառնում։
 
  Չնայած միստր Բեգինսի հարազատ բնի մոտակայքում գայելր չկային, բայց նա ոռնոցն իսկույն ճանաչեց։ Այն բավական հաճախ նկարագրում էին հեքիաթներում, իսկ Բիլբոյի մորաքրոջ ավագ որդին ճանապարհորդության մեծ սիրահար էր և շատ անագմ էր գայլի պես ոռնացել, որպեսզի Բիլբոյին վախեցնի։ Բայց գայլերին լսել ահա այսպես, անտառում, գիշերով, լուսնի լույսով, դա չափազանց է․․․ Նույնիսկ կախարդական մատանիները թույլ միջոց են գայլերի դեմ, հատկապես սարսափելի ոհմակի դեմ, որ ապրում էր գոբլինյան սարի հովանու տակ, Վայրի Երկրում։ Այդպիսի գայլերն ավելի նուրբ հոտառություն ունեն, քան գոբլինները, նրանց համար իրենց զոհին տեսնելը պարտադիր չէ։
 
  ― Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել,― գոռաց Բիլբոն։― Գոբլիններից փրկվեցինք, գայլերի երախն ընկանք։
 
  Նրա խոսքերը առած դարձան, չնայած այժմ, այդպիսի տհաճ իրադրության մեջ մենք ասում ենք․ «Անձրևից փախանք, ջուրն ընկանք»։
 
  ― Բարձրացեք ծառերը, արագ․․․― հրամայեց Հենդալֆը։ Նրանք նետվեցին դեպի բացատը շրջապատող ծառերը և ակնթարթորեն մագլցեցին ամենավորին ճյուղերը, որոնք որ կարող էին նրանց պահել։ Ծիծաղից փորներդ կպատռվեին, եթե տեսնեիք (բնական է, անվտանգ տարածությունից), թե ինչպես էին թզուկները նստել ճյուղերին, իսկ նրանց մորուքները կախվել էին ներքև․ իսկը ասես խելքները թռցրած ծերուկները որոշել են տղա-տղա խաղալ։ Ֆիլին ու Կիլին տեղավորվել էին սաղարթի գագաթին, որը հիմա Նոր տարվա տոնածառի էր նման։ Դորին, Նորին, Օրին, Օյնը և Գլոյնը շատ հարմար նստել էին պատկառելի ճյուղերով մի բարձր սոճու վրա։ Բիֆուրը, Բոֆուրը, Բոմուրը և Տորինը նստել էին մյուս սոճու վրա։ Դվալինն ու Բալինը մագլցեցին բարձրուղեշ, նոսր ճյուղերով եղևնու վրա և փորձում էին գագաթի խիտ մասում տեղավորվել։ Հենդալֆը, որ մնացածներից զգալիորեն բարձրահասակ էր, իր համար այնպիսի բարձր սոճի էր ընտրել, որ մյուսներն այնտեղ չէին կարող հասնել։ Ճյուղերը Հենդալֆին այնպես էին ծածկել, որ միայն նրա աչքերն էին փայլում լուսնի լույսից։
 
  Իսկ Բիլբո՞ն։ Բիլբոն ոչ մի տեղ չկարողացավ բարձրանալ և վազումէր մի ծառաբնից մյուսը, բույնը կորցրած ճագարի պես, որի ետևից շուն է ընկել։
 
  ― Էլի դու գողին թողեցիր․․․― նկատեց Նորին՝ ներքև նայելով։
 
  ― Հո ես չեմ կարող հավիտյան նրան մեջքիս քարշ տալ,― առարկեք Դորին,― մեկ թունելներում, մեկ ծառերի վրա։― Քո կարծիքով ես ի՞նչ եմ։ Բեռնակի՞ր։
 
  ― Նրան կուտեն, եթե մենք որևէ միջոց ձեռք չառնենք,― ասաց Տորինը։ Ոռնոնցն ավելի ու ավելի մոտիկից էր լսվում, նրանց օղակելով։― Դորի,― ձայն տվեց նա, քանի որ Դորին բոլորից ներքև էր նստած, ամենահարմար ծառին։― Շուտ ձեռքդ տուր միստր Բեգինսին։
 
