Changes
/* Գլուխ յոթերորդ */
=== Գլուխ յոթերորդ ===
— Նորի՞ց։
— Նորից,— Գագիկը նստած էր մեջքով դեպի խարույկը և Հասմիկին չհաջողվեց նրա դեմքը տեսնել,— անվերջ կծոտում են։
— Ինձ էլ,— բողոքեց քնակոլոլ Արամը,— այնքան էլ շատ են անիծվածները։
Գագիկը մտազբաղ տրորեց ձեռքերը.
— Անհրաժեշտ է ինչ-որ բան մտածել,— փնթփնթաց նա։
— Ես պատրաստ եմ հենց հիմա սուզվել գետի մեջ,— Արամն այնպես էր քորվում, ասես հարյուր տարվա բորոտ լիներ,— միայն թե... անիծվածները քիչ է մնում մարդու բերանը լցվեն,— թվում էր, որ նա հենց հիմա կսկսի լաց լինել զայրույթից ու անզորությունից,— միայն թե ազատվեմ այս աներեսներից։
Հասմիկը, որ քորվում էր տղաներից ոչ պակաս եռանդով ու փութաջանությամբ, անմիջապես ձայնակցեց Արամին.
— Եվ որտեղի՞ց էլ հավաքվեցին այսքան,— Հասմիկն ամբողջ ուժով ձեռքերը խփեց կանաչին,— Կարենը պատմում էր, որ մի անգամ, ճամբարում՝ մժղուկները գրոհել են իրենց վրանի վրա ու...
— Ո՞ր Կարենը,— ընդհատեց Արամը,— ձեր միջ...
— Այո։ Մեր միջանցքի։
— Հետո՞, ի՞նչ են արել։
— Կծոտել են։
— Ըմ՜մմ...
— Ամբողջ գիշերը։
— Ուրեմն փրկություն չկա,— համարյա լացակումեց Արամն ու եռանդուն քորվելով մոտեցավ Գագիկին,— լսո՞ւմ ես։
— Ի՞նչ։
— Փրկություն չկա։
— Ումի՞ց,— չհասկացավ Գագիկը։
— Միջատներից։
— Ի՞նչ միջատ։
Արամը հասկացավ, որ Գագիկը նորից ընկել է անուն-ազգանունը չհասկանալու վիճակի մեջ։ «Էլի տեսնես ինչ հիմարության վրա է մտածում՝ աշխարհից վերացած»,— նա զայրացած թքեց։
— Պոզով միջատները, պոչով միջատները, հազար գլխով միջատները, հազար ոտքով միջատները։
Գագիկը քթի վրա ուղղեց ակնոցը և նայեց Արամին ։ Հայացքում միայն զարմանք կար.
— Ասում ես ի՞նչ։
— Ոչինչ, ոչինչ, ոչինչ, ո՜֊չինչ,— հուսահատված նետեց Արամն ու թափ տվեց ձեռքը,— ոչինչ։
Առանց ընկերոջ շարժումներին ուշադրություն դարձնելու, Գագիկը կրկին խորասուզվեց մտքերի մեջ։
Արամը հասկացավ, որ նրանից որևէ օգնություն ստանալու մասին մտածելը կլինի առնվազն խելագարություն և մոտեցավ Հասմիկին։
— Մեր գլխի ճարն ինքներս պետք է տեսնենք,— ասաց նա։
— Այս աներեսները նրան չե՞ն կծոտում։
— Երևի կծոտում են։
— Բայց ոչ քորվում է, ոչ շարժվում։
— Չե՞ս տեսնում, էլի գյուտ է անում, մտքերի մեջ է թաղվել։ Հիմա խարույկն էլ գցես, օֆ չի անի։
— Չփորձե՞նք լողանալ,— Արամը նայեց Հասմիկին,— հը՞։
Հասմիկն ուսերը թոթվեց.
