Changes
Պավլովան սարսափելի կապվել էր այդ դոդոշների հետ։ Եթե միայն տեսնեիք, թե ինչպիսի անհամբերությամբ էր ողջունում նրանց առավոտները, ինչքան քնքուշ էր շոյում, ինչպես էր անհանգստանում, երբ նրանք շատ հեռու էին գնում, դա իրոք հուզիչ տեսարան էր։ Միայն թե նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու նրանք մորթի չունեն, ինչպես կապիկները։ Մատներով շոյում էր նրանց հարթ կաշին, փորձում էր շարժել գոյություն չունեցող մորթին, և նրա սևուկ մռութիկին ակնհայտորեն տագնապ էր երևում․ երբեմն նա կռանում էր և սկսում էր մտածկոտ լիզել նրանց մեջքերը։ Ի դեպ, շատ շուտով նրանց անմազ մեջքերը դադարեցին անհանգստացնել Պավլովային, և նա նրանց հետ վարվում էր քնքուշ ու սիրալիր, ինչպես կվարվեր իր սեփական ձագերի հետ։ Դոդոշներն էլ, իրենց հերթին, նույնպես կապվել էին կապկի հետ, թեև նա էլ երբեմն ստորացնում էր իրենց արժանապատվությունը։ Հիշում եմ, մի անգամ առավոտյան ես նրանց լողացրի, պատճառելով մեծ հաճույք, իսկ պարտեզից տուն տանող ճանապարհին նրանց փորերին հող ու մանր փշեր էին կպել։ Դա շատ վշտացրեց Պավլովային․ նա ուզում էր, որ իր սիրեցյալները միշտ մաքուր ու կոկիկ լինեն։ Եվ ահա ես ականատես եղա մի այսպիսի տեսարանի․ կապիկը նստել էր արևի տակ, ետևի ոտքերը, ինչպես պատվանդանի վրա, դրված էին մի դոդոշի մեջքին, իսկ մյուս չորտերևիկը կախված էր օդում, կապիկը նրան պահել էր ամենաանհարմար ու ստորացուցիչ դիրքով։ Դոդոշը դանդաղ պտտվում էր օդում, իսկ կապիկը խնամքով հավաքում էր նրա վրայից աղբը և ամբողջ ժամանակ ծվծվում էր, մռմռում ու ինչ֊որ բան բացատրում։ Վերջացնելով իր դոդոշին մաքրելը, Պավլովան նրան դրեց գետնին, որտեղ նա նստեց լուռ, ընկճված, և զբաղվեց մյուսով՝ բարձրացնելով նրան օդ, ստիպեց կրել այդ նույն ստորացումը։ Այո՛, Պավլովայի ներկայությամբ չորտերևիկները ոչ մի կերպ չէին կարողանում դրսևորել իրենց արիստոկրատական գոռոզամտությունը։
==Գլուխ երկրորդ==
Բաֆուտի Քերծեները
Բաֆուտի կենդանական աշխարհի զանազան ներկայացուցիչներին որսալու համար իմ տրամադրության տակ կային չորս որսորդ, նրանց ինձ ուղարկել էր Ֆոնը, իսկ նրանցից բացի՝ վեց հյուծված, անճոռնի շներ․ շների տերերը ինձ հավատացնում էին, թե դրանք ամենալավ որսի շներն են ամբողջ Արևմտյան Աֆրիկայում։ Այս ամբողջ խայտաբղետ խումբը ես անվանեցի Բաֆուտի Քերծեներ։
Որսորդները, իհարկե, չէին հասկանում այդ անունը․ բայց նրանով չափազանց հպարտանում էին, և մի անգամ ես լսեցի, թե ինչպես նրանցից մեկը հարևանի հետ վիճելիս բարձր ու վրդովված հայտարարեց․ «Դու ինձ վրա մի բղավիր, բարեկամս։ Չգիտե՞ս, որ ես էլ եմ Բաֆուտի Քերծե»։
Մենք այսպես էինք որս անում․ գնում էինք մի հեռու հովիտ, կամ լեռ և ընտրում էինք մի այնպիսի տեղ, ուր խոտն ու թփուտներն ավելի խիտ էին։ Այնտեղ կիսալուսնաձև փռում էինք ցանցերը և հետո շների հետ գնում անտառի ծայրը ու դեպի ցանցերն էինք քշում այն ամենը, ինչ հանդիպում էր։ Յուրաքանչյուր շան վզից կախված էր փայտե փոքրիկ զանգուլակ, և երբ ամբողջ ոհմակը թաքնվում էր բարձր խոտերի մեջ, այդ զանգերի բարձր զնգզնգոցից միշտ կարելի էր որոշել, թե որտեղ են շները։ Որսի այսպիսի եղանակը շատ հարմար էր, ես միշտ տեղում էի լինում ու կարողանում էի իսկույնևեթ զբաղվել բռնած կենդանիներով․ դրանց անմիջապես տանում էինք Բաֆուտ և առանց հապաղելու տեղավորում հարմար վանդակի մեջ։ Մենք նրանց տեղափոխում էինք օդի համար անցքեր ունեցող պարկերով (այդ անցքերը երիզված էին լինում լատունի օղակներով, որպեսզի անհնար լինի պատռել ներսից)․ ավելի խոշոր և կատաղի գազանների պարկերը կարված էին լինում բրեզենտից կամ կոշտ կտավից, իսկ մանր ու անվնասներինը՝ փափուկ կտորից։ Հարմարվելով մութ պարկի մեջ, մեր գերիները, որպես կանոն, դադարում էին դեսուդեն խփվել և հանգիստ պառկում էին այնքան ժամանակ, մինչև որ ընկնում էին վանդակի մեջ։ Կենդանու համար ամենասարսափելին այն պահերին էին, երբ նրան հանում էին ցանցից, բայց արդեն շատ շուտով մենք այնպես էինք հմտացել, որ դա անում էինք շատ ճարպկորեն․ մեկ րոպե՝ և արդեն կենդանին բռնված էր, ցանցից հանված ու պարկի մեջ։
