Քույրերը

Գրապահարան-ից
Քույրերը

հեղինակ՝ Ջեյմս Ջոյս
թարգմանիչ՝ Արտեմ Հարությունյան (անգլերենից)
աղբյուր՝ «Դուբլինցիներ»

Քույրեր.png

Այս անգամ նրա վիճակն անհույս էր, դա երրորդ հարվածն էր։ Ամեն գիշեր ես անցնում էի նրանց տան մոտով (արդեն արձակուրդներ էին), զննում պատուհանի լուսավորված քառակուսին եւ ամեն գիշեր պատուհանը լուսավորված էր միանման՝ աղոտ ու հավասար։ Մտածում էի, եթե նա մահացել էր, ապա կտեսնեի մոմերի արտացոլումը լուսամուտերի վարագույրների վրա, քանի որ գիտեի՝ հանգուցյալի գլխավերեւում միշտ երկու վառվող մոմեր են դնում։ Նա հաճախ էր ինձ ասում, որ այս աշխարհում իր օրերը հաշված են, բայց ես նրա խոսքերին չէի հավատում։ Այժմ գիտեի, որ այդ խոսքերը ճշմարիտ են։ Ամեն գիշեր, երբ նայում էի պատուհանին, շշուկով արտասանում էի «կաթված» բառը։ Այդ բառը ականջիս խորթ էր հնչում, ինչպես Էվկլիդեսի «արեւացույցը» եւ «սիմոնականությունը» կատեխիզիսում, բայց հիմա այն ասես մի հանցավոր եւ մեղսապարտ էակի անուն լիներ։ Այդ բառը սարսափեցնում էր ինձ, միաժամանակ ցանկանում էի մոտիկից տեսնել նրա մահացու աշխատանքը;

Երբ ցած իջա ընթրիքի, ծերուկ Քոթերը կրակի մոտ նստած ծխում էր։ Մինչ մորաքույրս հարցնում էր, թե որտեղ էի կորել այսքան ժամանակ, Քոթերը վերսկսելով ընդհատված խոսակցությունը ասաց․

— Ո՛չ, ես չէի ասի, թե նա իսկապես ․․․ բայց ինչ֊որ տարօրինակ բան կար․․․ ինչ֊որ բան էր կատարվում նրա հետ․․․ ահա իմ կարծիքը նրա մասին․․․

— Նա սկսեց ֆսֆսացնել ծխամորճը եւ, անկածկած, այդ միջոցին մտմտում էր կարծիքի շուրջ։ Ձանձրալի, հիմա՛ր ծերուկ։ Երբ մենք նոր էինք ծանոթացել, նա դեռ բավականին հետաքրքիր մարդ էր, խոսում էր թորման տարբեր ձեւերից, բայց շուտով ձանձրացա օղեթորման մասին նրա անվերջանալի խոսակցություններից։

— Ես իմ սեփական տեսությունն ունեմ, — ասաց նա։ — Իմ կարծիքով, դա այն․․․ բացառիկ դեպքերից է․․․ բայց դժվար է ասել․․․

Նա նորից սկսեց ֆսֆսացնել ծխամորճը, այդպես էլ չբացատրելով իր տեսությունը։ Հորեղբայրս նկատելով իմ զարմացած հայացքն ասաց․

— Հիմա, երբ քո ծեր բարեկամը մահացել է, դու կտխրես։

— Ո՞վ, — հարցրի ես։

— Հայր Ֆիլնը։

— Նա մահացե՞լ է։

— Միսթըր Քոթերը հենց նոր հայտնեց այդ մասին։ Ինքն անցնելիս է եղել նրանց տան մոտով։

— Գիտեի, որ ինձ զզնում են, այդ պատճառով շարունակեցի ուտել, ձեւացնելով, թե լուրը ինձ չհետաքրքրեց։

Հորեղբայրս բացատրեց Քոթերին․

— Տղան ու նա մոտ ընկերներ էին, հայր Ֆլինը նրան շատ բան է սովորեցրել։ Ասում են, ծերուկը նրան շատ էր սիրում։

— Աստված հո՜գին լուսավորի, — ասաց մորաքույրս ջերմեռանդորեն։

Ծեր Քոթերը մի պահ ինձ զննեց։ Զգում էի, որ նրա փոքրիկ, հուլունքահատիկի պես սեւ աչքերը ինձ են նայում, բայց որոշեցի չբավարարել նրա հետաքրքրասիրությունը եւ հայացքս չհեռացրի ափսեից։ Նա նորից զբաղվեց իր ծխամորճով, եւ վերջապես, վճռաբար թքեց բուխարիկի ճաղերին։

— Ես թույլ չէի տա, — ասաց նա, — որ իմ երեխաները շփվեին նման մարդու հետ։

— Ի՞նչ եք ուզում ասել միսթեր Քոթեր, — հարցրեց մորաքույրս։

— Ուզում եմ ասել, որ երեխաների համար դա վնասակար է։ Իմ կարծիքով տղան պիտի վազվզի իր հասակակիցների հետ եւ ոչ թե․․․ Ճիշտ չե՞մ ասում, Ջեք։

— Դա նաեւ իմ կարծիքն է, — ասաց հորեղբայրս։ — Թող երեխան իր նմանների հետ խաղա։ Մարմնամարզությամբ զբաղվիր՝ միշտ ասում եմ ես այդ Ռոզենկրեյցերին։ Է՜հ, երբ թոկից փախածի մեկն էի ամեն առավոտ՝ ձմեռ թե ամառ, սառը լոգանք էի ընդունում։ Ահա թե ինչն է հիմա ինձ փրկում։ Կրթությունը շատ լավ է և օգտակար, բայց… Միստր Քոթերը գո՞ւցե ոչխարի մսից մի կտոր համտեսի, — դիմեց նա մորաքրոջս։

— Ոչ, ո՛չ մի անհանգստացեք, — ասաց ծեր Քոթերը։ Մորաքույրս բուֆետից հանեց սկուտեղը և դրեց սեղանին։

— Բայց ինչո՞ւ եք կարծում, միստր Քոթեր, թե դա վնասակար է երեխաներին,— հարցրեց նա։

— Երեխաներին վնասակար է,— պատասխանեց Քոթերը,— որովհետև երեխաների միտքը այնքա՛ն տպավորվող է։ Ինքներդ գիտեք, երբ երեխան տեսնում է այդպիսի բաներ դրանք անհետևանք չեն մնում…

Ես բերանս լցրի հաճարի շիլայով, որովհետև վախենում էի, որ չեմ կարողանա զայրույթս զսպել։ Ձանձրալի, ծեր, կարմրաքիթ հիմար։

Ուշ քնեցի այդ գիշեր։ Չնայած զայրացած էի Քոթերի վրա, որ նա ինձ երեխա էր անվանել, բայց գլուխ էի կոտրում հասկանալու նրա կցկտուր նախադասությունների իմաստը։ Սենյակիս մթության մեջ ինձ թվում էր թե նորից տեսնում եմ կաթվածահարի ծանր, գորշ դեմքը։ Գլուխս թաքցրի վերմակի տակ և փորձեցի մտածել նոր տարվա մասին, բայց գորշ դեմքը դեռ շարունակում էր ինձ հետապնդել։ Դեմքը շշնջում էր, և ես հասկացա, որ ցանկանում է ինչ֊որ բան խոստովանել։ Զգում էի, որ խորասուզվում եմ արատավոր ու հաճելի մի աշխարհ, որտեղ ինձ սպասում էր նույն դեմքը։ Նա շշնջացող ձայնով սկսեց ինձ խոստովանել, և ես չէի հասկանում, թե ինչու էր անվերջ ժպտում և ինչու էին նրա շուրթերը այդքան թաց։ Հետո հիշեցի, որ նա մահացել է կաթվածից, և զգացի, որ ես նույնպես ամաչկոտ ժպտում եմ, կարծես թողություն եմ տալիս նրա սիմոնականությանը։

Հաջորդ առավոտ, նախաճաշից հետո, գնացի տեսնելու Գրեյթ Բրիթըն սթրիթի վրա գտնվող փոքրիկ տունը։ Դա անհրապույր տեսքով և «Գործվածքեղեն» ցուցանակով մի կրպակ էր։ Կրպակում հիմնականում մանկական կոշիկներ էին և հովանոցներ։ Սովորական օրերին պատուհանից կախված էր «Հովանոցների վերանորոգում» հայտարարությունը։ Այսօր այդ հայտարարությունը չկար, որովհետև ծածկափեղկերը փակ էին, իսկ դռան թակիչին ժապավենով ամրացված էր կրեպե մի ծաղկեփունջ։ Երկու աղքատիկ հագնված կանայք և հեռագրատան ցրիչը կարդում էին ժապավենին ամրսպված բացիկը։ Ես նույնպես մոտեցա և կարդացի․

Հուլիսի 1, 1895 թ․

Հարգարժան Ջեյմս Ֆլին քահանա,

Սեթ սթրիթ) վաթսունհինգ տարեկան։

(Սուրբ Կատարինայի եկեղեցու նախկին֊

Հանգստություն նրա աճյունին։

Բացիկը ընթերցելով, համոզվեցի, որ հայր Ֆլինը մահացել է ե շփոթվեցի այդ անակնկալ խոչընդոտից։ Եթե նա չմահանար, ներս կմտնեի կրպակի խորքում գտնվող փոքրիկ սենյակը և կտեսնեի նրան վերարկուի մեջ փաթաթված, օջախի մոտի բազկաթոռում։ Մորաքույրս երբեմն ուղարկում էր մի տուփ «Ընտիր» ծխախոտ եւ այդ նվերը նրան սթափեցնում էր բթացնող նիրհից։ Սովորաբար ինքս էի լցնում ծխախոտը նրա սև ծխախոտատուփի մեջ, որովհետև ծերուկի ձեռքերը խիստ դողում էին և այդ գործողությունը անելիս նա անպայման ծխախոտի կեսը շաղ էր տալիս հատակով մեկ։ Անգամ այն ժամանակ, երբ նա իր մեծ, գողացող ձեռքը մոտեցնում էր քթին, ծխախոտի փոշեհատիկները թափվում էին հագուստի վրա։ Հավանաբար հենց այդ մշտական նստվածքն էր նրա հին քահանայական փարաջային խունացած֊կանաչագույն տեսք տալիս, որովհետև շաբաթվա ընթացքում ծխախոտի բծերից սևացած կարմիր թաշկինակը, որով նա փորձում էր թափ տալ շորին կպած փոշեհատիկները, ոչ մի օգուտ չէր տալիս։

Ցանկացա ներս մտնել և տեսնել նրան, բայց չհամարձակվեցի դուռը ծեծել։ Դանդաղ քայլեցի փողոցի արևոտ կողմով, ճանապարհին կարդալով համարյա բոլոր թատերական ազդերը։ Ինձ տարօրինակ էր թվում, որ ոչ ես էի սգի մեջ, ոչ էլ օրը, և տհաճություն զգացի, երբ հասկացա, որ ինձ համակում է ազատության զգացումը, ասես նրա մահը ազատել էր ինձ ինչ֊որ բանից։ Դա ինձ զարմացրեց, որովհետև հորեղբայրս երեկ երեկոյան իսկապես ճիշտ էր ասում, ծերուկը ինձ շատ բան էր սովորեցրել։ Նա ավարտել էր Հռոմի իռլանդական քոլեջը և ինձ սովորեցրել էր ճիշտ կարդալ լատիներեն։ Նա պատմում էր ինձ կատակոմբների և Նապոլեոն Բոնապարտի մասին, բացատրում պատարագի բազմաթիվ արարողությունների և քահանայի տարբեր զգեստավորումների նշանակությունները։ Նա հաճույք էր ստանում, երբ դժվար հարցեր էր տալիս, օրինակ, ինչպե՞ս վարվել տվյալ դեպքում, կամ՝ արդյոք գործած այս կամ այն մեղքը համարվո՞ւմ է մահացու, թույլատրելի, կամ էլ պարզապես թուլություն։ Նրա հարցերը բացահայտում էին, թե որքան բարդ և խորհրդավոր են եկեղեցու այդ կանոնները, որոնք ես միշտ համարում էի սովորական ծիսակատարություններ։ Քահանայի պարտականությունները հաղորդության և խոստովանության գաղտնիքի հարցում ինձ այնքան կարևոր էին թվում, որ ես զարմանում էի, թե մարդիկ ինչպես են համարձակվում հանձն առնել այդ պարտականաթյունը։ Եվ ես բոլորովին չզարմացա, երբ նա պատմեց, որ այս խճճված հարցերը բացատրելու համար եկեղեցու հայրերը գրել են «Փոստային տեղեկագրի» հաստության գրքեր, որոնք տպված են նույնպես խտաշար, ինչպես թերթերում դատական պրոցեսների մասին տպագրված հայտարարությունները։

Հաճախ, երբ մտածում էի այդ մասին, ես չէի կարողանում նրան որևէ բան պատասխանել կամ էլ դուրս էի տալիս ինչ֊որ հիմարություն, եւ սխալիս վրա նա սովորաբար ժպտում էր ու գլուխը տմբտմբացնում։ Երբեմն ստիպում էր, որ մենք միասին երգենք պատարագը, որը ես անգիր էի արել և երբ շեղվում էի, նա նորից գլխով էր անում, մտազբաղ ժպտում և ժամանակ առ ժամանակ մի պտղունց ծխախոտ վերցնելով, հերթով մոտեցնում քթանցքերին։ Երբ ժպտում էր, երեւում էին նրա մեծ, դեղին ատամները, իսկ լեզուն հայտնվում էր ներքևի շուրթի վրա՝ մի սովորություն, որից ես անհարմար էի զգում մեր ծանոթության սկզբում։

Քայլելով փողոցի արևոտ կողմով, ես հիշում էի Քոթերի խոսքերը և փորձում մտաբերել, թե երազիս մեջ հետո ինչ կատարվեց։ Վերհիշեցի, որ մի թավշյա վարագույր կար եւ մի հնաձև կախովի լամպ։ Ես գտնվում էի ինձ անծանոթ սովորույթների մի հեռավոր երկրում՝ երևի Պարսկաստանում… Բայց երազիս վերջը չկարողացա հիշել։

Երեկոյան մորաքույրս ինձ հետը տարավ հանգուցյալի տունը։ Արևն արդեն մայր էր մտել, բայց դեպի արևմուտք նայող շենքերի պատուհանների ապակիները արտացոլում էին ամպերի երկար շղթայի բոսորագույն ոսկին։

Նաննին մեզ դիմավորեց ընդունարանում և որովհետև բարձրաձայն բարևելն անհարմար էր, մորաքույրս միայն լուռ սեղմեց նրա ձեռքը։ Պառավը ձեռքով հարցական նշան արեց դեպի վեր, և երբ մորաքույրս համաձայնեց, մեզ տարավ նեղ աստիճաններով վերև, թեքելով գլուխն այնպես, որ հավասարվեց բազրիքին։ Սանդղահարթակին նա կանգ առավ և ձեռքի շարժումով մեզ հրավիրեց ներս մտնել հանգուցյալի բաց սենյակը։ Մորաքույրս ներս մտավ, բայց պառավը, տեսնելով, որ տատանվում եմ, նորից մի քանի անգամ ձեռքով նշան արեց։

Ես ներս մտա աշխատելով քայլել անձայն։ Սենյակը հագեցած էր մայր մտնող արևի լույսով, որ ներս էր թափանցել վարագույրի ժանյակազարդ երիզից և լույսի մեջ մոմերը նման էին գունատ, նուրբ բոցի լեզուների։ Նա պառկած էր դագաղում։ Նաննին նշան արեց, և մենք ծնկի իջանք հանգուցյալի ոտքերի մոտ։ Ես ձևացրի, թե աղոթում եմ, բայց չէի կարողանում կենտրոնանալ, որովհետև պառավի քրթմնջոցը խանգարում էր։ Նկատեցի, որ պառավի շրջաղգեստը թարս ու շիտակ է կոճկված, իսկ քաթանե կոշիկների կրունկները մի կողմի վրա համարյա մաշված են։ Հանկարծ մտքովս անցավ, որ ծեր քահանան դագաղի մեշ ժպտում է։

Բայց ոչ։ Երբ մենք ոտքի ելանք և մոտեցանք հանգուցյալին, տեսա, որ նա չի ժպտում։ Պառկած էր հանդիսավոր ու լուրջ և հագնված էր, ասես ուր որ է ժամասության պետք է գնար, իսկ մեծ, անշարժ ձեռքերով պահում էր թասը։ Նրա դեմքի արտահայտությունը շատ խիստ էր։ Այդ դեմքը գորշ էր՝ խոշոր խոռոչանման սև քթանցքերով և մազակալել էր։ Սենյակում տարածվել էր ծաղիկների ծանր բույրը։

Մենք խաչակնքեցինք և դուրս եկանք։ Ներքևի փոքրիկ սենյակում Էլիզան նստել էր քահանայի պատվավոր բազկաթոռին։ Ես տեղավորվեցի անկյունում գտնվող իմ սովորական տեղում, իսկ Նաննին մոտեցավ բուֆետին, հանեց գինու սափորը ու մի քանի գավաթ, և դնելով սեղանին, առաջարկեց մի փոքրիկ գավաթ գինի խմել։ Նա ինձ առաջարկեց սերուցքային պաքսիմատներ, բայց ես հրաժարվեցի, մտածելով, որ ուտելիս բարձրաձայն կխրթխրթացնեմ։ Նա կարծես փոքր֊ինչ ափսոսանքով ընդունեց իմ մերժումը և լուռ մոտենալով գահավորակին, նստեց քրոջ մոտ։ Ոչ ոք ոչ մի բառ չասաց՝ բոլորով նայում էինք դատարկ բուխարիկին։ Մորաքույրս սպասեց, և, երբ Էլիզան հոգոց հանեց, ասաց․

—Է՛հ, ինչ արած, հիմա նա այն աշխարհում է։ — Էլիզան մի անգամ էլ հոգոց հանեց և որպես համաձայնության նշան, գլուխը թեքեց։

Մորաքույրս նախքան ըմպելը, ձեռքում պտտեցրեց գինու գավաթը։

— Իսկ նա ո՞նց… խաղա՞ղ, — հարցրեց մորաքույրս։

— Նա այնքան խաղաղ էր, տիրուհի, երբ հոգին ավանդևց, որ ուղղակի անհավատալի էր․ լավ մահ էր, փա՜ռք տիրոջը։

— Եվ ամե՞ն ինչ…

— Երեքշաբթի օրը հայր Օ՚Ռուրկը ւսյստեղ էր։ Նա օծման վերջին խորհուրդը կատարեց և հաղորդեց։

— Ուրեմն հայր Ֆլինը գիտե՞ր…

— Այո, նա մահացավ անտրտունջ։

— Եվ տեսքն էլ է խաղաղ,— ասաց մորաքույրս։

— Նույնն էր ասում և այն կի՛նը, որը եկել էր նրան լողացնելու։ Նա ասում էր, որ հայր Ֆլինը կարծես քնած լիներ, իսկ դեմքը այնքան խաղաղ էր ու հանգիստ։ Ոչ ոք չէր կարծում, թե դագաղում նա այդքան խաղաղ տեսք կունենա։

— Եվ իսկապես,— շշնջաց մորաքույրս։ Նա իր գավաթից մի ումպ արեց։

— Ինչ արած, միսս Ֆլին, ձեզ համար մեծ սփոփանք է, որ արեցիք այն ամենը, ինչ կարող էիք․ Դուք՝ երկուսդ էլ, շատ էիք մտահոգվում նրա համար։

Էլիզան շրջազգեստի եզրը հարթեց ծնկների վրա։

— Ա՛խ, խեղճ Ջեյմս,— ասաց նա,— աստվա՛ծ վկա, մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք։ Եվ որքան էլ դա ծանր էր մեզ համար, մենք երբեք նրան հոգսի մեջ չթողեցինք։

Նաննին թիկնեց բազմոցի բարձին եւ թվաց, ուր որ է կքնի։

— Է՛հ, խեղճ Նաննին,— ասաց Էլիզան, նայելով նրան, — ուղղակի տանջվեց, չէ որ ամեն ինչ ստիպված էինք ինքներս անել… թե՛ կին գտնել, որ լողացնի հայր Ֆլինին, թե՛ տեղափոխել, թե՛ դագաղ պատվիրել եւ թե՛ պատարագ անել եկեղեցում։ Եթե հայր Օ՚Ռուրկը չլիներ, չգիտեմ, թե ինչ կլիներ մեր վիճակը։ Ահա նա ծաղիկներ է ուղարկել, եկեղեցուց՝ մոմեր, եւ հայտարարություն է տվել «Քաղաքացիների լրաբերում», իր վրա է վերցրել գերեզմանոցի և անգամ խեղճ Ջեյմսի ապահովագրության հոգսը։

— Ինչպիսի մեծահոգություն, այնպես չէ՞,— ասաց մորաքույրս։

Էլիզան փակեց աչքերը եւ լուռ գլխով արեց։

— Իհարկե, հին ընկերը իսկական ընկեր է,— ասաց նա․— իսկ եթե ճիշտն ասեմ, երբ դեպքը պատահեց, չկար մեկը, որին կարելի էր վստահել։

— Դա ճշմարտություն է,— ասաց մորաքույրս,— եւ հիմա, այն աշխարհում, նա ձեզ չի մոռանա այն ամենի համար որ դուք արել եք։

— Ա՛հ, խեղճ Ջեյմս,— կրկնեց Էլիզան,— նրան հոգ տանելն այնքան էլ դժվար չէր եւ տանը նրա ձայնը երբեք չէր լսվում։ Բայց հիմա, երբ ես գիտեմ՝ Նա այլևս չկա, էլի չեմ հավատում, թե…

— Եվ այժմ, երբ ամեն ինչ վերջացել է, դուք նոր֊նոր կզգաք նրա բացակայությունը, — ասաց մորաքույրս։

— Ես գիտեմ,— ասաց Էլիզան,— որ նրան գավաթով արգանակ այլևս չեմ բերի, և ոչ էլ դուք նրան ծխախոտ կուղարկեք։ Օ՛հ, խեղճ Ջեյմս։

Նա լռեց, ասես խորասուզվեց անցյալի հուշերում և հետո ասաց խորիմաստ և հանդիսավոր ձայնով․

— Վերջերս ես նկատում էի, որ նրա հետ ինչ֊որ բան էր կատարվում։ Երբ արգանակ էի նրան տանում, հաճախ էի տեսնում, աղոթագիրքը ընկած է հատակին, ինքը ընկած է բազկաթոռին՝ գլուխը ետ գցած, իսկ բերանը՝ բաց։ — Նա մատը մոտեցրեց քթին, խոժոռվեց, հետո շարունակեց։

— Բայց ինչ վիճակում էլ լիներ, չէր հանձնվում։ Ասում էր, քանի դեռ ամառը չի վերջացել, մի օր Այրիշթաուն կգնանք, այն տունը տեսնելու, որտեղ ծնվել ենք մենք, միայն թե Ջոն Դոշից էժան գնով անաղմուկ և փափուկ մի սայլակ գնենք։ Հայր Օ՚Ռուրկը ասում էր, որ հատուկ անիվներով ինչ֊որ սայլակներ կան, և երեքով՝ ինքը, ես ու Նաննին այնտեղ կգնանք շաբաթ երեկոյան… Այդ միտքը նրա գլխից դուրս չէր գալիս… Խե՛ղճ Ջեյմս…

— Աստվա՛ծ թող նրա հոգուն հանգստություն տա․— ասաց մորաքույրս։

Էլիզան հանեց թաշկինակը, սրբեց աչքերը, հետո թաշկինակը դրեց գրպանը և որոշ ժամանակ նայում էր դատարկ բուխարիկին։

— Իսկ ինչքա՛ն բծախնդիր էր,— ասաց Էլիզան,— եկեզեցական աստիճանը նրա բանը չէր և կյանքում էլ, պետք է խոստովանել, նա ծանր ճակատագիր ունեցավ։

— Այո,— ասաց մորաքույրս,— նա հուսահատված մարդ էր, դա երեւում էր նրա տեսքից։

Լռություն տիրեց փոքրիկ սենյակում, օգտվելով առիթից մոտեցա սեղանին, ըմպեցի իմ գավաթից ու վերադարձա անկյունում դրված իմ աթոռին։ Էլիզան թվում էր, ընկղմվեց խոր թմրության մեջ։ Մենք հարգալից սպասեցինք, մինչև որ նա խախտեց լռությունը եւ երկարատև դադարից հետո սկսեց դանդաղ խոսել։

— Եվ այդ ամենի պատճառը թասն էր, որը նա ջարդեց այն ժամանակ… Դրանից ել սկսվեց ամեն ինչ… Իհարկե, մենք ասում էինք՝ ո՛չինչ, թասը դատարկ էր։ Ասում էինք, որ փոքրավորն է մեղավոր… բայց այնուհանդերձ, այդ բանից հետո խեղճ Ջեյմսը ջղային ղարձավ, աստված հանգստություն տա նրա ոսկորներին։

— Ուրեմն պատճառը թա՞սն էր, — հարցրեց մորաքույրս։ — Ես լսել էի իբր…

Էլիզան գլխով արեց․

— Դա էր պատճառը, որ նա խելքը թռցրեց, — ասաց նա, — դրանից հետո մտազբաղ էր և ոչ ոքի հետ չէր խոսում, մենակ թափառում էր։ Մի անգամ, երեկոյան, եկան ծեսի կանչելու, բայց ոչ մի տեղ չգտան։ Էլ ուր ասես չնայեցին, փնտրում էին ամենուրեք՝ չկար ու չկար։ Ահա այդ ժամանակ, տիրացուն խորհուրդ տվեց նրան փնտրել եկեղեցում։ Նրանք վերցրին բանալիները, բացեցին եկեղեցու դուռը եւ տիրացուն, հայր Օ՚Ռուրկը ու վի քահանա, որը նրանց հետ էր, սկսեցին փնտրել։ Անգամ կրակ էին վերցրել հետները։ Եվ ինչ եք կարծում, նա հենց այնտեղ էր… Նստել էր մեն֊մենակ իր խոստովանախցում, նրանց էր նայում ակնապիշ հայացքով և կարծես մեղմ ծիծաղում էր ինքն իրեն։

Էլիզան հանկարծ լռեց, ասես ինչ֊որ բան լսեց։ Ես նույնպես ականջ դրի, բայց տանը ոչ մի ձայն չէր լսվում, և ես գիտեի, որ ծեր քահանան պառկած էր դագաղում այնպես, ինչպես մենք նրան տեսել էինք մահվան մեջ՝ հանդիսավոր ու ահեղ, դատարկ թասը կրծքին։

Էլիզան կրկնեց․

— Նայում էր ակնապիշ և կարծես ծիծաղում էր ինքն իրեն… Դե՛, հենց որ այդ տեսան, գլխի ընկան, որ նրա հետ ինչ֊որ բան է կատարվում…