«Պատերազմ և խաղաղություն»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Պատերազմ և խաղաղություն |հեղինակ =Լև Տոլստոյ |թարգմանիչ = Ստեփան Զորյան |...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 15:08, 21 Մարտի 2016-ի դրությամբ

Պատերազմ և խաղաղություն

հեղինակ՝ Լև Տոլստոյ
թարգմանիչ՝ Ստեփան Զորյան
աղբյուր՝ «Պատերազմ և խաղաղություն»

Առաջին մաս

I

— Eh bien, mon prince. Gênes et Lueques ne sont plus que des apanages, des կալվածները, de la famille Buonaparte. Non, je vous préviens que si vous ne me dites pas que nous avons la guerre, si vous vous permettez encore de pallier toutes les infamies, toutes les atrocités de cet Antichrist (ma parole, j’y crois) — je ne vous connais plus, vous n’êtes plus mon ami, vous n’êtes plus իմ հավատարիմ ստրուկը, comme vous dites[1]։ Է, բարև ձեզ, բարև։ Je vois que je vous fais peur[2], նստեցեք և պատմեցեք։

Այսպես էր խոսում 1805 թվի հուլիսին հայտնի Աննա Պավլովնա Շերերը, կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի մերձավոր ֆրեյլինան, դիմավորելով նշանավոր ու բարձրաստիճան իշխան Վասիլիին, որ առաջին եկողն էր նրա երեկույթին։ Մի քանի օր էր Աննա Պավլովնան հազում էր. իր ասելով՝ գրիպ ուներ (գրիպն այն ժամանակ նոր բառ էր, որ գործ էին ածում շատ սակավ մարդիկ)։ Առավոտյան կարմրազգեստ լաքեյի միջոցով ցրած բոլոր հրավիրատոմսերի մեջ նա միատեսակ գրել էր.

«Si vous n’avez rien de mieux à faire, Monsieur le comte (или mon prince), et si la perspective de passer la soirée chez une pauvre malade ne vous effraye pas trop, je serai charmée de vous voir chez moi entre 7 et 10 heures. Annette Scherer»[3]։

— Dieu, quelle virulente sortie![4]— այդպիսի ընդունելությունից բնավ չշփոթվելով պատասխանեց ներս մտնող իշխանը՝ հագին պալատական ասեղնագործ նշանազգեստ, երկարաճիտ գուլպաներ, կոշիկներ, կուրծքն աստղերով զարդարած, տափակ դեմքին պայծառ արտահայտություն։

Նա խոսում էր այն ընտիր ֆրանսերենով, որով ոչ միայն խոսում, այլև մտածում էին մեր պապերը, և այն հանդարտ, հովանավորող ինտոնացիաներով, որ հատուկ են բարձր շրջանում ապրած և պալատում ծերացած նշանավոր մարդուն։ Նա մոտեցավ Աննա Պավլովնային, համբուրեց նրա ձեռը՝ դեմ անելով նրան անուշահոտ յուղերով օծված ու փայլուն իր ճաղատն ու հանգիստ նստեց բազմոցի վրա։

— Avant tout dites moi, comment vous allez, chère amie?[5] Հանգստացրեք ձեր բարեկամին,— ասաց նա, ձայնը չփոխելով և մի եղանակով, որի մեջ, քաղաքավարության ու համակրանքի ետև, զգացվում էր անտարբերություն և անգամ հեգնանք։

— Ինչպե՞ս կարելի է առողջ լինել... երբ բարոյապես տանջվում ես։ Միթե կարո՞ղ է զգացմունք ունեցող մարդը հանգիստ լինել մեր օրերին,— ասավ Աննա Պավլովնան։— Դուք, հույս ունեմ, ամբողջ երեկոն կմնաք ինձ մոտ։

— Իսկ անգլիական դեսպանի հանսե՞սը։ Այսօր չորեքշաբթի է։ Պետք է երևամ այնտեղ,— ասավ իշխանը։— Աղջիկս կգա իմ ետևից և կտանի ինձ։

— Կարծում էի այսօրվա տոնը հետաձգված է։ Je vous avoue que toutes ces t’êtes et tous ces feux d’artifice commencent à devenir insipides[6].

— Եթե իմանային՝ դուք այդ ցանկանում եք, տոնը կհետաձգեին,— ասավ իշխանը, ըստ սովորության, լարած ժամացույցի պես, ասելով բաներ, որոնց նա չէր էլ ուզի, որ հավատան։

— Ne me tourmentez pas. Eh bien, qu’a-t-on décidé par rapport à la dépêche de Novosilzoff? Vous savez tout[7].