— Օգուտ կտա՞։
— Ինձ թվում է՝ կտա։
— Իսկ եթե մրսե՞նք։
— Բայց այսպես էլ դիմանալն է անհնար։
Արամն ու Հասմիկը հարցական հայացքներով նայեցին միմյանց։ Նրանք դեռ չէին հասցրել որոշել իրենց անելիքը, երբ լսվեց Գագիկի ձայնը։ Տղան բղավում էր գործի դնելով թոքերի ողջ հզորությունը.
— Գտա։ Հիմա մենք դրանց այնպես կքշենք, որ...
Արամն ու Հասմիկը սպասողական նայեցին նրան՝ երկուսն էլ դժվարանում էին հավատալ, որ իրենց կհաջողվի ազատվել աներես միջատների ավազակային հարձակումներից։ Գագիկը նրանց հրամայեց անմիջապես մոտենալ կրակին։
— Ա՞յդ է գտածդ,— լսածից դժգոհ փնթփնթաց Արամը։ Նա այդ եղանակը արդեն փորձել և արդյունքի չէր հասել։ Ճիշտ է, կրակին մոտենալիս միջատները հեռանում էին, բայց հետո՝ կրակից կես քայլ այս կողմ գալուն պես կրկին վրա էին տալիս։ Չէ, կրակը ելք չէր, և Արամը հենց այդպես էլ ասաց Գագիկին։ Բայց Գագիկն իրենը պնդեց.
— Անմիջապես մոտեցեք,— հրահանգեց նա,— իսկ հետո,— այս վերջինն արդեն վերաբերում էր միայն Արամին,— ածուխներով խանձիր այն տարածությունը, որտեղ քնելու եք։ Մինչև վերադառնալս պատրաստ լինի։
Նա վերցրեց բոցը ծայրին պարող մի փայտակտ որ և ջահի նման պահելով գլխավերևում, վազեց դեպի ծառերը։ Արամն ու Հասմիկը անմիջապես մոտեցան կրակին. նախ դեպի կրակը կանգնեցին մեջքով, այնուհետև՝ դեմքով։ Մժղուկները կորան, միաժամանակ կտրվեց նաև անտանելի քորը։ Արամը գիտեր, որ հենց հիմա նրանք նորից կգրոհեն։ Դրա համար էլ, մինչև քորի նոր նոպայի սկսելը ձեռնամուխ եղավ Գագիկի հաջորդ հրամանի կատարմանը՝ ածուխով գետինը խանձելուն։ Աշխատում էր ջանասիրությամբ. բոցի լեզուները դաղում էին գետինը յուրաքանչյուր սանտիմետր։ Հասմիկն անձողներ էր մատակարարում, իսկ նա թփթփացնում էր կանաչներին և կրակն անհետանալուն պես, ծխացող փայտը նետում էր խարույկն ու փոխարենը վերցնում նորը։ Աշխատանքը բավական երկարեց։ Բայց և այնպես, նրանք վերջացրին ավելի շուտ, քան Գագիկը կվերադառնար։ Պարզվեց, որ գետինը դաղելն իսկապես օգտակար էր՝ միջատները բավական ժամանակ չերևացին։
Իսկ Գագիկն այդ ընթացքում վազվզում էր մի ծառից մյուսը։ Մոտենում էր միայն սոճիներին։ Լուսավորում էր ճաքճքված բները, ինչ֊որ բան էր որոնում և գտնելուն պես պոկում, տեղավորում ուսապարկի մեջ ու վազելով մոտենում հաջորդին։ Նույն գործողությունը նա կատարեց մոտավորապես տասնհինգ անգամ։ Հետո արածը համարեց բավարար, և վերադարձավ խարույկի մոտ։
