Սպասում (Ջեյմս Ագի)

Գրապահարան-ից
Ապասում

հեղինակ՝ Ջեյմս Սգի
թարգմանիչ՝ Ռ․Տեր֊Խաչատրյան(անգլերենից)
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)

Ժամը տասից մի քանի րոպե պակաս հնչեց հեռախոսազանգը։ Մերին շտապեց վերցնել լսափողը․

― Ալո՛։

Խոսողը գավառեցու տպավորություն էր թողնում, նրա ձայնը լարված էր ու նվաղուն։ Նա ինչ֊որ բան էր հարցնում, բայց Մերին չէր կարողանում պարզ լսել նրան։

― Այո, ― ասաց Մերին նորից։ ― Բարի եղեք մի քիչ ավելի բարձր խոսել, ― խնդրեց նա։ ― Չեմ լսում․․․ Ասում եմ, որ չեմ լսում ձեզ։ Խնդրում եմ, մի քիչ ավելի բարձր խոսեք․․․ Շնորհակալություն։

Հիմա, լարված ու անհամբեր, Մերին կարողանում էր լսել նրան, թեև թվում էր, թե խոսողի ձայնը շարունակում էր բավականին հեռվից գալ։

― Միսիս Ջեյ Ֆոլե՞տն է խոսում։

― Այո, լսում եմ։ Ի՞նչ է պատահել (մի պահ չէր լսվում անծանոթի ձայնը)։ Այո, միսիս Ջեյ Ֆոլետն է։

Որոշ դադարից հետո, նորից լսվեց խոսողի ձայնը․

― Տեղի է ունեցել․․․ դժբախտ դեպք է պատահել ձեր ամուսնուն։ Գլուխն է վնասվել, անցավ Մերիի գլխով։

― Լսում եմ, ― ասաց միսիս Ֆոլետը կերկերուն ձայնով։

Հենց նույն պահին անծանոթն ասաց․

― Լուրջ պատահար է։

― Լսեցի, ― ասաց Մերին ավելի հստակ ձայնով։

― Ես ուզում եմ իմանալ, թե նա ունի՞ արդյոք մի մոտ ազգական, որ կարողանա այստեղ գալ։ Մենք շնորհակալ կլինենք ձեզանից, եթե մեկին անմիջապես այստեղ ուղարկեք։

― Այո, այո, եղբայրս կգա։ Որտե՞ղ է գալու նա։

― Փովել կայարանում եմ, Բրանիք երկաթեղենի խանութի մոտ, շուրջ տասներկու մղոն է։ Բոլ Քամփ Փայքից։

― Բրա֊նիք երկաթեղենի՞․․․

― Բրա֊նիք։ Հենց Փայքի ձախ մասում է, մի փոքր այս կողմի վրա, Բել Բրիջի մոտ, Նոքսվելի կողմը։

Լսափողում փսփսոց էր լսվում։

― Ասացեք ձեր եղբորը, որ տեղը չմոռանա։ Մենք լույսը չենք հանգցնի, իսկ դրսում լապտեր կվառենք։

― Բժիշկ կանչե՞լ եք։

― Ինչի՞ մասին է խոսքը, մադամ։

― Բժշկի, բժիշկ կանչե՞լ եք։ Բժիշկ ուղարկե՞մ։

― Ամեն ինչ կագրին է, մադամ։ Միայն մի մարդ է պետք, որ ազգական լինի նրան։

― Եղբայրս կգա, որքան հնարավոր է շուտ։ «Վալտերը մեքենա ունի», մտածեց Մերին։ ― Անչափ շնորհակալ եմ, որ զանգահարեցիք։

― Չարժե, մադամ։ Հուսով եմ, որ կներեք վատ լուր հաղորդելու համար։

― Բարի գիշեր։

― Ցտեսություն, մադամ։

Մերին հազիվ էր ոտքերի վրա կանգնում, գրեթե կախ էր ընկել հեռախոսից։ Նա ձգեց իր ոտքերը, հենվեց պատին ու զանգահարեց․

― Անդրյո՞ւ։

― Մերի՞, ― պատասխանեց եղբայրը։

Մերին խորը շունչ քաշեց։

― Մերի՜։

Նա նորից խորը շունչ քաշեց, թվում էր, թե օդը չի բավականեցնում։

― Մերի՜։

Գունաթափ ու շփոթահար, փորձելով իրեն ենթարկել դողացող ձայնը, Մերին ասաց․

― Անդրյու, տեղի է ունեցել․․․ Մի մարդ հենց նոր զանգահարեց Փովել Կայարաանից, այնտեղից տասներկու մղոն է մինչև La Follette։ Նա ասաց․․․ նա ասում է, որ Ջեյին լուրջ բան է պատահել։ Նա ուզում է․․․

― Օ, տեր իմ աստված, Մերի՛։

― Նա ասում էր՝ ցանկալի է, որ Ջեյի ընտանիքի անդամներից որևէ մեկը հնարավորին չափ շուտ դեպքի վայրը գնա, որպեսզի օգնի իրենց Ջեյին տուն բերելու։

― Ես կկանչեմ Վալտեր Ստարին, նա ինձ այնտեղ կտանի։

― Լավ։ Դու կգնա՞ս այնտեղ, Անդրյու։

― Իհարկե, մի րոպե։

― Ի՞նչ։

― Հորաքույր Հաննան է։

― Ես կարո՞ղ եմ խոսել նրա հետ, երբ վերջացնես։

― Իհարկե։ Նրա որտե՞ղն է վնասվել, Մերի։

― Անծանոթը ոչինչ չասաց։

― Իսկ դու չհարցրեցի՞ր․․․ Դե լավ, ոչինչ։

― Ոչ, ― ասաց Մերին։ Հիմա նա զարմանքով հասկացավ, որ ոչինչ չի հարցրել։ ― Ես համոզված էի, որ նրա գլուխն է վնասվել։ Իհարկե գլուխն է։

― Նրանք․․․ տանե՞մ դոկտոր Դեկոլբին։

― Նա ասաց, որ բժշկի կարիք չկա, միայն քո կարիքն ունեն։

― Հավանաբար արդեն բժիշկ են կանչել։

― Ես էլ եմ այդպես կարծում։

― Կկանչեմ Վալտ․․․ սպասիր, ահա հորաքույր Հաննան։

― Մերի։

― Հորաքույր Հաննա, Ջեյին դժբախտություն է պատահել։ Անդրյուն պետք է անմիջապես այնտեղ գնա։ Կգա՞ք ինձ օգնելու, որպեսզի ամեն ինչ կարգի բերենք։ Գուցե նրան հիվանդանոց չտանեն, այլ տուն բերեն։

― Իհարկե, Մերի։ Իհարկե կգամ։

― Հայրիկին ու մայրիկին ասա, որ չանհանգստանան ու դուրս չգան տնից, չմոռանաս նաև բարևել նրանց։ Մենք պետք է մեզ հանգիստ պահենք, մինչև որ ամեն ինչ իմանանք կատարվածի մասին։

― Իհարկե։ Հիմա կգամ։

― Շնորհակալություն, հորաքույր։

Մերին խոհանոց մտավ ու կրակ վառեց, վրան դրեց ջրով լի մի մեծ աման, մի փոքրն էլ՝ թեյի համար։ Հնչեց հեռախոսի զանգը։

― Մերի, որտե՞ղ եմ գնալու։

― Չգիտե՞ս ինչ է, Փովել կայարան, դեպի Փայքի կողմը․․․

― Գիտեմ, բայց ճիշտ տեղն ասա։ Նա չի՞ ասել քեզ։

― Ասաց՝ Բրանիք երկաթեղենի խանութի մոտ։ Բրա՜֊նի՜ք։ Լսո՞ւմ ես։

― Այո, Բրանիք։

― Անծանոթն ասաց, որ լույսը չեն հանգցնի, որպեսզի դու տեղը չկորցնես։ Այն գտնվում է Փայքի հենց ձախ կողմում, Բել Բրիջի մոտ, մի փոքր այս կողմի վրա։

