Քորալայն

Գրապահարան-ից
Քորալայն

հեղինակ՝ Նիլ Գեյման


Ես սկսեցի գրել այս գիրքը Հոլլիի համար, իսկ ավարտեցի արդեն Մեդդիի համար։


Հեքիաթները ավելին են քան ճշմարտությունը ոչ այն պատճառով, որ պատմում են գոյություն չունեցող հրեշների մասին, այլ որովհետև նրանք մեզ ասում են․ հրեշներին կարելի է հաղթել։

Դ․ Կ․ Չեստերտոն

Բովանդակություն

I

Տեղափոխվելուց հետո Քորալայնը համարյա միանգամից գտավ դուռը։

Դա շատ հին տուն էր վերնահարկով և նկուղով։ Այն շրջապատված էր անխնամ այգով, որտեղ աճում էին ահռելի հին ծառեր։

Քորալայնի ընտանիքը զբաղեցրեց այդ մեծ տան երկրորդ հարկի բնակարանը։

Այդ հին տան մյուս հարկերը զբաղեցնում էին ուրիշ բնակիչներ։

Միսս Սփինքը և միսս Ֆորսիբլը, երկու կլորիկ ծեր կանայք, ապրում էին առաջին հարկում, Քորալայնենց բնակարանի տակ։ Նրանք պահում էին մի քանի շոտլանդական տերյերներ, որոնց կարծես անվանում էին Հեմիշ, Էնդրյու և Ջոք։ Ինչպես հայտնեց առաջին հանդիպման ժամանակ Քորալայնին միսս Սփինքը, իրենք դերասանուհիներ էին եղել։

― Գիտես, Քարոլայն, ― ասաց Միսս Սփինքը, սխալ անունով դիմելով աղջկան, ― ես և միսս Ֆորսիբլը ժամանակին շատ հայտնի դերասանուհիներ էինք։ Մեզ ճանաչում էին Անգլիայի սահմաններից շա՜տ հեռու, սիրելիս։ Մի՛ տուր Հեմիշին խմորեղեն, նրա փորը կցավի և նա կտանջվի ողջ գիշեր։

― Իմ անունը Քորալայն է, այլ ոչ թե Քարոլայն։ Քորալայն։

Քորալայնի վերևում, տանիքի տակ, ապրում էր մեծ բեղերով տարօրինակ մի ծերուկ։ Նա ասաց Քորալայնին, որ վարժեցնում է մկնիկներ, բայց ոչ մեկին թույլ չի տալիս նրանց տեսնել։

― Մի օր, փոքրիկ Քարոլայն, երբ համարները պատրաստ լինեն, ողջ աշխարհը կտեսնի այդ հրաշալի կրկեսը։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչու չի կարելի նրանց տեսնել հենց հիմա։ Դա՞ էիր ուզում հարցնել։

― Ոչ, ― հանգիստ պատասխանեց Քորալայնը, ― ես ուզում եմ խնդրել ձեզ, որ ինձ չանվանեք Քարոլայն։ Իմ անունը Քորալայն է։

― Դու չես կարող տեսնել այդ կրկեսը, որովհետև փորձերը դեռ չեն ավարտվել։ Բացի այդ, նրանք հրաժարվում են նվագել այն երգը, որ գրել եմ նրանց համար։ Մկների համար գրված իմ բոլոր երգերը, պետք է նվագել «տու֊դում, տու֊դում» ռիթմով։ Իսկ սպիտակ մկները չգիտես ինչու նվագում են «պամ֊պարամին» նման մի բան։ Ես էլ մտածում եմ, որ գուցե նրանց պետք է կերակրել պանրի ուրիշ տեսակներով։

Քորալայնը չհավատաց, որ մկների կրկես գոյություն ունի, նա որոշեց, որ ծերունին այդ բոլորը հնարել է։

Քորալայնը սկսեց հետազոտել այգին։ Այգին շատ մեծ էր։ Թենիսի հին խաղահրապարակը այգու եզրին էր։ Տան բնակիչները չէին խաղում թենիս, ցանկապատում մեծ անցքեր էին առաջացել, իսկ ցանցը փտել էր։

Այգին էլ շատ անխնամ էր․ փոքրիկ ու թառամած վարդի թփեր, ալպիական թմբիկ, որի վրա բացի քարերից ոչինչ չկար։ Բացատում աճում էին թունավոր սնկեր։ Երբ Քորալայնը պատահաբար նրանցից մեկին դիպավ, հոտն անտանելի էր։

Նա գտավ նաև ջրհորը։ Տեղափոխվելու առաջին իսկ օրը միսս Սփինքը և միսս Ֆորսիբլը զգուշացրին Քորալայնին, որ այդ ջրհորին մոտենալը վտանգավոր է, այնպես որ նա ուղղակի ստիպված էր գտնել ջրհորը, որպեսզի իմանար, թե որտեղ չարժե թափառել։

Երրորդ օրը նա գտավ ջրհորը ծառերի ետևում, բարձր, խիտ խոտերի մեջ, թենիսի խաղահրապարակից ոչ հեռու։ Ջրհորը կլոր էր, ցածր, աղյուսից շարված, գրեթե ամբողջովին ծածկված առատորեն աճող բույսերով։ Ջրհորը փակված էր տախտակներով, որպեսզի ոչ ոք պատահաբար այնտեղ չընկներ։ Տախտակներից մեկի մեջ մի ոչ շատ մեծ անցք կար, Քորալայնը գցում էր այնտեղ քարեր ու կաղիններ և հաշվում՝ քանի վայրկյան կանցնի, մինչև ջրի մեջ շրմփան։

Այգում զբոսնելիս նա գտավ ոզնի, օձի կաշի (առանց օձի), քար, որը նման էր գորտի, ու դոդոշի, որը նման էր քարի։

Նրան հանդիպեց նաև մի սև մեծամիտ կատու, որը մեկ պատին, մեկ կոճղին նստած, հետևում էր իրեն։ Երբ Քորալայնը փորձում էր մոտենալ ու խաղալ նրա հետ, նա հպարտ հեռանում էր։

Նոր տուն տեղափոխվելուց հետո մի երկու շաբաթ Քորալայնը զբաղված էր այգին ու նրա բնակիչներին ուսումնասիրելով։

Մայրիկը կանչում էր նրան տուն միայն ճաշելու և ընթրելու։ Նաև հետևում էր, որպեսզի տանից դուրս գալիս տաք հագնվեր․ ամառը այդ տարի բավականին ցուրտ էր։ Ամեն օր աղջիկը հետազոտում էր շրջակայքը, բայց մի օր առավոտյան անձրև եկավ, և այդ օրը Քորալայնը ստիպված տանը մնաց։

― Ի՞նչ անեմ, ― հարցրեց Քորալանը։

― Կարդա, ― պատասխանեց մայրիկը։ ― Տեսաֆիլմ նայիր։ Խաղալիքներով խաղա։ Այցելիր միսս Սփինքին ու միսս Ֆորսիբլին կամ վերևում ապրող ծերունուն։

― Ոչ, ― ասաց Քորալայնը։ Չեմ ուզում։ Ես ուզում եմ շարունակել իմ հետազոտությունները։

― Արա, ինչ ուզում ես, ― ասաց մայրիկը, ― միայն տունը տակն ու վրա չանես։

Քորալայնը մոտեցավ պատուհանին ու նայեց անձրևին։ Լինում են անձրևներ, որոնց տակ կարելի է զբոսնել։ Բայց սա թափվում էր կարծես դույլից, կտրուկ ընկնում էր գետնին և բազմաթիվ ցայտեր առաջացնում։ Դա շատ գործնական անձրև էր, և այդ օրը նրա գլխավոր գործն էր՝ դարձնել այգին ջրի ու ցեխի խառնուրդ։

Քորալայնը նայեց բոլոր այն ֆիլմերը, որոնց տեսաերիզները գտավ տանը, խաղաց բոլոր խաղալիքներով և մի անգամ էլ վերընթերցեց իր բոլոր գրքերը։

Նա միացրեց հեռուստացույցը, փոխեց բոլոր ալիքները, բայց բացի ձանձրալի խոսակցություններից ֆինանսական շուկաների մասին և թոք շոուներից, հեռուստացույցով ոչինչ ցույց չէին տալիս։

Վերջապես նա հանդիպեց մի հաղորդման, որը նրան հետաքրքրեց։ Դա կենդանիների մասին ֆիլմի վերջին մասն էր։ Ֆիլմն այն մասին էր, թե ինչպես կենդանիները, թռչունները, միջատները վտանգի դեպքում կերպարանափոխվում են, նմանվում ոմանք տերևների, ոմանք ճյուղիկների, ոմանք՝ ուրիշ կենդանիների։ Դա նրան մի փոքր զվարճացրեց, բայց հաղորդումը ավարտվեց, և հեռուստացույցով սկսեցին պատմել ինչ֊որ հրուշակեղենի գործարանի մասին։

Նա որոշեց, որ հիմա հայրիկի հետ խոսելու ժամանակն է։

Քորալայնի ծնողները աշխատում էին համակարգչով, իսկ դա նշանակում է, որ մեծ մասամբ տանն էին լինում։ Նրանցից ամեն մեկն ուներ իր աշխատասենյակը։

― Ողջույն, ― ասաց հայրիկը առանց գլուխը շրջելու։

― Գիտե՞ս, ― ասաց Քորալայնը, ― անձրև է գալիս․․․

― Իսկապես, ― հաստատեց հայրիկը, ― թափվում է ինչպես դույլից։

― Ամենևին ոչ, ― առարկեց Քորալայնը, ― մի քիչ կաթում է։ Կարելի՞ է զբոսնել։

― Իսկ ի՞նչ ասաց մայրիկը։

― Նա ասաց․ «Դու չես գնա զբոսնելու այսպիսի եղանակին, Քորալայն Ջոնս»։

― Ուրեմն, չես գնա զբոսնելու։

― Ես չափազանց շատ եմ ուզում ինչ֊որ բան ուսումնասիրել։

― Ուսումնասիրիր բնակարանը, ― առաջարկեց հայրիկը։ ― Ահա վերցրու թուղթն ու մատիտը։ Հաշվիր բոլոր դռներն ու պատուհանները։ Թվիր բոլոր երկնագույն առարկաները։ Գտիր տաք ջրի բաքը։ Եվ թույլ տուր ինձ հանգիստ աշխատել։

― Կարելի՞ է գնալ հյուրասենյակ։

― Միայն թե ոչինչ ձեռք չտաս։

Քորալայնը մտածեց, հետո վերցրեց թուղթն ու մատիտը և գնաց բնակարանը ուսումնասիրելու։

Խոհանոցի կողքի խորդանոցում գտավ տաք ջրի բաքը։

Հաշվեց բոլոր երկնագույն առարկաները՝ դրանք հարյուր հիսուներեք հատ էին։

Հաշվեց պատուհանները՝ քսաներեք հատ։

Հետո դռները՝ տասնչորս հատ։

Տասներեք դռները միմյանցից առանձնապես չէին տարբերվում, նրանք բացվում ու փակվում էին։ Իսկ տասնչորսերորդը՝ ամենամեծը, շագանակագույն փայտե դուռը հյուրասենյակի անկյունում՝ փակ էր։

Նա մոտեցավ մայրիկին և հարցրեց․

― Ի՞նչ է, այս դռան ետևում։

― Ոչինչ, թանկագինս։

― Այն պետք է ինչ֊որ տեղ տանի։

Մայրիկը բացասաբար օրորեց գլուխը։

― Արի միասին նայենք, ― ասաց նա Քորալայնին, գնաց խոհանոց և վերցրեց դռան ետևում պահված բանալիների խուրձը։ Նա երկար զննեց բանալիները, և, վերջապես ընտրեց ամենամեծ, ամենասև, ժանգով պատված բանալին։ Նրանք գնացին հյուրասենյակ։ Մայրիկը պտտեց բանալին։ Դուռը բացվեց։ Մայրիկը ճիշտ էր։ Դուռը ոչ մի տեղ չէր տանում։ Նրա ետևում աղյուսե պատ էր։

― Երբ տունը ուներ միայն մի տեր, ― ասաց մայրիկը, ― այս դուռը ինչ֊որ տեղ տանում էր։ Հետո տունը բաժանեցին բնակարանների և այս անցումը փակեցին աղյուսով։ Երևի մյուս կողմում բնակարան է, որը դեռ ոչ ոք չի գնել։

Նա փակեց դուռը և բանալիները տեղը դրեց։

― Դու չկողպեցիր այն, ― նկատեց Քորալայնը։

Մայրիկը թոթվեց ուսերը։

― Ի՞նչ միտք ունի կողպել այն, ― ասաց նա։ ― Չէ որ նրա ետևում ոչինչ չկա։

Քորալայնը ոչինչ չասաց։

Փողոցում մթնեց, իսկ անձրևը դեռ շարունակվում էր, թխկթխկացնում էր պատուհաններին և աղավաղում փողոցով սլացող մեքենաների լույսերը։

Հայրիկը ավարտեց աշխատանքը և ընթրիք պատրաստեց։

Քորալայնը կնճռոտեց դեմքը։

― Հայրիկ, դու նորից օգտվել էս ճաշերի գրքից վերցված բաղադրատոմսով։

― Սա կանաչ սոխ է և կարտոֆիլ, շոգեխաշած խոտաբույսերով և «Գրուէր» պանրով։

Քորալայնը բացասաբար շարժեց գլուխը, հանեց սառնարանից սառեցված պիցցան և դրեց միկրոալիքային ջեռոցի մեջ․․․

― Դու հո գիտես, որ ես չեմ սիրում, երբ պատրաստում ես գրքով, ― ասաց Քորալայնը, մինչ նրա ընթրիքը պտտվում էր ջեռոցում, իսկ կարմիր թվերը փոքրիկ էկրանին համրում էին մինչև պատրաստվելը մնացող վայրկյանները։

― Փորձիր, գուցե քեզ դուր գա, ― ասաց հայրիկը, բայց Քորալայնը նորից բացասաբար շարժեց գլուխը։

Այդ գիշեր Քորալայնի քունը չէր տանում։ Նա երկար ժամանակ բաց աչքերով պառկած էր մահճակալին, ու երբ արդեն քունը տարավ, հանկարծ ինչ֊որ տեղից լսեց․ «Թ֊թ֊թ֊թ֊թ֊թ․․․»։ Նա նստեց։

Ձայնը չէր դադարում։ «Ճը֊ը֊ը֊ռ֊ռ֊ռ․․․»։

Նա դուրս եկավ նախասենյակ, բայց այնտեղ ոչ ոք չկար։ Նա շրջեց նախասենյակում։ Ծնողների ննջարանից լսվում էր խռմփոց՝ դա իհարկե հայրիկն էր, ժամանակ առ ժամանակ լսվում էր քնկոտ փնթփնթոց՝ դա էլ մայրիկն էր։

Քորալայնը որոշեց, որ տարօրինակ ձայները երազում էր լսել, բայց հանկարծ նկատեց ինչ֊որ շարժվող բան։

Ստվերի նման մի մուգ բան արագորեն անցավ նախասենյակի հեռավոր անկյունը։

«Միայն թե սարդ չլինի», ― մտածեց Քորալայնը։ Սարդերի ներկայությամբ նա իրեն այնքան էլ լավ չէր զգում։

Ստվերը սահեց հյուրասենյակ, և Քորալայնը չնայած վախին հետևեց նրան։

Եթե նախասենյակի լույսը չվառվեր, հյուրասենյակում բոլորովին մութ կլիներ։ Դռան մեջ կանգնած Քորալայնը հատակի գորգի վրա մի ահռելի, նիհար կնոջ նմանվող, ծուռումուռ ստվեր էր գցել։

Մինչ Քորալայնը մտածում էր լույսը վառել թե չէ, մի ստվեր դանդաղ դուրս եկավ բազմոցի տակից, մի պահ կանգնեց, հետո նետվեց սենյակի հեռավոր անկյունը։

Քորալայնը արագ միացրեց լույսը։ Անկյունում ոչինչ չկար, բացի հին դռնից, որի ետևում երևում էր աղյուսե պատը։

Նա համոզված էր, որ մայրիկը դուռը փակել էր։ Այժմ դուռը կիսաբաց էր։ Հավանաբար այն էլ ճռճռում էր։ Քորալայնը մոտեցավ դռանը և տեսավ միայն կարմիր աղյուսե պատը։

Փակելով հին փայտե դուռը՝ նա հանգցրեց լույսը և վերադարձավ անկողին։

Այդ գիշեր նա երազում տեսնում էր սև ստվերներ, որոնք թաքնվելով լույսից՝ սահում էին տեղից֊տեղ։ Կարմիր աչքերով ու դեղին, սուր ատամներով փոքրիկ ստվերները ձուլվեցին, դարձան մի մեծ ստվեր և սկսեցին երգել․

— Մենք շատ ենք այստեղ, նայի՛ր, շատ ենք և փոքրիկ։ Հետևում ենք, ինչպես ես մեծանում։ Այստեղ կլինենք, երբ մեռնես։

Շշուկի նման ձայները միալար ու ձանձրալի էին։

Հետո Քորալայնը տեսավ «ինչ֊որ գովազդ», իսկ այնուհետև՝ էլ ոչ մի երազ չտեսավ։

II

Հաջորդ օրը անձրևը դադարեց, բայց փողոցում սպիտակ խիտ մառախուղ էր։ ― Գնում եմ զբոսնելու, ― ասաց Քորալայնը։

― Միայն հեռու չգնաս, ― պատասխանեց մայրիկը։ ― Տաք հագնվիր։

Քորալայնը հագավ երկնագույն վերարկուն, կարմիր շարֆը, դեղին ռետինե կոշիկները և դուրս եկավ փողոց։

Միսս Սփինքը զբոսնում էր շների հետ։

― Բարև Քարոլայն, ― ասաց միսս Սփինքը, — այսօր անտանելի եղանակ է։

― Այո, ― համաձայնեց Քորալայնը։

― Մի ժամանակ ես փայլում էի Պորցիայի դերում, ― ասաց միսս Սփինքը, ― և, ինչքան էլ միսս Ֆորսիբլը պատմի իր Օֆելիայի մասին, հանդիսատեսը գալիս էր նայելու հատկապես Պորցիային։ Այն ժամանակ մենք շատ հայտնի էինք։

Միսս Սփինքի հագին այնքան բլուզ ու սվիտեր կար, որ նա թվում էր սովորականից ավելի կլորիկ ու կարճահասակ։ Նա նման էր հարած սերուցքի մի ահռելի սարի։ Հաստ ապակիներով ակնոցների ետևում նրա աչքերը թվում էին ահռելի։

― Նրանք ինձ միշտ ծաղիկներ էին ուղարկում հարդարասենյակ։ Միշտ, ― շարունակեց հիշողությունները միսս Սփինքը։

― Ովքե՞ր, ― հարցրեց Քորալայնը։

Միսս Սփինքը զգուշությամբ շուրջը նայեց, կարծես վախենալով, որ ինչ֊որ մեկը իրենց ականջ է դնում։

― Տղամարդիկ, ― շշնջաց նա, և քաշելով շների թոկերը, մանրիկ քայլերով շտապեց տան կողմը։

Քորալայնը շարունակեց իր զբոսանքը։

Նա համարյա շրջանցել էր տունը, երբ տեսավ իր բնակարանի դռան մեջ կանգնած միսս Ֆորսիբլին։

― Միսս Սփինքին չե՞ս տեսել, Քարոլայն։

Քորալայնը պատասխանեց, որ տեսել է նրան շների հետ զբոսնելիս։

― Հուսամ, որ նա չի կորչի մառախուղի մեջ, թե չէ, կտեսնես, նորից կսկսվի նրա հերպեսը, ― ասաց միսս Ֆորսիբլը։ ― Միայն հետախույզը կարող է գտնել ճանապարհը այս մառախուղում։

― Ես հետախույզ եմ, ― ասաց Քորալայնը։

― Դրանում ոչ մի կասկած, սիրելիս, ― նկատեց միսս Ֆորսիբլը։ ― Բայց միևնույն է, աշխատիր այսօր չկորչել։

Քորալայնը գնաց մառախլապատ այգում թափառելու։ Նա աշխատում էր տեսադաշտից չկորցնել տունը։ Տաս րոպե հետո իր համար անսպասելիորեն նա հայտնվեց այն նույն տեղում, որտեղից սկսել էր զբոսանքը։

Նրա մազերը թրջվել ու կախվել էին, դեմքը խոնավացել էր։

― Քարոլայն, ― կանչեց նրան վերևի հարկի խելագար ծերունին։

― Բարև ձեզ, ― պատասխանեց Քորալայնը։

Քորալայնը դժվարությամբ նշմարեց նրա ուրվագիծը մառախուղի մեջ։ Նա զգուշորեն իջնում էր դեպի Քորալայնի բնակարանը տանող աստիճաններով։ Քորալայնը սպասում էր ներքևում։

― Մկնիկներին դուր չի գալիս մառախուղը, ― հայտնեց նա։ ― Նրանց բեղիկները կախվում են։

― Ինձ էլ դուր չի գալիս, ― ասաց Քորալայնը։

Վերջապես ծերունին հաղթահարեց աստիճանները և այնքան մոտեցավ Քորալայնին, որ նրա բեղերի ծայրերը դիպան Քորալայնի ականջին։

― Մկնիկները խնդրել են քեզ մի բան հաղորդել, ― շշնջաց նա։

Քորալայնը չգիտեր ինչ ասել։

― Ահա նրանց բառերը․ «Չանցնես դռան միջով»։ ― Նա մի քիչ լռեց։ ― Դու հասկանո՞ւմ ես, թե դա ինչ կարող է նշանակել։

― Ոչ, ― պատասխանեց Քորալայնը։

Ծերունին թոթվեց ուսերը․

― Նրանք այնքան զվարճալի են, այդ մկնիկները։ Ամեն ինչ սխալ են հասկանում։ Նույնիսկ քո անունն են շփոթել, ― նրանք քեզ անվանեցին Քորալայն, այլ ոչ թե Քարոլայն, ամենևին ոչ Քարոլայն։

Նա վերցրեց աստիճանների տակ դրված կաթի շիշը և գնաց իր մոտ վերև։

Քորալայնը տուն վերադարձավ։ Մայրիկը աշխատում էր իր աշխատասենյակում։ Այնտեղ բուրում էր ծաղիկներով։

― Ի՞նչով կարելի է զբաղվել, ― հարցրեց Քորալայնը։

― Ե՞րբ են սկսվում դասերը, ― հետաքրքրվեց մայրիկը։

― Մյուս շաբաթ, ― պատասխանեց Քորալայնը։

― Հըմ֊մ֊մ֊մ, ― մտազբաղ ասաց մայրիկը։ ― Պետք է քեզ համար դպրոցական զգեստ գնել։ Հիշեցրու ինձ, թանկագինս, թե չէ կարող եմ մոռանալ։ ― Եվ նորից սկսեց աշխատել։

― Ինչո՞վ կարելի է զբաղվել, ― կրկնեց Քորալայնը։

― Նկարիր,― մայրիկը մեկնեց նրան մի թերթիկ ու գրիչ։

Քորալայնը փորձեց նկարել մառախուղը, բայց թուղթը այդպես էլ սպիտակ մնաց, միայն անկյունում հայտնվեցին հազիվ տեսանելի ծուռումուռ գծեր։

Քորալայնը «հըմ» արեց և տվեց թերթիկը մայրիկին։

― Շատ յուրօրինակ է, ― ասաց մայրիկը։

Քորալայնը կամացուկ մտավ հյուրասենյակ և փորձեց բացել անկյունի հին դուռը։ Այն նորից փակ էր։ «Երևի մայրիկն է կողպել», ― ենթադրեց նա և ուղղվեց դեպի հայրիկի աշխատասենյակ։

Հայրիկը մեջքով դեպի դուռը նստած աշխատում էր։

― Ժամանակ չունեմ, ― ասաց հայրիկը, երբ Քորալայնը ներս մտավ։

― Ես ձանձրանում եմ, ― ասաց Քորալայնը։

― Իսկ դու փորձիր սովորել սթեփ պարել, ― առանց գլուխը շրջելու ասաց նա։

Քորալայնը ճոճեց գլուխը։

― Ինչո՞ւ ինձ հետ չես խաղում, ― հարցրեց նա։

― Որովհետև զբաղված եմ։ ― Հետո ավելացրեց․ ― Այցելիր միսս Սփինքին ու Ֆորսիբլին։

Քորալայնը հագավ վերարկուն, գլխին քաշեց կնգուղը և նորից փողոց դուրս եկավ։ Նա իջավ աստիճաններով և սեղմեց միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի բնակարանի դռան զանգը։ Դռան ետևից լսեց նախասենյակ դուրս թռած շների կատաղի հաչոցը։ Որոշ ժամանակ անց միսս Սփինքը բացեց դուռը։

— Ախ, այդ դո՞ւ ես, Քարոլայն, ― ասաց նա։ ― Անգուս, Հեմիշ, Բրյուս, հանգստացեք, տղաներ։ Սա Քարոլայնն է։ Ներս արի, թանկագինս։ Թեյ ուզո՞ւմ ես։

Բնակարանից շների և կահույքի լաքի հոտ էր գալիս։

— Այո, ուզում եմ, ― պատասխանեց Քորալայնը։

Միսս Սփինքը ուղեկցեց նրան մի փոքրիկ փոշոտ սենյակ, որը նրանց բնակարանում ծառայում էր որպես հյուրասենյակ։ Պատերին շրջանակների մեջ կախված էին գեղեցիկ կանանց սև֊սպիտակ լուսանկարներ և թատերական աֆիշներ։ Միսս Ֆորսիբլը բազկաթոռին նստած ինչ֊որ բան էր գործում։

Թեյը բերեցին ափսեի մեջ դրված փոքրիկ, վարդագույն ճենապակե բաժակով։ Թեյի հետ տվեցին թխվացքաբլիթներ։

Միսս Ֆորսիբլը մի կողմ դրեց ձեռագործը և հոգոց հանեց․

― Գիտե՞ս, Էյփրիլ, դու պետք է վաղուց հասկանայիր, որ կյանքը ծերության ժամանակ դեռ ավարտված չէ։

― Միրիամ, թանկագինս, ոչ դու, ոչ ես՝ էլ չենք լինի երիտասարդ։

― Մադամ Արկատի, ― առարկեց միսս Ֆորսիբլը, ― Ռոմեոյի դայակը, Լեդի Բրաքնելլ․․․ տիպաժային դերեր․․․ Մենք դեռ շատ բան կարող ենք անել բեմում։

― Այ դրանում քեզ հետ համամիտ եմ, ― պատասխանեց միսս Սփինքը։

Քորալայնին թվաց, որ նրանք մոռացել են իր մասին։ Նրանց վեճը անվերջ ու անիմաստ էր, քանի որ ամեն մեկն ուներ իր հիմնավորումները։ Այդ հիմնավորումների հետ ոչ կարելի էր համաձայնել, ոչ էլ մերժել, հիմնավորումներ, որոնք միշտ կլինեն, քանի դեռ նրանք դա ցանկանում են։

Քորալայնը խմեց թեյը։

― Ուզո՞ւմ ես բաժակդ նայեմ, ― հարցրեց միսս Սփինքը Քորալայնին։

― Ի՞նչ, ― չհասկացավ Քորալայնը։

― Թեյի թերթիկներով գուշակեմ։ Նրանց նայելով ես կարող եմ ապագան կանխատեսել։

Քորալայնը տվեց բաժակը միսս Սփինքին։ Միսս Սփինքը, սեղմելով շրթունքները և կկոցելով աչքերը, սկսեց նայել բաժակի միջի սև կետերին։

― Գիտես Քարոլայն, ― ասաց նա որոշ ժամանակ անց, ― քեզ սարսափելի վտանգ է սպառնում։

— Հըմ, ― ասաց միսս Ֆորսիբլը և նորից գործը մի կողմ դրեց։ ― Հերի՛ք է, Էյփրի՛լ, հիմար բաներ ես ասում։ Մի վախեցրու աղջկան։ Երևի աչքերդ քեզ խաբում են։ Տուր ինձ բաժակդ, բալիկ։

Քորալայնը տվեց բաժակը միսս Ֆորսիբլին։ Նա հանգիստ նայեց բաժակի մեջ, հետո թափ տվեց գլուխը ու նորից ուշադիր նայեց։

― Այո, թանկագինս, դու ճիշտ ես, Էյփրիլ, նրան իսկապես վտանգ է սպառնում։

― Տեսնո՞ւմ ես, Միրիամ, ― գոհունակությամբ ասաց միսս Սփինքը։ ― Աչքերս ինձ չեն խաբել։ Ես նախկինի պես լավ եմ տեսնում։

― Ի՞նչ վտանգի մասին եք ասում, ― հարցրեց Քորալայնը։

Միսս Սփինքն ու միսս Ֆորսիբլը անօգնական նայեցին աղջկան։

― Ես չգիտեմ, ― ասաց միսս Սփինքը։ ― Թերթիկները այդ չեն ասում։ Նրանք կանխագուշակում են ապագան ընդհանուր առմամբ, առանց մանրամասների։

