Տրամաբանա-փիլիսոփայական տրակտատ (Tractatus logico-philosophicus)
հեղինակ՝ Իմմանուել Կանտ |
Տրամաբանա-փիլիսոփայական տրակտատ
(հատվածներ)
1 Աշխարհն այն ամենն է, ինչ տեղի է ունենում:
1.1 Աշխարհը փաստերի ամբողջությունն է, ոչ իրերի:
1.11 Աշխարհը որոշարկված է փաստերով և նրանով, որ դրանք բոլորը փաստեր են:
1.12 Քանի որ փաստերի ամբողջությունը որոշարկում է այն, ինչը տեղի է ունենում, ինչպես նաև ամեն բան, որ տեղի չի ունենում:
1.13 Աշխարհը փաստերն են տրամաբանական տարածության մեջ:
1.2 Աշխարհը տարբաժանվում է փաստերի:
1.21 Մի բան կարող է տեղի ունենալ կամ տեղի չունենալ, իսկ մնացած ամեն բան կմնա նույնը:
2 Տեղի ունեցողը` փաստը, իրադարձությունների գոյություն է:
2.01 Իրադարձությունը առարկաների (բաների, իրերի) կապն է:
2.11 Իրի համար էական է, որ այն կարող է լինել որևէ իրադարձության բաղադրիչ մաս:
2.12 Տրամաբանության մեջ պատահական ոչինչ չկա. եթե իրը կարող է հանդիպել որևէ իրադարձության մեջ, ապա իրադարձությանհնարավորությունն արդեն պետք է դրված լինի իրի մեջ:
2.0121 Պատահականություն կթվար, եթե իրը, որ կարող էր գոյություն ունենալ ինքնըստինքյան, հետագայում մտներ որևէ իրադրության մեջ:
Եթե իրերը կարող են մտնել իրադարձությունների մեջ, ապա դա պետք է ներդրված լինի նրանց մեջ:
(Տրամաբանականը չի կարող միայն հնարավոր լինել: Տրամաբանությունը գործ ունի բոլոր հնարավորությունների հետ, և բոլոր հնարավորությունները իր փաստերն են:)
Այնպես, ինչպես մենք չենք կարող տարածական առարկաներն ընդհանրապես մտածել տարածությունից դուրս, ժամանակայինները` ժամանակից դուրս, այդպես էլ չենք կարող ոչ մի առարկա մտածել ուրիշի հետ կապի մեջ լինելու հնարավորությունից դուրս:
Եթե ես կարող եմ մտածել առարկան իրադարձության համատեքստում, ապա չեմ կարող մտածել այն այդ համատեքստի հնարավորությունից դուրս:
2.0122 Իրը ինքնուրույն է, քանի որ կարող է հանդես գալ բոլոր հնարավոր իրադրությունների մեջ, սակայն ինքնուրույնության այս ձևը կապի ձև էիրադարձության հետ, անինքնուրույնության մի ձև: (Անհնար է, որ բառերը հանդես գան երկու տարբեր եղանակներով` առանձին և նախադասությանմեջ:)
2.0123 Եթե ես գիտեմ առարկան, ապա գիտեմ նաև իրադարձության մեջ նրա հանդես գալու բոլոր հնարավորությունները: (Յուրաքանչյուր այդպիսի հնարավորություն պետք է դրված լինի առարկայի բնության մեջ:)
Հետին թվով անկարելի է գտնել նոր հնարավորություն:
2.01231 Առարկան գիտենալու համար ես չպետք է իմանամ նրա արտաքին հատկությունները, սակայն պետք է իմանամ նրա բոլոր ներքինհատկությունները:
2.0124 Եթե բոլոր առարկաները տրված են, ապա դրանով տրված են նաև բոլոր հնարավոր իրադարձությունները:
2.13 Յուրաքանչյուր իր գոյություն ունի ասես հնարավոր իրադարձությունների տարածության մեջ: Այդ տարածությունը ես կարող եմ մտածել որպեսդատարկ, բայց չեմ կարող իրը մտածել առանց տարածության:
2.0131 Տարածական առարկան պետք է գտնվի անվերջ տարածության մեջ: (Տարածական կետը արգումենտի տեղն է:)
Բիծը տեսադաշտում (անհրաժեշտաբար) չպետք է լինի կարմիր, սակայն այն պետք է գույն ունենա: Այն, այսպես ասած, ներառված է գունային տարածության մեջ: Տոնը պետք է որոշակի բարձրություն ունենա, շոշափելիքի զգայության առարկան` որոշակի կարծրություն, և այլն:
2.14 Առարկաները բովանդակում են բոլոր իրադրությունների հնարավորությունը:
2.0141 Առարկայի հանդես գալու հնարավորությունը իրադարձության մեջ առարկայի ձևն է:
2.02 Առարկան պարզ է:
2.0201 Յուրաքանչյուր պնդում կոմպլեքսների մասին տարրալուծելի է դրանց տարրերի մասին պնդումների և նախադասությունների, որոնք նկարագրումեն այդ կոմպլեքսներն սպառիչ կերպով:
2.021 Առարկաները կազմում են աշխարհի սուբստանցը: Ահա ինչու դրանք չեն կարող լինել բաղադրյալ:
2.0211 Եթե աշխարհը չունենար սուբստանց, ապա նախադասության իմաստ ունենալը կամ չունենալը կախված կլիներ մեկ այլ նախադասության ճշմարտացի լինելուց:
2.0212 Այդ դեպքում անհնար կլիներ կազմել աշխարհի պատկեր (ճշմարիտ կամ կեղծ):