― Լավ, Մերի։ Վալտերը այս կողմով է գալու, հորաքույր Հաննային հետներս կբերենք։

― Շատ բարի, Անդրյու, շնորհակալություն։

Մերին բորբոքված ու հուզված, շտապ իջավ ննջասենյակ։ «Ինչ իմանամ, ― մտածեց նա, ― անծանոթը ոչ մի կարգին բան չասաց, ես էլ չհարցրեցի։ Իմիջիայլոց, անծանոթի խոսելու ձևից կարելի է․․․»։ Նա թափ տվեց վերմակը, ծալեց ծածկոցը և ուղղեց բարձը։ «Պարզապես, չպետք է մտածեմ կատարվածի մասի այնքան ժամանակ, մինչև որ ավեին չիմանամ», ― որոշեց Մերին։ Նա արագ քայլերով մոտեցավ սպիտակեղենի պահարանին և այնտեղից մաքուր սավաններ ու բարձի երեսներ վերցրեց։ «Անծանոթը նույնիսկ չասաց՝ բժիշկ կանչե՞լ են, թե ոչ»։ Մերին մի սավան փռեց անկողնու վրա, ձեռքով հարթեց այն ու չորս ծայրերը մտցրեց ներքնակի տակ։ Հետո ձեռքերը տարածեց անկողնու երկայնքով մեկ ու ու ափերի մեջ զգաց հաճելի մի սառնություն, որը նրան մեծ հույսեր ներշնչեց ապագայի նկատմամբ։ «Օ՜, տեր աստված, բավականաչափ ուժ տուր նրան տուն վերադառնալու, որպեսզի կարողանամ խնամել նրան, լավ խնամել»։ «Ամեն ինչ կարգին է, մադամ»։ Այդ ինչ֊որ բան է նշանակում։ Այդ նշանակում է, որ նրանք բժիշկ են կանչել, անծանոթը դա արել է պարզապես ապահովության համար, թեև Ջեյի վիճակը այնքան էլ սարսափելի չէ, ինչպես հավատացնում էր անծանոթը կամ հնարավոր է․․․ Այս եղանակին թեթև վերմակն էլ բավական է, հակառակ դեպքում, եթե ցրտի՝ երկուսը։ Մերին շտապ մոտեցավ պահարանին ու այնտեղից երկու վերմակ վերցրեց, նույնիսկ չգիտակցելով, որ կարող է աղմուկ բարձրանալ, թեև սովորաբար անաղմուկ էր քայլում։ «Միայն մի մարդ, որ ազգական լինի նրան»։ Այդ նշանակում է, որ Ջեյի վիճակը վատ է, այլապես անծանոթը իրեն կկանչեր։ Ոչ, ինքը պարտավոր է մնալ տանը, երեխաների մոտ։ Երևի անծանոթը գիտեր, որ տանը երեխաներ կան։ Այնուամենայնիվ, ինքը պետք է տանը մնա, որպեսզի ամեն ինչ կարգի բերի, նա այդ լավ էր հասկանում։ «Նա նույնիսկ ոչինչ չասաց, որ պատրաստեմ։ Նա վստահ էր, որ իմ անելիքը գիտեմ։ Տղամարդ է, մտքովն էլ չի անցնում այդ»։

Մերին ատամներով բռնեց բարձի մի ծայրից, վրան հագցրեց բարձի երեսն ու փոմփոշացնելով իր տեղը դրեց։ Հետո մեկ ուրիշը վերցրեց ատամներով և այնպես սեղմեց, որ նրանց արմատները ցավեցին։ Այդ մեկին էլ բարձի երես հագցրեց ու հարդարեց։ Այնուհետև, առաջին բարձը դրեց անկողնու մի ծայրին, երկրորդը՝ նրա դիմաց, երկուսն էլ փոմփոշացրեց, հարթեց և մի կողմ քաշվելով՝ թեքեց գլուխն ու նայեց դրանց։ Մի րոպե Մերիին թվաց, թե տեսնում է Ջեյին, որը սովորաբար մատուցարանը ծնկներին նստում էր անկողնու եզրին, երբ ուզում էր ուղղել մեջքը, և ժպիտը դեմքին նայում էր իրեն, աշխատելով ձայնին խռպոտ երանգ տալ, պարզապես կատակ անելու համար։ Եթե նրա գլուխն է, մտածեց Մերին, ապա պետք է պառկի մեջքի վրա, հարթ տեղում։

― Ի՞նչ իմանամ։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ։

Մերին բարձերը նույն դիրքով թողեց իրենց տեղում, շրջեց մահճակալը, մոտեցրեց պատուհանին ու հարթեց անկողինը։ Հետո, խնամքով նորից ծալեց երկրորդ ծածկոցը ու դրեց անկողնու ոտքի կողմը ― ոչ, այսպես հարմար չէ, դա անհանգստություն կպատճառի ամուսնու վնասված ոտքերին։ Նա վերցրեց ծածկոցը, կախեց մահճակալից ու մի կողմ քաշվելով, նայեց խնամքով հարդարված անկողնուն։ Մի ակնթարթ Մերիին թվաց, թե ինքը չի գիտակցում՝ որտեղ է գտնվում ու ինչի համար է անում այս ամենը։ Այնուհետև, վերհիշելով կատարվածը, ցածր ու նվաղուն ձայնով շշնջաց․ «Ա՜խ»։ Նա բացեց պատուհանի վերևի ու ներքևի փակոցափեղկերը, քաշեց վարագույրները և դրանք ամուր ամրացրեց պատուհանի երկու կողմերից։ Հետո զուգարանից բերեց գիշերանոթը, ողողեց ու չորացնելով այն՝ դրեց մահճակալի տակ։ Այնուհետև դեղերի արկղից վերցրեց ջերմաչափը, թափ տվեց, լվաց սառը ջրով, չորացրեց ու մտցրեց անկողնու մոտ գտնվող ջրով լի գավաթի մեջ։ Տեսնելով, որ սեղանի ծածկոցը կեղտոտված է, վերցրեց այն ու նետեց կեղտոտ սպիտակեղենների զամբյուղի մեջ, տեղը փռեց մի նորը, որի եզրերին նախշազարդված էին մանուշակներ ու զառ֊մանուշակներ։ Հանկարծ նկատեց, որ բարձի առջևի մասը մի փոքր փոս է ընկել, անմիջապես ուղղեց այն, քաշեց լուսամփոփի անջատիչը, ծնկի իջավ՝ դեմքով դեպի անկողինը ու փակեց աչքերը։ Նա երկու մատը միացրեց իրար, կպցրեց ճակատին, կրծքին, ձախ և աջ ուսերին ու հետո երկյուղածությամբ միացնելով ձեռքերը՝ խաչակնքեց երեսը։

― Օ՛հ, տեր աստված, թող կամքդ լինի, ― շշնջաց Մերին։ Նա այլևս ի վիճակի չէր մտածել որևէ բանի մասին։ Նորից երկյուղածորեն խաչակնքեց երեսը և խաչակնքման զորությունը զգալով, խաղաղվեց։

― Թող քո կամքը կատարվի, ― ասաց նա ու կրկին լռեց։ Հետո ոտքի ելավ, շրջվեց և առանց լույսը վառելու գնաց խոհանոց։ Թեյի համար կրակին դրված ջուրը վաղուց եռացել ու վերջանալու վրա էր։ Մինչ Մերին փայտ էր ավելացնում, լսվեցին պատշգամբը մտնող մարդկանց ոտնաձայներ։

Հաննան ներս մտավ երկու ձեռքերը առաջ մեկնած։ Մերին երկարեց իրենը, բռնեց դրանք, համբուրեց նրա այտը և երկուսն էլ միաժամանակ ասացին․ «Մերի՛», «սիրելի՛ս», բառերը, որից հետո Հաննան շտապեց կախել գլխարկը կախիչից։ Այդ ընթացքում Անդրյուն լուռ կանգնել էր դռան մոտ ու սևեռուն նայում էր Մերիին։ Նրա աչքերը փայլում էին թռչունի աչքերի պես, որոնց մեջ խստություն ու դաժանություն էր զգացվում։ Անդրյուն կասկածամտորեն էր նայում իր քրոջ վրա, կարծես մեղադրում էր նրան կամ ինչ֊որ մեկին։ Մերիին թվում էր, թե եղբայրն ուզում է ասել․

― Եվ դու դեռ հավատո՞ւմ ես քո հիմար աստծուն։

Վալտեր Սթարը կանգնել էր դրսում, խավարի մեջ․ Մերին հազիվ էր կարողանում տեսնել նրա ակնոցների մեծ ապակիները, բեղերի թողած մութ ու սև հետքը, լայն ուսերի ուրվագիծը։

― Ներս արի, Վալտեր, ― ասաց Մերին այնպիսի քնքշանքով, կարծես դիմում էր երկչոտ մի մանուկի։

― Մենք չպետք է հապաղենք, ― ասաց Անդրյուն կտրուկ։

Վալտերը առաջ եկավ, քնքշորեն բռնեց Մերիի ձեռքն ու ասաց․

― Մենք չպետք է ուշանանք։

― Աստված օրհնի քեզ, ― շշնջաց Մերին ու այնպես սեղմեց Վալտերի ձեռքը, որ իր բազուկը դողաց։

Վալտերը մի քանի անգամ թփթփացրեց Մերիի դողացող ձեռքին ու արագ շրջվելով ասաց․

― Ավելի լավ է շտապենք, Անդրյու, ― և գնաց դեպի ավտոմեքենան։ Մերին լսում էր մեքենայի շարժիչի ձայնը, որը Վալտերը չէր անջատել և նոր միայն հասկացավ տեղի ունեցածի ողջ լրջությունը։