Վերադառնալուն պես, կարգադրեց մեկ անգամ նորից-խանձել գետինը։
— Արդեն երեք անգամ խանձել ենք,— ասաց Արամը։
— Ոչինչ, սա անհրաժեշտ է։
Արամը ձեռքն առավ վառվող փայտը, սկսեց թփթփացնել կանաչների վրա, իսկ Գագիկը պայուսակից հանեց ինչ֊որ կպչուն նյութ և բարակ երիզով զգուշորեն շրջափակեց ընկերոջ մաքրած տարածությունը։
— Դա ի՞նչ բան է,— հետաքրքրվեց Հասմիկը։
— Խեժ,— կտրուկ պատասխանեց Գագիկը,— սոճու խեժ։
— Միջատները դրանից անցնել չե՞ն կարող։
— Չեն կարող։
Հասմիկը մի տեսակ թերահավատորեն նայեց Գագիկի ասածին։
Բայց պարզվեց, որ Գագիկն այս անգամ ևս իրավացի է։
Խեժով շրջապատվելուց հետո այլևս ոչ մի միջատ չհամարձակվեց մոտենալ խարույկի մոտ տեղավորվածներին և նրանք անխռով քնեցին մինչև արևածագ։
{{ԵրեքԱստղ}}
Կեսօրին Գագիկը նոր միտք հղացավ։
— Ուզո՞ւմ եք, այսօր ձեզ սկյուռի մսով հյուրասիրեմ,— հարցրեց նա։
Տարօրինակ առաջարկ էր։ Իհարկե, ինչպե՞ս կարող ես մտածել ճարպիկ ու արագաշարժ սկյուռին դատարկ ձեռքերով բռնելու մասին. սա՝ մեկ։ Եվ երկրորդը՝ որտեղի՞ց կգտնես այդ սկյուռը։ Անտառում ճանապարհորդելու ընթացքում նրանք դեռ ոչ մի անգամ չէին հանդիպել փափլիկների ընտանիքի պստլիկ ներկայացուցիչներին, այնպես որ... Ահա թե ինչու պատասխանելուց առաջ Արամն ու Հասմիկը փորձեցին պարզաբանել իրենց հուզող հարցերը։
— Իսկ սկյուռին բռնել կկարողանա՞նք,— հարցրեց Հասմիկը։
— Իսկ այս կողմերում սկյուռ կա՞,— հարցրեց Արամը։
Բայց Գագիկը չշտապեց քարտերը բացել.
— Դուք միայն ասացեք՝ ուզո՞ւմ եք, թե ոչ։
— Իսկ ո՞վ չի ուզի,— Հասմիկը ժպտաց,— սունկ, ձուկ, մորի, խնձոր, հիմա էլ սկյուռ... արքայական ճաշկերույթներ ենք տալիս։
Գագիկը նույնպես ժպտաց և շրջվեց Արամին.
— Իսկ դո՞ւ։
— Ուզում եմ, այն էլ շատ, միայն չեմ հասկան ում, թե դու որտե՞ղ ես գտնելու այդ խեղճ սկյուռիկին։
— Որտե՞ղ,— Գագիկը բռնեց Արամի ձեռքը,— արի,— գնացին մոտակայքում երևացող եղևնու կողմը։ Գագիկը ցույց տվեց գետինը՝ ծառի բնի մոտ,— դե, նայիր։
Արամը նայեց և ոչինչ չհասկացավ։ Հասմիկը նույնպես բան չհասկացավ։ Գագիկի ցույց տված տեղում խոտը ծածկված էր կրծած սերմերի թեփուկներով և եղևնու կոների մերկացած ձողիկներով, բայց ի՞նչ...
