Changes
{{Վերնագիր
|վերնագիր = Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը<br><small>հեքիաթ-վիպակ</small><br />
|հեղինակ = [[Սաղաթել Հարությունյան]]
|աղբյուրը աղբյուր = [[«Ծիպիլին,_Տիմբական_և_ծիծաղը»Տիմբական և ծիծաղը»]]
|թարգմանիչ =
}}
― Մինչև զամբյուղը բերեմ, կթողնեն կգնան։ Ես դրանց գիտեմ, դեռ իրիկունը հասկացա, որ մի բան մտածել են, անընդհատ փսփսում էին։
― Լավ, ձայնդ կտրիր,― ասաց մի կողմի վրա լուռ կանգնած Հասմիկը, ― ավելի լավ է՝ գնաս զամբյուղդ բերես։ — Հետո դառնալով դեպի Մանուշը, հարցրեց. ― Հը՛, Մանուշ, տւսնո՞ւմ տանո՞ւմ ենք։
Մանուշը լուռ էր, և մայրիկը հասկացավ, որ նա չի ուզում Տարոնին վերցնել։ Տարոնն էլ դա հասկացավ։
― Կասեք, բայց չի լսի, ախր չգիտեք, թե նա որքան համառն է։
― Ե՞ս չգիտեմ... Ես նրան լավ գիտեմ, նաև գիտեմ, որ դուք նրան լավ չեք ճանաչում։ Որքան որ համառ է, նույնքան էլ բարի է ու փւսփկասիրտ։փափկասիրտ։
Այդ ժամանակ տան դռան մոտ հայտնվեց Տարոնը։ Նա մեկի փոխարեն երկու զամբյուղ էր վերցրել։
― Տեսեք, ― ասաց Մանուշը, ֊― ― երկու զամբյուղ է վերցրել, կարծես թե մեկը պիտի կարողանա լցնել։
Պարզիկ մորաքույրը նորից ծիծաղեց։
Անտառի այս բացատը հեռու էր արահետներից ու բանուկ ճանապարհներից, և նրանք որոշել էին այսուհետև գիշերել այստեղ։ Մանավանդ, որ բացատի կենտրոնում մի հսկայական կաղնի կար, որի ներքևի ճյուղերն արդեն չորացել էին և կարելի էր հանգիստ կախվել այդ ճյուղերից ու քնել առանց վախենալու, թե կարող են գիշերային կենդանիների ոտքերի տակ ընկնել։ Իսկ կանաչ ծառերի վրա քնելն այնքան էլ հարմար չէ։ Ինչքան էլ լավ կախվես, միևնույն է, գիշերը որ քամի բարձրացավ, անպայման տերևները դեմքդ կամ վիզդ խուտուտ կտան ու կխանգարեն ամենաքաղցր երազներդ։ էվ Ծիպիլի-Պինդոն կամ ուղղակի Ծիպիլին ու մեկ էլ Տիմբական արդեն երեք օր է գիշերում են այս խաղաղ, մարդկանցից ու աղմուկից հեռու բացատում։ Կաղնուց քիչ հեռու տնկված էր մի բավական մաշված ցախավել, պոչը խրած հողի մեջ, իսկ չորացած ճյուղերի փունջը թեթև օրորվում էր վաղորդյան հովից։ Անմիջապես կաղնու բնի մոտ ընկած էր մի ուրիշ ցախավել, սա մի քիչ ավելի էր պահպանված, քան առաջինը, բայց էլի բավական մաշված էր։ Կաղնու շուրջը կռավելով պտտվում էր մի սև ագռավ, երբեմն ընդհուպ մոտենալով քնածներին, բայց սրանց իսկի վեջն էլ չէր։ Ասենք, Ծիպիլին մի աչքը բաց արեց, նայեց Ագռավին ու նորից սկսեց խռմփացնել։ Չէ՞ որ նրանք էլ բոլորի նման ամենից շատ սիրում էին քնել լուսադեմին, երբ այցի են գալիս քաղցր երազները։
Հիմա կհարցնեք, թե այդ ովքե՞ր են, որ քնում են ծառերի ճյուղերից կախված։ Կհարցնեք, բայց մի՞թե այդքան դժվար է գլխի ընկնել, որ խոսքը կախարդների մասին է։ Այո, Ծիպիլին ու Տիմբական կախարդ պառավներ են, բայց շատ ծերացած, ուղղակի ուժասպառ եղած։ Ուժասպառ լինելը դեռ ոչինչ, նրանք կորցրել են կախարդելու ընդունակությունը։ Ուրիշ պատվարժան կախարդներն ինչ ասես կարողանում են անել՝ կերպարանափոխվել, ցանկացած մարդուն կամ կենդանուն կերպարանափոխել, մի վայրկյանում ցախավելին նստած օդ թռչել և դեռ վերևում մեռյալ օղակներ անել։ Ուրիշ խոսքով, նրանք անում են այն ամենը, ինչ որ պիտի անեն իրենց հարգող իսկական կախարդները։ Իսկ սրանք՝ չէ, սրանք արդեն անպետք կախարդներ են, մեջքացավով ու հոդացավով տառապող պառավներ, որոնք հազիվ են բարձրանում կաղնու ճյուղերի վրա և ւսյնքան այնքան թեթև են, որ նույնիսկ ամենաբարւսկ ամենաբարակ չորացած ճյուղը նրանց ծանրությունից չի կոտրվում։ Եվ հիմա նրանք խորը քնած են։ Ծիպիլին երազ է տեսնում, Տիմբական էլ է երազ տեսնում։ Եվ որքան էլ տարօրինակ թվա, երկուսն էլ տեսնում են նույն երազը։ Դա դեռ ոչինչ, նրանք տեսնում են այն երազը, որի մասին երազում էին արթուն ժամանակ։ Իսկ նրանք երազում էին թռչել... Նստել ցախավելի վրա, բարձրանալ օդ և, ինչպես շատ տարիներ առաջ, թռչել անտառների ու. դաշտերի, գյուղերի ու քաղաքների, գետերի ու ծովերի վրայռվ... Ահա այսպիսի քաղցր երազի մեջ են նրանք, այնպես որ չարժե պառավներին քնից արթնացնել։ Թող թռչեն, քանի երազի մեջ են, իսկ մենք երեսուն տարով ետ գնանք, տեսնենք, թե ինչպես եղավ, որ նրանք կորցրին իրենց զրնգուն փառքը և թե ինչպես դարձան ամենասովորական պառավներ։
― Էհե՜յ, Դիրի-դիմ-բո, կանգնի՜ր, կանգնի՜ր, ասում եմ, ցնդած պառավ, թե չէ որ հասել եմ, կտոր-կտոր կասեմ քեզ, փոշի կդարձնեմ, քեզանից պարան կհյուսեմ, ― որոտընդոստ ձայն էր տայիս Տիմբական առջևից սլացող Ծիպիլիին։
Ծիպիլին երկու հարյուր տարով Տիմբակայից մեծ էր, նրա ականջները բավական ծանրացած էին և լավ չէր լսում, մանավանդ որ հիմա ինքը առջևից էր գնում, ու քամին փչում էր դիմացից։ Բայց պարան հյուսելու մասին նա լսեց, ավելի ճիշտ, ականջին հասավ միայն «պարան» բառը, իսկ մնացածը նա անմիջապես գլխի ընկավ, քանի որ գիտեր՝ պարան հյուսելը Տիմբակայի ամենասիրած սպառնալիքն է։ Նա մի արհամարհական հայացք նետեց հետևից եկող Տիմբակայի վրա և ավելի արագ սլացավ։ «Հարամ կաթնակեր, ― մտածեց նա, ― դե հիմա կտեսնենք, թե ով ումից պարան կհյուսի, հիմա այնքան ձգվես, որ իրեն-իրեն պարան դւսռնաս»։ դառնաս»։ Բայց բարձրաձայն ասաց.
― Հասիր, եթե կարող ես, ծծկեր կախարդ, հասիր, է՜լի, մենակ սպառնալ գիտես, դիրի՜-բիրի՜ կո՛-կո՛-կո՛, տեսնենք, թե ով ումից պարան կհյուսի։
― Էյ, Ծիպիլի, ― չէր հանգստանում Տիմբական, ― կանգնիր, ո՞ւր ես թռչում։ Այդպես դու կհասնես Հյուսիսայհն բևեռ, իսկ այնտեղ, ինչպես գիտես, ցուրտ է, սառնամանիք։ Առանց այն էլ բրոնխներդ ոչ մի բանի պետք չեն, էլ չեմ ասում նշագեղձերիդ մասին, կմրսես, կանգնիր...
― Սրւս՜ն Սրա՜ն տես, հիմար է գտել, հազիվ եմ ցախավելիս արագությունը ժամում երկու հազար կիլոմետրի հասցրել... Կաթնակեր կախարդ, կարող ես հասիր ինձ, փոխանակ խրատներ տալու։
― Մի քիչ դանդաղեցրու՝ հասնեմ, ինչքան չլինի երկուսով թռչելն ավելի ուրախ կլինի։
― ես քեզ գիտեմ, — առանց գլուխը շուռ տալու պատասխանեց Ծիպիլին։ ― Տեսար, որ չես հասնի, վւափկեցիր։ Որ հասնես, բնույթդ գեշ է, էլի կկծես։ Յոթանասուն տարի առաջ էլ խաբեցիր այդպես ու ոտքս այնպես կծեցիր, որ տեղը մինչև. հիմա էլ մնում է։
― Նայիր, օվկիանոսն արդեն վերջացավ, երկրի վրայով ենք թռչում, տես, թե ինչ կանաչ են ափերը,., երեի հասանք Աֆրիկա... Հա, է՛լի, Աֆրիկւսն Աֆրիկան է...
― Որ ասում եմ տգետ ես, տգետ ես, էլի... Մենք թռչում ենք Կանաչ կղզու վրայով։ Գրենլանդիա, լսած կա՞ս։
Տիմբական, սակայն, այդ մասին չէր մտածում, նա կոկորդից պինդ էր, դրա համար էլ ձայն տվեց։
― Էյ, Ծիպիլի, տես, թե քո Կանաչ կղզին ինչ դւսռավ։ դառավ։ Ամեն տեղ ձյուն է ու սառույց... երևվի հասանք Հյուսիսային բևեռ։
― Ոչ մի բևեռ... սա Գրենլանդիայի հյուսիսն է, Ջեսեփի ծովափը... Տեսնո՞ւմ ես, նորից ծով է սկսվում։
― Տիմբակա, դու, ի՞նչ է, կուրացել ես, ոչինչ չե՞ս տեսնում... Նայիր այնտեղ ինչպիսի իրարանցում է։
― Զարմանալո՞ւ ինչ կւսկա, մարդիկ են հավաքվել, իսկ որտեղ մարդիկ, այնտեղ իրարանցում։
― Չէ, դու լրիվ քոռացել ես, ոչինչ չես տեսնում... Ասենք, ինձ ես խուլ ասում, բայց ինքդ էլ չես լսում։ Հապա մի աչքերդ ու ականջներդ սրիր․..
Բայց Ծիպիլին այլևս ոչինչ չասաց։ Նա քարի պես ցած նետվեց, և Տիմբական տեսավ, թե ինչպես անհայտացավ սառցաճեղքի մութ խոռոչի մեջ։ «Այ քեց հիմար», ― մտածեց Տիմբական և ինքն էլ հետևեց Ծիպիլիին։
Սկզբում ոչինչ չէր տեսնում, ճեղքը բավական խորն էր ու ներքևում երևում էր սևին տվող ջուրը։ Հետո նա երեխայի լացի ձայն լսեց և թեքվելով ձախ՝ տեսավ Ծիպիլիին, որը մի ձեռքով բռնել էր էսկիմոս փոքրիկ մի տղայի, իսկ մյուսով փորձում էր սառույցների արանքում լռված ցախավելն ազատել։ Տիմբական երեխային վերցրեց, և միայն դրանից հետո Ծիաիլհն կարողացավ սառույցներից ազատել իր ցախավելը։ Երբ նա ճեղքից դուրս եկավ, վերևում ցնծություն էր։ Փոքրիկ էսկիմոսի մայրիկը կրծքին էր սեղմել երեխւսյին երեխային և դեռ շարունակում էր լալ, այս անգամ, իհարկե, ուրախությունից։ Նա իսկի չէր էլ հետաքրքրվում, թե սառցի անդունդից ով հանեց իր մինուճարին, միայն համբուրում էր տղային ու լալիս։ Իսկ Տիմբական մի կողմի վրա կանգնած նայում էր երջանիկ մայրիկին, ու նրա դեմքը դարձել էր բարի՜-բարի՜։ Ծիպիլին էլ կանգնեց Տիմբակայի կողքին, ու նրանք երկար նայում էին ուրախացող մարդկանց։ Հետո նա կարծես ուշքի եկավ և ցախավելի պոչով խփելով Տիմբակային՝ սլացավ վեր։ Տիմբական հետևեց նրան։
Երկար ժամանակ նրանք թռչում էին կողք, կողքի, բայց այլևս չէին խոսում։ Խուսափում էհն իրար աչքերի մեջ նայելուց անգամ և մեկ-մեկ էին միայն աչքի պոչով նայում իրար ու նորից շարունակում իրենց թռիչքը՝ ամեն մեկը խորասուզված իր մտքերի մեջ։ Իսկ նրանց մտքերը տարբեր չէին։ Երկուսն էլ նույն բանն էին մտածում։ Նրանք զգում էին, որ ակամա մեծ հանցանք են գործել, բայց կարգին չէին գիտակցում իրենց արածի ողջ լրջությունը։ Միայն Ատլանտյան օվկիանոսի վրա, երբ հանկարծ նկատեցին, որ բարձրությունը չեն կարողանում պահել, նրանք ահավոր խուճապի մեջ ընկան։ Եվրոպայի վրւսյով վրայով թռչելիս բավական ցածրացել էին, իսկ երբ հասան Կովկասյան լեռներին՝ համարյա քսվում էին լեռնագագաթներին։
Շուտով նրանք վայրէջք կատարեցին իրենց հարազատ անտառի բացատներից մեկում, բայց դա իսկական վայրէջք չէր, այլ՝ հարկադրական։ Ճիշտ է, նրանք հենց այստեղ էլ ուզում էին հասնել, բայց եթե ուզենային էլ թռիչքը շարունակել՝ ոչինչ չէր ստացվի։ Երբ մի երկու ժամ կանաչների վրա պառկելուց հետո վեր կացան, որ որսի գնան, քանի որ երկարատև թռիչքից հետո բավական քաղցած էին, տեսան, որ իրենց ցախավելները դարձել են սովորական ցախավելներ, նրանցից, որոնցով փողոցներ են մաքրում։ նրանցով այլևս օդ բարձրանալ հնարավոր չէր։ Պառավների բոլոր ջանքերը, կախարդանքներն ու նզովքները իզուր էին։ Ոչ ցախավելներն էին առաջվանը, ոչ էլ իրենք։ Նրանք մեծ, շատ մեծ մեղք էին գործել խախտել էին կախարդների առաջին պատվիրանը՝ բարի գործ էին կատարել։
― Ա՛ռ քեզ, Դիմբո-դիրի՜ բի՛-բի՛-բի՛․.. Էս մեկը քաֆթառի համար, էս էլ՝ փտածի... երես առած, փչացած կախարդ, բիլի-միլի բո՜մ, մազերդ կպոկեմ, եթե մեկ էլ մտնես իմ սահմանը։
― Սա իմ բացատն է՝ Բոմ-բիրի բո՛մ֊բո՛մ․․բո՛մ-բո՛մ․․. Հրեն իմ ցախավելը, չե՞ս տեսնում, թե՞ լրիվ քոռացել ես։
― Հետո ինչ, քո ցախավելը ուր ասես կարող ես տնկել, դրանից հո տեղը քոնը չի՞ դառնա։
Տիմբական շատ համառ, ինքնասածի կախւսրդ կախարդ էր։ Նա նստեց կանաչների վրա ու կտրուկ ասաց,
― Կդառնա։
― Սո՛ւս, սո՛ւս, բարձր մի խոսիր, ― աղաչական ասաց Տիմբական։ ― Այնպես ես ձայնդ գլուխդ գցել, կարծես խուլ եմ։
Բայց Ծիպիլին ցախավելի համար շատ էր վիրավորված, դրա համար էլ կպել էր Տիմբակայի կեղծամից ու պոկ չէր գալիս, թող խայտառակվի, մտածում էր նա, թող բոլորը իմանան։ Ստիպված Տիմբական կծեց նրա թևը։ Բերանի ձախ անկյունում նա մի պինդ ու երկար ատամ ուներ, հենց դա էլ խրեց Ծիպիլիի թևի մեջ, որից սա սոսկալի վայնասուն բարձրացրեց, սակայն մազերը չթողեց, ընդհակառակը, նրան, այնուամենայնիվ, հաջողվեց կեղծամը մի կողմի վրա թեքել։ Տիմբական փորձեց երկրորդ անգամ կծել, թւսյց բայց Ծիպիլին ժամանակին խույս տվեց և ցախավելից բավական հեռու նստելով կանաչների վրա, սկսեց եռանդով փզել կծած տեղը։
― Փչացած կախարդ, տես, թե ինչ արեցիր, գիտես, որ իմ վերքը ուշ է լավանում, էլ ո՞ւր ես քո այդ փտած ատամը խրում մսիս մեջ։
― Մե՛ծ բան, ― ասաց Տիմբական, գրպանի հայելու մեջ կեղծամի մազերը հարդարելով։ Նա առանց հայելու յոլա չէր կարողանում գնալ, ինչքան չլինի՝ երկու հարյուր տարով ջահել էր Ծիպիլիից և իրեն ժամանակակից կախարդ էր համարում։
― Դեռ ազգական էլ ենք գալիս, մորաքրոջդ խնւսմու խնամու յոթերորդ պապի տասներեքերորդ տատն եմ։
― Քեռուս եզան զեղացի, ― խայթեց Տիմբական։
― Իսկ ես, ինչ է, չէ՞ի թռչում... Թռչում էի, էն էլ ոնց, ― այստեղ Տիմբական ձայնը ցածրացրեց, հասկանում էր, որ Ծիպիլիի մոտ թռչելու հարցում չի կարելի պարծենալ... ― Դե ես քեզ չէի հասնի թռչելով, բայց ես էլ մի բան արժեի... Թռչում էի ուր որ սիրտս ուզեր և դեռ մեռյալ օղակներ էի անում՝ հիսունութ անգամ իրար վրա, բա՜...
Ծիպիլին գլուխը բարձրացրեց ու նայեց Տիմթակայի Տիմբակայի աչքերի մեջ, սա աչքերը թաքցրեց, զգաց, որ բռնվել է։
― էդ մեկը փչեցիր... Հիսունութ անգա՜մ... Հիսունութ անգամ իսկի մեծ կախարդը չէր կարողանում... Դու որ այդքան մեռյալ օղակ անեիր, չեմպիոն կդառնայիր. Կախարդների չեմպիոնը և Պինդոյի կոչում կստանայիր... ― Ծիպիլին ցույց տվեց պարանոցից կախված մեդալը։ ― Տեսնո՞ւմ ես սա, սրա նման մի մեդալ էլ քո վզից կախված կլիներ։ Իսկ ես քառասուն մեռյալ օղակ էի անում և դեռ գլխի վրա էլ սուրում էի ցած։ Մի անգամ ցախավելս տակիցս փախավ, իսկ ես գըլխի վրա սուրացի ու գետնին չհասած բռնեցի հրեղենիս։ Կայծակը հետևիցս չէր հասնում, գիտես, կախարդների մեջ ամենաարագաշարժն էի... Իսկ դու սուտ ես ասում՝ հիսունութ անգա՜մ...
― Ղա՛... ղա՛, ղա՛, ղա՜ա՜...
Ուզում էր ասել, եթե դուք այդքւսն այդքան անշնորհակալ եք, ես ձեզ ոչինչ չեմ ասի... Ես կտուժեմ, բայց դուք էլ ինձ հետ կտուժեք։
― Տիմբա՛, ա՜յ Տիմբա՛... Իր կրտսեր ընկերուհու ուսը հրեց Ծիպիլին։
― Ախր ինչո՞վ, ինչո՞վ պիտի չար բան անենք... Ոչ կախարդել գիտենք կախարդավարի, ոչ կերպարանափոխվել, ոչ էլ կախարդավարի թռչել կարող ենք։ Էս մեր հոդացավերով էլ մինչև մի տեղից մյուսն ենք գնում՝ օրեր է տևում։
Ծիպիլին ոտքի ելավ, շուրջը նայեց, հետո չորս կողմի վրա պտտվելով «քի՜շ֊քի՜շ» «քի՜շ-քի՜շ» արեց ու դառնալով Տիմբակային ասաց.
― Տիմբո, բումա Կումայնի՜.․. Ես դեռ մի բան կւսրողանում կարողանում եմ անել։ Տիմբական ձւսյնը ձայնը ցածրացնելով հարցրեց.
― Ի՞նչ, ինչ ես կարողանում անել։
― Ըը՜, իսկ եթե... ― կմկմաց Տիմբական։
― Ի՞նչ եթե... Սրան տես, ինձ վրա է խոսում, բայց երբ տեղն է գալիս, ինքն է խանգարում։ Տասը տարի առաջ էլ մի հարմար դեպք եղավ, էլի դու խւսնգւսրեցիր։խանգարեցիր։
― Արի հինը չհիշենք, ― հաշտարար տոնով ասաց Տիմբական։ ― Հինը որ հիշենք, ես էլ քո արածները կասեմ, Դիրի՜-դիմ֊բո՛։ դիմ-բո՛։ Լավ, Մանուշը գալիս է, ի՞նչ պիտի անենք...
― Մտածել է պետք, — ասաց Ծիպիլին։ — Որ լավ չմտածենք՝ չի ստացվի։
Տիլի բում-բո՜մ, Տիլի-բո՜մ։
Հանկարծ Տիմբական կւսնգ կանգ առավ․
― Սս՜... լսո՞ւմ ես։
― Տիլի-միլի բո՜ւմ, հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ, — ասաց Ծիպիլին ու հետևեց Տիմբակային։
― Ղա՜, ղա՜... ղա՛, ղա՛, ղա՜, — ասաց Ագռավը և թևերով մի քանի անգամ ծափ տալով, թռավ մւսրգագետնի մարգագետնի կողմ, երեխաներին ընդառաջ։
== գլուխ երրորդ. Թզուկի արահետով == === Ա. Անտառի թավուտում === Նրանք անտառ մտան ճիչով ու աղաղակով։ Տարոնը, որ իսկի երգել չգիտեր էլ, սկսեց երգել։ Երգում էր բարձր, ձայնը գլուխը գցած։ Ոչ խոսքերն էին կարգին խոսքեր, ոչ էլ եղանակ կար կարգին, բայց նա երգում էր անզուսպ, ինքնամոռաց։ Հասմիկն ու Մանուշն էլ էին երգում, ամեն մեկն իր համար ու ամեն մեկը երգում էր իր երգը։ Կարծում եք անտառ մտնելիս միայն երեխանե՞րն են երգում։ Երգում են բոլորը՝ մեծ ու փոքր, կին ու տղամարդ, փայտահատ ու հովիվ։ Այդպես է անտառը, երգել է տալիս բոլորին։ Երևի հենց դրա համար էլ անտառում բոլոր թռչունները երգում են, նույնիսկ բվեճը, երբ վրա է հասնում նրա համար երանելի պահը։ ճիշտ է, նրա երգը բոլորովին էլ երգի նման չէ, բայց ինչ կարող ես անել, բվեճի երգն էլ այդ է։ Այսպես երգելով, թռչկոտելով, երեխաները թփից թուփ էին անցնում, վայելում էին անտառի զովությունն ու խորհրդավորությունը և բոլորովին ուշադրություն չէին դարձնում իրենց գլխավերևում թռչող Ագռավին, որը ի տարբերություն բոլորի, թռչում էր առանց երգի։ Ասենք, որ ուշադրություն էլ դարձնեին՝ ոչինչ չէին կասկածի։ Սովորական ագռավ էր, որ կար։ Ինչ է, ագռավ քի՞չ էին տեսել։ նրանք ինչ իմանային, որ այդ ագռավն ուրիշ էր, հեքիաթի Ագռավ էր և որ նրանից ամեն ինչ կարելի է սպասել։ Իսկ Ագռավն ուզում էր, որ երեխաները գնան դեպի չորացած կաղնու բացատը։ Նա կլոր շրջան էր անում երեխաների գլխավերևում և առայժմ գոհ էր, քանի որ նրանք գնում էին հենց նրա ուզած կողմը։ Նա մտածում էր միայն, թե երեխաներից որին կարող է ճանապարհից շեղել, և ընդհանրապես որը հեշտությամբ թակարդ կընկնի։ Եվ հասկանալի է, որ նա ընտրեց Տարոնին։ Ախր Մանուշն ու Հասմիկը շատ լուրջ տեսք ունեին, և Ագռավն զգաց, որ այնքան էլ հեշտ չի լինի նրանց հետ գործ ունենալը։ Իսկ Տարոնը ոչ միայն փոքր էր աղջիկներից, այլև ձեռքին երկու զամբյուղ ուներ։ Ամեն ինչից երևում էր, որ ագահ տղա է, իսկ ագռավները, մանավանդ հեքիաթի Ագռավը, այդ բաները լավ են հասկանում։ Եվ Ագռավը վայր իջավ ու նստեց մի թփի վրա ու առաջին անգամ կռավեց՝ ղա՜, ղա՜։ Անտառի ներդաշնակ, ականջ շոյող ձայների մեջ Ագռավի կռավյունն իսկույն գրավեց Տարոնի ուշադրությունը, և նա շատ զարմացավ, երբ իրենից մի քանի քայլի վրա տեսավ հասած հաղարջով ծանրաբեռնված թուփը։ Տարոնին էլ հենց այդ էր պետք, վրա հասավ ու... չլինի՞ կարծում եք սկսեց զամբյուղը լցնել... ոչ, մինչև զամբյուղներին հասնելը նրա փորում շատ տեղ կար։ Ու նա սկսեց ագահորեն ուտել։ Իսկ աղջիկներն հանկարծ նկատեցին, որ Տարոնն էլի անհետացել է։ ― Քիչ առաջ այստեղ էր, ― ասաց Հասմիկը, ― ո՞ւր կարող էր կորչել։ ― Տարո՜ն, — ձայն տվեց Մանուշը։ — Տարո՜ն, որտե՞ղ ես... Տարոնն, իհարկե, լսեց Մանուշի ձայնը, բայց չպատասխանեց, ընդհակառակը, պահվեց թփի հետևում, որ հանկարծ չտեսնեն իրեն։ ― Տարո՜ն... ― այս անգամ Հասմիկն էր կանչողը։ Չէ, Տարոնը միտք չուներ արձագանքելու։ Քանի դեռ թուփը չէր մաքրազարդել, ձայն հանողը չէր։ Բա ինչ, թող գնան իրենց համար լավ թուփ ճարեն, այս թուփը ես եմ ճարել, ― մտածում էր նա։ Իսկ աղջիկներն անհանգստացած այս ու այն կողմ էին վազվզում։ Մի անգամ Մանուշը նույնիսկ մոտեցավ Տարոնի թփին, բայց նրա աչքին հաղա՞րջ կերևար, երբ Տարոնը կորել էր, և նա նետվեց դեպի մոտակա ձորակը, մտածելով, թե տղան ձորակում է, դրա համար էլ չի երևում։ Քիչ հետո աղջիկների ձայները բավական հեռացան, և Տարոնը թաքստոցից դուրս գալով, սկսեց քաղել հաղարջը և այդպես ողկույզներով էլ կուլ տալ։ ― Տարո՜ն, Տարո՜ն, — ձայն էր տալիս Մանուշը։ ― Տարո՜ն, ո՞ւր կորար, Տարո՜ն, ― կանչում էր Հասմիկը։ ― Օյ, էս ի՞նչ եղավ, ի՞նչ պիտի անենք, ի՞նչ պատասխան պիտի տանք մորաքույր Պարզիկին, ― մղկտում էր Մանուշը։ ― Մի մտածիր, Մանուշ, ― հանգստացնում էր նրան Հասմիկը։ ― Ով գիտի ինչ լավ թուփ է գտել ու հիմա խժռում է։ Ես դրան գիտեմ, ձայն չի հանում, որ մենակ ինքը հավաքի։ Մանուշը դժգոհեց։ ― Հասմիկ, դու էլ միշտ մի վատ բան կասես։ Տարոնը լավ տղա է. ճիշտ է, մի քիչ չարաճճի է, բայց լավ տղա է։ ― Ես ի՛նչ եմ ասում, ասում եմ՝ վա՞տ տղա է... Ես ասում եմ բկլիկ է... Հո չես կարող ժխտել։ Բա սա գո՞րծ է, որ նա անում է, չի մտածում, որ կանհանգստանանք։ ― Գուցե ինքն էլ մեզ է փնտրում, բայց այնքան հեռու է, որ ձայնը մեզ չի հասնում։ ― Ախր ե՞րբ հասցրեց այնքան հեռանալ, որ ձայնը չլսենք։ Չէ, Մանուշ, նա այստեղ մոտերքում մի տեղ պահ է մտել, կտեսնես։ ― Որ կորցրեցինք՝ մոր ձեռքից չենք պրծնի։ Չէ՛, նա անպայման գնացել է ձորակի կողմը։ ― Հազար անգամ ասացի, էդ բկլիկին չվերցնենք։ ― Հիմա որ հետներս բերել ենք, պիտի տեր կանգնե՞նք, թե չէ, ― ասաց Մանուշը։ ― Լավ, արի այսպես անենք՝ դու կգնաս դեպի անտառի խորքը, իսկ ես հակառակ կողմը, եղա՞վ։ ― Չէ, այդպես մենք էլ իրար կկորցնենք։ Դու սպասիր այստեղ, այ, այս մեծ կաղնուց չհեռանաս, ― ասաց Մանուշը, ― ես գնամ ձորակի կողմը, գուցե գնացել է աղբյուրից ջուր խմելու։ ե ― Նա ի՞նչ գիտեր աղբյուրի տեղը, որ գնար ― Ի՞նչ իմանամ, ասում եմ՝ աղբյուրի մոտ կարող է լինել, գնամ տեսնեմ։ ― Այստեղ մոտերքում կլինի, մի թփի տակ պահ է մտել, համոզված եմ։ ― Դե դու էլ այստեղ փնտրիր, բայց չհեռանաս, ես գնացի։ Մանուշն անցավ դարավոր կաղնիների մոտով, անցավ հաճարուտն ու հացենիների պուրակը անընդհատ «Տարո՜ն, Տարո՜ն» գոռալով, բայց պատասխան չէր ստանում, նրան պատասխանում էր միայնակ մի ագռավ, որը կարծես առջևից ընկած ճանապարհ էր ցույց տալիս Մանուշին։ Այսպես նա հասավ ձորակին և զառիթափով իջավ ցած, հասավ աղբյուրին, նայեց աղբյուրի մոտի մեծ-մեծ քարերի ետևը, բայց Տարոնը չկար ու չկար։ Մի պահ շվար կանգնել էր, նայելով մթին ծմակներին և չգիտեր, թե որ կողմը գնա, երբ Ագռավը ձորակի մյուս կողմում այնպիսի մի աղմուկ բարձրացրեց, որ Մանուշը ստիպված շարժվեց աղմուկի կողմը։ Եվ երբ ձորակն անցավ ու բարձրացավ վեր, հանկարծ նրան այնպես թվաց, թե անտառի խորքում մեկը մի ծառից մյուսը նետվեց։ «Երևի Տարոնն էր, ― մտածեց նա, ― տեսնո՞ւմ ես այդ անպիտանին, թե ուր է հասել»։ Եվ նա ձեռքի ափերը բերանին մոտեցնելով արդեն խզված ձայնով կանչեց. «Տարո՜ն, Տարո՜ն... տեսա քեզ, Տարո՜ն»։ Իսկ Ագռավը թպրտալով գալիս հասնում էր Մանուշին ու նորից թռչում դեպի անտառի խորքը Մանուշն էլ գնում էր նրա հետևից, մանավանդ որ Ագռավը թռչում էր այն ուղղությամբ, ուր Մանուշի աչքին քիչ առաջ ինչ-որ մեկը երևացել էր։ ===Բ. Երեսուն տարի առաջ === Իսկ այդ ի՞նչ ագռավ էր. ինչո՞ւ էր հետևում երեխաներին, ի՞նչ գործ ուներ կախարդ պառավների հետ ինչո՞ւ էր այդքան հլու-հնազանդ ծառայում նրանց։ Այսքան ինչուների պատասխանը տալու համար մենք պետք է մի անգամ ևս երեսուն տարով ետ գնանք, հասնենք այն երանելի ժամանակները, երբ Ծիպիլին ու Տիմբական դեռևս տիրապետում էին կախարդանքի բոլոր հնարներին և ապրում էին ինչպես իսկական կախարդներ, կախարդների շրջանում պատիվ ու հարգանք ունեին, իսկ Ծիպիլին իր անվանը կարողացել էո ավելացնել նաև «Պինդո» մականունը, որը ամենաբարձր կոչումն էր կախարդների մոտ։ Դրա համար կախարդը պիտի մի երևելի բան արած լիներ։ Ծիպիլին էլ, դե գիտեք, կախարդների մարաթոնի չեմպիոն էր և հենց դրա համար էլ ստացել էր «Պինդո» կոչումը։ Ահա հենց այդ օրերին էլ Ծիպիլին ու Տիմբական որոշեցին իրենց համար նոր խրճիթներ շինել։ Հներն արդեն խարխլվել էին, բացի դրանից, այն բացատը, որտեղ նրանց հին խրճիթներն էին, արդեն հայտնաբերվել էր մարդկանց կողմից, իսկ կախարդները դա չեն սիրում։ Ամենակարևորն, իհարկե, այն էր, որ տնակները շատ էին խարխլվել, հնարավոր չէր նրանց մուտքը ցանկացած ուղղությամբ շուռ տալ։ Իսկ էլ ի՞նչ կախարդի տուն, որ շուռ չգա։ Ախր կախարդներն իրենց խրճիթները շինում են ժայռերի տակ և երբ գիշերները պառկում են քնելու, խրճիթի մուտքը շուռ են տալիս ժայռի կողմը, որպեսզի ապահով քնեն։ Իսկ առավոտյան բավական է. որ ասեն, «խրճիթ իմ խրճիթ, պտտվիր»՝ տնակը մուտքով շուռ կգա մարգագետնի կողմը։ Նրանք որոշեցին տնակներ շինել լեռան մյուս կողմում փռված մի խուլ անտառի բացատում, որտեղ դեռևս մարդու ոտք կպած չկար և չէր էլ կարող կպչել քանի որ երեք կողմից շրջապատված էր խոր կիրճով, իսկ չորրորդ կողմում ցից-ցից ժայռեր էին, ու ոչ ոք սիրտ չէր անի այնտեղ մտնել։ Եվ որովհետև միասին էհն բացատը հայտնաբերել, որոշեցին երկու խրճիթն էլ նույն բացատում շինել մեկը հարավային ծայրին, մյուսը հյուսիսային։ Ծիպիլին իսկույն ընտրեց բացատի հյուսիսային ժայռը, իսկ Տիմբական՝ հարավային։ Այստեղ նրանք, որ ամեն ինչի համար սիրում էին վիճել, բոլորովին վեճ չունեցան։ Ծիպիլին քանի որ շատ ծեր էր, ուժեղ հոդացավ ուներ, սիրում էր, որ ամբողջ օրը արևի ճառագայթները ներս ընկնեն պատուհանից․ Տիմբական ընդհակառակը՝ մթություն էր սիրում. «Կախարդը պիտի սև գործը մթության մեջ անի», ― հաճախ կրկնում էր նա։ Որոշելը որոշեցին, բայց ո՞վ պիտի նրանց համար տնակ շիներ։ Երկուսն էլ ծերացել էին, երկուսն էլ դժվարությամբ էին ծանրություն վերցնում, ուր մնաց թե գերաններ կտրեին, քարեր տեղափոխեին։ Պետք էր. որ մեկ ուրիշը զբաղվեր դրանով և այդ մեկը գտնվեց, ավելի ճիշտ իրենք գտան նրան։ Արդեն վաղուց էին նկատել այդ մարդուն, փայտահատին, որը անտառի արևելյան փեշերի տանձուտում փայտ էր կտրում և հենց տեղում էլ կտրած փայտից զանազան իրեր շինում։ Նա գալիս էր իր եղբոր հետ, որը օգնում էր նրան ծառը շուռ տալու։ Հետո կրտսերը շարունակում էր ճյուղերը կտրատել, իսկ ինքը նստում էր կանաչների վրա, խուրջինից հանում էր գործիքներն ու հենց այդտեղ, ծառերի ստվերում նստած զանազան իրեր էր շինում։ Նրանք հատկապես տանձի ծառեր էին կտրում և այնքան գեղեցիկ էին տանձի փայտից վարպետի շինած իրերը, որ մեր կախարդները հաճախ հեռվում նստած նայում էին, թե փայտահատն ինչպես է աշխատում։ Իսկ նա աշխատում էր եռանդով, ոգևորված։ Նրա ուրագի ու կեռ դանակների տակից ինչե՜ր ասես, որ դուրս չէին գալիս՝ գդալներ ու շերեփներ, գրտնակներ ու օխլավիներ. աղամաններ ու գուշեր։ Կախարդները նայում էին վարպետի պատրաստած այդ հիասքանչ իրերին ու մտածում, թե նա էլ մի կախարդ է, որ կարողանում է հասարակ փայտից այդքան գեղեցիկ իրեր շինել։ Սի օր էլ, երբ փայտահատը հավաքեց ու իր խուրջինի մի աչքում դրեց պատրաստած առարկաները, մյուսում՝ գործիքները և բռնեց տան ճամփան, իսկ կրտսեր եղբայրը իր խուրջինի մեջ հավաքեց կիսապատրաստուկներն ու հետևեց փայտահատին, նրանց դեմ հանդիման դուրս եկան երկու պառավ։ Ցնցոտիներ հագած խեղճ ու կրակ պառավներ էին, և փայտահատն ու եղբայրը շատ զարմացան նրանց տեսնելով։ Գլուխ չէին հանում, թե նրանք, որ ոտքի վրա հազիվ են կանգնում, ինչպես են հասել անտառ ու դեռ թափանցել են խորքերը։ Վարպետը մոտեցավ պառավներից մեկին նրան, որ առջևում էր, ու հարցրեց. ― Բարև, մարե, էս ի՞նչ եք անում այստեղ։ ― Մե՞նք. ― հարցրեց Ծիպիլին... ― ը՜ը՜, մենք... Եվ որովհետև նման հարցի երբեք չէր սպասում ու գլուխը մի կարգին բան չէր գալիս, դարձավ ու Տիմբակային հարցրեց. ― Մենք ի՞նչ ենք անում այստեղ, Տիմբակա։ ― Պարզ չէ՞, տանձ ենք հավաքում։ ― Հա՛, իհարկե, տանձ ենք հավաքում. — հաստատեց Ծիպիլին։ Բայց փայտահատը նկատեց, որ պառավները զամբյուղ չունեն և ամեն մեկի ձեռքին մի ցախավել կա միայն։ ― Դուք աման չունեք, ինչի՞ մեջ եք հավաքում տանձը։ ― Ոնց թե աման չունենք... ամանն ինչ ենք անում, մենք հավաքածը ուտում ենք։ ― Իսկ ցախավելներն ինչի՞ համար են։ ― Ցախավելները... — մտածեց Ծիպիլին ու էլի հարմար պատասխան չգտնելով դիմեց Տիմբակային. ― Տիմբակա, ցախավելներն ինչի՞ համար են։ ― Ծառի տակի տանձը հավաքելու, էլ ինչի՞։ Փայտահատը ծիծաղեց։ ― Լավ եք մտածել։ Բայց մի բան պիտի ունենա՞ք, որ հավաքած տանձը տուն տանեք։ ― Ի՞նչ տուն, ― զարմացան պառավները և միաբերան ասացին, ― մենք տուն չունենք, անտուն, անտեր պառավներ ենք։ Ինչպես թե անտուն, ― իր հերթին զարմացավ փայտահատը, ― բա դուք որտե՞ղ եք ապրում։ ― Անտառում... որտեղ հասնի, այնտեղ էլ գիշերում ենք, — խեղճ-խեղճ ասաց Ծիպիլին։ ― Ի՞նչ անենք, ― շարունակեց Տիմբական, — մեր տնակները խարխլվեցին, փուլ եկան, հիմա տուն չունենք, և մի փոքր մտածելուց հետո, ավելացրեց։ ― Եթե մեկը գտնվեր, որ մեզ համար տուն կարողանար շինել․․․ Հա, բարի մարդ, իսկ դու չե՞ս կարող օգնել խեղճ պառավներին, դու չե՞ս կարող տուն շինել մեզ համար։ Փայտահատը մտածմունքի մեջ ընկավ։ ― Ինչպե՞ս ասեմ, — ասաց նա, ― մեծ տուն շինելն ինձ համար, անշուշտ, դժվար կլինի, բայց փոքրիկ փայտե խրճիթ գուցե և կարողանամ շինել։ Պառավներն ուրախությունից նույնիսկ վեր ցատկեցին. ― Իսկ մեզ մեծ տուն իսկի պետք էլ չի, ― ասացին նրանք; ― Մեզ երկու փոքրիկ տնակ է պետք, բոլորովին փոքրիկ, — ու պառավները ձեռքով ցույց տվեցին իրենց ուզած տնակի մեծությունը՝ այնքան ցածր, որ հազիվ իրենց գոտկատեղին կհասներ։ Մինչ փայտահատը խոսում էր պառավների հետ, նրա եղբայրը խուրջինը շալակին շարունակում էր ճանապարհը և հիմա բավական հեռացած կանգնել ու անհամբեր նայում էր եղբորը, թե երբ է վերջացնում զրույցը այդ գջլոտ պառավների հետ։ Նա իսկապես մի քիչ խելքից պակաս էր և բավական անտարբեր էր ամեն ինչի նկատմամբ։ ― Այ ապեր, պրծի է՜, — ձայն տվեց Նա։ ― Հա, հրես գալիս եմ, ― պատասխանեց փայտահատը ու դառնալով պառավներին ասաց. — Դա արդեն չեղավ, այդքան փոքրիկ տնակներն ո՞ւմ են պետք, չեք էլ տեղավորվի մեջը։ ― Քո գործը չի, մեզ շատ փոքրիկ տնակներ են պետք... Ասենք, որ շատ ես պնդում, կարելի է մի քիչ մեծ շինել։ Եթե դու մեզ համար տնակ շինես, մենք քեզ... քեզ... Տիմբակա, մենք ի՞նչ կանենք նրան։ ― Մենք շնորհակալ կլինենք, ինչ կանենք, շատ շնորհակալ կլինենք։ ― Մենք քեզ համար... քեզ համար... այսինքն քեզ մի լավ նվեր կտանք, ― ավելացրեց Ծիպիլին։ ― Ինձ նվեր պետք չի, ― ասաց Փայտահատը։ ― Եվ ի՞նչ նվեր կարող եք տալ դուք, խեղճ ու կրակ պառավներ։ ― Օ, այդպես մի ասա, ― ասաց Ծիպիլին։ ― Մենք քեզ այնպիսի նվեր կարող ենք տալ, որ ամբողջ կյանքում չես մոռանա մեզ։ Փայտահատը ծիծաղեց։ ― Պետք չի, մարե, ինձ նվեր պետք չի։ Վաղը շուկա պիտի գնամ, տեսնո՞ւմ եք, մի քանի մանր-մունր բաներ եմ սարքել, պիտի վաճառեմ։ Մյուս օրը կգամ ձեզ համար տուն կշինեմ։ Միայն թե չգիտեմ, որտե՞ղ գտնեմ ձեզ։ ― Հենց այստեղ, այս կաղնու մոտ, — ուրախ բացականչեցին պառավները։ ― Լավ, պայմանավորվեցինք, մյուս օրը մենք այստեղ կհանդիպենք։ ― Էլ ինչո՞ւ մյուս օրը, — ասաց Տիմբական։ — Մենք հրես այստեղ ենք։ Փայտահատը նորից ծիծաղեց պառավների միամտության վրա, բայց քիչ հետո համոզվեց, որ չարաչար սխալվել է նրանց միամիտի տեղ դնելով։ Տիմբական գետնից վերցրեց ցախավելն ու ասաց. ― Հանկարծ ու չեկար, ի՞նչ պիտի անենք։ ― Ոնց թե, ախր խոսք եմ տալիս, — զարմացավ Փայտահատը։ ― Էէ՜, գիտես քանի հոգի են մեգ խոսք տվել ու չեն եկել, ― ասաց Ծիպիլին,― մենք ձեզ չենք հավատում։ ― Վա՛յ, մարեներ, վա՜յ... Ուզո՞ւմ եք երդվեմ։ ― Հա՛, երդվիր, ― ասաց Տիմբական ու ավելացրեց։ ― Մենք այս ցախավելի վրա ենք երդվում, ա՛յ այսպես։ — Նա հեծավ ցախավելն ու ասաց. ― Արի դու էլ հեծիր, երբ ինձ հետ ցախավելով երեք քայլ արեցիր, ուրեմն կգաս։ ― Երեք քայլն ի՞նչ է, որ չանեմ։ ― Միամիտ Փայտահատը Տիմբակայի ետևից հեծավ ցախավելը ու միայն այդ տեսավ։ Մի քանի վայրկյան հետո նա օդ էր բարձրացել և որպեսզի վայր չընկնի, պինդ կպել էր պառավի փեշից։ Ծիպիլին էլ սլացավ նրանց ետեից։ Հենց այդ ժամանակ Փայտահատի անհամբեր եղբայրը շուռ եկավ, որպեսզի մի անգամ էլ կանչի և տեսավ, թե ինչպես պառավները եղբորը օդ բարձրացրեցին և թե ինչպես նա անհայտացավ երկնքի կապույտում։ Մի որոշ ժամանակ նա չէր հասկանում, թե ինչ է կատարվել և վազեց այնտեղ, ուր քիչ առաջ եղբայրն էր, սակայն խուրջինից բացի ոչինչ չտեսավ։ Մի քանի անգամ նա աչքերը տրորեց, նայեց վեր, և երբ վերջնականապես հասկացավ, թե ինչ է եղել, իր ուսի խուրջինն էլ ցած գցեց, անմարդկային ձայներ հանելով փախավ դեպի գյուղ։ Իսկ խեղճ Փայտահատը մի անգամ միայն նայեց ցած և քանի որ գլուխը պտտվեց, այնուհետև թռչում էր փակ աչքերով։ Դրա համար էլ երբ պառավներն իրենց ցախավելներն արգելակեցին ու պտույտներ կատարելով իջան իրենց ընտրած բացատում, նա այդպես էլ գլխի չընկավ, թե անտառի որ մասում է գտնվում։ Ասենք, բացատում վայրէջք կատարելուց հետո էլ նա սիրտ չէր անում աչքերը բացել։ Մի որոշ ժամանակ հետո, այնուամենայնիվ, աչքերը բացեց և վախվխելով նայեց շուրջը։ Ամեն ինչ օտար էր, և միայն նրա դեմ դիմաց կանգնած պառավներն էին ծանոթ, այն էլ այնպիսի մարտական դիրքով էին կանգնել, աչքերն այնպես էին պլպլացնում, որ կարծես ուզում էին ասել. «Հիմա հասկացա՞ր, թե մենք ինչի ենք ընդունակ, այնպես որ չփորձես մեզ հետ կատակ անել»։ Այո, խեղճ Փայտահատն արդեն հասկացել էր, որ իր առջև կանգնածները սովորական պառավներ չեն, այլ կախարդներ, ու նրա լեղին ջուր էր կտրել։ ― Լավ բացատ է, չէ՜է՜, ― խորամանկ ժպտալով ասաց Ծիպիլին։ Բայց Տիմբական կատակ անելու տրամադրություն չուներ և շատ գործնական ասաց. ― Իմ տնակը կշինես ա՛յ, այն հարավային ժայռի տակ, հասկացա՞ր... ― Իսկ իմը՝ հյուսիսային ժայռի տակ կշինես, — անմիջապես վրա տվեց Ծիպիլին։ — Չմոռանաս պատուհանս մեծ անես, ես արև եմ սիրում։ Կախարդները խոսում էին, իսկ Փայտահատը պապանձված ոչինչ չէր կարողանում ասել։ Նա դեռ մինչև, վերջ չէր գիտակցել, թե ինչ է կատարվել։ ճիշտ է, արդեն հասկացել էր, որ կախարդների ճանկն է ընկել բայց թե ի՞նչ է սպասվում իրեն, ի՞նչ պիտի անի, դեռ չէր պատկերացնում։ Մտքում հանդիմանում էր իրեն, ախր քո ինչ գործն էր հեծնել այդ անիծյալ ցախավելը, ի՞նչ երդում, ի՞նչ բան․․․ Մյուս օրը կգայիր և վերջ։ Բայց այդ մասին մտածելն արդեն ավելորդ էր հարկավոր էր զգույշ լինել այդ խարդախ կախարդների հետ, խելքը գլուխը հավաքել և սառնարյուն մտածել ծուղակից դուրս պրծնելու մասին։ Իսկ դրա համար հարկավոր էր ժամանակ շահել։ ― Հը, ինչո՞ւ ես լալկվել քեզ բան ենք ասում ― իր երկար քիթը Փայտահատի դեմքին մոտեցնելով, հարցրեց Տիմբական։ ― Հը՞․․․ հա՛, հա՛... ― Շինելու ես մեր տները, թե չէ, ― հարցրեց Ծիպիլին։ ― Այո... իհարկե... մենակ թե գործիքներս ― Ի՞նչ գործիքներ, ի՞նչ ես մռթմռթում, բարձր ասա։ ― Գործիքներս մնացին այնտեղ... տանձուտում, ձայնը մի փոքր բարձրացրեց Փայտահատը։ ― Գործիքնե՞րդ... ո՞ր գործիքներդ, հա՜ա՜, խուրջինդ... Ու մինչ վարպետը կբացատրեր ինչն ինչոց է, Տիմբական օդ, բարձրացավ։ Փայտահատը միայն անքանը տեսավ, որ կախարդը վերածվեց մի փոքրիկ կետի, հսկ հետո այդ կետն էլ չքացավ։ ― Հիմա գործիքներդ կբերի, ― ասաց Ծիպիլին։ ― Դու հանգիստ մնա, մենք քեզ վատ բան չենք անի։ Գործդ կանես կվերջացնես, քեզ էլի կտանենք քո Տանձուտը։ Մենակ թե խելոք կլինես, փախչելու փորձ չանես, մանավանդ որ դա համարյա անհնարին է։ Փայտահատը շուոջը նայեց, նայեց հեռվում երևացող սարերին, բայց նրանցից ոչ մեկը ծանոթ չէր։ Գոնե մի սար որ ճանաչեր՝ հեշտ կլիներ կողմնորոշվելը։ Իհարկե, երևացող սարերը բոլորն էլ նրան ծանոթ էին. բայց հակառակ կողմից ուրիշ կերպ էին երևում։ ― էս որտե՞ղ եմ, — Ծիպիլիի հանգիստ տոնից սրտապնդվելով, հարցրեց Փայտահատը։ ― Ըը՜-մմ... հասկանում ես... Մենք հիմա այնտեղ ենք, որտեղ քիչ առաջ չէինք, գլխի ընկա՞ր, հա՛, հա՛, հա՛... հո՜ւ, հո՜ւ, հո՜ւ, ― խուլ ծիծաղեց Ծիպիլին։ ― Իսկ որ ճիշտ ասեմ, ես կարգին չգիտեմ, մի խոսքով անտառում ենք, պատկերացրի՞ր.. Ա՛յ, ապրես։ Ուրեմն, այնտեղ ենք, հո՛, հո՛, հո՛... Համդա չամդա՜, դի՛-դի՛-դի՛... «Լավ բացատրեց, խոսք չունեմ, — մտքում ասաց Փայտահատը։ ― Ինչպես տեսնում եմ, սրանք ինձ հետ անկեղծ չեն, հարկավոր է զգույշ լինել»։ ― Իսկ դու որ իմանաս, թե որտեղ ես, կփախչե՞ս... ― հարցրեց Ծիպիլին։ ― Ինչու պիտի փախչեմ։ ես աշխատող մարդ եմ, գործ եք տալիս՝ կանեմ։ Չէ՞ որ պիտի վճարեք։ ― Օ՜, վճարելն անպայման է... Բա ո՛նց, դիփ-միլի՜, բիմ բոմ-բո՛մ։ ― Չհասկացա։ ― Հի՛-հի՛, հի՛... դու կախարդավարի որտեղի՞ց պիտի իմանաս, ես կախարդերեն ասացի՝ կվճարենք։ Այդ ժամանակ էլ հենց Տիմբական սկսեց պտույտներ կատարել բացատի վրա։ Նա երկու խուրջիններն էլ կախել էր ցախավելից, ձեռքերով պինդ բռնել և պտտվելով, կարծես հարմար տեղ էր փնտրում իջնելու համար։ Քիչ հետո վայրէջք կատարեց բացատի հարավային ժայռի տակ ու մնաց տեղում կանգնած։ ― Տեսնո՞ւմ ես, այդ խորամանկ կաթնակերին, — ասաց Ծիպիլրն, ուզում է, որ առաջ իր տնակը սարքես։ Դե լավ, մենք էլ իր մոտ չենք գնա, դու կմնաս հյուսիսային մասում ու առաջ իմ տունը կշինես։ ― Ինչո՞վ պիտի շինեմ, — ասաց Փայտահատը, ― գործիքներս այնտեղ են։ ― Այդ էլ ճիշտ է, ― ասաց Ծիպիլին։ ― Լավ, դու մնա այստեղ, ես գնամ դրա սևը տամ։ Այն է, ուզում էր հեծել իր ցախավելը միտքը փոխեց։ ― Կփախչես, ես քեզ գիտեմ։ ― Ինձ որտեղի՞ց գիտես։ ― Դու ի՜նչ ես որ, ես մարդկանց գիտեմ, դու էլ մարդ ես ես ձեր ցեղը գիտեմ, ա| կորչեն դրանք, հա.. ― Ո՞ւր պիտի փախչեմ, ես տան ճանապարհը չգիտեմ։ Հետո՝ գործիքներս այստեղ են, առանց գործիքի գնամ ի՞նչ անեմ; ― Այդ էլ է ճիշտ, բայց մեկ է, արի նստենք ցախավելը, թռչենք այդ հարամ կաթնակերի մոտ։ ― Չէ՛, ― ասաց Փայտահատը, ես այդ սատանի ձին էլ չեմ նստի, վախենում եմ։ Ավելի լավ է ոտքով գամ։ Ծիպիլրն ստիպված ցախավելը քարշ տալով առաջ ընկավ։ Փայտահատը գնում էր նրա հետևից ու մտածում, թե հնչպես ազատվի կախարդների ձեռքից։ Գնում էր ու նայում շուրջը, մի՞թե մի բան չպիտի մտածի, որ գոնե իմանա, թե անտառի որ մասում է գտնվում։ Չէ, որևէ կողմնորոշիչ առարկա չկար։ Տեղանքն այնքան անծանոթ էր, անտառն այնքան մթին էր ու խիտ, որ նա նույնիսկ անտառ փախչելու մտքից հրաժարվեց «Ի՞նչ օգուտ դրանից, ― մտածեց նա, ― կախարդներից ազատվեմ, գելուգազանի բաժին կդառնամ։ Ավելի լավ է ես դրանց տնակները շինեմ, իրենք ինձ կհասցնեն իմ Տանձուտը, իսկ այնտեղից արդեն ինքս տուն կգնամ»։ Եվ Փայտահատն սկսեց կախարդների համար տնակներ շինել։ Վարձի մասին արագ պայմանավորվեցին Ասենք, առանձնապես վարձ էլ չկար, պայմանն այն էր, որ տնակներն ավարտելուց հետո Փայտահատին իր գործիքներով պետք է իջեցնեին Տանձուտ, որտեղից որ վերցրել էին։ Տնակներից մեկը արագ եղավ։ Դա Տիմբակայի տնակն էր։ Մի շաբաթում նա կառուցեց և դեռ ոգևորված սկսեց զարդատախտակներով գեղեցկացնել մուտքը և պատուհանը։ Թող գոհ լինեն, մտածեց նա, ինչքան գոհ մնան, այնքան շուտ ինձ տուն կհասցնեն։ Բայց հարավային տնակի գործն ավելի հեշտ էր, անտառն ուղղակի կպած էր ժայռին։ Այստեղ Փայտահատը ծառը կտրում էր, այստեղ էլ տնակը շինում, որևէ դժվարություն չկար։ Ա՛յ, Ծիպիլիի տան համար ստիպված էր շատ չարչարվել, ծառերը շատ հեռու էին, կտրելուց հետո դեռ պետք է գերանները քարշ տար բերեր տնակի մոտ։ Հասկանալի է, որ կախարդները նրան չէին օգնում, զբաղված էին իրենց կախարդական գործերով։ Թռչում գնում էին ինչ-որ տեղ, հետո վերադառնում ինչ-որ պարկեր շալակներին և իջնում բացատի մյուս ծայրին, այնպես, որ Փայտահատը ոչինչ չնկատի։ Փայտահատն էլ շատ էր ուզում տեսնել, թե ինչ են բերում, ինչ են քարշ տալիս թավուտ, որտեղից երբեմն լսվում էին նրանց ճիչերն ու քաշքշոցի ձայները։ Իսկ երբ թավուտից դուրս էին գալիս, հարբածի նման ճոճվում էին ու գոհ երգում կախարդական անհասկանալի երգեր։ Մի անգամ էլ, երբ նրանք թավուտում խրախճանքի մեջ էին, փայտահատը գաղտագողի մոտեցավ, որ տեսնի, թե ինչ են անում։ Իհարկե, նա վախեցավ շատ մոտենալ, իսկ հեռվից այդպես էլ ոչինչ չտեսավ։ Դրա փոխարեն նա տեսավ բացատի ծայրին ընկած ցախավելները։ Առանց երկար բարակ մտածելու վերցրեց նրանցից մեկը և վրան հեծնելով փորձեց թռչել։ Սակայն ցախավելը տեղից այդպես էլ չշարժվեց։ Ոնց որ սովորական ցախավել լիներ, ուրիշ ոչինչ։ Խեղճ Փայտահատը չգիտեր, որ թռչելու համար պետք է իմանար կախարդական խոսքեր։ Երբեմն կախարդները ամբողջ օրը չէին երևում, թռչում գնում էին ու մեկ էլ հայտնվում էին ուշ գիշերին։ Ո՞ւր էին թռչում, ի՞նչ էին անում ամբողջ օրը, Փայտահատը, բնական է, չէր կարող իմանալ։ Միայն մի անգամ, երբ նրանք իջնում էին, երեխայի լացի ձայն լսեց, նայեց ձայնի կողմը և տեսավ, որ պառավները դեպի թավուտն են քարշ տալիս մի փոքրիկ խափշիկ երեխայի։ «Աստվա՜ծ իմ, ― մտածեց Փայտահատը, ― մի՞թե նրանք գնում հասնում են մինչև Աֆրիկա»։ Ճիշտն ասած, Փայտահատն իզուր էր զարմանում, որովհետև կախարդներն իրենց ցախավելներով ռեակտիվ ինքնաթիռից ավելի արագ էին թռչում։ Երբեմն երեկոները վերադառնալիս նրանք մոտենում էին Փայտահատին, նայում արած գործին, գլուխները տմբտմբացնելով մտնում էին անտառ և բարձրանում մի որևէ չոր ծառի, հոգնած կախվում էին ճյուղերից ու քնում։ Հա, նրանք Փայտահատին երբեմն ուտելիք էին բերում։ ― Դուք, — հենց առաջին օրն ասաց Ծիպիլին, — այսինքն մարդիկդ, առանց ուտելու չեք կարող աշխատել, գիտեմ, դրա համար էլ բերել եմ այս կաթսան։ Ճիշտ ասած, չգիտեմ էլ, թե մեջը ինչ կա, բայց մարդու կերակուր է, կարող ես չկասկածել։ Փայտահատը բաց արեց կաթսայի կափարիչը, և. ամբողջ բացատով մեկ տարածվեց շոգեխաշուի անուշ բուրմունքը։ «Լավ է, որ մարդու կերակուր են բերում,― մտածեց Փայտահատը, ― թե չէ ի՞նչ պիտի անեի»։ Ու նա մեծ ախորժակով կերավ շոգեխաշուն, կեսն էլ թողնելով մյուս օրվա համար։ Մի օր էլ այնպիսի բան պատահեց, որ խեղճ Փայտահատը, քիչ մնաց կաթված ստանար։ Ամբողջ օրը չարչարվել էր, հազիվ մի գերան էր քարշ տվել բերել տնակի մոտ և հոգնած ու քաղցած նստել էր հենց նոր բերած գերանի վրա, երբ կախարդները վայրէջք կատարեցին։ Քիչ հետո Տիմբական մի փոքրիկ կճուճ դրեց նրա առաջ ու ինքը չքացավ։ Կճուճի տեսքից տակնուվրա եղավ փայտահատի սիրտը, աչքերը մի պահ մթնեցին։ նրան նույնիսկ թվաց, թե երազ է տեսնում, բայց երբ աչքերը տրորեց ու նորից նայեց կճուճին, հասկացավ, որ տեսածը երազ չէ։ Կասկած չկար, կճուճը իրենց կճուճն էր։ Ահա կոտրված խուփը, որ ինքն էր կպցրել, ահա չկա կանթի մեկը՝ կինը շատ էր ուզում, որ այդ էլ կպցնի, բայց այդպես էլ ժամանակ չգտավ դրա համար։ Դողացող ձեռքերով նա բաց արեց խուփը։ Կինը լոբի էր եփել և նույնիսկ դեռ չէր հասցրել վրան յուղ դնել, կամ գուցե այդպես էր արել խնայողությունից։Եթե կինը իմանար, որ այդ կճուճը իրեն է հասնելու... Մի բան պարզ էր, տանը ուրիշ բան չի եղել։ Նրանք միայն նման դեպքերում էին լոբի եփում, այն էլ ձմռանը։ Եվ Փայտահատը չկարողացավ իրեն զսպել. տաք կճուճը կրծքին սեղմած, երեխայի նման լաց եղավ, անիծելով իր չար բախտն ու անիծյալ կախարդներին։ Հաջորդ օրը, երբ կախարդները թռել գնացել էին իրենց բանին, Փայտահատը փախչելու փորձ արեց։ Հենց որ պառավները օդ բարձրացան, նա միայն կացինը և ուրագը վերցրեց ու գնաց դեպի արևելք։ Քանի որ արևելյան կողմում լեռները ցածր էին, նա որոշեց, որ այդ կողմով ավելի շուտ դուրս կգա մեծ աշխարհ։ Բայց նրան դառը հիասթափություն էր սպասում։ Ընդամենը մի քանի հարյուր մետր էր խորացել անտառում, երբ առաջը կտրեց մի խոր կիրճ։ Այս կողմ վազեց, այն կողմ՝ սակայն որևէ հնար չկար կիրճը անցնելու։ Հուսահատ վերադարձավ բացատ։ Հաջորդ օրը փորձեց հակառակ կողմը գնալ, այստեղ էլ դեմը պատի պես կտրեցին լերկ ու անանցանելի ժայռերը։ Երրորդ օրը... Երրորդ օրը նա ճիշտ ճանապարհի վրա էր և անպայման կհասներ հաջողության, բայց ընկավ խիտ մացառուտի մեջ ու ճանապարհի կեսից հետ դառավ։ Սակայն հենց այդ ժամանակ էլ ուրուրի նման նրա վրա խոյացան կախարդները։ Քիչ հետո նրանք Փայտահատին արդեն նետել էին բացատի հյուսիսային կողմի մարգագետնին ու ծեծում էին իրենց սեփական նժույգներով՝ այսինքն ցախավելներով։ ― Դու այդ ի՞նչ էիր ուզում անել, հը՞, ― ֆշշացնում էր Տիմբական։ ― Ուզում ես քեզ մողե՞ս դարձնենք, հը... ― Չէ, դարձնենք դոդոշ, ― առարկեց Ծիպիլին, ― սա իսկական դոդոշի բան է։ Էս ի՞նչ է դարձել աշխարհը, ոչ ոքի վստահել չի կարելի... Թուո՜ւ, լավությունն էլ չի անցնում հիմա։ ― Ես մողես եմ ուզում դարձնել, թող խրատվի... համդա-չամդա դի՛-դի՛-դի՛... Դիլի-դիմ բո՛... դիլի մի՛... ― Ես դոդոշ եմ ուզում... Անդա-վանդա Տիմբա կո՜ւմ, Տիմբո բի՛մ... Եվ խեղճ Փայտահատը նախ դարձավ մի փոքրիկ կանաչ մողես, հետո զգաց, որ պոչը կարճանում է, մարմինը մեծանում և ահա մի դոդոշ թռչկոտում էր կանաչների վրա։ Այսպես նա մր քանի անգամ մերթ մողես էր դառնում, մերթ դոդոշ, մերթ մողես, մերթ դոդոշ, մինչև պառավները հոգնեցին ու ընկան կանաչների վրա։ ― Հը , էլ կփախչե՞ս, էլ կփորձե՞ս տունը կիսատ թողնել, ― հևալով ասաց Ծիպիլին։ Խեղճ Փայտահատը իր դոդոշային դուրս պրծած աչքերով մերթ մեկին էր նայում, մերթ մյուսին ու չգիտեր ինչ անի։ Մի՞թե իրեն կթողնեն այս վիճակում, մի՞թե նա ստիպված պիտի լինի իր ողջ կյանքում թռչկոտել այս անհայտ բացատի ճահճուտներում։ երբ պառավ կախարդների կատաղությունն անցավ ու բավականաչափ հանգստացան, Տիմբական ասաց. ― Նորից Փայտահատ դարձրու դրան, բավական է, ես կարծում եմ, որ խրատվեց։ ― Դու դարձրու, ես դրան այլևս չեմ ուզում տեսնել, ― ասաց Ծիպիլին։ Նրա ջղայնությունը դեռ չէր անցել։ ― Ցնդած պառավ, դոդոշ քո կախարդանքով դարձավ, միայն դու կարող ես ետ բերել նրան, ես մողես էի դարձրել։ Եվ հետո՝ դու պիտի շահագրգռված լինես, քո տնակն է մնացել կիսատ։ ― Ճիշտ որ... ես բոլորովին այդ մասին մոռացել էի։ Հսւմդա-չամդա՜ դի՛-դի՛-դի՛... Տիրիմ բո՜, չիրիմ բո՜... Եվ նրանց առջև հայտնվեց ընկճված, խեղճացած Փայտահատը ե անմիջապես ընկավ պառավների ոտքերը. ― Ես... ես էլ չե՛մ անի... ես տնակը կավարտեմ... Ես մոշ էի հավաքում... ախր մոռացել էիք, քանի օր է ուտելիք չեք բերում... Ես էլ չե՛մ անի... տնակը կշինե՛մ... ― Լա՛վ, լա՛վ, մի թնկթնկա, հրեն ուտելիք բերել ենք։ Եվ իրոք, կիսատ տնակի մոտ դրված էր մի փոքրիկ կճուճ։ Երբ կախարդները թռան գնացին իրենց բանին, Փայտահատը կճուճը բաց արեց և տեսավ, որ մեջը միայն կանաչած ժաժիկ է։ ― Կեղտոտ կախարդներ, առանց հացի ժաժիկն ի՞նչ անեմ, ― հիսաթափված փնթփնթաց Փայտահատը, բայց քիչ հետո սկսեց ագահորեն ուտել։ Ճիշտ է, դա բանի նման չէ, բայց քաղցած մարդու համար առանց հացի ժաժիկն էլ մի բան արժե։ Աշխարհում ամեն ինչ սակայն վերջ է ունենում, և Ծիպիլիի տնակն էլ ավարտվեց։ Դա մեծ ուրախություն էր Փայտահատի համար։ Վերջապես իրեն կտանեին իր հարազատ Տանձուտը, և նա, փոխանակ այդ անսիրտ կախարդների համար քոսոտ տնակներ շինելու, կզբաղվի իր սիրած գործով, մարդկանց համար շերեփ ու հավանգ կշինի, գուշ ու աղաման։ Ախ, ինչքա՜ն էր նա սիրում իր արհեստը։ Նրա կարծիքով՝ աշխարհի ամենամաքուր, ամենահետաքրքիր և ամենահանգիստ արհեստը։ Ախր իրենից բացի ո՞վ է այդպես հասկանում փայտի լեզուն և ո՞վ գիտի, որ իր պատրաստած իրերն աշխարհ են գալիս իր և. փայտի այդ կտորի համաձայնությամբ, որ փայտը իր բարեկամն է և երբ ինքը իր կեռ դանակով մտնում է փայտի մարմնի մեջ, ամենևին էլ ցավ չի պատճառում նրան, այլ թեթևություն։ Փայտն ուրախ է, որ ազատվում է ավելորդությունից և ընդունում է այն կերպարանքը, ինչի համար որ աշխարհ է եկել։ Փայտը շատ լավ գիտի, որ եթե չլինի փայտահատ վարպետը, կգան ուրիշ փայտահատներ, և այն ժամանակ ինքը կդառնա ընդամենը վառելիք։ Իսկ նախշերը... այն նախշերը, որ ինքը դնում էր հավանգների կամ գուշի վրա, շերեփների պոչերին՝ ուղղակի հիացմունք էին պատճառում։ Այդ էր պատճառը, որ հենց հասնում էր շուկա, նրա պատրաստած իրերն անմիջապես թռցնում էին։ Ահա թե ինչու էր Փայտահատն այդքան ուրախացել։ Ախր ամեն անգամ, երբ հիշում էր կնոջն ու երեխաներին, մինուճար եղբորը, տանջվում էր, շատ էր տանջվում։ Շատ էր մտածում հատկապես եղբոր մասին, որովհետև սրա խելքը տեղը չէր, և դրա համար Փայտահատը իրեն էր մեղադրում։ Դեռ Գառնիկը մեկ տարեկան էր, երբ խաղացնելիս Փայտահատը ցած գցեց նրան, այն էլ գլխի վրա։ Երբ երեխան մեծացավ և պարզվեց, որ խելքից պակաս է, Փայտահատը սկսեց մտածել, թե գլխիվայր գցելն է պատճառը։ Օ՞վ գիտե, գուցե դա չէր պատճառը, բայց նրա խիղճը տանջում էր։ Բանն այն է, որ երբ ինքը ամուսնացավ և անտառին մոտիկ տուն շինեց իր համար, եղբայրը մնաց պապական տանը՝ գյուղում։ Ու հիմա նա մենակ է ապրում։ Տեսնես ի՞նչ է անում հիմա, ոնց է այդ աստծու ոչխարը, քաղցած է, թե կուշտ։ Շատ էր մտածում Փայտահատը բոլորի մասին։ Ախր որ շատ ուշանա, չի կարողանա ձմեռվա պաշար տեսնել, իսկ այդ կողմերում ձմեռը երկար ու խիստ է լինում, հարկավոր է նախօրոք պաշար հավաքել։ Եվ ահա տունն ավարտելուց հետո նա անհամբեր սպասում էր կախարդների վերադարձին։ Նրա սիրտը ուրախությունից ճխում էր։ Չէ՞ որ վերջապես տուն էր գնալու, հարազատների մոտ, վերջապես պետք է լքեր այս անձուկ բացատը։ Նրա բախտից կախարդներն այդ օրը շուտ վերադարձան։ Ծիպիլին պտտվեց տան շուրջը, մտավ ներս, դուրս եկավ ծխնելույզից, հետո նորից պտույտներ կատարեց տան վրա, նորից ներս մտավ, այս անգամ արդեն մտավ ծխնելույզից, դուրս եկավ դռնից։ Գլուխը տմբտմբացրեց ու հանկարծ, ցախավելին հեծելով, անհայտացավ։ Փայտահատը հուսահատությունից չգիտեր ինչ անի, ախր ո՞ւր գնաց այդ փտած պառավը, ախր դժգոհելու ոչ մի պատճառ չուներ, ամեն ինչ կարգին է արել և չի մոռացել անգամ դռների ու պատուհանների զարդատախտակները։ Իսկ կախարդը չկար ու չկար։ Բավական ժամանակ անցավ մինչև նա հայտնվեց ցախավելը բեռնած զանազան կենդանիների մորթիներով։ ― Այդ հարամ կաթնակերը, ― ասաց նա ցույց տալով Տիմբակայի տնակը, ― այդ անպետք Տիմբական ծղոտի վրա է քնում։ Դե նա ինչ է տեսել կյանքում որ... Իսկ ես, ես ազնվական կախարդ եմ, ես Պինդո եմ։ Գիտե՞ս ինչ բան է Պհնդոն։ Դե դու որտեղի՞ց պիտի իմանաս, հետամնաց գյուղացի։ Հա, ես ծղոտի վրա քնելու սովոր չեմ, ես մորթի եմ սիրում։ ― Ու նա բերած մորթիները քարշ տալով տարավ խրճիթ։ Քիչ հետո դուրս եկավ, նորից պտտվեց տնակի շուրջն ու ասաց. ― Խոսք չունեմ, լավ ես շինել, միայն թե ծխնելույզը ոնց որ թե նեղ է։ ― Չէ՛, չէ՛, — վախեցավ Փայտահատը, — նեղ չէ, քո ասած չափով եմ շինել։ ― Ես շատ բան կասեմ, դու ես վարպետը, պիտի հասկանայիր, որ նեղ է։ ― Բայց դու հեշտությամբ ներս մտար ծխնելույզով։ ― Այո, բայց... ― Էլ ի՞նչ բայց, — ասաց մոտեցող Տիմբական։ — ես էլ տեսա, որ հեշտությամբ ներս ու դուրս էիր անում, էլ ո՞ւր ես անուն կպցնում։ ― Դե ես բան չեմ ասում... ոչինչ, վատ չի ստացվել... լա՜վ է... լա՛վ է, լա՛վ է... Դու պայմանը կատարեցիր, մենք քեզ դոդոշ չենք դարձնի։ ― Չէ, մեղք է, — ասաց Տիմբական։ — Մենք նրան արծիվ կդարձնենք, իբրև պարգևատրություն։ Փայտահատի սիրտը ահ ընկավ, և նա թուքը կուլ տալով հազիվ կարողացավ շշնջալ, ― Մեր պայմանի համաձայն... ― Հո՛, հո՛, հո՛... պայման, չէ՜ մի պայմանագիր... լա՛վ, գնա քնի՛ր, առավոտյան պայմանի մասին կմտածենք, ― այս խոսքերի հետ Տիմբական թռավ դեպի իր հարավային տնակը, որի պատուհանը նայում էր հյուսիսային կողմը, իսկ Ծիպիլին մտավ իր նոր շինած հյուսիսային տնակը։ Ամբողջ գիշեր Փայտահատը աչք չկպցրեց։ Եվ մի՞թե մարդու աչքին քուն կգար նման խոսակցությունից հետո։ Միայն լուսադեմին մի փոքր նիրհեց։ Իսկ երբ աչքերը բացեց, արդեն սարսափելին կատարված էր... Նախ նա զգաց, որ գտնվում է մի տարօրինակ անտառում։ Ծառերը սովորական ծսսռեոր նման կլոր բներով չէին, այլ տափակ ու սուր, ասես հսկայական դանակներ լինեին վեր ցցված, բները ոչ թե շագանակագույն էին, այլ կանաչ։ Կային նաև կլոր բներով ծառեր, որոնց վերևում գույնզգույն պսակաձև ճյուղեր էին տարածված։ Այս բոլորը նրան շատ զարմացրեց, սակայն շուտով հասկացավ, որ դա անտառ չէ, որ պարզապես ինքն է փոքրացել և դրա համար խոտերը մեծ են երևում, ծառերի չափ։ Հիշեց, որ երբ ինքը մողես էր ու դոդոշ, էլի խոտերն այդպես էին երևում իր աչքին։ Հիշեց ու սարսափեց։ Մի՞թե պառավներն էլի իրեն մողես են դարձրել։ Ուզեց վեր կենալ և դրա համար փորձեց ձեռքերով հենվել գետնին։ Եվ հենց այդ ժամանակ էլ նկատեց, որ թռչնի թևեր ունի։ Այդ րոպեին նա ուզեց մեռնել, ուզեց ճչալ։ Եվ ճչաց։ Սայկայն ճիչի փոխարեն «Ղա՜» ստացվեց։ Ուրեմն ագռավ են դարձրել իրեն։ Նա թևերը թափահարեց և հեշտությամբ թռչելով օդ, այնտեղից տեսավ բացատը, իր շինած երկու տնակները, իսկ պառավների հետքն անգամ չկար։ Մի պտույտ կատարեց բացատի շուրջը և նստեց Տիմբակայի տնակի կտուրին։ Այդ րոպեին նա ուզում էր ինքնասպանություն գործել, բայց չգիտեր, թե ագռավներն ինչպես են ինքնասպանություն գործում։ Իսկ այդ ժամանակ կախարդները հեռու էին, շատ հեռու, նրանք թռչում էին դեպի հյուսիս-արևմուտք և ահա թե ինչ էին խոսում. ― Մենք լավ չարեցինք, ― ասում էր Ծիպիլին։ ― Մանավանդ քնած ժամանակ։ Հիմա որ արթնանա լեղին կճաքի։ ― Տեղն է իրեն, ինչո՞ւ էր փախչում... Նրան որ թողնեինք գնար՝ մեր տեղը կպատմեր մարդկանց, ― ասում էր Տիմբական։ ― Հազիվ կախարդավարի նոր տնակներ ենք ձեռք բերել այդպիսի գեղեցիկ, անմարդաբնակ բացատում։ ― Մենք կարող էինք նրան քնած ժամանակ տանել իր Տանձուտը։ Հազար տարի մնար, չէր գտնի մեր տեղը։ ― Այդպե՞ս ես կարծում... Դու մարդկանց լավ չգիտես, նրանք շան հոտառություն ունեն, կգան կգտնեն... Այդ ժամանակ ի՞նչ պիտի անենք։ ― Այդ ժամանակ էլ կկերպարանափոխենք, ինչո՞ւ առաջ ընկանք, ― բողոքում էր Ծիպիլին։ ― Չէ, տեսնում եմ դու քանի գնում չարությունդ կորցնում ես, իմացիր, հա՜, սարսափելի պատիժ կա։ ― Գիտեմ, դիրի-դիմ բո, գիտեմ։ Բայց չէ՞ որ մենք այդ մարդու հետ պայման ունեինք։ ― Պայմա՜ն... մոռացե՞լ ես, թե մարդիկ երկու հարյուր տասնհինգ տարի առաջ ինչպես գրավեցին մեր բացատը... ― Չեմ մոռացել, բայց այս Փայտահատը ոչ մի մեղք չուներ, քո կեղտոտ պապը պատճառ եղավ... չէ՛, երեկոյան որ վերադառնամ նորից կկերպարանափոխեմ նրան... Ինչ ուզում ես ասա, էլի բարեխիղճ մարդ էր և լավ վարպետ, ուրիշը լիներ, կարող էր չանել և մանավանդ այդքան լավ չսարքել։ ― Քո գործն է, ուզում ես կերպարանափոխի... Ի միջի այլոց, դու ես ագռավ դարձրել, դու էլ կարող ես մարդ դարձնել, չնայած ես անձամբ խորհուրդ չէի տա։ Համ էլ՝ ինչո՞ւ կերպարանափոխեցիր։ ― Ես քեզ լսեցի, հարամ կաթնակեր։ Բայց որ վերադարձա, կկերպարանափոխեմ ու կտանեմ իր Տանձուտը։ ― Ե՞ս եմ կաթնակերը, հա՞, ― ու Տիմբական հասավ Ծիպիլիի վրա։ Բայց Ծիպիլին այնպես պոկվեց տեղից, այնպես արագ սլացավ, որ Տիմբական հասնելու հույսը կտրեց։ ― Կա՜ց, ― գոռում էր նա, ― սպասիր, ես քեզ այնպես կկծեմ, որ հարյուր տարի չլավանա։ ― Թե կարող ես, հասի՛ր, ― Ծիպիլին ավելի արագացրեց ընթացքը։ ― է-հե՜յ, Դիրի-դիմ-բո, կանգնի՜ր, կանգնի՜ր, ասում եմ, ցնդած պաոավ, թե չէ որ հասել եմ՝ փոշի կդարձնեմ, քեզանից պարան կհյուսեմ,― գոռում էր Տիմբական առջևից սլացող Ծիպիլիի հետևից։ Արդեն երևի դուք գլխի ընկաք, թե այս ամբողջ պատմությունը երբ է եղել։ Այո, էսկիմոս տղային փրկելու օրը։ Այնպես որ, երբ կախարդ պառավները վերադարձան բացատ, Ծիպիլին չկարողացավ իր խոստումը կատարել, նա արդեն կերպարանափոխելու և կերպարանափոխվելու ընդունակությունը կորցրել էր ու թեև շատ էր զղջում, բայց ի՞նչ կարող էր անել, եղածն եղել էր։ Այդպես էլ Փայտահատը մնաց ագռավ, սակայն մարդկային կյանքին վերադառնալու հույսերը դեռ չէր կորցրել, դրա համար էլ պոկ չէր գալիս պառավներից, օգնում էր նրանց, որ շուտ վերականգնեն իրենց կախարդական զորությունը և այն ժամանակ, ո՞վ գիւոե, գուցե խղճան ու իրեն էլ նորից դարձնեն մարդ։ === Գ. Հանդիպում === Մանուշի գնալուց հետո Հասմիկն, այնուամենայնիվ, սկսեց մեկ-մեկ նայել մոտակա թփերի տակ։ Նա այդպես էլ չհավատաց, թե Տարոնը կարող էր հեռու գնացած լինել։ Եվ ինչպե՛ս հավատար, երբ իսկապես շատ քիչ ժամանակ էր անցել։ Մեկը որ հեռվից նայեր, կզարմանար, ախր Հասմիկը նույնիսկ խոտերի մեջ էր Տարոնին փնտրում, կարծես նա մկնիկ էր, որ խոտերի մեջ պահվեր։ Փնտրում էր ու ինքն իրեն հանդիմանում, որ չկարողացավ կարգին դիմադրել ու թույլ տվեց, որ Տարոնին հետները վերցնեն։ Ախր նույնիսկ մոտակա թփուտները գնալիս նա հոգի էր հանում, ուր մնաց մեծ անտառում։ Այս մտքերի հետ էր, երբ թփի տակ տեսավ Տարոնր զամբյուղներից մեկը։ ― Տարո՜ն, — ձայն տվեց Հասմիկը հուսադրված։ Պատասխան չեղավ, բայց ահա հենց հաջորդ թփի տակ տեսավ Տարոնին։ Ամբողջովին հաղարջոտված բերանով, ուռեցրած թշերով նա կծկվել էր հաղարջի թփի տակ, այնպես, որ իրեն չտեսնեն։ ― Ա՛յ դու անպիտան տղա, այսքան կանչում ենք չե՞ս լսում։ ― Ո՛ւ― հո՜ւ, հո՜ւ-ուո՜ւ-հո՜ւ... — փակ շրթունքներով հազիվ արտաբերեց Տարոնը։ ― Ի՞նչ, ի՞նչ։ ― Ըմ-ո՛ւմ... ո՛ւ-հուո՜ւ... ― Էլ ոնց պիտի խոսես, երբ բերանդ լիքը հաղարջ է... Կուլ տուր, կուլ տուր, թե չէ կխեղդվես... Սրան տես, կարծես մեր ներկայությամբ չի կարող հավաքել իր հաղարջը, որ թաքնվել է։ Տարոնը մի կերպ կուլ տվեց բերանի հաղարջը և հարձակվեց Հասմիկի վրա. ― Ի՞նչ եք ուզում ինձանից... Ամեն մարդ թող իր համար հավաքի, թե չէ՝ Տարո՜ն, Տարո՜ն... Ես ձեր ամեն կանչելուն որ պատասխանեմ՝ ձայնս կկտրվի։ Հասմիկը նման հանդգնություն չէր սպասում։ Կարծում էր, թե Տարոնը կզղջա իր արածի համար, ներողություն կխնդրի, մինչդեռ դուրս է գալիս, որ մի բան էլ իրենք են պարտք մնում։ ― Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում... չէ՛, չէ՛, դու քեզ հաշիվ տալի՞ս ես, ախր մենք քեզ համար պատասխան ենք տալու... Չտեսա՞ր, եթե մենք չուզենայինք կամ չխոստանայինք, որ քեզ կհետևենք, մայրդ չէր թողնի գաս։ Իսկ դո՞ւ փոխանակ հաղարջ հավաքելու՝ փորդ ես լցնում։ ― Մայրիկն ասաց՝ քո բերած հաղարջն ինձ պետք չի, չլսեցի՞ր, մենակ ողջ-առողջ տուն արի։ ― Բա մենք ի՛նչ ենք ուզում, մենք էլ ուզում ենք, որ ողջ-առողջ տուն հասնես։ ― Ես քաղցած եմ, — տրտնջաց Տարոնը։ ― Քաղցած ես, հաց կեր, հաղարջո՞վ պիտի կշտանաս։ Այդքան որ հաղարջ ուտես, փորդ կցավի... — Հետո նա ձեռքերը բերանին տարավ և բարձր կանչեց. ― Մանո՜ւշ... Մանո՜ւշ, Տարոնն այստե՜ղ է... Բայց Մանուշն արդեն ձորը անցել էր և Հասմիկի ձայնը լսել չէր կարող։ Տեսնելով, որ Մանուշը չի պատասխանում, Հասմիկը նորից հարձակվեց Տարոնի վրա. ― Ամոթ չունես դու, ահա թե ինչ։ Հիմա որ Մանուշին կորցնենք, ի՞նչ պիտի անենք։ ― Չենք կորցնի, արի գնանք նրա հետևից։ ― Անտառում այդպես չի կարելի անել, պետք է տեղում սպասել, թե չէ կկորցնենք իրար, — կրկնեց նա Մանուշի խոսքերը։ ― Դե արի հաղարջ հավաքենք։ ― Հավաքիր, հավաքիր, թե չէ դատարկ զամբյուղներով հո տուն չես գնա, — ասաց Հասմիկն ու նորից ձայն տվեց. ― Մանո՜ւշ, Մանո՜ւշ, Տարոնը գտնվե՜ց... ― Հենց որ կշտանամ, զամբյուղներս կլցնեմ, երկու զամբյուղն ինչ է որ։ ― Տես, արևը ուր հասավ, էլ ո՞նց պիտի լցնես... ― Ուզենամ, մի կողով կհավաքեմ։ ― Հիմա էլ կողով... Բավական է գլուխ գովես, կողո՜վ... դու դեռ զամբյուղներդ լցրու։ Հենց այդ ժամանակ էլ ծառի հետևից դուրս եկավ Տիմբական։ Նա շատ բարի դեմք ուներ, և նրա աչքերը ժպտում էին։ Երեխաները մնացին զարմացած․ այս պառավը որտեղի՞ց հայտնվեց։ ― Աղջիկ ջան, ինչո՞ւ ես անհանգստանում, — ասաց պառավը մոտենալով։ — Տղան ճիշտ է ասում, մի կողովի եղածն ի՞նչ է, որ չհավաքի։ ― Վա՜յ, տատի՛կ, ինչպե՞ս եկաք, որ ձեզ չտեսա, — ասաց Հասմիկը։ ― Իսկ ես ձեզ տեսա՜, ― ասաց պառավը՝ շարունակելով ժպտալ։ -― Ես ցախ եմ հավաքում, բալիկներս... Եթե ուզում եք, հաղարջուտ ցույց կտամ ձեզ... Այնքան հաղարջ կա, այնքան հաղարջ կա՝ կարմիր, սև... ― Չէ, ինչո՞ւ չարչարվեք, մենք կգտնենք, տատիկ, ― առարկեց Հասմիկը՝ իսկապես խղճալով պառավին։ ― Ձեզ համար դժվար կլինի։ ― Ոչ մի դժվարություն, դժվարությո՞ւնս որն է, մի երկու քայլ է այստեղից։ ― Չէ, չենք կարող, մենք կսպասենք, ― պնդեց Հասմիկը։ ― Թող ցույց տա, — բողոքեց Տարոնը։ — Տեսնո՞ւմ ես, ասում է շատ կա։ ― Շա՜տ, շատ կա... արագ կլցնեք զամբյուղները։ Տեղում կկանգնեք ու կհավաքեք, իսկի ման գալ պետք չի։ Տարոնն իրեն կորցրեց. ― Գնանք, տատիկ, գնանք ցույց տուր, ― ասաց նա։ Բայց Հասմիկն անդրդվելի էր, և նա համառորեն պնդում էր իրենը. ― Չէ, Մանուշին կսպասենք, մինչև նա չգա՝ ոչ մհ տեղ էլ չենք գնա։ ― Մանուշը ո՞վ է, աղջիկս, — հարցրեց Տիմբական։ ― Մեր ընկերն է... Գնաց սրան փնտրելու, կորել էր անպիտանը։ Մտել էր թփի տակ ու ձայն չէր հանում։ ― Վա՜յ-վա՜յ, վա՜յ, ― գլուխն օրորեց Տիմբական, ― բա եղա՞վ, տղա ջան, անտառում կորչելը ոնց որ մի բաժակ ջուր խմես։ Քույրիկդ ճիշտ է ասում, հարկավոր է խելացի լինել։ ― Նա իմ քույրիկը չի, ― կտրեց Տարոնը։ ― Քույրիկդ չի, ընկերդ է, ի՞նչ աարբերությոն։ Տեսնո՞ւմ ես, ինչպես է քեզ համար անհանգստանում, ոնց որ հարազատ քույրդ լինի։ ― Ի՛նչ անենք, ես ուզում եմ հաղարջուտ գնալ։ Ցույց տուր տեղը, տատիկ։ ― Չէ, ինչպես կարելի է, եթե ընկերուհիդ չի ուզում։ ― Ես ուզում եմ, ― ասաց Հասմիկը։ ― Ես ուզում եմ, միայն թե մեր մյուս ընկերոջը կկորցնենք, վախենում եմ։ ― Մի՛ վախեցիր, աղջիկս, դրա համար մի վախեցիր։ Հենց որ գա, քույրիկս կբերի հաղարջուտ։ ― Ի՞նչ քույրիկ, որտե՞ղ է նա, ― հարցրեց Հասմիկը։ Ծառի հետևից դուրս եկավ Ծիպիլին, բարի-բարի դեմքով և մեղրածոր ձայնով ասաց. ― Ես այստեղ եմ, աղջիկս, ես էլ հաղարջուտի տեղը գիտեմ։ Հենց որ քույրիկդ գա կբերեմ ձեզ մոտ, ― ասաց նա։ ― Ահա, տեսա՞ր, Մանուշին կբերի այնտեղ, ― Տարոնը զամբյուղները վերցնելով առաջ անցավ։ ― Հեռու չի, ― շարունակեց Ծիպիլին։ ― Ա՛յ, այն ձորակն անցնենք կսկսվի հաղաոջուտը։ ― Եվ նա մատով ցույց տվեց անտառի խորքը։ ― Այնքան շա՜տ կա, այնքան շա՜տ, միայն կանգնիր ու հավաքիր... ― Բա որ ասում եմ, ― ավելացրեց Տիմբական, ― գնացինք, երեխաներ։ -― Գնա՛նք, գնա՛նք, ― անհամբեր ասաց Տարոնը։ Բայց Հասմիկը դեռ տատանվում էր. ― Ախր սա անելու թան չի... պիտի սպասենք Մանուշին։ ― Լավ, ուզո՞ւմ եք չգնանք։ Ես ձեզ համար եմ ասում։ ― Տիմբական մի քանի քայլ հեռացավ և սկսեց չոր ճյուղեր հավաքել։ Բայց այստեղ արդեն Տարոնը ձայնը գլուխը գցեց. ― Ես ուզում եմ գնալ, ես ուզում եմ հաղարջ հավաքել։ Չես ուզում, դու մնա, ես կգնամ,― ասաց նա։ ― Գնանք, տատիկ, ես գալիս եմ։ ― էդ չեղավ, տղա ջան, ― միջամտեց Ծիպիլին։ ― Որ աղջիկը չի ուզում, դու մենակ ո՞նց գնաս։ Այդպես չի կարելի։ ― Բա ինչի՞ չի ուզում... Որ չի ուզում՝ ինքը իր համար, ես ինձ համար։ ― Լա՛վ, գնանք, ― վերջապես որոշեց Հասմիկը, ― միայն թե, տատիկ, այստեղից չհեռանաք, Մանուշին էլ բերեք մեզ մոտ։ ― Բա ո՜նց, ― ուրախացավ Ծիպիլին։ ― Ես տեղիցս չեմ շարժվի, դուք հանգիստ գնացեք։ ― Տիմբակա, լսո՞ւմ ես, աղջիկը համաձայն է... Տար, շուտ տար հաղարջուտ, թե չէ ժամանակ է կորչում։ Տիմբակային էլ այդ էր հարկավոր, իսկույն առաջ ընկավ, ու նրանք իջան մոտակա ձորակը։ ― Ցտեսություն, երեխաներ, ես այստեղ սպասում եմ, ― ավելի վստահեցնելու համար ձայն տվեց Ծիպիլին։ Նրանք գնում էին ձորակով դեպի ցած, բայց քիչ հետո Տիմբական կտրուկ շրջվեց դեպի ձախ և բարձրացավ վեր։ Խոշոր ծառերը գնալով փոքրացան ու վերածվեցին բարձր, իրար միացած թփուտների, և Տիմբական հազիվ էր ճանապարհ բացում։ ― Հրես կհասնենք, ա՛յ, այս մացառուտը անցնենք, կսկսվի հաղարջուտը, ― ասում էր նա։ Քիչ հետո իսկապես սկսեցին երևալ հաղարջի թփեր, որոնց վրա բավական շատ հաղարջ կար, և Տարոնը քայլելով պոկում էր կախված ճութերը։ Մի տեղ նույնիսկ նա ուզում էր կանգնել, բայց Տիմբական չթողեց։ ― Սա ի՞նչ հաղարջ է որ, կարգին չի էլ կարմրել, այ այն փոքրիկ զառիթափով որ բարձրանանք, կհասնենք հաղարջուտ։ Հենց որ զառիթափը բարձրացան, հրաշալի մի տեսարան բացվեց։ Հաղարջուտ, ի՜նչ հաղարջուտ, ուղղակի հրաշք... Պառավները չէին խաբում, այստեղ նույնիսկ կողովներով կարելի էր հավաքել։ Լիքը հաղարջ էր՝ սև, կարմիր։ Նույնիսկ Հասմիկը, որ այնքան էլ ուրախ չէր գալու համար և անընդհատ Մանուշի մասին էր մտածում, նետվեց հաղարջուտի մեջ։ Թփերը բարձր էին, և երեխաներին հաղարջուտը կարծես կուլ տվեց կանաչ ու կարմիր իր լաբիրինթոսում։ Տիմբական անմիջապես ետ դարձավ։ Նա չէր վստահում Ծիպիլիին, վախենում էր, թե կարող է գործը փչացնել։ Ցնդած պառավ է, մեկ էլ տեսար այն չասաց, ինչ որ հարկավոր է։ Համոզված էր, որ երեխաները հաղարջուտից շուտ դուրս չեն գա, եթե դուրս էլ գան՝ այլևս նույն տեղը վերադառնալ չեն կարող, քանի որ ինքը նրանց շատ էր պտտեցրել անտառում և դժվար թե ճիշտ ճանապարհը կարողանային գտնել։ Ու Տիմբական շտապեց Ծիպիլիի մոտ։ Թող շտապի։ Իսկ մենք տեսնենք, թե ինչ եղավ Մանուշը, մինչև ուր հասցրեց նրան Ագռավը։ Եվ այսպես, Մանուշը գնաց Ագռավի հետևից և շուտով մոտեցավ այն թփին, որի ետևում, ինչպես նրան թվաց, մեկը պահ է մտել։ Բայց շուտով համոզվեց, որ ոչ ոք չկա և չուզենալով ավելի խորանալ անտառում, հետ դարձավ։ «Հանկարծ Հասմիկին էլ կկորցնեմ», — մտածեց նա։ նրան հանդիպում էին ամբողջովին կարմրին տվող հաղարջի թփեր, բայց աչքին ոչինչ չէր երևում։ Մանուշն ուշիմ աղջիկ էր և խորանալով անտառում, միաժամանակ նշաններ էր թողնում, որ չմոլորվի, այդ էր պատճառը, որ նա շուտով հայտնվեց այնտեղ, որտեղ թողել էր Հասմիկին։ Հասմիկի փոխարեն նա տեսավ Ծիպիլիին, որը փեշի մեջ հաղարջ էր հավաքում։ Մանուշը շատ ուրախացավ, որ իրենք մենակ չեն անտառում, բայց անհանգստացավ Հասմիկի համար։ ― Տատիկ, — հարցրեց նա, ― այստեղ մի աղջիկ կար, չտեսա՞ր. ― ես հո կույր չեմ, որ չտեսնեի, աղջիկս։ Միայն թե մենակ չէր, մի տղա էլ կար հետը։ ― Ի՞նչ, մի տղա՞... Այսպես, փոքրիկ, կլորիկ մի տղա՞... ― Հա՛, հա՛, փոքրի՜կ, կլորի՜կ, գնդլի՜կ, ձեռքին էլ երկու զամբյուղ։ ― Երկու զամբյո՞ւղ... Տարոնն է, ― բացականչեց ուրախացած Մանուշը, ― Իսկ ո՞ւր գնացին, չիմացա՞ր։ ― Իմացա, սիրունիկս, իմացա... ա՛յ, այն կողմը գնացին։ ― Եվ Ծիպիլին ցույց տվեց բոլորովին հակառակ կողմը։ ― Վաղո՞ւց են գնացել, որ արագ գնամ կհասնե՞մ։ ― Իհարկե, կհասնես, նրանք հաղարջ հավաքելով էին գնում։ Միայն թե շտապիր, ա՛յ, այս արահետը բռնիր ու գնա։ Հենց Մանուշը կորավ ծառերի հետևում, Ծիպիլին ձեռքերը շփելով վեր-վեր թռավ և սկսեց կախարդավարի մի երգ երգել։ ― Տիմբո-բումո-Տիմբակա-կում... սկիզբը լավ էր, մնում է կատաղած արջի մոտ հասցնենք։ <center>Դիլի-դիմ բո՜, դիլի-դիմ բո՜, Մնաց արջին հասցնենք. Տիլի մին-գո՜, Տիլի մին-գո՜, Արջի երախը գցենք։ </center> Տիմբական, տեսնելով Ծիպիլիին պարելիս, լավ բան չգուշակեց. «Մի բան արել է քաֆթառը, ― մտածեց նա, ― լավ բան նրանից չի կարելի սպասել»։ ― Հը, ի՞նչ ես պարում, աղջիկը գտնվե՞ց... ― Գտնվեց, այն էլ ինչպես։ Դու ասա, թե ինչ արեցիր այն երկուսին։ ― Ի՞նչ պիտի անեի, հասցրեցի հաղարջուտ։ Հաղարջուտ հո չի, իսկական լաբիրինթոս։ Լավ որ խորանան, կարող է նույնիսկ անդունդը ընկնեն... ― Մանուշն ի՞նչ եղավ։ ― Մանուշն եկավ, ― ձեռքերը շվւելով ասաց Ծիպիլին... ― Ուղարկեցի հակառակ կողմը, դեպի արջի տնակը, հի՛, հի՛, հի՛... ― Ապրես, Ծիպիլի... Այդ մեկը ճիշտ ես արել, բայց արի շուտ գնանք հետևից, թե չէ մեկ էլ տեսար հետ եկավ։ ― Գնանք, գնանք, գործերը հաջող են գնում, ― ոգևորված առաջ ընկնելով ասաց Ծիպիլին։ Տիմբական մռայլվեց։ ― Չեմ սիրում, որ գործը չավարտված վեր-վեր ես թռչում... ― Գլուխը դարձնելով դեպի ձախ և ուսի վրայից երեք անգամ թքելով, ասաց Տիմբական. — Թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, աչքով չտաս... Առանց այն էլ կեղտոտ աչք ունես։ եվ նրանք շտապեցին Մանուշի ետևից։ Սակայն քիչ հետո շատ զարմացան, որ արահետը բաժանվեց երկու մասի, չգիտեին՝ ա՞ջ գնան, թե ձախ։ Օգնության հասավ Ագռավը, որը հետևել էր Մանուշին։ Նա «ղա՜, ղա՜» անելով նետվեց դեպի աջ, ու կախարդները ևս գնացին աջ։ Քիչ հետո նրանք լսեցին Մանուշի ձայնը, որը կանչում էր. ― Տարո՜ն, Հասմի՜կ... Որտե՞ղ եք, հե՜յ... ― Ահա, հասնում ենք, ― ասաց Տիմբական։ ― Արի մի կարգին մտածենք, թե ինչ ենք անելու, թե չէ ունքը սարքելու տեղ, աչքն էլ կհանենք։ ― Էստեղ ի՞նչ կա մտածելու, տանում ենք կատաղած արջի մոտ և վերջ, ― ասաց Ծիպիլին։ ― «Եվ վերջ»... ― նրա տնազն արեց Տիմբական։ ― Այդքան հեշտ որ լիներ, հիմա մենք էլի կախարդ կլինեինք, ամեն անգամ մի դատարկ բանի համար անհաջողության ենք մատնվում... Հա, տանենք կատաղած արջի մոտ, բայց ո՞նց... ― Շատ հասարակ, ― ցախավելը գետնին խփելով ասաց Ծիպիլին... ― «Հասարակ», «հասարակ»... մտածել է պետք։ Բայց մտածելու ժամանակ չեղավ։ Տեսնելով, որ երեխաները չկան, Մանուշը եկած ճանապարհով հետ գնաց և հանդիպեց պառավներին։ ― Տես է, սիրունիկ Մանուշիկն էստեղ է, ― Ինչքան որ կարող էր քաղցր ձայնով ասաց Տիմբական։ ― Վայ, էս ո՞ւր ես հասել, Մանուշիկ, ― զարմացավ Ծիպիլին։ ― Տատիկ, ես այդպես էլ չհասա ընկերներիս, երևի ուրիշ ճանապարհով են գնացել, ―գանգատվեց Մանուշը։ ― Դե, իհարկե, ուրիշ ճանապարհով... Բա ես քեզ չասացի՞ ― ուղիղ գնա։ ― Ուղիղ գնացի, տատիկ, բայց չհասա։ ― Շեղվել ես, անպայման շեղվել ես, որ ուղիղ գնայիր, այստեղ չէիր լինի, ― միջամտեց Տիմբական։ ― Կամ էլ իրենք են շեղվել, ― ենթադրեց Ծիպիլին։ ― Բա հիմա ես ի՞նչ անեմ, — տխուր ասաց Մանուշը։ ― Ի՛նչ պիտի անես, մնա մեզ հետ, եղիր մեզ թոռնիկ... Հ.ը՜, ինչ է, լավ տատիկ չե՞նք, ― ժպտալով ասաց Ծիպիլին։ ― է՜, կատակ մի արեք։ ― Իսկ մենք կատակ չենք անում, մնա մեզ հետ։ ― Ո՞նց մնամ, ինձ տանը սպասում են։ Ախր գնալն էլ անհարմար է, մենակ ո՞նց տուն գնամ, ի՞նչ կասեն։ Ասենք, որ ուզենամ էլ չեմ կարոդ գնալ, ճանապարհը կորցրել եմ, չգիտեմ, թե ինչպես դուրս գամ անտառից։ ― Մենք կտանենք քեզ, Մանուշիկ, մենք քեզ անտառից կհանենք։ ― Հա՞, կհանե՞ք, — ուրախացավ Մանուշը։ ― Իհարկե, կհանենք, բա հո չենք թողնի անտառում։ Մանուշը նորից տխրեց. ― Ախր առանց Տարոնի, Հասմիկի ոնց գնամ։ ― Ինչո՞ւ առանց նրանց, մենք քեզ կօգնենք, որ գտնես ընկերներիդ, ― ասաց Տիմբական։ ― Տատիկներ ջան, ինչքան լա՜վն Եք... Օգնեք գտնեմ նրանց, թե չէ առանց նրանց ես ի՞նչ պիտի անեմ։ ― Այս ի՞նչ է, Մանուշիկ, դեռ հաղարջ չե՞ս հավաքել, ― ասաց Ծիպիլին։ ― Տեսնում եմ, զամբյուղդ դատարկ է։ ― Է, էլ ի՞նչ հաղարջ, ինչի՞ս է պետք... Ինձ հաղարջ պետք չի, մենակ Հասմիկն ու Տարոնը գտնվեին։ ― Չէ, էդպես մի ասա, աղջիկս, դատարկ ձեռքով տուն չեն գնա։ Տուր, տուր զամբյուղդ։― Եվ Ծիպիլին գրեթե ուժով խլեց Մանուշի զամբյուղն ու մեջը լցրեց իր փեշի հաղարջը։ ― Էդ ի՞նչ արեցիր, տատիկ, բա ձեզ... ― Մենք հաղարջն ի՞նչ ենք անում, ձեզ համար էի հավաքել։ Ախր մենք ցախ հավաքելու ենք եկել։ Բայց ոչինչ, մեր ցախը միշտ կա ու կա։ եթե ուզում ես, էլի հաղարջ կհավաքեմ քեզ համար։ Այդ ժամանակ «ղա՜, ղա՜» անելով նորից հայտնվեց Ագռավը։ Մանուշը վաղուց էր ուշադրություն դարձրել Ագռավի վրա ու հիմա վազեց նրան ընդառաջ, մտածելով, թե երեխաների տեղն է ուզում ցույց տալ։ ― Էլի էս Ագռավը... Տատիկներ..., սա ինչ-որ բան է ուզում ասել, չեմ հասկանում։ ― Երևի երեխաների տեղը գիտի, դու գնա նրա հետևից, մենք էլ ենք գալիս։ Օգտվելով առիթից, Տիմբական խփեց Ծիպիլիի կողքին. ― Էլի բարությունդ բռնեց... Ի՞նչ ես մեկ հաղարջ տալիս, մեկ խոստանում էլի հավաքել։ ― Բա ո՜նց, գործի համար պիտի բարի լինենք։ ― «Գործի համար», «գործի համար»... կարծես քեզ չգիտեմ։ Տեսնում եմ, էլի փափկեցիր... Հասկացիր, արտաքինից պիտի բարի լինես, իսկ ներսում պիտի չարություն ունենաս... Շա՜տ չարություն... Պիտի մտածես, որ այս Մանուշը քո համար առաջին թշնամին է, որ նա քեզ զրկել է կախարդելու իրավունքից, հասկացա՞ր։ ― Ախր նա ի՞նչ մեղք ունի, ի՞նձ ինչ է արել, ― տրտնջաց Ծիպիլին։ ― Դու անհասկացողի մեկն ես... Այսքան ասում եմ գլուխդ չի մտնում... Դու պիտի մտածես, որ հենց այս աղջկա պատճառով ես զրկվել կախարդանքից։ -― Ախր ո՞նց մտածեմ, երբ պատճառը էսկիմոս տղան էր։ Մանուշը տեսավ, որ պառավները կանգնել վիճում են, մոտեցավ. ― Ի՞նչ է եղել, տատիկներ, ի՞նչի մասին եք վիճում։ ― Մե՞նք ենք վիճում, ― ասաց Տիմբական։ ― Ընդհակառակը, մենք որոշում ենք, թե քեզ ո՞ր ճանապարհով անտառից դուրս բերենք։ Ախր երկու ճանապարհ կա։ ― Ինձ համար մեկ է, ― ասաց Մանուշը։ ― Նույնիսկ պետք չի, որ դուք հետս գաք, ճանապարհը ցույց տվեք, ես կգնամ։ ― Բա ընկերներդ, ընկերներիդ չգտնե՞նք, ― ասաց Ծիպիլին։ Ագռավն այդ ժամանակ մի շրջան կատարեց բոլորի գլխավերևում՝ անընդհատ կռավելով։ Ծիպիլին ականջները լարեց։ Միայն նա էր հասկանում Ագռավի լեզուն։ Տիմբական անհանգստացավ։ ― Հը , ի՞նչ է ասում։ ― Ո՞վ է ինչ ասում, ― հարցրեց Մանուշը։ ― Ո՞վ ինչ պիտի ասի... Հարցնում եմ, թե Ծիպիլին ինչ է ասում։ ― Հա, իսկապես, ի՞նչ եք ասում, չգնա՞մ... ― Իսկ դու չե՞ս վախենում, ― հարցրեց Ծիպիլին։ ― Ինչի՞ց պիտի վախենամ։ ― Անտառում մենակ մնալուց... ― Հանկարծ ու քեզ չար կախարդներ հանդիպեն։ ― Է, տատիկներ, ախր կախարդներ չկան։ ― Ինչպես թե չկան, ― զարմացավ Ծիպիլին։ ― Չկան, է՛լի... Այդ բոլորը մարդիկ են հնարել։ ― Ո՞նց թե հնարել են... Ուրեմն կախարդներ չկա՞ն ոչ մի տեղ։ ― Չկան, իհարկե, չկան։ Հիմա կախարդներն իրենց ուժը կորցրել են։ Կախարդներ միայն հեքիաթներում են լինում։ Ուժը կորցնելու մասին լսեցին թե չէ, պառավներն իրար նայեցին։ «Սա՞ որտեղից գիտի, որ մենք մեր ուժը կորցրել ենք», ― մտածեցին նրանք։ Մի պահ նույնիսկ չէին կարողանում խոսել։ Բավական լռելուց հետո միայն Ծիպիլին հարցրեց. ― Սպասիր, քեզ ո՞վ ասաց դա։ Քեզ ով ասաց, թե ուժը կորցրել են, ո՞վ ասաց, թե կախարդներ չկան։ Այ, ես, օրինակ, կախարդ եմ, չար վհուկ, որ ուզենամ, քեզ կուտեմ։ Մանուշը ծիծաղեց. ― համա թե ասացիր, հա՜, տատիկ... Չի՞ երևում, ի՛նչ է, դու այնքան բարի ես, որ բարությունը վրայիցդ թափվում է։ Տիմբական առաջ եկավ։ ― Իսկ ե՞ս, իսկ ե՞ս... ― Դու էլ ես բարի, չե՞մ տեսնում, ինչ է։ ― Ճիշտ է, ես բարի եմ, ― մտազբաղ ասաց Ծիպիլին, ― իմ բարության պատճառով էլ տուժում եմ։ ― Ճիշտ ես, Մանուշիկ, ճիշտ ես, ― ասաց Տիմբական. ― մենք բարի ենք։ — Հետո Ծիպիլիի ականջին շշնջալով հարցրեց. ― Ի՞նչ ասաց Ագռավը։ ― Ասաց՝ արջի տանը մոտեցել ենք, ա՛յ, այնտեղ է, ― նույնպես շշնջալով պատասխանեց Ծիպիլին։ ― Դե էլ ի՞նչ ենք սպասում, — հարցրեց Տիմբական։ ― Սկսիր։ ― Հա, բարի ենք, Ա՚անուշիկ, ― բարձրաձայն ասաց Ծիպիլին։ ― Շատ բարի ենք, բայց այսքան ժամանակ դեռ բարի մարդու չենք հանդիպել, որ մեզ համար մի բարություն անի... Օրինակ, դու բարի՞ ես։ ― Ե՞ս... ոնց ասեմ, չգիտեմ։ ― Ա՛յ, հիմա կփորձենք։ Եթե դու բարի ես՝ մեզ համար մի բարի գործ կանես, ― ասաց Տիմբական։ ― Ի՞նչ գործ է, եթե կարողանամ՝ կանեմ։ ― Կկարողանա՜ս, կկարողանա՜ս, — ասաց Ծիպիլին։ ― Չէ՜, չի անի, գործ չունես, ― ասաց Տիմբական։ հհ* ― Ասում ես չի՞ անի... Գուցե կանի։ ― Ախր ես դեռ. չգիտեմ, թե ինչ պիտի անեմ, տատիկներ, առաջ ասեք, թե ինչ պիտի անեմ։ Պառավները նայեցին իրար։ ― Մի՞թե չենք ասել, ― զարմացավ Տիմբական։ ― Իհարկե՝ ոչ. ես դեռ չգիտեմ, թե ինչ եք ուզում։ Պառավները մի քանի քայլ հեռացան և երկար ժամանակ փսփսում էին։ Վերջապես Ծիպիլին դառնալով Մանուշին, ասաց․ ― Մենք որոշեցինք, որ պետք չի։ ― Այո, մենք չենք ուզում, — հաստատեց Տիմբական։ ― Ախր ի՞նչ պիտի անեմ, ― անհամբեր հարցրեց Մանուշը։ Ծիպիլին մոտեցավ Մանուշին, բռնեց թևից ու տարավ դեպի աջ։ ― Ա՛յ, այն տնակը տեսնո՞ւմ ես... Լավ նայիր, ծառերի հետևն է, ա՛յ, այնտեղ։ ― Ո՞ւր է, — հարցրեց Մանուշը, — ահա, տեսա՛, տեսա՛։ ― Տեսնում ես չէ՞, տեսնում ես չէ՞, ― գրեթե լացակումած հարցրեց Ծիպիլին։ ― Առաջ դա մեր տունն էր։ Հետո եկավ չար Արջն ու մեզ դուրս արեց... Հիմա ինքն է այնտեղ ապրում։ Բայց մեր սնդուկը մնաց վառարանի վրա։ ― Ինչ ունենք-չունենք այդ սնդուկի մեջ է, բայց մենք չենք կարող գնալ մեր սնդուկի ետևից... Ասում ենք... Բայց չէ՛, չէ՛, պետք չէ, ― Տիմբական ցույց տվեց, որ իսկապես չի ուզում, նույնիսկ մի քանի քայլ հետ գնաց։ ― Էէ՜, էլի սկսեցիք... մինչև վերջ ասեք տեսնեմ, ինչ է ձեր ուզածը։ ― Ասում ենք... ― մռթմռթաց Ծիպիլին, ― գուցե դու գնաս բերես, բայց ճիշտն ասած վախենում ենք քեզ համար։ ― Ինչո՞ւ եք վախենում, ինձ համար դժվար չէ, կբերեմ... Մենակ թե ծանր չլինի։ ― Չէ, ինչ ծանր... թեթև՜, թեթև՜ սնդուկ է․․. ավելի ճիշտ՝ զարդատուփ է, այ, այսքան։ ― Եվ Ծիպիլին ձեռքերով ցույց տվեց, թե ինչ չափի է զարդատուփը։ ― Որ այդպես է, գնանք... Ես կարող եմ։ Մի անգամ մեն-մենակ մտա մեր մառանը։ Մտա ու դուրս եկա։ Մո՜ւթ-մո՜ւթ էր, ոչինչ չէր երևում... ես մտա ու դեռ յուղի կճուճն էլ դուրս բերեցի... ― բլբլացնում էր Մանուշն ու առաջ ընկած, գնում ցույց տված ուղղությամբ։ ― Սպասի՛ր, ― նրա հետևից կանչեց Տիմբական։ ― Մենք վախենում ենք քեզ համար։ ― Հանկարծ Արջը տանը կլինի, ― ասաց Ծիպիլին։ ― Է, թող լինի, արջից ես չեմ վախենում... Ես արջ սիրում եմ... քեռիս ինձ համար իմ ծննդյան օրը այ, այսքան արջ է բերել։ ― Ու Մանուշը ցույց տվեց արջի չափը, որը, եթե նրան հավատալու լինենք, իրենից մեծ պիտի լիներ։ ― Մենք իրար հետ ենք քնում։ ― Չէ, տեսնում եմ՝ քաջ աղջիկ ես, ― ասաց Տիմբական։ ― Քա՛ջ է, քա՛ջ, ― վրա տվեց Ծիպիլին։ ― Ի՞նչ քաջություն կա դրա մեջ։ Տուն է, կմտնեմ ու դուրս կգամ, է՛լի, ― ասաց Մանուշը։ Այստեղ Ծիպիլին քիչ մնաց ամբողջ գործը փչացներ։ Նա իրեն չկարողացավ զսպել և քթի տակ մռթմռթաց. ― Որ պիտի դուրս գաս, էլ ո՞ւր ենք ուղարկում։ Այս որ լսեց Տիմբական՝ զայրացավ և այնպես խփեց Ծիպիլիի կողքին, որ սա ցավից երկտակվեց. ― Չե՞ս կարող քեզ զսպել, այդպես դու ամբողջ գործը կփչացնես։ Ծիպիլին մի պահ կողքը բռնած մնացել էր ծռված, հետո հարձակվեց Տիմբակայի վրա և սկսեց խփել ցախավելի պոչով․ ― Սա քեզ, կաթնակեր կախարդ, դիրի դիմ-բո՜։ Այս ամենը Մանուշին շատ զարմացրեց, բայց լավ է, որ Տիմբական իրեն հավաքեց ու չթողեց կռիվը ավելի մեծանա։ Ավելին, նա կարողացավ ամեն բան այնպես անել, որ Մանուշը ոչինչ չհասկանա։ Նա միայն զարմացած նայեց պառավներին ու հարցրեց. ― Ի՞նչ է եղել, տատիկներ, ինչո՞ւ եք կռվում։ ― Ոչինչ... ոչինչ էլ չի եղել, ― պատասխանեց Տիմբական։ ― Ծիպիլին ասում է՝ պետք չի։ ― Պետք է, պետք է, օգնիր աղջիկս, խեղճ, անտեր կախարդներին։ ― Տեսնո՞ւմ ես այս ցնդած պառավին՝ ինչեր է դուրս տալիս... Հիմար-հիմար խոսում է, էլի... Ուզում էր ասել՝ անտուն-անտեր պառավներին, ― ֆշշացնելով ասաց Տիմբական՝ նորից Ծիպիլիի վրա հարձակվելով։ Ծիպիլին գլխի ընկավ, թե ինչ անմիտ բան է ասել և խեղճացած ավելացրեց. ― Հա՛, խե՜ղճ, անտե՜ր պառավներ ենք, անտո՜ւն, անբո՜ւն... ― խոսում էր ու հետն էլ լալիս։ Տիմբական էլ ցույց տվեց, թե հեծկլտում է Ծիպիլիի հետ։ Ինչո՞ւ եք լալիս, տատիկներ, մի լացեք... Գնանք, ես ձեր սնդուկը կբերեմ։ Մենակ թե օգնեք, որ ընկերներիս գտնեմ, ― հանգստացրեց Մանուշը, և պառավներն անմիջապես լռեցին։ ― Այդ արդեն մեզ վրա, — գործնական ասաց Տիմբական։ — Կարող ես վստահ լինել, կգտնենք ու ձեզ էլ անտառից դուրս կբերենք։ ― Ախր դուք այդ Տարոնին չգիտեք, շատ անականջ տղա է, որ կորչի, մայրն էլ նրան անտառ չի թողնի։ ― Այ, կտեսնես, կգտնենք, անպայման կգտնենք քո ընկերներին։ ― Դե, տատիկներ, ես գնացի, բոլորովին մի մտածեք, ես հիմա կգամ։ ― Գնա, բալիկ ջան, սիրունիկ Մանուշիկ, գնա, մենք քեզ այստեղ կսպասենք։ Ու Մանուշը համարձակ քայլերն ուղղեց դեպի Արջի տնակը։ == գլուխ չորրորդ․ Խեղճ ու կրակը Արջը == === Ա․ Փշերի մեջ === Ինչպես բոլոր արջերը, նա էլ էր սիրում բերանը քաղցրացնել մեղրով, սիրում էր բռինչ ուտել, տանձի կաթոցի ժամանակ՝ տանձ ուտել, սիրում էր ուտել հասած կարմրած մասուր, իսկ մոշի ժամանակ դուրս չէր գալիս մոշուտից։ Մի խոսքով, սաոորական արջ էր։ Երբ դեռ քոթոթ էր, բարձրանում էր ծառը, զառիթափով գլորվում էր ցած և բոլոր քոթոթների նման ջղայնացնում էր մայր արջին ու հաճախ նրանից ծեծ ուտում։ Երբեք, երբեք չէր մտածի, որ այդքան շուտ կգա դժբախտությունը, որ դեռ այդքան երիտասարդ ստիպված կլինի պառկած մնալ տանը և ենթարկվել դժոխային ցավերի։ Իսկ պատճառն այն էր, որ լինելով սովորական արջ, նա, ինչպես բոլոր արջերը, նաև բկլիկ էր։ Անտառի արևելյան մասում մի ձորակ կար։ Թե մարդ, թե գազան խուսափում էին այդ ձորակից, նույնիսկ թռչունները չէին թռչում նրա վրայով։ Ճիշտ է, թռչուններին ոչինչ չէր ապառնում, բայց դե ձորակի համբավն այնքան վատ էր, որ նրանք էլ էին խուսափում։ Ասում էին, թե այդ ձորակում վիշապ օձեր են բնակվում։ Ոչ ոք, իհարկե, այդ վիշապ օձերին չէր տեսել, բայց քանի որ մարդիկ ասում էին, ուրեմն մի բան գիտեին։ Բայց վիշապները չէին պատճառը, որ բոլորը խուսափում էին այդ ձորակից, այլ փուշն ու տատասկը։ Ինչքա՜ն փուշ կար, ինչքա՜ն փուշ, դա մի իսկական փշի թագավորություն էր։ Գետնի վրա տատասկներն էին, որոնք իսկական տատասկե գորգ էին հյուսել։ Ավելի բարձր՝ փշապատ քոլերն էին, իսկ վերևում մացառուտն էր՝ խոշոր ու ցից-ցից փշերով, կոծոծներով։ Մի խոսքով, փուշը փշի վրա էր։ Հակառակի պես ձորակի վերևի մասերում բռնչի ծառեր ու մասուրի թփեր կային և այնքան էլ շատ էին բռնում, որ ուշ աշնանը, երբ անտառում պտուղը պակասում էր, փշի ձորակի եզրերին կարմրին էին տալիս բռնչի հասած ճութերը, ու կարծես, կանչում էին հատկապես արջերին։ Իսկ արջերը՝ չէ՛, չէին մոտենում։ Ավելի լավ է քաղցած մնանք, ասում էին նրանք, քան թե գնանք փշոտ ձորակի կողմերը։ Բայց ահա մեր Արջը մի օր անցնում էր այդ կողմերով և տեսավ, որ բռինչը կարմրել է։ Ուրիշ տեղերում դեռ կանաչ էին, իսկ այստեղ այնպես էին կարմրել, նույնիսկ սևացել էին, կարծես ուշ աշուն լիներ։ Բրդոտը կանգնեց, նայե՜ց, նայե՜ց բռինչի ծառին և ինչ, տեսավ, որ բռինչի տակ բոլորովին փուշ չկա։ Մոտեցավ և սկսեց ծամել արդեն հասած ճութերը։ Ամենից հասած ճութերը ձորակի կողմն էին, և արջը մեկնվեց, որ մոտ քաշի ձորակի վրա կախված ճյուղը։ Ամեն ինչ բարեհաջող կվերջանար, եթե ճյուղը հանկարծ չկոտրվեր։ Եվ Արջը ինքն էլ չիմացավ, թե ինչպես գլորվեց ցած։ Այդ գլորվե՜լն էր։ Մացառ, փուշ ու տատասկ տրորելով, նա շուտով հայտնվեց ներքևում, այնտեղ, ուր փշերն ավելի խիտ էին և ավելի սուր։ Երևի ուշաթափվել էր, կամ անսպասելիությունից իրեն կորցրել, որովհետև երբ ուշքի եկավ, զգաց, որ ամբողջ մարմինը ծակծկվում է, իսկ երբ փորձեց տեղից շարժվել, փշերն ու տատասկները ավելի խորը մտան, ու նա անտանելի ցավից սկսեց ոռնալ։ Այնպես աղիողորմ, այնպես ողբալի էր նրա ոռնոցը, որ նույնիսկ վայրի գազանների սիրտն էր ճմլվում։ Եվ ահա ձայնի վրա հավաքվեցին գայլ ու աղվես, բորենի ու շնագայլ, և նայում էին, թե ինչպես է արջը տանջվում։ Իհարկե, նրանք գիտեին, որ օգնել չեն կարող, դրա համար էլ մոտ չէին գնում։ Ախր դրանից արջը օգուտ չուներ, դրա փոխարեն իրենք նույն օրը կընկնեին։ Մնում էր, որ Արջը ինքը դուրս գա անիծյալ ձորակից։ Երեք օր տևեց մինչև նա հասավ իր տնակը, որը, բարեբախտաբար, շատ հեռու չէր։ Երեք օր նա քայլելը մոռացած սողում էր և ամեն մի շարժում կատարելիս փշերն ավելի խորն էին մտնում մարմնի մեջ։ Իսկ ամենից շատ փշեր խրվել էին նրա թաթերի մեջ, այնտեղ, որտեղ բուրդ չկար, ու նա չէր կարողանում ոտքի կանգնել։ Այդ երեք օրվա մեջ փշերի տեղերում վերքեր գոյացան, վերքերը թարախակալվեցին։ Պատկերացնո՞ւմ եք, թարախակալված վերք, մեջտեղում էլ մինչև ոսկորը խրված փուշ։ Մարմինն այնպես էր ցավում, այնպես էր տնքում, որ խեղճ Արջին թվում էր, թե հոգին փչում է։ Եվ անշուշտ, նա կմեռներ, եթե ոչ վերքերից, ապա քաղցից, բայց նրա բախտից տանը մի կճուճ լիքը մեղր կար, ու նա ժամանակ առ ժամանակ լիզում էր այդ մեղրը։ Արդեն մի ամիս այդ վիճակում էր Արջը, երբ Մանուշը մոտեցավ նրա տնակին։ Դեռ տնակին չհասած՝ լսեց Արջի ձայնը։ Ակզբում չհասկացավ, թե ինչ ձայն է, բայց երբ մոտեցավ, տեսավ, որ Արջը լալիս է, իսկ լացը ավելի շատ երգ է հիշեցնում։ Մի քիչ էլ որ կանգնած մնաց դռան մոտ, սկսեց խոսքերն էլ ջոկել. Ես եղել եմ լավ ու բարի, Օգնել եմ թույլ ու տկարին. Բայց ինձ ինչո՞ւ Հալածում են, Միշտ ծեծում են ու տանջում։ Այդ ո՞ւմ է, որ ես չեմ հասել, Ո՞ւմ եմ թթու մի խոսք ասել, Որ իմ արած Լավությունը Վատությամբ են հատուցում։ Վա՜յ ինձ, ախր ի՞նչ եմ արել, Ո՞ւմից եմ ես մի չոփ տարել. Որ զարկում են, Որ խարկում են, Որ ծակում են, ծակծկում... Այսպես երգում ու լալիս էր Արջը, և նրա ձայնը այնքան աղիողորմ էր ու սրտակտուր, որ Մանուշը, դեռևս Արջին չտեսած, սկսեց խղճալ նրան։ Եվ դեռ դռան մոտ կանգնած էր, որ Արջն ավելի բարձր սկսեց լալ, ոռնալ, ոնց որ այդ րոպեին նրան ծեծելիս լինեին. Վա՜յ, վա՜յ, խփում են, Վա՜յ, վա՜յ, խաբում են, Վա՜խ, քարկոծում են, Վա՜խ, վա՜խ, ծեծում են, Վա՜յ ինձ, թակում են, Վա՜յ ինձ, ծակում են, Վա՜յ ինձ, խարկում են, Վա՜յ ինձ, զարկում են, Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ, Վա՜յ, վա՜յ, վո՜ւյ, վո՜ւյ... ― Վա՜յ, վա՜յ... Ես ձեզ կհոշոտեմ, ոսկորներդ կջարդեմ անիծյալներ, հի՛, հի՛, հի՛... Ախր ի՞նչ եք ուզում ինձանից, իմ չար բախտը ինձ քիչ է, որ դուք էլ քարով եք խփում, անխիղճներ, անաստվածներ, թե ձեռքս ընկնեք հում-հում կուտե՜մ... «Այս ո՞ւմ հետ է խոսում», ― մտածում էր Մանուշը դռան մոտ կանգնած ու սիրտ չէր անում ներս մտնել։ Նրա մտքով չէր էլ կարող անցնել, որ այդ կախարդ պառավներն են մյուս կողմից մոտեցել պատուհանին և քարով խփում են Արջին, որպեսզի նրան ավելի կատաղեցնեն։ Մանուշը կամաց դուռը բացեց, ներս մտավ։ Արջի տնակում ամեն ինչ տակնուվրա էր արված, սեղանը շուռ էր եկել, վառարանի կափարիչը ընկել էր ցած, նստարանն ընկած էր մուտքի մոտ, և Մանուշը հազիվ նրա վրայով անցավ։ ― Ըհը՜, եկա՞ր... դե մոտ արի, ― նրան տեսնելով կատաղի մռնչաց Արջը։ ― Արի՛, արի՛, տես, թե ինչ եմ անելու քեզ։ Ինչո՞ւ քարով խփեցիր, հը՞, ի՞նչ ես ուզում ինձանից, իմ դարդն ինձ քի՞չ է, դու էլ մի կողմից... ― Ես քարով չեմ խփել, ― ասաց Մանուշը։ Արջը զարմացած ոտից գլուխ չափեց Մանուշին, երևում էր, որ չի հավատում նրան, բայց որովհետև այնքան էլ հիմար արջ չէր, նայում էր ու մտածում, իսկապես, այս փոքրիկ աղջիկն ինչո՞ւ պիտի իրեն խփեր։ ― Չե՞ս խփել, ասում ես... բա ի՞նչ ես արել, որ չես խփել, ի՞նչ ես անում այստեղ, որտեղի՞ց եկար, դու ո՞վ ես։ Բայց դեռ խոսքը չէր վերջացրել դժբախտ Արջը, որ պատուհանը բացվեց ու նետված քարը կպավ նրա ականջին։ Հետո թռավ երկրորդ քարը, երրորդը։ ― Վա՜յ, վա՜յ, վա՜յ, հո՜ւ, հո՜ւ... Տեսար չէ՞, տեսար, որ խփում են... դե գնա նայիր, թե ով է խփում։ Մանուշը դուրս եկավ, պտտվեց տնակի շուրջը, բայց ոչ ոքի չտեսավ։ Կախարդներն արդեն բարձրացել էին ծառի վրա, իսկ Մանուշի մտքով էլ չանցավ վերև նայել։ Նա վերադարձավ խրճիթ, իսկ Արջը դեռ լալիս էր ու մղկտում. ― Ես ի՞նչ մեղք եմ գործել, ախր, որ էսպես հա պատժվում եմ... Վա՜յ, կերան ինձ... փշերը, տատասկները, կոծոծները... այդքանը բավական չէ, դեռ քարով էլ են խփում... հը, ո՞վ էր խփում։ ― Ոչ ոք չկար այնտեղ, ― ասաց Մանուշը։ ― Ուրեմն ես ցնդած, անխելք արջ եմ... բա չտեսա՞ր, խփեցին... քարով խփեցին չէ՞, տեսար չէ՞... ― Քարը տեսա, բայց դրսում մարդ չկար, — պնդեց Մանուշը։ ― Ըհը՜, քարը տեսել է, բայց մարդ չի տեսել... Երևի ծառերն են խփում, հա՞... Ես կխելագարվե՜մ, ես կգժվե՜մ... Վա՜յ, վա՜յ, վա՜յ... վա՜յ իմ օրին, վա՜յ ինձ... Ինձ խփում են, ինձ խաբում են, ինձ ձեռ են առնում, ինձ ծաղրում են, իսկ ես... Ես իսկի տեղիցս էլ չեմ կարողանում շարժվել... Ասա, ինչո՞ւ ես խաբում։ ― Ես չեմ խաբում, թե ուզում ես՝ գնա ինքդ տես։ Արջն ավելի ուժեղացրեց ողբը. ― Ա՜յ, օ՜յ, վա՜յ... Ասում եմ չէ՞, ինձ ծաղրում են, հիմարի տեղ են դնում, վա՜յ ինձ։ ― Ախր ո՜վ է ծաղրում, ո՜վ է հիմարի տեղ դնում, ― զարմացած հարցրեց Մանուշը։ ― Դո՛ւ... դո՛ւ, կաթնակերի մեկը, դու ես ձեռ առնում, դու ես հիմարի տեո. դնում։ Բա որ ես կարողանայի շարժվել, էլ ո՜ւր էի կանգնած մնում այսպես... Որ շարժվել կարողանայի, հիմա քեզ կուլ էի տվել, ինձ խփողներին՝ հոշոտել էի։ Վա՜յ, չեմ կարո՜ղ... Արջը նորից սկսեց լալ. ― Վա՜յ իմ օրին, վա՜յ... Ես խեղճ, տանջված արջ եմ, ես քաղցած եմ... Ես պառկել չեմ կարողանում, ես նստել չեմ կարողանում... ― Ախր ի՞նչ է եղել, քեռի Արջ, չեմ հասկանում։ -— Ի՛նչ է եղել, ի՛նչ է եղել... Թաթերիս մեջ փշեր են մտել, մաշկիս մեջ կոծոծներ ու տատասկներ են խրվել... ոչ քայլել կարող եմ, ոչ նստել... մարմինս քոր է գալիս, թավալվել չեմ կարող... ամեն տեղ ցավում է, ծակում են, ծակծկում են... Վա՜յ ինձ, վա՜յ իմ օրին... Ի՞նչ պիտի անեմ ես... ― Է՜, ես էլ կարծում եմ, թե մեծ բան է եղել։ Արջը այս խոսքերից ավելի կատաղեց. ― Ո՜ո՜ւ... Անպետք աղջիկ... Ուրեմն, քո կարծիքով, մեծ բան չի եղել, հա՞, որ տեղիցս չեմ կարող շարժվել, որ մի ամիս է բերանս բան չեմ դրել, որ փշերն ինձ ծակծկում են ու քաղցից էլ մեռնում եմ։ Այս բոլորը հե՞չ, ուրեմն։ ― Ի՞նչ մեծ բան է, ― խոսելով առաջ եկավ Մանուշը։ ― Ես քո փշերը կհանեմ, քո կոծոծները կպոկեմ։ ― Դո՞ւ.., հո՛, հո՛, հո՛... Փշերս կհանե՞ս... ― Ախր ի՞նչ կա որ։ ― Եվ Մանուշը էլի առաջ գնաց։ ― Մի՛ արի, ― գոռաց Արջը։ ― Մոտ չգա՛ս, կանգնի՛ր, շո՛ւտ... Առաջ չգաս, ասում եմ, թե չէ... ― Ախր ինչո՞ւ, ― կանգնելով հարցրեց Մանուշը։ ― Մոտ մի արի, թե չէ ես ինձ վրա վստահ չեմ, ես շատ քաղցած եմ, քեզ կուտեմ... Ախր շա՜տ սոված եմ, տեսնո՞ւմ ես, կաշիս ու ոսկորս է մնացել։ Չմոտենաս, խնդրում եմ, ինձ մարդակեր մի դարձրու։ ― Բա ի՞նչ անենք, ― շվարեց Մանուշը և հանկարծ ինչ-որ բան հիշելով հարցրեց։― Իսկ դու հաղարջ սիրո՞ւմ ես, ես հաղարջ ունեմ, ըհը՛, մի ամբողջ զամբյուղ։ ― Դեռ հարցնո՞ւմ ես... ― զարմացավ Արջը։ ― Ես ուրիշ էլ ի՞նչ եմ սիրում, մեղրից հետո, իհարկե... տուր, շուտ տուր քո հաղարջը։ Որ մի քիչ ուտեմ, էլ քեզ ձեռ չեմ տա... Դուք ի՞նչ համ ունեք որ... Պապս ասում էր, թե մարդիկ բոլորովին քաղցր չեն... Տուր հաղարջը, շո՜ւտ... Մանուշը հաղարջը մոտեցրեց արջին, զամբյուղով դրեց նրա առջև։ Արջը առջևի թաթերն իջեցրեց գետնին, որ վերցնի հաղարջի զամբյուղը, բայց, ինչպես երևում է, մոռացել էր փշերի մասին։ Հենց որ ոտքերը գետնին դիպան՝ մի այնպիսի վայնասուն բարձրացրեց, որ Մանուշը նույնիսկ վախեցավ։ ― Վա՜յ, վա՜յ... Ուո՜ւ... ուո՜ւ... Չե՛մ կարող... չե՛մ կարող թաթերս գետնին կպցնել, ցավո՜ւմ են։ Վա՜յ, փշերը ծակո՜ւմ են... հո՜ւ, հո՜ւ, հո՜ւ... Եվ խեղճ արջը նորից սկսեց լալ։ Մանուշը՝ մի բուռ հաղարջ վերցնելով, մոտեցավ արջին։ ― Ես քեզ ուտեցնեմ, հա՞, քեռի Արջ։ Արջը մի պահ զարմացած նայեց աղջկան։ ― Էդ ինչ է, դու ինձ հեչ բանի տեղ չես դնում, հա՞... Մի հարցնող լինի, ո՞ւր ես այդքան մոտենում։ Վա՜յ ինձ, ինձ արհամարհում են, ինձ շան տեղ չեն դնում... ― Կե՛ր, կե՛ր, շատ մի խոսիր, ― ասաց Մանուշը՝ հաղարջով լի ափը մոտեցնելով Արջի բերանին։ ― Տեսնում եմ, որ սովից հազիվ ես ոտի վրա կանգնում։ Արջը սկսեց հաղարջն ուտել։ Մի վայրկյանում նա լեզվով, ինչպես գդալով, մաքրազարդեց Մանուշի ափը։ Մանուշը զամբյուղը մոտեցրեց արջի մռութին, սա ագահորեն կերավ ամբողջ հաղարջը։ ― Ուխա՜յ, ― ասաց նա, ― ի՜նչ լավ էր, էլ չունե՞ս... ― Չէ՛, էլ չունեմ, ― մեղավորի նման ասաց Մանուշը։ ― Ուզո՞ւմ ես, գնամ հավաքեմ։ ― Չէ՛, չէ՛, դու մնա քո տեղում։ Մի քիչ սովածանամ՝ քեզ էլ կուտեմ, — ասաց Արջը։ ― Թաթդ տուր տեսնեմ... «Ուտե՜մ», «ուտե՜մ»... Կարծես էլ ուրիշ բան չունես խոսելու, ―Մանուշը ձայնը խստացրեց և գրեթե գոռաց. — տո՛ւր էստեղ թաթդ։ ― Այդ ինչպե՞ս ես խոսում ինձ հետ, ― զարմացավ Արջը։ ― Արան տես, մի թիզ չկա՝ Արջի վրա է գոռում։ Գիտե՞ս, որ թաթով մի հատ տամ՝ կծեփվես գետնին։ ― Գիտե՛մ, գիտե՛մ, տեսնում եմ, որ թաթով չես կարող, ― ասաց Մանուշը, հրեն ինչքան փուշ կա վրան։ Տուր էստեղ թաթդ։ Արջը հնազանդորեն թաթը մեկնեց Մանուշին։ ― Վա՜յ, էս ի՞նչ ես արել, ա՛յ քեռի Արջ... Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ամբողջ թաթդ վերք է։ ― Ամբողջ մարմինս է այդպես, ― ուղղեց Արջը։ ― Այո, ամբողջ մարմինդ... էս ինչքան փուշ կա վրադ... Ու Մանուշն սկսեց մեկ-մեկ հանել։ ― Ահա, էս մեկ... Ինչքան էլ խորն է մտել... էս էլ՝ երկուս... Վա՛յ, վա՛յ, վա՛յ, ո՞նց ես դիմացել ախր, էսպես ո՞նց ես ապրել... էս երեք... էս որտե՞ղ ես այսպես փշոտվել, հը ... ― Վա՜յ, ցավեցրիր... ― Ես քեզ բան եմ հարցնում, որտե՞ղ ես այդպես փշոտվել։ ― Մի հարցրու... Ավելի լավ է չհարցնես... Գիտե՞ս ինչ բան է բկլիկությունը, հը ... ― Աա՜, հիմա հասկացա... էս՝ չորս, էս հինգ... օ՜յ, օ՜յ, օ՜յ... ինչքան էլ շատ են՝ վեց, յոթ, ութ... վա՜յ, քեռի Արջ, էս ի՜նչ օրի ես... Էս մեկը շատ խորն է... սպասիր, ինձ մոտ քորոց կա։ ― է՛յ, էյ, քորոցով չեմ ուզում, կցավի, ― բողոքեց Արջը։ ― Մի՛ վախեցիր, քորոցով հեշտ կհանեմ, ― նա քորոցով հանեց թաթի մեջ խորը նստած փուշը։ ― Տեսնո՞ւմ ես, իսկի չզգացիր էլ։ ― Ո՞նց թե չզգացի, ― նորից բողոքեց Արջը։ ― Ի՞նչ է, ես անզգա՞ եմ... Սրան տես, «չզգացիր»... վա՜յ, վա՜յ, վա՜յ... ցավում է, ոնց է ցավում... վա՜յ, սպասիր։ Մանուշը ծիծաղելով ասաց. ― Էդքան մեծ ես ու փոքրիկ ցավի չես դիմանում։ Սպասիր մի քիչ... ահա, էս էլ սա, ինչ էլ մեծն է... Ոնց որ էս մի թաթդ մաքրվեց, հապա մի փորձիր տեսնենք։ ― Ոնց փորձեմ, ― ասաց Արջը. ― ախր վախենում եմ ցավի։ ― Մի՛ վախեցիր, խփիր։ Արջը մաքրված թաթով խփում է Մանուշի ուսին, զգում է, որ այլևս չի ցավում, ավելի ճիշտ՝ առաջվա պես չի ցավում, բայց մի փոքր էլի ցավում է։ ― Ցավում է, էլի է ցավում, ― մռթմռթաց Արջը, բայց լավ գիտեր, որ այն անտանելի ցավն այլևս չկա։ ― Բա ուզում ես միանգամից անցնի՞, հալա նայիր, թաթիդ վերքերը դեռ կան։ Մի անգամ էլ փորձիր, մի՞թե դա նույն ցավն է։ Արջը մի անգամ էլ խփեց, այս անգամ ավելի ուժեղ։ ― Էդ ի՞նչ ես անում, ծուռթա՛թ, էդ ո՞նց ես խփում, ― բողոքեց Մանուշը։ ― Ես իրեն ասում եմ՝ փորձիր, իսկ նա ինչքան ուժ ունի խփում է։ Բայց Արջը իսկի չլսեց էլ նրան. ― Հո, հո, հո՜, չի ցավում, էլ էնպես չի ցավում, ― ուրախացած գոռգոռաց Արջը, և եթե ոտքերի փշերը չլինեին, նա անպայման պար կգար։ Հետո նա անսպասելիորեն լռեց և միանգամայն լուրջ երկրորդ թաթը պարզեց Մանուշին ու ասաց. ― Սա՛ էլ մաքրի... էս թաթիցս էլ հանի փշերը... === Բ. Նոր ցախավել === Իսկ ի՞նչ են անում կախարդները, ո՞ւր մնացին նրանք։ Քարերով Արջին կատաղեցնելուց հետո նրանք քաշվեցին մի կողմ և, հսկա մի կաղնու վրա բարձրացած, նայում էին Արջի տնակին և անհամբերությամբ սպասում։ Կատաղած Արջի գոռգոռոցն ու ոռնոցը լսելով, նրանք կասկած չունեին, որ Մանուշի հաշիվը շուտով կմաքրվի։ Այդ էր պակաս, որ այդքան կատաղած Արջը, մի ամիս սոված մնալուց հետո, հանկարծ աղջկան ձեռք չտար։ Դա խելքից դուրս բան կլիներ, և պառավներն այդ մասին իսկի չէին էլ մտածում։ Ահա թե ինչու կաղնու ճյուղերին նստած նրանք մի աչքով նայում էին Արջի տնակին, իսկ մյուս աչքը փակած՝ կիսաքնի մեջ երազում էին։ Ախր վերջապես երեսուն տարվա ընդմիջումից հետո նրանք հեծած իրենց հրեղեն ցախավելները, օդ կբարձրանան, կճախրեն այնտեղ ու մեռյալ օղակներ կանեն, հետո հողմի նման կսլանան դեպի աշխարհի բոլոր ծայրերը, բացի հյուսիսային բևեռից։ Հատկապես Ջեսեփի ծովածոցի մասին նրանք վախենում էին նույնիսկ մտածել, որտեղ թողեցին իրենց կախարդանքի վերջին փշուրները։ Չէ, նրանք հյուսիս չէին թռչում։ նրանք առայժմ մտքով թևածում էին հարազատ անտառի վրա և երանությամբ մտաբերում իրենց նոր տնակները, որոնք այդպես էլ անբնակ մնացին։ Երբ Արջի տնակում ձայները խաղաղվեցին, երբ Մանուշը նրա թաթերի ու ոտքերի բոլոր փշերը հանեց ու սկսեց մաքրել մաշկի վրայի կոծոծները, մի բան, որ այնքան էլ ցավոտ չէր, և Արջն այլևս չէր գոռգոռում, այլ հաճույքից մռռում էր միայն, Տիմբական հրեց Ծիպիլիին։ Սա կիսաքնից վեր թռավ և տագնապով հարցրեց. ― Հը ... ի՞նչ եղավ։ ― Տեսնում ես, լռեց, էլ չի գոռգոռում... ուտո՜ւմ է... ― Ի՞նչ է ուտում, ― հարցրեց դեռևս չկենտրոնացած Ծիպիլին։ ― Ի՛հ, անհասկացողի մեկը։ Արջը Մանուշին է ուտում։ ― Հը՞... ― Ծիպիլին ականջ դրեց։ ― Հա, է՛լի, ուտում է... Ուտո՜ւմ է, ուտո՜ւմ...Ազատվեցինք, փրկվեցինք, էլի մենք չար կախարդ ենք... հը՛, ասա, մենք հիմա չար կախա՞րդ ենք։ Ծիպիլին իր հասակի համեմատ բավական ճարպկությամբ ցած թռավ կաղնուց և կանաչների վրա թռչկոտելով սկսեց բացականչել. ― Ազատվեցի՛նք, Տիմբակա՛, ազատվեցի՛նք... ― Ղա՜-ղա՜-ղա՜... ― Ագռավը պտույտներ կատարեց ծառի վրա։ ― Ղա՜-ղա՜-ղաա՜... Բայց նրա վրա ուշադրություն դարձնող չկար։ Տիմբական էլ ցած գցեց իրեն և, Ծիպիլիի թևից բռնելով, սաստեց. ― Սպասիր մի տեսնենք, թե ինչ է լինում... Ձայնդ գլուխդ ես գցել ու մի գլուխ պարում ես, սպասիր մի տեսնենք։ ― էլ ի՞նչ սպասեմ, չես տեսնում, որ կերել է։ Ցախավե՜լս, ցախավելս ո՞ւր է... Ես ուզում եմ թռչել... Ծիպիլիի ոգևորությունը անցավ նաև Տիմբակային. ― Իսկ ի՞մն ուր է, ես էլ եմ ուզում փորձել։ ― Քոնը բացատում ես տնկել, մոռացա՞ր, ի՛նչ է։ ― Ճիշտ է, իմը մնաց բացատում, ― խեղճացավ Տիմբական։ ― Իսկ իմը, ― մտածմունքի մեջ ընկավ Ծիպիլին։ ― Ես բոլորովին մոռացել եմ, թե իմը ինչ եմ արել։ ― Հիմա էս հոդացավով ինչպե՞ս բացատ հասնեմ։ ― Իսկ ես, ե՛ս ինչ անեմ... ախր ո՞ւր թողեցի այդ անտեր ցախավելը։ Այդ ժամանակ Ագռավը նորից կռռալով պտտվեց նրանց շուրջը, և Ծիպիլին ասաց. ― Սրան չուղարկե՞նք ցախավելների հետևից։ ― Հիմար պառավ, Ագռավը ցախավել ո՞նց կբերի։ ― Ինչ կա որ... ― «Ինչ կա որ», «ինչ կա որ»... Դու որ ինձ լսեիր՝ արծիվ կդարձնեինք, ա՛յ, արծիվը գուցե և կարողանար բերել։ ― Հետո, ինչ-որ բան հիշելով, ավելացրեց. ― Լսիր, արի նորը շինենք, հրեն անտառում լիքը՝ մացառ, հավաքենք ու շինենք։ Եվ նրանք նետվեցին դեպի մոտակա մացառները ու իրար խանգարելով, սկսեցին մացառները կոտրատել։ Միայն զարմանալ կարելի էր, թե այդքան մացառուտի մեջ նրանք ինչպե՞ս էին հաջողացնում բռնել նույն ճյուղը և քաշքշել։ Հետո մի կերպ մի ցախավելի չափ պոկեցին, և Տիմբական սկսեց դասավորել ճյուղերը։ ― Տուր էստեղ, այդպես չեն սարքում, դու ձևը չգիտես, մոռացել ես, ― Տիմբակայի ձեռքին խփելով՝ ասաց Ծիպիլին։ ― Դո՛ւ, այդ դո՛ւ ես մոռացել, ցնդած պառավ, ― մացառների պոչից պինդ բռնած բաց չէր թողնում Տիմբական։ ― Որ դու հիշում ես, ո՞ւր է պոչը... Չե՞ս տեսնում, որ պոչ չունի, էլ ինչի՞ն պիտի հեծնենք, եթե պոչ չկա։ Տիմբական խեղճացավ։ ― Ճիշտ որ, պոչ չունի։ ― Ահա՜, ― հաղթական բացականչեց Ծիպիլին։ ― Հիմա տեսա՞ր, թե ով է ցնդածը... Ես քեզ ցույց կտամ ցնդած... սրա՜ն նայեք, ինձ ցնդած է ասում, բայց մի հասարակ բան չի հիշում։ ― Այս խոսքերի հետ նա այս կողմ, այն կողմ ընկավ մի հարմար փայտ ճարելու համար և վերջապես մի ձող գտավ, որը կարելի էր որպես պոչ օգտագործել։ ― Տուր այստեղ, — ասաց Տիմբական։ ― Չե՛մ տա, իմն է, ե՛ս եմ գտել։ ― Հետո՞ ինչ որ դու ես գտել... Տո՛ւր, էլի կտամ, միայն թե հասնեմ բացատ։ Իմ ցախավելը որ բերեցի, էլ ինչի՞ս է պետք քո կիսատ-պռատ ցախավելը։ Ի վերջո Ծիպիլին զիջեց, մինչև չտամ, մտածեց նա, էս լաչառից չեմ պրծնի։ ― Լավ, վերցրու, միայն թե սա ինձ կվերադարձնես, թե չէ քոնը հին է։ Տիմբական դողացող ձեռքերով պոչը հարմարեցրեց մացառների փնջին և ձիու նման վրան հեծնելով, բացականչեց. ― Համդա՜-չամդա՜ Կումայնի՜... դե թռիր, հե՜յ... Բայց մնաց տեղում կանգնած։ Ցախավելը չէր թռչում։ ― Էյ, ի՞նչ եղար, դե թռիր, թռի՛ր, համդա-չամդա հե՜յ... Ոչ մի շարժում, ինչպես կանգնել էր ոտքերը չռած, այդպես էլ մնաց տեղում։ ― Տուր, տուր այստեղ, ― ջղայնացավ Ծիպիլին։ ― Թե որ մի բան անել չգիտես, ինչո՞ւ ես պնդում... Տնաշեն, մի կարգին ցախավել քշել էլ չգիտես, դեռ ասում ես, թե հիսունութ մեռյալ օղակ ես արել։ ― Ա՛ռ, գլխովդ կպչի... «Չգիտե՜ս»... Չի թռչում, ուրեմն չի կերել։ ― Ինչը չի կերել։ ― Չէ, ես կգժվեմ... Մանուշին չի կերել, հիմա էդ դոդ գլուխդ մտա՞վ։ ― Կերել է, պարզապես դու քշել չգիտես, ― ցախավելը Տիմբակայից առնելով՝ ասաց Ծիպիլին։ ― Դե հիմի տես... Բայց նա նույնիսկ չհասցրեց հեծնել։ Ծառի կատարից ցած սուրաց Ագռավը և թևերը քսելով Ծիպիլիի երեսին, անցավ։ Հետո, Արջի տնակի շուրջը մի պտույտ կատարելով, նորից հայտնվեց կախարդի գլխավերևում և ծղրտաց իր ագռավային լեզվով։ ― Սա ի՞նչ է ուզում, ― հարցրեց Տիմբական։ ― Էէ՜... ուշադրություն մի դարձրու, լրիվ ցնդել է Փայտահատը։ Ու տեղավորվելով ցախավելի վրա, գոռաց. ― է՛յ, քեզ տեսնեմ... է, հե՜յ, թռիր, ցախավելս, համդա-չամդա կումայնի՜... Իհարկե, ցախավելը պառավի հետ նորից մնաց նույն տեղում, բայց Ծիպիլին դեռ չէր գիտակցել այդ, երբ Ագռավը նորից կպավ նրա գլխին։ ― Անիծյալ Ագռավ... բախտդ բերել է, որ կախարդանքից զուրկ եմ, թե չէ քեզ դոդոշ կդարձնեի... Խե՜ղճ Ագռավ։ Իբր թե Ագռավի ճակատագիրը քիչ էր դաժան, որ դեռ դոդոշ դառնար։ Մենք բոլորովին մոռացել էինք Ագռավին։ Իսկ նա հենց սկզբից էլ նստած էր կաղնու կատարին և հայացքը չէր հեռացնում Արջի պատուհանից։ Ախր նա շատ անհամբեր էր։ Նա գիտեր, որ այսպիսի առիթ միշտ չի պատահում և եթե պատահում էլ է, միշտ մի բան խանգարում է, որ գործը գլուխ գա։ Խեղճը ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել իր ագռավային վիճակի հետ, թեև երբեմն գիտակցում էր, որ հիմա ավելի անհոգ է ապրում։ Սակայն ի՞նչ է նշանակում անհոգ ապրել, երբ նա տանը ուներ կին ու երեխաներ, հիվանդ եղբայր, որոնց հետ շփվելուց, որոնց սերը վայելելուց նա զրկված էր։ Երբեմն նա թռչում գնում էր իրենց բակը, նստում տան կապատի վրա և մոտիկից նայում իրեն համար այնքան թանկ յուրայիններին։ Նրա սիրտը մղկտում էր, և նա անընդհատ «ղա՜, ղա՜» էր անում, և այդ մի հատիկ «ղա՜»-ի մեջ դնում էր իր սերն ու կարոտը, իր բոլոր զգացմունքները։ Նա տեսնում էր արդեն ծերացած կնոջը, որն ամբողջ օրը աշխատում էր, որ ծայրը ծայրին հասցնի, տեսնում էր որդիներին, ու նրա սիրտը մղկտում էր։ Պատկերացնո՞ւմ եք, ցանկապատի վրա նստած մի ագռավի, որն ամենևին էլ ագռավ չէ, որ ինքն էլ գիտի, որ ագռավ չէ և գիտի, որ հավիտյան դատապարտված է մնալու ագռավի փետուրների մեջ։ Ցանկապատի վրա նստած, նա նայում էր նեղության մեջ ընկած իր հարազատներին և ոչնչով չէր կարողանում օգնել։ Եվ պատկերացնում եք նրա վիճակը, որ ամեն անգամ, երբ որևէ քաղցր խոսք էր ուզում ասել իր զավակներին, բերանից կռավոց էր դուրս գալիս, և հարազատները նրա վրա քարեր էին նետում։ Էլի պատկերացրեք, թե ինչպիսին էր նրա վիճակը, երբ մի օր նա թռավ եկավ իր հարազատ տուն և տեսավ դուռ ու լուսամուտ մեխած ու ոչ կինը կար, ոչ որդիները։ Դեռ լավ էր, որ շուտ գլխի ընկավ, որ կինը կարող է հորանց տուն գնացած լինել և շուտով գտավ նրանց։ Իհարկե, եթե նա հաշտվեր իր ագռավային վիճակի հետ, գուցե այդպես էլ մնար գյուղում, դառնար գյուղացի ագռավ, նրանցից, որոնք իրենց բները շինում են գյուղի ծառերի վրա և սնվում մարդկանց թերմացքներով, բայց նա դեռ հույս ուներ, թե կվերադարձնի իր մարդկային կերպարանքը և պոկ չէր գալիս կախարդներից։ Շատ դժբախտ էր մեր Ագռավը։ Բավական չէ, ինքը դժբախտ էր, ամեն անգամ գյուղ գնալիս հանդիպում էր իր խելագար եղբորը, որին տեսնելիս սիրտը կտոր-կտոր էր լինում։ Ախ, եթե նրա հիվանդությունը չլիներ, այն ժամանակ կօգներ նաև իր ընտանիքին։ Ամեն անգամ, երբ Ագռավը թռչում գնում էր գյուղ, կնոջ հերանց տուն, միշտ էլ իր պարտքն էր համարում նաև այցելել պապենական տունը գյուղում, որը մնացել էր եղբորը և որի շեմքին միշտ նստած էր լինում Գիժ Գառնիկը։ Գիժ Գառնիկին նա հաճախ տեսնում էր նաև իր լքված տան շեմքին նստած՝ գլուխն ափերի մեջ առած։ Եվ ամեն անգամ տեսնելիս նրա սիրտը կտոր-կտոր էր լինում, ու ակամա կռավում էր։ Նրա կռավոցը լսելով, Գիժ Գառնիկը քար էր նետում իր հարազատ եղբոր վրա ու հայհոյում. ― Կորի՛ր այստեղից, գլխակեր ղառղառ, բավական չեղա՞վ քեզ, այնքան կռավեցիր, որ եղբորս տունը քանդեցիր։ Սակայն Ագռավը համառ էր, ու մի օր էլ Գիժ Գառնիկը կուտ ցանեց նրա առաջ։ Այդ օրվանից մտերմացան։ Ագռավը հասկացել էր, որ կռավոցը Գառնիկին դուր չի գալիս, դրա համար էլ ձայն չէր հանում, նստում էր նրա ուսին ու գլուխը կպցնում երեսին։ Իսկ երբ պատահում էր, որ Գառնիկը լքված տան մոտ չէր լինում, նա ազատություն էր տալիս իր ձայնին, նստում էր տան ծխնելույզին և ագռավավարի ողբում իր սև օրը։ Այդ սրտակեղեք կռավոցը լսելով՝ մարդիկ հեռու էին փախչում, շրջանցում էին նրա լքված տունը։ Բայց Ագռավը երբեմն նաև երջանիկ պահեր էր ունենում։ Երբ թռչում էր վե՜ր, վե՜ր, սավառնում անտառապատ լեռների ու գետերի արծաթ գոտին կապած հովիտների վրայով, նրա սիրտը լցվում էր վեհությամբ, հպարտությամբ։ Նման պահերին նա մի տարօրինակ ցանկություն էր ունենում։ Այ, եթե կինն ու երեխաները, նաև եղբայրը հանկարծ ագռավ դառնային, ինչքան լավ կլիներ։ Կապրեին անհոգ ու լի և հեռու կլինեին մարդկային խարդավանքներից։ Բայց նման պահեր ու նման ցանկություններ նա երեսուն տարվա մեջ երկու անգամ էր ունեցել միայն։ Ընդհանրապես նա սիրում էր մարդկանց, աղմկոտ ու խայտաբղետ շուկաները։ Դրա համար էլ երբ երանության այդ քիչ պահերին հանկարծ նկատում էր բլրակի վրա կանգնած իր լքված ու կիսավեր տնակը, նման մտքերի համար նա մեղա էր կանչում, իսկ մեղան էլ ինչ էր, դարձյալ մի «ղա», որի երանգները մարդկանց համար անհասկանալի էին։ Չէ, աննախանձելի էր Ագռավի վիճակը, և նա ամեն ինչ անում էր, որ պառավները նորից կախարդներ դառնան, նույնիսկ այն օրին էր հասել, որ իր երբեմնի հարևանների, իր հին բարեկամների երեխաներին էր ուզում կործանել։ Ախր նա Մանուշին, Հասմիկին ու Տարոնին լավ էր ճանաչում։ Ինչքա՜ն էր նրանց տեսել լորենու տակ խաղալիս։ Լինում էր, որ լորենու ճյուղերից մեկին նստած նայում էր երեխաների խաղին և հիշում հեռավոր, հիմա արդեն անհավատալի թվացող իր մանկությունը։ Ճանաչում էր նաև նրանց հայրերին, որոնք երիտասարդ տղաներ էին, երբ դեռ փայտահատ էր և իրեն շատ հարգում էին այն ժամանակ։ Եվ հիմա նա ստիպված նույնիսկ համաձայն է, որ նրանց երեխաներից մեկն ու մեկը զոհվի, միայն թե ինքը նորից մարդկային կերպարանք ստանա։ Պիտի խոստովանենք, որ Փայտահատն այնքան էլ անխիղճ մարդ չէր և նրա սիրտը ցավում էր դրա համար, բայց ամեն անգամ, երբ մտաբերում էր, որ այդպես էլ ագռավի կերպարանքով պիտի ավարտի իր կյանքը և ոչ ոք այդպես էլ չի իմանալու իր դժբախտ պատմությունը՝ մոռանում էր ամեն ինչ։ Կաղնու կատարին նստած, նա սրտի դողով սպասում էր և հայացքը չէր հեռացնում Արջի պատուհանից։ Նա տեսնում էր, թե ինչ է կատարվում ներսում։ Իսկ ներսում Արջն ու Մանուշը քաղցր զրուցում էին, ահա թե ինչն էր անհանգստացնում Ագռավին։ ― Դու ինձ փրկեցիր, ― ասում էր Արջը։ ― Ես հիմա իմ ուտելիքը ինքս կարող եմ ճարել, այնպես որ էլ քեզ ձեռք չեմ տա... Ինչի ուտեմ քեզ, դու ինձ միշտ կարող ես պետք գալ։ Մնա ինձ մոտ, փշերս էլ միշտ կհանես։ ― Վա՛յ, չեմ կարող, քեռի Արջ։ Դու ավելի լավ է զարդատուփը տաս, ես գնամ, ― ասաց Մանուշը։ Արջը ոչինչ չհասկացավ։ ― Ի՞նչ զարդատուփ, դա ի՞նչ բան է, — հարցրեց նա։ ― Դե զարդատուփ, է՜լի, վառարանի վրա պիտի լինի; ― Վառարանի վրա՞... բարձրացիր նայիր, եթե պիտի լինի, ուրեմն այնտեղ է։ Ինչի՞ս է պետք զարդատուփը, վերցրու քեզ։ Ես հո զարդ չունեմ, որ մեջը պահեմ։ ― Ինձ էլ պետք չի, տատիկների համար է, ― ասաց Մանուշն ու բարձրացավ վառարանի վրա։ Սակայն վառարանի վրա ոչինչ չկար, այս կողմ նայեց, այն կողմ նայեց՝ չկար ու չկար։ ― էստեղ ոչինչ չկա, քեռի Արջ, ― ձայն տվեց վառարանի վրայից։ ― Չկա՞... Դե որ չկա ուրեմն կերել եմ։ ― Ինչե՞ր ես խոսում, զարդատուփն էլ կուտե՞ն, դա ուտելու բան չի։ ― Դե որ ուտելու բան չի, ուրեմն չեմ կերել։ ― Իսկ ուրիշ որտե՞ղ կարող է լինել, ― հարցրեց Մանուշը վառարանից իջնելով։ ― Ի՞նչը։ ― Ի՛նչը, ի՛նչը, զարդատուփը, ինչը։ ― Դու էլ ի՞նչ ես կպել զարդատուփից. հրես ամբողջ տունը նայիր, եթե կգտնես՝ վերցրու։ Մանուշը ընկավ տան քունջուպուճախը, ամեն տեղ փնտրեց, նույնիսկ մեղրի կճուճի մեջ նայեց, բայց զարդատուփը չկար։ Եվ որտեղի՞ց լիներ, երբ կախարդները զարդատուփը հնարեցին միայն նրա համար, որ պատճառ լինի Մանուշին Արջի տուն ուղարկելու։ ― Չկա, ոչ մի տեղ չկա։ Չկա, ուրեմն չկա։ ― Դե որ չկա՝ ես գնամ, ― ասաց Մանուշը։ ― Ո՞ւր գնաս, մնա ինձ մոտ, ես քեզ ամեն օր մեղր կուտեցնեմ, ― ասաց Արջը՝ Մանուշի դեմը կտրելով։ ― Չեմ կարող, Արջ քեռի, տանը կսպասեն... Հետո՝ Հասմիկն ու Տարոնը կորել են, ես դեռ նրանց պիտի գտնեմ։ ― Հասմիկն ու Տարո՞նը ովքեր են, ― հետաքրքրվեց Արջը։ ― Իմ ընկերներն են, միասին էինք եկել հաղարջի։ Ես դեռ նրանց պիտի գտնեմ, կորել են։ ― Ինչպես թե կորել են։ Իմ անտառում մարդ չի կորի, ես իսկույն կգտնեմ։ Կգտնեմ, թող նրանք էլ մնան այստեղ, բոլորին էլ տեղ կլինի։ Դու մնա, ես իսկույն նրանց կգտնեմ, ― ասաց Արջն ու գնաց դեպի դուռը։ ― Չէ, ես գնամ, ինձ տանը սպասում են, հիմի կանհանգստանան։ ― Ո՞վ է սպասում։ ― Ինչպե՞ս թե ով, ― զարմացավ Մանուշը։ ― Մայրիկս, հայրիկս... ― Նրանք էլ թող գան այստեղ։ Թող գան անտառում ապրեն, ես նրանց էլ մեղր կտամ.— հանգիստ ասաց Արջը։ — Զարմանոմ եմ, երբ աշխարհում անտառ կա, մարդիկ ինչպե՞ս են ուրիշ տեղ ապրում։ ― Չէ՛, ես գնում եմ, — պնդեց Մանուշը։ ― Ախր ո՞նց կգնաս, է՛, ես որ չթողնեմ, ո՞նց կգնաս։ ― Քեռի Արջ, խնդրում եմ, թող գնամ, ես այնքան գործ ունեմ անելու, այնքան գործ... ― Սրան տես, մի մատ երեխա է, գործերից է խոսում, դու ոչ մի տեղ էլ չես գնա, ես դուռը կփակեմ քեզ վրա ու կգնամ ընկերներիդ ետևից։ Իսկ դրսում Ծիպիլին դեռ հորդորում էր իր ցախավելին. ― Է՜, քեզ տեսնեմ... է հե՜յ, թռիր, հասիր ամպերին, համդա-չամդա՜ դի՛, դի՛, դի՛... Բայց ցախավելն իսկի միտք էլ չուներ տեղից շարժվելու։ Եվ այն է՝ Ծիպիլին ուզում էր նոր կախարդանքներ ասել, երբ հիշեց, որ ցախավելը օծված չէ։ Նա ուրախացած բացա― կանչեց. ― Ինչո՞ւ պիտի թռչի, երբ ցախավեա օծված չէ։ Ե՞րբ ես տեսել, որ չօծված ցախավելը թռչի։ Պիտի տանենք մեծ կախարդի մոտ օծելու։ Ա՛յ, երբ նա կօծի, նոր միայն ցախավելը օդ կբարձրանա։ ― Տես է՛, ո՜նց էլ մոռացել էինք, ― ասաց Տիմբական։ ― Բա ի՞նչ անենք, հա՛, արի գնանք բացատ, մեր օծված ցախավելները վերցնենք, ― ասաց Տիմբական։ ― Գնա՜նք... Բայց Ծիպիլին խոսքը չկարողացավ շարունակել։ Նա տեսավ, որ տնակից դուրս է գալիս Արջը։ Նա դուրս եկավ տնակից, դուռը զգուշորեն ծածկեց ու դեռ դրսից էլ կեռը գցեց։ ― Ա՛արջը, ― շշնջաց Տիմբական։ ― Ո՞ւր է... վայ, էս ո՞ւր է գնում... Սպասիր, բա ո՞ւր է Մանուշը։ ― Տիմբական տարակուսած նայում էր Արջին. ― Ա՛յ քեզ բան, Արջը քայլում է... էս ինչպե՞ս եղավ։ ― Հա է՛լի, էս ո՞նց է լավացել... ― ասաց Ծիպիլին ու հանկարծ բացականչեց ուրախ. -Կերե՜լ է, կերե՜լ է, բա որ ասում ե՜մ... ― Եթե չվախենար, որ Արջը կնկատի իրեն, անպայման պար կգար։ Հենց այդ ժամանակ էլ ներսից լսվեց Մանուշի ձայնը։ ― Չուշանաս... Պառավ կախարդները քարացան իրենց տեղերում։ Մանուշի ձայնը կարծես սառը ջուր լցրեց նրանց վրա, այնպես որ նույնիսկ իրար երեսի չէին կարողանում նայել։ ― Չե՛մ ուշանա, ― բամբ ձայնով պատասխանեց Արջն ու անշնորհք քայլերով մտավ անտառ։ Երևում էր, որ դեռ չի կարողանում ոտքերն համարձակ դնել հողին === Գ. Կաղամախու կատարին === Արջը արդեն կորել էր անտառի թավուտում և դեռ էլի ահագին ժամանակ էր անցել, երբ Ծիպիլին հազիվ կարողացավ ասել. ― Էս ո՜նց եղավ... Տիմբական մեքենայաբար կրկնեց. ― Էս ո՜նց եղավ... Ծառի ճյուղից էլ Ագռավը «ղա՜, ղա՜» արեց, բայց պառավները չհասկացան, թե ինչ է ուզում ասել նա։ Հետո կարծես թե իրար ձայն տալով միանգամից նետվեցին դեպի տնակը և պատուհանից նայելով տեսան, որ Մանուշը Արջի տունն է ավլում։ ― Դու ո՞ղջ ես, ― հարցրեց Ծիպիլին։ ― Արջը քեզ ձեռք չտվե՞ց, ― ավելացրեց Տիմբական։ ― Չէ, ի՞նչ եք ասում, շատ լավ արջ էր քեռի Արջը... Ոչինչ էլ չասաց, միայն թե զարդատուփը չկա։ ― Ի՞նչ զարդատուփ, ― զարմացած հարցրեցին պառավները։ ― Դե այն... որ ասում էիք, է՛լի, սնդուկը։ ― Հաա՜... ինչպե՞ս թե չկա... բոլորովի՞ն չկա, ― հանկարծ հիշելով հարցրին պառավները։ ― Չկա, էլի, ― պատասխանեց Մանուշը։ ― Ամեն տեղ նայեցի։ Արջն էլ իսկի չհիշեց, թե ինչի մասին եմ հարցնում։ ― Ով գիտի, թե ում է տվել էդ ծուռթաթը, ― ասաց Տիմբական։ ― Արջն ի՞նչ հիշողություն ունի, որ հիշի, ― ավելացրեց Ծիպիլին։ ― էլ ինչո՞ւ ես մնացել այդտեղ, դուրս արի, արդեն ուշ է։ ― Ինչպե՞ս դուրս գամ, որ արջը դուռը փակել է վրաս։ ― Մենք հիմա կբացենք, ― ասաց Տիմբական ու գնաց դուռը բացելու։ Մանուշը դուրս եկավ տնակից, բայց մնաց դռան մոտ կանգնած։ ― Ախր Արջը գնաց ընկերներիս բերելու։ ― Իի՜, դու էլ հավատացել ես, հա՞, ― ասաց Ծիպիլին։ ― Գիտե՞ս, թե ինչ խարդախ Արջ է։ Մեզ էլ էր խոստումներ տալիս, հետո մտավ մեր տունն ու մեզ դուրս արեց։ ― Բայց դու շատ միամիտն ես, գիտե՞ս, ― ասաց Տիմբական։ ― Տեսնո՞ւմ ես, Ծիպիլի, Արջին հավատացել է։ ― Ախր ասաց, ինչպե՞ս չհավատամ։ ― Դու ավելի լավ է շուտ հեռացիր այստեղից, քանի չի վերադարձել, թե չէ ո՞վ գիտի, թե ինչ է մտածել այդ բրդոտը, ― ասաց Ծիպիլին։ ― Արի, արի, քանի շուտ է մտնենք անտառ, ― Տիմբական բռնեց Մանուշի ձեռքից ու գրեթե ուժով քարշ տվեց դեպի անտառի խորքը։ Երբ բավական հեռացել էին տնակից, Ծիպիլին հարցրեց. ― Հետո՞, հետո՞... ― Ի՞նչ հետո։ ― Ասում եմ, որ մտար, Արջը ի՞նչ ասաց։ ― Ոչինչ էլ չասաց, ես նրա բոլոր փշերը հանեցի։ ― Ու քեզ ձեռք չտվե՞ց, ― հարցրեց Տիմբական։ ― Չէ, ձեռք չտվեց։ Ասաց, որ սոված չի, որ սովածանա, նոր ինձ կուտի։ ― Էդ էլ քո լավությունը... Իսկ դու ուզում էիր մնալ Արջի տնակում։ ― Ես իմ զամբյուղի ամբողջ հաղարջն իրեն էի տվել։ Արդեն կուշտ էր, դրա համար էլ չկերավ։ ― Ափսո՜ս, ― Ծիպիլին ինքն էլ չիմացավ, թե ինչպես այդ բառը թռավ նրա բերանից։ ― Ի՞նչ ափսոս, ― զարմացած հարցրեց Մանուշը։ Շփոթված Ծիպիլին չգիտեր, թե ինչ ասի, բայց Տիմբական իրեն չկորցրեց. ― Ափսոս, որ տանը չի, թե չէ մենք նրան ցույց կտայինք... Ինչ է, դու հաղա՞րջ ես, թե մորի, որ ուզում էր քեզ ուտել։ ― Ոչինչ, տատիկներ, այդ Արջը շատ մեղք էր... Փշերի պատճառով մի ամբողջ ամիս տանից դուրս չէր եկել ու շատ սոված էր, ― ասաց Մանուշը։ ― Փշերն էլ մի կողմից էին ծակծկում։ Այնքա՜ն մեղք էր, այնքա՜ն մեղք էր։ Լավ էր, փշերը մաքրեցի՝ գնաց։ ― Մի տեղ թաքնված կլինի, ես դրան գիտեմ։ Գնացել է, որ մաքուր օդում ախորժակը բացի՝ գա քեզ ուտի։ ― Չէ, գնաց ընկերներիս փնտրելու։ ― Դու էլ հավատացել ես... Իզուր ես նրան քո ընկերների մասին ասել։ Նա հիմա մտածել է՝ Մանուշը կա ու կա, երբ էլ լինի կուտեմ, առաջ գնամ էն կորածներին ինձանով անեմ, ― Իր տեսակետը հայտնեց Տիմբական։ ― Չէ, ինչո՞ւ պիտի ուտի, նա հիմա առողջ է, ազատ, անտառում լիքը ուտելիք է, կճարի ու կուտի... Մեղր կուտի։ Հետո նա ասում էր, որ մարդիկ անհամ են, նրան իր պապն է ասել։ ― Շատ բան կասի դրա պապը, ― անկեղծորեն զայրացավ Ծիպիլին։ ― Դու մարդու համը մեզանից հարցրու։ Տո, մենք այնքան... Բայց Ծիպիլին խոսքը չավարտեց։ Տիմբական այնպես հասցրեց նրա կողքին, որ խեղճի շունչը կտրվեց։ ― Չհավատաս դրան, ― ասաց Տիմբական, ― այդպես է ասում միամտացնելու համար։ Հետո որ սովածանա, անպայման կուտի։ Բա դուռը ինչո՞ւ էր փակել վրադ։ ― Ուզում է, որ մնամ իր մոտ, փշերը միշտ հանեմ։ ― Տեսնո՞ւմ ես դրան, ինչեր է մտածում։ Միառժամանակ լուռ էին գնում։ Հետո Մանուշը հարցրեց. ― Ինձ անտառից դուրս կբերե՞ք։ ― Իհարկե, դուրս կբերենք, բայց առաջ կգտնենք քո ընկերներին... Չե՞ս ուզում նրանց գտնենք։ ― Ինչպես թե չեմ ուզում, ուզում եմ, բայց չգիտեմ, թե ինչպես։ Ծիպիլին կանգնեց մի բարձր, կիսով չափ չորացած կաղամախու մոտ. ― Գլուխս մի միտք եկավ, — ասաց նա։ ― Ի՞նչ միտք, տատիկ։ ― Ի՞նչ ես ուզում ասել, ― հարցրեց Տիմբական։ ― Կարելի է բարձրանալ այ, այս կաղամախու կատարին։ Վերևից ամբողջ անտառը կերևվա։ Որ մի քիչ ջահել լինեի, կբարձրանայի ու կտեսնեի, թե որտեղ են Մանուշիկի ընկերները։ ― ճիշտ է, ― հաստատեց Տիմբական։ — Ապրես, Ծիպիլի... Տեսնո՞ւմ ես, ինչ լավ մտքեր են գալիս գլուխդ, հետո էլ գանգատվում ես, թե պառավ ես։ Ասենք, պառավ ենք, բա ի՞նչ ենք։ Մտածել դեռ մի կերպ կարողանում ենք, բայց, այ, ծառ բարձրանալը մեր բանը չէ, այստեղ արդեն իսկապես պառավ ենք։ ― Իսկապե՞ս վերևից կերևա։ ― Կերևա, անպայման կերևա, — վրա բերեցին պառավները։ ― Այդ դեպքում ես կբարձրանամ, ծառ բարձրանալ սիրում եմ։ ― Զգույշ կլինես, հանկարծ չընկնես, հա՜... Ծիպիլին ցույց տվեց, թե անհանգստանում է; ― Ինչո՞ւ պիտի ընկնի, հո տանձ չի, որ ծառից ընկնի։ Մանուշը նստեց խոտերի վրա և սկսեց հանել կոշիկները։ Ծիպիլին բռնեց Մանուշի ուսը. —Այդ ի՞նչ ես անում, Մանուշիկ։ ― Կոշիկներս եմ հանում։ ― Ինչի՞ համար։ ― Ինչպես թե ինչի, որ ծառը բարձրանամ։ ― Չեղա՜վ, դու ոտքերդ կքերծես։ Ավելի լավ է կոշիկներով բարձրանաս, ― եռանդով սկսեց համոզել Տիմբական։ ― Երբ ես քո տարիքին էի՝ կոշիկներով էի բարձրանում։ ― Ե՛ս էլ, ե՛ս էլ, ― հաստատեց Ծիպիլին։ ― Լավ, ― ասաց Մանուշը, ― թող կոշիկներով լինի։ Մենակ թե դուք օգնեք հասնեմ ճյուղերին, հետո հեշտ է, ինքս կբարձրանամ։ Կախարդները օգնեցին, որ Մանուշը հասնի առաջին ճյուղերին, հետո նա այնքան արագ մագլցեց, որ նույնիսկ պառավներն իրար երեսի նայեցին. «Սա ընկնողը չի», ― մտածեցին նրանք։ ― Այ, այնտեղ մի չոր ճյուղ կա, ― ձայն տվեց Տիմբական, ― կկանգնես չոր ճյուղի վրա։ Չոր ճյուղերն ամենից ամուրն են։ ― Ճիշտ է, ― հաստատեց Ծիրպիլին, ― չոր ճյուղերին կանգնիր, չոր ճյուղերը չեն ճկվում... Համ էլ քո ծանրությունն ի՞նչ է որ, մի ծտի քաշ։ Իսկ Մանուշն իսկի նրանց չէր էլ լսում, նրա ուշադրությունը գրավեց կատարին նստած Ագռավը, որ իր դուրս պրծած աչքերով նայում էր Մանուշին։ ― Կանգնիր չոր ճյուղին ու շուրջդ նայիր... Ուշադիր եղիր, որ ուշադիր եղար՝ ձերոնց անպայման կտեսնես։ Վերջապես Մանուշը հասավ ամենաբարձր ճյուղին, այնպես որ ձեռքը եթե պարզեր՝ կհասներ Ագռավին։ Իսկ Ագռավը թռավ և սկսեց պտույտներ կատարել Մանուշի գլխավերևում, «ղա՜, ղա՜»։ Աղջիկը մի ձեռքով բռնեց ամենավերին ճյուղից, իսկ մյուսը, ճակատին դնելով սկսեց շուրջը նայել։ ― Դե հիմա այնպես արա, որ ճյուղը կոտրվի, ― Տիմբակային դիմեց Ծիպիլին։ ― Մենակ ե՞ս եմ, ի՛նչ է, դու էլ արա։ ― Լավ, արի միասին, ― ասաց Ծիպիլին։ ― Երե՛ք, չո՜րս... ― Հարկավոր է լավ կենտրոնանալ, — ասաց Տիմբական։ ― Փորձենք, տեսնենք կկարողանա՞նք։ ― Որ լավ ուզենանք, անպայման կկարողանանք։ ― Երե՜ք, չո՜րս... Ու նրանք երկուսով սկսեցին կախարդանքը. Համդա-չամդա՜ դի՛-դի՛-դի՛, Տիմբո-բո՛ւմ. Տիմբա կո՛ւմ․ Անդա-վանդա՜ հի՛, հի՛, հի՛, Տիմբա-կո՛ւմ, տիմբո-բո՛ւմ։ Նրանք այս խոսքերն արտասանում էին ցածրաձայն, գրեթե մռմռալով, և պտտվում էին ծառի շուրջը։ Մեկ-մեկ նայում էին վեր՝ տեսնելու, թե ճյուղը չի՞ կոտրվում, Մանուշը ցած չի ընկնում։ Իսկ Մանուշը վերևում կանգնած հիանում էր աչքերի դեմ փռված սքանչելի տեսարաններով։ Այնտեղից, կաղամախու կատարից, երևում էին անտառով ծածկված, կարծես իրար վրա կուտակված բլուրներ և որ կողմը նայում էր՝ գանգուր բլուրներ էին ու նրանց հաջորդող լերկ լեռներ։ Այդ ամենն այնքան գեղեցիկ էր, որ Մանուշը նույնիսկ մոռացել էր, թե ինչի համար է բարձրացել։ Բայց ահա նա նկատեց, որ ոչ մի կողմից անտառի ծայրը չի երևում, և դա նրան տխրեցրեց ու վախեցրեց. «Ինչպե՞ս պիտի դուրս գամ այստեղից, ― մտածեց նա։ ― Այս ո՞ւր եմ հասել»։ ― Էս ինչի՞ չի կոտրվում, ― զարմացավ Ծիպիլին։ ― Չի կոտրվում, որովհետև մտքումդ խղճում ես, ― ասաց Տիմբական։ ― Իսկ դո՞ւ, կարող է հենց դու ես խղճում, դրա համար էլ չի ստացվում։ ― Լավ, արի նորից կրկնենք... Այս անգամ չենք խղճում։ Ախր ինչո՛ւ խղճանք, էսկիմոսները խղճացի՞ն մեզ, որ այս օրն ընկանք։ Մտ՛ածենք, որ այս Մանուշն եղավ պատճառը, որ կորցրեցինք կախարդելու մեր ուժը... Մանուշը մեր թշնամին է, հասկացա՞ր... ― Իի՜, սա՞ է մեր թշնամին, ― ասաց Ծիպիլին։ ― Այս մի մատ աղջի՞կը։ ― Բա որ ասում եմ՝ անհասկացող ես, չես հավատում։ Լսի՛ր, մենք այդպես ենք մտածում, մենք դրանում համոզված ենք, ― պնդեց Տիմբական, ― հասկացա՞ր։ Դե շո՛ւտ, ինչքան ատելություն ունենք, մեջտեղ ենք բերում, երե՜ք, չո՜րս։ Համդա-չամդա՜ դի՛-դի՛-դի, Տիմբո-բումո՜, Տիմբա-կո՜ւմ Անդա-վանդա՜ հի՛, հի՛, հի՛, Տիմբա Կումո, Տիմբո-բո՜ւմ; Նրանք մի քանի անգամ կրկնեցին այս խոսքերը ու պտտվեցին կաղամախու շուրջը, բայց ամեն անգամ վերև նայելիս, տեսնում էին, որ Մանուշը հանգիստ կանգնած շուրջն է նայում։ ― Հը՛, ի՞նչ կա, ― հարցրեց Տիմբական։ ― Չկա՜ն, չեն երևում, ― վերևից ձայն տվեց Մանուշը։ ― Էէ՜, սա էլ այնպես է գոռում, կարծես մենք չգիտենք, որ չեն երևա. ― սրտնեղեց Տիմբական, բայց այնուամենայնիվ, պատասխանեց. ― Դու լա՛վ նայիր... Այն կողմը նայիր, ա՛յն կողմը։ Պտտվիր, մի վախեցիր, ոչինչ չի լինի... Ձեռքդ էլ բաց թող, քեզ խանգարում է։ Համդա-չամդա՜ դի՛-դի՛-դի՛, Անդա-վանդա՜ գո՛ւմ-գո՛ւմ-գո՛ւմ... Սակայն Ծիպիլին այլևս կախարդանքը չէր կրկնում, նա գլխահակ քաշվել էր մի կողմի վրա։ Տիմբական նկատեց այդ ու նետվեց նրա վրա. ― Իսկ դո՞ւ ինչու չես կրկնում։ ― Ի՞նչ կրկնեմ, ― հուսահատված ասաց Ծիպիլին։ ― Տեսնում ես՝ բան դուրս չի գալիս։ Ախր մեզանից ինչ է մնացել, որ կարողանանք ճյուղ կոտրել։ Առաջ ես նայում էի, այ, այսպիսի մի ծառի ու մտքումս ասում. «Կոտրվիր»։ Ու ծառը տապալվում էր։ Տիմբական էլ էր հուսահատվել, բայց նորից չար կախարդ դառնալու ցանկությունն այնքան մեծ էր, որ նա անձնատուր չէր ուզում լինել։ ― Լսիր, Ծիպիլի, այդպես մի խոսիր, — ասաց նա։ — Մի հուսահատվիր, թե չէ կմնանք այսպես։ Ատի՛ր, ամբողջ ուժով ատի՛ր այդ անպիտան Մանուշին, շատ որ ատես, կախարդանքը կներգործի։ ― Ախր ո՞նց չհուսահատվեմ։ Ըհը՛, ատո՜ւմ եմ, դե թող կոտրվի, դե թող ցած ընկնի.., Որ չի կոտրվում ի՞նչ անեմ։ ― Ատո՜ւմ եմ, ատո՜ւմ, ― Տիմբական ինքն էլ սկսեց։ ― Կոտրվի՛ր, կոտրվի՛ր, ճյո՛ւղ, թող Մանուշը ցած ընկնի ու թող տեղն ու տեղը մնա... Բան դուրս չի գալիս... Իհ՜... Ինչո՞ւ չի կոտրվում, ախր։ Եվ Տիմբական քիչ մնաց լաց լիներ։ Հենց այդ ժամանակ Մանուշի ձայնը նորից լսվեց. ― Ոչ ոք չի երևում, չկա՛ն... ― Միանգամից հո չեն երեա, երևի ծառերի տակ են, համբերություն պիտի ունենաս, թե չէ, — ձայն տվեց Ծիպիլին և Տիմբակային դառնալով, հարցրեց. — հիմա ի՞նչ անենք։ ― Գիտե՞ս ինչ, եթե Մանուշին բան չպատահի, Տարոնին ու Հասմիկին անպայման կպատահի... Հիմա ուր որ է, նրանք կմոտենան անդունդին... Անդունդի վրա էլ, գիտես, հաղարջը լավն է լինում, կընկնեն... Մեկն էլ ընկնի, մեզ բավական է։ ― Իրենք իրենց որ ընկնեն, մեզ ի՛նչ օգուտ, ախր մենք պիտի պատճառ դառնանք, որ օրենքը գործի... ― Զարմանալի պառավ ես դու, գիտե՞ս... Բա նրանց ո՞վ տարավ դեպի անդունդը, մենք չհամոզեցի՞նք... Էլ ի՛նչ ես ուզում, — զայրացավ Տիմբական։ ― Սա ավելի հավանական է... Մենք կախարդում ենք, ու Մանուշը ցած է ընկնում։ Մենակ թե ճյուղը կոտրվի։ ― Դե կոտրիր, է՛լի, ինչո՞ւ չես կոտրում։ ― Որ չի կոտրվում, ես ի՞նչ անեմ։ ― Չի կոտրվում, ես էլ ասում եմ, որ մյուսներից մեկն ու մեկը ընկած կլինի։ ― Որ ընկած լինեին, պիտի մեր կախարդանքը ներգործեր... Արի փորձենք թռչել, ցախավելն ո՞ւր է։ Ցախավելը կորցրել ենք։ ― Վերջին անգամ քո ձեռքին էր, ես քեզ տվեցի։ ― Ճիշտ է, ինձ տվեցիր, բայց ես չգիտեմ, թե ինչ եմ արել։ ― Դու միշտ այդպես ես, անպետք կաթնակեր, ինքդ կորցնում ես, հետո ինձ վրա ես խոսում։ ― Դո՛ւ, դո՛ւ ես այս ամենի պատճառը... վա՜յ, Ծիպիլի, հրես ցախավելը, դրել ենք ծառի տակ։ ― Տեսնո՞ւմ ես, անպետք, դրել ես ու մոռացել... Այն է՝ նորից պիտի գզվռտոց սկսվեր, եթե վերևից չհնչեր Մանուշի ձայնը. ― Ա՛յ, այնտեղ մի տնակ է երևում, այն սարի ուսին։ ― Ի՞նչ տնակ, ինչպիսի՞ տնակ է, ― հարցրեց Ծիպիլին։ ― Սովորական տնակ... հա՛, գլխին աշտարակ կա։ ― Ի՞նչ, աշտարա՞կ... Աշտարա՞կ, ասում ես, հաա՜... Ոնց էինք մոռացել, Տիմբակա... Գլխի ընկնո՞ւմ ես, թե ինչ տնակ Է։ ― Ի՞նչ տնակ... աշտարակո՞վ... Օ՜, մեծ կախարդ, դու ողորմած ես, մի դուռը որ փակում ես, մյուսն ես բացում։ Հօյյսկացա, հասկացա՜... ― Տիմբական սկսեց վեր-վեր թռչել ու ծափ տալ. Գտա՛նք, գտա՛նք... ― Ո՞ւմ գտաք, մերո՞նց... ― ձայն տվեց Մանուշը։ ― Չէ, դու նայիր, լավ նայիր, — ասաց Տիմբական։ ― Հասկացար չէ՞, Դանդալոշի տունն է... Ոնց էինք նրա մասին մոռացել։ ― Հենց այդ է որ կա... Մանուշին տանենք մարդակեր Դանդալոշի մոտ... Դանդալոշը նրան բաց չի թողնի։ ― Կխաբենք, կասենք տուն ենք տանում ու կհասցնենք Դանդալոշին, և էլ չի պրծնի... Հիմա նրա հավատարիմ գայլը նույնիսկ հոտն առել է, — ասաց Ծիպիլին։ ― Ճիշտ է, այդպես էլ կանենք... Մեր վերջին հույսը մարդակեր Դանդալոշն է, նա անպայման Մանուշին կուտի, նրա ձեռքից ո՞վ է պրծել, որ Մանուշը պրծնի։ Այդ Դանդալոշին ես մի քոռ ծիտ էլ չէի տա, բայց որ գործերս նրան է ընկել, ինչ կարող ենք անել։ ― Հենց բանն էլ այդ է, որ ուրիշ ելք չկա, ― ասաց Ծիպիլին և վերև, նայելով ձայն տվեց.— Մանուշ, գտա՞ր։ ― Չկա՛ն, չե՛ն Երեում... ― Որ այդպես է՝ իջիր ցած, էլ պետք չէ։ Մանուշը այնքան էր տարվել ծառի կատարից բացված գեղեցիկ տեսարաններով, որ կուզենար էլի մնալ, բայց հասկանում էր՝ պիտի իջնի, դեռ պիտի ընկերներին գտներ, անտառից դուրս գար... Հանկարծ անսպասելի աղմուկ բարձրացրեց Ագռավը։ Նույնիսկ կախարդները զարմացան, տեսնելով, թե ինչպես է նա ճղճղում, թռչում Մանուշի շուրջը, թևերով զարկում նրան։ ― Անպե՛տք Ագռավ, մի բան անում էիր, անեիր այն ժամանակ, երբ աղջիկը ծառի կատարին էր, ― դժգոհեց Ծիպիլին, բայց հետո ականջը լարեց, որ լսի, թե ինչ է ասում ձախորդ Փայտահատը։ Դե Ագռավի լեզուն միայն ինքն էր հասկանում։ Լսեց ու ձեռքը թափ տալով ասաց. ― Յիմար Ագռավը չգիտի, որ մենք ավելի լավ բան ենք մտածել, դրա համար էլ աղմկում է։ Մանուշիկը բարեհաջող ցած իջավ։ Ճիշտ է, չոր ճյուղերը նրան մի քիչ քերծել էին։ ― Մանուշիկ ջան, անուշիկս, այս ի՞նչ է, քերծվե՞լ ես, ― սիրալիր ասաց Ծիպիլին։ ― Վա՜յ, մեր Մանուշիկը քերծվել է՜, ― ավելացրեց Տիմբական։ ― Ոչի՛նչ, բոլորովին չի ցավում, կանցնի, ― պառավներին հանգստացրեց Մանուշը։ ― Իհարկե, կանցնի, ― հաստատեց Ծիպիլին։ ― Հա՛, Մանուշիկ ջան, գիտե՞ս, թե տեսածդ աշտարակով տունն ինչ տուն է։ ― Չգիտեմ, ի՞նչ տուն է։ ― Հենց բանն էլ այն է, որ չգիտես։ Դա անտառապահի տունն է, հիմա մենք գնալու ենք այնտեղ։ ― Գնանք ի՞նչ անենք... Հետո՝ այդ տունը շատ հեռու է, հազիվ էր երեում։ ― Ճիշտ է, հեռու է, բայց անտառի եզրին մոտիկ է, ― բացատրեց Տիմբական։ ― Կարող է, Հասմիկն ու Տարոնը այնտեղ լինեն։ Ինչ կա որ, անտառում մոլորվել են ու հանդիպել այդ տանը։ Մի՞թե հավանական չէ։ ― Հենց այդպես էլ եղած կլինի, կտեսնեք, ― հաստատեց Ծիպիլին։ ― Դե էլ ինչո՞ւ ենք կանգնել, գնանք, ― ասաց Մանուշն անհամբեր, ― անտառապահն էլ հայրիկիս ճանաչում է, մեզ տուն կտանի։ == գլուխ հինգերորդ․ Կիրճում == ===Ա. Անդունդի վրա=== Տարոնն հաղարջուտում իրեն կորցրեց։ Չգիտեր որ թփին մոտենա։ Միանգամից այդքան հաղարջ նա երբեք չէր տեսել։ Նա մերթ բռերով հավաքում լցնում էր բերանը, մերթ զամբյուղները, մերթ էլ շվարած կանգնած նայում էր։ Ախր ինչքան հավաքում էր, այնքան ավելի շատ էր մնում։ Բայց ահա ելքը գտավ, որոշեց միայն սև հաղարջ հավաքել։ Մայրիկից լսել էր, որ սև հաղարջն ավելի օգտակար է, բուժիչ։ Եվ երբ որոշեց միայն սև հաղարջ հավաքել, հանգստացավ, քանի որ սև հաղարջն անհամեմատ ավելի քիչ էր։ ― Ես միայն սևերն եմ հավաքում, — հայտարարեց նա և հենց սև հաղարջի աոաջին բուռը լցրեց բերանը։ Հասմիկը ծիծաղեց. ― Եթե այդպես պիտի հավաքես, ուզում է սև լինի, ուզում է կարմիր, միևնույն է, զամբյուղներդ չեն լցվի։ ― Լավ էլ կլցվեն, այսքան հաղարջի մեջ երկու զամբյուղն ի՞նչ է որ։ ― Ուզում եմ ասել, որ եթե այդպես շարունակես՝ կտրաքվես։ ― Դո՛ւ կտրաքվես, ինձ բան չի լինի, իմ փորը մեծ է։ ― Այդ մեկը ճիշտ է. ― ասաց Հասմիկը, — չեմ վիճում, քո փորը մեծ է։ Բայց Տարոնն այլևս Հասմիկին չէր լսում։ Նա հայացքը հառել էր թփի տակ կանգնած իր հին ծանոթի Թզուկի վրա։ Սա թփի տակից աչքով էր անում Տարոնին, խորամանկ ժպտում ու, ինչպես հեղեղատի մոտ, այստեղ էլ ցույց տալով կռատուկի տերևի վրա լցված հաղարջը, ասում էր. ― Պատվարժան Տարոն, հավանո՞ւմ ես իմ հաղարջը։ Հաղա՜րջ, ի՜նչ հաղարջ... Այդպիսի հաղարջ Տարոնը չէր տեսել կյանքում։ Իսկ թզուկը շարունակում էր աչքով անել և մի-մի հատիկ հաղարջ բերանը դնելով, ասում էր. ― Օ՜խ, ինչ հիանալի է, ինչ սքանչելի է։ Չէի՞ր ցանկանա արդյոք համտես անել այս արքայական հաղարջից։ Եվ նորից Թզուկը ժպտաց, այնքան բարի, այնքան մտերմիկ, որ Տարոնն այլևս նրանից չէր վախենում։ Միայն թե այդ ամենն այնքան հանկարծակի էր, որ նա հազիվ կարողացավ իրեն հավաքել։ Հետո ոգևորվելով Թզուկի բարի, հորդորող հայացքից, հարցրեց. ― Իսկ որտե՞ղ է աճում արքայական հաղարջը։ ― Օ՜, դու արդեն հետաքրքրվում ես, թե որտեղ է աճում արքայական հաղարջը, ― Իր բարակ ձայնով խոսեց Թզուկը։ ― Բայց դու դեռ չես կերել այս հաղարջից և չգիտես, թե սա ինչ հաղարջ է։ Տարոնը մի հատիկ հաղարջ պոկեց ճութից ու դրեց բերանը։ Թե ինչ տեղի ունեցավ՝ դժվար է նկարագրել։ Տարոնն ասես խորը քնից արթնացավ, շուրջն ասես ավելի լուսավորվեց։ Հաղարջի հատիկը նրա բերանում ինքն իրեն հալվեց, և այնպիսի բուրմունք տարածվեց, որ կարելի էր խենթանալ։ Նա կռացավ և էլի մի քանի հատ հաղարջ վերցրեց, բայց հենց այդ ժամանակ լսվեց Հասմիկի ձայնը, ու հանկարծ Թզուկն անհայտացավ։ ― Որտեղ ես, Տարո՜ն, — ձայն տվեց Հասմիկը։ ― Այստեղ եմ,— ոչ անմիջապես պատասխանեց Տարոնը։ Հասմիկը մոտեցավ նրան։ ― Տես հա՜, մտքովդ չանցնի նորից պահվել։ Մանուշին քո պատճառով կորցրեցինք։ Ինչո՞ւ ես կանգնել։ Տարոնը ցույց տվեց բռի հաղարջը։ ― Այս ի՞նչ է... Ցած գցիր, գուցե թունավոր պտուղ է, ինչու ես քաղել։ ― Թունավոր չի, արքայական հաղարջ է, հապա մի փորձիր, տես, թե ինչ բուրմունք ունի։ ― Ինչեր ես հնարում, արքայական հաղարջ չի լինում, արքայամորի կա, բայց հաղարջ չի լինում։ ― Փորձիր, փորձիր, տես, թե ինչքան համեղ է։ ― Գժվե՞լ ես, ինչ է, պատահական պտուղը չեն ուտում, կարող է թունավոր լինել։ ― Ես կերել եմ և ոչինչ էլ չի պատահել։ ― Կերե՞լ ես... Ե՞րբ ես կերել։ ― Հենց նոր։ ― Ա՜ա, հենց նոր... Դեռ ժամանակ կա, որ մի բան պատահի։ Դե մի կողմ նետիր, գնացինք։ ― Ու Հասմիկը մտավ հաղարջուտի ամենախիտ թփերի մեջ։ Տարոնն այն է, ուզում էր հետևել նրան, նորից իր առջևում տեսավ Թզուկին։ ― Մի՞թե իմ արքայական հաղարջը չհավանեցիր, պատվարժան ասպետ Տարոն, որ գնում ես այստեղից։ Տարոնը չգիտեր, թե ինչ պատասխանի։ Մի՞թե կարող էր ասել, թե չի հավանել հաղարջը։ Մյուս կողմից էլ Թզուկը միտք չուներ նրան բաց թողնելու։ Ուղղակի փակել էր տղայի ճանապարհը։ ― Օ՜, պատվարժան Տարոն, այդ կողմ մի գնացեք։ Շատ դժվարություններ կան այնտեղ, շատ ծանր փորձություններ են ձեզ սպասում, ավելի լավ կլինի վերադառնաք այնտեղ, որտեղից եկել եք, — ասաց Թզուկն ու կանգնեց ուղիղ Տարոնի ոտքերի մոտ, այնպես որ սա տեղից չէր կարող շարժվել առանց կպչելու Թզուկին։ ― Էլի կանգնեցի՞ր, ― ձայն տվեց Հասմիկը ու վերադառնալով բռնեց Տարոնի ձեռքը, քարշ տվեց իր հետևից։ Տարոնն արդեն ուզում էր ցույց տալ Թզուկին, բայց վերջինս նորից անհայտացել էր։ Տարոնի ափի մեջ մնացին միայն հաղարջի այն մի քանի հատիկները, որ նա վերցրել էր կռատուկի վրայից։ ― Բա դու իսկի չե՞ս անհանգստանում, որ Մանուշն ուշացավ, ― ասաց Հասմիկը հաղարջի թփերը հետ տանելով։ ― Ի՞նչ կա անհանգստանալու, կգա է՛լի։ ― «Կգա էլի», բա որ չեկավ։ էն տատիկն էլ թե ուր գնաց՝ չիմացանք։ ― Տատիկը չկա, պապիկն էստեղ է, ― ասաց Տարոնն ու փոշմանեց, որ ասել է։ ― Ի՞նչ պապիկ, ինչե՞ր ես խոսում։ ― Այն պապիկը, որ արքայական հաղարջը տվեց։ Հասմիկը կանգ առավ։ ― Դու որտե՞ղ ես պապիկ տեսել, ի՞նչ պապիկ էր։ ― Քիչ առաջ թփերի մեջ էր... Ա՛յ, այսքան փոքրիկ պապիկ էր, — Տարոնը ձեռքով ցույց տվեց Թզուկի չափը։ Հասմիկը ուշադիր նայեց Տարոնին. կարծես ուզում էր հասկանալ՝ չի՞ փչում արդյոք։ ― Բավական է հնարես, — վերջապես ասաց նա։ ― Չեմ հնարում, ուզո՞ւմ ես... Սակայն Տարոնը հանկարծ լսեց ծերունու հազի ձայնը և հասկացավ, որ Թզուկը մոտերքում է։ Դրա համար էլ որոշեց լռել։ ― Ի՞նչ էիր ուզում ասել, — հարցրեց Հասմիկը։ ― Ե՞ս... ոչինչ... Ոչինչ չունեմ ասելու։ ― Դե ուրեմն հաղարջ հավաքիր... Չես ամաչում։ Այսքան հաղարջի մեջ դեռ մի զամբյուղ էլ չես լցրել։ Նրանք լուռ շարունակեցին հաղարջ հավաքելը և կամաց-կամաց խորացան խիտ թփուտների մեջ։ Հասմիկը, որ մինչ այդ թվում էր, թե անտարբեր է հաղարջի նկատմամբ, այստեղ բոլորովին փոխվել էր։ Հավաքում էր զարմանալի եռանդով, և նրա մեծ զամբյուղը արդեն լցվելու վրա էր։ Ամբողջովին կլանված էր հավաքելով և միայն մերթ ընդ մերթ էր նայում կածանի կողմը, որտեղից, իր կարծիքով, պառավի ուղեկցությամբ պետք է հայտնվեր Մանուշը։ Տարոնը, ընդհակառակը, անտարբեր էր դարձել։ Նա էլ էր հավաքում, բայց արդեն բավական դանդաղկոտ և նույնիսկ այդքան քաղցր ու հաճելիորեն թթվաշ հաղարջից կարծես զզվում էր, իսկի չէր էլ ուզում ուտել։ Նրան թվում էր, թե այստեղ, թփուտներում, իրենք մենակ չեն։ Շուտ-շուտ շրջվում, նայում էր թփուտների մեջ, սակայն ոչ ոքի չէր տեսնում։ Բայց ահա նրա ականջին նորից հասավ Թզուկի ձայնը. «Պատվարժան Տարոն, կանգնիր, ինչո՞ւ ես այդքան խորանում, չե՞ս տեսնում, որ լիքը հաղարջ է, կանգնիր»։ Տարոնը կանգնեց։ ― Ինչո՞ւ կանգնեցիր, — հարցրեց Հասմիկը։ ― Դու ձայն չե՞ս լսում, — իր հերթին հարցրեց Տարոնը։ ― Ի՞նչ ձայն, ոչ մի ձայն չեմ լսում, դու լսո՞ւմ ես։ ― Ինձ թվաց Մանուշի ձայնն եմ լսում, — ստեց Տարոնը։ Նա թզուկի մասին վախենում էր ասել։ ― Հավաքի՛ր, — կարգադրեց Հասմիկը։ — Այ, հասնենք այնտեղ ու էլ չենք խորանա։ ― Բա էլ ո՞ւր ենք գնում, տեսնո՞ւմ ես ինչքան հաղարջ կա, ― ասաց Տարոնը, բայց անմիջապես էլ մոռացավ իր ասածը։ Մի քանի քայլ այն կողմ այնպիսի թուփ երևաց, որի վրա հաղարջն ավելի շատ էր, քան տերևը։ Հաղարջն էլ այնքան խոշոր էր, կարծես Թզուկի ցույց տված հաղարջը լիներ։ Տարոնը նետվեց դեպի գայթակղիչ թուփը և հանկարծ, կարծես գետնի տակն անցավ։ Հասմիկը, որ ամեն բան տեսել էր, «Տարոն» կանչելով նետվեց նրա հետևից ու ինքն էլ չիմացավ, թե ինչպես հայտնվեց Տարոնի կողքին՝ անդունդի վրա կախված մի ծառի խիտ ճյուղերի մեջ։ Ներքևում անդունդ էր, մի խորը կիրճ, որի ժայռոտ հատակով լեռնային գետակ էր հոսում։ Ծառերի ճյուղերի արանքից երեխաները տեսան, որ ընկել են ժայռի միջից հորիզոնական աճած մի ծառի վրա և հասկացան, որ փրկության հույս չի կարող լինել։ Տարոնը նայում էր Հասմիկին, որը զույգ ձեռքերով կառչել էր ճյուղերից և աչքերը պինդ փակել։ Իսկ Հասմիկը իսկի Տարոնին չէր էլ տեսել, կարծում էր, թե տղան անդունդն է ընկել։ Տարոնը նույնպես պինդ գրկել էր ճյուղերը և սարսափած աշխատում էր հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ իր հետ։ Սակայն նա իզուր էր անհանգստանում, ծառի ճյուղերն այնքան խիտ էին, որ ընկնելն անհնարին էր։ Բայց ինչքան կարող էին այդպես մնալ։ Ու Տարոնը, սրտապնդվելով, սկսեց մտածել փրկության մասին։ Շուտով նա համոզվեց, որ դա անհնարին բան է։ Եթե նույնիսկ մագլցելով մոտենային ծառի արմատներին, էլի չէին կարողանա վեր բարձրանալ, քանի որ ծառի արմատից մինչև վերևում կարմրին տվող հաղարջի թփերը մի երկու մարդաբոյ լերկ ժայռ էր։ Տարոնի ուշադրությունը գրավեց մի տարօրինակ ձայն, կարծես ինչ-որ բան էր կոտրվում և վախվխելով նայեց ծառի բնին, տեսավ, որ արմատին մոտիկ կոտրվում է այն ճյուղը, որից իրենք կառչած են։ Զգաց, որ ամեն մի ճռռոցի հետ կամաց-կամաց ցած է իջնում և մեկ էլ լսեց Հասմիկի ճիչը։ Հասմիկն էլ էր աչքերը բացել, որպեսզի հասկանա, թե այդ ինչ ճռռոց է և ինչու է ծառը ցածրանում։ Ու պարզ տեսավ, որ ժայռից մի հսկայական քար պոկվելով, գլորվեց անդունդը, իսկ քարից հետո պոկվեց ծառը։ Երեխաները ծառի հետ օդում ճախրելով ընկնում էին ցած։ Սակայն, մի վախեցեք, սարսափելի ոչինչ տեղի չունեցավ։ Ծառը ընկավ ուղիղ գետակի քարքարոտ ափին, նրա կանաչ ճյուղերը զսպանակի նման իրար սեղմվեցին և մեղմիչի դեր կատարեցին, այնպես որ վերևի ճյուղերին կպած երեխաներին ոչինչ չպատահեց։ Որոշ ժամանակ նրանք աչքերը փակ սպասում էին։ Կատարյալ խաղաղություն էր տիրում, և միայն լեռնային գետակի խշշոցն էր լսվում։ Հասմիկը աչքերը բացեց և տեսնելով, որ արդեն անդունդի հատակում են, սկսեց զգուշորեն իջնել ցած ու այստեղ էլ ոտքերով կպավ Տարոնին։ Տարոնը նույնպես աչքերը բացեց և Հասմիկին տեսնելով այնքան ուրախացավ, որ մոռացավ մինչև այդ նրանից ստացած վիրավորանքները։ ― Այդ դո՞ւ ես, — հարցրեց նա։ ― Դու է՞լ էիր ծառի վրա։ ― Հասմիկն էլ էր շատ ուրախացել Տարոնին տեսնելով։ ― Ուհո՛ւ... — ասաց Տարոնը։ — Ես քեզ տեսել էի։ ― Արի իջնենք։ ― Ես վախենում եմ, — ներքև նայելով ասաց Տարոնը։ ― Վախենալու բան չկա, տեսնում ես գետինն ինչքան մոտ է։ Եվ Հասմիկը ցած թռավ։ Ձեռքդ տուր, ― ասաց նա, — իջի՛ր։ Տարոնը մի քանի ճյուղի վրայով սահեց ցած, ապա ձեռքը մեկնեց Հասմիկին ու նրա օգնությամբ ցած թռավ։ === Բ. Փրկարար թզուկը === Հետո նրանք նստեցին հենց այդտեղ, քարերի վրա։ Երկար ժամանակ երկուսն էլ լուռ էին և սիրտ չէին անում նայել վերև, այնտեղ, որտեղից ծառի հետ սավառնել էին ցած։ Հիմա ավելի սարսափելի էր, քան ընկնելիս, քանի որ ամեն ինչ այնքան անսպասելի եղավ, որ նույնիսկ չհասցրեցին կարգին վախենալ։ ― Հիմա ի՞նչ պիտի անենք, ― հարցրեց Տարոնը։ ― Չգիտեմ, չգիտեմ, — ասաց Հասմիկը մտահոգ։ — Հիմա որ Մանուշը տատիկի հետ գա ու տեսնի մենք չկանք, ի՞նչ պիտի անի։ ― «Ի՛նչ պիտի անի», ― կոպտեց Տարոնը։ ― Նախ ասա, թե մե՛նք ինչ պիտի անենք։ Մանուշը կտեսնի, որ չկանք՝ կգնա տուն, իսկ մենք այս փոսի մեջ ի՞նչ պիտի անենք։ Հասմիկը լուռ էր։ Իսկապես, ի՞նչ պիտի անեն։ Առաջին միտքն այն էր, որ պիտի վեր բարձրանան, բայց ինչպես։ Կիրճի երկու կողմերն էլ ոնց որ քարե պատեր լինեին, այդ տեղով մագլցելն անհնարին էր։ Մնում էր գետի ջրերի հետ ցած իջնել կամ բարձրանալ վեր։ Գուցե մի տեղ լիներ, որ կարողանային դուրս գալ։ Եվ այդպես էլ արեցին։ Բավական երկար նստելուց հետո Հասմիկը վեր ելավ ու առաջ ընկնելով, ասաց. ― Գնացի՛նք... Տարոնը լուռ հետևեց նրան։ Ճիշտ է, այնքան էլ հեշտ չէր լպրծուն քարերի վրայով քայլելը, բայց ուրիշ ճար չկար։ Այդպես քայլելով, ընկնելով ու վեր կենալով, նրանք բավական առաջ գնացին, բայց ամենուր նույն պատերն էին, նույն անդունդը և ոչ մի հույս չկար, թե կարելի է դուրս գալ։ Սակայն մի հույս փայլատակում էր, այնուամենայնիվ։ Նրանց թվաց, թե որքան իջնում են գետի հոսանքն ի վեր, ափերը ցածրանում են։ Ոչ այնքան զգալի, բայց գոնե այնքան, որ հույս տար նրանց։ ― Տեսնո՞ւմ ես, ափերը ցածրանում են։ Այսպես որ գնա, դուրս կգանք բաց տեղ։ ― Հա՞, ցածրանում են, իսկի էլ չեն ցածրանում, ― հակառակվեց Տարոնը։ — Ավելի լավ է նստենք, ես հոգնել եմ։ ― Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում։ Բա որ մթնեց ու մենք մնացինք այս կիրճի մեջ, այն ժամանակ ի՞նչ ենք անելու։ ― Չի մթնի, դեռ առավոտ է։ ― Բարև՜... Առավոտը ե՜րբ էր, այն ժամանակ, երբ տանից դուրս եկանք։ ― Այն ժամանակ լուսաբաց էր։ ― Հիմա կեսօրն անցել է արդեն, տես՝ արևը ուր է հասել։ ― Ո՞ւր է արև, ― հարցրեց Տարոնը։ Եվ իսկապես, արևը չէր երևում, և կիրճն ամբողջովին ստվերի մեջ էր։ Երբ բավական գնացել էին, պարզ տեսան, որ դիմացի ափը իսկապես ցածրանում է, իսկ քիչ հետո բոլորովին ցածրացավ, հորիզոնը բացվեց... Սակայն դժբախտաբար, միայն գետի մյուս ափում էր այդպես, իրենց կողմում նույն ժայռե պատն էր։ Դա դեռ ոչինչ, մի երկու հարյուր մետր գնալուց հետո ճանապարհը փակվեց։ Գետն այդտեղ դանդաղում էր և հենց իրենց ափում բոլորովին կպել էր ժայռին ու լճացել։ Անցնելու ոչ մի հույս չկար։ ճանապարհը փակ էր։ Տարոնը անմիջապես նստեց քարերի վրա և սկսեց թնկթնկալ. ― Ես ուզում եմ տուն գնալ, մայրիկիս եմ ուզում... Ախր ինչի՞ ինձ բերեցիք։ ― Սրա՛ն նայիր, «ինչի բերեցի՜ք», հոգիներս կերար, տարեք, հա՛ տարեք։ Հիմա էլ նվնվում ես։ Ավելի լավ է մի ճար գտնենք, ― ասաց Հասմիկը։ ― Կգտնես, ո՞նց ռէ, ոնց որ հորի մեջ լինենք։ ― Կիրճը մի տեղ կհանի մեզ, միայն թե կարողանանք ջուրն անցնել։ ― Կանցնես, բա չէ՞․․․ Ես լողալ չգիտեմ։ ― Կարելի է ծանծաղ տեղ գտնել, չի կարող պատահել, որ ծանծաղուտ չլինի։ Ասենք, պետք էլ չէ տեղ գտնել, հիմա անպայման մեզ որոնում են։ Եթե տեղում մնանք՝ կգտնեն։ ― Կգտնե՜ն, կգտնե՜ն․․․ Բա որ սոված եմ, էդ հե՞չ։ ― Սոված ես՝ հաղարջ կեր։ ― Հաղարջից զզվել եմ։ ― Իհարկե, կզզվես, առավոտիվ փորդ լցնում ես։ Ստիպված պիտի համբերես։ ― Ախր ո՞նց համբերեմ, դատարկ փորս գոռում է, ― բողոքեց Տարոնը։ ― Դատա՞րկ... հալա Սի փորիդ նայի, ոնց որ ձմերուկ լինի։ ― Դու բլիթ ունես, առավոտյան ասում էիր, չէ՞։ ― Բլիթները թող մնան,― վճռական ասաց Հասմիկը։ ― Հանկարծ ու մի քանի օր մնացինք։ ― Ո՛նց թե մի քանի օր,.. Ի՞նչ ես ասում, ես չեմ կարող մի քանի օր մնալ, ես ուզում եմ տուն գնալ։ Տարոնը տեղից վեր կացավ։ ― Գնանք, ի՞նչ ենք նստել։ ― Ո՞ւր գնանք, — անտարբեր ասաց Հասմիկը։ — Որ գնալ լիներ, էլ ո՞ւր էի նստում։ ― Ասում էիր՝ շուտ կգտնենք, հիմա էլ թե՝ մի քանի օր։ Հասմիկը հանկարծ զգաց, որ Տարոնից մեծ է, պետք է նրան հանգստացնի, որ պիտի նրա նկատմամբ ավագ քրոջ նման լինի։ Ճիշտն ասած, Հասմիկն էլ, Մանուշն էլ Տարոնին սիրում էին։ Ուրիշ բան է, որ կռվում էին, վիճում, բայց դե առանց Տարոնի ի՞նչ պիտի անեին։ Էլի տղան նա էր, էլի տղամարդ էր։ Մի անգամ Տարոնը հիվանդացել էր, հինգ օր բարձր տաքությամբ պառկել, և այդ ժամանակ աղջիկները միայն զգացին, որ շատ են սիրում Տարոնին, այդ երես առած, չարաճճի Տարոնին։ Ահա թե ինչու Հասմիկը քնքշորեն ասաց. ― Տարոն ջան, մի վախեցիր, մեզ շուտ կգտնեն, հիմա անպայման մեզ են փնտրում։ ― Բա էլ ո՞ւր ես բլիթները պահում... Հասմիկն այն է ուզում էր բլիթ հանել տոպրւսկից, մեկ էլ փոշմանեց։ Մտածեց, որ դեռ քաղցած չեն, առջևում դեռ երկար օր կա և, ով գիտե, գուցեև մի քանի օր։ ― Չէ, չեմ տա, ― կտրուկ ասաց նա։ ― Վազն անցի։ Տարոնը խռոված շուռ եկավ։ Անթարթ նայելով դանդաղ հոսող ջրին, նա մտաբերեց իրենց տունը, մայրիկին, որը երբեք նրան քաղցած չէր թողնում և ամենալավ բաները պահում էր նրա համար։ Իսկ հիմա քաղցած նստել է այս չարաբաստիկ կիրճում և հայտնի չէ, թե Հասմիկը երբ գոնե մի բլիթ կտա։ Տարոնը հիշեց, որ հենց այս ժամին սովորաբար խաղը թողնում վազում էր տուն «մի պատառ բան ուտելու»։ Մայրիկը նախօրոք սեղանին դրած էր լինում նրա սիրած կարկանդակներն ու բլիթները, իսկ ապուրի բուրմունքն արդեն ամբողջ տունը բռնած էր լինում։ Տարոնը ներս էր ընկնում թե չէ, մի պահ կանգնում էր սեղանի մոտ, գնահատող մի հայացք էր նետում ուտելիքին և ոտքի վրա սկսում էր ծամել։ Մայրիկը վրա էր հասնում միայն այն ժամանակ, երբ նա սեղանին դրված ուտելիքի կեսը մաքրազարդած էր լինում։ ― Անպիտա՛ն տղա, ― ջղայնանում էր մայրիկը, — այս ի՞նչ ես անում, առանց լվացվելու ինչպե՞ս ես ուտում։ — Այս խոսքերի հետ նա բռնում էր Տարոնի ձեռքն ու հեռացնում սեղանից։ ― Լավ, մայրիկ, վերջացնում եմ։ ― Իհարկե, վերջացնում ես. հրեն մատներդ կեղտից մաքրվել են։ Տարոնը նայում էր ձեռքերին ու ամաչում, մատների մաքրված ծայրերը կարմրին էին տալիս։ Ամաչում էր նա ու գլուխը կախում։ Բայց մայրիկն անխնա էր։ Նա հայելին մոտեցնում էր Տարոնի դեմքին. ― Նայի՛ր, դեմքիդ նայիր, սա քեզ դո՞ւր է գալիս, հը՞... Դեմքի վրա ամեն ինչ ավելի էր ընդգծված լինում։ Կերակրից մաքրված վարդագույն շրթունքների կողքին մրոտ ու փոշոտ դեմքն ավելի կեղտոտ էր երևում։ Եվ Տարոնն էլի էր ամաչում։ Նա սուս ու փուս վազում էր բակ ու արագ-արագ լվացվում բակով հոսող զուլալ առվակում։ Դե արի ու այսքան քաղցր հիշողություններից հետո սոված նստիր այս խորխորատում. ― Ես ուզում եմ տուն գնալ, մայրիկի՜ս եմ ուզում, ― նորից սկսեց թնկթնկալ Տարոնը։ ― Ավելի լավ է լռես, ― ասաց Հասմիկը մեղմացած։ ― Ախր քո պատճառով այսպես եղավ... Քեզ ո՞վ էր ասում հասնես պռնկին։ Կարող էինք ջարդուփշուր լինել, լավ էր, որ ծառի վրա ընկանք, թե չէ մեծ կտորը ականջներս կմնար։ ― Ախր էն թուփը ուրիշ էր է՜, արքայական հաղարջի թուփ էր։ Հասմիկը միառժամանակ լուռ նայում էր ջրերին և մեկ էլ, ի զարմանս Տարոնի, տոպրակը բաց անելով երկու բլիթ հանեց ու մեկնեց տղային. ― Ա՛ռ, կեր, միայն թե էլ չուզես։ Տարոնը թերահավատ նայեց Հասմիկին և կասկածելի ոչինչ չնկատելով, գրեթե խլեց բլիթներն ու սկսեց ուտել։ Մեկն արդեն կերել էր, երբ նկատեց, որ Հասմիկը չի ուտում։ Նա դադարեց ծամելը. ― Բա... բա դո՛ւ... դո՛ւ ինչո՞ւ չես ուտում։ ― Ես սոված չեմ, դու կեր։ ― Հետո երևի ուշադրությունը շեղելու համար նայեց վերև. ― Դու ոչինչ չե՞ս լսում։ Ինձ թվաց ձայներ եմ լսում։ ― Ոչ մի ձայն էլ չկա։ Բայց Հասմիկն իրոք ինչ-որ ձայներ լսել էր և նա ամբողջ կոկորդով մեկ գոռաց. ― Մանուշ, է՜յ։ ― Ինչքան ուզում ես գոռա, քեզ ո՞վ է լսողը։ ― Ավելի լավ է դու էլ գոռաս, ― ասաց Հասմիկը, ― մեկ-մեկ պիտի գոռանք։ Եթե փնտրելու լինեն՝ կլսեն մեզ։ ― Մանո՜ւշ, Մանո՜ւշ, մենք այստե՜ղ ենք... Տարոնը միացավ Հասմիկին։ ― Մանո՜ւշ, Մանո՜ւշ, Մանո՜ւշ... ― Խեղճ Մանուշը հիմա մեզ է փնտրում, անհանգստանում է։ ― Ոչինչ էլ չի փնտրում... Նա հիմա երևի տուն է գնացել։ ― Ո՞նց է լեզուդ պտտվում, ո՞նց ես Մանուշի մասին էդպիսի բան մտածում, ― հուզված ասաց Հասմիկը։ ― Իհարկե, տուն է գնացել, նրա շատ պե՞տքն է, որ մեզ փնտրի, ― համառում էր Տարոնը։ ― Մանուշին լավ չես ճանաչում, նա երբեք ընկերներին դժբախտության մեջ չի թողնի։ ― Հա բա՜, տեսա՛նք... Հասմիկը կատաղեց։ Նա