Changes

Պրոֆեսոր Դոուելի գլուխը

Ավելացվել է 23 554 բայտ, 17:15, 16 Հուլիսի 2016
/* Մեծ քաղաքի զոհերը */
==Մեծ քաղաքի զոհերը ==
Այն օրից, երբ Լորանն իմացավ գլխի գաղտնիքը, նա սկսեց սաստիկ ատել Կերնին։ Եվ այդ զգացումն օրեցօր ուժեղանում էր։ Նա քնում և զարթնում էր այդ զգացմունքով։ Նա Կերնին տեսնում էր սոսկալի մղձավանջային երազներում, ուղղակի հիվանդացել էր ատելությամբ։ Վերջին ժամանակներս Կերնին հանդիպելիս հազիվ էր կարողանում զսպել իրեն, որ ուղղակի նրա երեսին չասեր. մարդասպան։
 
Լորանն իրեն պահում էր զսպված ու սառը։
 
— Կերնը հրեշավոր ոճրագործ է,— բացականչում էր Մարին, մենակ մնալով գլխի հետ։ — Ես մատնելու եմ նրան... Ես պետք է գոռամ, բղավեմ նրա հանցանքի մասին, չեմ հանգստանա, մինչև չմերկացնեմ նրա գողացած փառքը, չբացեմ նրա բոլոր չարագործությունները։ Ես ինձ չեմ խնայի...
 
— Սո՜ւս. հանգստացեք,— համոզում էր գլուխը,— ես արդեն ձեզ ասացի, որ իմ մեջ չկա վրեժի զգացում։ Սակայն եթե ձեր բարոյական զգացումը խռովված է և ծարավի է վրեժխնդրության, ես ձեզ չեմ համոզի, որ դուք ետ կանգնեք ձեր մտադրությունից... Միայն մի՛ շտապեք։ Ես խնդրում եմ, սպասեք մինչև մեր փորձերն ավարտենք։ Չէ՞ որ այժմ ես էլ Կերնի կարիքն ունեմ, ինչպես նա՝ իմ։ Նա առանց ինձ չի կարող վերջացնել աշխատանքը, և ոչ էլ ես՝ առանց նրան։ Իսկ չէ՞ որ այս է այն ամենը, ինչ մնացել է ինձ... Ավելին. ես այլևս ստեղծել չեմ կարող, սակայն սկսված աշխատանքները պետք է ավարտվեն։
 
Առանձնասենյակում ոտնաձայներ լսվեցին։
 
Լորանն իսկույն փակեց ծորակը և նստեց գիրքը ձեռքին, դեռևս հուզված դրությամբ։ Դոուելի գլուխը իջեցրեց կոպերը, քնի մեջ խորասուզված մարդու նման։
 
Ներս մտավ պրոֆեսոր Կերնը։
 
Նա կասկածանքով նայեց Լորանին։
 
— Բանն ինչո՞ւմն է։ Դուք հուզված եք երևվում։ Ամեն ինչ կարգի՞ն է։
 
— Ոչ... Ոչինչ... ամեն ինչ կարգին է... ընտանեկան անախորժություններ...
 
— Տվե՛ք ձեր զարկերակը...
 
Լորանը տհաճորեն երկարացրեց ձեռքը։
 
— Արագ է խփում... Ջղերը կարգին չեն։ Ջղային մարդկանց համար, իհարկե, ծանր է այս աշխատանքը, սակայն ես ձեզանից գոհ եմ, ես կրկնապատկում եմ ձեր աշխատավարձը։
 
— Ես կարիք չունեմ, շնորհակալ եմ ձեզանից։
 
— «Ես կարիք չունե՞մ»։ Ո՞ւմ փող հարկավոր չէ։ Չէ՞ որ դուք ընտանիք ունեք։
 
Լորանը ոչինչ չպատասխանեց։
 
— Ահա թե ինչ։ Պետք է մի քանի նախապատրաստություններ։ Պրոֆեսոր Դոուելի գլուխը մենք կդնենք լաբորատորիայի հետևի սենյակում, ժամանակավորապես, պաշտոնակից, ժամանակավորապես։— Դուք քնած չե՞ք,— դարձավ նա գլխին։— Իսկ վաղն այստեղ կբերեն երկու թարմ դիակ, և մենք նրանցից կպատրաստենք երկու լավ խոսող գլուխներ և կցուցադրենք դրանց գիտական ընկերությունում։ Ժամանակն է հրապարակելու մեր հայտնագործությունները։
 
