Changes

Տեսակների Ծագումը

Ավելացվել է 182 891 բայտ, 15:11, 11 Փետրվարի 2017
Ինչ էլ որ լինի ծնողների և նրանց հաջորդների միջև եղած յուրաքանչյուր չնչին տարբերության պատճառը,— իսկ այդպիսի պատճառ պետք, է միշտ գոյություն ունենա,— մենք լիակատար հիմք ունենք կարծելու, որ հենց բարենպաստ տարբերությունների անշեղ կուտակումն է ծնել կազմվածքի այն բոլոր էական փոփոխությունները, որոնք կապված են յուրաքանչյուր տեսակի կենսակերպի հետ։
 
 
==ԳԼՈՒԽ VI։ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ==
 
<FONT SIZE="-1">ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ է ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ. ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ։— ԱՆՑՈՒՄՆԱՅԻՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ՀԱԶՎԱԴԵՊ ԼԻՆԵԼԸ։— ԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԵՆՍԱԿԵՐՊԻ ՄԵՋ։— ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԵՎՆՈՒՅՆ ՏԵՍԱԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ։— ՏԵՍԱԿՆԵՐ, ՈՐՈՆՑ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԻՍՏ ԿԵՐՊՈՎ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԵՆ ԱՄԵՆԱՄԵՐՁԱՎՈՐ ՏԵՍԱԿԻ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ։— ՎԵՐԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ՕՐԳԱՆՆԵՐ։— ԱՆՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ։— ԴԺՎԱՐԻՆ ԴԵՊՔԵՐ։— NATURA NOM FACIT SALTUM։— ՔԻՉ ԿԱՐԵՎՈՐ ՕՐԳԱՆՆԵՐ։ ՕՐԳԱՆՆԵՐԸ ՈՉ ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԿԱՏԱՐՅԱԼ ԵՆ։ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ Է ՏԻՊԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ։</FONT>
 
Դեռ ամենևին չհասած գրքիս ալս կետին, ընթերցողը երևի արդեն նկատել է, որ իր առջև առաջանում են անթիվ դժվարություններ։ Նրանցից մի քանիսն այնքան էական են, որ ես մինչև այժմ չեմ կարողացել նրանց մասին մտածել առանց որոշ հուզմունքի, բայց որքան ես կարող եմ դատել, նրանց մեծամասնությունը միայն թվացող է, իսկ նրանք, որոնք իրական են, ես կարծում եմ չեն կարող համարվել տեսության համար ճակատագրական։ Այդ դժվարությունները և առարկությունները կարելի է բաժանել չորս խորագրի տակ։
 
Առաջին, եթե տեսակները առաջացել են մյուս տեսակներից անզգալի աստիճաններով, ապա մենք ամենուրեք ինչո՞ւ չենք հանդիպում անթիվ անցողիկ ձևերի։ Ինչո՞ւ ամբողջ բնությունը չի ներկայացնում մեզ համատարած, անլուծելի խառնաշփոթություն, այլ ընդհակառակը, տեսակները լինում են միանգամայն սահմանազատված խմբեր։
 
Երկրորդ, հնարավո՞ր է արդյոք, որ չղջիկի սովորություններն ու կառուցվածքը ունեցող մի կենդանի կարող էր առաջանալ բոլորովին այլ սովորություններ ու կառուցվածք ունեցող մի ուրիշ կենդանու փոփոխության հետևանքով։ Կարելի՞ է արդյոք հավատալ, որ բնական ընտրությունը կարող էր առաջ բերել մի կողմից այնպիսի չնչին նշանակություն ունեցող օրգան, ինչպիսին է ընձուղտի պոչը, որը օգտագործվում է միայն ճանճեր քշելու համար, և մյուս կողմից, այնպիսի զարմանալի օրգան, ինչպիսին է աչքը։
 
Երրորդ, կարո՞ղ են արդյոք բնազդները ձեռք բերվել և փոփոխվել բնական ընտրությամբ։ Ի՞նչ կասենք մենք մեղվի բնազդի մասին, որի շնորհիվ նա կառուցում է մեղրահացեր և գործնականում գերազանցել է խորամիտ մաթեմատիկոսների հայտնագործություններին։
 
Չորրորդ, ինչպե՞ս մենք կարող ենք մեզ բացատրել այն փաստը, որ տեսակները իրենց խաչաձևման ժամանակ լինում են անպտուղ կամ արտադրում են անպտուղ սերունդ, մինչդեռ տարատեսակների խաչաձևման ժամանակ նրանց պտղաբերությունը մնում է անփոփոխ։
 
Դժվարությունների առաջին երկու կատեգորիաները կպարզաբանվեն այս գլխում, մի քանի բազմազան առարկություններ կքննարկվեն հաջորդ գլխում, իսկ «բնազդը» և «հիբրիդացումը» կկազմեն առանձին գլուխների խնդիրը։
 
===ԱՆՑՈՒՄՆԱՅԻՆ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱԶՎԱԴԵՊ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ===
 
Քանի որ բնական ընտրությունը ներգործում է միայն ձեռնտու փոփոխությունների պահպանման շնորհիվ, ուստի օրգանական բնակչությամբ արդեն գերլցված երկրում ամեն մի նոր առաջացած ձև կձգտի զբաղեցնել իր ավելի քիչ կատարելագործված նախնիքների կամ այլ, ավելի քիչ առավելություն ունեցող ձևերի տեղը, որոնց հետ մտնում է մրցության մեջ, և վերջապես կոչնչացնի նրանց։ Այսպիսով, մահաջնջումը և բնական ընտրությունն ընթանում են ձեռք ձեռքի տված։ Հետևաբար, եթե մենք տեսակներն ընդունենք որպես մեզ անհայտ ձևերի հաջորդներ, ապա այդ սկզբնական ձևերը և բոլոր միջակա տարատեսակները պետք է բնաջնջված լինեն նոր ձևի առաջացման և կատարելագործման պրոցեսի միջոցով։
 
Բայց քանի որ այդ տեսության հիման վրա, անթիվ անցումային ձևերը պետք է, այնուամենայնիվ, գոյություն ունենային, ապա ինչո՞ւ մենք չենք հանդիպում նրանց անհամար թվով երկրի կեղևում պարփակված։ Ավելի հարմար կլինի քննարկել այդ հարցը երկրաբանության տարեգրության անլրիվությանը նվիրված գլխում, իսկ այստեղ ես միայն կասեմ, որ իմ կարծիքով, դրա պատասխանը գտնվում է այն փաստի մեջ, որ այդ տարեգրությունը բոլորովին այնպես լրիվ չէ, ինչպես սովորաբար ընդունված է կարծել։ Երկրի կեղևը ընդարձակ թանգարան է, բայց նրա կոլեկցիաները հավաքել են շատ անկատար ձևով և երկար ընդմիջումներից հետո։
 
Բայց կարող է պատահել, որ այն դեպքում, երբ մի քանի միմյանց մոտ տեսակներ բնակվում են միևնույն մարզում, մենք, իհարկե, պետք է ներկայումս էլ գտնենք նրանց մեջ շատ անցումնային ձևեր։ Կանգ առնենք մի պարզ օրինակի վրա. որևէ մայր ցամաքով ճանապարհորդելիս հյուսիսից դեպի հարավ, մենք սովորաբար հանդիպում ենք հաջորդականորեն, մեկը մյուսին հաջորդող միմյանց ազգակից կամ այսպես կոչված փոխարինող տեսակների, որոնք հավանորեն գրեթե միևնույն տեղերն են գրավում երկրի բնական տնտեսության մեջ։ Այդ տեսակները երբեմն հանդիպում են և միահյուսվում են միմյանց հետ, բայց քանի որ մեկը նոսրանում է, մյուսը դառնում է ավելի ու ավելի սովորական, մինչև որ չի փոխարինում իրենով առաջինին։ Բայց եթե մենք համեմատենք նմուշահատերը այն գոտուց, որտեղ հանդիպում են երկու ձևերը, ապա նրանք սովորաբար նույնպես խիստ կերպով տարբերվում են միմյանցից կառուցվածքի բոլոր մանրամասնություններով, ինչպես որ այն նմուշահատերը, որոնք վերցվել են այն մարզի կենտրոնից, որտեղ բնակվում է նրանցից յուրաքանչյուրը։ Իմ տեսության հիման վրա այդ ազգակից տեսակները ծագում են մի ընդհանուր նախահորից և իրենց փոփոխման պրոցեսի ժամանակ նրանցից յուրաքանչյուրը հարմարվել է իր մարզի կենսապայմաններին, ոչնչացնելով և փոխարինելով իր նախասկզբնական ձևը և բոլոր միջակա տարատեսակները, որոնք կապում են նրա նախկին վիճակը արդիականի հետ։ Այդ պատճառով էլ մենք առիթ չունենք սպասելու, որ ներկայումս հանդիպեն բազմաթիվ անցումային տարատեսակներ մարզերից յուրաքանչյուրում, թեև այդ տարատեսակները պետք է գոյություն ունենային և գուցե պահպանվել են բրածո վիճակում։ Բայց ինչո՞ւ միջակա գոտում, որը ներկայացնում է նաև միջակա կենսապայմաններ, ապա այնտեղ մենք չենք հանդիպում այնպիսի տարատեսակների, որոնք կազմում են սերտ կերպով մոտեցած տեսակները միմյանց հետ շաղկապող օղակներ։ Այս դժվարությունը երկար ժամանակ տարակուսանք էր պատճառում ինձ։ Սակայն ես կարծում եմ, որ այն կարող է զգալի չափով բացատրված լինել։
 
Նախ և առաջ, այն փաստից, որ մի որոշ մարզ այժմ մեզ ներկայանում է անընդհատ, կարելի է միայն մեծ զգուշությամբ եզրակացնել, որ այն երկարատև ժամանակաշրջանի ընթացքում էլ այդպես անընդհատ է եղել։ Երկրաբանությունը համոզում է մեզ այն բանում, որ մայր ցամաքների մեծ մասը բաժանված է եղել կղզիների, մինչև անգամ երրորդային շրջանի վերջում, իսկ այդպիսի կղզիներում ինքնուրույն տեսակներ կարող էին առաջանալ անկախ կերպով, առանց նրանց միջև միջակա տարատեսակների առաջացման որևէ հնարավորության, միջակա գոտիներում։ Ցամաքի գծագրությունների և կլիմայի փոփոխությունների հետևանքով, ծովային մարզերը, որոնք այժմ անընդհատ են, դեռ ոչ այնքան վաղ ժամանակներում կարող էին լինել ավելի անջատված և ավելի քիչ միանման։ Կանգ չեմ առնի դժվարությունից խուսափելու այդ ձևի վրա, որովհետև ես կարծում եմ, որ բազմաթիվ պարզորոշ սահմանազատված տեսակները առաջացել են անընդհատ տարածություններում. բայց միևնույն ժամանակ ես բնավ չեմ կասկածում, որ տարածությունների նախկին բաժանվածությունը, որոնք ներկայումս անընդհատ են, կարևոր դեր է խաղացել տեսակների առաջացման պրոցեսում, առանձնապես միմյանց հետ ազատ կերպով խաչաձևվող, թափառական կյանք վարող կենդանիների վերաբերմամբ։
 
Ուշադրության առնելով տեսակների ժամանակակից բաշխումը լայնարձակ տարածության վրա, մենք սովորաբար նկատում ենք, որ նրանք բավականաչափ բազմաթիվ են նրա տարածության մեծ մասում, այնուհետև նրա սահմանների մոտ բավական անսպասելիորեն սկսում են նոսրանալ և վերջապես անհետանում են։ Այսպիսով, երկու տեսակների ներկայացուցիչների միջև գտնվող չեզոք գոտին սովորաբար նեղ է նրանցից յուրաքանչյուրին պատկանող մարզերի համեմատությամբ։ Նույնը տեսնում ենք լեռները բարձրանալիս և երբեմն ուղղակի զարմանալի է, ըստ Ալֆոնս-դը-Կանդոլի դիտողության, թե ինչպես հանկարծ անհետանում են սովորական ալպիական տեսակները։ Նույն փաստը նկատել է Է. Ֆորբսը խորջրյա ծովային ուսումնասիրությունների ժամանակ, որոնք կատարվել են հողհանի միջոցով։ Նրանց, ովքեր տեսնում են կլիմայի և ֆիզիկական պայմանների մեջ օրգանիզմների տարաբնակեցումը որոշող բացառիկ տարրեր, այդ փաստերը պետք է ապշեցնեն, որովհետև կլիման և բարձրությունը և կամ խորությունը փոփոխվում են անզգալի աստիճանականությամբ։ Բայց, երբ մենք աչքաթող չենք անում այն նկատառումը, որ գրեթե յուրաքանչյուր տեսակ, մինչև անգամ իր մայր երկրում կարող էր բազմանալ հսկայական չափերով, եթե չհանդիպեր այլ տեսակների մրցությանը, ,որ գրեթե բոլոր տեսակները ապրում են այլ տեսակների հաշվին, կամ իրենք են ծառայում նրանց որպես որս, մի խոսքով, որ ամեն մի օրգանական էակ, ուղղակի կամ անուղղակի ձևով էականորեն կապված է այլ էակների հետ,— այդ ժամանակ մենք հեշտությամբ համոզվում ենք, որ որևէ երկրի բնակիչների տարածումը ոչ մի կերպ կախված չէ բացառապես անզգալիորեն փոփոխվող ֆիզիկական պայմաններից, այլ մեծ չափով կախված է այլ տեսակների ներկայությունից, որոնց հետ նրանք մտնում են մրցման մեջ։ Բայց քանի որ այդ տեսակներն իրենցից ներկայացնում են խիստ սահմանազատված, այլ ոչ թե անզգալի անցումներով միաձուլվող մի ինչ որ բան, ուստի և յուրաքանչյուր տեսակի տարաբնակման սահմանը, կախված լինելով այլ տեսակների տարաբնակման սահմանից, կլինի խիստ նկատելի։ Բացի դրանից, յուրաքանչյուր տեսակ իր տարաբնակման սահմանների մոտ, որտեղ նա գոյություն ունի անհատների փոքր թվով, նրա թշնամիների կամ որսի քանակության տատանումների դեպքում, կամ կլիմայական անբարենպաստ պայմանների դեպքում շատ հեշտությամբ կենթարկվի լիակատար ոչնչացման և դրա հետևանքով նրա աշխարհագրական սահմանները ավելի խիստ նկատելի կլինեն։
 
Որովհետև ազգակից կամ փոխարինող տեսակները, որոնք ապրում են անընդհատ տարածության վրա, սովորաբար բաշխվում են այնպես, որ յուրաքանչյուրը տարաբնակված է լայն սահմաններում՝ ունենալով իրենց միջև համեմատաբար նեղ չեզոք գոտի, որտեղ նրանք գրեթե հանկարծ նոսրանում են, ապա և տարատեսակները, որոնք էականորեն չեն տարբերվում տեսակներից, պետք է ենթարկվեն նույն կանոնին, այսինքն, եթե մենք կանգ առնենք խիստ փոփոխվող և մեծ տարածություն գրավող տեսակի վրա, ապա մենք պետք է ենթադրենք, որ երկու տարատեսակները հարմարված են երկու մեծ տարածություններին, իսկ երրորդը՝ նեղ, միջին գոտուն, միջակա տարատեսակը, որպես փոքր և նեղ տարածության վրա գոյություն ունեցող, ներկայացված կլինի ավելի սակավաթիվ անհատներով և, որքան որ ես կարող եմ նկատել, այդ կանոնը իրոք արդարանում է բնական վիճակում գտնվող տարատեսակների վերաբերմամբ կիրառելու դեպքում։ Ես հանդիպել եմ այդ կանոնի ապշեցուցիչ օրինակներին այն տարատեսակների վերաբերմամբ, որոնք միջակա տեղ են գրավում Balanus սեռի խիստ արտահայտված տարատեսակների միջև։ Եվ, ըստ երևույթին, միստր Ուոտսոնի, Ազա-Գրեյի և Ուոլլաստոնի կողմից ինձ հայտնած տեղեկությունների հիման վրա, այն տարատեսակները, որոնք միջակա են երկու ձևերի միջև, սովորաբար ներկայացված են լինում զգալիորեն ավելի քիչ թվով, քան այն ձևերը, որոնց նրանք շաղկապում են։ Բայց եթե միայն մենք վստահենք այդ վկայություններին ու փաստերին և գանք այն եզրակացության, որ երկու այլ տարատեսակներ շաղկապող տարատեսակները սովորաբար գոյություն ունեն անհատների ավելի քիչ թվով, քան նրանցով շաղկապված ձևերը, այն ժամանակ մենք կըմբռնենք, թե ինչու այդ միջակա տարատեսակները չեն կարող իրենց գոյությունը պահպանել առանձնապես երկար ժամանակ, թե ինչու, որպես ընդհանուր կանոն, նրանք պետք է ենթարկվեն ոչնչացման և վերանան ավելի շուտ, քան այն ձևերը, որոնց սկզբում նրանք շաղկապել են։
 
Ամեն մի ձև, որն ունի ավելի քիչ թվով անհատներ, ինչպես առաջ արդեն նկատել ենք, ոչնչացված լինելու ավելի շատ հավանականությունների է ենթարկվում, քան բազմաթիվ անհատներ ունեցողը, իսկ ներկա հատուկ դեպքում միջակա ձևը առանձնապես ենթակա կլինի իր երկու կողմում ապրող մերձակա ձևերի ներխուժմանը։ Բայց ավելի կարևոր է այն նկատառումը, որ հետագա փոփոխման պրոցեսի ժամանակ, որի հետևանքով երկու ենթադրյալ տարատեսակները փոխարկվում են ինքնուրույն տեսակների, այդ երկու տարատեսակները, որոնք ներկայացված են ավելի մեծ թվով և ապրում են ավելի մեծ տարածությունների վրա, կունենան զգալի առավելություններ միջակա տարատեսակի հանդեպ, որը սակավաթիվ է և բնակվում է միջակա նեղ գոտում, որովհետև անհատներով հարուստ ձևերը կունենան ամեն մի տվյալ ժամանակաշրջանում բարենպաստ փոփոխությունների առաջացման ավելի շատ շանսեր, որոնց կարող է կառչել բնական ընտրությունը։ Այսպիսով, կենսական մրցության մեջ սովորական ձևերը կհաղթեն և դուրս կմղեն ավելի քիչ տարածված ձևերին, որովհետև այս վերջիններն ավելի դանդաղ են փոփոխվում ու կատարելագործվում։ Ելնելով այդ սկզբունքից, կարծում եմ, մենք նաև կարող ենք բացատրել երկրորդ գլխում շարադրված այն փաստը, որ սովորական ձևերը ներկայացնում են միջին հաշվով ավելի մեծ քանակությամբ ցայտուն տարատեսակներ, քան հազվագյուտ տարատեսակները։ Կպարզաբանեմ այդ օրինակով։ Ենթադրենք, թե որևէ մի տեղ պահում են ոչխարի երեք տարատեսակ։ Մեկը հարմարված է րնդարձակ լեռնային երկրի, մյուսը՝ համեմատաբար նեղ բլրաշատ գոտու, երրորդը՝ այդ լեռների ստորոտում փռված լայն հարթավայրին։ Այնուհետև ենթադրենք, թե տեղական բնակիչները միատեսակ ուշադրությամբ ու տոկունությամբ հոգում են այդ ցեղերի կատարելագործման մասին ընտրության միջոցով։ Հաջողության ավելի շատ շանսեր կունենան լեռնային և հարթավայրային ավելի մեծ սեփականատերերը, քան միջակա բլրաշատ գոտու, փոքր հողամասերի սեփականատերերը և հետևաբար լեռնային և տափաստանային կատարելագործված ցեղերը շուտով դուրս կմղեն բլրաշատ գոտու ավելի քիչ կատարելագործված ցեղին։ Հետևանքը այն կլինի, որ երկու ավելի բազմաթիվ ցեղերն անմիջական շփման մեջ կմտնեն միմյանց հետ և այլևս բաժանված չեն լինի միմյանցից միջակա ցեղով։
 
