Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 20 740 բայտ, 08:45, 28 Փետրվարի 2013
  Բիլբոն փրկվեց․․․
 
==ԱՆՁՐԵՎԻՑ ՓԱԽՉԵԼ, ՋՈՒՐՆ ԸՆԿՆԵԼ==
 
  Բիլբոն գոբլիններից փախավ, բայց գաղափար չուներ, թե որտեղ է գտնվում։ Նա կորցրել էր կնգուղը, թիկնոցըմ ուտելեղենը, պոնիին, կոճակները և բարեկամներին։ Նա գնում էր հա գնում՝ ուր աչքը կտրեր։ Վերջապես արահետի վրա լեռների ստվերներն ընկան Բիլբոյի առջև։ Նա ետ նայեց․ արևը անցել էր լեռների ետևը։ Այդ ժամանակ նա առաջ նայեց և տեսավ ցած իջնող լանջեր։ Ներքևում առերի արանքից տեղ-տեղ մարգագետիներ էին երևում։
 
  ― Ողորմած աստված,― բացականչեց Բիլբոն։― Երևում է ես դուրս եմ եկել Մառախլապատ Լեռների մյուս երեսը։ Որտե՞ղ են, ախ, որտե՞ղ են Հենդալֆն ու թզուկները։ Միայն թե նրանք մնացած չլինեն գոբլինների իշխանության տակ․․․ Նա քայլում էր հա քայլում, բարձրացավ իջվածքից, անցավ նրա եզրով ու ներից սկսեց իջնել։ Բայց ամբողջ ժամանակ նրան տանջում էր մի չափազանց տհաճ միտք․ արդյոք պարտավոր չէ՞ հիմա, երբ մատին կախարդական մատանի ունի, վերադառնալ սարսափելի թունելները և փնտրել իր բարեկամներին։ Նոր էր նա հանգել այդ որոշմանը, որ դա իր պարտքն է, և իրեն վերջնակապանես դժբախտ զգացել, երբ հանկարծ ձայներ լսեց։
 
  Նա կանգնեց ու ականջ դրեց․ ոնց որ թե գոբլինների նման չեն։ Նա կամացուկ մոտ գնաց։ Քարքարոտ կածանը, որով նա քայլում էր, թեքվեց ներքև, ձախից մի ժայռ էր բարձրանում, աջից՝ թփուտներով ու կարճլիկ ծառերով ծածկված հովիտներով իջնում էր լանջը։ Հովիտներից մեկում, թփուտների մեջ ինչ-որ մեկը խոսում էր։
 
  Բիլբոն ավելի մոտիկ սողաց, և հանկարծ երկու քարի արանքում կարմիր կնգուղ տեսավ․ այնտեղից դուրս էր նայում Բալին, որ, ինչպես միշտ, պահակ էր կանգնած։ Բայց իրեն զսպեց։ Նա դեռ մատանին չէր հանել մատից, վախենալով որևէ անսպասելի ու տհաճ հանդիպումից, և հիմա Բալինը նայում էր ուղիղ Բիլբոյի միջով։
 
  «Արի սրանց անակնկալի բերեմ»,― մտածեց Բիլբոն և հովիտի եզրին աճած թփերի միջոց առաջ շարժվեց։
 
  Հենդալֆը վիճում էր թզուկների հետ։ Նրանք քննարկում էին թունելներում տեղի ունեցած իրադարձությունները և որոշում էին, թե ինչ անեն հետագայում։ Հենդալֆը թզուկներին համոզում էր, որ չի կարելի ճանապարհը շարունակել, միստր Բեգինսին թողնելով գոբլինների ձեռքում, նույնիսկ առանց պարզելու՝ կենդանի է նա, թե ոչ, առանց նրան փրկելու փորձ անելու, իսկ թզուկներն անբավականություն էին հայտնում։
 
  ― Վերջ ի վերջո նա իմ բարեկամն է,― ասում էր հրաշագործը,― և այնքան էլ վատ չէ։ Ես նրա համար պատասխանատու եմ։ Այնուամենայնիվ, խայտառակաություն է, որ դուք նրան կորցրել եք։
 