Եվ Կերնը նորից նայեց Լորանին խուզարկու հայացքով։
 
Որպեսզի ժամանակից առաջ հանդես չբերի իր ատելության ուժը, Լորանն իրեն ստիպեց անտարբեր տեսք ընդունել և շտապեց իր գլխում ծագած առաջին հարցր տալ.
 
— Ո՞ւմ դիակներր պետք է բերեն։
 
— Ես չգիտեմ, և ոչ ոք չգիտի այդ, որովհետև այժմ դրանք դեռ դիակներ չեն, այլ կենդանի և առողջ մարդիկ։ Մեր երկուսիցս էլ առողջ։ Այս բանը ես կարող եմ ասել վստահ կերպով։ Ինձ հարկավոր են բացարձակապես առողջ մարդկանց գլուխներ, սակայն վաղը նրանց սպասում է մահը։ Իսկ մի ժամից ոչ ուշ նրանք այստեղ կլինեն, պրոզեկտորական սեղանի վրա։ Ես արդեն կհոգամ այս մասին։
 
Լորանը, որ պրոֆեսոր Կերնից սպասում էր ամեն բան, նրան նայեց այնպիսի վախեցած հայացքով, որ մի վայրկյան Կերնը շփոթվեց, իսկ հետո բարձր ծիծաղեց.
 
— Ավելի հեշտ բան չկա։ Ես պատվիրեցի երկու թարմ դիակ դիասրահում։ Գիտեք, բանը նրանումն է, որ քաղաքը - ժամանակակից այդ մոլոխը - պահանջում է ամենօրյա մարդկային զոհեր։ Ամեն օր, բնության անխախտելի օրենքի համաձայն, քաղաքում փողոցային երթևեկության հետևանքով սպանվում են մի քանի հոգի, չհաշված գործարաններում, ֆաբրիկաներում և նորակառույցներում տեղի ունեցած դժբախտ պատահարները։ Եվ ահա այս դատապարտված, կենսուրախ, լիաուժ և առողջ մարդիկ այսօր կքննեն, չիմանալով, թե վաղն ինչ է սպասում իրենց։ Վաղ առավոտյան նրանք կարթնանան և ուրախ երգելով կհագնվեն, որպեսզի, ինչպես նրանք մտածում են, գործի գնան, իսկ իրականում՝ դիմավորելու իրենց անխուսափելի մահվան։ Միևնույն ժամանակ քաղաքի մի ուրիշ ծայրում նույնպես անհոգ երգելով պետք է հագնվի նրանց ակամա դահիճը — շոֆերը կամ վագոնավարը։ Այնուհետև զոհը դուրս կգա իր բնակարանից , իսկ քաղաքի հակառակ ծայրից՝ իր գարաժից կամ տրամվայի պարկից դուրս կգա դահիճը։ Հաղթահարելով փողոցային շարժման հեղեղը, նրանք համառորեն պիտի իրար մոտենան, իրար չճանաչելով մինչև փողոցի հատման ճակատագրական կետը։ Հետո մի պահ նրանցից մեկը կշփոթվի և ահա պատրաստ է։ Փողոցային շարժման զոհերի թիվը նշող վիճակագրական հաշվեթերթերում ավելացվում է մի դեպք ևս։ Փողոցի հատման ճակատագրական այս կետում հազարավոր նման դեպքեր են լինում։ Բայց չնայած դրան, այս բոլորն անխուսափելիորեն կատարվելու է ժամացույցի մեխանիզմի ճշգրտությամբ, որը մի վայրկյանում շարժում է մի հարթության վրա երկու սլաք, որոնք գնում են տարբեր արագությամբ։
 
Պրոֆեսոր Կերնը դեռևս երբեք այսպես երկար չէր զրուցել Լորանի հետ։ Իսկ այդ անսպասելի առատաձեռնությունը...
 