Եթե նա այնքան լավ լինի, որ տուն բերեք նրան, ― ասաց Մերին Անդրյուին, ― իմացեք, որ ամեն ինչ պատրաստ կլինի այստեղ նրան ընդունելու համար։

― Լավ, կզանգահարեմ, եթե որևէ նոր բան իմանամ։

― Այո, սիրելիս։

Անդրյուի աչքերը լցվեցին, նա հուզմունքով ձեռքը մեկնեց դեպի Մերին ու գրկեց նրա ուսերը։

― Շատ եմ ցավում, Մերի, ― ասաց գրեթե լացակումած։

― Այո, սիրելիս, ― ասաց Մերին ինքնաբերաբար և մինչ կզգար իր պատասխանի անհեթեթությունը, Անդրյուն արդեն մեքենա էր նստել։ Մերին կանգնել ու նայում էր հեռացող մեքենային և, երբ շրջվեց ներս մտնելու, տեսավ հորաքույր Հաննային։

― Գնանք թեյ խմենք, ― ասաց Մերին։ ― Ջուրն արդեն եռացել է, ― և արագ քայլերով գնաց դեպի դահլիճ։

Այնուամենայնիվ թող թեյը դնի, մտածեց Հաննան, հետևելով նրան։

― Աստված իմ, ջուրը գոլորշիացել է։ Նստիր, հորաքո՛ւյր Հաննա, մի րոպեից թեյը պատրաստ կլինի։ ― Նա շտապ մոտեցավ լվացարանին։

― Թող ես․․․ ― սկսեց հորաքույրը, և հուսաց, որ Մերին չի լսել իր ասածը։

― Ի՞նչ։

― Եթե օգնելու կարիք կա, ասա, Մերի՛։

― Օգնելու ոչ մի կարիք էլ չկա, շնորհակալություն, ― Մերին ջուրը դրեց վառարանի վրա։

― Նստիր, հոգյա՛կս, ― ասաց Հաննան ու նստեց սեղանի մոտ։

― Որքան գիտեմ, ամեն ինչ պատրաստ է, ― ասաց Մերին ու նստեց նրա դիմաց։ ― Ես կարգավորել եմ ներքևի հարկի ննջասենյակը (ձեռքով ցույց տվեց այդ կողմը), հիշո՞ւմ ես, Ջեյն այնտեղ էր մնում, երբ նրա մեջքը ցավում էր։

«Իհարկե հիշում եմ, ― մտածեց Հաննան, ― թող խոսի, դա կթեթևացնի նրա վիճակը»։

― Այնտեղ ավելի հարմար է, քան վերևում, ― շարունակեց Մերին, ― որովհետև վեր բարձրանալու կարիք չի լինի։ Խոհանոցն ու լողասենյակը մոտ են այդ սենյակին, և եթե Ջեյը հիվանդապահի կարիք զգա, կարող ենք նրան տեղավորել ճաշասենյակում, իսկ մենք կճաշենք խոհանոցում կամ վարագույրով որևէ անկյուն կառանձնացնենք հենց Ջեյի սենյակում։ Եթե դրան էլ համաձայն չլինի, այդ դեպքում կարող է քնել հյուրասենյակում, օթոցի վրա, իսկ դուռը բաց կթողնենք։ Ճիշտ չե՞մ ասում։

― Ճիշտ է, ― պատասխանեց Հաննան։

― Ես կփորձեմ գտնել Սելիային, Սելիա Գանին ու կխնդրեմ նրան, որ գա այստեղ, եթե զբաղված չէ։ Այսպիսի դեպքերում լավ մի մոտ բարեկամ ունենաս կողքիդ, քան մի անծանոթ, այդպես չէ՞։

Հաննան գլխով հավանության նշան արեց։

― Եթե նույնիսկ նա Ջեյին ավելի մոտ է, քան ինձ, բայց և այնպես իմ ամենահին ընկերուհին է։ Կարծում եմ, նրան այստեղ կանչելը ճիշտ կլինի, համամիտ չե՞ս ինձ հետ։

― Իհարկե, համամիտ եմ, ― ասաց Հաննան։

― Սակայն կարծում եմ, որ ավելի լավ է սպասենք և ավելորդ տեղը չանհանգստանանք, մինչև որ Անդրյուն մեզ չզանգահարի։ Վերջիվերջո, շատ հավանական է, որ Ջեյին ուղիղ հիվանդանոց տանեն։ Անծանոթն ասում էր, որ նրա վիճակը լուրջ է։

― Խելացի վարված կլինենք, եթե սպասենք, ― ասաց հորաքույրը։

― Ջուրը չի՞ եռում։ ― Մերին շրջվեց նայելու։ ― Այ քեզ բան, երբ սպասում ես, չի եռում։ ― Նա ոտքի ելավ, ուժեղացրեց կրակը և դարակից իջեցրեց թեյի տուփը։ ― Չգիտեմ, ուզո՞ւմ ես թեյել, թե ոչ, բայց կարծում եմ, որ լավ կլինի մի որևէ տաք բան խմենք, քանի դեռ սպասում ենք, ճիշտ է, չէ՞։

― Կուզենայի մի քիչ խմել, ― ասաց Հաննան, թեև ոչինչ չէր ուզում։

― Դե լավ, սպասենք մինչև ջուրը եռա։ ― Նա նորից նստեց իր տեղը։ ― Եթե գիշերը ցուրտ լինի, կարծում եմ, որ մի բարակ վերմակն էլ բավական է այսպիսի եղանակի համար, չնայած մեկն էլ ոտքերի կողմն եմ դրել։

― Այդքանը բավական է։

― Աստված գիտե, ― ասաց Մերին նվաղուն ձայնով ու լռեց։ Նա նայեց իր սեղմված ձեռքերին։ Հանկարծ Հաննան զգաց, որ ինքը տխուր հայացքով նայում է Մերիին և, կարմրելով, հայացքը հեռացրեց նրանից։ Հաննան չգիտեր, թե ինչ անի։ Իհարկե, հնարավորության դեպքում ավելի լավ կլինի, եթե Մերին երես առ երես չհանդիպի Ջեյին, մինչև որ բանը ինքնըստինքյան չստացվի։ Իսկ եթե այդպես պատահի, ապա լավ կլինի, որ Մերին իրեն հանգիստ պահի, պարզապես չհուզվի, մտածում էր Հաննան։

― Գիտե՞ս ամենատարօրինակն ինչն է, ― ասաց Մերին կամաց ու ափերի մեջ սկսեց տրորել սեղմած մատները։ Հաննան լուռ էր։ ― Երբ անծանոթը զանգահարեց, ― ասաց նա, նայելով իր դողացող մատներին, ― և հայտնեց, որ Ջեյի հետ դեպք է տեղի ունեցել․․․ լուրջ դեպք, ես պարզ հասկացա, որ նրա գլուխն է վնասվել, գլուխը։ (Հիմա նոր միայն նկատեց, որ Մերին իր գորշ ու փայլող աչքերով իրեն է նայում)։ ― Ի՞նչ ես կարծում, ― հարցրեց նա գրեթե հպարտությամբ։

Հաննան շրջեց հայացքը։ Մարդ ինչ կարող է ասել նման դեպքում, մտածեց նա։ Մինչդեռ Մերին այնպիսի համոզվածությամբ էր խոսում ամուսնու գլխից վիրավորված լինելու մասին, որ ինքն էլ սկսեց կիսով չափ հավատալ դրան։ Նա խորը շունչ քաշեց, հոգոց հանեց, ճտտացրեց լեզուն և ասաց․

― Դժվար է ասել։

― Այո։ Պարզապես մենք պետք է սպասենք, ― ասաց Մերին երկար լռությունից հետո։

― Շշ՜շ, ― ընդհատեց նրան Հաննան քնքշանքով։

Տևական լռությունից հետո նրանք նկատեցին, թե ինչպես է եռում ջուրը։ Մոտենալով, Մերին տեսավ, որ թեյամանի ջուրը պակասել էր։

― Երկու բաժակի կբավականացնի, ― ասաց նա և, վերցնելով քամիչը, լցրեց թեյն ու թեյնիկի մեջ ջուր ավելացրեց։ Հետո բացեց կրակին դրված մեծ ամանի կափարիչը։ Ամանի ներսում, ջրի գծից ներքև, եռքից մի սպիտակ գիծ էր գոյացել։ Ջուրը ուժեղ եռում էր։ Մերին փորձեց հիշել, թե ինչի համար էր այն եռացրել։

― Բոլոր դեպքերում թող լինի, ― շշնջաց նա։

Հաննան չուզեց հարցնել, թե նա ինչ ասաց։

― Զու֊Զուս կա, ― ասաց Մերին և հանեց պահարանից։ ― Բայց գուցե հաց ու կարագ ես ուզում կամ տապակած հա՞ց։ Կարող եմ տապակել։

― Ոչինչ չեմ ուզում, միայն թեյ, շնորհակալություն։

― Շաքարով կաթ խմիր։ Միգուցե լիմո՞ն։ Տեսնեմ լիմոն․․․

― Կաթ, ― ասաց Հաննան։

― Ես էլ կաթ կխմեմ, ― ասաց Մերին ու նստեց։ ― Ինձ համար շատ շոգ է, շոգ է այստեղ։ ― Նա վեր կացավ, բացեց պատշգամբի դուռը ու նորից նստեց։

― Տեսնես ժամը քանիսն է․․․ ― Նա ուսի վրայով նայեց խոհանոցի ժամացույցին։ ― Ժամը քանիսի՞ն մեկնեցին, չե՞ս հիշում։

― Վալտերն այստեղ եկավ տասն անց տասնհինգ րոպեին։ Քսանհինգ րոպե կլինի։

― Արի հաշվենք։ Վալտերն արագ է քշում, բայց ոչ Ջեյի նման։ Նա այս գիշեր սովորականից ավելի արագ կքշի, մինչև այստեղ տասներկու մղոն է։ Ենթադրենք, թե նա ժամում անցնելու է երեսուն մղոն արագությամբ․ մինչև այստեղ տասներկու մղոն է։ Հիմա հաշվենք՝ վեց անգամ չորս, հավասար է քսանչորսի, վեց անգամ հինգ՝ երեսուն, երկու անգամ տասներկու՝ քսանչորս։ Ի սեր աստծո, ես միշտ էլ մաթեմատիկայից թույլ եմ եղել․․․

― Գիտե՞ս, կես ժամից մութը կընկնի, Վալտերը ծանոթ չէ այդ ճանապարհներին։

― Ուր֊որ է՝ նրանք կգան։ Տասը, տասնհինգ րոպեից այստեղ կլինեն։

― Այո, ես էլ եմ այդպես կարծում։

― Հնարավոր է՝ քսան րոպեից, նայած ճանապարհներին, բայց այնտեղից եկող ճանապարհները լավն են։

― Շատ հավանական է։

― Ինչո՞ւ անծանոթն ինձ չասաց, ― բռնկվեց Մերին։

― Ինչի՞ մասին է խոսքը։

― Ինչո՞ւ ես չհարցրեցի։ ― Նա շփոթված ու զայրացած նայեց հորաքրոջը։ ― Ես նույնիսկ չհարցրեցի նրա վիճակի մասին, նույնիսկ չիմացա՝ կենդանի է, թե մեռած։

«Դե ինչ արած», ասաց Հաննան ինքն իրեն։ Նա նայեց ուղիղ Մերիի աչքերի մեջ ու ասաց․

― Մեզ միայն մի բան է մնում, սպասել ու տեսնել։

― Իհարկե, ― գոչեց Մերին զայրացած։ ― Բանն այն է, որ սպասելն է անտանելի։ ― Նա մի մեծ կում թեյ խմեց, որը խիստ այրեց կոկորդը, բայց ուշադրություն չդարձրեց և շարունակեց նայել հորաքրոջը։

Հաննան չգիտեր, թե ինչ ասի։

― Կներես, ― ասաց նա։ ― Դու միանգամայն ճիշտ ես։ Ես ինձ արդեն հավաքեցի, ամեն ինչ կարգին է։

― Ոչինչ, ― ասաց Հաննան ու երկուսն էլ լռեցին։

Հաննան լավ էր հասկանում, որ լռությունն ինքնին պետք է որ անտանելի լիներ Մերիի համար, և այն տեղիք էր տալու զանազան ենթադրությունների, որոնք նրան դնելու էին ավելի ծանր հոգեվիճակի մեջ։ Սակայն նա պետք է դուրս գար այդ վիճակից, և որքան շուտ, այնքան լավ։ Հաննան գտնում էր, որ ինքը պարտավոր է սփոփիչ խոսքեր ասել եղբոր աղջկան։ Եվ այն է, ուզում էր ինչ֊որ մխիթարական բան ասել նրան, երբ Մերին պոռթկաց․

― Օ՜, տեր աստված, ինչո՞ւ չհարցրեցի անծանոթին։ Ինչո՞ւ։ Մի՞թե չէի հետաքրքրվում նրանով։

― Այնքան հանկարծակի եղավ, ― ասաց Հաննան։ ― Դա մեծ հարված էր։

― Ինչ է, չէ՞ի կարող հարցնել, ճիշտ չէ՞։

― Ճիշտ է։ Դու կարծում էիր, որ գիտես։ Ինձ ասացիր, որ նրա գլուխն է վնասվել, գլուխը։

― Բայց ինչքա՞ն, ինչպե՞ս․․․

Երկուսս էլ գիտենք, մտածեց Հաննան։

― Բայց լավ է, որ ինքդ ասես։ Որովհետև պարզ չէր, թե ինչ էր պատահել, և դու էլ չանհանգստացար, ինչ արած, ― ասաց նա։

― Ոչ, ոչ։ Իրականում այդպես չեղավ։ Բանն այն է, որ կարծում էի գիտեմ, թե ինչ է պատահել Ջեյին։ Ես մտածում էի․․․ ինձ թվում էր, թե շատ կվախենայի, եթե անծանոթը միանգամից ասեր կատարվածի մասին։

Հաննան նայեց նրա աչքերի մեջ։ Համամիտ եմ քեզ հետ, ասաց նա ինքն իրեն։ Ասեմ այո, թող մտածի, որ ես էլ էի այդպես պատկերացնում․ Մերիի համար անտանելի կլինի, եթե ոչինչ չասեմ։ Քիչ առաջ, երբ Հաննան համարձակություն ունեցավ հարցնելու․ «Գիտե՞ս․ թե ինչու հայրդ ու մայրդ տանը մնացին», Մերին ընդհատեց նրան․

― Այո, ես էի նրանց ասել, որ տանը մնան։

― Ինչո՞ւ։

― Նրա համար, որ, եթե նրանք բոլորն այստեղ գային, վատ տպավորություն կթողներ․․․ մարդիկ կմտածեին, որ մահվան դեպք է։ Նման բան չպետք է արվի, քանի դեռ ոչինչ չգիտենք կատարվածի մասին։

― Ահա թե ինչու նրանք այստեղ չեկան։ Քո հայրն ասաց, որ դու կհասկանաս այդ։

― Իհարկե, հասկանում եմ։

Նրանք այլևս ոչ մի պատճառի մասին չխոսեցին։ Մերիի մոր խլությունը ստիպում էր, որ որևէ բան հասկացնելու համար լսափողով խոսեն հետը։

― Մենք չպետք է փորձենք որևէ ենթադրություն անել լավի կամ վատի վերաբերյալ, քանի դեռ ոչինչ չգիտենք կատարվածի մասին, ― ասաց Հաննան։

― Գիտեմ, հասկանում եմ, որ չպետք է․․․ Իրոք, անտանելի բան է, երբ անորոշության մեջ ես ու ստիպված ես սպասել։

― Շուտով կիմանանք։

Մերին նայեց ժամացույցին։

― Ամեն վայրկյան նրանք կարող են այստեղ լինել, ― ասաց նա։

Նա մի կում թեյ խմեց։

«Չեմ հասկանում, ինչո՞ւ անծանոթն ավելին չասաց, ― մտածեց Մերին։ ― Նա ասում էր, որ լուրջ դեպք է, ոչ շատ լուրջ։ Պարզապես լուրջ։ Թեև աստված գիտի, թե ինչքան լուրջ։ Բայց ինչո՞ւ չասաց»։

― Ինչպես հայրդ է ասում, նա կատարյալ ապուշ է, այդ այնքան պարզ է, ինչպես մեկ անգամ մեկը, ― ասաց հորաքույր Հաննան։

― Բայց դա շատ կարևոր բան է, և պետք է ասվեր, գոնե մեզ մի փոքր տեղյակ պահելու համար։ Նույնիսկ չիմացանք, նրան հիվանդանո՞ց են տանելու, թե տուն են բերելու․․․ Անծանոթը շտապ օգնության մասին էլ ոչինչ չասաց, գոնե այդ կերպ պարզ կլիներ։ Եվ իրոք, եթե նա վատը նկատի ունենար, ապա կարծում եմ, որ ուղղակիորեն կասեր, և մեզ չէր թողնի այսպիսի անորոշ վիճակի մեջ։ Հորաքույր Հաննա, գիտեմ որ իրավունք չունենք երկնային գործերով զբաղվելու՝ վատ լինի դա, թե լավ, բայց համոզված եմ, որ մենք լավը հուսալու պատճառներ ունենք։ Ինձ թվում է, եթե․․․

Հնչեց հեռախոսազանգը, որը երկուսին էլ մահու չափ վախեցրեց, որովհետև նման վիճակում երբեք չէին գտնվել։ Նրանք նայեցին իրար, տեղներից վեր կացան և ուղղվեցին հյուրասենյակ։

― Ես․․․, ― ասաց Մերին՝ թափահարելով աջ ձեռքը, կարծես Հաննային մնաս բարով էր ասում ընդմիշտ։

Հաննան տեղից չշարժվեց, խոնարհեց գլուխը, փակեց աչքերն ու խաչակնքեց երեսը։

Երկրորդ զանգից հետո Մերին վերցրեց լսափողը, բայց մի պահ չգիտեր, թե ինչ անի, խոսի՞, թե՞ չխոսի։

― Տեր իմ, օգնիր ինձ, ― շշնջաց նա։ ― Անդրկո՞ւ։

― Փո՞լ։

― Հայրիկ։ ― Սարսափն ու վախը համազոր էին Մերիի մեջ։ Քեզ որևէ բան հայտնի՞ է։

― Իսկ քե՞զ։

― Ոչ, ― պատասխանեց Մերին։ ― Անդրյուից տեղեկություն ունե՞ս։

― Ոչ։ Կարծում էի, որ դու կունենաս։

― Չունեմ։ Դեռ ոչինչ չգիտեմ։

― Ես քեզ վախեցրի։

― Ոչինչ հայրիկ։ Ամեն ինչ լավ է։

― Կներես Փոլ։ Ես չպետք է զանգահարեի։

― Մի անհանգստացիր։

― Մեզ տեղյակ պահիր, երբ որևէ բան իմանաս։

― Անպայման, հայրիկ։ Անմիջապես կզանգահարեմ։

― Գա՞նք այդտեղ։

― Աստված սիրես, ոչ, հայրիկ, ավելի լավ է սպասեք։ Բոլորովին հուզվելու կարիք չկա, քանի դեռ մեզ ոչինչ հայտնի չէ։ Ճիշտ չե՞մ ասում։

― Ճիշտ է աղջիկս։

― Բարևիր մայրիկին։

― Քեզ նույնպես բարևներ, իմ և մորդ կողմից։ Չմոռանաս զանգահարել։

― Չէ, չեմ մոռանա։ Ցտեսություն։

― Փո՛լ։

― Լսում եմ։

― Գիտես, թե դա որքան ծանր է ինձ համար։

― Գիտեմ, հայրիկ, անչափ շնորհակալ եմ։ Կարիք չկա ասելու։

― Երբեք չէի ասի, եթե ուզենայի էլ։ Նույնը կասեի նաև մորդ՝ Ջեյի ու քո մասին։ Հասկանո՞ւմ ես ինձ։

― Այո, հասկանում եմ, հայրիկ։ Ցտեսություն։

― Զանգահարողը հայրիկն էր, ― ասաց Մերին ու նստեց ծանր սրտով։

― Կարծեցի, թե Անդրյուն էր։

― Դե․․․ ― Մերին թեյ խմեց։ ― Անդրյուն խելագարվելու աստիճան վախեցնում է ինձ։

― Նրա մտքով չի անցնում, որ զանգահարի։ Կատարելապես հիմարացել է։

― Ես նրան չեմ մեղադրում։ Կարծում եմ, որ նրանց համար այնտեղ նստելն ավելի ծանր է, քան մեզ համար՝ տանը։

― Դրանում ես համոզված եմ, ― ասաց Հաննան։

― Հայրիկն էլ է շատ տանջվում։

― Գիտեմ, ― ասաց հորաքույրը։ ― Ուրախ եմ, որ դու հասկանում ես այդ։

― Իհարկե, հասկանում եմ ու գիտեմ, թե իրականում որքան շատ է նա մտածում Ջեյի մասին։

― Օ երկինք, հուսով եմ, որ դու էլ ես նրա մասին հոգում։

― Դե, երկար ժամանակ ես ու մաման ոչ մի հիմք չունեինք համոզվելու, որ հայրիկը սիրում է Ջեյին, ― վրա բերեց Մերին կորովով։

Մեկ րոպե լռելուց հետո շարունակեց․

― Դու և մաման գիտեիք այդ, հորաքույր Հաննա, թեև աշխատում էիք ցույց չտալ, բայց ես գիտեի՝ դուք էլ գիտեիք, որ ես գիտեմ։ Հիմա ամեն ինչ կարգին է։

Հաննան անթարթ նայում էր նրա աչքերի մեջ։

― Այո, դա ճիշտ է, Մերի։ Գոյություն ունեին անվստահություն ներշնչող ամեն տեսակի անհիմն կասկածներ, որոնց մասին դուք հետո իմացաք։

― Բավականին հիմքեր կային, ― ասաց Մերին։ ― Բայց դրանք ոչ մի բանով չէին օգնում մեզ։

― Մեզ նույնպես, ― ասաց Հաննան։ ― Հատկապես քեզ ու Ջեյին։ Հայրիկիդ ու մայրիկիդ նույնպես, ինչպես նաև նրանց, որոնք սիրում են ձեզ։

― Գիտեմ, գիտեմ, հորաքույր Հաննա։ Չեմ հասկանում, թե ինչու բռնեցի այս ընթացքը։ Գոհություն աստծուն, մեզնից ոչ մեկի համար այլևս դժգոհելու, հուզվելու կամ վշտանալու կարիք չկա ու չի էլ լինի երկար ժամանակ։ Հանուն ինչի ես շեղվեցի գործից։ Արի այլևս այդ մասին չխոսենք։

― Մի խոսք ևս, որովհետև համոզված չեմ, որ դու երբևիցե մտածել ես, թե հայրդ սկզբիցևեթ որքան շատ է սիրել Ջեյին։

Մերին կասկածամտորեն ու վիրավորված նայեց հորաքրոջը։ Նախքան խոսելը նա լավ մտածեց իր ասելիքի մասին։

― Գիտեմ։ Նա միշտ ասում էր ինձ, որ սիրում է Ջեյին։ Բայց ամեն անգամ ավելացնում էր, որ սխալ եմ արել՝ ամուսնանալով նրա հետ։ Երբ արդեն բավականին ժամանակ էր անցել, նա ավելի շատ սկսեց մտածել Ջեյի մասին։

― Հայրդ նրա կյանքի ընթացքի մասին է մտածում, ― վրա բերեց Հաննան։

― Բայց ոչ։ Երբեք չեմ համոզվի, որ նա սիրել կամ հարգել է Ջեյին և երբեք չեմ հավատա։ Կարծում եմ, որ դա նրա կողմից մի տեսակ կեղծավոր քայլ է։

― Քո հայրը կեղծավո՞ր է։

― Ոչ, ― ասաց Մերին քմծիծաղով։ ― Սովորաբար այդպիսին չէ։ Բայց ինչ կարող եմ մտածել, երբ նա մի կողմից Ջեյին երկինք է հանում, իսկ մի ուրիշ դեպքում նույն շնչով ասում, որ ես հիմարություն եմ արել՝ ամուսնանալով նրա հետ։ Նման դեպքում ի՞նչ կմտածեիր դու։ Չե՞ս տեսնում, որ դրանք հակասում են իրար։

Մի րոպե մտածելուց հետո նա շարունակեց․

― Չգիտեմ, հորաքույր Հաննա։ Չէ, բոլորովին չեմ հասկանում, թե ինչու․․․

― Դու գիտես, Մերի։

― Գիտե՞մ։

― Այո։ Դու գիտես Մերի, թե ինչքան շատ բան կա, որի համար քո հայրը․․․ մեր բոլոր անհաջողություններով հանդերձ․․․ բայց իմանալով այդ բոլորի մասին, դու չփոխեցիր կարծիքդ հորդ մասին։ Ճիշտ չե՞մ ասում։ Քեզ թվում է, թե կարող ես երկու բան միանգամից հասկանալ։

― Այո, դա ճիշտ է։

― Մերի, մենք պետք է ավելի շատ ճանաչենք այն, ինչը այնքան էլ լավ չէ, իսկ դու՝ այն, ինչը այնքան էլ վատ չէ։

Մերին քմծիծաղը դեմքին նայեց հորաքրոջը։

― Հիմա ինձ համար միևնույն է։ Երբ ամուսնացա միամիտ էի, ― ասաց նա։ ― Երբ տանը որևէ վեճ էր լինում, բոլորն էլ հայրիկին էին արդարացի համարում, թեև ես ավելի ճիշտ էի, քան նա։ Ճիշտ չե՞մ ասում։

«Ինձ մի հարցրու, աղջիկս, ինքդ ասա», ― մտածեց Հաննան։

― Իհարկե ճիշտ չես, ― ասաց նա։

Մի րոպե լուռ մնալուց հետո Մերին խոհեմաբար ու հպարտորեն ասաց․

― Հորաքույր Հաննա, վերջին այս մի քանի ամիսներին մենք մի տեսակ համաձայնության եկանք, որ․․․ Մերին սկսեց թափահարել գլուխը։ ― Ես այլևս չեմ ուզում այդ մասին խոսել։ ― Նրա ձայնը դողում էր հուզմունքից։ ― Հիմա ոչ ոք չի կարող բողոքել․․․ ― Նա կծեց շրթունքները, նորից թափահարեց գլուխը և աղմուկով խմեց թեյը։ ― Մեր խոսելու եղանակը, ― բռնկվեց նա, աշխատելով կուլ տալ թեյը, ― նման է ետմահու․․․