Ամփոփելով ասվածը, ես կարծում եմ, որ տեսակները դառնում են ինչ որ կատարելապես որոշակի սահմաններ ունեցող բան և ընդհանրապես իրենցից չեն ներկայացնում անզգալիորեն փոփոխվող և միահյուսվող օղակների անլուծելի քաոս հետևյալ պատճառներով։
 
Առաջին, այն պատճառով, որ նոր տարատեսակները առաջանում են խիստ դանդաղ, որովհետև փոփոխման պրոցեսն ինքը կատարվում է ծայրահեղ դանդաղությամբ. իսկ բնական ընտրությունը ոչինչ չի կարող անել, մինչև որ չարտահայտվեն բարենպաստ անհատական փոփոխությունները կամ տարբերությունները կամ մինչև որ տվյալ երկրի բնական կարգում չբացվի մի տեղ, որը կարող են հաջողությամբ զբաղեցնել նրա մեկ կամ մի քանի փոփոխված, բնակիչները։ Իսկ այդ նոր տեղերը կախման մեջ կլինեն կլիմայական դանդաղ փոփոխություններից, նոր ձևերի պատահական ներգաղթից և, ամենայն հավանականությամբ, էլ ավելի զգալի չափով երկրի հին բնակիչների դանդաղ փոփոխությունից ու այդ նոր առաջացած և հին ձևերի միջև տեղի ունեցող փոխազդեցությունից։ Այնպես որ, որևէ տվյալ երկրում և տվյալ ժամանակում, մենք կարող ենք սպասել միայն փոքր թվով տեսակներ, որոնք ունեն կառուցվածքի մեջ մի քիչ կայուն հատկությամբ աննշան փոփոխություններ, և այդ իրականում նկատվում է։
 
Երկրորդ, այժմյան անընդհատ տարածությունները, հաճախ դեռ ոչ այնքան հեռավոր անցյալում ներկայացրել են բաժանված մասեր, որտեղ բազմաթիվ ձևերը,— մանավանդ յուրաքանչյուր ծննդի համար զուգավորվող և շարժուն կենսաձև վարող դասերին պատկանողները, կարող էին առանձնանալ և հասնել տարբերության այնպիսի աստիճանի, որը բավարար է նրանցից, այսպես կոչվող փոխարինող տեսակների առաջացման համար։ Այդ դեպքում այդ փոխարինող տեսակների և նրանց ընդհանուր նախահոր միջև անցումային ձևերը պետք է գոյություն ունենային յուրաքանչյուր մեկուսացած մարզում, բայց ընտրության պրոցեսի միջոցով այդ միացնող օղակները փոխարինվել են այլ ձևերով և ոչնչացել, այնպես որ չեն պահպանվել կենդանի վիճակում։
 
Երրորդ, երբ երկու տարատեսակ, կամ ավելի մեծ թվով տարատեսակներ առաջացել են անընդհատ տարածության տարբեր մասերում, ապա միջակա գոտում կարող էին, շատ հավանական է, առաջանալ նաև միջակա տարատեսակներ, բայց նրանց գոյությունը թերևս եղել է վաղանցիկ, որովհետև այդ տարատեսակները, առաջներում արդեն նշված (և մերձավոր փոխարինող տեսակների, ինչպես նաև ընդունված տարատեսակների բաշխման մասին մեր տեղեկություններից վերցված) նկատառումների համաձայն գոյություն ունեն միջակա գոտում ավելի քիչ թվով, քան այն տարատեսակներր, որոնց նրանք շաղկապում են իրար հետ։ Հենց միայն այդ պատճառով, միջակա տարատեսակները ավելի ենթակա կլինեն պատահական ոչնչացման, իսկ հետագա փոփոխման պրոցեսում, բնական ընտրության միջոցով կհաղթվեն, կփոխարինվեն ձևերով, որոնց նրանք շաղկապում են, որովհետև այդ վերջինները, շնորհիվ իրենց մեծաքանակության, ընդհանուր առմամբ կներկայացնեն ավելի շատ փոփոխություններ և հետևապես ավելի շատ կկատարելագործվեն ընտրությամբ և ձեռք կբերեն էլի նոր առավելություններ։
 
Եվ, վերջապես, նկատի ունենալով օրգանիզմների փոփոխումները ոչ թե այս կամ այն ժամանակում, այլ ընդհանրապես ժամանակի մեջ,— եթե միայն իմ տեսությունը ճիշտ է,— մենք պետք է ընդունենք, որ մի խմբի բոլոր տեսակներին մերձավոր օղակներով շաղկապող անթիվ միջակա տարատեսակները մի ժամանակ անկասկած գոյություն են ունեցել, բայց որ բնական ընտրության պրոցեսն ինքը մշտապես թեքվում է դեպի այն, որպեսզի, ինչպես արդեն բազմիցս նշվել է, ոչնչացնի նախասկզբնական ձևերը և նրանց շաղկապող օղակները։ Հետևաբար, նրանց նախկին գոյության մասին վկայություն կարելի է գտնել միայն բրածո մնացորդների մեջ, որոնք, ինչպես մենք կաշխատենք ցույց տալ հետագա գլուխներից մեկում, ներկայացնում են միայն շատ թերի, կցկտուր տարեգրություն։
 
===ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՈՒՆԵՑՈՂ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԷԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ===
 
Իմ պաշտպանած հայացքների հակառակորդները շատ անգամ առաջ են քաշել մի հարց, թե ինչպե՞ս, օրինակ, կարող էր ցամաքային գիշակեր կենդանին փոխվել ջրայինի, որովհետև ի՞նչպես կարող էր գոյություն ունենալ այդ կենդանին իր անցումային վիճակում։ Դժվար չէր լինի ցույց տալ, որ ներկայումս էլ գոյություն ունեն գիշակեր կենդանիներ, որոնք ներկայացնում են բոլոր հաջորդական և մերձավոր անցումային ձևերը խիստ ցամաքայինների և ջրայինների միջև։ Բայց քանի որ նրանցից յուրաքանչյուրը գոյություն ունի, դիմանալով գոյության կռվին, ապա ակներև է, որ նրանք լավ են հարմարված իրենց տեղին բնության մեջ։ Նայեցեք Հյուսիս-ամերիկյան Mustela vison-ին, որը մատների միջև թաղանթներ ունի և իր մորթիով, կարճ ոտքերով և պոչի ձևով հիշեցնում է ջրասամույրին։ Ամռանը այդ կենդանին կերակրվում է ձկնով, որը որսալու համար սուզվում է ջրի մեջ, իսկ երկարատև ձմռան ընթացքում թողնում է սառած ջրերը և այլ ժանտաքիսների նման որսում է մկներ և այլ ցամաքային կենդանիներ։ Եթե այդ հարցը տվողները գլխի ընկնեին և հարցնեին, թե ի՞նչպես միջատակեր չորսոտանին կարող էր փոխվել չղջիկի, ապա այս անգամ պատասխանելը ավելի դժվար կլիներ։ Բայց և այնպես ես կարծում եմ, որ այդ դժվարությունները մեծ կշիռ չունեն։
 
Այս անգամ էլ, ինչպես և այլ դեպքերում, ես կրկին գտնվում եմ աննպաստ վիճակում, որովհետև իմ կողմից հավաքած բազմաթիվ զարմանալի օրինակներից այստեղ կարող եմ բերել մեկը կամ երկուսը, որոնք պարզաբանում են միմյանց մոտ տեսակների կենսաձևի ու կազմվածքի անցումները և միևնույն տեսակի ներկայացուցիչների սովորությունների պատահական կամ հաստատուն բազմազանությունը։ Բայց ինձ թվում է, որ օրինակների երկար մի շարք կարող է լիովին հարթել դժվարությունները այնպիսի մասնավոր դեպքերում, որ նման են, օրինակ, չղջիկին։
 
Նայեցեք սկյուռների ընտանիքին։ Դուք այստեղ կհանդիպեք ամենանուրբ անցումների՝ սկսած թեթևակի տափակած պոչերով կենդանիներից կամ մյուսներից, որոնց մոտ, ըստ սըր Դ. Ռիչաըդսոնի դիտողության, մարմնի հետին կեսը թեթևակի լայնացած է ու կողերի մաշկը մի քիչ պարկանման է մինչև իսկական, այսպես կոչված, թռչող սկյուռները։ Իսկ թռչող սկյուռների վերջավորությունները իրար հետ և մինչև անգամ պոչի հիմքի հետ կապված են լայն թաղանթով, որը ծառայում է որպես պարաշյուտ և թույլ է տալիս նրանց սահել օդի մեջ ծառից ծառ զարմանալի տարածությունների վրա։ Հազիվ թե կարելի է կասկածել այն բանում, որ կառուցվածքի յուրաքանչյուր առանձնահատկությունը օգուտ է բերում յուրաքանչյուր սկյուռին իր բնական, շրջադրության մեջ, օգնելով նրան ազատվելու գիշատիչ գազաններից ու թռչուններից և ավելի արագ հավաքելու իրեն համար սնունդ, կամ թե, որն ավելի հավանական է, պաշտպանելով նրան հանկարծակի հարձակման վտանգից։ Բայց ղրանից չի հետևում, որ յուրաքանչյուր սկյուռի կառուցվածքը լավագույնն է, որը կարելի է երևակայել ամենատարբեր պայմաններում։ Թող փոխվեն կլիման և բուսականությունը, թող նրանց հետ մրցող այլ կրծողներ կամ նոր գիշատիչներ ներխուժեն երկիրը և թող հները փոփոխվեն և ըստ անալոգիայի կգանք այն եզրակացության, որ սկյուռներից գոնե մի քանիսը կսակավանան և վերջապես կանհետանան, եթե միայն չփոփոխվեն և չկատարելագործվեն համապատասխան ձևով։ Այդ պատճառով էլ ես խոչընդոտ չեմ տեսնում ենթադրելու, որ, մանավանդ փոփոխվող կենսապայմաններում, մշտապես պահպանվեն ավելի ու ավելի զարգացած կողքի թաղանթներ ունեցող անհատները, որովհետև ամեն մի փոփոխություն այդ ուղղությամբ օգտակար կլիներ և կփոխանցվեր, մինչև որ կուտակման և բնական ընտրության այդ ճանապարհով չէր ստացվի լիովին կատարելագործված թռչող սկյուռ։
 
Իսկ այժմ նայեցեք, այսպես կոչված, թռչող լեմուրին (Galeopithecus), որին նախկինում դասում էին չղջիկների, իսկ այժմ դասում են միջատակերների շարքը (Insectivora)։ Նրա չափազանց լայն կողքի թաղանթը տարածվում է ծնոտների անկյունից մինչև պոչը և ընդգրկում է երկարացված մատներ ունեցող վերջավորությունները։ Այդ թաղանթը օժտված է նրան ձգող մկանով։ Թեև ներկայումս չեն պահպանվել օդում սահելու համար հարմարված այդ օրգանի միջակա օղակները, որոնք կշաղկապեին գալեոպիթեկին այլ միջատակերների հետ, այնուամենայնիվ չկա ոչ մի դժվարություն ենթադրելու համար, որ այդպիսի օղակներ նախկինում եղել են և առաջացել են, ինչպես որ ավելի քիչ հաջողությամբ թռչող սկյուռների մոտ, ընդորում կատարելագործման պրոցեսի ընթացքում, յուրաքանչյուր միջակա քայլ եղել է օգտակար նրա տիրոջ համար։ Ես անհաղթահարելի խոչընդոտ չեմ տեսնում նաև հետագա ենթադրության համար, որ գալեոպիթեկի թաղանթով միացած մատները և նախաբազուկը կարող էին բնական ընտրության ազդեցության ներքո զգալիորեն երկարել, իսկ այդ արդեն նրան կձևափոխեին չղջիկի գոնե թռչելու օրգանների տեսակետից։ Որոշ չղջիկների մոտ, որոնց թռիչքաթաղանթը տարածվում է ուսի գագաթից մինչև պոչը և ներառնում է ետևի վերջավորությունները, մենք ամենայն հավանականությամբ պետք է այդ օրգանում տեսնենք ավելի շուտ սկզբնական հարմարում օդում սահելու, քան թռչելու համար։
 
Եթե թռչունների մոտ մեկ դյուժին սեռեր վերջնականապես անհետանային, ում մտքով կարող էր անցնել, որ գոյություն են ունեցել թռչուններ, որոնք Էյտոնի Micropterus-ի նման կարող էին միայն թափահարել իրենց թևերը, օգտագործել նրանց որպես լողաթևեր կամ որպես առջևի ոտքերի պինգվինի նման, որպես առագաստ ջայլամի նման, կամ, վերջապես պահպանել նրան առանց որևէ գործունեության, ինչպես ապտերիքսի մոտ։ Եվ այնուամենայնիվ, այդ թռչուններից յուրաքանչյուրի կառուցվածքը պիտանի է իրեն համար, որովհետև նրանք բոլորը պետք է ապրեն պայքար մղելով, բայց այդ ոչ մի կերպ չի կարող համարվել ամենալավը ամեն տեսակի պայմաններում։ Ասվածից չպետք է անել այնպիսի եզրակացություն, թե բերված հաջորդական աստիճանները թևի կառուցվածքում ներկայացնում են իրական քայլեր թռիչքի կատարյալ ընդունակության մշակման ճանապարհին, կարող է պատահել, որ այդ միայն վարժության բացակայության հետևանք է, բայց համենայն դեպս այդ օրինակները ցույց են տալիս, թե ինչպիսի բազմազան անցումներ կարող են միանգամայն հնարավոր լինել։
 
Գիտենալով, որ գլխավորապես ջրում շնչելու համար հարմարված դասերում, ինչպես խեցեմորթներն ու կակղամորթներն են, հանդիպում են ցամաքային կյանքին հարմարված ներկայացուցիչներ, գիտենալով, որ գոյություն ունեն թռչող թռչուններ և կաթնասուններ, ինչպես և ամեն տեսակի միջատներ, իսկ մի ժամանակ գոյություն են ունեցել նաև թռչող սողուններ, միանգամայն կարելի է ընդունել, որ թռչող ձկներն էլ, որոնք սահում են օդում, թեթևակի բարձրանալով և շրջվելով ընթացքի ժամանակ իրենց թպրտացող լողաթևերի օգնությամբ, կարող էին ձևափոխվել իսկական թևավոր կենդանիների։ Եթե այդ իսկապես իրականանար, ապա ո՞ւմ մտքով կանցներ, որ այդ թևավոր կենդանիները իրենց վաղ անցումային վիճակում եղել են երբևէ բաց օվկիանոսի բնակիչներ և օգտագործել են իրենց թերաճ թռչելու ապարատները, ըստ երևույթին, բացառապես նրա համար, որպեսզի փրկվեն այլ ձկների հետապնդումներից։
 
Երբ մենք հանդիպում ենք մի օրգանի, որը որոշ գործունեության համար իր հարմարվածությամբ հասցված է կատարելագործման բարձր աստիճանի, ինչպիսին է թռչունի թևը թռիչքի համար իր հարմարվածությամբ, մենք չպետք է մոռանանք, որ կենդանիները, որոնք դրանով օժտված են նրա զարգացման վաղ անցումային աստիճաններում, միայն հազվագյուտ դեպքերում կարող էին ապրել մինչև ներկա ժամանակները, որովհետև փոխարինվել են բնական ընտրությամբ կատարելագործված հաջորդներով։ Այնուհետև մենք պետք է եզրակացնենք, որ անցումային դրությունները երկու այնպիսի ձևերի միջև, որոնք հարմարված են բոլորովին տարբեր կենսաձևերի, միայն հազվագյուտ դեպքերում կարող էին հայտնվել զգալի թվով և ներկայացնել երկրորդային ձևափոխություններ։ Այսպիսով, եթե մենք դառնանք թռչող ձկան մեր երևակայական օրինակին, ապա քիչ հավանական է թվում, որ իսկական թռչելու ընդունակ ձկները կարող էին առաջանալ բազմաթիվ երկրորդային փոփոխություններով, որոնք հարմարված էին բազմազան որսակենդանիների հետապնդման համար, այն էլ տարբեր եղանակներով ցամաքի վրա և ջրի մեջ, մինչև որ նրանց օրգանները չեն հասել կատարելագործության այնպիսի աստիճանի, որը կապահովեր նրանց համար վճռական գերակշռություն գոյության կռվում այլ կենդանիների հանդեպ։ Այստեղից էլ օրգանների կառուցվածքում անցումային աստիճաններով օժտված տեսակներ բրածո վիճակում գտնելու շանսերը շատ չնչին կլինեն, քան միանգամայն զարգացած օրգաններով օժտված տեսակներ գտնելու շանսերը, որովհետև առաջինները միշտ ավելի սակավաթիվ են եղել։
 
Այժմ, ես կբերեմ միևնույն տեսակին պատկանող անհատների կենսակերպի բազմազանության ու փոփոխության երկու կամ երեք օրինակներ։ Այդ դեպքերից յուրաքանչյուրում բնական ընտրությունը կարող էր կենդանու կառուցվածքը հարմարեցնել կամ ընդհանրապես նրա փոփոխված սովորություններին, կամ նրա մի քանի սովորություններից բացառապես մեկին։ Սակայն դժվար է որոշել, և մեզ համար էլ էական չէ, արդյոք սկզբից փոխվում են սովորությունները և հետո օրգանների կառուցվածքը, թե՞ կառուցվածքի մեջ հենց փոփոխություններն առաջացնում են սովորությունների փոփոխություններ, ամենայն հավանականությամբ, թե՛ մեկը և թե՛ մյուսը հաճախ տեղի են ունենում գրեթե միաժամանակ։ Որպես փոփոխված սովորությունների օրինակ, արժե մատնանշել բրիտանական միջատներից շատերին, որոնք սնվում են էկզոտիկ բույսերով, կամ բացառապես արհեստական մթերքներով։ Ինձ պատահել է հետևել հարավ-ամերիկական ճանճորսին (Saurophagus sulphuratus), մերթ ճախրելիս մի տեղի վրա և հետո բազեի պես թռչելով անցնելիս մի ուրիշ տեղ, մերթ ափին կանգնած հանկարծ նետվելիս ջրի մեջ, ձկան ետևից, ինչպես ալկիոն։ Անգլիայում մեծ երաշտահավը (Parus major) երբեմն մագլցում է ծառերի վրա, համարյա ինչպես սիտեղ, կամ կարմրաշամփրուկի պես սպանում է փոքրիկ թռչուններին կտուցով հարվածելով գլուխներին, և ես շատ անգամ տեսել և լսել եմ, ինչպես նա ջարդում էր կենու սերմերը, նրանց խփելով ճյուղերին, ինչպես սիտեղը, Հյուսիսային Ամերիկայում սև արջը, Հերնի դիտումների համաձայն, լողում է ժամերով լայն բացած երախով և այսպիսով որսում է ջրային միջատներին, ճիշտ կետի նման։
 