Առաջին օրը, երբ ես ճամփա ընկա Բաֆուտի Քերծեների հետ, որսորդներն այնպես էին զինվել, ասես մենք պատրաստվում էինք առյուծի որսի։ Սովորական դանակներից բացի, նրանք վերցրել էին նիզակներ ու կայծքարի հրացան։ Ես ամենևին էլ չէի ցանկանում, որ ինչ֊որ մեկի անզգուշության պատճառով կողքիս մեջ խրվեին ժանգոտված մեխեր կամ էլ քարե գնդիկներ, ուստի չնայած որսորդների լալագին աղերսանքներին, պնդեցի, որ զենքերը թողնեն տանը։ Որսորդներն ուղղակի սարսափեցին իմ որոշումից։
― Մասա, ― աղերսագին ասաց մեկը, ― եթե մեզ հանդիպի վտանգավոր որս, ինչպես մենք նրան խփել, եթե հրացան պառկել այստեղ։
― Եթե մենք հանդիպենք վտանգավոր որսի, մենք նրանց չպետք է սպանենք, այլ բռնենք, ― վճռականորեն բացատրեցի ես։
― Իսկ մասան բռնի՞ վտանգավոր որս։
― Ճիշտ այդպես, բարեկամս, իսկ եթե դու վախենում ես, մի գա մեզ հետ, հասկացա՞ր։
― Մասա, ես չեմ վախենում, ― վրդովված ավելացրեց որսորդը։ ― Բայց որ հանդիպել վտանգավոր որս և նա սպանի մասա, Ֆոնը շատ բարկանալ մեզ վրա։
― Լռիր, բարեկամս, ― ասացի ես և հանեցի որսորդական հրացանս։ ― Ես հրացան կվերցնեմ։ Եվ այդ ժամանակ, եթե որսը սպանի ինձ, դա արդեն ձեր հոգը չէ, հասկացա՞ր։
― Ես հասկացա, սըր։
Առավոտը դեռ նոր էր բացվել, և արևը դեռ չէր բարձրացել Բաֆուտը շրջապատող լեռնաշղթաների վրա։ Երկինքը նուրբ վարդագույն երանգ ուներ, և այս ու այնտեղ սպիտակին էին տալիս ժանեկավոր ամպերը։ Հովիտներն ու լեռները դեռ պարուրված էին վաղորդյան մշուշով։ Ճանապարհի երկայնքով փռված բարձր ոսկեզօծ խոտը խոնարհվել էր ցողի ծանրությունից։ Որսորդները իրար ետևից գնում էին առջևից, իսկ շները մերթ վազում էին թփուտները, մերթ վերադառնում, և նրանց զանգուլակները ուրախ զնգզնգում էին չորս կողմից։ Վերջապես մենք ճանապարհից թեքվեցինք նեղ ու ոլորուն արահետը, որ անցնում էր բլուրների միջով։ Այստեղ մշուշն ավելի խիտ էր, բայց սահում էր ցածր, գրեթե գետնահար։ Նա բոլորովին ծածկել էր մեր ոտքերը, և դա շատ տարօրինակ էր․ ասես քայլում ես հարթ ու փրփրադեզ լճի միջով։ Ցողից խոնավացած բարձր խոտը խշխշում էր ներբաններիս տակ, իսկ շուրջը, այդ կաթնասպիտակ մշուշի խորքերում, մերթ ընդ մերթ պոռթկում էր ծիծաղը՝ այդ փոքրիկ գորտիկներն էին ծիծաղում ինչ֊որ բանի վրա, որը հասկանալի էր միմիայն իրենց։ Ահա և արևը բարձրացավ հեռավոր լեռների լանջերին, ասես մի հսկա սառած նարինջ, րոպե առ րոպե նրա շողերը տաքացնում էին ավելի ուժգին, մշուշն սկսեց բարձրանալ ու, թեթև պարույրներով և օղակներով, ձգվեց դեպի վեր․ շուտով արդեն թվում էր, թե մենք քայլում ենք տեսլային սպիտակ ծառերի միջով, որոնք ոլորվում, թեքվում, ընկնում ու նորից բարձրանում էին հրաշքով, ամեոբայի թեթևությամբ փոխելով իրենց ձևը, և ձգվում վեր, ասես պտուտակվում էին օդի մեջ։
Երկու ժամ հետո հասանք այն տեղը, որ որսորդները ընտրել էին մեր առաջին որսի համար։ Այդ բավականին լայն ու խոր հովիտն ընկած էր երկու բլուրների միջև, փոքր֊ինչ գալարվելով աղեղի նման։ Փոքրիկ գետակը իր համար ճանապարհ էր բացել հովտի հատակում, սև քարակոշտերի ոսկեզօծ մարգագետինների միջև։ Գետակը փայլում էր արևի տակ, ապարե բարակ սարդոստյանի պես։ Հովիտն այստեղ գրեթե ամբողջովին ծածկված էր խիտ, անանցանելի բարձր խոտով և մանր թփուտներով։ Տեղ֊տեղ ստվեր գցելով խոտի վրա, կանգնած էին ավելի բարձր թփերն ու դալար ծառերը։
Մենք իջանք հովիտ և մի հարյուր յարդ լայնությամբ փռեցինք ցանցերը։ Հետո որսորդները կանչեցին շներին և գնացին դեպի հովտի մուտքը, իսկ ես մնացի ցանցերի մոտ։ Կես ժամ լռություն էր տիրում․ որսորդները շների հետ դանդաղ մոտենում էին ցանցերին, միայն շների փայտե զանգուլակներն էին զնգզնգում, մեկ էլ լսվում էր մի որևէ անհաջողակ որսորդի թունդ հայհոյանքը, որը ոտքը դրել էր փշի վրա։ Ես արդեն սկսեցի մտածել, որ մենք այսօր ոչինչ չենք որսա, երբ հանկարծ որսորդները մոլեգին աղմուկ բարձրացրին, իսկ շները սկսեցին կատաղած հաչալ։ Նրանք ցանցերից դեռ շատ հեռու էին, և ես ոչինչ չէի տեսնում ծառերի ետևում։
― Ի՞նչ է պատահել, ― գոռացի, փորձելով իմ ձայնով լռեցնել այդ ամբողջ աղմուկը։
― Այնտեղ որս կա, մասա, ― լսվեց պատասխանը։
― Ես համբերությամբ սպասում էի, և վերջապես ծառերի ետևից երևաց վազելուց շնչահեղձ եղած որսորդը։
― Մասա, տուր ինձ այ այն փոքրիկ ցանցը, ― ասաց նա ցույց տալով մանր ցանցերը, որ խնամքով դրված էին պարկերի կողքին։
― Իսկ ի՞նչ որս եք այնտեղ գտել, ― հարցրի ես։
― Սկյուռ, սըր։ Նա փախավ ծառի վրա։
Ես վերցրի բրեզենտե հաստ պարկը և թփերի միջով գնացի նրա հետևից դեպի ծառերը։ Այստեղ խռնվել էին որսորդները, նրանք խոսում էին բոլորը միասին և կատաղի վիճում էին, թե ինչպես ավելի լավ է բռնել գազանիկին, իսկ շները հաչում էին և ցատկոտում ոչ մեծ ծառի շուրջը։
― Ո՞ւր է ձեր որսը, ― հարցրի ես։
― Նա այնտեղ, մասա վերևում։
― Լավ որս է, մասա։
― Մենք հիմա նրան բռնել, մասա։
Ես մոտեցա ուղղակի ծառաբնին, գլուխս վեր տնկեցի և սկսեցի նայել տերևներին․ մոտ քսան ոտնաչափ մեզնից վեր, ճյուղի վրա, նստել էր մեծ ու գեղեցիկ սկյուռը։ Մոխրագույն֊բծավոր մորթիով, կողերին՝ սպիտակ գծեր, իսկ թաթերը՝ նարնջագույն։ Պոչը երկար էր, բայց ոչ փափկամազ, լայնակի զոլերով, ասես բաց մոխրագույն և սև օղակներ լինեին։ Սկյուռը նստել էր ծառին, պոչը թափահարում էր մեզ վրա և բավական բարկացած գոռում՝ «Չա՛կ, չա՛կ», ասես մենք նրան ոչ թե վախեցրել էինք, այլ զայրացրել։ Մենք սկսեցինք ցանցերը փռել ծառի բնից տասը ոտնաչափ տարածությամբ, իսկ սկյուռը հետևում էր մեզ չար հայացքով։ Հետո մենք կապեցինք շներին, և ես որսորդներից ամենափոքրամարմնին կարգադրեցի բարձրանալ ծառը և սկյուռին քշել ցած։ Գործողության երկրորդ մասը առաջարկվեց իրենց՝ որսորդների կողմից։ Ես կարծում էի, որ սկյուռի հետ ծառի վրա հաշիվ մաքրելը անիրականանալի խնդիր է, բայց որսորդները հավատացնում էին, որ եթե որևէ մեկը բարձրանա ծառը, սկյուռն անպայման ցած կիջնի։ Եվ նրանք միանգամայն իրավացի էին․ որսորդը դեռ չէր հասցրել հասնել վերին ճյուղերին ծառաբնի մի կողմից, երբ սկյուռը նրա մյուս կողմից նետվեց ցած։ Ուղղակի հրա՜շք։ Ինչպե՜ս նա կռահեց նետվել այն միակ տեղը, ուր ցանցը մի քիչ պատռված էր, դուրս պրծավ անցքի միջից ու փախավ խոտի վրայով, իսկ մենք, գլուխներս կորցրած, ընկանք նրա ետևից․ վազում էինք ու բոլորս բղավում ամեն տեսակ խելացի խորհուրդներ ու կարգադրություններ, և, իհարկե, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում դրանց վրա։ Հենց նոր էինք դուրս եկել թփերի տակից, երբ տեսանք մեր սկյուռին, որը վեր էր մագլցում մի ուրիշ ոչ բարձր ծառաբնի վրայով։
Մենք նորից ցանցերը փռեցինք, և նորից որսորդը ծառը բարձրացավ, որ սկյուռին ցած քշի։ Բայց այս անգամ սկյուռն ավելի խորամանկ դուրս եկավ․ նկատելով, որ հսկում ենք ցանցի անցքին, որտեղից ինքը դուրս պրծավ առաջին անգամ, նա բնի վրայով իջավ ցած, գնդակի նման սեղմվեց ու թռավ։ Կես դյույումի չափ թռչելով օդում ցանցի վրայով, նա իջավ ցանցի մյուս կողմը։ Մյուսներից ավելի մոտ կանգնած որսորդը հուսահատ ցատկ կատարեց, բայց վրիպեց, և սկյուռը փախավ հեռու, զայրացած շարունակելով իր «Չա՛կ, չա՛կը»։ Այս անգամ նա ուրիշ տակտիկա ընտրեց․ փոխանակ ծառը բարձրանալու, խցկվեց արմատների միջև եղած փոսի մեջ։
Եվ նորից մենք ցանցերով շրջապատեցինք ծառը ու սկսեցինք երկար ու բարակ ճիպոտներով փորփրել արմատների լաբիրինթոսը, որտեղ նա թաքնվել էր։ Բայց դրանից էլ բան դուրս չեկավ, միայն «Չա՛կ, չա՛կն» ավելի հաճախ սկսեց լսվել, և մենք շուտով նահանջեցինք։ Մեր հաջորդ փորձը, սակայն, ավելի հաջող ստացվեց․ ամենամեծ ճեղքի մեջ մտցրինք այրվող խոտի մի փունջ, և խեղդող ծուխը տարածվեց լաբիրինթոսի բոլոր ոլորաններով ու մուտքերով մեկ։ Մենք լսեցինք զայրացած փռշտոց ու հազ։ Վերջապես սկյուռը չդիմացավ և դուրս թռավ արմատների տակից, գլխով ուղղակի դեպի ցանցը։ Բայց այստեղ էլ նա դեռ չհանձնվեց, մինչ նրան կհանեինք ցանցից, նա կծեց ինձ և երկու որսորդի ևս, իսկ երբ նրան մտցրինք բրեզենտե պարկը՝ կծեց երրորդին։ Հետո ես պարկը կախեցի մոտակա թփի ճյուղից, և մենք բոլորս նստեցինք ծխելու, մեր կրած տանջանքից հետո դա ուղղակի անհրաժեշտ էր, իսկ սկյուռիկը նայում էր մեզ ճեղքի լատունե անցքից և զայրույթով գոռում, ասես մեզ մարտակոչ էր անում՝ ապա փորձեց բաց անել պարկը և ինձ հետ հանդիպել դեմ առ դեմ։
Շերտավոր գետնասկյուռները լայնորեն տարածված են Արևմտյան Աֆրիկայի կանաչ հարթավայրում, բայց ես շատ գոհ էի, որ գոնե մեկին բռնեցի, դրանցից ես դեռ չէի ունեցել։ Ինչպես երևում է նրանց անունից, այս սկյուռներն ապրում են գրեթե բացառապես գետնի վրա, և ես խիստ զարմացա, որ մեր սկյուռը փորձում էր ապաստան գտնել ծառի վրա։ Հետագայում համոզվեցի, որ բոլոր այն սկյուռները, որ ապրում են մարգագետիններում (դրանց մեծ մասը իսկապես գետնասկյուռներ են), վտանգի պահին նետվում են ծառերի վրա և միայն ամենածայրահեղ դեպքում են փրկություն փնտրում արմատների մեջ կամ էլ փտած ծառերի փչակներում։
Վերջապես, կապեցինք մեր վերքերը, ծխեցինք ու իրար շնորհավորեցինք առաջին որսի առթիվ, հետո մեծ ցանցը առաջ շարժեցինք հովտի միջով ավելի հեռու․ այստեղ խոտը խիտ էր, խճճված, բարձրությունը հասնում էր գրեթե վեց ոտնաչափի։ Սա հիանալի տեղ էր հատուկ որսի համար, ասացին ինձ որսորդները, թեև, միանգամայն հասկանալի զգուշավորությամբ, չցանկացան ճշտել, թե հատկապես ինչպիսի որսի։ Մենք ցանցերը փռեցինք, ես տեղավորվեցի մի հարմար տեղ, կենտրոնում, հենց աղեղի տակ, որպեսզի անմիջապես այնտեղից հանեմ այն, ինչ որ կընկնի ցանցը, իսկ որսորդները վերցրին շներին ու գնացին մոտավորապես հովտից չորս մղոն հեռու։ Բարձր, երկարաձիգ կանչով նրանք ինձ իմաց տվին, որ սկսել են մտնել խիտ խոտի մեջ, և ապա լռություն տիրեց․ միայն չորս կողմը ճռճռում ու խշխշում էին անհամար մորեխներն ու ճպուռները, և հեռվից հազիվ լսվում էր շների զանգուլակների ձայնը։ Անցավ կես ժամ։ Ոչ մի բան։ Ամեն կողմից ինձ նեղում էր բարձր խոտի խշշացող թավուտը՝ այնքան խիտ ու հոծ, որ երկու քայլից այն կողմ արդեն ոչինչ չէր երևում։
Փոքրիկ բացատը, ուր ես նստել էի, տոթից այրվում էր։ Սարսափելի ծարավ էի․ շուրջս նայեցի և հանկարծ հիշեցի, որ իմ հոգատար խոհարարը պարկերից մեկի մեջ էր խոթել թեյով լի թերմոսը, իսկ ես այդ մասին բոլորովին մոռացել էի։ Ես երախտապարտությամբ հանեցի թերմոսը՝ պպզեցի բարձր խոտերի մեջ, բացատի եզրին, և թեյ լցրեցի թերմոսի բաժակի մեջ։ Խմեցի, նայեցի չորս կողմը և հանկարծ ուղիղ իմ դիմաց, խոտի հոծ պատի մեջ տեսա նեղ, մութ անցք․ խոտի անտառում դա ակնհայտորեն բացել էր ինչ֊որ գազան, ու ես որոշեցի, որ թեյը խմելուց հետո հետազոտեմ այդ անցքը։
Չհասցրեցի երկրորդ բաժակը լցնել, երբ աջից, ուղղակի կողքիս կատաղի աղմուկ ու աղաղակ լսվեց։ Որսորդներն ականջ ծակող բացականչություններով քաջալերում էին շներին, իսկ շները հաչում էին տարօրինակ հաչոցով։ «Ի՞նչ է կատարվում այնտեղ», ― մտածեցի ես, և հանկարծ խոտի մեջ խշշոց լսվեց․ ես առաջ շարժվեցի դեպի մութ անցքը, հուսալով, որ կտեսնեմ, թե ինչ է այնտեղ խշշում։ Հանկարծ խոտը բացվեց, այնտեղից դուրս թռավ ինչ֊որ մուգ մոխրագույն բան ու նետվեց ուղիղ ինձ վրա։ Ես բոլորովին չէի սպասում հարձակման, դեռ ավելին՝ պպզել էի ու մի ձեռքումս պահել թերմոսը, իսկ մյուսում տաք թեյով բաժակը։ Կենդանին, որը վախիցս ինձ երկու անգամ ավելի մեծ թվաց կուղբից, թռավ ուղղակի կրծքիս վրա․ անսպասելիությունից ես մեջքիս վրա ընկա, գազանիկը կանգնել էր փորիս, իսկ տաք թեյը թերմոսից լցվում էր ուղիղ ծնկներիս։ Մենք երկուսս էլ հավասարապես զարմացած էինք և, թվում է, միանման էլ ճչացինք վախից։ Ձեռքերս զբաղված էին, ես փորձում էի գազանիկին սեղմել արմունկներով, բայց նա ռետինե գնդակի պես թռավ վրայիցս և ծլկեց խոտի մեջ։ Ցանցը մի տեղում սկսեց ցնցնվել ու ձգվել ու ինձ հասավ հուսահատ վնգոցը․ երևում էր, իմ անծանոթն ընկել էր ուղիղ ցանցի մեջ։ Ես կանչեցի որսորդներին ու թավ խոտերի միջով դժվարությամբ դուրս եկա ճիշտ այնտեղ, ուր շարժվում էր ցանցը։ Գազանիկը հիմնովին մոլորվել էր ու, կուչ եկած, ցնցվում էր, վախեցած փնչացնում, ատամներով ջանալով կրծել ցանցի օղակները։ Այժմ արդեն ես լավ նայեցի նրան, ցանցի մեջ ընկել էր շատ մեծ եղեգնառնետ, կենդանի, որ աֆրիկացիներին հայտնի է խոտահատ անունով, ինչը շատ ճիշտ տալիս է նրա սովորությունները։ Իր մեծ, հիանալի զարգացած կտրիչներով խոտահատն անցնում է մարգագետիններով, ցանված արտերով՝ ինչպես խոտհնձիչ։ Նրա երկարությունը ավելի քան երկու ոտնաչափ է, և ծածկված է շագանակագույն կոշտ մորթով։ Դունչը կլոր է, ինչպես կուղբինը, փոքրիկ ականջները կիպ սեղմված են, պոչը հաստ է, առանց մազերի, մեծ թաթերը նույնպես մազածածկ չեն։ Ինչպես երևում է, նա մահու չափ վախեցած էր ինձանից, և ես չմոտեցա նրան, մինչև չհասան որսորդները, վախենալով, որ նա հանկարծ դուրս կպրծնի ցանցից։ Առնետը պառկել էր և դողալով ցնցվում էր, երբեմն վեր էր թռչում, ջանում էր ցատկել օդի մեջ, և ամեն անգամ դա անելիս հուսահատ կաղկանձում էր։ Ես լուրջ անհանգստանում էի․ հանկարծ սիրտը չպայթի՞։ Միայն շատ հետո, երբ ավելի մոտիկից ծանոթացա եղեգնառնետների հետ, իմացա, որ այդպիսի հիստերիկայով նրանք դիմավորում են ամեն մի նոր, անսովոր թշնամու, հավանաբար, նրան վախեցնելու համար։ Իսկ իրականում եղեգնառնետը ամենևին էլ երկչոտ չէ և չի հապաղի իր հսկայական կտրիչները խրել ձեր ձեռքի մեջ, եթե դուք ձեզ թույլ տաք նրա հետ ազատ վարվել։ Ես պատկառելի հեռավորության վրա մնացի այնքան ժամանակ, մինչև որսորդները մոտեցան։ Հետո մենք ընդհանուր ջանքերով առնետին հանեցինք ցանցից։
Երբ նրան հանեցինք ու սկսեցինք դնել ամուր պարկի մեջ, առնետը հանկարծ հուսակտուր թպրտաց իմ ձեռքերում․ ես նրան ամուր սեղմեցի, և, ի զարմանս իմ, ձեռքումս մնաց բրդի մի մեծ փունջ։ Վերջապես, մենք խոտահատին հաջող մտցրինք պարկը, իսկ ես նստեցի ու սկսեցի դիտել բուրդը, որն ակամա պոկել էի իմ գիրուկ գերյալից։ Բուրդը երկար էր ու բավական կոպիտ, խոզի մազի պես, արմատները, երևում է, թույլ էին, դեռ չձգած՝ թափվում էին փունջ֊փունջ։ Առնետի բուրդը նորից աճում է շատ դանդաղ, և քանի որ ճաղատ եղեգնառնետին ոչ մի կերպ չի կարելի գեղեցիկ անվանել, նրա հետ պետք է վարվել ծայրաստիճան զգույշ։
Որսալով եղեգնառնետին, մենք դանդաղ առաջ շարժվեցինք հովտով, ժամանակ առ ժամանակ ցանցերը փռելով և կասկածելի թփերն ու կարճլիկ ծառերը խուզարկելով։ Երբ պարզվեց, որ այստեղ արդեն ոչինչ չկա, մենք հավաքեցինք ցանցերը և ուղղվեցինք դեպի մեծ բլուրը, որ գտնվում էր հովտից կես մղոն այն կողմ։ Այդ բլուրը հազվադեպ պատահող ուղիղ ձև ուներ, և իմ մտքում իսկույն այն պատկերացավ որպես շիրմաթումբ, որի տակ թաղված էր վաղո՜ւց անցած֊գնացած ժամանակներում այս կողմերում թափառող ինչ֊որ հսկա։ Ամենավերևում բարձրանում էր քարակոշտերի կույտը, յուրաքանչյուրը մի տան մեծության, և թվում էր, թե այստեղ հուշարձան են կանգնեցրել։ Նեղ ծերպերում ու քարակոշտերի արանքներում աճել էին բարալիկ ծառեր, դրանց բները ծռված ու ոլորված էին ամեն տեսակ քամիներից, բայց յուրաքանչյուրի վրա փայլում էր վառ ոսկեգույն պտուղների ողկույզը։ Բարձր խոտի մեջ, ծառերի ստորոտում, երևում էին մանուշակագույն ու դեղին խոլորձեր, իսկ տեղ֊տեղ այդ վիթխարի քարերը ծածկված էին խիտ աճած ինչ֊որ գալարախոտի հաստ գորգով։ Նրա ցողուններից կախվել էին փղոսկրի գույնի զանգակածաղիկներ։ Այդ սրագագաթ ժայռերը, վառ ծաղիկներն ու տարօրինակ ծռված ծառերը զարմանալի տեսարան էին կազմում իրիկնային երկնակամարի բոսորակապույտ ֆոնի վրա։
Մենք բարձրացանք բլուրը և ծալապատիկ նստեցինք բարձր խոտերի մեջ, քարերի ստվերում, որ հաց ուտենք։ Շուրջը, որքան աչքդ կտրում էր, տարածվում էին լեռնային մարգագետինները, ծաղիկներն ու խոտերը օրորվում էին քամուց, նրանց գույները փայլում ու շողշողում էին, րոպե առ րոպե երանգափոխվելով։ Բլուրների կատարները բաց ոսկեգույնից աստիճանաբար փոխվում էին սպիտակի, իսկ նուրբ կապտականաչավուն հովիտները տեղ֊տեղ մթնում էին, երբ նրանց վրայով հանդիսավոր, լողում էր ամպակույտը, իր հետևից թողնելով մանուշակագույն ստվեր։ Ուղիղ մեր դիմաց, երկնքում պարզորոշ ուրվագծվում էին լեռնաշղթաները, նրանց լանջերը գրեթե ծածկված էին վիթխարի գլաքարերով, որոնց արանքներում տեղ֊տեղ աճել էին նոսր ծառեր։
Լեռները սահուն կլորանում էին, նրանք զարմանալիորեն գեղեցիկ ձևեր ունեին, ծածկված էին ամենաբազմազան երանգների՝ կանաչ, ոսկեգույն, ծիրանի ու սպիտակ գույնի խոտով, և, թվում էր, օվկիանոսային վիթխարի ալիքն է այդտեղ փրփրում։ Այն բարձրանում էր քարերի ու թփերի թույլ պատնեշի վրայով, և ասես ահա ուր որ է պիտի փլվեր ցած։ Այդ բարձրունքներն արտասովոր հանգիստ էին, խաղաղ, լռությունը միայն քամին էր խախտում, նետվելով այս ու այն կողմ, ստիպելով ամեն մի խոտի երգելու իր սեփական երգը։ Քամին սանրում էր խոտը, և այն նուրբ խշխշում էր, քամին խրվում էր քարերի մեջ, հասնում լեռների ճեղքերին ու ծերպերին, և այնտեղից լսվում էին բվի աղերսագին հառաչի և անզուսպ քրքջի նման ձայներ, քամին կռացնում ու պտտում էր համառ ու ամուր ծառերը, նրանք ճոճվում էին ու տնքում, իսկ տերևները դողում էին ու մլավում կատվի ձագերի նման։ Եվ, այնուամենայնիվ, այդ անորոշ ձայները ոչ թե խախտում, այլ ավելի շուտ ընդգծում էին մարգագետինների լռությունը։
Հանկարծ լռությունը խախտվեց, ժայռերի հոծ խմբերի ետևից տարածվեց սարսափելի ոռնոց։ Ես դժվարությամբ հասա այնտեղ և տեսա, որ քարակոշտի ստորոտում իրար գլխի էին հավաքվել որսորդներն ու շները։ Երեք որսորդ ինչ֊որ բանի շուրջ կատաղի վիճում էին, իսկ չորրորդը ցավից նվվում էր ու տեղում թռչկոտում։ Նրա ձեռքի վերքից արյուն էր հոսում։ Հուզված շները թռչկոտում էին չորս կողմը ու մոլեգին հաչում։
― Ի՞նչ է պատահել, ― հարցրեցի ես։
Չորսն էլ միասին շրջվեցին իմ կողմը, և ամեն մեկը սկսեց յուրովի պատմել, թե ինչ է եղել, ամեն մեկը բղավում էր ինչքան ուժ ուներ, ջանալով ավելի բարձր գոռալ մյուսներից։
― Ինչո՞ւ եք այդպես բղավում։ Ինչպես հասկանամ ձեզ, երբ բղավում եք բոլորդ միասին, ոնց որ կանայք, ― ասացի ես։
Այս ձևով լռության հասնելով, ես դիմեցի արյունլվիկ որսորդին։
― Այդ ինչպե՞ս դու վիրավորվեցիր, բարեկամս։
― Մասա, որսը ինձ կծել։
― Որսը՞, ի՞նչ որս։
― Է, մասա, ես չգիտեմ, նա շատ ուժեղ կծեց, սըր։
Ես զննեցի նրա ձեռքը և համոզվեցի, որ ափից շատ խնամքով կտրված էր շիլինգի չափ մի կտոր։ Որսորդին ցույց տվեցի առաջին պարզագույն օգնությունը և սկսեցի հարցնել, թե ինչ կենդանի է նրան կծել։
― Որտեղի՞ց եկավ այդ որսը։
― Այ այն անցքից, սըր, ― պատասխանեց վիրավորը և ցույց տվեց բարձր ժայռի ստորոտի խոր ճեղքը։
― Իսկ դու չգիտե՞ս, թե ինչպես է կոչվում այդ որսը։
― Ոչ, սըր, ― հուզված ասաց վիրավորը։ ― Ես նրան չտեսնել․ ես եկա այդ տեղը և տեսնել անցքը։ Ես մտածեցի, որ այդ անցքը լինել որս և մտցրի ձեռքս․ նա էլ ինձ կծել։
Ես շրջվեցի դեպի մյուս որսորդները։
― Ահա, ― ասացի ես, ― այս մարդը վախ չգիտե․ նա սկզբում չնայեց որջի ներսը, վերցրեց ու ձեռքը մտցրեց անտեղ, որսն էլ նրան կծեց։ ― Որսորդները քահ֊քահ ծիծաղեցին, ես նորից շրջվեցի դեպի տուժած որսորդը․
― Ուրեմն դու ձեռքդ մտցրիր որջը, այնպես չէ՞։ Բայց չէ՞ որ այդպիսի տեղերում կարող է և օձ լինել, ճի՞շտ է։ Իսկ եթե օձը կծի քեզ, դու ի՞նչ կանես։
― Ես չգիտեմ, մասա, ― ասաց նա ու մռայլվեց։
― Բարեկամս, ինձ ամենևին էլ պետք չէ մեռած որսորդ, այնպես որ դու այլևս նման հիմարություններ չանես, հասկացա՞ր։
― Հասկացա, սըր։
― Դե, ուրեմն լավ։ Այժմ արի նայենք, թե ինչ վտանգավոր որս է քեզ կծել։
Ես պարկից հանեցի ջահը, կռացա երկտակ և նայեցի որջի ներսը․ ջահի լույսի տակ սկզբում փայլատակեցին արյունակալած աչքերը, հետո դուրս ցցվեց սուր ու կարմրավուն դնչիկը չարագուշակ ու սուր վնգաց ու անհետացավ որջի խավարում։
― Հա՜, ― բացականչեց որսորդներից մեկը, լսելով վնգոցը։ ― Դա «բուշ դոգ է», շատ ուժեղ կատաղած որս։
Դժբախտաբար, «բուշ դոգ» (անտառային շուն) այս տեղերում անխտիր կոչում են ամենատարբեր մանր կաթնասուններին, դրանցից միայն քչերն են թեկուզ և հեռավոր չափով շներին ցեղակից։ Ուստի որսորդի բացատրությունը ամենևին էլ ինձ չլուսավորեց, ես այդպես էլ չհասկացա, թե դա ինչ գազան էր։ Մենք մի քիչ խորհրդակցեցինք և որոշեցինք, որ գազանիկին որջից դուրս գալ ստիպելու միայն մի հաստատ ճանապարհ կա․ պետք է խարույկ վառել հենց որջի մուտքի առաջ և տերևների խրձով ծուխը մղել ներս։ Այդպես էլ արեցինք, նախապես մուտքի դիմաց կախելով մի ոչ մեծ ցանց։ Ծխի առաջին քուլան քարի ճեղքից դեռ ներս չէր մտել, որ գազանիկը այնտեղից դուրս թռավ ուղիղ ցանցի մեջ մի այնպիսի ուժով, որ ցանցն իր ամրակներից դուրս թռավ, և գազանիկը նրա հետ միասին բարձր խոտերի վրայով գլորվեց ցած։ Շները խլացուցիչ աղմուկով ընկան նրա ետևից, մենք էլ՝ նրանց, ամեն տեսակ սպառնալիքներ գոռալով շների վրա, որ նրանք չհամարձակվեն ձեռք տալ փախստականին։ Սակայն շատ շուտով պարզվեց, որ գազանիկը կարող է գերազանց կերպով ինքն իրեն պաշտպանել ու ամենևին էլ մեր օգնության կարիքը չի զգում։
Նա գցեց իր վրայից ցանցը, կանգնեց ետևի թաթերի վրա, և այստեղ մենք տեսանք, որ մեր առջև կանգնած է թզուկ մանգուստան։ Շիկակարմիր գեղեցիկ գազանիկը կզաքիսի չափ էր։ Նա այդպես էլ մնաց կանգնած, թեթև օրորվելով մի կողմից մյուսը, բերանը լայն բացած, այնպիսի բարձր ու ականջ ծակող ճիչեր արձակելով, որ ես կյանքումս չէի լսել մի այդպիսի փոքրիկ գազանիկից։ Շները միանգամից կանգ առան և քարացած նայեցին մանգուստային, իսկ սա շարունակ օրորվում էր մեր առջև ու ճղճղում։ Մյուսներից ավելի համարձակ մի շուն զգուշորեն առաջ շարժվեց և ցանկացավ հոտոտել այդ տարօրինակ արարածին, բայց մանգուստան, երևում էր, հենց դրան էր սպասում․ նա կրծքի վրա թրմփաց խոտին, սողալով սահեց առաջ, գալարվելով օձի պես, հետո անհետացավ բարձր ցողունների արանքում և հանկարծ նորից հայտնվեց ամբողջ ոհմակի ոտքերի մոտ։ Այստեղ նա պտտվեց հոլի նման, խլացնելով մեզ ահավոր ղժղժոցով, և միաժամանակ ատամները խրելով ամեն մի ոտքի կամ թաթի մեջ, որ աչքը տեսնում էր։ Շներն ամեն կերպ ջանում էին դուրս պրծնել նրա սուր ատամներից, բայց դա հեշտ չէր, չէ՞ որ մանգուստան խոտի միջով աննկատելիորեն էր մոտենում նրանց, և շներին մնում էր միայն բարձր թռչկոտել օդի մեջ։ Եվ հանկարծ արիությունը դավաճանեց նրանց․ բոլոր շները միասին շուռ եկան և խայտառակ փախուստի դիմեցին բլուրն ի վեր, իսկ մանգուստան այդպես էլ մնաց ետին թաթերի վրա մարտի դաշտում միայնակ կանգնած․ նա արդեն թեթև շունչ քաշեց, բայց դեռ շարունակում էր թունոտ ծաղրով ճղճղալ փախչող պոչերի ետևից։
Այսպես պարտվեց ոհմակը, այժմ մնում էր, որ մենք ինքներս գերի վերցնեինք փոքրիկ, բայց կատաղի հակառակորդին։ Սա ավելի հեշտ ստացվեց, քան ենթադրում էինք․ ես մանգուստայի ուշադրությունը գրավեցի, նրա քթի առջև թափահարելով բրեզենտե պարկը, նա նետվեց պարկի վրա և սկսեց կատաղորեն կծոտել այն, իսկ այդ ընթացքում որսորդներից մեկը ետևից գաղտագողի ցանցը նետեց նրա վրա։ Մինչ մենք մանգուստային հանում էինք խճճված ցանցի միջից, նա մեզ ուղղակի խլացրեց իր կատաղի ոռնոցներով և չդադարեց ղժղժալ ամբողջ վերադարձի ճանապարհին։ Բարեբախտաբար, հաստ բրեզենտը փոքր֊ինչ խլացնում էր այդ ճղճղոցը։ Մանգուստան լռեց միայն այն ժամանակ, երբ արդեն Բաֆուտում ես նրան թափ տվի մեծ վանդակի մեջ և նետեցի այնտեղ հավի ճտի արյունլվա գլուխը։ Գերին անմիջապես սկսեց ուտել, փիլիսոփայական խոհեմությամբ, և շուտով լրիվ կերավ, ոչ մի փշուր չթողնելով։ Դրանից հետո մանգուստան լռեց, բայց հենց որ մեզանից մեկն ու մեկը երևում էր նրա աչքին, նետվում էր վանդակի ճաղերի մոտ ու նորից մոլեգնորեն ճղճղում։ Դա, վերջապես, մեզ այնպես ձանձրացրեց, որ ստիպված եղա վանդակի առջև կախել պարկի մի կտոր․ թող այդպես նստի, մինչև որ սովորի մարդկանց։ Երեք օր անց ես ճանապարհից ծանոթ վայնասուն լսեցի, և շատ հեռվից, մինչև որսորդին տեսնելը, հասկացա, որ ինձ մոտ են բերում ևս մի փոքրիկ մանգուստայի։ Ես շատ ուրախացա, որ դա մի երիտասարդ էգ էր, և նրան դրեցի նույն վանդակի մեջ, ուր գտնվում էր առաջին մանգուստան։ Եվ իզուր․ նրանք անմիջապես սկսեցին ճղճղալ երկու ձայնով, աշխատելով մեկը մյուսից ավելի բարձր ճչալ, և այդ դուետը մոտավորապես այնքան դուրեկան էր ու հանգստացուցիչ, որքան դանակի զնգոցը ափսեին խփելիս, այն էլ մի քանի հազար անգամ ուժեղացված։
Վերադառնալով Բաֆուտ առաջին որսից, ես Ֆոնից հրավեր ստացա․ նա հրավիրում էր ինձ խմելու և պատմելու որսի բոլոր նորությունները։ Ես ճաշեցի, հագնվեցի և լայն բակի միջով քայլեցի դեպի Ֆոնի փոքրիկ դղյակը։ Նա նստել էր պատշգամբում և լույսի տակ զննում էր ջինի շիշը՝ շա՞տ է անտեղ դեռ մնացել։
― Օ՜, բարեկամս, ― ասաց նա։ ― Դու եկա՞ր։ Դու լավ որս անել։
― Այո՛, ― պատասխանեցի ես, նստելով առաջարկված աթոռին։ ― Բաֆուտի որսորդները կարողանում են փառահեղ որս անել։ Մենք բռնեցինք երեք որս։
― Հիանալի է, հիանալի, ― ասաց Ֆոնը, լցրեց մի լիքը բաժակ ջին և տվեց ինձ։ ― Դու այստեղ ապրել քիչ ժամանակ և որսալ շատ֊շատ որս։ Ես պատմել իմ բոլոր մարդիկ։
― Այո՛, լավ է։ Ես կարծում եմ, որ Բաֆուտի մարդիկ Կամերունի բոլոր մարդկանցից ավելի լավ են որս անում։
― Այո՛, ճիշտ է, ճիշտ է, ― բավականությամբ հաստատեց Ֆոնը։ ― Դու ասել ճիշտ, բարեկամս։
Մենք բաժակներս վեր բարձրացրինք, խփեցինք, լայն ժպտացինք միմյանց ու խմեցինք։ Ֆոնը նորից լցրեց բաժակները, հետո իր բազմամարդ շքախմբից մեկին ուղարկեց նոր շիշ բերելու։ Երբ մենք գրեթե հասել էինք երկրորդ շշի հատակին ու երկուսս էլ կարգին քնքշացել էինք, Ֆոնը շրջվեց իմ կողմը։
― Դու երաժշտություն սիրե՞լ, ― տեղեկացավ նա։
― Այո՛, շատ, ― անկեղծ սրտով պատասխանեցի ես, որովհետև լսել էի, որ Ֆոնը լավ նվագախումբ ունի։
― Լավ, այդ դեպքում երաժշտություն կլինի, ― ասաց նա և հատ֊հատ ինչ֊որ բան կարգադրեց ծառաներից մեկին։
Շուտով բակում, պատշգամբի մոտ, հայտնվեց նվագախումբը։ Ի զարմանս իմ, այն բաղկացած էր Ֆոնի երկու տասնյակ կանանցից, գրեթե միանգամայն մերկ, եթե չհաշվենք նեղ ազդրակալները։ Կանայք զինված էին ամենատարբեր տեսակի բազմաթիվ թմբուկներով, սկսած փոքրիկ կաթսայի մեծության թմբուկներից մինչև հսկայական, ուռած փորով գործիքները, այնպիսիք, որ մի մարդը չէր կարող բարձրացնել․ այնտեղ կային և փայտե գործիքներ, և բամբուկե սրինգներ, և բամբուկե մեծ տուփեր, որոնք լցված էին չորացած մայիսի սերմերով․ երբ դրանք թափահարում էին, լսվում էր ոչ այն է խշշոց, ոչ այն է ճայթոց։ Բայց այս նվագախմբում ամենազարմանալի գործիքն ինձ համար չորս ոտնաչափ երկարությամբ փայտե խողովակն էր։ Այն բռնում էին կանգնած դիրքով, մի ծայրը գետնին հենած, և փչում էին նրա մեջ հատուկ ձևով, հանելով ցածր, թավ ու դողացող ձայն․ ոչ ոք չէր կարող կասկածել, որ նման ձայնը կարող է լսվել նաև ինչ֊որ ուրիշ տեղից, եթե ոչ միայն զուգարանից, այն էլ եթե զուգարանում բացառիկ ակուստիկա կա։
Նվագախումբը նվագեց, և շուտով Ֆոնի բազմաթիվ տնեցիները սկսեցին պարել բակում։ Դա պարահանդեսային և ժողովրդական պարերի ինչ֊որ միջին տեսակն էր։ Զույգերը գրկելով իրար դանդաղ պտտվում էին, նրանց ոտքերը մանրիկ քայլեր էին անում, ընդ որում կատարելով բավական բարդ շարժումներ, իսկ մարմինները այդ շարժումներից այնպես էին օրորվում ու գալարվում, ինչ չէր թույլատրվի և ոչ մի պարասրահում։ Ժամանակ առ ժամանակ զույգերից մեկը առանձնանում էր, և ամեն մեկը օրորվում ու պտտվում էր իր համար, ամբողջովին երաժշտության ներգործության տակ, յուրաքանչյուրն անում էր իր սեփական պարաքայլը։ Սրինգները ճլվլում ու ծվծվում էին, թմբուկները դխկդխկացնում ու հռնդում էին, մաիսի սերմերով թմբուկները ճայթում ու շրշում էին համաչափ, միօրինակ, այն ալիքների նման, որ տեղից շարժում են փոքրիկ քարերը, և այս ձայների քաոսում անլռելի, թավաձայն սուլում էր հսկայական խողովակը, յուրաքանչյուր վայրկյանը մի անգամ, և այնքան համաչափ, որ ասես մի վիթխարի սիրտ էր բաբախում, ապա սուլոցն ընդհատվում էր բարձր ոռնոցով։
― Քեզ դո՞ւր է գալիս իմ երաժշտությունը։
― Այո՛, շատ լավն է, ― ասացի ես ի պատասխան։
― Իսկ քո երկիր կա՞ այսպիսի երաժշտություն
― Ո՛չ, ― ասացի ես անկեղծ ափսոսանքով, ― մեզ մոտ այդպիսի երաժշտություն չկա։
Ֆոնը երկրորդ անգամ լցրեց իմ բաժակը․
― Շուտով, երբ իմ ժողովուրդը խոտ բերել, մեզ մոտ շատ երաժշտություն լինի, շատ պարեր, հը՞։ Մենք ուրախ ժամանակ կունենանք, մենք բոլորս կլինենք ուժեղ ուրախ, հա՞։
― Այո՛, իհարկե։ Մենք հիանալի կուրախանանք։
Իսկ պատշգամբի տակ նվագախումբը շարունակում էր նվագել, թմբուկների ռիթմիկ զարկն ու շառաչը, թվում էր, մխրճվում էին մութ երկինքը, և նույնիսկ աստղերն էի սկսում երերալ ու պարել նրանց հատուկ ռիթմի տակ։