«Ուզում է ինձ սիրաշահել, կաշառել»,— մտածեց Լորանը։— «Նա, կարծես, կասկածում է, որ ես կռահում եմ կամ նույնիսկ շատ բան գիտեմ։ Սակայն նրան չի հաջողվի կաշառել ինձ»։
 
 
== Լաբորատորիայի բնակիչները ==
 
Առավոտյան պրոֆեսոր Կերնի լաբորատորիայի պրոզեկտորական սեղանի վրա դրված էին երկու թարմ դիակ։
 
Այս երկու գլուխները, որոնք նշանակված էին հրապարակային ցույցի համար, չպետք է իմանային պրոֆեսոր Դոուելի գոյության մասին։ Եվ դրա համար էլ Կերնը հեռատեսորեն պրոֆեսոր Դոուելի գլուխը աեղափոխել էր հարևան սենյակը։
 
Տղամարդու դիակը պատկանում էր 30 տարեկան մի բանվորի, որը զոհ էր գնացել փողոցային երթևեկության հեղեղին։ Այդ ուժեղ մարմինը ջարդվել էր։ Նրա կիսաբաց, կանգ առած աչքերում սառել էր սարսափը։
 
Պրոֆեսոր Կերնը, Լորանը և Ջոնը սպիտակ խալաթներ հագած աշխատում էին դիակների վրա։
 
— Կային էլի մի քանի դիակներ,— ասում էր պրոֆեսոր Կերնը։— Մի բանվոր փայտամածից էր ընկել։ Խոտանեցի։ Ցնցումից կարող էր վնասված լինել ուղեղը։ Խոտան հանեցի նաև մի քանի ինքնասպանների, որոնք թույն էին խմել, իսկ այս տղան՝ հարմար գուրս եկավ։ Ահա՛, այս գիշերային գեղեցկուհին ևս...
 
նա գլխի շարժումով ցույց տվեց կնոջ դիակը, որի դեմքը գեղեցիկ էր, բայց թառամած։ Դեմքի վրա դեռևս պահպանված էին կարմիր գույնի և գրիմամատիտի հետքերը։ Դեմքը հանգիստ էր։ Միայն վեր ցցված հոնքերը և կիսաբաց բերանը ինչ֊որ մանկական զարմանք էին արտահայտում։
 
— Ռեստորանի երգչուհի։ Սպանվել է հարբած սրիկաների վեճի ժամանակ պատահական գնդակից։ Ուղիղ սրտին է կպել։ Տեսնո՞ւմ եք։ Դիտմամբ չէիր կարող այսպես խփել։
 
Պրոֆեսոր Կերնը աշխատում էր արագ և վստահ։ Գլուխները բաժանված էին մարմիններից, դիակները՝ հեռացված։
 
Էլի մի քանի րոպե, և գլուխներն արդեն դրված էին բարձր սեղանների վրա։ Կոկորդում, երակներում և քներակներում մտցված էին խողովակներ։
 
Պրոֆեսոր Կերնը գտնվում էր հաճելի գրգռված կացության մեջ։ Մոտենում էր նրա հաղթանակի վայրկյանը։ Նա չէր կասկածում իր հաջողությանը։
 
Գլուխների առաջիկա ցուցադրման և պրոֆեսոր Կերնի զեկուցմանը հրավիրված էին գիտական աշխարհի պայծառ աստղերը։ Հմուտ մարդկանց միջոցով ղեկավարվող մամուլը տպագրել էր նախնական հողվածներ, որոնց մեջ պրոֆեսոր Կերնի գիտական հանճարն էր հռչակել։ Ժուռնալները տպել էին նրա նկարը։ Կերնի ելույթը մեռած մարդկային գլուխների կենդանացման ապշեցուցիչ փորձերի հետ՝ ազգային գիտության հաղթանակ էին հայտարարել։
 