Քանի որ մենք երբեմն հանդիպում ենք անհատների, որոնք ունեն իրենց տեսակի ներկայացուցիչներին և նույն սեռի այլ տեսակներին հատուկ սովորություններից բոլորովին տարբերվող սովորություններ, ապա կարող ենք ենթադրել, որ այդպիսի անհատները երբեմն կարող են սկիզբ տալ անկանոն նոր տեսակների, որոնք ունեն անկանոն սովորություններ ու կազմվածք, որը թեթևակի, իսկ երբեմն էլ զգալիորեն տարբերվում է տիպի կազմվածքից։ Եվ այդպիսի դեպքեր իրոք հանդիպում են բնության մեջ։ Արդյոք կարելի է բերել հարմարվածության ավելի զարմանալի օրինակ, քան այն, որը ներկայացնում է մեզ ծառերի բների վրայով մագլցող և կեղևի ճեղքվածքներում միջատներ որսացող փայտփորիկը։ Եվ, այնուամենայնիվ, Հյուսիսային Ամերիկայում հանդիպում են պտուղներով սնվող փայտփորիկներ և ուրիշներ, որոնք ունեն երկարած թևեր և միջատներ են որսում թռչելիս։ Լա-Պլատայի հարթավայրում, որտեղ հազիվ թե կարելի է գտնել գեթ մի ծառ, հանդիպում է փայտփոր (Colaptes campestris), որի երկու մատը ուղղված են առաջ և երկուսը ետ, լեզուն երկար ու սրածայր է, պոչի փետուրները սրածայր են և բավականաչափ կոշտ, որպեսզի թռչունին պահեն ուղղաձիգ վիճակում ձողի վրա, բայց ոչ այնքան կոշտ, ինչպես տիպիկ փայտփորինը և ուժեղ ուղիղ կտուց։ Թեև կտուցը այնքան էլ ուղիղ չէ ու այնքան էլ ուժեղ չէ, ինչպես տիպիկ փայտփորիկինը, բայց և այնպես բավականաչափ ուժեղ է ծառի կեղևը ծակելու համար։ Այսպիսով, այդ Colaptes-ը իր բոլոր էական մասերով իսկական փայտփորիկ է. մինչև անգամ այնպիսի մանր առանձնահատկություններում, ինչպիսիք են գույնը, ձայնի սուր տոնը և ալիքաձև թռիչքը, պարզ կերպով դրսևորվում է նրա արենակցությունը մեր փայտփորիկի հետ։ Բայց և այնպես ես կարող եմ հաստատել ոչ միայն իմ սեփական, այլև իր ցուցմունքներում միշտ մանրազնին Ազարայի դիտումների հիման վրա, որ այդ թռչունը որոշ ընդարձակ մարզերում երբեք չի մագլցում ծառերի վրա և իր բունը շինում է գետերի զառիթափ ափերին։ Ընդհակառակը, այլ մարզերում, միևնույն փայտփորիկը, միստր Հուդզոնի վկայության համաձայն, այցելում է ծառերը և իրեն համար բույն է փորում նրանց բների մեջ։ Կարող եմ բերել մեկ օրինակ ևս, որը ապացուցում է այդ սեռի թռչունների սովորությունների բազմազանությունը։ Մի մեքսիկական Colaptes, ըստ դը Սոսյուրի նկարագրությունների, կարծր ծառի մեջ ծակեր է փորում և լցնում է դրանք խոզակաղնու պաշարներով։
 
Մրրկահավերը թռչունների մեջ ամենից շատ օդային և օվկիանոսային են, բայց Հրո երկրի հանդարտ նեղուցներում հանդիպող Puffinuria berardi-ն իր կենսաձևի ընդհանուր կացույթով, սուզվելու զարմանալի ընդունակությամբ, լողալու և թռչելու եղանակով, երբ նրան խրտնեցնում են, հեշտությամբ կարելի է ընդունել ծովային սուզաբադի կամ սուզահավի տեղ, և այնուամենայնիվ դա իսկական մրրկահավ է, միայն իր նոր կենցաղին համապատասխան խոր կերպով փոփոխվել է կազմվածքի շատ գծերով, մինչդեռ Լա-Պլատայի փայտփորիկի կազմվածքը փոփոխված է միայն թեթևակի։ Ամենախորաթափանց դիտողը, ուսումնասիրելով ջրային կեռնեխին մեռած վիճակում, չէր կասկածի, որ նա ունի ստորջրյա սովորություններ, մինչդեռ այդ թռչունը, որը ազգակից է կեռնեխայիններին, իր գոյությունը պահպանում է միայն շնորհիվ իր սուզվելու ընդունակության, ջրի տակ օգտվելով իր թևերով և ոտքերով կառչելով քարերից։ Թաղանթաթևավորների ընդարձակ կարգի բոլոր ներկայացուցիչները ցամաքի վրա ապրող միջատներ են. բացառություն է կազմում Proctotrupes-ը, որն ունի, ըստ սըր Ջոն Լեբբոկի դիտումների, ջրային միջատի սովորություններ. նա հաճախակի ընկղմվում է ջրի մեջ և սուզվում է, ընդ որում օգտագործում է ոչ թե թաթիկները, այլ թևերը, և հաճախ մնում է ջրի տակ չորս ժամ շարունակ և, այնուամենայնիվ, չնայած այդ բոլորովին շեղված սովորություններին, նա ոչ մի համապատասխան փոփոխություն չունի իր կառուցվածքի մեջ։
 
Նա, ով որ հավատում է, թե բոլոր էակները ստեղծվել են այնպես, ինչպես մենք նրանց այժմ տեսնում ենք, պետք է երբեմն զարմանք զգա, տեսնելով մի կենդանի, որի սովորությունները չեն համապատասխանում նրա կառուցվածքին։ Կարո՞ղ է որևէ մի բան ավելի ակներև լինել նրանից, որ սագերի ու բադերի թաղանթավոր ոտքերը ստեղծված են լողալու համար։ Այնուամենայնիվ կան լեռնային թաղանթավոր ոտքերով սագեր, որոնք միայն հազվադեպ են մոտենում ջրին։ Ոչ ոք, բացի Օդյուբունից, չի տեսել, որ ճղլակն իջնի օվկիանոսի մակերեսի վրա, մինչդեռ այդ թռչունի բոլոր չորս մատները միացված են թաղանթով։ Մյուս կողմից, սուզահավերը ու կերկերները անկասկած ունեն ջրային թռչունների սովորություններ, բայց նրանց մատները միայն բոլորազարդված են թաղանթով։ Թվում է, թե ի՞նչը կարող է ավելի ակներև լինել, քան այն, որ բարձրասրունքների (Grallatores) մոտ հանդիպող թաղանթազուրկ, երկար մատները հարմարված են ճահիճներում ու լողացող բույսերի, վրայով քայլելու համար։ Սակայն ջրային հավիկը և մարգալորը պատկանում են այդ կարգին, և առաջինը գրեթե նույնպիսի ջրային թռչուն է, ինչպես կերկերը, իսկ երկրորդը նույնպիսի ցամաքային թռչուն է, ինչպես լորը կամ կաքավը։ Այս դեպքերում, իսկ նույնանման օրինակներ դեռ շատ կարելի էր բերել,— սովորությունը փոխվել է առանց կազմվածքի համապատասխան փոփոխման։ Լեռնային սագի թաղանթավոր ոտքերը, կարելի է ասել, դառել են գրեթե թերաճ, ռուդիմենտար ըստ իրենց գործունեության, բայց ոչ թե ըստ կազմվածքի։ Ճղլակի մատների միջև թաղանթների խոր կտրվածքները ցույց են տալիս, որ կազմվածքն էլ սկսել է փոփոխվել։
 
Նա, ով հավատում է առանձին-առանձին ու բազմաթիվ ստեղծագործական ակտերի, իհարկե, կարող է ասել, որ արարիչը կամեցել է, որպեսզի որոշ տիպի էակ գրավեր մի այլ տիպի էակի տեղը, բայց ինձ թվում է, որ դա կլիներ փաստի պարզ կրկնողությունը, միայն ավելի վերամբարձ ոճով։ Իսկ նա, ով ընդունում է գոյության կռվի և բնական ընտրության սկզբունքը, պետք է հնարավոր համարի, որ յուրաքանչյուր օրգանական էակ մշտապես ձգտում է ավելացնել իր թիվը, և եթե որևէ մի էակ փոփոխվում է իր կազմվածքով կամ սովորություններով, ձեռք բերելով դրանով նույն երկրի մի այլ բնակչի հանդեպ թեկուզ և չնչին առավելություն, ապա նա տիրանում է այս վերջինի տեղին, ինչքան էլ որ այդ չնմանվի այն տեղին, որ ինքն է զբաղեցրել։ Եվ այդ տեսակետից նա չի զարմանա հանդիպելով թաղանթավոր ոտերով սագերին ու ճղլակին, բայց որոնք բնակվում են ցամաքի վրա ու հազվադեպ են իջնում ջրի վրա, հանդիպելով մարգալորերին, որ ճահիճների փոխարեն ապրում են մարգագետիններում, հանդիպելով փայտփորիկներին այնտեղ, որտեղ ծառեր չկան, հանդիպելով սուզվող կեռնեխներին և թաղանթաթևավորներին ու սուզաբադերի սովորություններ ունեցող մրրկահավերին։
 
===ՎԵՐԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՍԱԾ ՕՐԳԱՆՆԵՐ===
 
Այն ենթադրությունը, որ աչքը, առարկայի հեռավորության համապատասխան իր կիզակետային տարածություներ փոխելու, թափանցող լույսի քանակը կանոնավորելու, գնդաձև ու խրոմատիկ խոտորումը ուղղելու անընդօրինակելի հարմարեցում է, այն ենթադրությունը, թե այդ օրգանը կարող էր մշակվել բնական ընտրության միջոցով, անկեղծորեն այդ բանում խոստովանվում եմ, կարող է վերին աստիճանի անհեթեթ թվալ։ Բայց չէ որ երբ առաջին անգամ էլ արտահայտվել է այն կարծիքը, որ արևը կանգնած է, իսկ երկիրը պտտվում է, մարդկային առողջ բանականոլթյունը հայտաարարել է այն կեղծ, փիլիսոփայորեն մտածող ամեն մի մարդ շատ լավ գիտի, որ հին ասացվածքը '''«ժողովրդի ձայնը աստծո ձայնն է»''' անկիրառելի է գիտական հարցերում։ Բանականությունը թելադրում է ինձ, որ եթե կարելի լիներ ցույց տալ բազմաթիվ անցումային աստիճանները հասարակ և անկատարելագործված աչքից դեպի ավելի բարդ կառուցված ու կատարելագործված աչքը, ընդորում ամեն մի աստիճանը օգտակար է նրա տիրոջը, իսկ դա կասկածի ենթակա չէ. այնուհետև, եթե աչքը ենթակա է փոփոխության և այդ փոփոխությունները ժառանգական են, իսկ այդ նույնպես կասկածից վեր է. եթե վերջապես, այդ փոփոխությունները կարող էին օգտակար լինել կենդանուն նրա փոփոխված կենսապայմաններում, այդ դեպքում առաջացած այն դժվարությունը, երբ մտածում ենք, թե բարդ և կատարյալ աչքը ծագել է բնական ընտրության միջոցով, ինչքան էլ դա անհաղթահարելի է մեր երևակայության համար, չի կարելի ճակատագրական, խորտակիչ համարել ամբողջ տեսության համար։ Թե ինչպես նյարդը դարձավ լույսի նկատմամբ զգայուն, մեզ գրեթե նույնպես քիչ է վերաբերում, ինչպես և այն հարցը, թե ինչպես է առաջացել կյանքը։ Միայն պետք է նշեմ, որ եթե պարզագույն օրգանիզմներից մի քանիսը, որոնց նյարդերը չեն հայտնաբերված, ընդունակ են ընկալելու լույսի ազդեցությունը, ապա հազիվ թե առիթ կա աներևակայելի համարել, որպեսզի սարկոդայի<ref>Սարկոդա խոսքով Դարվինի ժամանակները հաճախ հասկանում էին պրոտոպլազմա։— ''Խմբ.։''</ref> որոշ զգայուն տարրերը կարողանային կազմել ագրեգատ, որը դարձել է այդ հատուկ զգացողությամբ օժտված նյարդեր։
 
Փնտրելով որևէ տեսակի մոտ միջակա աստիճանները, որոնցով անցել է օրգանը հետզհետե կատարելագործվելով, մենք, իհարկե, պետք է որ կանգ առնենք առանձնապես նրա նախնիների վերընթաց տոհմագրության վրա, բայց այդ հազիվ թե իրագործելի է, և այդ պատճառով էլ ստիպված ենք կանգ առնել միևնույն խմբի նույնանման տեսակների ու սեռերի վրա, այսինքն միևնույն ընդհանուր նախնիներից առաջացած կողմնակի գծերի վրա։ Այսպիսով, մենք հույս ունենք իմանալու, թե ինչպիսի աստիճանական անցումներ են հնարավոր և ինչպիսին է նրանց անփոփոխ կամ քիչ փոփոխված վիճակում փոխանցման հավանականությունը։ Բայց օրգանի վիճակը, մինչև անգամ տարբեր դասերում, երբեմն կարող է լույս սփռել այն միջակա աստիճանների վրա, որոնցով նա անցել է։ Ամենապարզ օրգանը, որը կարելի է աչք անվանել, կազմված է օպտիկական նյարդից, որը շրջապատված է պիգմենտային բջիջներով և ծածկված է թափանցիկ մաշկով, բայց առանց որևէ մի ոսպնյակի կամ լուսաբեկող մարմնի։ Ժուրդենի կարծիքով, մենք թերևս կարող ենք մի աստիճան ցած իջնել և էլի կգտնենք պիգմենտային բջիջների կուտակումներ, որոնք հավանորեն ծառայում են որպես նյարդերից զուրկ և կենդանի հյուսվածքի վրա գտնվող տեսողության օրգաններ։ Վերոհիշյալ պարզ կազմությամբ աչքերը զրկված են պարզորոշ տեսողության ընդունակությունից և ծառայում են միայն լույսը մթությունից տարբերելու համար։ Որոշ ծովաստղերի մոտ, նույն հեղինակի նկարագրությամբ, նյարդը շրջապատող պիգմենտային շերտում փոսիկները լցված են թափանցիկ դոնդողանման նյութով, որը իրենից ներկայացնում է բարձրակարգ կենդանիների եղջերաթաղանթի նման կորնթարթ մակերես։ Նա այն ենթադրությունն է անում, որ այդ օրգանը ծառայում է ոչ թե պատկեր ստանալու, այլ միայն ճառագայթներ հավաքելու համար, որով ուժեղանում է նրանց ներգործությունը։ Ճառագայթների համակենտրոնացման մեջ մենք տեսնում ենք առաջին և ամենակարևոր քայլի իրագործումը դեպի պատկեր տվող, իսկական աչքի առաջացումը. մնում է միայն օպտիկական նյարդի մերկ վերջավորությունը տեղավորել, որը որոշ պարզագույն կենդանիների մոտ ընկղմված է մարմնի մեջ խոր, իսկ ուրիշների մոտ դուրս է գալիս մակերեսին մոտիկ համակենտրոնացնող ապարատից պատշաճ հեռավորության վրա, և այդ վերջավորության վրա կստացվի պատկերը։
 
Հոդվածոտանիների ընդարձակ դասում մենք կարող ենք սկսել օպտիկական ներվից, որը ուղղակի ծածկված է պիգմենտով, ընդորում վերջինը կազմում է բբի նման ինչ որ մի բան, բայց առանց ոսպնյակի կամ որևիցե օպտիկական ապարատի հետքերի։ Միջատների վերաբերմամբ այժմ հայտնի է, որ նրանց մեծ, բարդ աչքերի եղջերաթաղանթի բազմաթիվ նիստերը իրենցից ներկայացնում են իսկական ոսպնյակներ, իսկ կոները պարունակում են արտասովոր կերպով փոփոխված նյարդային թելիկներ։ Բայց օրգանները հոդվածոտանիների մոտ այնպես բազմազան են, որ դեռ Մյուլլերը բաժանել է նրանց երեք ընդհանուր դասի յոթ ստորաբաժանումներով, չհաշված դեռ հավաքական պարզ աչքերի չորրորդ դասը։
 
Եթե կանգ առնենք փաստերի վրա, որոնք բերված են այստեղ չափազանց համառոտ՝ համեմատած աչքի ձևերի ընդարձակ, բազմազան աստիճանական շարքի հետ, որ ներկայացնում են պարզագույն կենդանիները։ Եթե հիշենք, թե որքան չնչին է ապրող ձևերի թիվը՝ համեմատած մահաջնջվածների հետ, ապա դժվարությունները, որոնք խոչընդոտ են հանդիսանում ընդունելու, որ բնական ընտրությունը կարող էր օպտիկական նյարդից կազմված, պիգմենտով և թափանցիկ թաղանթով ծածկված պարզ ապարատը դարձնել մի այնպիսի կատարելագործված օպտիկական գործիք, ինչպիսին է հոդվածոտանիների յուրաքանչյուր ներկայացուցչի աչքը, այդ դժվարությունները մեզ առանձնապես մեծ չեն թվա։
 
Նա, ով այդքան հեռու կգնա, չպետք է վարանի մի նոր քայլ ևս անելու, եթե կարդալով այս գիրքը, նա համոզվի, որ այլ տեսակետից չբացատրվող փաստերի ընդարձակ շարքերը բացատրվում են բնական ընտրության միջոցով փոփոխության տեսությամբ, ապա նա պետք ,է ընդունի որ մինչև անգամ այնքան կատարելագործված կառուցվածքը, ինչպիսին է արծվի աչքը, կարող է առաջանալ նույն ճանապարհով, թեև այս անգամ նա չունի միջակա ստադիաներ։ Ներկայացվել է նաև այսպիսի առարկություն, աչքը փոփոխելու և այն որպես կատարյալ կերպով աշխատող գործիք մշտապես պահպանելու համար, պետք է մի քանի զուգահեռ փոփոխություններ կատարվեն միաժամանակ, պնդելով, իբրև թե դա անհասկանալի է բնական ընտրության միջոցով, բայց ինչպես ես փորձել եմ ապացուցել ընտելացված կենդանիների փոփոխությունների մասին իմ գրքում, հարկ չկա ենթադրելու, որ այդ փոփոխությունները կատարվել են միաժամանակ, միայն եթե նրանք կատարվել են հաջորդաբար՝ չափազանց աննշան աստիճաններով։ Եվ բացի դրանից, տարբեր ձևի փոփոխություններ կարող էին ծառայել միևնույն ընդհանուր նպատակին, ինչպես նշել է Ուոլլեսը. «Եթե ոսպնյակն ունի չափազանց մեծ կամ չափազանց փոքր կիզակետային հեռավորություն, այն կարելի է ուղղել փոփոխելով կորությունը, կամ նրա նյութի խտությունը։ Եթե կորությունը անկանոն է և ճառագայթները չեն հավաքվում մի կետում, այդ դեպքում կորության ճշտության յուրաքանչյուր մեծացումը կլինի արդեն բարելավում։ Ոչ բբի կծկումները, ոչ աչքի մկանային շարժումները չի կարելի համարել, որ անպայման անհրաժեշտ են տեսողության համար, այլ ներկայացնում են միայն կատարելագործումներ, որոնք կարող էին ավելանալ ու բարելավվել այդ գործիքի մշակման ամեն մի ստադիայում։ Կենդանական թագավորության բարձրակարգ բաժնում, հատկապես ողնաշարավորների մոտ, մենք տեսնում ենք այնքան պարզ աչք, որ նա նշտարաձկան մոտ կազմված է թափանցիկ մաշկի փոքրիկ պարկից, որն օժտված է նյարդով և պատած է պիգմենտով, բայց զրկված է որևէ այլ ապարատից։ Ձկների և սողունների մոտ, ինչպես նկատել է Օուենը «Դիօպտրիկական ապարատը ներկայացնում է կատարելագործվածության աստիճանների մի երկար շարք»։ Զարմանալի է, որ մինչև անգամ մարդու մոտ, Վիրխովի հեղինակավոր վկայության հիման վրա, հիանալի ոսպնյակ է առաջանում սաղմի մոտ մաշկի պարկանման ծալքում տեղավորված վերնամաշկի բջիջների կուտակումից, իսկ ապակենման մարմինը առաջանում է սաղմնային ենթամաշկային հյուսվածքից։ Բայց աչքի կառուցվածքի զարմանալի, թեև ոչ բացարձակ կատարյալ մանրամասնությունների ծագման մասին ճիշտ եզրակացության հանգելու համար, անհրաժեշտ է, որ մեր բանականությունը հաղթահարի երևակայությանը։ Սակայն, ես ինքս չափազանց խիստ զգացել եմ այդ դժվարությունը, ուստի չեմ զարմանա, որ ուրիշները ևս կարող են տատանվել այդ մտքի հանդեպ, թե հնարավոր է կիրառել բնական ընտրության սկզբունքն այդպիսի լայն սահմաններում։
 
Դժվար է խուսափել աչքը հեռադիտակի հետ համեմատելուց։ Մենք գիտենք, որ այդ գործիքը կատարելագործվել է մարդկային բարձր մտքերի երկարատև ջանքերով, դրանից մենք եզրակացնում ենք, որ աչքն էլ առաջացել է նման ճանապարհով։ Բայց արդյոք այդպիսի եզրակացությունը թույլ չէ՞ հիմնավորված։ Արդյոք մենք իրավունք ունե՞նք վերագրել արարչին մտավոր հատկություններ, որոնք նման են մարդկայինին։ Եթե մենք կամենում ենք աչքը համեմատել օպտիկական գործիքի հետ, մենք պետք է երևակայության ճիգով պատկերացնենք թափանցիկ հյուսվածքի շերտ, որի արանքները լցված են հեղուկով և նրա տակ փռվող նյարդով, որը զգայուն է լույսի նկատմամբ, այնուհետև մենք պետք է պատկերացնենք, որ այդ շերտի յուրաքանչյուր մասը դանդաղորեն տրոհվում է տարբեր խտություն ունեցող երկրորդական շերտերի, որոնք դասավորված են մեկը մյուսից տարբեր հեռավորության վրա և սահմանափակված են իրենց գծագրությունները աստիճանաբար փոխող մակերեսներով։ Այնուհետև մենք պետք է պատկերացնենք, որ գոյություն ունի գործունյա սկզբունք, բնական ընտրության կամ ամենահարմարվածի կենդանի մնալու ձևով, որը ուշադրությամբ հետևում է այդ թափանցիկ շերտերի յուրաքանչյուր ամենամանր փոփոխությանը և խնամքով պահպանում է նրանցից յուրաքանչյուրը, որը անընդհատ փոփոխվող պայմաններում այսպես թե այնպես նպաստում է ավելի պարզ պատկերի ստացմանը։ Մենք պետք է ենթադրենք, որ գործիքի ամեն մի նոր ձևափոխումը կատարվում է միլիոնավոր օրինակներով և պահպանվում է միայն այնքան ժամանակ, մինչև որ կստացվի ամենալավը, որից հետո բոլոր հները ենթարկվում են ոչնչացման։ Կենդանի մարմիններում փոփոխականությունը կառաջացնի թեթևակի փոփոխություններ, օրգանիզմների վերարտադրողական ընդունակությունը կբազմացնի նրանց գրեթե անսահման քանակությամբ, իսկ բնական ընտրությունը անսխալ հմտությամբ կվերցնի յուրաքանչյուր կատարելագործություն։ Ենթադրենք, թե այդ պրոցեսը կատարվում է միլիոնավոր տարիների ընթացքում և մշտապես կատարվում է բազմաթիվ կենդանի էակների միլիոնավոր անհատների վրա, և մի՞թե մենք չենք կարող պատկերացնել, որ ի վերջո կստացվի կենդանի օպտիկական գործիք, որը նույն չափով գերազանցում է ապակյա գործիքին, ինչ չափով, որ արարչի գործերը գերազանցում են մարդու արտադրանքներին։
 
===ԱՆՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ===
 
Եթե հնարավոր լիներ ապացուցել, որ գոյություն ունի մի բարդ օրգան, որը չէր կարող առաջանալ բազմաթիվ իրար հաջորդող թույլ փոփոխությունների միջոցով, իմ տեսությունը վերջնականապես կխորտակվեր։ Բայց ես չեմ կարողանում գտնել մի այդպիսի դեպք։ Անկասկած, գոյություն ունեն բազմաթիվ օրգաններ, որոնց վերաբերյալ մենք չգիտենք անցումային աստիճաններ, առանձնապես եթե մենք ուշադրությունը սևեռենք չափազանց մեկուսացած տեսակների վրա, որոնց շուրջը, իմ տեսության հիման վրա, տեղի է ունեցել զգալի բնաջնջում։ Կամ եթե մենք կանգ առնենք այն օրգանի վրա, որն ընդհանուր է մի ամբողջ դասի բոլոր ներկայացուցիչների համար, ապա մենք կընկնենք նույնպիսի վիճակի մեջ, որովհետև օրգանը պետք է առաջանար այն հեռավոր ժամանակաշրջանում, որից հետո զարգացել են այդ դասի բոլոր բազմաթիվ անդամները, և վաղ անցումային ձևերը որոնելով, ստիպված կլինենք հասնել արդեն վաղուց անհետացած, չափազանց հին նախածնողական ձևին։
 
Մենք պետք է ծայրահեղ զգուշությամբ գանք այն եզրակացության, որ այս կամ այն օրգանը չէր կարող առաջանալ մի շարք ու զգալի անցումների միջոցով։ Կարելի է բերել այդպիսի օրգանի բազմաթիվ օրինակներ, որը ստորին կենդանիների մոտ միաժամանակ կատարում է բոլորովին տարբեր ֆունկցիաներ. այսպես, օրինակ, շերեփակոթիկի թրթուրի ու Cobites ձկան մոտ կերակուր ընդունող խողովակը շնչում է, մարսում է կերը և արտաթորում է։ Հիդրային կարելի է շուռ տալ, և կենդանու արտաքին մակերեսը այդ դեպքում կսկսի մարսել կերակուրը, իսկ ստամոքսը կսկսի շնչել։ Այդպիսի դեպքերում բնական ընտրությունը, եթե այդ ձեռնտու լիներ, կարող է մասնագիտացնել մի քանի ֆունկցիա կատարող մասեր կամ օրգաններ, հարմարեցնելով նրանց որևէ մեկ ֆունկցիայի, և այսպիսով անզգալի աստիճաններով խորապես կփոփոխեր նրանց կառուցվածքը։ Հայտնի են շատ բույսեր, որոնք միաժամանակ արտադրում են տարբեր կազմություն ունեցող ծաղիկներ, եթե այդ բույսերը սկսեին արտադրել մեկ ձևի ծաղիկներ, ապա դրա հետևանքը կլիներ այն, որ տեսակի հատկանիշների մեջ կստացվեր խոր փոփոխություն, որը կիրականանար համեմատաբար հանկարծակի կերպով։ Այնուամենայնիվ, հավանական է, որ միևնույն բույսի վրա հանդիպող այդ երկու տեսակի ծաղիկները սկզբում դիֆերենցվել են աստիճանաբար, անզգալի անցումների միջոցով, որոնք մի քանի դեպքերում կարելի է նկատել նաև այժմ։
 
Այնուհետև, երկու տարթեր օրգան կամ միևնույն օրգանը երկու խիստ տարբեր ձևերով կարող են նույն անհատի մեջ կատարել միևնույն ֆունկցիան և այդ ներկայացնում է անցման չափազանց կարևոր եղանակ։ Կանգ առնենք մի օրինակի վրա. կան ձկներ, որոնք շնչում են խռիկների միջոցով՝ ջրի մեջ լուծված օդով և միևնույն ժամանակ ազատ օդով, որը գտնվում է նրանց լողափամփուշտում, ընդ որում այդ օրգանը օժտված է անոթներով չափազանց հարուստ միջնապատերով և օդ մատակարարող օդային անցքով (ductus pneumaticus)։ Բերենք մի այլ օրինակ բուսական աշխարհից, մագլցող բույսերը բարձրանում են երեք տարբեր եղանակներով պարուրաձև ոլորվելով, կառչելով իրենց զգայուն խիղբերով կամ կպչելով իրենց օդային արմատիկներով. այդ երեք եղանակները սովորաբար հանդիպում են տարբեր խմբերում, բայց որոշ փոքրաթիվ տեսակներին հատուկ են երկու կամ մինչև անգամ երեք եղանակները, որոնք միավորված են միևնույն անհատի մեջ։ Բոլոր այդպիսի դեպքերում, օրգաններից մեկը կարող է փոփոխվել և կատարելագործվել, այնպես որ կհարմարվի միայնակ կատարել ամբողջ աշխատանքը, բայց հենց փոփոխության պրոցեսի ընթացքում կօգտվի մյուսի օժանդակությունից։ Իսկ հետո, այդ երկրորդ օրգանը կարող է հարմարվել բոլորովին մի այլ գործունեության կամ իսպառ անհետանալ։
 
Ձկների լողափամփուշտի օրինակն առանձնապես լավ է, որովհետև ակնառու կերպով դրսևորում է վերին աստիճանի կարևոր մի փաստ, որ մի գործունեության՝ լողացող մարմինը պահելու համար կառուցված օրգանը կարող է հարմարվել բոլորովին մի այլ գործունեության, այսինքն շնչելու համար։ Որոշ ձկների լողափամփոլշտը կարող է նաև մշակվել, դառնալ լսելիքի օրգանի լրացուցիչ ապարատ։ Բոլոր ֆիզիոլոգներն ընդունում են, որ լողափամփուշտը դիրքով և կառուցվածքով հոմոլոգ է կամ «իդեալական կերպով նման է» բարձրակարգ ողնաշարավոր կենդանիների թոքերին,— հետևաբար առիթ չկա կասկածելու, որ լողափամփուշտը իսկապես դարձել է թոք կամ բացառապես շնչառության համար գործածվող օրգան։
 
Այդ տեսակետին համապատասխան կարելի է եզրակացնել, որ իսկական թոքեր ունեցող բոլոր ողնաշարավոր կենդանիները ծագել են մի հին ու անհայտ նախատիպից, որն օժտված է եղել լողացող դրության մեջ մարմինը պահելու ապարատով կամ լողափամփուշտով։ Այսպիսով, մենք կարող ենք բացատրել, ինչպես որ ես այդ եզրակացնում եմ այդ մասերի վերաբերյալ Օուենի տված հետաքրքրական նկարագրությունից, այդ տարօրինակ փաստը, որ մեր ուտելիքի կամ ըմպելիքի յուրաքանչյուր պատառը պետք է անցնի շնչափողի անցքի վերևից, ենթարկվելով թոքերի մեջ ընկնելու վտանգին, չնայած այն հիանալի հարմարումին, որով փակվում է կոկորդի ճեղքը։ Բարձրակարգ ողնաշարավորների մոտ խռիկները վերջնականապես անհետացել են, բայց սաղմերի մոտ պարանոցի կողքերին ճեղքերը և արտերիաների օղականման ծռվածքները դեռևս նշում են նրանց նախկին դիրքը։ Հնարավոր է, որ բոլորովին կորցված խռիկները բնական ընտրությամբ աստիճանաբար վերամշակվել են որևէ մի այլ դեր կատարելու համար, այսպես, օրինակ, Լանդուան ցույց է տվել, որ միջատների թևերն առաջացել են տրախեաներից։ Ուրեմն, շատ հավանական է, որ այդ լայնածավալ դասի մեջ օրգանները, որոնք մի ժամանակ ծառայել են շնչելու համար, իսկապես դարձել են թռչելու օրգաններ։
 
Օրգանների միջև անցումների հարցը քննարկելիս մի գործունեությունը մյուսի փոխարկելու հնարավորությունը աչքաթող չանելն այնքան կարևոր է, որ ես կբերեմ մի օրինակ ևս այդ հնարավորությունը հաստատելու համար։ Ցողունավոր փնջոտնյաներն ունենում են մաշկի երկու փոքրիկ ծալքեր (ես անվանել են «ձվակիր երասանիկ»), որոնք ծառայում են մածուցիկ արտաթորանքի միջոցով ձվերը պարկում պահելու այնքան ժամանակ, մինչև որ մատղաշ կենդանիները դուրս կգան ձվերից։ Այդ փնջոտնյաները խռիկներ բոլորովին չունեն, իսկ նրանց մարմնի մակերեսը պարկի և փոքրիկ երասանիկի հետ միասին ծառայում են շնչառության համար։ Մյուս կողմից, Balanidae-ը կամ նստակյաց փնջոտնյաները չունեն այդ ձվակիր երասանիկը, ձվերն ազատ կերպով պառկած են պարկի հատակին խնամքով փակված խեցու ներսում. բայց այն տեղում, որտեղ տեղավորվում է երասանիկը, նրանց մոտ լինում է մեծ, խիստ ծալքավոր թաղանթ, որն ազատ կերպով հաղորդակից է պարկի և ամբողջ մարմնի շրջանառական խոռոչների հետ և բոլոր բնախույզների կողմից համարվում է խռիկներ։ Ես կարծում եմ, որ ոչ ոք չի վիճի, որ մի ընտանիքում ձվակիր երասանիկը և մյուսում խռիկները միմյանց հետ խիստ հոմոլոգ են. և իրոք այդ օրգաններն անզգալի աստիճաններով փոխարկվում են մեկը մյուսին։ Ուրեմն, առիթ չկա կասկածելու, որ մաշկի այդ երկու փոքրիկ ծալքերը, որոնք սկզբում ծառայել են որպես ձվակիր երասանիկ և միևնույն ժամանակ էլ թեթևակիորեն մասնակցել են շնչառությանը, աստիճանաբար բնական ընտրության ազդեցության տակ մշակվել են, դարձել խռիկներ, ընդ սմին նրանք միայն մեծացել են իրենց չափերով և կորցրել իրենց կպչուն գեղձերը։ Եթե բոլոր ցողունավոր փնջոտնյաները մահաջնջվեին,— և նրանք իրականության մեջ ավելի շատ են ենթարկվել բնաջնջման, քան նստակյացները,— ո՞ւմ մտքով կանցներ, որ այս վերջին ընտանիքում խռիկներն առաջացել են այն օրգաններից, որոնք սկզբում ծառայել են միայն նրա համար, որպեսզի ձվերը պարկից ջրի միջոցով դուրս չքշվեն։
 
Գոյություն ունի անցման նաև մի այլ հնարավոր եղանակ՝ դա վերարտադրության շրջանի արագացման կամ դանդաղեցման միջոցն է։ Պրոֆեսոր Կոպը և մի քանի այլ գիտնականներ Միացյալ Նահանգներում վերջերս առանձնապես պնդում են դրա վրա։ Այժմ հայտնի է, որ որոշ կենդանիներ կարող են բազմանալ շատ վաղ հասակում, մինչև իսկ ավելի շուտ, քան նրանք լիովին ձեռք են բերել իրենց հատկանիշները, եթե որևէ տեսակի այդ ընդունակությունը ամուր կերպով հաստատվել է, ապա հավանական է թվում, որ նրա անհատները վաղ թե ուշ կկորցնեն իրենց զարգացման բարձր ստադիաները, և այդ դեպքում, մանավանդ եթե թրթուրները խիստ տարբերվում են հասունացած կենդանուց, տեսակի կազմվածքը ուժեղ կերպով կփոփոխվեր ու կթուլանար: Այնուհետև, մեծ թվով կենդանիներ, հասունության հասնելուց հետո արդեն, շարունակում են փոփոխվել իրենց հատկանիշներով գրեթե իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Այսպես, օրինակ, կաթնասունների գանգի ձևը հասակի հետ միասին զգալիորեն փոփոխվում է, որի մասին դոկտոր Մյուրին բերեք է զարմանալի օրինակներ փոկերի վերաբերմամբ։ Ամեն ոք գիտե, որ եղջերուի եղջյուրների ճյուղավորումները տարիքի հետ միասին ավելի ու ավելի բարդանում են, ինչպես նաև թռչունների փետրավորումը դառնում է ավելի փարթամ։ Պրոֆ. Կոպը վկայում է, որ մի քանի մողեսների ատամների ձևը տարիքի հետ միասին զգալիորեն փոփոխվում է։ Խեցեմորթների մոտ, ըստ Ֆրից Մյուլլերի դիտողությունների, ոչ միայն բազմաթիվ ոչ էական, այլև մի քանի կարևոր մասերը բոլորովին նոր տեսք են ընդունում լրիվ հասունության հասնելուց հետո։ Բոլոր այսպիսի դեպքերում, իսկ դրանցից կարելի էր շատ բերել, եթե վերարտադրության հասակը հետաձգվել է, այդ դեպքում նաև տեսակի հատկությունները, համենայն դեպս նրանց չափահաս վիճակում, կփոփոխվեին, նույնպես անհավանական չէ այն, որ զարգացման նախորդ ավելի վաղ ստադիաները անցնեին կրճատված ձևով և, վերջապես, իսպառ անհետանային։ Արդյոք հաճա՞խ է կատարվում փոփոխության այդպիսի պրոցես և ընդհանրապես այն երբևիցե կատարվե՞լ է արդյոք, հանձն չեմ առնում վճռել, բայց, համենայն դեպս, եթե նա երբևիցե կատարվել է, ապա հավանորեն մատաղ հասակի ու հասունացածի միջև և հասունացած հասակի ու ծեր հասակի միջև եղած բուն տարբերությունները սկզբում ձեռք են բերվել միայն աստիճանական քայլերով։
 
===ՄԱՍՆԱՎՈՐ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ է ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ===
 
Թեպետ մեծ զգուշությամբ միայն պետք է մոտենանք այն եզրակացության, որ մի որևէ օրգան չէր կարող առաջանալ հաջորդական փոքրիկ անցումային աստիճանների միջոցով, այնուամենայնիվ հանդիպում են դեպքեր, որոնք լուրջ դժվարություններ են ներկայացնում։
 
Ամենադժվարին փաստերից մեկն այն է, որ անսեռ միջատներն իրենց կազմվածքով հաճախ տարբերվում են միևնույն տեսակի թե՛ արուներից և թե՛ պտղաբերելու ընդունակ էգերից. այդ հարցը կքննարկվի հաջորդ գլխում։ Ձկների էլեկտրական օրգանները ներկայացնում են երկրորդ բացառիկ դժվարությունը, որովհետև դժվար է պատկերացնել, թե ինչպիսի միջակա աստիճաններով կարող էին անցնել այդ զարմանալի օրգանները։ Բայց այս դեպքում հազիվ թե առիթ կա զարմանալու, որովհետև մենք նույնիսկ չգիտենք, թե ինչի համար են ծառայում նրանք։ Գիմնոտի և տորպեդոյի մոտ նրանք, անկասկած, հանդիսանում են պաշտպանության և գուցե նաև որսին հետապնդելու հզոր գործիք, բայց կատվաձկան մոտ, ինչպես նկատել է Մատտեուչին, համանման մի օրգան պոչում քիչ էլեկտրականություն է զարգացնում, նույնիսկ երբ կենդանին խիստ գրգռված է՝ այնքան քիչ, որ նա հազիվ թե կարող է ծառայել մատնանշված նպատակների համար։ Բացի դրանից, կատվաձուկը, պոչում նշված օրգանից զատ, ինչպես ցույց է տվել դ-ր Մակ Դոննելը, ունի գլխի մոտ մի ուրիշը, որի վերաբերմամբ հայտնի չէ, թե պե՞տք է արդյոք նրան էլեկտրական օրգան համարել, բայց որն ըստ երևույթին հոմոլոգ է տորպեդոյի էլեկտրական մարտկոցին։ Բոլորն ընդունում են, որ այդ օրգանները սերտ անալոգիա ունեն սովորական մկանների հետ ինչպես նյարդերի ներքին կառուցվածքով ու բաշխմամբ, այդպես էլ նրանց վրա զանազան ռեակտիվների ներգործությամբ։ Պետք է նկատել, որ մկանի կծկումը ուղեկցվում է էլեկտրական պարպում ով և, ըստ դ-ր Ռադկլիֆֆի խոսքերի, «տորպեդոյի անշարժ էլեկտրական ապարատում գոյություն ունի էլեկտրական լիցք, որը բոլորովին նման է անշարժ մկանի և նյարդի մեջ եղածին, իսկ պարպումը տորպեդոյի մոտ փոխանակ մի ինչ-որ բացառիկ բան ներկայացնելու՝ կարող է լինել միայն մկանի և շարժողական նյարդի գործողության ժամանակ դրսևորվող պարպումի մի այլ ձև»։ Դրանից ավելի հեռու մեր բացատրությունն առայժմ չի տարածվում, բայց քանի որ մեր տեղեկություններն այդ օրգանների մասին այնքան անբավարար են և մենք բոլորովին ոչինչ չգիտենք գոյություն ունեցող էլեկտրական ձկների նախնիների կառուցվածքի և կենսակերպի մասին, ուստի չափազանց համարձակ կլիներ պնդել, որ չէին կարող գոյություն ունենալ որևէ բանի համար պիտանի ոչ մի միջակա ստադիաներ, որոնցով այդ օրգանները անցնելով՝ կարող էին աստիճանաբար զարգանալ։
 
Բայց այդ օրգաններն առաջին հայացքից ներկայացնում են նաև մի այլ, անհամեմատ ավելի կարևոր դժվարություն, այն է՝ նրանք հանդիպում են համարյա մի դյուժին զանազան ձկների մոտ, որոնցից մի քանիսը կապված են իրար հետ շատ հեռավոր ազգակցությամբ։ Երբ միևնույն օրգանը հանդիպում է նույն դասի մի քանի ներկայացուցիչների մոտ, մանավանդ այնպիսիների մոտ, որոնք ապրում են շատ տարբեր կենսապայմաններում, մենք սովորաբար կարող ենք նրա ներկայությունը վերագրել մի ընդհանուր նախահորից ժառանգելուն, իսկ մի քանի ներկայացուցիչների մոտ նրա բացակայությունը վարժության պակասությանը կամ բնական ընտրությանը։ Այնպես որ եթե էլեկտրական օրգանը ժառանգված լիներ որևէ հին նախահորից, մենք պետք է սպասենք, որ բոլոր էլեկտրական ձկները միմյանց հետ մոտ ազգակցության մեջ են գտնվում, բայց իրականում այդ չի լինում։ Երկրաբանությունը նույնպես առիթ չի տալիս ենթադրելու, որ ձկների մեծամասնությունը երբևիցե ունեցել է էլեկտրական օրգաններ, որոնց կորցրել են այդ ձկների փոփոխված հաջորդները։ Բայց երբ մենք ավելի մոտիկից զննում ենք գործը, համոզվում ենք նրանում, որ տարբեր ձկների մոտ այդ օրգանները տեղավորված են մարմնի տարբեր մասերում, որ նրանք տարբեր ձևով են կառուցված ինչպես թիթեղների դասավորման տեսակետից, այնպես էլ, ըստ Պաչինիի վկայության, նրանց մեջ էլեկտրականություն հարուցելու եղանակով և, վերջապես, որ նրանք օժտված են նյարդերով, որոնք ուղղվում են զանազան կենտրոններից, այս վերջին տարբերությունը թերևս ամենաէականն է։ Այսպիսով, էլեկտրական օրգաններով օժտված ձկների այդ օրգանները չեն կարող դիտվել որպես հոմոլոգ մասեր, այլ միայն որպես օրգաններ, որոնք իրենց աշխատանքով անալոգ են։ Այստեղից առիթ չկա ենթադրելու, որ նրանք ժառանգվել են մի ընդհանուր նախահորից, որովհետև նման դեպքում նրանք պետք է բոլոր տեսակետներից մոտիկ նմանություն ունենային։ Ուրեմն, այն դժվարությունը, որ պարփակվում է շատ հեռավոր ազգակցության մեջ գտնվող տեսակների, ըստ երևույթին, միևնույն օրգանի երևան գալու փաստի մեջ, ինքնըստինքյան բացառվում է, թռցնելով միայն թեև ավելի քիչ էական, բայց և այնպես մի կարևոր դժվարություն, այսինքն՝ այն աստիճանների անհայտությունը, որոնցով պետք է անցներ այդ օրգանը ձկների յուրաքանչյուր առանձին խմբում։
 
Ճառագայթման օրգանները, որոնք հանդիպում են մեկը մյուսից շատ հեռավոր ընտանիքների պատկանող մի քանի միջատների մոտ և զետեղված են մարմնի տարբեր մասերում, մեր արդի անգիտակության պատճառով հանդիսանում են դժվարության օրինակ, որը միանգամայն զուգահեռ է այն դժվարություններին, որ ներկայացնում են էլեկտրական օրգանները։ Կարելի է բերել դարձյալ նման օրինակներ, այսպես, օրինակ, բույսերի մեջ ծաղկափոշու զանգվածի, որն օժտված է, ծայրին գեղձ ունեցող կոթունով, վերին աստիճանի զարմանալի կառուցվածքը համարյա միևնույնն է խոլորձու մոտ և ծիծեռնախոտի (Asclepias) մոտ՝ այսինքն երկու այնպիսի սեռերի մոտ, որոնք այնքան հեռու են մեկը մյուսից, որքան այդ հնարավոր է երկու ծաղկավոր բույսերի միջև, բայց այս անգամ էլ մասերը միմյանց հետ հոմոլոգ չեն։ Բոլոր դեպքերում, երբ կենդանի էակները մեկը մյուսից կարգաբանական տեսակետից հեռացած են, բայց օժտված բացառիկ և նման օրգանով, այդ օրգանը, ինչպիսին էլ ուզում է լինի նրա նմանությունը թե՛ կառուցվածքով և թե՛ աշխատանքով, միշտ ցուցաբերում է արմատական տարբերություն։ Այսպես, օրինակ, գլխոտանիների կամ թանաքաձկան և ողնաշարավորների աչքերն արտաքուստ զարմանալի կերպով նման են իրար, բայց այնքան լայն կերպով անջատված խմբերում նմանության նվազագույն բաժինն անգամ չի կարող վերագրվել մի ընդհանուր նախահորից ժառանգվելուն։ Մ-ր Մայվարտն առաջադրել է այդ օրինակը, որն իբրև թե, նրա կարծիքով, ներկայացնում է բացառիկ դժվարություն, բայց ես չեմ նկատում, թե իսկապես ինչումն է նրա փաստարկի ուժը։ Տեսողության ամեն մի օրգան պետք է կազմված լինի թափանցիկ հյուսվածքից և պետք է բովանդակի որոշ ձևի ոսպնյակ, որպեսզի պատկերն անդրադարձնի մութ խցիկի հետևի պատի վրա։ Այս մակերեսային համեմատությունից ավելի՝ այլևս դժվար թե որևէ ընդհանուր բան կարելի է գտնել թանաքաձկան և ողնաշարավորների աչքի միջև, ինչպես այդ ակներևությամբ բխում է գլխոտանիների աչքի մասին Հենզենի կատարած հիանալի հետազոտությունից։ Այստեղ, իհարկե, անհնարին է մտնել մանրամասնությունների մեջ, բայց և այնպես ես կարող եմ նշել տարբերության մի քանի գծեր։ Բարձրակարգ գլխոտանիների ոսպնյակը կազմված է երկու մասերից, որոնք զետեղված են մեկը մյուսի հետևին, ինչպես երկու ոսպեր, թե՛ մեկը և թե՛ մյուսը ինչպես կառուցվածքով, այնպես էլ դիրքով արմատական կերպով տարբերվում են ողնաշարավորների համապատասխան մասից։ Ցանցենին կառուցված է բոլորովին այլ կերպ, նրա տարրերն ունեն հակառակ դրություն, և աչքի բուն թաղանթների ներսում է գտնվում նյարդային հանգույցը։ Մկանների հարաբերությունն այնքան տարբեր է, որքան միայն կարելի է պատկերացնել. նույնը ճիշտ է նաև մյուս մասերի վերաբերմամբ։ Այստեղից բավական դժվար է նույնիսկ լուծել այն հարցը, թե որչափ ճիշտ է միևնույն տերմինների կիրառումը գլխոտանիների և ողնաշարավորների աչքը նկարագրելու ժամանակ։ Իհարկե, ամեն ոք ազատ է ժխտելու, որ թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում աչքը մշակվել է թույլ հաջորդական փոփոխությունների բնական ընտրության հետևանքով, բայց եթե այդ մեկնաբանությունն ընդունվի մի դեպքում, ապա այն նույնպես հնարավոր է մյուս դեպքում, և երկու խմբերում օրգանի կառուցվածքում եղած արմատական տարբերությունը կարելի էր կանխատեսել նրանց ծագման նկատմամբ արտահայտված տեսակետի հիման վրա։ Նման այն բանին, երբ երկու մարդ երբեմն իրարից անկախ կերպով անում են միևնույն հայտնագործությունը, այդպես էլ, ըստ երևույթին, վերևում բերված դեպքերից մի քանիսում բնական ընտրությունը, գործելով յուրաքանչյուր էակի օգտին և օգտագործելով յուրաքանչյուր փոփոխություն, առաջացրել է օրգաններ, որոնք նման են, որչափ որ այդ վերաբերում է նրանց աշխատանքին տարբեր էակների մոտ, բայց իրենց նման գծերից ոչ մեկով պարտական չեն մի ընղհանուր նախահորից ժառանգելուն։
 
Ֆրից Մյուլլերը, ցանկանալով ստուգել այն եզրակացությունները, որոնց ես հանգում եմ այս գրքում, աշխատել է հետևել պատճառաբանության շատ նման ուղղության։ Խեցեմորթների որոշ ընտանիքներ իրենց մեջ պարփակում են մի քանի տեսակներ, որոնք օժտված են շնչառական ապարատով և հարմարված են ջրից դուրս ապրելու համար։ Այդ ընտանիքներից երկուսի մեջ, որոնք առանձնապես մանրազնին կերպով ուսումնասիրվել են Մյուլլերի կողմից և մոտ ազգակից են իրար հետ, տեսակները նման են միմյանց իրենց բոլոր էական հատկանիշներով, այն է՝ զգայարաններով, արյան շրջանառության սիստեմով, բարդ ստամոքսի ներսում մազափնջերով և, վերջապես, ջրի մեջ շնչելու խռիկների կառուցվածքի բոլոր մանրամասնություններով՝ մինչև այն միկրոսկոպիկական կարթիկները ներառյալ, որոնք ծառայում են խռիկները մաքրելու համար։ Այստեղից կարելի էր սպասել, որ այդ երկու ընտանիքների ցամաքի վրա ապրող սակավաթիվ տեսակների մեջ նաև օդային շնչառության համար հավասարապես կարևոր ապարատները պետք է նույնպես նման լինեն։ Ինչո՞ւ, թվում է թե, միայն այդ միակ ապարատը, որ ծառայում է միանման նպատակի համար, պետք է տարբերվեր, մինչդեռ մյուս կարևոր օրգանները միմյանց լիովին նման են, կամ ավելի ճիշտ նույնական են։
 
Ֆրից Մյուլլերն ապացուցում է, որ կառուցվածքի այդքան բազմաթիվ գծերով այդ մոտ նմանությունը, համաձայն իմ առաջադրած տեսակետների, պետք է բացատրվեր ժառանգական փոխանցմամբ մի ընդհանուր նախահորից։ Բայց քանի որ տեսակների հսկայական մեծամասնությունը նշված երկու ընտանիքներում, ինչպես նաև բոլոր խեցեմորթների մեծամասնությունը վարում է ջրային կենդանիների կենցաղ, ուստի վերին աստիճանի անհավանական է թվում, որ նրանց ընդհանուր նախահայրը հարմարված լիներ օղային շնչառության։ Այսպիսով, Մյուլլերը հանգել է օդով շնչող տեսակների ապարատի ուսումնասիրությանը և համոզվել է, որ նրանցից յուրաքանչյուրի մոտ նա տարբերվել է մի քանի շատ էական կողմերով, ինչպիսիք են անցքերի դիրքը, նրանց բացման ու փակման եղանակը և մի քանի այլ երկրորդական մանրամասնություններ։ Այդպիսի տարբերությունները միանգամայն հասկանալի են, դրանց մասին կարելի էր նույնիսկ կանխագուշակել, ենթադրելով, որ տարբեր ընտանիքների պատկանող տեսակներն աստիճանաբար ավելի ու ավելի հարմարվել են, որպեսզի ապրեն ջրից դուրս և շնչեն օդով։ Քանի որ այդ տեսակները պատկանել են զանազան ընտանիքների ուստի և նրանք պետք է որոշ չափով տարբերվեին, և այն սկզբունքի շնորհիվ, որ ամեն մի փոփոխության բնույթ կախված է երկու գործոններից, բուն օրգանիզմի բնույթից և շրջապատող պայմանների բնույթից,— նրանց փոփոխությունները չէին կարող միանգամայն նույնական լինել։ Հետևաբար, բնական ընտրությանը տրամադրված է եղել մշակելու և միանման գործող հետևանքի բերելու համար տարբեր նյութ, այսինքն զանազան փոփոխություններ։ Հասկանալի է, որ այդ ձևով ձեռք բերված օրգաններն անխուսափելիորեն պետք է տարբերվեին իրարից։ Առանձին ստեղծագործական ակտեր ընդունող հիպոթեզի հիման վրա բերված ամբողջ օրինակը անհասկանալի կլիներ։ Ըստ երեվույթին այդ ձևի փաստարկումը ամենից ավելի ազդել է Ֆրից Մյուլլերի վրա և դրդել է նրան ընդունելու այն տեսակետները, որոնք ես բերում եմ այս գրքում։
 
Մի այլ ականավոր կենդանաբան, հանգուցյալ պրոֆ. Կլապարեդը, նման ձևով դատելով, եկել է նույն եզրակացությանը։ Նա մատնանշում է այն բանի վրա, որ գոյություն ունեն մակաբույծ տիզեր (Acaridae,), որոնք պատկանում են ինքնուրույն ենթաընտանիքների ու ընտանիքների և օժտված են ճանկերով մազեր բռնելու համար։ Այդ օրգանները պետք է առաջ գային մեկը մյուսից անկախ կերպով, որովհետև չէին կարող ժառանգված լինել մի ընդհանուր նախահորից, և տարբեր խմբերում նրանք առաջ են եկել առջևի ոտների, ետևի ոտների, ծնոտների կամ շրթունքների կամ, վերջապես, իրանի ետևի մասի ստորին մակերեսի հավելուկների ձևափոխությամբ։
 
Նախորդ օրինակներում մենք տեսանք, թե ինչպես միմյանց հետ միայն քիչ ազգակից կամ նույնիսկ բոլորովին ոչ ազգակից էակների մոտ արտաքին տեսքով շատ նման, բայց զարգացման եղանակով տարբեր օրգանների օգնությամբ ձեռք է բերվել միևնույն հետևանքը և իրագործվել է միևնույն աշխատանքը։ Մյուս կողմից ամբողջ բնության մեջ կարելի է լայն տարածված համարել այն կանոնը, որ նույնիսկ միմյանց մոտիկ ազգակից ձևերի սահմաններում միևնույն նպատակը ձեռք է բերվում ամենաբազմազան միջոցներով։ Ինչքան տարբեր ձևով են կառուցված թռչունի փետրավոր թևը կամ չղջիկի թաղանթավոր թևը, կամ առավել ևս թիթեռի չորս թևերը, ճանճի երկու թևերը կամ բզեզների վերնաթևերով օժտված թևերը։ Երկփեղկանի խեցիները կառուցված են այնպես, որ կարող են բացվել ու փակվել, բայց որքան բազմազան ձևեր է ստանում այդ փականային ապարատը, սկսած պինդ կերպով իրար մեջ մանող ատամիկներից, ինչպես Nucula-ինը, և վերջացրած պարզ կապանով, ինչպես անատամինն է։ Սերմերը տարածվում են կամ պարզապես իրենց փոքրիկ մեծության շնորհիվ, կամ նրանց տուփիկները վերածվում են թեթև, օդապարիկի նման թաղանթի, կամ նրանք սուզվում են ամենաբազմազան ծագում ունեցող վառ գունավորված սննդարար պտղամսի մեջ, որը գրավում է թռչուններին, որոնք և ուտում են նրանց, կամ նրանք օժտված են բազմազան կարթերով և խարիսխներով կամ սղոցաձև քիստերով, որոնցով կպչում են չորքոտանիների մազերին. կամ թե, վերջապես, նրանք օժտված են թռիչքաթևերով կամ փուփուլներով, որոնք նույնքան տարբեր են իրենց ձևով, որքան որ նուրբ են իրենց կառուցվածքով և որոնց շնորհիվ այդ սերմերը քշվում են ամենաթեթև քամու միջոցով։ Բերեմ էլի մի օրինակ, որովհետև միևնույն նպատակին զանազան միջոցներով հասնելու այս հարցը արժանի է ուշադրության։ Մի քանի հեղինակներ պնդում են, թե օրգանական էակներն ստեղծվել են տարբեր ձևով, պարզապես բազմազանության համար՝ ինչպես խաղալիքի խանութում խաղալիքները, բայց բնության վրա այդպիսի հայեցակետը անհավատալի է։ Բաժանասեռ բույսերը և այն բույսերը, որոնց ծաղիկները թեև երկսեռ են, բայց ծաղկափոշին ինքը չի ընկնում սպիի վրա, բեղմնավորման համար կողմնակի օգնություն են պահանջում։ Բույսերից մի քանիսը դրան հասնում են այն բանի շնորհիվ, որ ծաղկափոշին, լինելով սրսուռ ու թեթև, տարվում է քամու միջոցով և պատահականորեն ընկնում է սպիի վրա։ Դա, իհարկե, ամենապարզ եղանակն է, ինչպիսին միայն կարելի է պատկերացնել։ Համարյա նույնպես պարզ, թեև փոքր ինչ այլ եղանակ է իրականանում շատ բույսերի մոտ, այսինքն՝ մի քանի կաթիլ նեկտար արտադրող համաչափ ծաղիկներին այցելում են միջատները, որոնք այդ ժամանակ փոշանոթներից ծաղկափոշին տեղափոխում են սպիի վրա։
 
Մեկնելով այս պարզագույն ստադիայից, մենք կարող ենք հետամուտ լինել մի շարք գրեթե անսպառ հարմարումների, որոնք ուղղված են միևնույն նպատակին և էապես նման են, բայց կապված են ծաղկի համարյա բոլոր մասերի փոփոխության հետ։ Նեկտարը կարող է կուտակվել ամենաբազմազան ձևերի զետեղարանների մեջ, իսկ առէջքներն ու վարսանդը կարող են փոփոխվել ամենատարբեր եղանակներով, երբեմն առաջացնելով յուրատեսակ թակարդներ, երբեմն դրսևորելով չափազանց ճիշտ հարմարեցված շարժումներ, որոնք առաջ են գալիս գրգռականությամբ կամ առաձգականությամբ։ Մենք կարող ենք այս օրգաններից է՛լ ավելի հեռու գնալ, մինչև որ կհանդիպենք մի այնպիսի բացառիկ հարմարեցման, ինչպիսին է այն, որ նկարագրել է վերջերս դ-ր Կրյուգերը Coryanthes-ի մոտ։ Այդ խոլորձու labellum-ի, կամ շրթունքի մի մասը ծռված է մեծ դույլի ձևով, որի վրա տեղավորված երկու եղջերանման ելուստները նրա մեջ անընդհատ արտադրում են գրեթե մաքուր ջրի կաթիլներ։ Երբ դույլիկը կիսով չափ լցվում է, ջուրը նրա միջից հոսում է կողքի ակոսիկով։ Շրթունքի հիմնական մասը գտնվում է դույլերից ավելի վեր և սնամեջ է՝ երկու կողքերից անցքեր ունեցող խցիկի նման, որի մեջ տեղավորված են հետաքրքրական, մսալի սանրիկներ։ Ամենահնարագետ մարդը, եթե նա չի տեսել, թե ինչ է տեղի ունենում այդ ծաղկի մեջ, չի կարողանա կռահել, թե ինչի համար են ծառայում այդ բոլոր մասերը։ Սակայն դ-ր Կրյուգերը տեսել է բազմաթիվ մեծ իշամեղուներ, որոնք այցելում են այդ խոլորձու հսկա ծաղիկները ոչ նրա համար, որպեսզի ծծեն նրա նեկտարը, այլ նրա համար, որպեսզի կրծոտեն դույլիկի վրայի շրթունքի վերին խցիկում եղած այդ սանրիկները։ Խռնվելով, նրանք հաճախ մեկը մյուսին հրում են ջրի մեջ, և նրանք, որոնց թևերը թրջվել են, արդեն չէին կարողանում թռչել, այլ ստիպված էին դուրս սողալ բացատար ակոսիկի միջով։ Դ-ր Կրյուգերն առիթ է ունեցել ներկա լինելու այն իշամեղուների «անընդհատ երթին», որոնք դուրս էին գալիս ակամայից ընդունած լոգանքից։ Անցքը շատ նեղ է և վերևից, ինչպես կամարով, ծածկված է ծաղկի մասով, որը կրում է փոշանոթներ և սպի, այնպես որ իշամեղուն հազիվհազ անցնում է ծաղկից դուրս, ստիպված է մեջքով քսվել սկզբում մածուցիկ սպիին, իսկ հետո ծաղկափոշու զանգվածների մածուցիկ գեղձիկներին։ Նոր բացված ծաղկի միջից դուրս եկած իշամեղվի մեջքին այս ձևով կպած այդ ծաղկափոշու զանգվածները դուրս են բերվում ծաղկից։ Դ-ր Կրյուգերն ինձ ուղարկել է սպիրտի մեջ պահված ծաղիկը իշամեղվի հետ, որը սպանվել է նախքան ծաղկից դուրս գալը, և նրա մեջքին կպած ծաղկափոշու զանգվածի հետ։ Երբ իշամեղուն, որն օժտված է այդպիսի ծաղկափոշու զանգվածով, թռչում է մի ուրիշ ծաղկի վրա կամ կրկին նույն ծաղկի վրա, և նրա ընկերները նրան նորից կհրեն ու կգցեն դույլիկի մեջ, իսկ նա դուրս կսողա ակոսիկի միջով, այդ դեպքում ծաղկափոշու զանգվածն անհրաժեշտորեն շփման մեջ է մտնում սկզբում մածուցիկ սպիի հետ, կկպչի նրան, և ծաղիկը կբեղմնավորվի։ Այսպիսով մենք, վերջապես, նկատում ենք, թե ինչ նշանակություն ունեն ծաղկի բոլոր մասերը՝ ջուր արտադրող եղջյուրները, դույլիկը, որի մինչև կեսը լցված է ջրով, որը խանգարում է իշամեղվին թռչել և ստիպում է նրան սողալ ակոսիկի միջով ու քսվել պատշաճ ձևով դասավորված մածուցիկ սպիին և մածուցիկ ծաղկափոշու զանգվածներին։
 
Մի այլ, կարգաբանական տեսակետից մոտիկ խոլորձու՝ Catasetum-ի ծաղկի կառուցվածքը բոլորովին ուրիշ է, թեև ոչ պակաս զարմանալի է և ծառայում է նույն նպատակի համար։ Իշամեղուները այցելում են այգ ծաղիկներին նույնպես, ինչպես որ Coryanthes-ի ծաղիկներին, որպեսզի կրծոտեն նրա շրթունքը, որի ժամանակ նրանք դիպչում են երկար, սրածայր զգայուն ելունին կամ, ինչպես ես այն անվանել եմ, անտեննային։ Այդ անտեննան ամենափոքր շփման դեպքում գրգիռը կամ ցնցումը հաղորդում է փոքրիկ թաղանթին, որը իսկույն պայթում է. այդ պայթելուց արձակվում է զսպանակը, որը նետի նման դուրս է շպրտում ծաղկափոշու զանգվածը հարկ եղած ուղղությամբ, այնպես որ իր մածուցիկ վերջավորությամբ կպչում է իշամեղվի մեջքին։ Փոշանոթներ ունեցող բույսի (այդ խոլորձու ծաղիկները բաժանասեռ են) ծաղկափոշու զանգվածը, այսպիսով, տեղափոխվում է վարսանդավոր ծաղկի վրա, շփման մեջ է մտնում սպիի հետ, որի մակերեսը բավականաչափ մածուցիկ է, որպեսզի կտրատի ծաղկափոշին կապկպող թելիկները ու պահի նրան, որի հետևանքով տեղի է ունենում բեղմնավորումը։
 
Հարց է ծագում, թե ի՞նչպես մենք կարող ենք բացատրել այս վերջին դեպքում և անթիվ այլ դեպքերում ևս կազմվածքի աստիճանական բարդացումը և միևնույն նպատակի իրագործումը ամենաբազմազան միջոցներով։ Պատասխանը, անկասկած, նույնն է, ինչ որ բերված է ավելի առաջ, այն է՝ երբ երկու ձևեր, որ արդեն փոքր ինչ տարբերվում են իրարից, կփոփոխվեն, այդ փոփոխությունները չեն կարող լինել բոլորովին միանման հատկությամբ և հետևաբար բնական ընտրության միջոցով ձեռք բերված արդյունքներն էլ, թեև ուղղվում են միանման նպատակի, չեն կարող իրենց բնույթով միանման լինել։ Մենք չպետք է աչքաթող անենք նաև այն, որ յուրաքանչյուր բարձր կազմակերպված էակ իր գոյության պայմաններում անցել է բազմաթիվ փոփոխությունների շարքով, որ կառուցվածքի յուրաքանչյուր փոփոխություն ժառանգվում է այնպես, որ ոչ մի փոփոխություն չի կարող հեշտությամբ կորչել, այլ միայն նորից ու նորից կփոփոխվի։ Այսպիսով, ամեն մի տեսակի յուրաքանչյուր մասի կառուցվածքը, ինչի համար էլ նա ծառայելիս լինի, հանդիսանում է այն ժառանգված փոփոխությունների գումարը, որոնց ենթարկվել է տեսակն իր կյանքի փոփոխված պայմաններին ու ձևին հարմարվելու ընթացքում։
 
Վերջիվերջո, թեպետ շատ դեպքերում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե այս կամ այն օրգանը ինչպիսի անցումային ձևերի շարաններով անցնելով, հասել է իր այժմյան վիճակին, այնուամենայնիվ ի նկատի ունենալով, թե որքան չնչին է մեզ հայտնի ձևերի թիվը գոյություն ունեցածների և մեզ անհայտների համեմատությամբ, ես կարող եմ միայն զարմանալ այն օրգանների թվի աննշանության վրա, որոնց վերաբերմամբ մեզ հայտնի չէ ոչ մի անցումային միջակա ստադիա։ Անկասկած ճիշտ է այն դրույթը, որ նոր օրգանները, որոնք կարծես ստեղծված են որևէ որոշակի նպատակի համար, հազվագյուտ դեպքում կամ նույնիսկ երբեք չեն առաջանում մի որևէ էակի մոտ, ինչպես արտահայտված է հին, թեև կարող է պատահել մի քիչ չափազանցված ասացվածում, «Natura non facit saltum»<ref>Բնությունը թռիչքներ չի անում։— ''Խմբ.։''</ref>։ Մենք այդ կարծիքին հանդիպում ենք գրեթե բոլոր հմուտ բնախույզների գրվածքներում։ Միլն Էդվարդսը հիանալի կերպով է արտահայտել նույն միտքը հետևյալ խոսքերով՝ բնությունը առատաձեռն է բազմազանության նկատմամբ, բայց չափազանց ժլատ է նորամուծությունների նկատմամբ։ Առանձին ստեղծագործական ակտերի տեսության հիման վրա ի՞նչպես բացատրել, որ բնությունը մեզ ներկայացնում է այդ բազմազանության հարստությունը և այդքան քիչ իսկական նորություն իր արտադրանքներում։ Ինչո՞ւ համար բազմաթիվ, բոլորովին անկախ էակների, որոնք այդ ենթադրության հիման վրա ստեղծված են առանձին ֊առան ձին բնության մեջ որոշակի տեղեր գրավելու համար, տարբեր մասերը սովորաբար պետք է շաղկապված լինեին միմյանց հետ աստիճանական անցումներով։ Ի՞նչ պատճառով բնությունը հանկարծական թռիչքներով չի անցել մի կառուցվածքից մյուսին։ Բնական ընտրության տեսության հիման վրա մենք հստակ կերպով ըմբռնում ենք՝ թե ինչու։ Բնական ընտրությունը ներգործում է միայն օգտագործելով յուրաքանչյուր թույլ հաջորդական շեղում։ Նա երբեք չի անում հանկարծական, մեծ թռիչքներ, այլ միշտ շարժվում է կարճ, բայց հաստատուն, թեպետև դանդաղ քայլերով։
 
===ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ ԿԱՐԵՎՈՐ ԹՎԱՑՈՂ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎՐԱ===
 
Քանի որ բնական ընտրությունը ներգործում է կյանքի և մահվան միջոցով, ամենահարմարվածի գերապրելու և միաժամանակ ավելի քիչ հարմարվածներին ոչնչացնելու միջոցով, ուստի ես երբեմն շատ դժվարանում էի, թե ինչպես բացատրեմ օրգանիզմի սակավ կարևոր մասերի ծագումը կամ առաջացումը։ Այդ դժվարությունը թեև բոլորովին այլ կարգի է, բայց համարյա նույնքան մեծ է, ինչքան այն, որ ներկայացնում են բարձր աստիճանի բարդության nւ կատարելության հասած օրգանները։
 
Նախ, մենք որևէ օրգանական էակի ընդհանուր էկոնոմիկայի վերաբերյալ շատ քիչ բան գիտենք, որպեսզի կարողանանք վստահությամբ խոսել այն մասին, թե որ աննշան ձևափոխությունն է էական, որն է ոչ էական։ Նախորդ գլուխներից մեկում ես բերել եմ աննշան հատկանիշների օրինակներ, ինչպիսիք են պտուղների խավապատումը կամ նրանց պտղամսի գույնը, չորքոտանիների մաշկի կամ բրդի գույնը, որոնք ընդհանուր կարգի այլ առանձնահատկությունների հետ առնչություն ունենալու պատճառով կամ որպես միջատների հարձակումների դեմ պաշտպանություն, իսկապես կարող էին բնական ընտրության նյութ դառնալ։ Ընձուղտի պոչը հիշեցնում է արհեստական ճանճասպանին. առաջին հայացքից գրեթե անհավատալի է թվում, որ այդ օրգանը կարող էր իր ներկայիս դերի համար մշակվել թույլ փոփոխությունների միջոցով, որոնք շարունակ ավելի ու ավելի հարմարվել են այնպիսի մի աննշան նպատակի համար, ինչպիսին է ճանճերին քշելը։ Այնուամենայնիվ, նույնիսկ այդ դեպքում էլ չի խանգարի ձեռնպահ մնալ չափազանց հապճեպ դատողությունից, քանի որ մենք գիտենք, որ եղջերավոր անասունների և այլ կենդանիների տեղաբաշխումն ու բուն գոյությունը Հարավային Ամերիկայում ուղղակի կապված է միջատների հարձակումներից նրանց պաշտպանվելու ընդունակության հետ։ Այսպիսով, այն անհատները, որոնք կարող էին պաշտպանվել այդ չնչին թշնամիներից, կարող էին տեղափոխվել նոր արոտավայրեր և այդ ճանապարհով ձեռք բերել մեծ առավելություն։ Ճանճերը ոչ թե կարող էին ոչնչացնել խոշոր չորքոտանիների (բացառությամբ մի քանի հազվագյուտ դեպքերի), այլ այդ թշնամիները շարունակ անհանգստացնելով կենդանիներին, այնպես ուժասպառ են անում նրանց, որ նրանք ավելի շատ ենթակա են շինում հիվանդությունների և ավելի քիչ ընդունակ են դառնում սովի ժամանակ իրենց համար սնունդ որոնելու կամ գիշատիչներից ազատվելու։
 
Հիմա չնչին նշանակություն ունեցող օրգանները որոշ դեպքերում կարող էին անցյալում շատ օգտակար եղած լինել առանձին նախահոր համար և երկարատև, դանդաղ կատարելագործումից հետո նույն վիճակում ժառանգաբար փոխանցվել են գոյություն ունեցող տեսակին, որի համար նրանք արդեն անօգուտ են։ Բայց որևէ իսկապես վնասակար շեղման առջև բնական ընտրությունն անհապաղ սահման կդներ։ Գիտենալով, թե ինչպիսի կարևոր նշանակություն ունի պոչը, որպես ջրային կենդանիների մեծամասնության շարժողության օրգան, կարելի է բացատրել նրա առկայությունը և նրա գործածությունը այդքան շատ կարիքների համար այդպիսի մեծ թվով ցամաքային կենդանիների մոտ, որոնց թոքերը, այսինքն փոփոխված լողափամփուշտը, ցուցաբերում են ջրային ծագում։ Քանի որ ջրային կենդանու մոտ լավ զարգացած պոչն արդեն մշակվել էր, նա կարող էր հետագայում իրեն համար կիրառում գտնել նաև բոլորովին այլ ուղղություններով, այն է՝ որպես ճանճասպան, որպես բռնիչ օրգան կամ որպես օգնություն շրջվելու դեպքում, օրինակ, շների մոտ, թեև այս վերջին դեպքում նրա դերը հազիվ թե մեծ է, որովհետև պոչից գրեթե զուրկ նապաստակը համարյա երկու անգամ ավելի արագ է կատարում շրջադարձեր։
 
Երկրորդ, մենք կարող ենք սխալվել, որոշ հատկանիշների վերագրելով նշանակություն և ենթադրելով, թե նրանք մշակվել են բնական ընտրության օժանդակությամբ։ Մենք ոչ մի դեպքում աչքաթող չպիտի անենք նաև այլ պատճառների ներգործությունները, ինչպիսիք են, փոփոխված կենսապայմանների որոշակի ազդեցությունը՝ այսպես կոչված, ինքնաբերական փոփոխությունները, որոնք շատ փոքր չափով կախված են կենսապայմաններից. վաղուց կորցված հատկանիշներին վերադառնալու ձգտումը, զանազան մարմնամասերի աճման, փոխհարաբերության, փոխադարձ ճնշման բարդ օրենքները և այլն, վերջապես, սեռական ընտրության ազդեցությունը, որի միջոցով մի սեռի համար օգտակար հատկանիշները հաղորդվում են նաև մյուս սեռին, որի համար այդ հատկանիշները կարող են անօգուտ լինել։ Բայց այսպիսի անուղղակի ճանապարհով ձեռք բերված և տեսակի համար սկզբնապես բոլորովին անօգուտ հատկությունները կարող էին հետագայում օգտակար դառնալ փոփոխված հետնորդների համար՝ նրանց կյանքի նոր պայմաններում և նոր ձեռք բերված սովորությունների դեպքում։
 
Եթե գոյություն ունենային միայն կանաչ փայտփորիկներ և մենք չգիտենայինք սևերի և խայտաբղետների գոյության մասին, մենք ամենայն հավանականությամբ կերևակայեինք, թե կանաչ գույնը հիանալի հարմարանք է ներկայացնում նրա համար, որպեսզի թաքցնի այդ ծառաբնակ թռչունին իր թշնամիներից, և հետևաբար շատ էական հատկանիշ է և ձեռք է բերված բնական ընտրությամբ, իսկ իրականում այդ գույնը, ամենայն հավանականությամբ, իր ծագմամբ գլխավորապես պարտական է սեռական ընտրությանը։ Մալայան արշիպելագում աճող մի մագլցող արմավենի բարձրանում է ամենաբարձր ծառերի վրա իր զարմանալիորեն հաջող կառուցված կեռիկների օգնությամբ, որոնք հավաքված են ճյուղերի ծայրերին, և այդ հարմարումը անկասկած, կարևոր ծառայություն է մատուցում բույսին, բայց քանի որ համարյա նույնպիսի կեռիկներ հանդիպում են չմագլցող շատ ծառերի վրա, որտեղ, ինչպես կարելի է դատել ըստ Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի փշոտ տեսակների բաշխման, նրանք ծառայում են արածող չորքոտանիներից պաշտպանվելու համար, ապա մեր արմավենու կեռիկները կարող էին սկզբնապես ունենալ նույն նշանակությունը և միայն հետագայում բույսը դառնալով մագլցող, օգտվել է նրանցով և կատարելագործել է նրանց։ Ուրուրի գլխի վրա լերկ մաշկը սովորաբար դիտվում է որպես հարմարեցում լեշը կտցահարելու համար, այդ բացատրությունը գուցե և ճիշտ է, կարող է պատահել, որ այդ առանձնահատկությունն առաջացել է նեխող նյութերի անմիջական ներգործությունից, բայց միայն թե այդ փաստից մենք մեծ զգուշությամբ կկարողանայինք որևէ եզրակացություն անել միշտ մաքուր կերպով սնվող հնդուհավի գլխի վրայի մերկ մաշկի վերաբերմամբ։ Մատղաշ կաթնասունների գանգի կարերը դիտվել են որպես հիանալի մի հարմարում, որը հեշտացնում է ծննդաբերության գործողությունը և անկասկած է, որ նրանք կարող են նրան նպաստել և նույնիսկ անհրաժեշտ լինել, բայց որովհետև այդ կարերը գոյություն ունեն նաև թռչունների և սողունների գանգերի վրա, որոնք միայն դուրս են գալիս ձվերից, ուստի մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ այդ հարմարումը բխում է հենց աճման օրենքներից, և միայն հետագայում դրանից օգուտ է ստացվել բարձրակարգ կենդանիների ծննդյան գործողության ժամանակ։
 
Մենք համարյա ոչինչ չգիտենք յուրաքանչյուր թույլ փոփոխության կամ անհատական տարբերության պատճառի մասին, դրանում դժվար չէ համոզվել, եթե ուշադրություն դարձնենք մեր ընտանեցված կենդանիների ցեղերի միջև եղած տարբերության վրա զանազան երկրներում, առանձնապես քիչ քաղաքակրթված երկրներում, որտեղ գրեթե չի կիրառվել մեթոդական ընտրությունը։ Զանազան երկրներում վայրենիների պահած անասունները հաճախ ստիպված են իրենց գոյության միջոցների համար պայքարի մեջ մտնել և որոշ չափով ենթարկվել բնական ընտրության, ըստ որում թեթևակի փոփոխված կերտվածք ունեցող անհատները կարող են մեծ հաջողություն ունենալ զանազան կլիմայական պայմաններում։ Եղջերավոր անասունների այն ընդունակությունը, որ նրանք դիմանում են միջատների հարձակմանը, ինչպես նաև թունավոր բույսերի ներգործությանը, կապված է նրանց թույրի հետ, այնպես որ կենդանու գույնը նույնիսկ կենթարկվի բնական ընտրության ներգործությանը։ Մի քանի դիտողներ խորապես համոզված են, որ խոնավ կլիման նպաստում է մազերի աճին, և որ մազերի աճման հետ կախման մեջ է գտնվում նաև եղջյուրների աճը։ Լեռնային ցեղերը սովորաբար տարբերվում են հարթավայրերում տարածված ցեղերից, լեռնոտ վայրը, ամենայն հավանականությամբ, կարող է ետևի վերջավորությունների ավելի զգալի վարժեցման հետևանքով ազդել նրանց վրա, միգուցե նաև կոնքի ձևի վրա, հոմոլոգ փոփոխականության օրենքի հետևանքով այդ փոփոխությունը թերևս կարող է անդրադառնալ առջևի վերջավորությունների և գլխի վրա։ Կոնքի ձևն իր հերթին ճնշման հետևանքով կարող է ազդել նաև ձագերի ձևի վրա։ Բարձրադիր վայրերում ուժեղ շնչառությունը կարող է առաջ բերել կրծքի լափերի ավելացում, որի հետ միասին կազմվածքի մեջ կառաջանան էլի նոր հարաբերակցություններ։ Առատ սնման դեպքում նվազած վարժեցման ազդեցությունը թերևս ավելի ևս խոր կերպով է ներգործում ամբողջ կազմվածքի վրա. ըստ երևույթին դրանում, ինչպես ցույց է տվել Նատուզիուսն իր հիանալի աշխատության մեջ, գտնվում է այն խոր փոփոխությունների գլխավոր պատճառը, որոնց ենթարկվել են խոզերի ցեղերը։ Բայց մեր անտեղյակությունն այնպես խորն է, որ մենք չենք կարող գնահատական տալ փոփոխականության մեզ հայտնի ու անհայտ պատճառների նշանակության մասին։ Ես այս դիտողությունները բերեցի միայն այն բանի համար, որպեսզի ցույց տամ, որ մենք ի վիճակի չենք բացատրելու մեր ընտանի ցեղերի բնորոշ տարբերությունների ծագումը, որոնց վերաբերմամբ, այնուամենայնիվ, բոլորն էլ համաձայն են, որ նրանք ծագել են սովորական ճանապարհով մեկ կամ մի քանի նախնական ձևերից։ Այդ պատճառով էլ մենք առիթ չունենք առանձին նշանակություն տալու իսկական տեսակների միջև եղած նման թույլ տարբերությունների ամենամոտ պատճառների չիմանալուն։
 
===ՈՐՔԱՆ ՃԻՇՏ է ՈՒՏԻԼԻՏԱՐ ՍԿԶԲՈՒՆՔԸ. ԻՆՉՊԵՍ Է ՁԵՌՔ ԲԵՐՎՈՒՄ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ===
 
Նախորդ դիտողություններն ինձ ստիպում են մի քանի խոսք ասել այն բողոքի առթիվ, որ վերջերս հայտնել են մի քանի բնախույզներ ուտիլիտար ուսմունքի դեմ, որը ենթադրում է, թե կազմվածքում եղած ամեն մի մանրամասնություն մշակվել է բացառապես դրանով օժտված էակի օգտի համար։ Նրանք կարծում են, թե կազմվածքի բազմաթիվ առանձնահատկությունները ստեղծված են բացառապես նրանց գեղեցկության համար, մարդու կամ արարչի իր իսկ զվարճության համար (այս վերջին ենթադրությունը գիտական քննարկման սահմաններից դուրս է գալիս), կամ թե պարզապես բազմազանության համար, այս վերջին ենթադրությունը մենք արդեն առիթ ունեցել ենք քննարկելու։ Այդպիսի պատկերացումը, եթե ճիշտ լիներ, անպայման ճակատագրական կլիներ իմ ուսմունքի համար։ Ես միանգամայն ընդունում եմ, որ կազմվածքի շատ առանձնահատկություններ ոչ մի նշանակություն չունեն իրենց տերերի համար, և գուցե նշանակություն չեն ունեցել նաև նրանց նախնիների համար, բայց այդ բնավ չի ապացուցում, որ նրանք ստեղծվել են բացառապես գեղեցկության կամ բազմազանության համար։ Կասկածի ենթակա չէ, որ փոփոխված պայմանների որոշակի ներգործությունը և փոփոխականության հենց նոր թվարկված բազմազան պատճառները բոլորն էլ թողել են իրենց, թերևս շատ խոր, ազդեցությունը, առանց որևէ առնչություն ունենալու այդ եղանակով իրագործվող օգտի հետ։ Բայց ավելի ևս կարևոր է այն նկատառումը, որ ամեն մի կենդանի էակի կազմվածքի բոլոր գլխավոր գծերն իրենց ծագմամբ պարտական են ժառանգականությանը, սրանից հետևում է, որ թեև յուրաքանչյուր կենդանի էակ անկասկած հիանալի կերպով հարմարված է բնության մեջ իր գրաված տեղին, բայց և այնպես նրա կազմվածքի բազմաթիվ կողմերը ճիշտ ու անմիջական առնչություն չունեն ներկայիս կենսապայմանների հետ։ Ուրեմն, մենք հազիվ թե կարող ենք ենթադրել, որ լեռնային սագի կամ ճղլակ թռչունի թաղանթավոր ոտները հատկապես օգտակար են այդ թռչուններին, մենք չենք կարող նաև ենթադրել, որ կապկի ձեռքերում, ձիու առջևի ոտներում, չղջիկի թևում և փոկի մաշկաթաթերում միանման ոսկորների ներկայությունը հատկապես օգտակար է եղել այդ կենդանիներին։ Մենք կարող ենք այդ հանգամանքը համոզվածությամբ վերագրել ժառանգականությանը։ Բայց, առանց որևէ կասկածի, լեռնային սագի կամ ճղլակի նախահոր թաղանթավոր թաթերը նրան նույնքան օգտակար են եղել, ինչքան որ այժմ ապրող թռչուններից ամենից ավելի ջրլողներին։ Ճիշտ այդպես էլ մենք կարող ենք համոզված լինել, որ փոկի նախահայրը ունեցել է ոչ թե լողաթաթ, այլ քայլելու կամ բռնելու համար հարմարված հինգ մատներով թաթ, մենք կարող ենք նույնիսկ ենթադրել և ավելին, որ կապկի, ձիու և չղջիկի վերջավորություններում եղած զանազան ոսկորները սկզբնապես զարգացել են օգտակարության սկզբունքի հիման վրա, ամենայն հավանականությամբ, ամբողջ դասի որևէ հնագույն ձկնակերպ նախահոր լողաթևի բազմաթիվ ոսկորների թվի կրճատման ճանապարհով։ Հազիվ թև հնարավոր է որոշել, թե երևույթի որ մասը պետք է վերագրել փոփոխականության այնպիսի պատճառների բաժնին, ինչպիսիք են արտաքին պայմանների ազդեցությունը, այսպես կոչված, ինքնակամ փոփոխությունները և աճման բարդ օրենքները։ Բայց, անելով այդ կարևոր բացառությունները, մենք կարող ենք ասել, որ յուրաքանչյուր կենդանի էակի կազմվածքի մեջ եղած բոլոր մանրամասները, ուղղակի կամ անուղղակի կերպով, օգտակար են կամ օգտակար են եղել դրանք ունեցողին։
 
Ինչ վերաբերում է այն համոզմունքին, որ օրգանական էակները հիանալի են ստեղծված նրա համար, որպեսզի մարդուն զվարճություն պատճառեն, մի համոզմունք, որը ոմանց կարծիքով կտրում է իմ տեսության արմատը, ուստի ես ամենից առաջ պետք է նկատեմ, որ գեղեցկության զգացմունքը, հավանորեն, կախված է խելքի բնույթից՝ անկախ զվարճության առարկային հատուկ որևէ իրական որակից, ինչպես նաև այն, որ գեղեցկության գաղափարը չի կարելի համարել բնատուր և անփոփոխ։ Դրան որպես ապացույց ծառայում է այն փաստը, որ զանազան ռասաների մարդիկ հիանում են կանացի գեղեցկության բոլորովին տարբեր տիպերով։ Եթե գեղեցիկ առարկաներն ստեղծվել են բացառապես մարդու բավականության համար, ապա պետք էր ապացուցել, որ մինչև մարդու երևան գալը, երկրի վրա ավելի քիչ գեղեցկություն է եղել, քան նրա ասպարեզ ելնելուց հետո։ Մի՞թե էոցենի դարաշրջանի Conus և Voluta սքանչելի խեցիները կամ երկրորդային ժամանակաշրջանի նրբագեղ կերտված ամմոնիտներն ստեղծվել են նրա համար, որպեսզի մարդը դարեր անցնելուց հետո կարողանար նրանցով զմայլվել բնապատմական կաբինետներում։ Քիչ կգտնվեն ավելի գեղեցիկ առարկաներ, քան դիատոմների կայծաքարային մանրագույն զրահները, արդյոք մենք կենթադրե՞նք, թե սրանք էլ ստեղծված են նրա համար, որպեսզի կարելի լիներ խիստ ուժեղ կերպով մեծացնող մանրադիտակով նրանց զննել ու նրանցով զմայլվել։ Գեղեցկությունը այդ և այլ շատ դեպքերում ըստ երևույթին բացառապես առաջանում է համաչափ աճումից։ Ծաղիկները համարվում են բնության ամենագեղեցիկ արտադրանքները, բայց նրանք խիստ տարբերվում են կանաչ սաղարթից, և դրանով իսկ գեղեցիկ են միայն նրա համար, որպեսզի իրենց վրա գրավեն միջատների ուշադրությունը։ Ես այդ եզրակացությանը եկել եմ այն անփոփոխ կանոնի հիման վրա, որ երբ ծաղիկը բեղմնավորվում է քամու միջոցով, նա երբեք չի ունենում վառ գույնի պսակ։ Որոշ բույսեր միշտ տալիս են երկու տեսակի ծաղիկներ, մի քանիսը բաց են ու գունավորված, միջատներին գրավող, մյուսները փակ են, նեկտարից զուրկ և միջատները նրանց երբեք չեն այցելում։ Սրանից մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ եթե երկրի երեսին միջատներ չլինեին, ապա բույսերը զարդարված չէին լինի հիանալի ծաղիկներով, այլ կտային այնպիսի խղճուկ ծաղիկներ, ինչպիսին մենք տեսնում ենք սոճու, կաղնու, պնդուկենու, հացենու, կամ մեր հացաբույսերի, սպանաղի և եղինջի վրա, որոնք բոլորն էլ բեղմնավորվում են քամու միջոցով։ Կշռադատության նույն եղանակը կիրառելի է. նաև պտուղների վերաբերմամբ, որ հասուն ելակը կամ բալը միանման հաճելի են թե՛ աչքի համար և թե՛ համով, որ իլենու վառ գունավորված պտուղը կամ չիչխանի կարմիր հատապտուղներն ինքնըստինքյան գեղեցիկ են, դրա հետ յուրաքանչյուր ոք կհամաձայնի, բայց այդ գեղեցկությունը ծառայում է թռչուններին և գազաններին գրավելու համար, որպեսզի նրանք ուտեն պտուղը և տարածեն պարարտացրած սերմերը։ Ես գալիս եմ այդ եզրակացության այն կանոնի հիման վրա, որը ոչ մի բացառություն չունի, որ պտղի մեջ գտնվող սերմերը (այսինքն օժտված են մսալի կամ հյութալի պատյանով) տարածվում են այն դեպքում, երբ նրանք աչքի են ընկնում իրենց վառ գույնով կամ լինում սպիտակ կամ սև։
 
Մյուս կողմից, ես հոժարությամբ ընդունում եմ, որ զգալի թվով արուները, ինչպես, օրինակ, մեր բոլոր ամենագեղեցիկ թռչունները, որոշ ձկներ, սողուններ ու կաթնասուններ և հիանալի գունավորված թիթեռների բազմությունը գեղեցիկ են միայն գեղեցկության համար. բայց այդ ձեռք է բերվել սեռական ընտրության միջոցով, այսինքն էգերի կողմից գեղեցիկ արուներ նախընտրելու շնորհիվ, այլ ոչ թե մարդու զվարճության համար։ Նույնը ճիշտ է նաև թռչունների երգեցողության վերաբերմամբ։ Սրանից մենք իրավունք ունենք եզրակացնելու, որ գեղեցիկ գույների և երաժշտական ձայների նկատմամբ մոտավորապես միանման ճաշակ ունի կենդանիների թագավորության զգալի մասը։ Երբ էգերը նույնպես գեղեցիկ գունավորված են, ինչպես արուները, որը առանձնապես հազվադեպ չէ թռչունների և թիթեռների մեջ, պատճառը երևի նրանումն է, որ սեռական ընտրության միջոցով ձեռք բերված գույնը, փոխանակ սահմանափակվելու միայն արուներով, փոխանցվել է երկու սեռերին։ Թե ինչպես գեղեցկության զգացմունքն իր ամենապարզ արտահայտությամբ, այսինքն գույնի, ձևերի և ձայների առաջացրած առանձին բավականության զգացումն առաջին անգամ ծագել է մարդու կամ ամենապարզ կենդանիների մտքի մեջ, դա վերին աստիճանի մութ հարց է։ Նույնպիսի դժվարության ենք հանդիպում նաև այն հարցը քննարկելիս, թե ինչու որոշ համի և հոտառական տպավորություններ հաճելի են, իսկ մյուսները տհաճ։ Երևի սովորությունը այդ բոլոր դեպքերում որոշ դեր է խաղացել, բայց պետք է նաև մի ավելի խոր պատճառ լինի, որը գտնվում է յուրաքանչյուր տեսակի նյարդային սիստեմի հենց կազմության մեջ։
 
Բնական ընտրությունը ոչ մի կերպ լի կարող որևէ տեսակի մեջ առաջացնել փոփոխություն, որը բացառապես օգտակար է մի այլ տեսակի համար, թեև բնության մեջ ամենուրեք մի տեսակ առավելություն և օգուտ է ստանում մյուս տեսակների կազմվածքից։ Բայց բնական ընտրությունը կարող է առաջացնել և հաճախ առաջացնում է օրգաններ, որոնց նպատակն է ուղղակի վնաս պատճառել այլ կենդանիների, մենք տեսնում ենք օձերի թունավոր ատամներից կամ իխնեվմոնի ձվադրից (ovipositor), որի միջոցով վերջինս ձվեր է ածում այլ միջատների կենդանի մարմինների մեջ։ Եթե կարելի լիներ ապացուցել, որ այս կամ այն տեսակի որևէ օրգանը գոյացել է բացառապես ոչ թե իր, այլ մի այլ տեսակի օգտի համար, ապա այդ դեպքը կխորտակեր իմ տեսությունը, որովհետև նման օրգանի գոյացումը չէր կարող ստացվել բնական ընտրության միջոցով։ Թեև բնապատմության վերաբերյալ աշխատություններում կարելի է այդ իմաստով շատ ցուցումների հանդիպել, բայց ես չեմ գտել ոչ մեկը, որին կարելի լիներ որևէ կշիռ տալ. ընդունում են, օրինակ, որ շառաչող օձը թունավոր ատամներ ունի ինքնապաշտպանության և իր զոհերի ոչնչացման համար, բայց միևնույն ժամանակ որոշ հեղինակներ ենթադրում են, թե նրա շառաչող ապարատը իրեն վնասակար է, որովհետև դրանով նա նախազգուշացնում է իր զոհերին։ Ես գրեթե նույնպիսի հեշտությամբ պատրաստ եմ հավատալու, որ կատուն պատրաստվելով ցատկելու, պտտում է իր պոչը, որպեսզի նախազգուշացնի մահվան դատապարտված մկանը։ Շատ ավելի հավանական է այն ենթադրությունը, որ շառաչող օձը բանեցնում է իր շառաչող ապարատը, կոբրան արձակում է իր հավելուկը, իսկ ակնոցավոր օձը ուռչում է բարձրաձայն սուր ֆշշոցով միայն նրա համար, որպեսզի վախեցնի այն թռչուններին և գազաններին, որոնք, ինչպես հայտնի է, հարձակվում են նույնիսկ ամենաթունավոր օձերի վրա։ Օձերն այնտեղ առաջնորդվում են նույն հիմ ունքով, որն ստիպում է հավին չռել փետուրները և տարածել թևերը, երբ շունը մոտենում է նրա ճուտերին. բայց այստեղ տեղը չէ երկար կանգ առնելու այն բազմազան եղանակների վրա, որոնց միջոցով կենդանիներն աշխատում են վախեցնել իրենց թշնամիներին։
 
Բնական ընտրությունը երբեք չի կարող որևէ էակի մեջ առաջացնել որևէ օրգան կամ կառուցվածք, որը նրա համար ավելի վնասակար լիներ, քան օգտակար, որովհետև բնական ընտրությունը ներգործում է բացառապես միայն տվյալ էակի բարօրության համար և այդ բարօրության միջոցով։ Երբեք չի կարող գոյանալ մի օրգան, ինչպես նկատել է Պալեյը, որ ցավ կամ որևէ վնաս պատճառեր իր տիրոջը։ Եթե տանք կազմվածքի յուրաքանչյուր մասի պատճառած բարիքի և չարիքի հանրագումարը, ապա այն ամբողջությամբ վերցրած ավելի օգտակար է լինում։ Եթե ժամանակի ընթացքում փոփոխվող կենսապայմաններում որևէ մարմնամաս վնասակար է դարձել, նա կփոփոխվի, իսկ եթե այդ անհնարին է լինում, այդ դեպքում տվյալ տեսակը կանհետանա, ինչպես որ իսկապես անհետացել են բյուրավոր ուրիշները։
 
Բնական ընտրությունը ձգտում է յուրաքանչյուր օրգանական էակ դարձնել նույնքան կատարյալ կամ քիչ ավելի կատարյալ, քան նույն երկրի մյուս բնակիչները, որոնց հետ նա մտնում է մրցման մեջ։ Եվ մենք տեսնում ենք, որ այդպիսին է բնության մեջ հասանելի կատարելության չափանիշը։ Տեղական օրգանիզմները, օրինակ, Նոր Զելանդիայում կատարյալ են միմյանց հետ համեմատելիս, բայց այժմ նրանք արագ կերպով տեղի են տալիս Եվրոպայից բերված բույսերի և կենդանիների լեգիոնների գրոհի առջև։ Բնական ընտրության հետևանքով չի կարող բացարձակ կատարելություն ստեղծվել, և իսկապես էլ, որքան մենք ի վիճակի ենք դատել, մենք այդ բանին չենք հանդիպում բնության մեջ։ Մյուլլերի խոսքերով՝ լույսի աբերացիայի շտկումը ոչ լիովին կատարյալ է նույնիսկ օրգաններից ամենից ավելի կատարյալի մեջ, մարդկային աչքի մեջ։ Հելմհոլցը, որի դատողությունները ոչ ոք չի կարող ժխտել, ամենաուժեղ արտահայտություններով նկարագրելով մարդու աչքի զարմանալի հատկությունները, ավելացնում է այս ուշագրավ խոսքերը. «Այն, ինչ որ մենք կարողացել ենք օպտիկական ապարատի մեջ և ցանցաթաղանթի վրա նրա առաջացրած պատկերի մեջ հայտնագործել անճշտության և անկատարյալության իմաստով, ոչինչ բան է այն անհարիրությունների համեմատությամբ, որոնց մենք հանդիպում ենք զգայությունների բնագավառում։ Կարելի է ասել, որ բնությունը կարծես թե զվարճացել է իրար վրա կիտելով հակասությունները նրա համար, որպեսզի խլի ամեն մի հիմք արտաքին ու ներքին աշխարհների միջև նախորդող ներդաշնակության տեսության համար»։ Եթե մեր բանականությունը մեզ զարմանքի զգացմունք է ներշնչում բնության ներկայացրած անզուգական հարմարումների բազմության հանդեպ, ապա նա էլ ուսուցանում է մեզ, թեև սխալները հավասարապես հնարավոր են թե այս և թե այն ուղղությամբ, որ գոյություն ունեն ավելի նվազ կատարյալ ուրիշ հարմարեցումներ։ Կարո՞ղ ենք արդյոք մենք կատարյալ համարել մեղվի խայթոցը, որը նրա բազմազան թշնամիներից որևէ մեկի դեմ գործադրելիս դուրս չի կարող քաշվել, որովհետև նրա ատամիկները դեպի ետ են շրջված, և դրանով էլ անխուսափելի մահ է պատճառում միջատին, պոկելով վերջինիս փորոտիքը։
 
Եթե մենք ենթադրենք, որ մեղվի խայթոցը գոյություն է ունեցել նրա հեռավոր նախահոր մոտ որպես շաղափող ատամնավոր մի գործիք, ինչպիսիք հանդիպում են այդ մեծածավալ ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ, եթե մենք ընդունենք, որ այն ժամանակից սկսած խայթոցը փոփոխվել է, թեև չի կատարելագործվել իր իսկական նպատակի համար, որ ուժեղացել է նաև այն թույնը, որն սկզբում հարմարված է եղել բոլորովին այլ նպատակի համար, օրինակ գխտորներ առաջացնելու համար, եթե մենք այդ բոլորն ընդունենք, այն ժամանակ գուցե հասկանանք, թե ինչու խայթոցի գործածությունը կարող է այդքան հաճախ ուղեկցվել միջատի մահով, ի վերջո, եթե խայթելու ընդունակությունը օգտակար կլիներ սոցիալական համայնքի համար, նա կհամապատասխաներ բնական ընտրության բոլոր պահանջներին, թեկուզ և մահ պատճառեր այդ համայնքի առանձին անդամներին։ Եթե մենք զարմանում ենք հոտառության իսկապես հրաշալի ուժի վրա, որի շնորհիվ միջատների արուները որոնում, գտնում են էգերին, մենք կարո՞ղ ենք արդյոք նույն չափով հիանալ միայն բազմացման նպատակի համար հազարավոր բոռերի արտադրությամբ, որոնք այլ տեսակետներից միանգամայն անօգուտ են համայնքի համար և որոնց աշխատասեր, բայց ամուլ քույրերը նրանց վերջիվերջո սպանում են։ Թեև, կարող է պատահել, այդ դժվար է, բայց մենք պետք է հիանանք մայր մեղվի բնազդային վայրենի ատելությամբ, որը դրդում է նրան ոչնչացնելու երիտասարդ մայրերին, իր դուստրներին հենց նրանց ծննդյան ժամանակ, կամ թե իրեն ոչնչանալու այդ կռվում, որովհետև դա անկասկածորեն ուղղված է դեպի ամբողջ համայնքի բարօրությանը։ Մայրական սերը կամ մայրական ատելությունը, թեև վերջինս բարեբախտաբար անհամեմատ ավելի հազվադեպ է արտահայտվում, հավասար են բնական ընտրության անողոք սկզբունքի առջև։ Եթե մենք հիանում ենք բազմազան ճարտար հարմարեցումների վրա, որոնց շնորհիվ խոլորձիները և շատ այլ բույսեր բեղմնավորվում են միջատների աջակցությամբ, ապա արդյոք կարո՞ղ ենք մենք միանման կատարյալ համարել մեր սոճիների ծաղկափոշու ամբողջ ամպերի արտադրումը միայն նրա համար, որպեսզի մի քանի փոշեհատիկներ, պատահմամբ քամու աջակցությամբ, հասնեն սերմնաբողբոջներից մեկին։
 
===ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ է ՏԻՊԻ Եվ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ===
 
Մենք այս գլխում քննարկեցինք մի քանի դժվարություններ ու առարկություններ, որոնք կարող են ներկայացվել մեր տեսության դեմ։ Նրանցից շատերը լուրջ են, բայց ես կարծում եմ, որ քննարկության ժամանակ մեզ հաջողվեց լույս սփռել մի քանի փաստերի վրա, որոնք, անկախ արարչագործական ակտերին հավատալու տեսակետից, միանգամայն անըմբռնելի կլինեին։ Մենք տեսանք, որ տեսակները յուրաքանչյուր տվյալ ժամանակաշրջանում անսահմանորեն փոփոխական չեն լինում և միջակա օղակների երկար շղթայով միմյանց հետ կապված չեն լինում մասամբ այն պատճառով, որ բնական ընտրության պրոցեսը կատարվում է չափազանց դանդաղ կերպով և յուրաքանչյուր տվյալ մոմենտում ներգործում է միայն փոքրաթիվ ձևերի վրա, մասամբ էլ այն պատճառով, որ հենց բնական ընտրության պրոցեսը ենթադրում է նախորդողների և միջակա աստիճանների մշտական փոխարինում և ոչնչացում։ Ներկայումս անընդհատ տարածություն գրավող միմյանց մոտ ազգակից տեսակները հաճախ պետք է առաջանային դեռ այն ժամանակ, երբ այդ տարածությունը անընդհատ չէր և երբ կենսապայմանները չէին փոփոխվել այնպիսի անզգալի աստիճաններով տարածության մի մասից մյուսին անցնելիս։ Երբ երկու տարատեսակներ առաջանում են միևնույն անընդհատ տարածության երկու մարզերում, հաճախ կարող է առաջանալ միջակա մի տարատեսակ, որը հարմարված է միջակա գոտուն, վերևում շարադրված պատճառներով այդ միջակա տարատեսակը սովորաբար գոյություն կունենա ավելի սակավաթիվ անհատներով, քան այն երկու ձևերը, որոնց նա միացնում է. դրա հետևանքը կլինի այն փաստը, որ փոփոխությունների հետագա ընթացքում այս վերջիններն իրենց թվի ավելի շատության շնորհիվ կգտնվեն ավելի բարենպաստ պայմաններում այդ սակավաթիվ միջակա տարատեսակի համեմատությամբ, սովորաբար հաջողությամբ դուրս կմղեն ու, վերջապես, կոչնչացնեն նրան։
 
Այս գլխում մենք համոզվեցինք, որ պետք է չափազանց շրջահայաց լինել, ենթադրություն անելով, որ ամենատարբեր կենցաղաձևերի միջև անցումներ չեն կարող լինել, մենք համոզվեցինք նրանում, որ չղջիկը կարող էր բնական ընտրության միջոցով առաջանալ սկզբում օդում միայն սահող կենդանուց։ Մենք համոզվեցինք, որ տեսակները նոր կենսապայմաններում կարող են փոփոխել իրենց սովորությունները կամ կարող են ունենալ բազմազան սովորություններ, որոնք երբեմն նման չեն իրենց հետ մերձավոր ազգակից ձևերի սովորություններին։ Յուրաքանչյուր օրգանական էակ ձգտում է ապրել այնտեղ, որտեղ նա կարող էր ապրել, այստեղից էլ մեզ համար հասկանալի դարձավ, թե ինչպես կարող են առաջանալ այնպիսի ձևերը, ինչպես լեռնային սագը թաղանթավոր ոտներով, գետնի վրա ապրող փայտփորիկը, սուզվող կեռնեխը և սուզաբադերի կենցաղաձևն ունեցող մրրկահավերը։
 
Այն համոզմունքը, որ կատարելության այդպիսի բարձր աստիճանի հասած օրգանը, ինչպիսին աչքն է, կարող էր առաջանալ բնական ընտրության միջոցով, կարող է ում ասես տարակուսանքի մեջ գցել։ Այնուամենայնիվ, որևէ մի օրգանի վերաբերմամբ, եթե մենք գիտենք աստիճանական բարդացումների երկար շարքը, ըստ որում նրանցից յուրաքանչյուրն ինքնըստինքյան օգտակար է, չի կարելի տրամաբանորեն անհնարին համարել, որ շարունակ փոփոխվող կենսապայմաններում տվյալ օրգանը բնական ընտրության միջոցով ձեռք չի բերել կատարելության ամեն մի հնարավոր աստիճան։ Այն դեպքերում, երբ մեղ անհայտ են միջակա կամ անցումային աստիճանները, մենք պիտի շատ շրջահայաց լինենք այն եզրակացության մեջ, թե նրանք երբեք էլ գոյություն չեն ունեցել, որովհետև օրգանների կերպարանափոխության բազմաթիվ դեպքերում մենք տեսնում ենք, թե ինչպիսի զարմանալի ձևափոխություններ հնարավոր են լինում օրգանների գործունեության մեջ։ Արժե հիշել, որ լողափամփուշտը դարձել է օդ շնչող թոքեր։ Միևնույն օրգանը, որը միաժամանակ կատարել է զանազան ֆունկցիաներ, իսկ հետո մասամբ կամ բոլորովին հարմարվել է նրանցից մեկի համար, կամ երկու օրգաններ, որոնք միաժամանակ կատարել են նույն ֆունկցիան, ըստ որում մեկը կատարելագործվել մյուսի աջակցության շնորհիվ, շատ դեպքերում զգալիորեն հեշտացրել են այդպիսի անցումը։
 
Մենք տեսանք, որ էակների սանդուխքի վրա մեկը մյուսից հեռու կանգնած երկու օրգանիզմներ կարող են ունենալ օրգաններ, որոնք ծառայում են միևնույն նպատակի համար և իրար հետ մոտ նմանություն ունեն, բայց առաջացել են առանձին-առանձին ու միանգամայն անկախ կերպով։ Սակայն այդ օրգանների ավելի ուշադիր հետազոտման ժամանակ համարյա միշտ կարելի է էական տարբերություններ գտնել նրանց կառուցվածքում, և այդ, հասկանալի է, բխում է բնական ընտրության սկզբունքից։ Մյուս կողմից, բնության մեջ արտահայտվող ամենածավալված կանոնն է, որ միևնույն նպատակին կարելի է հասնել բազմազան միջոցներով, այս էլ դարձյալ բխում է նույն մեծ սկզբունքից։
 
Շատ դեպքերում մեր տեղեկությունները այնքան անբավարար են, որ մենք իրավունք չունենք պնդելու, թե որոշ մարմնամասեր կամ օրգաններ այնքան անկարևոր են տեսակի բարեկեցության համար, որ նրանց կառուցվածքում փոփոխությունները չկարողանային դանդաղ կերպով կուտակվել բնական ընտրության միջոցով։ Բազմաթիվ այլ դեպքերում փոփոխություններն ամենայն հավանականությամբ հանդիսացել են փոփոխականության ու աճման օրենքի ուղղակի արդյունք, անկախ այն բանից, թե նրանք իրենց հետ որևէ օգուտ բերել են, թե ոչ։ Բայց մենք կարող ենք համոզված լինել, որ այդպիսի կառուցվածքները ևս հետագայում, նոր կենսապայմաններում, կարող էին օգտակար դառնալ տվյալ տեսակի համար և ենթարկվել հետագա փոփոխությունների։ Մենք կարող ենք համոզված լինել նաև, որ սկզբում շատ կարևոր մի մարմնամաս հաճախ պահպանվել է (ինչպես, օրինակ, ջրային կենդանու պոչը նրա ցամաքային հետնորդների մոտ), թեև այնպիսի չնչին նշանակություն է ստացել, որ իր այժմյան վիճակում չէր էլ կարող ձեռք բերվել բնական ընտրության միջոցով։
 
Բնական ընտրությունը չի կարող մի տեսակի մեջ առաջացնել որևէ այնպիսի մի բան, որը բացառապես ծառայի հօգուտ կամ ի վնաս մի այլ տեսակի, թեև նա հեշտությամբ կարող է առաջացնել մասեր, օրգաններ կամ արտաթորանքներ, որոնք շատ օգտակար են, նույնիսկ անհրաժեշտ կամ, ընդհակառակը, չափազանց վնասակար մի այլ տեսակի համար, բայց բոլոր այդպիսի դեպքերում նրանք օգտակար կլինեն իրենց տիրոջ համար։ Յուրաքանչյուր խիտ բնակված երկրում բնական ընտրությունը ներգործում է նրա բնակիչների միջև տեղի ունեցող մրցության շնորհիվ և այդ պատճառով էլ գոյության կռվում հաջողություն է ապահովում կատարելության այն չափանիշին համապատասխան, որը հատուկ է տվյալ երկրին։ Այս պատճառով սովորաբար մի փոքր երկրի բնակիչները մեծ մասամբ ենթարկվում են մի այլ սովորաբար մեծ երկրի բնակիչներին։ Որովհետև մեծ երկրում գոյություն են ունեցել մեծ թվով անհատներ և ավելի շատ բազմազան ձևեր, որոնց միջև մրցությունը եղել է ավելի խիստ, ապա հետևաբար և կատարելության չափանիշն ավելի բարձր աստիճանի է հասել։ Բնական ընտրությունն անպայմանորեն չի հանգում բացարձակ կատարելության և, որքան մենք կարող ենք դատել մեր սահմանափակ ընդունակությունների օգնությամբ, չի կարելի պնդել, որ նա ամենուրեք իրականում կենսագործվել է։
 
Բնական տեսության հիման վրա մենք պարզ կերպով հասկանում ենք բնապատմության վաղեմի կանոնի՝ «Natura non facit saltum»<ref>Բնությունը թռիչք չի անում։— ''Խմբ.։''</ref> լրիվ իմաստը։ Այս կանոնը, եթե մենք սահմանափակվենք միայն երկրի արդի բնակիչներով, ոչ լրիվ ճիշտ է, բայց եթե այն տարածենք անցյալ ժամանակներում ապրած թե՛ հայտնի և թե՛ անհայտ էակների վրա, ապա այս տեսության հիման վրա նա պետք է ճիշտ լինի իր ամբողջ խստությամբ։
 
Հանրաճանաչ է համարվում, որ օրգանական էակներն առաջացել են երկու մեծ օրենքների համաձայն՝ տիպի միասնականության և գոյության պայմանների։ Տիպի միասնականություն ասելով հասկացվում է կազմության մեջ եղած այն հիմնական նմանությունը, որ մենք նկատում ենք մի դասի պատկանող էակների մեջ և որը միանգամայն անկախ է նրանց կենսակերպից. իմ տեսությամբ տիպի միասնականությունը բացատրվում է ծագման միասնականությամբ։ «Գոյության պայմաններ» արտահայտությունը, որի վրա այնքան հաճախ պնդել է հռչակավոր Կյուվիեն, լիովին ընդգրկվում է բնական ընտրության սկզբունքի կողմից։ Բնական ընտրությունը ներգործում է շնորհիվ այն բանի, որ հարմարեցնում է էակների փոփոխվող մասերը նրանց կյանքի օրգանական և անօրգանական պայմաններին, կամ հարմարեցրել է նրանց անցած ժամանակներում, ըստ որում այդ հարմարումները շատ դեպքերում պահպանվել են ուժեղացրած վարժեցման միջոցով կամ, ընդհակառակը, վարժեցման բացակայությամբ, գտնվել են արտաքին պայմանների ուղղակի ներգործության ազդեցության տակ և, համենայն դեպս, ենթարկվել են աճման ու փոփոխականության հայտնի օրենքներին։ Ուրեմն, գոյության պայմանների օրենքը իրականում հանդիսանում է բարձրագույն օրենք, որովհետև նա նախկին փոփոխությունների և հարմարեցումների ժառանգման միջոցով իր մեջ է առնում նաև տիպի միասնականության օրենքը։
Վստահելի
1396
edits