― Հիմա ես ի՞նչ անեմ, ― հարցրեց Քորալայնը, մի փոքր անհանգստացած այդպիսի կանխատեսումով։

― Գուցե չարժե՞ կանաչ շոր հագնել հանդերձարանում, ― ենթադրեց միսս Սփինքը։

― Կամ պետք չէ խոսել շոտլանդական թատրոնի մասին, ― ավելացրեց միսս Ֆորսիբլը։

Քորալայնը չէր հասկանում, թե ինչու են մեծահասակները այդքան անիմաստ բաներ ասում։ Ինչի՞ տեղ են նրանք դնում իրեն։

― Շատ զգույշ եղիր, ― ասաց միսս Սփինքը։

Նա վեր կացավ բազկաթոռից և մոտեցավ բուխարիկին։ Բուխարիկի դարակի վրա դրված էր ոչ մեծ ապակյա տուփ։ Միսս Սփինքը բացեց այն և այնտեղից տարբեր առարկաներ հանեց․ փոքրիկ ճենապակե բադիկ, մատնոց, անսովոր պղնձե դրամ, մազերի երկու ամրակ և մի անցքով քար։

― Ինչի՞ համար է այս քարը, ― հարցրեց Քորալայնը։

Նա մոտեցավ պատուհանին և նայեց անցքի միջով։

― Գուցե այս քարը քեզ օգնի, ― ասաց միսս Սփինքը։ ― Երբ ինչ֊որ վատ բան է պատահում, այսպիսի քարերը երբեմն օգնում են։

Քորալայնը հագավ վերարկուն, հրաժեշտ տվեց միսս Սփինքին, միսս Ֆորսիբլին ու շներին և դուրս եկավ փողոց։

Մառախուղն այնքան թանձր էր, որ նույնիսկ տունը չէր երևում։ Նա զգուշորեն մոտեցավ դեպի իրենց բնակարանը տանող աստիճաններին, կանգնեց ու շուրջը նայեց։

Մառախլապատ աշխարհը թվում էր թափանցիկ։ «Վտա՞նգ», ― մտածեց Քորալայնը։ Այդ բառը հուզում էր նրան։ Բայց սարսափելի չէր։ Բոլորովին սարսափելի չէր։

Քորալայնը բարձրացավ վերև, բռի մեջ պինդ սեղմելով քարը։


III

Հաջորդ օրը պայծառ արև էր շողում, և մայրիկն ու Քորալայնը գնացին մոտակա քաղաք դպրոցական զգեստ գնելու։ Նրանք հրաժեշտ տվեցին հայրիկին երկաթուղային կայարանում։ Նա շտապում էր Լոնդոն՝ ինչ֊որ հանդիպման։

Քորալայնը նրան ձեռքով արեց ու մայրիկի հետ գնաց խանութ։

Այնտեղ Քորալայնը տեսավ կանաչ ձեռնոցներ, որոնք նրան շատ դուր եկան։ Բայց մայրիկը ձեռնոցների փոխարեն գնեց նրա համար սպիտակ գուլպաներ, կապույտ կիսավարտիքներ, չորս մոխրագույն բլուզ, և մուգ մոխրագույն կիսաշրջազգեստ։

― Մայրիկ, դպրոցում բոլորը մոխրագույն բլուզներ են հագնում, բայց ոչ ոք չունի կանաչ ձեռնոցեր։ Ես միակը կլինեի։

Բայց մայրիկը նրան չէր լսում, նա խոսում էր վաճառողուհու հետ։ Նրանք քննարկում էին, թե որ սվիտերն ընտրել Քորալայնի համար, և եզրակացրին, որ ամենահարմարն՝ ահռելի, պարկի նմանվողն է։ Չէ՞ որ մի օր Քորալայնը կմեծանա մինչև այդ չափսը․․․

Քորալայնը գնաց ու սկսեց նայել ցուցափեղկում դրված գորտերով, բադիկներով ու ճագարներով նկարազարդված ռետինե երկարաճիտ կոշիկներին։

Հետո վերադարձավ մայրիկի մոտ։

Քորալա՛յն, ահա թե ուր ես։ Որտե՞ղ էիր։

― Ինձ առևանգել էին այլմոլորակայինները։ ― Նրանք ունեին լազերային ատրճանակներ։ Բայց ես կարողացա խաբել նրանց։ Ես կեղծամ հագա, խոսում էի օտարերկրացու պես, հետո՝ փախա։

― Այո, թանկագինս, պետք է քեզ համար գնել մազերի ամրակներ։

― Դրանք ինձ պետք չեն։

― Կարծում եմ՝ պետք է վերցնել մի վեց հատ․․․ պահուստի համար ― ասաց մայրիկը։

Քորալայնը ոչինչ չասաց։

Երբ մեքենայով վերադառնում էին, Քորալայնը հարցրեց․

― Իսկ ի՞նչ կա այն դատարկ բնակարանում։

― Չգիտեմ, կարծում եմ՝ ոչինչ։ Երևի հիմա նա այնպիսին է, ինչպիսին մերն էր, երբ տեղափոխվեցինք։ Ուղղակի դատարկ սենյակներ։

― Իսկ կարելի՞ է այնտեղ մտնել մեր բնակարանից։

― Ոչ, եթե իհարկե դու չես կարող անցնել աղյուսե պատերի միջով, թանկագինս։

― Հասկանալի է։

Նրանք տուն վերադարձան ճաշի ժամին։ Մայրիկը նայեց սառնարանի մեջ․ բացի փոքրիկ թորշոմած լոլիկից ու բորբոսնած պանրի կտորից այնտեղ ոչինչ չկար։

Հացի ամանում միայնակ ընկած էր հացի չոր կեղևը։

― Երևում է՝ պետք է գնալ խանութ, գնել ձկան ձողիկներ ու էլի ինչ֊որ բան, ― ասաց մայրիկը։ Կգա՞ս ինձ հետ։

― Ոչ, ― պատասխանեց Քորալայնը։

― Այդ դեպքում, մի քիչ սպասիր ինձ, ― ասաց մայրիկը, վերցրեց քսակը, մեքենայի բանալիներն ու դուրս եկավ։

Քորալայնը ձանձրանում էր։

Նա թերթեց մայրիկի գիրքը մի հեռավոր երկրի մարդկանց մասին։ Այդ մարդիկ մետաքսե սպիտակ կտորների վրա նկարում էին մոմերով, հետո լվանում էին մոմը տաք ջրով ու նորից ներկում, հետո նորից լվանում էին, և վերջապես, այրում այդ գեղեցկությունը։

Այդ ամենը Քորալայնին թվաց բացարձակապես անիմաստ, բայց նա որոշեց, որ մարդիկ այդպես զվարճանում են։

Նա շատ էր ձանձրանում, բայց մայրիկը չէր վերադառնում։

Նա գնաց խոհանոց, վերցրեց մի աթոռ, մոտեցրեց դռանը, ձգվեց, բայց չհասավ․․․ Նա իջավ, վերցրեց ավելը, նորից բարձրացավ աթոռին և․․․

Զրրնգ․․․

Նա իջավ աթոռից, բարձրացրեց բանալիները և գոհ ժպտաց։ Դրեց ավելը իր տեղը և ուղղվեց հյուրասենյակ։

Սովորաբար նրանք չէին օգտվում հյուրասենյակից։ Այդ սենյակում դրված էր տատիկից ժառանգություն ստացած հին կահույքը․ փայտե փոքրիկ սեղան, փոքրիկ պահարան, ծանր ապակյա մոխրաման և յուղաներկով նկարված մի նկար, որի վրա պատկերված էր մրգերով ափսեն։ Բացի այդ առարկաներից հյուրասենյակում ոչինչ չկար․ ոչ հաճելի մանրուքներ բուխարիկի դարակին, ոչ փոքրիկ արձանիկներ, ոչ ժամացույց, ոչինչ՝ ինչը կդարձներ սենյակը ավելի հարմարավետ ու բնակելի։

Հին սև բանալին կապոցի մեջ ամենասառն էր։ Քորլայանը դրեց այն կողպեքի անցքը, զգուշորեն պտտեց, և դուռը բացվեց։

Քորալայնը կանգնեց, ականջ դրեց։ Նա հասկանում էր, որ վատ է վարվում, և վախենում էր, որ մայրիկը կվերադառնա։ Բայց ամեն ինչ խաղաղ էր։ Քորալայնը բացեց դուռը։

Աղյուսե պատը անհետացել էր, կարծես երբեք էլ չէր եղել։ Դռան ետևում մութ միջանցք էր։ Քորալայնը զգաց սառը, բորբոսնած օդի հոսանքը։ Ինչ֊որ հնության հոտ էր գալիս։ «Հետաքրքիր է՝ ինպիսի՞ն է այն բնակարանը, ուր տանում է այս միջանցքը», ― մտածեց Քորալայնը և, առանց երկար մտածելու քայլեց առաջ։

Այդ միջանցքում նրան ամեն ինչ ծանոթ թվաց։ Հատակին նույն գորգն էր, պատերին նույն պաստառներն էին։ Նույնիսկ միջանցքում կախված նկարը նույնն էր։

Հիմա նա գիտեր, թե որտեղ է։ Իր սեփական տանը։

Զարմացած շարժելով գլուխը՝ Քորալայնը ուշադիր նայեց նկարին․ ինչ֊որ բան նկարում այն չէր։ Նկարում պատկերված տղան նայում էր գնդակներին։ Նրա դեմքի արտահայտությունը տարօրինակ էր․ տղան այնպես էր նայում, կարծես ուզում էր ինչ֊որ սարսափելի բան անել․․․

Քորալայնը ուշադիր նայում էր նրա դեմքին, փորձելով հասկանալ երկու տղաների միջև եղած տարբերությունը։ Եվ երբ ուր֊որ է գլխի էր ընկնելու, հանկարծ ինչ֊որ մեկը հարցրեց․

― Քորալա՞յն։

Ձայնը նման էր մայրիկի ձայնին։ Քորալայնը մտավ խոհանոց, որտեղից լսվում էր ծանոթ ձայնը։ Այնտեղ մեջքով դեպի Քորալայնը կանգնած էր մի կին։ Նա նման էր մայրիկին, միայն․․․

Միայն նրա մաշկը թղթի պես սպիտակ էր։

Միայն նա ավելի բարձրահասակ ու նիհար էր։

Միայն նրա անընդհատ շարժվող մատները ավելի երկար էին, իսկ կարմիր լաքով ծածկված եղունգները ծալված էին ու սուր։

Քորալա՞յն, ― կրկնեց կինը։ ― Այդ դո՞ւ ես։

Նա շրջվեց և Քորալայնը տեսավ, որ աչքերի փոխարեն նրան են նայում մեծ, սև կոճակներ։

― Ճաշելու ժամանակն է, Քորալայն, ― ասաց կինը։

― Ո՞վ եք դուք։

― Ես քո մյուս մայրիկն եմ։ ― Գնա, ասա մյուս հայրիկին, որ ճաշն արդեն պատրաստ է։

Նա բացեց ջեռոցի դուռը։ Քորալայնը զգաց, որ շատ սոված է։ Հոտը հիասքանչ էր։

― Դե, գնա․․․

Քորալայնը գնաց նախասենյակ, որտեղ գտնվում էր հայրիկի աշխատասենյակի դուռը։ Նա բացեց դուռը։ Սենյակում՝ համակարգչի առաջ, մեջքով դեպի նա նստած էր մի տղամարդ։

― Ողջույն, ― ասաց Քորալայնը։ Ես․․․ ավելի ճիշտ՝ նա, խնդրեց ասել, որ ճաշն արդեն պատրաստ է։

Տղամարդը շրջվեց։ Նրա աչքերը նույնպես փայլուն սև կոճակներ էին։

― Ողջույն, Քորալայն, ― ասաց նա։ ― Ես ուղղակի մեռնում եմ սովից։

Նա վեր կացավ տեղից և նրանք գնացին խոհանոց։ Մյուս մայրիկը նրանց ճաշ մատուցեց․ ահռելի շագանակա֊ոսկեգույն հավ՝ տապակած կարտոֆիլի ու նուրբ ոլոռի հետ։ Քորալայնը սկսեց ուտել։ Ուտելիքը շատ համեղ էր։

― Մենք այնքան երկար սպասեցինք քեզ, ― ասաց մյուս հայրիկը։

― Այո, ― ասաց մյուս մայրիկը։ ― Առանց քեզ այստեղ այնքան էլ լավ չէր։ Բայց մենք գիտեինք, որ մի օր դու կգաս և մենք կդառնանք իսկական ընտանիք։ Էլի հավ ուզո՞ւմ ես։

Դա ամենահամով հավն էր, որ Քորալայնը երբևիցե կերել էր։ Նրա մայրիկն էլ երբեմն հավ էր պատրաստում, բայց միշտ չոր ու անհամ էր ստացվում։ Երբ հայրիկն էր հավ պատրաստում, նա տարօրինակ բաներ էր անում, օրինակ եփում էր գինու մեջ, լցոնում սալորով, կամ խմորի մեջ խորովում։ Քորալայնը սկզբունքորեն չէր փորձում նրա պատրաստածը։

Նա մի կտոր հավ էլ վերցրեց։

― Ես չգիտեի, որ մի ուրիշ մայրիկ էլ ունեմ, ― ասաց նա զգուշորեն։

― Իհարկե ունես։ Եվ ոչ միայն դու, բոլորը ունեն, ― պատասխանեց մյուս մայրիկը, սև կոճակներով փայլ արձակելով։ ― Ճաշից հետո կարող ես խաղալ քո սենյակում առնետների հետ։

― Առնետների՞։

― Այո, նրանց, որոնք ապրում են վերևում։

Քորալայնը տեսել էր առնետներ միայն հեռուստացույցով։

Նա շատ էր ուզում առնետների հետ խաղալ։

Ճաշից հետո մյուս ծնողները սկսեցին լվանալ ամանները, իսկ Քորալայնը գնաց իր սենյակը՝ իր մյուս սենյակը։

Այս նոր սենյակը տարբերվում էր նրանով, որ ներկված էր անտանելի կանաչ ու տարօրինակ վարդագույն գույներով։

Քորալայնը մտածեց, որ չէր ուզի գիշերն այստեղ քնել։ Միևնույն ժամանակ այս սենյակը շատ ավելի հետաքրքիր էր, քան իր «հին» ննջարանը։

Այստեղ կային բազմաթիվ անսովոր առարկաներ, այդպիսիք նախկինում նա երբեք չէր տեսել․ թևավոր հրեշտակներ, որոնք թռչում էին սենյակում վախվորած ճնճղուկների պես, նկարազարդ շարժվող ու ծռմռվող գրքեր, փոքրիկ դինոզավրերի գանգեր, որոնք չխկչխկացնում էին ատամները, երբ Քորալայնը անցնում էր նրանց կողքով։ Սենյակում զարմանալի խաղալիքներով լի մի արկղ կար։

«Այ սա ուրիշ բան է», ― մտածեց Քորալայնը։ Նա դուրս նայեց պատուհանից, տեսարանը նույնն էր, ինչպիսին իր պատուհանից․ ծառեր, դաշտեր, իսկ նրանց ետևում՝ կապույտ բլուրներ։

Ինչ֊որ սև բան վազեց հատակով և անհետացավ մահճակալի տակ։ Քորալայնը իջավ ծնկներին և նայեց այնտեղ։ Նրան էին նայում հիսուն փոքրիկ կարմիր աչքեր։

― Ողջույն, ― ասաց Քորալայնը։ ― Դուք առնետնե՞ր եք։

Ի պատասխան, լույսից կկոցելով աչքերը, առնետները դուրս եկան մահճակալի տակից։ Նրանց մորթին կարճամազ ու մոխրա֊սևագույն էր, աչքերը փոքրիկ ու կարմիր, վարդագույն թաթիկները նման էին փոքրիկ ձեռքերի, իսկ երկար վարդագույն պոչերը՝ որդերի։

― Խոսել գիտե՞ք, ― հարցրեց աղջիկը։

Ամենամեծ սև առնետը բացասաբար շարժեց գլուխը։ «Ի՜նչ տհաճ ժպիտ ունի», ― մտածեց Քորալայնը։

— Դե, ― հետաքրքրվեց նա, ― իսկ ի՞նչ եք կարողանում անել։

Առնետները շրջան կազմեցին։ Խնամքով, բայց արագ սկսեցին բարձրանալ իրար վրա ու բուրգ կազմեցին։ Բուրգի ամենավերևում տեղավորվեց ամենամեծ առնետը։

Ատամներ, պոչեր ունենք,
Սուր աչքեր ունենք։
Այնժամ, երբ կսայթաքես
Մենք դուրս կգանք մթից, —

ոչ այն է երգում էին, ոչ այն է շշնջում նրանք։

Քորալայնին երգը դուր չեկավ։ Նա համոզված էր, որ նման մի բան արդեն լսել է, բայց չէր հիշում, թե որտեղ։

Հետո բուրգը քանդվեց և սև արագաշարժ մարմինները սլացան դեպի դուռը։

Վերևում ապրող մյուս խելագար ծերունին կանգնած էր դռան մեջ սև գլխարկը ձեռքին։ Առնետները արագ մտան նրա գլխարկի մեջ, խցկվեցին գրպանները, վերնաշապիկի, տաբատի տակ, օձիքի ետևը։ Ամենամեծ առնետը բարձրացավ ծերունու ուսերին, ճոճվեց նրա մեծ սպիտակ բեղերի վրա, սողաց սև֊կոճակ աչքերի կողքով ու նստեց նրա գլխին։

Հաշված վայրկյաններում սնդիկի նման արագաշարժ առնետների խումբը անհետացավ ծերունու հագուստի տակ՝ ներսում անընդհատ տեղից֊տեղ շարժվելով։ Եվ միայն ամենամեծ առնետն էր, որ նստած ծերունու գլխին, իր կարմիր փայլող աչքերով նայում էր Քորալայնին։

Ծերունին հագավ գլխարկը և ծածկեց առնետին։

― Ողջույն, Քորալայն, ― ասաց վերևի բնակարանում ապրող մյուս խելագար ծերունին։ ― Ես իմացա, որ դու արդեն այստեղ ես։ Հիմա իմ առնետները պետք է ճաշեն։ Եթե ուզում ես, գնանք ինձ հետ։ Կտեսնես, ինչպես են նրանք ուտում։

Ծերունու սև֊կոճակ աչքերը մի տեսակ ագահ սով էին արտահայտում, և Քորալայնը իրեն անվստահ զգաց։

― Ոչ, շնորհակալություն, ― ասաց նա։ ― Ավելի լավ է գնամ զբոսնելու։

Ծերունին գլխով համաձայնության նշան արեց։ Քորալայնը լսում էր ինչպես են առնետները շշուկով խոսում միմյանց հետ, բայց բառերը չէր հասկանում, և համոզված չէր, որ ուզում է իմանալ, ինչի մասին են նրանք խոսում։

Երբ անցնում էր միջանցքով, տեսավ իր մյուս ծնողներին։ Նրանք կանգած էին խոհանոցի մոտ և ժպտում էին միանման ժպիտներով։

― Հաճելի զբոսանք, ― ասաց մյուս մայրիկը։

― Մենք կսպասենք քեզ, ― ասաց մյուս հայրիկը։

Հասնելով մուտքի դռանը՝ Քորալայնը ետ նայեց։ Նրանք դեռ այնտեղ էին․ ճոճվում ու ժպտալով նայում էին իրեն։

Քորալայնը դուրս եկավ, իջավ աստիճաններով։

Դրսից տունը իրենց տան նման էր։ Կամ՝ մոտավորապես նման․ Միսս Ֆորսիբլի ու միսս Սփինքի դռան վրա կախված էր կարմիր ու կապույտ լամպերի շղթա։ Լամպերը վառվելով ու հանգչելով դառնում էին այսպիսի բառեր․ «Ցնցող», «Թատերական», «Հաջողություն»։

Օրն արևային էր, բայց ցուրտ էր, ― ինչպես այնտեղ, որտեղից նա եկել էր։

Ետևից ինչ֊որ ձայն լսվեց։

Քորալայնը շրջվեց։ Պատին նստած մեծ սև կատուն շատ նման էր այն կատվին, որին տեսել էր իր տան կողքին։

― Բարի երեկո, ― ասաց կատուն։

Քորալայնին թվաց, որ ձայնը հնչում է իր գլխում, եւ այդ ձայնը տղամարդու է, այլ ոչ թե կնոջ։

― Բարև, ― ողջունեց նրան Քորալայնը։ Մեր այգում ես տեսել եմ մի կատու, որը շատ նման է քեզ։ Բայց դու երևի այն կատուն չես։

Կատուն ճոճեց գլուխը։

― Ոչ, ― ասաց նա։ Ես ուրիշ չեմ։ Ես՝ ես եմ։

Նա իջեցրեց գլուխը։ Նրա աչքերը հանելուկային փայլ ունեին։

— Մարդիկ անընդհատ շտապում են՝ աշխատելով միանգամից ամեն տեղ լինել։ Մենք՝ կատուներս, այդպիսին չենք։

Մենք հավատարիմ ենք մեզ։ Եթե իհարկե հասկանում ես, թե ինչի մասին եմ խոսում։

― Ենթադրենք այդպես է, և դու այն նույն կատուն ես, որին ես տեսել եմ տանը։ Այդ դեպքում ինչպե՞ս է, որ խոսում ես։

Չնայած կատուները ուսեր չունեն, նա թոթվեց ուսերը։ Շարժումը շատ սահուն էր։ Այն սկսվեց պոչի ծայրից և վերջացավ բեղերով։

― Ես գիտեմ խոսել։

― Այնտեղ, որտեղ ես եմ ապրում, կատուները չեն խոսում։

― Իսկապե՞ս, ― հարցրեց կատուն։

― Այո, ― պատասխանեց Քորալայնը։

Կատուն թռավ նրա ոտքերի մոտ և ուշադիր նայեց աղջկան ներքևից վերև։

― Դո՛ւ գիտես, ― սառնորեն ասաց կատուն։ ― Որտեղի՞ց իմանամ։ Ես միայն կատու եմ։

Նա գնաց գլուխն ու պոչը բարձր պահած։

― Մի՛ գնա, ― խնդրեց Քորալայնը։ ― Խնդրում եմ, մի նեղացիր ինձանից։

Կատուն կանգ առավ, նստեց ու սկսեց լեզվով մաքրել իրեն՝ ոչ մի ուշադրություն չդարձնելով Քորալայնի վրա։

― Գիտես․․․ ― ասաց Քորալայնը, ― մենք կարող էինք ընկերանալ։

― Մենք կարող էինք դառնալ աֆրիկյան պարող փղեր, ― ասաց կատուն, ― բայց չդարձանք։ ― Համենայն դեպս, ― ավելացրեց նա, ― ես չդարձա։

Քորալայնը նայեց նրան։

― Անունդ ի՞նչ է, ― հարցրեց նա կատվին․ ― Իմը՝ Քորալայն է։

Կատուն ծուլորեն հորանջեց, ցույց տալով իր զարմանալիորեն վարդագույն լեզուն։

― Կատուները անուն չեն ունենում, ― պատասխանեց նա։

― Ինչպե՞ս թե։

― Հենց այդպես, ― ասաց կատուն։ ― Այդ դուք, մարդիկ ունեք անուններ, որովհետև ինքներդ չգիտեք, թե ով եք։ Իսկ մենք գիտենք։ Այդ պատճառով էլ մեզ անուններ պետք չեն։

Քորալայնը որոշեց, որ կատուն շատ եսասեր է։ Բացի իրենից, նրան ոչինչ չէր հուզում։

Նրա մի մասը ուզում էր կոպտել կատվին, իսկ մյուսը աշխատում էր քաղաքավարի ու հարգալից լինել։ Քաղաքավարի մասը հաղթեց։

― Ասա՛, խնդրեմ, մենք որտե՞ղ ենք։

Կատուն նայեց նրան։

― Այստեղ ենք, ― պատասխանեց նա։

Լավ։ Իսկ ինչպե՞ս ընկար այստեղ։

― Ինչպես դու։ Ոտքերով, ― ասաց կատուն։ ― Այ այսպես։

Քորալայնը նայում էր, թե ինչպես կատուն անցավ մարգագետինը, անցավ ծառի ետևը և անհետացավ։ Քորալայնը մոտեցավ ծառին ու նայեց՝ կատուն չկար։

Նա դանդաղ գնաց դեպի տուն։ Հանկարծ ետևից շրշյուն լսեց։ Դա նորից կատուն էր։

― Ի դեպ, ― ասաց նա, ― վատ չէր լինի որ պաշտպանությունը միշտ մոտդ, ձեռքիդ մեջ պահեիր։ Ես այդպես կվարվեի։

― Պաշտպանությո՞ւնը։

― Այո, ես այդ բառը ասացի։ Չնայած․․․

Նա լռեց ու սկսեց ուշադիր նայել ինչ֊որ բանի։ Հետո կռանալով մի քանի զգույշ քայլ արեց։ Թվում էր, թե նա ուզում է որսալ մի անտեսանելի մուկ։ Հանկարծ թափ տվեց պոչը, նետվեց դեպի թփերը ու անհետացավ։

Քորալայնը մտածում էր, թե ի՞նչ նկատի ուներ նա։ Մտածում էր՝ արդյո՞ք կատուներն այնտեղ, որտեղից եկել էր, խոսում են։ Թե՞ նրանք խոսում են միայն այստեղ, որտեղ էլ որ այս «այստեղը» գտնվեր։

Քարե աստիճաններով նա բարձրացավ միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի դռան մոտ։ Կարմիր ու կապույտ լամպերը շարունակում էին թարթել։

Դուռը կիսաբաց էր․ Քորալայնը ծեծեց դուռը։ Դուռը անմիջապես բացվեց և Քորալայնը ներս մտավ։

Նա հայտնվեց մի սենյակում, որտեղ թավշի ու փոշու հոտ էր գալիս։ Դուռը նրա ետևից շրխկոցով փակվեց, և Քորալայնը մնաց մթության մեջ։ Նա զգուշորեն առաջ շարժվեց նեղ միջանցքով։ Հանկարծ նրա դեմքը դեմ առավ մի ինչ֊որ փափուկ բանի։ Դա ինչ֊որ կտոր էր։ Աղջիկը ձեռքով մի կողմ տարավ կտորը ու առաջ քայլեց։

Վարագույրի ետևում կիսամութ դահլիճ էր։ Դահլիճի ծայրում լուսավորված բեմ կար։

Այն տեղից, որտեղ կանգնած էր Քորալայնը, մինչև բեմը՝ բազկաթոռների շարքեր էին։ Հանկարծ նա նկատեց լույսի մի ճառագայթ։ Ճառագայթը տեղից֊տեղ շարժվելով, մոտեցավ նրան։ Ուշադիր նայելով Քորալայնը տեսավ սպիտակած մռութով ահռելի սև շոտլանդական տերյերին։ Նա ատամներով բռնել էր լապտերիկ։

― Ողջույն, ― ասաց Քորալայնը։

Շունը հատակին դրեց լապտերիկը ու նայեց աղջկան։

― Ցույց տվեք ձեր տոմսը, ― ջղային հաչաց նա։ ― Ես ասացի՝ տոմսը։ Արագացրեք։ Դուք չեք կարող առանց տոմսի գտնվել ներկայացմանը։

Քորալայնը շփոթվեց։

― Ես տոմս չունեմ, ― ասաց նա։

― Նորից մի անտոմս, ― մռայլ գռմռաց շունը։ ― Մոտ եկեք։ Ո՞ւր է ձեր տոմսը։

― Ինձ մոտ տոմս չկա։ Ես չգիտեմ․․․

Շունը օրորեց գլուխը, թոթվեց ուսերը ու փնփնթաց․

― Արի ինձ հետ։

Նա նորից ատամներով բռնեց լապտերիկը և ուղղեց այն դեպի դահլիճ։ Քորալայնը գնաց նրա ետևից։ Մոտենալով բեմին շունը կանգ առավ և լուսավորեց դատարկ բազկաթոռը։ Քորալայնը նստեց, իսկ շունը գնաց։

Երբ նրա աչքերը սովորեցին մթին, նա տեսավ, որ մյուս բազկաթոռներին էլ շներ են նստած։ Հանկարծ բեմից լսվեց ինչ֊որ ֆշշոց։ Քորալայնը գլխի ընկավ, որ դա հին ձայնապնակ է, որը դրել էին ձայնարկիչին։ Հետո ֆշշոցը վերածվեց թմբկահարության և բեմ դուրս եկան միսս Սփինքն ու միսս Ֆորսիբլը։