  Թզուկները պնդում էին, որ առհասարակ պետք չէր նրան հետները վերցնել, և վրդովվում էին, թե ինչու նա կորավ ու ոչ թե մնաց իրենց հետ, և ինչու Հենդալֆը չի ընտրել մեկ ուրիշ ավելի խելոքի։
 
  ― Առայժմ նա ավելի շատ հոգս է պատճառում, քան օգուտ է տալիս,― ասաց մեկը։― Իսկ ինչ մնում է ետ գնալ և ձնտրել նրան մութ թունելներում, ապա ես թքել եմ նրա վրա․․․
 
  ― Այո, ես եմ նրան բերել ինձ հետ, իսկ ես անօգտակար ոչինչ չեմ անում։ Կամ օգնեք ինձ գտնել նրան, կամ ես կհեռանամ, և ինքներդ տհաճությունների մեջ կընկնեք։ Իսկ եթե մենք նրան գտնենք, դեռ շատ անգամ ինձնից շնորհակալ կլինեք։ Ինչո՞ւ ինքդ փախար, Դորի, իսկ նրան թողեցիր․․․
 
  ― Դուք էլ լինեիք՝ կթողնեիք,― զայրացած պատասխանեց Դորին,― եթե խավարում ձեր ոտքից քաշեին և դանակով մեջքիդ հասցնեին․․․
 
  ― Իսկ դրանից հետո ինչո՞ւ նրան չվերցրիր․․․
 
  ― Ողորմած տեր․․․ Դուք դեռ հարցնո՞ւմ եք․․․ Գոբլինները մթության մեջ կռվում էին, կծում, թափվում մերը մյուսի վրա, խփում՝ ում պատահի․․․ Քիչ էր մնում դուք Գլեմդրինգով իմ գլուխը թռցնեիք, իսկ Տորինը Օրկրիստով խոցում էր բոլոր կողմերը։ Այդտեղ դուք բոլորին կուրացրիք ձեր լույսով, գոբլինները վժժոցով նահանջեցին, դուք գոռում էիք․ «Բոլորն իմ ետևից», և բոլորը ենթարկվեցին։ Այսինքն՝ մենք մտածում էինք, որ վերջ։ Դուք շատ լավ էիք հասկանում, որ մենք ժամանակ չունենք մեզ հաշվելու։ Մենք ծլկեցինք ժամապահների կողքով, դռնից դուրս փախանք և գլորվեցինք այստեղ։ Եվ ահա այստեղ ենք, իսկ գողը չկա, այ ոչ ու փուչ լինի նա․․․
 
  ― Իսկ գողն էստեղ է որ կա,― հայտարարեց Բիլբոն՝ առաջ գալով և մատանին մատից հանելով։
Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս վեր թռան անակնկալից։ Ինչպե՜ս գոռգոռացին զարմանքից և ուրախությունից։ Հենդալֆը զարմացած էր ուրիշներից ոչ պակաս, բայց իհարկե, ավելի գոհ։ Նա Բալինին կանչեց և նկատողություն արեց, ասելով այն ամենը, ինչ մտածում էր պահակների մասին, որոնց պատճառով կողմանկի մեկը կարող է անսպասելիորեն հայտնվել, ասես երկնքից ընկած։ Պետք է ասել, որ այդ դեպքից հետո թզուկների աչքում Բիլբոն խիստ բարձրացավ։ Եթե առաջ, չնայած Հենդալֆի հավատացումներին, նրանք կասկածում էին, որ Բիլբոն առաջին կարգի գող է, ապա հիմա նրանց կասկածները փարատվեցին։ Բալինը մյուսներից ավելի էր շշմել։ Եվ բոլոր թզուկները խոստովանեցին, որ Բիլբոն ճարպիկ է։
Բիբլոն գովեստներից այնքան շոյված էր, որ, իր մտքում ծիծաղելով, ոչինչ չասաց մատանու մասին, իսկ երբ նրան հարցեր տվեցին, նա պատասխանեց․
 
