Changes

Գարնան տասնյոթ ակնթարթ

Ավելացվել է 30 276 բայտ, 13:46, 4 Հուլիսի 2016
/* «Նրանք ո՞ւմ տեղն են ինձ դրել այնտեղ» */
== «Նրանք ո՞ւմ տեղն են ինձ դրել այնտեղ» ==
 
(''Հանձնարարություն'')
 
<blockquote> (''ՍՍ֊ի (ՌՍԽԱ֊ի 6֊րդ բաժանմունք) շտանդարտենֆյուրեր, 1933 թվականից ՆՍԴԱՊ անդամ ֆոն Շտիրլիցի կուսակցական բնութագրից․ «Իսկական արիացի է։ Բնավորությունը՝ նորդական, հաստատակամ։ Աշխատանքային ընկերների հետ պահպանում է լավ հարաբերություններ։ Անթերի է կատարում իր պարտականությունները։ Անխնա է ռայխի թշնամիների նկատմամբ։ Գերազանց մարզիկ է՝ Բեռլինի չեմպիոն է թենիսի գծով։ Ամուրի է, իրեն վարկաբեկող կապերի մեջ չի նկատվել։ Ունի ֆյուրերի պարգևատրումները և ՍՍ֊ի ռայխսֆյուրերի շնորհակալությունները․․․»'')</blockquote>
 
Շտիրլիցն իր տուն եկավ, երբ նոր֊նոր էր սկսում մթնել։ Նա սիրում էր փետրվարը, ձյուն համարյա չկար, առավոտները սոճիների բարձր կատարները լուսավորում էր արևը, և թվում էր, թե արդեն ամառ է և կարելի է գնալ Մոգելզեե՝ ձուկ բռնելու կամ ճոճաթոռի մեջ քնելու։
 
Այստեղ, Բաբելսբերգի իր փոքրիկ առանձնատանը, բոլորովին մոտ Պոտսդամին, նա այժմ մենակ էր ապրում, նրա տնտեսուհին մի շաբաթ առաջ գնացել էր Թյուրինգիա, բարեկամուհու մոտ՝ նյարդերը չէին դիմացել անվերջանալի ռմբակոծություններին։
 
Հիմա տունը հավաքում էր «Դեպի որսորդը» պանդոկի տիրոջ դեռատի դուստրը։
 
«Հավանաբար, սաքսոնուհի է,— մտածում էր Շտիրլիցը, հետևելով, թե աղջիկն ինչպես մեծ փոշեծծիչով մաքրում էր հյուրասենյակը,— սևուկ է, իսկ աչքերը կապույտ են։ Ճիշտ է, բեռլինյան առոգանություն ունի, բայց մեկ է, հավանաբար նա Սաքսոնիայից է»։
 
— Ժամը քանի՞սն է, — հարցրեց Շտիրլիցը։
 
— Յոթի մոտ․․․
 
Շտիրլիցը քմծիծաղեց, «Երջանի՜կ աղջիկ... նա իրեն կարող է թույլ տալ այդ «յոթի մոտ»֊ը։ Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր կարող են ազատ վարվել ժամանակի հետ, ամենևին չվախենալով հետևանքներից․․․ Բայց Բեռլինյան առոգանությամբ է խոսում, հաստա՛տ։ Նույնիսկ մեկլենբուրգյան բարբառի թէթև խառնուրդով․․․»
 
Լսելով տանը մոտեցող ավտոմեքենայի աղմուկը, նա ձայն տվեց.
 
— Աղջիկս, մի տես քամին էդ ո՞ւմ է բերել։
 
Ներս նայելով փոքրիկ առանձնասենյակը, ուր Շտիրլիցը նստած էր բուխարու մոտ, բազմոցին, աղջիկն ասաց․
 
— Ձեզ մոտ մի պարոն է եկել ոստիկանությունից։
 
Շտիրլիցը վեր ելավ, կոտրատեց մարմինը և գնաց նախասենյակ։ Այնտեղ կանգնած էր ՍՍ֊ի մի ունտերշարֆյուրեր, ձեռքին՝ մեծ զամբյուղ։
 
— Պարոն շտանդարտենֆյուրեր, ձեր վարորդը հիվանդացել է, նրա փոխարեն ես բերեցի պարենը...
 
— Շնորհակալ եմ,— պատասխանեց Շտիրլիցը,— դրեք սառնարանը։ Աղջիկը կօգնի ձեզ։
 
Նա ճանապարհ չդրեց ունտերշարֆյուրերին, երբ սա դուրս գնաց։ Նա բացեց աչքերը, երբ միայն անլսելի առանձնասենյակ մտավ աղջիկն ու դռան մոտ կանգնած կամացուկ ասաց.
 
— Եթե հերր Շտիրլիցը կամենում է, ես կարող եմ գիշերն էլ մնալ։
 
«Աղջիկն առաջին անգամ է այդքան մթերք տեսել,— հասկացավ Շտիրլիցը,— խե՜ղճ աղջիկ»։
 
Նա բացեց աչքերը, նորից ձգմգվեց ու պատասխանեց.
 
— Աղջիկս... երշիկի կեսը և պանիրը կարող ես քեզ վերցնել առանց դրա․․․
 
— Ի՜նչ եք ասում, հերր Շտիրլից,— պատասխանեց աղջիկը,— մթերքի համար չեմ ասում...
 
— Դու սիրահարված ես ինձ, հա՞։ Խելագարվում ես ինձ համար։ Երազիդ ալեխառն մազերս ես տեսնում, չէ՞։
 
— Աշխարհում ամենից շատ ինձ դուր են գալիս ալեխառն մազերով տղամարդիկ։
 
— Դե, լավ, աղջիկս, ալեխառն մազերին մենք դեռ կանդրադառնանք։ Քո ամուսնությունից հետո։ Անունդ ի՞նչ էէ
 
— Մարի... ես ասացի, չէ՞... Մարի։
 
— Հա՛, հա՛, կներես, Մարի։ Վերցրու երշիկն ու կոկետություն մի արա։ Քանի՞ տարեկան ես։
 
— Տասնինն։
 
— Օ՜, արդեն կարգին մեծ աղջիկ ես։ Վաղո՞ւց ես եկել Սաքսոնիայից։
 
— Վաղուց։ Այն ժամանակից, երբ այստեղ տեղափոխվեցին ծնողներս։
 
— Դե, գնա, Մարի, գնա հանգստացիր։ Թե չէ վախենում եմ, հանկարծ սկսեն ռմբակոծել, քեզ համար էլ սարսափելի կլինի ռմբակոծության տակ գնալը։
 
 
Երբ աղջիկը գնաց, Շտիրլիցը լուսամուտները ծածկեց լուսաքողարկիչ ծանր վարագույրներով ու վառեց սեղանի լամպը։ Կոարավ բուխարու վրա և նոր միայն նկատեց, որ փայտերը շարված են այնպես, ինչպես ինքը սիրում է. հավասար, մեկումեջ, և նույնիսկ կեչու կեղևը դրված է կապույտ, կոպիտ ամանի մեջ։
 
«Ես նրան չեմ ասել այս մասին։ Թե չէ... Ասել եմ։ Թոուդիկ... Աղջիկը հիշել գիտե,— մտածեց նա վառելով կեղևը,— երիտասարդների մասին մենք միշտ մտածում ենք ինչպես ծեր ուսուցիչներ և կողքից դա անպայման շատ ծիծաղելի է։ Իսկ ես արդեն վարժվել եմ ինձ ձերունի համարել՝ քառասունյոթ տարեկան...»։
 
Շտիրլիցն սպասեց մինչև կրակը բորբոքվեց բուխարու մեջ, մոտեցավ ընդունիչին ու միացրեց։ Նա Մոսկվա էր լսում՝ հնագույն ռոմանսներ էին հաղորդում։ Շտիրլիցը հիշեց, թե ինչպես մի անգամ Գյորինգն ասաց իր շտաբականներին. «Հակահայրենասիրական բան է թշնամական ռադիո լսելը, բայց մեկ-մեկ շատ եմ ուզում լսել, թե ինչ բարբաջանք են մեր մասին դուրս տալիս նրանք»։ Այն մասին, որ Գյորինգը թշնամական ռադիո է լսում, հայտնել էին և՛ նրա սպասուհին, և՛ վարորդը։ Եթե «№ 2 նացին» այդպիսով փորձում է ալիբի սարքել իր համար, ապա դա վկայում է նրա վախկոտությունը և լիակատար անվստահությունը վաղվա օրվա նկատմամբ։ Ընդհակառակը, մտածում էր Շտիրլիցը, հարկ չկար, որպեսզի Գյորինգը թաքցներ, թե ինքը թշնամական ռադիո է լսում։ Արժեր պարզապես մեկնաբանել թշնամու հաղորդումները, կոպիտ կերպով ծաղրել դրանք։ Դա անպայման կազդեր Հիմմլերի վրա, որն աչքի չէր ընկնում մի առանձին նուրբ մտածողությամբ։
 
Ռոմանսն ավարտվեց դաշնամուրի մեղմ վերջնանվագով։ Մոսկովյան դիկտորի՝ հավանորեն գերմանացու, հեռավոր ձայնը սկսեց հաղորղել այն հաճախականությունները, որոնցով պետք էր լսել հաղորդումները ուրբաթ և չորեքշաբթի օրերը։ Շտիրլիցը գրում էր թվերը․ դա ի՛ր համար նախատեսված հաղորդում էր։ Արդեն վեց օր ինքը դրան էր սպասում։ Նա գրեց թվերը մի հավասար սյունակով, դրանք շատ էին, և ըստ երևույթին երկյուղելով, որ Շտիրլիցը չի հասցնի բոլորը գրառել, դիկտորը կարդաց դրանք երկրորդ անգամ։
 
Գրապահարանից Շտիրլիցը վերցրեց Մոնտենի հատորիկը, թվերը բառերի վերածեց և այդ բառերը համեմատեց գաղտնագրի հետ, որը թաքնված էր ֆրանսիացի մեծ ու հանգիստ մտածողի իմաստուն ճշմարտությունների միջև։
 
«Ո՞ւմ տեղ են դրել ինձ,— մտածեց նա։— հանճարե՞ղ եմ, թե ամենազոր։ Անհավանական բան է․․․»
 
Շտիրլիցն այդպես մտածելու բոլոր հիմքերն ուներ, որովհետև մոսկովյան ռադիոյի միջոցով նրան հաղորդված հանձնարարությունը սա էր.
 
«''Ալեքսը՝ Յուստասին''
 
Ըստ մեր տեղեկությունների, Շվեդիայում և Շվեյցարիայում երևացել են ՍԴ֊ի անվտանգության ծառայության և ՍՍ֊ի բարձրագույն սպաներ, որոնք ելք են փնտրել դեպի դաշնակիցների ռեզիդենտուրաները։ Մասնավորապես, Բեռլինում, ՍԴ֊ի մարդիկ փորձել են կապ հաստատել Ալեն Դալլեսի աշխատողների հետ։ Անհրաժեշտ է ձեզ պարզել, թե այդ կապերի փորձերը 1) մոլորեցում են, 2) ՍԴ֊ի բարձրագույն սպաների անձնական նախաձեռնություն են, թե 3) կենտրոնի առաջադրանքի կատարում։
 
Այն դեպքում, եթե ՍՍ-ի և ՍԴ֊ի այդ աշխատակիցները Բեռլինի հանձնարարությունն են կատարում, անհրաժեշտ է պարզել, թե ով է նրանց ուղարկել այդ հանձնարարությամբ։
 
Կոնկրետ՝ ռայխի բարձրագույն ղեկավարներից ով է կապեր փնտրում Արևմուտքի հետ։
 
''Ալեքս''»
 
Ալեքսը սովետական հետախուզության ղեկավարն էր, իսկ Յուստասն ինքն էր, շտանդարտենֆյուրեր Շտիրլիցը, որը Մոսկվայում հայտնի էր որպես գնդապետ Մաքսիմ Մաքսիմովիչ Իսաև լոկ երեք բարձրաստիճան ղեկավարների․․․
 
 
... Այդ հեռագիրը Յուստասի ձեռքն ընկնելուց վեց օր առաջ Ստալինը, ծանոթանալով արտասահմանում սովետական գաղտնի ծառայության վերջին հաղորդումներին, «Բլիժնայա դաչա» կանչեց հետախուզության պետին և նրան ասաց․
 
— Միայն քաղաքականության մեջ նախադպրոցականները կարող են Գերմանիան վերջնականապես ուժասպառել, դրա համար էլ անվտանգ համարել... Գերմանիան մինչև վերջ սեղմված զսպանակ է, որը պետք է և կարելի է կոտրել, հավասարաչափ հզոր ջանքեր գործադրելով երկու կողմից։ Հակառակ դեպքում, եթե մի կողմից ճնշումը փոխվի դիմհար անելու, զսպանակը կարող է ուղղվելով հարվածել հակառակ ուղղությամբ։ Եվ դա ուժեղ հարված կլինի, նախ, որովհետև հիտլերականների ֆանատիզմն առաջվա պես ուժեղ է և երկրորդ, որովհետև Գերմանիայի ռազմական պոտենցիալը բոլորովին էլ չի սպառվել մինչև վերջ։ Դրա համար էլ Արևմուտքի հակասովետականների հետ ֆաշիստների համաձայնության ամեն տեսակի փորձերը ձեր կողմից պետք է դիտվեն որպես ռեալ հնարավորության։ Բնականաբար,— շարունակեց Ստալինը,— ձեզ հաշիվ պիտի տաք, որ այդ հնարավոր սեպարատ բանակցություններում գլխավոր գործող անձինք կլինեն ավելի շուտ Հիտլերի մերձավորագույն զինակիցները, որոնք հեղինակություն ունեն և՛ կուսակցական ապարատի, և՛ ժողովրդի մոտ։ Նրանք՝ Հիտլերի մերձավորազույն զինակիցները, պետք է դառնան ձեր խիստ ուշադիր հսկողության առարկան։ Անվիճելի է, որ կործանման եզրին կանգնած բռնակալի մերձավորազույն զինակիցները կդավաճանեն նրան, որպեսզի փրկեն իրենց կյանքը։ Դա աքսիոմա է քաղաքական ցանկացած խաղի մեջ։ Եթե ձեզնից վրիպեն հնարավոր այդ գործողությունները, ձեր մեղքը՝ ձեր վիզը։ Չեկան անխնա է,— ծխամորճն անշտապ վառելով, լրացրեց Ստալինը,— ոչ միայն թշնամիների նկատմամբ, այլ նաև նրանց, ովքեր թքնամուն հաղթանակի շանո են տալիս, կամա թե ակամա...
 
 
Ինչ֊որ տեղ, հեռվում ոռնացին օդային տագնապի շչակները և տեղնուտեղը սկսեցին կաղկանձել զենիթային հրանոթները։ Էլեկտրակայանը լույսն անջատեց, և Շտիրլիցը երկար նստեց բուխարու մոտ։
 
«Եթե փակեմ խողովակը,— ծուլորեն մտածեց նա,— երեք ժամ հետո կքնեմ։ Այսպես ասած, ի տեր հանգեավ... Քիչ էր մնացել, այդպես խեղդվելուց պրծանք տատիկի հետ Ցակիմանկայում, երբ նա ժամանակից շուտ փակեց վառարանը, իսկ դրա մեջ դեռ ճիշտ այսպիսի փայտեր կային՝ սև-կարմիր, նույնպիսի կապույտ կրակներով։ Իսկ ծուխը, որից թունավորվեցինք, անգույն էր։ Եվ բոլորովին անհոտ․․․ իմ կարծիքով...»
 
Սպասելով մինչև խանձողները լրիվ սևացան և երբ այլևս չկային օձանման կապույտ կրակներ, Շտիրլիցը փակեց խողովակը և վառեց մեծ մոմը։
 
Մերձակայքում իրար վրա երկու ծանր պայթյուն լսվեց։ «Ֆուգասներ են,— որոշեց նա։— Լավ ֆուգասներ են։ Տղաները հրաշալի են ռմբակոծում։ Պարզապես հոյակապ են ռմբակոծում։ Իհարկե, ցավալի կլինի, եթե վերջին օրերը թրխկացնեն: Մերոնք հետքս էլ չեն գտնի։ Ընդհանրապ ես գարշելի բան է անհայտ մեռնելը։ Սաշենկա,— հանկարծ նա տեսավ կնոջ դեմքը,— փոքր Սաշենկա և մեծ Սաշենկա... Հիմա իսկի միտք չունի շունչ փչել։ Հիմա պետք է ինչ գնով էլ լինի ողջ պրծնել։ Մենակ հեշտ է ապրել, որովհետև սարսափելի չէ զոհվելը։ Իսկ որդուն տեսնելուց հետո սարսափելի է մեռնելը»։
 
Նա հիշեց իր պատահական հանդիպումը որդու հետ Կրակովում, ուշ գիշերով։ Նա հիշեց, թե ինչպես որդին եկավ իր մոտ՝ հյուրանոց և ինչպես իրենք, ռադիոն միացրած, փսփսում էին և որքան տանջալի էր նրանից հեռանալը։ Որդին ճակատագրի կամոք իր ուղին էր ընտրել։ Շտիրլիցը գիտեր, որ որդին այժմ Պրագայում է, որ պետք է այդ քաղաքը փրկի պայթեցումից ճիշտ այնպես, ինչպես ինքը և մայոր Վիխրը փրկեցին Կրակովը։
 
...Քառասուներկու թվականին, Վելիկիե Լուկիի տակ, ռմբակոծության ժամանակ զոհվեց Շտիրլիցի վարորդը՝ լռակյաց, մշտաժպիտ Ֆրից Ռոշկեն։ Ազնիվ տղա էր. Շտիրլիցը գիտեր, որ նա հրաժարվել էր գեստապոյի լրտես դառնալ և իր վրա ոչ մի զեկուցագիր չէր գրել, թեև նրան այդ մասին ՌՍԽԱ֊ի չորրորդ բաժանմունքից խնդրում էին բավական համառորեն։
 
Ցնցումից ապաքինվելով, Շտիրլիցը գնաց Կարլսհորստի մերձակայքում գտնվող տունը, ուր ապրում էր Ռոշկեի այրին։ Կինը պառկած էր չտաքացվաձ տան մեջ ու զառանցում էր։ Ռոշկեի մեկուկես տարեկան որդին՝ Հենրիխը սողում էր հատակին և կամացուկ լալիս. տղան բղավել չէր կարող, ձայնը կտրվել էր։ Կնոջը տարան հոսպիտալ՝ թոքերի կրուպոզ բորբոքում ուներ։ Շտիրլիցը տղային իր մոտ վերցրեց։ Նրա տնտեսուհին, ծեր ու բարի այդ կինը, լողացրեց փոքրիկին և տաք կաթ խմեցնելով, ցանկանում էր իր մոտ քնեցնել։
 
— Նրա անկողինը ննջասենյակում գցեք,— ասաց Շտիրլիցը,— թող նա ինձ մոտ լինի։
 
— Երեխաները գիշերները շատ են բղավում։
 
— Իսկ գուցե ես հենց այդ եմ ուզում,— ցածրաձայն պատասխանեց Շտիրլիցը,— գուցե ես շատ եմ ուզում լսել, թե ինչպես են գիշերները լաց լինում փոքրիկ երեխաները։
 
Ծեր կինը ծիծաղեց. «Ի՞նչ հաճելի բան կա դրա մեջ։ Տանջանքից բացի ուրիշ ոչինչ»։
 
Բայց տանտիրոջ հետ չվիճեց։ Արթնացավ ժամը երկուսին։ Ննջասենյակում գոռում֊պատռվում էր փոքրիկը։ Պառավը հագավ տաք մգդակած խալաթը, շտապ սանրվեց ու ներքև իջավ։ Ննջասենյակում լույս տեսավ։ Շտիրլիցը քայլում էր սենյակում, կրծքին սեղմած ծածկոցի մեջ փաթաթված մանկանը, մեղմաձայն ինչ֊որ բան երգելով։ Պառավը Շտիրլիցի դեմքը երբեք այդպես չէր տեսել։ Անճանաչելիության աստիճան փոխվել էր, և տնտեսուհին սկզբում նույնիսկ մտածեց. «Նա՞ է արդյոք»։ Շտիրլիցը՝ սովորաբար չոր, ձգված, ջահելադեմ, հիմա շատ ձեր, թերևս կանացի էր դարձել։
 
Առավոտյան կողմ տնտեսուհին մոտեցավ ննջասենյակի դռանը և երկար ժամանակ չէր համարձակվում բախել։ Սովորաբար Շտիրլիցը ժամը յոթին սեղան էր նստում։ Նա սիրում էր, որ բլիթները տաք֊տաք լինեն, դրա համար էլ տնտեսուհին դրանք պատրաստում էր վեցն անց կեսին, հաստատ գիտենալով, որ մեկ անգամ ընդմիշտ հաստատված ժամին Շտիրլիցը կխմի մի բաժակ սուրճ, առանց կաթի և շաքարի, ապա բլիթին մարմելադ կքսի և կխմի երկրորդ բաժակ սուրճը, այժմ արդեն կաթով։ Այն չորս տարիների ընթացքում, ինչ տնտեսուհին ապրում էր Շտիրլիցի տանը, վերջինս ոչ մի անգամ չէր ուշացել սեղան նստել։ Հիմա ժամը ութն էր, իսկ ննջասենյակում լռություն էր տիրում։ Նա կիսաբաց արեց դուռն ու տեսավ, որ Շտիրլիցն ու փոքրիկը քնած են լայն մահճակալի վրա։ Տղան պառկած էր մահճակալի լայնքով, կրունկները սեղմած Շտիրլիցի մեջքին, իսկ սա հրաշքով տեղավորվել էր ամենածայրին։ Ըստ երևույթին, տանտերը լսեց, թե տնտեսուհին ինչպես բացեց դուռը, որովհետև իսկույն բացեց աչքերը և ժպտալով մատը տարավ շրթունքներին։ Նա շշուկով էր խոսում անգամ խոհանոցում, երբ այդտեղ մտավ իմանալու, թե տնտեսուհին ինչով է պատրաստվում կերակրել փոքրիկին։
 
— Քրոջս տղան ինձ ասել է, որ միայն ռուսներն են երեխաներին իրենց մահճակալում քնեցնում,— ժպտաց պառավը։
 
— Հա՞,— զարմացավ Շտիրլիցը։— Ինչո՞ւ։
 
— Խոզ են, դրա համար։
 
— Ուրեմն, դուք ձեր տանտիրոջը խո՞զ եք համարում,— քրքրջաց Շտիրլիցը։
 
Տնտեսուհին շփոթվեց, կարմրատակեց.
 
— Օ՜, պարոն Շտիրլից, ինչպե՜ս կարելի է... Դուք երեխային ձեր մահճակալը վերցրիք, որպեսզի փոխարինեք նրա ծնողներին։ Դա գալիս է ազնվությունից ու բարությունից...
 
Շտիրլիցը զանգահարեց հոսպիտալ։ Նրան ասացին, որ Աննա Ռոշկեն մահացել է մեկ ժամ առաջ։ Շտիրլիցը տեղեկացավ, թե որտեղ են բնակվում զոհված վարորդի և Աննայի հարազատները։ Ֆրիցի մայրը պատասխանեց, որ ապրում է մենակ, շատ հիվանդ է և հնարավորություն չունի թոռանը պահել։ Աննայի հարազատները զոհվել էին Էսսենում, բրիտանական ավիացիայի ռմբակոծության ժամանակ։ Ինքն իր վրա զարմանալով Շտիրլիցը թաքուն հրճվանք ապրեց՝ այժմ ինքը կարող է որդեգրել փոքրիկին։ Նա այդպես էլ կվարվեր, եթե Հենրիխի ապագայի նկատմամբ երկյուղ չունենար։ Նա գիտեր այն մարդկանց երեխաների վիճակը, ովքեր ռայխի թշնամիներն էին դառնում։ Մանկատուն, ապա համակենտրոնացման ճամբար, վերջում՝ վառարան․․․
 
Շտիրլիցը փոքրիկին ուղարկեց սարերը՝ Թյուրինգիա, տնտեսուհու ընտանիքի մոտ։
 
— Դուք իրավացի եք,— ծիծաղելով ասաց նա տնտեսուհուն առավոտյան նախաճաշին,— փոքրիկ երեխաները շատ ծանր բեռ են միայնակ տղամարդկանց համար...
 
Տնտեսուհին ոչինչ չպատասխանեց, միայն շինծու ժպտաց։ Այնինչ ուզում էր ասել, որ ղաժան ու անմարդկային է այդ էրեք շաբաթվա ընթացքում իրեն սովորեցնել փոքրիկին, իսկ հետո ուղարկել սարերը, նոր մարդկանց մոտ։ Ուրեմն, պստիկը նորից պիտի վարժվեր, նորից հավատ ձեռք բերեր նրա նկատմամբ, ով գիշերը քնում է կողքին և օրորելով մեղմաձայն ու բարի երգեր երգում։
 
— Ես հասկանում եմ,— ավարտեց Շտիրլիցը,— դա ձեզ դաժանություն է թվում։ Բայց ի՞նչ անեն իմ մասնագիտության տեր մարդիկ։ Միթե ավելի լա՞վ կլինի, եթե նա երկրորդ անգամ որբանա։
 
Տնտեսուհուն միշտ զարմացնում էր իր մտքերը կռահելու՝ Շտիրլիցի ունակությունը,
 
— Օ՜, ոչ,— ասաց նա,— ձեր արարքը ամենևին էլ դաժանություն չեմ համարում։ Պարոն Շտիրլից, ձեր արածը խելացի է, վերին աստիճանի խելացի։
 
Պառավը նույնիսկ չհասկացավ՝ ինքը հիմա ճշմարի՞տն ասաց, թե՝ ստեց, վախենալով, որ Շտիրլիցը դարձյալ հասկացավ իր մտքերը...
 
Շտիրլիցը վեր ելավ և մոմը վերցնելով մոտեցավ սեղանին։ Մի քանի թերթ թուղթ հանեց ու փռեց դիմացը, այնպես, ինչպես խաղաքարտերը պասյանսի դեպքում։ Մի թղթի վրա նկարեց գեր ու բարձրահասակ մարդու։ Նա ցանկացավ ներքևում գրել Գյորինգ, բայց չգրեց։ Երկրորդ թղթի վրա նկարեց Գեբբելսի դեմքը, երրորդի վրա մի ազդու, սպիով դեմք՝ Բորմանը։ Քիչ մտածելով, չորրորդ թերթի վրա գրեց «ՍՍ-ի ռայխսֆյուրեր»։ Դա նրա շեֆի՝ Հենրիխ Հիմմլերի տիտղոսն էր։
 
 
... Հետախույզը, եթե հայտնվում է կարևորագույն իրադարձությունների հանգուցակետում, պետք է անսահմանորեն հուզական, անգամ զգացմունքային մարդ լինի, դերասանի պես։ Բայց այդ դեպքում նրա հույզերը վերջին հաշվով պիտի ենթարկվեն խիստ ու հստակ տրամաբանությանը։
 
Շտիրլիցը, երբ գիշերները, այն էլ սակավադեպ, թույլ էր տալիս իրեն Իսաև զզալ, այսպես էր դատում․ ի՞նչ ասել է իսկական հետախույզ։ Տեղեկություններ հավաքել, մշակել օբյեկտիվ տվյալներն ու դրանք կենտրոն հաղորդել՝ քաղաքական ընդհանրացման և որոշում կայացնելու համար։ Թե՞ անել ''իր'' անձնական հետևությունները, նշել ''իր'' հեռանկարը, առաջարկել ''իր'' նկատառումները։ Իսաևը գտնում էր, որ եթե հետախուզությունը զբաղվի քաղաքականության պլանավորմամբ, այդ ժամանակ կստացվի, որ երաշխավորությունները շատ կլինեն, տեղեկությունները՝ քիչ։ Նա գտնում էր, որ շատ վատ է, երբ հետախուզությունը լիովին ենթարկված է քաղաքական, վաղօրոք ճշտված գծին։ Այդ էր բանը, երբ Հիտլերը, հավատալով Սովետական Միության թուլությանը, չլսեց զինվորականների զգույշ կարծիքները՝ Ռուսաստանն այնքան թույլ չէ, որքան թվում է։ Դա նույնքան վատ է, մտածում էր Իսաևը, որքան այն, երբ հետախուզությունը ճգնում է իրեն ենթարկել քաղաքականությանը։ Իդեալական է, երբ հետախույզը հասկանում է իրադարձությունների զարգացման հեռանկարը և քաղաքագետներին է ներկայացնում մի շարք հնարավոր, իր կարծիքով առավել նպատակահարմար որոշումներ։
 
Իսաևը գտնում էր, որ հետախույզը կարող է կասկածել իր կանխորոշումների անսխալականությանը, միայն մի բանի իրավունք չունի նա. իրավունք չունի կասկածել դրանց լիակատար օբյեկտիվոլթյանը։
 
Այժմ ձեռնարկելով այն նյութի վերլուծությունը, որ կարողացել էր հավաքել ամբողջ այդ տարիների ընթացքում, Շտիրլիցն ահա թե ինչու պարտավոր էր նժարի վրա դնել իր բոլոր «կողմ» և «դեմ»-երը. հարցը վերաբերում էր Եվրոպայի ճակատագրին, և վերլուծության մեջ սխալվել ոչ մի կերպ չէր կարելի։
 
 
== Տեղեկություն խորհրդածության համար ==
 
(''Գյորինգ'')
Վստահելի
1318
edits