Միսս Սփինքը նստած էր միակնանի հեծանվի վրա և գնդակներով ձեռնածություն էր անում։

Միսս Ֆորսիբլը թռչկոտում էր նրա առջև մի ահռելի, ծաղիկներով լի զամբյուղով։ Նա իր շուրջը ծաղիկների թերթիկներ էր շաղ տալիս։ Հետո երկուսն էլ մոտեցան բեմի եզրին։ Միսս Սփինքը ճարպկորեն թռավ հեծանվից, և նրանք միասին խոնարհվեցին։

Շները թխկթխկացրին պոչերը և հիացած հաչեցին։ Քորալայնը քաղաքավարի ծափահարեց։

Դերասանուհիները քանդեցին կոճակները և լայն բացեցին վերարկուները։ Նմանվելով դատարկ խեցիների՝ բացվեցին նաև նրանց դեմքերը։ Ծեր, ծանրացած մարմնից դուրս եկան երկու երիտասարդ կին։

Նրանք ունեին սլացիկ կազմվածք, գեղեցիկ դեմքեր և կոճակների նմանվող սև աչքեր։

Նոր միսս Սփինքի հագին կանաչ գույնի տրիկո էր և բարձր երկարաճիտ կոշիկներ, նոր միսս Ֆորսիբլը սպիտակ զգեստով էր, նրա երկար բաց գույնի մազերի մեջ ծաղիկներ էին հյուսված։

Քորալայնը ավելի խորը ընկղմվեց բազկաթոռի մեջ։ Միսս Սփինքը դուրս եկավ բեմից, թմբուկների ձայնը նորից վերածվեց ֆշշոցի ու լռեց։

― Սա իմ սիրելի հատվածն է, ― շշնջաց կողքի բազկաթոռում նստած փոքրիկ շնիկը։

Բեմի անկյունում դրված սնդուկից միսս Ֆորսիբլը մի դանակ հանեց։

― Իմ ձեռքին դաշո՞ւյն է, ― հարցրեց նա դահլիճին։

― Այո, ― բացականչեցին փոքրիկ շնիկները։ ― Դաշույն է։

Միսս Ֆորսիբլը խոնարհվեց, շնիկները նորից ծափահարեցին։ Այս անգամ Քորալայնը չծափահարեց։ Նորից բեմ դուրս եկավ միսս Սփինքը։

― Իսկ հիմա, ― ասաց միսս Սփինքը, ― մենք Միրիամի հետ կներկայացնենք մեր ծրագրի նոր, ցնցող համարը։ Ո՞վ է ուզում մասնակցել։

Փոքրիկ շնիկը առջևի թաթով հրեց Քորալայնին։

― Այդ դուք եք։

― Քորալայնը վեր կացավ և փայտե աստիճաններով բարձրացավ բեմ։

― Ողջունենք այս քաջ աղջկան, ― ասաց միսս Սփինքը։

Շները հաչեցին ու պոչերով թխկթխկացրին բազկաթոռների թավշյա մեջքերին։

― Ուրեմն, Քորալայն, ― չէ՞ որ այդպես է քո անունը։

― Այո, ― պատասխանեց Քորալայնը։

― Մենք անծանոթ ենք, ճի՞շտ է։ Քորալայնը նայեց երիտասարդ, սլացիկ կնոջը, նրա սև֊կոճակ աչքերին և գլխով հաստատեց։

― Իսկ հիմա, ― ասաց մյուս միսս Սփինքը, ― կանգնիր այստեղ։

Նա տարավ Քորալայնին բեմի խորքը, նրա գլխին մի փուչիկ դրեց, մոտեցավ միսս Ֆորսիբլին, կապեց նրա կոճակե աչքերը և ձեռքի մեջ դրեց դաշյունը։ Հետո մի քանի անգամ պտտեցրեց նրան իր առանցքի շուրջ և կանգնեցրեց դեմքով դեպի Քորալայնը։ Քորալայնը շունչը պահեց, և ամուր սեղմեց բռունցքները։

Միսս Ֆորսիբլը նետեց դաշյունը փուչիկի վրա։ Փուչիկը աղմուկով պայթեց , իսկ դաշյունը խրվեց Քորալայնի գլխավերևի փայտի մեջ ու ցնցվեց։ Քորալայնը շունչ քաշեց։

Շները զմայլված էին։

Միսս Սփինքը տվեց Քորալայնին մի փոքրիկ տուփ շոկոլադե կոնֆետներ և շնորհակալություն հայտնեց նրան լավ թիրախ լինելու համար։

Քորալայնը վերադարձավ իր տեղը։

― Դուք ուղղակի հոյակապ էիք, ― ասաց փոքրիկ շնիկը։

― Շնորհակալություն, ― ասաց Քորալայնը։

Միսս Սփինքը ձեռնածություն էր անում մեծ փայտե խորանարդներով։

Քորալայնը բացեց կոնֆետներով տուփը։ Շնիկը ագահությամբ նայում էր կոնֆետներին։

― Հյուրասիրվեք, ― ասաց Քորալայնը։

― Շնորհակալություն, ― ասաց շնիկը։ ― Եթե միայն իրիսներ չեն։ Նրանցից իմ փսլինքը թափվում է։

― Ես կարծում էի, որ շոկոլադը այնքան էլ օգտակար չէ շների համար։ ― Քորալայնը հիշեց միսս Սփինքի խոսքերը։

― Միգուցե այնտեղ, որտեղից դուք եկել եք, ― շշնջաց շնիկը։ ― Իսկ այստեղ բացի շոկոլադից մենք ոչինչ չենք ուտում։

Մթության մեջ Քորալայնը չէր տեսնում, թե ինչ կոնֆետներ են։ Նա վերցրեց մեկը, բացեց և փորձեց։ Դա կոկոսով շոկոլադ էր։ Քորալայնին դուր չէր գալիս կոկոսը։ Նա տվեց կոնֆետը շնիկին։

― Շնորհակալություն, ― ասաց շնիկը։

― Խնդրեմ, ― ասաց Քորալայնը։

Իսկ միսս Սփինքն ու միսս Ֆորսիբլը շարունակում էին ներկայացումը։ Միսս Սփինքը կանգնած էր աստիճանի վրա, իսկ ներքևում նստած էր միսս Ֆորսիբլը։

― «Ի՞նչ կա անունի մեջ։ Այն ինչ մենք վարդ ենք անվանում, ― արտասանում էր միսս Ֆորսիբլը, ― և ուրիշ անունով պահպանում ենք քաղցր բուրմունքը»։

― Դուք էլ կոնֆետ չունե՞ք, ― հարցրեց շնիկը։

Քորալայնը մի կոնֆետ էլ տվեց նրան։

― «Չգիտեմ ինչպես ինձ անվանեմ։ Այդ անունը ինձ համար ատելի է», ― դիմեց միսս Սփինքը միսս Ֆորսիբլին։

― Այս համարը շուտով կավարտվի, ― շշնջաց շնիկը։ ― Հետո նրանք կպարեն ժողովրդական պարեր։

― Երկա՞ր է տևում ներկայացումը ― հարցրեց Քորալայնը։

― Այս ներկայացումը ավարտ չունի, ― ասաց շնիկը։ Այն անընդհատ շարունակվում է։

― Այստեղ, ― ճշտեց Քորալայնը։ ― Վերցրեք կոնֆետները։

― Շնորհակալություն, ― ասաց շնիկը։ Քորալայնը վեր կացավ։

― Ցտեսություն, ― ասաց շնիկը։

― Առայժմ, ― պատասխանեց Քորալայնը։

Նա դուրս եկավ թատրոնից և վերադարձավ այգի։ Ցերեկվա լույսին սովորելու համար ստիպված կկոցեց աչքերը։

Մյուս ծնողները սպասում էին իրեն։ Նրանք կանգնած կողք֊կողքի ժպտում էին։

― Լա՞վ ժամանակ անցկացրիր, ― հարցրեց մյուս մայրիկը։

― Հետաքրքիր էր, ― պատասխանեց Քորալայնը։

Նրանք միասին գնացին դեպի մյուս տուն։ Մյուս մայրիկը իր սպիտակ, երկար մատներով շոյեց Քորալայնի գլուխը։ Քորալայնը ետ քաշեց գլուխը․

― Պետք չի, ― ասաց նա։

Մյուս մայրիկը հեռացրեց ձեռքը։

― Ուրեմն, ― ասաց մյուս հայրիկը, ― քեզ այստեղ դո՞ւր եկավ։

― Ընդհանուր առմամբ, այո, ― պատասխանեց Քորալայնը։ ― Այստեղ ավելի հետաքրքիր է, քան տանը։

IV

Նրանք վերադարձան տուն։

― Ուրախ եմ, որ քեզ այստեղ դուր է գալիս, ― ասաց մյուս մայրիկը։ ― Մենք շատ ենք ուզում, որ այս տունը հարազատ դառնա քեզ համար, որ դու ընդմիշտ մնաս այստեղ։ Եթե, իհարկե, ինքդ ցանկանաս։

― Մ֊մ֊մ, ― ասաց Քորալայնը։

Նա ձեռքերը դրեց գրպաններն ու սկսեց մտածել։ Նրա ձեռքը շոշափեց անցքով քարը, որը իսկական միսս Սփինքն ու միսս Ֆորսիբլն էին տվել իրեն երեկ։

― Եթե ինքդ մնալու ցանկություն հայտնես, ― կրկնեց մյուս հայրիկը։ ― Միայն թե մնալու համար մենք պետք է մի փոքրիկ վիրահատություն անենք։

Նրանք մտան խոհանոց։ Սեղանի վրա դրված էր սև անձեռոցիկով ծածկված ճենապակե մի ափսե, որի վրա դրված էին արծաթե ասեղ և երկու մեծ, սև կոճակներ։

― Ես այդպես չեմ կարծում, ― ասաց Քորալայնը։

― Դե, խնդրում եմ, ― աղաչում էր մյուս մայրիկը։ ― Մենք այնքան ենք ուզում, որ դու մնաս։ Համաձայնվիր։

― Բոլորովին ցավոտ չի լինի, ― ասաց մյուս հայրիկը։

Քորալայնը գիտեր, որ երբ մեծահասակները ասում են, որ չի ցավի, անպայման ցավում է։ Նա բացասաբար թափահարեց գլուխը։

Մյուս մայրիկը լայն ժպտաց, նրա մազերը օրորվեցին գլխի շուրջ, ինչպես մամուռները ջրի տակ։

― Մենք միայն ուզում ենք, որ դու երջանիկ լինես, ― ասաց նա, դնելով ձեռքը Քորալայնի ուսին։

― Արդեն գնալու ժամանակն է, ― պատասխանեց Քորալայնը, ձեռքերը դրեց գրպանները և նրա մատները ամուր սեղմեցին անցքով քարը։ Մյուս մայրիկի ձեռքը վախեցած թռչունի պես վեր թռավ նրա ուսից։

― Դու իսկապե՞ս ուզում ես գնալ, ― հարցրեց նա։

― Այո, ― պատասխանեց Քորալայնը։

Այդ դեպքում, ցտեսություն, ― ասաց մյուս հայրիկը։ ― Մինչև նոր հանիպում։

― Ահա, ― մրթմթրաց Քորալայնը։

― Վերջապես մենք կապրենք միասին, մի ընտանիք կլինենք, ― ասաց մյուս մայրիկը։ Ընդմիշտ։

Քորալայնը ետ֊ետ գնաց, հետո շրջվեց ու վազեց հյուրասենյակ և հրեց դուռը։ Աղյուսե պատը չկար։ Առջևում մութ էր։ Այդ մթությունը այնքան խիտ էր, որ թվում էր նրա մեջ մտնելն անհնար է։

Քորալայնը կանգնեց ու ետ նայեց։ Մյուս մայրիկը ու հայրիկը գալիս էին նրա ետևից ձեռք ձեռքի տված։ Նրանք նայում էին նրան իրենց սևկոճակ աչքերով։ Կամ թվում էր, թե նայում են։ Քորալայնը չգիտեր։

Մյուս մայրիկը մեկնեց ազատ ձեռքը և կանչեց նրան։ Նրա շրթունքները անձայն շշնջացին․ «Շուտ վերադարձիր»։

Քորալայնը խորը շունչ քաշեց և քայլեց մթության մեջ, որտեղ քամիներ էին փչում և լսվում էին տարօրինակ շշուկներ։ Նա համոզված էր, որ իր թիկունքում ինչ֊որ մեկը կա։ Այդ ինչ֊որ մեկը շատ ծեր ու դանդաղաշարժ էր։ Նրա սիրտը այնքան արագ էր բաբախում, որ թվում էր ուր֊որ է դուրս կթռչի կրծքից։ Նա փակեց աչքերը։

Ինչ֊որ բանի դիպչելով Քորալայնը բացեց աչքերը։ Դա հյուրասենյակի բազկաթոռն էր։

Իսկ ետևում նորից կարմիր աղյուսե պատն էր։

Նա վերադարձել էր տուն։


V

Քորալայնը կողպեց դուռը սև, սառը բանալիով։

Նա գնաց խոհանոց, բարձրացավ աթոռին և փորձեց բանալիները տեղը դնել, բայց երբ հասկացավ, որ հասակը չի հասնի, դրեց դռան մոտի դարակի մեջ։

Մայրիկը դեռ չէր վերադարձել խանութից։

Քորալայնը հանեց սառնարանից սառեցված հաց, գետնանուշի յուղով ու ջեմով մի քանի բուտերրոդ սարքեց, վրայից էլ սառը ջուր խմեց։

Ծնողները չէին վերադառնում։

Երեկոյան նա տաքացրեց պիցցան ու սկսեց հեռուստացույց նայել։ Ինչո՞ւ են մեծահասակները բոլոր ծրագրերը միայն իրենց համար նկարում ու մի բան էլ հպարտանում դրանով։

Որոշ ժամանակ անց նրա քունը տարավ։ Նա հանվեց, մաքրեց ատամները և պառկեց քնելու։

Առավոտյան Քորալայնը մտավ ծնողների ննջարան։ Այնտեղ ոչ ոք չկար։ Մահճակալը հավաքված էր։

Նա նախաճաշեց մի տուփ պահածոյացված սպագետտիով։

Ճաշին կերավ մի խնձոր ու մի քիչ շոկոլադ։ Դեղին ու թոշնած խնձորը շատ համով ու քաղցր թվաց նրան։

Հետո Քորալայնը իջավ միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի մոտ։ Այնտեղ նա կերավ երեք թխվածքաբլիթ, խմեց մի բաժակ լիմոնադ և մի բաժակ թույլ թեյ։ Լիմոնադը բաց֊կանաչ գույնի էր և անսովոր քիմիական համ ուներ։ Քորալայնին շատ դուր եկավ։ Լավ կլիներ, որ տանն էլ լիներ այդպիսին։

― Ինչպե՞ս են մայրիկի ու հայրիկի գործերը, ― հարցրեց միսս Սփինքը։

― Նրանք անհետացել են, ― պատասխանեց Քորալայնը։ ― Երեկվանից ես չեմ տեսել նրանց։ Այնպես որ ինքս ինձ համար, մենակ եմ ապրում։ Դարձել եմ միայնակ երեխա։

― Հայտնիր մայրիկիդ, որ գտնվել են «Գլազգո էմպաէր պրեսս» թերթի հոդվածները, որոնց մասին մենք նրա հետ խոսել էինք։ Մայրիկիդ հետաքրքրեց, երբ Միրիամը նրանց մասին պատմեց։

― Մայրիկը կորել է հանելուկային հանգամանքներում, ― ասաց Քորալայնը։ ― Կարծում եմ՝ հայրիկն էլ։

― Քարոլայն, սիրելիս, վաղը ամբողջ օրը մենք տանը չենք լինի, ― հայտնեց միսս Ֆորսիբլը։ Գնալու ենք այցելելու Էյփրիլի զարմուհուն Ռոյալ Տոնբիրջ Վելլզ։

Նրանք ցույց տվեցին Քորալայնին բարեկամուհու լուսանկարների ալբոմը, հետո Քորալայնը գնաց տուն։

Տանը նա խնայատուփից փող հանեց և սուպերմարկետում գնեց երկու մեծ շիշ լիմոնադ, շոկոլադե կեքս և մի մեծ փաթեթ խնձոր։ Դա նրա ընթրիքն էր։ Ընթրիքից հետո նա գնաց հայրիկի աշխատասենյակ, միացրեց համակարգիչը և պատմվածք գրեց․

Քորալայնի պատմվածքը

Կար չկար մի աղջիկ, նրա անունը Էփփլ էր։ Նա շատ էր սիրում պարել։ Նա այնքան պարեց, որ նրա ոտքերը դարձան նրբերշիկ։ Վերջ։

Նա տպիչով տպեց պատմվածքը և անջատեց համակարգիչը։ Տեքստի վերջում նկարեց մի փոքրիկ պարող աղջիկ։

Հետո ինքնուրույն ջուր լցրեց լոգարանի մեջ այնպիսի քանակությամբ փրփուրով, որ փրփուրը անընդհատ աշխատում էր դուրս գալ եզրերից, ու լողացավ։ Հետո ինքնուրույն սրբվեց, ինչպես կարողացավ մաքրեց հատակը և պառկեց քնելու։

Գիշերվա կեսին Քորալայնը արթնացավ։ Նա վեր կացավ ու գնաց ծնողների ննջասենյակ։ Այնտեղ նորից ոչ ոք չկար։ Էլեկտրոնային ժամացույցի կանաչ թվերը ցույց էին տալիս 3.12:

Քորալայնը շատ միայնակ զգաց իրեն ու լաց եղավ։ Նրա ձայնը միակն էր դատարկ բնակարանում։

Նա պառկեց ծնողների մահճակալին ու որոշ ժամանակ անց քնեց։

Քնի մեջ նա զգաց, որ իր դեմքին են դիպչում ինչ֊որ սառը թաթիկներ։

Նա բացեց աչքերը և տեսավ իր առջև մեծ, կանաչ աչքեր։ Դա կատուն էր։

― Ողջույն, ― ասաց Քորալայնը։ ― Ինչպե՞ս այստեղ ընկար։

Կատուն ոչինչ չպատասխանեց։ Քորալայնը վեր կացավ մահճակալից։ Նրա հագին երկար շապիկ էր։

― Դու եկել ես ինչ֊որ բա՞ն պատմելու։

Կատուն հորանջեց, նրա կանաչ աչքերը փայլեցին։

― Դու գիտե՞ս որտեղ են հայրիկն ու մայրիկը։ Կատուն դանդաղ աչքով արեց։

― Դա նշանակում է, «այո՞»։

Կատուն նորից աչքով արեց և Քորալայնը հասկացավ, որ իսկապես նշանակում է «այո»։

― Կտանե՞ս ինձ նրանց մոտ։

Կատուն սևեռուն հայացքով նայեց նրան ու դուրս եկավ սենյակից։ Աղջիկը գնաց նրա ետևից։ Կատուն անցավ երկար միջանցքը և կանգ առավ մեծ հայելու առջև։

Քորալայնը միացրեց լույսը։

Սովորականի նման հայելու մեջ արտացոլվեց միջանցքը, բայց նրա հեռավոր անկյունում Քորալայնը տեսավ ծնողներին։ Նրանք շատ տխուր էին և անտրամադիր ձեռքով էին անում իրեն։ Հայրիկը մի ձեռքով գրկել էր մայրիկի ուսերը։ Նրա շրթունքները շարժվեցին, նա ինչ֊որ բան ասաց, բայց Քորալայնը ոչինչ չհասկացավ։ Մայրիկը շնչեց հայելու հակառակ կողմին, և քրտնած ապակու վրա ցուցամատով արագ գրեց ՐԻՆԳՕ ԶԵՄ։

Հայելին նորից թափանցիկ դարձավ։ Ծնողները անհետացան։ Հայելու մեջ արտացոլվում էին Քորալայնը, կատուն ու երկար դատարկ միջանցքը։

― Որտե՞ղ են նրանք, ― հարցրեց Քորալայնը կատվին։

Կատուն չպատասխանեց։ Քորալայնը պատկերացրեց, թե ինչպես ապակու վրայի ձմռան փաթիլի պես սառը ու չոր ձայնով նա ասաց․ «Իսկ ինքդ ի՞նչ ես կարծում»։

― Նրանք չե՞ն վերադառնա», ― հարցրեց Քորալայնը։ ― Նրանք չե՞ն կարող վերադառնալ։

Կատուն նորից աչքով արեց Դա նշանակում էր «այո»։

― Այսպես, ― ասաց Քորալայնը, ― կարծում եմ, ինձ մնում է միայն մի բան անել։

Քորալայնը գնաց հայրիկի աշխատասենյակ, նստեց նրա աթոռին, բացեց հեռախոսային գիրքը և զանգահարեց ոստիկանություն։

― Ոստիկանություն, ― պատասխանեց տղամարդու խռպոտ ձայնը։

― Բարև ձեզ, ― ասաց նա։ ― Իմ անունն է Քորալայն Ջոնս։

― Քո քնելու ժամանակը չէ՞, պատանի լեդի, ― հարցրեց ոստիկանը։

― Երևի, ― պատասխանեց Քորալայնը, որը կատակելու տրամադրություն չուներ։ ― Ես զանգահարում եմ ձեզ, որպեսզի հայտնեմ հանցագործության մասին։

― Ի՞նչ հանցագործության։

― Առևանգման։ Իմ ծնողների առևանգման։ Նրանց առևանգել են ու փակել միջանցքում կախված հայելու մեջ։

― Գիտե՞ս, թե ով է առևանգել, ― հարցրեց ոստիկանության սպան։

Քորալայնը հասկացավ, որ նա ժպտում է, և աշխատեց, որ իր ձայնը հնարավորին չափ ավելի լուրջ ու վստահելի հնչի։

― Ինձ թվում է, որ նրանց առևանգել է իմ մյուս մայրիկը։ Երևի նրանք դարձել են մյուս մայրիկիս պատանդները, և նա ուզում է ուժով նրանց աչքերին սև կոճակներ կարել։ Կամ իր մոտ է պահում նրանց, որպեսզի վերադարձնի ինձ ու ձեռք տա իր սարսափելի մատներով։ Չգիտեմ։

― Հասկանալի է։ Որպեսզի բռնի քեզ իր չար մագիլներով , ― ճշտեց նա։ ― Գիտե՞ք ինչ կառաջարկեմ ձեզ, միսս Ջոնս։

― Ոչ, ― պատասխանեց Քորալայնը։ ― Ի՞նչ կառաջարկեք։

― Խնդրեք մայրիկին, որ նա պատրաստի ձեզ համար մի մեծ բաժակ շոկոլադ ու ամուր գրկի։ Ոչինչ այնքան չի օգնում գիշերային մղձավանջներից, ինչպես մի բաժակ շոկոլադը և մայրիկի համբույրը։ Իսկ եթե բարկանա, որ դուք այս ուշ ժամին արթնացրել եք, ասացեք նրան, որ այդպես է պահանջել ոստիկանը։ Նրա ձայնը ներշնչող էր ու հանգստացնող։

Բայց Քորալայանին չհանգստացրեց։

― Եթե տեսնեմ նրան, անպայման կփոխանցե, ― ասաց նա և դրեց լսափողը։

Սև կատուն հատակին նստած ականջ էր դնում ու լեզվով մաքրում իր մուշտակը։ Երբ Քորալայնը վերջացրեց խոսակցությունը նա վեր կացավ ու դուրս եկավ միջանցք։

Քորալայնը վերադարձավ իր սենյակ, հագավ երկնագույն խալաթը ու տնային կոշիկները։ Գտավ լապտերիկը լվացարանի տակ, բայց լույսը շատ թույլ էր։ Նա տեղը դրեց լապտերիկը, վերցրեց անկանխատեսելի դեպքերի համար պահված սպիտակ մոմերի տուփը և մի մոմ հագցրեց մոմակալի մեջ։

Ամեն մի գրպանը մի խնձոր դրեց, վերցրեց խոհանոցից բանալիների կապոցը և անջատեց սև բանալին։

Հետո մտավ հյուրասենյակ ու նայեց դռանը։ Նրան թվաց, որ դուռն էլ իրեն է նայում։ Իհարկե Քորալայնը հասկանում էր, որ դա անհնար է, բայց հոգու խորքում համոզված էր դրանում։

Վերադառնալով ննջասենյակ նա ջինսերից վերցրեց անցքով քարը և դրեց խալաթի գրպանը։ Հետո վառեց մոմը, նայեց թե ինչպես է վառվում, վերցրեց սև բանալին։ Բանալին շատ սառն էր։

Քորալայնը դրեց բանալին կողպեքի անցքը, բայց չպտտեց այն։

Վաղուց, շատ վաղուց, երբ ես շատ փոքրիկ էի և մենք դեռ ապրում էինք հին տանը, ― ասաց Քորալայնը կատվին, ― ես խնդրեցի հայրիկիս որ գնանք զբոսնելու տան մոտ գտնվող մի անխնամ ամայի տարածքում։ Դա ամենալավ տեղը չէր զբոսնելու համար։ Այնտեղ թափված էին բազմաթիվ հին ու անպետք առարկաներ․ խոհանոցային օջախներ, ջարդված ափսեներ, առանց ձեռք ու ոտքի տիկնիկներ, պահածոների տուփեր ու դատարկ շշեր։ Մայրիկն ու հայրիկը վախենում էին, որ այդ տարածքը ուսումնասիրելիս ես կվնասվեմ կամ կհիվանդանամ կարկամախտով, կամ էլ մի ուրիշ հիվանդությամբ։

Իսկ ես անընդհատ կրկնում էի, որ շատ եմ ուզում այնտեղ զբոսնել։ Եվ ահա մի օր հայրիկս հագավ իր ծանր, շագանակագույն կոշիկները, ձեռնոցները, ինձ էլ հագցրեց երկարաճիտ կոշիկներ, ջինս ու սվիտեր և մենք գնացինք զբոսնելու այնտեղ։

Մենք դանդաղ իջնում էինք բլրից, որի ներքևում առվակ էր հոսում։ Հանկարծ հայրիկը բացականչեց․ «Քորալայն փախիր, արագ բարձրացիր բլուրը։ Նա այնպիսի ձայն ուներ, որ ես անմիջապես լսեցի նրան ու վազեցի վերև, բլրի գագաթը։ Ինչ֊որ բան կծեց ձեռքս, բայց ես շարունակում էի վազել։

Երբ տեղ հասա աղմուկ լսեցի։ Դա հայրիկն էր գալիս փղի նման դոփում ոտքերով։ Նա հասավ ինձ, ձեռքերի վրա վերցրեց և տարավ այդ տեղից։

Հետո մենք կանգնեցինք շունչ քաշելու համար ու ներքև նայեցինք։ Այնտեղ ամեն ինչ սև էր թռչող իշամեղուներից։ Երևի պատահաբար տրորել էինք նրանց բունը, չնկատելով թափված ճյուղերի մեջ։ Երբ ես վազում էի վերև, հայրիկը կանգնել էր տեղում, որպեսզի ես կարողանամ փախչել, և իշամեղուները կծում էին նրան։ Հետո, փախչելիս կորցրեց ակնոցները։

Ինձ կծել էին մի անգամ, իսկ նրան՝ երեսունինը։ Տանը հաշվեցինք կծած տեղերը լոգարանում։

Նա լռեց, կռացավ ու շոյեց կատվին։ Կատուն մի քանի քայլ ետ գնաց, նստեց ու սկսեց նայել Քորալայնին։

― Երեկոյան, հայրիկը գնաց ակնոցների ետևից, ― շարունակեց Քորալայնը։ ― Նա ասաց, որ վաղը հազիվ թե հիշի, թե որտեղ է նրանք կորցրել։ Շուտով նա վերադարձավ ակնոցները քթին։ Հայրիկն ասում էր, որ բոլորովին սարսափելի չէր այնտեղ կանգնած մնալ, չնայած իշամեղուները ցավագին կծում էին իրեն։ Նա մտածում էր միայն այն մասին, որ ես ժամանակ ունենամ փախչելու համար, որպեսզի մեղուները չկծեին երկուսիս էլ։

Քորալայնը նորից ընդհատեց իր պատմությունը և պտտեց բանալին։ Դուռը բացվեց։ Աղյուսե պատը չկար, առջևում մութ անցումն էր, որից փչում էր սառը քամի։

Քորալայնը անշարժ կանգնած էր, չհամարձակվելով ներս մտնել։

― Հայրիկը նաև ասաց, որ կանգնած մնալը ու մեղուների խայթոցներին դիմանալը առանձնապես մեծ քաջություն չէր։ Իսկ ակնոցների ետևից գնալը սարսափելի էր, որովհետև մեղուները նորից կարող էին հարձակվել։ Դրա համար իսկապես քաջություն էր պետք։

Քորալայնը մտավ մութ միջանցքը։ Խոնավության, փոշու ու բորբոսի հոտ էր գալիս։ Կատուն հետևեց նրան։

― Ինչո՞ւ էր քաջություն պետք, ― հարցրեց նա, հետաքրքրությամբ։

― Որովհետև իսկական համարձակությունը այն է, երբ դու վախենում ես, բայց շարունակում անել գործդ։