Ուրախ սուլելով, պրոֆեսոր Կերնը լվաց ձեռքերը, ծխեց սիգարը և ինքնահավան նայեց իր առջև դրված գլուխներին։
 
— Խե՛-խե՛։ Սկուտեղի վրա ընկել է ո՛չ միայն Յոհանի, այլև Սալոմեի գլուխը։ Վատ հանդիպում չէ։ Մնում է միայն բաց անել ծորակը, և մեռածները կվերակենդանանան։ Է՛հ, ինչ կա որ, օրիորդ։ Վերակենդանացրեք։ Բացեք բոլոր երեք ծորակները։ Այս մեծ գլանը պարունակում է սեղմած օդ և ոչ թե թույն, խե-խե...
 
Լորանի համար վաղուց այդ նորություն չէր։ Սակայն նա ցույց չէր տալիս, որ գիտե։
 
Կերնը հանկարծ մռայլվեց և լուրջ կերպարանք ընգունեց։ Մոտենալով Լորանին նա, շեշտելով յուրաքանչյուր խոսքը, ասաց.
 
— Սակայն , խնդրում եմ պրոֆեսոր Դոուելի մոտ օդի ծորակը չբանալ։ Նրա... ձայնալարերը վնասված են և...— Որսալով Լորանի կասկածոտ հայացքը, նա ջղայնացած ավելացրեց,— ինչ էլ որ լինի... ես արգելում եմ ձեզ, եղեք հնազանդ, եթե չեք ուզում խոշոր անախորժություններ ունենալ։
 
Եվ նորից ուրախանալով, նա սկսեց ծոր տալով երգել «Պայացներ» օպերայի մոտիվը։
 
— Այսպես ուրեմն, մենք սկսում ենք։
 
Լորանը բաց արավ ծորակները...
 
Կյանքի առաջին նշանները սկսեց ցույց տալ բանվորի գլուխը։ Հազիվ նկատելի շարժվեցին կոպերը։ Բիբերը դարձան թափանցիկ։
 
— Ցիրկուլյացիա կա։ Ամեն ինչ լավ է ընթանում...
 
Հանկարծ աչքերը փոխեցին իրենց ուղղությունը, դարձան դեպի պատուհանի լույսը։ Դանդաղորեն վերադառնում էր գիտակցությունը։
 
— Ապրում է,— ուրախ բացականչեց Կերնը։— Տվեք ավելի ուժեղ օդի հոսանք։
 
Լորանը ծորակն ավելի լայն բաց արավ, օդը սուլեց կոկորդում։
 
— Այս ի՞նչ է... Որտե՞ղ եմ ես...— հազիվ լսելի արտասանեց գլուխը։
 
— Դուք հիվանդանոցումն եք, բարեկամ,— ասաց Կերնը։
 
— Հիվանդանոցո՞ւմ...— գլուխն աչքերը դարձրեց ներքև և իր տակը տեսավ դատարկ տարածություն։
 
— Իսկ ո՞ւր են իմ ոտքերը։ Ո՞ւր են իմ ձեռքերը։ Ո՞ւր է իմ մարմինը...
 
— Չկա՛ն, սիրելի՛ս։ Նրանք ջարդուփշուր են եղել, միմիայն գլուխն է մնացել, իսկ իրանը ստիպված եղանք կտրել։
 
— Ինչպե՞ս թե կտրել։ Բայց ոչ, ես համաձայն չեմ։ Այդ ինչ տեսակ օպերացիա է։ Այսպես ինչի՞ պետք եմ։ Միայն գլխով հաց չես աշխատի։ Ինձ ձեռքեր են հարկավոր։ Առանց ձեռքի, առանց ոտքի ոչ ոք աշխատանքի չի ընդունի... Այսպես դուրս գալ հիվանդանոցից... Թո՛ւ, և ինչո՞վ դուրս գալ։ Այժմ ի՞նչ անել։ Խմել, ուտել է հարկավոր։ Ես ճանաչում եմ մեր հիվանդանոցներր։ Մի քիչ պահում են ու դուրս վռնդում, թե բժշկեցինք։ Ո՛չ, ես համաձայն չեմ,— պնդում էր գլուխը։
 
Արտասանության անճշտությունը, լայն, արևակեզ, պեպենոտ դեմքը, սանրվածքը, կապույտ աչքերի միամիտ հայացքը,— ամեն ինչ նրա մեջ երևան էր հանում գյուղական բնակչին։ Կարիքը կտրել էր նրան հայրենի դաշտերից, քաղաքը բզկտել էր նրա ջահել, առողջ մարմինը...
 
— Թերևս, գոնե որևէ նպաստ կտան... իսկ ո՞ւր է նա...
 
— Հանկարծ հիշեց գլուխը, և նրա աչքերը լայն բացվեցին։
 
— Ո՞վ։
 
— Նա... ով ինձ տակով արավ։ Այստեղ տրամվայ, այնտեղ մի ուրիշ տրամվայ, ավտոմոբիլ, իսկ նա ուղիղ ինձ վրա եկավ...
 
— Մի անհանգստացեք։ Նա իր պատիժը կստանա։ Բեռնատար մեքենայի համարը գրված է՝ 4711, եթե այդ ձեզ հետաքրքրում է։
 
— Ձեր անունն ի՞նչ է,— հարցրեց պրոֆեսոր Կերնը։
 
— Ի՞մ։ Ինձ Թոմա են կոչում։ Թոմա Ռուշ։
 
—- Ահա թե ինչ, Թոմա՛... դուք ոչ մի բանի կարիք չեք զգա և չեք տառապելու ո՛չ քաղցից, ո՛չ ցրտից, ոչ ծարավից։ Ձեզ փողոց չեն շպրտի, մի՛ անհանգստացեք։
 
— Ի՞նչ է, ձրի եք կերակրելու կամ փողո՞վ եք ցույց տալու տոնավաճառներում։
 
— Ցույց կտանք, բայց ոչ թե տոնավաճառներում։ Գիտնականներին ցույց կտանք։ Իսկ այժմ հանգստացեք,— և դառնալով կանացի գլխին՝ Կերնը մտահոգորեն նկատեց.
 
— Սալոմեն ստիպում է երկար սպասել իրեն։
 
— Ա՞յդ էլ առանց մարմնի գլուխ է,— հարցրեց Թոմայի գլուխը։
 
— Ինչպես տեսնում եք։ Որպեսզի դուք չտխրեք, մենք ձեզ համար մի աղջիկ ենք հրավիրել... Փակեցե՛ք, Լորա՛ն, նրա օդային ծորակը, որպեսզի իր շաղակրատությամբ չխանգարի։
 
Կերնը դուրս քաշեց կնոջ գլխի քթածակից ջերմաչափը։
 
— Ջերմաստիճանը բարձր է դիակի ջերմությունից, բայց դեռևս քիչ է։ Վերակենդանացումը դանդաղ է գնում...
 
Ժամանակն անցնում էր։ Կնոջ գլուխը չէր վերակենդանանում։ Պրոֆեսոր Կերնը սկսեց հուզվել։ Նա քայլում էր լաբորատորիայում՝ նայելով ժամացույցին, և քարե հատակի վրա նրա ամեն մի քայլը ուժեղ արձագանք էր տալիս մեծ սենյակում։
 
Թոմայի գլուխը տարակուսանքով նայում էր նրան և անձայն շարժում էր շրթունքները։
 
Վերջապես Կերնը մոտեցավ կնոջ գլխին և ուշադրությամբ դիտեց ապակյա խողովակները, որոնցով վերջանում էին կաուչուկե խողովակները։ Այդ խողովակները մտցված էին քներակի մեջ։
 
— Ահա թե ինչ է պատճառը։ Այս խողովակը բավականին ազատ է մտնում, և ցիրկուլյացիան դանդաղ է կատարվում։ Տվեք ավելի լայն խողովակ։
 
Կերնը փոխեց խողովակը, և մի քանի րոպեից հետո գլուխը վերակենդանացավ։
 
Բրիկեի գլուխը,— այդպես էին կոչում կնոջը,— ավելի բուռն կերպով արձագանքեց իր վերակենդանացմանը։ Երբ նա վերջնականապես ուշքի եկավ և սկսեց խոսել, ապա սկսեց խռպոտ ձայնով բղավել, աղաչելով, որ լավ կլինի իրեն սպանել, բայց չթողնել այդպես խեղանդամ։
 
— Ա՜խ, ա՜խ, ա՜խ... իմ մարմինը... իմ խեղճ մարմինը... Ի՞նչ եք արել դուք ինձ. փրկեցեք ինձ կամ սպանեցեք։ Ես չեմ կարող ապրել առանց մարմնի... թողե՛ք գոնե նայեմ նրան... ո՛չ, ո՛չ, հարկավոր չէ։ Նա առանց գլխի է... ի՜նչ սոսկալի բան... ի՜նչ սոսկալի բան...
 
Երբ նա մի փոքր հանգստացավ, ասաց.
 
— Դուք ասում եք, որ ինձ վերակենդանացրել եք։ Ես քիչ կրթություն ունեմ, սակայն գիտեմ, որ գլուխը չի կարող առանց մարմնի ապրել։ Ի՞նչ է սա, հրա՞շք, թե՞ կախարդություն։
 
— Ո՛չ այս և ո՛չ այն։ Սա գիտության նվաճումն է։
 
— Եթե ձեր գիտությունը կարող է ստեղծել այսպիսի հրաշքներ, ապա նա պետք է կարողանա անել և ուրիշ հրաշքներ էլ։ Դրեք ինձ մի ուրիշ մարմին։ Էշ ժորժը գնդակով ծակեց ինձ, բայց մի՞թե քիչ աղջիկներ կան, որոնք գնդակ են արձակում իրենց ճակատին։ Կտրեք նրանց մարմինը և միացրեք իմ գլխին։ Միայն առաջուց ինձ ցույց տվեք։ Հարկավոր է գեղեցիկ մարմին ջոկել, իսկ այսպես ես չեմ կարող... Կինն առանց մարմնի։ Այդ ավելի վատ է, քան տղամարդն առանց գլխի։
 
Եվ դառնալով դեպի Լորանը, նա խնդրեց.
 
— Բարի եղեք, ինձ մի հայելի տվեք։
 
Նայելով հայելուն, Բրիկեն երկար ու լուրջ ուսումնասիրում էր իրեն։
 
— Սարսափելի է... կարելի՞ է ձեզ խնդրել ուղղելու իմ մազերը։ Ես չեմ կարող նույնիսկ մազերս սանրել...
 
— Լորա՛ն, ձեր աշխատանքներր շատացան,— ծիծաղեց Կերնը։— Համապատասխան չափով էլ պետք է ավելանա և ձեր աշխատավարձը։ Իմ գնալու ժամանակն է։
 
Նա նայեց ժամացույցին և մոտենալով Լորանի ականջին շշնջաց.
 
— Սրանց ներկայությամբ,— նա աչքերով ցույց տվեց գլուխները,— ոչ մի խոսք չլինի պրոֆեսոր Դոուելի գլխի մասին...
 
Երբ Կերնը դուրս եկավ լաբորատորիայից, Լորանը գնաց այցելելու պրոֆեսոր Դոուելի գլխին։
 
Դոուելի աչքերը նայում էին նրան թախիծով։ Տխուր ժպիտը ծռել էր նրա շրթունքները։
 
— Իմ դժբախտս, իմ անբախտս,— մտմտաց Լորանը։— Սակայն շուտով ձեր վրեժը կհանեմ։
 
Գլուխը նշան արավ։ Լորանը բաց արավ օդային ծորակը։
 
— Դուք լավ կլինի պատմեք, ինչպես անցավ փորձը,— շշնջաց գլուխը թույլ ժպտալով։
 
 
== Գլուխները զվարճանում են ==
Վստահելի
1318
edits