— Ինչպե՞ս ասեմ,— ասավ իշխանը սառը, ձանձրագին եղանակով։— Qu’a-t-on décidé? On a décidé que Buonaparte a brûlé ses vaisseaux, et je crois que nous sommes en train de brûler les nôtres[8].— Իշխան Վասիլին միշտ խոսում էր ծուլորեն, ինչպես դերասանն է ասում հին պիեսի դերը։ Աննա Պավլովնա Շերերը, ընդհակառակը, չնայած իր քառասնամյա տարիքին, լի էր աշխույժով ու եռանդով։

Խանդավառ կին լինելը դարձել էր նրա հասարակական դիրքը, և երբեմն, անգամ երբ նա այդ չէր էլ ուզում, որպեսզի չհիասթափեցնի իրեն ճանաչող մարդկանց՝ դառնում էր խանդավառ։ Զուսպ ժպիտը, որ շարունակ խաղում էր Աննա Պավլովնայի դեմքին, թեև չէր սազում նրա մաշված դիմագծերին, արտահայտում էր, ինչպես երես առած երեխաների մոտ, իր սիրելի պակասության մշտական գիտակցությունը, պակասություն, որից նա չի ուզում, չի կարող և կարևոր չի համարում ուղղվել։

Քաղաքական գործերին վերաբերող զրույցի կեսին՝ Աննա Պավլովնան տաքացավ։

— Ա՛խ, Ավստրիայի մասին մի՛ խոսեք ինձ հետ։ Ես, գուցե ոչինչ չեմ հասկանում, բայց Ավստրիան երբեք պատերազմ չի ցանկացել և չի ցանկանում։ Նա դավաճանում է մեզ։ Ռուսաստանը մենա՛կ պետք է դառնա Եվրոպայի փրկիչը։ Մեր բարերարը գիտի իր բարձր կոչումը և հավատարիմ կմնա դրան։ Ահա մի բան, որին ես հավատում եմ։ Մեր բարի և սքանչելի թագավորին սպասում է մեծագույն մի դեր այս աշխարհում, և նա այնքան առաքինի ու բարի է, որ աստված կօգնի նրան, և նա կիրագործի իր կոչումը՝ կճնշի ռևոլուցիայի հիդրան, որն այժմ էլ ավելի սարսափելի է դարձել՝ հանձին այդ մարդասպանի ու չարագործի։ Մենք մենակ պետք է քավենք անմեղի արյունը... Ո՞ւմ վրա պետք է հույս դնենք, հարցնում եմ ձեզ... Անգլիան իր վաճառականական հոգով չի ըմբռնի և չի կարող ըմբռնել Ալեքսանդր կայսեր հոգու ամբողջ մեծությունը։ Նա հրաժարվեց պարպել Մալթան։ Նա մեր գործողությունների մեջ հետին մտքեր է փնտրում։ Ի՞նչ են ասել նրանք Նովոսիլցևին... Ոչինչ։ Նրանք չեն ըմբռնել, և չեն կարող ըմբռնել անձնազոհությունը մեր կայսեր, որ ոչինչ չի ցանկանում իր համար, այլ ամեն ինչցանկանում է աշխարհի բարօրության համար։ Եվ ի՞նչ խոստացան նրանք։ Ոչինչ։ Եվ ինչ էլ խոստացել են, այն էլ չի լինի։ Պրուսիան հայտարարել է արդեն, թե Բոնապարտն անհաղթելի է և թե ամբողջ Եվրոպան ոչինչ չի կարող նրա դեմ... Եվ ես չեմ հավատում թե՛ Հարդենբերգի և թե Հաուգվիցի ո՛չ մի խոսքին։ Cette fameuse neutralité prussienne, ce n’est qu’un piège[9]. Ես հավատում եմ միայն աստծուն և մեր սիրելի թագավորի բարձր ճակատագրին։ Նա կփրկի Եվրոպան...— Նա հանկարծ կանգ առավ ու հեգնորեն ժպտաց իր բռնկման վրա։

— Ես կարծում եմ,— ասավ իշխանը ժպտալով,— եթե մեր սիրելի Վինցենհերոդեյի փոխարեն ձե՛զ ուղարկեինք, դուք գրոհով կառնեիք պրուսական թագավորի համաձայնությունը։ Դուք այնպես պերճախոս եք։ Դուք ինձ թեյ կտա՞ք։