Նա դեմքը թաղեց ձեռքերի մեջ ու սկսեց հեկեկալ։ Հաննան արագ մոտեցավ նրան։

― Աստված օգնի Ջեյին, ― շշնջաց նա։ ― Աստված պահպանի նրան։

Որոշ ժամանակ անց, երբ Մերին նորից նայեց հորաքրոջը, Հաննան նկատեց, որ նրա աչքերը պարզվել էին, իսկ դեմքը զարմանք էր արտահայտում։

― Եթե նա մահանա, կամ, արդեն մահացել է, հորաքույր Հաննա, չգիտեմ, թե ինչ պետք է անեմ։ Պարզապես չգիտեմ, ― ասաց Մերին։

― Աստված քեզ օգնական, ― ասաց հորաքույրը և մոտենալով Մերիին, բռնեց ձեռքը։ ― Աստված պահպանի քեզ։

Մերիի դեմքը լարված էր, հուզմունքից աչքերը մթնել էին։

― Մերի, ինչ էլ որ պատահի, քեզ պետք է հանգիստ պահես։ Պարզապես չպետք է հուզվես ու վախենաս։

Մերին զսպեց լացը։

― Պետք է պատրաստ լինել ամեն մի դժբախտության, ― շարունակեց Հաննան։ ― Բայց մենք չպետք է մոռանանք, որ դեռ ստույգ ոչինչ չգիտենք Ջեյի մասին։

Հենց այդ պահին երկուսն էլ նայեցին ժամացույցին։

― Համոզված եմ, որ հիմա կզանգահարի, ― ասաց Մերին։ ― Վաղուց զանգահարած կլիներ, եթե Ջեյին դժբախտություն պատահած չլիներ ու․․․ Մերին բարձրաձայն ծիծաղեց։

― Վստահ եմ, որ հենց հիմա կզանգահարի, ― ասաց Հաննան։ «Վաղուց զանգահարած կլիներ, եթե Ջեյը ծանր չլիներ», ― մտածեց Հաննան։ Նա բռնեց Մերիի բռունցք արած ձեռքն ու բացեց։ Հետո զգալով, որ նման դեպքում գրեթե անհնարին է մխիթարել, ձեռքը նորից ետ քաշեց։ Այսպիսի դեպքերում, երբ մխիթարելու ավելի շատ կարիք կա, ավելի լավ է ոչինչ չասել։

Մերին լուռ էր։ Հաննան նույնպես։ Նա հասկանում էր, որ որևէ բան ասելը անմտություն է, և դրանից իրեն մի տեսակ շփոթված էր զգում։ «Վերջիվերջո, ի՞նչ կարելի է ասել նման դեպքում։ Ի՞նչ էական օգնություն կարող եմ ցույց տալ ես կամ մեկ ուրիշը»։

Հանկարծ նա իրեն այնքան հոգնած ու ծանրացած զգաց, որ ցանկացավ ճակատը հենել սեղանի եզրին։

― Ստիպված ենք սպասել, ― ասաց Մերին։

― Այո, ― հոգոց հանեց Հաննան։

«Լավ կլինի մի քիչ թեյ խմենք», ― մտածեց նա և խմեց։ Ջերմացած ու ավելի դառնացած՝ իրեն ավելի հոգնած զգաց։

Նրանք լուռ էին, գրեթե երկու րոպե ոչ մի բառ չէին փոխանակում։

― Մենք կարճ ժամանակով հանձնված ենք ժամանակի ողորմածությանը, ― կամացուկ ասաց Մերին, ― անտանելի է, երբ ստիպված ես սպասել։ Փորձենք պատրաստ լինել ու չվախենալ գալիք դեպքերից։

Մերին ուշադիր նայում էր իր դատարկ բաժակի մեջ, կարծես ինչ֊որ բան էր տեսել այնտեղ։

Հաննան անհարմար էր զգում որևէ բան ասել։

― Ինչ էլ որ լինի, արդեն եղել֊վերջացել է, ― ասաց Մերին ցածր ձայնով։

Նա խոսում էր ըստ էության, առանց զգացմունքների։ Կշտացել էր զգացմունքներ ունենալուց։ Հաննան համոզված էր, որ Մերին արդեն հասկացել է կատարվածը և խիզախորեն ընդունել այն։ Հիմա նրանք նայում էին իրար անթարթ աչքերով։

― Երեքից մեկը, ― ասաց Մերին մեղմ ձայնով։ ― Ջեյը կամ մարմնական ծանր վնասվածք է ստացել, բայց կապրի ու նույնիսկ ամբողջովին կլավանա, վատագույն դեպքում կդառնա անօգնական մի անդամալույծ կամ անաշխատունակ, իսկ ծայրահեղ դեպքում՝ թուլամիտ։

Հաննան ցանկանում էր, որ Մերին հեռուն տեսնի, թեև կարծում էր, որ այդ բանը նա անկարող է անել։

― Կամ էլ նա այնքան ծանր վնասվածք է ստացել, որ կմեռնի դրանից, հավանական է շատ շուտով, երկար տանջաքից հետո։ Իր վերջին շունչը կփչի ու կցանկանա իմանալ, թե որտեղ եմ ես, ինչու իր կողքին չեմ։

Մերին պրկեց շրթունքները, սեղմեց ատամներն ու շարունակեց․

― Կամ էլ՝ մահացած է եղել այն ժամանակ, երբ անծանոթը զանգահարեց ինձ, և խեղճ մարդը երևի չցանկացավ ինքը հայտնել այդ մասին։ Երեքից մեկը, կարևոր չէ, թե որը։ Աշխարհում չկա մի բան, որ կարողանա մազաչափ անգամ փոխել այն, ինչ կատարվել է, որքան էլ որ մենք ցանկանանք, հուսանք կամ աղոթենք։ Որովհետև ինչ եղել է, արդեն եղել է։ Եվ այն բոլորը, ինչ կա այստեղ, պետք է պատրաստ պահել, ինչ էլ որ լինի։ Ահա բոլորը։ Կարևորը դա է, որովհետև միակ հնարավորությունը այս է։ Ճիշտ չէ՞։

Մինչ Մերին խոսում էր, ձայնով, հայացքով, ամեն մի բառով Հաննային հիշեցնում էր, բացի մոռացված մի քանի ժամերից, երեսուն տարի առաջ ապրած իր կյանքը, որի պատճառած տառապանքները վերստին ամբողջովին համակեցին նրան, և նա վերհիշեց, թե ինչպես ինքը վարժվեց համբերությամբ տանել այդ ամենը։ Այժմ քո հերթն է, խեղճ երեխա, մտածեց Հաննան։

Նա գնալով ծերանում է, անցավ Հաննայի մտքով։ Այս մի քանի րոպեների ընթացքում Մերին ավելի էր ծերացել ու մոտեցել իր մահվանը, և Հաննան գոհ էր, որ նա դեռ կենդանի է։ Երբ յուրաքանչյուր նեղություն, իրենը լիներ, թե ուրիշինը, իր ամբողջ գոյությամբ ու տևողությամբ հաղթահարվում էր (հիշողությունները խուժում էին նրա գլուխը), Հաննայի սիրտը լցվում էր ուրախությամբ։ Հիմա նա հպարտանում էր Մերիով և ցանկանում էր գոռալ․ «Այո՛․․․ Այո՛, դա ճիշտ է։ Սկսիր հասկանալ։ Այժմ քո հերթն է։ Հորաքույրն ուզում էր հանգիստ բռնել եղբոր աղջկա ձեռքից, շրջել դեպի իրեն ու հիանալ նրա հասունացմամբ։ Նա ցանկանում էր գրկել Մերիին և հառաչանքով դիմել աստծուն՝ ի՞նչ է նշանակում գոյություն ունենալ։ Սակայն նա նախընտրեց լռել և լսել երիտասարդ կնոջ ձայնը, նայել նրա աչքերին, կլոր ճակատին՝ հասկանալու համար այն ամենը, ինչ կատարվում էր Մերիի հետ, մի բան, որ նրան հիշեցնում էր իր երիտասարդ տարիների կյանքը, և նրա հոգին լցնում հպարտությամբ։

― Ճիշտ չէ՞, ― կրկնեց Մերին։

― Ճիշտ է, նույնիսկ ավելի, ― ասաց Հաննան։

― Դու նկատի ունես աստծու ողորմածությո՞ւնը, ― հարցրեց Մերին մեղմորեն։

― Ոչ մի այդպիսի բան, ― պատասխանեց Հաննան կտրուկ։ ― Ինչ֊որ ես նկատի ունեմ, լավ կլինի, որ չասեմ։ «Ես ցնցեցի նրա հոգին ու խոցեցի նրա սիրտը, կարծես դեմ եմ խոսում աստծուն», և նորից անդրադարձավ իր ասելիքին։ ― Միայն նրա համար, որ ավելի լավ կլիներ՝ ինքդ իմանայիր, քո սեփական փորձով։ Միայն ինքդ։

― Ի՞նչը նկատի ունես։

― Ինչ որ մենք լսում ենք ու սովորում, Մերի, պարզ է, որ դժվար է, ողբերգականորեն ծանր։ Հիմա դու սկսում ես հասկանալ ու ճանաչել կյանքը։ Այժմվանից սկսած դու ավելին կիմանաս։ Իմ ցանկությունը հենց դա է, և սա միայն սկիզբն է։

― Ինչ էլ որ լինի, ես ուզում եմ արժանի լինել դրան, ― ասաց Մերին փայլող աչքերով։

― Շատ մի ձգտիր արժանի լինել դրան, Մերի։ Նման բանի մասին այդ ձևով մի մտածիր։ Պարզապես դիմացիր և թույլ մի տուր, որ արժանի լինելու հոգսը տիրի քեզ։ Այդ արդեն բավական է։

― Դեռ ինձ պատրաստ չեմ զգում, շատ քիչ ժամանակ կա պատրաստվելու համար։

― Ես չեմ կարծում, որ պետք է նախօրոք պատրաստվել․ դա փորձով զգալու բան է։

Հաննան զգում էր, որ նրա մեջ կար պատվախնդրության, հպարտության կամ բանաստեղծականության պես ինչ֊որ բան, որը շատ սխալ էր ու վտանգավոր։ Հաննան լրիվ համոզված չէր, թե ինչ էր մտածում Մերին և ինչու էր միշտ վիճում իր հետ, առարկում իրեն։ Թերևս այն պատճառով, որ նա շատ երիտասարդ էր ու անփորձ։ Խեղճ աղջիկ, նա դեռ կսովորի։

Եվ երբ Հաննան նայեց Մերիին, ցրվածության ու խոնարհության արտահայտություն նկատեց նրա դեմքին։

― Օհ, դեռ ոչ, ― շշնջաց Հաննան հուսահատորեն, ― դեռ ոչ։

Մերին մի փոքր ամաչելով ասաց․

― Հորաքույր Հաննա, կարո՞ղ ենք մի րոպեով ծնկի գալ։

Դեռ ոչ, ուզեց ասել հորաքույրը։ Կյանքում առաջին անգամ նա մտածեց, թե ինչքան սխալ կարող է օգտագործվել աղոթքը, բայց չգիտեր, թե ինչու։ Ինչ կարող եմ ասել, մտածեց նա գրեթե շփոթված։ Ես ինչպես կարող եմ դատել։

Հաննան երկար ժամանակ լուռ էր։ Մերին երկյուղած, ժպիտը դեմքին ու շփոթված նայում էր հորաքրոջը։ Վերջինս կարեկցելով նրան, ինքնավարանումով մոտեցավ սեղանին, և նրանք ծնկի եկան կողք֊կողքի։ «Մեզ կարող են տեսնել, ― մտածում էր Հաննան, որովհետև վարագույրները բաց են։ Դե հետո ինչ, թող տեսնեն, բարկացած ասաց նա ինքն իրեն»։

― Հորը և Որդուն և Հոգվույն սրբո, ամեն, ― ասաց Մերին մեղմ ձայնով։

― Ամեն, ― հետևեց նրան հորաքույրը։

Մի պահ լռեցին։ Լսվում էր ժամացույցի ձայնը, կրակի ճրթճրթոցն ու մեծ ամանի մեջ եռացող ջրի քլթքլթոցը։

«Աստված չկա», ― անցավ Հաննայի մտքով ու, վախեցած իր աստվածուրացությունից, խաչակնքեց երեսը։

― Օ՜, տեր իմ, ուժ տուր ինձ, որ կարողանամ կատարել քո կամքը, ինչ էլ որ պատահի, ― շշնջաց Մերին։

«Աստված լսում է նրան», ― մտածեց Հաննան։ ― Մեղա քեզ, տեր աստված, մեղա։

Ինչ իմանայի, թե երբ էր գալու նրա հեռանալու ժամը, Աստված, ներիր ինձ»։

Հաննան դեռ չէր կարողանում ազատ զգալ իրեն, նրա հավատարմության մեջ ինչ֊որ սխալ բան կար, որն անտանելիորեն ողորմելի էր ու անսահմանորեն վնասակար։ Նա նույնիսկ չէր կարողանում ազատվել դրանից ու ճանաչել իր էությունը։

Հանկարծ Հաննայի առջև բացվեց անեզր անդունդով վիհը և այնտեղից դուրս ժայթքեց հավիտենական խավարի կաթվածահար անող շունչը։ Բայց և այնպես նա չէր հավատում ոչ մի բանի։

― Հայր մեր, ― ասաց Հաննան ինքն իրեն տարօրինակ ձայնով և Մերին, անտեղյակ հորաքրոջ երկյուղին, միացավ նրան։ Աղոթքի ընթացքում Հաննան հետզհետե ավելի պարզ սկսեց լսել Մերիի երիտասարդ, ջերմ, անկեղծ, հավատով լի, սրտաբուխ ձայնը և, ասես աստծո գթությունն զգալով, մոռացավ իր սարսափելի հավատուրացությունը։

«Չարից մեզ ազատիր», ― կրկնեց Հաննան մտքում մի քանի անգամ, նախքան աղոթքը վերջացնելը։ Նրա մեջ եղած չարությունն ու գթասիրությունը դեռ շարունակում էին միմյանց հակադրվել։

Նրանք ոտքի ելան։

Ժամացույցի միալար չխկչխկոցից ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ հիմա, ուր֊որ է Անդրյուն կհասնի դեպքի վայր ու կզանգահարի, և նրանք գրեթե լուռ սպասում էին։ Աղոթքից մի փոքր անց, ի մխիթարություն իրենց, Մերին սկսեց շատախոսել այնպիսի բաների մասին, որոնք ոչ մի կապ չունեին տեղի ունեցածի հետ։ Նա նույնիսկ սկսեց կատակներ անել ու ծիծաղել, իհարկե, մի փոքր գրգռված։ Հաննան դա անհրաժեշտություն էր համարում (նման դեպքում միակ հնարավոր բանն է, որ մարդ կարող է անել), բայց այդ բոլորը շուտով մոռացվեց։ Այժմ նրանք անձայն նստել էին խոհանոցի սեղանի մոտ և թեյ էին խմում, չնայած բոլորովին դրա կարիքը չունեին։ Մերին թեյ պատրաստեց և երկուսով սկսեցին խոսել թեյի մասին։ Հետո Մերին գնաց թեյին խառնելու համար ջուր տաքացնելու։ Այդպիսի կարճատև խոսակցությունները միշտ վերջանում էին լռությամբ։ Մերին, «Ներեցեք ինձ» շշնջալով գնաց լողասենյակ։ Նա մի տեսակ իրեն բռնադատված ու ստորացված էր զգում, որ գիշերային այս ուշ ժամին ստիպված էր ենթարկվել բնական պահանջին։ Նրան թվում էր, թե ինքը նման է մի երեխայի, որին հարկադրաբար նստեցրել են գիշերանոթի վրա։ Դա այլանդակ ու գռեհիկ էր թվում նրան։ Հետո նա ձեռքերը մտցրեց լվացարանի սառը ջրի տակ ու հանկարծ հայելու մեջ նկատեց իր դալկացած ու համրացած դեմքը։ Այնուհետև, ի զարմանս իրեն, զգաց, որ այդ ամբողջ ժամանակ նայել էր հայելու մեջ։ Մենակ մնալով սենյակում, Հաննան մտածեց, որ բոլոր մարդիկ էլ անասուններ են։ Այդ հիմար, նվաստ ու անասնական պահանջներն են, որ առաջնորդում են նրանց, այնպես, ինչպես աղոթքը։ Եվ մինչ Մերին կվերադառնար, ազատվելով ավելորդ մտքերից ու զգացմունքներից, շշնջաց․ «Նա մահացել է, այլևս կասկածելու կարիք չկա» և սկսեց աղոթել ու խաչակնքել երեսը հանուն մեռածների։ Սակայն հիշելով, որ դեռ ոչինչ չգիտեն Ջեյի մասին, զգաց, որ ինչ վիճակում էլ որ Ջեյը լիներ, մեղք է գործում՝ աղոթելով հանուն նրա հոգու փրկության։

Մերին վերադարձավ սենյակ, կրակի վրա փայտ ավելացրեց, հետո նայեց կրակի վրա դրված մեծ ամանի մեջ և տեսնելով, որ ջուրը եռալուց կիսով չափ պակասել էր, ավելացրեց։ Նրանք այլևս ոչինչ չէին խոսում Ջեյի մասին, որովհետև յուրաքանչյուրը գիտեր, թե մյուսը ինչ է մտածում։ Մոտ տասը րոպե լուռ նստելուց հետո Մերին նայեց հորաքրոջը։ Վերջինս հայացքը հառել էր իրեն, և, նայելով նրա աչքերի մեջ, Մերին շատ հանգիստ ասաց․