— Հիմա հասկացա՞ք,— հպարտ֊հպարտ ասաց Գագիկը։
— Հը՜ը։— Արամն ու Հասմիկը միաժամանակ շարժեցին գլուխները։
— Հետո էլ ծիծաղում եք,— Գագիկը արհամարհական շարժում արեց՝ աջ ձեռքով,— դուք նույնիսկ չեք հասկանում, որ սրանք,— նա ոտքով խփեց կոների ձողերին ու թեփուկներին,— որ սրանք առաջացել են սկյուռների ճաշկերույթներից, որ դրանց թերմացքներն են։ Իսկ եթե թերմացքր կա, ուրեմն եղել է ճաշկերույթը, ուրեմն եղել են նաև սկյուռները։ Պարզապես նրանց տեսնել չի հաջողվում, որովհետև մեր երևալուն պես փախչում են, թաքնվում։ Պա՞րզ է։
— Պարզը՝ պարզ է,— պատասխանեց Հասմիկը,— միայն թե չեմ հասկանում, ինչպես ես նրանց բռնելու։ Չէ՞ որ ինքդ ասացիր՝ մեզ տեսնելուն պես փախչում են, թաքնվում։
— Դա արդեն իմ գործն է,— ոչ առանց հպարտության ասաց Գագիկն ու բաժանվեց ընկերներից,— ձեզ կեսժամանոց հանգիստ եմ տալիս։
Հասմիկն ու Արամը անմիջապես հարմար տեղավորվեցին կանաչների վրա՝ դեմքերը դեպի գետն ու սկսեցին հիանալ ալիքների նազուն հանդարտությամբ։ Արևը շեղակի խփում էր նրանց մեջքերին։ Ծառերի սաղարթներն անկարող էին պատնեշել ամառային արևի կիզիչ ճառագայթների ճանապարհը։ Արամը մտածեց, որ Գագիկի հեռանալուց արդեն բավական ժամանակ է անցել և անհանգստացած ձայնեց.
— Գագիկ։
— Աո՜ւ,— լսվեց պատասխանը ծառերի ետևից։
— Իսկ ես մտածեցի, որ արդեն կորել ես։
— Ավելի լավ բան մտածիր։
— Կփորձեմ։
— Իսկ սկյուռին դեռ չե՞ս բռնել,— խառնվեց Հասմիկը։
— Դեռ ոչ։
— Արագացրու,— ասաց Հասմիկն ու շրջվեց Արամին,— հաճելի է, չէ՞, անտառում ապրելը։
— Երանի Ռոբինզոնի՞ն,— Արամը ժպտաց։
— Սիրով կապրեի մի ամբողջ ամիս,— ոգևորվեց Հասմիկը,— եթե մայրիկի համար անհանգստությունը չլիներ՝ Գագիկի հետ կմնայի այստեղ։
— Եվ անպայման Գագիկի հետ՝ երկուսով։
— Երեքով,— Հասմիկը ժպտաց և դրանից նրա թուխ, բարալիկ դեմքն ավելի գեղեցկացավ։
«Գագիկը երբեք այդպիսի բան չի ասի»— մտածեց Հասմիկը։
«Երեքով։ Բայց նախ Գագիկը»։— Մտածեց Արամը։
Նա Հասմիկին չնայեց.
— Գագիկը մեծ բնագետ կդառնա։
— Երևում է։
— Դասարանում բոլորը Դարվին են ասում, նույնիսկ ուսուցիչները։ Բան չկա, որ չիմանա։
— Նա որ չլիներ մենք կորած էինք։
— Ճիշտ է,— Արամը հիշեց քարանձավում իր գլխին եկածը,— ես որ լրիվ «կապուտ» եղած կլինեի,
— Ո՛չ միայն դու։ Նոր եմ հասկանում, թե ես ինչպիսի հիմարություն եմ թույլ տվել։
— Ինչպիսի՞։
— Բնագիտությունը։ Բոլորովին չեմ սիրել, չեմ սովորել։ Մի տեսակ երկրորդական առարկա եմ հաշվել։
— Ես էլ, գիտե՞ս, բոլորովին չեմ սիրել։
Նրանց խոսակցությունն ընդհատվեց Գագիկի կանչով։ Արամն անմիջաւպես բարձրացավ տեղից։ Հասմիկը, որը նույնպես ձանձրացել էր պառկած մնալուց, հետևեց նրան։ Գագիկը Արամին մեկնեց ձվի մեծությամբ փոքրիկ, կանաչ մի կծիկ և խնդրեց տեղավորել քիչ առաջվա եղևնու վրա։
— Իսկ սա ի՞նչ է,— հանձնարարությունը կատարելուց առաջ հետաքրքրվեց Արամը։
— Խայծ,— բացատրեց Գագիկը,— ներսում փշեր են, իսկ վրան՝ սկյուռի սիրած ուտելիքները՝ սնձի պտուղ և եղևնու սերմ։ Սկյուռը կուտի ու...