  ― Դե, պարզապես կամացուկ, գաղտագողի ծլկեցի, հաբիտական ձևով։
 
  ― Նույնիսկ մուկը չէր կարող ծլկել իմ քթի տակից և աննկատ մնալ,― ասաց Բալինը։― Կնգուղս հանումեմ ձեր առջև։― Որը և նա արեց, ավելացնելով․― Բալին, ձեզ ծառա։
 
  ― Միստր Բեգինս, ձեր ծառան,― պատասխանեց Բիլբոն։
 
  Հետո նրանք հաշիվ պահանջեցին Բիլբոյի արկածների մասին, սկսած այն պահից, ինչ նա կորել էր։ Եվ Բիլբոն պատմեց ամեն ինչ․․․ Բացի նրանից, որ գտել էր մատանին։ («Առայժմ կսպասեմ»,― վճռեց նա)։ Առանձնապես նրանց հետաքրքրեց հանելուկներով մրցությունը, իսկ երբ նա նկարագրեց Գոլլումին, թզուկները, կարեկցելով հանդերձ, սարսափեցին։
 
  ― Եվ այստեղ, երբ նա նստեց իմ կողքը, էլ ոչինչ հնարել չկաորղացա,― եզրափակեց Բիլբոն,― պարզապես հարցրի․ «Ի՞նչ կա իմ գրպանում»։ Եվ երեք անգամն էլ չպատասխանեց։ Այն ժամանակ ես ասացի․ «Դու խոստացար։ Դե հիմա դուրս բեր ինձ»։ Բայց նա հարձակվեց ինձ վրա և ուզում էր սպանել, ես փախա ու վայր ընկա, իսկ նա մթության մեջ ինձ չնկատեց։ Այն ժամանակ ես նրա ետևից գնացի ու լսեցի, որ քթի տակ ինչ-որ բան է քրթմնջում։ Նա կարծում էր, թե ես գիտեմ ինչպես դուրս գալ լեռան խորքից, ու վազեց դեպի ետնամուտքը։ Իսկ հետո հանկարծ վերցրեց ու նստեց թունելի ելքի մոտ, այնպես որ անցնել չէի կարող։ Ես էլ թռա վրայով ու ծլկեցի։
 
  ― Իսկ պահակներն ինչպե՞ս թողեցին,― հարցրին թզուկները։― Մի՞թե պահակներ չկային։
 
  ― Կային․․․ Այն էլ ինչքա՜ն․․․ Բայց ես նրանցից խույս տվեցի և փախա։ Դուռը շատ քիչ էր բացված, և ես լռվեցի դռան արանքում ու ահագին կոճակ կորցրի․․․ ― Նա ափսոսանքով նայեց պատառոտված հագուստին։― Բայց միևնույն է, դուս պրծա, և ահա այստեղ եմ։
 
  Թզուկները նրան նայեցին նոր ձևով, հարգանքով․ նա այնպես անբռնազբոսիկ էր պատմում, թե ինչպես է խույս տվել պահակներից, ինչպես է թռել Գոլլումի վրայից և խցկվել դռան արանքը, որ ասես այդ բոլորը նրա համար ոչինչ չարժեր և ոչ մի հուզմունք չէր պատճառել։
 
  ― Ինչ էի ասում ձեզ,― ծիծաղեց Հենդալֆը։― Միստր Բեգինսը բոլորովին էլ այդքան հասարակ չէ, որքան դուք եք կարծում։
 
  Այդ ասելիս Հենդալֆը իր թավ հոնքերի տակից մի տարօրինակ հայացք գցեց Բիլբոյի վրա, և հոբիտի մեջ աղոտ կասկած առաջացավ, թե չլինի կախարդը կռահում է պատմության այն մասը, որ ինքը բաց թողեց։
 
  Նրա մոտ էլ շատ հարցեր էին կուտակվել։ Գուցե Հենդլաֆն ամեն ինչ թզուկներին արդեն բացատրել է, բայց Բիլբոն ինքը չի լսել։ Նա ուզում էր իմնալա, թե կախարդն ի՞նչ ձևով է թզուկներին դուրս բերել, և սա ի՞նչ հովիտ է։
 