— Իսկույն։ A propos,— ավելացրեց նա, կրկին հանգստանալով,— այսօր ինձ մոտ երկու շատ հետաքրքրական մարդիկ են լինելու, le vicomte de Mortemart, il est allié aux Montmorency par les Rohans[10]. Ֆրանսիայի լավագույն տոհմերից մեկը։ Դա լավ վտարանդիներից մեկն է, իսկականներից։ Եվ հետո l’abbé Morio[11]. Դուք ճանաչո՞ւմ եք այդ խորամիտ մարդուն։ Թագավորն ընդունել է նրան։ Գիտե՞ք։

— Ա՜։ Շատ ուրախ կլինեմ,— ասավ իշխանը։— Ասացեք,— ավելացրեց նա, կարծես հենց նոր միայն հիշելով ինչ-որ բան և առանձնապես անփույթ, մինչդեռ այն, ինչի մասին հարցնում էր, նրա այցելության գլխավոր նպատակն էր,— ճի՞շտ է, որ l’impératrice-mère[12] ցանկանում է, որ բարոն Ֆունկեն նշանակվի առաջին քարտուղար Վեննայում։ C’est un pauvre sire, ce baron, à ce qu’il paraît[13].— Իշխան Վասիլին ցանկանում է իր որդու համար ձեռք բերել այդ պաշտոնը, որ սակայն կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի միջոցով ջանում էին տալ բարոնին։

Աննա Պավլովնան գրեթե փակեց աչքերը ի նշան այն բանի, որ ոչ ինքը, ոչ ուրիշ մեկը չեն կարող դատել այն բանի մասին, թե ինչն է հաճելի կամ ինչն է դուր գալիս կայսրուհուն։

— Monsieur le baron de Funke a été recommandé à l’impératrice-mère par sa sœur[14],— ասավ նա տխրագին, չոր եղանակով։ Այն վայրկյանին, երբ Աննա Պավլովնան հիշեց կայսրուհուն, նրա դեմքը հանկարծ ընդունեց հավատարմության և հարգանքի խորին ու անկեղծ արտահայտություն, միացած մի տխրության հետ, որ պատահում էր նրան ամեն անգամ, երբ զրույցի մեջ հիշում էր իր բարձր հովանավորուհուն։ Նա ասավ, որ նորին մեծությունը բարեհաճել է բարոն Ֆունկեին ցույց տալ beaucoup d’estime[15], ու նրա նայվածքը նորից մշուշվեց տխրությամբ։

Իշխանն անտարբեր լռեց։ Աննա Պավլովնան իրեն հատուկ պալատական և կանացի ճարպկությամբ ու տակտի արագությամբ, կամեցավ և՛ խայթել իշխանին, որ համարձակվեց այդպես արտահայտվել կայսրուհու հանձնարարած մարդու մասին, և միևնույն ժամանակ մխիթարել նրան։

— Mais à propos de votre famille[16],— ասավ նա,— գիտեք, որ ձեր դուստրը այն օրից, երբ սկսել է հասարակության մեջ երևալ, fait les délices de tout le monde. On la trouve belle comme le jour[17].

Իշխանը գլուխը խոնարհեց ի նշան հարգանքի և երախտագիտության։

— Ես հաճախ մտածում եմ,— շարունակեց Աննա Պավլովնան րոպեական լռությունից հետո, նստած տեղը մոտենալով իշխանին և սիրալիր ժպտալով, կարծես դրանով արտահայտելով, որ քաղաքական ու աշխարհիկ զրույցները վերջացան և այժմ սկսվում է մտերմականը,— ես հաճախ մտածում եմ, թե ինչպես երբեմն անարդար կերպով է բաշխվում կյանքի երջանկությունը։ Ինչո՞ւ համար է բախտը ձեզ տվել այդպիսի երկու հիանալի զավակներ (բացի Անատոլիից, կրտսերից, ես նրան չեմ սիրում),— ավելացրեց նա անառարկելի ձևով, հոնքերը բարձրացնելով,— այդպիսի սքանչելի զավակներ։ Իսկ դուք, ճիշտն ասած՝ շատ քիչ եք գնահատում նրանց և դրա համար նրանց արժանի չեք։

Եվ նա ժպտաց իր խանդավառ ժպիտով։

— Que voulez-vous? Lafater aurait dit que je n’al pas la bosse de la paternité[18],— ասավ իշխանը։

— Թողեք հանաքները։ Ես ցանկանում էի լուրջ խոսել ձեզ հետ։ Գիտեք, ես դժգոհ եմ ձեր կրտսեր որդուց։ Խոսքը մեր մեջ (Աննա Պավլովնայի դեմքը տխուր արտահայտություն ընդունեց), նրա մասին խոսում էին մայր-կայրսուհու մոտ և խղճում ձեզ...

Իշխանը չէր պատասխանում, բայց Աննա Պավլովնան անխոս, խորհրդավորությամբ նայելով նրան, սպասում էր պատասխանի։ Իշխան Վասիլին հոնքերը կիտեց։

— Դուք ի՞նչ եք ցանկանում, որ ես անեմ,— ասավ նա վերջապես։— Դուք գիտեք, որ ես նրանց կրթության, դաստիարակության համար արել եմ բոլորը, ինչ կարող է մի հայր, և երկուսն էլ դուրս եկան des imbéciles[19]։ Իպպոլիտը, գոնե, հանգիստ հիմար է, իսկ Անատոլը՝ անհանգիստ։ Ահա միակ տարբերությունը,— ասավ նա, ժպտալով ավելի անբնական ու ոգևորված, քան սովորաբար, և այդ միջոցին նրա բերանի մոտերքը գոյացած կնճիռներում առանձնապես երևան եկավ ինչ֊որ անսպասելի կոպիտ ու տհաճ մի բան։

— Եվ ինչո՞ւ են ձեզ նման մարդիկ զավակներ ունենում։ Եթե դուք հայր չլինեիք, ես ոչ մի բանում չէի կարող հանդիմանել ձեզ,— ասավ Աննա Պավլովնան, աչքերը մտախոհ վեր բարձրացնելով։

— Je suis votre[20] հավատարիմ ստրուկը, et à vous seule je puis l’avouer. Իմ զավակները — ce sont les entraves de mon existence[21]. Դա իմ խաչն է։ Ես այսպես եմ բացատրում ինձ։ Que voulez vous[22]...— Նա լռեց, մի շարժումով արտահայտելով իր հնազանդությունը դաժան ճակատագրին։

Աննա Պավլովնան մտածմունքի մեջ ընկավ։

— Դուք երբեք չեք մտածել ձեր անառակ որդի Անատոլիին ամուսնացնելու մասին։ Ասում են,— ասավ Աննա Պավլովնան,— թե պառավ աղջիկները ont la manie des mariages[23]. Ես տակավին այդ թուլությունը չեմ զգում մեջս, բայց ես մի petite personne[24] ունեմ, որը շատ դժբախտ է իր հոր հետ, une parente à nous, une princesse[25] Բալկոնսկայան։

Իշխան Վասիլին չէր պատասխանում, թեև աշխարհիկ մարդկանց հատուկ՝ կռահելու և հիշելու արագությամբ, գլխի շարժումով ցույց տվեց, թե նկատի առավ այդ տեղեկությունները։

— Ո՛չ, դուք գիտեք, որ այդ Անատոլն ինձ տարեկան 40 000 է նստում,— ասավ նա, ըստ երևույթին, անկարող լինելով զսպել իր մտքերի տխուր ընթացքը։ Նա լռեց։

— Ի՞նչ կլինի հինգ տարի հետո, եթե այդպես շարունակվի։ Voilà l’avantage d’être père[26]. Ձեր այդ իշխանադուստրը հարո՞ւստ է։

— Հայրը շատ հարուստ է և ժլատ։ Ապրում է գյուղում։ Գիտեք, դա հայտնի իշխան Բալկոնսկին է, որ պաշտոնանկ է արված դեռ հանգուցյալ կայսեր օրոք և պրուսական թագավոր հորջորջումն է ստացել։ Նա շատ խելացի մարդ է, բայց տարօրինակություններով և՝ ծանր բնավորության տեր։ La pauvre petite est malheureuse comme les pierres[27]. Իշխանադուստրը եղբայր ունի, այն, որ վերջերս ամուսնացավ Lise Մեյնենի հետ, Կուտուզովի ադյուտանտն է։ Նա այսօր լինելու է ինձ մոտ։

— Ecoutez, chère Annette[28],— ասավ իշխանը, բռնելով հանկարծ իր խոսակցի ձեռն ու չգիտես ինչու՝ այն դեպի վար թեքելով։— Arrangez-moi cette affaire et je suis votre[29] հավատարիմ ստրուկը à tout jamais (pan — comme mon կառավարիչը m’écrit des[30] զեկուցագրերը покой-ер-п)։ Նա լավ ընտանիքից է և հարուստ։ Ա՛յն, ինչ հարկավոր է ինձ։

Եվ նա իրեն հատուկ ազատ ու մտերմական, նուրբ շարժումներով, բռնեց ֆրեյլինայի ձեռը, համբուրեց այն և, համբուրելով, ճոճեց բազկաթոռի մեջ ընկողմանած ու հայացքն այլ կողմ ուղղելով։

— Attendez[31],— ասավ Աննա Պավլովնան, կռահելով։— Ես այսօր իսկ Lise-ի (երիտասարդ Բալկոնսկու կնոջ) հետ կխոսեմ։ Եվ, թերևս, հաջողի։ Ce sera dans votre famille que je ferai mon apprentissage de vieille fille[32].


  1. Է, Իշխան, Ջենովան ու Լուկկան Բուոնապարտի տոհմի կալվածներն են։ Ոչ, ես ձեզ նախազգուշացնում եմ, եթե ինձ չեք ասի, որ մենք պատերազմ ունենք, եթե դուք էլի թույլ կտաք ձեզ պաշտպանել այդ նեռի (ես, իսկապես, հավատում եմ, որ նա նեռ է) գարշելի ու սարսափելի արարքները,— ես ձեզ այլևս չեմ ճանաչում, դուք այլևս իմ բարեկամը չեք, դուք այլևս իմ հավատարիմ ստրուկը չեք, ինչպես դուք եք ասում։ (ֆրանս.)
  2. Տեսնում եմ, որ ես ձեզ վախեցնում եմ։
  3. «Եթե դուք, կոմս (կամ իշխան) նկատի չունեք ոչինչ ավելի լավը և եթե երեկոն թշվառ հիվանդիս հետ անցկացնելու հեռանկարը ձեզ շատ չի վախեցնում, շատ ուրախ կլինեմ ճեզ այսօր տեսնել իմ տանը յոթ և տասը ժամերի արանքում։ Աննետ Շերեր»։
  4. Օ՜, որպիսի դաժան հարձակում։
  5. Նախ և առաջ ասեք ինչպե՛ս է ձեր առողջությունը, սիրելի բարեկամ։
  6. Խոստովանում եմ բոլոր այդ հանդեսներն ու հրավառությունները անտանելի են դառնում։
  7. Ինձ մի տանջեք։ Հը, ի՞նչ որոշեցին Նովոսիլցևի հեռագրի առթիվ։ Դուք բոլորը գիտեք։
  8. Ի՞նչ որոշեցին։ Որոշեցին, որ Բուոնապարտն այրել է իր բոլոր նավերը, և հենց նույնպես, կարծեմ, պատրաստ ենք այրել մերը։
  9. Պրուսիայի այդ տխրահռչակ չեզոքությունը — թակարդ է միայն։
  10. Ի դեպ — վիկոնտ Մորտեմարը. նա ազգակցություն ունի Սոնմորանսիի հետ Ռոգանների միջոցով։
  11. Աբրա Մորիո։
  12. Մայր-կայսրուհին։
  13. Այդ բարոնը, կարծեմ, խղճուկ անձնավորություն է։
  14. Բարոն Ֆունկեին մայր-կայսրուհուն հանձնարարել է իր քույրը։
  15. Շատ հարգանք։
  16. Ի դեպ ձեր ընտանիքի մասին։
  17. Դարձել է ողջ հասարակության հիացման առարկան։ Նրան գտնում են գեղեցիկ, ինչպես լույսը։
  18. Ի՞եչ եք ուզում դուք, Լաֆատերը կասեր, թե ես ծնողական սիրո ուռուցք չունեմ։
  19. Հիմարներ։
  20. Ես ձեր...
  21. Միայն ձեզ կարող եմ խոստովանել։ Իմ զավակները — իմ գոյության բեռն են։
  22. Ի՞նչ արած։
  23. Ամուսնացնելու մանիա ունեն։
  24. Փոքրիկ անձնավորություն։
  25. Մեր ազգականուհին է, իշխանադուստր...
  26. Ահա հայր լինելու առավելությունը։
  27. Խեղճը դժբախտ է, ինչպես քարերը։
  28. Լսեցեք, սիրելի Աննետ։
  29. Գլուխ բերեք այդ բանը ինձ համար, և ես ընդմիշտ ձեր...
  30. Ինչպես գրում է իմ կառավարիչը։
  31. Սպանեցեք։
  32. Ես ձեր ընտանիքում կսկսեմ սովորել պառավ աղջկա արհեստը։