«Արջ֊Ջոննիի ականջները»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Արջ֊Ջոննիի ականջները |հեղինակ = Ջոն Սթայնբեք |թարգմանիչ = Կ․ Ա․ Սիմոնյան |...»:) |
(Տարբերություն չկա)
|
17:19, 1 Փետրվարի 2017-ի տարբերակ
հեղինակ՝ Ջոն Սթայնբեք |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Լոմա գյուղն ընկած է ցածր ու բոլորաձև բլրակի վրա։ Գյուղից դեպի հյուսիս և արևելք բազմաթիվ մղոններով ձգվում է սև տղմուտը, բայց հարավում ճահիճը չորացված է։
Գյուղից դեպի հյուսիս ընկած ճահճուտի տերերը նախանձում էին սևահողի սեփականատերերին։ Նրանք միավորվել էին և ստեղծել մելիորացիայի ընկերություն։ Ես աշխատում էի այն ֆիրմայում, որը վարձվել էր ճահճի միջով ջրանցք փորելու համար։ Շուտով ստացանք լողացող հողափոր մեքենան, հավաքեցինք ու գործի գցեցինք, և նա սկսեց կրծել-բացել ապագա ջրանցքը։
Լոմայի բնակչությունը դժվար թե երկու հարլուր հոգուց ավելի լիներ։ Բլրակի հենց գագաթին կանգնած էր մեթոդիստական եկեղեցին, որի ձողասայրը տեսանելի էր մի քանի մղոն հեռավորությունից։ Այստեղ էին գտնվում նաև երկու նպարավաճառանոց, մի կրպակ և «Բուֆֆալո» բարը։ Բլրակի լանջերին կծկվել էին գյուղացիների փայտե տնակները, իսկ հարավային պտղատու հողամասերում վեր էին խոյանում կալվածատերերի տները, որոնց փոքրիկ բակերը շրջափակված էին միջօրեի սաստիկ քամիներից պաշտպանող խուզած նոճիների բարձր պարպով։
Երեկոները Լոմայում տաղտկալի էին, եթե չհաշվենք, որ ժամանակը կարելի էր անցկացնել մայթի վրա ամպհովանի ունեցող, խարխլված դռներով փայտե հին շենքում՝ սալունում։ Ո՛չ «չոր օրենքը», ո՛չ էլ այդ օրենքի վերացումը բնավ չազդեցին սալունի գործերի, նրա հաճախորդների և կամ վիսկիի որակի վրա։ Ամբողջ երեկոյի ընթացքում Լոմայի յուրաքանչյուր տղամարդ, որն արդեն բոլորել էր իր տասնհինգ տարին, թեկուզ միկ անգամ մտնում էր «Բուֆֆալո» բարը, մի գավաթ վիսկի էր խմում և խոսք ու զրույցից հետո միայն տուն ուղևորվում։
«Բուֆֆալո» բարի տնօրեն Չաղ Կարլը, որը միաժամանակ բուֆետապանն էր, ամեն հաճախորդի դիմավորում էր մի տարօրինակ ֆլեգմատիկ մռայլությամբ, որը համենայն դեպս հաճելի էր ու բարեկամական զգացումներ էր ծնում։ Նրա դեմքի արտահայտությունը թթու էր, ձայնի երանգը ակներև թշնամական, բայց և այնպես... (չեմ հասկանում, դա ինչպես էր ստացվում նրա մոտ) ։ Հիշում եմ, թե ինչպիսի երախտագիտությամբ ու խանդաղատանքով համակվեցի, երբ Չաղ Կարլը, ճանաչելով ինձ, այլանդակ մռութը շրջեց իմ կողմն ու անհամբերությամբ հարցրեց. «Հա, ի՞նչ կկամենաք»։ Նա միշտ հարցնում էր, չնայած մատուցում էր միայն վիսկի և վիսկիի միայն մեկ տեսակ։ Ես ականատես եմ եղել, թե ինչպես նա ինչ-որ պատահական հաճախորդի վիսկիով լի գավաթի մեջ կտրականապես հրաժարվեց մի քիչ կիտրոնի հյութ քամել։ Կարլը նորություններ չէր սիրում։ Նրա գոտկատեղը փաթաթված էր հսկա սրբիչով և, բարում ետ ու առաջ քայլելիս, նա այդ սրբիչով էր չորացնում թաց բաժակները։
«Բուֆֆալո» բարը ինձ նույնիսկ թվում է սարսափելի մի վայր։ Բայց երբ դուք իրիկնադեմին քայլում եք փայտամած մայթերով, երբ խիտ ճահճամուժի երկար շերտերը փողփողացող կեղտոտ լաթերի պես հարվածում են ձեր դեմքին, երբ դուք, վերջապես, հրում եք Չաղ Կարլի հաստատության խախուտ դուռը և տեսնում խմող և զրուցող մարդկանց, և ինքը՝ Չաղ Կարլն է շտապում ձեզ ընդառաջ, բարը դառնում է աշխարհի ամենահաճելի անկյունը։ Այդ բարից խուսափելու մի այլ տեղ չկար։
Երկար սենյակում ֆերմաներից և գյուղից եկած մարդիկ նստում էին կոպիտ աթոռակներին կամ կանգնում հինավուրց վաճառասեղանին հենված։ Այստեղ միշտ խաղաղ էր, միշտ միապաղաղ բզգում էին մարդկանց ձայները, և միայն ընտրությունների ու բռնցքամարտի մրցությունների ժամանակ էր, որ հռետորները տաքացած վայնասուն էին բարձրացնում և կարծիքներ փոխանակում աղմուկ-աղաղակով։
Լոմա ժամանելուց քիչ հետո ես ծանոթացա Մեյ Ռոմերոյի՝ կիսամեքսիկական ծագումով մի անուշիկ աղջկա հետ։ Երեկոները մենք երբեմն զբոսանքի էինք դուրս գալիս բլրակի հարավային լանջերում, քանի դեռ տհաճ մառախուղը մեզ նորից ետ չէր քշում դեպի գյուղ։ Աղջկան տուն ուղեկցելուց հետո ես գնում էի բար։
Մի օր երեկոյան, բարում նստած, զրույցի էի բռնվել ոչ այնքան մեծ ֆերմայի տիրոջ՝ Ալեքս Հարթնելլի հետ։ Մենք խոսում էինք այն մասին, թե ինչպես է պետք որսալ պերկեսը, երբ բարի դուռը բացվեց ու ներս մտավ ինչ-որ մեկը։ Բոլորը լռեցին։ Ալեքսը արմունկով հրեց ինձ ու ասաց. «Արջ-Ջոննին է»։ Ես շրջվեցի մտնողի կողմը։
Մականունն այնքան դիպուկ էր բնութագրում նրա արտաքինը, որ ավելին պատկերացնել անհնարին էր։ Նա նման էր մեծ, հիմար, անընդհատ ժպտացող մի արջի։ Գզգզված սև մազերով նրա գլուխը դեպի առաջ էր ձգված, իսկ երկար ձեռքերը նրա մարմնի առջև կախված էին մի այնպիսի դիրքով, որ կարծես սովորաբար նա չորեքթաթ էր ման գալիս և հիմա է, որ կանգնել է ետևի թաթերին։ Կարճ և ծուռտիկ ոտքերը գետնին էին հենվել քառակուսի տարօրինակ ներբաններով։ Հագել էր մուգ-կապույտ կոպիտ գործվածքից կարված կոստյում, բալց ոտաբոբիկ էր. նրա ոտքերը ոչ թե այլանդակված էին, այլ պարզապես քառակուսի։ Նա կանգնել էր շեմին, ձեռքերը ցնցվում էին, դեմքին ամենահիմար երջանկության մի ժպիտ էր լողում։ Եկավ առաջ և, չնայած իր հսկա մարմնին ու անշնորհք շարժուձևին, թվում էր, թե գողունի է գալիս։ Քայլում էր ոչ թե մարդու, այլ գիշերով որսի դուրս եկած գազանի պես։ Կանգնեց վաճառասեղանի առջև, նրա աչքերի տենդահար հայացքը աղերսանքով թափառում էր հավաքվածների վրա։ Հետո նա հարցրեց․ «վիսկի՞»։ Լոմայի բնակիչները հյուրասիրության մեջ առատաձեռն չեն։ Մեկը մյուսի համար մի գավաթ վիսկի կգնի միայն այն դեպքում, երբ բացարձակապես համոզված լինի, թե փոխադարձն ստանալու է անմիջապես։ Ի զարմանս ինձ, լռակյաց հաճախորդներից մեկը վաճառասեղանին մի մետաղադրամ դրեց։ Չաղ Կարլը լցրեց գավաթը։ Իսկ հրեշն սկսեց լակել վիսկին։
― Գրողը տանի,— ասացի ես, բայց Ալեքսն արմունկով հրեց ինձ։
Հետո սկսվեց զվարճալի մի դիմախաղ։ Արջ-Ջոննին գնաց դեպի դուռը և զգուշորեն ետ դարձավ։ Պառկեց սենյակի մեջտեղում և փորսող տվեց։ Ես լսեցի նրա ձայնը, և այդ ձայնն ինձ անչափ ծանոթ թվաց․ «Բայց դուք շատ գեղեցիկ եք այսպիսի մի կեղտոտ գյուղակում ապրելու համար»։
Հետո ձայնը բարձրացավ, դարձավ կոկորդային, զգացվեց օտարերկրացու թեթև առոգանություն․ «Միայն դուք եք այդ ինձ ասում»։
Քիչ էր մնում կորցնեի գիտակցությունս։ Արյունը թմբկահարեց ականջներիս մեջ, ես շառագունեցի։ Արշ-Ջոննիի կոկորդից հնչում էին իմ բառերը, իմ ձայնի երանգները։ Եվ ապա՝ Մել Ռոմերոյի ձայնը... ճիշտ նրա ձայնը։ Եթե իմ առջև չլիներ հատակին սողացող մարդը, թերևս շփոթվելով, ես կպատասխանեի աղջկան։ Երկախոսությունը շարունակվում էր։ Այդպիսի բաները օտար բերանում չափազանց հիմար են հնչում։ Ջոննին շարունակեց խոսել կամ, ավելի ճիշտ, շարունակեցի խոսել ես։ Բարում հավաքվածները Արջ-Ջոննիից շրջվեցին դեպի ինձ. բոլորն էլ քմծիծաղում էին։ Ես չէի կարոդ որևէ բան անել։ Գիտեի, եթե փորձեմ լռեցնել նրան, ստիպված եմ լինելու գործողության մեջ դնել բռունցքներս։ Տեսարանը շարունակվեց մինչև ավարտը։ Երբ Ջոննին լռեց, ես փոքրոգությամբ ուրախացա, որ Մել Ռոմերոն եղբայրներ չունի։ Ինչպիսի ոչ երկդիմի, անշնորհք և ծիծաղեփ բառեր դուրս թռան Ջոննիի կոկորդից։ Վերջապես, նա ոտքի ելավ ու առաջվա պես ապուշային քմծիծաղով, «վիսկի՞»։
Կարծում եմ, որ բարում հավաքվածները խղճացին ինձ։ Նրանք շրջվեցին և ընդգծված լրջությամբ սկսեցին զրուցել իրար հետ։ Արջ-Ջոննին գնսւց սենյակի խորքը, սողաց թղթախաղի կլոր սեղանի տակ, կծկվեց շան նման ու քնեց։
Ալեքս Հարթնելլը ցավակցաբար նայեց ինծ.
— Դուք նրան առաջին անգա՞մ եք լսում։
— Այո՛։ Բաւց ի՞նչ մարդ է նա, գրողը տանի։
Ալեքսը ձևացրեց, թե չի լսել իմ հարցը։
— Դուք անհանգստանում եք Մեյ Ռոմերոյի պատվի համար։ Կարիք չկա։ Արջ-Ջոննին այդ աղջկան առաջ էլ է բռնացրել։
— Բայց նա ինչպե՞ս է մեզ լսել։ Ոչ նկատել եմ, ոչ էլ զգացել նրա ներկայությունը։
— Արջ-Ջոննիին ոչ ոք չի կարող նկատել կամ զգալ նրա ներկայությունը, երբ նա գորձի վրա է։ Նա կարող է մոտենալ բոլորովին աննկատ։ Գիտե՞ք, թե ինչ են անում մեր երիտասարդները, երբ աղջիկների հետ դուրս են գալիս զրոսանքի։ Իրենց հետ շուն են վերցնում։ Շները Ջոննիից վախենում և հեռվից-հեռու զգում են նրա ներկայությունը։
― Աստված իմ։ Բայց այդ ձայները...