  Հրաշագործը, չթաքցնենք, միշտ էլ դեմ չէր մի ավելորդ անգամ իր իմաստությամբ պարծենալ։ Դրա համար էլ նա հաճույքով պատմեց Բիլբոյին, որ ինքը և Էլրոնդը շատ լավ էլ գիտեին լեռների այդ մասում ապրող չար գոբլինների մասին։ Բայց առաջ գլխավոր դարպասը բացվում էր այլ արահետի վրա, ավելի դյուրին ու մատչելի, որտեղ գոբլինները հաճախ էին որսում ճանապարհորդներին, որոնց վրա մութը վրա էր հասնում հենց այդ դարպասի մոտ։ Ըստ երևույթին մարդիկ լքել էին այդ ճանապարհը, և գոբլինները նոր դարպաս էին բացել այն արահետի վրա, որով գնում էին թզուկները։ Ինչպես երևում է, դա տեղի էր ունեցել բոլորովին վերջերս, քանի որ մինչև հիմա այդ ճանապարհն անվտանգ էր համարվում։
 
  Ուրեմն Հենդալֆը հենց որ լսել էր Բիլբոյի գոռոցը, վայրկենապես հասկացել էր, թե ինչ է տեղի ունեցել։ Նա բոցի բռնկումներով սպանել էր իր վրա հարձակված գոբլիններին և հասրցել մտնել ճեղքը ճիշտ այն րոպեին, երբ այն փակվում էր։ Նա գնացել էր հետապնդողների ու գերիների ետևից, հասել մինչև գահասրահը, այնտեղ անկյունում նստել և արարել էր իր կախարդական միջոցներից ամենահաջողակը։
 
  ― Շատ նուրբ հարց էր,― ասաց նա,― ամեն ինչ մազից էր կախված։
 
  Բայց Հենդալֆը իզուր չէր այդքան հմտացել կրակի և լույսի միջոցով կախարդական գործողություններ կատարելու մեջ (նույնիսկ հոբիտը, եթե հիշում եք, ամբողջ կյանքում չէր մոռանում ծեր Տուկի տոնակատարությունների ժամանակվա հրաշագեղ հրավառությունները)։ Թե հետո ինչ եղավ, մենք գիտենք։ Հենդալֆին հայտնի էր ետնամուտքը, ինչպես գոբլիններն էին անվանում ստորին դարպասը, որտեղ Բիբլոն կորցրեց իր կոճակները։
 
  ― Գոբլիններն այնտեղ վաղո՜ւց-վաղուց են կառուցել այդ դարպասը,― ասաց Հենդալֆը,― մասամբ որպես սողանցք, հարկ եղած դեպքում փախչելու համար, մասամբ որպես լեռների մյուս երեսը դուրս գալու ելք․ գիշերները նրանք այդտեղ հարձակումներ ու ասպատակություններ են կազմակերպում և ամեն տեսակ ավազակություններ անում։ Նրանք խստորեն պահպանում են այդ դուռը, և մինչև այժմ ոչ ոքի չի հաջողվել թափանցել այնտեղ։ Սրանից հետո ավելի խիստ կպահպանեն։
 
  Հենդալֆը ծիծաղեց, մնացածը՝ նույնպես։ Ինչ ասել կուզի, նրանց կրած վնասները մեծ էին, բայց փոխարենը նրանք սպանել էին Գերագույն Գոբլինին ու բազմաթիվ սովորական գոբլիններին էլ գումարած և իրենք էլ փրկվել էին։ Այնպես որ առայժմ, կարելի է ասել, նպաստավոր վիճակում էին գտնվում։
Բայց կախարդը նրանց արագ իջեցրեց իրական հողի վրա։
 