  Դորին, չնայած իր փնփնթոցներին, շատ օրինավոր թզուկ էր․ իջավ ավելի ներքև և ձեռքը մեկնեք, բայց այստեղ էլ խեղճ Բիլբոն չկարողացավ հասնել նրան։ Դորին ստիպված եղավ իջնել գետնին և կռանալ, որպեսզի Բիլբոն բարձրանա իր մեջքին։ Այդ պահին գայլերը ոռնոցով մտան բացատ։ Հարյուրավոր գայլային աչքեր հառվեցին Բիլբոյի և Դորիի վրա։ Այնուամենայնիվ Դորին հոբիտին չլքեց փորձանքի պահին, նա սպասեց, մինչև վերջինս նրա մեջքից անցավ ծառի վրա և միայն այդ ժամանակ թռավ ու բռնեց ներքևի ճյուղից։ Ճիշտ ժամանակին։ Գայլը ատամները կրճտացրեց ու քիչ էր մնում բռներ Դորիի վերարկուի փեշից։ Մի վայրկյանում ամբողջ ոհմակը խռնվեց ծառի շուրջը, գայլերը ոռնոցով թռչկոտում էին բնի մոտ, նրանց աչքերը վառվում էին, լեզուները դուրս էին ընկել։
 
  Բայց նույնիսկ վայրենի-գազան վարգերը (այդպես էին կոչվում չար գայլերը Մառախլապատ Լեռների մյուս կողմում) ծառ բարձրանալ չեն կարողանում։ Որոշ ժամանակ ճանապարհորդներին վտանգ չէր սպառնում։ Նրանց բախտից գիշերը տաք էր ու քամի չկար։ Ծառերի վրա ընդհանրապես էլ երկար նստել չես կարող, էլ ուր մնաց, երբ արդեն ցուրտ է ու քամի, իսկ ներքևում էլ գայլերն են հսկում։
 
  Ծառերի օղակով շրջապատված այդ բացատը, ըստ երևույթին, գայլերի հավաքատեղին էր։ Նրանք հա գալիս էին ու գալիս։ Գայլերը հոտոտելով պտտվեցին բացատի շուրջը և շուտով որոշեցին յուրաքանչյուր ծառը, որի վրա որևէ մեկը թաքնված էր։ Ամեն տեղ պահակներ դրեցին, մնացածները (ենթադրվում է՝ մի քանի հարյուրակ) նստեցին շրջան կազմած։ Կենտրոնում նստել էր հսկայական գորշ գայլը և խոսում էր վարգերի սարսափելի լեզվով։ Հենդալֆը հասկանում էր վարգերի լեզուն, Բիլբոն՝ ոչ, բայց առանց դրա էլ կարելի էր գլխի ընկնել, որ խոսքը միայն դաժան ու չար գործերի մասին է։ Ժամանակ առ ժամանակ վարգերը խմբով պատասխանում էին գորշ առաջնորդին, և ամեն անգամ, լսելով նրանց սարսափազդու ճղավոցները, հոբիտը վախից քիչ էր մնում սոճու վրայից ցած ընկներ։
 
  Հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչ լսեց Հենդալֆը և ինչ չհասկացավ Բիլբոն։ Հաճախ էր պատահում, որ վարգերը և գոբլինները համագործակցում էին իրենց սև գործերում։ Այն հին օրերին գոբլինները հաճախ էին հարձակումներ կազմակերպում, որպեսզի սնունդ կամ ստրուկներ ձեռք բերեն։ Այդպիսի դեպքերում նրանք օգնության էին կանչում վարգերին և հետո ավարը կիսում նրանց հետ։ Երբեմն գոբլինները գնում էին վարգերին հեծած, ինչպես ձիերին։ Հենց այդ գիշերը հակառակի պես մեծ հարձակում էր նախատեսված։ Վարգերն այստեղ էին եկել գոբլինների հետ հանդիպման, իսկ սրանք ուշանում էին։ Պատճառը, ինչպես մենք գիտենք, Գերագույն Գոբլինի մահն էր, առհասարակ այն խառնաշփոթությունը, որ առաջացրել էին թզուկները, Բիլբոն և կախարդը, որոնց, հավանաբար, մինչև օրս էլ փնտրում էին թունելներում։
 
