Changes

Չիպոլինոյի արկածները

Ավելացվել է 259 860 բայտ, 16:17, 19 Փետրվարի 2016
/* =Վերջաբան */
Ո՛չ ոք նրանց հարց չտվեց։ Առանց խոսքի էլ բոլորը հասկացան, որ տնակն անհայտացել է, և որ այդ իրենց երդվյալ թշնամու՝ ասպետ Պոմիդորի արածն է։
 
 
==Գլուխ տասնվեցերորդ==
 
Միստր Գազարոյի և Հասիր Բռնիր շան արկածները
 
 
Միստր Գազարոն․․․
 
Սպասեցեք մի րոպե․ իսկ ո՞վ է միստր Գազարոն։ Այդ անձնավորության մասին դեռ խոսք չի եղել։ Որտեղի՞ց նա հայտնվեց։ Ի՞նչ է պետք նրան։ Մե՞ծ է նա թե փոքր, հա՞ստ է թե բարակ։
 
Հիմա ձեզ ամեն ինչ կբացատրեմ։
 
Համոզվելով, որ փախստականների հետքն անգամ չկա, իշխան Լիմոնը հրամայեց ամբողջ շրջապատը փոցխել։ Լիմոնուկները զինվեցին փոցխերով և սկսեցին դաշտերն ու անտառները, մարգագետիններն ու պուրակները փոցխել, որպեսզի մեր բարեկամներին գտնեն։ Զինվորներն աշխատում էին օր ու գիշեր, նրանք մի ամբողջ կույտ թուղթ, ցախ և օձի չորացած կաշի հավաքեցին, բայց Չիպոլինոյի և նրա բարեկամների հետքն էլ չգտան։
 
― Անգործներ, ― կատաղեց իշխանը, ― միայն կարողացաք փոցխերը ջարդել և բոլոր մատները թողնել անտառում։ Դրա համար արժեր ձեր մատները մեկ֊մեկ ջարդել։
 
Զինվորները դողում էին և վախից ատամները խփում իրար։ Մի քանի րոպե անընդհատ լսվում էր․ «չը՛խկ֊չը՛խկ֊չը՛խկ», կարծես կարկուտ էր գալիս։
 
― Ես կարծում եմ, որ պետք է հետախուզության մասնագետի դիմել, ― խորհուրդ տվեց պալատական Լիմոններից մեկը։
 
― Իսկ դա ի՞նչ բան է։
 
― Պարզ ասած՝ խուզարկու։ Ասենք դուք, ձերդ մեծություն, ճանապարհին կորցնում եք ձեր կոճակը, խնդրեմ, դիմեցեք խուզարկության բյուրոյին, և խուզարկուն իսկույն կգտնի կտա։ Նույն բանը կլինի, եթե ձերդ մեծության զինվորներից մի գումարտակ կորչի, կամ բանտից փախչեն ձերբակալվածները։ Խուզարկուն հերիք է, որ դնի իր հատուկ ակնոցը, իսկույն կգտնի ինչ որ կորել է։
 
― Որ այդպես է, խուզարկու կանչեցեք։
 
― Ես ճանաչում եմ շատ հարմար մի արտասահմանյան մասնագետի, որն այդ գործով է զբաղվում, ― առաջարկեց պալատականը, ― նրան միստր Գազարո են ասում։
 
― Միստր Գազարոն․․․ Ահա թե ով է այդ միստր Գազարոն։ Քանի դեռ ամրոց չի ընկել, ես ձեզ պատմեմ, թե նա ինչպես է հագնված և ինչ գույնի բեղեր ունի։ Ասենք, բեղերի մասին ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել, այն պարզ պատճառով, որ նիհար, կարմրաշեկ Գազարոն բեղեր չունի։ Դրա փոխարեն նա խուզարկու շուն ունի, որի անունն է Հասիր Բռնիր։ Նա օգնում է միստր Գազարոյին գործիքները տեղափոխելիս։ Միստր Գազարոն երբեք ճանապարհ չի ընկնի առանց իր հետ տասնյակ դիտախողովակներ ու հեռադիտակներ, հարյուրավոր կողմնացույցներ ու տասնյակ ֆոտոապարատներ վերցնելու։ Բացի այդ, նա ամեն տեղ գնալիս իր հետ մանրադիտակ, թիթեռ բռնելու ցանց և մի տոպրակ աղ է վերցնում։
 
― Իսկ ինչի՞դ է պետք աղը, ― հարցրեց նրան Իշխանը։
 
― Ձերդ գերազանցության թույլտվությամբ՝ ես աղը լցնում եմ հետապնդվող որսի պոչին և հետո նրան բռնում այս գործիքով, որը թիթեռ բռնելու հսկայական ցանցի է նման։
 
Իշխան Լիմոնը հառաչեց․
 
― Վախենում եմ, թե այս անգամ ձեզ աղ պետք չգա։ Ինչքան ինձ հայտնի է, փախած կալանավորները պոչ չեն ունեցել։
 
― Շատ լուրջ բան է դա, ― խստորեն նկատեց միստր Գազարոն։ ― Եթե նրանք պոչ չունեն, էլ ինչպե՞ս պիտի բռնեմ նրանց պոչից, որտեղ պիտի աղ լցնեմ։ Ձերդ մեծության թույլտվությամբ պետք է ասեմ, որ դուք ընդհանրապես պետք է կալանավորներին արգելեիք բանտից փախչել։ Կամ, ծայրահեղ դեպքում, հարկավոր էր նախքան փախչելը բանտարկյալներին պոչ կպցնել, որպեսզի իմ շունը կարողանար նրանց բռնել։
 
― Ես կինոյում տեսել եմ, որ երբեմն փախստականներին բռնում են առանց աղի, ― նորից միջամտեց նույն պալատականը, որը խորհուրդ էր տվել խուզարկու բերել։
 
― Դա հնացած սիստեմ է, ― արհամարհանքով առարկեց միստր Գազարոն։
 
― Փա՛ստ է, փաստ։ Շ֊շա՜տ հնացած սիստեմ է, ― կրկնեց նրա շունը։
 
Այդ շունը մի առանձնահատկություն ուներ․ նա հաճախ էր կրկնում իր տիրոջ խոսքերը, ավելացնելով իր անձնական դատողությունները, որոնք սովորաբար արտահայտվում էին «Շ֊շա՜տ, շ֊շա՛տ», «անշո՛ւշտ, անշո՛ւշտ», կամ «փա՛ստ է, փա՛ստ» խոսքերով։
 
― Ի միջի այլոց, փախստականներին բռնելու մի ուրիշ միջոց էլ գիտեմ, ― ասաց միստր Գազարոն։
 
― Փա՛ստ է, փա՛ստ։ Մենք շ֊շա՛տ, շ֊շա՛տ միջոցներ ունենք, ― հպարտորեն պոչը շարժելով հաստատեց շունը։
 
― Կարելի է աղի փոխարեն պղպեղ օգտագործել։
 
― Ճի՛շտ է, ճի՛շտ, ― հրճվանքով հավանություն տվեց իշխան Լիմոնը, ― պղպեղը ցանեք նրանց աչքերի մեջ, և նրանք անմիջապես կհանձնվեն, ես նույնիսկ չեմ կասկածում, որ այդպես կլինի։
 
― Ես էլ եմ այդպես կարծում, ― զգուշորեն նկատեց ասպետ Պոմիդորը, ― բայց նախքան պղպեղն օգտագործելը, ըստ երևույթին, անհրաժեշտ կլինի փախստականներին գտնել, այդպես չէ՞։
 
― Դա մի քիչ դժվար է, ― ասաց միստր Գազարոն, ― բայց իմ գործիքների օգնությամբ ես կփորձեմ։
 
Միստր Գազարոն կրթված խուզարկու էր․ նա առանց իր գործիքների ոչինչ չէր անում։ Նույնիսկ, երբ քնելու էր գնում, զինվում էր երեք կողմնացույցով։ Դրանցից մեկը՝ ամենամեծը, նրա համար, որպեսզի կարողանար աստիճանները գտնել, մյուսը՝ մի քիչ ավելի փոքրը, նրա համար էր, որպեսզի գտներ ննջարանի դուռը, իսկ ամենափոքրը՝ ննջարանում մահճակալը գտնելու համար էր։
 
Բալուկը իբր թե պատահմամբ անցավ միջանցքով, որպեսզի տեսնի նշանավոր խուզարկուին և նրա շանը։ Եվ ինչքան զարմացավ, երբ տեսավ թե ինչպես միստր Գազարոն և շունը հատակին պառկած նայում էին մի կողմնացույցի։
 
― Ներեցեք, հարգելի սինյորներ, ― հետաքրքրվեց Բալուկը, ― ես կուզեի իմանալ, թե դուք ի՞նչ եք անում հատակին պառկած։ Գուցե դուք ուզում եք գորգի վրա գտնել փախստականների հետքերը և կողմնացույցով որոշել, թե նրանք ո՞ր կողմն են փախել։
 
― Ոչ, սինյոր, ես ուղղակի իմ մահճակալն եմ փնտրում։ Հասարակ աչքով ամեն մարդ կարող է մահճակալը տեսնել, բայց խուզարկու մասնագետը պետք է որոնումները գիտական ձևով կատարի, համապատասխան տեխնիկայի միջոցով։ Ինչպես ձեզ հայտնի է, կողմնացույցի մագնիսացված սլաքը միշտ թեքվում է դեպի հյուսիս։ Նրա այդ հատկությունն ինձ իմ մահճակալը անսխալ կերպով գտնելու հնարավորություն է տալիս։
 
Սակայն, հետևելով իր կողմնացույցի սլաքին, նա շուտով գլուխը խփեց հայելուն, և քանի որ նա պնդաճակատների ցեղից էր՝ հայելին հազար կտոր եղավ։ Ըստ որում ամենից շատ տուժեց նրա շունը։ Հայելու կտորներից մեկը կտրեց նրա պոչի կեսից ավելին, թողնելով ընդամենը մի խղճուկ կտոր։
 
― Մեր հաշվումները, ինչպես երևում է, սխալ էին, ― ասաց միստր Գազարոն։
 
― Փա՛ստ է, փա՛ստ։ Շ֊շա՛տ, շ֊շա՛տ սխալ էին, ― կտրված պոչը լիզելով համաձայնեց շունը։
 
― Ուրեմն հարկավոր է ուրիշ ճանապարհ փնտրել, ― ասաց խուզարկուն։
 
― Ուրիշ ճանապարհ փնտրել, ― նորից հաչեց շունը։ ― Գուցե մյուս ճանապարհները հայելիով չվերջանան։
 
Կոմնացույցը մի կողմ դնելով, միստր Գազարոն զինվեց իր ծովային հզոր դիտախողովակներից մեկով, որը դրեց աչքին և սկսեց աջ ու ձախ դառնալ։
 
― Ի՞նչ եք տեսնում, տեր իմ, ― հարցրեց շունը։
 
― Պատուհան եմ տեսնում, որը փակ է, վրան կարմիր վարագույրներ կան, և ամեն մի շրջանակում տասնչորս գունավոր ապակի։
 
― Շա՛տ, շա՛տ կարևոր հայտնագործում է, ― բացականչեց շունը, ― տասնչորս և տասնչորս կանի քսանութ։ Եթե մենք գնանք այդ ուղղությամբ, մեր գլխին ամենաքիչը հիսունվեց կտոր կընկնի։ Ինչ վերաբերում է ինձ, ապա չգիտեմ, թե իմ պոչից ինչ կմնա։
 
Միստր Գազարոն դիտախողովակն ուրիշ կողմ ուղղեց։
 
― Իսկ հիմա՞ ինչ եք տեսնում, ― մտահոգված հարցրեց շունը։
 
― Մետաղե ինչ֊որ կառուցվածք եմ տեսնում։ Շատ հետաքրքիր կոնստրուկցիա ունի։ Պատկերացրե՛ք՝ երեք ոտ, որոնք վերևում մետաղե օղակով միացված են իրար, իսկ կառուցվածքի գագաթին սպիտակ կտոր կա, ըստ երևույթին էմալապատված է։
 
Շունն իր տիրոջ հայտնագործություններից ցնցված էր։
 
― Սինյո՛ր, ― ասաց նա, ― եթե ես չեմ սխալվում, մեզանից առաջ ոչ ոք էմալապատ կտուր չի գտել։ Այդպես չէ՞։
 
― Այո, ― պատասխանեց միստր Գազարոն հպարտությամբ։ Իսկական խուզարկուն ամենասովորական պայմաններում կարող է շատ անսովոր իրեր հայտնաբերել։
 
Տերն ու շունը սողալով մոտեցան սպիտակ կտորով մետաղե կառուցվածքին։ Տասը քայլ անելով, նրանք մոտեցան կախարդական կառուցվածքին և այնքան անշնորհք կերպով մտան նրա տակ, որ սպիտակ կտուրը շուռ եկավ։
 
Դեռ ուշքի չէին եկել և դեռ գլխի չէին ընկել, թե ինչ է կատարվում, երբ նրանց վրա հանկարծ սառը անձրև տեղաց։
 
Խուզարկուն և շունը կուչ եկան իրենց տեղում, վախենալով, թե մի նոր անսպասելի բան կարող է պատահել։ Նրանք վախենում էին շարժվել, մինչդեռ սառը ջուրը հոսում էր միստր Գազարոյի դեմքի և նրա շան մռութի, իսկ հետո էլ երկուսի մեջքի, կողերի ու փորի վրայով։
 
― Ես ենթադրում եմ, որ մենք պարզապես շուռ ենք տվել լվացարանի վրայի էմալապատ տաշտակը, ― մռթմռթաց միստր Գազարոն։
 
― Ես կարծում եմ, ― ավելացրեց շունը, ― որ այդ տաշտակի մեջ առավոտյան լվացվելու համար շ֊շա՛տ, շ֊շա՛տ ջուր կար։
 
Այստեղ միստր Գազարոն ոտքի ելավ և անսպասելի դուշից հետո սկսեց իրեն թափ տալ։ Նրա հավատարիմ ուղեկիցը հետևեց Գազարոյի օրինակին։
 
Դրանից հետո խուզարկուն առանց դժվարության մահճակալը գտավ, որից ընդամենը երկու քայլ էր հեռու, և հանդիսավոր կերպով մոտենալով նրան, շարունակեց այս կարգի խորիմաստ բաներ ասել․
 
― Ի՞նչ կարող ես անել, մեր մասնագիտությունը ռիսկի հետ է կապված։ Ճիշտ է, մեր գլխին սառը ջրի հեղեղ տեղաց, բայց մենք գտանք մեր փնտրածը՝ մահճակալը։
 
― Փա՛ստ է, փա՛ստ, շատ ջուր թափվեց, ― իր հերթին ավելացրեց շունը։ Նրա բախտն այդ օրը ինչ֊որ չէր բերում։ Թրջված, մրսած, կտրված պոչով նա քնեց հատակին, գլուխը դնելով իր տիրոջ թաց կոշիկներին։
 
Միստր Գազարոն ամբողջ գիշերը խռմփացրեց և արևի առաջին շողերի հետ արթնացավ։
 
― Հասիր Բռնիր, աշխատանքն սկսում ենք, ― ձայն տվեց նա։
 
― Տեր իմ, ես պատրաստ եմ, ― վեր թռչելով և իր կտրված պոչին նստելով, պատասխանեց շունը։
 
Այդ առավոտ միստր Գազարոն լվացվել չկարողացավ, քանի որ լվացվելու համար նախատեսված ամբողջ ջուրը թափել էին։ Շունը բավարարվեց նրանով, որ լիզեց բեղերը, իսկ հետո էլ տիրոջ դեմքը։ Այսպես թարմանալով նրանք գնացին պարկ և սկսեցին որոնումները։
 
Նշանավոր խուզարկուն սկսեց այն բանից, որ պայուսակից հանեց մի փոքրիկ տոպրակ՝ մեջը համարակալված իննսուն տակառիկ, որոնցով լոտո են խաղում։
 
Նա շանը խնդրեց որևէ համար հանել։ Շունը թաթը մտցրեց տոպրակի մեջ և հանեց համար յոթը։
 
― Ուրեմն մենք պետք է յոթ մետր աջ գնանք, ― որոշեց միստր Գազարոն։
 
Նրանք յոթ քայլ գնացին դեպի աջ և ընկան եղինջի մեջ։
 
Շան կտրված պոչն այնպես դաղվեց, որ կարծես կրակով այրեցին, իսկ միստր Գազարոյի քիթը թուրքական պղպեղի նման կարմրեց։
 
Ըստ երևույթին մենք նորից սխալվեցինք, ― ենթադրեց ուսումնական խուզարկուն։
 
― Փա՛ստ է, փա՛ստ, ― տխրությամբ հաստատեց շունը։
 
― Մի ուրիշ համար փորձենք։
 
― Փորձենք, ― համաձայնեց շունը։
 
Այս անգամ դուրս եկավ համար քսանութը, և միստր Գազարոն վճռեց, որ պետք քսանութ քայլ դեպի ձախ գնալ։
 
Քսանութ քայլ դեպի ձախ գնացին և ընկան ոսկի ձկնիկների ավազանը։
 
― Օգնեցե՜ք, խեղդվում եմ, ― ջրի մեջ թպրտալով և ոսկի ձկնիկներին վախեցնելով աղաղակեց միստր Գազարոն։
 
Գուցե և նա իսկապես խեղդվեր, բայց հավատարիմ շունը ժամանակին ատամներով բռնեց նրա օձիքից և դուրս քաշեց։
 
Նրանք նստեցին ավազանի ափին։ Մեկը շորերն էր չորացնում, մյուսը՝ բուրդը։
 
― Ես ավազանում շատ կարևոր հայտնագործություն արեցի, ― առանց քաշվելու ասաց միստր Գազարոն։
 
― Շ֊շա՛տ, շ֊շա՛տ կարևոր, ― հաստատեց շունը, ― մենք հայտնագործեցինք, որ ջուրը շ֊շա՛տ, շ֊շա՛տ թաց է։
 
― Չէ՛, այդ չէ։ Ես եկա այն եզրակացության, որ մեր փնտրած գերիները սուզվել են այս ավազանի տակ, հատակին ստորանցք են փորել և այդպիսով խուսափել հետապնդողներից։
 
Միստր Գազարոն կանչեց ասպետ Պոմիդորին և առաջարկեց նրան ստորանցքը գտնելու համար ավազանի ջուրը ցամաքեցնել։ Բայց սինյոր Պոմիդորը կտրականապես հրաժարվեց այդ առաջարկությունից։ Նա հայտարարեց, թե իր կարծիքով փախստականներն ավելի հեշտ ու հասարակ ուղի ընտրած կլինեն, ու միստր Գազարոյին առաջարկեց, որ իր որոնումներն այլ ուղղությամբ շարունակի։
 
― Ահա թե մարդիկ ինչպես են շնորհակալ լինում, ասաց նա, ― ես քրտինքը դեմքիս չարչարվում եմ, մի սառը վաննան մյուսի հետևից եմ ընդունում, իսկ տեղական իշխանությունները փոխանակ ինձ օգնելու, ամեն քայլափոխում խանգարում են։
 
Բարեբախտաբար, կարծես թե պատահմամբ, այդտեղով անցնում էր Բալուկը։ Խուզարկուն կանգնեցրեց նրան և հարցրեց, թե ոսկի ձկնիկների ավազանի հատակին փախստականների փորած ստորանցքից բացի նա այգում ուրիշ ելք գիտե՞ թե չէ։
 
― Դե իհարկե գիտեմ, ― պատասխանեց Բալուկը, ― մի վանդակադուռ էլ կա։
 
Միստր Գազարոն ջերմ շնորհակալություն հայտնեց տղային և շան ուղեկցությամբ, որ դեռ սառը վաննայից հետո փնչացնում էր ու իրեն թափ տալիս, գնաց վանդակավոր դուռը փնտրելու, ի՞նչ խոսք, կողմնացույցի օգնությամբ, որից նա երբեք չէր բաժանվում։
 
Բալուկը, իբր թե հենց այնպես, հետաքրքրության համար, հետևեց նրան։ Երբ խուզարկուն վերջապես այգուց դուրս եկավ և գնաց անտառի կողմը, տղան երկու մատը բերանը դնելով ուժեղ սուլեց։
 
Միստր Գազարոն արագ շուռ եկավ նրա կողմը․
 
― Այդ ո՞ւմն եք կանչում, երիտասարդ, երևի իմ շա՞նը։
 
― Ո՛չ, ո՛չ, միստր Գազարո, ես մի ծանոթ ճնճղուկի իմաց տվեցի, որ իր համար լուսամուտի գոգին հացի փշրանք եմ թափել։
 
― Դուք շատ բարի հոգի ունեք, ― սինյոր, ― այս խոսքերն ասելով միստր Գազարոն Բալուկին գլուխ տվեց և շարունակեց իր ճամփան։
 
Դուք, իհարկե, գլխի ընկաք, որ Բալուկի սուլոցին ինչ֊որ մեկը շուտով նույնպես պատասխանեց, միայն ավելի ցածր ու խուլ։ Դրանից հետո անտառի ծայրին, խուզարկուի աջ կողմում շարժվեցին թփուտի ճյուղերը։ Բալուկը ժպտաց․ նրա բարեկամներն իրենց տեղումն էին, և նա ժամանակին զգուշացրեց միստր Գազարոյի և նրա շան մասին։
 
Բայց խուզարկուն էլ նկատեց, որ թփուտները շարժվեցին։ Նա ընկավ գետնին ու անշարժացավ։ Շունը հետևեց նրա օրինակին։
 
― Մեզ շրջապատել են, ― բերանն ու քիթը լցված փոշին մաքրելով, շշնջաց խուզարկուն։
 
― Փա՛ստ է, փա՛ստ, մեզ շրջապատել են։
 
― Մեր խնդիրը քանի գնում ավելի դժվար ու վտանգավոր է դառնում, ― շշուկով շարունակեց միստր Գազարոն։ ― Բայց ինչ էլ լինի, մենք պետք է փախստականներին բռնենք։
 
― Բռնե՛նք, բռնե՛նք, ― կամաց արձագանքեց շունը։
 
Խուզարկուն իր լեռնային հեռադիտակն ուղղեց թփուտների վրա և սկսեց ուշադիր նայել։
 
― Կարծես թե թփուտներում ոչ ոք չկա, չարագործները նահանջել են։
 
― Ի՞նչ չարագործներ, ― հարցրեց շունը։
 
― Նրանք, որ պահվել էին թփուտներում և օրորում էին ճյուղերը։ Մենք պետք է գնանք նրանց հետքերով, իսկ այդ հետքերը մեզ կտանեն դեպի նրանց բունը։
 
Շունը հիանում էր տիրոջ հնարամտությամբ։
 
Այդ ժամանակ թփուտներում թաքնվածները բավական եռանդուն ճեղքելով մացառները, իրոք նահանջում էին։ Ճիշտն ասած, ոչ ոք չէր երևում, միայն այնտեղ, որտեղից անցնում էին նրանք, թեթևակի շարժվում էին թփերի ճյուղերը։ Բայց միստր Գազարոն բոլորովին չէր կասկածում, թե փախստականները թաքնված են թփուտներում և հաստատ որոշել էր հետևել նրանց։ Մոտ հարյուր մետր գնալով խուզարկուն ու շունը հասան անտառ։ Միստր Գազարոն ու Հասիր Բռնիրը մի քանի քայլ էլ արեցին և կանգ առան կաղնու ստվերում, որպեսզի հանգստանան ու որոշեն իրենց անելիքները։
 
Խուզարկուն պառկեց մանրադիտակը հանեց և սկսեց ուշադիր դիտել արահետի փոշին։
 
― Ոչ մի հետք չկա՞, տեր իմ, ― անհամբեր հարցրեց շունը։
 
― Ոչ մի։
 
Այդ վայրկյանին նորից մի երկար սուլոց լսվեց, իսկ հետո լսվեցին խուլ բացականչություններ․
 
― Է՛, հե՜յ, հե՛, հե՜յ․․․
 
Միստր Գազարոն և շունը նորից ընկան գետին։ Ոչ մի կասկած չկար, որ խորհրդավոր մարդիկ ինչ֊որ ազդանշան էին տալիս։
 
― Մենք վտանգի մեջ ենք, ― հանգիստ արտասանեց միստր Գազարոն, պարկից հանելով մի գործիք, որ թիթեռ որսալու ցանցի էր նման։
 
― Փա՛ստ է, փա՛ստ, ― արձագանքեց շունը։
 
― Ոճրագործները կտրել են մեր նահանջի ճանապարհը և ուզում են մեզ վրա հարձակվել թիկունքից։ Պղպեղի ամանը պատրաստ պահիր։ Հենց որ նրանք երևան, մենք նրանց աչքերին պղպեղ կցանենք և ցանցով կծածկենք։
 
― Շատ համարձակ պլան է, ― հաչեց շունը, ― բայց ես լսել եմ, որ չարագործները երբեմն հրացաններ են ունենում․․․ Ի՞նչ կլինի, եթե նրանք գերի ընկնելիս սկսեն կրակել։
 
― Անե՛ծք, ― ասաց միստր Գազարոն, ― ճիշտն ասած, ես այդ մասին չէի մտածել։
 
Այդ պահին դեռևս գետնին կպած խուզարկուն և շունը իրենցից ոչ այնքան հեռու մի խեղդված ձայն լսեցին․
 
― Միստր Գազարո՜, միստր Գազարո՜։
 
― Կանացի ձայն է, ― շուրջը նայելով ասաց խուզարկուն։
 
― Այստե՜ղ, միստր Գազարո՜, ինձ մո՛տ եկեք, ― շարունակում էր նույն ձայնը։
 
Շունը համարձակվեց իր ենթադրությունն ասել։
 
― Իմ կարծիքով, ― ասաց նա, ― այստեղ մի ինչ֊որ շատ հանելուկային բան է կատարվում։ Այդ կնոջը լուրջ վտանգ է սպառնում։ Գուցե նա բանդիտների ձեռքն է ընկել, որոնք ուզում են նրան իրենց պատանդը դարձնել։ Ես կարծում եմ, որ ինչ էլ լինի, հարկավոր է այդ կնոջն ազատել։
 
― Մենք չենք կարող զբաղվել կողմնակի բաներով, ― իր ճարպիկ օգնականի անտեղի միջամտությունից նեղացած, ասաց միստր Գազարոն։ ― Մենք այստեղ եկել ենք բռնելու, բանտարկելու համար և ոչ թե ինչ֊որ մեկին ազատելու։ Մեր նպատակը պարզ է ու հասկանալի։ Մենք չենք կարող անել ճիշտ հակառակն այն բանի, ինչի համար մեզ վճարում են։ Հիշեցեք, որ ձեր անունը Հասիր Բռնիր է, և ձեր գործն արեք։
 
Թփերի միջից նորից լսվեց կանացի խղճալի, աղեկտուր ձայնը․
 
― Միստր Գազարո՜, աստված կսիրեք, օգնեցե՜ք, օգնեցե՜ք վերջապես․․․
 
Այդ ձայնն այնքան հուսահատական էր, որ նշանավոր խուզարկուն չդիմացավ։
 
«Մի կին իմ օգնությունն է խնդրում, ― մտածեց նա, ― և ես պիտի հրաժարվե՞մ նրան օգնելուց, սիրտ չունե՞մ, ի՞նչ է»։
 
Նա բաճկոնի տակ մտահոգ շոշափեց իր կրծքի ձախ կողմը և թեթևացած շունչ քաշեց։ Պարզվեց, որ սիրտն իր տեղումն էր և սովորականից ավելի ուժգին էր բաբախում։
 
Իսկ ձայնն աստիճանաբար հեռանում էր դեպի հյուսիս, որտեղից ոտնաձայներ և պայքարի խուլ աղմուկ էր լսվում։
 
Միստր Գազարոն ոտքի թռավ և աչքը կողմնացույցից չկտրելով, շան ուղեկցությամբ վազեց դեպի հյուսիս։
 
Հանկարծ նրա հետևից մի զսպված ծիծաղի ձայն լսվեց։
 
Խուզարկուն ցասումով կանգ առավ և սկսեց փնտրել իր թիկունքում հանդգնորեն ծիծաղողին։ Թփուտների մեջ ոչ ոքի չգտնելով, միստր Գազարոն աչքերը փայլեցրեց և ազնիվ վրդովմունքից ամբողջովին դողալով, ճչաց․
 
― Ծիծաղի՛ր, ծիծաղի՛ր, ստոր ոճրագործ, լավ է ծիծաղում նա, որ ծիծաղում է վերջում։
 
«Ոճրագործը նորից փռթկաց, իսկ հետո հազի հանկարծակի նոպայից շնչահեղձ եղավ։
 
Բանն այն է, որ Բողկն այդ րոպեին ուժեղ խփեց նրա մեջքին, որպեսզի նա այլևս չծիծաղի։ Այդ ծիծաղկոտ տղան հենց փոքրիկ Լոբին էր, ձորձահավաք Լոբու տղան։ Երբ հազն անցավ, նա թաշկինակը կոխեց բերանն ու իր համար շարունակեց ծիծաղել, առանց լռությունը խախտելու։
 
― Դու ուզում ես ամեն ինչ փչացնե՞լ, ― բարկացած շշնջաց Բողկիկը, ― անմիջապես վերջ տուր փռթկոցիդ։
 
― Դե ինչպե՞ս դրանց վրա չծիծաղես, ― հազիվ ծիծաղը զսպելով՝ ասաց Լոբիկը։
 
― Ծիծաղելու ժամանակ կունենաս, իսկ առայժմ գնանք, որ խուզարկուն աչքիցս չկորչի։
 
Միստր Գազարոն և նրա շունն առաջվա նման վազում էին դեպի հյուսիս, այն կողմը, որտեղից հեռացող ոտնաձայների և կռվի աղմուկ էր լսվում։ Նրանք կարծում էին, թե չարագործների մի ամբողջ խմբի են հետապնդում, իսկ իրականում վազում էին երկու երեխաների հետևից։ Դրանք Կարտոֆիլիկն ու Տոմատիկն էին, որ ցույց էին տալիս, թե կռվում են իրար հետ։ Երբեմն աղջիկը կանգ էր առնում և բարակ ձայնով կանչում․
 
― Օգնեցե՜ք, օգնեցե՜ ք, սինյոր խուզարկու, ինձ բանդիտները փախցրել են։ Աղաչում եմ ձեզ, ազատեցեք ինձ։
 
Դուք երևի գլխի ընկաք, որ թփուտների միջով գնացող երեխաները մի նպատակ ունեին՝ խուզարկուին և նրա շանն ինչքան հնարավոր է հեռացնել այն անձավից, որտեղ թաքնված էին Չիպոլինոն և նրա բարեկամները։ Բայց այդ դեռ բոլորը չէ։
 
Այն րոպեին, երբ խուզարկուի շունն արդեն հասնում էր փախստականներին և պատրաստվում էր բռնել նրանցից մեկի ոտքը, նրա հետ շատ տարօրինակ բան կատարվեց։
 
― Օ՜, երկինք, ես թռչում եմ, մնաք բարով, իմ թանկագին տեր, ― հազիվ կարողացավ վնգստալ նա։
 
― Եվ նա, իսկապես, արագ վեր թռավ, պարանի օղակը սարսափահար շանը մինչև կաղնու կատարը բարձրացրեց և ամուր կապեց մի հաստ ոստի։
 
Երբ խուզարկուն, որ ընդամենը նրանից մի երկու քայլ էր ետ ընկել, թփուտների միջից դուրս եկավ, շան հետքն անգամ չկար։
 
― Հասիր֊Բռնի՛ր, Հասիր֊Բռնի՛ր, ― կանչեց նա։
 
Պատասխան չկար։
 
― Երևի այդ ստոր շունը նորից նապաստակի հետևից է ընկել։ Տասը տարվա մեջ ես չկարողացա նրա միջից այս հին սովորությունը հանել։
 
Եվ ոչ մի պատասխան չլսելով, նա նորից կանչեց․
 
― Հասիր֊Բռնի՛ր։
 
― Ես այստեղ եմ, տեր իմ, այստեղ, ― հազիվ լսվեց շան խեղդված ձայնը վերևից։
 
Խուզարկուն նայեց վեր և կաղնու տերևների միջից վերևի ճյուղերի վրա տեսավ իր շանը։
 
― Ի՞նչ ես անում այդտեղ, ― հարցրեց նա խստությամբ, ― ծառերի վրա ելնելու լավ ժամանակ ես գտել, խոսք չկա։ Ի՞նչ է, կարծում ես, թե խա՞ղ ենք անում։ Ցա՛ծ իջիր անմիջապես։ Ավազակները մեզ չեն սպասի։ Եթե նրանց հետքերը կորցնենք, էլ ո՞վ պիտի խեղճ կնոջը փրկի։
 
― Տե՛ր իմ, մի՛ նեղացեք, ես հիմա ամեն ինչ կբացատրեմ․․․ ― վնգստաց շունը, որ աշխատում էր մի կերպ ծուղակից ազատվել։
 
― Ես բացատրության կարիք չեմ զգում, ― զայրացած շարունակեց միստր Գազարոն։ ― Առանց քո փչոցի էլ շատ լավ հասկանում եմ, որ դու չես ուզում ավազակներին հետապնդել և գերադասում ես ընկնել սկյուռերի հետևից։ Մենակ թե դա քեզ վրա էժան չի նստի։ Ես Եվրոպայի և Ամերիկայի ամենանշանավոր խուզարկուն եմ և չեմ կարող ինձ մոտ ծառայության պահել անբանի մեկին, որը ոչ մի ծառ բաց չի թողնի, առանց վրան բարձրանալու։ Խոսք չկա, շատ հարմար է իմ օգնականի տեղը։ Մնաս բարով, դու հեռացված ես։
 
― Տե՛ր իմ, տե՛ր իմ, թույլ տվեք գոնե մի խոսք ասեմ։
 
― Ինչ ուզում ես ասա, միայն թե ես քեզ լսելու մտադրություն չունեմ։ Ես ավելի կարևոր գործ ունեմ։ Ես պարտավոր եմ իմ պարտքը կատարել, և ոչինչ ինձ չի կանգնեցնի կես ճանապարհին։ Իսկ դու ինչքան ուզում ես վազիր սկյուռների հետևից։ Ցանկանում եմ, որ ճարես ավելի ուրախ պաշտոն և ոչ խստապահանջ տեր։ Իսկ ես ինձ համար մի ավելի լուրջ օգնական կգտնեմ։ Դեռ երեկ այգում Մաստինո անունով մի հիանալի շուն տեսա։ Նա հենց իմ ուզածն է, ազնիվ, համեստ և արժանավոր շուն է։ Նրա մտքով անգամ չի անցնի կաղնիների վրա որդեր փնտրել․․․ Այսպես, ուրեմն, մնաս բարով, թեթևսոլիկ և անհավատարիմ շուն։ Մենք այլևս իրար չենք տեսնի։
 
Նման հանդիմանություններ ու վիրավորանքներ լսելով, խեղճ շունն սկսեց աղի արտասուք թափել։
 
― Տեր իմ, ճանապարհին զգույշ եղեք, թե չէ ձեզ հետ էլ նույնը կպատահի, ինչ ինձ պատահեց։
 
― Թողեք ձեր հիմար կատակները, պառավ լուսնահաչ։ Ես դեռ իմ ամբողջ կյանքում ոչ մի ծառ չեմ բարձրացել։ Եվ, ի՞նչ խոսք, մտադրություն չունեմ թողնել իմ պարտականություններն ու հետևել քո օրինակին․․․
 
Բայց հենց այն ժամանակ, երբ միստր Գազարոն վրդովված արտասանում էր իր ճառը, հանկարծ զգաց՝ մի բան այնպես ուժգին գրկեց իր մարմինը, որ շունչը կտրվեց։ Նա լսեց, թե ինչպես զսպանակը չխկաց և զգաց, որ նույն կաղնու տերևների միջով թռչում է վերև։ Երբ այդ կարճատև թռիչքն ավարտվեց, խուզարկուն իր առջև տեսավ շան կտրված պոչը։ Իր շան նման միստր Գազարոն էլ ամուր պարանով կապվեց կաղնու ճյուղերից։
 
― Ես ասում էի, ախր ասում էի ձեզ, ― լալագին կրկնում էր շունը, ― իսկ դուք ինձ չուզեցիք լսել․․․
 
Միստր Գազարոն շատ մեծ ջանքեր էր թափում, որպեսզի այդքան անհարմար դիրքում կարողանար պահպանել իր արժանապատվությունը։
 
― Դու ինձ ոչինչ, ոչ մի բան չասացիր, ― ատամները կրճտացնելով ասաց նա, ― քո պարտքն այն էր, որ ինձ ժամանակին ծուղակի մասին զգուշացնեիր և ոչ թե դատարկ խոսակցությամբ ժամանակ կորցնեիր։
 
Շունը լեզուն կծեց, որ անարդար հանդիմանությանը հանկարծ չպատասխանի։ Նա լավ էր զգում, թե ինչ դրության մեջ է իր տերը, և չէր ուզում նրա հետ վեճի բռնվել։
 
― Այսպես ուրեմն, ծուղակի մեջ ենք, ― մտահոգ ասաց Գազարոն։ ― Հիմա պետք է մտածենք, թե ինչպե՞ս այստեղից դուրս պրծնենք։
 
― Այդ ձեզ համար այդքան էլ հեշտ չի լինի, ― լսվեց մի բարակ ձայն ներքևից։
 
«Ի՜նչ ծանոթ ձայն է, ― մտածեց միստր Գազարոն, ― հա՛, դա նա է, այն գերի կինը, որ ինձ օգնության էր կանչում»։
 
Նա ներքև նայեց, կարծելով թե կտեսնի դանակները ատամների մեջ պահած սարսափելի ավազակների, իսկ նրանց մեջտեղում գերի դշխուհուն, բայց դրա փոխարեն նա տեսավ մի խումբ երեխաների, որոնք ծիծաղից թավալվում էին ծառի տակ։
 
Դրանք Բողկը, Կարտոֆիլը, Լոբիկն ու Տոմատիկն էին։ Նրանք կաղնու ճյուղերի տակ ծիծաղում էին, գրկախառնվում և պար գալիս, երգելով հենց նոր հնարած մի երգ։
 
<poem>
Դո՛ւն֊դո՛ւն, դո՛ւն֊դո՛ւն, դո՛ւն֊դո՛ւն,
Ա՛յ քեզ ուրախ բան․
Կաղնու վրա երկու շուն,
Երկուսն էլ կծան։
</poem>
 
― Սինյորնե՜ր, ― հոնքերը կիտելով ասաց նշանավոր խուզարկուն, ― եղեք բարի, ասացեք, թե ովքեր եք դուք և ինչի՛ համար եք այդպես ուրախանում։
 
― Մենք սինյորներ չենք, մենք ավազակներ ենք, ― պատասխանեց Լոբիկը։
 
― Իսկ ես խեղճ գերի եմ։
 
― Անմիջապես օգնեցեք ինձ, որ ցած իջնեմ, թե չէ ստիպված ամենախիստ միջոցների կդիմեմ։ Լսո՞ւմ եք։
 
― Փա՛ստ է, փա՛ստ, շ֊շատ խիստ միջոցների կդիմենք, ― իր կտրված պոչը կատաղորեն շարժելով, կաղկանձեց շունը։
 
― Ես կարծում եմ, քանի դեռ դուք այդ վիճակումն եք, դժվար թե կարողանաք խիստ միջոցների դիմել, ― ասաց Բողկը։
 
― Իսկ մենք կաշխատենք, որ դուք երկար մնաք այդպես կախված, ― ավելացրեց Տոմատիկը։
 
Միստր Գազարոն չիմանալով, թե ինչ պատասխանել, լռեց։ Նա հասկացավ, որ բանը քանի գնում լրջանում է։
 
― Դրությունը պարզ է, բայց շատ անելանելի, ― շշնջաց նա իր շան ականջին։
 
― Փա՛ստ է, փա՛ստ է։ Շ֊շատ պարզ է, բայց միանգամայն անելանելի, ― տխրությամբ հաստատեց շունը։
 
― Մենք գերի ենք ընկել երեխաների ավազակախմբի ձեռքը, ինչպիսի՜ խայտառակություն ինձ համար։ Եվ, ըստ էության, այդ երեխաները խոսքները մեկ են արել փախստականների հետ՝ մեզ ծուղակը գցելու համար, որպեսզի կորցնենք նրանց հետքը։
 
― Փա՛ստ է, փա՛ստ, խոսքները մեկ են արել, ― հաստատեց շունը, ― ես միայն զարմանում եմ, թե ինչպե՞ս էին այսքան հաջող ծուղակ սարքել նրանք։
 
Խուզարկուի հավատարիմ օգնականը, իհարկե, ավելի կզարմանար, եթե իմանար, որ ծուղակը սարքել է Բալուկը իր սեփական ձեռքերով։ Նա արկածային շատ գրքեր էր կարդացել և որսորդական շատ հնարքներ գիտեր։ Եվ ահա նա էլ գտել էր, թե ինչպես ծուղակի մեջ գցի խուզարկուին և նրա շանը՝ այս անգամ առանց Չիպոլինոյի օգնության։
 
Ինչպես տեսնում եք, նրա մտադրությունը շատ լավ իրագործվեց։ Թփուտների արանքից նայում էր նա ծուղակի մեջ ընկած երկու գիշատիչներին և իր հնարածից շատ գոհ էր։
 
«Ահա և մենք երկու վտանգավոր թշնամու ժամանակավորապես շարքից դուրս բերեցինք», ― մտածեց նա և, ձեռքերն ուրախ շփելով, գնաց տուն։
 
Բողկն ու մյուս երեխաները գնացին անձավ, որ ամեն ինչ պատմեն Չիպոլինոյին։ Բայց անձավը դատարկ էր, և այնտեղ ոչ ոք չկար, իսկ խարույկի կրակը հանգել էր արդեն։ Հավանաբար արդեն երկու օր խարույկ չէին վառել։
 
==Գլուխ տասնյոթերորդ==
 
Չիպոլինոն բարեկամանում է մի շատ սիրունիկ Արջի հետ
 
 
Ինչպես գրքերումն են ասում, մի քիչ ետ դառնանք, այլապես մեզ չի հաջողվի իմանալ, թե ինչ է պատահել անձավում։
 
Քավոր Դդումն ու քավոր Հավամրգին ոչ մի կերպ չէին կարողանում հաշտվել տնակը կորցնելու մտքի հետ։ Նրանք այնպես էին կապվել այդ հարյուր տասնութ աղյուսի հետ, որ կարծես հարյուր տասնութ որդի են կորցրել։ Դժբախտությունը նրանց մտերմացրել էր, և նրանք սրտակից բարեկամներ էին դարձել։
 
― Եթե մեզ հաջողվի տնակն ազատել, այնտեղ միասին կապրենք, ― վերջ ի վերջո խոստացավ քավոր Դդումը։
 
Քավոր Հավամրգին այդ խոսքերը լսելով նույնիսկ արտասվեց։ Ինչպես տեսնում եք, քավոր Դդումն արդեն ասում էր ոչ թե «իմ տնակը», այլ «մեր տնակը»։ Քավոր Հավամրգին էլ էր այդպես ասում, թեև այդ տնակի պատճառով նա կորցրեց իր թանկագին մկրատի կեսը, իր ապուպապից ժառանգած ժանգոտ ածելին և մյուս գանձերը։
 
― Մի անգամ նրանք սկսեցին վիճել, թե ով է տնակն ավելի շատ սիրում, և քիչ մնաց կռվեին։ Քավոր Դդումը պնդում էր, թե Հավամրգին տնակը չի կարող իր չափ սիրել։
 
― Ես իմ ամբողջ կյանքում աշխատեցի, որ կարողանամ այդ տնակը շինել։ Աղյուսները մեկ֊մեկ հավաքել։
 
― Ճիշտ է, բայց դուք այնքան քիչ ապրեցիք այդ տնակում։ Իսկ ես այնտեղ գրեթե մի շաբաթ ապրեցի։
 
Բայց նման վեճերը շուտ էին վերջանում։ Վրա էր հասնում երեկոն, իսկ երեկոյան ավելի կարևոր էր անձավը գայլերից պաշտպանել, քան թե կռվել։
 
Այդ անտառում գայլեր, արջեր և այլ վայրի գազաններ էին ապրում։ Դրա համար էլ ամեն գիշեր անձավի շուրջը պետք է խարույկ վառեին, որպեսզի գազանները չմոտենային։ Իհարկե, վտանգ կար, որ ամրոցից կրակը կնկատեն, բայց ի՞նչ կարող էին անել, հոր չէր կարելի գայլերի կեր դառնալ։
 
Գայլերը անձավին շատ էին մոտենում և ագահորեն նայում սանամեր Դդումի կլորիկ ու չաղլիկ մարմնին։ Երևի կարծում էին, թե նա առանձնապես համեղ կլինի։
 
― Իզուր եք ինձ այդպես նայում, մատիս կեսն էլ չեք տեսնի, ― գոռում էր սանամեր Դդումը։
 
Գայլերն այնքան քաղցած էին, որ սկսում էին աղիողորմ ոռնալ։
 
― Սանամե՜ր Դդում, ― ձայն էին տալիս նրանք և աշխատում խարույկից հեռու մնալ, որպեսզի չվառվեին, ― գոնե մեզ ձեր մի մատը տվեք։ Ի՞նչ մեծ բան է ձեզ համար․ ախր դուք տասը մատ ունեք ձեր ձեռքերին, տասն էլ ոտքերին, այսինքն՝ ընդամենը քսան մատ։
 
― Որպես վայրի գազաններ, դուք կարգին թվաբանություն գիտեք, ― պատասխանում էր սանամեր Դդումը, ― բայց ձեզ այդ էլ չի օգնի։
 
Գայլերը մի քիչ ոռնացին, հետո հեռացան։ Որպեսզի գոնե մի քիչ մխիթարվեն, նրանք սկսեցին հոշոտել անտառի նապաստակներին։
 
Հետո հայտնվեց մի Արջ և էլի սկսեց նայել սանամեր Դդումին։
 
― Դուք ինձ շատ եք դուր գալիս, սինյորա Դդում, ― ասաց նա։
 
― Դուք էլ ինձ եք դուր գալիս, սինյոր Արջ, բայց ինձ ավելի շատ դուր կգար ձեր ազդրը։
 
― Ի՜նչ եք ասում, սինյորա Դդում, իսկ ես ձեզ մեծ հաճույքով ամբողջովին կուտեի։
 
Չիպոլինոն անկոչ հյուրի վրա մի հում կարտոֆիլ նետեց։
 
― Փորձեցեք սրանով բավարարվել, ― ասաց նա։
 
― Ես միշտ էլ ձեր ամբողջ ընտանիքը ատել եմ, Չիպոլինո, ― կատաղած պատասխանեց Արջը, ― ձեր ներկայությունից արցունք է թափվում, ես զարմանում եմ, թե ինչպես են ոմանք սոխ սիրում։
 
― Լսեցեք, սինյոր Արջ, ― շարունակեց Չիպոլինոն, ― իզուր եք ամեն օր դարան մտնում։ Ախր շատ լավ գիտեք, որ դրանից բան դուրս չի գա։
 
Մենք լուցկի ինչքան ասես ունենք, իսկ անտառում ցախն այնքան շատ է, որ մենք ամեն օր կարող ենք խարույկ վառել և ձեզ հեռու քշել անձավից։ Փոխանակ թշնամիներ լինելու, չփորձե՞նք բարեկամներ դառնալ։
 
― Լսվա՞ծ բան է, ― մռթմռթաց Արջը, ― որ արջը բարեկամանա Չիպոլինոյի, այսինքն սոխի գլխի հետ։
 
― Իսկ ի՞նչ կա որ, ― առարկեց Չիպոլինոն, ― այս աշխարհում միանգամայն հնարավոր է խաղաղ ապրել։ Բոլորի համար էլ աշխարհում տեղ կա՝ թե՛ արջերի համար, թե՛ սոխերի։
 
― Տեղ, իհարկե, բոլորի համար կա, դա ճիշտ է։ Բայց ինչո՞ւ են մարդիկ մեզ բռնում, գցում վանդակնեըը։ Պետք է ձեզ ասեմ, որ իմ հայրն ու մայրը հիմա գերի են իշխանի կենդանաբանական այգում։
 
― Ուրեմն ես ու դու դժբախտության ընկերներ ենք, իմ հայրը նույնպես իշխանի գերին է։
 
Արջը երբ լսեց, որ Չիպոլինոյի հայրը բանտարկված է, մեղմացավ․
 
― Վաղո՞ւց է նստած, ― հարցրեց նա։
 
― Արդեն շատ ամիսներ են անցել։ Նա դատապարտված է ցմահ բանտարկության, բայց մահից հետո էլ չի կարող այնտեղից դուրս գալ, քանի որ իշխանի բանտերում գերեզմանոցներ կան։
 
― Իմ ծնողներին էլ վիճակված է ամբողջ կյանքում նստել վանդակի մեջ։ Եվ, ինչպես երևում է, նրանք էլ կալանքից չեն ազատվի նույնիսկ մահից հետո, որովհետև կթաղվեն իշխանի այգում․․․ ― Արջը մի խոր հոգոց քաշեց։ ― Ի՞նչ կա որ, եթե ուզում եք, իսկապես բարեկամներ կլինենք։ Ճիշտն ասած, մենք թշնամիներ լինելու ոչ մի պատճառ չունենք։ Իմ ապուպապը՝ նշանավոր Թուխ Արջը, պատմում էր, որ ծերունիներից լսել է, թե ինչպես մի ժամանակ անտառում բոլորը հաշտ ու խաղաղ են ապրել։ Մարդիկ և արջերը բարեկամներ են եղել, և մեկը մյուսին վատ բան չի արել։
 
― Այդ ժամանակները կարող են վերադառնալ, ― ասաց Չիպոլինոն, ― կգա մի օր, երբ բոլորս բարեկամներ կլինենք։ Մարդիկ և արջերը իրար հետ կսկսեն քաղաքավարի վարվել և իրար հանդիպելիս գլխարկները կհանեն։ Արջը կարծես թե դժվար դրության մեջ ընկավ։
 
― Ուրեմն, ես պիտի գլխա՞րկ գնեմ ինձ համար, ― ասաց նա, ― գլխարկ չունեմ։
 
Չիպոլինոն ծիծաղեց։
 
― Դե այդ հենց այնպես ասում են։ Դուք կարող եք բարևել ինչպես կարող եք՝ գլուխ կտաք կամ սիրալիր կթափահարեք ձեր թաթը։
 
Արջը խոնարհվեց և թաթը թափահարեց։
 
Վարպետ Խաղողն այնքան զարմացավ դրանից, որ բիզն առավ ու ծոծրակը քորեց։
 
― Կյանքումս այսքան բարեկիրթ արջ չեմ տեսել, ― շփոթված ասաց նա։
 
Սինյոր Սիսեռիկն իր փաստաբանական սովորության համաձայն այդ ամենին շատ կասկածամտությամբ էր վերաբերվում։
 
― Ես այնքան էլ չեմ վստահում արջի բարեկամությանը, ― նախազգուշացրեց նա, ― արջը կարող է նաև այդպես ձևացնել։ Շատ նենգ կենդանի է։
 
Բայց Չիպոլինոն փաստաբանի հետ չհամաձայնեց։ Նա խարույկի արանքում ճանապարհ բացեց և հնարավորություն տվեց, որ Արջը առանց մորթին խանձելու մտնի անձավ։ Արջը մի անգամ էլ թաթը թափահարեց, իսկ Չիպոլինոն նրան որպես լավ ծանոթի ներկայացրեց իր բոլոր բարեկամներին։
 
Պրոֆեսոր Տանձը, որ հենց այդ ժամանակ ավարտել էր իր ջութակի վերանորոգումը, Արջի պատվին համերգ տվեց։
 
Արջը իր նոր բարեկամների համար հաճույքով սկսեց պարել, և այսպիսով անտառից եկած հյուրն ու անձավի բնակիչները հիանալի երեկո անցկացրին։
 
Երբ Արջը հրաժեշտ տվեց, որ գնա քնելու, Չիպոլինոն ցանկություն հայտնեց նրան մի քիչ ուղեկցելու։
 
Գիտե՞ք ինչ, Չիպոլինոն չէր սիրում իր ցավերի մասին խոսել, բայց նրա հոգին ճմլվում էր։ Այդ երեկո նորից հիշեց իր ծեր հորը, որ տանջվում էր բանտում, և ուզեց իր վիշտը կիսել Արջի հետ։
 
Երբ նրանք անձավից դուրս եկան, Չիպոլինոն իր բրդոտ բարեկամին ասաց․
 
― Տեսնես ի՞նչ են անում հիմա մեր ծնողները։
 
― Իմ ծնողների մասին ես որոշ բաներ լսել եմ, ― պատասխանեց Արջը․ ― ճիշտ է, երբեք քաղաքում չեմ եղել, բայց իմ բարեկամ Սարյակը հաճախ է լուր բերում հորս ու մորս մասին։ Ասում է, նրանք երբեք աչք չեն փակում և գիշեր֊ցերեկ ազատություն են երազում։ Իսկ ես կարգին չգիտեմ էլ, թե ինչ բան է ազատությունը։ Ես կգերադասեի, որ նրանք իմ մասին մտածեին․ չէ՞ որ իրենց տղան եմ։
 
― Ազատ լինել, այդ նշանակում է տիրոջ ստրուկը չլինել, ― պատասխանեց Չիպոլինոն։
 
― Բայց իշխանն այնքան էլ վատ մարդ չէ։ Սարյակը պատմում է, որ իմ հայրիկին ու մայրիկին կուշտ կերակրում են, և նրանք երբեմն նայում են իրենց վանդակների մոտով անցնող մարդկանց ու զվարճանում։ Իշխանը նրանց այնպիսի տեղ է հատկացրել, որ տոն օրերին շատ մարդիկ են այցելում։ Բայց էլի նրանք շատ են ուզում անտառ վերադառնալ։ Միայն թե Սարյակն ասում է, այդ անհնար է, վանդակը շատ ամուր է, երկաթից է պատրաստած։
 
― Այո՛, կալանքից ազատվելն այնքան էլ հեշտ չէ, ― իր հերթին հառաչեց Չիպոլինոն, ― երբ ես հորս այցելելցի, ուշադիր նայեցի բանտի պատերին։ Այդ պատերը քանդել կամ դրանց մեջ անցք բացելն անհնար է։ Բայց չնայած դրան, հորս խոսք տվեցի, որ իրեն կազատեմ, և երբ էլ լինի, խոսքս կկատարեմ։
 
― Դու, երևում է, քաջ տղա ես, ― ասաց Արջը, ― ես էլ կուզենայի իմ ծնողներին ազատել, բայց քաղաքի ճամփան չգիտեմ և վախենում եմ կորչեմ։
 
― Լսի՛ր, ― հանկարծ ասաց Չիպոլինոն, ― մենք մի ամբողջ գիշեր ունենք մեր տրամադրության տակ։ Նստեցրու ինձ ուսիդ, և կես֊գիշերից առաջ կհասնենք քաղաք։
 
― Ի՞նչ ես ուզում անել, ― դողացող ձայնով ասաց Արջը։
 
― Գնանք ծնողներիդ տեսնելու։ Նրանց տեսնելն ավելի հեշտ է, քան իմ հորը։
 
Արջը չստիպեց, որ իրեն խնդրեն․ մի թեթև կռացավ, Չիպոլինոն արագ մագլցեց նրա մեջքի վրա, և նրանք սլացան դեպի քաղաք։ Չիպոլինոն ճանապարհ էր ցույց տալիս։
 
― Դեպի աջ, ― հրահանգ էր տալիս Արջին։ ― Դեպի ձախ։ Ուղիղ։ Նորից դեպի ձախ․․․ Ահա, մենք արդեն քաղաքի դարբասների մոտ ենք։ Կենդանաբանական այգին, ա՛յ, այն կողմն է։ Արագ գնանք, որ պատահական անցորդները մեզ չտեսնեն, և աշխատիր չմռնչալ։
 
 
==Գլուխ տասնութերորդ==
 
Փոկ, որի լեզուն չափից դուրս երկար էր
 
 
Կենդանաբանական այգում խոր լռություն էր տիրում։ Պահակը բարձի տեղ փղի կնճիթը գլխի տակ դրած, քնել էր փղանոցում։ Նա շատ խորն էր քնել, դրա համար էլ, երբ Չիպոլինոն ու Արջը փղանոցի դուռը կամաց բացեցին, չարթնացավ։
 
Փիղը պահակի գլուխն զգուշորեն դրեց ծղոտի վրա, առանց տեղից շարժվելու կնճիթը երկարացրեց և դուռը բացեց․
 
― Ներս մտեք, ― փնթփնթաց նա։
 
Մեր երկու բարեկամները շուրջը նայելով ներս մտան։
 
― Բարի երեկո, սինյոր Փիղ, ― ասաց Չիպոլինոն, ― ներեցեք, որ մենք ձեզ այս ուշ ժամին անհանգստացրինք։
 
― Օ՜, ոչի՛նչ, ոչի՛նչ, ― պատասխանեց Փիղը։ ― Ես դեռ չէի քնել։ Փորձում էի գուշակել, թե իմ պահակն ինչ է տեսնում երազում։ Երազների միջոցով կարելի է իմանալ մարդը վատն է, թե լավը։
 
Փիղը հնդկական ծեր փիլիսոփա էր, և միշտ նրա գլխում տարօրինակ մտքեր էին ծագում։
 
― Մենք գիտենք, թե դուք ինչքան իմաստուն եք, ― շարունակեց Չիպոլինոն, ― դրա համար էլ ձեզանից օգնություն ենք խնդրում։ Չէ՞իք կարող խորհուրդ տալ, թե ինչպես գերությունից ազատենք իմ բարեկամ Արջի ծնողներին։
 
― Ի՞նչ կա որ, ― մտածկոտ մռթմռթաց ծեր փիղը, ― երևակայեցեք, ես կարող էի ձեզ խորհուրդ տալ, բայց ինչի՞ համար։ Անտառը ավելի լավ չէ վանդակից, վանդակն էլ ավելի լավ չէ անտառից․․․ Չգիտեմ, իրավացի եմ թե չէ, միայն ինձ թվում է, որ ամեն ոք պետք է մնա իր տեղում․․․ Ասենք, եթե շատ եք ուզում, ― անսպասելիորեն ավելացրեց նա, ― կարող եմ ասել, որ արջանոցի բանալին գտնվում է, ա՛յ, այս քնած մարդու, իմ պահակի գրպանում։ Կաշխատեմ առանց արթնացնելու բանալին հանել։ Նա շատ խորն է քնում, կարծում եմ, որ ոչինչ չի զգա։
 
Ճիշտն ասած, Չիպոլինոն և Արջը շատ էին կասկածում, թե այդ բարդ գործը գլուխ կգա, բայց փիղն իր ճկուն ու հնազանդ կնճիթով այնքան զգույշ ու ճարպկորեն էր գործում, որ պահակն իրոք ոչինչ չզգաց։
 
― Ահա ձեզ բանալիները, ― կնճիթի ծայրը պահակի գրպանից հանելով, ասաց փիղը, ― միայն թե չմոռանաք վերադարձնել։
 
― Հանգիստ եղեք, ― ասաց Չիպոլինոն, ― և ընդունեցեք մեր անկեղծ շնորհակալությունը։ Իսկ դուք չէ՞իք ուզենա մեզ հետ փախչել։
 
― Եթե ես երբևիցե ուզենայի փախչել, ապա չէի սպասի ձեզ և ձեր օգնությանը։ Դե, հաջողություն եմ ցանկանում։
 
Եվ պահակի գլուխը նորից դնելով կնճիթի վրա սկսեց նրան օրորել, որպեսզի իր բանտապետը ավելի խորը քնի և ժամանակից շուտ չարթնանա։
 
Չիպոլինոն և Արջը փղանոցից դուրս սողացին ու գնացին դեպի այն վանդակը, որտեղ արջերն էին ապրում։ Նրանք աշխատում էին որքան կարելի է զգույշ քայլել, բայց դեռ մի քանի քայլ չէին արել, երբ ինչ֊որ մեկը նրանց կանչեց․
 
― Է՜յ, է՜յ, սինյո՛ր։
 
― Ս֊ս՜֊ս՜․․․ վախեցած շշնջաց Չիպոլինոն, ― այդ ո՞վ է ինձ կանչում։
 
― Ս֊ս՜֊ս՜․․․ այդ ո՞վ է ինձ կանչում, ― կրկնեց անծանոթ խզված ձայնը։
 
― Դո աղմուկ մի բարձրացնի, պահակը կարթնանա։
 
Ձայնը կրկնեց․
 
― Պահակ մի՛ բարձրացնի, աղմուկը կարթնանա․․․ Ա՜խ, ես հիմա՜ր եմ, հիմա՜ր, ամեն ինչ խառնեցի։
 
― Սա հո Թութակն է, ― շշնջաց Չիպոլինոն Արջին։ ― Նա ինչ որ լսում է, կրկնում է։ Բայց քանի որ լսածը չի հասկանում, դրա համար էլ հաճախ շուռ տված է խոսում։ Բայց բարի տղա է և ոչ ոքի վատը չի ցանկանում։
 
Արջը քաղաքավարի գլուխ տվեց Թութակին ու հարցրեց․
 
― Սինյոր Թութակ, չէ՞իք ասի, թե որտեղ է գտնվում արջերի վանդակը։
 
Թութակւ կրկնեց․
 
Սինյոր Արջ, չէիք ասի, թե որտեղ է գտնվում թութակների վանդակը։ Ա՜խ, ես հիմմա՜ր եմ, հիմմա՜ր, նորից խառնեցի։
 
Տեսնելով, որ Թութակից կարգին բան չեն լսի, Չիպոլինոն ու Արջը սուս ու փուս հեռացան։ Ճաղերի հետևից նրանց ձայն տվեց մի կապիկ․
 
― Լսեցե՛ք, սինյոր, լսեցե՛ք․․․
 
― Մենք ժամանակ չունենք, ― ասաց Արջը, ― շատ ենք շտապում։
 
― Մի րոպե միայն ինձ լսեցեք․ ահա արդեն երկու օր է, որ ուզում եմ այս ընկույզը ջարդել, բայց չի հաջողվում։ Խնդրում եմ, օգնեցեք ինձ։
 
― Մի քիչ սպասեցեք, ետ դառնալիս կօգնենք ձեզ, ― ասաց Չիպոլինոն։
 
― Է՜խ, դուք այդպես ասում եք միայն, ― գլուխը շարժելով ասաց Կապիկը, ― ասենք ես հենց այնպես, խոսքի համար ասացի․ ինչի՞ս է պետք այս ընկույզը, և ընդհանրապես աշխարհի բոլոր ընկույզները։ Ես կուզենայի նորից իմ հարազատ անտառում լինել, թռչել ծառից ծառ և կոկոսի ընկույզով խփել մի որևէ անբան ճանապարհորդի գլխին։ Էլ ինչի՞ համար են կոկոսի ընկույզներն աճում, որ նրանցով մարդու գլխին չխփես։ Ես ձեզ եմ հարցնում, էլ ինչի՞ համար են ճանապարհորդները, եթե մեկը չկա, որ նրանց գլխին կոկոսի ընկույզով խփի։ Ես արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ այն ե՞րբ էր, որ կոկոսի ընկույզով հասցրի մի անծանոթ եկվորի սափրված կարմիր գլխին․․․ Այնքան հաճելի էր նրան մերկ գագաթին նշան բռնելը։ Ես հիշում եմ, թե․․․
 
Բայց Չիպոլինոն և Արջը հեռացել էին և նրա շաղակրատանքը չէին լսում։
 
― Կապիկները, ― ասաց Չիպոլինոն, ― շատ թեթևամիտ և հիմար արարածներ են։ Սկսում են խոսել մեկ այս մասին, մեկ այն, և երբեք չես կարող ասել, թե ինչով կվերջանա նրանց շաղակրատանքը։ Չնայած դրան, ես անկեղծորեն ցավում եմ այդ խեղճի համար։ Ինչո՞ւ չի քնում, կարծում ես այն պատճառով, որ չի՞ կարողանում ընկույզը ջարդել։ Ո՛չ, չի քնում, որովհետև կարոտել է իր հեռավոր հարավին, տաք արևին, կոկոսի ծառերին և բանաններին։
 
Առյուծը նույնպես քնած չէր։ Նա աչքի տակով նայեց Չիպոլինոյին ու Արջին, բայց գլուխն էլ չշարժեց, որ տեսնի, թե ուր են գնում։ Նա շատ ազնիվ ու հպարտ գազան էր, և նրան բոլորովին չէր հետաքրքրում, թե ով ինչ գործով է անցնում իր վանդակի մոտով։
 
Վերջապես Չիպոլինոն և Արջը հասան արջերի վանդակին։
 
Խեղճ պառավներն իսկույն ճանաչեցին իրենց բրդոտ տղային և թաթերը մեկնելով, սկսեցին ճաղերի արանքից համբուրել նրան։
 
Մինչ նրանք համբուրվում էին, Չիպոլինոն վանդակի դուռը բացեց և ասաց․
 
― Հերիք է լաց լինեք։ Ձեր վանդակի դուռը բաց է, եթե հիմա չօգտվեք այդ հնարավորությունից, պահակը կարթնանա, և ազատություն այլևս չեք տեսնի։
 
Երբ վերջապես, գերիները դուրս եկան վանդակից, նորից նետվեցին իրենց ծուռթաթ տղայի կողմը և գրկեցին նրան, որից իրենց այլևս չէին բաժանում վանդակի երկաթե ճաղերը։ Նրանց բրդոտ այտերի վրայով արցունքի խոշոր կաթիլներ էին հոսում։
 
Չիպոլինոն մինչև հոգու խորքը հուզվեց։
 
«Խեղճ հայրիկ, ― մտածում էր նա, ― այն օրը, երբ ինձ հաջողվի քա բանտի դռները բացել, ես էլ քեզ անվերջ կհամբուրեմ»։
 
― Ժամանակն է, գնալու ժամանակն է, ― ցածր, բայց լսելի ձայնով ասաց նա արջերին։ ― Ուշանալ չի կարելի։
 
Բայց պառավներն ուզում էին հրաժեշտ տալ սպիտակ արջերի ընտանիքին, որ ապրում էին ավազանի մոտ։ Հետո ուզեցին տեսնել ընձուխտին, որը այդ ժամանակ պինդ քնած էր։ Մյուս գազաններն էլ էին քնած, բայց արջերի գնալը շուտով իմացավ կենդանաբանական ամբողջ այգին և արթնացրեց նրա բնակիչներին։ Արջերին շատ էին սիրում։ Ասենք, նրանք էլ թշնամիներ ունեին։ Օրինակ, նրանց տանել չէր կարողանում Փոկը, որն արջերին սպիտակ արջերի մոտիկ ազգակիցներ էր համարում։
 
Իմանալով, որ արջերը վանդակից փախել են, Փոկն այնքան բարձր սկսեց ճչալ, որ արթնացրեց խոր քնած պահակին։
 
― Ի՞նչ է պատահել, ― հորանջելով հարցրեց նա Փղին։
 
― Ճիշտն ասած չգիտեմ, ― մտածկոտ պատասխանեց ծեր իմաստունը։ ― Եվ ի՞նչ կարող է պատահել։ Աշխարհում այլևս ոչ մի նոր բան տեղի չի ունենում, ուրեմն այս գիշեր ևս ոչ մի նոր բան չի պատահել։ Միայն կինոյումն է ամեն տասը րոպեին մի նոր բան պատահում։
 
― Գուցե և դու իրավացի ես, ― համաձայնեց պահակը, ― բայց էլի պետք է նայել։
 
Հենց որ նա փղանոցից դուրս եկավ, հանդիպեց փախստականներին։
 
― Օգնեցե՜ ք, օգնեցե՜ք, ― ճչաց նա։
 
Նրա բոլոր օգնականներն արթնացան և մի քանի րոպեում կենդանաբանական ամբողջ այգին շրջապատեցին։ Փախուստն անհնարին դարձավ։
 
Չիպոլինոն և երեք արջերը նետվեցին ավազանի մեջ և, գլուխները դուրս հանելով ջրից, թաքնվեցին այնտեղ։ Դժբախտաբար, ընկել էին այն ավազանը, որտեղ ապրում էր Փոկը։
 
― Հի՛, հի՛, հի՛, ― նրանց հետևից լսվեց ինչ֊որ մեկի չարագուշակ ծիծաղը։
 
Դա հենց ինքը՝ Փոկն էր։
 
― Հույս ունեմ, որ սինյորներն ինձ թույլ կտան մի փոքր ծիծաղել․ այսօր շատ լավ է տրամադրությունս։
 
― Սինյոր Փոկ, ― ցրտից դողալով՝ խնդրեց Չիպոլինոն, ― ես հասկանում եմ ձեզ, բայց մի՞թե դուք կարող եք ծիծաղել մեզ վրա այն ժամանակ, երբ մեզ փնտրում են։
 
― Ա՛յ, հենց այդ էլ ինձ ուրախացնում է։ Ես հիմա կկանչեմ պահակին և կխնդրեմ, որ ձեզ ավազանից դուրս քաշեն։ Չէ՞ որ դուք ջրային կենդանիներ չեք։
 
Եվ Փոկն իրոք գնաց ավազանի մյուս ափը՝ պահակին ու նրա օգնականներին կանչելու։
 
Արջերին իսկույն դուրս հանեցին և այն էլ ոչ թե երկուսին, այլ երեքին։ Դա պահակին շատ զարմացրեց։ Բայց նա ավելի շատ զարմացավ, երբ արջերի մեջ նկատեց անհայտ ցեղի ինչ֊որ մի արարած, որը, սակայն, մարդկային լեզվով սկսեց խոսել։
 
― Սինյոր պահակ, ինչպես տեսնում եք, սա բացարձակ թյուրիմացություն է։ Ես արջ չեմ։
 
― Ես էլ եմ տեսնում, բայց դու ի՞նչ էիր անում ավազանում։
 
― Լողանում էի։
 
― Այդ դեպքում քեզ կտուգանեմ, որովհետև հասարակական վայրերում լողանալը խստիվ արգելվում է։
 
― Ինձ մոտ փող չկա, բայց եթե այնքան սիրալիր կլինեք․․․
 
― Ես բոլորովին էլ սիրալիր չեմ, և քանի դեռ տուգանքը չես վճարել, կապիկների հետ կնստես վանդակում։ Գիշերն այնտեղ կանցկացնես, իսկ առավոտյան կտեսնենք, թե ինչ անենք։
 
Կապիկը հյուրին հրճվանքով ընդունեց և, դեռ Չիպոլինոն ուշքի չէր եկել, նա սկսեց առաջվա նման անկապ ու խառնաշփոթ շաղակրատել։
 
― Ես ձեզ պատմում էի կարմիր և սափրված գլխով ճանապարհորդի մասին։ ― Վանդակի տանիքի ճաղերից պոչով կախված, օրորվելով սկսեց խոսել նա, ― եթե ես ասում եմ, որ նրա գլուխը կարմիր էր և սափրված, ուրեմն այդպես էլ եղել է։ Ես երբեք չեմ ստում, ավելի ճիշտ՝ ստում եմ միայն ծայրահեղ դեպքում։ Սակայն, գիտե՞ք, երբեմն սիրում եմ սուտ ասել։ Այո՛, այո՛․․․ ստելու մեջ ինչ֊որ հատուկ հաճելի համ կա․․․ երբեմն․․․
 
― Լսեցեք, ― խնդրեց Չիպոլինոն, ― չէի՞ք կարող ձեր խոստովանությունը հետաձգել մինչև առավոտ։ Ես շատ եմ ուզում քնել։
 
― Գուցե ձեզ օրո՞ր ասեմ, ― առաջարկեց կապիկը, ― նանի՜, նանի՜։
 
― Ո՛չ, շնորհակալ եմ։ Առանց դրա էլ կքնեմ։
 
― Ուզո՞ւմ ես վերմակով ծածկեմ։
 
― Բայց այստեղ վերմակ չկա։
 
― Իհարկե չկա, ― փնթփնթաց կապիկը։ ― Ես քաղաքավարության համար առաջարկեցի, բայց եթե ուզում եք, որ անքաղաքավարի լինեմ, խնդրեմ, դեմ չեմ։
 
Այս ասելով վիրավորված կապիկը երեսը շուռ տվեց և լռեց։
 
Չիպոլինոն ի՞նչ խոսք, լռությունից օգտվեց ու քնեց։ Կապիկն իզուր էր սպասում, թե Չիպոլինոն կխնդրի իր կողմը նայել։ Տեսնելով, որ բան դուրս չի գալիս, նա որոշեց զայրանալու փոխարեն, ներողամիտ լինել և նորից խոսել տղայի հետ։ Սակայն երբ ետ դարձավ, Չիպոլինոն պինդ քնած էր։
 
Կապիկն ավելի վիրավորվեց և մի անկյունում կուչ գալով, սկսեց նայել քնածին։
 
Կապիկի վանդակում Չիպոլինոն ամբողջ երկու օր մնաց։ Մայրերի ու դայակների հետ կենդանաբանական այգի եկած երեխաները հիանում էին։ Նրանք դեռևս չէին տեսել, որ կապիկը իրենց նման հագնվի։
 
Միայն երրորդ օրը կապիկի ձեռքին տանջված Չիպոլինոյին հաջողվեց Բալուկին գրություն ուղարկել։ Սա հենց առաջին գնացքով քաղաք եկավ, Չիպոլինոյի համար տուգանք վճարեց և գերությունից ազատեց նրան։
 
Փողերը հաշվելով, պահակը ջերմորեն հրաժեշտ տվեց իր բանտարկյալին և նույնիսկ առաջարկեց, որ սա հաճախ գա կենդանաբանական այգի։
 
― Լա՛վ, լավ, ― պատասխանեց Չիպոլինոն և շտապեց, որ գնացքին հասնի։
 
Ճանապարհին նա Բալուկին նախ հարցուփորձ արեց իր բարեկամների մասին և, նրանց անհայտացումն իմանալով, շատ անհանգստացավ։
 
― Չեմ հասկանում, ― ուսերը թոթվելով ասաց նա, ― այդ ապաստարանում նրանք լիակատար անվտանգության մեջ էին։ Ի՞նչն է ստիպել, որ անձավից հեռանան։
 
 
==Գլուխ տասնիններորդ==
 
Ճանապարհորդություն ուրախ գնացքով
 
 
Կենդանաբանական այգուց դուրս գալով, Չիպոլինոն և Բալուկը նստեցին գնացք։
 
Այդ գնացքի մասին ես դեռ ոչինչ չեմ պատմել ձեզ։ Դա շատ զարմանալի գնացք էր։ Միայն մի վագոն ուներ, և այդ վագոնում նստելու բոլոր տեղերը պատուհանների մոտ էին, այնպես որ բոլոր կողմերից լավ երևում էին դաշտերն ու անտառները, լեռները, կայարաններն ու հանդիպակաց գնացքները։
 
Դե գիտեք, թե այդ ինչքան կարևոր է գնացքով ճանապարհորդող երեխաների համար։ Նստիր քեզ համար պատուհանի մոտ, և ինչքան սիրտդ ուզում է, նայիր դուրս։
 
Գնացքում գեր ուղևորների համար հատուկ սարքավորում կար։ Դրանք փոս ընկած թարեքներ էին, որոնց վրա հաստ մարդիկ իրենց փորն էին դնում։ Այդպես շատ հարմար էր գնալը, և նրանք ոչ ոքի չէին խանգարում։
 
Երբ Չիպոլինոն և Բալուկը գնացք էին նստում, հանկարծ լսեցին ձորձահավաք Լոբու ձայնը։
 
― Մի՛ վախեցեք, սինյոր Բարոն, ուժ տվեք, մի քիչ էլ որ հուփ տաք, մենք արդեն վագոնում կլինենք։
 
Պարզվեց, որ գնացք էր նստում բարոն Նարինջը։ Դե հասկանալի է, որ հաստ փորի պատճառով գնացք նստելը նրա համար այնքան էլ հեշտ բան չէր։ Խեղճ ձորձահավաքը ոչ մի կերպ չէր կարողանում բարոնին վագոն հրել։ Երկու բեռնակիր օգնության հասան, բայց երեքով էլ չկարողացան բարոնին ներս տանել վագոնի դռնով։ Վերջապես վազելով եկավ կայարանապետը և սկսեց բարոնի մեջքից հրել։ Դժբախտաբար կայարանապետը մոռացել էր, որ սուլիչը բերանին է, և պատահաբար սուլեց։
 
Մեքենավարը կարծեց, թե դա մեկնելու ազդանշան է, և բռնակը քաշեց։ Գնացքը շարժվեց։
 
― Կանգնի՛ր, կանգնի՛ր, ― ամբողջ ձայնով գոռաց կայարանապետը։
 
― Օգնեցե՜ք, ― վախից շառագունելով ճչաց Բարոն Նարինջը։
 
Բայց նրա բախտը բանեց։ Երբ գնացքը շարժվեց, այնքան ուժեղ ցնցում առաջացավ, որ Բարոնը վերջապես ներս խցկվեց։ Հաստափորը թեթևացած շունչ քաշեց և, փորը դնելով թարեքի փոսի մեջ, անմիջապես բաց արեց իր կապոցը, որի մեջ տապակած մի ամբողջ գառ կար։
 
Այս բոլոր խառնաշփոթությունից օգտվելով, Չիպոլինոն և Բալուկը աննկատելի խցկվեցին վագոն։
 
Ուղևորության ժամանակ Բարոնն այնքան էր զբաղված ուտելով, որ տղաների վրա ուշադրություն չէր դարձնում։ Ճիշտ է, Լոբին իսկույն նկատեց նրանց, բայց Բալուկը մատը շրթունքներին մոտեցնելով հասկացրեց, որ վերջինս լռի։ Ձորձահավաքը նշաններով իմաց տվեց, որ ամեն ինչ հասկացել է և բերանը չի բացի։
 
Բայց առայժմ թողնենք մեր երկու բարեկամներին, որոնք բավական հարմար տեղավորվեցին վագոնում՝ տապակած գառան հոտից հարբած բարոն Նարինջի քթի տակ, և տեսնենք, թե մուս տեղերում ինչ է կատարվում։
 
 
:::::::::::::::― ― ― ― ―
 
 
Հենց այն ժամանակ, երբ գնացքն անցնում էր մեզ ծանոթ անտառի մոտով, մի ինչ֊որ փայտահատ օգնության հասավ խուզարկուին ու շանը, իջեցրեց նրանց այն կաղնուց, որից սրանք համարյա երկու օր կախված էին մնացել։ Խուզարկուն և նրա շունը մի փոքր վազվզեցին, որ ոտները բացվեն, և սլացան որոնումները շարունակելու։
 
Փայտահատը զարմանքով նրանց ճանապարհ դրեց, և արդեն պատրաստվում էր կաղնին կտրել, երբ Լիմոն սպայի գլխավորությամբ հայտնվեց Լիմոնուկների մի ամբողջ դասակ։
 
― Զգա՜ստ, ― հրամայեց սպան, ― ձեռքերը ցա՛ծ պահել։
 
Փայտահատը կացինը գցելով ցած, ձեռքերը հպած կողերին մնաց կանգնած։
 
― Այստեղ մի շուն իր տիրոջ հետ չե՞ս տեսել։
 
Բանն այն է, որ ամրոցում շատ անհանգստացած էին միստր Գազարոյի ու նրա շան անհայտացման պատճառով և որոշել էին ոստիկանների մի ամբողջ դասակ ուղարկել նրանց փնտրելու։ Փայտահատը բոլոր աղքատների նման ոստիկաններին այնքան էլ չէր վստահում։ Այն մարդն ու շունը, որոնց նա ազատեց, շատ տարօրինակ էին իրենց պահում։ Դեռ ծառից չիջած նրանք պառկեցին, ականջները կպցրին գետնին և հետո վեր կենալով՝ խելագարների պես սկսեցին վազել։ Փայտահատին իսկապես թվաց, թե դրանք խելագարներ են, և ոչ մի գնով նա դրանց չէր հանձնի ոստիկանների ձեռքը, որոնք հավանաբար ուզում էին ձերբակալել ում փնտրում էին։
 
― Մի մարդ ու մի շուն քիչ առաջ այստեղ էին և գնացին, ա՛յ, այնտեղ, ― ասաց նա և հակառակ կողմը ցույց տվեց։
 
― Այ, հրաշալի է, ― բացականչեց Լիմոն֊սպան։ Ուրեմն հիմա կհասնենք։ Զգա՛ստ։
 
Փայտահատը նորից ձեռքերը կպցրեց կողերին, իսկ հետո ճակատի քրտինքը սրբելով՝ սկսեց իր կաղնին կտրել, առանց աչքը կտրելու Լիմոնից ու Լիմոնուկներից, որոնք ավելի ու ավելի էին հեռանում նրանցից, ում փնտրում էին։
 
Քառորդ ժամ էլ չէր անցել, երբ փայտահատը նորից ոտնաձայներ լսեց։ Նրա առաջ դուրս եկան հոգնած ու քրտնած վարպետ Խաղողը, քավոր Դդումը, քավոր Հավամրգին, փաստաբան Սիսեռիկը, ջութակահար Տանձը և սանամեր Դդումը։ Մի փոքր շունչ քաշելով, նրանք հարցրին, թե փայտահատը չի՞ տեսել Չիպոլինո անունով մի տղայի։
 
― Ես ձեր Չիպոլինոյին չեմ ճանաչում, ― ասաց փայտահատը, ― բայց այստեղից ոչ մի տղա չի անցել։
 
― Եթե Չիպոլինոն այստեղ երևա, խնդրում եմ հայտնեք, որ մենք արդեն երկու օր է իրեն ենք փնտրում, ― ասաց վարպետ Խաղողը, որն, ըստ երևույթին, արշավախմբի պետն էր։
 
Այս խումբն էլ հեռացավ այնպես արագ, ինչպես նախորդը։
 
Անցավ մոտ մի ժամ, և համարյա կտրած ծառն արդեն ցած էր ընկնում, երբ ծառերի միջից դուրս եկան Չիպոլինոն և Բալուկը։ Բալուկը որոշել էր տուն չվերադառնալ, քանի դեռ Չիպոլինոն կորած ընկերներին չէր գտել։ Փայտահատն իմանալով, որ տղաներից մեկի անունը Չիպոլինո է, վարպետ Խաղողի ասածը ճշտորեն հաղորդեց նրան։ Այստեղ միայն տղաները հասկացան, որ փախստականներն անձավից հեռացել են կորած Չիպոլինոյին գտնելու համար։
 
Այսպիսով նրանց անհայտացման գաղտնիքը բացվեց։
 
Տղաները հրաժեշտ տվեցին փայտահատին, և սա նորից մենակ մնաց։ Բայց մինչև երեկո նրան վիճակված էր դեռ շատ հանդիպումներ ու արկածներ ունենալ։
 
Նախ՝ նրա մոտ եկան Բողկն ու մյուս երեխաները, որ նույնպես Չիպոլինոյին էին փնտրում։ Հետո հայտնվեց ոչ այլ ոք, եթե ոչ սինյոր Մաղդանոսի ուղեկցությամբ՝ ինքը ասպետ Պոմիդորը իր սեփական անձով։ Նրանք Բալուկին էին փնտրում և հավատացած էին, որ նրան անտառում թաքնված փախստականներն են տարել։
 
Վերջապես, արևը մտնելուց առաջ, փայտահատը զանգակներից կազմված մի ամբողջ նվագախմբի ձայն լսեց։ Սկզբում կարծեց, թե այդ առավոտյան իրեն հարցաքննող ոստիկաններն են վերադառնում։ Բայց այս անգամ անտառ էր եկել ինքը իշխան Լիմոնը։
 
Մտահոգված այն բանից, որ իր հավատարիմ պահակախումբն այդքան երկար ժամանակ չէր վերադարձել, ինքն էլ դուրս եկել ընդառաջ։ Միևնույն կառքով իշխանի հետ գնում էին նաև կոմսուհիները։ Շոյված այն բանից, որ իշխանին ուղեկցելու հնարավորություն են ստացել, նրանք ամբողջ ճանապարհին ուրախ շաղակրատում էին, կարծես որսի էին գնում։
 
Փայտահատն աշխատեց թաքնվել ծառերի հետևում․ նա գիտեր, որ աղքատները չպետք է իշխանի աչքին երևան, որովհետև այդ վնասակար է նորին մեծության ստամոքսին ու լյարդին, բայց պալատականներից մեկը, ծերացած, կնճռոտված մի Լիմոն, որ նստած էր նորին մեծության կողքին, նկատեց փայտահատին ու կանչեց․
 
― Հե՜յ, գջլո՛տ։
 
― Ի՞նչ եք կամենում, ձերդ ողորմածություն, ― թոթովեց փայտահատը։
 
― Այստեղով ոստիկանների մի դասակ չի՞ անցել։
 
Փայտահատը, ինչպես գիտեք, այդ օրը ոչ միայն ոստիկանների, այլև ուրիշ շատ մարդկանց էր տեսել։ Սակայն, երբ իշխանի հետ ես խոսում, ավելի լավ է ասել, թե ոչինչ և ոչ ոքի չես տեսել։
 
Փայտահատն այդպես էլ պատասխանեց, «Ոչ մարդ եմ տեսել, ոչ էլ որևէ բան գիտեմ»։ Եթե ասեր․ «Այո, տեսել եմ», իհարկե, ուրիշ շատ հարցեր կտային, և գուցե վերջ ի վերջո անմեղ տեղը բանտ նստեցնեին։ Իսկ «չէ» ասաց՝ պրծավ։
 
Իշխանը և նրա շքախումբը գնացին այն կողմը, որ կողմը ոստիկաններն էին գնացել։
 
Երեկոն վրա հասավ։ Որպեսզի չերկարացնենք և պատմությունն ավելի հետաքրքրական լինի, ուղղակի ասենք, մութն ընկավ։ Մթության մեջ ավելի հետաքրքիր արկածներ են լինում, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է փախուստներին, որոնումներին ու հետապնդումներին։
 
Չէ՞ որ հենց այն ժամանակ, երբ անտառի վրա իջնում է խավարը, մեր վիպակի հերոսները հենց որոնումներով ու հետապնդումներով են զբաղված։ Խուզարկուն և նրա շունը փախստականներին են փնտրում, ոստիկանները՝ խուզարկուին, Իշխանը՝ ոստիկաններին։ Վարպետ Խաղողը և նրա բարեկամները գնացել են Չիպոլինոյին որոնելու, Չիպոլինոն և Բալուկը որոնում են վարպետ Խաղողին, Բողկը Չիպոլինոյին, ասպետ Պոմիդորն ու սինյոր Մաղդանոսն էլ՝ Բալուկին։
 
Իսկ գետնի տակ (դուք երևի այդ մասին իսկի չեք էլ մտածել) ծերուկ Խլուրդը բոլորին էլ փնտրում է։ Նախօրյակին նա այցելեց փախստականների անձավը և այնտեղ այսպիսի մի գրություն գտավ․ «Չիպոլինոն անհայտացել է։ Գնում ենք նրան որոնելու։ Եթե որևէ բան իմանաք, հայտնեցեք մեզ»։
 
Խլուրդն հենց որ այս խոսքերը կարդաց, եռանդով սկսեց բոլոր կողմերի վրա գետնուղիներ փորել։ Աշխատելիս լսում էր, թե ինչպես վերևում, գետնի վրա անընդհատ քայլում էին մարդիկ կամ մեկ֊մեկ, կամ ամբողջ ջոկատներով։ Բայց նրանք այնքան արագ էին գնում, որ Խլուրդը երբ գետնի երես էր դուրս գալիս, ոչ ոքի չէր գտնում։ Միայն գայլերի ձայնը այդ երեկո չէր լսվում։ Գայլերը կարծում էին, թե մարդիկ իրենց են շրջապատում և թաքնվել էին անտառի խորքում։
 
 
==Գլուխ քսաներորդ==
 
Հերցոգ Մանդարինը և դեղին շիշը
 
 
Երբ կոմսուհիները իշխանի հետ արդեն գնացել էին, բարոն Նարիջն ու հերցոգ Մանդարինը դարձան ամրոցի լիիրավ տերերը։ Այդ միանգամայն հարգելի անձնավորություններից բացի, սենյակներում ոչ մի շունչ արարած չկար, չհաշված, իհարկե, ծառաներին։
 
Հերցոգն առաջինը նկատեց, որ ամրոցի բոլոր բնակիչները լքել են իրենց։ Նա, իր սովորության համաձայն, բարձրացավ պատուհանի գոգը և սկսեց սպառնալ, թե իրեն ցած կնետի, ջարդ ու փշուր կլինի, եթե․․․ Բայց ոչ ոք չկար, որ նրա սպառնալիքները լսեր։
 
«Տարօրինակ է, ― մատը ճակատին դնելով մտածեց հերցոգը, ― երկու կոմսուհին էլ վաղուց պետք է ձայնս լսած լինեին և վազեին օգնության։ Ինչո՞ւ ոչ ոք չի գալիս։ Գուցե այնքան էլ բարձր չե՞մ ճչում։
 
Հերցոգը մի քանի անգամ էլ ճղճղաց, հետո զգուշությամբ լուսամուտի գոգից իջնելով, գնաց բարոնի մոտ։
 
― Թանկագին ազգակից․․․ ― ներս մտնելով ասաց նա։
 
― Բը՜֊ը՜֊ը՜․․․ կոկորդին դեմ առած հավի ճտի թևը բերանից դուրս հանելով, բառաչեց բարոնը։
 
― Նորություն գիտե՞ք։
 
― Հավանոցը նոր հավե՞ր են բերել, ― հարցրեց բարոն Նարինջը, նա միայն այդ օրը համոզվեց, որ ամրոցի և գյուղի բոլոր թևավորներին արդեն ոչնչացրել է և ահա վերջին նիհար ճուտն էր ուտոմ։
 
― Է, ի՞նչ հավեր, ― պատասխանեց հերցոգը, ― մենք մենակ ենք մնացել, մենա՛կ․․․ մեզ լքել են․ ամրոցից բոլորը հեռացել են։
 
Բարոնն անհանգստացավ։
 
― Իսկ ո՞վ մեզ համար ընթրիք կպատրաստի։
 
― Դուք հենց միայն ընթրիքի համար եք անհանգստանում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք օգտվենք մեր թանկագին տանտիրուհիների բացակայությունից և ուսումնասիրենք ամրոցի նկուղները։ Ես լսել եմ, որ այնտեղ շատ ընտիր գինիներ կան։
 
― Չի՛ կարող պատահել, ― բացականչեց բարոնը, ճաշին միշտ մեզ մատուցում են անպետք գինիներ, որոնցից կոկորդս միշտ կսկծում է, ստամոքսս խանգարվում։
 
― Բանն էլ հենց այդ է, ― ասաց հերցոգը, ― նրանք վատ գինին մեզ են տալիս, իսկ լավը թաքցնում են իրենց նկուղներում։ Հենց որ այստեղից գնանք, լավ գինին մենակ կխմեն։
 
Ճիշտն ասած, հերցոգի համար գինին այնքան էլ կարևոր չէր։ Նա ուզում էր, քանի մարդ չկար, նկուղները մի լավ ուսումնասիրել․ լսել էր, որ նկուղի պատերից մեկի մեջ կոմսուհիները թաքցրել են ծերունի կոմս Բալից ժառանգություն ստացած գանձերը։
 
― Եթե բանն այնպես է, ինչպես դուք հավատացնում եք, ― վճռեց բարոնը, ― մնում է, որ իջնենք նկուղ և համոզվելու համար սեփական աչքերով ստուգենք։ Մեր ազգականուհիները լավ գինին մեզանից թաքցնելով ծանր մեղք են գործում։ Մեր պարտքն է՝ գինու տակառները բացել, որպեսզի նրանց հոգիները փրկվեն։
 
― Բայց, ― բարոնի ականջին շշնջաց հերցոգը, ― լավ կլինի այսօր ձեր այդ․․․ ինչպե՞ս էր անունը, Լոբի է, ինչ է․․․ ավելի լավ է նկուղ իջնենք առանց նրա։ Ես ինքս քո սայլակը կքաշեմ։
 
Բարոնն անմիջապես համաձայնեց, և Լոբին մի ամբողջ երեկո արձակուրդ ստացավ։
 
Բայց դուք կհարցնեք, թե ինչո՞ւ հերցոգը մենակ չէր գնում նկուղ, եթե ուզում էր գտնել այնտեղ թաքցրած գանձերը։ Պատճառն այն էր, որ եթե հանկարծ վրա հասնեին, ամբողջ մեղքը կգցեր բարոնի վրա։ Նա իսկույն նախապես արդեն պատասխան էր հնարել․ «Ես իմ կամքից անկախ ստիպված էի բարոնին ուղեկցել։ Նա իր ծարավն հագեցնելու համար ուզում էր մի շիշ գինի ճարել»։
 
Այս բոլորը հերցոգը նախապես մտածել էր, բայց նկուղ իջնել այնքան էլ հեշտ չէր ոչ իր, ոչ էլ բարոնի համար։ Բարոնը ծանր էր շնչում, իսկ հերցոգը քրտինքի մեջ կորած հրում էր սայլակը, որի վրա դրված էր բարոնի փորը։ Սայլակը ծանր էր․ դեռ լավ էր, որ պիտի իջնեին ցած, ոչ թե վեր բարձրանային, և աստիճաններն էլ այնքան շատ չէին։ Իսկ նկուղից վերադառնալու մասին առայժմ հերցոգը չէր մտածում։ «Մի կերպ դուրս կգամ», ― մտածում էր նա։
 
Բարոնի փորի ծանրությունից սայլակն աստիճաններով այնպես արագ սլացավ ցած, որ եթե նկուղի պղնձապատ դուռը փակ լիներ, բարոնն ու հերցոգը հարվածից լավաշի նման կտափակեին։ Բայց նրանց բախտից ներսի դուռը բաց էր։ Սայլակը ցած քաշեց հերցոգին ու բարոնին, որոնք սանդուղքից դուրս թռան և շարունակեցին առաջ մղվել լայն միջանցքով, երկշարք դրված հսկայական տակառների արանքով, որոնց վրա փոշոտ պիտակներով հազարավոր շշեր կային։
 
― Սպասեցե՜ք, սպասեցե՜ք, ― ճչում էր բարոնը, ― տեսեք թե այստեղ ինչքան կա այդ աստվածային շնորհից։
 
― Առա՛ջ, առա՛ջ, գնանք, ― պատասխանում էր հերցոգը, ― ներսի գինին ավելի լավն է։
 
Բարոնը տեսնելով թե ինչպես են իր կողքով տակառների ամբողջ բանակներ, տակառիկների, շշերի, տափաշշերի ամբողջ գումարտակներ սլանում, անցնում, ծանր հառաչում էր։
 
― Մնաք բարո՛վ, մնաք բարո՛վ, խեղճեր, ― շշերին աչքերով ուղեկցելով ասում էր նա, ― մնաք բարով, ինձ վիճակված չէ ձեր խցանները հանել։
 
Վերջապես հերցոգն զգաց, որ սայլակն ավելի դանդաղ է գլորվում, և վերջապես կարելի է կանգ առնել։ Հենց այդ րոպեին էլ նա տակառների ձախ շարքի մեջ մի նեղ անցք տեսավ, իսկ այդ անցքի խորքում՝ մի փոքրիկ դռնակ։
 
Բարոնը գետնին հարմար նստած, ձեռքը մեկ աջ, մեկ ձախ էր մեկնում, և ոչ մի րոպե իզուր չկորցնելով, երկուական, երեքական շիշ էր վերցնում ու մարզված, երկաթից էլ ամուր դարձած ատամներով հանում էր խցաններն ու շշերի պարունակությունը լցնում բերանը։ Նա այդ զբաղմունքն ընդհատում էր միայն նրա համար, որպեսզի բավականության ու հաճույքի ձայներ արձակի։ Հերցոգը երկար նայում էր նրան, իսկ հետո ձեռքը թափահարեց և անցքի խորքը մտավ։
 
Թանկագին ազգականս, ո՞ւր եք գնում, ինչո՞ւ դուք էլ չեք օգտվում այս աստվածային շնորհից։
 
― Ես մի հազվագյուտ տեսակի գինի եմ փնտրում, կարծես թե այնտեղ՝ խորքում տեսնում եմ այդ գինու շիշը։
 
― Երկինքը ձեր հոգատարության համար ձեզ կվարձատրի, ― խմելը չընդհատելով ու բխկացնելով ասում էր բարոնը, ― դուք հագեցրիք մի ծարավածի, դրա համար էլ ինքներդ երբեք ծարավից չեք մեռնի։
 
Բայց հերցոգը նրա խոսելը չէր լսում, շատ անհանգիստ էր։
 
Դռան վրա ոչ փական կար, ոչ սողնակ և ոչ էլ բանալու անցք։
 
― Տարօրինակ է․․․ ― քթի տակ փնթփնթում էր հերցոգը։ ― Գուցե այստեղ մի գաղտնի զսպանակ կա։
 
Նա գաղտնի փականը գտնելու հույսով սկսեց մատներով շոշափել դռան յուրաքանչյուր սանտիմետրը։ Բայց ինչքան էլ շոշափում էր, ինչքան էլ սեղմում էր, դռնակը մնում էր փակ։
 
Այդ ժամանակ բարոնը մոտերքում եղած շշերի հետ հաշիվը մաքրելով, մտավ տակառների միջանցը և հայտնվեց հերցոգի կողքին, որը եղունգներով մեկ ճանկռոտում էր դռնակը, մեկ բռունցքներով հարվածում՝ ավելի ու ավելի կատաղելով։
 
― Այդ ի՞նչ եք անում, ամենաթանկագին ազգականս։
 
― Ուզում եմ այս դռնակը բացել, ինձ թվում է, թե սրա հետևում ամենաթանկագին գինիներն են պահված։ Այդ գինիները եթե խմեք, շատ գոհ կմնաք։
 
― Արժե՞ արդյոք անհանգստանալ, ― պատասխանեց հարբած բարոնը։ ― Ավելի լավ է ինձ տվեք այդ դեղին պիտակով շիշը։ Դա երևի չինական գինի է, որից ես երբեք չեմ խմել։
 
Հերցոգն սկսեց շուրջը նայել, որպեսզի բարոնի ցույց տված շիշը գտնի։ Վերջապես տեսավ։ Դա մի սովորական չափի շիշ էր և մյուսներից տարբերվում էր միայն պիտակով։ Մնացած շշերի պիտակները կարմիր էին, իսկ այդ մեկինը՝ դեղին։ Հերցոգը բարոնի ագահությունն անիծելով, անփութորեն ձեռքը մեկնեց, որպեսզի շիշը վերցնի։
 
Ա՜յ քեզ զարմանք, շիշը կարծես թե կպել էր թարեքին․ հերցոգը ոչ մի կերպ չէր կարողանում այն տեղից շարժել։
 
― Կարծես թե մեջը արճիճ է լցված, ― զարմացած ասաց նա և ամբողջ ուժով շիշը ձգեց։
 
Բայց նա նոր էր շիշը տեղից պոկել, երբ խորհրդավոր դռնակն սկսեց կամաց ու անաղմուկ բացվել։ Բարոնն ապշած նայում էր դռնակին։
 
― Ազգակա՛նս, թանկագին ազգակա՜նս, ― ճչաց նա, ― այդ շիշ չէ, դա բանալի է, նայեցեք, դուք դռնակը բացեցիք։
 
«Ահա թե որտեղ էր փականի գաղտնիքը, իսկ ես չէի էլ գլխի ընկնում», ― ինքն իրեն հանդիմանում էր հերցոգը։
 
Բայց նա դեռ այդքանը չէր մտածել, երբ դռնակը կրկնկի վրա բացվեց, շեմքին հայտնվեց մի տղա, որը քաղաքավարի գլուխ տվեց հերցոգին ու բարոնին և բարակ, արծաթահունչ ձայնով բացականչեց․
 
― Բարի օր, սինյորներ։ Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ այս լավությունն արեցիք։ Արդեն երեք ժամ է ինչ չարչարվում էի դռնակը բացելու համար։ Այդ ինչպե՞ս գլխի ընկաք, որ ես հենց այստեղից կգամ։
 
― Բալուկ, ― միաբերան բացականչեցին հերցոգն ու բարոնը։
 
― Իմ թանկագին Բալուկ․․․ ավելացրեց բարոնը, որ գինուց շատ բարի ու քնքուշ էր դարձել, ― արի ինձ մոտ, ես ուզում եմ քեզ համբուրել։
 
Հերցոգը հրճվանքի ոչ մի նշան ցույց չէր տալիս։
 
«Ի՞նչ է անում այստեղ այս փոքրիկ դատարկապորտը» ― տհաճությամբ մտածում էր նա։ Բայց չուզենալով ցույց տալ, թե դժգոհ է հանդիպման համար, բարձրաձայն ասաց․
 
― Թանկագին Բալուկ, մեզ համար մեծ ուրախություն է քո բոլոր ցանկությունները։
 
Բայց Բալուկն հանկարծ հոնքերը կիտեց և սառն ու կտրուկ ասաց․
 
― Քանի որ, թանկագին ազգականներ, ես ձեզ չէի զգուշացրել, թե այս գաղտնի դռնով պիտի գամ, և ամրոցում հիմա բացի ձեզանից ուրիշ մարդ չկա, ես կարծում եմ, որ դուք այստեղ լավ մտադրությամբ չեք եկել։ Ուղղակի ասած, ինչ֊որ խարդախ բան եք մտածել։ Բայց այդ մասին մենք հետո կխոսենք․․․ Իսկ առայժմ թույլ տվեք ձեզ ներկայացնել իմ բարեկամներին։
 
Եվ մի կողմ քաշվելով, Բալուկը ճանապարհ տվեց իր բոլոր բարեկամներին՝ Չիպոլինոյին, Բողկին, վարպետ Խաղողին, քավոր Դդումին, փաստաբանին և մյուս բոլորին։
 
― Բայց սա իսկական ներխուժում է, ― շվարած բացականչեց հերցոգը։
 
Եվ իսկապես դա ներխուժում էր, որ կազմակերպել էր Բալուկը։ Անտառում թափառելով, Չիպոլինոն և Բալուկը վերջապես հանդիպեցին իրենց բարեկամներին և շուտով իմացան, որ իրենց բոլոր հակառակորդները՝ բացառությամբ բարոնի և հերցոգի, ամրոցից հեռացել են։ Բալուկը գիտեր անտառից նկուղ տանող գաղտնի մուտքի տեղը և առաջարկեց այդ ճանապարհով գրավել թշնամու ամրոցը։
 
Ինչպես տեսաք, այդ բանը փայլուն կերպով հաջողվեց։ Հերցոգին փակեցին իր սենյակում, ձորձահավաք Լոբուն էլ պահակ կանգնեցրին ցռանը։
 
Իսկ բարոնին թողեցին նկուղում, որովհետև ոչ ոք նրա ծանր մարմինը սանդուղքով վեր հանելու ցանկություն չուներ։
 
 
==Գլուխ քսանմեկերորդ==
 
Միստր Գազարոն արտասահմանյան զինվորական խորհրդատու է նշանակվում
 
 
Երբ վրա հասավ երեկոն, և ամրոցը թաղվեց խավարի մեջ, բարեկամներից ոմանք սկսեցին անհանգստանալ։
 
― Հետո՞ ինչ անենք մենք, ― հարցնում էր սանամեր Դդումը։ ― Մենք հո չե՞նք կարող ընդմիշտ մնալ այստեղ։ Սա մեր տունը չէ։ Մենք տուն ու տեղ ունենք, մեր աշխատանքն ու հոգսերը։
 
― Մենք միտք էլ չունենք ընդմիշտ մնալու այստեղ, ― պատասխանեց Չիպոլինոն։ ― Թշնամիների հետ բանակցություններ կսկսենք և միայն կպահանջենք, որ մեզ բոլորիս ազատություն տան։ Երբ համոզվենք, որ մեզանից ոչ ոքի վնաս չեն պատճառի, անմիջապես կգնանք այստեղից։
 
― Իսկ ինչպե՞ս կպաշտպանվենք, ― միջամտեց սինյոր Սիսեռիկը, ― չէ՞ որ ամրոցի պաշտպանությունը ռազմական բավականին բարդ գործողություն է։ Հարկավոր է ստրատեգիա, տակտիկա և բալլիստիկա իմանալ։
 
― Ւսկ ի՞նչ բան է բալլիստիկան, ― հարցրեց սանամեր Դդումը։ ― Խնդրում եմ, սինյոր փաստաբան, անծանոթ բառերով մեզ չզարմացնեք։
 
― Ես ուզում եմ միայն հիշեցնել, ― կարմրելով բացատրեց Սիսեռիկը, ― որ մեր մեջ ոչ մի գեներալ չկա։ Իսկ ինչպե՞ս կռվել, երբ բանակի գլխին գեներալ չի կանգնած։
 
― Անտառում հիմա ամենաքիչը քառասուն գեներալ կա, ― ասաց Չիպոլինոն, ― չնայած դրան, նրանք մեզ բռնել չկարողացան։
 
― Կապրե՛նք կտեսնենք, ― ծանր հառաչելով քրթմնջքաց Սիսեռիկը։
 
Նա այլևս չէր ուզում վիճել, բայց չէր էլ հավատում, թե հնարավոր կլինի երկար ժամանակ ամրոցը պաշտպանել առանց ստրատեգիա, տակտիկա և բալլիստիկա իմացող գեներալի։
 
― Թնդանոթ չունենք, ― երկչոտությամբ միջամտեց սանամեր Դդումը։
 
― Գնդացիր չունենք, ― փնթփնթաց սոխ Պրասը։
 
― Հրացաններ չունենք, ― ավելացրեց վարպետ Խաղողը։
 
― Ամեն ինչ էլ կունենանք, մի՛ անհանգստացեք։ ― Իսկ հիմա հարկավոր է քնել։
 
Բոլորը գնացին քնելու։
 
Յոթ հոգի պառկեցին բարոն Նարնջի լայն մահճակալին և դեռ ութերորդի համար էլ տեղ կար։ Իսկ քավոր Դդումն ու քավոր Հավամրգին գնացին այգում գտնվող իրենց տնակը։
 
Մաստինոն, որին դրանից մի քանի օր առաջ նորից տեղավորել էին այդ տնակում, այնքան էլ սիրալիր չընդունեց նրանց։ Բարեբախտաբար այդ կատաղած շունը միշտ էլ օրենքը հարգում էր։ Ներկայացրած փաստաթղթերին նայելով, նա համոզվեց, որ իրոք տնակն իրեն չի պատկանում և գնաց իր հին բույնը։
 
Քավոր Դդումը հարմար նստեց տնակում և գլուխը պատուհանից դուրս հանեց, իսկ քավոր Հավամրգին պառկեց նրա ոտների մոտ։
 
― Ինչ հրաշալի գիշեր է, ― ասում էր քավոր Հավամրգին, ― ի՜նչ պայծառ երկինք է։ Տեսե՛ք, այն ի՞նչ է այնտեղ թռչում վեր․․․ մի՞թե հրթիռներ են։
 
― Իրոք, իշխան Լիմոնն անտառում հրավառություն էր սարքել, որպեսզի կոմսուհիներին զվարճացնի։ Նա իր զինվոր Լիմոնուկներին զույգ֊զույգ կապում էր և հրթիռի փոխարեն թնդանոթից կրակում։ Դա նրան զվարճալի տեսարան էր թվում։
 
Վերջ ի վերջո սինյոր Պոմիդորը մոտեցավ իշխանին և ականջին շշնջաց․
 
― Ձերդ մեծություն, ներեցեք, բայց դուք այդպես ձեր ամբողջ բանակը կկոտորեք։
 
― Ափսո՜ս, ― հառաչելով ասաց իշխանը և կարգադրեց զվարճությունը դադարեցնել։
 
― Ահա, հրավառությունը վերջացավ, ― պատուհանից դուրս նայելով ասաց քավոր Դդումը։
 
Իշխանն սկսեց հաշվել կենդանի մնացած զինվորներին, որ տեսնի կարելի՞ է շարունակել փախստականներին հետապնդելը թե ոչ։ Պարզվեց, որ այդ նպատակի համար դեռ բավականաչափ զինվոր կա։ Չնայած դրան, որոշեցին հետապնդումը թողնել առավոտյան։
 
Առայժմ իշխանը հրամայեց անտառում կոմսուհիների համար մի շքեղ վրան խփել։ Նրանց տեղավորեցին շատ փափուկ անկողնում, բայց հուզմունքից ու հետաքրքրասիրությունից նրանք երկար ժամանակ չէին կարողանում քնել։
 
Կես֊գիշերը մոտ էր, երբ ասպետ Պոմիդորը գնաց անտառում զբոսնելու, որ նյարդերը հանգստանան։ (Հա՛, ես ձեզ չեմ ասել, որ հրավառությունից հետո բարկությունից ու չարությունից նրա մոտ ջղաձգություն սկսվեց)։
 
«Ինիպիսի՜ հիմարություն, ― մտածում էր ասպետը, ― հրթիռների պատճառով այդքան առողջ զինվոր փչացնել»։
 
Նա մի բարձր բլուր եկավ, այն հույսով, որ եթե փախստականները խարույկ վառած լինեն, տեսնի։ Բայց դրա փոխարեն նա զարմանքով տեսավ, որ ամրոցի պատուհանները ուժեղ լուսավորված են։
 
«Երևի բարոնն ու հերցոգը առանց մեզ զվարճանում են, ― վրդովմունքով մտածեց նա, ― լա՛վ, հենց որ փախստականներին բռնենք ու Չիպոլինոյի հախիցը գանք, հարկ կլինի այդ երկու ձրիակերներից էլ ազատվել»։
 
Նա շարունակում էր ամրոցին նայել, և նրա չարությունը քանի գնում աճում էր։
 
«Դատարկապորտնե՜ր, ― զայրացած մտածում էր նա, ― ավազակնե՜ր, նրանք այս պառավ, հիմար կոմսուհիներին կսնանկացնեն, իսկ ինձ միայն դատարկ շշեր և հորթի ու ճտի ոսկորների կույտեր կմնան»։
 
Աստիճանաբար ամրոցի բոլոր լույսերը հանգան և միայն մի պատուհանից էր լույս երևում։
 
― Ասացե՜ք խնդրեմ, հերցոգ Մանդարինն առանց լույսի չի՜ կարող քնել, ― ատամների արանքից ֆշշում էր սինյոր Պոմիդորը։ ― Մի դրան տեսեք, վախենում է մթության մեջ մնալ։ Բայց այդ ի՞նչ է անում։ Բոլորովին ցնդել է։ Զվարճանում է լույսը հանգցնելով ու վառելով։ Այդպես անջատիչը կփչացնի, կարճ միացում կտա, և ամրոցը կայրվի։ Թո՛ղ, թո՛ղ անմիջապես, լսո՞ւմ ես, թե ինչ եմ ասում։
 
Սինյոր Պոմիդորը ինքն էլ չնկատեց, թե ինչպես է ամբողջ ձայնով մեկ գոռում։
 
«Իսկ եթե սա մի որևէ գաղտնի ազդանշան է, ― հանկարծ մտածեց նա, տեսնելով, որ այդ հիմար խաղը համառորեն կրկնվում է, ― ազդանշա՜ն։ Բայց ի՞նչ ազդանշան, ի՞նչ նպատակով, ո՞ւմն է ուղղված։ Ես մի ոսկի կտայի, եթե իմանայի, թե դա ի՛նչ է նշանակում։ Երեք կարճ բռնկում․․ երկու երկար․․․ նորից երեք կարճ։ Մթություն։ Բայց ահա ամեն ինչ նորից է կրկնվում։ Հերցոգը երևի ռադիոյով երաժշտություն է լսում և լույսը հանգցնելով֊վառելով ձայնակցում է ռադիոյին։ Գրազ կգամ, որ այդպես է։ Ա՛յ, թե ինչով է զբաղված անբանը»։
 
Սինյոր Պոմիդորը վերադարձավ ճամբար և, հանդիպելով պալատականներից մեկին, որին հասկացող մարդ էր համարում, հարցրեց, թե սա ազդանշանային այբուբեն գիտե՞արդյոք։
 
― Իհա՛րկե, ― պատասխանեց Լիմոնը, ― ես ազդանշանային դոկտոր֊պրոֆեսոր եմ, նույնիսկ հատուկ ֆակուլտետ եմ ավարտել։
 
― Որ այդպես է, չէ՞իք ասի ինձ, թե ինչ է նշանակում ահա այս ազդանշանը։
 
Եվ սինյոր Պոմիդորը պրոֆեսորին հայտնեց, թե ինչպիսի ազդանշաններ էր հաղորդում հերցոգը ամրոցից։
 
― Ս․․․ Օ․․․ Ս․․․ Այդ հո դժբախտության ազդանշան է, օգնության կանչ։
 
«Օգնությա՞ն, ― տագնապով մտածեց սինյոր Պոմիդորը։ ― Ուրեմն դա խաղ չէ։ Հերցոգն ազդանշանի միջոցով ուզում է ինչ֊որ բանի մասին մեզ տեղյակ պահել։ Նշանակում է նա վտանգի մեջ է, եթե այդպիսի ազդանշան է տալիս»։
 
Եվ առանց երկար մտածելու, ասպետը շտապեց ամրոց։
 
Այգի մտնելով, նա սուլեց, որ Մաստինոյին իր մոտ կանչի։ Սինյոր Պոմիդորն սպասում էր, թե շունը դուրս կթռչի իր բարեհարմար տնակից, բայց զարմանքով տեսավ, որ Մաստինոն դուրս է սողում իր հին բնից։
 
― Ի՞նչ է պատահել, ― հարցրեց ասպետ Պոմիդորը։
 
― Ես օրենք չեմ սիրում, ― տհաճությամբ պատասխանեց շունը։ ― Իսկական տերերն ինձ ներկայացրին միանգամայն անվիճելի փաստաթղթեր, և ես ստիպված՝ տնակը նրանց զիջեցի։
 
― Այդ ի՞նչ իսկական տերերն են։
 
― Ոմն Դդում և ոմն Հավամրգի։
 
― Իսկ նրանք որտե՞ղ են հիմա։
 
― Քնած են իրենց տանը։ Գոնե այդպես եմ ենթադրում, թեև չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այդքան անհարմար դիրքով քնել։ Բայց, ըստ երևույթին, ամրոցում նրանց համար տեղ չի եղել։
 
― Իսկ ո՞վ է գիշերում ամրոցում։
 
― Օ՜, շատ եկվորներ։ Ամենաստորին կարգի ժողովուրդ, ինչպես օրինակ, կոշկակարներ, երաժիշտներ, բողկեր, սոխեր և այլ խաժամուժ։
 
― Ուրեմն Չիպոլինո՞ն էլ այնտեղ է։
 
― Այո՛, ինձ թվում է, թե նրանցից մեկի անունն այդպես էր։ Ինչքան ես հասկացա, հերցոգը շատ վիրավորվել էր այդ կարգի հասարակության ներկայությունից։ Նա փակվեց իր սենյակում և ամբողջ օրը չերևաց։
 
«Նշանակում է նա գերության մեջ է, ― վճռեց Պոմիդորը։ ― Քանի գնում, գործերը վատանում են»։
 
― Ինչ վերաբերում է բարոն Նարնջին, ― շարունակեց շունը, ― ապա նա էլ է փակվել, միայն թե ոչ թե իր սենյակում, այլ չգիտես ինչու, մառանում։ Արդեն մի քանի ժամ է, ինչ լսում եմ, թե ինչպես են այնտեղ խցանները կրակում։
 
― Ո՜ւ, ո՜ւ, անիծված հարբեցող, ― ինքն իրեն քրթմնջաց սինյոր Պոմիդորը։
 
― Բայց ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես մեր Բալուկը մոռանալով իր կոմսական տիտղոսը, շփվում է այդքան ստոր ծագում ունեցող մարդկանց հետ։
 
Սինյոր Պոմիդորն անմիջապես սլացավ անտառ, արթնացրեց իշխանին ու կոմսուհիներին և պատմեց սոսկալի նորությունները։ Կոմսուհիներն ուզում էին իսկույն վերադառնալ ամրոց, բայց իշխանը խորհուրդ տվեց չշտապել։
 
― Մեր երեկոյան զվարճալիքից հետո մենք բավական քանակությամբ զինվորներ չունենք, որպեսզի գրոհն սկսենք գիշերը։ Սպասենք լուսաբացին, դա ավելի խելացի կլինի։
 
Նա կանչեց սինյոր Մաղդանոսին, որը թվաբանությունից ուժեղ էր, և կարգադրեց նորից հաշվել նորին մեծության տրամադրության տակ մնացած ուժերը։
 
Սինյոր Մաղդանոսը զինվելով մի կտոր կավճով ու քարե տախտակով, շրջեց բոլոր վրանները և ամեն մի զինվորի դիմաց տախտակի վրա մի խաչ քաշեց, իսկ գեներալների դիմաց՝ երկուական խաչ։ Պարզվեց, որ իշխանը դեռևս տասնութ Լիմոնուկ֊զինվոր և քառասուն Լիմոն֊գեներալ ունի։ Ընդամենը հիսուն մարդ, չհաշված սինյոր Պոմիդորին, սինյոր Մաղդանոսին, իրեն՝ իշխանին, կոմսուհիներին, խուզարկուին, նրա շանն ու մի քանի ձիերի։
 
Ասպետ Պոմիդորը ձիերից օգուտ չէր սպասում, բայց սինյոր Մաղդանոսը եռանդով սկսեց ապացուցել, որ ամրոցներ գրավելիս հեծելազոր ունենալը շատ օգտակար է, երբեմն նույնիսկ անհրաժեշտ։ Ստրատեգիական երկար վիճաբանւթյուն սկսվեց, և վերջ ի վերջո իշխան Լիմոնը համաձայնեց սինյոր Մաղդանոսի բերած փաստերի հետ ու նրան նշանակեց հեծյալ ջոկատի հրամանատար։
 
Ճակատամարտի պլանը մշակվեց միստր Գազարոյի մասնակցությամբ, որին այդ առիթով արտասահմանյան զինվորական խորհրդատուի կոչում շնորհեցին։
 
Զինվորական խորհրդատուն անմիջապես անցավ իր պարտականությունների կատարմանը։ Առաջին հերթին բոլոր զինվորներին ու գեներալներին խորհուրդ տվեց, որ սրանք իրենց դեմքերին ածուխ կամ մուր քսեն՝ պաշարման մեջ գտնվողներին վախեցնելու նպատակով։ Իշխանին այդ միտքը շատ դուր եկավ։ Նա հրամայեց մի քանի շիշ գինի բացել և, իր գեներալներին շարք կանգնեցնելով, սկսեց վառած խցանով անձամբ ներկել նրանց դեմքերը։
 
Այն գեներալները, որ արժանացել էին այդ պատվին, իրենց շատ շոյված էին զգում։
 
Մինչև արևածագ բոլոր գեներալների դեմքերն արդեն սևացել էին։ Բայց իշխանը դրանով չբավարարվեց։ Նրա մոտ դեռ շատ այրված խցան կար և պահանջեց, որ կոմսուհիներն ու սինյոր Պոմիդորն էլ դեմքերը սևացնեն։
 
― Կոմսուհիները չհամարձակվեցին իշխանին առարկել և արցունքներն աչքերին՝ ենթարկվեցին հրամանին։
 
Ուղիղ ժամը յոթին հարձակումն սկսվեց։
 
 
==Գլուխ քսաներկուերորդ==
 
Այն մասին, թե ինչպես բարոնը անկախ իր կամքից քսան գեներալ սպանեց
 
 
Ստրատեգիական պլանի առաջին մասը հետևյալն էր ասում, խուզարկուի շունն օգտվելով կոմսուհիների շան հետ ունեցած իր բարեկամությունից, պետք է համոզեր նրան, որ սա այգու դարբասները բացեր։ Այստեղից պետք է այգի ներխուժեր սինյոր Մաղդանոսի հեծյալ էսկադրոնը։
 
Սակայն պլանի այդ մասը ձախողվեց, քանի որ այգու դարբասը բնավ էլ փակ չէր։ Դարբասի մոտ ձգված կանգնել էր Մաստինոն և պոչով պատվի էր առնում։
 
Խուզարկուի շունը վախեցած ետ դարձավ և զեկուցեց այդ տարօրինակ իրադրության մասին։
 
― Հենց այստեղ է թաղված շան գլուխը, ― ասաց միստր Գազարոն, օգտագործելով արտասահմանյան զինվորական խորհրդատուների մեջ շատ տարածված այս արտահայտությունը։
 
― Փա՛ստ է, փա՛ստ։ Հենց այստեղ է թաղված, ― իր տիրոջ ասածը հաստատեց շունը։
 
― Այդ ի՞նչ շան գլուխ է և որտե՞ղ է թաղված, ― հարցրեց իշխանը։
 
― Ձերդ մեծություն, այստեղ շունը գործ չունի։ Եթե խռովարարները դարբասը բաց են թողել, նշանակում է մեզ համար ինչ֊որ ծուղակ են պատրաստել։
 
― Այդ դեպքում եկեք այգի մտնենք հետևի դռնով, ― առաջարկեց իշխանը։
 
― Բայց հետևի դուռն էլ բաց է։
 
Լիմոնի բանակի զինվորները լուրջ մտատանջության մեջ ընկան։ Ավելի ճիշտ՝ չգիտեին, թե ինչ մտածեն։ Իսկ իշխանին այս պատերազմն արդեն սկսեց ձանձրացնել։
 
― Ինչ֊որ շատ է երկարում, ― գանգատվեց նա ասպետ Պոմիդորին։ ― Այսքան էլ ձգձգվող ու դժվար պատերա՞զմ։ Եթե սկզբից իմանայի, թե այսպես կլիներ, այս պատերազմը չէի էլ սկսի։
 
Գործն արագացնելու համար իշխանը որոշեց անձամբ մասնակցել գործողություններին։ Նա իր քառասուն գեներալներին շարք կանգնեցրեց և հրամայեց․
 
― Զգա՜ստ․․․
 
Քառասուն գեներալներն էլ տեղում քարացան։
 
― Քայլով֊մա՛րշ։ Մե՛կ, ե՛րկու, մե՛կ֊ե՛րկու։
 
Հերոսական ջոկատը այգու դարբասից մտավ ներս և քայլեց դեպի ամրոցը, որը, ինչպես գիտեք, գտնվում էր փոքրիկ բլրի գագաթին։ Վերելքը իշխանին շատ դժվար թվաց։ Նա սկսեց շնչահատվել, քրտնել և որոշեց հրամանատարությունը հանձնել առաջին կարգի մի Լիմոնի ու ետ դառնալ։
 
― Շարունակեցեք հարձակվել, ― ասաց նա, ― ես գնում եմ ընդհանուր գրոհի պլանը մշակելու․ իմ անձնական մասնակցության շնորհիվ պաշտպանության առաջին գիծը գրավված է։ Ձեզ եմ հանձնարարում ամրոցի գրավումը։
 
Առաջին կարգի Լիմոնը պատիվ տվեց իշխանին և հրամանատարությունը ստանձնեց։ Հինգ մետր գնալով, նա հինգ րոպեով հանգիստ տվեց ջոկատին։ Այնտեղից մինչև ամրոց ընդամենը մի հարյուր քայլ էր մնում, և հրամանատարն արդեն պատրաստվում էր տալ վերջին գրոհի հրամանը, երբ հանկարծ մի սարսափելի թնդյուն լսվեց, և բլրի գագաթից դեպի իշխանները սլացավ մի չտեսնված մեծությամբ արկ։ Քառասուն գեներալն էլ, չսպասելով առաջին կարգի Լիմոնի հրամանին, միանգամից շուռ եկան և ինչքան կարող էին՝ արագ նետվեցին ցած։ Սակայն արագությամբ նրանք չէին կարող համեմատվել խորհրդավոր արկի հետ, որը մի քանի վայրկյանում հասավ նրանց և մի երկու տասնյակ գեներալ հասած սալորի նման ճզմելով, գլորվեց մինչև դարբասն ու դուրս եկավ։ Ճանապարհին նա ջնջեց սինյոր Մաղդանոսի հեծելազորն ու շուռ տվեց կոմսուհիներ Բալերի կառքը։
 
Երբ արկը վերջապես կանգ առավ, բոլորը տեսան, որ դա ո՛չ մագնիսային ական է, ո՛չ էլ դինամիտով լցված տակառ, այլ դժբախտ բարոն Նարինջը։
 
― Թանկագին ազգականս, այդ դո՞ւք եք, ― շուռ եկած կառքից դուրս գալով, ճչաց կոմսուհի Ավագը։
 
Կոմսուհին ամբողջովին փոշոտված էր, մազերը գզգզված էին և երեսին թանձր մուր էր քսված։
 
― Ես պատիվ չունեմ ձեզ ճանաչելու, սինյորա։ Ես Աֆրիկայում երբեք չեմ եղել, ― քրթմնջաց բարոնը։
 
― Բայց այդ ե՛ս եմ, կոմսուհի Ավագը։
 
― Օ՜, երկինք, ի՞նչ է փչել ձեր խելքին, որ այդպես մրոտվել եք։
 
― Սա ստրատեգիական նշանակություն ունի․․․ ավելի լավ է ասեք, թե այդ ինչպես փուլ եկաք մեզ վրա։
 
Ես եկա ձեզ օգնության։ Ճիշտ է, մի քիչ տարօրինակ ձևով, բայց ուրիշ ճար չունեի։ Ես ամբողջ գիշեր աշխատում էի դուրս պրծնել գինու մառանից, որտեղ այդ ավազակները փակել էին ինձ։ Կարո՞ղ եք պատկերացնել, ստիպված էի մառանի դուռը ատամներով կրծել։
 
― Օ՜, այո՛, դուք կարող եք կրծել նույնիսկ կես տասնյակ տակառների տախտակները, ― փնթփնթաց սինյոր Պոմիդորը, որը դեռ սարսափից դողում էր։
 
― Մառանից դուրս գալով, բլրից ուղղակի ցած գլորվեցի և կարծեմ ճանապարհին ճզմեցի նեգրերի մի ամբողջ ջոկատ, որն, անշուշտ, օգնության էր գնում այն ավազակներին, որոնք խլել են ձեր ամրոցը։
 
Երբ կոմսուհի Ավագը ազգականին բացատրեց, որ դրանք բոլորովին էլ նեգրեր չեն եղել, այլ քառասուն լիմոն գեներալ, խեղճ բարոնը շատ հուզվեց, բայց էլի հոգու խորքում հպարտանում էր իր ծանրությամբ և ուժով։ Իշխան Լիմոնն այդ րոպեին իր վրանում լոգանք էր ընդունում։ Իմանալով իր առաջապահ զորամասերի կործանման մասին, նա սկզբում կարծեց, թե թշնամին անսպասելիորեն դուրս է եկել ամրոցից և գրոհով ցրել ջոկատը։ Երբ նորին մեծությանը զեկուցեցին, թե մեղավորը եղել է ամենաբարի մտադրություններ ունեցող իր դաշնակիցը, նա կատաղեց։
 
― Ես ոչ մի դաշնակից էլ չունեմ։ Ես պատերազմներ մղում եմ ինքս ինձ և իմ խելքով, ― ասաց նա վրդովմունքով։ Եվ հավաքելով մնացած զորքը՝ գեներալներին, զինվորներին և օժանդակ կազմին, ընդամենը երեսուն մարդ, նա մի ճառ արտասանեց, որ ավարտեց հետևյալ խոսքերով․
 
― Աստված, փրկիր ինձ իմ բարեկամներից, իսկ թշնամիներից ես ինքս մի կերպ կազատվեմ։
 
Իշխան Լիմոնը փաստորեն իրավացի էր։ Իշխանների բարեկամները միշտ էլ թշնամիներից վտանգավոր են լինում, և իշխաններին մնում է միայն մխիթարվել հնացած, մաշված ու բավական անհաջող առածներով։
 
Ուղիղ քառորդ ժամ հետո, Լիմոնը ոտքի ելավ ու հրամայեց նոր գրոհ սկսել։ Տասը հոգի վայրենի աղաղակներով վազեցին դեպի բլրի գագաթը, որպեսզի գոնե պաշարման մեջ գտնվողների երեխաներին ու կանանց փախցնեն։ Գրոհողներին սիրալիր ընդունեցին։ Ես կասեի՝ շատ սիրալիր ընդունեցին։ Չիպոլինոն հրշեջ պոմպեր էր հարմարեցրել գինու ամենամեծ տակառներին։ Հենց որ Լիմոնները բավականաչափ մոտեցան, նա հրամայեց․
 
― Գինով՝ թշնամուն խփի՛ր։
 
(Օրենքով պիտի հրամայեր «կրա՛կ», բայց նրա տրամադրության տակ միայն պոմպեր կային, որոնցով կրակը հանգցնում են և ոչ թե վառում)։
 
Բուրավետ, հարբեցնող կարմիր հեղուկով ողողեցին պաշարողներին։ Գինին լցվում էր նրանց աչքերը, բերանը, քիթը և ականջները։ Լիմոնուկները անպայման կխեղդվեին կամ ուշագնաց լինելու չափ կհարբեին, եթե ժամանակին չնահանջեին։ Ոմանք սողալով, ոմանք վազելով, փախչում էին գինու հետապնդող շիթերից։
 
Երբ հասան բլրի ստորոտը, նրանց մեջ ոչ մի զգաստ Լիմոն չկար։ Այս բանը շատ զայրացրեց կոմսուհիներին։
 
Կարող եք պատկերացնել, թե ինչպես էր իշխան Լիմոնը կատաղել։
 
― Խայտառակություն է, ձեզ բոլորիդ հարկավոր է փայտով ծեծել։ Մի՞թե կարելի է սոված փորով կարմիր գինի խմել։ Կարգին մարդիկ այդպես չեն վարվում։ Տեսնո՞ւմ եք, էլի տասը հոգի շարքից դուրս եկան։
 
Եվ իրոք, Լիմոնի բանակից տասը ռազմիկ մեկը մյուսի հետևից ընկան նորին մեծության ոտների մոտ և իսկույն, ասես ըստ հրամանի, խռմփացրին։
 
Դրությունը քանի գնում տագնապալից ու վտանգավոր էր դառնում։
 
Սինյոր Պոմիդորը մազերն էր փետում և խնդրում միստր Գազարոյին։
 
― Դե մի խորհուրդ տվեք վերջապես, չէ՞ որ արտասահմանյան զինվորական խորհրդատու եք, սատանան ձեզ տանի։
 
Իսկ ամրոցում, հասկանալի է, այդ րոպեին ցնծություն էր տիրում։
 
Թշնամու կեսը շարքից հանված էր։ Շուտո՛վ, շուտո՛վ այնտեղ, ցածում, դարբասի երկու կարմիր սյուների մեջտեղում սպիտակ դրոշակ կծածանվի։
 
 
==Գլուխ քսաներեքերորդ==
 
Չիպոլինոն ծանոթանում է փոստատար Սարդի հետ
 
 
Ոչ, ես ձեզ չեմ խաբի, դարբասի սյուների միջև ոչ մի դրոշակ էլ չծածանվեց։ Դրա փոխարեն կռվի դաշտ ժամանեց Լիմոնուկների մի ամբողջ դիվիզիա, որոնց շտապ ուղարկել էին մայրաքաղաքից, և մեր բարեկամներին մնում էր կամ հանձնվել, կամ փախչել։
 
Չիպոլինոն փորձեց մառանի դռնակով փախչել, բայց ընդհատակյա անցքը թշնամին գրավել էր։
 
Իսկ ո՞վ գաղտնի անցքի մասին հայտնեց Լիմոնուկներին, որոնք այդ մասին գաղափար չունեին։
 
Այդ էլ ձեզնից չեմ թաքցնի։ Պարզվեց, որ դավաճանը սինյոր Սիսեռիկն էր։
 
Երբ Չիպոլինոյի ու նրա կողմնակիցների գործերը վատացան, փաստաբանը վախենալով, թե իրեն երկրորդ անգամ կկախեն, իսկույն անցավ թշնամու կողմը։
 
Սինյոր Պոմիդորը Չիպոլինոյին բռնելով այնքան ուրախացավ, որ մնացած գերիներին ազատ արձակեց։ Միայն Բալուկին, որպես պատիժ, փակեցին ձեղնահարկում։
 
Իսկ Չիպոլինոյին մի ամբողջ վաշտ Լիմոնուկների ուղեկցությամբ տարան բանտ և փակեցին նկուղային խցում։
 
Օրական երկու անգամ բանտապահ Լիմոնուկը պղնձե չեչոտ ամանով նրան հացից ու ջրից պատրաստած ապուր էր բերում։ Չիպոլինոն ուտում էր առանց նայելու, նախ այն պատճառով, որ սաստիկ քաղցած էր, և ապա այն պատճառով, որ նրա խցում երբեք լույս չէր լինում։
 
Մնացած ժամանակ Չիպոլինոն պառկում էր մահճակալին ու մտածում․ «Միայն թե հաջողվեր հորս տեսնել։ Գոնե կարողանայի նրան իմաց տալ, որ ես էլ իր հետ եմ, միևնույն բանտում»։
 
Գիշեր֊ցերեկ Լիմոնուկ ժամապահը ծանր կրունկներով թխկացնելով, անց ու դարձ էր անում խցի դռան մոտ։
 
― Գոնե ռետինե կրունկներ խփեք, ― գոռում էր Չիպոլինոն, որին Լիմոնուկի ոտնաձայները չէին թողնում քնի։
 
Բայց բանտապահները նույնիսկ շուռ չէին գալիս նրա կողմը։
 
Մի շաբաթ հետո եկան նրան տանելու։
 
― Ո՞ւր եք ինձ տանում, ― հարցրեց Չիպոլինոն։
 
Նա կարծում էր, թե իրեն տանում են կախաղան հանելու։ Բայց ընդամենը բակ էին դուրս բերում՝ զբոսանքի։ Երկար միջանցքով դեպի դուռը գնալով, Չիպոլինոն զայրանում էր իր ոտքերի վրա, որոնց համար քայլելն անսովոր էր դարձել, աչքերի վրա, որոնք արդեն լույսի սովոր չէին և արցունքոտվում էին։
 
Բակը կլոր էր։ Կալանավորները, որոնք բանտարկյալի միատեսակ, սպիտակ ու սև զոլերով շորեր էին հագել, իրար հետևից քայլում էին շրջանաձև։
 
Խոսելը խստիվ արգելված էր։ Շրջանի կենտրոնում մի Լիմոնուկ էր կանգնած և թմբուկին խփելով չափ էր տալիս։
 
― Մե՛կ, ե՛րկու, մե՛կ, ե՛րկու․․․
 
Չիպոլինոն մտավ շրջանի մեջ։ Նրա առջևից մի ծեր, կորամեջք ու ալեհեր կալանավոր էր քայլում։ Երբեմն նա խուլ հազում էր, և դրանից նրա ուսերը ցնցվում էին։
 
«Խեղճ ծերուկ, ― մտածեց Չիպոլինոն, ― եթե այսքան ծեր չլիներ, նման կլիներ իմ հորը»։
 
Էլի մի քիչ քայլելով ծերուկն այնպես հազաց, որ ստիպված դուրս եկավ շարքից և հենվեց սյանը, որ վայր չընկնի։ Չիպոլինոն նետվեց օգնելու և միայն այստեղ տեսավ նրա դեմքը, որի վրա խոր կնճիռներ էին ակոսված։ Կալանավորը հանգած աչքերով նայեց տղային և հանկարծ բռնեց նրա ուսերից․
 
― Չիպոլի՜նո, որդի՛ս։
 
― Հայրի՛կ, այս ինչքան ես ծերացել․․․
 
Հայր ու որդի լալով գրկախառնվեցին։
 
― Լաց մի լինի, սիրելիս, ― փնթփնթաց ծերուկը։ ― Քաջ եղիր, Չիպոլի՛նո։
 
― Ես չեմ լալիս, հայրի՛կ։ Միայն թե ինձ համար շատ ցավալի է քեզ այդպես հիվանդ ու թույլ տեսնել։ Իսկ ես դեռ խոստանում էի քեզ ազատել բանտից։
 
― Դարդ մի՛ անի, մեզ համար էլ երջանիկ օրեր կգան։
 
Այդ րոպեին թմբկահար Լիմոնուկը ուժեղ խփեց թմբուկին։
 
― Է՜յ, մի՞թե չե՞ք տեսնում, որ ամբողջ շարքը խառնեցիք։ Առաջ եկեք։
 
Ծեր Չիպոլոնեն շտապ բաժանվեց տղայից և կալանավորների շարքում գրավեց իր տեղը։ Նրանք էլի մի քանի պտույտ կատարեցին բակում, իսկ հետո նույն կարգով շարժվեցին դեպի խցերը տանող երկար միջանցքը։
 
― Ես քեզ լուր կուղարկեմ, ― շշնջաց ծեր Չիպոլոնեն հրաժեշտ տալիս։
 
Բայց ինչպե՞ս։
 
― Կտեսնես։ Պի՛նդ կաց, Չիպոլի՛նո։
 
― Գնաս բարով, հայրի՛կ։
 
Ծերուկը մտավ իր խուցը։ Չիպոլինոյի խուցը երկու հարկով ցածր էր, նկուղում։ Հիմա, երբ Չիպոլինոն հանդիպեց հորը, խուցը այլևս նրան այնքան մութ չէր թվում։ Վերջին հաշվով մի քիչ լույս թափանցում էր միջանցքի վրա բացվող փոքրիկ պատուհանից։ Բայց լույսը այնքան քիչ էր, որ միայն կարելի էր տեսնել Լիմոնուկի աննկատելիորեն փայլատակող սուսերը, որ ետ ու առաջ էր դառնում միջանցքում։
 
Հաջորդ օրը, երբ Չիպոլինոն ժամանակն սպանելու համար հաշվում էր, թե ժամապահի սուսերը քանի՛ անգամ կփայլատակի պատուհանի հետևում, հանկարծ լսեց, որ ինչ֊որ մի տարօրինակ, հազիվ լսելի ձայն կանչում է իրեն։
 
― Ո՞վ է ինձ կանչում, ― զարմացած հարցրեց նա։
 
― Նայիր պատին։
 
― Նայում եմ աչքերս լայն բացած, բայց պատն էլ չեմ տեսնում։
 
― Իսկ ես, ա՛յ, այստեղ եմ, պատուհանի մոտ։
 
― Ա՜, հիմա տեսնում եմ, դու Սարդ ես։ Իսկ ի՞նչ ես անում այստեղ, չէ՞ որ այստեղ ճանճեր էլ չկան։
 
― Ես կաղլիկ Սարդն եմ։ Իմ սարդոստայնը վերին հարկի խցումն է։ Երբ ես ուտել եմ ուզում, իմ ցանցի մեջ միշտ էլ ուտելու բան ճարվում է։
 
Ինչ որ Լիմոնուկ կոպտորեն խփեց դռանը։
 
― Է՜յ, ձայնդ կտրիր, ո՞ւմ հետ ես այդտեղ խոսում։
 
― Ես աղոթք եմ կարդում, որ ինձ մայրս է սովորեցրել, ― պատասխանեց Չիպոլինոն։
 
― Մի քիչ կամաց աղոթիր, մեզ շփոթության մեջ ես գցում։ Լիմոնուկներն այնքան բո՛ւթ էին, որ ամենաթեթև աղմուկի դեպքում քայլերը խառնում էին։
 
Կաղլիկ Սարդն ավելի ցած իջավ և իր սարդոստայնի նման բարակ ձայնով շշնջաց․
 
― Հորիցդ քեզ նամակ եմ բերել։
 
Եվ իրոք, նա մեկնեց մի գրություն, որին սարդոստայնի բարակ թելեր էին կպած։ Չիպոլինոն երկտողը խլեց և անմիջապես սկսեց կարդալ։ Այնտեղ ասված էր․
 
«Սիրելի Չիպոլինո, ես քո բոլոր արկածների մասին գիտեմ։ Մի՛ մտածիր, որ գործերդ ավելի վատ գնացին, քան դու սպասում էիր։ Քո տեղը որ ես լինեի, ես էլ քեզ նման կվարվեի։ Ի՞նչ խոսք, բանտ նստելը շատ տհաճ բան է, բայց կարծում եմ, որ այստեղ շատ բան կսովորես և ժամանակ կունենաս մտածելու այն մասին, ինչ որ գլխովդ անցավ։ Նա, որ կբերի քեզ այս նամակը, մեր բանտի փոստատարն է։ Նրան ամեն բան կարող ես վստահել։ Նրա միջոցով ինձ մի լուր ուղարկիր։ Ջերմորեն գրկում եմ քեզ։ Քո հայր՝ Չիպոլոնե»։
 
― Մինչե վերջը կարդացի՞ր, ― հարցրեց Կաղլիկը։
 
― Այո, կարդացի։
 
― Լա՛վ, իսկ հիմա նամակը դիր բերանդ, ծամիր ու կուլ տուր, որ պահակի ձեռքը չընկնի։
 
― Եղա՛վ, ― ասաց Չիպոլինոն նամակը ծամելով։
 
― Առայժմ ցտեսություն, ― ասաց Կաղլիկը։
 
― Ո՞ւր ես գնում։
 
― Նամակներ բաժանելու։
 
Չիպոլինոն միայն հիմա նկատեց, որ սարդի վզից սարդոստայնից հյուսած մի պայուսակ կա, որ լեփ֊լեցուն է նամակներով։
 
― Դու այս նամակները խցե՞րն ես տանում։
 
― Արդեն հինգ տարի է, ինչ այս գործով եմ զբաղվում։ Ամեն առավոտ խցից խուց եմ անցնում և նամակներ հավաքում, իսկ հետո բաժանում եմ։ Պահակները դեռ ոչ մի անգամ ինձ չեն բռնել և ոչ մի նամակ չեն գտել։ Այսպիսով կալանավորները առանց վախենալու, թե իրենց նամակները կբռնեն, կարողանում են միմյանց հետ կապ պաշտպանել։
 
― Իսկ որտեղի՞ց են նրանք թուղթ ճարում։
 
― Նրանք բոլորովին ել թղթի վրա չեն գրում, այլ շապիկներից կտրած լաթերի վրա։
 
― Հիմա ես հասկանում եմ, թե ինչու նամանկն այդքան տարօրինակ համ ուներ, ― ասաց Չիպոլինոն։
 
― Իսկ թանաք շինում են բանտային ապուրից, որի մեջ մանրած աղյուս են լցնում։
 
― Իսկ աղյուսը որտեղի՞ց են վերցնում։
 
― Չէ՞ որ բանտի պատերն աղյուսից են։
 
― Հասկանալի է, ― ասաց Չիպոլինոն, ― վաղն արի իմ խուցը, ես քեզ նամակ կտամ։
 
― Անպայման կգամ, ― խոստացավ փոստատարը և մի փոքր կաղալով շարունակեց իր ճամփան։
 
― Այդ ի՞նչ է, ոտքդ քարի՞ ես կպցրել։
 
― Չէ՛, հոդացավ ունեմ։ Հասկանո՞ւմ ես, ինձ խոնավ տեղում ապրել չի կարելի։ Ես ծեր եմ, ինձ հարկավոր է գյուղ տեղափոխվել։ Այնտեղ մի եղբայր ունեմ, որ եգիպտացորենի դաշտումն է ապրում։ Ամեն օր նա իր ոստայնը գցում է եգիպտացորենի ցողուններին և ամբողջ օրը մաքուր օդ ու արև է վայելում։ Նա շատ անգամ է ինձ իր մոտ հրավիրել, բայց ես հո չե՞մ կարող իմ աշխատանքը թողնել։ Եթե մի գործ սկսում ես, ապա պետք է վերջացնես։ Բացի այդ, իշխան Լիմոնի հետ ես իմ հաշիվներն ունեմ։ Նրա պալատական ծառան սպանել է իմ հորը։ Խեղճ ծերուկին խփեց ուղղակի խոհանոցում։ Այնտեղ պատի վրա մինչև հիմա հազիվ նկատելի մի բիծ է մնում։ Երբեմն գնում եմ ինձ համար թանկ այդ հետքը տեսնելու և ինքս ինձ ասում եմ․ «Կգա ժամանակ, երբ իշխան Լիմոնին էլ կխփեն, բայց այնպես, որ իսկի հետքն էլ չի մնա»։ Ճի՞շտ եմ ասում։
 
― Ես երբեք քեզ նման ազնիվ սարդ չեմ տեսել, ― հիացմունքով ասաց Չիպոլինոն։
 
― Ամեն մարդ իր ուժի չափով է գործ բռնում, ― համեստորեն պատասխանեց փոստատարը։
 
Կաղալով նա հասավ լուսամուտին և ինչ֊որ Լիմոնուկի հենց քթի տակով սողաց դեպի միջանցք։ Իսկ Լիմոնուկն այդ րոպեին դռան կլոր անցքից նայում էր ներս, որ տեսնի ամեն ինչ կարգի՞ է թե ոչ։
 
Խցից դուրս գալով, Կաղլիկը սարդոստայնով իջավ ցած և գնաց իր գործին։
 
 
==Գլուխ քսանչորսերորդ==
 
Չիպոլինոն հույսը բոլորովին կտրում է
 
 
Հենց նույն օրը Չիպոլինոն իր շապկից մի կտոր կտրեց և բաժանեց մի քանի մասի։
 
«Ահա նամակի թուղթ, ― հաճույքով մտածեց նա ― Սպասենք մինչև թանաք բերեն»։
 
Երբ Լիմոնուկը նրան ընթրիքի համար ապուր բերեց, Չիպոլինոն չկերավ։ Գդալով նա պատի աղյուսից մի քիչ քերեց և, լցնելով ապուրի մեջ, լավ խառնեց։ Հետո գդալի պոչով մի քանի նամակ գրեց։
 
«Թանկագին հայրիկ, ― ասվում էր առաջին նամակում, ― դու հիշո՞ւմ ես, թե ես ինչ եմ խոստացել քեզ։ Ահա՛, այդ րոպեն մոտենում է։ Ես ամեն ինչ լավ մտածել եմ։ Համբույրներով քո՝ Չիպոլինո»։
 
Երկրորդ նամակում, որ հասցեագրված էր Խլուրդին, ասվում էր․
 
«Սիրելի ծերուկ Խլուրդ, չկարծես, թե ես քեզ մոռացել եմ։ Բանտում անելիք չունեմ և անընդհատ մտածում եմ իմ հին բարեկամների մասին։ Շատ մտածեցի, մտածեցի և տեսա, որ դու երևի կկարողանաս ինձ ու իմ հորը օգնել։ Գիտեմ, որ դա այնքան էլ հեշտ չէ։ Բայց եթե քեզ հաջողվի մի հարյուր խլուրդ հավաքել, ապա ընդհանուր ուժերով հնարավոր կլինի բոլոր դժվարություններն հաղթահարել։ Սպասում եմ քո պատասխանին, ավելի ճիշտ՝ սպասում եմ քեզ իմ խցում։ Այսպես, ուրեմն, ցտեսություն։ Քո վաղեմի բարեկամ՝ Չիպոլինո»։
 
Հետգրություն․ «Այստեղ քո աչքերն այլևս չեն ցավի։ Իմ նկուղում ավելի մութ է, քան թանաքամանի մեջ»։
 
Երրորդ նամակում ասվում էր․
 
«Թանկագին Բալուկ, քո մասին ոչինչ չգիտեմ, բայց հավատացած եմ, որ դու մեր անհաջողությունից չես վհատվել։ Խոսք եմ տալիս քեզ, որ մենք շուտով ասպետ Պոմիդորի հաշիվը լրիվ կմաքրենք։ Այստեղ ես շատ բաների մասին խորհեցի, որոնց մասին դրսում մտածելու ժամանակ չկար։ Սպասում եմ քո օգնությանը։ Մի նամակ էլ ուղարկում եմ քեզ՝ Խլուրդի համար։ Դիր պայմանավորված տեղը։ Շուտով էլի կգրեմ։ Բարևիր բոլորին․ Չիպոլինո»։
 
Նամակները նա պահեց բարձի տակ, մնացած թանաքը թափեց մահճակալի տակի փոսը, դատարկ ամանը տվեց Լիմոնուկին և պառկեց քնելու։
 
Հետևյալ օրը նույն փոստատարը Չիպոլինոյի հորից մի ուրիշ նամակ բերեց։ Ծեր Չիպոլոնեն գրում էր, որ շատ ուրախ է տղայից լուր ստանալու համար և խորհուրդ էր տալիս շապիկը խնայողաբար օգտագործել։
 
Չիպոլինոն գրեթե ամբողջ շապկի կեսը կտրեց, փռեց հատակին, մատը թաթախեց թանաքի մեջ և սկսեց գրել։
 
― Այդ ի՞նչ ես անում, ― ընդհատեց նրան փոստատարը, ― եթե դու ամեն մի նամակի վրա այդքան մեծ կտոր օգտագործես, մի շաբաթ հետո էլ ինչի՞ վրա պիտի գրես։
 
― Մի՛ վախեցիր, ― պատասխանեց Չիպոլինոն, ― մի շաբաթ հետո ես այլևս այստեղ չեմ լինի։
 
― Տղա՛ս, վախենում եմ սխալվես։
 
― Հնարավոր է։ Բայց ինձ դիտողություն անելու փոխարեն, չէի՞ր կարող արդյոք օգնել ինձ։
 
― Իմ ութ ոտներն էլ քո տրամադրության տակ են։ Ի՞նչ ես ուզում անել։
 
― Ես ուզում եմ մանրամասն գծագրել բանտի հատակագիծը։ Ճշտությամբ նշել բոլոր հարկերը, արտաքին պատը, բակը և այլն։
 
― Այդ արդեն դժվար չէ․ ես բանտի ամեն մի սանտիմետրը գիտեմ։
 
Կաղ սարդի օգնությամբ Չիպոլինոն գծագրեց բանտի հատակագիծը և բակի տեղը մի խաչ դրեց։
 
― Ինչո՞ւ ես այստեղ խաչ դնում, ― հարցրեց Սարդը։
 
― Մի ուրիշ անգամ կբացատրեմ, ― խուսափելով պատասխանեց Չիպոլինոն, ― իսկ առայժմ քեզ երեք նամակ կտամ։ Մեկը կտաս հորս, իսկ այս երկուսը և հատակագիծը հարկավոր է տանել ընկերոջս։
 
― Բանտից դո՞ւրս։
 
― Այո՛, երիտասարդ կոմս Բալուկին։
 
― Իսկ հեռո՞ւ է ապրում նա։
 
― Կոմսի ամրոցում, բլրի վրա։
 
― Հա՛, գիտեմ որտեղ։ Հորեղբորս տղան ծառայում է այդ ամրոցի ձեղնահարկում։ Ինչքա՜ն է ինձ իր մոր հրավիրել, բայց այդպես էլ ազատ ժամանակ չունեցա։ Ասում են, այնտեղ շատ գեղեցիկ է։ Ի՞նչ կա որ, կգնամ, միայն ո՞վ պիտի իմ փոխարեն փոստը բաժանի։
 
― Թեև դու մի ոտքով կաղում ես, բայց գնալ֊գալու համար քեզ երկու օր է պետք։ Ես կարծում եմ, որ երկու օր կարելի է առանց նամակի յոլա գնալ։
 
― Ես ոչ մի օր էլ չէի ուզենա բացակայել, բայց եթե հարկավոր է այդ նամակները շտապ տեղ հասցնել․․․
 
― Շա՜տ շտապ, ― ընդհատեց Չիպոլինոն, ― խոսքը վերաբերում է չափազանց կարևոր մի գործի, որից կախված է կալանավորների ազատագրությունը։
 
― Բոլո՞ր կալանավորների։
 
― Այո՛, բոլոր, ― պատասխանեց Չիպոլինոն։
 
― Այդ դեպքում, հենց որ այսօրվա փոստը բաժանեմ, ճանապարհ կընկնեմ։
 
― Սիրելի բարեկամ, չգիտեմ, թե ինչպես շնորհակալ լինեմ քեզանից։
 
― Սա շնորհակալության համար չեմ անում, ― պատասխանեց կաղ փոստատարը, ― եթե բանտը դատարկվի, և վերջապես կկարողանամ բնակվել գյուղում։
 
Նամակները նա դրեց պայուսակի մեջ և կաղալով գնաց դեպի պատուհանը։
 
― Ցտեսությո՜ւն, հաջողությո՛ւն քեզ, ― շշնջաց Չիպոլինոն, հայացքով ուղեկցելով փոստատարին, որն այս անգամ անվտանգության համար մագլցում էր առաստաղով։
 
Այն վայրկյանից, երբ Սարդը կորավ պատուհանի հետևում, Չիպոլինոն սկսեց հաշվել ժամերն ու րոպեները։ Ժամանակը շատ դանդաղ էր անցնում։
 
Երբ մի օր անցավ, Չիպոլինոն մտածեց․ «Հիմա նա ամրոցի մոտերքում կլինի։ Բայց ճանապարհը կգտնի՞։ Ինչ խոսք, որ կգտնի․ ամրոցի մոտերքում շատ սարդեր կան և եթե իմանան, որ փոստատարը կոմսի ձեղնահարկում ապրող նշանավոր սարդի բարեկամն է, մեկն ու մեկը երևի կուղեկցի նրան»։
 
Եվ Չիպոլինոն պատկերացրեց, թե ինչպես է փոքրիկ, պառաված ու սպիտակած սարդիկը կաղալով մագլցում ձեղնահարկ, ինչպես է իր հորեղբոր տղայից իմանում Բալուկի սենյակի տեղը, ապա իջնում նրա մոտ և, կամաց արթնացնելով՝ նամակները տալիս նրան։
 
Չիպոլինոն ուղղակի չգիտեր, թե ինչ անի․ ամեն ժամ, ամեն րոպե սպասում էր փոստատարի վերադարձին։ Սակայն երկրորդ, երրորդ օրն էլ անցավ, բայց Կաղլիկ Սարդն այնպես էլ չէր երևում։ Կալանավորները նամակ չստանալով, շատ անհանգստանում էին։ Գնալիս փոստատարը ոչ ոքի չէր հայտնել իր գաղտնի հանձնարարության մասին, միայն ասել էր, թե երկու օրով արձակուրդ է վերցնում։ Իսկ ինչո՞ւ չէր վերադառնում։ Չլինի՞ որոշել էր այլևս բանտ չվերադառնալ և գնալ գյուղ, որի մասին նա այնքան երազում էր։ Կալանավորները չգիտեին, թե ինչ ենթադրեն։ Սակայն ամենից շատ Չիպոլինոն էր անհանգստացել։
 
Չորրորդ օրը կալանավորներին զբոսանքի հանեցին։ Չիպոլինոն սկսեց աչքերով փնտրել հորը։ Բայց սա բակում չէր, և ոչ ոք չէր կարողանում ասել, թե ինչ է պատահել։ Մի քանի անգամ շրջանցելով բակը, Չիպոլինոն վերադարձավ իր խուցը և հուսահատված նետվեց մահճակալի վրա։ Նա գրեթե իր ամբողջ հույսը կորցրել էր։
 
 
==Գլուխ քսանհինգերորդ==
 
Կաղլիկ Սարդի ու Յոթ ու կեսի արկածները
 
 
Իսկ ի՞նչ եղավ փոստատար սարդը։ Հիմա ձեզ կպատմեմ։
 
Բանտից դուրս գալով, նա գնաց փողոցով, աշխատելով որքան կարելի է մոտ լինել մայթին, որպեսզի սայլերի, սայլակների ու կառքերի տակ չընկնի։ Բայց քիչ էր մնացել ընկներ հեծանվի տակ։ Եթե ժամանակին մի կողմ չփախչեր, տեղն ու տեղը կճզմվեր։
 
«Աստվա՜ծ իմ, ― մտածեց նա, ― իմ ճանապարհորդությունը քիչ մնաց վերջանար առանց սկսվելու»։
 
Բարեբախտաբար իրենից քիչ հեռու նկատեց անձրևաջրի խողովակի բաց անցքը և ներս մտավ։ Նոր էր մտել, երբ մեկը նրան ձայն տվեց։ Իր անունը լսելով, Կաղլիկը շուռ եկավ և տեսավ իր հեռավոր ազգականներից մեկին։ Այդ ազգականը մի ժամանակ ապրում էր կոմսի խոհանոցում։ Սրա անունը Յոթ ու կես էր, որովհետև յոթ ու կես ոտք ուներ միայն։ Ութերորդ ոտքի կեսը կորցրել էր մի դժբախտ դեպքի հետևանքով, երբ անհաջող ընդհարում էր ունեցել ավելի հետ։
 
Կաղլիկը քաղաքավարի բարևեց իր հին բարեկամին, և Յոթ ու կեսն ուրախ շաղակրատելով ամեն ինչի մասին, իսկ ամենից շատ այն մասին, թե ինչպես կորցրեց իր ուրթերորդ ոտքի կեսը, քայլեց նրա հետ։
 
Յոթ ու կեսը հաճախ կանգ էր առնում, որպեսզի ավելի մանրամասն պատմի չարաբաստիկ ավելի հետ ունեցած իր ճակատագրական հանդիպման մասին, բայց Կաղլիկը կանգ չէր առնում և, Յոթ ու կեսին հետևից գցած, առաջ էր գնում, վախենալով, թե կարող է գայթակղվել և իր ուղեկցի հետ երկար ու սրտառուչ զրույցի բռնվել։
 
― Ո՞ւր ես այդպես շտապում, ― վերջապես հարցրեց Յոթ ու կեսը։
 
― Գնում եմ հորեղբորս տղայի մոտ, ― խուսափելով պատասխանեց Կաղլիկը։
 
Բանտում նա գաղտնապահության էր սովորել, դրա համար էլ լռեց այն մասին, թե Չիպոլինոյից Բալուկին ու Խլուրդին նամակ է տանում։
 
― Հորեղբորդ տղայի՞, ― հարցրեց Յոթ ու կեսը, ― նա, որ ապրում է ամրոցո՞ւմ։ Նա ինձ վաղուց է կանչում իր ձեղնահարկը։ Գիտե՞ս ինչ, ես կգամ քեզ հետ, մանավանդ որ հիմա ոչ մի շտապ գործ չունեմ։
 
― Կաղլիկը նույնիսկ չգիտեր դրա համար ուրախանա՞ր թե տխրեր։ Բայց հետո որոշեց, որ երկուսով ավելի ուրախ կլինի․ բացի այդ, եթե ճանապարհին իր հետ մի բան պատահեր, սա կարող էր իրեն օգնել։
 
― Ի՞նչ կա որ, գնանք, ― սիրալիր ասաց նա, ― միայն թե չէի՞ր կարող մի քիչ արագ քայլել։ Բանն այն է, որ ես շտապ հանձնարարություն ունեմ, և չէի ուզենա ուշանալ։
 
― Դու դեռ բանտում փոստատա՞ր ես, ― հարցրեց Յոթ ու կեսը։
 
― Ոչ, ազատվել եմ, ― պատասխանեց Կաղլիկը։
 
Թեև Յոթ ու կեսը նրա բարեկամն էր և նույնիսկ ազգականը, բայց որոշ բաներ կան, որոնց մասին պետք չէ ասել նույնիսկ ամենամոտիկներին։
 
Հանգիստ զրուցելով, նրանք քայլեցին, մինչև քաղաքը վերջացավ։ Այստեղ որոշեցին անձրևաջրի խողովակից դուրս գալ։ Կաղլիկը թեթևացած շունչ քաշեց, որովհետև խողովակի մեջ օդը շատ ծանր էր, և նրա գլուխը պտտվում էր։
 
Շուտով դաշտ դուրս եկան։ Հրաշալի օր էր, քամին օրորում էր բուրավետ խոտը։ Յոթ ու կեսը այնպես ագահորեն էր բերանը բացել, կարծես ուզում էր ամբողջ օդը կուլ տալ։
 
― Ինչքան լա՜վ է այստեղ, ― բացականչեց նա։ ― Ահա արդեն երեք տարի է, որ իմ անձրևաջրի խողովակից քիթս դուրս չեմ հանել։ Իսկ հիմա արդեն ինձ թվում է, թե ես ոչ մի գնով այնտեղ չեմ վերադառնա։ Չտեղափոխվե՞մ այս խաղաղ ու անմարդաբնակ գյուղական վայրը։
 
― Կարծեմ այստեղ շատ խիտ է բնակչությունը, ― առարկեց Կաղլիկը, ցույց տալով մրջյունների երկար շարքը, որոնք մի թրթուր էին քարշ տալիս մրջնաբուն։
 
― Քաղաքացի սինյորներին երևի դուր չեն գալիս մեր գյուղական վայրերը, ― չարությամբ ասաց իր բնի շեմին նստած ծղրիդը։
 
Յոթ ու կեսը որոշեց ինչ գնով էլ լինի կանգել և բացատրել ծղրիդին, թե ինքը ի՛նչ կարծիք ունի գյուղական հասարակության մասին։ Ծղրիդը պատասխանեց։ Յոթ ու կեսն առարկեց։ Ծղրիդն ինչ֊որ բան ծղրտաց։ Յոթ ու կեսը չհամաձայնեց նրա հետ։
 
Մի խոսքով՝ խոսակցությունը երկարեց, իսկ ժամանակը առաջ էր գնում ու ոչ մի րոպե կանգ չէր առնում։
 
Վիճաբանողների շուրջը մեծ բազմություն հավաքվեց՝ ծղրիդներ, բզեզներ, զատիկներ ու նույնիսկ մի քանի մժղուկ, որոնք զրույցին մասնակցում էին որոշ հեռավորությունից։
 
Ճնճղուկը, որ մինչ այդ ցույց էր տալիս, թե կարգավորում է փողոցային երթևեկությունը, ուշադրություն դարձրեց հավաքվածների վրա և թռավ եկավ, որպեսզի ցրի նրանց։ Այստեղ նա անմիջապես նկատեց Յոթ ու կեսին։ Ծի՜վ֊ծիրիրի՜։ Վատ պատառ չի իմ ծիտիկների համար, ― ծվծվաց նա։
 
Լավ էր, որ մժղուկը ժամանակին տագնապ բարձրացրեց․
 
― Փախե՜ք, փախե՜ք, ոստիկանը։
 
Մի ակնթարթում բոլոր բզեզներն ու զատիկները չքվեցին, կարծես գետնի տակ անցան։ Յոթ ու կեսը և Կաղլիկը թաքնվեցին ծղրիդի բնում, որը դուռն շտապ փակեց ու շեմքին պահակ կանգնեց։
 
Յոթ ու կեսը սարսափից ամբողջովին դողում էր, իսկ Կաղլիկը սկսեց արդեն զղջալ, որ իր հետ վերցրել է մի շատախոսի, որն առաջին պատահածի հետ վեճի բռնվեց և գրավեց ոստիկանության ուշադրությունը։
 
«Ահա և ինձ նկատի ունեցան, ― մտածում էր ծեր փոստատարը։ ― Ճնճղուկը անպայման իր մատյանում գրեց իմ մասին։ Իսկ ով ընկնի այդ մատյանը, ոչ մի լավ բան թող չսպասի»։
 
Նա դարձավ Յոթ ու կեսին և ասաց․
 
― Լսի՛ր, քավոր, ինչպես տեսնում եմ, մեր ճանապարհորդությունը քանի գնում վտանգավոր է դառնում։ Գուցե կբաժանվե՞նք իրարից։
 
― Ճիշտն ասած, դու ինձ զարմացնում ես, ― բացականչեց Յոթ ու կեսը, ― սկզբում ինքդ համոզեցիր, որ հետդ գամ, իսկ հիմա լքո՞ւմ ես դժբախտության մեջ։ Խոսք չկա, լա՛վ ընկեր ես։
 
― Բայց դու ինձ առաջարկեցիր միասին գնալ։ Ասենք, ոչինչ, այդ չէ կարևորը։ Ես ամրոց եմ գնում կարևոր հանձնարարությամբ և այստեղ նստելու ժամանակ չունեմ, թեև հյուրասիրության համար շատ շնորհակալ եմ ծղրիդից։
 
― Լա՛վ, ես քեզ հետ կգամ, ― համաձայնեց Յոթ ու կեսը, ― հորեղբորդ տղային խոստացել եմ այցելել իրեն և խոսքիս տերը կլինեմ։
 
― Դե ուրեմն գնանք, ― ասաց Կաղլիկը։
 
― Սինյորներ, մի րոպե սպասեցեք, ես նայեմ դուրս, տեսնեմ ոստիկանը որտեղ է, ― առաջարկեց զգույշ ծղրիդը։
 
Պարզվեց, որ ճնճղուկը դեռ իր պոստումն է։ Նա ցածր թռչելով, ուշադիր նայում էր խոտերին։
 
Յոթ ու կեսը մտահոգ հառաչեց և ասաց, որ նման պայմաններում ոչ մի քայլ չի անի։
 
― Որ այդպես է, ես մենակ կգնամ, ― վճռականորեն ասաց Կաղ Սարդը։
 
― Ի՞նչ ես ասում, ես ոչ մի կերպ քեզ թույլ չեմ տա, որ կյանքդ վտանգի ենթարկես, ― զայրացավ Յոթ ու կեսը, ― ես ճանաչում էի հանգուցյալ հորդ և ի սեր նրա հիշատակի պարտավոր եմ թույլ չտալ, որ դու գնաս դեպի անխուսափելի կործանում։
 
Մնում էր նստել ու սպասել։ Եվ քանի որ Ճնճղուկը չէր հոգնում և միտք չուներ գնալ հանգստանալու, ամբողջ օրը անցավ սպասողական ծանր դրության մեջ։ Մայրամուտին ոստիկանը վերջապես գնաց իր զորանոցը՝ գերեզմանոցի մոտակա սոսիները, և մեր ճանապարհորդները սիրտ արեցին նորից ճանապարհ ընկնել։
 
Կաղլիկը շատ էր վշտացած, որ մի ամբողջ օր կորցրեց։
 
Գիշերը նրանք կարող էին ցերեկվա տեղը հանել և բավականաչափ հեռու գնալ, բայց Յոթ ու կեսը հանկարծ հայտարարեց, թե շատ հոգնել է և ուզում է հանգստանալ։
 
― Դա հնարավոր չէ, ― բողոքեց Կաղլիկը, ― միանգամայն անհնարին է։ Ես այլևս չեմ կարող կանգ առնել։
 
― Ուրեմն ուզում ես ինձ գիշերը թողնել կես ճանապարհի՞ն։ Այդպե՞ս ես վարվում քո հոր հին ընկերոջ հետ։ Շատ կուզենայի, որ խեղճ ծերուկը հիմա կենդանի լիներ և բարեկամների հետ այնքան անգութ վարվելու համար մի լավ հախիցդ գար։
 
Կաղլիկը ստիպված էր այս անգամ էլ հնազանդվել։ Ճամփորդները ինչ֊որ մի եկեղեցու ջրհորդանի հետևում հանգստանալու համար տեղ գտան։
 
Կարիք չկա ասելու, որ Կաղլիկն ամբողջ գիշերը աչք չկպցրեց և կատաղությամբ նայում էր իր ճամփորդության ընկերոջը, որը փառահեղ կերպով խռմփացնում էր։
 
«Եթե այս վախկոտն ու շատախոսը չլիներ, ես հիմա տեղ հասած կլինեի, գուցե նույնիսկ լինեի վերադարձի ճանապարհին», ― մտածում էր նա։
 
Լույսը բացվելուն պես նա առանց երկար֊բարակ մտածելու Յոթ ու կեսին արթնացրեց։
 
― Գնա՛նք, ― հրամայեց նա։
 
Բայց Կաղլիկը դեռ ստիպված էր սպասել, մինչև Յոթ ու կեսն իրեն կարգի բերեր։ Անպիտան ծերուկը յոթ ու կես ոտները խնամքով մաքրեց, վերջացրեց և միայն դրանից հետո ասաց, որ պատրաստ է ճանապարհը շարունակել։
 
Առավոտն անցավ առանց որևէ արկածի։
 
Կեսօրվա մոտ ճամփորդներն ընկան մի բաց տեղ, ուր բազմաթիվ անհասկանալի հետքեր կային։
 
― Տարօրինակ տեղ է, ― ասաց Յոթ ու կեսը, ― կարելի է կարծել, թե այստեղից մի ամբողջ բանակ է անցել։
 
Հեռվում մի ցածրիկ շինություն էր երևում, որտեղից ինչ֊որ բարձր, տագնապալից ձայներ էին գալիս։
 
― Ես հետաքրքրասեր չեմ, ― նորից քրթմնջաց Յոթ ու կեսը, ― բայց իմ ութերորդ թաթի երկրորդ կեսն էլ կտայի, որպեսզի իմանայի, թե որտեղ ենք, և ովքեր են բնակվում այնտեղ։
 
Բայց Կաղլիկն առանց շուրջը նայելու, արագ֊արագ առաջ էր գնում։ Նա սարսափելի հոգնել էր, որովհետև ամբողջ գիշեր չէր քնել։ Բացի այդ, գլուխն էլ շոգից ցավում էր։ Նրան թվում էր, թե երբեք չի հասնի ամրոցին, և թվում էր ինչքան գնում են, ամրոցն այնքան հեռանում է։ Ո՞վ գիտե, ճանապարհը չի՞ շփոթել։ Չէ՞ որ ամրոցի բարձր աշտարակները արդեն պետք է երևային․․․ Դե, իհա՛րկե, նրանք ճանապարհը կորցրել են։ Չէ՞ որ երկուսն էլ ծերացած են և ակնոցներ չունեն (որովհետև ոչ ոք դեռ ակնոցավոր սարդ չի տեսել)։ Գուցե անցել էին ամրոցի մոտով և չէին նկատել։
 
Կաղլիկն ամբողջովին տարված էր իր տխուր մտքերով, երբ մի փոքրիկ կանաչ որդուկ ճչալով սլացավ նրա մոտով․
 
― Ով կարող է թող ազատվի, հավե՜րը․․․
 
― Կորա՜նք, ― սարսափահար ծվաց Յոթ ու կեսը, որը շատ էր լսել այդ մեծ ու ագահ թռչունների մասին։
 
Իրեն կորցրած, նա արագ փոխելով իր իր յոթ բարակ ու երկար ոտները և կախ գցելով ութերորդ խեղված ոտքը, դիմեց փախուստի։
 
Նրա կաղ ուղեկիցն այնքան ճարպիկ չէր․ նախ այն պատճառով, որ նա շատ էր զբաղված իր մտքերով, երկրորդ՝ երբեք դեռ հավերի չէր հանդիպել և նույնիսկ չէր լսել նրանց մասին։ Բայց երբ այդ սարսափելի թռչուններից մեկը կտուցը բարձրացրեց, որ խփի, նա այնքան սիրտ ունեցավ, որ նամակների պայուսակն նետեց ընկերոջն ու ճչաց․
 
― Տա՛ր․․․
 
Բայց նա այլևս ժամանակ չուներ ասելու, թե ումն են ուղղված այդ նամակները։ Մի ակնթարթում հավը կուլ տվեց նրան։
 
Խե՜ղճ փոստատար։ Նա այլևս նամակներ չի տանի խցից խուց և կալանավորների հետ չի շաղակրատի։ Ո՛չ ոք այլևս չի տեսնի թե ինչպես է նա կաղալով բարձրանում բանտի խոնավ ու մռայլ պատերն ի վեր։
 
Ընկերոջ կործանումը Յոթ ու կեսին փրկեց։ Նա կարողացավ անցնել հավանոցը հարթակից բաժանող ցանցի հետևը և դեռ հավը չէր դարձել նրա կողմը, երբ նա արդեն անվտանգ տեղումն էր։ Դրանից հետո նա երկար ժամանակ գիտակցությունը կորցրեց։
 
Երբ Յոթ ու կեսն ուշքի եկավ, ոչ մի կերպ գլխի չէր ընկնում, թե որտեղ է գտնվում։ Արևն արդեն մայր էր մտնում․ ուրեմն՝ նա մի քանի ժամ ուշաթափված է եղել։
 
Իրենից մի երկու քայլ հեռու նա տեսավ սարսափելի հավին, որն ամբողջ ժամանակ աչքը նրանից չէր կտրում և աշխատում էր երկաթալարի ցանցի միջով կտցել նրան։
 
Այդ սարսափելի կտուցը սարդին հիշեցրեց Կաղլիկի տխուր վախճանը։ Յոթ ու կեսը ծանր հառաչեց իր մեռած ընկերոջ համար և փորձեց տեղից շարժվել։ Եվ միայն այստեղ նկատեց, որ իր խեղված ութերորդ ոտքի վրա ինչ֊որ ծանրություն է ընկած։ Դա այն փոստային պայուսակն է, որ Կաղլիկը մեռնելուց առաջ նետեց իր կողմը։
 
«Իմ քաջ ընկերը կտակեց՝ նամակները տանել ինչ֊որ մեկին տալ, ― մտածեց Յոթ ու կեսը, ― բայց ո՞ւմ, ո՞ւմ․․․ Լավ չի՞ լինի այս պայուսակը նետել առաջին պատահած առուն և վերադառնալ անձրևաջրի խողովակը։ Այնտեղ ոչ ճնճղուկ կա, ոչ էլ հավ։ Ճիշտ է, խողովակի մեջ օդը շատ հեղձուցիչ է, բայց անվտանգությունը լիակատար է։ Բայց թե աչքի անցկացնեմ պայուսակը, միայն հետաքրքրության համար»։
 
Նա սկսեց նամակները կարդալ։ Կարդում ու արցունքները չէր կարողանում զսպել։ Մի քանի անգամ արցունքները սրբեց, որ կարողանա ընթերցանությունը շարունակել։
 
― Եվ ինձ ոչի՜նչ չասաց իր հանձնարարության մասին։ Ես էլ ոչինչ չիմանալով, անընդհատ իմ շատախոսությամբ նրան ետ էի գցում, այն ժամանակ, երբ նա պետք է շտապեր։ Ո՛չ, ո՛չ, հիմա ինձ ամեն ինչ պարզ է, Կաղլիկն իմ մեղքով զոհվեց, և ես պարտավոր եմ կատարել նրա վերջին կամքը։ Թեկուզ և մեռնեմ, գոնե հավատարիմ ընկերոջս հիշատակը հարգելու համար մի բան արած կլինեմ։
 
Յոթ ու կեսը ճանապարհ ընկավ նույնիսկ առանց քնելու և լուսաբացին բարեհաջող հասավ ամրոց։ Նա հեշտությամբ գտավ ձեղնահարկը, և նրան ջերմորեն ընդունեց ազգական սարդը։ Եղածի մասին մի փոքր զրուցելուց հետո, նրանք նամակները տվեցին Բալուկին, որը խռովությանը մասնակցելու համար պատժված լինելով, դեռևս նստած էր ձեղնահարկում։ Հետո ամրոցում ապրող սարդը Յոթ ու կեսին առաջարկեց ամբողջ ամառն անցկացնել իր մոտ, և ծեր շաղակրատը սիրով համաձայնեց։ Նրա համար շատ սարսափելի էր վերադառնալը։
 
==Գլուխ քսանվեցերորդ==
 
Որտեղ պատմվում է թվաբանություն չիմացող մի Լիմոնուկի մասին
 
 
Մի անգամ առավոտյան Չիպոլինոյին ապուր բերող Լիմոնուկը ամանը գետին դնելով, խստությամբ ասաց․
 
― Քո ծերուկը վատ է զգում իրեն։ Նա շատ հիվանդ է։
 
Չիպոլինոն ուզում էր հոր մասին ավելի շատ բան իմանալ, բայց Լիմոնուկը խուսափելով միայն ասաց, որ ծեր Չիպոլոնեն խցից դուրս գալ չի կարող։
 
― Նայի՛ր, մարդու բան չասես, թե ես քեզ հետ խոսել եմ, ― ավելացրեց Լիմոնուկը, ― թե չէ ինձ դուրս կանեն այստեղից, իսկ ես ընտանիք եմ պահում։
 
Չիպոլինոն խոստացավ լռել։ Ասնեք, առանց խոսք տալու էլ նա չէր ուզենա վտանգի ենթարկել այդ հասակն առած, ընտանիքավոր մարդուն, որը Լիմոնի զգեստ էր հագել։ Պարզ էր, նա բանտում ծառայում էր միայն այն պատճառով, որ երեխաներին կերակրելու համար ուրիշ աշխատանք չէր ճարել։
 
Զբոսանքի օր էր։ Կալանավորները դուրս եկան բակ և շրջան կազմած սկսեցին պտտվել։ Լիմոնուկը տակտով թմբկահարում էր․
 
― Մե՛կ, ե՛րկու, մե՛կ, ե՛րկու։
 
«Մե՛կ, ե՛րկու», ― ինքն իրեն կրկնում էր Չիպոլինոն։ ― Իմ փոստատարն անհետ կորավ, կարծես գետնի տակն անցավ։ Արդեն տասն օր է ինչ գնացել է, իսկ վերադարձի ոչ մի հույս չկա։ Նա իմ նամակները ոչ ոքի չի տվել, այլապես Խլուրդն հիմա այստեղ կլիներ։ Մե՛կ, ե՛րկու․․․ Հայրս հիվանդ է, ուրեմն՝ փախչելու մասին չարժե մտածել։ Հիվանդին ինչպե՞ս կարելի է բանտից դուրս տանել, ինչպե՞ս բուժել։ Ո՞վ գիտե, թե ինչքան պիտի թաքնվենք անտառում կամ ճահճում՝ առանց օթևանի, առանց բժշկի ու դեղերի․․․ Ա՜խ, Չիպոլինո, ազատության մասին մտածելդ թո՛ղ և պատրաստվիր երկար տարիներ, գուցե և ամբողջ կյանքդ, բանտում անցկացնելու․․․ եվ մահից հետո էլ մնալու այստեղ», ― մտովի ավելացրեց նա, նայելով բանտի գերեզմանոցին, որ երևում էր բակը շրջապատող պարսպի փոքրիկ պատուհանից։
 
Այդ օրը զբոսանքը սովորականից ավելի տխուր էր անցնում։ Կալանավորներն իրենց զոլավոր բաճկոններով ու վարտիքներով կուչ եկած շրջում էին բակում։ Ոչ ոք չէր փորձում ամեն անգամվա նման գոնե մի քանի խոսք փոխանակել ընկերոջ հետ։
 
Բոլորը ազատություն էին երազում, բայց այդ օրը ազատությունը այնքա՜ն հեռու էր թվում։ Ավելի հեռու, քան արևը, երբ նա անձրևոտ օրերին թաքնվում է ամպերի հետևում։ Եվ կարծես նրանց ջգրու, սկսեց բարակ սառը անձրև մաղել։ Կալանավորները ցրտից ուսերը ցնցելով, շարունակում էին իրենց զբոսանքը, որը բանտի օրենքներով, ինչ եղանակ էլ լիներ, պետք է տեղի ունենար։
 
Հանկարծ Չիպոլինոն լսեց, կամ գուցե նրան թվաց, թե մեկը կանչում է իրեն։
 
― Չիպոլի՜նո, ― ավելի պարզ կրկնվեց ծանոթ ձայնը, ― հետևյալ շրջանը կատարելիս այստեղ մի քիչ կանգ առ։
 
«Խլուրդն է, ― մտածեց Չիպոլինոն, և ուրախությունից ամբողջ արյունը խփեց երեսին, ― նա եկա՛վ, նա այստե՛ղ է»։
 
Բայց ինչպե՞ս վարվի հոր հետ, որը փակված է խցում։
 
Չիպոլինոն այնքան էր ուզում շուտ հասնել այնտեղ, որտեղից լսեց ծանոթ ձայնը, որ տրորեց առջևից գնացող բանտարկյալի կրունկը։ Սա ետ դարձավ և փնթփնթաց․
 
― Նայիր, թե ոտքդ ուր ես դնում։
 
― Մի՛ նեղացիր, շշնջաց Չիպոլինոն, ― հաղորդիր բոլորին, որ քառորդ ժամից բոլորս բանտից դուրս կգանք։
 
― Խելքդ թռցրե՞լ ես, ― զարմացավ բանտարկյալը։
 
― Արա, ինչ քեզ ասում են, հաղորդիր, որ բոլորը պատրաստ լինեն։ Մենք զբոսանքը չվերջացրած՝ կփախչենք։
 
Բանտարկյալը մտածեց, եթե հաղորդի էլ, ոչ մի վատ բան չի լինի։
 
Մարդիկ դեռ մի պտույտ չէին կատարել, երբ զգացվեց, որ նրանց քայլերն ավելի առույգ ու հաստատ դարձան։ Մեջքներն ուղղվեցին։ Նույնիսկ թմբուկ խփող Լիմոնուկն այդ նկատեց և որոշեց այդ առթիվ գովել կալանավորներին։
 
― Ա՛յ, այդպես լավ է, ― գոռաց նա, ― ա՛յդ֊պե՜ս, այդ֊պե՜ս, կուրծքներդ դո՛ւրս, փորներդ նե՛րս։ Ուսներդ ետ․․․ մե՛կ, ե՜րկու, մե՛կ, ե՜րկու․․․
 
Այդ արդեն ոչ թե կալանավորների զբոսանքի էր նման, այլ ռազմական վարժության։
 
Երբ Չիպոլինոն հասավ այն տեղը, որտեղից Խլուրդը նրան կանչում էր, նա քայլերը դանդաղեցրեց և ականջ դրեց․
 
― Ընդհատակյա անցքը պատրաստ է, ― գետնի տակից լսեց նա, ― քեզ միայն պետք է մի քայլ դեպի ձախ թռչել և հողը քո ոտների տակ փուլ կգա։ Մենք վերևում միայն մի բարակ շերտ ենք թողել․․․
 
― Լավ, բայց արի սպասենք մինչև մյուս պտույտը, ― կամաց ասաց Չիպոլինոն։
 
Խլուրդն էլի ինչ֊որ բան ասաց, բայց Չիպոլինոն արդեն անցել էր։
 
Նա նորից տրորեց առջևից գնացող կալանավորի ոտքը և շշնջաց․
 
Հաջորդ պտույտին, երբ ես կխփեմ քո ոտքին, դու մի քայլ գնա դեպի ձախ և թռիր։ Միայն թե ուժեղ կթռչես։
 
Կալանավորն ինչ֊որ բան էր ուզում հարցնել, բայց այդ րոպեին թմբկահարը նայեց նրանց կողմը։
 
Հարկավոր էր մի կերպ նրա ուշադրությունը շեղել։ Ամբողջ շրջանով մեկ շշուկներ պտտվեցին, և բանտարկյալներից մեկը բարձր ճչաց․
 
Ա՜յ․․․
 
― Ի՞նչ պատահեց, ― նրա կողմը շուռ գալով, գոռաց Լիմոնուկը։
 
― Կոշտուկս տրորեցին, ― լացակումաց պատասխանեց կալանավորը։
 
Այն ժամանակ, երբ Լիմոնուկը սպառնագին նայում էր հակառակ կողմը, Չիպոլինոն մոտենում էր այն տեղին, որտեղ գտնվում էր խլուրդների ստորանցքի մուտքը։ Նա ոտքի թաթը կպցրեց առջևից գնացող ընկերոջ ոտքին։ Սա թռավ ձախ ու տեղն ու տեղը անհայտացավ։ Գետնին մնաց մի բավականաչափ լայն անցք, այնպես որ մարդ հանգիստ կարող էր ընկնել այնտեղ։ Չիպոլինոն շրջանով մեկ կարգադրություն հաղորդեց։ Յուրաքանչյուր պտույտին կթռչի նա, որին ես ոտքով կխփեմ։
 
Այդպես էլ գնաց։ Յուրաքանչյուր պտույտը կատարելիս, մեկն ու մեկը թռչում էր դեպի ձախ և անհետ կորչում։ Որպեսզի Լիմոնուկն այդ չնկատի, կալանավորներից որևէ մեկը հակառակ կողմից ճչում էր․
 
― Ա՜յ, ա՜յ․․․
 
― Ի՞նչ պատահեց, ― խստորեն հարցնում էր Լիմոնուկը։
 
― Կոշտուկս տրորեցին, ― լսվում էր միշտ միևնույն պատասխանը։
 
― Այսօր ձեր արածը միայն այդ է, անընդհատ իրար ոտք եք տրորում։ Ուշադիր եղեք։
 
Հինգ֊վեց պտույտից հետո, Լիմոնուկն սկսեց մտահոգված նայել իր շուրջը պտտվող կալանավորներին։
 
«Տարօրինակ է, ― մտածում էր նա, ― ես կարող եմ երդվել, որ մարդիկ քչացան»։
 
Բայց հետո մտածեց, որ միայն այդպես թվում է իրեն։ Ո՞ւր կարող էին նրանք գնալ։ Դարբասը փակ է, պատերը բարձր։
 
― Բայց էլի ինձ թվում է, թե քչացան, ― մռթմռթաց նա։
 
Ցանկանալով համոզվել, որ սխալվել է, Լիմոնուկը սկսեց կալանավորներին հաշվել, բայց նրանց թիվը մեկ ավելանում էր, մեկ պակասում։ Վերջապես նա թողեց այդ գործը, որպեսզի վերջնականապես ամեն ինչ չխառնի։ Եվ այստեղ նա նայեց շրջանին ու սարսափահար սկսեց աչքերը տրորել։ Մի՞թե այդ հնարավոր բան է։ Կալանավորները համարյա երկու անգամ պակասել էին։
 
Նա աչքերը հառեց երկինք, որպեսզի տեսնի, թե կալանավորներից որևէ մեկը այնտեղ չի՞ թռել, բայց հենց այդ ժամանակ մեկն էլ թռավ ստորանցքի մեջ և մի ակնթարթում անհետացավ։
 
Հիմա ընդամենը քսանութ հոգի էր մնացել։ Նրանց մեջ էր նաև Չիպոլինոն, որը չէր դադարում հոր մասին մտածելուց։ Ամեն անգամ, երբ նրա աչքի առաջ մի կալանավոր էր անհայտանում փոսի մեջ, նրա սիրտը ճմլվում էր․ «Ա՜խ, եթե սա իմ հայրը լիներ»։
 
Բայց ծեր Չիպոլինոն փակված էր իր խցում, նրան ազատելու մասին մտածելն անգամ ավելորդ էր։
 
Վերջապես Չիպոլինոն որոշեց այնպես անել, որ բոլոր կալանավորները փախչեն, իսկ ինքը հոր հետ մնա բանտում։ Ազատություն պետք չէ իրեն, եթե չպետք է կարողանա ազատությունից օգտվել ծեր Չիպոլոնեի հետ միասին։
 
Արդեն ընդամենը տասնհինգ բանտարկյալ էր մնացել․․․ տասը․․․ ինը, ութ, յոթ․․․
 
Ապշած Լիմոնուկը շարունակում էր թմբուկը խփել։
 
«Այս ի՞նչ սատանայական խաղ է, ― վախեցած մտածում էր նա, ― ամեն պտույտին մի հոգի կորչում է։ Ի՞նչ պիտի անեմ։ Մինչև զբոսանքի վերջը դեռ յոթ րոպե կա։ Կարգը կարգ, իսկ եթե մինչև զբոսանքի վերջը բոլորն անհետանա՞ն․․․ քանի՞սն են մնացել․․․ մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, չո՛րս, հի՛նգ, վե՛ց․․․ ի՞նչ եմ ասում, միայն հինգն են մնացել»։
 
Չիպոլինոն շատ հուզված էր։ Նա փորձեց Խլուրդին կանչել, բայց պատասխան չլսեց։ Իսկ նա այնպես էր ուզում իր բարի ընկերոջը բացատրել, թե ինչու չի կարող փախչել․․․
 
Հենց այդ րոպեին Լիմոնուկը որոշեց վերջ տալ այդ կախարդանքին, որի պատճառով այդքան խորհրդավոր կերպով անհայտանում էին կալանավորները։
 
Նա ճչցաց․
 
― Կանգնի՜ր, ո՛չ մի քայլ․․․
 
Չիպոլինոն և էլի չորս կալանավորներ կանգնեցին և նայեցին իրար։
 
― Շուտ փախեք, քանի դեռ Լիմոնուկը տագնապ չի բարձրացրել, ― բացականչեց Չիպոլինոն։
 
Կալանավորներն է՛լ չսպասեցին, որ իրենց նորից ասեն, և մեկը մյուսի հետևից թռան փոսի մեջ։
 
Չիպոլինոն տխուր նայեց նրանց հետևից, բայց հանկարծ զգաց, որ իր ոտքերից բռնում են։ Ընկերները գլխի ընկան, որ նա ուզում է մնալ, և առանց երկար֊բարակ մտածելու, քարշ տվեցին ստորանցքի մեջ։
 
― Հիմար մի՛ եղիր, ― ասում էին նրանք, ― եթե ազատ լինես, ավելի շուտ կօգնես հորդ։ Փախչե՛նք, փախչե՛նք, քանի ուշ չէ։
 
― Սպասե՜ք, ես էլ եմ գալիս, ― անսպասելի կերպով ձայն տվեց Լիմոնուկը, որը վերջապես հասկացավ ամեն ինչ։
 
― Ես էլ ձեզ հետ կգամ։ Ինձ մի՛ թողեք, թե չէ իշխանը ձեր պատճառով ինձ կկախի։
 
― Լավ, նրան էլ մեզ հետ վերցնենք, ― համաձայնեց Չիպոլինոն։ ― Չէ՞ որ մենք այս Լիմոնուկին էլ ենք պարտական, որ մեզ այսքան հեշտ հաջողվեց փախչել։
 
― Շտապեցեք, ― լսվեց մի խուլ ձայն նրա հետևում, ― այստեղ անտանելի լույս է, և ես բոլորովին չեմ ուզում կուրանալ կամ արեվահար լինել։
 
― Իմ բարի ծերուկ, Խլուրդ, ― ասաց Չիպոլինոն, ― մի ինքդ մտածիր, մի՞թե ես կարող եմ փախչել։ Հայրս հիվանդ է, իր խցում փակված։
 
Խլուրդը ծոծրակը քորեց։
 
Ես գիտեմ նրա խուցը․ ― ասաց նա, ― ես լավ ուսումնասիրել եմ բանտի հատակագիծը, որ դու ուղարկել էիր ինձ։ Բայց մենք մի՞թե ժամանակ ունենք․ դու պիտի այդ մասին ինձ նախազգուշացնեիր։
 
Նա ազդանշան տվեց, և անմիջապես մոտ հարյուր խլուրդ հավաքվեց։
 
― Տղե՛րք, մենք պիտի մի անցք էլ փորենք, ա՛յ, մինչև բանտի այն անկյունը, ― ասաց ծեր Խլուրդը, ― հը՜, փորե՞նք թե չէ։
 
― Ի՞նչ հարց է դա, քառորդ ժամից պատրաստ կլինի։
 
Հազիվ էին նրանք ծերունուն ստորանցքով դուրս տարել, երբ Լիմոնուկները ներս մտան։ Նրանք ոտքի տակ էին տալիս ամբողջ բանտը, փնտրում կալանավորներին ու չէին հասկանում, թե ինչպես կարող էին նրանք անհայտանալ։
 
Երբ վերջապես բանտապահները գլխի ընկան, թե ինչ է տեղի ունեցել, այնպես վախեցան իշխանի կողմից պատժվելուց, որ իրենց հերթին զենքերը թափելով նետվեցին խլուրդների փորած ստորանցքի մեջ։
 
Դաշտ դուրս գալով, նրանք թաքնվեցին գյուղացիների տներում, դեն գցեցին լիմոնական համազգեստը և բանվորական շորեր հագան։
 
Ասում են, թե նրանք իրենց գլխարկների վրայի զանգակներն էլ դեն գցեցին։ Եկեք հավաքենք այդ զանգակներն ու փոքրիկներին տանք։ Թող ինչքան կուզեն զնգզնգացնեն։
 
Իսկ Չիպոլինո՞ն։ Հետո ի՞նչ եղավ նա։
 
Ծեր Խլուրդը և Չիպոլինոն, կարծելով, թե բանտից փախած Լիմոնուկները իրենց հետևից են ընկել, ուրիշ անցք փորեցին։ Ահա թե ինչու Լիմոնուկներն այնպես էլ չհասան նրանց։
 
Հապա որտե՞ղ են նրանք հիմա։
 
Սպասեցեք՝ կիմանաք։
 
 
==Գլուխ քսանյոթերորդ==
 
Մրցություն արգելակներով
 
 
Իշխանը մեծ տոնախմություն կազմակերպեց։
 
― Իմ հպատակներին զվարճալիքներ են պետք, ― վճռեց իշխան Լիմոնը, ― այդ դեպքում նրանք իրենց կարիքների և դժբախտությունների մասին մտածելու ժամանակ չեն ունենա։
 
Նա որոշեց ձիարշավ կազմակերպել, որին պետք է մասնակցեին բոլոր առաջին, երկրորդ և երրորդ կարգի պալատական Լիմոնները։ Հասկանալի է, որպես հեծյալներ և ոչ թե ձիեր։
 
Դրանք առանձնահատուկ մրցումներ էին։ Ձիերը պետք է քաշեին արգելակված անիվներով կառքեր։
 
Մրցությունից առաջ ինքը իշխանը ստուգեց բոլոր արգելակները, որպեսզի տեսնի, գործո՞ւմ են դրանք թե չէ։
 
Արգելակները այնքան լավ էին գործում, որ անիվները բոլորովին չէին պտտվում։ Այդ իսկ պատճառով կառք քաշելը ձիերի համար հարյուրապատիկ դժվարանում էր։
 
Երբ իշխանն ազդանշան տվեց, ձիերը սմբակները խփեցին գետնին, սանձերից փրփուր թափելով, բոլոր մկանները լարեցին, բայց կառքերը նույնիսկ տեղից չշարժվեցին։ Այդ ժամանակ հեծյալ֊Լիմոններն սկսեցին ձիերին հարվածել իրենց երկար խարազաններով։ Դա օգնեց։ Կառքերը մի քանի սանտիմետր առաջ գնացին, և իշխանը սկսեց ուրախ ծափահարել։ Հետո ինքը դուրս եկավ հրապարակ ու սկսեց ձիերին ամբողջ ուժով խփել։ Ըստ երևույթին այդ զբաղմունքը նրան մեծ հաճույք էր պատճառում։
 
Նրան հաճույք պատճառելու համար, Լիմոնները գոչում էին․
 
― Ձերդ մեծություն, բարի եղեք իմ ձիերին էլ խփել։
 
Իշխան Լիմոնը ինչքան ուժ ուներ խարազանը շրխկացնում էր։ Կառքերի վրա կանգնած հեծյալները նույնպես սկսեցին հարվածներ տեղալ։ Խարազանի ամեն մի հարված ձիու մեջքին սպիտակ, երկար շերտ էր բացում, բայց դա իշխանին բոլորովին չէր անհանգստացնում։ Նա շատ հպարտ էր, որ այդքան զվարճալի բան է հնարել։
 
― Ամեն մի ձի, եթե նրան ոչինչ չի խանգարում, կարող է վազել, ― ասում էր նա, ― իսկ ես ուզում եմ տեսնել, կարո՞ղ են արդյոք վազել, եթե նրանց խանգարում են։
 
Խեղճ ձիերը, որ ցավից ու լարումից կատաղել էին, քիչ էր մնում ցած ընկնեին։
 
Հանդիսականները զայրանում էին, բայց ստիպված էին նայել այդ վայրենի մրցությանը, ավելի ճիշտ՝ տանջանքին, որովհետև եթե իշխանը որոշել էր, որ նրանք պետք է զվարճանային, ապա նրանց բռնությամբ էին զվարճացնում։
 
Բայց հանկարծ իշխանը՝ հարվածելու համար բարձրացրած խարազանը ձեռքին՝ քարացավ և աչքերն այնպես չռեց, որ քիչ էր մնացել տեղից դուրս թռչեին։ Նրա ոտքերն սկսեցին դողալ, դեմքն ավելի դեղնեց, և դեղին գլխարկի տակ մազերը բիզ֊բիզ կանգնեցին, այնպես որ ոսկե զանգակիկն սկսեց հուսահատ զնգզնգալ։
 
Իշխանը տեսավ, թե ինչպես ուղիղ իր ոտների մոտ հողը սկսեց քանդվել։ Այո՛, այո՛, հողը քանդվեց։
 
Ակզբում մի ճեղք երևաց, հետո էլի ճեղքեր երևացին, ապա մի փոքրիկ բլրակ բարձրացավ՝ նրանցից, որ խլուրդներն են դաշտում շինում։ Հետո բլրակի գագաթին մի անցք բացվեց։ Այդ անցքը լայնացավ և այնտեղ սկսեց երևալ մի գլուխ, հետո ուսեր և ինչ֊որ կենդանի էակ արմունկների ու ծնկների օգնությամբ հողի երես բարձրացավ։ Դա Չիպոլինոն էր։
 
Անցքի միջից լսվեց Խլուրդի անհանգստացած ձայնը․
 
― Ե՛տ դարձիր, Չիպոլինո, մենք սխալվել ենք, սիրելիս, ե՛տ դարձիր։
 
Բայց Չիպոլինոն արդեն ոչինչ չէր լսում։ Ուղիղ իր դիմաց տեսնելով խարազանը ձեռքին քարացած, աղե արձան դարձած իշխանի գունատ, քրտնակալած դեմքը, Չիպոլինոն կատաղությունից սկսեց դողալ։
 
Բոլորովին չմտածելով, թե ինչ է անում, տղան նետվեց իշխանի վրա և նրա ձեռքից խարազանը խլեց։ Իշխանը դեռ ուշքի չէր եկել, երբ Չիպոլինոն, խարազանը օդում թափահարելով, ինչքան ուժ ուներ խփեց նրա մեջքին։ Իշխանն այնպես էր ապշել, որ փախչելու փորձ չէր անում։
 
― Օ՜, օ՜, օ՜, ― ոռնաց նա։
 
Չիպոլինոն նորից խարազանը քաշեց և այս անգամ ավելի ուժգին հարվածեց։
 
Միայն դրանից հետո իշխանը շուռ եկավ և պո՛ւկ, փախավ։
 
Դա ազդանշան էր։ Չիպոլինոյից հետո բանտից փախած մյուս կալանավորներն էլ գետնի տակից դուրս եկան։
 
Ժողովուրդը նրանց դիմավորեց ուրախության ճիչերով։ Հայրերը տեսան որդիներին, կանայք տեսան ամուսիններին։
 
Մի ակնթարթում ոստիկանության շղթան կտրվեց, և ժողովուրդը լցվելով մրցահրապարակ, ազատագրված գերիներին ձեռքերի վրա առաջ տարավ։
 
Պալատական հեծյալները ուզում էին իրենց կառքերով փախչել, բայց ինչքան էլ մտրակում էին ձիերին, անիվները տեղից չէին շարժվում։ Պալատականներին բռնեցին և ձեռքերն ու ոտները կապեցին։
 
Սակայն իշխանն այնուամենայնիվ կարողացավ բարձրանալ իր կառքը, որը մրցումներին չէր մասնակցում և արգելակներ չուներ։ Նա կարողացավ ժամանակին փախչել։ Բայց վախեցավ իր պալատում թաքնվել և մոլեգին ճիչերով ձիերին քշելով, սլացավ դաշտ։ Հնազանդ ձիերը այնպես քառատրոփ սլացան, որ կառքը վերջ ի վերջո շուռ եկավ, և իշխանը գլխիվայր ընկավ մի փխրուն կույտի մեջ, որը դաշտերը պարարտացնելու համար էր նախատեսված։
 
― Ամենահարմար տեղն է նրա համար, ― կասեր Չիպոլինոն, եթե տեսներ, թե ի՛նչ պատահեց իշխանի հետ։
 
 
==Գլուխ քսանութերորդ==
 
Սինյոր Պոմիդորը եղանակի հարկ է նշանակում
 
 
Այն ժամանակ, երբ քաղաքում տեղի էին ունենում այս դեպքերը, կոմսուհի Բալերի Պոմիդորը հավաքել էր գյուղի բոլոր բնակիչներին, որպեսզի նրանց մի շատ կարևոր որոշում հայտնի։
 
Դատարանի նախագահը, իհա՛րկե, էլի նույն ասպետ Պոմիդորն էր, փաստաբանը՝ Սիսեռիկը, իսկ քարտուղարը՝ սինյոր Մաղդանոսը։ Ձախ ձեռքով նա արձանագրում էր կողմերի ճառերը և դատարանի վճիռը, իսկ աջ ձեռքում բռնել էր իր վանդակավոր թաշկինակը, որը նա գործածում էր գրեթե ամեն րոպե։ Ժողովուրդը լրջորեն անհանգստացած էր, որովհետև ամեն մի դատական նիստի միայն տհաճություններ էին հաջորդում։
 
Անցյալ նիստին տրիբունալը որոշել էր, որ գյուղում ոչ միայն հողը, այլև օդը պատկանում է կոմսուհի Բալերին, դրա համար էլ բոլոր նրանք, ովքեր շնչում էին, պետք է օդի վարձակալության համար փող վճարեին։ Ամիսը մեկ անգամ ասպետ Պոմիդորը շրջում էր գյուղի տներն ու գյուղացիներին ստիպում, որ իր ներկայությամբ խոր շնչեին։ Շնչելիս և արտաշնչելիս նա հերթով չափում էր նրանց կրծքի ծավալը, հետո հաշվում էր և որոշում, թե ամեն մի սպառող ինչքան պիտի վճարի։ Քավոր Դդումը, ինչպես հայտնի է, շատ էր հառաչում, դրա համար էլ բոլորից շատ էր վճարում։
 
Իսկ հիմա տեսնես ամրոցի տերերը ի՞նչ են պահանջելու գյուղացիներից։
 
Ասպետ Պոմիդորն առաջինը խոսք վերցրեց և խոր լռության մեջ արտասանեց․
 
― Վերջին ժամանակներս ամրոցի եկամուտները նկատելիորեն պակասել են։ Իսկ դուք գիտեք, որ մեր խեղճ կոմսուհիները, որ այրի են և լրիվ որբեր, ապրում էին միայն իրենց պատկանող հողերի եկամուտով ու, բացի իրենցից, ստիպված են պահել նաև իրենց ազգականներին՝ հերցոգ Մանդարինին և Բարոն Նարնջին, որպեսզի նրանք սովից չմեռնեն․․․
 
Վարպետ Խաղողը թաքուն նայեց բարոնին, որն անկյունում նստած, աչքերը համեստորեն խոնարհած՝ իր քաղցը հագեցնում էր տապակած նապաստակով ու ճնճղուկների խավարտով։
 
― Այս ու այն կողմ նայելու կարիք չկա, ― խստությամբ գոռաց ասպետ Պոմիդորը։ ― Եթե դուք պիտի գլուխներդ շարժեք, ես կհրամայեմ շենքն ազատել։
 
Վարպետ Խաղողն շտապեց հայացքն ուղղել սեփական կոշիկների քթերին։
 
― Մեր ազնիվ կոմսուհիները, մեր մեծապատիվ տիրուհիները, դատարանին մի խնդրանք են ներկայացրել, գրված, ինչպես օրենքն է պահանջում, դրոշմաթղթի վրա, որպեսզի պահանջեն ճանաչել իրենց անկապտելի իրավունքներից մեկը․․․ Փաստաբան, փաստաթուղթը կարդացեք։
 
Սինյոր Սիսեռիկը ոտքի ելավ, հազաց, թոքերը լցրեց օդով և դանդաղ ու ազդեցիկ տոնով սկսեց կարդալ․
 
― «Ներքո ստորագրյալ կոմսուհի Ավագը և կոմսուհի Կրտսերը, որոնք սերում են Բալերի հարգելի տոհմից, հաստատում են, որ լինելով իրենց դաստակերտի օդի տերերը, նրանք պետք է ճանաչվեն նաև տարվա ընթացքում տեղացող մթնոլորտային տեղումների տերերը։ Այս պատճառով էլ նրանք դատարանից պահանջում են հաստատել, որ գյուղի ամեն մի բնակիչ պարտավոր է վճարել հասարակ անձրևի համար՝ հարյուր լիր, ամպրոպախառն ու կայծակնախառն տեղատարափ անձրևի համար՝ երկու հարյուր լիր, երեք հարյուր լիր՝ ձյան և չորս հարյուր լիր կարկուտի համար»։ Ստորագրություններ՝ «կոմսուհի Բալ Ավագ, կոմսուհի Բալ կրտսեր»։
 
Սինյոր Սիսեռիկը նստեց․
 
Նախագահը հարցրեց․
 
― Դուք ասում եք, որ խնդրագիրը գրված է դրոշմաթղթի վրա՞։
 
― Այո, սինյոր նախագահ, ― նորից ոտքի թռչելով պատասխանեց սինյոր Սիսեռիկը, ― դրոշմաթղթի։
 
― Երկու կոմսուհիների ստորագրությունների իսկությունը հաստատվա՞ծ է։
 
― Հաստատված է։
 
― Հրաշալի է, ― հայտարարեց սինյոր Պոմիդորը, ― եթե խնդրագիրը գրված է դրոշմանիշի վրա և ստորագրություններն իսկական են, ապա ամեն ինչ պարզ է։
 
Դատարանը գնում է խորհրդակցելու։
 
Ասպետը ոտքի ելավ, փաթաթվեց սև թիկնոցի մեջ, որն անընդհատ ընկնում էր նրա ուսերից, և գնաց հարևան սենյակը վճիռ կայացնելու։
 
Ջութակահար Տանձը հրեց իր հարևան Սոխ Պրասին և շշուկով հարցրեց․
 
― Քո կարծիքով արդարացի՞ է, որ մենք կարկտի համար էլ պետք է վճարենք։ Դե անձրևի, ձյան համար հասկանում եմ, դրանք ցանքերին օգուտ են բերում։ Բայց կարկուտն առանց այն էլ մեծ դժբախտություն է, իսկ դրա համար ամենից շատ են պահանջում։
 
Սոխ Պրասը չպատասխանեց, նա մտախոհ հարդարում էր իր երկար բեղերը։
 
Վարպետ Խաղողը շփոթված՝ գրպաններն էր քրքրում։ Նա բիզն էր փնտրում, որպեսզի ծոծրակը քորի, բայց հանկարծ հիշեց, որ նախքան դահլիճ մտնելը գյուղի բնակիչները պետք է հրազենը և սառը զենքը հանձնեին։ Հրազեն նրանց մոտ չկար, բայց բիզը սառը զենք համարեցին։
 
Սպասելով դատավճռին, սինյոր Մաղդանոսը աչքը չէր կտրում ներկա եղողներից և մատյանում գրում էր․
 
«Տանձը փսփսում էր։ Սոխ Պրասը բեղերն էր հարդարում։ Սանամեր Դդումը անընդհատ շարժվում էր։ Քավոր Դդումը երկու անգամ խոր հառաչեց»։
 
Այդպես իր ընկերների անուններն է գրում այն դպրոցականը, որին ուսուցչուհին հանձնարարել է մինչև իր գալը հսկել դասարանին։
 
«Կարգապահները» սյունակում սինյոր Մաղդանոսը գրեց․
 
«Հերցոգ Մ․ իրեն հիանալի է պահում։ Բարոն Ն․ շատ լավ։ Նա տեղից չի շարժվում, ձայն չի հանում և երեսունչորսերորդ ճնճղուկն է ուտում»։
 
«Է՜խ, ― բիզ չունենալու պատճառով եղունգներով ծոծրակը քորում ու մտածում էր վարպետ Խաղողը, ― եթե մեր Չիպոլինոն այստեղ լիներ, այս ամբողջ այլանդակությունը չէր լինի։ Այն օրվանից, ինչ Չիպոլինոն բանտում է, մեզ հետ վարվում են ինչպես ստրուկների։ Մենք չենք կարող շարժվել առանց սինյոր Մաղդանոսի մատյանն ընկնելու»։
 
Բանն այն է, որ բոլորը, ովքեր ընկնում էին սինյոր Մաղդանոսի «մեղանչածները» սյունակը, պիտի տուգանք վճարեին։ Վարպետ Խաղողը գրեթե ամեն օր տուգանք էր վճարում, իսկ երբեմն էլ օրական երկու տուգանք։
 
Վերջապես դատարանը, այսինքն՝ ասպետ Պոմիդորը, վերադարձավ նիստերի դահլիճ։
 
― Ոտքի՛, ― հրամայեց սինյոր Մաղդանոսը, բայց ինքը մնաց նստած։
 
― Ուշադրություն, հիմա կհայտնեմ դատավճիռը, ― ասաց ասպետը, ― լսելով կոմսուհի Բալերի խնդրանքը, դատարանը որոշեց հաստատել, որ վերոհիշյալ կոմսուհիները անձրևի, ձյան և կարկուտի, ինչպես նաև երկնքի կողմից ուղարկված ամեն տեսակ լավ ու վատ եղանակների համար հարկ հավաքելու իրավունք ունեն։ Այդ պատճառով էլ դատարանը հաստատում է հետևյալը․ Բալերին պատկանող գյուղի ամեն մի բնակիչ պարտավոր է եղանակի համար վճարել կոմսուհիների պահանջած գումարից երկու անգամ ավելի․․․։
 
Դահլիճում տրտունջներ լսցեցին։
 
― Լռե՛լ, ― ճչաց ասպետ Պոմիդորը, ― եթե չէ անմիջապես կհրամայեմ շենքը ազատել։ Ես դեռ չեմ ավարտել․ «Դատարանը վճռեց, որ վերոհիշյալ քաղաքացիները պարտավոր են նաև հարկ վճարել ցողի, եղյամի, մառախուղի և խոնավության մյուս տեսակների համար։ Վճիռը ուժի մեջ է մտնում այսօրվանից»։
 
Բոլորը վախեցած նայեցին պատուհաններին, հույս ունենալով, թե պարզ երկինք կտեսնեն։ Սակայն պարզվեց, որ երկինքը սև, ամպրոպային ամպերով է պատած։ Պատուհանների ապակիներին մի քանի կարկուտ կպավ։
 
«Աստված իմ», ― ծոծրակը քորելով մտածեց վարպետ Խաղողը, ― արի և ութ հարյուր լիր վճարիր։ Անիծվա՛ծ ամպեր»։
 
Սինյոր Պոմիդորն էլ պատուհանից դուրս նայեց, և նրա կարմիր ու լայն դեմքը ուրախությունից փայլատակեց։
 
― Ձերդ ողորմածություն, ― ասաց սինյոր Սիսեռիկը, ― շնորհավորում եմ ձեզ։ Ձեր բախտը բերեց, բարոմետրը իջնում է, ուժեղ անձրև է լինելու։
 
Բոլորը ատելությամբ նայեցին փաստաբանին։ Սինյոր Մաղդանոսը արագ նայեց ներկաներին և մատյանում գրանցեց նրանց, ում աչքերում կարելի էր հանդիմանություն կարդալ։
 
Երբ իրոք կայծակով, ամպրոպով և կարկուտով անձրևն սկսվեց, սինյոր Սիսեռիկը սինյոր Մաղդանոսին ուրախացած աչքով արեց, իսկ վարպետ Խաղողը կատաղությունից հազիվ էր շնչում և ստիպված էր ավելի սևեռուն նայել իր կոշիկներին, որպեսզի տուգանքի չենթարկվի։
 
Գյուղի բնակիչները նայում էին տեղատարափին, ինչպես մի կատարյալ դժբախտության։ Նրանց թվում էր, թե որոտն ավելի սարսափելի է, քան թնդանոթաձգությունը, իսկ կայծակները կարծես խփում էին ուղիղ նրանց սրտին։
 
Սինյոր Մաղդանոսը քիմիական մատիտը թքոտելով, սկսեց արագ հաշվել, թե այդ աստվածային ողորմությունից ամրոցի տերերն ինչքա՛ն կշահեն։ Բավական ազդեցիկ թիվ ստացվեց, իսկ տուգանքների հետ հաշված՝ ավելի ազդեցիկ։
 
Սանամեր Դդումը լաց եղավ։ Սոխ Պրասի կինը ընկնելով ամուսնու ուսին և նրա բեղերով արցունքները սրբելով, հետևեց սանամեր Դդումի օրինակին։
 
Ասպետ Պոմիդորը սարսափելի կատաղեց և ոտները հատակին խփելով, բոլորին դահլիճից դուրս արեց։
 
Գյուղացիները դուրս եկան կարկտախառն անձրևի տակ և դանդաղ գնացին գյուղ։ Չէին էլ շտապում։ Կարկուտը զարնվում էր դեմքերին, անձրևի շիթերը հոսում էին շորերի տակ, բայց նրանք կարծես դա չէին էլ զգում։ Երբ մարդ մեծ վիշտ է ունենում, մանր բաներն արդեն չի տեսնում։
 
Գյուղ հասնելու համար հարկավոր էր կտրել անցնել երկաթուղին։ Գյուղացիները ուղեփակոցի մոտ կանգ առան, քանի որ մի րոպեից հետո գնացք պիտի անցներ։ Ուղեփակոցի մոտ գնացքին նայելը միշտ էլ հետաքրքիր է։ Տեսնում ես, թե ինչպես է փնչալով ու ծուխ արձակելով անցնում շոգեքարշը, որի պատուհանից նայում են ուղևորները՝ թիկնոցավոր գյուղացիներ, կանայք, երեխաներ, որոնք տոնավաճառից են վերադառնում․․․
 
Ահա և սև շալով մի գյուղացի կին, իսկ վերջին վագոնում․․․
 
― Օ՜, երկինք, ― բացականչեց սանամեր Դդումը, ― հլա նայեք վերջին վագոնին։
 
― Կարծես թե, ― երկչոտ ասաց քավոր Դդումը, ― կարծես թե արջեր են այնտեղ․․․
 
Եվ իրոք, վագոնի պատուհանի մոտ երեք արջ էին կանգնած և հետաքրքրությամբ նայում էին դուրս։
 
― Չտեսնված բան, ― ծոր տվեց Սոխ Պրասը։ Զարմանքից նրա բեղերը ցցվել էին։
 
Հանկարծ երեք արջերից մեկը գլխով ու թաթով արեց, կարծես ողջունում էր ուղեփակոցի մոտ կանգնած անձրևի տակ թրջվող մարդկանց։
 
― Ի՞նչ է ատմաները ցցում, ― փնթփնթաց վարպետ Խաղողը, ― մի սրան տես, արջ է, բայց էլի ձեռ է առնում մեզ։
 
Բայց արջը շարունակում էր գլխով անել, և երբ գնացքն անցավ, նա գլուխը դուրս հանեց և թաթն այնպես թափահարեց, որ քիչ էր մնում ցած ընկնի։ Լավ էր, որ մյուս արջերը ժամանակին բռնեցին ու ետ քաշեցին նրան։
 
Մեր բարեկամները կայարան հասան հենց այն ժամանակ, երբ գնացքը կանգ առավ։ Արջերն առանց շտապելու վագոնից դուրս եկան, և երեքից ամենամեծը տոմսերը ցույց տվեց հսկիչին։
 
― Սրանք երևի կրկեսի ակրոբատ արջեր են, ― ասաց վարպետ Խաղողը, ― երևի ներկայացում պիտի տան։ Հիմա փայտե սուլիչը ձեռքին՝ կերևա նրանց սանձահարող ծերուկը։
 
Սանձահարողն իսկապես հայտնվեց, բայց ոչ թե ծերուկ, այլ կանաչ գլխարկով, ծունկը կարկատած կապույտ շալվարով մի տղա։ Նրա դեմքը աշխույժ էր, ուրախ և կարծես գյուղի բնակիչներին բոլորին էլ շատ ծանոթ։
 
― Չիպոլի՜նո, ― նրա կողմը նետվելով, բացականչեց Խաղողը։
 
Այո՛, դա իրոք Չիպոլինոն էր։ Գյուղ վերադառնալուց առաջ նա կենդանաբանական այգի գնաց և արջերին ազատեց։ Այս անգամ պահակն այնքան խորն էր քնել, որ կարելի էր ոչ միայն արջերին, այլև Փղին տանել, եթե նա համաձայներ կենդաբանական այգուց փախչել։
 
Բակց ծեր Փիղը չէր հավատում, թե հասել է ազատության ժամը, և մնաց փղանոցում՝ իր հուշերը գրելու․․․
 
Ինչքա՜ն գրկախառնություն, համբույրներ, հարցուփորձ ու պատմություններ եղան։ Եվ այս բոլորը տեղատարափ անձրևի տակ։ Չէ՞ որ երբ ուրախանում ես, մանր բաները չես նկատում, նույնիսկ մրսելուց չես վախենում։
 
Ջութակահար Տանձը անընդհատ սեղմում էր ջահել արջի թաթը։
 
― Հիշո՞ւմ եք, ինչպես էիք պարում իմ նվագի տակ, ― ուրախ աչքով անելով հարցնում էր նա։
 
Արջը շատ լավ էր հիշում և անմիջապես, չսպասելով երաժշտության, նորից սկսեց պարել․ երեխաները ուրախացած ծափ տվին։
 
Պարզ է, Չիպոլինոյի վերադարձի մասին անմիջապես հայտնեցին Բալուկին։ Պատկերացրեք, թե հանդիպելիս ինչպիսի ջերմությամբ նրանք գրկախառնվեցին։
 
― Դե՛, իսկ հիմա գործից խոսենք, ― ասաց Չիպոլինոն, ― ես պետք է ձեզ հայտնեմ, թե ի՛նչ եմ մտադիր անել։
 
Քանի դեռ Չիպոլինոն բարեկամներին պատմում է, թե ինչ է մտադիր անել, գնանք տեսնենք, ի՛նչ է անում իշխան Լիմոնը։
 
 
==Գլուխ քսանիններորդ==
 
Ամպրոպ, որ ոչ մի կերպ չի վերջանում
 
 
Մենք իշխանին գոմաղբի կույտի մեջ այսքան երկար պահեցինք, որովհետև այդ ապաստարանում նա իրեն ավելի անվտանգ էր զգում, քան իր մայրաքաղաքում։
 
«Այստեղ խաղաղ է, տաք և հանգիստ, ― թքոտելով մտածում էր նա, ― ես այստեղ այնքան կմնամ, մինչև իմ զորքերը քաղաքում կարգ ու կանոն ստեղծեն»։
 
Ախր այդ գոռոզ, դաժան, բայց վախկոտ իշխանը մարտադաշտից ճողոպրեց առանց ետ նայելու և չգիտեր, որ իր զորքերը անցել են ժողովրդի կողմը, որ պալատականները բանտ են ընկել, և որ երկրում ազատ ռեսպուբլիկա է ստեղծվել։
 
Բայց երբ ուժեղ անձրև սկսվեց, և նրա սառը շիթերը ներծծվեցին գոմաղբի մեջ, իշխանը միտքը փոխեց։
 
«Այստեղ խոնավ է, ― վճռեց նա, ― հարկավոր է չոր տեղ փնտրել»։
 
Նա շուռ ու մուռ եկավ, թափ տվեց ոտքերը և վերջապես կարողացավ գոմաղբի միջից դուրս գալ։
 
Այստեղ միայն նա նկատեց, որ կոմսուհի Բալերի ամրոցի մոտերքումն է գտնվում։
 
«Ի՜նչ հիմարն եմ ես, ― ցեխոտված աչքերը տրորելով մտածեց նա, ― պառկել եմ այս անիծված գոմաղբի մեջ և չեմ էլ իմացել, որ այստեղից երկու քայլ է մինչև կոմսի ամրոցը, որտեղ այնքան տաք է ու հարմար»։
 
Իշխանը թափ տվեց շորերը և գնաց դեպի դարբասը, բայց հանկարծ խոսակցության ձայներ լսեց։ Նա թաքնվեց խոտի դեզի հետևը, որի կողքից աղմկելով մի խումբ մարդիկ անցան։ (Դուք գիտեք, թե ովքեր էին նրանք)։ Հետո իշխանը բարձրացավ ամրոցի աստիճաններով և զանգահարեց։ Դուռը բաց արեց Մորին։
 
― Ներեցե՛ք, պարոն, մեր տանտիրուհիները աղքատներին ոչինչ չեն տալիս, ― ասաց աղջիկը և դուռը ծածկեց ուղիղ նրա երեսին։
 
Իշխանը բռունցքներով խփեց դռանը։
 
― Բա՛ց արա, ես ի՞նչ աղքատ եմ։ Ես իշխա՛ն եմ, իշխան Լիմոնը։
 
Մորին նորից դուռը բաց արեց և կարեկցանքով նայեց նրան։
 
― Խե՛ղճ մարդ, հառաչելով ասաց նա, ― դու երևի կարիքից խելքդ թռցրել ես։
 
― Ի՞նչ կարիք, ես հարուստ եմ, շատ հարուստ։
 
― Նայելով քեզ, այդ չի կարելի ասել, ― գլուխն օրորելով ասաց Մորին։
 
― Ավել֊պակաս մի՛ խոսիր, գնա իմ մասին կոմսուհիներին զեկուցիր։
 
― Ի՞նչ է կատարվում այստեղ, ― հարցրեց սինյոր Մաղդանոսը, որն իր վանդակավոր թաշկինակով կատաղաբար մաքրելով քիթը, անցնում էր այդտեղից։
 
― Ի՞նչ պետք է լինի, այս աղքատը հավատացնում է, թե ինքը իշխան է։ Երևի խելագար է։
 
Սինյոր Մաղդանոսը անմիջապես իշխանին ճանաչեց, թեև նրան ճանաչելն այնքան էլ հեշտ բան չէր։
 
― Ես դիտմամբ եմ շորերս փոխել, որ ավելի մոտիկից ճանաչեմ իմ ժողովրդին, ― երևի իր անսովոր տեսքն արդարացնելու համար, ասաց իշխան Լիմոնը։
 
― Խնդրե՛մ, խնդրե՛մ, ձերդ մեծություն, մենք այնքա՜ն երջանիկ ենք, որ տեսնում ենք ձեզ, ― բացականչեց սինյոր Մաղդանոսը և փորձեց իշխանի կեղտոտ ձեռքը համբուրել։
 
Մի ահեղ հայացք նետելով Մորու վրա, իշխանը մտավ ներս։ Կոմսուհիները տարօրինակ հյուրին տեսնելով, սարսափեցին, բայց երբ իմացան նրա ով լինելը, իրար խանգարելով սկսեցին գովել նրան իր հպատակների նկատմամբ ունեցած հոգատարության համար։
 
― Օ՜, ձերդ մեծություն, դուք բոլորովին թրջվել եք։ Աշխարհում ո՛չ մի իշխան այսպիսի եղանակին փողոց դուրս չէր գա։
 
Ես ուզում էի իմանալ, թե ինչպես է իմ ժողովուրդն ապրում, ― պատասխանեց իշխանն առանց կարմրելու․ չէ՞ որ Լիմոնները երբեք չեն կարմրում։
 
― Ձերդ մեծություն, իսկ ի՞նչ տպավորություն ստացաք, ― հարցրեց կոմսուհի Ավագը։
 
― Իմ ժողովուրդը միանգամայն երջանիկ է ու գոհ, ― հայտարարեց իշխանը, ― իմ ժողովրդից երջանիկ ժողովուրդ չկա։ Ա՛յ, քիչ առաջ իմ մոտով մի շատ ուրախ խումբ անցավ․․․ նրանց համար նույնիսկ անձրևը դատարկ բան էր։
 
Իշխանը չէր էլ իմանում, որ իսկական ճշմարտություն է ասում․ այդ օրն իսկապես նրա ֊ժողովուրդն երջանիկ էր, որովհետև իշխանից ազատվել էր։
 
― Ձերդ մեծությունը չի՞ ուզում ձիեր պահանջել, որպեսզի պալատ վերադառնա, ― հարցրեց սինյոր Պոմիդորը։
 
― Ո՛չ, ո՛չ, ոչ մի դեպքում, ― տագնապով պատասխանեց իշխանը, ― ես կսպասեմ մինչև այդ սարսափելի ամպրոպը վերջանա։
 
― Ես թույլ եմ տալիս ինձ խոր հարգանքով նշել, ― մի փոքր մտահոգված ասաց սինյոր Պոմիդորը, ― որ ամպրոպը վաղուց արդեն անցել է, և դրսում նորից արև է։
 
― Արև՞, ― ցասկոտ հարցրեց իշխանը, ― դուք համարձակվում եք ինձ հակաճառե՞լ։
 
― Ես ուղղակի չեմ հասկանում, թե դուք ինչպե՞ս եք հանդգնում, ― միջամտեց բարոն Նարինջը։ ― Եթե նորին մեծությունը գտնում է որ ամպրոպ է, ուրեմն այդպես էլ կա։ Մի՞թե անձրևի ձայնը չեք լսում։
 
Բոլորն շտապեցին բարոնի հետ համաձայնել։
 
― Ա՜խ, այդ ամպրոպը վերջ չունի, ― ասաց կոմսուհի Ավագը և նայեց պատուհանից դուրս, որտեղ արևից անձրևի կաթիլները շողշողում էին ծաղկաբաժակներում։
 
― Սարսափելի տեղատարափ է, նայե՛ք, ուղղակի խշշում է, ― նայելով, թե ինչպես են ոսկի ձկնիկները ավազանում խաղում ամպի տակից դուրս եկած արևի շողի հետ, հաստատեց կոմսուհի Կրտսերը։
 
― Լսո՞ւմ եք, թե ինչպես է որոտը ճայթում, ― կեղծ սարսափով ծածկելով ականջները և աչքերը փակելով, մեջ մտավ հերցոգ Մանդարինը։
 
― Մորի՛, Մորի՛, որտե՞ղ ես, ― նվաղած ձայնով կանչեց կոմսուհի Ավագը, անմիջապես բոլոր տախտակափեղկերը ծածկիր, բոլո՛րը։
 
Մորին տախտակափեղկերը ծածկեց, և սենյակը նկուղի նման մթնեց։
 
Շուտով մոմերը վառվեցին, և պատերի վրա սկսեցին թրթռալ հսկայական ստվերները։
 
Սինյորա կոմսուհի Ավագը հառաչեց․
 
― Ախ, ի՛նչ սարսափելի գիշերային ամպրոպ է։
 
Իշխան Լիմոնը իսկապես սարսափեց։
 
Սարսափելի գիշեր է, ― ատամները կափկափելով ասաց նա։
 
Մնացած բոլորը քաղաքավարության համար սկսեցին դողալ, կարծես տենդի մեջ լինեին։
 
Սինյոր Պոմիդորը գաղտնի մոտեցավ պատուհանին և, տախտակափեղկերը փոքր֊ինչ բացելով, համարձակվեց զեկուցել․
 
― Ներողություն եմ խնդրում ձերդ մեծությունից, բայց ինձ թվում է, թե ամպրոպը վերջանում է։
 
Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ― նկատելով արևի թեք ճառագայթը, որ փորձում էր թափանցել սենյակ, ճչաց իշխանը։
 
Ասպետ Պոմիդորը տախտակափեղկերն շտապով փակեց և հաստատեց, որ իրոք առաջվա նման տեղատարափ անձրև է գալիս։
 
― Ձերդ մեծություն, ― երկչոտ առաջարկեց բարոն Նարինջը, որն ուզում էր որքան կարելի է շուտ սեղան նստել, ― չէի՞ք ուզենա ճաշել․․․ այսինքն, ներողություն, ընթրել։
 
Բայց նորին մեծությունը ոչ ճաշել էր ուզում և ոչ էլ ընթրել։
 
Բարոնը չէր կարողանում հասկանալ, թե եղանակը ի՞նչ գործ ունի ախորժակի հետ, բայց քանի որ բոլորը իշխանի հետ համաձայնեցին, ինքն էլ համաձայնեց։
 
― Ձերդ մեծություն, ես հենց այնպես առաջարկեցի։ Ի՞նչ ուտելու ժամանակ է։ Կայծակից ու որոտից կոկորդս այնպես է խեղդվում, որ հավի ճուտն էլ հիմա չեմ կարող կուլ տալ։
 
Բայց իրականում նա այնքան քաղցած էր, որ եթե նորին մեծությունից չվախենար, հաճույքով երկու աթոռ կկրծեր։
 
Վերջապես իշխանն այդ օրվա տանջանքներից ու հուզումներից հոգնած, հենց աթոռի վրա էլ պինդ քնեց։ Մնացածները նրան վերմակով ծածկեցին և գնացին ճաշասենյակ ընթրելու։ Այդ ժամանակ արդեն իսկապես սկսել էր մթնել։
 
Ընթրելիս ասպետ Պոմիդորը շատ քիչ կերավ, իսկ հետո քանի որ քունը տանում էր, կոմսուհիներից թույլտվություն խնդրեց հեռանալու։
 
Բայց սինյոր Պոմիդորը քնելու չգնաց․ նա թաքուն մտավ այգի և այնտեղից գնաց գյուղ։
 
«Ի՞նչ է պատահել, քայլելով մտածում էր նա, ― իշխանը կարծես անհանգստացած է։ Դա շատ կասկածելի է։ Ես իսկի չեմ զարմանա, եթե պարզվի, որ ռևոլյուցիա է տեղի ունեցել»։
 
Այդ բառից նա ամբողջովին փշաքաղվեց։ Նա իրենից այդ միտքը վանեց, բայց նորից ու նորից սկսեց վերադառնալ այդ անհանգստացնող մտքին։ Այդ ահեղ բառը ուղղակի թռչկոտում էր նրա աչքի առաջ, իր ամեն մի տառով վախեցնում Պոմիդորին։ Ռ֊Ե֊Վ֊Ո֊Լ֊Յ֊Ու֊Ց֊Ի֊Ա։ Ռ֊Ռուր, Ե֊Եվրոպա, Վ֊Վենետիկ․․․ և այլն․․․ Ռևոլյուցիա․․․
 
Հանկարծ նրան թվաց, թե ինչ֊որ մեկը գալիս է իր հետևից։ Նա թաքնվեց ցանկապատի հետևը և սկսեց սպասել։ Մի րոպեից հետո, հեռվում երևաց սինյոր Սիսեռիկը, որ այնքան զգույշ էր քայլում, կարծես ոտքերը դնում էր հում ձվերի վրա։
 
Ասպետ Պոմիդորի վարմունքը դեռևս ճաշասենյակում փաստաբանին տարօրինակ թվաց։ Տեսնելով, որ Պոմիդորը սենյակից դուրս է գալիս, Սիսեռիկը շտապ հետևեց նրան։
 
«Այստեղ ինչ֊որ բան կա, ― մտածում էր նա, ― հարկավոր է ասպետին աչքից չկորցնել»։
 
Սինյոր Պոմիդորն ուզում էր արդեն թաքստոցից դուրս գալ, երբ հեռվում մի ուրիշ ստվեր երևաց։
 
Ասպետը նորից թաքնվեց ցանկապատի հետևը, որ սա էլ անցնի։
 
Սինյոր Սիսեռիկի հետևից գնացող մարդը սինյոր Մաղդանոսն էր։ Նա նկատել էր, թե ինչպես փաստաբանը ճաշասենյակից ծլկեց, և որոշեց գնալ նրա հետևից։ Բալուկի դաստիարակը իր անսահման մեծ ու զգոն քթով հոտոտեց, որ ինչ֊որ լուրջ բան է կատարվում, և չուզեց անտեղյակ մնալ։
 
Բայց սինյոր Մաղդանոսի մտքովն էլ չէր անցնում, որ իրեն նույնպես հետևում են։ Նրան կրնկակոխ հետևում էր հերցոգ Մանդարինը։
 
― Ես իսկի չեմ զարմանա, եթե հիմա բարոն Նարինջն էլ հայտնվի, ― ինքն իրեն ասաց սինյոր Պոմիդորըն ու իրեն չմատնելու համար շունչը պահեց։
 
Իրոք, շուտով լսվեց սայլակի ձայնը, և բարոնը երևաց։ Տեսնելով, որ հերցոգը տեղ է գնում, բարոնը ենթադրեց, թե իր մեծազարմ ազգականը որևէ հրավերքի է շտապում և, ի՞նչ խոսք, որոշեց միանալ նրան։ Խեղճ ձորձահավաքը սայլակը քաշելով՝ ծանրությունից փնչում էր և մթության մեջ ոչ ճանապարհի փոսերն էր տեսնում, ոչ էլ քարերը։ Ճռճռան սայլակը, որի վրա դրված էր բարոնի փորը, մեկ վեր էր թռչում, մեկ անդունդն ընկնում։ Յուրաքանչյուր թռիչքի ժամանակ կամ ընկնելիս բարոնի շունչը կտրվում էր, բայց նա ատամները սեղմում էր, որ պատահական ճիչով ու տնքոցով հանկարծ իրեն չմատնի։
 
Պարզվեց, որ բարոնը այդ տարօրինակ թափորում վերջինն է։
 
«Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ւր են սրանք գնում», ― մտածեց սինյոր Պոմիդորն ու թաքստոցից դուրս եկավ։
 
Այդպես էլ ամբողջ գիշերը նրանք գնում էին իրար հետևից․ սինյոր Սիսեռիկը իզուր տեղը մթության մեջ փնտրում էր սինյոր Պոմիդորին, որ իրականում ամենքից վերջումն էր։ Սինյոր Մաղդանոսը կրնկակոխ հետևում էր փաստաբանին, հերցոգը գնում էր սինյոր Մաղդանոսի հետևից, բարոնը աչքը չէր կտրում հերցոգից, իսկ Պոմիդորը գնում էր բարոնի հետքերով։ Բոլորն էլ ուշադիր հետևում էին առջևից գնացողի շարժումներին, չկասկածելով, որ իրենց էլ են լրտեսում։
 
Մի քանի անգամ Սիսեռիկն ու Մաղդանոսը տեղերը փոխեցին։ Մերթ սինյոր Մաղդանոսն էր ճարպկորեն շրջանցելով ընկնում Սիսեռիկից առաջ, մերթ Սիսեռիկն էր անցնում Մաղդանոսից։ Այդպես իրար հետևից պտտվելով, նրաք, հասկանալի է, որ ոչինչ էլ չիմացան, այլ միայն հալից ընկան։
 
Առավոտյան դեմ, այդ բոլոր պարոններն էլ որոշեցին վերադառնալ ամրոց։ Այգու ծառուղում հանդիպելով, նրանք քաղաքավարի գլուխ էին տալիս իրար և հարցնում միմյանց առողջությունը։ Իրենց գիշերային արկածների մասին նրանք որոշեցին լռել և անամոթաբար խաբում էին իրար։
 
― Որտե՞ղ էիք, ― սինյոր Սիսեռիկին հարցրեց սինյոր Պոմիդորը։
 
― Եղբորս կնունքն էր , գնացել էի այնտեղ։
 
― Ա՛յ քեզ զարմանալի բան․ մի՞թե գիշերը կնունք է լինում։
 
― Եղբայրս ցերեկը ավելի կարևոր գործ ուներ, ― պատասխանեց փաստաբանը։
 
Ասպետ Պոմիդորը քմծիծաղ տվեց։ Բանն այն է, որ սինյոր Սիսեռիկը ոչ մի եղբայր էլ չուներ և երբեք չէր ունեցել։
 
Մաղդանոսն ասաց, թե գնացել էր փոստ՝ վաղուց արդեն գոյություն չունեցող իր ծնողներին նամակ ուղարկելու։ Հերցոգն ու բարոնը առանց միմյանց հետ պայմանավորվելու ասացին, որ գնացել էին կարթով ձուկ բռնելու, թեև ոչ մեկի և ոչ էլ մյուսի մոտ կարթ չկար։
 
― Այդ ինչպե՞ս է, որ մենք ափին չհանդիպեցինք, ― հարցրեց բարոնը։
 
― Զարմանալի է, ― ասաց հերցոգը։
 
Բոլորն այնքան էին հոգնած, որ քայլում էին փակ աչքերով, դրա համար էլ նրանցից միայն մեկը նկատեց, որ ամրոցի աշտարակին ծածանվում է ազատության դրոշը։ Դրոշը Բալուկն ու Չիպոլինոն էին գիշերը կախել և հիմա, աշտարակին նստած, նրանք սպասում էին, թե ինչ կլինի հետո։
 
 
==Վերջաբան==
 
Որտեղ Պոմիդորը երկրորդ անգամն է լալիս
 
 
Նա, ով աշտարակի վրա առաջինը տեսավ ազատության դրոշը, սկզբում կարծեց, թե դա Բալուկի սարքած խաղը կլինի։ Նա կատաղած որոշեց անմիջապես պոկել այդ սարսափելի դրոշը, իսկ հետո ինչպես հարկն է դնքսել պատանի կոմսին, որն այս անգամ արդեն «ամեն չափ ու սահման անցավ»։
 
Եվ ահա այդ սինյորը զայրույթից շնչահատվելով վազում է աստիճաններն ի վեր։ Նա փնչում է, հազիվ է շնչում, ամեն մի քայլն անելիս չարությունից ավելի է կարմրում ու սառչում։ Ես վախենում եմ, թե վերև հասնելով, այլևս չկարողանա անցնել հարթակ տանող դռնակից։ Ահա լսում եմ նրա ոտնաձայները, որոնք լռության մեջ կարծես մուրճի հարվածներ լինեն։ Շուտով նա կլինի ամենաբարձր տեղում։ Կկարողանա՞ դռնակից անցնել թե չի կարողանա։ Դուք ի՞նչ եք կարծում։
 
Ահա նա հասավ հարթակին․․․ Դե ձեզնից ո՞վ ճիշտ գուշակեց։
 
― Լա՛վ, ես ձեզ կասեմ՝ ճիշտ գուշակեցին նրանք, ովքեր կարծում են, թե չի անցնի։ Եվ իսկապես, ասպետ Պոմիդորը (չէ՞ որ նա էր աստիճաններով բարձրացողը, մի՞թե չճանաչեցիք) չարությունից այնպես էր ուռել, որ դռնակը նրա մարմնից երկու անգամ նեղ էր։
 
Եվ ահա նա կանգնած է վերևում, քամուց ծածանվող սարսափելի դրոշից միայն երկու քայլ հեռու ու չի կարողանում պոկել այն, նույնիսկ ձեռքը չի հասնում։ Իսկ դրոշի կոթի մոտ, Բալուկի կողքին, որ այդ րոպեին շտապ֊շտապ ակնոցն էր սրբում, էլի մի հոգի կար․․․
 
Էլ ո՞վ կլինի դա, եթե ոչ Չիպոլինոն, ասպետի ատելի, երդվյալ թշնամին, որ մի անգամ արդեն նրան, սինյոր Պոմիդորին լացացրել էր։
 
― Բարի օր, սինյոր ասպետ, ― քաղաքավարությամբ գլուխ տալով, ասաց Չիպոլինոն։
 
― Զգո՜ւյշ, Չիպոլինո, քո այդ անտանելի քաղաքավարությամբ դու գլուխդ վտանգի տակ ես դնում։ Այն րոպեին, երբ դու ասպետ Պոմիդորին գլուխ ես տալիս, բավական է, որ նա ձեռքը մեկնի, որպեսզի բռնի քո մազերից, ինչպես մի անգամ գյուղում արեց․․․
 
Սինյոր Պոմիդորն այնպես է կատաղած, որ չի մտածում, թե ինչ է իրեն սպառնում։ Ահա նա բռնեց Չիպոլինոյի մազերից և այնպիսի ուժով ձգեց, որ Սոխի մազերից մի փունջ նորից մնաց նրա ձեռքին։
 
Նա դեռ ուշքի չէր եկել, երբ աչքերը կսկծացին, և ընկույզի մեծությամբ արտասուքները աչքերից գլորվեցին ու չփչփալով ընկան քարե հատակին։
 
Բայց այս անգամ ասպետ Պոմիդորի լալու պատճառը միայն Չիպոլինոյից պոկված մազափունջը չէր։ Նա լալիս էր կատաղությունից, որովհետև զգում էր իր ամբողջ անզորությունը․․․
 
«Այս ի՞նչ է, վե՞րջ, մի՞թե վերջն է սա», ― կատաղությունից ու արցունքներից խեղդվելով, մտածում էր նա։
 
Ես հաճույքով նրան թույլ կտայի, որ արցունքներից խեղդվեր, կամ աստիճաններից թեթև հրումով գլորվեր ցած, բայց Չիպոլինոն այնքան մեծահոգի էր, որ խնայեց, և սարսափահար սինյոր Պոմիդորն ինքը աշտարակից փախավ։ Նա ներքև էր վազում չորսական, երբեմն էլ վեցական աստիճան թռչելով, իսկ ներքև հասնելով, ծլկեց իր սենյակը, որտեղ նրան ոչ ոք չէր խանգարի, որ մի կուշտ լա։
 
Իսկ ի՞նչ եղավ հետո, երեխաներ։ Ա՜խ, ի՛նչ եղավ․․․
 
Իշխանը վերջապես արթնացավ, մի քիչ թափառեց ամրոցի սենյակներում և դուրս եկավ մաքուր օդ շնչելու։ Եվ հանկարծ նա էլ աշտարակի դրոշը տեսավ։ Սարսափից աչքերը փակելով, ինչքան ուժ ուներ ոտքերում՝ փախավ։ Այս կողմ այն կողմ վազելուց հետո, նորից դարբասից դուրս եկավ, մտավ իր հուսալի ապաստարանը՝ փափուկ գոմաղբի մեջ, մտածելով, որ այնտեղ իրեն ոչ ոք չի գտնի։
 
Բարոն Նարինջն էլ արթնացավ։ Նա նույնպես ցանկացավ մաքուր օդ շնչել և հրեց սայլակի մոտ քնած ծառային։ Առանց աչքերը բացելու, քնած Լոբին ծանր սայլակը քաշեց դուրս։
 
Ամրոցի բակում արևի կուրացուցիչ ճառագայթներն արթնացրին նրան։ Բայց միայն արևի կուրացուցիչ շողերը չէին կարևորը։ Լոբին աչքերը բարձրացրեց և տեսավ ամրոցի վրա ծածանվող դրոշը։ Կարծես թե նրա մատների միջով էլեկտրական հոսանք անցավ․․․
 
― Բռնի՛ր, բռնի՛ր սայլակը, ― ճչաց սարսափահար բարոն Նարինջը։
 
Բայց ո՜ւր․․․ Լոբին մատները բացեց, թողեց իր հին սայլակի բռնակը, և բարոնը մեջքի վրա ընկնելով, այնպես ուժեղ գլորվեց, ինչպես այն անգամ, երբ նա մի երկու տասնյակ գեներալ ճզմեց։ Վերջապես նա շրմփաց ոսկի ձկնիկներով ավազանի մեջ և մինչև կոկորդը թաղվեց ջրի մեջ։ Քիչ աշխատանք չթափեցին նրան այնտեղից հանելու համար։
 
Բակից բարոնի մոլեգին ճիչերը լսելով, հերցոգ Մանդարինը նետվեց դեպի ավազանը, թռավ մարմարե հրեշտակիկի վրա, որի բերանից շատրվան էր ցայտում, և օտարոտի ձայնով գոռաց․
 
― Է՜յ, հեռացրեք աշտարակի դրոշը, թե չէ ես ինձ ջուրը կնետեմ։
 
― Տեսնե՛նք, ― ասաց Լոբին և նրան հրեց ջրի մեջ։
 
Երբ հերցոգին ջրից հանեցին, նրա բերանում մի ոսկի ձկնիկ կար։ Խեղճ ձուկ․ երևի կարծում էր, թե ինչ֊որ քարայրի մեջ է մտնում, այնինչ սոված բերան էր ընկել․․․ Խաղաղություն նրա ոսկե լողակներին։
 
Այդ օրվանից իրադրությունները փոխվում էին չտեսնված արագությամբ, իրար հետևից։ Մենք էլ շտապենք․ օրերը թռչում են օրացույցից պոկված թերթերի նման, անցնում են շաբաթները, և մենք հազիվ ենք հասցնում որևէ բան տեսնել։ Այդպես երբեմն կինոյումն է լինում․ մեխանիկը ժապավենը չափից դուրս արագ է պտտեցնում։ Ձեր աչքերը հազիվ են նշմարում տները, մարդկանց, ձիերին, իսկ երբ ժապավենը վերջապես դանդաղում է և պտտվում սովորական արագությամբ, պարզվում է, որ շատ բան արդեն անցել է, և էկրանի վրա ամեն ինչ փոխված է․․․
 
Իշխանն ու կոմսուհիները հեռացան իրենց նախկին կալվածքներից։ Ինչ վերաբերում է իշխանին, ապա այդ միանգամայն հասկանալի է։ Իսկ ինչո՞ւ կոմսուհիները գնացին։ Չէ՞ որ ոչ ոք միտք չուներ պառավ կանանց ձեռք տալու կամ մի կտոր հացից զրկելու, կամ նրանցից օդի վարձ պահանջելու։ Բայց, վերջ ի վերջո, եթե նրանք իրենք են գնացել, ավելի լավ, բարի ճանապարհ։
 
Բարոնը նիհարեց, դարձավ իսկական այն մտրակը, որով նա մի ժամանակ քշում էր ծառային։
 
Սկզբնական շրջանում նա ստիպված էր բավական սոված մնալ։ Քանի որ սայլակը քաշող չկար, տեղից չէր շարժվում։ Այդ պատճառով էլ ստիպված էր սեփական ճարպի պաշարներով սնվել։
 
Բարոնը մոմի նման օրեցօր հալչում էր։ Երկու շաբաթում կորցրեց իր քաշի կեսը, իսկ այդ կեսը սովորական մարդուց երեք անգամ ծանր էր։ Երբ բարոնը կարողացավ առանց ուրիշի օգնության տեղից շարժվել, սկսեց փողոցներում ողորմություն խնդրել։ Բայց անցորդները ոչինչ չէին տալիս։
 
― Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ, ― ասում էին, ― այդքան առողջ մարդ ես և մուրացկանություն ես անում։ Գնա աշխատիր․․․
 
― Ախր ոչինչ անել չգիտեմ։
 
― Գնա կայարանում իրեր կրիր։
 
Բարոնն այդպես էլ արեց, և ծանրություն կրելուց նիհարեց, ճաղի նման ուղղվեց։ Իր հին կոստյումներից մեկից նա կես դյուժին նոր կոստյում կարել տվեց։ Սակայն հին կոստյումներից մի ձեռք նա այնուամենայնիվ պահեց։ Եթե դուք երբևէ այցելեք նրան, նա ձեզ թաքուն ցույց կտա այդ կոստյումը և հառաչելով կասի․
 
― Տեսե՛ք, դեռ վերջերս ես այսքան հաստ էի։
 
― Չի կարող պատահել, ― կզարմանաք դուք։
 
― Ի՞նչ է, չե՞ք հավատում, հա՞, ― դառնությամբ կծիծաղի բարոնը, ― հարցրեք մարդկանց, նրանք ձեզ կասեն։ Ա՜խ, ի՜նչ հիանալի ժամանակներ էին․․․ Մի օրում ես այնքան էի ուտոմ, ինչքան ինձ հիմա երեք ամիս կբավարարի։ Նայեք, թե ի՛նչ կուրծք ունեի, ի՛նչ փոր, ի՛նչ քամակ։ Իսկ հերցոգը։ Նա իսկի մատը մատին չի տալիս, որ մի կտոր հաց վաստակի, և ապրում է բարոնի հաշվին։ Ամեն անգամ, երբ ազգականը հրաժարվում է նրան ուտելիք տալուց, հերցոգը բարձրանում է լապտերի վրա և խնդրում է հայտնել կոմսուհիներին, որ նա ինքնասպանություն գործեց։ Եվ բարոնը, որ դեռ սրտում չաղ ժամանակից մնացած բարություն ուներ, ճաշը կամ ընթրիքը կիսում, տալիս էր հերցոգին ու հառաչում։
 
― Իսկ քավոր Դդումը, ա՛յ, էլ չի հառաչում։ Նա ամրոցի գլխավոր այգեպանն է դարձել, իսկ նախկին ասպետ Պոմիդորը նրա օգնականն է։
 
Ձեզ դուր չի՞ գալիս, որ սինյոր Պոմիդորին ազատ են թողել։ Դե, նա ինչքան պետք էր՝ բանտ նստեց, հետո ազատ արձակեցին։
 
Հիմա Պոմիդորը կաղամբ է ցանում և խոտ հնձում։ Երբեմն գանգատվում է իր բախտից, բայց միայն այն ժամանակ, երբ հանդիպում է սինյոր Մաղդանոսին, որը ծառայում է ամրոցում որպես պահակ։
 
Ամրոցն այլևս ամրոց չէ, այլ մանուկների պալատ։ Այնտեղ և՛ նկարչության սենյակ կա, և՛ Բուրատինոյի տիկնիկային թատրոն, և՛ պինգ֊պոնգ, և՛ շատ ուրիշ խաղեր։ Հասկանալի է, որ այնտեղ կա ամենալավ, երեխաների համար ամենաօգտակար խաղը՝ դպրոց։ Չիպոլինոն ու Բալուկը իրար հետ մի նստարանի են նստում և սովորում են թվաբանություն, քերականություն, աշխարհագրություն, պատմություն և մնացած բոլոր առարկաները, որ հարկավոր է լավ իմանալ՝ ամեն տեսակի խաբեբաներից, ճնշողներից պաշտպանվելու և հայրենի երկրից նրանց հեռու պահելու համար։
 
― Չմոռանաս, բարեկամս, ― հաճախ ծեր Չիպոլինոն ասում է իր տղային, Չիպոլինոյին, ― սրիկաներ շատ կան աշխարհում, և նրանք, որոնց դու քշեցիր, դեռ կարող են վերադառնալ։
 
Բայց ես հավատացած եմ, որ նրանք այլևս չեն վերադառնա։ Փաստաբան սինյոր Սիսեռիկն էլ չի վերադառնա, որն շտապեց թաքնվել քանի որ շատ մեղքեր ուներ։
 
Ասում են, թե նա ինչ֊որ մի օտար երկրում նորից իր արհեստն է բանեցնում։ Իհարկե, այնտեղ էլ նրա տեղը չէ, բայց լավ է, որ նա մեր այս պատմությունից հեռացավ վերջանալուց առաջ։ Ճիշտն ասած, ես էլ հոգնեցի այդ կպչուն, անհանգիստ ստահակի հետ քարշ գալուց։
 
― Հա՛, մոռացա ձեզ ասել, որ գյուղի ավագ դարձավ վարպետ Խաղողը։ Որպեսզի իր հեղինակությունը չգցի, նա բոլորովին թողել է ծոծրակը բզով քորելու սովորությունը։ Միայն երբեմն բզի փոխարեն օգտագործում է լավ սրած մատիտ, բայց այդ հազվադեպ է լինում։
 
Մի անգամ գյուղի բնակիչները իրենց տների վրա այսպիսի մակագրություն տեսան․ «Կեցցե մեր ավագը»։
 
Սանամեր Դդումը գյուղում լուր տարածեց, թե իբր այդ մակագրությունները կոշկի ներկով ինքը վարպետ Խաղողն է անում։
 
― Լավ ավագ է, ― ասում էր փնթփնթան սանամերը։ ― Գիշերները ման է գալիս և ինքն իր մասին «կեցցե» գրում։
 
Բայց դա միանգամայն իզուր էր։ Տների վրայի բոլոր մակագրությունները Սոխ Պրասն էր անում, այն էլ ոչ թե ձեռքով, այլ բեղերը թանաքի մեջ թաթախելով։ Այո՛, այո՛, Սոխ Պրասը։ Ես առանց վախենալու ձեզ ասում եմ այս գաղտնիքը, որովհետև դուք բեղեր չունեք և նրա օրինակին չեք հետևի։
 
Այստեղ էլ հենց մեր պատմությունն իսկապես ավարտվեց։ Ճիշտ է, աշխարհում դեռ ուրիշ ամրոցներ կան, և իշխան Լիմոնից ու սինյոր Պոմիդորից բացի ուրիշ ձրիակերներ կան, բայց այդ պարոններին էլ մի օր դուրս կանեն, ու նրանց այգիներումն էլ երեխաները կխաղան։
 
Թող այդպե՜ս լինի։
Ադմին, Վստահելի
1876
edits