Changes
Իբրև պատիժ, նա մեկ օրով՝ երկնային օրով, արտաքսվեց երկնքից։ Նա արդեն վաղուց սովոր էր նման պատիժների, որոնց պատճառը նրա անչափ ճարտար լեզուն էր։ Առաջ նրան արտաքսում էին Տարածություն, քանի որ արտաքսման ուրիշ տեղեր չկային, և նա տխուր ճախրում էր այնտեղ՝ հավիտենական խավարի ու արկտիկական ցրտի մեջ։ Բայց հիմա նա որոշեց գտնել Երկիրը և տեսնել, թե ինչպես է առաջ գնում Մարդկության նկատմամբ կատարվող փորձը։ Մի որոշ ժամանակից հետո նա մասնավոր կարգով նամակ գրեց տուն՝ Միքայել և Գաբրիել հրեշտակապետերին, թե ինքը ինչ է տեսել Երկրում։
==Սատանայի նամակը==
Սա շատ տարօրինակ տեղ է, արտասովոր և չափազանց հետաքրքիր։ Մեզ մոտ՝ տանը նման որևէ բան չկա։ Մարդիկ բոլորը խելագար են, մնացած կենդանիները բոլորը խելագար են, Երկիրը խելագար է, և ինքը՝ Բնությունը նույնպես խելագար է։ Մարդը հազվադեպ հետաքրքիր տարօրինակություն է։ Իր լավագույն տեսքով նա նման է ամենացածր կարգի լաքապատված հրեշտակի, իսկ երբ նա իսկապես վատն է, ինչ֊որ աներևակայելի, անպատշաճ մի բան է, ու միշտ, ու ամեն տեղ, ու ամեն բանում նա ծաղրանմանություն է։ Եվ, այնուամենայնիվ, միանգամայն հանգիստ ու անկեղծորեն իրեն անվանում է «աստծու ազնվագույն արարած»։ Ազնի՜վ խոսք։ Եվ չի կարելի ասել, թե այդ գաղափարը նրա գլխում ծագել է վերջերս․ ո՛չ, բոլոր դարերում նա հռչակել է այդ և հավատացել է դրան։ Հավատացել է դրան, և այդ ամբողջ ցեղից ոչ ոք դեռ ոչ մի անգամ չի նկատել, թե դա ինչքան ծիծաղելի է։
Բացի այդ, դիմացեք, նա իրեն համարում է Արարչի սիրեցյալը։ Նա հավատում է, որ Արարիչը իրենով հպարտանում է, նա նույնիսկ հավատում է, որ Արարիչը իրեն սիրում է, իր համար խելագարվում է, գիշերները չի քնում, որպեսզի նրանով հիանա, այո, այո, որպեսզի արթուն նստի նրա կողքին և պահպանի փորձանքներից։ Նա աղոթում է Արարչին և կարծում է, թե Նա իրեն լսում է։ Հաճելի է, չէ՞։ Եվ դեռ իր աղոթքներն էլ ճոխացնում է ամենակոպիտ, բացահայտ շողողքորթություններով ու ենթադրում է, թե իբր, Նա նման անհեթեթ փառաբանություններ լսելով, բավականությունից մռմռում է։ Ամեն օր նա աղոթում է, աղերսելով օգնություն, ողորմածություն ու պաշտպանություն, և աղոթում է հույսով, ու հավատով, թեև մինչև այժմ նրա բոլոր աղոթքներն անխտիր անպատասխան են մնացել։ Բայց այդպիսի ամենօրյա անպատվությունը, ամենօրյա ձախողումը նրան չի վհատեցնում․ նա շարունակում է աղոթել, ասես ոչինչ չի եղել։ Այդ համառության մեջ համարյա թե հիանալի ինչ֊որ բան կա։ Չզարմանաք․ նա կարծումէ, թե երկինք է բարձրանալու։
==Երկրորդ նամակ==
«Բոլորը, ինչ ձեզ պատմում եմ մարդու մասին, զուտ ճշմարտություն է»։ Վաղօրոք ներողություն եմ խնդրում, եթե այդ բառերը երբեմն կրկնվեն իմ նամակներում։ Ուզում եմ, որ դուք լրջորեն վերաբերվեք իմ պատմածներին, իսկ ես էլ զգում եմ, որ եթե լինեի ձեր տեղը, իսկ դուք՝ իմ տեղը, ինձ համար ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ կլիներ նման հիշեցումը, այլապես դյուրահավատությունս կարող էր սպառվել։
Որովհետև մարդու մեջ եղած ամեն բան անմահի համար տարօրինակ է թվում։ Իրերի նկատմամբ նրա հայացքը մերինից տարբեր է․ երևույթների փոխհարաբերության մասին նրա պատկերացումը բնավ նման չէ մերին, իսկ նրա հասկացողություններն այնքան են տարբերվում մերից, որ, չնայած մեր ամբողջ մտածողական ընդունակությանը, մեզանից ամենաշնորհալին անգամ հազիվ թե երբևիցե կարողանա մինչև վերջ հասկանալ նրա տեսակետը։
Ահա ձեզ մի բնորոշ օրինակ․ նա իր համար դրախտ է հորինել, բայց չի թողել, որ այնտեղ մուտք գործի իրեն հայտնի բոլոր հաճույքներից բարձրագույնը՝ էքստազը, որը նրա ցեղը (ինչպես և մերը) ամենից ավելի է գնահատում՝ սեռական գործողությունը։
Դա նույնն է, ինչ շոգ անապատում ծարավից մեռնող ճանապարհորդին նրա փրկիչն առաջարկի այն ամենը, ինչ նա երազել է տառապանքի ժամերին, խնդրելով անել միայն մի բացառություն, և ճանապարհորդը հրաժարվի ջրից։
Մարդու դրախտը նման է իրեն՝ տարօրինակ է, հետաքրքիր, զարմանալի, անհեթեթ։ Արդարև, դրախտում տեղ չի գտնվել ոչ մի բանի համար այն ամենից, ինչ մարդն իրոք գնահատում է։ Այդ դրախտն ամբողջապես ու լիովին բաղկացած է այն զվարճալիքներից, որոնք այստեղ՝ Երկրի վրա մարդուն բնավ էլ դուր չեն գալիս, և, այնուամենայնիվ, նա համոզված է, որ դրախտում դրանք իր ճաշակով կլինեն։ Մի՞թե դա տարօրինակ չէ։ Մի՞թե հետաքրքիր չէ։ Եվ մի կարծեք, թե չափազանցում եմ, բնավ ոչ։ Ես փաստեր կբերեմ։ Մարդկանց մեծամասնությունը չի սիրում երգել, մարդկանց մեծամասնությունը չգիտի երգել, մարդկանց մեծամասնությունը երկու ժամից ավելի ուրիշի երգը տանել չի կարողանում։ Նկատի ունեցեք այս։
Հարյուր մարդուց մոտավորապես երկուսը գիտեն որևէ երաժշտական գործիք նվագել, և այդ նույն հարյուրամյակում հազիվ գտնվեն չորս մարդ, որոնք ցանկանան նվագել սովորել։ Այս էլ նկատի ունեցեք։
Շատ մարդիկ աղոթում են, բայց դրանով զբաղվել սիրում են շատ քչերը։ Միայն հատուկենտ մարդիկ են երկար աղոթում։ Մնացածներն աշխատում են ավելի կարճ աղոթք ընտրել։
Բնավ էլ ոչ բոլոր եկեղեցի գնացողներն են սիրում այնտեղ գնալ։
Հիսուն մարդուց քառասունիննի համար Շաբաթ օր պահելը ամենատաղտկալի ու ամենատխուր պարտականությունն է։
Կիրակի օրը եկեղեցում նստածների երկու երրորդը հոգնում է դեռ ժամասացության կեսին, իսկ մնացածները՝ նախքան դա կավարտվի։
Նրանց բոլորի համար ամենաուրախալի պահն այն է, երբ քահանան ձեռքերը տարածում է օրհնության համար։ Եկեղեցով մեկ տարածվում է թեթևացման մեղմ շունչը, և դուք զգում եք, որ այն լի է երախտագիտությամբ։
Բոլոր ազգերը վերից են նայում մյուս բոլոր ազգերի վրա։
Բոլոր ազգերը որոշ չափով չեն սիրում մյուս բոլոր ազգերին։
Բոլոր սպիտակամորթ ազգերը արհամարհում են մաշկի ցանկացած երանգ ունեցող մնացած բոլոր ազգերին և կեղեքում են նրանց, երբ միայն կարողանում են։
Սպիտակամորթները չեն ցանկանում ամուսնանալ «սևամորթների» հետ և առհասարակ շփվել նրանց հետ։
Նրանք «սևամորթներին» թույլ չեն տալիս մտնել իրենց դպրոցներն ու եկեղեցիները։
Ամբողջ աշխարհը ատում է հրեաներին և նրանց հանդուրժում է միայն այն ժամանակ, երբ նրանք հարուստ են։
Ես ձեզ խնդրում եմ լավ նկատի ունենալ այս բոլոր փաստերը։
Այնուհետև։ Բոլոր նորմալ մարդիկ աղմուկ չեն սիրում։
Բոլոր մարդիկ՝ նորմալները և աննորմալները, բազմազանություն են սիրում։ Միօրինակ կյանքից նրան շուտ են ձանձրանում։
Յուրաքանչյուր մարդ իրեն բաժին հասած մտավոր ընդունակությունների համեմատ մշտապես վարժեցնում է իր միտքը, և այդ վարժությունները նրա կյանքի չափազանց էական, արժեքավոր ու կարևոր մասն են կազմում։ Ամենաթերզարգացած մարդը, ինչպես և ամենակրթվածը, որևէ ընդունակություն ունի և իսկական հաճույք է զգում, երբ գործադրում է այդ ընդունակությունը, ապացուցելով և կատարելագործելով այն։ Փողոցային տղան, որը խաղերի մեջ գերազանցում է ընկերոջը, իր տաղանդից նույնքան ուրախություն է քաղում և նույնպիսի ջանասիրությամբ է այն զարգացնում, ինչպես քանդակագործը, նկարիչը, երաժիշտը, մաթեմատիկոսը և այլոք։ Նրանցից ոչ ոք իրեն երջանիկ զգալ չէր կարող, եթե նրա տաղանդի վրա արգելք դրված լիներ։
Հիմա դուք բոլոր փաստերը գիտեք։ Ձեզ հայտնի է, թե ինչն է դուր գալիս մարդկանց, և ինչը նրանց դուր չի գալիս։ Եվ ահա, մարդկությունը հորինեց դրախտը սեփական հասկացողությամբ, առանց որևէ կողմնակի օգնության։ Ուրեմն, փորձեք կռահել, թե այն ինչի է նման։ Գրազ կգամ, որ չեք կռահի անգամ երկու հարյուր հավերժության ընթացքում։ Ձեզ կամ ինձ հայտնի ամենասուր միտքն անգամ այդ բանը չէր կռահի նույնիսկ հիսուն միլիոն հավերժության ընթացքում։ Սպասեք, հիմա ձեզ ամեն ինչ կպատմեմ։
1. Նախ, ձեզ հիշեցնեմ, այս զարմանալի փաստը, որով ես սկսեցի, այսինքն, որ մարդը, թեև նա անմահների նման, բնականաբար, մյուս բոլոր հաճույքներից բարձր է դասում զուգավորությունը, այնուամենայնիվ, իր դրախտում այդ բանը թույլ չտվեց։ Զուգավորության գաղափարն անգամ նրան գրգռում է։ Երբ նրան հնարավորություն է տրվում իրագործել այդ, նա մոլուցքի մեջ է ընկնում և պատրաստ է խաղաթղթի վրա դնելու իր կյանքը, համբավը, ամեն բան, անգամ իր անմիտ դրախտը, միայն թե օգտագործի այդ առիթը, և հասնի երանելի գագաթնակետին։ Պատանեկությունից սկսած, ընդհուպ մինչը ծերություն, բոլոր տղամարդիկ ու բոլոր կանայք զուգավորությունը մյուս բոլոր հաճույքներից բարձր են դասում, բայց այնուամենայնիվ, ինչպես արդեն ասացի, այն տեղ չունի նրանց դրախտում, դրան փոխարինում է աղոթքը։
Այո, նրանք դա չափազանց բարձր են գնահատում և, այնուհանդերձ, նրանց մյուս բոլոր, այսպես կոչվող, «երանությունների» նման, դա էլ անչափ խղճուկ է։ Նույնիսկ լավագույն դեպքում այդ գործողությունը նրանց մոտ, ես կասեի, աներևակալիորեն կարճատև է՝ անմահի տեսակետից։ Եվ դա կրկնելու համար մարդը սահմանափակված է այն աստիճան, որ․․․ ոչ, անմահներն ի վիճակի չեն հասկանալու դա։ Մենք, որ այդ հաճույքը և նրա բարձրագույն էքստազը հարյուրամյակների ընթացքում զգում ենք անընդհատ ու անդադար, երբեք չենք կարողանա իսկությամբ և պատշաճ կարեկցանքով ըմբռնել մարդկանց սարսափելի աղքատությունն այն ամենում, ինչ վերաբերվում է սքանչելի պարգևին, որը, երբ դրան տիրապետում են այնպես, ինչպես մենք ենք տիրապետում, մնացած բոլոր հաճույքները դարձնում է չնչին ու ոչ մի արժեք չունեցող։
2. Մարդկային դրախտում բոլորը երգում են։ Այն մարդը, որը Երկրի վրա չի երգել, այնտեղ երգում է, այն մարդը, որը Երկրի վրա երգել չի իմացել, այնտեղ ձեռք է բերում այդ ընդունակությունը։ Եվ այդ տիեզերական երգեցողությունը տևում է շարունակ, անընդհատ, չընդմիջվելով րոպեական իսկ լռությամբ։ Այն շարունակվում է օրնիբուն և ամեն օր՝ տասներկու ժամ անընդհատ։ Եվ ոչ ոք չի հեռանում, թեև Երկրի վրա նման տեղը կդատարկվեր արդեն երկու ժամվա ընթացքում։ Եվ երգում են միայն սաղմոսներ։ Բայց ոչ, ընդամենը մեկ սաղմոս։ Բառերը միշտ նույնն են, ընդամենը մոտավորապես մեկ տասնյակ։ Այդ սաղմոսում հանգի նշույլ անգամ չկա կամ որևէ բանաստեղծություն․ «Օվսաննա, օվսաննա, օվսաննա։ Տե՜ր աստված Սաբաովթ, ուռա՜, ուռա՜, ուռա՜, վզզզ, բո՜ւմ․․․ ա֊ա֊ա՜»։
3. Միաժամանակ բոլորը, մինչև վերջին մարդը, տավիղ են նվագում․ բոլոր այդ բյուրավոր մարդիկ, չնայած Երկրի վրա հազար մարդու մեջ քսանն էլ չի գտնվի, որ կարողանա երաժշտական գործիքներ նվագել կամ ուզենա նվագել սովորել։
Պատկերացրեք հնչյունների այդ խլացուցիչ փոթորիկը՝ միաժամանակ ոռնացող միլիոնավոր ու միլիոնավոր ձայներ, և ատամների կրճտոցով դրանց պատասխանող միլիոնավոր ու միլիոնավոր տավիղներ։ Ասացեք ինձ, մի՞թե դա սարսափելի չէ, զզվելի չէ, այլանդակություն չէ։
Եվ հիշեցեք՝ այդ ամենը կատարվում է գովք մատուցելու, բավականություն պատճառելու, շողոքորթելու, իր երկրպագությունն արտահայտելու համար։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե այդ ով է, որ իր բարի կամքով պատրաստ է հանդուրժելու այդպիսի տարօրինակ փառաբանությունը, որը գժանոցին է վայել։ Եվ ո՞վ է, որ ոչ միայն հանդուրժում է այդ, այլև ուրախանում է դրա համար, հաճույք ստանում դրանից, պահանջում այդ բանը, հրամայում, որպեսզի գովքը լինի հենց այդպիսին։ Կարկամեք։
Դա Աստվածն է։ Ես ուզում եմ ասել՝ մարդկային ցեղի աստվածը։ Նա բազմած է Գահին, շրջապատված քսանչորս բարձրաստիճան մեծատոհմիկներով, ինչպես նաև ուրիշ պալատականներով, դիտում է անվերջանալի քառակուսի մղոններով ձգվող իր մոլեգնած երկրպագուներին, և՛ ժպտում է, և՛ մռմռում է, և՛ գոհունակությամբ գլխով է անում դեպի հյուսիս, արևելք, հարավ, պատրաստ երաշխավորելու, որ ամբողջ տիեզերքում դեռ ոչ ոք չի հորինել ավելի անհեթեթ ու պարզամիտ տեսարան։
Դժվար չէ կռահել, որ այդ դրախտի գյուտարարն ինքնուրույն չի հնարել այն, այլ պարզապես իբրև նմուշ վերցրել է Արևելքի խուլ տեղերում կորած մի որևէ պուճուրիկ միապետության պալատական արարողությունները։
Բոլոր նորմալ սպիտակամորթ մարդիկ աղմուկը տանել չեն կարողանում։ Եվ, այնուամենայնիվ, նրանք անվրդով ընդունում են նման դրախտը, առանց խոր մտածելու, առանց խորհրդածելու, առանց հարցն ուսումնասիրելու, և նույնիսկ անկեծորեն ուզում են այնտեղ ընկնել։ Բարեպաշտ ալեհեր ծերունիներն իրենց ժամանակի մեծ մասը նվիրում են երազանքին այն երջանիկ օրվա մասին, երբ կազատվեն երկրային կյանքի հոգսերից և կճաշակեն այնտեղի երանությունը։ Միևնույն ժամանակ հեշտ է նկատել, թե դա ինչքան անիրական է նրանց համար և թե իրականում նրանք որքան քիչ են դրան հավատում, իզուր չէ, որ նրանք ամենևին էլ չեն պատրաստվում մեծ փոփոխությանը․ նրանցից ոչ ոք տավիղով վարժություններ չի կատարում և երբեք չի երգում։
Ինչպես դուք արդեն տեսաք, այդ արտասովոր ներկայացումը հարկավոր է գովք մատուցելու համար, գովք, որ հորդում է սաղմոսի մեջ, գովք, որ արտահայտվում է ծնրադրությամբ։ Այն փոխարինում է «եկեղեցուն»։ Իսկ չէ որ այստեղ, երկրի վրա, մարդիկ տանել չեն կարողանում երկար ժամերգությունները․ մեկ և քառորդ ժամ՝ ահա նրանց սահմանը, և այն էլ շաբաթական մեկ անգամից ոչ ավելի։ Այսինքն կիրակի օրերը։ Յոթից միայն մեկ օր, և անգամ այդպիսի պայմաններում նրանք այդ օրվան սպասում են ոչ այնքան էլ անհամբերությամբ։ Այսպիսով, ի՞նչ է նրանց խոստանում իրենց դրախտը։ Ժամերգություն, որ տևում է հավիտյան, և Շաբաթ օր, որը վերջ չունի։ Նրանք շատ շուտ ձանձրանում են իրենց այստեղի կարճատև շաբաթ օրից, որը շաբաթական միայն մեկ անգամ է լինում և, այնուամենայնիվ, փափագում են, որ այն տևի հավիտյան, նրանք այդ են երազում, նրանք խոսում են այդ մասին, նրանք կարծում են, թե իրենք կարծում են, որ այն իրենց երանություն է խոստանում, հուզիչ միամտությամբ նրանք կարծում են, թե իրենք կարծում են, որ կկարողանան երջանիկ լինել այդպիսի դրախտում։
Իսկ այդ ամենն այն պատճառով, որ նրանք առհասարակ չեն կարողանում մտածել, նրանք միայն կարծում են, թե մտածում են։ Իսկ իրականում նրանք մտածելու ընդունակ չեն, տասը հազար մարդու մեջ հազիվ երկու մարդ գտնեք, որ մտածելու ընդունակություն ունենա։ Իսկ ինչ վերաբերում է նրանց երևակայությանը․․․ Նայեք նրանց դրախտին։ Նրանք ընդունում են դա, նրանք հավանություն են տալիս դրան, նրանք հիանում են դրանով։ Այդքանն էլ բավական է, որպեսզի դուք լրիվ պատկերացում կազմեք նրանց բանականության մասին։
4. Նրանց դրախտի գյուտարարն առանց խտրականության դրա մեջ է լցնում բոլոր ազգերին։ Այն էլ լիակատար հավասարության հիման վրա, առանց բարձրացնելու և առանց ցածրացնելու նրանցից ոչ մեկին․ նրանք պետք է «եղբայրներ» լինեն, միշտ լինեն միասին, միասին աղոթեն, միասին ճնկճնկացնեն տավիղները, միասին երգեն օվսաննա՝ և՛ սպիտակամորթները, և՛ սևամորթները, և՛ հրեաները, և՛ մնացած բոլորը, ոչ մի տարբերություն նրանց մեջ չի դրվում։ Այստեղ, երկրի վրա, բոլոր ազգերն ատում են միմյանց, նրանցից յուրաքանչյուրն ատում է հրեաներին։ Եվ, այնուամենայնիվ, ամեն մի բարեպաշտ մարդ աստվածացնում է այդ դրախտը և փայփայում է այնտեղ ընկնելու իղձը։ Միանգամայն անկեղծորեն։ Եվ սրբազան ցնծության մեջ նա մտածում է, իբր թե մտածում է, որ այնտեղ ընկնելով, ինքը կգրկի երկրային բոլոր ցեղերին և կսկսի նրանց անդադար սեղմել իր կրծքին։
Մարդը մի իսկական հրաշք է։ Կուզեի իմանալ, թե ով է նրան հորինել։
5. Երկրի երեսին յուրաքանչյուր մարդ ունի խելքի իր բաժինը՝ լինի մեծ թե փոքր, և նա հպարտանում է դրանով, ինչպիսին էլ որ այն լինի։ Եվ նրա սիրտը հպարտությամբ է լցվում, երբ լսում է իր ցեղի մեծ մտածողների անունները, և նա սիրում է լսել նրանց զարմանալի գործերի մասին։ Քանի որ նրանք իր արյունակիցներն են և, իրենց փառավորելով, փառավորել են նաև իրեն։ «Ահա՛ թե ինչի է ընդունակ մարդկային բանականությունը», ― բացականչում է նա և թվարկում բոլոր դարերի իմաստուններին, հիշատակելով այն անմահ գրքերը, որ նրանք նվիրել են աշխարհին, տեխնիկայի այն հրաշալիքները, որ նրանք հորինել են՝ այն ողջ փայլը, որ նրանք տվել են գիտությանը և արվեստին, նա խոնարհվում է նրանց առջև այնպես, ինչպես միապետների առջև, և անկեղծորեն նրանց մատուցում է այն բոլոր պատիվները, ինչ կարող է հորինել բերկրանքով լի նրա սիրտը, դրանով իսկ բանականությունը դասելով այն ամենից բարձր, ինչ֊որ կա նրա աշխարհում, և նրան ընդունելով որպես միակ ու գերագույն տիրակալի։ Իսկ այդ ամենից հետո նա դրախտ է սարքում, որտեղ բանականության մի խղճուկ նշույլ անգամ չես գտնի։
Տարօրինա՞կ է, հետաքրքրակա՞ն, անհասկանալի՞։ Եվ, այնուամենայնիվ, բանը հենց այնպես է, ինչպես պատմեցի, թեև դա անհավանական է թվում։ Բանականությայն այդ ամենաանկեղծ երկրպագուն, որն ըստ արժանվույն է գնահատում նրա վսեմ դերն այստեղ՝ երկրի վրա, հորինեց կրոնը և դրախտը, որոնք չեն հարգում բանականությունը, չեն գովաբանում այն, ոչ մի կոպեկի արժեք չեն տալիս դրան, կարճ ասած, նույնիսկ չեն հիշատակում դրա գոյությունը։
Դուք, հավանաբար, արդեն համոզվեցիք, որ մարդկային դրախտը մտահղացվել և կառուցվել է միանգամայն որոշակի ծրագրով, որի էությունն այն է, որ այդ դրախտը պարունակի մինչև վերջին մանրուքը՝ ամեն բան, ինչ զզվելի է մարդու համար, և իր մեջ չունենա ոչ մի հատիկ այնպիսի բան, ոը հաճելի է նրան։
Եվ որքան ավելի խոր ուսումնասիրենք առարկան, այնքան ավելի ակնառու կդառնա այդ ամենազարմանալի փաստը։
Այսպես ուրեմն, հիշեցե՛ք․ մարդկային դրախտում տեղ չկա բանականության համար, դրա համար չկա ոչ մի տեսակի սնունդ։ Մեկ տարվա ընթացքում այն կփտի այնտեղ, կփտի ու կնեխի։ Կփտի, կնեխի և սրբության ձեռք կբերի։ Եվ դա լավ է, որովհետև միայն սուրբը կարող է հանդուրժել խելագարների այդպիսի ապաստարանի ուրախությունները։