  Չնայած բոլոր վտանգներին, որ սպասում էին մարդկանց այս հեռավոր երկորում, որոշ խիզախներ վերջին ժամանակներս սկսել էին այստեղ վերադառնալ հարավից, կտրել ծառերը և իրենց համար տներ կառուցել առավել լուսավոր անտառներում՝ հովիտներում ու գետերի ափերին։ Աստիճանաբար նրանք շատացան, բոլորն էլ լավ զինված մարդիկ էին, նույնիսկ վարգերը չէին համարձակվում ցերեկվա պայծառ լույսով հարձակվել նրանց վրա։ Ահա և վարգերը պայմանավորվել էին գոբլիննների հետ գիշերով հարձակվել սարերին մոտիկ գտնվող գյուղի վրա։ Եթե նրանց պլանը հաջողվեր, հաջորդ օրը գյուղում ոչ մի կենդանի շունչ չէր լինելու, ոչ մի, բացի նրանցից, ում գոբլինները գերի կվերցնեին։
 
  Զարհուրելի խոսքեր էին դրանք․ վտանգն սպառնում էր ոչ միայն խիզախ փայտահատներին, նրանց կանանց ու երեխաներին, այլև Հենդալֆին ու նրա բարեկամներին։ Վարգերը կատաղեցին ու զարմացան՝ նրանց իրենց հավաքատեղիում հայտնաբերելով։ Նրանք կասկածեցին, որ փայտահատների բարեկամները եկել են իրենց լրտեսելու և նորությունները գյուղ կհասցնեն։ Այդ դեպքում գայլերն ու գոբլինները ստիպված կլինեն կյանքի ու մահու կռիվ մղել, փոխանակ հեշտությամբ քնածների հետ հաշիվները մքարելու կամ իրենց մոտ քարշ տալու։ Դրա համար էլ վարգերը որոշեցին հսկել գերիներին համենայն դեպս մինչև առավոտ, որպեսզի այդ արարածները չփախչեն։ Այդ ժամանակ լեռներից կիջնեն գոբլինները, իսկ գոբլինները կարողանում են ծառ բարձրանալ կամ տապալել դրանք։
 
  Այժմ ձեզ համար պարզ է, թե ինչու Հենդալֆը ականջ դնելով վարգերի գռմռոցին ու կլանչոցին, սաստիկ վախեցավ, շատ էլ որ ինքը կախարդ էր։ Նա հասկացավ, որ իրենք ծուղակն են ընկել ու դեռ հայտնի չէ՝ կհաջողվի՞ արդյոք փրկվել։ Բայց նա որոշեց, որ այդպես հեշտ ու հանգիստ չի հանձնվի, չնայած, գայլերով շրջապատված ծառի կատարին նստած, շատ բան անել չէր կարող։ Սկզբում նա իր սոճուց քաղեց խոշոր կոները, հետո դրանիցից մեկը վառեց իր գավազանով և շպրտեց գայլերի վրա։ Կոնը ֆշշալով ընկավ գայլի մեջքին։ Գայլի փրչոտ մորթին իսկույն բռնկվեց, և նա զզվելի ոռնոցով դեսուդեն ընկավ բացատում։ Առաջինի ետևից թռան երկրորդը, երրորդը․ մեկը երկնագույն բոցով էր վառվում, մյուսը՝ կարմիր, երրորդը՝ կանաչ։ Դրանք գետին ընկնելով պայթում էին ու ցրվում գույնզգույն կայծերով, թանձր ծուխ արձակելով։ Ամենամեծ կոնը կպավ առաջնորդի քթին, նա երեք մետր թռավ օդ, իսկ հետո սկսեց շրջանաձև պտտվել՝ վախից ու չարությունից իր հպատակներին կծոտելով։
 
  Թզուկներն ու Բիլբոն ցնծում էին ու գոռում ուրախությունից։ Սարսափելի էր նայել, թե ինչպես էին կատաղել գայլերը։ Նրանք ոտքի կանգնեցրին ողջ անտառը։ Գայլերն առհասարակ վախենում են կրակից, իսկ այդ կրակը հատուկ էր, գերբնական։ Կայծը մորթու վրա ընկնելով թաղվում էր մեջը, այրում գայլին, և եթե նա չէր թավալվում գետնին, ապա բոցն արագորեն պատում էր նրան։ Շուտով ամբողջ բացատով մեկ գայլեր էին թավալվում՝ փորձելով հանգցնել կայծերը․ նրանք, որ արդեն բոցավառվում էին, բարձր ոռնոցով դեսուդեն էին վազվզում և մյուսներին էլ վառում։
 