― Ես շատ կուզենայի, որ նրա մասին տեղեկություն ստանայինք, որովհետև հիմա պատրաստ եմ դրան։

Հաննան գլխի շարժումով հավանության նշան արեց, զգալով, որ նա պատրաստ է։ «Ինչ լավ է, որ ես չեմ ուզում նույնիսկ ձեռքով հուզել նրան»։ Հորաքույրն ինչ֊որ փայլուն ու փառավոր բան զգաց Մերիի մեջ։ Նրա գլխում մի միտք ծագեց․ «Հիմա նա կարող է տանել վատագույնը, ինքնուրույն է հասել դրան, առանց իմ կամ նույնիսկ աստծու օգնության։ Օգնիր նրան, տեր»։

― Հասկանալի է, որ լուրերն այնքան էլ վատ չեն, որքան մենք ենք պատկերացնում։ Անդրյուն չափից ավելի շատ է ուրախացել, որպեսզի նեղություն կրի տուն զանգահարելու, քանի որ Ջեյին հիվանդանոցի փոխարեն ուղիղ տուն է բերում ի զարմանս մեզ։ Դա նրան բնորոշ գիծ է։ Եթե իրոք ամեն ինչ այդպես է, եթե Անդրյուի նման նրա գիտակցությունն էլ տեղն է և միասին ուղիղ այստեղ են գալիս մեզ բոլորիս զարմացնելու՝ դրանից բավականություն ստանալու համար, ապա չեն պատկերացնում, թե մենք ինչքան ենք վախեցել, ― շարունակեց Մերին։

Նրա փայլող աչքերից և ուրախ դեմքից թվում էր, թե հավատում է իր ասածին, գրեթե վստահ էր, որ մի քանի րոպեից հետո ամեն ինչ կլինի հենց իր ասած ձևով։

― Դա հավանական բան է, պարզապես՝ միլիոնից մեկ հնարավորություն։ Եվ քանի որ կա այդպիսի հնարավորություն, և մենք էլ ոչինչ չգիտենք եղածի մասին, հույսս չեմ կտրում։ Հորաքույր Հաննա, քանի դեռ ստույգ չգիտեմ, որ նա մահացել է, չեմ խոսի այդ մասին,― ասաց Մերին առանց տատանվելու։

― Իհարկե, չպետք է հույսդ կորցնես։

― Գրեթե համոզված եմ, որ Ջեյը կենդանի է, ― ասաց նա ու նայեց հորաքրոջը, նկատելով, որ վերջինս ամբողջ ժամանակ իրեն է նայում։ Մերին մոռացավ ասելիքը, հետո հիշեց ու սպասեց, մինչև միտքը պարզվի ու նոր միայն ասաց․

― Իմ կարծիքով ամենահավանականն այն է, որ Ջեյը մահացած է եղել այն ժամանակ, երբ անծանոթը զանգահարեց։ Նա չուզեց ասել, որի համար չեմ մեղադրում նրան և անչափ շնորհակալ եմ, որ չասաց։ Այդ մասին ինձ պետք է հայտներ մի մոտ ազգական, Ջեյի կամ իմ ազգականներից մեկը։ Ենթադրում եմ, որ Անդրյուն տեղյակ էր արդեն, երբ այստեղից գնաց, նա չուզեց մեզ վատ դրության մեջ թողնել։ Ասաց, որ կզանգահարի, բայց, երբ․․․ երբ տեսավ Ջեյին, զգաց, որ իր ուժերից վեր է ու չկարողացավ զանգահարել, գիտենալով, որ դա մեծ հարված կլիներ ինձ համար։ Ահա թե ինչու չզանգահարեց։ Նա երևի ցանկանում էր այդ ծանր պահին ինձ հետ լինել։ Եվ դա ճիշտ է։ Նման դեպքում ես էլ այդպես կանեի։ Ես ուզում եմ ուղղակի նրա շուրթերից լսել Ջեյի մասին, և ինչ նա արեց․․․ ինչ նա անում է, դա․․․

Հորաքույրը նկատեց, որ հիմա ուր֊որ է Մերին կփղձկա, և դժվար թե զսպի իրեն, եթե փորձի մխիթարել։ Նա սրտի կսկիծով մի կերպ զսպեց իրեն։ Մի րոպե հետո մերին հանգիստ ու իրեն տիրապետելով շարունակեց․

― Երևի հիմա Անդրյուն զբաղված է խեղճ Ջեյի դիակը տեղափոխելու գործով և թաղումը կազմակերպող մարդկանց հետ շուտով այստեղ կգա, որպեսզի պատմի Ջեյի հետ տեղի ունեցած դժբախտության մասին։

Հաննան շարունակում էր նայել նրա գեղեցիկ ու միշտ հետաքրքրասեր, փայլող աչքերին․ նա զգում էր, որ ինքն ի վիճակի չէ խոսելու և Մերիի ասածները հաստատում էր գլխի կտրուկ ու արագ շարժումով, կարծես հաշմանդամ լիներ։ Քիչ անց նա դադարեց գլխով հավանության նշան անելուց։

― Ահա թե ինչ եմ մտածում, ― ասաց Մերին, ― և ինչի եմ պատրաստ։ Սակայն այդ մասին չեմ ուզում խոսել, քանի դեռ չեմ համոզվել, որ նա մահացել է։

Նրանք շարունակում էին իրար աչքերի մեջ նայել։ Հաննայի աչքերը վառվում էին․ զգում էր, որ չպետք է թարթի աչքերը, երբ մի քանի րոպե չանցած լսեց երիտասարդ կնոջ սրտից դուրս թռած հառաչանքի ձայնը․

― Օ, տեր իմ աստված, աղաչում եմ քեզ, որ նա չմահանա։ ― Հաննան իր հերթին շշունջով կրկնեց՝ «Ես էլ», և նորից լռեցին, իմանալով քիչ ու տեսնելով միայն մեկը մյուսի թախծոտ աչքերը։ Նրանք այդ վիճակում էին, երբ լսեցին գավիթ մտնող մարդու ոտնաձայներ։ Հաննան ետ նայեց, իսկ Մերին խորը շունչ քաշեց։ Նրանք մի կողմ հրեցին իրենց աթոռներն ու շտապ մոտեցան դռանը։

Անդրյուն նեղություն չէր կրել դուռը բախելու, նա բացել էր այն, անձայն ներս մտել և խոհանոցի մոտ տեսնելով նրանց ստվերները, գնացել էր հյուրասենյակ։ Կանայք մութ միջանցքում չէին կարողանում տեսնել նրա դեմքը, բայց հաստատուն ու կանոնավոր քայլվածքը հուշում էր, որ անցնողը Անդրյուն է։ Մերին ու հորաքույր Հաննան փոխանակ դահլիճ գնալու, կանգնել էին միջանցքում։ Քիչ հետո նրանք ճանապարհ տվին, որ Անդրյուն անցնի խոհանոց։ Նա ոչ մի վայրկյան կանգ չառավ, շուրթերը սեղմած, լուռ և առանց աչքերը թարթելու ուղիղ գնաց խոհանոց, մոտեցավ հորաքրոջը և այնպես ամուր գրկեց, որ նա տնքաց։ «Մերի՛», շշնջաց Հաննան Անդրյուի ականջի մոտ։ Անդրյուն նկատեց քրոջը․ Մերին կանգնել ու իրեն էր նայում զարմացած երեխայի պես, որն ուր֊որ է լաց կլինի, և կարծես ցանկանում էր ասել՝ «Օ՛, ինձ մի տանջեք»։ Մինչ Անդրյուն որևէ բան կխոսեր, Մերին քնքուշ ու նուրբ ձայնով ասաց․

― Անդրյու, նա մահացել է, չէ՜։ ― Եղբայրը լուռ գլխով արեց։ Հանկարծ Անդրյուն նկատեց, որ երկար ժամանակ է, ինչ ինքը ամուր գրկել էր հորաքրոջը՝ ցավ պատճառելով նրան։ Այդ պահին քույրը ցածր ու գերբնական ձայնով հարցրեց․

― Երբ այնտեղ հասար, մահացե՞լ էր։

Անդրյուն նորից գլխի շարժումով պատասխանեց և, թողնելով հորաքրոջը, շրջվեց դեպի քույրը, բռնեց ուսերից ու ավելի բարձրաձայն, քան կցանկանար, ասաց․

― Այո։ Մահացել էր անմիջապես։

Նա համբուրեց Մերիին, և նրանք առանց արտասվելու գրկախառնվեցին։ Հետո Անդրյուն բուռն հեծկլտաց և, դեմքը հպելով քրոջ այտին, նրա կորացած ուսի վրայով ու արձակված մազերի միջով նայեց հատակին գցված փայլուն լինոլեումին։