Քաղաքական պայքարում ողջամտությունը չկորցնելու համար դադարներ են պետք

Գրապահարան-ից
Քաղաքական պայքարում ողջամտությունը չկորցնելու համար դադարներ են պետք

հեղինակ՝ Վանո Սիրադեղյան
աղբյուր՝ «Երկիր։ Ցպահանջ…», «Հայք» 17.07.1997 թ․

ՀՀՇ 9֊րդ համագումարում ունեցած ելույթից

․․․Քաղաքական պայքարում ողջամտությունը չկորցնելու համար դադարներ են պետք։ Մի դադար, մի թերահավատ հայացք դեպի քո ներսը, քո լարվածությւոնը, չարությունը վերաճող քո կրքին, որը ոչ այնքան հակառակորդին է վերացնում, որքան կրողին։ Եվ այդ կարճ դադարի պահին կհասկացվի, որ ստեղծվել է մի վիճակ, քաղաքական թունավոր մի դաշտ, որտեղ իշխող կուսակցությունը ձեռքը դրել է Հայաստանի վրա եւ, կարծես, ասում է՝ մարդ չմոտենա, սա իմ երկիրն է, ես եմ տնօրինելու, իսկ բազմաշերտ ընդդմիությունը իրեն պահում է ուրիշ երկիր եկած դվերսիոն ջոկատի նման՝ չպահպանելով պատերազմի ոչ մի կանոն եւ չընդունելով ոչ մի սրբություն։

Ես չեմ հավակնում խաղաղության աղավնու դերին, առավել եւս աշխարհին փիլիսոփայորեն նայելու ժամանակ եւ իրավունք չունեմ, ես ուզում եմ պաշտպանել կազմակերպությունը քաղաքական պայքարում կարծրասիրտ դառնալուց, ինքն իր մեջ կծկվելուց, իրեն համատարած թշնամիներով շրջապատած լինելուց, էլ առավել՝ չգնահատված լինելու գիտակցությունն ունենալուց։ Էլ առավել՝ հենց հիմա գնահատված լինելու եւ վարձատրված լիենլու ցանկությունից։

Ես տեսնում եմ այսօրվա կազմակերպության կերպն այսպես՝ ընդդմիությունից հալածված, ժողովրդի կողմից չհասկացված, իշխանության մարմինների կողմից մոռացված, տնեցիների քամահրանքին կամ խղճահարությանն արժանացած, թերարժեքության զգացումից կծկված՝ ցինիզմի նշաններ ցույց տվող մի կերպար, որ այսօր արդեն հակված է, վաղը անխուսափելիորեն գերադասելու է միայն իր նմանների շրջապատը, մյուս օրը՝ ավելի նեղ շրջապատ․․․ մի հոգեվիճակ, երբ աղանդավորության փակվածության մեջ են տեսնում անձնական ապահովությունը։

Ես ուզում եմ, որ մենք կանգնեցնենք այդ ընթացքը։ Վերստին բացվելով հասարակության առաջ։ Հրապարակայնացնելով մեր ամեն մի մտադրությունն ու գործը։


Այս ճանապարհին խնդրի անձնականացումը խրախուսվում է այն գիտակցության վրա, որ ոչ թե համակրանքներն ու հակակրանքներն են փոխվել, այլ խնդիրն է փոխվել։ Նոր խնդիրներ լուծել չեն կարող այն գործիչները, ովքեր միջկուսակցական դաժան, պարտադրված պայքարում մարդկային որակների այդպիսի կորուստներ են ունեցել, որ նման խեղվածքով նոր խնդիրների լուծման գնալը կորստաբեր կլինի կազմակերպության համար։