 
  ― Ի՞նչ աղում էր այսօր գիշերն անտառում,― զարմացավ արծիվների Տիրակալը։ Նա նստած էր ժայռի կատարին, և լուսնի լույսի տակ նշմարվում էր նրա սև ուրվագիծը։― Ես գայլերի ձայնն եմ լսում։ Չլինի՞ թե գոբլիններն են անկարգություն անում այնտեղ։
 
  Թևերի մի քանի բախյունով նա օդ բարձրացավ, և անհապաղ երկու արծիվ պոկվեցին ժայռերից ու հետևեցին նրան։ Շրջաններ գծելով՝ նրանք ուշադիր նայում էին ներքև և, վերջապես, նկատեցին վարգերի օղակը, փոքրիկ մի կետ իրենց ներքևում, հեռո՜ւ-հեռու։ Արծիվները սուր տեսողություն ունեն, նրանք մեծ հեռավորություններից տեսնում են ամենափոքր առարակաները։ Մառախլապատ Լեռների արծիվների Տիրակալի աչքերը կարող էին նայել ուղիղ արևին, առանց թարթելու, կամ մեկ մղոն բարձրությունից տեսնել գիշերը խոտի մեջ վազվզող ճագարներին։ Նա չէր կարող պարզ տեսնել ճյուղերին նստածներին, բայց տեսնում էր վազվզող գայլերին ու կրակի բռնկումները, լսում էր նրանց ոռնոցը և կլանչոցը։ Նա տեսավ նաև լուսնի լույսի փայլատակումը գոբլինների նիզակների ու սաղավարտների վրա․ այդ չար արարածների երկար շղթաները դարպասից գալարվելով սարի լանջով շարժվում էին դեպի անտառ։
 
  Արծիվներըն բարի չես ասի։ Նրանք էլ լինում են վախկոտ ու դաժան։ Բայց հյուսիսային լեռների հնագույն ցեղի արծիվները հպարտ էին, հզոր ու ազնվածին՝ թռչուններից ամենաերևելիները։ Նրանք գոբլիններին չէին սիրում և չէին վախենում նրանցից։ Որ արծիվները գոբլիններին իրենց ուշադրությանն էին արժանացնում (դա շատ հազվադեպ էր լինում, քանի որ արծիվները նրանց չէին ուտում), ապա վերևից վրա էին տալիս գոբլիններին և քշում քարայրները, թույլ չտալով նրանց թալանն ավարտել։ Գոբլիններն ուտում էին արծիվներին և վախենում նրանցից, բայց չէին կարող հասնել մինչև ժայռերի կատարներին գտնվող նրանց բները և վռնդել լեռներից։
 
  Այդ գիշեր արծիվների Տիրակալին համակել էր հետաքրքրասիրությունը․ նա ցանկացավ իմանալ, թե ինչ է կատարվում անտառում։ Նրա հրամանով բազմաթիվ արծիվներ լքեցին բարձունքները և անտառի վրա դանդաղ պտտվելով սկսեցին կամաց-կամաց իջնել այնտեղ, ուր շրջանաձև նստած էին գայլերն ու գոբլիններին էին սպասում։
 
  Նրանք լավ արեցին, որ իջան․․․ Այնտեղ, ներքևում, ինչ-որ սարսափելի և աներևակայելի բան էր կատարվում։ Վառվող գայլերը, դեսուդեն փախչելով, մի քանի տեղ հրդեհեցին անտառը։ Ամառ էր, արևելյան լանջերին վաղուց անձրև չէր եկել։ Դեղնած ձարխոտը, ջախը, սոճիների փշատերևներից գոյացած խիտ գորգը, տեղ-տեղ նաև չոր ծառերը բռնկվել էին։ Կրակը մոլեգնում էր բացատի շուրջը։ Բայց պահակ գայլերը չէին հեռանում ծառերից, որոնց վրա թաքնվել էին թզուկները։ Նրանք դիվոտում էին և ոռնոցով թռչկոտում ծառաբների վրա, իրենց սարսափելի բարբառով հայհոյում էին թզուկներին, լեզուները երախներից կախվել էին, աչքերը վառվում էին կատաղի կարմիր կրակով։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]