— Խեղճ սկյուռ,— հոգոց հանեց Հասմիկը։
Արամը նայեց նրան ու անմիջապես շուլալվեց ծառի բնին։ Վախեցավ, որ եթե մի քիչ էլ ուշացնի, Հասմիկը կարող է արգելել բարձրանալն ու իրենք կզրկվեն համեղ ճաշից։ Բարձրանում էր արագ, ճարպկորեն, իսկական կապիկի պես՝ ճյուղից֊ճյուղ ցատկելով։ Քիչ անց, նա արդեն Գագիկի ցույց տված տեղում էր։ Այնտեղից նայեց ներքև ու ձայնեց.
— Լա՞վ է։
— Շա՛տ,— պատասխանեց Գագիկը։
Արամը տեղավորեց խայծը՝ երկու բարալիկ ճյուղերի միացման տեղում ու սահեց ներքև։
— Իսկ հիմա սպասենք սկյուռի՞ն,— հարցրեց Հասմիկը։
— Այո,— Գագիկը գլխով արեց,— միայն թե առանց ծպտուն հանելու։
Երկար սպասելու կարիք չզգացվեց։ Գագիկը հավանաբար գիտեր, թե ինչ ընտրություն է կատարել։ Խումբը նոր էր հեռացել եղևնուց ու տեղավորվել տասնհինգ-քսան մետր հեռավորության վրա գտնվող կաղնու ստվերում, երբ ճյուղերի արանքից հայտնվեց կաթնագույն, փափլիկ սկյուռիկը։ Ճյուղից-ճյուղ ոստոստալով հասավ խայծը պահող ճյուղարմատին, վախեցած նայեց աջ ու ձախ՝ համոզվեց, որ վտանգ չկա և սկսեց կրծոտել կանաչ կծիկը։
Արամը ծափ տվեց ու թռավ տեղից.
— Հիմա կընկնի,— գոռաց ու նետվեց դեպի ծառը։
— Գործը բարդացրեց,— դժգոհեց Գագիկը։
— Աղմուկի՞ց,— հարցրեց Հասմիկը։
— Իհարկե, թույլ չտվեց, որ լրիվ ուտի։ Հիմա կփախչի, պետք է հետապնդենք։
Գագիկը վազեց Արամի ետևից, Հասմիկը՝ Գագիկի։
Արամի գոռգոռոցն իսկապես վախեցրեց սկյուռին։ Ձայնը լսելուն պես նա թողեց կիսակրծած կծիկն ու նետվեց ծառի ավելի բարձր ճյուղերին, իսկ այնտեղից անցավ հաջորդ ծառին, որի սաղարթը համարյա քսվում էր առաջինին։ Տղաներն ու Հասմիկը հետևեցին նրան։ Բայց սկյուռն այս ծառի վրա նույնպես չմնաց։
— Հիմա կհոգնի,— գուշակեց Արամը,— դժվար թե երկար դիմանա։
— Իսկ եթե չգոռայիր...
Արամը չլսեց։ Գագիկն էլ չշարունակեց։
Ոգևորությունից իրենց կորցրած նրանք վազում էին մի ծառից մյուսը՝ ավելի ու ավելի խորանալով թավուտ անտառում։ Հասմիկը հազիվ էր հասնում նրանց ետևից։
Ճանապարհին, երկու, թե երեք անգամ Արամն ընկավ ջրափոսերի մեջ։ Գագիկի ոտքերն արդեն չլմփում էին ինչ-որ անցքից կոշիկները լցված ցեխաջրի մեջ, բայց նրանք նույնիսկ չէին նկատում, կամ նկատում և բանի տեղ չէին դնում։ Հասմիկը, որ նրանցից արդեն ետ էր մնացել մոտ քառասուն֊հիսուն քայլ, մի քանի անգամ փորձեց տղաներին զգուշացնել անընդհատ ավելացող ցեխաջրի մասին։ Բայց նրա կանչերը ոչ մեկը հաշվի չառավ՝ ոչ Արամը, ոչ Գագիկը։ Հասմիկը մտածեց, որ տղաները իրեն չեն լսել, որոշեց ավելի արագ վազել, որպեսզի հասնի, զգուշացնի նրանց։ Բայց նոր էր քայլերն արագացրել, երբ ցեխաջրի մեջ կոշիկը պոկվեց ոտքից՝ դուրս պրծավ։ Նա կռացավ, վերցրեց ցեխի մեջ թաղված կոշիկը, մի ոտքի վրա ոստոստելով դուրս եկավ ավելի չոր տեղ, մաքրեց ներբանին կպած ցեխը, հագավ և ցանկանում էր նորից վազել, երբ լսեց Արամի աղիողորմ ճիչը.
— Օգնեցեք։
«Նոր ա՞նցք»— հազիվ հասցրեց մտածել Հասմիկը։
Լսվեց Գագիկի ճիչը.
— Օգնեցե՜ք... Հասմի՜կ։
Հասմիկը քամու պես սլացավ ձայների կողմը։
Գագիկին ու Արամին նա տեսավ միաժամանակ՝ փոքրիկ բացատի եզրից մի քանի քայլ հեռավորության վրա։ Երկուսն էլ փորձում էին քայլել դեպի ծառերը, դուրս գալ բացատից և չէին կարողանում։ Աներևույթ մի ուժ գերհզոր մագնիսի պես կպել էր նրանց ոտքերից ու թույլ չէր տալիս հեռանալ։
Հասմիկի երևալուն պես, Գագիկը ձայնեց.
— Չմոտենաս, ճահիճ է։ Օգնիր։
— Օգնիր,— արձագանքեց Արամը։
Հասմիկը անզոր ծառս եղավ, պտտվեց տեղում և չկարողացավ զսպել հեկեկոցը։ Տղաները երկուսն էլ ճահճի մեջ թաղվել էին մինչև գոտկատեղերը։ Փորձում էին դուրս պրծնել, ազատվել ճահճի որոգայթից, բայց այդ նպատակով արված յուրաքանչյուր շարժում նրանց ավելի ու ավելի խորն էր տեղավորում փթած ծառերով ու հոտած ջրով հագեցած տիղմի մեջ։
«Ճահիճ»։ Բառը շամփրեց Հասմիկի ուղեղը։ Շիկացած երկաթի պես խառնշտեց նրա ներսը և այլևս դուրս չեկավ։ Հասմիկը հասկացավ, որ ինքն անկարող է որևէ բան անել, բացի անզոր հեկեկալուց և մեկ էլ խեղդվողների պես աղաղակելուց.
— Օգնեցե՛ք։
Տիղմն արդեն անցել էր տղաների գոտկատեղերից և Հասմիկի մշուշված աչքերի առջևով շարունակում էր բարձրանալ դանդաղ, բայց վճռական, իր զոհերին մինչև վերջ կուլ տալու անողոք մտադրությամբ։
«Վերջ։ Վերջ։ Վերջ»— աղմկեց Համմիկի գլխում։
Նայեց Գագիկին։ Հիշեց.
«Չմոտենաս, ճահիճ է»։
Նայեց Արամին։ Հիշեց.
«Եվ անպայման Գագիկի հետ՝ երկուսով»։
Վախեցավ նայել, վախեցավ հիշել։ Ընկավ գետին, սկսեց հեկեկալ խելագարի պես։
Անտառում, հանգիստ ու անտարբեր երգում էին թռչունները, սոսափում ծառերը։ Եվ այդ աղմկոտ լռության մեջ անընդհատ լսվում էին Արամի, Գագիկի ու Հասմիկը հետզհետե թուլացող ճիչերը.
— Օգնեցե՜ք...
=== Գլուխ ութերորդ ===