  ― Մենք արդեն հանգստացել ենք,― ասաց նա,― շարժվելու ժամանակն է։ Գիշերը հարյուրավոր գոբլիններ կհետապնդեն մեզ, իսկ տեսեք, ստվերներն արդեն երկարել են։ Մինչև մթնշաղը մեզ հարկավոր է մի քանի մղոն առաջ շարժվել։ Եթե լավ եղանակը պահպանվի, ապա լուսինը դուրս կգա, և դա ձեզ ձեռնտու է։ Ճիշտ է, գոբլինները լուսնից շատ էլ չեն վախենում, բայց գոնե կտեսնենք, թե ուր ենք գնում։ Այո, այո,― պատասխանեց նա հոբիտի նոր հարցին։― Դու ժամանակի հաշիվը կորցրել ես թունելներում թափառելիս։ Այսօր հինգշաբթի է, գոբլինները մեզ բռնել են երկուշաբթի գիշերը, ավելի ճիշտ, երեքշաբթի առավոտյան։ Մենք շատ մղոններ ենք կտրել, անցել ենք լեռների բուն սրտով և հիմա հայտնվել ենք մյուս կողմում։ Մի խոսքով կարգին կարճել ենք ճամփան, բայց դուրս ենք եկել ոչ այնտեղ, որտեղ մեզ դուրս կբերեր սկզբնական արահետը։ Մենք բավական շեղվել ենք դեպի հյուսիս, առջևում մեզ տհաճ տեղանք է սպասում։ Այժմ չափազանց բարձր տեղում ենք։ Եվ այսպես, ճամփա ընկանք։
 
  ― Ես սարսափելի ուտել եմ ուզում,― տնքաց Բիլբոն, միայն այժմ գիտակցելով, որ նախանցյալ օրվանից բերանը ոչինչ չի դրել։ Թե դա ինչ բան է հոբիտի համար, միայն պատկերացնել է պետք։ Այժմ, երբ հուզմունքն անցել էր, նա զգաց, որ դատարկ փորիկը վեց-վեց է անում և ոտքերն էլ դողում են։
 
  ― Ոչնչով օգնել չեմ կարող,― պատասխանեց Հենդալֆը։― Գուցե վերադառնաս և քաղաքավարությամբ խնրդես գոբլիններին՝ ետ տան քո պոնին ու բեռը։
 
  ― Խորին շնորհակալություն, այդ մեկը չէ,― բացականչեց Բիլբոն։
 
  ― Այդ դեպքում գոտիներս ավելի պինդ ձգենք և քայլենք առաջ։ Ավելի լավ է առանց ընթրիքի մնանք, քան ինքներս ընթրիք դառնանք։
 
  Ճանապարհին Բիլբոն շուրջն էր նայում, թե ինչ ուտելու բան կարելի է ճարել․ սև հաղարջ նոր էր ծաղկել, կաղինը դեռ չէր հասել, ալոճենու հատապտուղները չէին կարմրել։ Բիլբոն թրթնջուկ ծամեց, արահետը հատող լեռնային առվակից բռով ջուր խմեց և նույնիսկ մորու երեք հատապտուղ կուլ տվեց, բայց քաղցը չհագեցավ։
 
  Նրանք գնում էին հա գնում։ Քարքարոտ անհարթ արահետը կորավ։ Անհետացան թփուտները, քարերի միջև բուսած բարձր խոտը, ճագարների կրծած ճիմերի հատվածները, անհետացան ուրցն ու եղեսպակը, անանուխն ու լեռնային դեղին վարդերը։ Ճամփորդները հայտնվեցին քարերով ծածկված մի լայն դիք լանջի վրա։ Երբ նրանք սկսեցին իջնել, քարն ու խիճը թափվում էին նրանց ոտքերի տակից։ Հետո քարերի ավելի մեծ կտորներ թռան՝ շարժման մեջ դնելով փլվածքը, հետո մեծ բեկորներ սկսեցին պոկվել։ Շուտով ամբողջ լանջը, նրանցից վերև ու ներքև, տեղից շարժվեց, և նրանք սահեցին ցած՝ փոշու մեջ կորած, թափվող քարերի դղրդոցի ու թնդյունի ուղեկցությամբ։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]