Մոմի լույսը պատերի վրա առաջացնում էր ահռելի, տարօրինակ ստվերներ։ Քորալայնը զգում էր, որ մթության մեջ իր կողքին ինչ֊որ բան է շարժվում, բայց չգիտեր, թե հատկապես ինչ։ Այդ «ինչ֊որ բանը» նրանից ոչ մի քայլ ետ չէր մնում։

― Դու որոշեցիր վերադառնալ այն մյուս աշխարհ, որովհետև ժամանակին հայրիկդ փրկե՞ց քեզ, ― հարցրեց կատուն։

― Ինչ հիմարիկն ես դու, ― պատասխանեց Քորալայնը։ ― Ես վերադառնում եմ, որովհետև նրանք իմ ծնողներն են։ Եթե ինձ օգնություն պահանջվեր, նրանք նույն բանը կանեին։ Ի դեպ, դու նորից խոսեցիր։

― Բախտս բերել է, ― հայտարարեց կատուն, ― որ ես ճանապարհորդում եմ այսպիսի հնարամիտ ու խելացի աղջկա հետ։

Նրա ձայնում ծաղր կար, բայց մազերը ցցվել էին, իսկ պոչի ծայրը ցնցվում էր։

Քորալայնը արդեն ուզում էր ներողություն խնդրել կամ ասել, որ անցյալ անգամ ճանապարհը իրեն ավելի կարճ թվաց, երբ հանկարծ ինչ֊որ մեկը կարծես ձեռքով հանգցրեց մոմը։

Մթան մեջ լսվում էին շրշույններ ու թխկոցներ։ Նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր ուզում է դուրս թռչել կրծքից։

Միջանցքի լույսը վառվեց, մութը ցրվեց, և Քորալայնը տեսավ առջևում կանգնած կնոջը։

Քորալայն, թանկագինս, այդ դո՞ւ ես, ― հարցրեց կինը։

― Մայրիկ, բացականչեց Քորալայնը և ուրախ նետվեց նրա մոտ։

― Թանկագինս, ― ասաց կինը։ ― Ինչո՞ւ ես անընդհատ ինձանից փախչում։

Քորալայնը զգաց, թե ինչպես նրա սառը ձեռքը գրկեց իրեն։ Անշարժ կանգնած նա դողում էր, իսկ մյուս մայրիկը ավելի ամուր էր նրան սեղմում իրեն։

― Որտե՞ղ են ծնողներս, ― հարցրեց Քորալայնը։

― Մենք այստեղ ենք, ― պատասխանեց մյուս մայրիկը։ Նրա ձայնը համարյա չէր տարբերվում մայրիկի ձայնից։ ― Մենք այստեղ ենք։ Մենք ուզում ենք սիրել քեզ, զվարճացնել, կերակրել ու պաշտպանել։

Քորալայնը ընկրկեց։ Մյուս մայրիկը դժկամորեն թուլացրեց ձեռքերը։

Միջանցքում աթոռի վրա նստած հայրիկը վեր կացավ տեղից ու ժպտաց։

― Գնանք խոհանոց և կազմակերպենք կեսգիշերային թեթև ընթրիք։ Ուզո՞ւմ ես որևէ բան խմել։ Գուցե տաք շոկոլա՞դ։

Քորալայնը մոտեցավ միջանցքի ծայրում գտնվող հայելուն։ Հայելու մեջ տեսավ երկնագույն խալաթով ու տնային կոշիկներով, հանգած մոմով մոմակալը ձեռքին մի աղջիկ, որի աչքերը լացակումաց էին, բայց իր աչքերն էին, այլ ոչ թե կոճակներ։

― Ես խիզախ կլինեմ, ― ասաց Քորալայնը հայելու միջի աղջկան։ ― Ոչ, ես արդեն խիզախ եմ։

Նա մոմակալը դրեց հատակին ու շրջվեց։ Մյուս հայրիկն ու մայրիկը իրենց աչք֊կոճակեները չէին կտրում նրանից։

― Ես սոված չեմ, ― ասաց նա։ ― Ոտելիք էլ ունեմ, տեսնո՞ւմ եք։

Նա հանեց խնձորը գրպանից ու կծեց, չնայած, ուտել չէր ուզում։

Մյուս հայրիկը մոլորված տեսք ուներ։ Մյուս մայրիկը ժպտաց և ցույց տվեց իր հիանալի, սովորականից ավելի երկար ատամները։ Լամպից արտացոլված լույսը նրա կոճակ աչքերում փայլում ու թրթռում էր։

― Դուք ինձ չեք վախեցնի, ― ասաց Քորալայնը, չնայած շատ էր վախենում։ ― Վերադարձրեք ծնողներիս։

Նրան թվաց, որ մյուս մայրիկի կոճակ աչքերը նեղացան։

― Ի՞նչ կարող եմ անել, սիրելիս, եթե քո ծնողները քեզ թողել են։ երևի դու նրանց ձանձրացրել կամ հոգնեցրել ես։ Իսկ ես երբեք քեզանից չեմ հոգնի, երբեք քեզ մենակ չեմ թողնի։ Ինձ հետ դու միշտ անվտանգության մեջ կլինես։

Մյուս մայրիկի մազերը վեր թռան, ինչպես ծովերի խորքում ապրող կենդանու շոշափուկներ։

― Ստում ես, նրանք չենք հոգնել ինձանից, ― ասաց Քորալայնը։ ― Այդ դու ես նրանց առևանգել։

― Հիմարիկ, հիմարիկ Քորալայն։ Նրանք շատ լավ են զգում իրենց առանց քեզ։

Քորալայնը լուռ նայում էր մյուս մայրիկին։

― Ես կապացուցեմ, ― ասաց նա և իր սպիտակ երկար մատներով անցավ հայելու փայլող մակերեսով։

Հայելին մգլապատեց, կարծես նրա վրա հրեշ շնչեց, հետո նորից պարզվեց, և Քորալայնը տեսավ իրենց բնակարանի մուտքի դուռը։ Դուռը բացվեց, հայրիկն ու մայրիկը ներս մտան։ Նրանց ձեռքին ճամպրուկներ էին։

― Հիանալի հանգստացանք, ― ասաց հայրիկը։

― Ի՞նչ լավ է, որ Քարոլայնը այստեղ չէ, ― ասաց մայրիկը երջանիկ ժպտալով։ ― Հիմա մենք կարող ենք անել այն ամենը, ինչի մասին միշտ երազել ենք, ― կգնանք այնտեղ, որտեղ հնարավոր չէր գնալ երեխայի հետ։

― Բացի այդ, ― ասաց հայրիկը, ― ես շատ ուրախ եմ, որ մյուս մայրիկը մեզանից ավելի լավ կհոգա նրա մասին։

Հայելին հանգավ։

― Տեսա՞ր, ― հարցրեց մյուս մայրիկը։

― Չտեսա։ Չեմ հավատում։

Քորալայնը գիտեր, որ իր տեսածը սուտ է, բայց այնքան համոզված չէր, որքան ուզում էր ցույց տալ։ Խնձորի միջի որդի նման նրա մեջ շարժվեց կասկածը։ Նա բարձրացրեց գլուխը և նկատեց, որ մյուս մայրիկի դեմքով կայծակնապես անցավ չարության արտահայտությունը։ Հիմա Քորալայնը վստահ էր․ հայելու մեջ տեսածը՝ խաբեություն էր։

Նա նստեց բազմոցին և սկսեց իր խնձորը ուտել։

― Թող քմահաճույքներդ, ― խնդրեց մյուս մայրիկը։

Նա գնաց հյուրասենյակ և երկու անգամ ծափ տվեց։ Շուտով հայտնվեց սև առնետը։

Մյուս մայրիկը ասաց նրան․

― Բանալին բեր։

Առնետը արագ կատարեց հանձնարարությունը․բերեց բանալին Քորալայնենց դռան վրայից։

― Ինչո՞ւ չունեք ձեր բանալին, ― հարցրեց Քորալայնը։

― Կա միայն մեկ բանալի ու մի դուռ, ― պատասխանեց մյուս հայրիկը։

― Լռիր, ― ասաց նրան մյուս մայրիկը։ Մեր թանկագին Քորալայնի գլուխը մի՛ ծանրաբեռնի այդպիսի մանրուքներով։

Նա դրեց բանալին կողպեքի անցքի մեջ ու դժվարությամբ պտտեց։ Կողպեքը փակվեց։

Հետո անփութորեն գոգնոցի գրպանը գցեց բանալին։

Արդեն սկսում էր լուսանալ։

― Եթե ուտել չենք ուզում, պետք է գոնե մի քիչ քնենք, ― ասաց մյուս մայրիկը։ ― Ես գնում եմ քնելու, Քորալայն, և առաջարկում եմ քեզ նույն բանը անել։

Նա իր երկար մատները դրեց մյուս հայրիկի ուսին և տարավ նրան սենյակից։

Քորալայնը մոտեցավ հյուրասենյակի անկյունի դռանը ու քաշեց բռնակը։ Դուռը փակ էր։ Մյուս ծնողների ննջարանի դուռը նույնպես փակ էր։

Նա շատ հոգնած էր, բայց քնել այս բնակարանում, մի հարկի տակ մյուս մայրիկի ու հայրիկի հետ նա չէր ցանկանում։

Նախասենյակի դուռը բաց էր, Քորալայնը դուրս եկավ բնակարանից ու նստեց քարե աստիճաններին։ Նա շատ էր մրսում։

Հանկարծ նա զգաց, որ իր կողքով մի փափլիկ բան անցավ։ Քորալայնը վախեցած վեր թռավ, բայց թեթևացած շունչ քաշեց, տեսնելով կատվին։

― Ախ, այդ դո՞ւ ես, ― ասաց նա սև կատվին։

― Տեսնո՞ւմ ես, ― հայտարարեց կատուն։ Առանց անունի էլ ինձ դժվար չի ճանաչել։

― Իսկ եթե ինձ պետք լինի քեզ կանչե՞լ։

Կատուն կնճռոտեց քիթը և անխռով ասաց․

― Կատուներին կանչելը անիմաստ է։

― Իսկ ի՞նչ անել, եթե ցանկանամ քեզ ճաշի կանչել, ― հարցրեց Քորալայնը։ ― Դու չես մերժի, ճի՞շտ է։

― Իհարկե ոչ, ― հայտարարեց կատուն։ ― Ուղղակի կանչիր․ «Արի ճաշելու», ― և վերջ։ Հասկացա՞ր։ Դրա համար անուն բոլորովին էլ պետք չէ։

― Ի՞նչ է ուզում նա ինձանից, ― հարցրեց Քորալայնը կատվին։ Ինչո՞ւ է ամեն ինչ անում, որպեսզի ինձ այստեղ պահի։

― Կարծում եմ, նրան պետք է ինչ֊որ մեկին սիրել, ― պատասխանեց կատուն։ Ինչ֊որ մեկին, որ նրան չի պատկանում։ Բայց միգուցե նա ուզում է քեզ ուտել։ Այդպիսի արարածներից երբեք չգիտես, թե հատկապես ինչ սպասել։

― Կարո՞ղ ես որևէ խորհուրդ տալ։

Կատուն այնպես նայեց նրան, կարծես ուզում էր իր հերթական կատակն անել, բայց մի քիչ լռելուց հետո բարձրացրեց բեղերը և լրջորեն ասաց․

― Չհանձնվես։ Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, որ նա ազնիվ խաղ կխաղա, բայց նրա նմանները սիրում են, երբ իրենց մարտահրավեր են նետում։

― Ի՞նչ մարտահրավեր, ― հարցրեց Քորալայնը։

Կատուն նրբագեղորեն ձգվեց ու գնաց։ Հետո կանգնեց, շրջվեց ու ավելացրեց․

― Եթե քո տեղը լինեի, մի քիչ կքնեի։ Առջևում դժվար օր է։

Ու գնաց։ Քորալայնը հասկացավ, որ նա ճիշտ է։ Նա մտավ տուն, կամացուկ անցավ մյուս ծնողների ննջարանի մոտով։ Որտե՞ղ են։ Ի՞նչ են անում։ Քնա՞ծ են։ Սպասո՞ւմ են։ Հետո նրա գլխում մի միտք ծագեց․ նա մտածեց, որ այժմ սենյակը դատարկ է, բայց հենց որ բացի դուռը, այնտեղ նորից կհայտնվեն իր նոր ծնողները։

Քորալայնը մտավ կանաչա֊վարդագույն ննջարանը, իր ետևից փակեց դուռը ու մոտեցրեց դռանը խաղալիքներով արկղը։ Իհարկե ցանկության դեպքում հեշտությամբ կարելի էր սենյակ մտնել, բայց աղմուկը կարթնացնի նրան։

Երբ նա տեղափոխում էր արկղը, քնած խաղալիքները շարժվեցին ու փնթփնթացին, բայց շուտով նորից հանգստացան։ Քորալայնը նայեց մահճակալի տակ։ Այնտեղ ոչ ոք չկար։ Նա հանվեց ու անկողին մտավ։ Քնելուց առաջ, մտածում էր, թե ի՞նչ նկատի ուներ կատուն, երբ ասում էր «Չհանձնվես»։


VI

Քորալայնին արթնացրեց դեմքին ընկած արևի շողը։

Որոշ ժամանակ Քորալայնը չէր հասկանում թե որտեղ է, նույնիսկ չէր հիշում թե ով է ինքը։

Հետաքրքիր է, ո՞ւր են չքվում երազները, երբ արթնանում ես։

ՔորալայնըՆա հաճախ երազում էր, որ ուսումնասիրում է հյուսիսային բևեռը, Ամազոնի արևադարձային անտառները կամ Աֆրիկան, բայց հերիք էր միայն նրա ուսին դիպչել, կամ անունը տալ, միանգամից վերադառնում էր հեռավոր ճանապարհորդությունից ու վայրկյանապես հիշում՝ ով է, որտեղից և ինչ է իր անունը։

Հիմա արևը լուսավորում էր նրա դեմքը, ու նորից նա Քորալայն Ջոնսն էր, արթնացել էր կանաչա֊վարդագույն սենյակում, որտեղ առաստաղի տակ թեթև շրշյունով թռվռում էր ահռելի գույնզգույն թղթե թիթեռնիկը։

Նա վեր կացավ մահճակալից և որոշեց, որ երևի պետք է հագնել մի որևէ բան մյուս Քորալայնի հագուստներից։ Չէ՞ որ նա չէր կարող ամբողջ օրը ման գալ խալաթով ու տնային կոշիկներով։ «Բայց արդյո՞ք երբևիցե եղել է այստեղ մի ուրիշ Քորալայն։ Երևի թե ոչ, ― որոշեց նա։ ― Քորալայնը միայն մեկն է»։ Սովորական հագուստ պահարանում չկար։ Պահարանի բոլոր հագուստները ավելի շուտ դիմակահանդեսի համար էին։ Այդպիսի հագուստներ նա դեմ չէր լինի ունենալ․ կախարդուհու զգեստ, տարբեր կտորների մնացորդներից կարված խրտվիլակի կոստյում, կարմիր, թարթող լամպերով այլմոլորակային զինվորի կոստյում, փայլերով ու հայելու կտորներով զարդարված նրբագեղ երեկոյան զգեստ։ Վերջապես նա գտավ գիշերվա նման մի սև թավշյա ջինս, մառախուղի նման մոխրագույն, թարթող աստղերով զարդարված սվիտեր և վառ նարնջագույն երկարաճիթ կոշիկներ։ Քորալայնը հագնվեց, խալաթի մի գրպանից հանեց վերջին խնձորը, մյուսից՝ անցքով քարը։ Քարը դրեց ջինսի գրպանը և կարծես դուրս եկավ մառախուղի միջից ու մտքերը պարզվեցին։

Նա մտավ խոհանոց, բայց այնտեղ մարդ չկար։

Քորալայնը համոզված էր, որ բացի իրենից բնակարանում էլի ինչ֊որ մեկը կա։ Եվ իսկապես, աշխատասենյակում սեղանի առջև նստած էր մյուս հայրիկը, բայց ոչինչ չէր անում։ Նույնիսկ իր հայրիկի նման չէր թերթում այգեգործական ամսագրերը, երբ ուզում էր ցույց տալ, որ աշխատում է։

― Իսկ ո՞ւր է մյուս մայրիկը, ― հարցրեց նա մյուս հայրիկին։

― Դուրս է եկել, ― ասաց նա, ամրացնում է մուտքերը գիշատիչ կենդանիներից պաշտպանվելու համար։

Թվում էր, թե նրան հաճելի է, որ իր հետ ինչ֊որ մեկը խոսում է։

― Առնետների՞ց։

― Ոչ, առնետները մեր բարեկամներն են։ Նրանք մեզ չեն անհանգստացնում։ Մեզ անհանգստացնում է միայն այն վեր բարձրացրած երկար պոչով մեծ կենդանին։

Դու կատվի՞ն նկատի ունես։

― Այո, ― պատասխանեց մյուս հայրիկը։

Այժմ նա նման չէր իր հայրիկին։ Նրա դեմքը նմանվել էր հասունացող խմորի։ Ընդգծված դիմագծերն ու ծալքերը հարթվել, անհետացել էին։

― Ես չպետք է խոսեմ քեզ հետ, երբ նա ներկա չէ, ― ասաց մյուս հայրիկը։ ― Մի անհանգստացիր, նա տանից հազվադեպ է դուրս գալիս։ Մենք աշխատում ենք այնքան հյուրասեր լինել, որ մտքովդ անգամ չանցնի ետ վերադառնալ։

Նա լռեց ու ձեռքերն իջեցրեց ծնկներին։

― Այժմ ես ի՞նչ է անեմ, ― հարցրեց Քորալայնը։

Մյուս հայրիկը մատը դրեց շրթունքներին։

― Եթե չես ուզում ինձ հետ խոսել, ― ասաց Քորալայնը, ― ես գնում եմ տունը ուսումնասիրելու։

― Այստեղ ոչինչ չես գտնի։ Մայրիկդ ինքն է ստեղծել այս տունը, այստեղ ապրող մարդկանց և բակը։ Ստեղծեց ու սկսեց սպասել քեզ։

Նա մատը դրեց շրթունքներին, կարծես ինչ֊որ ավելորդ բան ասաց։

Քորալայնը դուրս եկավ աշխատասենյակից և ուղղվեց դեպի հյուրասենյակի հին դուռը, փորձեց բացել այն, բայց դուռը փակ էր, իսկ բանալին մյուս մայրիկի մոտ էր։

Շուրջը ամեն ինչ ծանոթ էր, առարկաները նույնն էին․ տարօրինակ հոտ ունեցող կահույք, նկար՝ որի վրա պատկերված էր մրգերով ափսեն (խաղողի ճութ, երկու սալոր, դեղձ ու խնձոր), առյուծի թաթերի նման ոտքեր ունեցող փոքրիկ փայտե սեղան, և կարծես սենյակից տաք օդը դուրս քաշող դատարկ բուխարիկ։

Սակայն նա մի նոր բան տեսավ։ Բուխարիկի դարակին դրված էր մի անսովոր ապակյա գունդ։

Նա կանգնեց ոտքերի թաթերի վրա ու վերցրեց այն։ Նրա մեջ երկու մարդուկ կային։ Նա թափ թվեց գունդը, և նրա ներսում փայլուն ձյուն եկավ։ Դա հետաքրքիր էր, բայց Քորալայնը նայելու ժամանակ չուներ։ Պետք է գտներ ծնողներին ու տուն տանող ճանապարհը։ Նա տեղը դրեց գունդը ու դուրս եկավ փողոց։ Անցավ թարթող լամպերով դռան կողքով, որտեղ միսս Սփինքն ու Ֆորսիբլը իրենց անվերջանալի ներկայացումն էին տալիս և այգու խորքը գնաց։

Այնտեղ, որտեղից նա եկել էր, ծառերից հետո սկսվում էր մարգագետինը ու թենիսի խաղահրապարակը։ Իսկ այստեղ միայն անտառն էր, և ինչքան շատ էիր այնտեղ խորանում, այնքան ավելի քիչ էր նմանվում իսկական անտառի։ Շուտով ծառերը նմանվեցին էսքիզների․ ծառերի մոխրա֊շագանակագույն բների վրայի կանաչ բծերը, տերևներ էին պատկերում։

Երևի մյուս մայրիկին կամ ընդհանրապես չէին հետաքրքրում ծառերը, կամ կարծում էր, որ ոչ ոք այստեղ չի հասնի։

Նա շարունակեց իր որոնումները, մինչև ճանապարհը փակեց մառախուղը։ Այդ մառախուղը իսկական մառախուղի նման խոնավ չէր։ Նա ոչ տաք էր, ոչ սառը, դա ոչինչ էր։

― Ես հետազոտող եմ, ― ասում էր ինքն իրեն Քորալայնը։ Ես պետք է պարզեմ, թե ինչպես կարելի է այստեղից փախչել։ Ես պետք է շարունակեմ ճանապարհս։

Շրջապատող աշխարհը նման էր մաքուր սպիտակ թղթի, կամ ահռելի դատարկ սպիտակ սենյակի։ Այդ աշխարհին հնարավոր չէր ձեռք տալ, այդ աշխարհը ոչ հոտ ուներ, ոչ համ, ոչ էլ գույն։

«Սա մառախուղ չէ», ― մտածում էր Քորալայնը։ Բայց ի՞նչ է։ Նրան նույնիսկ թվաց, որ կուրացել է։ Ինքն իրեն նա տեսնում էր, բայց ոտքերի տակ ոչինչ չկար, միայն մառախլապատ, կաթնային սպիտակություն էր։

― Ի՞նչ ես անում, ― հարցրեց մի ձայն։

Քորալայնը ուշադիր նայեց ու ճանաչեց կատվին։ Նրա մազերը ցցված էին, աչքերը ահռելի էին թվում, պոչը կախ էր ընկած ոտքերի արանքում։

― Ես տան ճանապարհն եմ փնտրում, ― պատասխանեց Քորալայնը։

― Սա վատ տեղ է, ― ասաց կատուն։ ― Եթե ընդհանրապես կարելի է տեղ անվանել։ Այստեղ փնտրելն անիմաստ է։ Սա տարածության այն մասն է, որը նա ցանկացել է օգտագործել։

― Ո՞վ։

― Նա, ով իրեն մյուս մարիկ է անվանում, ― պատասխանեց կատուն։

― Բայց ո՞վ է նա իրականում, ― հարցրեց Քորալայնը։

Հանկարծ նա տեսավ մի բարձր ու մուգ, աշտարակի նման մի բան։

― Դու սխալվում էիր, ― ասաց նա կատվին։ ― Այստեղ ինչ֊որ բան կա․․․

Շինության մուգ ուրվագիծը ավելի տեսանելի էր դառնում։

― Բայց ախր սա․․․ ― անորոշ ասաց Քորալայնը։

― Դու իրավացի ես։ Սա այն տունն է, որտեղից դու քիչ առաջ դուրս ես եկել, ― հաստատեց կատուն։

― Երևի ես մոլորվել եմ մառախուղի մեջ, ― ասաց Քորալայնը։

Կատուն այնպես կորացրեց պոչը, որ այն նմանվեց հարցականի նշանի։

― Դու, հնարավոր է մոլորվել ես, բայց ես՝ ոչ։ Ուրեմն դու սխալվում ես։

― Բայց ինչպե՞ս կարելի է հեռանալ ու միաժամանակ վերադառնալ։

― Հեշտությամբ, ― ասաց կատուն։ Չէ՞ որ կարելի է երկրագնդի շուրջը պտտվել։ Մի տեղից դուրս գալ ու նույն տեղը վերադառնալ։

― Ուրեմն, սա շատ փոքրիկ աշխարհ է, ― նկատեց Քորալայանը։

― Նրան ավելին պետք չէ, ― ասաց կատուն։ ― Սարդոստայնի չափը որոշվում է միայն սարդի ճանճ բռնելու հարմարությամբ։

Քորալայնը սկսեց մրսել։

― Նա ասաց, որ մյուս մայրիկը գնացել է բոլոր մուտքերն ու ելքերը փակելու քեզանից, ― հայտնեց նա կատվին։

― Թող փորձի, ― ասաց կատուն անտարբեր։ ― Այո, թող փորձի։

Նրանք կանգնած էին տան մոտ գտնվող ծառերի տակ։ ― Այս ծառերը ավելի բնական տեսք ունեին, քան անտառի ծառերը։

― Այսպիսի տեղերում միշտ կարելի է գտնել մուտքեր ու ելքեր, որոնց մասին նա չգիտի։

― Բայց չէ՞ որ նա ինքն է ստեղծել այս տեղը, ― ասաց Քորալայնը։

― Սարքել է, ստեղծել է, ― ի՞նչ տարբերություն, ― փնթփթաց կատուն։ ― Ամեն դեպքում նա վաղուց է այստեղ հսկողություն հաստատել։

Հանկարծ նա ցնցվեց ու կայծակնային թռիչք կատարեց։ Քորալայնը չհասցրեց աչքը թարթել, կատուն նորից նստած էր իր առջև, թաթով գետնին սեղմելով մի մեծ սև առնետ։

― Հին, բարի ժամանակներում ես այնքան էլ չէի սիրում առնետ բռնել, ― կարծես ոչինչ էլ տեղի չէր ունեցել շարունակեց նա։ Բայց այստեղ առնետները նրա լրտեսներն են, նրա աչքերն ու ականջները․․․ Այս բառերն ասելիս, կատուն բաց թողեց առնետին։

Առնետը արդեն բավական հեռու էր փախել, բայց կատուն մի թռիչքով հասավ նրան և նորից հարվածեց թաթով, մյուսով սեղմելով նրան գետնին։

― Հիանալի հարված էր, ― գոհունակությամբ ասաց կատուն։ ― Ուզո՞ւմ ես մի անգամ էլ տեսնել։

― Ոչ, ― ասաց Քորալայնը։ ― Ինչո՞ւ ես նրան տանջում։

― Հըմ, ― ասաց կատուն ու նորից բաց թողեց առնետին։

Չհավատալով երջանկությանը առնետը մի քանի անվստահ քայլ արեց, հետո սկսեց արագ փախչել։

Կատուն նորից հասավ նրան, խփեց թաթով, նետեց վերև ու ատամներով բռնեց։

― Հերիք է, ― ասաց Քորալայնը։

Կատուն սեղմեց առնետին թաթերի մեջ։

― Ոմանք, ― հոգոց հանեց նա, ― կատուների սովորությունը խաղալ իրենց զոհի հետ անմարդկային են համարում, բայց հենց այդ սովորության պատճառով է, որ փոքրիկ ծիծաղելի մսի կտորներին երբեմն հաջողվում է փախչել։ Հաճա՞խ է քո ճաշը փախչում։

Նա ատամներով վերցրեց առնետին ու անհետացավ ծառերի ետևում։

Քորալայնը վերադարձավ տուն։ Այստեղ ամայի էր ու լուռ։ Նույնիսկ նրա քայլերը գորգի վրա շատ բարձր էին հնչում։ Արևի շողերում պտտվում էր փոշին։

Քորալայնը նայեց հայելու մեջ և նկատեց, որ իր տեսքը ավելի վստահ ու քաջ է, քան իրականում է։ Բացի իրենից ու միջանցքից հայելին ոչինչ չէր արտացոլում։

Հանկարծ մի ձեռք դիպավ նրա ուսին։ Քորալայնը շրջվեց։ Մյուս մայրիկը նայում էր նրան իր սև կոճակներով։

― Թանկագին Քորալայն, ― ասաց նա։ Արի մի որևէ խաղ խաղանք։ Ի՞նչ խաղ կցանկանայիր խաղալ․ «քառակուսինե՞ր», « Երջանիկ ընտանի՞ք», թե՞ «Մոնոպոլիա։

― Դու չես արտացոլվում հայելում, ― ասաց Քորալայնը։

Մյուս մայրիկը ժպտաց․

― Հայելիներին երբեք չի կարելի վստահել, ― պատասխանեց նա։ ― Ուրեմն, ի՞նչ ենք խաղալու։

― Ես չեմ ուզում քեզ հետ խաղալ, ― ասաց Քորալայնը։ Ես ուզում եմ տուն վերադառնալ ու ապրել իմ իսկական ծնողների հետ։ Ես ուզում եմ, որ դու նրանց բաց թողնես։ Որ բոլորիս ազատես։

Մյուս մայրիկը դանդաղ ճոճեց գլուխը։

― Քո բառերը ինձ համար ավելի ցավալի են, քան օձի խայթոցը, ― պատասխանեց նա։ ― Ահա թե ինչպիսին է որդիական անշնորհակալությունը։ Բայց միևնույն է, իմ սերը կհալեցնի քո սառցակալած սիրտը։

― Ես երբեք քեզ չեմ սիրի, ― ասաց Քորալայնը։ ― Երբեք։ Դու չես կարող ինձ ստիպել։

― Արի զրուցենք դրա մասին, ― պատասխանեց մյուս մայրիկը ու գնաց նախասենյակ։ Քորալայնը հետևեց նրան։

Մյուս մայրիկը նստեց բազմոցին, վերցրեց տնտեսական պայուսակը, հանեց այնտեղից խշխշան փաթեթը և մեկնեց Քորալայնին։

― Ուզո՞ւմ ես, ― քաղաքավարի հարցրեց նա։

Քորալայնը կարծելով, որ փաթեթում շոկոլադե կոնֆետներ կամ իրիսներ են, նայեց փաթեթի մեջ։ Փաթեթը կիսով չափ լի էր մեծ, սև, փայլուն բզեզներով, որոնք աշխատում էին դուրս գալ այնտեղից։

― Ոչ, ― պատասխանեց Քորալայնը, ― չեմ ուզում։

― Ինչպես ուզում ես, ― ասաց մյուս մայրիկը։ Նա խնամքով հանեց փաթեթեից ամենամեծ բզեզին, պոկեց նրա թաթիկները, գցեց ապակյա մոխրամանի մեջ, բզեզին բերանը դրեց ու հաճույքով խրթխրթացրեց։

― Ի՜նչ համով է, ― ասաց նա ու մի բզեզ էլ դրեց բերանը։

― Դու խելագար ես, ― բացականչեց Քորալայնը, ― դու խելագար, չար կախարդ ես։

― Մի՞թե կարելի է մայրիկի հետ այդպես խոսել, ― հարցրեց մյուս մայրիկը բզեզներով լիքը բերանով։

― Դու իմ մայրիկը չես, ― ասաց Քորլայնը։

Մյուս մայրիկը ուշադրություն չդարձրեց նրա բառերի վրա։

― Դու շատ բորբոքված ես։ Այսօր երեկոյան մենք կզբաղվենք ասեղնագործությամբ, կամ կնկարենք։ Եթե քեզ լավ պահես, թույլ կտամ խաղալ առնետների հետ։ Իսկ նախքան բարի գիշեր մաղթելն ու համբուրելը, ես քեզ հեքիաթ կպատմեմ։

Նրա երկար մատները շարժվեցին, հոգնած թիթեռնիկի նման։

Քորալայնը ցնցվեց։

― Ոչ, ― ասաց նա։

Մյուս մայրիկը բացեց բերանը և հերթական բզեզը դրեց այնտեղ։ Հետո էլի մեկին, կարծես դրանք շոկոլադապատ չամիչ լինեին։ Սև կոճակե աչքերը նայում էին ուղիղ Քորալայնի շագանակագույն աչքերին։ Փայլող, մուգ մազերը թռչում ու փաթաթվում էին նրա վզին ու ուսերին այնպես, կարծես նրանց շարժում էր քամին, բայց քամի չկար։

Որոշ ժամանակ նրանք լուռ նայում էին միմյանց։ Հետո մյուս մայրիկը բացականչեց․

― Ինչպե՞ս ես քեզ պահում։

Նա խնամքով փակեց փաթեթը, որպեսզի բզեզները չփախչեն, և նորից դրեց պայուսակի մեջ։ Գոգնոցի գրպանից հանեց սև բանալին, հետո դեմքի դժգոհ արտահայտությամբ դրեց պայուսակի մեջ, ու հանեց մի փոքրիկ արծաթափալ բանալի։

Ահա այն, ― ասաց նա։ ― Ես քո լավն եմ ցանկանում։ Չէ՞ որ ես ուզում եմ, որ դու լավ դաստիարակված լինես։ Դաստիարակված մարդը պետք է կարողանա իրեն լավ պահել։

Նա հրելով տարավ Քորալայնին միջանցքի ծայրը, հայելու մոտ, դրեց բանալին անտեսանելի անցքի մեջ ու պտտեց այն։

Հայելին դռան նման բացվեց։ Դռան ետևում կատարյալ մութ էր։

― Այստեղից դուրս կգաս միայն այն ժամանակ, երբ կսովորես քեզ լավ պահել, ― ասաց մյուս մայրիկը։ ― Երբ պատրաստ լինես՝ սիրող դուստր դառնալ։

Նրա բերանից ցցվել էր մի կտոր բզեզ, սևկոճակ աչքերը ոչինչ չէին արտահայտում։ Նա հրեց աղջկան հայելու ետևի նեղ խուցը ու փակեց դուռը։ Քորալայնը մնաց մթության մեջ։

VII

Նա ուզում էր լաց լինել, հետո միտքը փոխեց։ Միայն խորը շունչ քաշեց, և, առաջ պարզելով ձեռքերը սկսեց ուսումնասիրել տարածությունը, ուր փակված էր։ Այդ խուցը պահոցասենայկի չափ էր․ բավականին ընդարձակ էր կանգնելու կամ նստելու համար ու շատ փոքր էր, որպեսզի հնարավոր լիներ պառկել։ Պատերից մեկը ապակյա էր։ Այն շատ սառն էր։

Նա նորից ու նորից շոշափում էր այն ամենը ինչին հասնում էին ձեռքերը, բայց ոչ բռնակ, ոչ անջատիչ, ոչ էլ գաղտնի կողպեք չգտավ։

Նրա ափի վրայով վազեց մի սարդ, և նա բարձր ճչաց։ Մթության մեջ Քորալայնը մենակ էր, բոլորովին մենակ, եթե իհարկե հաշվի չառնենք սարդին։

Հանկարծ նրա ձեռքը դիպավ մի ինչ֊որ փափուկ ու սառը, այտի նմանվող բանի։ «Սս֊ս֊ս֊ս, ձայն մի հանիր, թե չէ չար վհուկը կլսի մեզ»։

Ինչ֊որ մեկի ձեռքը դիպավ նրա դեմքին։ Սառը մատները շոյում էին նրան։ Այդ հպումները նման էին թիթեռնիկի թևերի շարժումների։ Հանկարծ մի ուրիշ մտազբաղ ու ցածր ձայն ասաց․ «Անհավանական է․․․ Դու կենդանի՞ ես»։ Քարոլայնը որոշեց, որ այդ ամենը իրեն թվում է։

― Այո, ― ասաց Քարոլայնը։

― Խեղճ երեխա, ― ասաց առաջին ձայնը։

― Ո՞վ եք դուք, ― հարցրեց Քորալայնը։

― Անուններ, անուններ, անուններ, ― մոլորված ու անհույս ասած մյուս ձայնը։ Երբ շունչը դադարում է ու կանգնում է սիրտը, առաջին հերթին անհետանում են անունները։ Մեր հիշողությունը ապրում է անուններից երկար։ Մինչև հիմա էլ հիշում եմ, թե ինչպես մի օր դայակս բակ բերեց խաղալիքներ, ինչպիսի արևային առավոտ էր, ինչպես էր թեթև քամին ճոճում ծաղկաթմբի կակաչները։ Բայց ես մոռացել եմ անունս, մոռացել եմ կակաչների անունները։

― Ինչքան գիտեմ կակաչները անուններ չեն ունենում, ― ասաց Քորալայնը։ ― Չէ որ դրանք միայն ծաղիկներ են։

― Միգուցե, ― տխուր ասաց ձայնը։ ― Ինձ միշտ թվում էր, որ նրանք անուններ ունեն։ Նրանք կարմիր, դեղին, կարմրա֊նարնջագույն էին ու նման էին ձմռան երեկոյան բուխարիկի մեջ վառվող ածուխների։ Ես նրանց լավ եմ հիշում։

Ձայնը այնքան տխուր էր, որ Քորալայնը ձեռքը մեկնեց ձայնի կողմը ու ամուր սեղմեց ինչ֊որ մեկի սառը մատները։

Աղջկա աչքերը սկսեցին սովորել մթությանը։ Հիմա Քորալայնը տեսնում էր, կամ նրան թվում էր, թե տեսնում է ցերեկային լույսի տակ լուսնին նմանվող երեք թափանցիկ ու գունատ ստվերներ։ Դրանք մոտավորապես իր հասակի երեխաների ստվերներ էին։

― Շնորհակալություն, ― ասաց ձայնը։

― Դու տղա՞ ես, թե աղջիկ, ― հարցրեց Քորալայնը։

Ձայնը լռում էր, հետո կասկածանքով ասաց․

― Երբ փոքր էի շրջազգեստներ էի հագնում, իսկ մազերս գանգուր էին ու երկար։ Բայց երբ հարցրիր, ինձ թվում հիշեցի, որ մի օր շրջազգեստները փոխարինեցին բրիջերով ու կտրեցին մազերս։

― Մենք էլ ոչինչ չենք հիշում, ― ասաց առաջին ձայնը։

― Երևի ես տղա էի, ― շարունակեց այն ստվերը, որի ձեռքը բռնել էր Քորալայնը։ ― Վստահ եմ, որ տղա էի։

― Ի՞նչ պատահեց ձեզ հետ, ― հարցրեց Քորալայնը։ ― Ինչպե՞ս այստեղ հայտնվեցիք։

― Նա թողեց մեզ այստեղ, ― պատասխանեց ձայներից մեկը։ ― Նա խլեց մեզանից մեր սրտերն ու հոգիները, մեր կյանքը։ Փակեց մեզ այս սենյակում ու մոռացավ մեր մասին։

― Ի՜նչ մեղք եք, ― ասաց Քորալայնը, ― վաղո՞ւց եք այստեղ։

― Շա՜տ, շատ վաղուց, ― ասաց ձայնը։

― Այնքան վաղուց, որ հնարավոր չէ որոշել, ― ավելացրեց մյուս ձայնը։

Ես մտա այն սենյակը որտեղ սեղանն էր, ― ասաց այն ձայնը որը իրեն տղա էր համարում, ― և հայտնվեցի հյուրասենյակում։ Նա ինձ սպասում էր այնտեղ։ Հետո ասաց, որ իմ մյուս մայրիկն է, իսկ հարազատ մայրիկիս ես էլ երբեք չտեսա։

― Փախի՛ր այստեղից, ― ասաց այն ձայնը, որին Քորալայնը աղջիկ էր համարում։ ― Փախիր, քանի դեռ շնչել ես կարողանում, երակներումդ արյուն է հոսում ու սիրտդ դեռ կենդանի է։ Փախիր, քանի դեռ ողջամիտ ես ու հոգի ունես։

― Ես չեմ գնա այստեղից, ― ասաց Քորլայնը։ Նա առևանգել է իմ ծնողներին։ Ես եկել եմ նրանց փրկելու։

― Բայց նա այնքան կպահի քեզ այստեղ, մինչև օրերը փոշիանան, տերևները թափվեն ու տարիները անցնեն ժամանակի արագությամբ։

― Ոչ, ― ասաց Քորալայնը։ ― Չի ստացվի։

Հայելու ետևի խցիկում լռություն տիրեց։

― Եթե տեղի ունենա անհնարինը, ― մթության միջից ասաց ձայնը, ― և քեզ հաջողվի փրկել հայրիկիդ ու մայրիկիդ, դու կարող ես նրանից ետ վերցնել նաև մեր հոգիները։

― Նա հոգինե՞րն էլ է առևանգել։ ― Քորալայնը ցնցված էր։

― Այո։ Եվ պահել է։

― Հենց այդ պատճառով էլ նույնիսկ մահից հետո մենք չկարողացանք այստեղի դուրս գալ։ Նա պահում է մեզ այստեղ։ Մենք նրա սնունդն էինք, մինչև օձի կաշվի կամ սարդի կմախքի նման՝ ոչինչ դարձանք։ Գտիր մեր հոգիները, աղջիկ։

― Իսկ ի՞նչ կլինի ձեզ հետ, եթե գտնեմ ձեր հոգիները, և ի՞նչ կանի նա ինձ հետ, ― հարցրեց Քորալայնը։

Ձայները լռում էին։ Նրանց ուրվագծերը թույլ թարթում էին, նրանք նմանվում էին այն այն պատկերին, որը տեսնում ենք ուժեղ արևին նայելուց հետո։

― Դա այնքան էլ ցավոտ չէ, ― շշնջաց ձայներից մեկը։

― Նա կվերցնի այն ամենը ինչ թանկ է քեզ համար, ուրախությունդ ու կյանքդ, միայնակ կթողնի խիտ մառախուղի մեջ։ Մի օր դու կարթնանաս ու կզգաս, որ քո սիրտն ու հոգին այլևս քոնը չեն։ Կմնա միայն դատարկ պատյանդ, թեթև մի ամպիկ, լուսաբացից առաջ տեսած երազ, անորոշ մի հուշ։

― Դու կդառնաս ոչինչ, ― շշնջաց երրորդ ձայնը, ― ոչինչ, ոչինչ, ոչինչ․․․

― Դու պետք է փախչես, ― համարյա անլսելի կրկնեց առաջին ձայնը։

― Չեմ կարծում, ― պատասխանեց Քորալայնը։ Մի անգամ ես արդեն փախել եմ, բայց նորից վերադարձել եմ։ Նա առևանգել է ծնողներիս։ Դուք գիտե՞ք, ինչպես դուրս գալ այստեղից։

Եթե իմանայինք, իհարկե կասեինք։

― Նա ինձ այստեղ հավերժ չի պահի, ― ասաց Քորալայնը։ ― Կախարդը ինձ այս ծուղակն է գցել, ինձ հետ խաղալու համար։ «Նա սիրում է, երբ նրան մարտահրավեր են նետում», ― կարծես այսպես ասաց կատուն։ Այստեղ մթության մեջ նստելով, ես ոչ մի մարտահրավեր չեմ կարող նետել նրան։

Քորալայնը շուռումուռ էր գալիս, աշխատելով հնարավորինս հարմար տեղավորվել հայելու ետևի փոքրիկ խցում։ Սովից նրա փորը կծկվում էր։ Քորալայնը կերավ վերջին խնձորը, փոքրիկ կտորներ կծելով, աշխատելով երկարաձգել հաճույքը։ Խնձորը կերավ, բայց սոված մնաց։

Հանկարծ նրա գլխում մի միտք ծագեց ու նա շշնջաց․

Երբ ինձ բաց թողնելու համար նա բացի դուռը, դուք կարո՞ղ եք իմ ետևից դուրս գալ։

― Հաճույքով դուրս կգայինք, ― հազիվ լսելի ասացին ձայները։ ― Բայց մեր սրտերը նրա մոտ են և մենք պատկանում ենք մթությանն ու դատարկությանը։ Ցերեկային լույսը կայրի մեզ։

Քորալայնը տնքաց։

Նա փակեց աչքերը և մթությունը ավելի խտացավ։ Գլխի տակ դնելով ծալված սվիտերը նա փորձեց քնել։ Քնի մեջ նա զգաց, որ ինչ֊որ մեկը համբուրեց նրան ու շշնջաց․ «նայիր քարի անցքի մեջ»։


VIII

Մյուս մայրիկը շատ ավելի լավ տեսք ուներ․ նրա այտերր կարմրել էին, մազերը հավաքված էին օղակաձև ու նման էին արևի տակ տաքացող օձերի։ Կոճակ աչքերը փայլում էին այնպես, կարծես հենց նոր էին հղկվել։

Նա հեշտությամբ անցավ հայելու միջով ու մտավ խուցը։ Հետո փոքրիկ արծաթե բանալիով բացեց դուռը և կիսաքուն աղջկան այնպես վերցրեց ձեռքերի վրա, ինչպես իր իսկական մայրիկն էր վերցնում, երբ Քորալայնը դեռ շատ փոքրիկ էր։ Մյուս մայրիկը տարավ Քորալայնին խոհանոց ու զգուշությամբ դրեց սեղանին։

Քորալայնը աշխատում էր արթնանալ։ Մի պահ նրան թվաց, որ իրեն գրկում են իսկական մայրիկի ձեռքերը, բայց նա շատ արագ հիշեց որտեղ է և ով է իր հետ։

― Իմ քաղցրիկ Քորալայն, ― ասաց մյուս մայրիկը, ― ես եկա ու վերցրի քեզ այնտեղից։ Հարկավոր էր քեզ մի լավ դաս տալ։ Մենք խիստ ենք, բայց միաժամանակ մարդասեր ենք։ Մենք սիրում ենք մեղավորներին, բայց ատում ենք մեղքը։ Եթե քեզ պահես մայրիկին սիրող օրինակելի աղջկա նման, լինես քաղաքավարի ու լսող, մենք լեզու կգտնենք ու կսիրենք միմյանց։

― Այնտեղ ուրիշ երեխաներ էլ կան, ― ասաց Քորալայնը։ ― Նրանք շատ վաղուց են այնտեղ։

― Այնտեղ որտե՞ղ, ― հարցրեց մյուս մայրիկը։

Նա վազվզում էր սառնարանի ու տապակի միջև, հանելով ձու, պանիր, կարագ ու խոզապուխտ։

― Այնտեղ, ― պատասխանեց Քորալայնը։ ― Դու ի՞նձ էլ ես դարձնելու մեռած, դատարկ խեցի։

Մյուս մայրիկը քնքշորեն ժպտաց․ մի ձեռով նա ձուն էր ջարդում, մյուսով հարում։ Հետո նա գցեց տապակի մեջ մի կտոր կարագ, որը միանգամից հալվեց։ Նա բարակ կտրատեց պանիրը, տաք կարագը լցրեց հարած ձվի վրա, ավելացրեց պանիրը ու մի լավ խառնեց։

― Ինչ հիմարիկն ես, ― ասաց մյուս մայրիկը։ ― Ես քեզ միշտ կսիրեմ։ Մի հավատա ուրվականներին, ուրվականները ստախոս են։ Տես, թե ինչ հիանալի նախաճաշ եմ պատրաստում քեզ համար։ ― Նա լցրեց դեղին խառնուրդը տապակի մեջ։ ― Քո սիրած պանրով ձվածեղ է։

Քորալայնը շատ սոված էր։

― Քանի որ դու սիրում ես խաղալ, ― ասաց Քորալայնը, ― ահա թե ինչ եմ ուզում առաջարկել։

Մյուս մայրիկի սև աչքերը փայլեցին։

― Իսկ ո՞վ չի սիրում խաղալ։

― Իսկապես, ― պատասխանեց Քորալայնը, իջավ սեղանից ու նստեց աթոռին։

Տապակի միջի խոզապուխտը, հիանալի բուրմունք ուներ։

― Եթե դու հաղթես, ավելի երջանի՞կ կլինես, ― հարցրեց Քորալայնը։

― Հնարավոր է, ― ասաց մյուս մայրիկը։ Նրա դեմքը անտարբեր էր, բայց մատները նյարդայնորեն թխկթխկացնում էին սեղանին։ Նա լպստեց շրթունքները ալ֊կարմիր լեզվով։ ― Իսկ ի՞նչ ես առաջարկում։

― Առաջարկում եմ ինձ, ― ասաց Քորալայնը, դողացող ծնկները սեղանի տակ թաքցնելով։ ― Եթե տարվեմ՝ ընդմիշտ կմնամ այստեղ ու թույլ կտամ ինձ սիրել։ Ես կաշխատեմ ամենաօրինակելի աղջիկը լինել, կուտեմ քո պատրաստած կերակուրը ու «Երջանիկ ընտանիք» կխաղամ քեզ հետ։ Թույլ կտամ, որ իմ աչքերը կոճակներով փոխարինես։

Մյուս մայրիկը նայեց նրան։ Նրա աչքերը ոչինչ չէին արտահայտում։

― Գայթակղիչ է, ― ասաց նա։

― Իսկ եթե դու հաղթե՞ս։

― Այդ դեպքում դու կազատես ինձ։ Բաց կթողներս ծնողներիս ու այն մեռած երեխաներին, որոնց խաբեությամբ այստեղ ես պահել։

Մյուս մայրիկը մի կտոր խոզապուխտ դրեց ափսեի մեջ։ Հետո թեքեց տապակը և իդեալական ձև ունեցող ձվածեղը տեղավորվեց խոզապուխտի կողքին։

Նա ափսեն դրեց Քորալայնի առջև նարնջի հյութի ու ախորժելի փրփուր ունեցող տաք շոկոլադի բաժակի հետ։

― Ինձ դուր է գալիս քո առաջարկը, ― ասաց նա։ ― Ի՞նչ խաղ ենք խաղալու։ Հանելուկնե՞ր ենք լուծելու, թե՞ կմրցենք պարզելու համար, ով է ավելի ճարպիկ ու հնարամիտ։

― Թող դա լինի որոնողական խաղ, ― առաջարկեց Քորալայնը, ― սառն է, տաք է, խաղի նման մի բան։

― Իսկ ի՞նչ ենք փնտրելու, Քորալայն Ջոնս։

Քորալայնը մտածեց ու ասաց․

― Ծնողներիս ու հայելու ետևի երեխաների հոգիները։

Ի պատասխան մյուս մայրիկը գոհունակությամբ ժպտաց։ Քորալայնին մնում էր միայն հուսալ որ չի սխալվել, որովհետև արդեն ոչինչ հնարավոր չէր փոխել։

― Պայմանավորվեցինք, ― ասաց մյուս մայրիկը։ ― Իսկ հիմա, թանկագինս, դու պետք է նախաճաշես։ Կարող ես չանհանգստանալ, կերակուրը քեզ չի վնասի։

Քորալայնը ատում էր իրեն, բայց աչքը չէր կտրում նախաճաշից։ Նա շատ սոված էր։

― Կարո՞ղ եմ համոզված լինել, որ դու ինձ չես խաբի, ― հարցրեց Քորալայնը։

― Երդվում եմ, ― պատասխանեց մյուս մայրիկը։ ― Երդվում եմ մայրիկիս գերեզմանով։

― Նա գերեզմանո՞ւմ է, ― հարցրեց Քորալայնը։

― Այո, ― ասաց մյուս մայրիկը։ ― Ես ինքս եմ նրան այնտեղ դրել։ Երբ նա փորձեց դուրս գալ, ես նրան նորից այնտեղ խցկեցի։

― Մի ուրիշ բանով երդվիր։ Ես պետք է համոզված լինեմ, որ կկատարես քո խոստումը։

― Երդվում եմ իմ աջ ձեռքով, ― ասաց մյուս մայրիկը ու բարձրացնելով ձեռքը դանդաղ շարժեց մագիլների նմանվող երկար եղունգներ ունեցող մատները։ ― Այս ձեռքով, տեսնո՞ւմ ես։

Քորալայնը թոթվեց ուսերը։

― Լավ, ― համաձայնեց նա, ― պայմանավորվեցինք։

Նա սկսեց ուտել ու հասկացավ, որ շատ ավելի սոված է, քան կարծում էր։ Քիչ էր մնում բոլորը միանգամից կուլ տար։ Բայց նարնջի հյութից հետո նա զգաց, որ տաք շոկոլադի համար էլ տեղ չկա։

― Որտե՞ղ սկսեմ որոնումներս, ― հարցրեց աղջիկը։

― Որտեղ ուզում ես, ― անտարբեր ձևանալով պատասխանեց մյուս մայրիկը։

Քորալայնը սկսեց մտածել։ Փնտրել բակում կամ այգում միտք չուներ, քանի որ նրանք իսկական չէին, իրականում գոյություն չունեին։ Այն աշխարհում, որը ստեղծել է մյուս մայրիկը չկան ոչ լքված թենիսի խաղահրապարակը, ոչ էլ ջրհորը։ Իսկական էր միայն տունը։

Նա ուշադիր զննեց խոհանոցը։ Նայեց ջեռոցի ու սառնարանի մեջ։ Մյուս մայրիկը հետևում էր Քորալայնին։ Նրա շրթունքների անկյունները ինքնագոհ ժպտում էին։

― Իսկ ի՞նչ չափսի են այդ հոգիները, ― հարցրեց Քորալայնը։

Մյուս մայրիկը լուռ նստեց սեղանի մոտ ու հենվեց պատին։ Նա զգուշորեն թխկթխկացրեց մատներով իր սև ու հղկված աչքերին։

― Հիանալի է, ― ասաց Քորալայնը, ― կարող ես ոչինչ չասել։ Առանց քո օգնության կգտնեմ։ Ամեն մի հիմար էլ գիտի, որ հոգիները գնդակի չափ են։

Նա հույս ուներ, որ մյուս մայրիկը կասի․ «Հիմարություն, նրանք սոխի կամ ճամպրուկի չափ են, կամ՝ պապիկի ժամացույցի», բայց մյուս մայրիկը միայն ժպտում էր։ Նրա մատների համաչափ թխկթխկոցը հիշեցնում էր անսարք ծորակից լվացարանին կաթող ջրի կաթիլների ձայնը։ Բայց շրջվելով Քորալայնը հայտնաբերեց, որ ջուրը իսկապես կաթում է ու խոհանոցում նա մենակ է։ Բայց եթե մյուս մայրիկը այստեղ չէր, նա կարող էր որտեղ ասես լինել։ Իսկ ամենասարսափելին այն է, ինչը չես կարող տեսնել։

Ավելի վստահ զգալու համար Քորալայնը ձեռքերը գրպանները դրեց և նրանցից մեկում շոշափեց քարը։

Ամուր բռնելով քարը նա ձեռքը հանեց գրպանից և այնպես մեկնեց, կարծես ձեռքին ատրճանակ էր ու դուրս եկավ միջանցք։

Մշուշապատ հայելում երևացին գունաթափ, անորոշ դեմքեր։ Հետո դեմքերն անհետացան ու երևաց մի փոքրիկ աղջիկ։ Նրա ձեռքին վառվում էր ածուխի նման մի բան։

Քորալայնը նայեց իր ձեռքին, որում բացի ամենասովորական քարից ոչինչ չկար։ Նա նորից նայեց հայելուն։ Քարը փայլում էր զմրուխտի նման։ Հայելում արտացոլվող ճառագայթը ուղղված էր դեպի Քորալայնի ննջասենյակը։

― Հըմ, ― ասաց Քորալայնը և ուղղվեց այնտեղ։ Խաղալիքները սկսեցին հուզված թռչել սենյակով մեկ, կարծես ուրախանալով, որ նա եկավ։

Քորալայնը ուշադիր զննեց սենյակը, նայեց պահարանի մեջ, ստուգեց դարակները։ Թափեց արկղի խաղալիքները հատակին։ Մոխրագույն ապակյա գունդը գլորվեց ու դիպավ պատին։ «Այս խաղալիքները նման չեն հոգու», ― մտածեց Քորալայնը։ Նա ուշադիր զննեց կենդանիների նմանվող զարդարանքներով գեղեցիկ արծաթյա ապարանջանը։ Հետո նորից նայեց անցքով քարին, բայց քարը «լռում» էր։ Խաղալիքների մեծ մասը թաքնվել էր մահճակալի տակ։ Հատակին մնացել էին միայն կանաչ զինվորիկը, մոխրագույն գունդը, վարդագույն «Յո֊յոն» ու էլի մի քանի խաղալիքներ։ Այդպիսի խաղալիքներ՝ մոռացված, չսիրված, հաճախ են լինում արկղերի մեջու տանը։

Նա արդեն ուզում էր դուրս գալ սենյակից, երբ հիշեց, թե ինչ շշնջաց կամացուկ ձայնը, երբ նա խցում էր։ Նա մոտեցրեց քարը իր աջ աչքին, ձեռքով փակեց մյուս աչքը, ու նայեց սենյակին անցքի միջով։ Նրան շրջապատում էր մոխրագույն, կարծես մատիտով նկարված մի աշխարհ։ Ամեն ինչ մոխրագույն էր, բայց ինչ֊որ բան հատակին ցոլում էր, ինչպես վառվող ածուխը բուխարիկում, ինչպես կարմրա֊նարնջագույն կակաչ։ Քորալայնը վախենում էր կորցնել այդ կրակը, և փորձեց ձեռքով գտնել այն։ Նա վերցրեց մի ինչ֊որ սառը ու հարթ բան։ Հեռացնելով քարը աչքից, իր վարդագույն ափում տեսավ մոխրագույն գունդը։ Բայց անցքի միջով նայելիս, նա նորից վերածվեց կարմիր կրակի։ Այդ ժամանակ նա լսեց մի շշուկ․

― Ինձ թվում է, լեդի, որ ես իսկապես տղա էի, հիմա ես ավելի քան երբևիցե համոզված եմ դրանում։ Բայց շտապիր։ Դու պետք է գտնես նաև մնացած երկուսին։ Կախարդը զայրացել է, որ ինձ գտար։

Քորալայնը որոշեց, որ կշարունակի որոնումները իր հագուստով։ Նա հագավ իր խալաթն ու տնային կոշիկները, մոխրագույն սվիտերն ու ջինսերը խնամքով դրեց մահճակալին, նարնջագույն երկարաճիթ կոշիկները հատակին՝ խաղալիքներով արկղի մոտ։ Հետո ապակյա գունդը գրպանը դրեց ու դուրս եկավ նախասենյակ։

Կարծես քամուց բարձրացած անտեսանելի ավազի հատիկները այրեցին նրա դեմքն ու ձեռքերը։ Նա փակեց աչքերն ու շարունակեց առաջ շարժվել։ Ավազի հատիկները ավելի ուժեղ էին հարվածում նրան, առաջ շարժվելը ավելի ու ավելի դժվար էր դառնում։

Քորալայնը ետ֊ետ գնաց։

― Կախարդը շատ է զայրացել, բայց կանգ չառնես, ― շշնջաց մի ձայն։ ― Նա քայլեց ընդդեմ իր վրա ավազ նետող քամու։ Ավազը ծակծկում էր նրա մաշկը, ինչպես սուր ասեղներր կամ կոտրված ապակու կտորները։

― Ազնիվ խաղա, ― բղավեց Քորալայնը։

Պատասխան չկար, բայց քամին մի վերջին անգամ հարձակվեց նրա վրա, հետո թուլացավ ու դադարեց։ Լռության մեջ Քորալայնը նորից լսեց ջրի կաթիլների ձայնը, իսկ միգուցե մյուս մայրիկի երկար եղունգների թխթխկոցը սեղանի վրա։

Նա հազիվ զսպեց իրեն, որպեսզի չնայի, թե ինչն է առաջացնում այդ ձայնը։ Արագ քայլերով նա դուրս եկավ տանից։ Իջնելով ներքև նա պտտվեց տան շուրջը ու կանգ առավ միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի դռան մոտ։ Լամպերը շարունակում էին թարթել, բայց այնքան անկանոն, որ Քորալայնը չկարողացավ ոչ մի բառ կարդալ։ Դուռը փակ էր։ Նա ամբողջ ուժով հրեց այն։ Դուռը չէր բացվում, հետո անսպասելի բացվեց և Քորալայնը ուղղակի ներս թռավ մութ նախասենյակ։

Ամուր բռնած անցքով քարը, Քորալայնը խորացավ մթության մեջ։ Նա կարծում էր, որ նորից կհայտնվի վարագուրված միջանցքում, բայց առջևում միայն մութ սենյակն էր։

Նա շարունակեց ճանապարհը։ Ինչ֊որ բան գլորվեց նրա ոտքերի մոտ։ Դա լապտերիկ էր։ Նա կռացավ, վերցրեց հատակից լապտերիկը, միացրեց ու տարբեր կողմեր ուղղելով զննեց սենյակը։

Թատրոնը լքված էր ու դատարկ։ Ջարդված աթոռները թափված էին հատակին, սարդոստայնը կախվել էր առաստաղից, ծածկել պատերն ու մաշված թավշյա վարագույրը։

Վերևում ինչ֊որ ձայն լսվեց։ Քորալայնը լույսը այնտեղ ուղղեց ու առաստաղի տակ տեսավ ինչ֊որ տձև էակներ։ Գուցե մի ժամանակ նրանք դեմք են ունեցել կամ էլ շուն են եղել։ Բայց շները թևեր չունեն, և նրանք չեն կարող սարդի կամ չղջիկի նման գլուխիվայր կախվել։

Նա շարունակում էր լուսավորել նրանց լապտերիկով, երբ հանկարծ նրանցից մեկը թափահարելով թևերը ու փոշի բարձրացնելով թռավ։ Էակը այնքան ցածր էր թռչում, որ Քորալայնը ստիպված էր կռանալ։ Նա նստեց դիմացի պատին ու գլուխիվայր բարձրացավ այնտեղ, ուր միմյանց կպած կախված էին մյուս թռչող չղջիկ֊շները։

Քորալայնը նորից նայեց սենյակին անցքի միջով։ Նա փնտրում էր լույս արձակող կամ փայլուն մի բան, որը կվկայեր այստեղ թաքցրած հոգու մասին։ Նա նորից ու նորից լուսավորում էր սենյակի անկյունները։

Բեմի ետևի սև պատի վրա ինչ֊որ բան կար։ Քորալայնից մի երկու անգամ մեծ, պատին կպած լորձոտ մոխրա֊սպիտակ մի բան։

Նա խորը շունչ քաշեց ու ասաց ինքն իրեն․ «Ես չեմ վախենում, ես վախկոտ չեմ»։ Այդպես էլ վերջնականապես չհամոզելով իրեն, նա սկսեց բարձրանալ հին բեմի վրա, մատներով բռնելով փտած աստիճանները։

Երբ Քորալայնը մոտեցավ, տեսավ պարկ կամ բոժոժ հիշեցնող մի բան, որը ջղաձգորեն ցնցվում էր։ Պարկի մեջ երևում էր մի տարօրինակ էակ, որը կարծես անավարտ էր։ Կարծես երկու պլաստիլինե մարդուկի ինչ֊որ մեկը ճզմել ու կպցրել էր իրար։

Քորալայնը կանգ առավ։ Նա չէր ուզում մոտենալ պարկին։ Թռչող շուն֊չղջիկները սկսեցին թռչել ու պտտվել սենյակում։ Նրանք մոտենում էին, բայց նրան չէին դիպչում։ «Երևի այստեղ չկան առևանգված հոգիներ, ― մտածեց Քորալայնը։ ― Գուցե մի ուրիշ տե՞ղ փնտրեմ։

Նա մի անգամ էլ նայեց անցքի միջով։ Լքված թատրոնը մոխրագույն էր։ Հանկարծ նա մի լույս նկատեց։ Այդ լույսը արձակում էր պատից կախված էակի ձեռքի միջի գնդիկը։

Որպեսզի չարթնացնի էակին, Քորալայնը շատ զգույշ անցավ բեմը։

Չնայած սարսափելի էր, բայց Քորալայնը մոտեցավ պարկին, խցկեց ձեռքը այդ լպրծուն ու մածուցիկ նյութի մեջ, դիպավ գունդը պինդ պահած սառը ձեռքին ու փորձեց վերցնել այն։

Դա միանգամից չհաջողվեց, բայց կամաց֊կամաց էակի մատները թուլացան ու բաց թողեցին գնդիկը, որը ընկավ Քորալայնի ափի մեջ։ Համոզվելով, որ էակի աչքերը փակ են, նա արագ դուրս քաշեց ձեռքը և լույսը ուղղեց նրա վրա։ Պարզվեց որ նրանք երկուսն էին ու նման էին ներկայացում տվող միսս Սփինքին ու միսս Ֆորսիբլին։ Հիմա նրանց մարմինները այլանդակ էին, աղավաղված, ու նման էին իրար կպած հալված մոմերի։

Հանկարծ չորս կոճակ աչքերը բացվեցին ու նայեցին Քորալայնին, իսկ չորս ձեռքերից մեկը փորձեց նրան բռնել։ Երկու ձայն միասին գոչեցին․

― Գող, վերադարձրու, կանգնիր։

Քորալայնը սկսեց փախչել։ Նա հասկացավ, որ պարկի մեջ միսս Սփինքն ու Ֆորսիբլն էին։ Չղջիկ շները նրանց գցել էին սարդոստայնի մեջ ու բոժոժ դարձրել։ Նա բոլորովին չէր ուզում այդ նույն վիճակի մեջ հայտնվել։

Շուն֊չղջիկները թռչում էին նրա շուրջը։

Քորալայնը իջավ բեմից և սկսեց փնտրել ելքը։

― Արագ, ― շշնջաց նրա ականջին մի աղջկա ձայն։ ― Արագ վազեք։ Ձեզ հաջողվեց գտնել մեզանից երկուսի հոգիները։ Պետք է այստեղից փախչել։

Քորալայնը դրեց գնդիկը այն գրպանը, որտեղ առաջին հոգին էր։ Նա գտավ դուռը ու ամբողջ ուժով հրեց այն։ Դուռը բացվեց։


IX

Դրսում պատկերը փոխվել էր։ Գալարվող, խիտ մառախուղի մեջ չէին երևում ոչ ուրվագծերը, ոչ էլ ստվերները։ Տունը կարծես փոքրացել ու ծռվել էր։ Քորալայնին թվաց, որ նա հպվել է գետնին ու նայում է իրեն ներքևից։ Դա արդեն ոչ թե տուն էր, այլ միայն տան նախագիծ, որի հեղինակը հաստատ բարի մարդ չէր։

Նրա ձեռքին մի կտոր սարդոստայն էր կպել։ Քորալայնը զզվանքով թափ տվեց այն։

Մյուս մայրիկը ձեռքերը խաչած, կանգնել էր տան առջևի խոտի վրա ու սպասում էր իրեն։ Սև կոճակ֊աչքերը ոչինչ չէին արտահայտում, բայց սեմղված շրթունքները վկայում էին այն մասին, որ նա շատ զայրացած է։

Տեսնելով աղջկան նա մեկնեց իր երկար սպիտակ ձեռքը ու մատով կանչեց նրան։ Քորալայնը մոտեցավ։

Մյուս մայրիկը լռում էր։

― Ես արդեն գտել եմ երկու երեխայի հոգի, ― ասաց նա, ― հիմա փնտրելու եմ երրորդը։

Մյուս մայրիկը չպատասխանեց, հնարավոր է, որ նա նույնիսկ չլսեց Քորալայնի ասածը։

― Ես կարծում էի, որ դա կհետաքրքրի քեզ, ― ասաց Քորալայնը։

― Շնորհակալություն Քորալայն, ― սառնորեն պատասխանեց մյուս մայրիկը։ Թվում էր, նրա ձայնը գալիս է ոչ թե բերանից, այլ մառախուղի միջից, տանից, կամ երկնքից։ Հետո նա ավելացրեց․ ― Չէ՞ որ դու գիտես, որ ես քեզ սիրում եմ։

Իր համար անսապասելի Քորալայնը գլխով արեց։ Մյուս մայրիկը չէր խաբում, նա իրոք սիրում էր իրեն։ Բայց սիրում էր այնպես, ինչպես ագահ մարդր փողը, ինչպես հրեշը իր ոսկին։ Կամ այնպես, ինչպես սիրում են մի կենդանու, որին վերցրել են զվարճության համար։

― Ինձ պետք չէ քո սերը։ ― Քեզանից ինձ ոչինչն հարկավոր չէ։

― Նույնիսկ հուշո՞ւմ, ― հարցրեց մյուս մայրիկը։ ― Դու հիանալի էիր, բայց ինձ թվում է, որ փոքրիկ օգնությունը քեզ չէր խանգարի։

― Ես ամեն ինչ ինքնուրույն կանեմ, ― պատասխանեց Քորալայնը։

― Իհարկե, ― քմծիծաղ տվեց մյուս մայրիկը։ ― Իսկ եթե ցանկանաս փնտրել առաջի հարկի դատարկ բնակարանում ու դուռը փակ լինի, ի՞նչ ես անելու այդ դեպքում։

Քորալայնը մի փոքր խորհեց, հետո հարցրեց․ ― Իսկ որտե՞ղ է բանալին։

Մյուս մայրիկը պարուրված էր իր ստեղծած մտացածին աշխարհի մառախուղով։ Մազերը այնպես էին շարժվում գլխի շուրջը, կարծես ինքնուրույն ու կենդանի էակներ լինեին։ Հանկարծ նա բացեց բերանը ու այնտեղից հանեց լեզվի վրա գտնվող պղնձե բանալին։

― Ահա այն, ― ասաց մյուս մայրիկը։ ― Քեզ պետք կգա այնտեղ մտնելու համար։

Մյուս մայրիկը նետեց բանալին Քորալայնին։ Աղջիկը բռնեց այն, նույնիսկ չհասցնելով որոշել պետք է այն իրեն, թե ոչ։ Բանալին խոնավ էր։

Հանկարծ սառը քամի փչեց։ Քորալայնը ցնցվեց ու ետ նայեց, բայց մյուս մայրիկը արդեն չկար։

Նա շրջանցեց տունը ու կանգ առավ դատարկ բնակարանի դռան առջև։ Այս տան բոլոր դռների նման նա ևս ներկված էր կանաչ ներկով։

― Մյուս մայրիկը ամենևին էլ չի պատրաստվում քեզ օգնել, ― շշնջաց նրա ականջին մի աներևույթ ձայն։ ― Նրանից ոչ մի լավ բան չսպասես։ Դա միայն հնարք է։

Քորալայնը մտածեց և պատասխանեց․

― Կարծում եմ, դու ճիշտ ես։

Հետո դրեց բանալին կողպեքի անցքի մեջ ու պտտեց այն։ Դուռը անաղմուկ բացվեց, Քորալայնը ներս մտավ։

Բնակարանի պատերը կաթնագույն էին։ Հին փայտե հատակի վրա փոշի էր նստած, բայց պահպանվել էին երբեմն եղած գորգերի հետքերը։ Կահույք նույնպես չկար։ Այնտեղ, որտեղ կահույք էր եղել նույնպես մնացել էին հետքեր։ Պատերը մերկ էին, նախկինում նկարներ կամ լուսանկարներ կախած տեղերում, երևում էին գունաթափ ուղղանկյունիներ։ Այնպիսի լռություն էր տիրում, որ Քորալայնին թվում էր, թե լսում է փոշու շրշույնը օդում։

Նա վախենում էր, որ ինչ֊որ մեկը անսպասելի կհարձակվի իր վրա ու սկսեց շվշվացնել։ Նրան թվում էր, որ դա ինչ֊որ կերպ կխանգարի հարձակվողին։

Նա մտավ դատարկ խոհանոցը, հետո լոգարանը։ Չուգունե լոգարանի հատակին կատվի չափսի մի սատկած սարդ կար։ Ուրիշ ոչինչ այնտեղ չկար։ Նա մի սենյակ էլ մտավ, որը երևի թե ննջարան էր եղել։ Նա հասկացավ այդ այն հետքից, որը թողել էր մահճակալը։ Հատակի վրա նա նկատեց մի մեծ մետաղյա օղակ։ Նա կանգնեց ծնկների վրա ու ամբողջ ուժով քաշեց օղակը։

Դանդաղ ու դժվարությամբ հատակի քառակուսի հատվածը բարձրացավ։ Ներքևում մութ էր։ Քորալայնը կռացավ ու գտավ անջատիչը, միացրեց այն հույս չունենալով, որ կաշխատի։ Բայց ինչ֊որ տեղ ներքևում լույս վառվեց, և հատակի անցքը լուսավորվեց թույլ դեղին լույսով։ Աստիճանները դեպի ներքև էին տանում։

Քորալայնը գրպանից հանեց անցքով քարը։ Նա ուշադիր զննեց նկուղը անցքի միջով, բայց ոչինչ չտեսնելով քարը նորից դրեց գրպանը։

Թաց կավի ու քացախ հիշեցնող ինչ֊որ բանի հոտ էր գալիս։ Իջնելիս Քորալայնը տագնապով նայում էր վերևում մնացած դռանը։ Դուռը այնքան ծանր էր, որ եթե փակվեր, նա էլ երբեք չէր կարողանա դուրս գալ նկուղից։ Երբ իջավ, ևս մի հին երկաթյա անջատիչ տեսավ։ Նա սեղմեց այն, անջատիչը չրխկաց ու ցածր առաստաղի տակ վառվեց լարից կախված լամպը։ Լույսը ուժեղ չէր, բայց հնարավորություն էր տալիս զննել ճաքճքած պատի վրայի նկարները։ Նրանք կարծես անավարտ էին։ Դա աչքեր էին ու խաղողի ողկույզների նման մի բան։ Նրանց տակ նկարված էին ինչ֊որ արարածներ։

Անկյունում աղբ էր թափված․ հին թղթերով լցված ստվարաթղթե տուփեր, ու փտած վարագույրներ։ Նրա ոտքերի տակ ինչ֊որ բան խրթխրթաց։ Տհաճ հոտը ուժեղացավ։ Նա արդեն ուզում էր դուրս գալ նկուղից, երբ հանկարծ վարագույրի տակից ցցված մի ոտք տեսավ։ Շունչը պահելով (նրա քթին խփեց թթված գինու ու խմորի տհաճ հոտը), նա ետ քաշեց խոնավ կտորները և տեսավ ինչ֊որ բան, որի ուրվագիծը հիշեցնում էր մարդկային մարմին։

Քորալայնը միանգամից չհասկացավ, թե դա ինչ էակ է։ Էակը գունատ էր ու թրթուրի նման փքված, ճյուղերի նմանվող բարակ ոտքեր ու ձեռքեր ուներ։ Նրա դեմքը դիմագծեր չուներ, այն հարթ էր բարձրացած թթխմորի նման։ Աչքերի փոխարեն մեծ, սև կոճակներ էին։

Զզվանքից ու սարսափից Քորալայնը ճչաց։ Արթնանալով այդ ձայնից, էակը սկսեց շարժվել։ Քորալայնը սարսափից տեղում մեխվեց։ Էակը շրջեց գլուխը։ Նրա աչքերը կանգ առան Քորալայնի վրա։ Շրթունքներ չունեցող երեսի վրա հանկարծ բացվեց բերանը և հայրիկի ձայնին նմանվող ձայնը շշնջաց․

― Քորալայն․․․

Դե ինչ, ― ասաց Քորալանը էակին, որը մի ժամանակ նրա մյուս հայրիկն էր, ― դեռ լավ է, որ դու ինձ վրա չհարձակվեցիր։

Ոչինչ չասելով, արարածը սպիտակ կավից, բարակ ձեռքերով իր դեմքի վրա քթի նման մի բան սարքեց։

― Ես փնտրում եմ ծնողներիս ու երեխաներից մեկի գողացված հոգին։ Նրանք այստե՞ղ են։

― Այստեղ բացի խոնավությունից, փոշուց ու մոռացվածությունից՝ ոչինչ չկա, ― մրթմրթաց էակը։

Նա շատ մեծ էր ու գունատ։ «Ինչ անճոռնի է նա, ― մտածեց Քորալայնը, ― և ինչ դժբախտ»։ Նա նորից մոտեցրեց աչքերին քարը ու շուրջը նայեց։ Նա ոչինչ չգտավ։ Էակը չէր խաբում։

― Քեզ երևի փակել են այստեղ, պատժելով այն բանի համար, որ դու չափից ավելի բան ասացիր ինձ, ― խղճաց նրան Քորալայնը։

Էակը մտածմունքի մեջ ընկավ, հետո գլխով համաձայնության նշան արեց։ Քորալայնը չէր կարողանում հավատալ, որ որդի նմանվող այս էակին կարող էր նմանեցնել իր հայրիկին։

― Ներիր ինձ, ես շատ եմ ափսոսում, ― ասաց Քորալայնը։

― Դա նրան այնքան էլ դուր չեկավ, պատասխանեց էակը, որը մի ժամանակ նրա մյուս հայրիկն էր։ ― Դու նրան հունից հանեցիր։ Իսկ երբ նա դուրս է գալիս հունից, նա իր չարությունը ուրիշի վրա է թափում։ Այդպիսին է նրա բնավորությունը։

Քորալայնը շոյեց նրա ճաղատ գլուխը։

― Հիմարիկ, ― ասաց նա։ ― Մյուս մայրիկը օգտագործեց քեզ և դեն նետեց։

Էակը այնպես թափահարեց գլուխը, որ նրա ձախ կոճակ֊աչքը պոկվեց ու գլորվեց բետոնե հատակով։ Նա շփոթված շրջեց գլուխը, որպեսզի գտնի տեսադաշտից կորած աղջկան։ Տեսնելով նրան, դժվարությամբ բացեց բերանը ու արագ ասաց․

― Փախիր։ Նա ուզում է, որ դու ընդմիշտ մնաս այստեղ, որպեսզի չկարողանաս հաղթել խաղը։ Նա ստիպում է ինձ ցավ պատճառել քեզ։ Ես չեմ կարող դիմադրել։

― Կարող ես, ― ասաց Քորալայնը։ ― Պետք է ավելի խիզախ լինես։

Նա շուրջը նայեց․ էակը գտնվում էր իր ու աստիճանների միջև։ Քորալայնը պատին սեղմվելով գնաց դեպի աստիճանները։ Էակի մարմինը այնպես ոլորվեց, կարծես նա ոսկորներ չուներ։ Էակը մեծացավ, ու թվում էր վերջապես արթնացավ։

― Ավաղ, ― ասաց էակը, ― ես չեմ կարող դիմադրել։

Նա նետվեց Քորալայնի կողմը լայն բացելով անատամ բերանը։

Քորալայնը շատ քիչ ժամանակ ուներ ճիշտ որոշում կայացնելու համար։ Նա մեկնեց ձեռքը, բռնեց նրա աչք֊կոճակը և ամբողջ ուժով քաշեց։ Աչքը պոկվեց, ընկավ նրա ձեռքից, ու գլորվեց հատակին։

Էակը տեղում կանգնած մնաց։ Նա անօգնական պտտում էր գլուխը, հետո բացեց իր ահռելի բերանը, ոռնաց, ու թռավ այնտեղ, ուր քիչ առաջ կանգնած էր Քորալայնը։

Բայց Քորալայնը արդեն այնտեղ չէր։ Նա անաղմուկ բարձրանում էր սարսափելի նկուղից դուրս տանող աստիճաններով, անընդհատ նայելով ներքևում մնացած հրեշին, որը պատերին դիպչելով փնտրում էր իրեն։ Հետո, կարծես ինչ֊որ մեկի հրամանը կատարելով, էակը կանգ առավ ու թեքեց գլուխը։ ― «Նա ականջ է դնում», ― մտածեց Քորալայնը։ ― Պետք է շատ անաղմուկ լինել։ Նա մի քայլ էլ արեց ու սայթաքեց։ Էակը լսեց այդ ձայնը, թեքեց գլուխը Քորալայնի կողմը և կանգ առավ ուժերը հավաքելու համար։ Հետո կայծակնային արագությամբ, օձի նման նետվեց այնտեղ, որտեղ կանգնած էր Քորալայնը։ Քորալայնը մի շնչով անցավ մնացած աստիճանները, դուրս թռավ փոշոտ ննջարանը ու հրեց դուռը։

Դուռը աղմուկով փակվեց։ Ներքևից լսվեց հարվածի ձայն, կարծես ինչ֊որ մեկը բախվել էր նրան։ Դուռը ցնցվում էր, բայց դիմանում էր։

Քորալայնը դուրս եկավ բնակարանից, կողպեց դուռը, բանալին դրեց դռան առջևի փալասի տակ։

Նա համոզված էր, որ մյուս մայրիկը սպասում է իրեն, բայց բակում ոչ ոք չկար։

Քորալայնը շատ էր ուզում տուն վերադառնալ։ Նա համոզում էր իրեն, որ շատ քաջ է։ Համոզելով իրեն նա ուղղվեց տան այն կողմը, որը թաքնված էր մառախուղի մեջ ու անիրական էր թվում։


X

Շրջանցելով տունը Քորալայնը հասավ աստիճաններին ու բարձրացավ ամենավերևի բնակարանը, որտեղ ապրում էր խելագար ծերունին։ Նա միայն մի անգամ էր եղել այնտեղ, երբ մայրիկը մասնակցում էր բարեգործական միջոցառմանը։ Նրանք կանգնած բաց դռան առջև սպասում էին, մինչև մեծ բեղերով ծերունին գտներ մայրիկի ծրարը։ Նրա բնակարանից ուտելիքի, ծխախոտի ու էլի ինչ֊որ անսովոր հոտ էր գալիս։

― Ես հետախույզ եմ, ― բարձրաձայն ասաց Քորալայնը, բայց նրա ձայնը կորավ խիտ մառախուղի մեջ։

Քորալայնը, համոզված էր, որ այն բնակարանում, որտեղ գնում էր շատ սարսափելի է լինելու։

Մի ժամանակ վերևի բնակարանը վերնահարկ էր, բայց դա շատ վաղուց էր։ Նա ծեծեց կանաչ դուռը։ Դուռը բացվեց ու նա ներս մտավ։

Մենք ատամներ, պոչեր ունենք,
Կարմիր աչքեր ունենք։
Երբ գտնես ուզածդ
Մենք դուրս կգանք մթից, ―

շշնջում էին մի բարալիկ ձայները տանիքի տակի բնակարանում, որտեղ առաստաղը այնքան ցածր էր, որ ցանկության դեպքում Քորալայնը կարող էր ձեռքով դիպչել։

Փոքրիկ կարմիր աչքերը նրան էին նայում։ Երբ մոտեցավ, թփթփացնելով փոքրիկ տոտիկները փախան։ Սենյակի խորքում ինչ֊որ ստվերներ էին շարժվում։

Այստեղ հոտն ավելի տհաճ էր, քան իսկական խելագար ծերունու բնակարանում։ Քորալայնին թվաց, որ ամբողջ աշխարհից բերված ուտելիքը այստեղ է փտում։

― Փոքրիկս, ― ասաց ճռճռան ձայնը հեռավոր սենյակից։

― Ես չեմ վախենում, ― անընդհատ կրկնում էր Քորալայնը։

Այստեղ նրան այլևս ոչինչ չէր վախեցնում։ Մյուս մայրիկի ստեղծած աշխարհում ամեն ինչ պատրանք էր, անճոռնի նմանակում իսկական աշխարհի ու միջանցքի մյուս կողմում ապրող իսկական մարդկանց։

Քորալայնը գիտեր, որ մյուս մայրիկը ոչինչ չէր կարող ստեղծել։ Նրա ստեղծածը իրական աշխարհի խղճուկ կրկնօրինակն էր։

Աղջիկը մտածում էր, թե ինչու է մյուս մայրիկը փաթիլներով կախարդական գունդը դրել բուխարիկի դարակին։ Չէ՞ որ իրական աշխարհում դարակի վրա ոչինչ չկար։ Նա համարյա գտել էր պատասխանը, երբ լսվեց մի ճռճռան ձայն։

― Արի այստեղ, փոքրիկս, ես գիտեմ, թե ինչ է քեզ պետք։ ― Ձայնը սոսափյունի նման էր։

Քորալայնի մտքով անցավ, որ այդպես կարող է խոսել միայն ահռելի սատկած միջատը։ Չնայած, սատկած ինչ֊որ բանը կարո՞ղ էր խոսել։

Նա անցավ ցածր ու թեք առաստաղ ունեցող մի քանի սենյակներով և վերջապես հասավ ամենահեռավոր սենյակին։ Դա ննջարան էր։ Վերևի խելագար ծերուկը նստած էր անկյունում վերարկուն ու գլխարկը հագին։ Երբ Քորալայնը մտավ, նա ասում էր․

― Ոչինչ չի փոխվի, փոքրիկս։ ― Նրա ձայնը նման էր գետնին ընկնող չոր տերևների շրշյունի։ Եթե նույնիսկ դու կարողանաս անել խոստացածդ, ոչինչ չի փոխվի։ Դու կվերադառնաս տուն, բայց այնտեղ նորից կձանձրանաս։ Քեզ վրա նորից ուշադրություն չեն դարձնի։ Ոչ ոք չի լսի ասածներդ։ Նրանք նույնիսկ անունդ չեն լսում։ Դու շատ խելացի ես, որպեսզի նրանք քեզ հասկանան։ Մնա մեզ հետ։ Մենք միշտ կլսենք քեզ, միասին կխաղանք ու կուրախանանք։ Մյուս մայրիկը քեզ համար մի ամբողջ աշխարհ կստեղծի, ու դու կուսումնասիրես այն։ Իսկ երբ հետազոտես, մի գիշերում հին աշխարհը կքանդի ու նորը կկառուցի։ Ամեն մի նոր օր, նախորդից ավելի երջանիկ կլինի։ Հիշո՞ւմ ես խաղալիքնեով արկղը։ Ապրել հատուկ քեզ համար կառուցված աշխարհում, շատ ավելի հաճելի է։

― Իսկ եթե եղանակը փչանա ու անձրև գա, հեռուստացույցով հետաքրքիր հաղորդում չլինի, ու գնալու տեղ չունենա՞մ։ Իսկ եթե այդպիսի օրերը մշտական լինե՞ն, ― ասաց Քորալայնը։

― Այդպիսի բան երբեք չի լինի, ― պատասխանեց ձայնը մթության միջից։

― Իսկ այն սխտորով, թարխունով, լոբիով անհամ ուտելիքը, որ պատրաստում են խոհարարական գրքով, նույնպե՞ս չի լինի ― հարցրեց Քորալայնը։

― Այստեղ պատրաստված բոլոր ճաշերը քեզ միայն ուրախություն կպարգևեն, ― ասաց ձայնը գլխարկի տակից։ Չսիրած ոչ մի ուտելիք չի լինի։

― Իսկ ես կունենա՞մ «Դեյ֊Գլո» կանաչ ձեռնոցներ ու գորտերով դեղին երկարաճիտ ռետինե կոշիկներ։

― Գորտերով, բադիկներով, ռնգեղջյուրյով, ութոտնոտնուկով, ― ինչպիսին ցանկանաս։ Ամեն օր կարթնանաս մի նոր աշխարհում։ Եթե մնաս այստեղ, կկատարվեն բոլոր ցանկություններդ։

― Մի՞թե չեք հասկանում, որ ես չեմ ուզում ամեն ինչ հենց այնպես ստանալ։ Ի՞նչ հաճույք կարելի է ստանալ դրանից։

― Ոչինչ չեմ հասկանում, ― շշնջաց ձայնը։

― Իհարկե չես հասկանում, ― ասաց Քորալայնը ու մոտեցրեց աչքին անցքով քարը։ Չէ որ դու միայն իսկական խելագար ծերունու անհաջող կրկնօրինակն ես։

― Հերիք է, ― շշնջաց մեռած ձայնը։

Քորալայնը նայեց ծերունուն անցքի միջով և նրա կրծքի մոտ տեսավ մի աստղիկ, որը թարթում էր երկնագույն֊սպիտակ լույսով։ Նա ափսոսաց, որ ձեռքի տակ փայտ չունի, որպեսզի հասնի այդ աստղիկին․ չէ՞որ նա չէր ուզում մոտենալ ծերուկին։

Դեռ նոր էր մի քայլ արել դեպի ծերունին, երբ նա կողքի վրա շրջվեց ու քանդվեց։ Վերարկուի, թևքերի, գլխարկի միջից դուրս եկան ահռելի քանակությամբ կարմիր աչքերով առնետներ։ Նրանք տարբեր կողմեր ցրվեցին։ Վերարկուն ու գլխարկը ընկան հատակին։

Քորալայնը մոտեցավ ու նայեց վերարկուի մեջ։ Ապակյա գնդիկը այնտեղ չէր։

Նա նորից զննեց սենյակը անցքի միջով ու նկատեց, թե ինչպես մի բան փայլեց հատակին, դռան մոտ։ Գնդիկը ամենամեծ, սև առնետի թաթերի մեջ էր։

Սովորաբար առնետները մարդուց արագ են վազում, հատկապես կարճ տարածությունները։ Բայց մի՞թե կարելի է համեմատել հաստլիկ սև առնետին և հաստատակամ աղջկան (նույնիսկ ավելի կարճ հասակ ունեցող, քան կարող էր լինել իր տարիքում)։ Ավելի փոքր առնետները վազվզում էին նրա ոտքերի տակ, աշխատելով խանգարել նրան, բայց Քորալայնը նրանց չէր նկատում, նա վազում էր դեպի դուռը, առանց աչքը կտրելու գնդիկը թաթերում պահող առնետից։

Նրանք հասան աստիճաններին։

Քորալայնը նկատեց, որ տունը շարունակում է փոխվել, կորցնում էր իր հստակ ուրվագիծը ու ծորում։ Նա փոխվեց նույնիսկ այն մի քանի վայրկյանների ընթացքում, երբ Քորալայնը ներքև էր վազում։ Այժմ նա ավելի շատ նման էր լուսանկարի, քան իսկական տան։

Նա հետապնդում էր առնետին աստիճանից աստիճան թռչելով, ու արդեն անկարող էր մտածել մի այլ բանի մասին, բացի հաղթանակից։ Նա համարյա հասել էր առնետին, երբ հանկարծ ոլորեց ոտքը, սայթաքեց ու ընկավ։

Ձախ ծունկը քերծվել էր, ափի մաշկը պոկվել, վերքերի մեջ ավազ էր լցվել։ Շատ չէր ցավում, բայց պարզ էր, որ հետո կցավի։ Նա թափ տվեց ավազը, վեր կացավ և հասկացավ, որ տանուլ է տվել, որ այլևս իմաստ չունի հետապնդել առնետին։ Նա իջավ ներքև աստիճաններով։ Ձեռքը շատ էր ցավում։ Նա իրեն ավելի վատ էր զգում, քան այն ժամանակ, երբ մայրիկը հեծանվից հանեց լրացուցիչ անիվները։ Միայն մի տարբերություն կար։ Այն ժամանակ նա իրեն հաղթող էր զգում, որովհետև սովորել էր այն, ինչ նախկինում չէր կարող անել։ Հիմա նա գիտեր, որ տարվել է, որ չկարողացավ փրկել ուրվական֊երեխաներին, կորցրեց ծնողներին, ինքն իրեն, կորցրեց ամեն ինչ։ Նա փակեց աչքերը, նա ցանկանում էր անհետանալ։

Հանկարծ ինչ որ մեկը հազաց։ Քորալայնը բացեց աչքերը ու տեսավ առնետին։ Առնետը ընկած էր աղյուսե հարթակին, մարմնից անջատված գլխով։ Բեղիկները կախվել էին, աչքերը լայն բացվել, կիսաբաց բերանում երևում էին դեղին ատամները։

Գլխահատված առնետի կողքին գոհ տեսքով նստած էր կատուն։ Նա թաթով պահում էր ապակյա գնդիկը։

― Կարծեմ ես արդեն ասել եմ, որ երբեք չեմ սիրել որսալ առնետներ, ― ասաց կատուն։ Բայց նկատեցի, որ այս առնետը հետաքրքրում է քեզ։ Ոչի՞նչ, որ ես խառնվեցի։

― Իհարկե ոչինչ, ― ասաց Քորալայնը շունչ քաշելով։ Ինձ թվում է․․․ Այո, ես հիշում եմ, որ դու այդպիսի բան ես ասել։

Կատուն բարձրացրեց թաթը ու գլորեց գնդիկը Քորալայնի մոտ։ Նա վերցրեց գնդիկը և լսեց գողացված վերջին հոգու շշնջյունը․

― Նա խաբել է քեզ, նա երբեք քեզ ազատ չի արձակի, չէ՞ որ դու նրա ձեռքում ես։ Իսկ նա երբեք չի զիջում, այդպիսին է նրա էությունը։

Քորալայնը զգաց, թե ինչպես են ցցվում ծոծրակի մազերը։ Նա դրեց գնդիկը գրպանը։

Այժմ երեք գնդիկն էլ նրա մոտ էին։ Մնում էր գտնել ծնողներին, բայց այդ խնդիրը հեշտ էր լուծել։ Նա արդեն գիտեր ծնողների տեղը։ Մյուս մայրիկը ոչինչ չէր կարողանում ստեղծել։ Նա միայն ձևափոխում էր, կամ ջարդում։ Քորալայնը հիշեց բուխարիկի դարակը, որի վրա տանը ոչինչ դրված չէր։ Բայց նա մի բան էլ հասկացավ։


― Մյուս մայրիկը չի կատարի իր խոստումը։ Նա բաց չի թողնի մեզ, ― ասաց Քորալայնը։

― Ես երբեք էլ այդպիսի հույս չեմ ունեցել, ― նկատեց կատուն, ― արդեն ասել եմ․ ոչ մի երաշխիք չկա, որ նա ազնիվ կխաղա։ ― Նա բարձրացրեց գլուխը։ ― Դու նկատե՞լ ես։

― Ինչը՞։

― Շուրջդ նայիր, ― ասաց կատուն։

Տունը ավելի էր տափակել։ Քիչ առաջ նա նման էր լուսանկարի, իսկ հիմա մոխրագույն թղթի վրա ածուխով նկարված անփույթ նկարի։

― Ինչ էլ որ լինի, ես շնորհակալ եմ, որ օգնեցիր հաղթել առնետին։ Դե ինչ, ես արդեն տեղ հասա։ Կարող ես ման գալ մառախուղի մեջ, կամ որտեղ ուզում ես։ Հուսով եմ, որ կհանդիպենք տանը։ Եթե իհարկե նա ինձ բաց թողնի։

Հանկարծ կատվի մազերը ցցվեցին, պոչը բարձրացավ, նա նմանվեց բուխարիկի խողովակները մաքրող խոզանակի։

― Ի՞նչ պատահեց, ― հարցրեց Քորալայնը։

― Նրանք անհետացան, ― պատասխանեց կատուն։ ― Այլևս չկան։ Անցքերը չկան։ Նրանք չափազանց նեղ են։

― Դա վա՞տ է։

Կատուն իջեցրեց պոչը ու մեջքով դեպի Քորալայնը դանդաղ ետ֊ետ գնաց, մինչև նրա ոտքերին դիպավ։ Քորալայնը կռացավ, շոյեց կատվին ու զգաց, թե ինչպես է բաբախում նրա սիրտը։ Կատուն դողում էր աշնանային տերևի նման։

― Ամեն ինչ լավ կլինի, ― ասաց Քորալայնը։

― Ամեն ինչ շատ լավ կլինի։ Ես քեզ տուն կտանեմ։

Կատուն լուռ էր։

Գնանք, ― ասաց Քորալայնը ու քայլեց դեպի աստիճանները։

Կատուն նստած էր դժբախտ տեսքով, թվում էր, որ նա փոքրացել է։

― Այստեղից կարելի է դուրս գալ, միայն նրան հանդիպելուց հետո, ― ասաց Քորալայնը։ Ուրիշ ելք մենք չունենք։

Նա վերցրեց կատվին ձեռքերի վրա։ Կատուն չդիմադրեց։ Նա միայն դողում էր։

Քորալայնը գրկեց կատվին։ Չնայած կատուն ծանր էր, բայց տանել հնարավոր էր։ Նա սկսեց լպստել Քորալայնի ձեռքի վերքը, որը դեռ արյունոտ էր։

Քորալայնը դանդաղ բարձրանում էր դեպի տուն տանող աստիճաններով։ Նրա գրպաններից մեկում կամաց չխկչխկում էին ապակյա գնդիկները, մյուսում քարն էր, իսկ ձեռքերին նրան ամուր սեղմված կատուն էր։

Նա մոտեցավ դռանը (որը այժմ մանկական անվարժ նկարի տեսք ուներ) ու հրեց այն։ Քորալայնը համարյա համոզված էր, որ ձեռքը կանցնի դռան միջով, իսկ նրա ետևում միայն մթության մեջ առկայծող աստղեր են։

Բայց դուռը բացվեց, և Քորալայնը մտավ ներս։


XI

Քորալայնը մտավ իր, կամ ավելի ճիշտ, ոչ իր բնակարանը։ Նա ուրախ էր, որ տունը նման չէր մատիտով նկարված գծագրի։ Տունը ծավալուն էր, առարկաները ստվերներ էին գցում, իսկ ստվերում կանգնած ինչ֊որ մեկը Քորալայնին էր սպասում։

― Վերջապես վերադարձար, ― ասաց մյուս մայրիկը։ Նրա ձայնը այնքան էլ ջերմ չէր։ ― Հետդ էլ բերել ես այս գիշատիչին։

― Ոչ, ― ասաց Քորալայնը։ ― Ես բերել եմ ընկերոջս։

Կատուն լարվեց, կարծես պատրաստվում էր փախչել։ Քորալայնը ուզում էր նրան ամուր սեղմել իրեն, բայց գիտեր, որ կատուները դա չեն սիրում։ Իսկ վախեցած կատուն կարող է ճանկռոտել, եթե նա նույնիսկ ձեր բարեկամն է։

― Դու գիտես, թե որքան եմ ես քեզ իրում, ― քնքուշ ձայնով ասաց մյուս մայրիկը։

― Միայն թե շատ տարօրինակ ես այդ սերը արտահայտում, ― պատասխանեց Քորալայնը և դանդաղ գնաց միջանցքով դեպի հյուրասենյակը, աշխատելով չմտածել իրեն հետևող սև կոճակ֊աչքերի մասին։

Հյուրասենյակում ամեն ինչ իր տեղում էր․ տատիկի կահույքը, մրգերով նկարը (միայն մրգերը ինչ֊որ մեկը կերել էր, իսկ ափսեի մեջ էին խնձորի մնացորդը, մի քանի դեղձի կամ սալորի կորիզ ու մի ճյուղիկ, որը նախկինում խաղող էր եղել)։ Առյուծի թաթերով փոքրիկ սեղանը կարծես ճանկռել էր գորգը ու նրա վրա ծալքեր առաջացրել։ Անկյունի դուռը, որի ետևում մյուս աշխարհում աղյուսե պատ էր, նույնպես իր տեղում էր։ Քորալայնը ստիպում էր իրեն չնայել նրան։ Պատուհանի ետևում շարժվում էր մառախուղը։

Քորալայնը գիտեր, որ մոտենում է այն կարևոր պահը, երբ ամեն ինչ կորոշվի։

Մյուս մայրիկը գալիս էր նրա ետևից։ Նա կանգ առավ սենյակի կենտրոնում Քորալայնի ու բախարիկի միջև ու նայում էր աղջկան իր սև կոճակներով։ «Հետաքրքիրն այն է, որ մյուս մայրիկը ամենևին նման չէ իր մայրիկին», ― մտածում էր Քորալայնը։ ― Ինչպե՞ս նմանեցրի նրանց։ Մյուս մայրիկը շատ գունատ էր, ահռելի հասակ ուներ, նրա գլուխը համարյա հասնում էր առաստաղին։ Նրա մազերը շարժվում ու օղակներ էին դառնում, իսկ ատամները դանակի նման սուր էին։

― Դե ասա, ― կտրուկ հարցրեց մյուս մայրիկը, ― որտե՞ղ են նրանք։

Քորալայնը հենվեց բազկաթոռին, ձախ ձեռքով վերցրեց կատվին, աջով մտավ գրպանը ու հանեց երեք ապակյա գնդիկները։ Բաց֊մոխրագույն գնդիկները կուչ էին եկել նրա ափի մեջ։ Մյուս մայրիկը մեկնեց իր սպիտակ մատները, բայց Քորալայնը նորից նրանց դրեց գրպանը։ Պարզ էր, որ մյուս մայրիկը չէր ուզում իրեն բաց թողնել ու կատարել իր խոստումը։ Նա ուղղակի զվարճանում էր։

― Թող առայժմ ինձ մոտ մնան, ― ասաց Քորալայնը, ― չէ՞ որ մենք դեռ չենք ավարտել խաղը։

Մյուս մայրիկը շատ զայրացած էր, բայց շարունակում էր ժպտալ։

― Իհարկե ոչ, ― ասաց նա։ ― Դու դեռ պետք է գտնես ծնողներիդ։

― Այո, ― հաստատեց Քորալայնը։

«Ես չպետք է նայեմ բուխարիկի դարակին, ― մտածում էր նա։ ― Ես նույնիսկ իրավունք չունեմ նրա մասին մտածելու»։

― Դե, որտե՞ղ են նրանք ― ասաց մյուս մայրիկը։ Թե՞ ուզում ես նորից փնտրել նկուղում։ Ես այնտեղ թաքցրած հետաքրքիր բաներ ունեմ։

― Ոչ, ― ասաց Քորալայնը։ ― Ես գիտեմ որտեղ են նրանք։

Նա ավելի հարմար բռնեց կատվին, պոկեց նրա եղունգներ հագուստից։

― Եվ որտե՞ղ են։

― Ես ամեն տեղ փնտրեցի ու համոզված եմ, որ նրանք տանը չեն։

Մյուս մայրիկը կանգնած էր ամուր սեղմած շրթունքներով։ Նա նմանվել էր մոմե արձանի։ Նույնիսկ մազերը չէին շարժվում։

― Բայց ես գիտեմ, թե որտեղ են նրանք, ― ասաց Քորալայնը ամուր գրկելով կատվին։ Դու պահում ես նրանց դռան ետևի անցումի մեջ, ճի՞շտ է։

Մյուս մայրիկը շարունակում էր արձանի նման անշարժ կանգնած մնալ, միայն շրթունքներն էին քմծիծաղ տալիս։

― Իսկապե՞ս այնտեղ են։

― Իսկ ինչո՞ւ չես բացում դուռը, ― ասաց Քորալայնը։ ― Ուրեմն՝ այնտեղ են։

Նա գիտեր, որ դուռը դեպի տուն տանող միակ ճանապարհն է։ Բայց կցանկանա՞ արդյոք մյուս մայրիկը ոչ միայն ուրախանալ իր հաղթանակով, այլ նաև ցույց տալ, որ հաղթել է։

Մյուս մայրիկը ձեռքը դանդաղ տարավ գոգնոցի գրպանը և հանեց սև երկաթյա բանալին։ Կատուն հոգնել էր և անհանգիստ շարժվում էր։ «Մի քիչ էլ համբերիր, ― մտովին ներշնչում էր նրան Քորալայնը, չիմանալով հասկանում է նա, թե ոչ։ ― Շուտով մենք տուն կվերադառնանք։ Ես կկատարեմ խոստումս։ Նա զգաց, որ կատուն հանգստանում է։

Մյուս մայրիկը մոտեցավ դռանը, դրեց բանալին անցքի մեջ և պտտեց այն։

Քորալայնը լսեց բացվող կողպեքի խուլ ձայնը։ Փոքրիկ քայլերով նա շարժվեց բուխարիկի մոտ։

Մյուս մայրիկը քաշեց բռնակը ու բացեց դուռը։ Դռան ետևում միայն դատարկ միջանցքն էր։

― Խնդրեմ, ― ասաց նա ցույց տալով միջանցքը։ Նրա դեմքը այնպիսի գոհունակություն էր արտահայտում, որ շատ տհաճ էր։ ― Դու սխալվեցիր։ Դու չգիտես, թե որտեղ են ծնողներդ։ Կարծում եմ համոզվեցիր, որ նրանք այստեղ չեն։ ― Նա շրջվեց ու նայեց Քորալայնին։ ― Հիմա դու ընդմիշտ կմնաս այստեղ։

― Ոչ, ― ասաց Քորալայնը, ― չեմ մնա։

Նա ամբողջ ուժով նետեց կատվին մյուս մայրիկի վրա։ Կատուն հաղթական ճիչ արձակեց և խրեց ատամները մյուս մայրիկի այտի մեջ։ Վեր բարձրացած մազերով նա թվում էր նախկինի նման մեծ։

Առանց ժամանակ կորցնելու Քորալայնը նետվեց դեպի բուխարիկի դարակը, վերցրեց ու արագ գրպանը դրեց կախարդական գունդը։

Մյուս մայրիկը փորձում էր ազատվել կատվից։ Այտին առաջացած վերքից արյուն էր հոսում, բայց ոչ թե կարմիր, այլ սև։ Քորալայնը վազեց դռան մոտ ու վերցրեց բանալին։

― Բաց թող նրան, ― ասաց նա կատվին։

Կատուն ֆշշաց և իր սուր եղունգները մի անգամ էլ քսեց մյուս մայրիկի դեմքին, մի քանի սև գիծ թողնելով նրա քթի վրա, ու թռավ ներքև։

― Շտապիր, ― ասաց Քորալայնը։

Կատուն մոտեցավ նրան ու նրանք միասին մտան մութ միջանցքի մեջ։

Այնտեղ զով էր, ինչպես շոգ օրերին նկուղում։ Կատուն մի վայրկյան հապաղեց, բայց տեսնելով, որ մյուս մայրիկը մոտենում է, սեղմվեց Քորալայնի ոտքերին։

Քորալայնը հրեց դուռը։ Դուռը չէր փակվում, կարծես խանգարում էր ներսից փչող ուժեղ քամին, կամ ինչ֊որ մեկը պահում էր այն մյուս կողմից։

«Դե փակվիր, ― ասում էր աղջիկը։ ― Խնդրում եմ»։

Նա նորից հրեց դուռը, բայց ուժը չպատեց, դուռը չէր փակվում։ Հանկարծ նա հիշեց, որ միջանցքում ինքը մենակ չէ։ Նա նույնիսկ ժամանակ չուներ գլուխը թեքելու, բայց գիտեր, որ նրանք այնտեղ են։

― Օգնեք ինձ, ― ասաց նա։ ― Բոլորդ միասին օգնեք։

Նրանք ուրվականներ էին, բայց դրեցին ձեռքերը Քորալայնի ձեռքերին և նա իրեն շատ ավելի ուժեղ զգաց։

― Մի հանձնվեք, միսս։ Դիմացեք, ― շշնջում էր ինչ֊որ ձայն։

― Ավելի ուժեղ հրի, ― շշնջում էր մեկ ուրիշը։

Վերջապես նա լսեց ոչ թե մայրիկի ձայնին նման, այլ իսկական մայրիկի հիասքանչ, ուժ տվող ձայնը, որը ասաց․

― Ապրես Քորալայն։ ― Դա բավական էր։

Դուռը սկսեց տեղի տալ։

― Ոչ, ― լսվում էր դռան ետևից։

Այդ ձայնը շատ քիչ էր հիշեցնում մարդկային ձայնը։

Վերջապես հասավ ամենակարևոր պահը։ Դուռը մի պահ լռվեց, կարծես նրա տակ ինչ֊որ բան էր ընկել, բայց հետո աղմուկով փակվեց։

Ինչ֊որ մեկը թռավ Քորալայնի գլխից ու անաղմուկ վայրէջք կատարեց հատակին։

― Ինչքան հնարավոր է արագ գնանք այստեղից, ― ասաց կատուն։ ― Ինձ այստեղ դուր չի գալիս։

Քորալայնը շրջվեց ու արագ վազեց միջանցքով ձեռքը սահեցնելով պատին, որպեսզի ինչ֊որ մեկին չդիպչի կամ չկորչի մթության մեջ։

Նա այնքան երկար էր վազում թեք միջանցքով, որ թվում էր այն վերջ չունի։ Պատը տաք էր ու փափուկ։ Նա պատված էր նուրբ մորթիով ու այնպես էր շարժվում, կարծես շնչում էր։ Աղջիկը ետ քաշեց ձեռքը։

Հանկարծ ուժեղ քամի փչեց։

Քորալայնը վախեցավ, ձեռքը դրեց պատին ու դիպավ ինչ֊որ թաց ու տաք բանի, կարծես ձեռքը ինչ֊որ մեկի երախն էր դրել։ Նա նորից ետ քաշեց ձեռքը։

Կամաց֊կամաց նրա աչքերը սովորեցին մթին։ Առջևում երևում էին կիսաթափանցիկ, լույս արձակող ուրվագծերը․ երեք մանկական ու երկու մեծահասակի։ Իր կողքին լսում էր կատվի թեթև քայլերը։ Մի ինչ֊որ բան սլացավ ոտքերի տակով։ Քորալայնը քիչ էր մնում ընկնի, բայց ոտքի վրա մնաց ու շարունակեց վազել։

Նա գիտեր, որ եթե ընկնի, հնարավոր է էլ չկարողանա կանգնել։ Երևի այս միջանցքը շատ ավելի վաղուց գոյություն ուներ, քան մյուս մայրիկը։ Այս երկար, դանդաղաշարժ միջանցքը, գիտեր, որ Քորալայնը իր մեջ է․․․

Առջևում լույս երևաց, և Քորալայնը շնչակտուր նետվեց դեպի այդ լույսը։

― Մենք համարյա հասանք, ― ասաց նա ուրախ, բայց լույսի ներքո ուրվականները անհետացել էին ու նա մնացել էր մենակ։

Նա ժամանակ չուներ մտածելու, թե ուր կորան նրանք։ Ուժասպառ նա դուրս եկավ մութ միջանցքից և թեթևացած, ամբողջ ուժով իր ետևից փակեց դուռը, կողպեց այն ու դրեց բանալին գրպանը։

Կատուն պառկել էր անկյունում լայն բացած աչքերով ու վարդագույն լեզվի ծայրը հանած։ Քորալայնը մոտեցավ նրան ու նստեց նրա մոտ։

― Ներիր ինձ, ― ասաց նա, ― որ քեզ գցեցի նրա վրա։ Դա միակ միջոցն էր նրա ուշադրությունը շեղելու, որպեսզի կարողանանք փախչել։ Չէ՞ որ նա չպահեց տրված խոստումը։

Կատուն նայեց նրան, գլուխը դրեց նրա ձեռքին, սկսեց լպստել նրա մատները ու մլավել։

― Մենք ընկերներ ենք, չէ՞, ― հարցրեց Քորալայնը։

Նա նստեց տատիկի բազկաթոռին, կատուն թռավ նրա ծնկներին ու հարմարավետ տեղավորվեց։

Պատուհանից ներս էր ընկել ոսկեգույն արևը։ Սպիտակ մառախուղը անհետացել էր։ Երկինքը պայծառ ու երկնագույն էր։ Քորալայնը տեսնում էր ծառերը, մինչև հորիզոն ձգվող կանաչ բլրակները։ Նա հիանում էր ծառերի տերևներով, լույսի ու ստվերի խաղով իր պատուհանի առջևի հաճարենու ճյուղերի մեջ։ Արևի լույսով լուսավորված կատվի մորթին փայլում էր, իսկ սպիտակ բեղերը թվում էին ոսկեգույն։

Եվ զմայլված աշխարհի գեղեցկությամբ, նա ինքն էլ չնկատեց, թե ինչպես հանգիստ քնեց։

XII

Մայրիկը քնքշորեն դիպավ նրա ուսին։ ― Քորալայն, թանկագինս, ― ասաց նա, ― ինչո՞ւ ես այստեղ քնել։ Ինչո՞ւ հենց այս սենյակում։ Մենք քեզ փնտրում էինք ողջ բնակարանում։

Քորալայնը տրորեց աչքերը։

― Ներիր, ― ասաց նա, ― Երևի քունս տարել էր։

― Հասկանալի է, ― ասաց մայրիկը։ ― Իսկ որտեղի՞ց այստեղ հայտնվեց կատուն։ Նա դռան մոտ էր և երբ ներս մտա, նետի պես դուրս թռավ փողոց։

― Երևի ինչ֊որ գործ ուներ, ― ենթադրեց Քորալայնը։

Նա այնքան ամուր գրկեց մայրիկին, որ ձեռքերը ցավեցին։ Մայրիկն էլ նրան գրկեց։

― Ընթրիքը պատրաստ կլինի տասնհինգ րոպեից, ― ասաց մայրիկը։ ― Չմոռանաս լվացվել։ Այդ ի՞նչ է պատահել ծնկիտ։

― Ընկել եմ, ― պատասխանեց Քորալայնը։

Նա գնաց լոգարան, լվացվեց, մաքրեց ծնկի վերքը և բոլոր քերծված ու կապտած տեղերին հակասեպտիկ քսուկ քսեց։

Հետո գնաց ննջարան՝ իր իսկական ննջարան։

Հանեց գրպանից ապակյա գնդիկները, անցքով քարը, սև բանալին ու կախարդական գունդը։

Նա թափ տվեց գունդը և փաթիլները պարուրեցին դատարկ աշխարհը, ձյունը ծածկեց այն տեղը, որտեղ նախկինում կանգնած էին փոքրիկ մարդուկները։

Խաղալիքների արկղից Քորալայնը պարանի մի կտոր հանեց, և անցկացրեց բանալու մեջ։ Հետո կապեց պարանի ծայրերը ու կախեց վզին։

― Այ այսպես, ― ասաց նա, ու պահեց բանալին վերնաշապիկի տակ, իսկ անցքով քարը գրպանը դրեց։

Միջանցքով անցնելիս Քորալայնը մտավ հայրիկի աշխատասենյակ։ Հայրիկը նստած էր մեջքով դեպի դուռը, բայց Քորալայնը գիտեր, որ երբ նա շրջվի, կտեսնի իսկական հայրիկի մոխրագույն աչքերը։ Քորալայնը մոտեցավ ու համբուրեց նրան։

― Ողջույն, ― ասաց հայրիկը, ժպտալով շրջվեց ու հարցրեց․ ― Այդ ինչո՞ւ հանկարծ։

― Հենց այնպես, ― պատասխանեց Քորալայնը։ ― Երբեմն ես քեզ կարոտում եմ։ Ահա և բոլորը։

― Հիանալի է, ― ասաց հայրիկը։

Նա անջատեց համակարգիչը, վեր կացավ ու վերցրեց Քորալայնին ձեռքերի վրա, ինչը չէր արել այն օրից, երբ նկատել էր, որ Քորալայնը մեծացել է ու էլ հարկ չկա նրան գրկել։

Նրանք գնացին խոհանոց։ Ընթրիքին՝ պիցցա էր։ Եվ չնայած նրան, որ այն պատրաստել էր հայրիկը (սովորաբար նրա մոտ պիցցան ստացվում էր կամ շատ հաստ, կամ հում, կամ բարակ ու վառված), չնայած որ նա դրել էր նրա մեջ կանաչ բիբարի կտորներ, մսի փոքրիկ գնդիկներ և չգիտես ինչու արքայախնձոր, Քորալայնը կերավ ահռելի կտորը, որը դրել էին նրա ափսեի մեջ։ Ավելի ճիշտ, կերավ ամեն ինչ, բացի արքայախնձորից։

Որոշ ժամանակ անց Քորալայնը գնաց քնելու։ Նա բանալին վզին թողեց, իսկ ապակյա գնդիկները դրեց բարձի տակ։ Այդ գիշեր նա այսպիսի երազ տեսավ։

Նա նստած էր մեծ կաղնու տակ։ Արևը շողում էր, հորիզոնում երևում էին սպիտակ ամպեր, բայց երկինքը երկնագույն էր։

Սպիտակ սփռոցի վրա դրված էին սկուտեղներ ամենատարբեր ուտելիքներով․ աղցաններ, սենդվիչներ, մրգեր, լիմոնադով ու շոկոլադե կոկտեյլով սափորներ։ Սփռոցի շուրջը նստած էին ևս երեք երեխա։ Նրանց հագին հնամենի հագուստներ էին

Ամենափոքրը՝ նստած էր նրա ձախ կողմում։ Դա կարմիր թավշյա տաբատով ու սպիտակ վերնաշապիկով մի տղա էր։ Նրա ափսեում խաշած կարտոֆիլ էր ու մի ամբողջ ձուկ։

Ավելի լավ զբոսանք, դեռ ոչ ոք չէր կազմակերպել, ― ասում էր նա։

Իսկապես, ― ասում էր Քորալայնը։ Ո՞վ է այն կազմակերպել։

― Իմ կարծիքով, դուք, միսս, ― ասաց նրա դիմաց նստած բարձրահասակ աղջիկը։ Նա հագել էր շագանակագույն, շոր և շագանակագույն գլխարկ։ ― Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ, այն ամենի համար, որ դուք մեզ համար արեցիք։

Աղջիկը հաց ու ազնվամորու մուրաբա էր ուտում։ Նրա շրթունքներն ու ձեռքերը մուրաբյոտ էին։

Սա ամենալավ ուտելիքն է, որը ես կերել եմ հարյուր տարում, ― ասաց Քորալայնի աջ կողմում նստած աղջիկը։

Նա շատ գունատ էր, նրա զգեստը թեթև շղարշից էր, խարտյաշ մազերում փայլում էր արծաթափայլ շրջանակը։ Քորալայնը կարող էր երդվել, որ աղջկա մեջքին թիթեռնիկի թևեր կային։ Նրա ափսեն լցված էր գեղեցիկ ծաղիկներով։ Աղջիկը անվարժ ժպտում էր Քորալայնին։ Նա վաղուց չէր ժպտացել ու համարյա մոռացել էր, թե ինչպես են ժպտում։

Քորալայնին շատ դուր եկավ այդ աղջիկը։

Հետո երազում նա տեսավ, որ ուտելուց հետո նրանք սկսեցին վազվզել ու խաղալ փայլուն գնդակով։ Քորալայնը հասկանում էր, որ դա երազ է, որովհետև երեխաներից ոչ ոք չհոգնեց ու շնչակտուր չեղավ։ Նա նույնիսկ չէր քրտնել, չնայած նրանք խաղում էին բռնոցի ու պաղկվոցի։

Երեք երեխաներից երկուսը վազում էին գետնի վրա, իսկ գունատ աղջիկը ճախրում էր նրանց գլխավերևում, սուզվելով ներքև գնդակի ետևից ու նետելով այն դեպի երկինք։

Հետո նրանք նորից նստեցին սեղանի մոտ։ Սեղանը հավաքել էին, ու դրել պաղպաղակով երեք փոքրիկ ափսե և մի ափսե՝ կեռասի ծաղիկներ։

Երեխաները հաճույքով կերան։

― Եթե սա իսկապես իմ կազմակերպված խնջույքն է, շնորհակալություն, որ եկաք։

― Քեզ էլ շնորհակալություն, Քորալայն Ջոնս, ― ասաց թևերով աղջիկը, մի կտոր կծելով ծաղիկից։ ― Ի՞նչպես կարող ենք շնորհակալ լինել ձեզ։

― Ինչպե՞ս, ― ասաց կարմիր թավշյա տաբատով տղան։ Նա բռնեց Քորալայնի ձեռքը։ Այժմ նրա ձեռքը տաք էր։

― Դուք այնքան շատ բան արեցիք մեզ համար, միսս, ― ասաց բարձրահասակ աղջիկը։

― Ես շատ ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց, ― ասաց Քորալայնը։

Ինչ֊որ ստվեր անցավ երեխաների դեմքով։

Թևերով աղջիկը, որի գլխին փայլում էր շրջանակը, հպանցիկ դիպավ Քորալայնի ձեռքին։

― Մեզ համար իսկապես ամեն ինչ ավարտվել է, ― ասաց նա։ Մենք կթռչենք մի անհայտ երկիր, իսկ թե ինչ կա այնտեղ, ապրողները չգիտեն։

― Ինչ֊որ բա՞ն է պատահել, ― հարցրեց Քորալայնը։ ― Ես զգում եմ, որ ինձ վրա մութ ամպեր են կախվել։

Նրա աջ կողմում նստած տղան, փորձեց ժպտալ, բայց կծեց իր շրթունքը ու ոչինչ չասաց։ Շագանակագույն գլխարկով աղջիկը ասաց․

― Այո, միսս։

― Բայց չէ՞ որ ես գտա ձեզ, ― փորձեց առարկել Քորալայնը, ― վերադարձրի հայրիկին ու մայրիկին։ Ես փակեցի դուռը ու կողպեցի բանալիով։ Էլի ի՞նչ էր պետք անել։

Տղան սեղմեց նրա ձեռքը։ Քորալայնը հիշեց, թե ինչպես այնտեղ, մթության մեջ, երբ նա միայն հիշողություն էր, փորձեց հուսադրել նրան ձեռքը սեղմելով։

― Ասացեք, ի՞նչ պետք է անեմ, ― խնդրեց Քորալայնը։

― Կախարդը երդվել է իր աջ ձեռքով ու խաբել, ― ասաց բարձրահասակ աղջիկը։

― Տիրուհի, ― ասաց տղան, ― ոչ ոք չի կարող իր ուսերին դնել ավելին, քան կարող է տանել։ ― Նա այնպես թոթվեց ուսերը, կարծես ինքն էլ չգիտեր, ինչպես վերաբերվել իր ասածին։

― Մենք քեզ հաջողություն ենք ցանկանում, ― ասաց թևերով աղջիկը։ ― Հաջողություն, խոհեմություն ու քաջություն։ Դու արդեն ապացուցել ես, որ ունես այդ հատկությունները։

― Նա քեզ ատում է, ― ասաց տղան։ ― Վաղուց նա այսպես տանուլ չէր տվել։ Զգույշ եղիր։ Քաջություն, ողջամտություն ու խորամանկություն քեզ։

― Բայց դա անազնիվ է, ― ասաց Քորալայնը զայրացած։ ― Ու շատ անարդար։ Ամեն ինչ պետք է վերջացած լիներ։

Տղան ամուր գրկեց Քորալայնին։

― Մի մոռացիր, որ նա կենդանի է և շատ ուժեղ։

Երբ արևը մայր մտավ և երկնքում փայլեցին աստղերը,Քորալայնը կանգնած մարգագետնին նայում էր, ինչպես երեխաները (երկուսը քայլում էին, իսկ մեկը թռչում) սկսեցին հեռանալ լուսնի ճառգայթներով լուսավորված։

Երբ նրանք հասան առվակը հատող նեղ, փատյա կամրջին կանգ առան, շրջվեցին ու ձեռքով արին Քորալայնին։ Ի պատասխան նա էլ թափահարեց ձեռքը։

Կամրջից այն կողմ մթություն էր։

Քորալայնը արթնացավ լուսաբացին։ Նա համոզված էր, որ ինչ֊որ աղմուկ էր լսել, բայց չգիտեր, թե ինչն էր այդ աղմուկի պատճառը։

Նա ականջ դրեց։

Դռան ետևից լսվեց ինչ֊որ շրշյուն։ Նա որոշեց, որ դա առնետ է։ Դուռը ճռաց։ Քորալայնը արագ վեր թռավ մահճակալից։

― Չքվիր այստեղից, թե չէ վատ կլինի, ― ասաց նա։

Տիրեց լռություն։ Հետո ինչ֊որ մեկը արագ անցավ միջանցքով։ Այդ քայլերում ինչ֊որ տարօրինակ բան կար, եթե ընդհանրապես դրանք կարելի էր քայլեր անվանել։ Քորալայնը մտածեց, որ այդպես վազել կարող էր, միայն երկար ոտքեր ունեցող առնետը․․․

― Ոչինչ էլ չի ավարտվել, ― ասաց նա ինքն իրեն։

Նա բացեց դուռը։ Միջանցքում ոչ ոք չկար։

Նայելով միջանցքի հայելու մեջ, Քորալայնը բացի իր գունատ, քնկոտ ու մտահոգված դեմքից, ոչինչ չտեսավ։

Ծնողների սենյակից ցածր խռմփոց էր լսվում, սենյակի դուռը փակ էր։ Միջանցքի բոլոր դռներր փակ էին։ Ոտքերով թփթփացնող էակը, ով էլ որ լիներ, թաքնվում էր բնակարանում։

Քորալայնը բացեց դրսի դուռը ու նայեց մոխրագույն երկնքին։ Նա չգիտեր, թե երբ կլուսանա, նույնիսկ չգիտեր, թե այս ամենը իրականություն է, թե երազ։ Չնայած համոզված էր, որ իրականություն է։ Հանկարծ ստվերի նման մի ինչ֊որ բան պոկվեց հատակից և իր երկար սպիտակ ոտքերով մի ահռելի թռիչք արեց դեպի դուռը։

Քորալայնը մի կողմ քաշվեց։ Նրա կողքով մեծ արագությամբ, հատակը ճանկռելով, ինչ֊որ բան սլացավ ու դուրս թռավ փողոց։

Նա գիտեր, թե դա ինչ էր, և ինչ էր եղել անցյալում։ Վերջին օրերի ընթացքում, ինքն այնքան հաճախ էր տեսել, թե ինչպես է «նա» ձգվում իր կողմը, թխկթխկացնում սեղանին, բերանը տանում խրթխրթացող սև բզեզներին։

Դա մյուս մայրիկի աջ ձեռքն էր։

Նա եկել էր սև բանալու ետևից։


XIII

Քնելուց առաջ Քորալայնը ապակյա գնդիկները դրել էր բարձի տակ։ Չնայած արդեն լուսանում էր ու քնելու համար համարյա ժամանակ չէր մնացել, Քորալայնը վերադարձավ անկողին և երբ գլուխը դրեց բարձին, ինչ֊որ խրթխթրոց լսեց։

Նա նայեց բարձի տակ։ Ապակյա գնդիկների բեկորները նման էին դատարկ կլեպների, որոնք գարնանը թափված են լինում ծառերի տակ։ Նրանց պարունակությունը անհետացել էր։ Քորալայնը հիշեց լուսնի լույսի տակ իրեն ձեռքով անող երեխաներին։

Նա զգուշությամբ դրեց ապակու կտորները փոքրիկ երկնագույն տուփի մեջ։ Այդ տուփի մեջ պահվում էր արծաթյա ապարանջանը, որը նվիրել էր տատիկը, երբ նա դեռ շատ փոքր էր։ Ապարանջանը վաղուց կորել էր, իսկ տուփը մնացել։

Միսս Սփինքն ու միսս Ֆորսիբլը վերադարձել էին միսս Սփինքի զարմուհու մոտից, և Քորալայնը թեյելու գնաց նրանց մոտ։ Օրը երկուշաբթի էր։ Չորեքշաբթի օրը սկսվելու էր նոր ուսումնական տարին։

Միսս Ֆորսիբլը ասաց, որ պետք է նորից նայել Քորալայնի բաժակը։

― Գործերդ լավ են ընթանում, ― ասաց միսս Ֆորսիբլը։

― Ի՞նչ ― չհասկացավ Քորալայնը։

― Այն ինչ պետք է լիներ, արդեն եղել է, ― պատասխանեց միսս Ֆորսիբլը, կամ համարյա ամեն ինչ։ Չեմ հասկանում, թե սա ինչ է։ Նա ուշադիր նայում էր բաժակի եզրի տերևներին։

Միսս Սփինքը թեքվեց դեպի բաժակը։

― Միրիամ, թող ես էլ նայեմ։

Նա նայեց թերթիկներին ակնոցների հաստ ապակիների միջով։

― Չգիտեմ, թե ինչ է նշանակում, բայց շատ նման է ձեռքի։

Քորալայնը նայեց բաժակի մեջ։ Թերթիկներն իսկապես հիշեցնում էին դեպի ինչ֊որ բան ձգվող ձեռք։

Շոտլանդական տերյեր Հեմիշը թաքնվեց միսս Ֆորսիբլի աթոռի տակ ու չէր ուզում այնտեղից դուրս գալ։

― Նա ինչ֊որ մեկի հետ կռվել է, ― ասաց միսս Սփինքը, ― նրա կողքի վրա մի շատ խորը վերք կա։ Խե՜ղճ շուն։ Ճաշից հետո մենք նրան կտանենք անասնաբույժի մոտ։ Շատ կուզեի իմանալ, թե ով է դա արել։

Քորալայնը գիտեր, թե ով։

Արձակուրդի վերջին շաբաթվա եղանակը հիանալի էր, կարծես ամառը ուզում էր արդարանալ իր անձրևոտ և ցուրտ օրերի համար։

Երբ Քորալայնը դուրս եկավ միսս Ֆորսիբլի ու միսս Սփինքի տանից, նրան ձայն տվեց վերևի խելագար ծերունին։

Էյ, Քարոլայն, ― կանչում էր նա կախվելով ճաղերից։

― Իմ անունն է Քորալայն, ― ասաց նա։ ― Ինչպե՞ս են ձեր մկնիկները։

― Նրանք ինչ֊որ բանից վախենում են, ― ասաց ծերունին։ ― Հնարավոր է, տանը աքիս է հայտնվել։ Մեր կողմերում մենք միս կամ մի կտոր համբուրգեր էինք դնում թակարդի մեջ և երբ գազանիկը գալիս էր, ընկնում էր նրա մեջ ու էլ չէր անհանգստացնում մեզ։ Մկնիկները այնքան են վախեցած, որ նույնիսկ չեն դիպչում երաժշտական գործիքներին։

― Չեմ կարծում, որ նրան միս է պետք, ― ասաց Քորալայնը, ձեռք տվեց վզին կախված բանալիին ու գնաց տուն։

Նա արդեն կարողանում էր ինքնուրույն լողանալ ու նույնիսկ լոգարանում բանալին չհանեց։ Նա երբեք չէր հանում այն վզից։

Նա պառկեց քնելու, ու արդեն համարյա քնել էր, երբ լսեց, որ ինչ֊որ մեկը քերծում է պատուհանը։ Նա վեր կացավ ու փակեց վարագույրները։ Ալ կարմիր եղունգներով ձեռքը թռավ պատուհանի ելուստից, սուզվեց ջրատար խողովակի մեջ ու անհետացավ։ Պատուհանի վրա դրսի կողմից խոր ակոսներ էին մնացել։

Այդ գիշեր Քորալայնը համարյա չքնեց։ Նա մտածում էր, ծանր ու թեթև անում իր հետագա գործողությունները։ Վերջապես լուսադեմին քնեց, բայց նույնիսկ երազում ականջ էր դնում․ արդյո՞ք ինչ֊որ մեկը չի մոտենում իր պատուհանին, կամ դռանը։

Առավոտյան Քորալայնը ասաց մայրիկին․

― Այսօր ես ուզում եմ խնջույք կազմակերպել տիկնիկներիս համար։ Կարո՞ղ ես ինձ մի հին, անպետք կտոր տալ, որ այն օգտագործեմ որպես սփռոց։

― Կարծեմ այդպիսի բան չունեմ, ― ասաց մայրիկը։ Նա փնտրեց խոհանոցի պահարանում, հանեց այնտեղից անձեռոցիկներն ու սփռոցները։ Ընտրելով նրանցից մեկը նա ասաց․ ― Սա դո՞ւր է գալիս քեզ։

Դա թղթե, կարմիր ծաղիկներով սփռոց էր, որը մնացել էր ինչ֊որ խնջույքից հետո։

― Այո, ― ասաց Քորալայնը։

― Ինձ թվում էր, որ դու էլ չես խաղում տիկնիկներով, Քորալայն Ջոնս, ― ասաց մայրիկը։

― Չեմ խաղում։ Ընդամենը ներկաքողարկվում եմ։

― Լավ, ― ասաց մայրիկը, ― սպասում եմ քեզ ճաշին։ ― Ցանկանում եմ՝ հաճելի զբոսանք։

Քորալայնը վերցրեց ստվարաթղթե մի տուփ, դրեց այնտեղ իր տիկնիկներին, մի քանի փոքրիկ բաժակներ, ջուր վերցրեց և դուրս եկավ փողոց։

Նա քայլեց խանութ տանող ճանապարհով։ Չհասնելով խանութին, անցավ պարսպի միջի անցքով և շարունակեց ճանապարհը մի անխնամ տարածքով, հետո՝ նորից անցավ ցանկապատը։

Քորալայնը երկար ժամանակ խճճում էր հետքերը, և միայն համոզվելով, որ իրեն ոչ ոք չի հետևում, հանգստացավ։

Անցնելով թենիսի խաղահրապարակը, նա ուղղվեց դեպի բարձր խոտերը, որոնք թաքցնում էին փայտերով ծածկված ջրհորը։ Նա վերցնում էր տախտակները ու մի կողմ տանում, բացելով ջրհորի անցքը։ Տախտակները շատ ծանր էին փոքրիկ աղջկա համար, բայց Քորալայնը կարողացավ դա անել, նա պետք է այդ աներ։ Ջրհորում խոնավ ու մութ էր։ Աղյուսները ժամանակից կանաչել և լպրծուն էին դարձել։

Նա բացեց սփռոցը ու խնամքով գցեց ջրհորի անցքի վրա։ Սփռոցի եզրերին դրեց բաժակները և ջուր լցրեց, որպեսզի ավելի ծանր լինեն։ Բաժակների առջև, խոտի վրա այնպես նստեցրեց տիկնիկներին, որ կարծես թեյում էին։ Հետո Քորալայնը ետ գնաց, աշխատելով վերադառնալ իր հետքերով, անցավ ցանկապատը, հետո հին ծառուղիով շրջանցեց խանութները ու վերադարձավ տան մոտ։

Նա հանեց վզից բանալին և ամուր բռնելով այն, թակեց միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի դուռը։

Դուռը բացեց միսս Սփինքը։

― Բարև թանկագինս, ― ասաց նա։

― Ներս չեմ մտնի, ― ասաց Քորալայնը։ ― Եկել եմ իմանալու, թե ինչպես է Հեմիշը։

― Անասնաբույժն ասաց, որ նա քաջ զինվոր է, ― պատասխանեց միսս Սփինքը։

― Բարեբախտաբար, վերքը չի բորբոքվել։ Մենք այդպես էլ չհասկացանք, թե ով է նրան վիրավորել։ Անասնաբույժը ենթադրեց, որ ինչ֊որ կենդանի, բայց ինչ կենդանի՝ չգիտեր։ Միսթր Բոբոն կարծում է, որ դա աքիս է։

― Միսթր Բոբո՞ն։

― Այո, նա՝ ով ապրում է վերևում։ Նա հին կրկեսային ընտանիքից է։ Ռումինացի, սլովենացի, գուցե չախ՝ չեմ հիշում։

Քորալայնին երբեք չէր հետաքրքրել խելագար ծերունու անունը։ Եթե իմանար, որ նրա անունը միսթր Բոբո է, նա առիթը բաց չէր թողնի արտասանել այն։ Չէ՞ որ այդպիսի անուն հազվադեպ է պատահում։

― Միստր Բոբո, ― ասաց Քորալայնը։ ― Հիանալի է։ Հետո սովորականից ավելի բարձր ասաց․ գնում եմ խաղալու տիկնիկների հետ թենիսի խաղահրապարակի մոտ։

Միայն թե չմոտենաս ջրհորին, ― ասաց միսս Սփինքը շշուկով։ ― Միսթր Լովաթը, որը նախկինում ապրում էր ձեր բնակարանում ասում էր, որ ջրհորի խորությունը գուցե մի միլ է, գուցե և շատ ավելի։

Քորալայնը չէր ուզում, որ ձեռքը այդ լսեր, ու շտապեց փոխել խոսակցության թեման։

Ինչ բանալի՞ է, ― ասաց նա բարձրաձայն։ Սա հին բանալի է, որը վերցրել եմ տանից խաղալու համար։ Դրա համար էլ նրան պարան եմ կապել։ Ցտեսություն։

― Ինչ զարմանալի երեխա է, ― քթի տակ ասաց միսս Սփինքը ու տուն մտավ։ Քորալայնը թեթև քայլերով անցավ մարգագետինը և ուղղվեց դեպի թենիսի խաղահրապարակը, պտտելով պարանից կախված սև բանալին։

Աչքի պոչով մի քանի անգամ նկատեց խոտերի մեջ ինչ֊որ սպիտակ բան։ Այդ ինչ֊որ բանը հետևում էր իրեն որոշ տարածություն պահպանելով։

Նա փորձեց շվշվացնել, բայց չստացվեց։ Նա սկսեց երգել այն երգը, որ երգում էր հայրիկը, երբ նա շատ փոքր էր։ Այդ երգը նրան միշտ զվարճացնում էր։

Մոխրագույն աչքերով փոքրիկիս
Քաղցր շիլա ու պաղպաղակ կտամ։
Կգրկեմ, կողքին կնստեմ
Ու ականջին կամաց կասեմ․
«Ոչ մի դեպքում և երբեք
Աղջկաս սենդվիչի մեջ
Չեմ դնի բզեզ։»

Նա քայլում էր այգով ու երգում, դողդողացող ձայնով։

Տիկնիկների մոտ ոչինչ չէր փոխվել։ Ջրով փոքրիկ բաժակները պահում էին ջրհորը ծածկող սփռոցը։ Ամեն ինչ իր նախատեսածի նման էր ընթանում։ Նա թեթևացած շունչ քաշեց։

Բայց ամենադժվարը դեռ առջևում էր։

― Ողջույն տիկնիկներ, ― ասաց նա ուրախ։ ― Թեյելու ժամանակն է։

Նա մոտեցավ սփռոցին։

― Բերել եմ ձեզ համար կախարդական բանալի, որպեսզի խնջույքը ավելի ուրախ անցնի, ― հայտնեց նա տիկնիկներին։

Քորալայնը կռացավ ու դրեց բանալին սփռոցին։ Նա ձեռքից բաց չէր թողնում պարանը ու աշխատում էր չշնչել, հուսալով, որ սփռոցը պահող բաժակները կդիմանան բանալու ծանրությանը ու չեն ընկնի ջրհորը։

Բանալին դրված էր սփռոցի ամենակենտրոնում։ Քորալայնը բաց թողեց պարանը ու մի քիչ ետ գնաց։ Հիմա ամեն ինչ պատրաստ էր ձեռքին հանդիպելու համար։ Նա շրջվեց տիկնիկների կողմը։

― Ջեմիմա, Ռոզա, Պրիմուլա, ուզո՞ւմ եք բալի կարկանդակ, ― հարցրեց նա։

Քորալայնը աշխուժորեն խոսելով, ամեն մի տիկնիկի մտացածին ափսեի մեջ, իբր թե մի֊մի կարկանդակ դրեց։

Նա տեսնում էր, թե ինչպես մի սպիտակ բան թռչելով ծառից ծառ, ավեի ու ավելի է մոտենում իրեն։ Նա ստիպում էր իրեն չնայել այն կողմ։

― Ջեմիմա, ա՛յ դու չարաճճի, գետնին գցեցիր կարկանդակը։ Ես ստիպված եմ բերել մի նոր կտոր։

Նա շրջանցեց ջրհորը ու գնաց տիկնիկի մոտ, իբր վերցնում էր ընկած կտորը ու մի նոր կտոր կտրում նրա համար։

Ձեռքը հայնտվեց շատ անսպասելի ու անաղմուկ։ Երկար մատների ծայրերով նա անցավ խոտերի վրայով ու հեշտությամբ թռավ կոճղի վրա։ Մի ակնթարթ անշարժացավ, նմանվելով ցցված ոտքերով խեցգետնի։ Հետո հաղթական թռիչք արեց դեպի սփռոցի կենտրոնը։

Քորալայնի համար ժամանակը կանգ առավ։ Սպիտակ մատները օղակեցին սև բանալին․․․ Փոքրիկ բաժակները թռան տարբեր կողմեր, ու մյուս մայրիկը թղթե սփռոցի ու բանալու հետ ընկավ ջրհորի մութ անցքի մեջ։

Շունչը պահած, Քորալայնը սկսեց հաշվել։ Քառասուն թվի վրա ինչ֊որ տեղ խորքից, լսեց խուլ ճողփյուն։

Ինչ֊որ մեկը նրան պատմել էր, որ եթե ջրհորի հատակից արևոտ օրը նայես վերև, կտեսնես գիշերային երկինքը ու աստղերը։ Հետաքրքիր է, կկարողանա՞ արդյոք ձեռքը հիանալ աստղերով այնտեղից, որտեղ գտնվում է։

Քորալայնը տեղը դրեց ծանր տախտակները, աշխատելով հնարավորինս իրար ավելի մոտ դասավորել, որպեսզի հանկարծ որևէ մեկը անզգուշորեն այնտեղ չընկներ, և ինչ֊որ մեկը չկարողանար այնտեղից դուրս գալ։

Երբ հավաքում էր ստվարաթղթե արկղի մեջ տիկնիկներին ու բաժակները, նկատեց, որ իրեն է մոտենում սև կատուն։ Նրա բարձր պահած պոչը նման էր հարցականի նշանի։ Նա չէր տեսել կատվին մյուս մայրիկի մոտից վերադառնալուց հետո։

Կատուն մոտեցավ, թռավ ջրհորը ծածկող տախտակների վրա և աչքով արեց Քորալանին։ Հետո թռավ խոտերի վրա ու պառկեց մեջքի վրա։

Քորալայնը կռացավ ու շոյեց նրա փորի փափուկ մորթին։ Կատուն հաճույքից մլավում էր, հետո ոտքերի վրա կանգնեց ու գնաց դեպի թենիսի խաղահրապարակ։

Քորալայնը տուն վերադարձավ։

Նրան սպասում էր միսթր Բոբոն։ Նա ձեռքը դրեց աղջկա ուսին ու ասաց․

― Մկնիկներն ինձ ասացին, որ հիմա ամեն ինչ լավ է։ Նրանք քեզ «մեր փրկիչ» անվանեցին, Քարոլայն։

― Իմ անունն է Քորալայն, միսթր Բոբո, ― ուղղեց նրան Քորալայնը։ ― Քորալայն։

― Քորալայն, ― մի քանի անգամ կրկնեց զարմացած ծերունին հարգանքով։ ― Ուրեմն, Քորալայն, Մկնիկները խնդրել են հաղորդել քեզ, որ երբ պատրաստ կլինեն հանդիսատեսին ներկայանալ, դու առաջինը կլինես։ Նրանք կնվագեն տու֊դում ու լյա֊լյա֊լյա, կպարեն ու ցույց կտան տարբեր հնարքներ։

― Շատ եմ ուզում այդ բոլորը տեսնել, ― ասաց Քորալայնը, ― իհարկե միայն այն ժամանակ, երբ նրանք պատրաստ կլինեն։

Նա ծեծեց միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի դուռը։ Միսս Սփինքը բացեց դուռը և Քորալայնը անցավ հյուրասենյակ։ Ցած դրեց տիկնիկներով տուփը ու գրպանից հանեց անցքով քարը։

― Վերցրեք, ― ասաց նա։ ― Նա արդեն ինձ պետք չէ։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ։ Այս քարը իմ և էլի մի քանի մարդու կյանք փրկեց։

Նա ամուր գրկեց կանանց։ Միսս Ֆորսիբլից սխտորի հոտ էր գալիս, նա սխտոր էր կտրատում։ Հետո Քորալայնը վերցրեց իր տուփը ու դուրս եկավ։

― Արտակարգ երեխա է, ― ասաց միսս Սփինքը։

Այն օրից, ինչ նա թողել էր թատրոնը, ոչ ոք չէր գրկել նրան։

Քորալայնը լվացվեց, մաքրեց ատամները, անկողին մտավ ու սկսեց նայել առաստաղին։ Եղանակը տաք էր, և այժմ, երբ ձեռքը չկար, նա լայն բացեց պատուհանը և խնդրեց հայրիկին, որ վարագույրները մինչև վերջ չիջեցնի։

Նրա դպրոցական նոր զգեստը կախված էր աթոռին։ Վաղը նա կարթնանա ու կհագնի այն։ Քորալայնը անհանգիստ էր, և ուշադիր ականջ էր դնում գիշերային լռությանը, բայց հետո հիշեց, որ բացի դպրոցից, ոչ մի սարսափելի բան իրեն չի սպասում։

Նա պատկերացնում էր, որ ինչ֊որ տեղ հնչում է քնքուշ երաժշտություն։ Այդպիսի հնչյուններ կարող էին ունենալ միայն փոքրիկ արծաթյա տրոմբոնները, շեփորներն ու ֆագոտները, իսկ այդ գործիքների վրա կարող էին նվագել միայն սպիտակ մկնիկների բարակ, վարդագույն մատները։

Քորալայնը հիշում էր այն երազը, որում նստած էր մարգագետնի կաղնու տակ երկու աղջնակի ու տղայի հետ և ժպտում էր։

Երկնքում վառվեցին առաջին աստղերը, Քորալայնը վերջապես քնեց, իսկ վերևի հարկի պատուհանից կամացուկ հնչող երաժշտությունը, պատմում էր այն մասին, որ ամառը վերջացել է։