բռնեց Տարոնի թևից և գլուխը մոտեցնելով նրա գլխին, հարցրեց. ― Հալա մի ինձ նայիր, իսկ դու կթողնե՞իր, դու կգնայի՞ր տուն։ Տեսնում եմ, որ կգնայիր, նար, եթե կարողանում ես այդպես մտածել։ ― Ե՞ս, — Տարոնը մի պահ շփոթվեց։ — Ո՞վ ասաց, թե կգնայի։ ― Կգնայի՛ր, կգնայի՛ր, տեսնո՜ւմ եմ։ ― Հա՛, հա՛, կգնայի... կգնայի, որ մեծերին կանչեի։ Նրանք մեզ հարյուր անգամ շուտ կգտնեին, ու մենք սոված չէինք նստի այս կիրճում։ Տուր, էլի՜ բլիթ տուր... ― Այլևս ոչինչ չեմ տա, ― կտրուկ ասաց Հասմիկը։ ― Դու չափից շատ ես մտածում քո և քո փորի մասին։ Եվ դու չար ես, որ Մանուշի մասին այդպես ես մտածում։ ― Ես չար չեմ, ― խեղճացավ Տարոնը։ ― Ես սոված եմ։ ― Բա ես ի՞նչ եմ ասում, անընդհատ քո փորի մասին ես մտածում։ Մյուս անգամ քեզ անտառ չենք բերի։ ― Դեռ դու այստեղից դուրս արի, հետո միայն մտածիր ինձ չբերելու մասին... — Տարոնն ընդհատեց խոսքը և լսողությունը լարեց. ― Ես էլ եմ ձայներ լսում։ ― Ահա, տեսնո՞ւմ ես։ Եվ նրանք լուռ, ականջները լարած լսում էին և աշխատում կիրճի ու անտառի ձայների մեջ մի որևէ նոր ձայն լսել։ Սայկայն այդպես էլ ոչինչ չլսեցին։ ― Ոչինչ էլ չկա, ― ասաց Հասմիկը։ ― Եվ ո՞վ պիտի կանչի, եթե մեր տեղը չգիտեն։ ― Վախենում եմ, ― ասաց Տարոնը։ ― Որ մթնեց, մենք ի՞նչ պիտի անենք։ Ախր բոլոր կողմերը փակ են, ո՞ւր պիտի գնանք։ Հասմիկը նորից փափկեց. ― Մի վախեցիր, Տարոն ջան, ես քեզ հետ եմ։ ― Հետո ինչ, որ ինձ հետ ես, որ գազաններ գան, ի՞նչ պիտի անես։ ― Գազանները ամառը կուշտ են լինում, մեզ ձեռք չեն տա, հրեն անտառում ինչքան ուտելիք կա՝ հաղարջ, մոշ, մորի։ ― Գայլերը պտուղ չեն ուտում։ ― Մեր անտառում գայլեր չեն լինում։ ― Ինչպես թե չեն լինում, լինում են։ ― Մեկ-մեկ... Հազարից մի անգամ։ ― Կարծես մի գայլը մեզ քիչ է։ Կախարդներ կարող են լինել։ ― Կախարդներ միայն հեքիաթներում են լինում։ ― Միևնույն է, ես վախենում եմ, շատ եմ վախենում։ Ուզում եմ տուն գնալ, ուտել եմ ուզում։ Հենց այդ ժամանակ Տարոնը նորից պարզ տեսավ Թզուկին։ Սա կանգնել էր գետակի ափին, մի քարի վրա և նայում էր իրեն։ Նայում էր ու խորամանկ ժպտում։ Տարոնն աչքերը տրորեց։ Չէ, աչքին չի երևում։ Իսկական է և դեռ մատով էլ կանչում է։ Տարոնը գնաց Թզուկի կողմը։ Թզուկը կռացավ, ոտքերից մաշիկները հանեց ու մտավ ջուրը։ Տարոնին թվաց, թե հիմա Թզուկը կխեղդվի, բայց չէ, ջուրը հազիվ նրա ծնկներին էր հասնում, և նա անընդհատ հեռանալով ափից, մատով կանչում էր Տարոնին։ Տարոնը հմայված գնում էր նրա հետևից։ Ափին հասնելով, կոշիկները հանեց։ Հասմիկը սկզբում չէր հասկանում, թե ինչ է անում Տարոնը, իսկ երբ տեսավ, որ ջուրն է մտնում, նետվեց նրա հետևից։ Սակայն մինչև նա սուր-սուր քարերը հաղթահարելով կմոտենար, Տարոնն արդեն բավական խորացել էր։ Ջուրը ծնկներին հազիվ էր հասնում, և նա աչքը չկտրելով Թզուկից, գնում էր նրա հետևից։ Իսկ Թզուկն անընդհատ մատով էր անում նրան ու կանչում խորամանկ ժպտալով։ ― Տարո՛ն, կանգնի՛ր, ինչ ես անում, խելագար, ― գոռում էր Հասմիկը, իսկ Տարոնն արդեն ջրի կեսն անցել էր։ Հասմիկը ստիպված ինքն էլ ոտքերը հանեց ու հետևեց Տարոնին։ «Եթե այսքան ծանծաղ է ջուրը, ինչո՞ւ չանցնել մյուս ափը, մանավանդ որ այն ափը ցածրացել է», ― մտածեց նա ու մտավ ջուրը։ Երբ Տարոնը ափ դուրս եկավ, նկատեց, որ Թզուկը չկա։ Ախր ինքը պարզ տեսավ, որ Թզուկը դուրս եկավ ափ, նստեց կանաչների վրա ու սկսեց մաշիկները հագնել։ Ո՞ւր կարող էր գնալ։ Հասմիկն էլ ափ դուրս եկավ և կոշիկները հագնելով, հարցրեց․ ― Ի՞նչ իմացար, թե աստեղ ծանծաղ է, Տարոն, այս ի՞նչ հրաշք էր։ ― Թզուկը ցույց տվեց։ ― Ի՞նչ թզուկ։ ― Թզուկը է՛լի․․․ Ես չէի ուզում ասել, բայց մի Թզուկ կա, առավոտվանից մեզ հետ է։ Քանի անգամ արդեն տեսել եմ նրան։ Որ Թզուկին լսեի, անդունդը չէինք ընկնի։ ― Ինչե՞ր ես խոսում, ի՞նչ Թզուկ, ա՛յ տեղ, բա ո՞ւր է։ ― Նոր այստեղ էր, որևի մտաց թփերի մեջ։ ― Երկուսն էլ նայեցին դիմացի թփերին, իսկ թփերն սկսեցին ուժեղ շարժվել։ ― Ըհը՛, տեղնո՞ւմ ես, ― ասաց Տարոնը։ Եվ հենց այս ժամանակ թփուտների միջից դուրս եկավ մի հսկայական արջ․․․ ― Հո՛-հո՛-հո՛․․․ գտա՜, Հասմիկին ու Տարոնին գտա, ― որոտաց նա։ == գլուխ վեցերորդ․ Ծիծաղը == === Ա. Հարազատ բացատը === «Հայ-հա՜յ, ― մտածում էր Տիմբական, ― հիմա որ օդում լինեի, կկորցնե՞ի ճանապաոհը։ Ախր այդ Դանդալոշի տունը ես հարյուր վերստի վրա էի տեսնում»։ Ծիպիլին կաղալով հետևում էր Տիմբակային և նույնպես այդ մասին էր մտածում։ Բա որ իր ցախավելը գործեր, Դանդալոշի տուն հասնելն ի՛նչ էր որ։ Աչքդ փակեիր-բացեիր բավական էր։ Բայց ցախավելը անասնագոմը տան շուրջը մաքրելու մի սովորական ցախավել է հիմա և իրեն օդ բարձրացնելու փոխարեն միայն բեռ է դարձել, խիտ ծառերի միջով անցնելիս նույնիսկ խանգարում է։ Ծիպիլին մինչև անգամ ուզում էր ցախավելը դեն նետել, բայց գիտեր, որ այս նոր ցախավելը միասին են շինել, և. մենակ ինքը իրավունք չունի կորցնելու։ Բացի այդ հույսը չէր կորցրել, թե շուտով կախարդանքը կվերականգնվի։ Դե արի ու նորից ցախավել սարքի։ Իհարկե, նախկին կախարդներն այս ամենը բարձրաձայն ասել չէին կարող։ Ի՞նչ կմտածեր Մանուշը իր «բարի տատիկների» մասին։ Եվ նրանք խիտ անտառում մոլորված, մեկ այս ձորակն էին իջնում, մեկ այն բլրակի վրա բարձրանում, մեկ դեմ էին առնում անանցանելի ժայռերի, մեկ նրանց ճանապարհը գետակներ էին կտրում։ Ագռավն էլ, հակառակի պես, չքվել էր ու չէր երևում, որ ասեր, թե ինչ ուղղությամբ գնան։ — Ծիպիլի, այս ամենի մեղավորը դու ես, — ասաց Տիմբական։ — Այդ դու արահետից դուրս եկար, դու էիր առջևից գնում։ ― Սուս արա, չաչանա՜կ, տեսնում ես, հոդացավս էլի բռնել է։ Ես շեղվեցի, թող դու ուղիղ գնայիր։ Ի՞նչ է, սխալ եմ ասում։ Իսկ Մանուշը լուռ էր, նա հույս ուներ, որ «տատիկները» շուտով ճանապարհը կգտնեն։ Միայն թե հասնեն անտառապահի տունը, մնացածը հեշտ կլինի, մտածում էր նա։ ― Թե ես այս ցնդած պառավին ինչի՞ թողեցի, որ առջևից գնա, ― չէր հանգստանում Տիմբական։ ― Ե՞ս եմ մեղավոր, թող առջևից գնայիր, ո՞վ էր արգելում։ Սրա՜ն տես, — ասաց Ծիպիլին, ― կարծես, ես չգիտեմ, թե ինչո՞ւ հետ ընկար։ Գլուխ էիր պահում, գիտեիր, որ առջևից գնալը դժվար է։ ― Ավելի լավ է հինը չհիշենք, մտածենք, թե ուր ենք գնում, ― ասաց Տիմբական կանգ առնելով։ — Թե չէ առանց մտածելու առաջ ենք քշում։ Կարող է մենք հենց նույն տեղերում ենք պտտվում։ — Դե մտածիր, է՛լի, մտածի՛ր... նույն տեղը... բան ասաց, ես վաղուց եմ նկատել, որ նույն տեղում ենք պտտվում... Հրես, էս ձորակում մենք արդեն երրորդ անգամ ենք լինում։ Մի լավ բան մտածիր, եթե կարող ես։ ― Մտածում եմ, բայց չեմ գտնում, ― ասաց Տիմբական մտազբաղ։ ― Որ գլուխս լավ բան գա, չե՞մ ասի։ ― Դե իմ գլուխն էլ լավ բան չի գալիս, հիմա ի՞նչ անենք։ ― Թող Մանուշը մտածի։ Մենք պառավ ենք, ի՞նչ կարող ենք, որ ինչ մտածենք, Մանուշ ջան, մի լավ բան մտածի։ ― Ես մտածել եմ, — ասաց Մանուշը։ — Միայն թե վախենում եմ, այնքան էլ լավ բան չի։ ― Լա՜վ է, լա՜վ է, — ասաց Ծիպիլին ուրախացած։ ― Ախր... մտածում եմ, որ եթե անտառապահի տունը չեք գտնում, գոնե ինձ դուրս բերեք անտառից, գնամ տուն... ― Ի՞նչ... ― հարցրեց Տիմբական։ ― Ինչ ասացի՞ր, ― հարցրեց Ծիպիլին։ ― Մտածում եմ, բայց վախենում եմ, թե այնքան էլ լավ բան չի լինի։ Ախր ընկերներիս ո՞նց թողնեմ անտառում ու մենակ տուն գնամ։ — Ա՛յ, դա ճիշտ ասացիր։ ― Իսկական ընկերը քեզ պես կլինի, — ասացին պառավները։ — Բա ո՞նց կլինի, որ նրանց թողնես, գնաս։ ― Ասում եմ՝ գնամ տանը ասեմ, մեծերը կգան, կգտնեն։ ― Այդ արդեն ավելորդ է, մինչև հասնես տուն, գազանները նրանց կհոշոտեն։ ― Որ այդպես է, ինձ հետ տարեք Արջի տուն։ Դուցե արդեն գտել բերել է նրանց։ — Դու աստված կանչիր, որ երեխաներին չգտնի, որ գտնի՝ տեղն ու տեղը կխժռի, ― ասաց Տիմբական։ ― Չի՛ խժռի, ինչպե՞ս չեք հասկանում, նա շատ բարի արջ էր, հենց որ լսեց երեխաների մասին՝ վազեց օգնության։ ― Մանուշը հոգնած էր, դրա համար էլ նստեց մի ընկած ծառի վրա։ ― Չի՛ ուտի, ճիշտ եմ ասում, իզուր էլ դուք ինձ վշտացնում եք։ ― Մի՛ վշտացիր, Մանուշ ջան, — ասաց Ծիպիլին ու նստեց նրա կողքին։ — Հոգնեցի՞ր, հանգստացիր մի քիչ։ Տիմբական սկսեց ճղճղալ։ ― Ո՛նց թե հանգստացիր, էսպես որ գնա՝ գիշերը կմնանք անտառում։ Հարկավոր է մի ելք գտնել։ Մանուշը ոչ միայն հոգնել էր, այլև, քաղցած էր, ախր ուտելիքը մնացել էր Հասմիկի մոտ, բայց ինքն էլ գիտեր, որ ուրիշ ճար չկա, Տիմբական ճիշտ է ասում, հարկավոր է ելք գտնել։ Նրանք շարունակեցին ճանապարհը և վերջապես դուրս եկան մի արահետ։ Արահետն էլ արահետ չէր, հազիվ կարելի էր նկատել։ Նույնիսկ որևէ նշան չկար, թե այդտեղով մարդիկ են անցել։ Բայց դե էլի ճանապարհ էր, գուցե մի տեղ կհասցներ։ ― Ծիպիլի, ― ասաց Տիմբական, ― ոնց որ ծանոթ ճանապարհ լինի, հը, ի՞նչ կասես։ ― Ծանոթ է, բա ինչ է, չես տեսնո՞ւմ ծառերը։ ― Ապա շուռ գալով դեպի Մանուշը ասաց.― Հիմա կհասնենք, Մանուշ ջան, մի վախեցիր։ Մանուշը չէր լսում պառավներին։ Նա հիմա մտքով իրենց տանն էր։ Այդ օրը երեկոյան հայրիկը պիտի սղոցարանից տուն դառնար։ Կգա ու կտեսնի, որ Մանուշը չկա, իսկ մայրիկը նստած լաց է լինում։ Այսպես էր մտածում Մանուշը, ու նրա սիրտը կտոր-կտոր էր լինում։ Այսպես գնալով նրանք դեմ առան մի մամռոտ ժայռի։ Տիմբական ժայռի մոտ կանգ առավ և սկսեց ուշադիր նայել ժայռի կատարին։ Ծիպիլին մոտեցավ նրան։ ― Հը՛, ինչի՞ կանգնեցիր, բան կա՞։ ― Չէ՛ ― երկար լռելուց հետո ասաց Տիմբական։ ― Չէ՛։ ― Ի՞նչը չէ. ― հետաքրքրվեց Ծիպիլրն։ Տիմբական նայեց, տեսավ, որ Մանուշը հեռու է, կամաց ասաց. ― Մտածեցի՝ խաբենք, հանենք այս ժայռի վրա ու ցած գցենք, բայց տեսնում եմ, այնքան էլ բարձր չի։ ― Բարձր չի, ― կրկնեց Ծիպիլրն։ Մանուշը մոտեցել էր և վերջին խոսքերը լսել։ ― Ի՞նչը բարձր չի, ― հարցրեց նա։ ― Ժայռը... Մտածեցի բարձրանաս այնտեղից նայես, գուցե անտառապահի տունը երևա։ ― Աա՜... չի լինի, չե՞ք տեսնում ծառերից ցածր է։ ― Բա մենք ի՞նչ ենք ասում։ Նրանք շրջանցեցին ժայռը և հանկարծ դուրս եկան անդունդի եզերքը։ Դա մի հսկա, խորը կիրճ էր։ Ծառերի արանքից երևում էր դիմացի ափը, որը համեմատաբար ցածր էր, բայց պարզ էր, որ կիրճն անցնել անհնարին է։ Այնքան խորն էր, որ հատակը չէր երևում։ ― Այս ի՞նչ բան է, ― ասաց Տիմբական։ ― Այստեղ կիրճ չպիտի լիներ։ ― Չպիտի՛ լիներ, չպիտի՛ լիներ, ― ասաց Ծիպիլին։ ― Սպասեցեք, ― նրանց ընդհատեց Մանուշը։ ― Դուք ոչինչ չե՞ք լսում։ ― Մե՞նք... Իհարկե, լսում ենք, — ասաց Ծիպիլին։ ― Սպասիր, իսկ ի՞նչ ենք լսում։ ― Ի՞նչ ենք լսում, ― կրկնեց Տիմբական։ ― Սպասեք մի րոպե։ — Մանուշը նորից լսողությունը լարեց։ — Ոնց որ մեկը ինձ է կանչում։ Բոլորը սուս ականջ դրեցին։ Այո, կիրճից Հասմիկն ու Տարոնն էին կանչում Մանուշին, երկու-երեք անգամ միայն ձայն տվեցին, հետո, եթե հիշում եք, Տարռնը նորից սկսեց բլիթ ուզել Հասմիկից։ Ահա թե ինչեր կարող են պատահել։ Հազիվ մոտեցել էին իրար ու նորից հեռացան։ Տարոնին ու Հասմիկին Թզուկն առաջնորդեց դեպի մյուս ափը, իսկ Մանուշը... Մանուշը ի՛նչ, տեսնելով, որ այլևս ձայն չի լսում, որոշեց, որ իրեն թվացել է։ ― Դե լավ, ― մի քիչ սպասելուց հետո ասաց Մանուշը, ― նստելով բան դուրս չի գա, գնանք։ ― Գնա՛նք, գնա՛նք... — ասաց Տիմբական։ ― Ո՞ւր գնանք, ես հոգնել եմ, ծնկներս ցավում են, — թնկթնկաց Ծիպիլին։ ― Բա հո չենք Նստելու այստեղ, գնանք ուղիղ, ա՛յ այսպես։ — Ու նա ձեռքով ցույց տվեց կիրճի կողմը։ Ծիպիլին հասկացավ նրան և ուրախ ոտքի ելավ. ― Դե, իհարկե, ուղիղ պետք է գնալ։ ― Ի՞նչ եք ասում, տատիկներ, այնտեղ կիրճ է, ուր գնանք, ― զարմացավ Մանուշը։ ― Կիրճն ի՞նչ է որ մեզ համար, մենք որ քո հասակին էինք, այսպիսի՞ կիրճեր ենք հաղթահարել։ Առաջ ընկիր, Մանուշ, դու ջահել ես, մենք քո հետևից կգանք։ ― Չէ, ուղիղ հնարավոր չէ գնալ, — ասաց Մանուշն ու հետ դարձավ։ Կախարդները հետևեցին նրան։ ― Բայց որ ուղիղ գնայինք, ընկերներիդ կգտնեինք, — ասաց Տիմբական, — դեռ մինչև կիրճը շատ կա։ ― Ճի՛շտ է, ճի՛շտ է, ― հաստատեց Ծիպիլին ու գնաց նրանց հետևից։ Շուտով նորից հասան ժայռին։ Ծիպիլին կանգ առավ ժայռի մոտ։ ― Տիմբակա, այս ժայռը ինձ ինչ-որ բան է հիշեցնում։ ― Բա՛ն ասացիր, քիչ առաջ մենք այստեղ էինք։ ― Հաա՞... Ես էլ ասում եմ՝ ծանոթ ժայռ է։ ― Դեռ ուզեցինք, որ Մանուշը բարձրանա, գուցե այնտեղից մի բան երևա, ― շարունակեց Տիմբական։ ― Բա ինչո՞ւ չբարձրացավ, գուցե իսկապես մի բան երևա։ ― Ուզո՞ւմ եք բարձրանամ, ― ասաց Մանուշը։ ― Ես կարծում էի, ծառերը չեն թողնի, որ երևա, ախր ծառերն ավելի բարձր են։ ― Հետո՞ ինչ, որ բարձր են... Հո բոլոր ծառերը բարձր չեն, ծառերի արանքից կերևա, ―պնդեց Տիմբական... ― Ես որ կարողանայի... ― Բա որ ե՛ս կարողանայի՜, ― երազուն ձայնով ասաց Ծիպիլին... ― Ախր առաջ այս ժայռն ի՞նչ էր ինձ համար։ Եվ իսկապես, այն ժամանակ, երբ նրանք կարողանում էին թռչել սարերի ու անտառների վրայով, այս ժայռն ի՞նչ էր որ։ Բայց հիմա կախարդների միտքն ուրիշ էր, նրանք ուզում էին, որ գոնե այս ժայռից Մանուշն ընկներ ցած, և այն ժամանակ գուցե ամենակարող մեծ կախարդը վերադարձներ կախարդելու ընդունակությունը։ Ախր նրանց վիճակը բոլորովին վիճակ չէր, մանավանդ հիմա, երբ ստիպված էին մի քանի հարյուր տարվա իրենց հուշերով քարշ գալ անտառներում՝ առանց թռչելու, առանց մեծ-մեծ չարություններ անելու, առանց կախարդանքի։ Նրանց շա՜տ, շա՜տ էր պետք մի անմեղ հոգի կործանելը։ Դրա համար էլ կաշվից դուրս էին գալիս, որպեսզի Մանուշը մի վտանգւսվոր բան անի։ ― Մանուշիկ ջան, եթե դու չես կարող բարձրանալ, օգնիր ես բարձրանամ, ― ասաց Ծիպիլին։ ― Ճիշտ է, ինձ համար դժվար կլինի, բայց դե ինչ արած, հո չե՞նք թողնի, որ քո ընկերները կորչեն։ ― Վա՜յ, տատիկներ, վա՜յ... Իսկ ո՞վ ասաց, թե չեմ ուզում, եթե կարծում եք, որ պետք է՝ կբարձրանամ։ Եվ Մանուշը նորից ուզեց կոշիկները հանել։ ― Կոշիկները մի հանի, ― վրա հասավ Տիմբական։ ― Կոշիկներով ավելի լավ է։ Կոշիկներդ որ հանես՝ ոտքերդ կարյունոտվեն։ ― Ախր ժայռը շատ հարթ է, կսղղամ, ― նկատեց Մանուշը։ ― Ոչի՛նչ, ոչի՛նչ, ժայռ է, հո սառույց չէ, որ սղղաս... Բարձրացիր, մենք քեզ կօգնենք։ Մանուշը կանգնեց ժայռի տակ, մի գնահատող հայացք գցեց վրան և տեսավ, որ աջ կողմից ժայռը այնքան էլ հարթ չէ և մի քարից չի, այլ կարծես թե մեծ-մեծ սալեր են իրար վրա դարսված։ Հենց այդ կողմից էլ սկսեց բարձրանալ։ Ակզբում բավական թեթև բարձրացավ և այնտեղ, ուր նրա կարծիքով ժայռը պիտի վերջանար, տեսավ, որ մի ուրիշ ժայռ էլ առաջինի վրա է բարձրանում։ Ձեռքերը և ոտքերը հոգնել էին արդեն, մեկ-մեկ կոշիկները սոթ էին տալիս, բայց նա, ձեռքերով կառչած ժայռի ելուստներից՝ իրեն պահում էր։ Իսկ ներքևից նրան հետևող պառավները ամեն անգամ, երբ Մանուշը կարողանում էր իրեն պահել, միայն ափսոսանքի ձայներ էին հանում։ Հետո Մանուշը նրանց աչքից կորավ, որովհետև ժայռի երկրորդ աստիճանը խորքից էր բարձրանում։ Տիմբական ու Ծիպիլին նայեցին։ ― Ո՞ւր կորավ, ― հարցրեց Ծիպիլին։ ― Սպասիր մի տեսնենք, — սաստեց Տիմբական և ձայն տվեց. — Մանո՜ւշ։ ― Մանո՜ւշ, ― կրկնեց Ծիպիլին։ Հենց այդ ժամանակ էլ վերևում, շատ վերևում երևաց Մանուշի գլուխը։ ― Է՜յ, տատիկնե՜ր... ― Մենք այստեղ ենք, Մանուշի՛կ, քեզ լա՜վ չենք տեսնում, մի քիչ առաջ արի, ― կանչեց Տիմբական։ ― էլ չեմ կարո՜ղ, տեղ չկա՜... ― վերևից լսվեց Մանուշի ձայնը։ ― Իսկ դու մի քայլ էլ առաջ արի, ― գոռաց Տիմբական։ ― Հնարավոր չէ, կընկնեմ, այստեղ շատ հարթ է, ես ժայռի պռնկին եմ։ ― Ի՞նչ կա, չե՞ն երևում, ― հարցրեց Ծիպիլին։ ― Չէ՛, չեն երևում, բայց այստեղ մի տնակ կա։ ― Ի՞նչ, տնակ... Կախարդներն իրար նայեցին։ ― Ի՞նչ տնակ, ― հարցրեց Ծիպիլին։ ― Ի՞նչ տնակ, ― կրկնեց Տիմբական... ― Չլինի՞ արդեն հասել ենք Դանդալոշի տուն։ ― Հա է՛լի, ուրիշ ի՞նչ տնակ պիտի լինի, — ասաց Ծիպիլին ու ձայն տվեց. — Դու սպասիր, Մանուշի՛կ, մենք հիմա կգանք։ Ու պառավները շտապ, իրար խանգարելով, սկսեցին մագլցել ժայռը և, պետք է ասել, բավական հեշտությամբ։ նրանք իրենց ոսկրոտ մատները խրում էին չեչոտ ժայռի անցքերի մեջ և որովհետև շատ թեթև էին, ձգվում էին ու այդպես մագլցում վեր։ Քիչ հետո նրանք հաղթահարեցին ժայռի առաջին կեսն ու հասան երկրորդ աստիճանին։ Այստեղից Մանուշն արդեն լավ երևում էր։ ― Սպասի՛ր, Մանո՜ւշ, մենք հիմա կհասնենք քեզ։ ― Ախր ինչո՞ւ, ես ձեզ ասացի, թե ինչ է երևում։ ― Մենակ թե չգիտեմ տնակում ով կա։ ― Իսկ ի՞նչ տնակ է, ― հևալով հարցրեց Ծիպիլին։ ― Փայտից տնակ է, միայն կտուրն է երևում։ ― Լա՛վ, դու սպասիր, ― ասաց Տիմբական և մագլցեց վեր։ Նրան հետևեց Ծիպիլին։ Շուտով հասան Մանուշին, և թե ի՞նչ կատարվեց նրանց հետ, դժվար է նկարագրել։ Մանուշը տեսավ, որ պառավներն ինչ-որ բան են ուզում իրար ասել, բայց միայն շրթունքներն էին շարժվում ու բոլորովին ձայն չէր դուրս գալիս։ ― Ծ-ծ-ծ՛... Ծի՛պ... պիլի՛... ― Տ-տ-տ... Տի՛մ-բա-կա՜... Հետո նրանք տեղից պոկվեցին և խելագարի նման իջան ժայռի հակառակ կողմը։ Մանուշը նույնիսկ վախեցավ, թե կընկնեն ու ջարդ ու փշուր կլինեն։ Բայց չէ, նրանք բարեհաջող ցած իջան ու երբ այլևս չէին երևում, Մանուշը նրանց հետևից ինքն էլ ցած իջավ։ Այստեղ նրա աչքի առաջ բացվեց մի մեծ ու երկար բացատ, իսկ բացատի մյուս ծայրում ճիշտ և ճիշտ ժայռի մոտի տնակի նման մի տնակ էլ կար։ Պառավները վազում էին բացատի միջով դեպի այդ տնակը և այնքան արագ, այնքան ճարպկորեն, որ կարծես ոչ հոդացավ ունեին և ոչ էլ առաջացած տարիք։ Մանուշը մնաց տնակի մոտ և, ա՛յ, քեզ զարմանք, նկատեց, որ տնակը մուտք չունի։ Նայեց դիմացի տնակին, էլի մուտք չուներ։ Մանուշը նայեց աջ կողմից, հետո ձախ կողմից՝ դարձյալ մուտք չկար։ Այս ի՞նչ բան է, զարմացավ նա, մի՞թե կարող է առանց մուտքի տնակ լինել։ Ո՞վ է ապրում ներսում, որտեղի՞ց է մտնում ու դուրս գալիս։ Այնինչ բացատի մյուս ծայրում պառավներն էլի կռվում էին։ ― Ցնդա՛ծ, չես տեսնո՞ւմ, որ սա քո տնակը չէ, ― գոռում էր Տիմբակւսն, ― քո տնակը հյուսիսայինն է։ ― Հետո՞ ինչ, սա հենց հյուսիսային տնակն է, — արդարանում էր Ծիպիլին։ ― Ոչ մի հյուսիսային, սա հարավայինն է։ ― Արի ստուգենք։ — Ծիպիլին նայեց երկնքին։ Ամբողջ երկինքը պատած էր ամպերով և ոչ մի կերպ չէր կարելի իմանալ, թե որտեղ է հյուսիսը, որտեղ հարավը։ ― Չէ, սա իմ տունն է, — պնդեց Նա։ ― Քոնը մյուս կողմն է, այն ժայռի մոտինը, ― չէր զիջում Տիմբական։ ― Ո՛չ, իմը սա է, այս ժայռի մոտինը։ Չես հավատում, արի ստուգենք։ Ներսից իրար նման չեն մեր տները, ես շատ ծղոտ ունեմ, ― ասաց Տիմբական։ ― Դու հո ծղոտի վրա չես քնում։ Քոնը մորթի է։ ― Այդ էր պակաս, որ ծղոտի վրա քնեի։ Արի ստուգենք։ Նրանք վազեցին տնակի մոտ, բայց, ավա՜ղ, մոռացել էին, որ մուտք չկա, որ քանի դեռ կախարդել գիտեին, տնակը մուտքով շուռ էին տվել ժայռի կողմը։ Երբ էսկիմոս տղային փրկելուց հետո նրանք վայրէջք կատարեցին բացատում, դեռ այն ժամանակ չկարողացան տուն մտնել։ Ինչքան փորձեցին, կախարդեցին՝ տնակները շուռ չեկան։ Եվ ինչպես պիտի շուռ գային, երբ պառավները կորցրել էին կախարդելու իրենց շնորհքը։ Այո, հենց դրա համար էլ հեռացել էին բացատից և որովհետև բացատ էին իջել միշտ օդից, մի անգամ արդեն այնտեղից դուրս գալով, ընդմիշտ կորցրել էին վերադարձի ճանապարհը։ Անցել էր երեսուն երկար ու ձիգ տարի։ Իսկ երեսուն տարին քիչ չէ, մանավանդ որ այլևս կախարդ չես, տարիքդ մոտ ինը հարյուր է և տառապում ես կարծրախտով։ Եվ ահա մոռացած ամեն ինչ, նրանք բացատի մի ծայրից մյուսն էին վազում, ընկնում էին, վեր կենում, ճչում, թավալվում։ Ախր հեշտ բան չէ այդքան սպասել նոր տնակի և դեռ մեջը չապրած՝ կորցնել ոչ միայն երազած տնակը, այլև հույսը, թե երբևէ կգտնես այն։ Իսկ Մանուշը զարմացած նայում էր պառավներին ու մտածում. «Սրանք ինչու գժվեցին»։ Սակայն տնակներից մեկի կտուրին նստած Ագռավը չէր զարմանում։ Նա հասկանում էր նախկին կախարդներին։ Գիտեր, թե ինչ է կատարվում նրանց հետ։ Ագռավը թաքուն հույս ուներ, որ շուտով, շատ շուտով ամեն ինչ կվերականգնվի, հույս ուներ, որ պառավները մի բան կմտածեն Մանուշին կործանելու համար, թեև մեկ-մեկ զայրանում էր, որ չեն կարողանում մի հասարակ բանը գլուխ բերել։ Եթե իրեն թողնեին, հիմա այդ երես առած աղջկան անդունդն էր գլորել, բայց եթե նույնիսկ նման բան աներ, ոչինչ չէր փոխվի։ Ըստ կախարդների գերագույն օրենսգրքի, պետք է կախարդներն իրենք չար գործ անեին։ Եվ ահա Ագռավը սպասում էր։ Պառավներին կորցնելով, նա շատ թափառեց անտառում, բայց նրանց չգտավ, դրա հւսմար էլ եկել էր տնակների մոտ, մտածելով, որ վաղ թե ուշ բացատ կգան։ Մանուշը շատ էր շտապում, դրա համար էլ մոտեցավ պառավներին, որոնք հիմա փռվել էին կանաչների վրա, նայում էին երկնքին ու վայելում իրենց բացատը։ Նրանք վայելում էին բացատը, բայց աչքները երկնքին էր, կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկնքին, որտեղ ժամանակին իրենց զգում էին ինչպես ձուկը ջրում։ Իզուր չեն ասում, թե ով մի անգամ արդեն օդում սավառնել է, նրա համար դժվար կլինի հողի վրա քայլելը։ ― Ի՞նչ եք պառկել, քնեցի՞ք, ― մոտենալով պառավներին, հարցրեց Մանուշը։ — Ուշ է արդեն, գնանք։ ― Հը՞...― վեր թռան պառավները։ ― Ինչի՞ց է ուշ... Հաա՜, Ծիպիլի, Մանո՛ւշն է, մեր Մանո՜ւշը, մենք նրա մասին բոլորովին մոռւսցել էինք։ ― Այդ դո՛ւ էիր մոռացել, ― առարկեց Ծիպիլին։ ― Ես հենց հիմա Մանուշի մասին էի մտածում, բայց... չեմ հիշում, թե ինչու էի մտածում։ ― Բա անտառապահի տուն չենք գնո՞ւմ, — հարցրեց Մանուշը։ ― Ի՞նչ անտառապահ... հաա՜, մարդակերի... թո՛ւ, ինչ եմ ասում... Անտառապահի... Հա, է՛լի, անտառապահի, ― Ծիպիլին տնքալով սկսեց ոտքի ելնել։ Իսկ Տիմբական միանգամից վեր թռավ։ ― Էլ ո՞ւր ենք պառկել, ― ասաց նա։ ― Գնացի՛նք։ ― Ղա՜, ղա՜, ղա՜... ― Ագռավը ինչ-որ բան զգալով, թռավ եկավ մոտիկ և սկսեց պտույտներ կատարել նրանց գլխավերևում։ ― Ըհը՛, Փայտահատն էլ հայտնվեց, — ասաց Ծիպիլին։ ― Ի՞նչ Փայտահատ, — Մանուշը զարմացած շուրջը նայեց։ ― Փայտահատն, է՛լի... Հա՛, դու նրան չես ճանաչում... Ագռավը։ Մենք նրան Փայտահատ ենք ասում, հենց այնպես... Լավ անուն չէ՞։ ― Վա՜յ, տատի՛կներ, վա՜յ... ― ծիծաղեց Մանուշը։ ― Մեկ-մեկ այնքա՜ն ծիծաղելի բաներ եք ասում որ... Դե գնանք, ուշանում ենք։ Ու նա շարժվեց առաջ։ ― Այդ ո՞ւր, ― ասաց Ծիպիլին։ ― Դու գնում ես կիրճի կողմը։ Տիմբական թաքուն խփեց Ծիպիլիին. ― Անպետք պառավ, թող գնար ընկներ է՛լի, ինչո՞ւ ես խանգարում։ Իսկ Մանուշն անհամբեր էր. ― Հիմա գնո՞ւմ ենք, թե չէ։ ― Գնո՛ւմ ենք, գնո՛ւմ... Փայտահատի հետևից գնա։ === Բ. Մանուշն ու մարդակերը === Նրանք գնացին Ագռավի հետևից։ Դա այն մացառոտ արահետն էր, որը ժամանակին հայտնաբերել էր Փայտահատը և որի համար պատժվել էր այդքան դաժանորեն։ Նրանք մտան մացառուտ և մեծ դժվարությամբ առաջ շարժվեցին։ Շուրջը կարմրին էին տալիս հասած հաղարջի ճութերը, բայց Մանուշը նրանց վրա ուշադրություն չէր դարձնում։ Նա հուսահատվել էր, մանավանդ որ մացառուտը կարծես թե վերջ չուներ։ Բայց չէ, արդեն մացառուտն անցնում էին։ Թփերը քանի գնում ցածրանում էին և միայն բարձր ծառերն էին հիմա նրանց ուղեկցում։ Շուտով ծառերն ավելի ցանցառ դարձան, և նրանք դուրս եկան մի նեղ ու երկար բացատ։ Տարօրինակ բացատ էր, կարծես թե ծառերը դիտմամբ կտրել էին ու ճանապարհ բացել։ Սակայն մարդկային ոտք այդտեղ չէր կպել, պարզապես ցից-ցից ժայռեր էին իրար հաջորդում և նրանց վրա ծառեր չէին աճում։ Դեռ բացատի կեսը չէին անցել, երբ Ագռավը աղմուկ գցելով սկսեց ցածրանալ։ Հետո նա նստեց Ծիպիլիի ուսին և սկսեց իր ագռավային ձայնով խոսել։ Իհարկե, միայն Ծիպիլին հասկացավ, թե նա ինչ է ասում։ Մինչ Մանուշը զարմացած նայում էր այդքան ձեռնասուն Ագռավին, որին, չգիտես ինչու, Փայտահատ էին ասում, Տիմբական մոտեցավ Ծիպիլիին ու հարցրեց. ― Հը՛, այդ ի՞նչ էր ասում։ Ծիպիլին ավելի մոտ կանչեց Տիմբակային ու այնպես, որ Մանուշը չլսի, ասաց. ― Գա՛յլը... Գա՛յլն է հայտնվել։ ― Ի՞նչ ես ասում։ Ուրեմն Դանդալոշը հեռու չէ։ ― Իսկ եթե... Իսկ եթե Մանուշին գցենք Գայլի ճանկը... ― Ավելի լավ, միայն թե Գայլը, չգիտե՞ս, Մարդակերի սահմաններում այդպիսի բան չի անի։ ― Իսկ ինչ է, մենք արդեն հասնո՞ւմ ենք։ ― Հարցրու քո Փայտահատին, նա ավելի լավ կիմանա։ Բայց Ագռավն արդեն անհայտացել էր։ Ագռավն անհայտացել էր, որովհետև գայլն էլ էր անհայտացել։ Պառավներին ու Մանուշին տեսնելով Գայլը շտապել էր Մարդակերի մոտ՝ լուրը հասցնելու։ Իսկ Մարդակերը սպասում էր իր տան ցանկապատի մոտ և ատամներն էր կրճտացնում։ Ախր ճաշը վաղուց էր անցել, իսկ նա դեռ նախաճաշ էլ չէր արել։ Արդեն հույսը կտրել էր և պատրաստվում էր դուրս գալու մեծ ճանապարհ, որտեղ մարդիկ շատ են լինում, որտեղ, սակայն, ավելի վտանգավոր է իր համար։ Բայց այդ ժամանակ հևալով հասավ Գայլը. ― Գալի՜ս են, երեք հոգի են, — ասաց Գայլը շնչակտուր։ ― Քե՛զ ինչ, ― անտարբեր ասաց Դանդալոշը։ ― Լավը՝ քեզ, վատը՝ ինձ։ Շատը՝ քեզ, քիչը՝ ինձ։ Եթե ես քո օգնականն եմ, մի բան էլ ինձ պիտի հասնի՞, թե չէ։ ― Այդ ե՞րբ եմ ես քեզ օգնական նշանակել։ ― Դե օգնում եմ, չէ՞... Մի բան էլ ինձ պիտի հասնի՞։ ― Միայն ոսկորները, ― կտրեց Մարդակերը։ Գայլը համակերպված ասաց. ― Ինչ արած, սոված ժամանակ ոսկորներն էլ մի բան են։ Իմ ցեղակիցներն իսկի այդքան էլ չեն անում։ ― Քո ցեղակիցնե՜րը... ― ասաց Մարդակերը։ ― Լավ է, որ նրանք քեզ մինչև հիմա չեն կերել։ Քեզ նման քավթառը նրանց ինչի՞ն է պետք, միայն ավելորդ բերան ես։ ― Դրա համար էլ քեզ մոտ եմ եկել, ծառայում եմ, չէ՞... Հո չե՞ս կարող ասել, որ վատ եմ ծառայում։ ― Դե չքվի՛ր... Լավ, սպասիր, ոնց որ գալիս են։ ― Մարդակերը ձեռքը դրեց ճակատին ու նայեց։― Երկուսը պառավ են... Էէ՜... վրաները միայն կաշին ու ոսկորն է մնացել, սրանք միայն ատամ կջարդեն։ Իսկ մյուսը թմբլիկ աղջիկ է։ Բախտդ բերեց գայլ, պառավները՝ քեզ, իսկ փոքրիկը՝ ինձ, գիտես, որ շատակեր Մարդակեր չեմ, քչով էլ եմ բավարարվում։ Համաձա՞յն ես։ Ասենք, քո համաձայնությունն ո՞վ է հարցնողը։ ― Պառավների վրա իսկի բան չկա, ախր... Չէ, ավելի լավ է աղջկա ոսկորները տաս։ ― Չե՛նք երկարացնում, ― ասաց Դանդալոշը։ ― Չենք երկարացնում։ Որ կշտացա՝ ոսկորը կթողնեմ, բայց իմացիր, շատ մատղաշն է երևում, դրա ոսկորներն ավելի համով են... Դե չքվիր, շուտ... Գայլը դուրս եկավ բակից, բայց ցանկապատի հետևում մնաց կանգնած։ Նա տեսավ, թե ինչպես Դանդալոշը մտավ ջրհորը և թաքնվեց այնտեղ։ Եվ տեսավ, թե ինչպես Ծիպիլին, Տիմբական ու Մանուշը մոտեցան ցանկապատին։ Թփերի հետևում պահվելով, գայլն ուզում էր լսել, թե ինչ են ասում։ ― Ահա, հասանք, ― ասաց Ծիպիլին։ ― հենց սա է որ կա, անտառապահի տունն է, ― հաստատեց Տիմբական։ «Հալա այս պառավներին տեսեք, կարծես չգիտեն, որ Մարդակերի տունն է», — իր թաքստոցում մտածեց գայլը։ ― Հաստատ էստեղ կլինեն։ Հիմա անտառապահը լավ-լավ բաներով հյուրասիրում է երեխաներին... Ի՞նչ ես ասում, Տիմբակա, մտնե՞նք, ― հարցրեց Ծիպիլին։ ― Սպասիր մի քիչ հանգստանանք, ես շատ եմ հոգնել. ― ասաց Տիմբական։ ― Ոտքերս ցավում են։ ― Բա ի՛մ, ի՛մ ոտքերն ինչպես են ցւսվում.― ոգևորվեց Ծիպիլին։ ― Իմ ոտքերն էլ են ցավում, մեջքս էլ, դեռ չեմ խոսում գլխիս մասին, գլուխս ուղղակի տրաքվում է։ ― Պարզ է, որ պիտհ հոգնեինք, այդքան քայլե՞լ կիներ, որ մենք քայլեցինք։ ― Ծիպիլին նստեց ցանկապատի մոտի նստարանին։ ― Ես այլևս շարժվել չեմ կարող։ ― Ես էլ, ― սւսաց Տիմբական ու նստեց Ծիպիփի կողքին։ ― Իսկ դո՞ւ, Մանուշ, դու չե՞ս հոգնել; ― Ես չեմ հոգնել, ի՞նչ եմ արել, որ հոգնեմ, ― պատասխանեց Մանուշը։ ― Տես, է՛, չի՜ հոգնել... Ես էլ քո հասակին չէի հոգնում,― ասաց Ծիպիլին։― Մանուշի՛կ, գուցե գնաս տեսնես այնտեղ ե՞ն երեխաները, հը՞։ ― Գնամ տեսնեմ, ― ասաց Մանուշը, բայց մնաց տեղում կանգնած։ Նա նայում էր Մարդակերի տանն ու զարմանում։ «Այս ի՞նչ տեսակի տուն է,― մտածում էր նա։ ― Ոչ պատուհանն է պատուհանի նման, ոչ դուռն է՝ դուռ»։ Եվ, իսկապես, Մարդակերի տան պատուհանները հազիվ մի դդմի չափ լինեին, իսկ դուռը լայն էր, ցածրիկ ու փեղկ չուներ։ Ճիշտ է, դուռը տեղն էր, միայն թե չէր երևում՝ ինչպես պիտի բացվի այդքան լայն դուռը։ Բայց Մանուշի ուշադրությունը գրավեց ուրիշ բան՝ բակում թափված ոսկորները։ Արևի տակ ամենուր չորացած սպիտակ ոսկորներ էին թափված ու տարօրինակ գանգեր էին ցցված ցանկապատի սուր-սուր տախտակների վրա։ Մանուշիկը կյանքում մարդկային գանգ տեսած չկար, դրա համար էլ չհասկացավ, որ դրանք մարդու գանգեր են։ Իսկ տան աշտարակը ավելի տարօրինակ էր։ Ընդհանրապես Մանուշը աշտարակավոր տներ չէր տեսել, ավելի ճիշտ տեսել էր միայն նկարներում։ Բայց այս աշտարակը շատ տարօրինակ էր. երկու անգամ բարձր էր տնից և բոլոր կողմերից բաց, միայն վերևն էր ծածկված ու մեջտեղից մինչև ծածկած հարթակը փայտե սանդուղք էր դրված, որով կարելի էր բարձրանալ այնտեղ։ Մարդակերը, իհարկե, այդպես էլ անում էր։ Բարձրից լավ էին երևում բոլոր ճանապարհները․ և ժամանակին Մարդակերը այդ դիտակետից էր գտնում իր զոհին։ Բայց այն օրվանից, ինչ հայտնվել էր պառավ գայլը, Մարդակերն այլևս որսի չէր գնում։ Նա պառկում և սպասում էր իր զոհին։ Երբ մարդիկ էին հայտնվում անտառում, Գայլն անմիջապես լուր էր բերում նրան։ Իսկ Գայլը ոհմակից դուրս արած գայլ էր։ Ըստ գայլային օրենքի նրան վաղուց յուրայինները կերած պիտի լինեին, քանի, որ այդքան պառավ գայլը այլևս միայն ուտող բերան էր և մյուսներին ոչ մի օգուտ չէր տալիս։ Երբ պառավ, բայց փորձված գայլը զգաց, որ այլևս ոհմակի մեջ մնալ չի կարող, փախավ ու այդ օրվանից միայնակ կյանք էր վարում։ Ու մի օր էլ, երբ սոված, սնգսնգալով անցնում էր այս կողմերով, տեսավ բակում թափված ոսկորները։ Ինչ խոսք, միայն նոր կերած ոսկորների վրա կային մսի կտորներ, բայց դա էլ բավական էր, որ Գայլն իր ճակատագիրը կապեր Մարդակերի հետ։ Իսկ Մանուշը նայում էր այդ զարմանալի տանը և մտածում, թե ինչքան տարօրինակ մարդիկ են անտառապահները, որ իրենց տունը զարդարում են գանգերով։ ― Հը , Մանուշիկ, չե՞ս ուզում գնաս տեսնես ընկերներդ ներսո՞ւմ են, թե չէ, ― ասաց Ծիպիլին։ ― Հա, Մանո՛ւշ, որ չես հոգնել, գնա, տես։ Մանուշը կարծես քնից արթնացավ։ ― Գնում եմ, ― ասաց նա ու մտավ բակ։ Մինչև տանը հասնելը նա անցավ բարձր խոտերի միջով։ Ժամանակ առ ժամանակ նրա ոտքը կոշտ բանի էր դիպչում, ու նա տեսնում էր, որ դրանք էլի ոսկորներ են։ Պառավ կախարդները լարված հետևում էին Մանուշին ու սպասում, թե որ կողմից դուրս կգա Մարդակերը։ Դանդալոշին լավ գիտեին նրանք, համոզված էին, որ հիմա ուր որ է դուրս կթռչի, կբռնի Մանուշի թևից ու կտանի տուն։ Մանուշը մոտեցավ դռանը և իսկապես չկարողացավ բացել։ Ասենք, չէր էլ հասկանում, թե ինչպես բացի դուռը։ Այնպես էր թվում, թե դուռը ընդմիշտ փակված է տախտակով։ Աղջիկը հետ նայեց և տեսավ ցանկապատին կպած պառավներին։ Սրանք ձեռքով ցույց տվեցին, թե պետք է անցնի տան հետևը, և Մանուշը խոտերի միջով անցավ տան հետևը։ ― Հանկարծ ու տանը չլինի, — ասաց Ծիպիլին։ ― Ո՞ւր պիտի գնա, մի տեղ պահ է մտել, ― ասաց Տիմբական։ Այդ ժամանակ նրանք հետևից խշխշոց լսեցին։ Կարծեցին Մարդակերն է, բայց հանկարծ նրանց դեմ դուրս եկավ Գայլը։ ― Այստե՞ղ եք, անպիտան պառավներ, — ասաց նա։ ― Ինչո՞ւ ենք անպիտան, ― բողոքեց Ծիպիլին։ ― Բա ի՞նչ եք, որ անպիտան չեք։ Ձեզ վրա ուտելու ի՞նչ կա... Բացի այդ՝ դուք թունավոր եք, — գայլը ոտից գլուխ տնտղեց պառավներին։ — Չէ, դուք ուտելու բան չեք։ ― Մենք ուտելու բան չենք, ճիշտ է, ― ասաց Ծիպիլին։ ― Իմ ոսկորը, օրինակ, հազար տարվա ոսկոր է։ Բայց մեզ մոտ մի այնպիսի ուտելիք կա որ... տեսնես՝ բերանիդ ջուրը կգնա։ Գայլը, շրթունքները լիզելով, ասաց. ― Տեսել եմ, ի՛նձ ինչ, Դանդալոշի աչքը լույս։ ― Բա ո՞ւր է, չի երևում... Մենք հենց նրա համար ենք բերել... Բայց սպասիր, գուցե դու ուտես, հը , դու ինչ պակաս ուտող ես որ, ― ասաց Տիմբական։ Գայլը գլուխն օրորեց։ ― Կուտեմ, ո՜նց չէ... Հրեն ջրհորում է։ Առավոտվանից էլ բան չի կերել, այնպես որ վախենում եմ իսկի ոսկորն էլ ինձ չթողնի։ ― Ես ախր գիտեմ այդ խորամանկին... Նա վաղուց է մեզ տեսել ու թաքնվել, ― Ծիպիլին մատը տնկեց ու ավելացրեց. ― Ես ի՞նչ էի ասում, Տիմբակա, Դանդոլոշի ձեռքից Մանուշը չի պրծնի։ ― Կպրծնի, թե չի պրծնի, այդ դեռ հարց է, իսկ Գայլը կա ու կա։ Կանչենք Մանուշին, թող Գայլը ուտի, ― ասաց Տիմբական՝ ոչ այնքան Գայլի մասին մտածելով, որքան հաստատ առիթը ձեռքից բաց չթողնելու համար։ ― Չէ՛, չէ՛, չէ... հետո Մարդակերի ձեռքից չեմ պրծնի։ Չէ՜, ես նրա հետ չեմ թշնամանա։ Նա մեկ-մեկ ոսկորները ինձ է տալիս... Կուշտ եղած ժամանակ պատահել է, որ մսի կտորներ էլ է տվել։ Այդ ժամանակ Մանուշը տան հետևից դուրս եկավ։ Նա մի տեսակ շփոթված էր, հուսահատված։ Բավական չի, որ մուտքը չէր գտել, նաև համոզվել էր, որ տանը մարդ չկա։ Եթե երեխաներն այդտեղ լինեին՝ ձայները հո՞ կլսվեին։ Նա քայլերն ուղղեց դեպի ցանկապատը և հենց այդ ժամանակ էլ լսվեց Ագռավի ձայնը։ Բանից պարզվում է, որ նա վաղուց էր այստեղ և ծվարած Մարդակերի տան աշտարակի վրա սպասում էր, թե ինչով կվերջանա պառավների փորձը։ Ախր նրա համար էլ սա վերջին հույսն էր։ ― Ղա՜, ղա՜, ղա՜, — ասաց Ագռավը։ Ջրհորի կափարիչը մի կողմ գնաց, ու Մարդսւկերը գլուխը դուրս հանեց։ ― Դե, մենք գնացինք, ― ասաց Տիմբական։ ― Էլ մենք այստեղ անելիք չունենք։ ― Գնա՛նք, գնա՛նք, քանի դեռ մեզ չի տեսել։ Գայլն արդեն պոչը քաշել հեռացել էր։ Պառավներն էլ պահվեցին ծառերի հետևում, մնաց միայն Ագռավը աշտարակի վրա և իր սուր հայացքով նայում էր, թե ինչ է լինելու։ ― Վա՜յ, քեռի, ես քիչ էր մնում քեզ չտեսնեի, ― ուրախ ասաց Մանուշը Մարդակերին տեսնելով։ ― Լավ արեցիր, որ տեսար,― ժպտալով ասաց Մարդակերն ու ջրհորից դուրս եկավ.― Արի, արի գնանք տուն։ ― Սպասիր, քեռի, դեռ սպասիր։ Այս կողմերը մարդ չի՞ եկել, այստեղով մարդ չի՞ անցել, ― հարցրեց Մանուշը ձեռքը Մարդակերից ազատելով։ ― Ի՞նչ... գալը կարող է եկած լինեն, բայց չէ, անցնելը՝ չեն անցել։ Հա՛, հա՛, հա՛, անցնե՜լ, ― քահ-քահ ծիծաղեց Դանդալոշը։ ― Իմ ձեռքից մարդ կպրծնի, որ անցնի։ ― Մի տղա ու մի աղջիկ, այսպես, ինձ նման, ― շարունակեց Մանուշը։ ― Քեզ նմա՞ն... Հա, քեզ նմաններին ես շատ եմ սիրում, մանավանդ ընթրիքին... Հեշտ եք մարսվում, հա՛, հա՛, հա՛... Մարդակերը նորից սկսեց ծիծաղել։ Իսկ Մանուշը իսկի չհասկացավ էլ, թե ինչ է ուզում ասել Մարդակերը։ ― Ի՞նչ, ի՞նչ, լավ չլսեցի, քեռի։ ― Արի մոտիկ՝ կլսես, — ասաց Դանդալոշը, ― արի գնանք տուն։ ― Ես մենակ չեմ, քեռի, ― Մանուշը շրջվեց և զարմանքով նկատեց, որ պառավները չկան։ ― Վա՛յ, էս ո՞ւր գնացին։ ― Ո՞վ ուր գնաց, ― հետաքրքրվեց Դանդալոշը։ ― Տատիկները... Այստեղ երկու տատիկ կային։ ― Աա՜... նրանց դարդը քեզ չեն տվել, դու քո մասին մտածիր։ ― Քեռի, ես մոլորվել եմ անտառում, ինձ տուն կտանե՞ս, ― հարցրեց Մանուշը, վստահ, որ անտառապահ քեռին այդպես էլ անելու է։ Եվ որքան եղավ նրա զարմանքը, երբ Մարդակերը պատասխանեց. ― Չէ՜ մի, տուն տանեմ։ Հիմա՞ր եմ, ի՛նչ է։ Մանուշը մոտեցավ, գրկեց Մարդակերի ոտքերը։ ― Չէ, քեռի, ինձ տուն տար, խնդրում եմ։ Մարդակերը նրան կոպտորեն հրեց. ― Հապա մի ինձ լավ նայիր, անխելք աղջիկ, նայի՛ր, տես, թե ով եմ ես։ ― Նայել եմ, քեռի, ― ծիծաղեց Մանուշը։ ― Երևի այնքան էլ լավ չես նայել, եթե չես տեսնում, ― ասաց Մարդակերը։ ― Դու գիտե՞ս, որ ճիշտ ժամանակին Ես եկել, ես հիմա քեզ ուտելու եմ, քանի որ դեռ ոչինչ չեմ կերել... Քաղցած եմ, հասկանո՞ւմ ես։ ― Վա՜յ, քեռի, դո՞ւ էլ իմ պապիկի նման ես։ Նա էլ է միշտ ասում՝ ուտե՛մ քեզ... Բայց մինչև հիմա դեռ ոչ մի անգամ չի կերել։ ― Պապիկդ չի կերել, ե՛ս կուտեմ։ ― Վա՜յ, քեռի ջան, ինչ լավ, ինչ կատակասեր քեռի ես։ Որ այդպես է՝ օգնիր ընկերներիս գտնեմ, կորցրել եմ անտառում։ Մարդակերի համբերությունը հատավ։ ― Լսիր, աղջի՛կ... Ականջներդ լայն բաց արա ու լսիր ինձ, տեսնում եմ, որ աչքերիցդ խեղճ ես, կարգին չես տեսնում։ Դանդալոշի մասին լսած կա՞ս։ ― Դանդալո՞շի... Դանդալոշը մարդակեր է։ Մայրիկիս հեքիաթներում եմ լսել։ ― Ահա տեսա՞ր... Ես հենց Մարդակերն եմ, հիմա քեզ ուտելու եմ, իմացա՞ր։ ― Վա՛յ, քեռի, ինչքան անհասկացող ես.. Դանդալոշը հեքիաթների մեջ է լինում։ Ու Մանուշն սկսեց ծիծաղել։ Ուղղակի ծիծաղից թուլանում էր։ ― Մի հարցնող լինի, ո՞ւմ վրա ես ծիծաղում, քեզ վրա՞։ Սրան տես, ես ասում եմ ուտելու եմ իրեն, իսկ ինքը, այս անպիտանը, ծիծաղում է։ ճիմւս քեզ կուտեմ, կտեսնես։ Մանուշն այս խոսքերից, կարծես, ավելի ուրախացավ և վեր-վեր թռչելով ասաց. ― Չե՛ս ուտի, չե՛ս ուտի, չե՛ս ուտի... Մարդակերը մի պահ զարմացած նայեց Մանուշին, ապա ասաց. ― Այդ ո՞նց է, որ չեմ ուտի։ Լավ էլ կուտեմ, հալա վրայիցդ էլ սառը ջուրը կխմեմ, ա՛յ, այն ջրհորից։ Մանուշը ծիծաղից թուլացել էր. ― Չէ, քեռի, ես այստեղից չեմ գնա, քեզ հետ շատ ուրախ կլինի։ Մարդակերը մատով ցույց տվեց իր քունքը։ ― Քո էստեղը, ինչպես տեսնում եմ, դատարկ է։ Ինչո՞ւ ես ծիծաղում։ ― Ախր քեռի, ― ծիծաղի մհջից ասաց Մանուշը, ― էնպես թան ես ասում, որ մարդու ծիծաղ է գալիս... Ուտեմ, հա՛ ուտեմ... Ուզո՞ւմ ես, հաղարջ բերեմ, կեր։ ― Ախր հաղարջը ի՞նչ է, որ ուտեմ, Ես մարդակեր եմ, ― ջղայնացավ Դանդալոշը։ Մանուշը սկսեց նորից ծիծաղել։ ― Դու ծիծաղում ես, հա՞․․. Դե լավ, գնացինք։ Մարդակերը բռնեց Մանուշի թևից ու նրան տարավ տուն։ Հասցրեց փակ դռան մոտ ու բռնակից քաշելով, հանգիստ բաց արեց դուռը։ Մանուշը հասկացավ, որ ինքը սխալ էր անում, երբ բռնակը դեպի իրեն էր քաշում, հարկավոր էր կողքի վրա տանել։ Մարդակերը դուռը բացեց, ու նրանք ներս մտան։ Հենց որ ներս մտան Ագռավն ուրախ սկսեց «ղա՜-ղա՜» անել ու թռավ դեպի պառավները, որ կաղնու մոտ նստած սպասում էին։ Ագռավը թռավ նստեց Ծիպիլիի ուսին ու շարունակեց իր «ղա՜-ղա՜-ն»։ Ինչպես գիտեք, Ագռավի լեզուն միայն Ծիպիլին էր հասկանում։ Սա շուռ եկավ դեպի Տիմբական ու ասաց. ― Մանուշին ներս է տարել։ ― Ուրեմն՝ վերջ. ― ասաց Տիմբական։ ― Ինչպես թե՝ վերջ, ի՞նչ ես ուզում ասել։ ― Դե հիմա Մանուշին կուտի, է՛լի, ի՞նչ դմբոն էս եղել, մի՞թե չես հասկանում։ Ծիպիլին ոտքի ելավ։ ― Ո՞նց թե․.․ Ուրեմն առանց Մանո՞ւշի պիտի մնանք։ ― «Առանց Մանուշի պիտի մնանք»... ― Ծիպիլիի տնազն արեց Տիմբական. ― Իսկ դու չլինի՞ էլի խղճացիր։ ― Չէ, ի՞նչ ես ասում... Միայն թե մեղք էր։ ― Հրեն խղճում ես է՛լի, ի՞նչ ես ծռմռվում։ ― Ե՞ս, ե՞ս եմ խղճում... Ուտում է՝ ուտի, ինչո՞ւ պիտի խղճամ։ ― Ոնց թե ուտում է՛ ուտի, ― զայրացավ Տիմբական։ ― Հը՛, հիմի էլ դո՞ւ ես խղճում... Բռնվեցի՞ր... ― Ես չեմ խղճում... չե՛մ խղճում... ― պնդեց Տիմբական, հետո ավելացրեց. ― Լսիր, Ծիպիլի, ուր մնացին մեր ցախավելները։ Բա որ ուտի, ո՞նց պիտի փորձենք մեր շնորհքը։ ― Հրեն, էն նոր սարքածը ծառի տակ ընկած է... Այսքան ժամանակ հետս քարշ էի տալիս։ ― Ապրես դու, Ծիպիլի, կարգին խելոք պառավ ես եղել, չեմ իմացել։ Իսկ Մանուշն այդ ժամանակ Մարդակերի դռնից ներս մտնելով, շեմքի մոտ կանգ առավ և զարմացած նայեց շուրջը։ Ամեն ինչ այստեղ անսովոր էր, անսպասելի։ Հատակին ոսկորներ էին թափված, պատերից կախված էին շամփուրներ, զանազան տեսակի խարտոցներ, պարաններ։ Թարեքների վրա շարված էին թակարդներ, զանազան մեծության կաթսաներ։ Անկյունում մի մեծ սնդուկ էր դրված, իսկ կենտրոնում օջախ կար՝ մի մեծ կաթսա վրան։ Մի հասքով, ներսում ամեն ինչ այնպես էր, ինչպես պետք է լիներ Մարդակերի տանը։ ― Օյ, ինչ հետաքրքի՜ր է... ― ասաց Մանուշը շուրջը նայելով։ ― Հիմա տեսա՞ր, թե ուր ես ընկել... Թե չէ ծիծաղում ես, հա ծիծաղում, ոնց որ խելքից պակաս լինես, ― ասաց Մարդակերը։ ― Թե ուզում ես, որ չծիծաղեմ, ծիծաղելի բաներ մի ասա, քեռի, ― լրջանալով ասաց Մանուշը։ ― Պստիկ ես, բայց լեզուդ շատ է երկար, — շարունակեց Մարդակերը։ ― Հիմա տես, թե ինչ է լինելու։ ― Նա մոտեցավ և պատից կախված շամփուրներից մեկը վերցրեց, ձեռքում լավ տնտղեց, միաժամանակ աչքը չկտրելով Մանուշից։ Եվ ըստ երևույթին որոշեց, որ շամփուրը հարմար չի, կախեց տեղում, վերցրեց մի ուրիշ, ավելի երկար շամփուր. ― Այ, հիմա քեզ կքաշեմ այս շամփուրի վրա ու կխորովեմ։ Ես խորոված շատ Եմ սիրում։ Մանուշը նորից ծիծաղեց։ ― Մարդակեր քեռի,― ասաց նա, ― ի՛նչ կատակասեր, ի՛նչ ուրախ քեռի ես։ ― Ըհը՜, արդեն քեզ համար մարդակեր դարձա, չէ՞։ ― Դե որ դու ասում ես մարդակեր ես, դրա համար էլ մարդակեր եմ ասում։ ― Ս՛արդակեր եմ, ուրեմն մարդ պիտի ուտեմ, հասկացա՞ր, ― ասաց Մարդակերը, շամփուրը վեր բարձրացնելով։ ― Ուրիշ բաներից իմ սիրտը խառնում է։ Իմ կերածը միայն մարդ է։ ― Եվ քանի որ Մանուշը մի խորամանկ ժպիտ դեմքին թերահավատությամբ նայում էր Դանդալոշին, հարցրեց։ ― Ինչ է, չե՞ս հավատում։ ― Ինչպե՞ս կարող եմ չհավատալ, ― նույն խորամանկ ժպիտը դեմքին ասաց Մանուշը, իբր թե դու. կատակ ես անում, ես էլ պակաս կատակասերը չեմ։ — Դու մեծ ես, իսկ մեզ սովորեցրել են, որ մեծերը սուտ չեն խոսում։ ― Հը, ― Դանդալոշն սկսեց հասկանալ, որ աղջիկն իրեն ձեռ է առնում։ ― Էլ ի՞նչ «հը», ― ծիծաղեց Մանուշը։ ― Որ հավատում ես, էլ ինչո՞ւ ես ծիծաղում։ ― Բա ի՞նչ անեմ, որ չծիծաղեմ։ ― Լաց եղիր, — լրջորեն ասաց Դանդալոշը։ ― Նման դեպքերում երեխաները միշտ լաց են լինում, օգնություն են կանչում։ Մանուշը տեսնելով, որ Դանդալոշը շարունակում է կատակը, որոշեց ինքն էլ շարունակել նույն ոգով, նա ձեռքերը մոտեցրեց աչքերին և սկսեց լացի տնազ անել. ― Հո՛ւ, հո՛ւ, հո՛ւ... Ես վախենո՜ւմ եմ, ես լալի՜ս եմ, օգնությո՜ւն, օգնությո՜ւն, ինձ ուտո՜ւմ են... ― Դա ինձ ձեռ ես առնում, հա՞։ Դե լավ. հիմա կտեսնես... Բավական է, ինչքան քեզ հետ կատակ արեցի։ Նա բաց արեց սնդուկը, հանեց կոտրված հայելու մի մեծ կտոր ու հարմարեցնելով սնդուկի վրա գնաց և թարեքից վերցրեց մի խարտոց։ ― Տեսնո՞ւմ ես, սա ինչ է։ ― Տեսնում եմ... Իմ հայրիկն էլ խարտոց ունի։ Դրանով նա կացին է սրում։ ― Իսկ ես սրանով ոչ թե կացին, այլ ատամ եմ սրում, հիմա կտեսնես։ Նա նստեց հայելու առաջ և բերանը բացելով, սկսեց ատամները սրել։ Մանուշը հետաքրքրված մոտեցավ և ուշադիր նայելով Դանդալոշին համոզվեց, որ սա իսկապես ատամներն է սրում։ ― Ինչ հետաքրքի՜ր է... Ես այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում, ― ասաց Մանուշը։ ― Ապա ինչ-որ բան հիշելով, լրջորեն ավելացրեց, ― Քեռի, որ քո ատամները սրես պրծնես, իմն էլ սրիր, թե չէ այնպես են բթացել, որ կաղինն ինչ է, չեմ կարողանում կոտրել; Մարդակերը խարտոցը մի կողմ շպրտելով, ոտքի ելավ. ― Չէ, դու իսկապես ցնդած աղջիկ ես։ ― Ինչո՞ւ, քեռի, ես սուտ չեմ ասում, հապա նայիր, ատամներս լրիվ բթացել են։ Մայրիկն ասում է քաղցր շատ եմ ուտում, դրանից է, ― լրջորեն բացատրեց Մանուշը, հետո մատը բերանը մտցնելով, այտը ետ տարավ ու ատամները ցույց տվեց Մարդակերին։ ― Տե՛ս, քեռի, նայիր ինչքան են բթացել։ ― Լա՛վ, շատ խոսեցինք... ― Մարդակերը երկար շամփուրը վերցրեց, ծանր ու թեթև արեց։ ― Հիմա կտեսնես... Շատ ես բլբլում, բայց որ քեզ հագցնեմ այս շամփուրին, այն ժամանակ կհասկանաս... Կհասկանաս, լաց էլ կլինես, օգնություն էլ կկանչես... Հիմա՛, հիմա՛։ Սակայն մարդակերը շամփուրը ձեռքին մի պահ կանգնած մնաց և մտածմունքի մեջ ընկավ։ ― Չէ՜, շուտով երեկո կլինի, խորոված միս որ ուտեմ, էլի ամբողջ գիշեր այրուցքից չեմ կարողանա քնել, ― ասաց Դանդալոշը։ ― Ավելի լավ է քեզ խաշած ուտեմ, խաշլամայից այրուցք չեմ ունենում։ Մանուշն անկեղծորեն ուրախացավ։ Նա առավոտվանից ոչինչ չէր կերել և ուտելիքի մասին այսքան խոսելուց հետո ուժեղ քաղց զգաց։ Քանի որ ամենևին էլ չէր հավատում, թե խոսքը իսկապես իրեն է վերաբերում, ուստի վեր-վեր թռչելով ասաց. ― Հա՞, քեռի, խաշած ավելի լավ է, ես էլ եմ խաշած սիրում։ Մարդակերը ապշած նայեց Մանուշին. ― Ի՞նչն ես խ-խաշած ս-սիրում։ ― Ինչ որ դու ես ուզում... ― Մանուշը նորից ծիծաղեց։ ― Խաշածը համով է, մանավանդ պղպեղով, լոլիկով, — ու նորից ծիծաղեց։ Իսկ Մանուշի ծիծաղը այնքան զրնգուն էր, այնքան անմիջական ու վարակիչ, որ Մարդակերն ինքն էլ սկսեց ծիծաղել։ Հետո հանկարծ հասկացավ, որ ծիծաղելու պատճառ չունի ու լրջանալով, ասաց. ― էլի՛ ծիծաղո՞ւմ ես... Ծիծաղի՛ր, ծիծաղի՛ր, ծիծաղելը հետո կտեսնես... ― նա սկսեց փայտ դնել օջախին։ — Տեսնենք, թե փորիս մեջ ինչպես կծիծաղես։ Մանուշն ավելի ուժգին ծիծաղեց։ Ծիծաղում էր ու նայում շուրջը, նայում էր Մարդակերի տարօրինակ իրերին, նայում էր կեղտոտ հատակին ու մտածում, թե ինչ փնթի մարդ է անտառապահ քեռին։ Դե Մանուշն համոզված էր, որ Մարդակերն անտառապահն է։ ― Օ՜յ, էս ինչ շատ ոսկոր կա այստեղ... ― շուրջը նայելով ասաց Մանուշը։ ― Վերջապես աչքերդ բացվեցին... ― ասաց Մարդակերը։ ― Դրանք բոլորն էլ քեզ նմանների ոսկորներն են... Չէ, ի՛նչ եմ ասում, դրանք մեծահասակներ են։ Քեզ նմաններին ես ոսկորներն էլ հետն եմ ուտում՝ կը՛րճ, կը՛րճ.. Ո՜ւխ, ախր շատ համով եք դուք՝ մատղաշներդ... Մանուշն ուշադրություն չէր դարձնում Մարդակերի խոսքերին։ Նա իսկապես քաղցած էր և շտապում էր, որ անտառապահը որքան կարելի է խաշլաման շուտ պատրաստի, դրա համար էլ մոտեցավ օջախին և սկսեց փայտ դնել կրակին։ ― Այդ ի՞նչ ես անում, անխելք աղջիկ, — ասաց Մարդակերը։ ― Չե՞ս տեսնում, կրակն եմ թեժացնում։ ― Ախր ինչի՞ համար։ ― Ինչպես թե՝ ինչի, ― զարմացավ Մանուշը։ ― Որ ջուրը շուտ տաքանա, պարզ չէ՞։ ― Ջուրը շուտ տաքանա, որ քեզ շո՞ւտ ուտեմ։ ― Էէ՜, հերիք է կատակ անես, քեռի, ավելի լավ է գնաս փայտ կոտրես, տեսնում ես՝ փայտը վերջանում է։ Մարդակերը շատ երեխա էր կերել։ Ոմանք ուշաթափվում էին վախից, ոմանց սիրտը տեղնուտեղը պայթում էր, ոմանք էլ անտանելի ճղճղոց էին գցում, լաց ու. կոծ։ Բայց սրա նմանը չէր պատահել։ Եվ նա բերանը բաց նստեց սնդուկի վրա և ակնապիշ նայեց աղջկան։ Իսկ աղջիկը, տեսնելով որ նա նստել է, մոտեցավ ու ծիծաղելով հրեց Մարդակերին։ ― Ի՞նչ ես շշմել նստել, վեր կաց, գնա փայտի... Դե վե՛ր կաց, ծույլիկ, վեր կաց, ասում եմ, շո՛ւտ... ― Գ-գիտես ինչ, անպիտան ա-աղջիկ... Մեկ էլ ո՞վ պիտի փայտ ջարդի.․. ավելի լավ է ես քեզ հում-հում ուտեմ... Էդպես ավելի լավ կլինի, թե չէ մինչև փայտ ջարդեմ այնքան կխոսես, որ ախորժակս կփակվի... Հա, է՛լի, ավելի լավ է հում-հում ուտեմ։ ― Չե՛ս ուտի, չե՛ս ուտի, ― նորից ծիծաղելով ասաց Մանուշը։ ― Ախր ինչո՞ւ չպիտի ուտեմ, ի՞նչ է պատահել որ։ Ատամներս տեղն են, նոր էլ սրել եմ, ախորժակ ունեմ, առավոտվանից էլ դեռ մի բան չեմ կերել։ Ինչո՞ւ պիտի չուտեմ, հիվանդ հո չեմ... Այ հիմա կտեսնես... ― Չե՛մ տեսնի... ... Իսկ դրսում անհանգիստ էին։ Քաղցած Գայլի բերանի ջրերը գնում էին, այլևս չէր համբերում։ Նրա բոլոր հաշիվներով Մարդակերը աղջկան վաղուց պիտի կերած լիներ։ Նման դեպքերում նա դուրս էր գալիս տանից ու մտնում ջրհորը։ Այդպես էր Մարդակերը, մտնում էր ջրհորը, բերանը լվանում և հենց այնտեղ էլ հատուկ հարմարանք էր սարքել, մի փոքր նիրհում էր, դրանից հետո դուրս էր գալիս և ամբողջ գիշեր թափառում անտառում, մինչև որ մյուս օրվա համար ուտելիք էր ճարում։ Գայլը Մարդակերի սովորությունը լավ գիտեր և ահա զարմացել էր, որ այդքան ուշանում է, ավելին՝ հետաքրքրությունից այրվում էր, ուզում էր մոտենալ, պատուհանից ներս նայել, բայց վախենում էր։ Պակաս անհանգիստ չէին կախարդները։ Այսինքն, նրանք կաղնու տակ նստած, աչքերը հառել էին Մարդակերի տանը և սպասում էին... Համոզված էին, հենց որ Մարդւսկերը Մանուշին ուտի, նորից չար կախարդներ կդառնան։ Բայց այնքան հոգնած էին, որ տեղն ու տեղը քնեցին։ Երազում նրանք թռչում էին՝ ցախավելներին հեծած թռչում էին անտառի իրենց բացատի վրայով, ինչպես այն երանելի օրերին, երբ դեռ գիտեին կախարդել, կերպարանափոխվել և կերպարանափոխել։ Հետո միանգամից էլ արթնացան։ Սկզբում չէին հասկանում, թե որտեղ են, հետո երբ տեսան Մարդակերի տունը, ամեն ինչ հիշեցին։ ― Ծիպիլի, դեռ չի կերել Մանուշին, ― ասաց Տիմբական։ — Էս ինչո՞ւ չի ուտում։ ― Իսկ ի՞նչ գիտես, որ չի կերել։ Գուցե արդեն կերել է, ― ասաց Ծիպիյհն։ ― Ցախավելն ո՞ւր է, արի փոոձենք։ ― Մոռացե՞լ ես, որ ցախավելը օծած չի։ ― Տես է՛, ես այդ մասին բոլորովին մոռացել էի։ — Տիմբական մի տեսակ խեղճացած էր ու շփոթված։ Նա կուչ եկավ ու հենվեց կաղնուն։ Ծիպիլին գլուխը դրեց Տիմբակայի ուսին ու հենվեց։ Տիմբական աչքերը ոլորեց նրա վրա, բայց ոչինչ չասաց։ Նա հիմա ինքն էլ հարազատի կարիք ուներ։ Իսկ Ծիպիլիից բացի էլ ի՞նչ հարազատ ուներ։ Ճիշտ է, կռվում էին, վիճում, տեղն ընկած ժամանակ իրար չանչում էին, կծում, բայց էլի իրարից չէին բաժանվում։ Վերջին հաշվով, մի քանի հարյուր տարվա մտերմություն ունեին, էլ չխոսենք այն մասին, որ կախարդելու ունակությունը կորցնելուց հետո առանց մեկ-մեկու չէին կարող ապրել։ Այդպես նրանք մնացին նստած ու աչքերը չէին կտրում Մարդակերի տան դռնից։ Սակայն ոչ Գայլը, ոչ կախարդները այնքան անհամբեր չէին, որքան Ագռավը, որը նստած Մարդակերի տան աշտարակին, ամեն ինչ լսում էր ու գիտեր, որ Մանուշը դեռ կենդանի է։ Միայն մի բան չէր հասկանում Ագռավը։ Այդ ո՞նց է, որ Մանուշը ծիծաղում է, ախր Մարդակերի ձեռքն է ընկել, իսկ բոլորին հայտնի է, թե մարդակերները ինչ են անում նման դեպքերում։ Ագռավը նստած աշտարակի վրա, մտածում էր, որ մոտենում է ժսւմը, երբ ինքը նորից մարդկային կերպարանք կստանա ս. վերջապես կվերադառնա տուն, կնոջ ու երեխաների մոտ։ Ու նա իր բախտին չէր հավատում։ Մի՞թե իսկապես հասել է այդ օրը։ Ի՞նչ խոսք, ուրախ էր նա, բայց չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ։ Մի բան կւսր, որ թույլ չէր տալիս նրան մինչև, վերջ ուրախանալու, զգում էր, որ այնտեղ, իր ներսում ինչ-որ բան ցավեցնում է սիրտը։ Նա մտածում էր այն մասին, թե ինչ գնով է ստանում իր մարդկային կերպարանքը, որին այդքան ձգտում էր երեսուն տարվա ընթացքում։ Ճիշտ է, իր կինն ու երեխաները, որոնք մեծ մարդիկ են դարձել արդեն, անշուշտ շատ կուրախանան, բայց ի՞նչ կլինի Մանուշի ծնողների վիճակը, որոնք մնալու են առանց մինուճար աղջկա։ Ահա այսպիսի մտքեր էին համակել Ագռավին, երբ նա Մարդակերի տան աշտարակին Նստած սպասում էր։ Մի պահ նրա մտքով անցւսվ նույնիսկ օգնել Մանուշին, բայց դե ինքն էլ էր հասկանում, որ դա անհնար է, որ ինքը անզոր է օգնելու դժբախտ աղջկան։ Եվ նա իր կլոր, սառած աչքերով անհանգիստ նայեց շուրջը, կարծես օգնություն էր սպասում որևէ տեղից, բայց գիտեր, որ ծառի տակ կուչ եկած պառավներից ու տան ետևում պահված Գայլից բացի, ոչ ոք չկա, իսկ նրանք ոչինչ անել չէին կարող, էլ չխոսենք այն մասին, որ բոլորովին էլ չէին ուզենա օգնել խեղճ աղջկան։ Բայց Մանուշն այդ ժամանակ իրեն իսկի էլ դժբախտ չէր զգում։ Ճիշտ է, նա քաղցած էր ու մտածում էր իր կորած ընկերների մասին, բայց Մարդակերին տեսնելով արդեն հանգստացել էր, կարծում էր, թե անտառապահը կօգնի, որ ընկերները գտնվեն ու իրենց դուրս կբերի անտառից ― Չէ, էս աղջիկն ինձ կգժվեցնի, ― ասաց Մարդակերն ու սնդուկից ցած թռավ։ ― Հիմա ես քեզ կբռնեմ ու կուտեմ։ ― Չե՛ս ուտի, ― Մանուշը խույս տվեց։ Իսկ Դանդալոշը ամանները շուռ տալով ընկավ նրա հետևից։ Այ թե բռնոցի էր, հա՜․․. Հսկւս, անճոռնի Դանդալոշը փորձում էր բռնել թեթև ու արագաշարժ աղջկան, և դա նրան չէր հաջողվում։ Մանուշը հանգիստ անցնում էր իրերի արանքով, թռնում բարձրանում էր սնդուկների վրա, մի անգամ նույնիսկ բարձրացավ թարեքներից մեկին, և երբ Դանդալոշը մի կերպ աթոռներն ու օջախի վոայի ջրով լի կաթսան շուռ տալով հասավ թարեքի տակ, և թվում էր, թե աղջիկը այլևս փախչելու տեղ չունի, Մանուշը, ցույց տալով պատուհանը, հարցրեց «Վայ, այն ի՞նչ է»։ Երբ Դանդալոշը շուռ եկավ նայելու, Մանուշն արդեն ցած էր թռել և հայտնվել տան մյուս անկյունում։ Ո՛չ, այս անգամ Մանուշը խորամանկություն չէր անում, նա իսկապես պատուհանի առաջ ինչ-որ կերպարանք էր տեսել։ Իսկ դա Գայլն էր, որ աղմուկ լսելով ուզում էր տեսնել, թե ինչ է կատարվում ներսում։ Մինչ Մարդակերը կկողմնորոշվեր, ոտքը սայթաքեց ու վայր ընկավ; Երբ ոտքի ելավ՝ տեսավ պատուհանի մոտ կանգնած Գայլին ու կատաղած սկսեց նրա վրա շպրտել ձեռքն ընկած առարկաները։ ― Ի՞նչ ես դու էլ ցցվել պատուհանի մոտ, կորի՛ր այստեղից, քաֆթառ անպետք։ Բայց Գայլը չհեռացավ։ Նա տեսնում էր, որ Մարդակերը նեղ վիճակում է և առաջարկեց իր ծառայությունը, ― Ուզո՞ւմ ես գամ բռնենք։ ― Կորի՛ր, ասացի, առանց քեզ էլ գլուխ կհանեմ։ Գայլը հեռացավ և Մարդակերն սկսեց մոտենալ Մանուշին։ Բայց հենց այդ ժամանակ Գայլի տեղը պատուհանի մոտ բռնեցին պառավ կախարդները։ Դանդալոշը մի ձեռքում մի մեծ շամփուր պահած, մյուսում խաչերկաթ, մոտենում էր Մանուշին ու հա թաթա տալիս։ ― Ըհը՜, բռնվեցի»ր, դե հիմա կտեսնես։ ― Չեմ տեսնի, ― ասաց Մանուշն ու նորից ծիծաղեց։ ― Լավ, աներես աղջիկ, քեզ հետ ես շատ խաղ արեցի, ― ջղայնացավ Մարդակերն ու նետվեց անկյունում սեղմված Մանուշի վրա, բայց այստեղ էլ աղջկա բախտը բերեց։ Դանդալոշի ոտքը ընկավ թոնրի ակը, և նա անճոռնի կերպով փռվեց գետնին։ Մանուշը օգտվելով դրանից, թռավ վառարանի վրա։ Ծիպիլին ու Տիմբական պատուհանի մոտից, համենայն դեպս, սկսեցին իրենց կախարդանքը. Համդա-չամդա՜ դի՛-դի՛-դի՛, Տիմբո-բո՜ւմ. Տիմբա՛-կո՛ւմ, Բանդա Բունդա՜ գի՛-գի՛-գի՛, Տիմբա-կո՜ւմ. Տիմբա՛-Բո՛ւմ։ Առանց այն էլ կատաղած Մարդակերը՝ պառավներին լսելով, լրիվ իրեն կորցրեց և հենց պառկած տեղից էլ խաչերկաթը նետեց նրանց վրա. ― Բայղուշ պառավներ, հապա մի փի՛շտ այստեղից... Մանուշը, օգտվելով առիթից, դուրս պրծավ նեղ տեղից ու նետվեց սենյակի մյուս անկյունը, բայց այստեղ նա անսպասելի վայր ընկավ և շատ ուժեղ ցավեցրեց արմունկը, այնքան ուժեղ, որ նույնիսկ լաց եղավ։ Դանդալոշին էլ այդ էր պետք, Մանուշի լացի ձայնը լսելով նա վեր կացավ և հանդիսավոր քայլերով մոտեցավ նրան։ ― Ա՛յ, հիմա դու ինձ դուր ես գալի՜ս, ― ասաց նա ժպտալով։ ― Հիմա նոր դարձար իմ ուտելու բանը, թե չէ խելքը թռցրածի պես մի գլուխ ծիծաղում ես... Ապրե՛ս դու, լաց, լաց, ես լացող երեխաներին սիրում եմ, նրանք գրգռում են իմ ախորժակը... Դանդալոշը մոտենում էր լացող Մանուշին և ամեն ինչից Երևում էր, որ Մանուշն այլևս փրկություն չունի։ ― Հո՛, հո՛, հո՛, — շարունակեց Մարդակերը։ ― Ես հիմա քեզ կուտե՜մ... Հում-հում կուտե՜մ... Նրա դեմքն հիմա այնքան սարսափելի էր և այնքան զարհուրելի ձայն ուներ նա, որ մի պահ Մանուշը սարսափեց ու կուչ եկավ անկյունում։ Եվ այն է, Մարդակերը պիտի ձեռքը երկարացներ աղջկան բռնելու համար, երբ այս անգամ վրա հասավ Ագռավը։ Նա «ղա՜-ղա՜» անելով նետվեց Դանդալոշի վրա և ուղղակի զարնվեց նրա դեմքին։ Փայտահատը, որ մինչ այդ հետևում էր Դանդալոշի ու Մանուշի խաղին, հանկարծ հասկացավ, որ աղջկա վերջը եկել է և մոռանալով ամեն ինչ, մինչև անգամ այն, որ կորցնում է մարդ դառնալու վերջին հույսը, նետվեց Մանուշին փրկելու։ Եվ նա հասավ իր ուզածին։ Նա ճանկռտել էր Մարդակերի երեսը, և սա սարսափահար մի կողմ քաշվեց, աշխատելով հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Ագռավը մի երկու պտույտ կատարեց նրա գլխավերևում և նորից զարնվեց Մարդակերի դեմքին. ― «Ղա՜-ղա՜-ղա՜»... ― Այս ո՞վ էր, այս ի՞նչ էր, ― ասաց Մարդակերը քերծոտված երեսը ձեռքով շփելով։ Եվ այստեղ Մանուշի անկյունից մի այնպիսի ծիծաղ լսվեց, այնպիսի մի քրքիջ, որ մինչև այղ Մարդակերը չէր լսել։ Նա զարմացած նայեց աղջկա կողմը։ Ի՞նչ պատահեց սրան, մտածում էր նա։ Իսկ պատահել էր այն, որ խաչերկաթից մրոտած ձեռքով նա սրբել էր երեսը և հիմա ծիծաղելի տեսք էր ստացել, սևացել էր քունքը և մի աչքը, բերանի շուրջը սև գիծ էր քաշված, իսկ քթի տակ մրից անճոռնի բեղ էր գոյացել։ Մանուշը ծիծաղում էր ուշաթափվելու աստիճան, նրա զրնգուն ծիծաղը հասավ Գայլին ու կախարդներին, որոնք խմբվեցին պատուհանի մոտ տեսնելու, թե ինչն է այղպես Մանուշին զվարճացրել։ Դանդալոշը իր զայրույթը թափեց նրանց վրա. ինչ-որ ընկնում էր ձեռքը, նետում էր դեպի պատուհանը խարտոց ու շիշ, կացին ու շերեփ։ Իսկ Մանուշը շարունակում էր ծիծաղել իր զրնգուն, մաքուր ծիծաղով։ Մարդակերի կատաղությունը նրան ավելի էր գրգռում։ Վերջապես երբ ձեռքի տակ այլևս նետելու բան չմնաց, Մարդակերը շնչահատ նստեց սնդուկի վրա։ ― Սրա՜նց տեսեք, այնպես են եկել ցցվել, կարծես իսկի Մարդակեր չեն տեսել։ Ես էլ ասում եմ՝ ինչի՞ չեմ կարողանում ուտել այս աղջկան։ ― Դե որ այղքան ուտել ես ուզում, — ծիծաղելով ասաց Մանուշը, ― հրեն դրանց էլ կեր է՛լի։ ― Էդ քաֆթառներին ուտե՞լ կլինի, միայն ատամներս կկոտրեմ։ ― Ինչի՞ պիտի կոտրես։ ― Դե դրանց վրա միայն կաշին է ու ոսկորը։ Գիտեն, որ իրենց չեմ ուտի, երես են առել... Փի՛շտ այստեղից, հոտած պառավներ։ ― Իսկ ի՞նձ։ ― Քեզ ի՞նչ։ ― Ինձ կուտե՞ս։ ― Որ բռնեմ, կուտեմ։ ― Դրանից էլ հեշտ բա՞ն... Ահա, բռնի՛ր։ Եվ Մանուշը հանգիստ մոտենալով Մարդակերին, ասաց. ― Դե կե՛ր, ես եկա։ Մարղակերը ապուշ էր կտրել։ նրա ներքևի շրթունքը կախվել էր, աչքերը՝ սառել։ ― Ո՛նց թե, ― միայն կարողացավ շշնջալ նա և նորից նստեց սնդուկի վրա։ ― Էդ ինչո՞ւ շշմեցիր, ահա եկա, դե կեր, է՛լի։ Մարդակերն անշարժ էր։ Նա շարունակում էր նայել այդ փոքրիկ աղջկան, որը թևերը կանթել էր իր առջև և վախ ասած բանը չէր հասկանում։ Ախր իր երկար, մարդակերական կյանքում նման բան չէր տեսել ու աշխատում էր մի բան հասկանալ և այդպես էլ ոչինչ չէր հասկանում։ Մանուշը շուրջը նայեց։ Առանց այն էլ խառնիփնթոր տանը ամեն ինչ տակնուվրա էր արված. ― Ա՛յ Դանդալոշ, էսպես էլ տո՞ւն կպահեն, ― ասաց նա։ ― Կարգին ման գալ էլ հնարավոր չէ, անընդհատ ոտքի տակ մի բան ընկնում է... Տեսա՞ր, ոնց ընկանք։ Ավելդ ո՞ւր է, հը ... Չէ, Մարդակերն իսկապես խոսելու ընդունակությունը կորցրել էր։ Նա մատով ցույց տվեց անկյունը։ Մանուշը վերցրեց ավելն ու սկսեց տունը ավլել, միաժամանակ իրենց տեղը դնելով ընկած իրերը։ ― Սրան տեսեք, ուտե՛մ, հա ուտե՛մ, բայց մի հասարակ բան անել չի կարողանում... .Հարյուր տարի է, երևի չի ավլել։ Այսպես խոսելով ու ավլելով նա մոտեցավ Մարդակերին։ ― Չես տեսնո՞ւմ, ավլում եմ, ոտքերդ քաշիր... Դանդալոշը անճոռնի ձևով ոտքերը բարձրացրեց, Մանուշն ավլեց նաև սնդուկի շուրջը և ինքն էլ նստեց սնդուկի վրա. Մարդակերի կողքին։ ― Դե հիմա ինձ տար, ես այստեղ էլ գործ չունեմ, — վճռական ասաց Նա։ ― Ըը՜... բըը՜.․. աա՜... Հ-հիմա... Հիմա այնպես կանեմ, որ այլևս տուն տանելու հարկ չի լինի։ Նա միանգամից վեր թռավ, երկու ձեռքով բռնեց աղջկան և բարձրացրեց գլխից վեր, միաժամանակ բացելով իր անճոռնի բերանը։ Նա որոշեց, որ այդ փոքրիկ աներեսի հետ խոսելն ավելորդ է, միանգամից պիտի նրան ուտել և վերջ։ Մանուշն սկսեց բարձրաձայն ծիծաղել։ ― է՜յ, էդ ի՞նչ ես անում. ― ասում էր Մանուշը ծիծաղի միջից։ ― Ինչո՞ւ ես խուտուտ տալիս... խուտուտ տալ չկա։ Մարդակերի ձեռքերը թուլացան, և նա ցած դրեց Մանուշին։ ― Կորի՛ր այստեղից, զզվելի աղջիկ, ― ասաց նա։ ― Չքվի՛ր, որ ես քո երեսն այլևս չտեսնեմ։ Մանուշը վիրավորված հեռացավ, հենվեց վառարանին։ ― Ես քեզ էլ չեմ սիրի, որ վռնդում ես, ― կամակոր ասաց նա։ ― Լսիր, աղջի՛կ, գնա այստեղից... փասափուսեդ շուտ քաշիր, գնա՛։ Քո ծիծաղը չի թողնում, որ քեզ ուտեմ, հասկացիր․.. Չքվիր աչքիցս, ― գրեթե լացակումած ասաց Մարդակերը։ ― Էս ինչ բան է, ախր, էսպիսի բան ինձ հետ ե՞րբ էր պատահել... Համ ախորժակս է տեղը, համ էլ ատամներս են սրած, բայց ուտել չեմ կարողանում... Գնա՛, գնա՛, այստեղից, ― ձայնը բարձրացրեց նա։ ― Ախր ո՞ւր գնամ, ճանապարհը չգիտեմ... Մոլորվել եմ անտառում, քանի՞ անգամ ասեմ։ Մարդակերը կատաղեց և մոտը ընկած մեծ շամփուրը վերցնելով գոռաց ― Գնա՛, կորի՛ր, շո՜ւտ, թե չէ... ― Լավ, որ ասում ես, կգնամ, ― հիսաթափված ասաց Մանուշը, հասկանալով, որ Դանդալոշը կատակ չի անում։ Եվ նա գլխիկոր դուրս եկավ։ Նրա դուրս գալուց հետո Մարդակերը նստեց սնդուկի վրա, գլուխն առավ ձեռքերի մեջ, ինքն իրեն խոսեց. ― Հը ... էս ի՞նչ էր... Ես ինչո՞ւ չկերա այդ լկստվածին, հը՞, ― ու ձեռքը դնելով ճակատին ավելացրեց, ― Տաքություն էլ չունեմ, կարծես թե։ == գլուխ յոթերորդ․ Վերադարձ == === Ա․ Բարի կախարդները === Պառավ կախարդները վիրավորված էին Դանդալոշի կոպիտ վերաբերմունքից։ Պատուհանից նեղացած հեռանալով, նորից կուչ եկան կաղնու տակ և այդտեղ էլ գլուխ գլխի տված նիրհեցին։ Իսկ Գայլը անցավ տան հետևը ու շան նման գլուխը թաթերին դնելով, նույնպես ուզում էր քնել, բայց այնքան քաղցած էր, որ քունը չէր տանում։ Միայն Ագռավն էր աշտարակին նստած սպասում՝ ականջը ներսի ձայներին։ Եվ նա էլ աոաջինն իմացավ Մանուշի դուրս գալն ու աղմուկ-աղաղակ բարձրացրեց։ Նրա ականջ ծակող ձայնի վրա կախարդներն իրենց քաղցր երազն ընդհատած վեր թռան, իսկ Գայլը նետվեց պատուհանի մոտ տեսնելու, թե ինչպես վերջացավ Մարդակերի ու Մանուշի մենամարտը։ Մարդակերին մենակ սնդուկի վրա նստած տեսնելով, նա նույնիսկ կարծեց, թե Դանդալոշը հաշիվն արդեն մաքրել է ու սկսեց տան մեջ ոսկորներ փնտրել։ Որևէ հետք չգտնելով, նետվեց բակ ու տեսավ, թե Մանուշն ինչպես է հեռանում տանից։ Ագռավի աղմուկը չէր ղադարում։ «Ղա՜», «ղա՜» անելով նա մերթ թռչում էր պառավների մոտ, մերթ Մանուշի և այնքան ցածրից, որ թևերով դիպչում էր աղջկա գլխին։ Սակայն ամենից շատ ապշած էր Գայլը։ Մանուշին տեսնելով, նա մեկ Մարդակերի դռանն էր նայում, մեկ Մանուշին և սպասում էր, թե ուր որ է Դանդալոշը դուրս կգա կընկնի աղջկա ետևից։ Ուրիշ կերպ չէր էլ կարող մտածել, քանի որ շատ էր տեսել, թե ինչպես են մտնում Մարդակերի տունը, բայց որ այնտեղից ողջ ու առողջ դուրս գային՝ այդպիսի բան չէր հիշում։ Իսկ Մանուշը շվար քայլերով դանդաղ անցավ բակով, փայտե դռնակը բացեց, դուրս եկավ։ ― Վա՜յ, չի կերե՜լ... ― Մանուշին տեսնելով ասաց Ծիպիլին։ ― Չի՛ կերել, չի՛ կերել,― ուրախ վեր-վեր թռավ Տիմբական։ ― Բա էս ո՞նց եղավ, ― հարցրեց Ծիպիլին։ ― Բան չեմ հասկանում, ― զարմացած և մի փոքր էլ լրջացած ուսերը վեր քաշեց Տիմբական։ ― Տիմբակա՜... ― Ծիպիլին ինչ-որ բան էր ուզում ասել, բայց խոսքն ընդհատեց ու մեղավոր նայեց իր կախարդ ընկերուհուն։ ― Հը, ինչո՞ւ լռեցիր։ ― Ախր ո՞նց ասեմ... Մենակ թե չնեղանաս, հա՞... ― Հասկացա... Հասկացա, թե ինչ ես ուզում ասել, ― մտախոհ խոսեց Տիմբական։ ― Ուզում ես ասել, թե ուրախ ես, որ Մանուշին չի կերել։ ― Քեզ ո՞վ ասաց, ― վախեցավ Ծիպիլին, բայց հետո որոշեց անկեղծ լինել, ինչ ուզում է լինի։ ― Ըը՜... որ ճիշտն ասեմ... Ինչ մեղքս թաքցնեմ... Մի քիչ, այո, ուրախ եմ։ Չգիտեմ ինչու, բայց ուրախ եմ... Մենակ թե դու մի նեղացիր, կանցնի։ ― Հիմար պառավ, իսկ ես քո կարծիքով ուրախ չե՞մ, ես էլ եմ ուրախ... Ծիպիլին զարմանքով նայեց Տիմբակային և միայն կարողացավ ասել. ― Այ քեզ բան.... Բա հետո՞... Մենք պիտի մնանք այսպե՞ս... ― Սպասիր, ― ասաց Տիմբական։ ― Բա Մանուշն ինչ պիտի անի հիմա։ Իսկ Մանուշը ինչ պիտի աներ։ Մոլորված շուրջը նայեց և ոչ ոքի չտեսնելով, նստեց դարպասի մոտ ընկած հաստ գերանին։ Հոգնած էր ու քաղցած, արևն էլ մայր էր մտնում, շուտով վրա կհասներ երեկոն։ Իսկ նա իսկի միտք էլ չուներ տեղից շարժվելու՝ հոգնած էր, շատ էր հոգնած, դրա համար էլ գլուխը կախեց ծնկների վրա ու խոր քուն մտավ։ ― Մի բան մտածենք, ― ասաց Ծիպիլին։ ― Տեսնում ես՝ նստեց։ ― Ի՞նչ մտածեմ, գլուխս չար բան չի գալիս, չի գալիս և վերջ... Այս ի՞նչ բան է մտել մեր մեջ, խղճում ենք ու խղճում... ― Մեկ էլ ե՞րբ պիտի այսպիսի առիթ ունենանք, Տիմբակա, ― իրեն կոտորում էր Ծիպիլին։ ― Առիթ... Առիթին ինչ, առիթ կգտնենք, բայց որ էլի սկսեցինք խղճալ, ի՞նչ օգուտ, ― ասաց Տիմբական։ ― Տիմբակա, ես մի բան էլ եմ ուզում ասել, բայց վախենում եմ... Վախենում եմ վրաս ծիծաղես։ ― Հը , ծիծաղե՞մ... Այդ ի՞նչ պիտի ասես, ասա։ ― Ինձ հետ տարօրինակ բան է կատարվում։ ― Ի՞նչ բան։ ― Ձեռքդ տուր, ասեմ։ ― Ծիպիլին վերցրեց Տիմբակայի ձեռքը, դրեց իր կրծքին, ձախ կողմից։ ― Ոչինչ չե՞ս զգում։ ― Չէ՛։ Ինչ է, տաքությո՞ւն ունես։ ― Էէ՛... Չե՞ս զգում, խփում է... ներսումս ինչ-որ բան է խփում՝ տո՛ւկ-տո՛ւկ... ― Հը ... դու է՞լ ես զգում... պատկերացնում ես, ինձ հետ էլ է նույնը կատարվում... ― Տիմբական ականջը մոտեցրեց Ծիպիլիի կրծքին... ― Հա, է՛լի, լսվում է... Սի՛րտ է։ ֊Սս՜... ես էլ եմ կասկածում, թե սիրտ է... Սպասիր, ես էլ քոնը լսեմ։ ― Եվ Ծիպիլին ականջը մոտեցրեց Տիմբակայի կրծքին։ ― Դո՛ւ էլ ունես, դու էլ ունես... ― Սս՜ ― սաստեց Տիմբական... — Ոչ ոք չիմանա։ Այդ ժամանակ էլ Ագռավը թռավ եկավ նստեց Ծիպիլիի ուսին, սկսեց ինչ-որ բան ասել. ― Ո՞ւր է, ― վեր թռավ Ծիպիլին։ ― Ի՞նչ ասաց, ― անհանգստացավ Տիմբական։ ― Չե՞ս տեսնում, Գայլն է մոտենում Մանուշին։ Գայլը, որ կարծում էր, թե Մարդակերը ուր որ է դուրս կգա տնից ու կընկնի Մանուշի ետևվից, նորից ներս նայեց ու տեսավ, որ Մարդակերն իսկի միտք էլ չունի տեղից շարժվելու։ Սկզ բում նա մտածեց, թե սա Մարդակերի հերթական օյիններից է, բայց շուտով հասկացավ, որ՝ չէ, նրա հետ մի բան պատահել է։ Եվ թաթերի ծայրի վրա քայլելով, դանդաղ մոտեցավ Մանուշին։ «Երևի չի ուզում ուտել... ո՞վ գիտի, գուցե ախորժակ չունի... բացի այդ ջրհոր է մտել, ― մտածում էր նա։ ― Հոգեպահուստից երևի կերել կշտացել է։ Չէ, կա՛, չկա՜, ինձ համար է թողել»։ Երբ բլորովին մոտեցել էր Մանուշին՝ նորից կանգ առավ, «Հը , չլինի ծուղակ է... Չէ, ծուղակի նման չէ», ― վերջապես որոշեց նա ու կամաց մոտեցավ քնած աղջկան։ ― Տիմբակա, տես, Գայլը կանգնել Մանուշին է նայում... Շատ վատ ձևով է նայում, ― ասաց Ծիպիլին։ ― Հալա դրան, ոնց էլ շրթունքները լպստում է։ ― Մոտենո՜ւմ է, մոտենո՜ւմ... ― Տեսնո՞ւմ ես այդ խորամանկին։ Թաթերի վրա է գնում, որ Մանուշը չլսի։ Արի իմաց տանք։ ― Որ իմաց արեցիր ինչ. փախչի էլ՝ Գայլը հետևից կհասնի։ Սոված գայլը Մարդակերից էլ վատ է։ Գիտե՞ս ինչ, արի կախարդենք։ ― Էլի՞ կախարդենք... Տեսնում ես, որ մեր կախարդելուց բան չի դուրս գալիս։Քանի՞ կոպեկ արժի կախարդանքը։ ― Ուրիշ ճար չունենք, սկսիր, ― պնդեց Տիմբական։ Ու նրանք միասին սկսեցին արտասանել կախարդական խոսքերը. ― Տիրի բո՛մ-բո՜ Տիմբա-կո՜, Ցիմպա դո՛ւ-րո՜ կո՛-կո՛-կո՛. Համդա՜-չամդա՜ Բիլի բո՜. Ծիպիլի Պինդո՛... Գայլը, որ մոտեցել էր Մանուշին, առաջին թաթերը պարզած այդպես էլ մնաց կանգնած։ Բայց որ պառավները կախարդանքը դադարեցրին, սա մի քայլ էլ առաջ գնաց։ ― Վա՜յ, էս ի՞նչ էր, չլինի ազդեց, ― զարմացավ Ծիպիլին։ ― Մի՛ խոսիր, շարունակիր, շո՛ւտ, ― անհամբեր ասաց Տիմբական։ Ու նրանք շարունակեցին. ― Բիլի՛֊բիլի՛ բոմ հո՛-հո՛-հո՛, Տիմբա՛-բիրո՜ հա՛, հա՛, հա՛, Տիլի՛-միլի՜ կո՛ւմ, Տիմբա՛-կումո՜ Տիմբակա՛։ Գայլի առաջին թաթերը մնացին օդում, ու նա մի քանի քայլ ետ գնաց։ Կարծես ոչ թե ինքն էր ետ քայլում, այլ ետ էր մղվում ինչ-որ մի անտեսանելի ուժից։ ― Տեսնո՞ւմ ես, — ասաց Ծիպիլին։ ― էլ ինչ տեսնեմ, ներգործում է, շարունակի՛ր... ― Գործո՜ւմ է, գործո՜ւմ է, ― վեր-վեր թռավ Ծիպիլին։ Գայլին էլ այդ էր պետք, որ նրանք կախարդանքը ընդհատեին, երախը լայն բացած վճռական վրա հասավ. ― է՛-է՛յ, է՛յ, ― գոռաց Տիմբական, ― նորից վրա է տալիս, շարունակիր։ Տիրի՛ բիրո՜, կո՛-կո՛, կո՛, Տիմբա՛ բիրո՜ Տիմբա՛-կո՜, Համդա՛-չամդա՜, Ծիպիլի Պինդո՛... Գայլը նորից ետ քաշվեց, բայց պառավները կախարդանքը չընդհատեցին այլևս, արդեն հասկացան, որ պիտի անընդհատ կրկնեն մինչև Գայլը ձեռ քաշի իր մտքից, ու նրանք շարունակեցին. Բիլի՛-բիլի՛ բոմ կո՛-կո՛-կո՛, Տիմբա՛-բիրո՜ հա՛-հա՛-հա՛, Տիլի՛֊միլի՜ Տիմբա՛-կումի՜, Տիմբակա՜։ Գայլը շուռ եկավ ու պոչը քաշած գնաց դեպի անտառ։ ― Չդադարե՛ս, կրկնի՛ր, — անհամբեր ասաց Տիմբական։ ― Էդ խորամանկն էլի կգա։ ― Բիլի՛-միլի՛ բում հո՛, հո՛, հո՛ Տիմբա՛-բիրո՛ կո՛-կո՛-կո՛, Տիլի՛-միլի՛ բո՛ւմ Ծիպիլի Պինդո՛։ Այսպես նրանք կրկնեցին մի քանի անգամ և քանի կրկնում էին, այնքան ավելի էին ոգևորվում ու չէին նկատում, թե Ագռավն ինչպես է թռչում իրենց մոտով և ամեն անգամ թևերով ու չանչերով կպչում նրանց ուսերին ու գլխին։ Ագռավի սիրտն ուղղակի պատռվում էր, այնքան ուժգին էին նրա «ղա՜, ղա՜»-ները։ Վերջապես նրանք կախարդանքն ընդհատեցին, քանի որ Մանուշին այլևս վտանգ չէր սպառնում և իրենց պառավ տեղով մանուկների նման թռչկոտելով ճչացին. ― Օգնե՜ց, օգնե՜ց, օգնե՜ց... Կախարդանքն օգնե՜ց... ― Էս ո՞նց եղավ, ― ասաց Ծիպիլին։ ― «Ոնց եղավ», «ոնց եղավ»... Կարևորն այն է, որ եղավ։ ― Տիմբական մի պահ մտածեց ու ինքն էլ իր հերթին հարցրեց. ― Իսկապես, էս ո՞նց եղավ։ Սպասի՛ր, սպասի՛ր... ― Էլ ի՞նչ սպասեմ... Օգնե՞ց, օգնե՞ց... ― Եվ Ծիպիլին գրկեց ու համբուրեց Տիմբակային։ ― Էլի սկսեցիր լպստե՞լը, թո՛ւ, ― Տիմբական եռանդով սրբեց երեսը։ ― Բա ի՛նչ... Էսպիսի բանի համար կարելի է... ― «Կարելի է, կարելի է»... Սպասիր տեսնենք, թե էս ոնց եղավ։ ― Եղավ, օգնեց, էլ ի՞նչ սպասեմ, ― նորից ծղրտաց Ծիպիլին։ ― Սպասի՛ր... Կախարդանքն, այո, օգնեց... Բայց դու գլխի չընկար, թե ինչ եղավ, ― մտախոհ ասաց Տիմբական։ ― Էլ ի՞նչ գլխի ընկնեմ... Ամեն ինչ տեսա... ― Տեսար, բայց չհասկացար։ ― Անհասկացողը դու ես, ― վիրավորվեց Ծիպիլին։ ― Չհասկանալու ի՞նչ կար. կախարդեցինք, կախարդանքն էլ առաջվա պես ներգործեց... Էէ՜, գնա, է՜... Չես թողնում,որ մի կարգին ուրախանանք։ Միշտ մի հիմար բան կմոգոնես։ ― Հիմա՛ր... Ախր մենք ոչ թե չար, այլ բարի գործ արեցինք, ― մատը վեր տնկած և խորհրդավոր տեսք ընդունելով, ասաց Տիմբական։ ― Ո՞նց թե... Ինչե՞ր ես խոսում... չէ՛, չէ՛, դու մտածո՞ւմ ես, թե ինչ ես դուրս տալիս։― Ծիպիլին շփոթված էր և կարծես թե կամաց-կամաց նրա գլուխը մտավ Տիմբակայի ասածն, ու նա բերանը բաց նստեց․ ― Հենց ցավն էլ այդ է։ ― Տիմբական էլ նստեց Ծիպիլիի կողքին։ ― Ցավն էլ այդ է... Մենք բարի գործ ենք արել և այլևս երբեք չար կախարդներ չենք դառնա։ ― Մի կռռա՜... Սպասիր մտածեմ, գլուխս բան չի մտնում քո ասածից... Ախր, իրար չեն բռնում... Չէ՛ որ կախարդանքը ներգործեց... ասում ես ներգործեց, որովհետև բարի գո՞րծ արեցիք։ ― Այո՛... Վերջապես գլուխդ մտավ։ ― Դե ուրեմն կարող ենք կախարդել, էլ ի՞նչ ենք ուզում։ Այլևս չար գործ չենք կարող անել, մենք բարի կախարդ ենք դարձել, հասկացիր, ― ասաց Տիմբական լրջանալով և իմաստունի տեսք ընդունելով։ ― Բարի կախա՞րդ... Չի կարող պատահել։ ― Պատահել է, Ծիպիլի, պատահել է։ ― Սպասիր, իսկ թռչել կկարողանա՞նք... ― Իհարկե... Մենք կթռչենք ու Նոր տարվա գիշերը սիրուն-սիրուն նվերներ կբաժանենք երեխաներին... Նրանք անհամբեր կսպասեն մեզ... Քնած ժամանակ նրանց բարձի տակ, գուլպաների մեջ կոնֆետներ կդնենք, ու նրանք կուրախանան ու շնորհակալ կլինեն մեզ։ ― Ես երեխա շատ եմ սիրում, ― խոստովանեց Ծիպիլին։ ― Ե՛ս էլ... Նայիր, Մանուշն ինչքան խորն է քնել։ ― Հոգնեց խեղճ աղջիկը; ― Նորի՞ց խեղճ․․․ Այստեղ արդեն Ծիպիլին պայթեց. ― Հա՛, հա՛, խեղճ, խղճում եմ, հասկանո՞ւմ ես... Էդ դու չե՞ս ասում, որ բարի կախարդ ենք դարձել... Դե ես էլ խղճում եմ... Բայց ինչ-որ դեռ չեմ հավատում... Գուցե պատահականություն էր, գուցե սխալվում ենք... Արի էլի փորձենք։ ― Ինչպե՞ս փորձենք, երբ գլուխս մի կարգին բան չի գալիս... ― Արի ծառ տապալենք...Այն ժամանակ չէր ստացվում, հիմա գուցե ստւսցվի։ Եվ Ծիպիլին առանց Տիմբակային սպասելու սկսեց. ― Համդա՛-չամդա՜ դի՛-դի՛-դի՛, Ավալլա՛-սավալլա՜, հո՛ւ, հո՛ւ... Տիրի՛ Տիմբա՜ կո՛-կո՛-կո՛ Ծիպիլի Պինդո՜... ― Կաղնի, տապալվիր, տապալվիր, շուտ, Համդա-չամդա։ Տեսնո՞ւմ ես, չի տապալվում, ― լացակումած ասաց Ծիպիլին, — իսկ ասում ես՝ ներգործեց։ Պատասխանի փոխարեն Տիմբական սկսեց ծիծաղել։ Նա այնքան ուժեղ էր ծիծաղում, պառավավարի խուլ հնչյուններ արձակելով, որ Ծիպիլին մնաց զարմացած։ Տիմբակայի չորացած աչքերից արցունքի առվակներ էին հոսում, և նա շարունակում էր ծիծաղել։ ― Ի՞նչ պատահեց քեզ, ― Տիմբակային մոտենալով հարցրեց Ծիպիլին, ― հո չգժվեցի՞ր... ― Հիմա՜ր, ա՛յ, քեզ հիմար, ― ծիծաղի միջից խեղդվելով ասաց Տիմբական, ― ախր ծառ տապալելը բարի գործ չէ... Դու ոչ մի կերպ չես ուզում այդ հասկանալ... Ասում եմ չէ, որ մենք արդեն բարի կախարդ ենք դարձել, փերի, հիմա հասկացա՞ր։ ― Թո՛ւ, մոռացել էի, բա ի՞նչ անենք։ Մի բան մտածիր, մի բարի բան, ես ուզում եմ ստուգել... Վախենում եմ, Գայլի հետ պատահական ստացվեց։ Մտածիր, մի բան մտածիր։ ― Ախր գլուխս բան չի գալիս, ― լրջանալով ասաց Տիմբական, ― ես դեռ կարգին ուշքի չեմ եկել։ ― Եվ իսկապես Տիմբական ինքը դեռ կարգին չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր հետ, պարզապես զգում էր, որ ինքն այլևս առաջվանը չէ։ ― Գիտե՞ս ինչ, արի մի բան անենք... Ի՞նչ անենք, Տիմբակա՛։ Այդ ժամանակ նորից իր գոյության մասին հիշեցրեց Ագռավը, որը իջավ նստեց Ծիպիլիի ուսին և հենց նրա ականջի տակ սկսեց իր սրտկեղեք կռավոցը։ Նա այնպիսի մի աղմուկ բարձրացրեց, որ քնից արթնացրեց նույնիսկ Մանուշին։ ― Այս որտե՞ղ եմ, — ասաց Մանուշն ու շուրջը նայելով ուզում էր հասկանալ, թե որտեղ է գտնվում։ Միայն երբ տեսավ Ծիպիլիին ու Տիմբակային, նոր գլխի ընկավ, որ այն ամենը, ինչ կատարվել էր իր հետ՝ երազ չէր։ Սակայն աղջկա աչքի առաջ այնպիսի բան տեղի ունեցավ, ոո նրան նորից թվաց, թե երազի մեջ է։ ― Ծիպիլի՜... ― ամբողջ կոկորդով մեկ գոռաց Տիմբական, ասես Ծիպիլին ոչ թե կողքին էր, այլ աշխարհի մյուս ծայրին։ ― Ծիպիլի՜, ո՛նց շուտ գլխի չէինք ընկնում, Ագռավը... ― Ագռավը ի՞նչ, ― տարակուսած հարցրեց Ծիպիլին։ ― Ո՛նց թե ինչ... Քանի տարի է խեղճը սպասում է, որ նորից կախարդանքի ուժ ստանանք, որ նորից իրեն փայտահատ դարձնենք։ ― Հաա՜... հասկացա... Լսիր, իսկ դա բարի՞ գործ է, որ... ― Այ քեզ ցնդած, դու մի իրեն հարցրու, դա բարի գործ է, թե ոչ։ ― Ղա՜, ղա՜, ղա՜... — իրեն պատռելով ասաց Ագռավը։ ― Ճիշտ որ, Տիմբակա, էլ ինչի՞ ենք սպասում, սկսենք։ ― Ես էստեղ գործ չունեմ, դու կախարդել ես, դու էլ պիտի կերպարանափոխես։ Ծիպիլին կանգնեց ոտքերի թաթերի վրա, ձեռքերն առաջ պարզեց ու սկսեց նախ անձայն շարժել շրթունքները, ապա արտասանեց կախարդական խոսքերը. Համդա՛-չամդա՜ դի՛-դի՛-դի՛, Ալվա՜-Սալվա՜ Տիմբա՛-Բում Տիլի-միլի՜ բո՛ւմ, Տիմբա-կո՛ւմ։ Ծիպիլին զգաց, որ Ագռավը իր ուսերի վրա ծանրանում է, լսեց, թե ինչպես են ականջի տակ խշխշում նրա փետուրները։ Եվ ավելի ոգևորված շարունակեց. Աբա-կո՛, Աբա-կո՛ւ, Տիլի Բամ-բո՛ւ. Ալա-տո՛ւ, մալա-տո՛ւ Բիրի-բի՛մ բո՜ւ... Ուսի ծանրությունը ավելի ուժեղացավ, և մեկ էլ մի բան թրմփաց գետնին։ Իսկ ընկած տեղից վեր ելավ արդեն... Ի՞նչ եք կարծում, ո՞վ... Բարձրացավ Փայտահատը՝ իր նախկին կերպարանքով և կանգնեց պառավների կողքին։ Սրանք Փայտահատին տեսնելով՝ կարգին վախեցան, հատկապես Ծիպիլին, որը, ինչպես գիտեք, ինքն էր նրան Ագռավ դարձրել և երեսուն տարի պահել ագռավի փետուրների մեջ։ Ծիպիլին նույնիսկ մի քանի քայլ հետ գնաց, բայց Փայտահատն իսկի միտք էլ չուներ նրանից վրեժ լուծելու։ Նա կանգնած շոշափում էր ինքն իրեն ու զարմացած նայում էր շուրջը, նայում էր՝ իր աչքին շատ փոքրացած պառավներին։ Ախր երբ նա ագռավ էր, պառավներն իր համեմատությամբ հսկաներ էին, իսկ հիմա փոքրացել, մի բուռ էին դարձել։ Ասենք, ամեն ինչ էր փոքրացել՝ ծառերը, թփերը, Մարդակերի տունը։ Փայտահատը նորից շոշափեց իրեն, նույնիսկ կսմթեց, և երբ վերջնականապես համոզվեց, որ մարդ է դարձել երևի կարծում եք ուրախությունից սկսեց թռչկոտե՞լ, ուրախության ճիչե՞ր արձակել... Ո՛չ։ Նա հանկարծ կուչ եկավ, նստեց խոտերի վրա և գլուխն առնելով ափերի մեջ հեծկլտաց։ Պառավները լուռ նայում էին Փայտահատին, որը լալիս էր իր կորած տարիների համար, լալիս էր կարոտից և, վերջապես, լալիս էր ուրախությունից։ Այս ամենը տեսավ նաև Մանուշը։ Ինչպես գիտեք, նա Ագռավի ձայնից արթնացավ և ականատես եղավ այդ մեծ հրաշքին։ Խոստովանեք, որ ձեզանից շատերը չէ, որ նման բան են տեսել։ Գուցե և ոչ ոք չի տեսել։ Մանուշը տեսավ այս ամենը և մնաց քարացած։ Նրան թվում էր, թե քնած է և այս ամենը երազում է տեսնում։ Երբ Փայտահատը բավականաչափ սիրտը թեթևացրեց ու ոտքի ելավ, Ծիպիլիի լեղին ջուր կտրեց։ ― Ես մեղք չունեմ, Փայտահա՛տ, ― կմկմաց նա։ ― Ես չգիտեի, թե ինչ կպատահի ինձ հետ... Ախր ես քեզ մի օրով ագռավ դարձրեցի, մի օրով միայն... Ի՞նչ իմանայի, թե ութ հարյուր տարվա կախարդանքն հանկարծ կկորցնեմ։ ― Դե լավ, եղածն եղել է, այլևս ոչինչ չես փոխի, ― ներողամտաբար ասաց Փայտահատը։ ― Էլի շնորհակալ եմ, որ հիմա ինձ չմոռացաք։ ― Մենք նոր, հենց նոր կախարդանքի ուժ ստացանք, ― արդարացավ Տիմբական։ — Դու առաջինն ես, որին մենք կերպարանափոխել ենք... Ե՛ս... ե՛ս հիշեցրի Ծիպիլիին։ Բայց իզուր էր Տիմբական արդարանում։ Փայտահատն ամեն բան գիտեր։ Ագռավ ժամանակ Նա ամեն ինչ հասկանում էր, միայն թե չէր կարողանում արտահայտվել... Իհարկե, Փայտահատը տեսավ, որ Ծիպիլին իրեն մարդկային կերպարանք տվեց, բայց նա, ի զարմանս բոլորի, մոտեցավ Մանուշին, չոքեց նրա առաջ և գլուխը խոնարհեց մինչև գետին. ― Ես... ես քե՛զ եմ պարտական, աղջիկս, ես երբեք մարդ չէի դառնա, եթե հանկարծ չզգայի, թե ի՛նչ հանցանք եմ գործում քո առաջ։ Ախր ես ուզում էի, շատ էի ուզում, որ դու կործանվես... Ախր այդ մարդը բոլորովին էլ անտառապահը չէր, ինչպես դու էիր կարծում, այլ իսկական մարդակեր... Ների՛ր, աղջիկս, ների՛ր, Մանուշիկ։ ― Այդ ի՞նչ եք անում, ― շփոթվեց Մանուշը... ― Ես... ես ի՞նչ եմ արել որ, ես չգիտեմ, թե ինչ եք ասում... ― Այդ դո՛ւ, դո՛ւ ինձ փրկեցիր, ախր ես այն ագռավն եմ, որ քեզ անտառի խորքը տարավ, հեռացրեց ընկերներիցդ... Այդ ե՛ս քեզ Մարդակերի տուն բերեցի, ես կախարդներին հայտնեցի ձեր անտառ գալու մասին։ ― Լա՛վ, լա՛վ, քեռի, վեր կացեք... Տատիկները նայում են, անհարմար է... ― Այո՛, այո՛... դե լավ, աղջիկս... Ես քեզ տուն կտանեմ... այս չար վհուկներից կազատեմ, — ասաց Փայտահատը պառավներին ցույց տալով։ ― Մենք հիմա միայն բարի գործեր կարող ենք անել, — ասաց Տիմբական, — ինչո՞ւ ես այդպես ասում։ ― Իսկ ի՞նչ գիտես, թե կարող ենք, ― միջամտեց Ծիպիլին։ ― Հարկավոր է էլի փորձել, մի ծանրակշիռ բան անել։ ― Բա սա ծանրակշիռ չի՞, ― Փայտահատին ցույց տալով ասաց Տիմբական, ― նայիր ի՞նչ հսկա է... Բայց չի խանգարի, որ մի անգամ էլ փորձենք։ Փայտահատ, մի բարի գործ ասա, ես ուզում եմ փորձել... ― Ի՞նչ ասեմ... ախր չգիտեմ, թե ինչ ասեմ... ― կմկմաց Փայտահատը։ ― Ասենք... եթե կաոող եք... գործիքներս հետ բերեք։ Էլ ի՞նչ վարպետ առանց գործիքների, ես ինչի՞ եմ պետք առանց գործիքների։ ― Հա՛, հա՛, ճիշտ է ասում, Տիմբակա, արի Փայտահատի գործիքները հետ բերենք։ Պառավներն սկսեցին կախարդանքը. ― Ալդո-մոնդո՜ կարա-կա՛ս, Բիլդո-մոնդո՜ կարա-դա՛ս, Անանդա-մանանդա՜ գի՛-գի՛-գի՛... Նրանք նայեցին իրենց ոտքերի տակ, Փայտահատի մոտ, բայց գործիքները չկային։ Ստիպված նորից կրկնեցին կախարդանքը. ― Ալդո-մոնդո՜ կարա-կա՛ս, Բիլդո-մոնդո՜ կարա-դա՛ս... Անդա՜-մանդա՜ գի՜-գի՜-գի՜... Ոչինչ չէր ստացվում, գործիքները չկային։ ― Բա որ ասում եմ... ― ասաց Ծիպիլին։ ― Դա ոչինչ չի նշանակում, ― ասաց Տիմբական։ ― Գուցե գործիքների վրա ուրիշ կախարդանք կա։ Գիտես, որ նման դեպքերում ոչինչ չի կարելի անել։ ― Ո՞ւմ կախարդանքը, — հարցրեց Ծիպիլին։ ― Ի՞նչ իմանամ, աշխարհը լցված է վհուկներով ու կախարդներով։ ― Դե արի ուրիշ բան փորձենք, շո՛ւտ... ― Արի, ― ասաց Տիմբական։ ― Բայց ի՛նչ։ Փայտահատ, ի՞նչ ենք անում։ ― Ես ձեր կախարդանքի հետ գործ չունեմ, գրողի ծոցն անցնեք դուք էլ, ձեր կախարդանքն էլ, — դժգոհեց Փայտահատը։ ― Արի գիտե՞ս ինչ անենք, ― պայծառացավ Ծիպիլին։ ― Արի այնպես անենք, որ Մանուշի ընկերները գտնվեն։ Հը՛, ի՞նչ կասես, բարի գործ չէ՞։ ― Ճիշտ է... Մանուշիկ, ուզո՞ւմ ես ընկերներիդ գտնենք, հը՞... Մանուշը տեղից վեր կացավ, մոտեցավ պառավներին։ Չէ, սա իսկի էլ երազ չէ, հրեն Մարդակէոի տունը, հրեն ջրհորը, սրանք էլ հո պառավներն են։ ― Ինչպե՞ս պիտի գտնեք, — հարցրեց նա թերահավատորեն։ ― Շատ հասարակ, նայի՛ր... Ու նրանք սկսեցին. — Տիրի-բիրի՛ բո, Տարո՛ն, Բիլի-միլի՜ բո, Հասմի՛կ, Տիմբո-բումո, ցո՛ւմ-ցո՛ւմ-ցո՛ւմ, Տիմբա-կումո՛ Տիմբա-կո՛ւմ... Պառավները դեռ կախարդանքը չէին ավարտել, երբ անտառի խորքից ինչ-որ մեկը կանչեց. «Մանո՜ւշ, Մանո՜ւշ...»։ Բայց ձայնը շատ էր կոպիտ ու խռպոտ, բոլորովին նման չէր երեխայի ձայնի։ ― Տեսա՞ր, լսեցի՞ր, ― հարցրեց Տիմբական։ ― Լսեցի, բայց ոնց որ ձայնը... Սակայն նա խոսքը չավարտեց։ խռպոտ ձայնի հետ այս անգամ պարզորոշ լսվեցին նաև մանկական հստակ կանչեր. ― Մանո՜ւշ, Մանո՜ւշ, Մանո՜ւշ... Մանուշը մտահոգ շուրջն էր նայում, երբ անտառից իրար ձեռք բռնած դուրս եկան Տարոնը, Հասմիկն ու Արջը։ ―Հո՜, հո՜, հո՜, հրե՛ն Մանուշը, գտա՜նք Մանուշին... Արջը գոռալով, անճոռնի վազեց դեպի Մանուշը։ ― Մանո՜ւշ։ ― Հասմիկը նետվեց Մանուշի գիրկը։ Միայն Տարոնն էր մի կողմի վրա կանգնել։ Իհարկե, նա էլ էր ուրախացել, բայց տղայի իր արժանապատվությունը թույլ չէր տալիս, որ գրկախառնվի Մանուշի հետ։ Իսկ որ ուրախացել էր, այն էլ շատ, երևում էր նրա գորովալից հայացքից, որ նա չէր կարողանում կտրել Մանուշից։ ― Հո՜-հո՜-հո՜, ― որոտընդոստ խոսեց Արջը։ ― Շատ փնտրեցի անպիտաններին, արդեն հույսս կտրել էի, երբ տեսա, որ գետն են անցնում, նույնիսկ վախեցա, ախր այդտեղ գետը շատ վարար էր, ինչպես էին ծանծաղուտ գտել, գլուխս չի մտնում։ ― Մենք ուղեկցող ունեինք, — ասաց Տարոնը։ ― «Ուղեկցո՜ղ»... հո՛, հո՛, հո՛... ոչ մի ուղեկցող էլ չկար, ես հո տեսա, — որոտաց Արջը։ ― Ոչ մի ուղեկցո՛ղ, — կտրեց Հասմիկը։ — Մեկ էլ տեսնեմ՝ ջուրն է մտել... Դե ես էլ հետևվից գնացի, հո չէ՞ի թողնի մենակ։ Բայց Տարոնը մնաց անհողդողդ։ Նա տեսել էր իր Թզուկին, գնացել նրա հետևից, և իհարկե, հասկանում էր, որ եթե չլիներ իր բարի Թզուկը, ինքը երբեք ծանծաղուտը չէր գտնի։ Դրա համար էլ համառությամբ կրկնեց. ― Կա՛ր... Ուղեկցող կա՛ր... Իսկ Արջը դառնալով դեպի Մանուշը, ասաց.. ― Դու էլ պակասը չես։ Ես գնում եմ քո ընկերների հետևից, իսկ դու փախչում ես... Էդ ո՞նց էիր ճղել, անպիտան աղջիկ, ախր ես դուռը փակել էի։ ― Ես էլ ձեզ էի փնտրում, ― արդարացավ Մանուշը։ ― Մենակ թե չգիտեմ ինչպես եղավ, որ քնեցի։ ― Լավ էր՝ շուտ հասա, ― շարունակեց Արջը։ Եթե չհասնեի, դիմացի անդունդը կընկնեին։ Ախր շատ վտանգավոր տեղեր են... Էդ ուր էիք հասել, անպիտաններ, այդտեղ իսկի ես սիրտ չեմ անում ման գալ... Լավ էր՝ հասա։ ― Լավ է, որ հասել է, — ասաց Տիմբական։ ― Ի՞նչ լավ է, որ շուտ է հասել, — հաստատեց Ծիպիլին։ Այս ամբողջ խոսակցության ժամանակ Փայտահատը մի կողմի վրա քաշված շուրջն էր նայում, չէր լսում, թե ինչ են խոսում։ Նա էլի ու էլի շոշափում էր ինքն իրեն ու չէր հավատում իր բախտին։ Հետո սկսեց քայլել և որովհետև չէր ուզում բոլորից հեռանալ, պտույտ էր կատարում նրանց շուրջը, ձեռքերով ինչ-որ տարօրինակ շարժումներ անում։ Դա մի հաղթանդամ, թավ հոնքերով, խոշոր ձեռքերով մարդ էր։ Իհարկե, ոչ ոք չէր կարող ասել, փոխվել է նա երեսուն տարում, թե՞ ոչ։ Գուցե միայն կարող էին ասել կախարդ պառավները, բայց նրանք էլ այնքան մեծ էին տարիքով, որ երեսուն տարվա տարբերությունը չէին զգում։ Հասմիկը, որն անհամբեր էր և ուզում էր ժամ առաջ տուն հասնել, Մանուշից պոկվելով, հարցրեց. ― Բա տուն չե՞նք գնում, արդեն մթնում է։ ― Գնանք, բայց ինչպե՞ս գնանք, ճանապարհը չգիտենք։ Ա՛յ, եթե քեռի Արջը մեզ տուն տանի... ― Հո՜, հո՜, հո՜... Բա ինչպե՜ս, անպայման կտանեմ, խոստացել եմ, ես ճանապարհը գիտեմ։ Տարոնը բավական քաղցած էր և կարոտել էր մայրիկի բլիթներին։ Նա անմիջապես առաջ ընկավ. ― Գնա՛նք, գնա՛նք... Ինչո՞ւ, ենք կանգնել։ ― Ով ասաց, որ կանգնել ենք... Գնում ենք... Եվ Արջը գլուխը ճոճելով առաջ ընկավ։ Փայտահատը երբ տեսավ բոլորը գնում են, նոր միայն ուշքի եկավ ու նրանց հետևից հասնելով, ձայն տվեց. ― Սպասեցե՛ք... Ախր ես էլ եմ գալիս, ես էլ ձեր կողմերից եմ... Սակայն երեխաները չգիտեին, թե ով է այդ մարդը։ Հասմիկը ենթադրում էր, թե անտառապահն է, իսկ Մանուշը, որի աչքի առաջ Փայտահատը մարդ էր դարձել, մի քիչ ծուռ-ծուռ էր նայում նրան։ Ախր ո՞նց կլինի, քիչ առաջ դու ագռավ էիր և մի ակնթարթում մարդ դարձար։ Ով էլ լինի մի քիչ կզգուշանա։ Դրա համար էլ Մանուշն ասաց. ― Մենք երևի տարբեր տեղեր ենք գնում։ ― Ոչ, — ասաց Փայտահատը, — մենք միևնույն տեղն ենք գնում... Ես ձեզ ճանաչում եմ։ ― Մեզ ճանաչո՞ւմ ես, ― թերահավատորեն հարցրեց Մանուշը։ ― Այո, երբ դուք լորենու տակ պահմտոցի էիք խաղում, ես այնքան եմ կանգնել ծառի ճյուղին ու հետևել ձեր խաղին... Ես ձեր հայրիկներին ու մայրիկներին էլ եմ ճանաչում, բոլորին էլ ճանաչում եմ... Գնանք, ես ձեզ ճանապարհին կպատմեմ իմ պատմությունը։ Իսկ Արջն այդ ժամանակ բավական հեռացել էր։ Տեսնելով, որ երեխաները կանգնել են, որոտաց. ― Հո՜, հո՜, հո՜... Ինչո՞ւ կանգնեցիք, շուտով կմթնի, ես ձեր կյանքի համար պատասխանատու եմ, պիտի ողջ ու առողջ տեղ հասցնեմ ձեզ, թե չէ... ― Գալիս ենք, ― ձայն տվեց Հասմիկը։ ― Ես կարճ ճանապարհ գիտեմ, ― ասաց Փայտահատն ու առաջ ընկավ, իսկ Արջը այդ տեսնելով ոտքը կախ գցեց, որ վերջից գնա՝ աչքը երեխաների վրա լինի։ Քիչ հետո նրանք կորան անտառում և կարծես թե մոռացան կաղնու տակ կուչ եկած երկու պառավներին, որոնք թեև մի քիչ վիրավորվեցին, որ երեխաներն առանց հրաժեշտ տալու գնացին, բայց էլի գոհ էին։ Նրանք նայում էին հեռացողների հետևից և գոհունակ ժպտում։ Երբ բոլորը աչքից կորան, Ծիպիլին շրջվեց դեպի Տիմբական ու շշնջաց. ― Գիտե՞ս, Տիմբակա, բարի կախարդ լինելն էլ վատ չէ, ի՞նչ կասես։ ― Ավելի լավ է, Ծիպիլի, ավելի լավ, — պատասխանեց Տիմբական։ Հետո, կարծես թե սթափվելով, գործնական դարձավ դեպի Ծիպիլին. ― Դե մենք պետք է շտապենք, գնանք գտնենք մեր ցախավելները, մեր հրեղեն նժույգները, նրանք հիմա մեզ են սպասում, հարկավոր է անցնել գործի։ ― Ի՞նչ գործի, — զարմացավ Ծիպիլին։ ― Ինչպես թե ինչ գործի... Չէ՞ որ մենք հիմա բարի կախարդներ ենք, փերիներ, հասկացա՞ր, փե՛֊րի՛-նե՛ր... Նոր տարի կա, տոն կա, ծնունդ կա... Քանի՜-քանի՜ երեխա պիտի սպասի մեզ։ Մենք նրանց համար նվերներ պիտի պատրաստենք, թե չէ Կաղանդի առավոտ կարթնանան ու բարձերի տակ նվեր չեն գտնի... ― Ճի՜շտ որ... ― ասաց Ծիպիլին, ― ես այդ մասին բոլորովին մոռացել էի... ՎԵՐՋ [[Կատեգորիա:ՀեքիաթներՀեքիաթ]][[Կատեգորիա:Մանկական]][[Կատեգորիա:Արձակ]][[Կատեգորիա:Հայ գրականություն]]