2.022 Ակնհայտ է, որ իրական աշխարհից դեռ այդքան տարբեր մտածված աշխարհը նույնպես պետք է դրա հետ ունենա ընդհանուր ինչ-որ բան` ձև:
2.023 Այս կայուն ձևն էլ կազմված է հենց առարկաներից:
2.0231 Աշխարհի սուբստանցը կարող է որոշարկել միայն ձևը և ոչ մատերիական հատկությունները: Քանի որ դրանք ներկայացվում են միայն նախադասություններով,– կազմվում են առարկաների կոնֆիգուրացիաների միջոցով:
2.0232 Ի դեպ, առարկաներն անգույն են:
2.0233 Տրամաբանական միևնույն ձևն ունեցող երկու առարկաները, անկախ իրենց արտաքին հատկություններից, տարբերվում են իրարից միայն նրանով, որ տարբեր են:
2.02331 Կամ իրը ունի հատկություններ, որոնք չունի ոչ մի ուրիշ իր, և այդ դեպքում այն կարելի է առանց այլևայլության առանձնացնել այլ իրերից նկարագրության միջոցով և հղում անել նրան, կամ կան շատ իրեր ընդհանուր հատկություններով, և այդ դեպքում ընդհանրապես անհնար է ցույց տալ նրանցից մեկը:
Չէ՞ որ, եթե իրը ոչնչով չի առանձնանում, այն հնարավոր չէ առանձնացնել, այլապես այն արդեն առանձնացած կլիներ:
2.024 Սուբստանցն այն է, ինչը գոյում է անկախ տեղի ունեցողից:
2.025 Սուբստանցը ձև և բովանդակություն է:
2.0251 Տարածությունը, ժամանակը և գույնը (գունավորությունը) առարկաների ձևերն են:
2.026 Միայն առարկաների առկայությամբ կարող է լինել աշխարհի կայուն ձև:
2.027 Կայունը, առկան և առարկան մեկ են:
2.0271 Առարկան կայունն է, առկան. կոնֆիգուրացիան փոփոխականն է, անկայունը:
2.0272 Առարկաների կոնֆիգուրացիան կազմում է իրադարձություն:
2.03 Իրադարձության մեջ առարկաները կապված են իրար, ինչպես շղթայի օղակները:
2.031 Իրադարձության մեջ առարկաները հարաբերվում են միմյանց հետ որոշակի ձևով ու եղանակով:
2.032 Ձևը և եղանակը, որով առարկաները կապված են իրադարձության մեջ, իրադարձության կառուցվածքն են:
2.033 Փաստի կառուցվածքը կազմվում է իրադարձության կառուցվածքներից:
2.04 Առկա իրադարձությունների համակցությունն աշխարհն է:
2.05 Առկա իրադարձությունների համակցությունը որոշարկում է նաև այն, թե որ իրադարձությունները չկան:
2.06 Իրադարձությունների լինելն ու չլինելը իրականությունն է: (Իրադարձությունների լինելը մենք անվանում ենք նաև պոզիտիվ փաստ, իսկ չլինելը` նեգատիվ փաստ:)
2.061 Իրադարձությունները կախված են մեկը մյուսից:
2.062 Որևէ իրադարձության լինելուց կամ չլինելուց չի կարելի եզրակացնել մեկ այլ իրադարձության լինելու կամ չլինելու մասին:
2.063 Ամբողջ իրականությունը աշխարհն է:
2.1 Մենք կազմում ենք փաստերի պատկերներ:
2.11 Պատկերը ներկայացնում է իրադրությունը տրամաբանական տարածության մեջ, ներկայացնում է իրադարձությունների լինելը և չլինելը:
2.12 Պատկերը իրականության մոդելն է:
2.13 Առարկաներին պատկերի մեջ համապատասխանում են պատկերի տարրերը:
2.131 Առարկաները ներկայանում են պատկերիմեջ որպես պատկերի տարրեր:
2.14 Պատկերը կազմված է այնպես, որ իր տարրերը հարաբերվում են միմյանց հետ որոշակի ձևով ու եղանակով:
2.141 Պատկերը փաստ է:
2.15 Որ պատկերի տարրերը հարաբերվում են միմյանց հետ որոշակի ձևով ու եղանակով, պատկերացում է, ըստ որի իրերը այսպես են հարաբերվում միմյանց հետ:
Պատկերի տարրերի այս կապը թող կոչվի դրա կառուցվածք, իսկ այդ կառուցվածքի հնարավորությունը` պատկերման ձև:
2.151 Պատկերման ձևը այն բանի հնարավորությունն է, որ իրերը հարաբերվում են միմյանց հետ այնպես, ինչպես պատկերի տարրերը:
2.1511 Պատկերն այսպես է կապված իրականությանը. այն հասնում է վերջինիս:
2.1512 Պատկերը կարծես չափիչ լինի իրականության համար:
2.15121 Չափող սանդղակի միայն ծայրագույն նիշերն են շոշափում չափվող առարկան:
2.1513 Այս ըմբռնման համաձայն պատկերին հատուկ է պատկերավոր հարաբերությունը, որը պատկեր է դարձնում վերջինս:
2.1514 Պատկերավոր հարաբերությունը կազմված է պատկերի տարրերի և իրերի զուգակցումներից:
2.1515 Այդ զուգակցումները ասես պատկերի տարրերի բեղիկներն են, որոնց օգնությամբ պատկերը առնչվում է իրականությանը:
2.16 Պատկեր լինելու համար փաստը պետք է պատկերվածի հետ ընդհանուր ինչ-որ բան ունենա:
2.161 Պատկերի և պատկերվածի մեջ պիտի նույնական ինչ-որ բան լինի, որպեսզի պատկերն ընդհանրապես պատկերվածի պատկերը լինի:
2.17 Այն, ինչը ընդհանուր պիտի լինի պատկերի մեջ իրականության հետ, որպեսզի այն կարողանա իր ձևով ու եղանակով ճիշտ կամ սխալ պատկերել իրականությունը, իր պատկերման եղանակն է:
2.171 Պատկերը կարող է պատկերել ցանկացած իրականություն, որի ձևն ունի: Տարածական պատկերը հանդիսանում է ամեն տարածականը, գունային պատկերը` ամեն գունայինը:
2.172 Պատկերման իր ձևը, սակայն, պատկերը չի կարող պատկերել, այն ցույց է տալիս դա:
2.173 Պատկերը պատկերում է իր օբյեկտը արտաքուստ (իր դիտակետը իր պատկերման ձևն է), ահա ինչու իր օբյեկտը վերջինս ներկայացնում է ճիշտ կամ սխալ:
2.174 Սակայն պատկերը չի կարող դուրս գտնվել պատկերման իր ձևից:
2.18 Այն, ինչ յուրաքանչյուր պատկերի դեպքում, անկախ նրա ձևից, ընդհանուր պիտի լինի իրականության հետ, որպեսզի վերջինս կարողանաընդհանրապես, ճիշտ կամ սխալ պատկերել այն, տրամաբանական ձևն է, այսինքն` իրականության ձևը:
2.181 Եթե պատկերման ձևը տրամաբանական է, ապա պատկերը կոչվում է տրամաբանական պատկեր:
2.182 Յուրաքանչյուր պատկեր նաև տրամաբանական պատկեր է: (Մինչդեռ ամեն պատկեր չէ, որ, օրինակ` տարածական է):
2.19 Տրամաբանական պատկերը ընդունակ է պատկերել աշխարհը:
2.2 Պատկերվածի հետ պատկերի մոտ ընդհանուր է պատկերման տրամաբանական եղանակը:
2.201 Պատկերը պատկերում է իրականությունը` ներկայացնելով իրադարձության գոյության կամ չգոյության հնարավորությունը:
2.202 Պատկերը ներկայացնում է որևէ հնարավոր իրադրություն տրամաբանական տարածության մեջ:
2.203 Պատկերը բովանդակում է հնարավորությունն այն իրադրության, որը պատկերում է:
2.21 Պատկերը համապատասխանում կամ չի համապատասխանում իրականությանը, ճիշտ է կամ սխալ, ճշմարիտ է կամ կեղծ:
2.22 Պատկերը պատկերման ձևի միջոցով ներկայացնում է այն, ինչ ներկայացնում է` անկախ այն բանից ճշմարիտ է, թե կեղծ:
2.221 Այն, ինչ ներկայացնում է պատկերը, իր իմաստն է:
2.222 Իրականության հետ իր իմաստի համապատասխանության կամ անհամապատասխանության մեջ իր ճշմարտությունն է կամ կեղծությունը:
2.223 Իմանալու համար, ճշմարիտ, թե կեղծ է արդյոք պատկերը, մենք պետք է համեմատենք այն իրականության հետ:
2.224 Միայն պատկերի հիման վրա հնարավոր չէ իմանալ` ճշմարիտ է այն արդյոք, թե ոչ:
2.225 A priori ճշմարիտ պատկեր գոյություն չունի:
3 Փաստերի տրամաբանական պատկերը միտքն է:
3.001 «Իրադարձությունը մտածելի է» նշանակում է. «Մենք կարող ենք նրա մասին պատկեր կազմել»:
3.01 Ճշմարիտ մտքերի ամբողջությունը աշխարհի պատկեր է:
3.02 Միտքը բովանդակում է իր մտածած իրադրության հնարավորությունը: Այն, ինչ մտածելի է, նաև հնարավոր է:
3.03 Մենք չենք կարող մտածել անտրամաբանական ոչ մի բան, քանի որ հակառակ դեպքում պիտի մտածեինք անտրամաբանորեն:
3.031 Մի ժամանակ ասում էին, որ Աստված կարող էր ստեղծել ամեն ինչ, բացի նրանից, ինչը հակառակ կլիներ տրամաբանական օրենքներին: – Մենք չենք կարող ասել, թե ինչ տեսք ունի «անտրամաբանական» աշխարհը:
3.032 Լեզվում ներկայացնել «տրամաբանությանը հակասող» մի բան նույնքան անկա րելի է, որքան երկրաչափության մեջ ներկայացնել տարածությանօրենքներին հակասող ֆիգուր դրա կոորդինատների միջոցով, կամ ցույց տալ գոյություն չունեցող կետի կոորդինատները:
3.0321 Միանգամայն հնարավոր է տարածականորեն պատկերել ֆիզիկայի օրենքներին հակասող որևէ իրադարձություն, բայց ոչ երկրաչափության օրենքներին հակասող իրադարձություն…
3.22 Անունը նախադասության մեջ ներկայացնում է առարկան:
3.221 Առարկաները կարելի է միայն անվանել: Նշանները ներկայացնում են դրանք: Կարելի է միայն խոսել դրանց մասին, բայց ոչ արտաբերել (aussprechen) դրանք: Նախադասությունը կարող է միայն ասել, թե ինչպես կա իրը, բայց ոչ թե ինչ է իրը:
3.23 Պարզ նշանի պահանջը իմաստի որոշակիության պահանջ է:
3.24 Նախադասությունը, որը գործ ունի կոմպլեքսի հետ, ներքին հարաբերության մեջ է նախադասության հետ, որի մեջ խոսքն այդ կոմպլեքսի բաղադրիչ մասի մասին է: Կոմպլեքսը կարող է տրվել միայն իր նկարագրության միջոցով, որը կարող է համապատասխանել կամ չհամապատասխանել նրան: Նախադասությունը, որի մեջ խոսքը կոմպլեքսի մասին է, այդ կոմպլեքսի չգոյության դեպքում կլինի ոչ թե անիմաստ, այլ կեղծ:
Որ նախադասության տարրը նշում է կոմպլեքս, կարելի է հասկանալ անորոշությունից նախադասության, որում այն հանդիպում է: Մենք գիտենք, որ այդ նախադասությամբ դեռ որոշարկված չէ ամենը: (Չէ՞ որ համընդհանրության նշանակումը բովանդակում է նախատիպ:)
Կոմպլեքսի սիմվոլի սեղմումը պարզ սիմվոլի մեջ կարող է արտահայտվել սահմանման միջոցով:
3.25 Գոյություն ունի նախադասության մեկ ու միայն մեկ վերլուծություն:
3.251 Իր արտահայտածը նախադասությունը արտահայտում է որոշակի, հստակ կարգաբերված եղանակով: Նախադասությունը հոդավորված է (artikuliert):
3.26 Անունը ոչ մի սահմանման շնորհիվ չի տարրալուծվում. այն նախնական նշան է:
3.261 Ամեն սահմանվող նշան նշում է նշանների միջով, որոնցով այն որոշարկվում է, իսկ սահմանումները ցույց են տալիս այդ ճանապարհը:
Երկու նշաններ` նախնականը և նախնականի միջոցով որոշարկվողը, չեն կարող նշել միևնույն եղանակով: Անունները չեն կարող պարզաբանվելսահմանումներով: (Նմանապես և ոչ մի նշան, որ մեկուսի է, չունի ինքնուրույն նշանակություն:)
3.262 Այն, ինչը չի կարելի արտահայտել նշանով, ցույց է տալիս նշանի կիրառությունը:
Այն, ինչ կուլ են տալիս նշանները, արտահայտում է նրանց գործածությունը:
3.263 Նախնական նշանների նշանակությունները կարող են բացատրվել պարզաբանումների միջոցով: Պարզաբանումները այդ նախնական նշանները բովանդակող նախադասություններ են: Հետևաբար դրանք կարող են հասկացվել միայն, եթե այդ նշանների նշանակությունները ար դեն հայտնի են:
3.3 Միայն նախադասությունն ունի իմաստ. միայն նախադասության համատեքստում է անունը ստանում իմաստ:
3.31 Նախադասության յուրաքանչյուր մաս, որ բնորոշում է դրա իմաստը, ես անվանում եմ արտահայտություն (սիմվոլ): (Նախադասությունն ինքըարտահայտություն է:)
Արտահայտությունը նախադասության իմաստի համար այն ամեն էականն է, որ կարող են միմյանց հետ ընդհանուր ունենալ նախադասությունները:
Արտահայտությունը տարբերանշում է ձևը և բովանդակությունը:
3.311 Արտահայտությունը ենթադրում է նախադասությունների այն բոլոր ձևերը, որոնց մեջ կարող է մտնել: Այն նախադասությունների որոշակի դասի ընդհանուր բնորոշ ցուցանիշն է:
3.312 Ուստի արտահայտությունը ներկայացվում է նախադասությունների ընդհանուրձևի միջոցով:
Ընդ որում, այս ձևի մեջ արտահայտությունը հաստատուն է, իսկ մնացյալ ամեն բան` փոփոխական:
3.313 Այնպես որ, արտահայտությունը ներկայացվում է փոփոխականի միջոցով, որի արժեքները արտահայտությունը բովանդակող նախադասություններն են:
(Սահմանային դեպքում փոփոխականը դառնում է հաստատուն, արտահայտությունը` նախադասություն:)
Ես կոչում եմ այսպիսի փոփոխականը «նախադասության փոփոխական»:
3.314 Արտահայտությունը նշանակություն ունի միայն նախադասության մեջ: Յուրաքանչյուր փոփոխական կարելի է ըմբռնել որպես նախադասության փոփոխական:
(Նաև փոփոխական անունը:)
3.315 Որևէ նախադասության բաղադրիչ մասը փոփոխականի վերածելը տալիս է նախադասությունների դաս, որոնք միասին կազմում են այդպես առաջացած փոփոխական նախադասության արժեքները:
Այդ դասը ընդհանուր առմամբ կախված է նրանից, թե ինչ արժեքներ ենք մենք կամայականորեն վերագրում այդ նախադասության մասերին: Բոլոր նշանները փոփոխականների վերածելու դեպքում, որոնց նշանակությունները որոշարկված են կամայականորեն, այդպիսի դասը նույնպես կպահպանվի: Սակայն այդ դասը կախված է արդեն ոչ թե մեր համաձայնությունից, այլ նախադասության բնույթից: Այն համապատասխանում է տրամաբանական ձևին, տրամաբանական նախատիպին:
3.316 Թե ինչ արժեքներ պիտի ընդունի նախադասության փոփոխականը, նախապես հաստատված է:
Արժեքների հաստատումը փոփոխականն է:
3.317 Նախադասության փոփոխականի արժեքների հաստատումը նախադասությունների նշումն է, որոնց ընդհանուր ցուցանիշը փոփոխականն է:
Հաստատումը այդ նախադասությունների նկարագրությունն է:
Հաստատումը, ուրեմն, գործ ունի միայն սիմվոլների հետ, բայց ոչ դրանց նշանակության:
Եվ հաստատման համար էական է միայն, որ այն սոսկ սիմվոլների նկարագրություն է և չի ասում ոչինչ նշանակյալի մասին:
Թե ինչպես է տեղի ունենում նախադասությունների այդ նկարագրությունը, անէական է:
3.318 Նախադասությունը ես, ինչպես Ռասսելը և Ֆրեգեն, հասկանում եմ որպես նրանում բովանդակված արտահայտությունների ֆունկցիա:
3.32 Նշանը սիմվոլի մեջ զգայականորեն ընկալելին է:
3.321 Հետևաբար երկու տարբեր սիմվոլները կարող են ունենալ ընդհանուր նշան (գրավոր կամ ձայնային և այլն). այդ դեպքում նրանք նշանակում են տարբեր ձևով:
3.322 Երկու առարկաներ միևնույն նշանով նշանակելը նշանակման տարբեր եղանակներով չի կարող ցույց տալ այդ առարկանե րի ընդհանուր հատկանիշը: Չէ՞ որ նշանը կամայական է: Հետևաբար կարելի էր ընտրել նաև տարբեր նշաններ, այդ դեպքում ո՞ւր կմնար նշանակման մեջ եղածընդհանուրը:
3.323 Առօրյա լեզվում հաճախ է պատահում, որ միևնույն բառը նշանակում է տարբեր ձևով,– այսինքն` պատկանում է տարբեր սիմվոլների,– կամ էլ երկու բառեր, որոնք նշանակում են տարբեր ձևով, արտաքուստ նախադասության մեջ գործածվում են նույն ձևով:
Այսպես, «է»բառը հանդես է գալիս որպես կապ, որպես նույնության նշան և որպես գոյության արտահայտություն. «գոյել» բառը գործածվում է ինչպես «գնալ» անանցողական բայը. «նույնականը»` որպես ածական. մենք խոսում ենք ինչ-որ բանի (Etwas) մասին, բայց նաև այն մասին, որ ինչ-որ բան (etwas) տեղի է ունենում:
(«Կանաչը կանաչ է» նախադասության մեջ, որտեղ առաջին բառը հատուկ անուն է, իսկ երկրորդը` ածական, այդ բառերը ոչ միայն տարբեր նշանակություն, այլև տարբեր սիմվոլներ ունեն:)
3.324 Այսպես հեշտությամբ գոյանում են ամենաֆունդամենտալ փոխարինումները (որոնցով լի է ամբողջ փիլիսոփայությունը):
3.325 Այս սխալներից խուսափելու համար պետք է օգտվել նշանների լեզվից, որը բացառում է դրանք, քանի որ նրանում չէին կիրառվի միևնույն նշանները տարբեր սիմվոլների համար և չէին կիրառվի արտաքուստ նույն, բայց նշանակման տարբեր ձևով նշաններ: Այսինքն` դա կլինի նշանների լեզու, որը ենթարկված է տրամաբանական քերականությանը` տրամաբանական շարահյուսությանը:
(Ֆրեգեի և Ռասսելի սիմվոլիկան այդպիսի լեզու է, թեպետ դեռ չի բացառում բոլոր սխալները:)
3.326 Նշանի մեջ սիմվոլը ճանաչելու համար պետք է ուշադրություն դարձնել դրա իմաստավորված կիրառությանը:
3.327 Նշանը որոշարկում է տրամաբանական ձևը միայն իր տրամաբանա-շարահյուսական գործածության հետ:
3.328 Եթե նշանը չի օգտագործվում, ապա այն զուրկ է նշանակությունից: Սա է Օկկամի նշանաբանի իմաստը:
(Եթե ամեն բան տեղի է ունենում այնպես, ասես նշանն ունի իմաստ, ապա այն ունի իմաստ:)
3.33 Տրամաբանական շարահյուսության մեջ նշանի նշանակությունը չպետք է խաղա որևէ դեր: Այդ նշանակությունը պիտի կազմվի առանց հղում անելու նշանի նշանակությանը, ենթադրվում է միայն արտահայտությունների նկարագրություն:
3.331 Այս դիտողությունից ելնելով` վերանայենք Ռասսելի «Տիպերի տեսությունը». Ռասսելի սխալն այն է, որ նշանային կանոնները հաստատելիս նա պիտի խոսեր նշանների նշանակության մասին:
3.332 Ոչ մի նախադասություն չի կարող ինչ-որ բան ասել իր մասին, քանի որ նախադասության նշանը չի կարող բովանդակվել ինքն իր մեջ (սա է ողջ «Տիպերի տեսությունը»): …
4.002 Մարդը ունակ է կազմել լեզուներ, որոնցով կարելի է արտահայտել ցանկացած իմաստ` առանց պատկերացում ունենալու, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր բառը:
Նմանապես մարդը խոսում է` չիմանալով, թե ինչպես են առաջանում առանձին հնչյունները:
Առօրյա լեզուն մարդկային կազմվածքի մասն է և պակաս բարդ չէ այդ կազմվածքից:
Մարդն անկարող է նրանից անմիջականորեն դուրս բերել լեզվի տրամաբանությունը:
Լեզուն զգեստափոխում է մտքերը: Ընդ որում այնպես, որ զգեստի արտաքին ձևից հնարավոր չէ եզրակացնել նրանով ծածկված միտքը, քանի որ զգեստի արտաքին ձևը կազմվել էր միանգամայն այլ նպատակների համար և ոչ մարմնի ձևը ճանաչելու:
Առօրյա լեզուն հասկանալիս լռելյայն արվող համաձայնությունները չափազանց բարդ են:
4.003 Փիլիսոփայական թեմաներով գրված նախադասությունների և հարցերի մեծ մասը, ոչ թե կեղծ են, այլ անիմաստ: Ահա ինչու մենք ընդահանրապես չենք կարող պատասխանել այդ կարգի հարցերին, այլ` միայն հաստատել դրանց անիմաստությունը: Փիլիսոփայի նախադասությունների և հարցերի մեծ մասը ծնվում են նրանից, որ մենք չենք հասկանում լեզվի տրամաբանությունը:
(Այդ հարցերը հետևյալ կարգի են. նույնակա՞ն է արդյոք բարին ավել կամ պակաս չափով քան գեղեցիկը:)
Եվ զարմանալի չէ, որ ամենախոր պրոբլեմները պրոբլեմներ չեն:
4.0031 Ամեն փիլիսոփայություն «լեզվի քննադատություն» է: (Իհարկե ոչ Մաուտների իմաստով:) Ռասսելի ծառայությունն այն է, որ նա ցույց տվեց. նախադասության թվացյալ ձևը անհրաժեշտաբար նրա իրական ձևը չէ:
4.01 Նախադասությունը իրականության պատկեր է:
Նախադասությունը իրականության մոդել է, այնպիսի, ինչպիսին մենք այն մտածում ենք:
4.011 Առաջին հայացքից նախադասությունը երևում է այնպես, ինչպես գրված է թղթի վրա, այսինքն` չի երևում որպես պատկերն այն իրականության, որի մասին պատմում է: Սակայն նաև նոտաների գրառումը առաջին հայացքից չի թվում երաժշտության պատկեր, իսկ մեր հնչյունային (տառային) գիրը` մեր հնչյունային լեզվի պատկեր:
Եվ այդուհանդերձ այդ նշանային լեզուները նաև սովորական իմաստով հանդես են գալիս որպես իրենց ներկայացրածի պատկեր:
4.012 Ակնհայտ է, որ «aRb» ձևի նախադասությունը մենք ընկալում ենք որպես պատկեր: Այստեղ պատկերը ակներևաբար նշանակյալի որոշակի նմանություն է:
4.013 Եվ երբ մենք ներթափանցում ենք այդ պատկերավորության էության մեջ, տեսնում ենք, որ այն չի խախտվում թվացյալ անկանոնություններով (ինչպես նոտանե րի գրության մեջ #-ի և -ի կիրառությունը):
Քանզի նաև այդ անկանոնությունները պատկերում են այն, ինչը նրանք պիտի արտահայտեն, միայն թե այլ կերպ:
4.014 Գրամոֆոնի ձայնապնակը, երաժշտական թեման, նոտաների գրառումը, ձայնային ալիքները, – բոլորը գտնվում են միմյանց նկատմամբ պատկերման ներքին հարաբերության մեջ, որն առկա է լեզվի և աշխարհի միջև:
Նրանց բոլորին ընդհանուր է տրամաբանական կառուցվածքը(…)
6.3611 Ոչ մի պրոցես չի կարելի համեմատել «ժամանակի հոսքի» հետ,– այն գոյություն չունի,– այլ կարելի է համեմատել միայն ուրիշ պրոցեսի հետ (օրինակ` խրոնոմետրի ընթացքի):
Այսկերպ ժամանակային պրոցեսի նկարագրությունը հնարավոր է միայն այլ պրոցեսի վրա հենվելով:
Միանգամայն նույն բանը տեղի ունի տարածության դեպքում: Օրինակ ասում են, որ երկու (իրար բացառող) իրադարձություններից ոչ մեկը չի կարող տեղի ունենալ, քանի որ չկա պատճառը, համաձայն որի իրադարձություններից մեկը պիտի տեղի ունենա նախքան մյուսը: Իրականում խոսքն այստեղ այն մասին է, որ անհնար է նկարագրել այս երկու իրադարձություններից մեկը, եթե չկա ոչ մի անհամաչափություն: Իսկ եթե այդպիսի անհամաչափությունն առկա է, ապա այն կարելի է դիտել որպես մի իրադարձության տեղի ունենալու և մյուսի տեղի չունենալու պատճառ:
6.36111 Աջ և ձախ ձեռքերի կանտյան պրոբլեմը, երբ մի ձեռքը չի կարող ծածկել մյուսը, առկա է արդեն հարթության վրա, նույնիսկ միաչափ տարածության մեջ,
– – – o – x – – x – o – – –
a bորտեղ երկու կոնգրուենտ ֆիգուրները` a-ն և b-ն, նույնպես չեն կարող ծածկել իրար, եթե դուրս չհանվեն այդ տարածությունից: Աջ և ձախ ձեռքերը իրականում միանգամայն կոնգրուենտ են, իսկ այն որ չեն ծածկում իրար, գործի հետ առնչություն չունի: Աջ ձեռնոցը կարելի էր հագնել ձախին, եթե այն հնարավոր լիներ շրջել քառաչափ տարածության մեջ:
6.362 Այն, ինչը կարելի է նկարագրել, կարող է նաև տեղի ունենալ, իսկ այն, ինչը պետք է բացառվի պատճառականության օրենքով, չի կարող նաև նկարագրվել:
6.363 Ինդուկցիայի պրոցեսն այն է, որ մենք ընդունում ենք պարզագույն օրենք, որը հարկ է համաձայնության բերել մեր փորձերի հետ:
6.3631 Այս պրոցեսը, սակայն, ունի ոչ թե տրամաբանական, այլ միայն հոգեբանական հիմնավորում:
Պարզ է, որ հիմք չկա կարծելու, թե նաևբիրականում տեղի ունի այս պարզագույն դեպքը:
6.36311 Որ արեգակն առավոտյան կծագի, հիպոթեզ է. իսկ դա նշանակում է, որ մենք չգիտենք, կծագի այն արդյոք:
6.37 Պարտադիր չէ, որ եթե մի բան տեղի է ունենում, պիտի տեղի ունենա նաև այլ բան:
Կա միայն տրամաբանական անհրաժեշտություն:
6.371 Ժամանակակից աշխարհայեցողության հիմքում ընկած է այն պատրանքը, թե իբր բնության օրենքները բնական երևույթների բացատրություններն են:
6.372 Այսպես, բնության օրենքների առաջ քարանում են ինչպես անձեռնմխելի մի բա նի, ինչպես հները Աստծո և ճակատագրի առաջ:
Ընդ որում, երկուսն էլ և՛ իրավացի են, և՛ոչ: Հների դեպքում հարցն իհարկե ավելի հստակ է, քանի որ նրանք ճանաչում են հստակ սահման, իսկ նորերի դեպքում կարող է թվալ, թե ամեն բան բացատրված է:
6.373 Աշխարհն անկախ է իմ կամքից:
6.374 Եթե անգամ պատահեր այն ամենը, ինչ մենք կամենում ենք, դա այնուամենայնիվ կլիներ միայն ճակատագրի շնորհ, քանի որ կամքի և աշխարհի միջև չկա տրամաբանական կապ, որ ապահովեր դա, իսկ ենթադրվող ֆիզիկալիստական կապը մենք չենք կարող կամենալ:
6.375 Ճիշտ ինչպես գոյություն ունի տրամաբանական անհրաժեշտություն, այնպես էլ գոյություն ունի տրամաբանական անհնարություն:
6.3751 Որ օրինակ` երկու գույներ կարող են գտնվել միաժամանակ տեսողական դաշտի նույն տեղում, անհնար է, ընդ որում, անհնար է տրամաբանորեն, քանի որ դա բացառվում է գույնի տրամաբանական կառուցվածքով:
Մտածենք այն մասին, թե ինչպես է այդ հակասությունը ներկայացվում ֆիզիկյում: Մոտավորապես այսպես. մասնիկը չի կարող միևնույն ժամանակ ունենալ տարբեր արագություն. սա նշանակում է, որ այն չի կարող միևնույն ժամանակ գտնվել տարբեր տեղերում: Սա նշանակում է, որ մասնիկները տարբեր տեղերում միևնույն ժամանակում չեն կարող նույնական լինել:
(Պարզ է, որ երկու տարրական նախադասությունների տրամաբանակա արտադրյալը չի կարող լինել ո՛չ նույնաբանություն, ո՛չ էլ հակասություն: Պնդումը, որ տեսադաշտի որևէ կետը միևնույն ժամանակ ունի երկու տարբեր գույներ, հակասություն է:)
6.4 Բոլոր նախադասությունները հավասարարժեք են:
6.41 Աշխարհի իմաստը պիտի ընկած լինի նրանից դուրս: Աշխարհում ամեն ինչ կա այնպես, ինչպես այն կա, և ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես տեղի է ունենում: Նրանում չկա արժեք. և եթե այն լիներ, ապա արժեք չէր ունենա:
Եթե կա արժեք, որ արժեք ունի, ապա այն պետք է դուրս լինի ամեն իրադարձությունից և այսպես լինելուց: Չէ՞ որ ամեն իրադարձություն և այսպես լինելը պատահական է:
Այն, ինչը ոչ պատահական է դարձնում գոյությունը, չի կարող գտնվել աշխարհի մեջ, քանի որ այլապես այն դարձյալ պատահական կլիներ:
Այն գտնվում է աշխարհից դուրս:
6.42 Ահա ինչու չեն կարող լինել էթիկայի նախադասություններ:
Նախադասությունները չեն կարող արտահայտել բարձրագույնը:
6.421 Հասկանալի է, որ էթիկան անարտահայտելի է:
Էթիկան տրանսցենդենտալ է:
(Էթիկան և էսթետիկան մեկ են:)
6.422 Առաջին միտքը, որ գալիս է «Դու պետք է…» ձև ունեցող էթիկական օրենքը հաստատելիս, հետևյալն է. իսկ ի՞նչ կլինի, եթե ես դա չանեմ: Սակայն պարզ է, որ ոչ մի կապ չունի պատժի և վարձատրման հետ իրենց սովորական իմաստով: Հետևաբար այս հարցը արարքի հետևանքների մասին չունի նշանակություն: – Այս հետևանքները առնվազն չպետք է լինեն իրադարձություններ: Քանի որ այնուամենայնիվ պետք է ճիշտ ինչ-որ բան լինի այդհարցադրման մեջ: Պետք է գոյություն ունենա էթիկական վարձատրման կամ էթիկական պատժի ինչ-որ տեսակ, բայց դրանք պետք է ընկած լինեն հենց արարքի մեջ:
(Պարզ է նաև, որ վարձատրումը պետք է լինի հաճելի ինչ-որ բան, իսկ պատիժը`տհաճ:)
6.423 Խոսել կամքի մասին որպես էթիկականի կրողի, անհնար է:
Կամքը որպես ֆենոմեն հետաքրքրում է միայն հոգեբանությանը:
6.43 Եթե բարի կամ չար կամքը փոխում է աշխարհը, ապա այն կարող է փոխել միայն աշխարհի սահմանները, ոչ փաստերը, ոչ այն, ինչը կարող է արտահայտվել լեզվով:
Կարճ ասած, աշխարհը պետք է ընդհանրապես դառնա ուրիշ: Այն պետք է այսպես ասած փոքրանա կամ մեծանա:
Երջանիկի աշխարհը տարբեր է դժբախտի աշխարհից:
6.431 Ինչպես նաև մահվան հետ աշխարհը ոչ թե փոխվում է, այլ դադարում:
6.4311 Մահը կյանքի իրադարձություն չէ: Մարդը չի վերապրում մահը: Եթե հավերժության տակ հասկանանք ոչ թե ժամանակի անվերջ տևողություն, այլ անժամանակայնություն, ապա հավերժ ապրում է նա, ով ապրում է ներկայով:
Ըստ այդմ մեր կյանքն անվերջ է ճիշտ այնպես, ինչպես անսահման է մեր տեսադաշ տը:
6.4312 Մարդկային հոգու ժամանակային անմահությունը, ինչը նշանակում է նրա հավերժական կյանքը նաև մահվանից հետո, ոչ միայն ոչ մի կերպ չի հաստատվում, այլև չի արդարացնում այդ ենթադրության հետ կապվող հույսերը: Մի՞թե որևէ հանելուկ կլուծվեր, եթե ես ապրեի հավերժ: Մի՞թե այդ հավերժ կյանքը նույնպես հանելուկային չէ: Տարածության և ժամանակի մեջ կյանքի հանելուկի լուծումը տարածությունից և ժամանակից դուրս է:
(Չէ՞ որ այստեղ խոսքը բնագիտական պրոբլեմ լուծելու մասին չէ:)
6.432 Թե ինչպես է գոյում աշխարհը, Բարձրյալի համար կատարելապես միևնույն է: Աստված չի հայտնակերպվում աշխարհի մեջ:
6.4321 Բոլոր փաստերը պատկանում են առաջադրանքին, ոչ լուծմանը:
6.44 Միստիկականը այն չէ, թե ինչպես է գոյում աշխարհը, այլ ինչ է աշխարհը:
6.45 Աշխարհի հայեցողությունը sub specie aeterni նրա հայեցողությունն է որպես սահմանափակ ամբողջի:
Աշխարհի զգացողությունը որպես սահմանափակ ամբողջի միստիկականն է:
6.5 Պատասխանի համար, որը հնարավոր չէ արտաբերել, հնարավոր չէ արտաբերել նաև հարց:
Հանելուկ չկա:
Եթե ընդհանրապես հնարավոր է հարց բարձրացնել, ապա դրան կարելի է նաև պատասխանել:
6.51 Սկեպտիցիզմը անհերքելի չէ, այլ` ակներևաբար անիմաստ, եթե կասկածի տակ է առնում այնտեղ, որտեղ հնարավոր չէ հարցնել:
Կասկածը կարող է լինել միայն այնտեղ, որտեղ հարց կա, հարցը կարող է լինել այնտեղ, որտեղ կա պատասխան, իսկ պատասխանը միայն այնտեղ, որտեղ կարող է ինչ-որ բան ասվել:
6.52 Մենք զգում ենք, որ անգամ երբ բոլոր հնարավոր գիտական հարցերին տրվել են պատասխաններ, մեր կյանքային պրոբլեմները բնավ շոշափված չեն: Այդժամ իհարկե ոչ մի հարց էլ չի մնում. և հենց սա է պատասխանը:
6.521 Կյանքի պրոբլեմի լուծումը մենք նկատում ենք այդ պրոբլեմի անհետացման հետ միայն:
(Սա չէ՞ արդյոք պատճառը, որ մարդիկ, որոնց երկար ժամանակ հետո պարզ է դարձել կյանքի իմաստը, չեն կարողանում այնուհետև ասել, թե որն է այդ իմաստը:)
6.53 Իսկապես գոյություն ունի անարտաբերելին: Այն ցույց է տալիս իրեն, դա միստիկա կանն է:
6.53 Փիլիսոփայության ճիշտ մեթոդը կլիներ ըստ էության հետևյալը. չասել ոչինչ բացի նրանից, ինչը կարելի է ասել, այն է` բնագիտության դրույթներից և հետևաբար մի բան, որը կապ չունի փիլիսոփայության հետ: – Եվ ամեն անգամ, երբ որևէ մեկը ցանկանար մետաֆիզիկական բան ասել, ապացուցել նրան, որ նա ոչ մի նշանակություն չի հաղորդել իր նախադասութ յունների որոշակի նշաններին: Այդ մեթոդը բավարար չէր լինի զրուցակցի համար, նա չէր ունենա զգացում, թե մենք նրան փիլիսոփայություն ենք սովորեցնում, բայց հենց այս մեթոդը կլիներ միակ անթերի ճիշտը:
6.54 Իմ նախադասությունները պարզաբանում են. նա ով կհասկանա ինձ, բարձրանալով դրանց միջոցով, դրանց վրա և դրանցից վեր, ի վերջո անիմաստ կճանաչի դրանք: (Նա պետք է, այսպես ասած, մի կողմ նետի աստիճանը դրանցով բարձրանալուց հետո:)
Նա պետք է հաղթահարի այս նախադասությունները, այդժամ կտեսնի աշխարհը ճիշտ կերպով:
7 Ինչի մասին հնարավոր չէ խոսել, դրա մասին պետք է լռել: