Քրիստոսը խաչի վրա
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Քրիստոսը խաչին է: Ոտքերը հպվում են հողին:
Խաչերը նույն բարձրության են:
Քրիստոսը կենտրոնում չէ: Նա երրորդն է:
Սև մորուքը կախվել է կրծքին:
Դեմքը ուրիշ է, նման չէ նրա ուշ կերպարին:
Մռայլ հրեա: Ես այն չեմ տեսնում
և կփնտրեմ այն իմ օրերում
մինչև երկրային քայլերը վերջին:
Անկարող, նա չարչարվում է անձայն:
Փշե պսակը ցավ է պատճառում:
Նա չի լսում ծաղրանքը ամբոխի,
որ դարձյալ հոոգեվարք է տեսնում:
Իրենը, թե ուրիշինը: Միևնույն է:
Նա խաչին է: Ցնորամտում է արքայության մասին,
որ գուցեև իրեն է սպասում,
կնոջ մասին, որ իրենը չէ:
Նա չէր տեսնելու ոչ աստվածաբանությունը,
ոչ երրորդությունը , ոչ գնոստիկներին,
ոչ տաճարները, ոչ Օկամի ածելին,
ոչ պուրպուրը, ոչ մրտենին, ոչ ժամերգությունը,
ոչ սրով մկրտված Գուտրումին,
ոչ հավատաքննությունը, ոչ արյունը տառապյալների,
ոչ խաչակրաց արշավանքները, ոչ Ժաննա դ’Արկին,
ոչ էլ զենքերը օրհնող պապերին:
Նա գիտի, որ ինքը աստված չէ , այլ մարդ,
որ մահանում է վերջալույսին:
Նրան միայն ցավ է պատճառում երկաթը մեխերի:
Նա ոչ հռոմեացի է: Ոչ էլ հույն: Նա հառաչում է:
Նա թողել է մեզ փայլուն փոխաբերություններ
և խորհուրդը ներման, որ կարող է անցյալը ուղղել:
(Այս միտքը մի իռլանդացի է բանտում գրել):
Հոգին մահ է փնտրում:
Արդեն մթնշաղ է: Նա մահացել է:
Անկենդան մարմնին ճանճն է նստել:
Ի՞նչ է ինձ համար նրա տառապանքը , եթե
հիմա տառապում եմ ես: