Changes

Տեսակների Ծագումը

Ավելացվել է 195 553 բայտ, 08:54, 25 Փետրվարի 2017
Հանրաճանաչ է համարվում, որ օրգանական էակներն առաջացել են երկու մեծ օրենքների համաձայն՝ տիպի միասնականության և գոյության պայմանների։ Տիպի միասնականություն ասելով հասկացվում է կազմության մեջ եղած այն հիմնական նմանությունը, որ մենք նկատում ենք մի դասի պատկանող էակների մեջ և որը միանգամայն անկախ է նրանց կենսակերպից. իմ տեսությամբ տիպի միասնականությունը բացատրվում է ծագման միասնականությամբ։ «Գոյության պայմաններ» արտահայտությունը, որի վրա այնքան հաճախ պնդել է հռչակավոր Կյուվիեն, լիովին ընդգրկվում է բնական ընտրության սկզբունքի կողմից։ Բնական ընտրությունը ներգործում է շնորհիվ այն բանի, որ հարմարեցնում է էակների փոփոխվող մասերը նրանց կյանքի օրգանական և անօրգանական պայմաններին, կամ հարմարեցրել է նրանց անցած ժամանակներում, ըստ որում այդ հարմարումները շատ դեպքերում պահպանվել են ուժեղացրած վարժեցման միջոցով կամ, ընդհակառակը, վարժեցման բացակայությամբ, գտնվել են արտաքին պայմանների ուղղակի ներգործության ազդեցության տակ և, համենայն դեպս, ենթարկվել են աճման ու փոփոխականության հայտնի օրենքներին։ Ուրեմն, գոյության պայմանների օրենքը իրականում հանդիսանում է բարձրագույն օրենք, որովհետև նա նախկին փոփոխությունների և հարմարեցումների ժառանգման միջոցով իր մեջ է առնում նաև տիպի միասնականության օրենքը։
 
 
==ԳԼՈՒԽ VII։ ԶԱՆԱԶԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅԱՆ ԴԵՄ==
 
<FONT SIZE="-1">ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ։— ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈԻՆՆԵՐԸ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԱՌԱՋԱՆՈՒՄ։ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ, ԸՍՏ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ, ՈՒՂՂԱԿԻ ՕԳՈՒՏ ՉԵՆ ԲԵՐՈՒՄ։— ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ։— ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՏԵՍԱԿԵՏԻՑ ՔԻՉ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐՆ ԱՄԵՆԻՑ ԱՎԵԼԻ ԿԱՅՈՒՆ ԵՆ։— ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԹԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԿԶԲՆԱԿԱՆ ՍՏԱԴԻԱՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։— ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ։— ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԻՆ ՈՒՂԵԿՑՈՒՄ է ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ։— ՄԻԵՎՆՈՒՅՆ ԴԱՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽԻՍՏ ՏԱՐԲԵՐՎՈՂ ՕՐԳԱՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԾԱԳՈՒՄ ԵՆ ՄԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՂԲՅՈՒՐԻՑ։— ԱՅՆ ՀԻՄՔԵՐԸ, ՈՐՈՆՔ ԻՆՁ ՀԱՐԿԱԴՐՈՒՄ ԵՆ ԺԽՏԵԼՈՒ ԽԻՍՏ ԵՎ ՀԱՆԿԱՐԾԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ։</FONT>
 
Այս գլուխը կնվիրեմ իմ տեսակետների դեմ առաջ քաշված խառը բնույթի զանազան առարկությունների քննարկմանը, որովհետև այդ ճանապարհով կարող են ավելի լավ պարզաբանվել որոշ բաներ մինչև այժմ քննարկվածից։ Բայց անօգուտ կլիներ քննության առնել այդ բոլոր առարկությունները, որովհետև նրանցից շատերը արել են այնպիսի գրողներ, որոնք նեղություն չեն կրել ըմբռնելու բուն խնդիրը։ Այսպես, օրինակ, գերմանական մի հայտնի բնախույզ պնդում է, որ իմ տեսության ամենաթույլ կողմն այն է, որ ես բոլոր օրգանական էակները դիտում եմ որպես չափազանց անկատար. մինչդեռ իրականում ես ասել եմ, որ նրանք բոլորը այնքան էլ կատարյալ չեն, ինչպիսին կարող էին լինել իրենց շրջապատող պայմանների նկատմամբ, և այդ ապացուցվում է նրանով, որ երկրագնդի շատ կետերում տեղական բազմաթիվ ձևերն իրենց տեղերը զիջել են ներխուժած օտարերկրացիներին։ Բացի դրանից, եթե օրգանական էակները լինեին էլ մի որոշ ժամանակ լիովին հարմարված շրջապատող պայմաններին, նրանք չեն կարող այդպես մնալ այդ պայմանների փոփոխվելուց հետո, եթե իրենք ևս չեն փոփոխվի համապատասխան ձևով, և ոչ ոք, իհարկե, վիճելի չի կարող համարել այն, որ յուրաքանչյուր երկրի ֆիզիկական պայմանները, ինչպես նաև նրա բնակիչների և՛ քանակությունը, և՛ բնույթը շատ փոփոխություններ են կրել։
 
Վերջերս մի քննադատ, պճնվելով մաթեմատիկական ճշգրտությամբ, պնդում էր, թե երկարակեցությունը շատ օգտավետ է բոլոր տեսակներին. այնպես որ, ով հավատում է բնական ընտրությանը, «պետք է իր ծննդաբանական ծառը կառուցի» այնպիսի ձևով, որ բոլոր հետնորդները ավելի երկարակյաց լինեն իրենց նախնիներից։ Մի՞թե մեր քննադատը չի կարողանում ըմբռնել այն, ար երկամյա բույսը կամ մեր կենդանիներից մեկը կարող է ընկնել ցուրտ կլիմայի մեջ և այնտեղ ոչնչանալ յուրաքանչյուր ձմեռ, և սակայն, բնական ընտրության միջոցով ձեռք բերված օգտակար հատկությունների շնորհիվ, տարեցտարի ապրել իր սերմերի կամ ձվերի օգնությամբ։ Ռեյ Լանկեստերը վերջերս քննարկել է այդ հարցը և, որքան խնդրի բարդությունը հնարավորություն է տալիս որոշակի դատողություն կազմելու, նա գալիս է այն եզրակացության, որ երկարակեցությունը սովորաբար հարաբերակցության մեջ է գտնվում օրգանական սանդուխքի վրա յուրաքանչյուր տեսակի ունեցած դրության հետ, ինչպես նաև վերարտադրության պրոցեսի ու ընդհանուր գործունեության վրա օրգանիզմի ծախսի աստիճանի հետ։ Իսկ այդ հատկությունները հավանորեն շատ մեծ չափով կախված են բնական ընտրությունից։
 
Բերվել է նաև այն փաստարկը, թե ինչպես որ եգիպտական այն կենդանիներից ու բույսերից ոչ մեկը, որոնց մասին մենք որևէ բան գիտենք, չի փոփոխվել վերջին երեք կամ չորս հազարամյակների ընթացքում, ճիշտ այդպես էլ հավանորեն չի փոփոխվել նրանցից ոչ մեկը և ոչ մի տեղ աշխարհում։ Բայց, ըստ Ջ. Հ. Լյուիսի դիտողության, փաստարկման այդ եղանակը ոչինչ չի ապացուցում, որովհետև հնագույն ընտանի ցեղերը, որ պատկերված են եգիպտական հուշարձաններում կամ զմռսված են, շատ մոտ են կամ նույնիսկ նման են նրանց, որոնք ապրում են ներկայումս, իսկ մինչդեռ բոլոր բնախույզներն ընդունում են, որ այդ ցեղերն առաջացել են իրենց նախասկզբնական տիպերի ձևափոխման միջոցով։ Շատ կենդանիներ, որոնք առանց փոփոխվելու մնացել են սառցադաշտային շրջանից սկսած, կարող էին անհամեմատ ավելի զարմանալի օրինակ ծառայել, որովհետև նրանք ենթարկվել են կլիմայի մեծ փոփոխությունների ու տեղափոխվել են մեծ հեռավորությունների վրա, մինչդեռ Եգիպտոսում վերջին մի քանի հազարամյակների ընթացքում կենսապայմանները, որքան մենք գիտենք, մնացել են բոլորովին միանման։ Սառցադաշտային շրջանի ժամանակից սկսած փոփոխությունների աննշանության կամ նույնիսկ լիակատար բացակայության փաստը, որոշ հաջողությամբ կարելի է շրջել նրանց դեմ, ովքեր հավատում են զարգացման բնածին ու անհրաժեշտ օրենքին, և այդ փաստը բոլորովին անզոր է բնական ընտրությանը, կամ ամենահարմարվածի գերապրելուն վերաբերող ուսմունքի հանդեպ, մի ուսմունքի, որը ենթադրում է, որ երբ պատահաբար առաջանում են օգտակար հատկություն ունեցող ձևափոխություններ կամ անհատական տարբերություններ, ապա նրանք պահպանվում են, բայց այդ իրագործվում է միայն որոշ բարենպաստ հանգամանքներում։
 
Նշանավոր հնէաբան Բրոննը գրքիս իր գերմաներեն թարգմանության վերջում հարցնում է, թե ինչպե՞ս բացատրել բնական ընտրության տեսակետով այն, որ տարատեսակը և նրան ծնունդ տվող տեսակը կարող են ապրել կողք կողքի։ Եթե նրանք երկուսն էլ հարմարվել են թեթևակի տարբերվող կենսական շրջադրության կամ պայմաններին, այդ դեպքում նրանք կարող են միասին ապրել և եթե մի կողմ թողնենք պոլիմորֆ ձևերը, որոնց փոփոխականությունն ըստ երևույթին առանձին բնույթ է կրում, և բոլոր ժամանակավոր ձևափոխությունները, ինչպիսիք են մեծությունը, ալբինիզմը և այլն, ապա ավելի կայուն տարատեսակները, որքան ես կարող եմ դատել, սովորաբար լինում են զանազան ապրելավայրերում, օրինակ, բարձունքներում կամ հարթավայրերում, չոր կամ խոնավ տեղերում բնակվողներ։ Այնուհետև շատ թափառող և հեշտությամբ միմյանց հետ խաչաձևվող կենդանիների տարատեսակները, ըստ երևույթին, սովորաբար կապված են տարբեր վայրերի հետ։
 
Բրոննը հաստատամտորեն պնդում է նաև, որ առանձին տեսակները մեկը մյուսից երբեք չեն տարբերվում առանձին հատկանիշներով, այլ միշտ շատ հատկանիշներով. նա հարցնում է, թե ինչպե՞ս է միշտ լինում, որ օրգանիզմի մի քանի մասերը, վարիացիաների և բնական ընտրության միջոցով միաժամանակ ձևափոխվում են։ Բայց այս դեպքում ոչ մի անհրաժեշտություն չկա ենթադրելու, որ որևէ օրգանիզմի բոլոր մասերը փոփոխվել են միաժամանակ։ Ամենազարմանալի ձևափոխությունները, որոնք հիանալի կերպով հարմարված են որևէ նպատակի համար, ինչպես առաջ արդեն նկատված է, կարող են ձեռք բերվել, թեկուզև թույլ, հաջորդական շեղումների միջոցով՝ սկզբում մի մասում, հետո մյուսում, բայց քանի որ նրանք փոխանցվում են բոլորը միասին, ուստի և մեզ վրա այնպիսի տպավորություն են թողնում, որ կարծես թե նրանք միասին են առաջացել։ Վերոհիշյալ առարկությանը ամենալավ պատասխան կարող են ծառայել, ասենք, այն ընտանի կենդանիները, որոնք ձևափոխվել են մարդու կամքով, որը նրանց. ընտրել է որևէ հատուկ նպատակով։ Նայենք արշավաձիուն և ծանրաքաշ ձիուն, կամ բարակ շանը և դոգ գամփռին (mastiff)։ Նրանց բոլոր մարմնակազմությունը և նույնիսկ նրանց մտավոր կերտվածքը ձևափոխվել են, մինչդեռ, եթե մենք հնարավորություն ունենայինք հետամտելու նրանց կերպափոխումների պատմության ընթացքում եղած յուրաքանչյուր ստադիային,— իսկ վերջին ստադիաներին հետամտել հնարավոր է,— մենք չէինք տեսնի խոշոր և միաժամանակ տեղի ունեցած փոփոխություններ, այլ միայն թեթև ձևափոխություններ ու կատարելագործություններ սկզբում մի մասում, ապա և մյուս մասում։ Նույնիսկ այն դեպքում, երբ մարդը կիրառել է միայն որևէ մի հատկանիշի ընտրություն,— որի ամենալավ օրինակ կարող են ծառայել մեր մշակովի բույսերը,— մենք անփոփոխ կերպով նկատում ենք, որ եթե մի մասը, լինի դա ծաղիկ, պտուղ կամ տերևներ, շատ ուժեղ կերպով փոփոխվել է, ապա նաև գրեթե բոլոր մյուս մասերը թեթև ձևափոխություններ են կրել։ Դա մասամբ կարելի է բացատրել հարաբերակցական աճման սկզբունքով, մասամբ էլ այսպես կոչված ինքնակամ վարիացիայով։
 
Անհամեմատ ավելի լուրջ առարկություն է առաջադրել Բրոննը, իսկ վերջերս նաև Բրոկան, այն է՝ որ շատ հատկանիշներ, ըստ երևույթին, ոչ մի օգուտ չեն բերում իրենց տերերին և այդ պատճառով չէին կարող իրենց վրա կրել բնական ընտրության ազդեցությունը։ Բրոննը մատնանշում է, օրինակ, նապաստակների և մկների տարբեր տեսակների ականջների ու պոչերի երկարությունը, շատ կենդանիների ատամների արծնապակու բարդ ծալքերը և բազմաթիվ համանման օրինակներ։ Բույսերի վերաբերմամբ այդ հարցը պարզաբանել է Նեգելին իր հիանալի հետազոտության մեջ։ Նա ընդունում է, որ բնական ընտրությունը շատ բան է արել, բայց պնդում է, թե բույսերի ընտանիքները մեկը մյուսից տարբերվում են գլխավորապես մորֆոլոգիական հատկանիշներով, որոնք, ըստ երևույթին, բոլորովին կարևոր չեն տեսակների բարեկեցության համար։ Դրա համար էլ նա հավատում է, որ տեսակներն ունեն առաջադիմելու և կատարելագործվելու բնածին հակում։ Նա մատնանշում է բջիջների դասավորությունը հյուսվածքներում և տերևներինը՝ առանցքային մասերի վրա որպես օրինակներ, երբ բնական ընտրությունը չի կարողացել ներգործել։ Դրան կարելի է ավելացնել նաև ծաղկի մասերի թիվը, սերմնաբողբոջների դիրքը, սերմերի ձևը, երբ վերջինս ոչ մի օգուտ չի բերում սերմնավորման ժամանակ և այլն։
 
Վերոհիշյալ առարկությունը շատ լուրջ է։ Այնուամենայնիվ, մենք պետք Ւ նախ և առաջ, չափազանց զգույշ լինենք, երբ ձգտում ենք որոշել, թե այս կամ այն տեսակի համար կառուցվածքի ինչպիսի գծերը օգտակար են այժմ, կամ օգտակար են եղել առաջ։ Երկրորդ, միշտ պետք է հիշել, որ երբ ձևափոխվում է մի մաս, նույնն է պատահում նաև մյուսների հետ՝ լիովին չպարզաբանված պատճառների հետևանքով, ինչպիսիք են, օրինակ, սննդի ուժեղացած կամ նվազած առհոսումը դեպի մի մասը, մասերի փոխադարձ ճնշումը, ընդ որում ավելի առաջ զարգացած մասը ճնշող ազդեցություն է գործում իրենից հետո զարգացողի վրա և այլն, ինչպես նաև այլ պատճառների հետևանքով, որոնք առաջ են բերում հարաբերակցության բազմաթիվ և խորհրդավոր ու մեզ համար բոլորովին անհասկանալի փաստեր։ Այդ բոլոր գործոնները, համառոտության համար, կարելի է միասին միացնել «աճման օրենքներ» ընդհանուր անվան տակ։ Երրորդ, մենք պետք է ընդունենք կենսապայմանների փոփոխության ուղղակի և որոշակի ներգործությունը և այսպես կոչված ինքնակամ վարիացիաները, որոնց մեջ պայմանների բնույթը միանգամայն ստորադաս դեր է կատարում։ Բողբոջների վարիացիան, ինչպես, օրինակ, սովորական վարդենու վրա թավոտ վարդի կամ դեղձենու վրա նեկտարինների (հարթ դեղձերի) երևալը, ներկայացնում են ինքնակամ վարիացիաների լավ օրինակներ, բայց նույնիսկ այդ դեպքերում,— եթե մենք մտաբերենք, թե ինչպիսի ուժեղ ազդեցություն է գործում թույնի մի կաթիլը բարդ գղտորների առաջացման վրա,— մենք չենք կարող լիովին վստահ լինել, որ վերոհիշյալ վարիացիաները հյութի բնույթի մեջ մի որևէ տեղական փոփոխության արդյունք չեն, որը կախված է պայմանների փոփոխություններից։ Յուրաքանչյուր անհատական թեթև տարբերության համար պետք է որևէ իրական պատճառ լինի, նույնպես էլ պատահաբար առաջացող ավելի ուժեղ արտահայտված վարիացիների համար<ref>Այստեղ Դարվինը մոտենում է այսպես կոչված մուտացիաների պատճառների հայտնաբերմանը։ Դրանք օրգանիզմի վրա արտաքին պայմանների կրկնական ազդեցությունների կուտակման արդյունքներ են, որոնք սկզբում միայն արտահայտվում են օրգանիզմի բնույթի մեջ թաքնված փոփոխությունների ձևով։— ''Խմբ.։''</ref> և եթե անհայտ պատճառը կներգործի համառ կերպով, ապա համարյա անկասկած է, որ տվյալ տեսակի բոլոր անհատները կփոփոխվեն նման ձևով։
 
Այս գրքի նախորդ հրատարակություններում, ինչպես թվում է ինձ այժմ, ես հարկ եղած չափով չեմ գնահատել, թե որքան հաճախակի և կարևոր են ինքնակամ փոփոխականությունից կախված ձևափոխությունները։ Բայց անհնարին է այդ պատճառով բացատրել կառուցվածքի այն առանձնահատկությունների անթիվ բազմությունը, որոնք այնքան լավ հարմարված են յուրաքանչյուր տեսակի կենսակերպին։ Այդ ինձ նույնքան քիչ հավանական է թվում, որքան և այն, որ դրա միջոցով կարելի է բացատրել արշավաձիու կամ բարակ շան լավ հարմարված ձևի առաջանալը, որոնք այնպիսի զարմանք են հարուցել, նախկին բնախույզների մտքերում, քանի դեռ լավ չէր ըմբռնվել մարդու ձեռքով կատարվող ընտրության սկզբունքը։
 
Ավելորդ չի լինի նախորդ դիտողություններից մի քանիսը պարզաբանել օրինակներով։ Զանազան մասերի և օրգանների ենթադրյալ անօգտակարության մասին հազիվ թե հարկ կա նշելու, որ նույնիսկ բարձրակարգ և ամենից ավելի ծանոթ կենդանիներն ունեն կառուցվածքի առանձնահատկություններ, որոնք այնքան բարձր զարգացման են հասել, որ ոչ ոք չի կասկածում նրանց կարևորության մասին, սակայն նրանց նշանակությունը մինչև այժմ պարզված չէ, կամ պարզվել է միայն վերջերս։ Բրոննը մատնանշում է մկների զանազան տեսակների ականջների ու պոչի երկարությունը որպես կառուցվածքի թեպետև չնչին, բայց այնպիսի տարբերությունների օրինակներ, որոնք ոչ մի հատուկ, նշանակություն չունեն, այդ առթիվ ես կարող եմ հիշատակել, որ ըստ դոկտոր Շեբլի հետազոտությունների, սովորական մկան արտաքին ականջը չափազանց հարուստ է նյարդերով, այնպես որ նա անկասկած ծառայում է որպես շոշափելիքի օրգան. հետևաբար, ականջների երկարությունը հազիվ թե բոլորովին անկարևոր հատկանիշ լինի։ Մենք հիմա կտեսնեք նաև, որ պոչը մի քանի տեսակների համար ծառայում է որպես շատ օգտակար բռնիչ օրգան, և այդ դեպքում նրա դերը մեծ կախման մեջ է գտնվում երկարությունից։
 
Ինչ վերաբերում է բույսերին, որոնցով ես բացառապես կզբաղվեմ հետագայում՝ Նեգելիի հոդվածի առթիվ, ապա բոլորը, իհարկե, կհամաձայնվեն, որ խոլորձիների ծաղիկները ներկայացնում են կառուցվածքի բազմաթիվ հետաքրքրական մանրամասնություններ, որոնց վրա մի քանի տարի առաջ կնայեին որպես պարզ մորֆոլոգիական առանձնահատկությունների վրա, որոնք ոչ մի հատուկ ֆունկցիա չունեն, մինչդեռ ներկայումս հայտնի է, որ նրանք խոշորագույն նշանակություն ունեն միջատների օգնությամբ տեսակների բեղմնավորման համար և հավանորեն ձեռք են բերվել բնական ընտրության միջոցով։ Մինչև վերջին ժամանակները ոչ ոքի մտքով չէր անցնի, որ դիմորֆ և տրիմորֆ բույսերի առէջքների և վարսանդների անհավասար երկարությունը և նրանց դասավորությունը կարող են որևէ նշանակություն ունենալ, իսկ այժմ մենք գիտենք, որ այդ հենց այդպես էլ է։
 
Բույսերի որոշ խմբերում բոլոր տեսակների սերմնաբողբոջները ուղիղ են կանգնած, մյուսներինը՝ կախված են, իսկ մի քանի սակավաթիվ բույսերի միևնույն սերմնարանում մի սերմնաբողբոջը գրավում է կանգուն դիրք, իսկ մյուսը՝ կախված։ Սերմնաբողբոջների այդ դիրքերը առաջին հայացքից զուտ մորֆոլոգիական հատկանիշներ են թվում, այսինքն չունեն ոչ մի ֆիզիոլոգիական նշանակություն, բայց դոկտոր Հուկերն ինձ հաղորդում է, որ միևնույն սերմնարանի մեջ երբեմն բեղմնավորվում են միայն վերին սերմնաբողբոջները, իսկ այլ դեպքերում միայն ստորինները, և նա ենթադրություն է անում, որ դա հավանորեն կախված է այն ուղղությունից, որով ծաղկափոշու խողովակները մտնում են սերմնարանի մեջ։ Եթե այդ այդպես է, ուրեմն սերմնաբողբոջների դիրքը,— եթե անգամ միևնույն սերմնարանում նրանցից մեկը ուղիղ կանգնած է, իսկ մյուսը՝ կախված,— կարող է լինել դիրքի մեջ տեղի ունեցած այնպիսի թեթև որոշ շեղումների ընտրության հետևանք, որոնք նպաստել են բեղմնավորմանը և սերմերի ստացմանը։
 
Որոշ բույսեր, որոնք պատկանում են զանազան ընտանիքների, սովորաբար առաջացնում են երկու ձևի ծաղիկներ՝ մի քանիսը բաց, սովորական կառուցվածքով, մյուսները՝ փակ և թերզարգացած։ Ծաղիկների այդ երկու ձևերը երբեմն զարմանայի կերպով տարբերվում են միմյանցից իրենց կառուցվածքով, այնուամենայնիվ կարելի է տեսնել, թե ինչպես նրանք միևնույն բույսի վրա աստիճանաբար փոխակերպվում են մեկը մյուսին։ Սովորական բաց ծաղիկները կարող են միմյանց հետ խաչաձևվել և այդպիսով ապահովում են այն օգտակարությունը, որն անշուշտ ստացվում է խաչաձևման ժամանակ։ Սակայն փակ և թերզարգացած ծաղիկները<ref>Փակ ծաղիկները սովորաբար կոչվում են կլեյստոգամներ։— ''Խմբ.։''</ref> ակներևորեն շատ մեծ նշանակություն ունեն, որովհետև նրանք ապահովաբար տալիս են որոշ քանակությամբ սերմեր՝ ծախսելով զարմանալի քիչ քանակությամբ ծաղկափոշի։ Այդ երկու ձևի ծաղիկները, ինչպես հենց նոր մատնանշվեց, հաճախ խիստ տարբերվում են միմյանցից իրենց կառուցվածքով, թերի ծաղիկների պսակաթերթերը համարյա միշտ կազմված են միայն թերաճիկներից, և փոշեհատիկների տրամագիծը փոքրացած է։ Ononis columnae-ի միմյանց հաջորդող տասը առէջքներից հինգը սաղմնային վիճակում են, իսկ Viola-ի առէջքներից երեքը գտնվում են այդպիսի վիճակում, այնպես որ միայն երկուսն են պահպանում իրենց նորմալ ֆունկցիան և այն էլ շատ փոքր չափով։ Հնդկական մի մանուշակի (անունն ինձ անհայտ է, որովհետև այդ բույսերն ինձ մոտ լիովին զարգացած ծաղիկներ երբեք չեն տվել) երեսուն փակ ծաղիկներից վեցի մեջ փոխանակ հինգ բաժակաթերթի, որ նորմալ է, զարգացել էին երեքը։ Malpighiaceae-ի մի ենթաընտանիքում, ըստ Ա. դը Ժյուսսյեի հետազոտությունների, փակ ծաղիկները ավելի ևս ձևափոխված են, որովհետև բաժակաթերթերի դիմացի հինգ առէջքները բոլորն էլ ապաճած են և զարգանում է միմիայն վեցերորդը, որը գտնվում է պսակաթերթի դիմաց (այս վերջին առէջքը այդ տեսակի սովորական ծաղիկներում չի լինում). սռնակը զարգացած չէ, և սերմնարանների թիվը երեքի փոխարեն վերածվել է երկուսի։ Եվ ահա թեև բնական ընտրությունը, անտարակույս, կարող էր խոչընդոտ լինել այդ ծաղիկներից մի քանիսի բացվելուն և պակասեցնել ծաղկափոշու ծախսումը, որովհետև նրա նախկին քանակը ավելորդ կլիներ փակ ծաղիկներում, սակայն հազիվ թե վերոհիշյալ հատուկ ձևափոխություններից որևէ մեկը ծագել է հենց այդ ձևով, այլ հավանորեն աճման օրենքների հետևանք է եղել (այդ թվում հաշվելով մասերի ֆունկցիոնալ անգործունեությունը) ծաղկափոշու քանակի աստիճանական կրճատման և ծաղիկների փակման դեպքում։
 
Աճման օրենքների ներգործության կարևորության պատշաճ գնահատումն այնքան անհրաժեշտ է, որ ես կբերեմ այլ տեսակի մի քանի լրացուցիչ օրինակներ ևս, այսինքն միևնույն մասի կամ օրգանի մեջ եղած այնպիսի տարբերությունների օրինակներ, որոնք կախված են տվյալ բույսի վրա նրանց հարաբերական դիրքի տարբերություններից։ Իսպանական շագանակենու և մի քանի փշատերև ծառերի տերևների բաժանման անկյունները, Շախտի հետազոտությունների համաձայն, միանման չեն համարյա հորիզոնական և ուղիղ կանգնած ճյուղերի վրա։ Սովորական փեգենայի և մի քանի այլ բույսերի վրա մի ծաղիկը, սովորաբար կենտրոնականը կամ գագաթնայինը, առաջինն է բացվում և ունենում է հնգական բաժակաթերթ ու պսակաթերթ և հնգաբաժան սերմնարան, մինչդեռ նույն բույսի վրա մնացած ծաղիկները քառանդամ են։ Բրիտանական Adoxa-ի գագաթնային ծաղկի բաժակը սովորաբար երկբլթականի է և մնացած օրգանները քառանդամ են, մինչդեռ շրջապատող ծաղիկների բաժակները սովորաբար եռաբլթակ են, իսկ մնացած մասերը հնգանդամ են։ Բարդածաղիկներից ու հովանոցավորներից (Compositae, Umbelliferae) շատերի, ինչպես նաև մի քանի այլ բույսերի եզրային ծաղիկների պսակներն անհամեմատ ավելի զարգացած են. քան ներքին ծաղիկներինը և այդ, ըստ երևույթին, հաճախ կապ ունի բազմացման գործարանների ատրոֆիայի հետ։ Առավել ևս հետաքրքրական է մի փաստ, որը մենք շոշափել ենք առաջ, այն է, որ եզրային սերմիկները կամ սերմերը երբեմն խիստ տարբերվում են ներքիններից իրենց ձևով, գույնով և այլ հատկանիշներով։ Carthamus-ի [սաֆլորի] և մի քանի այլ բարդածաղիկների միայն կենտրոնական սերմիկներն են ունենում փուփուլիկներ, իսկ Hyoseris-ի մոտ միևնույն գլխիկը տալիս է երեք տարբեր ձևի սերմիկներ։ Մի քանի հովանոցավորների (Umbelliferae,) արտաքին սերմերը, ըստ Տաուշի, ունենում են ուղիղ էնդոսպերմ, իսկ կենտրոնականները՝ ծռված էնդոսպերմ, մինչդեռ դը-Կանդոլն այլ տեսակների մոտ այդ հատկանիշը դիտել է որպես սիստեմատիկայի մեջ շատ մեծ կարևորություն ունեցող։ Պրոֆեսոր Բրաունը հիշատակում է Fumariaceae-ի մի սեռի մասին, որի մեջ ողկույզի ստորին մասում ծաղիկները տայիս են ձվաձև կողավոր, միասերմ կաղիններ, իսկ վերին մասում՝ նիզակաձև, երկփեղկանի և երկսերմ պատիճներ։ Այդ բոլոր դեպքերում, եթե չհաշվենք լավ զարգացած եզրային ծաղիկները, որոնք օգտակար են նրանով, որ գրավում են միջատների ուշադրությունը, բնական ընտրությունը չէր կարող, որքան ես ըմբռնում եմ, ոչ մի դեր խաղալ, կամ միայն ստորադաս դեր է խաղացել։ Այդ բոլոր ծխափոխությունները մասերի հարաբերական դիրքի և փոխադարձ ազդեցության արդյունք են, և հազիվ թե կարելի է կասկածել այն բանի վրա, որ եթե տվյալ բույսի վրա բոլոր ծաղիկները և տերևները գտնվեին միևնույն արտաքին ու ներքին պայմանների ներգործության տակ, ինչպես այդ լինում է որոշ գիրք գրավող ծաղիկների ու տերևների նկատմամբ, ապա նրանք բոլորն էլ կձևափոխվեին միանման կերպով։
 
Այլ բազմաթիվ դեպքերում մենք նկատում ենք, որ կառուցվածքում եղած ձևափոխությունները, որոնց բուսաբանները սովորաբար մեծ նշանակություն են վերադրում, վերաբերում են միայն տվյալ բույսի վրա գտնվող մի քանի ծաղիկների կամ պատահում են միևնույն պայմաններում կողք կողքի աճող զանազան բույսերի վրա։ Քանի որ այդ ձևափոխությունները, ըստ երևույթին, առանձին ոչ մի օգուտ չեն բերում բույսերին, ուստի բնական ընտրությունը չէր կարող նրանց վրա ազդեցություն գործել։ Դրանց պատճառը մեզ բոլորովին անհայտ է, մենք չենք կարող դրանք նույնիսկ վերագրել, ինչպես օրինակների նախորդ խմբում, փոխադարձ դիրքի նման մի որևէ մերձավոր գործոնի ազդեցությանը։ Կբերեմ միայն մի քանի օրինակներ։ Միևնույն բույսի վրա թե՛ տետրամեր և թե՛ պենտամեր ծաղիկների հանդիպելը այնքան սովորական դեպք է, որ ես օրինակներ ցույց տալու կարիք չունեմ, բայց քանի որ թվական վարիացիաները համեմատաբար հազվադեպ են, երբ մասերը քիչ են, ուստի ես կարող եմ հիշատակել, որ Paraver bracteatum-ի ծաղիկները, ինչպես հաղորդում է դը-Կանդոլը, ունենում են կամ երկու բաժակաթերթիկ և չորս պսակաթերթիկ (կակաչների սովորական տիպը), կամ թե երեք բաժակաթերթիկ և վեց պսակաթերթիկ։ Ծաղկաբողբոջում պսակաթերթիկների դասավորման եղանակը խմբերի մեծամասնության համար շատ կայուն մորֆոլոգիական հատկանիշ է հանդիսանում, բայց պրոֆեսոր Ազա-Գրեյը հաղորդում է, որ Mimulus սեռի մի քանի տեսակների մոտ բողբոջակազմությունը նույնքան հաճախ կառուցված է ըստ Rhinanthideae տիպի, որքան ըստ Antirrhinideae տիպի, որպիսի խմբի էլ պատկանում է հիշված սեռը։ Օգյուստ Սենտ Իլերը բերում է հետևյալ օրինակները. Zanthoxylon-ը պատկանում է Rutaceae ընտանիքի մեջ այն խմբին, որն աչքի է ընկնում իր անբաժան սերմնարանով, բայց միևնույն բույսի վրա կամ նույնիսկ միևնույն հուրանի մեջ կարելի է գտնել ինչպես մեկ, այնպես էլ երկբաժան սերմնարան ունեցող ծաղիկներ. Helianthemum սեռի մեջ սերմնատուփիկը նկարագրվել է թե որպես միաբուն և թե որպես եռաբուն, իսկ H. mutabile-ի մոտ «une lame, '''plus ou moin large''', s’etend entre le pericarpe et le placentea»<ref>«Միջնապատը, որ '''քիչ թե շատ լայն''' է, տեղավորված է պտղապատյանի և սերմնակիրի միջև։— ''Խմբ.։''</ref>։ Դոկտոր Մաստերսը Saponaria officinalis-ի ծաղիկներում տեսել է ինչպես եզրային, այնպես էլ կենտրոնական սերմնակիրի օրինակներ։ Վերջերս Սենտ-Իլերը Gomphia oleaeformis-ի տարածման հարավային սահմանի մոտ գտել է երկու ձևեր, որոնց նա սկզբում համարել է անկասկածելի երկու տեսակներ, բայց հետո տեսել է, որ նրանք աճել են մեկ արմատից, և այն ժամանակ նա ավելացնում է. «voila done dans սո même individu des boges et un style qui se rattachent tantôt à un axe vertical, et tantôt à un ginobase»<ref>«Այսպիսով, միևնույն անհատի վրա բներն ու սռնակը երբեմն ամրակցված են ուղղաձիգ առանցքի վրա, երբեմն էլ գինոբազայի (գինեցեի հիմքի) վրա։— ''Խմբ.։''</ref>։
 
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ բույսերի մորֆոլոգիական շատ փոփոխություններ կարող են կախման մեջ դրվել աճման օրենքներից, և մասերի փոխազդեցությունից՝ անկախ բնական ընտրությունից։ Բայց կանգնելով Նեգելիի ուսմունքի այն տեսակետի վրա, որ վերաբերում է կատարելագործման կամ առաջադիմական զարգացման բնածին հակումին և գործ ունենալով փոփոխությունների այդ խիստ արտահայտված օրինակների հետ, կարելի՞ է արդյոք ասել, որ բույսերին մենք գտնում ենք դեպի զարգացման բարձր աստիճանը առաջ ընթանալու մոմենտում։ Ընդհակառակը, արդեն այն փաստից, որ մեր կողմից քննարկվող մասերը միևնույն բույսի վրա խիստ կերպով տարբերվում են կամ ձևափոխվում, ես պետք է եզրակացնեմ, որ նման ձևափոխությունները, որքան էլ նրանք կարևոր լինեն մեր դասակարգումների համար, շատ չնչին կարևորություն ունեն հենց բույսերի համար։ Հազիվ թե կարելի է ասել, որ օրգանիզմը, ձեռք բերելով որևէ անօգուտ մաս, բարձրանում է բնության սանդուխքով, և իրոք, եթե մենք օգնության էլ կանչենք մի որևէ սկզբունք՝ բացատրելու համար թերզարգացած փակ ծաղիկների վերևում նկարագրված օրինակը, ապա այդ կլինի հետագնաց շարժման, այլ ոչ թե առաջընթաց շարժման սկզբունք, այդպես է նաև շատ մակաբույծ և թերզարգացած կենդանիների նկատմամբ։ Մենք չգիտենք, թե մատնանշված յուրահատուկ ձևափոխության պատճառն ինչ է, բայց եթե այդ պատճառը ներգործեր գրեթե միանման ձևով երկար ժամանակի ընթացքում, ապա հետևանքն էլ, կարելի է կարծել, կլիներ գրեթե միանման, իսկ այդ դեպքում տվյալ տեսակի բոլոր անհատները կձևափոխվեին միանգամայն միանման ձևով։
 
Նկատի առնելով այն, որ վերոհիշյալ հատկանիշները կարևոր չեն տեսակի բարեկեցության համար, նրանց մեջ դրսևորվող բոլոր թեթև վարիացիաները բնական ընտրության ազդեցության տակ չեն կուտակվի ու մեծանա։ Երբ կառուցվածքի որոշ առանձնահատկություններ, որոնք զարգացել են երկարատև ընտրության միջոցով, դադարում են օգուտ բերել տեսակին, այդ դեպքում նրանք սովորաբար դառնում են փոփոխական, ինչպես մենք այդ տեսնում ենք թերաճ օրգանների օրինակի վրա. դա բացատրվում է նրանով, որ նրանք արդեն այլևս չեն կրում ընտրության հենց նույն ուժի կանոնավորող ազդեցությունը։ Բայց երբ օրգանիզմի բնույթի և շրջապատող պայմանների ազդեցության տակ առաջացել են այդպիսի ձևափոխություններ, որոնք կարևոր չեն տեսակի բարեկեցության համար, նրանք կարող են փոխանցվել գրեթե նույն ձևով, որը և հավանորեն հաճախ է տեղի ունեցել, այլ տեսակետներից ձևափոխված բազմաթիվ հաջորդներին։ Կաթնասունների, թռչունների կամ սողունների մեծամասնության համար չէր կարող առանձնապես կարևոր լինել, թե արդյոք ծածկվա՞ծ են մազերով, փետուրներով կամ թեփուկներով, բայց և այնպես մազերը ժառանգաբար փոխանցվել են համարյա բոլոր կաթնասուններին, փետուրները՝ բոլոր թռչուններին և թեփուկները՝ բոլոր իսկական սողուններին։ Երբ կառուցվածքի առանձնահատկությունները, ինչպիսիք էլ նրանք լինեն, ընդհանուր են ազգակից շատ ձևերի համար, մենք նրանց տալիս ենք բարձր սիստեմատիկական նշանակություն և այդ պատճառով հաճախ ենթադրում ենք, թե նրանք չափազանց կարևոր կենսական նշանակություն ունեն տեսակի համար։ Ուստի ես հակված եմ կարծելու, որ մորֆոլոգիական տարբերությունները, որոնց մենք կարևորություն ենք տալիս, ինչպիսիք են, օրինակ, տերևների դասավորությունը, ծաղկի կամ սերմնարանի մասերի թիվը, սերմնաբողբոջների դիրքը և այլն, շատ դեպքերում երևացել են սկզբում որպես անկայուն վարիացիաներ, որոնք վաղ թե ուշ դարձել են հաստատուն՝ օրգանիզմ ի բնույթի և շրջապատող պայմանների շնորհիվ, ինչպես նաև առանձին անհատների փոխադարձ խաչաձևման հետևանքով, բայց ոչ թե բնական ընտրության հետևանքով։ Իրոք՝ քանի որ այդ մորֆոլոգիական հատկանիշները չեն ազդում տեսակի բարեկեցության վրա, ապա նրանց մեջ տեղի ունեցած ամեն մի թեթև շեղում չէր կարող որոշվել կամ կուտակվել այդ վերջին գործոնի օգնությամբ։ Այդպիսով, մենք գալիս ենք մի տարօրինակ եզրակացության, որ տեսակների համար կենսական ոչ մեծ նշանակություն ունեցող հատկանիշները միևնույն ժամանակ շատ մեծ կարևորություն ունեն սիստեմատիկայի համար, բայց ինչպես մենք հետո կտեսնենք, երբ կքննարկենք դասակարգման գենետիկական սկզբունքները, այդ այնքան էլ տարօրինակ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։
 
Թեև մենք ոչ մի վստահելի ապացույց չունենք, որ օրգանական աշխարհում գոյություն ունի առաջադիմական զարգացման բնածին հակում, սակայն նա, ինչպես ես աշխատել եմ ցույց տալ չորրորդ գլխում, բնական ընտրության անընդմիջվող ներգործության անհրաժեշտ հետևանքն է։ Եվ իրոք՝ կազմվածքի բարձրության ամենալավ որոշումը, որ մինչև հիմա տրվել է, մասերի մասնագիտացման կամ դիֆերենցման աստիճանն է, իսկ բնական ընտրությունը հենց այդ նպատակին է հանգեցնում այն պատճառով, որ այդ դեպքում առանձին մասերը հնարավորություն են ստանում ավելի մեծ հաջողությամբ կատարելու իրենց ֆունկցիաները։
 
 
Հայտնի կենդանաբան միստեր Ստ. Գեորգ Մայվարտը վերջերս ամփոփել է այն բոլոր առարկությունները, որ երբևիցե ես և ուրիշները արել ենք այն ձևի բնական ընտրության դեմ, ինչ ձևով որ այն արտահայտել ենք միստեր Ուոլլեսը և ես, և հիանալի հմտությամբ ու համոզարարությամբ պաշտպանել է իր շարադրանքը օրինակներով։ Այդ ձևով կառուցված լինելով, նրանք ուժեղ տպավորություն են թողնում, իսկ որովհետև միստեր Մայվարտը բոլորովին մտադրություն չունի իր եզրակացություններին հակառակ փաստեր ու կշռադատումներ բերելու, ուստի ընթերցողը, որը կցանկանար այդ հարցին երկու կողմից նայել, նվազագույն հնարավորություն էլ չունի այդ անելու։ Քննարկելով առանձին դեպքեր, միստեր Մայվարտը կանգ չի առնում օրգանների աստիճանաբար ավելացող գործածության և անգործածության հետևանքների վրա, որը ես համարել եմ վերին աստիճանի կարևոր հանգամանք և որը ես պարզաբանել եմ «Կենդանիների և բույսերի փոփոխությունն ընտանեցման ազդեցության տակ» աշխատությանս մեջ ավելի լրիվ կերպով, քան այդ արել է, որքան ես գիտեմ, որևէ մեկ ուրիշը։ Նմանապես էլ նա հաճախ հավատացնում է, թե ես փոփոխականությանը նշանակություն չեմ տալիս բնական ընտրությունից անկախ, մինչդեռ հենց նոր հիշատակածս աշխատության մեջ ես այդ ուղղությամբ հավաքել եմ ավելի մեծ քանակությամբ հաստատուն կերպով ապացուցված տվյալներ, քան դրանք կարելի է գտնել որևէ այլ ինձ հայտնի աշխատության մեջ։ Իմ կարծիքը կարող է վստահության արժանի չլինել, բայց ուշադիր կերպով ընթերցելով միստեր Մայվարտի գիրքը և համեմատելով նրա յուրաքանչյուր բաժինը այդ նույն խնդրի մասին իմ ասածի հետ, ես երբեք ինձ այնպես խորապես համոզված չեմ զգացել այն եզրակացությունների ընդհանուր ճշմարտության մեջ, որոնց ես հանգել եմ այստեղ, թեև բնականաբար, այդպիսի խրթին հարցում ես կարող էի առանձին դեպքերում ընկնել նույնիսկ ոչ աննշան սխալի մեջ։
 
Միստեր Մայվարտի բոլոր առարկությունները կամ քննարկված են, կամ քննարկվելու են այս հատորում։ Միակ նոր կետը, որը կարծես շփոթեցրել է մի քանի ընթերցողների, այն է, «որ բնական ընտրությունը չի կարող բացատրել կառուցվածքի օգտակար առանձնահատկությունների սկզբնական ստադիաները»։
 
Այդ հարցը սերտորեն կապված է առանձնահատկությունների աստիճանական ուժեղացման հարցի հետ, որին հաճախ ուղեկցում է օրգանի աշխատանքի փոփոխությունը, օրինակ՝ լողափամփուշտի փոխարկվելը թեքերի, որն արդեն քննարկվել է նախորդ գլխի երկու բաժիններում։ Այնուամենայնիվ ես այստեղ քիչ թե շատ մանրամասնորեն կքննարկեմ Մայվարտի բերած օրինակներից մի քանիսը, ընտրելով նրանցից ամենից ավելի բնորոշները, որովհետև տեղի սղությունը ինձ թույլ չի տալիս բոլորը քննարկելու։
 
Ընձուղտն իր բարձր հասակով, շատ երկար վզով, առջևի ոտներով, գլխով և լեզվով հիանալի կերպով հարմարված է ծառերի վերին ճյուղերից տերևներ պոկելու համար։ Դրա շնորհիվ նա կարողանում է իրեն կեր հայթայթել միևնույն երկրում ապրող այլ սմբակավոր կենդանիների, այսպես ասած, բնագավառի սահմաններից դուրս, և այդ կարող է նրան մեծ առավելություն տալ երաշտների ժամանակաշրջաններում։ Հարավ-ամերիկական եղջերավոր անասուն նյատայի վրա իր հերթին կարելի է տեսնել, որ կառուցվածքի նույնիսկ փոքրիկ առանձնահատկությունները այդպիսի չոր ժամանակաշրջաններում կենդանիների պահպանման տեսակետից մեծ տարբերության պատճառ են հանդիսանում։ Այդ անասունը ուրիշների նման կարող է կերակրվել խոտով, բայց ստորին ծնոտի դուրս ցցվածքի պատճառով չի կարողանում հաճախակի կրկնվող անանձրև ժամանակաշրջաններում կերակրվել ծառերի ճյուղերով, եղեգով և այլն, որոնցով կերակրվելուն են անցնում սովորական եղջերավոր անասունները և ձիերը, դրա հետևանքով այդպիսի ժամանակաշրջաններում նյատաները ոչնչանում են, եթե տերերը չեն կերակրում նրանց։ Նախքան միստեր Մայվարտի առարկություններին անցնելը՝ օգտակար է մի անգամ ևս բացատրել, թե բնական ընտրությունը ինչ ձևով է իր ազդեցությունը թողնում սովորական դեպքերում։ Մարդը փոփոխել է մի քանի կենդանիների, ձեռք չտալով նրանց կառուցվածքի այս կամ այն առանձնահատկություններին, այլ պարզապես պահպանելով ու բազմացնելով, կամ ամենաարագավազ անհատների, ինչպես, օրինակ, արշավաձին ու բարակ շունը ստեղծելիս, կամ բազմացնելով հաղթող թռչուններին՝ կռվան աքլորներ ստեղծելիս։ Ճիշտ այդպես էլ բնական պայմաններում նոր ծնունդ առնող ընձուղտի դեպքում ամենաբարձրահասակ անհատները, որոնք մեկ կամ երկու դյույմով ավելի բարձր էին մյուսներից, հաճախ կկարողանային պահպանվեք .երաշտների ժամանակաշրջանում, կեր որոնելու համար թափառելով ամբողջ երկրում։ Որ մի տեսակի անհատները հաճախ քիչ տարբերվում են մեկը մյուսից մարմնամասերի հարաբերական երկարությամբ, կարելի է գտնել բնապատմական շատ աշխատություններում, որտեղ բերված են մանրազնին կերպով կատարված չափումներ։ Չափերի այդ աննշան տարբերությունը, որը պայմանավորված է աճման և փոփոխականության օրենքներով, տեսակների մեծամասնության համար նշանակություն չունի։ Բայց այլ բան էր նոր ծնունդ առնող ընձուղտի նկատմամբ, եթե ուշադրության առնենք նրա հավանական կենսակերպը, որովհետև այն անհատները, որոնց որևէ կամ մի քանի զանազան մարմնամասերը ավելի երկար էին, քան սովորականները, ընդհանրապես պետք է գերապրեին։ Խաչաձևվելիս նրանք պետք է թողնեին կամ կառուցվածքի նույն առանձնահատկություններով օժտված կամ միևնույն ուղղությամբ փոփոխվելու հակում ունեցող կենդանիներ, մինչդեռ այդ տեսակետից ավելի քիչ նպաստավոր կերպով կազմակերպված անհատները պետք է ամենից ավելի ենթարկվեին ոչնչացման։
 
Այստեղից մենք տեսնում ենք, որ ոչ մի անհրաժեշտություն չկա ընտրելու առանձին զույգեր, ինչպես այդ անում է մարդը սիստեմատիկ ձևով ցեղեր ստեղծելու ժամանակ, բնական ընտրությունը և՛ պահպանում է, և՛ դրանով իսկ շոկում է բոլոր ավելի բարձր անհատներին, տալով նրանց լիակատար հնարավորություն խաչաձևվելու, և նպաստում է բոլոր ավելի ցածր անհատների ոչնչացմանը։ Եթե այդ պրոցեսը, որը բոլորովին համապատասխանում է նրան, որ ես անվանել եմ մարդու կողմից կատարվող անգիտակցական ընտրություն, երկար է տևում, որին անկասկած շատ էական կերպով ուղեկցում է որոշ օրգանների գործածության աստիճանական ավելացման ժառանգական փոխանցումը, ապա ինձ վերին աստիճանի հավանական է թվում, որ սովորական սմբակավոր կենդանին կարող է այդպիսով դառնալ ընձուղտ։
 
Դրա դեմ մ-ր Մայվարտը բերում է երկու առարկություն։ Մեկն այն է, որ կենդանու չափերի աճող մեծությունը հավանականորեն պետք է առաջ բերի նրա սպառած սննդի քանակության ավելացում, և նա համարում է «չափազանց կասկածելի, թե արդյոք սննդի պակասության ժամանակաշրջաններում դրանից բխող անբարենպաստ պայմաններն ավելի կարևոր են, քան նրանց հակառակ բարենպաստ պայմանների ազդեցությունը»։ Բայց քանի որ ընձուղտները իրականում մեծ թվով գոյություն ունեն հարավային Աֆրիկայում և քանի որ հենց այստեղ բազմաթիվ են աշխարհիս ամենախոշոր, ցուլից ավելի մեծ անտիլոպներից մի քանիսը, հապա էլ ինչո՞ւ մենք պետք է կասկածենք, որ այստեղ առաջներում, որքանով այդ վերաբերում է մեծությանը, գոյություն են ունեցել անցողիկ ձևեր, որոնք նույնպես, ինչպես որ այժմ, ենթարկվել են դաժան երաշտներին։ Իհարկե, նոր ծնունդ առնող կենդանու ընձուղտի համար կարող էր որոշ առավելություն ներկայացնել այն ընդունակությունը, որի շնորհիվ մեծացող հասակի յուրաքանչյուր ստադիայում կենդանին հայթայթում էր այն կերը, որը երկրի մյուս չորքոտանի սմբակավոր կենդանիների համար անմատչելի էր մնում։ Մենք չպետք է մոռանանք նաև այն, որ հասակի ավելացումը պաշտպանություն էր համարյա բոլոր գիշատիչ գազաններից, բացի առյուծից, իսկ նրա նկատմամբ երկար վիզը,— իսկ որքան ավելի երկար է, այնքան ավելի լավ,— կարող էր ծառայել, ըստ միստեր Չոնսեյ Ռայտի դիտողության, ինչպես հսկողական աշտարակ։ Այդ պատճառով, ինչպես ասում է սըր Ս. Բեկերը, ընձուղտին ավելի դժվար է գաղտագողի մոտենալ, քան մի որևէ այլ կենդանու։ Նա իր երկար վիզը գործածում է նաև հարձակման ու պաշտպանության համար, ուժեղ կերպով շարժելով գլուխը, որը զինված է կոճղանման եղջյուրներով։ Յուրաքանչյուր տեսակի պահպանումը հազվագյուտ դեպքում է որոշվում միայն մի որևէ առավելությամբ, իսկ սովորաբար բոլոր՝ թե՛ խոշոր և թե՛ մանր առավելությունների ամբողջությամբ։
 
Մ-ր Մայվարտը հարցնում է (և դրանումն է նրա երկրորդ առարկությունը), արդյոք իսկապե՞ս այդքան մեծ է բնական ընտրության ազդեցությունը, և եթե բարձր նստած տերևները պոկելու ընդունակությանը այդքան մեծ առավելություններ է տալիս, ապա ինչո՞ւ մյուս չորքոտանիները, բացի ընձուղտից և քիչ չափով էլ ուղտից, գուանակոյից և լամայից, չեն ձեռք բերել երկար վիզ ու բարձր հասակ։ Կամ թե չէ՝ ինչո՞ւ այդ խմբի կենդանիներից ոչ մեկը չի ձեռք բերել երկար կնճիթ։ Հարավային Աֆրիկայի վերաբերմամբ, որտեղ առաջ ընձուղտի բազմաթիվ հոտեր էին ապրում, պատասխանը դժվար չէ և ամենից ավելի լավ կարող է տրվել համապատասխան օրինակով։ Անգլիայի ամեն մի արոտավայրում, որտեղ միայն աճում են ծառեր, նրանց ստորին ճյուղերը կարծես քշտված կամ խուզված են մինչև մի որոշ մակարդակի վրա, որովհետև նրանց կրծում են ձիերը և եղջերավոր անասունները։ Այստեղ ի՞նչ առավելություն կարող էր ունենալ, օրինակ, քիչ ավելի երկար վիզ ունեցող ոչխարը։ Յուրաքանչյուր շրջանում կենդանիների որևէ ցեղ գրեթե ապահովաբար կարող է մյուսներից ավելի բարձր սաղարթը պոկել, և գրեթե նույն չափով էլ հավանական է, որ միայն այդ ցեղն էլ կարող էր ունենալ ավելի երկար վիզ՝ շնորհիվ բնական ընտրության ազդեցության և օրգանի շարունակ ավելացող գործածության։ Հարավային Աֆրիկայում ակացիայի և այլ ծառերի բարձր ճյուղերից տերևներ պոկելու գործում մրցում կարող է տեղի ունենալ միայն ընձուղտների միջև, այլ ոչ թե ընձուղտների և այլ սմբակավորների միջև։
 
Թե ինչու աշխարհի այլ երկրներում ապրող զանազան կենդանիները ձեռք չեն բերել ոչ երկար վիզ, ոչ էլ կնճիթ, չի կարելի վստահությամբ ասել, բայց այդ հարցին պատասխան սպասելը, նույնքան անհիմն է, որքան որ այն հարցին պատասխան սպասելը, թե ինչու մարդկության պատմության մեջ որևէ իրադարձություն տեղի է ունեցել մի երկրում և չի պատահել մի այլ երկրում։ Մենք չգիտենք այն պայմանները, որոնք որոշում են յուրաքանչյուր տեսակի թիվը և տեղը, և չենք կարող նույնիսկ ենթադրել, թե կառուցվածքում ինչպիսի փոփոխություններ կարող են բարենպաստ լինել նոր երկրում՝ տեսակի բազմացման համար։ Սակայն ընդհանրապես կարելի է կարծել, որ երկար վզի ու կնճիթի զարգացման հետ առնչություն ունեն զանազան պատճառներ։ Ծառի բարձր գագաթից տերևներ վերցնելու ընդունակությունը (առանց մագլցելու, որին բոլորովին հարմարված չեն սմբակավոր կենդանիները) ենթադրում է մարմնի զգալի չափով ավելացած մեծություն, իսկ մենք գիտենք, որ որոշ երկրներ զարմանալիորեն քիչ ունեն խոշոր կաթնասուններ, օրինակ Հարավային Ամերիկան, չնայած իր բնության շքեղությանը, ընդհակառակը, հարավային Աֆրիկան դրանցով չափից դուրս առատ է։ Թե ինչու է այդպես, մենք չգիտենք, ինչպես նաև չգիտենք այն, թե ինչու ուշ երրորդային ժամանակաշրջանը անհամեմատ ավելի բարենպաստ է եղել նրանց գոյության համար, քան այժմյան ժամանակը։ Ինչպիսին էլ ուզում է լինեն այդ պատճառները, բայց մենք տեսնում ենք, որոշ մարզեր և որոշ ժամանակաշրջաններ մյուսներից անհամեմատ ավելի բարենպաստ են այնպիսի խոշոր չորքոտանիների զարգացման համար, ինչպիսին է ընձուղտը։
 
Այն հանգամանքը, որ կենդանու կառուցվածքի որևէ առանձնահատկություն կարող է մի ուղղությամբ շատ մեծ զարգացման հասնել, համարյա անխզելիորեն կապված է այն բանի հետ, որ զանազան մյուս մասերը նույնպես պիտի փոփոխվեն և դրվեն առաջինին համապատասխան դրության մեջ։ Թեև մարմնի յուրաքանչյուր մասը փոփոխվում է աստիճանաբար, սակայն սրանից չի հետևում, որ անհրաժեշտ մասերը միշտ կփոփոխվեն հարկավոր ուղղությամբ և մինչև հարկ եղած աստիճանի։ Մեր ընտանի կենդանիների զանազան տեսակների վերաբերմամբ մենք գիտենք, որ նրանց մարմնի մասերը փոփոխվում են զանազան ուղղությամբ և զանազան չափերով և որ որոշ տեսակներ անհամեմատ ավելի շատ հակում ունեն փոփոխվելու, քան մյուսները։ Նույնիսկ այն դեպքում, եթե առաջանում են օգտակար շեղումներ, ապա դրանից չի հետևում, որ բնական ընտրությունը միշտ կարող է ազդեցություն գործել նրանց վրա և առաջացնել կառուցվածքի այնպիսի առանձնահատկություն, որը բարենպաստ կլիներ տեսակի համար։ Այսպես, օրինակ, եթե որևէ երկրում ապրող անհատների թիվը մեծ չափով կախված է գիշատիչ կենդանիներից, արտաքին կամ ներքին մակաբույծներից և այլն, որոնք ոչնչացնում են նրանց, որ ըստ երևույթին, իրոք հաճախ է լինում, այդպիսի դեպքում բնական ընտրությունը կարող է կամ միայն թույլ ազդեցություն գործել, կամ թե նրա ազդեցությունը կեր հայթայթման համար ծառայող որևէ մասի փոփոխության վրա խիստ կասեցվում է։ Վերջապես, բնական ընտրության պրոցեսը շատ դանդաղ է, և միևնույն բարենպաստ պայմանները պետք է շատ երկար շարունակվեն, որպեսզի նրա ազդեցությունը դրսևորվի նկատելի կերպով։ Բացառելով այդպիսի ամենաընդհանուր ձևի բացատրությունները, մենք չենք կարող գտնել մեկ ուրիշը, որը կպատասխաներ այն հարցին, թե ինչու մի քանի երկրներում սմբակավոր չորքոտանիները ձեռք չեն բերել շատ երկար վիզ կամ այլ առանձնահատկություններ, որոնք օգնում են տերևներ պոկելու ծառերի բարձր ճյուղերից։
 
Նախորդին նման առարկություններ արել են շատ հեղինակներ։ Բացի հենց նոր նշված ընդհանուր պատճառներից, յուրաքանչյուր դեպքում ամենայն հավանականությամբ նաև զանազան այլ պատճառներ համատեղ մասնակցել են բնական ընտրության միջոցով կառուցվածքի առանձնահատկություններ ձեռք բերելուն, որոնք, կարելի է կարծել, բարենպաստ են եղել որոշ տեսակների համար։ Մի հեղինակ հարցնում է, թե ինչո՞ւ ջայլամը ձեռք չի բերել թռչելու ընդունակություն։ Բայց րոպեական խորհրդածումը բավական է, որպեսզի հասկանանք, թե սննդի ինչպիսի հսկայական քանակություն անհրաժեշտ կլիներ, որ անապատի այդ թռչունին ուժ տար իր ծանր մարմինը օդում տեղափոխելու համար։ Օվկիանոսային կղզիների վրա ապրում են չղջիկներ և փոկեր, բայց ոչ ցամաքային կաթնասուններ, իսկ քանի որ այդ չղջիկներից մի քանիսը ներկայացնում են առանձին տեսակներ, ապա նրանք պետք է երկար ժամանակի ընթացքում գրաված լինեին իրենց այժմյան մարզերը։ Այդ պատճառով սըր Չ. Լայելը հարց է տալիս և սպասում է ստանալ նրա որոշ չափով հիմնավոր պատասխանը, թե ինչո՞ւ փոկերը և չղջիկները այդ կղզիների վրա չեն տվել ցամաքային կյանքի համար պիտանի հաջորդներ։ Բայց փոկերն անխուսափելիորեն պետք է սկզբում դառնային զգալի մեծության ցամաքային գիշատիչ կենդանիներ, իսկ չղջիկները՝ վերերկրյա միջատակեր կենդանիներ. առաջինների համար որս չպիտի գտնվեր, իսկ չղջիկներին կերակուր պիտի դառնային վերերկրյա միջատները, բայց վերջիններս արդեն հանդիսանում են գերադասելի որս սողունների և թռչունների համար, որոնք առաջիններն են բնակվում և առատությամբ լինում օվկիանոսային կղզիների մեծամասնության վրա։ Կառուցվածքի մեջ տեղի ունեցող հաջորդական փոփոխությունները յուրաքանչյուր ստադիայում փոփոխվող տեսակի համար օգտակար կարող են լինել միայն որոշ պայմաններում։ Բուն վերերկրյա կենդանին պատահականորեն կեր ճարելով ծանծաղ ջրում, հետո գետերում ու լճերում վերջ ի վերջո կարող էր այնքան փոխարկվել ջրային կենդանու, որ կապրեր բաց օվկիանոսում։ Սակայն փոկերը օվկիանոսային կղզիների վրա չէին կարող գտնել նպաստավոր պայմաններ աստիճանաբար վերերկրյա ձևի փոխարկվելու համար։ Իսկ չղջիկները, ինչպես արդեն ասվել է, թևեր ձեռք են բերել հավանորեն սկզբում ճյուղից ճյուղ օդում ճախրելով, այսպես կոչված թռչող սկյուռների նման, թե՛ թշնամիներից ազատվելու և թե՛ վայր չընկնելու համար. բայց երբ արդեն ձեռք էր բերվել թռչելու ընդունակությունը, նա այլևս չէր փոխարկվի ճյուղից ճյուղ Ճախրելու ընդունակության, որը, համենայն դեպս, վերոհիշյալ նպատակների համար ավելի քիչ օգտակար է։ Իհարկե, չղջիկների թևերը թռչունների թևերի նման կարող էին կամ զգալիորեն կրճատվել, կամ անգործածությունից բոլորովին կորցվել, բայց այդ դեպքում անհրաժեշտ կլիներ, որ այդ կենդանիները նախ և առաջ ձեռք բերեին գետնի վրա արագ վազելու ընդունակություն բացառապես ետևի ոտների օգնությամբ, որպեսզի կարողանային մրցել վերերկրյա թռչունների և այլ կենդանիների հետ. իսկ այդպիսի փոփոխության համար չղջիկը զարմանալիորեն քիչ պիտանի է։ Այդ ենթադրություններն արված են բացառապես նրա համար, որպեսզի ցույց տրվի, որ կառուցվածքի անցումային առանձնահատկությունները, որ բարենպաստ են յուրաքանչյուր ստադիայում, շատ բարդ բնույթ ունեն, և որ զարմանալի ոչինչ չկա, եթե որևէ անցողիկ ձև չի հանդիպում այս կամ այն դեպքում։
 
Վերջապես, շատ հեղինակներ դրել են այս հարցը, թե ինչո՞ւ որոշ կենդանիների մտավոր ընդունակություններն ավելի են զարգացած, քան մյուսներինը, մինչդեռ այդպիսի զարգացումը պետք է օգտակար լիներ բոլորի համար։ Ինչո՞ւ կապիկները ձեռք չեն բերել մարդու մտածողության ուժը։ Այդ կարելի է վերագրել զանազան պատճառների, բայց որովհետև նրանք բոլորը վերածվում են կռահումների և նրանց հարաբերական հավանականությունը չի կարելի գնահատել, ուստի անօգուտ է դրա վրա կանգ առնել։ Վերջին հարցին խիստ որոշակի պատասխան սպասել չի կարելի, որովհետև ոչ ոք չի կարող լուծել նույնիսկ մի ավելի պարզ հարց, թե ինչո՞ւ վայրենիների երկու ցեղերից մեկը հասել է քաղաքակրթության ավելի բարձր աստիճանի, քան մյուսը, իսկ դա հավանորեն ենթադրում է ուղեղային գործունեության մեծացում։
 
Այժմ դառնանք միստեր Մայվարտի մյուս առարկություններին։ Միջատները հաճախ, որպես պաշտպանողական առանձնահատկություններ, ձեռք են բերում նմանություն զանազան առարկաների հետ, օրինակ, կանաչ կամ թափված տերևների, չոր ճյուղերի, քարաքոսերի կտորների, ծաղիկների, փշերի, թռչունների աղբի և այլ խմբերի պատկանող կենդանի միջատների հետ. այս վերջին նմանությանը ես հետագայում դեռ կվերադառնամ։ Այդ նմանությունը հաճախ զարմանալիորեն մոտ է լինում և, չսահմանափակվելով գույնով, տարածվում ձևի և նույնիսկ շարժուձևի վրա։ Թրթուրները, որոնք չոր ճյուղի նման անշարժ կերպով կախվում են թփուտից, որի վրա կերակրվում են, այդպիսի նմանության հիանալի օրինակ են ծառայում։ Այնպիսի առարկաների, ինչպես թռչունների աղբն է, նմանվելու դեպքերը հազվագյուտ են և բացառիկ։ Այդ առթիվ մ-ր Մայվարտը նկատում է հետևյալը. «Քանի որ Դարվինի տեսության համաձայն գոյություն ունի անսահման փոփոխելիության մշտական ձգտում և քանի որ նոր սկզբնավորվող փոքրագույն փոփոխությունները տեղի են ունենում '''բոլոր ուղղություններով''', ուստի նրանք պետք է ձգտեն չեզոքացնել մեկը մյուսին և հենց սկզբից առաջացնել այնպիսի անկայուն փոփոխություններ, որ դժվար է ու նույնիսկ անհնարին է ըմբռնել, թե ինչպես անսահմանորեն փոքրիկ սկզբնավորությունների անսահման տատանումները երբևիցե կհանգեն տերևի, եղեգի կամ այլ առարկայի հետ նմանության և այնքան բավարար չափով արտահայտված, որ բնական ընտրությունը կարողանա դրանք իրեն ենթարկել ու ավելի ևս զարգացնել»։
 
Բայց բոլոր նախորդ դեպքերում միջատներն արդեն իրենց նախասկզբնական վիճակում, անկասկած, ներկայացրել են ընդհանուր պատահական նմանություն իրենց շրջապատող իրադրության մեջ գտնվող որևէ սովորական առարկայի հետ։ Դա բոլորովին չի կարելի անհավանական համարել, ուշադրության առնելով շրջապատող առարկաների գրեթե անսահման քանակությունը և գոյություն ունեցող միջատների ձևի ու գույնի տարբերությունը։ Քանի որ ընդհանուր նմանությունը անհրաժեշտ է սկզբնավորման համար, ապա մեզ հասկանալի է դառնում, թե ինչու խոշոր և բարձրակարգ կազմվածքով կենդանիները (որքան ես գիտեմ, բացառությամբ մեկ ձկան) պաշտպանողական նպատակով չեն նմանվում որոշակի առարկաների, այլ միայն նմանվում են իրենց շրջապատող սովորական մակերևույթին, և այն էլ միայն գույնով։ Եթե ընդունենք, որ միջատներից մեկին պատահաբար վիճակվել է որոշ նմանություն ունենալ չոր ճյուղի կամ թափած տերևի հետ, և որ այդ միջատը փոփոխվում է զանազան ուղղություններով, այդ դեպքում անշուշտ բոլոր այն փոփոխությունները, որոնք նրան ամենից ավելի են նմանեցնում այդ առարկային և նպաստում են նրա թաքնվելուն, կպահպանվեն, մինչդեռ մյուս փոփոխությունները կթուլանան և, վերջապես իսպառ կանհետանան։ Իսկ եթե այդ փոփոխությունները միջատին դարձնում են նմանվելիք առարկային ընդհանրապես ավելի քիչ նմանվող, այդ դեպքում նրանք ևս կանհետանան։ Սակայն մ-ր Մայվարտի առարկությունը ուժ կունենար, եթե մեզ հաջողվեր վերոհիշյալ նմանությունը բացատրել առանց բնական ընտրության օգնության, պարզապես անորոշ փոփոխականության միջոցով, իսկ իրերի ներկա դրությամբ այն նշանակություն չունի։
 
Ես չեմ կարող նշանակություն տալ այն դժվարությանը, որին հանդիպում է մ-ր Մայվարտը «միմիկրիայի կատարելության վերջին աստիճաններում», ինչպես, օրինակ, մ-ր Ուոլլեսի բերած դեպքը ձողիկանման միջատ Ceroxylus laceraetus-ի հետ, որը նման է «սողացող մամուռով կամ jungermannia-ով պատված ձողիկի»։ Այդ նմանությունը այնքան մեծ է, որ մի բնիկ Դայակ պնդում էր, որ տերևանման մակաճումները իրոք ներկայացնում են մամուռներ։ Միջատները որպես կեր են ծառայում թռչունների և այլ թշնամիների համար, որոնց տեսողությունն անշուշտ ավելի սուր է մերինից, և նմանության ամեն մի աստիճան, որ օգնում է միջատին աննկատելի մնալու կամ չհայտնաբերվելու, նպաստում է նրա պահպանմանը, իսկ որքան նմանությունը ավելի լրիվ է, այնքան ավելի լավ է միջատի համար։ Ուսումնասիրելով տեսակային տարբերությունների բնույթը այդ խմբում, որին պատկանում է վերոհիշյալ Ceroxylus-ը մենք անհավանական ոչինչ չենք գտնում այն բանում, որ այդ միջատը փոփոխվել է իր մակերեսի անկանոնությունների կողմից, որոնք ձեռք են բերել շատ թե քիչ կանաչ գույն, որովհետև ամեն մի խմբում այն հատկանիշները, որոնք տարբեր են զանազան տեսակների մեջ, ամենից ավելի հակված են փոփոխվելու, մինչդեռ սեռայինները, այսինքն՝ բոլոր տեսակների համար ընդհանուր հատկանիշները, ամենից ավելի կայուն են։
 
Գրենլանդական կետը աշխարհի ամենազարմանալի կենդանիներից մեկն է և այսպես կոչված կետոսկրը ներկայացնում է նրա ամենից ավելի աչքի ընկնող առանձնահատկություններից մեկը։ Կետոսկրը կազմված է մի շարք եղջերաթիթեղներից, որոնք, գտնվելով վերին ծնոտի յուրաքանչյուր կողմում 300-ական հատ, դասավորված են բերանի խոռոչի երկայնական առանցքին հակառակ ուղղությամբ։ Գլխավոր շարքի շուրջը գտնվում են մի քանի լրացուցիչ շարքեր։ Եղջերաթիթեղների ծայրերը և ներսի եզրերը ճղված ու վերածված են ամուր խոզանների, որոնք պատում են ամբողջ ահռելի քիմքը և ծառայում են ջուր դուրս ծորելու կամ քամելու համար և պահելու համար մանր որսը, որով սնվում է հսկա կենդանին։ Գրենլանդական կետի միջին և ամենաերկար եղջերաթիթեղը հասնում է 10, 12 և նույնիսկ 15 ոտնաչափ երկարության, բայց կետերի տարբեր տեսակների մոտ այդ երկարությունը ներկայացնում է հաջորդական փոփոխություններ։ Ըստ Սկորեսբիի՝ մի տեսակի միջին եղջերաթիթեղը հասնում է չորս ոտնաչափի, մյուսինը՝ երեքի, երրորդինը՝ տասնևութ դյույմի, Balaenoptera rostrata մոտ՝ միայն մոտավորապես ինը դյույմի։ Կետոսկրի որակը նույնպես փոփոխվում է զանազան տեսակների մոտ։
 
Կետոսկրի մասին մ-ր Մայվարտը նկատում է, որ «մի անգամ հասնելով այնպիսի մեծության և այնպիսի զարգացման, որով կետոսկրը դարձել է ընդհանրապես օգտակար, նա կարող է արդեն և՛ պահպանվել, և՛ զարգանալ հարկավոր չափերով միայն բնական ընտրության ազդեցության տակ։ Բայց ինչպե՞ս ստանալ այդպիսի օգտակար գոյացման սկզբնավորումը։ Ի պատասխան դրան կարելի է հարցնել, ինչո՞ւ կետերի հեռավոր նախնիները կետոսկրի հետ միասին չպետք է ունենային այնպիսի բերան, որն իր կառուցվածքով մի քիչ նման է բադի ատամնավոր կտուցին։ Բադերը կետերի նման կերակրվում են ցեխը և ջուրը քամելով, և այդ ընտանիքը երբեմն անվանել են Criblatores կամ քամողներ։ Հույսով եմ, որ ինձ սխալ կերպով չեն մեկնաբանի, իբրև թե ես ասում եմ, որ կետերի նախնիները ունեցել են եղջերաթիթեղներով օժտված բերան, որը նմանվել է բադի կտուցին։ Ես ուզում եմ միայն ասել, որ այդ անհավանական չպետք է համարել, և որ գրենլանդական կետի հսկայական եղջերաթիթեղները կարող էին աստիճանաբար զարգանալ այնպիսի թիթեղներից, որոնք զարգացման յուրաքանչյուր ստադիայում օգտակար են եղել իրենց տիրոջ համար։
 
Լայնակտուց բադի (Spatula clypeata) կտուցն իր կառուցվածքով թե՛ ավելի զարմանալի և թե՛ ավելի բարդ է, քան կետի բերանը։ Վերին ծնոտը յուրաքանչյուր կողմից օժտված է (իմ հետազոտած նմուշահատի վրա) մի շարք 188 բարակ, էլաստիկ թիթեղիկներով, որոնք շեղակի կտրված են այնպես, որ սրածայր են և զետեղված են բերանի երկայնական առանցքին լայնակի ուղղությամբ։ Նրանք դուրս են գալիս քիմքից և ճկուն թաղանթով ամրակցված են ծնոտի կողքերին։ Մեջտեղում գտնվող ամենաերկարները հասնում են մոտավորապես մի երրորդական դյույմ երկարության՝ եզրից ցածր կարկառելով 0,14 դյույմ<ref>Մոտավորապես մի երրորդական դյույմ — 8—9 մմ. 0,14 դյույմը — 3,3 մմ։— ''Խմբ.։''</ref>։
 
Նրանց հիմքի մոտ գտնվում է շեղալայնական թիթեղներից կազմված լրացուցիչ կարճ շարք։ Այսպիսով, նրանք զանազան տեսակետներից հիշեցնում են կետի բերանում եղած եղջերաթիթեղները, բայց կտուցի ծայրում շատ խիստ տարբերվում են, որովհետև ուղղված են դեպի ներս, այլ ոչ թե կախված են դեպի ցած։ Լայնակտուցի ամբողջ գլուխը, թեև անհամեմատ ավելի քիչ խոշոր է, կազմում է միջին մեծության գաճաճ շերտավորի<ref>Գաճաճ շերտավորը ավելի փոքր է մյուս կետերից, նրա երկարությունը 10 մետրից փոքր է։— ''Խմբ.։''</ref> Balaenoptera rostrata-ի գլխի երկարության մոտավորապես մեկ տասնևութերորդականը, որի կետոսկրն ունի միայն ինը դյույմ երկարություն, հետևաբար, եթե մենք լայնակտուցի գլուխը պատկերացնենք կետի գլխի երկարության հավասար, այդ դեպքում նրա թիթեղիկները կունենային վեց դյույմ երկարություն, այսինքն կկազմեին կետի տվյալ տեսակի ունեցած կետոսկրի երկու երրորդականը։ Ստորին ծնոտը օժտված է նույն երկարության թիթեղիկներով, ինչ որ վերինը, բայց ավելի բարակ են և այդ տեսակետից խիստ տարբերվում են կետի ստորին ծնոտից, որը զուրկ է եղջերաթիթեղներից։ Մյուս կողմից, այդ ստորին թիթեղիկների եզրերը ճեղքված են բարակ խոզանակաձև ելուստների, որով նրանք զարմանալիորեն նմանվում են կետոսկրին։ Մրրկահավերի մի առանձին ընտանիքի պատկանող Prion սեռի միայն վերին ծնոտն ունի թիթեղիկներ, որոնք լավ զարգացած են և իջնում են եզրից ցած, որի պատճառով այդ թռչունի կտուցը մատնանշված տեսակետից նմանվում է կետի բերանին։
 
Լայնակտուցի բարձր զարգացած կառուցվածք ունեցող կտուցից մենք կարող ենք (ինչպես ես այդ գիտեմ այն հաղորդումից ու նմուշներից, որ ինձ ուղարկել է մ-ր Սալվինը), առանց մեծ ընդհատման, որքանով այդ վերաբերում է քամելու համար կտուցի պիտանիությանը, անցնել Merganetta armata-ի կտուցով և որոշ տեսակետներից Aix sponsa-ի կտուցով դեպի սովորական բադի կտուցը։ Վերջին տեսակի մոտ թիթեղիկներն անհամեմատ ավելի կարճ են, քան լայնակտուցինը, և ամուր կերպով առաճել են ծնոտի կողքերին, յուրաքանչյուր կողմից նրանք ընդամենը մոտավորապես հիսունական են և ծնոտի եզրից ցած չեն իջնում։ Իսկ այդ թիթեղիկների քառակուսի գագաթները եզրին վերածվում են թափանցիկ ամուր հյուսվածքի, որը պիտանի է սնունդը մանրացնելու համար։ Ստորին ծնոտի եզրերը ծածկված են բազմաթիվ բարակ լայնակի կողերով, որոնք շատ քիչ են դուրս ցցվում։ Թեև այդպիսի կառուցվածքով կտուցը որպես մաղ անհամեմատ ավելի ցածր է կանգնած, քան լայնակտուցի կտուցը, սակայն այդ թռչունները, ինչպես ամենքին հայտնի է, իրենց կտուցը միշտ օգտագործում են այդ նպատակի համար։ Մյուս տեսակների թիթեղիկները, ինչպես ինձ հաղորդել է մ-ր Սալվինը, նույնիսկ զգալի չափով ավելի քիչ են զարգացած, քան սովորական բադինը, բայց ես չգիտեմ, արդյոք նրանք օգտագործո՞ւմ են իրենց կտուցը ջուր քամելու համար։
 
Դառնանք նույն ընտանիքի մի այլ խմբի, Եգիպտական սագի (Chenalopex) կտուցը շատ նման է սովորական բադի կտուցին, բայց նրա թիթեղիկներն այնպես բազմաթիվ չեն, այնպես խիստ հեռացած չեն մեկը մյուսից և այնպես չեն կարկառվում դեպի ներս, ինչպես մեր բադինը, սակայն այդ սագը, ինչպես ինձ հաղորդել է մ-ր Բարտլետտը, «իր կտուցը գործ է ածում, ինչպես բադը, ջուրը թիթեղների միջև եղած արանքներով քամելու համար», թեև նրա գլխավոր կերը կազմում է խոտը, որ պոկոտում է սովորական սագի նման։ Վերջին թռչունի վերին ծնոտի թիթեղիկներն անհամեմատ ավելի կարճ են, քան ընտանի բադինը. նրանք համարյա միաձուլվում են, յուրաքանչյուր կողմում գտնվում են մոտավորապես 27-ական հատ և վերջանում են ատամնանման թմբիկներով։ Քիմքը նույնպես ծածկված է ամոլը բութ ելուստներով։ Ստորին ծնոտի եզրերը ատամնավոր են, անհամեմատ ավելի զարգացած քառթերի ներկայության շնորհիվ, որոնք թե՛ ավելի խոշոր են և թե՛ ավելի սուր են, քան բադինը։ Սովորական սագը ջուր չի քամում, այլ իր կտուցը օգտագործում է բացառապես նրա համար, որպեսզի խոտ պոկռտի, որին այդ կտուցը այնքան լավ է հարմարված, որ սագը կարող է նրանով խոտը ավելի տակից պոկռտել, քան մյուս կենդանիները։ Սագերի այլ տեսակների մոտ, ինչպես ինձ հաղորդել է մ-ր Բարտլետտը, թիթեղիկներն ավելի քիչ են զարգացած, քան սովորական սագի մոտ։
 
Այսպիսով, մենք տեսնում ենք, որ բադազգիների ընտանիքի մի քանի անդամներ, որոնց կտուցը կառուցված է սովորական կտուցի նման և հարմարված է բացառապես նրա համար, որ խոտ պռճոկի, կամ նույնիսկ ավելի քիչ զարգացած թիթեղներով կտուց ունեցողները կարող են փոքրիկ փոփոխությունների միջոցով ձևափոխվել այնպիսի տեսակի, ինչպիսին է եգիպտական սագը, վերջինս էլ կարող է ձևափոխվել սովորական բադի նման մի տեսակի, իսկ սա, վերջապես, մի տեսակի, որի կտուցը նման է լայնակտուցի կտուցին և պիտանի է գրեթե բացառապես ջուր քամելու համար, որովհետև հազիվ թե այդ թռչունը կարողանա իր կտուցի որևէ մասը, բացի նրա ուռած գագաթից, գործածել սնունդը բռնելու և մանրացնելու համար։ Դրան ես կարող եմ ավելացնել այն, որ փոքրիկ փոփոխության միջոցով սագի կտուցը կարող է փոխարկվել դուրս ցցված, ետ ծռված ատամիկներ ունեցող կտուցի, որը նման է սղոցակտուց բադի (նույն ընտանիքի ներկայացուցիչ) կտուցին և ծառայում է բոլորովին հատուկ նպատակի՝ կենդանի ձուկ բռնելու համար։
 
Դառնանք կետերին։ Hyperoodon bidens-ը հասուն վիճակում զուրկ է իսկական ատամներից, բայց դրա քիմքը ծածկված է, ըստ Լասեպեդի, փոքրիկ անհավասար ու ամուր եղջերային կետերով։ Այդ պատճառով ոչ մի անհավանական բան չկա այն ենթադրության մեջ, որ կետերի վաղ ձևերից որևէ մեկը ունենար այնպիսի քիմք, որը ծածկված էր մի քիչ ավելի կանոնավոր դասավորված նույնպիսի եղջերացած տեղամասերով, որոնք սագի կտուցում եղած թմբիկների նման օգնել են կերը բռնելուն և մանրացնելուն։ Բայց եթե այդպես է, ապա հազիվ թե կարելի է ժխտել, որ մատնանշված տեղամասերը փոփոխելիության ու բնական ընտրության հետևանքով կարող էին փոխարկվել թիթեղիկների, որոնք նույնքան զարգացած էին, որքան եգիպտական սագի մոտ, և միաժամանակ պիտանի էին թե՛ ջուր քամելու և թե՛ որս բռնելու համար. այնուհետ և հետևում են ընտանի բադի թիթեղիկներին նմանվող թիթեղիկները, և այսպես էլ հետագայում, մինչև որ նրանք դարձել են նույնքան կատարյալ, ինչքան լայնակտուցինն է, փոփոխվելով ու վերածվելով բացառապես քամելու համար պիտանի ապարատի։ Սկսած այդ ստադիայից, երբ թիթեղիկներն ունենում են Balaenoptera rostrata-ի կետոսկրի թիթեղի երկարության երկու երրորդականը, աստիճանաբար նրանց զարգացումը, որը նկատվում է դեռ ապրող կետերի մոտ, հասնում է գրեն լան դա կան կետի կետ֊ ոսկրի հսկայական թիթեղներին։ Մենք ամենափոքրիկ հիմք էլ չունենք կասկածելու, որ այդ շարքում յուրաքանչյուր աստիճան կարող էր նույնքան օգտակար լինել նախկին դարաշրջանների կետերից մի քանիսին, երբ ուսումնասիրվող գոյացումները հաջորդական զարգացման ընթացքում կրել են ֆունկցիաների աստիճանական փոփոխություն, որքան որ օգտակար են կտուցի հաջորդական փոփոխությունները բադազգիների ընտանիքի գոյություն ունեցող զանազան անդամների համար։ Մենք պետք է հիշենք, որ բադերի յուրաքանչյուր տեսակ ենթակա է գոյության դաժան կռվին և որ թռչունի մարմնի յուրաքանչյուր օրգանը պետք է լավ հարմարված լինի նրա կենսապայմաններին։
 
Pleuronectidae կամ տափակաձկները զարմանալի են իրենց մարմնի անհամաչափությամբ։ Նրանք հատակին պառկում են մի կողքի վրա, տեսակների մեծամասնությունը՝ ձախ կողքի վրա, մի քանիսը՝ աջ, պատահմամբ հանդիպում են հակառակ զարգացում ունեցող հասուն անհատներ։ Ներքևի կողմը, որի վրա պառկում է ձուկը, առաջին հայացքից նման է սովորական ձկան որովայնի կողմին. նա սպիտակ գույն ունի, շատ տեսակետներից ավելի քիչ զարգացած է, քան վերևինը, ունի փոքրիկ լողաթևեր։ Բայց ամենագլխավոր առանձնահատկությունը կազմ ում են աչքերը, որոնք երկուսն էլ գտնվում են գլխի վերին կողմում։ Սակայն վաղ հասակում նրանք գտնվում են մեկը մյուսի հակադիր կողմում, և այդ ժամանակ ամբողջ մարմինը համաչափ է, երկու կողմերն էլ միանման գույն ունեն։ Շուտով ներքևի աչքն սկսում է աստիճանաբար տեղափոխվել դեպի գլխի վերին կողմը, բայց չի անցնում ուղղակի գանգի միջով, ինչպես կարծում էին առաջ։ Ակներև է, որ քանի դեռ ներքևի աչքն անցնում է դեպի վերին կողմը, ձուկը, պառկած լինելով իր սովորական դրության մեջ մի կողմի վրա, չի կարող այն օգտագործել։ Այդ աչքը, բացի դրանից, գտնվելով ներքևի կողմում, պետք է շփվեր ավազոտ գետնի հետ։ Որ Pleuronectidae-ները իրենց տափակ ձևով և անհամաչափ կառուցվածքով հիանալի կերպով հարմարված են իրենց կենսակերպին, ապացուցվում է նրանով, թե ինչքան սովորական են նրանց շատ տեսակները, օրինակ պալտուսը և այլն։ Դրանից բխող ամենակարևոր առավելությունները, ըստ երևույթին, թշնամիներից պաշտպանվելն է և հատակում հեշտությամբ կեր ճարելն է։ Սակայն ըստ Շիեդտեի դիտողության, այդ ընտանիքի զանազան անդամները կազմում են «ձևերի երկար շարք, որոնք ներկայացնում են աստիճանական անցում սկսած Hippoglossus piuguis պալտուսից, որը ձվից դուրս գալիս ստացած տեսքը որևէ նկատելի չափով չի կորցնում, մինչև տափակաձկները, որոնք բոլորովին շրջված են մի կողմի վրա»։
 
Մ-ր Մայվարտը կանգ է առնում այդ դեպքի վրա և նկատում է, որ աչքերի դիրքի անսպասելի ինքնակամ փոփոխությունը հազիվ հասկանալի է, որի մասին ես նրա հետ համաձայն եմ։ Նա դրան ավելացնում է. «Եթե այդպիսի տեղափոխությունը եղել է աստիճանաբար, ապա բնավ պարզ չէ, թե անհատի օգուտն ինչումն է արտահայտվել աչքերի այդպիսի շատ փոքր տարածության վրա՝ գլխի մի կողմից մյուսը տեղափոխվելուց։ Նույնիսկ թվում է, թե օրգանի դիրքի այդպիսի հազիվ նշմարելի փոփոխությունը կարող էր որոշ չափով վնասակար լինել»։ Բայց նա իր առարկությունների պատասխանը կարող էր գտնել Մալմի հիանալի դիտողություններում, որ հրատարակված են 1867 թվականին։ Տափակաձկները շատ վաղ հասակում լինելով համաչափ, ունենալով գլխի հակադիր կողմերում գտնվող աչքեր, չեն կարող երկար ժամանակ մնալ ուղղաձիգ գրության մեջ իրենց մարմնի բարձրության, կողքի լողաթևերի շատ փոքրության և լողափամփուշտի թերզարգացման հետևանքով։ Աճման հետ զուգընթաց նրանք ուղղաձիգ դրության մեջ արագորեն հոգնում են և ընկնում հատակին մի կողքի վրա։ Գտնվելով այդպիսի վիճակում, նրանք հաճախ, ինչպես դիտել է Մալմը, ներքևի աչքը շրջում են դեպի վեր, որպեսզի տեսնեն իրենցից վեր, և այդ անում են այնպիսի եռանդով, որ աչքը պինդ սեղմում են ակնախոռոչի վերին եզրին։ Հեշտությամբ կարելի է տեսնել, որ այդ ժամանակ երկու աչքերի միջև գտնվող գլխամասը ժամանակավորապես կրճատվում է լայնությամբ։ Մի դեպքում Մալմը տեսել է, թե ինչպես մատղաշ ձուկը իջեցրել ու բարձրացրել է աչքը, ըստ որում անկյունային տեղաշարժը հասել է 70°-ի։
 
Մենք պետք է հիշենք, որ գանգը զարգացման վաղ ստադիայում կրճկային է և ճկուն, ուստի և հեշտությամբ ենթարկվում է մկանների ներգործությանը։ Բարձրակարգ կենդանիների մասին հայտնի է նաև, որ նրանց վաղ երիտասարդական շրջանից հետո անգամ գանգը փոփոխություններ է կրում, եթե մաշկը կամ մկանները շարունակ կծկված են հիվանդության կամ որևէ այլ հանգամանքի ազդեցության տակ։ Եթե երկարականջ ճագարների մի ականջը կախված է դեպի առաջ ու ցած, ապա նրա ծանրությունը ձգում է դեպի առաջ գանգի միևնույն կողմի բոլոր ոսկորները, որը ես ցույց եմ տվել իմ «Կենդանիների և բույսերի փոփոխությունն ընտանեցման ազդեցության տակ» աշխատության առաջին հատորում զետեղված մի նկարի վրա։ Մալմը պնդում է, որ պերկեսների, սալմոնների և զանազան այլ համաչափ ձկների նորածին ձկնիկները սովորություն ունեն երբեմն հանգստանալու, պառկելով հատակին մի կողքի վրա, և նա դիտել է, որ նրանք հաճախ այդ ժամանակ իրենց ներքևի աչքը շրշում են դեպի վեր. դրա հետ միասին նրանց գանգը փոքր ինչ ծռվում է։ Սակայն այդ ձկները շուտով ընդունակ են դառնում շարունակ մնալու ուղղաձիգ գրության մեջ և նրանց ժամանակավոր սովորությունը ոչ մի հետևանք չի առաջացնում։ Մյուս կողմից, Pleuronectidae-ը իրենց մարմնի տափակացումն ավելանալու հետ միասին որքան մեծանում են, այնքան ավելի երկար են մնում մի կողքի վրա, և որի մշտական հետևանքն այն է լինում, որ փոփոխվում է գլխի ձևը և աչքերի դիրքը։ Դատելով անալոգիայի հիման վրա, կասկած չկա, որ ծռվելու հակումը ժառանգության օրենքով ուժեղանում է։ Հակառակ մի քանի այլ բնախույզների, Շիեդտեն կարծում է, որ Pleuronectidae-ը բոլորովին համաչափ չեն լինում նույնիսկ սաղմնային վիճակում, և եթե այդ ճիշտ է, ապա մենք կարող ենք հասկանալ, թե ինչու մի քանի տեսակների ձկնիկները վաղ հասակում սովորաբար ընկնում են հատակին ու մնում ձախ կողմի վրա պառկած, մյուսները՝ աջ։ Մալմը վերոհիշյալ կարծիքը հաստատելու համար ավելացնում է, որ չափահաս Trachiptefus arcticus-ը, որը Pleuronectidae-ի ընտանիքին չի պատկանում, հատակին պառկում է ձախ կողքի վրա, իսկ լողում է շեղակի վիճակում. այդ ձկան գլխի աջ և ձախ կողմերը, ինչպես ասում են, ամենևին համաչափ չեն։ Ձկների վերաբերյալ մեր ականավոր հեղինակություն դոկտոր Գյունտերը, Մալմի հոդվածից արած քաղվածքը վերջացնում է դիտողությամբ, որ հեղինակը Pleuronectidae-ների աննորմալ վիճակին շատ պարզ բացատրություն է տալիս»։
 
Սրանից կարելի է տեսնել, որ գլխի մի կողմից մյուսը աչքի տեղափոխության ստադիաները, մի հանգամանք, որ մ-ր Մայվարտը համարում է վնասակար, կարող են թե՛ անհատի և թե՛ տեսակի համար անկասկած բարենպաստ այն սովորությանը վերադրվել, որ ձուկը երկու աչքն էլ դեպի վեր է դարձնում, որպեսզի կարողանա նրանցով տեսնել, երբ պառկած է հատակին մի կողքի վրա։ Ճիշտ այդպես էլ մենք կարող ենք գործածության ժառանգված հետևանքին վերագրել այն, որ որոշ տափակամարմին ձկների բերանը ուղղված է դեպի ցած և որ գլխի այդ, աչքերից զուրկ կողմում ծնոտներն ավելի ամուր են և ուժեղ, քան մյուս կողմում, որպեսզի ավելի հեշտությամբ ապահովվի, ինչպես ենթադրում է դոկտոր Տրակվերը, կերի հայթայթումը հատակից։ Մյուս կողմից, անգործածությամբ բացատրվում է մարմնի ամբողջ ստորին կեսի, ներառյալ նաև կողքի լողաթևերի թերզարգացումը, թեև Յարրելը կարծում է, որ այդ կողքի լողաթևերի փոքրացումը օգտակար է ձկան համար, որովհետև «ներքևի կողմում նրանց շարժելու համար անհամեմատ ավելի քիչ տեղ կա, քան վերևի կողմում։ Գուցե պալտուսի ծնոտների ստորին կեսերի ունեցած 25—30 ատամների համեմատությամբ վերին կեսերի ատամների թվի նվազումը մինչև 4—7-ի, կարելի է բացատրել նրանց անգործածությամբ։ Ելնելով ձկների մեծամասնության և շատ այլ կենդանիների որովայնի կողմում գունավորման բացակայությունից, մենք լիովին հիմք ունենք ենթադրելու, որ տափակաձկան մի կողմում, այդ միևնույնն է, թե աջն է ներքևում, կամ ձախը, գույնի բացակայությունը լույսի բացակայությունից է։ Բայց չի կարելի կարծել, թե տափակաձկան վերին կողմի յուրահատուկ բծավոր գույնը, որ այնքան նմանվում է ծովի ավազոտ հատակին, ինչպես նաև մի քանի տեսակների ընդունակությունը փոփոխելու իրենց գույնը շրջապատող մակերևույթի համեմատ, որ վերջերս ապացուցել է Պուշեն, կամ տափակաձկան վերին կողմում ոսկրային թմբիկների ներկայությունը պարտական են լույսի ազդեցությանը։ Այդ դեպքերում հավանորեն արտահայտվել է բնական ընտրության գործունեությունը, որը մի կողմից փոփոխել է այդ ձկների մարմնի ընդհանուր ձևը, իսկ մյուս կողմից՝ նաև նրանց կազմվածքի մասնավոր շատ առանձնահատկություններ, համապատասխանեցնելով նրանց կենսակերպին։ Մենք պետք է հիշենք, որի վրա ես առաջները պնդել եմ, որ օրգանների գործածության, կամ կարող է պատահել, նաև նրանց անգործության հետ կապ ունեցող ժառանգված առանձնահատկությունները ուժեղանում են բնական ընտրության ազդեցության տակ։ Այսպիսով պահպանվում են և՛ բոլոր պատահական օգտակար առանձնահատկությունները, և՛ այն անհատները, որոնք ամենամեծ լափով են ժառանգել որևէ օրգանի ուժեղացած օգտակար գործածության հետևանքները։ Յուրաքանչյուր առանձին դեպքում թե ինչը պետք է վերագրել գործածության հետևանքներին և ինչը բնական ընտրության ազդեցությանը, հավանորեն անհնարին է որոշել։
 
Ես կարող եմ բերել կառուցվածքի այդպիսի փոփոխության մի այլ օրինակ ևս, որը, ըստ երևույթին, սկիզբ է առել բացառապես օրգանի գործածությունից կամ որոշ սովորությունից։ Ամերիկական կապիկներից մի քանիս-ի պոչի ծայրը փոփոխվել ու դարձել է բռնելու զարմանալի կատարյալ օրգան և ծառայում է որպես հինգերորդ ձեռք։ Մի բնախույզ, որ իր տեսակետներով մինչև մանրունքները համաձայն է Մայվարտի հետ, պոչի կառուցվածքի մասին նկատում է հետևյալը. «Անհնարին է կարծել, որ որևէ դրության մեջ առաջին անգամ երևան եկած բռնելու հազիվ նշմարելի հակումը կարող էր ծառայել դրանով օժտված անհատների պաշտպանության համար կամ նպաստեր նրանց ունենալու և դաստիարակելու իրենց սերունդներին»։ Բայց այդպիսի ենթադրության ոչ մի անհրաժեշտություն չկա։ Ամենայն հավանականությամբ այս դեպքում բավական է սովորությունը, որն ինքնին արդեն հարկադրում է ենթադրելու, որ դրա հետ կապված է ավելի կամ պակաս չափով օգուտ։ Բրեմը տեսել է, որ աֆրիկական փոքրիկ կապիկները (Cerգոpithecus) ձեռքերով կպչելով մոր մարմնին ցածի կողմից, միաժամանակ իրենց կարճ պոչը փաթաթում են մոր պոչին։ Պրոֆ. Հենսլոուն անազատ վիճակում պահել է մի քանի դաշտային մկներ (Mus messorius), որոնք չունեն իսկական կառչող պոչ. բայց հաճախ է տեսել, որ նրանք իրենց պոչերով փաթաթվում էին իրենց վանդակում դրված թփի ճյուղին և այդպիսով օգնում էին իրենց մագլցելու ժամանակ։ Համանման դիտողության մասին ինձ հաղորդել է դ-ր Գյունտերը, որը տեսել է, թե ինչպես մուկն այդ ձևով կախվել է։ Եթե դաշտային մուկը հարմարված լիներ ծառերի վրա ապրելու համար, ապա թերևս նրա պոչը կառուցվածքով ավելի կառչուն կդառնար, ինչպես այդ տեսնում ենք հենց նույն կարգի մի քանի անդամների մոտ։ Թե ինչու ցերկոպիթեկը իր սովորություններով հանդերձ վաղ հասակում ձեռք չի բերել այդ դժվար է ասել։ Սակայն հնարավոր է, որ այդ կապիկի երկար պոչը նրան ավելի մեծ ծառայություն է մատուցում նրա զարմանալի թռիչքների ժամանակ որպես հավասարակշռության պահպանելու օրգան, քան թե որպես բռնելու օրգան։
 
Կաթնագեղձերը հանդիպում են կաթնասունների ամբողջ դասի մեջ և անհրաժեշտ են նրանց գոյության համար, ըստ երևույթին, նրանք զարգացել են շատ հեռավոր ժամանակաշրջանում, և մենք նրանց զարգացման եղանակի մասին հաստատական ոչինչ չգիտենք։ Մ-ր Մայվարտը հարց է տալիս. «Կարելի՞ է արդյոք ընդունել, որ մի որևէ կենդանու ձագ երբևիցե մահից ազատվել է նրանով, որ պատահաբար ծծել է նվազ սննդարար հեղուկի մի կաթիլ իր մոր մաշկի հիպերտրոֆիայի ենթարկված գեղձերից։ Եվ եթե այդպես եղել է մի անգամ, ապա ի՞նչ հավանականություններ կան նման փոփոխության կրկնության համար»։ Բայց այստեղ բանն այդպես չէ։ Էվոլյուցիոնիստների մեծամասնությունն ընդունում է, որ կաթնասուններն առաջացել են երկարգանդային ձևից, իսկ եթե այդպես է, այդ դեպքում կաթնագեղձերն սկզբում զարգացել են պարկի մեջ, որը բնորոշում է երկարգանդավորներին։ Մի ձկան (ծովաձի, Hippocampus) ձվերը պահպանվում են և նորածին ձկնիկները որոշ ժամանակ սնվում են նման պարկի մեջ, և ամերիկական բնախույզ մ-ր Լոկվուդը կարծում է, դատելով նրանից՝ ինչ ինքը նկատել է ձկնիկների զարգացման վերաբերմամբ, որ ձկնիկները սնվում են պարկի մաշկագեղձերի արտաթորանքով։ Այժմ, ինչ վերաբերում է կաթնասունների հեռավոր նախնիներին, մոտավորապես այն ժամանակից առաջ, երբ նրանք դեռ հազիվ արժանանում էին այդ անունը կրելու, ապա լի կարելի արդյոք գոնե հնարավոր համարել, որ նրանց զավակները կերակրվել են հենց նման ձևով։ Եվ այս դեպքում այն անհատները, որ արտաթորել են այս կամ այն կերպ ավելի սննդարար և կաթի հատկություն ունեցող հեղուկ, կարող էին երկար ժամանակամիջոցի ընթացքում սնուցել ավելի մեծ թվով լավ կերակրված հաջորդներ, քան այն անհատները, որոնք արտաթորել են ավելի պակաս սննդարար հեղուկ։ Ընդսմին մաշկային գեղձերը, որ հոմոլոգ են կաթնագեղձերին, կարող էին կատարելագործվել և դառնալ ավելի գործունյա։ Այն հանգամանքը, որ պարկի որոշ տարածության մեջ պարփակվող գեղձերը կարող էին մյուսներից ավելի զարգանալ, լիովին համաձայնվում է մասնագիտացման վերաբերյալ լայնորեն տարածված սկզբունքի հետ, նրանք կարող էին գոյացնել նաև «կուրծ» սկզբում առանց պտուկի, ինչպես բադակտուցինն է, որը կանգնած է կաթնասունների շարքի սկզբում։ Ես ինձ վրա չեմ վերցնում որոնելու այն, թե ինչից կախված մի տեղում գեղձերն ավելի մասնագիտացել են, քան մի այլ տեղում, գուցե կախված է եղել մասամբ աճումից, մասամբ որպես գործածության հետևանք կամ բնական ընտրության ազդեցության տակ։
 
Կաթնագեղձերի զարգացումը նշանակություն չէր ունենա և բնական ընտրության ազդեցության տակ չէր ընկնի, եթե նորածինները չկարողանային միևնույն ժամանակ օգտվել նրանց արտաթորությունից։ Հասկանալ այն, թե ինչպես նորածին կաթնասունը սովորել է բնազդաբար ծծել կուրծը, ավելի դժվար չէ, քան հասկանալ այն, թե ինչպես ձվից դուրս չեկած ճուտերը սովորել են կոտրել ձվի կեղևը, խփելով նրան հատկապես դրա համար հարմարված կտուցով, կամ ինչպես նրանք սովորել են ձվից դուրս գալուց մի քանի ժամ հետո կեր կտցել։ Այդպիսի դեպքերում հարցի ամենահավանական լուծումը, թվում է թե, այն է, որ այս կամ այն սովորությունը սկզբում ձեռք է բերվել ավելի ուշ հասակում, իսկ հետո հաջորդին փոխանցվել է ավելի վաղ հասակում։ Բայց նորածին կենգուրուն, ինչպես ասում են, չի ծծում, այլ միայն կպչում է մոր պտկին, որն ընդունակություն ունի կաթ սրսկելու իր անօգնական և կիսակազմավորված զավակի բերանը։ Դրա վերաբերմամբ մ-ր Մայվարտը նկատում է. «Եթե գոյություն չունենար հատուկ նախապաշտպանում, նորածին ձագը հավանորեն կոչնչանար կաթը շնչափողի մեջ թափանցելուց։ Բայց այդպիսի նախապաշտպանում գոյություն ունի։ Կոկորդի եզրերը հեռացած են այնքան, որ հասնում են քթանցքի վերջի եզրին, որով հնարավոր է լինում օդի թափանցումը թոքերի մեջ, մինչդեռ կաթն անարգել կերպով հոսում է կոկորդի կողքերով և հաջող կերպով անցնում կերակրափողի մեջ»։ Այնուհետև մ-ր Մայվարտը հարցնում է, թե ի՞նչ կերպով բնական ընտրությունը ոչնչացրել է չափահաս կենգուրուի (և մյուս կաթնասունների մեծամասնության, ընդունելով նրանց ծագումը երկար գանգային ձևից) «կառուցվածքի այդ, առնվազն, բոլորովին անմեղ ու անվնաս առանձնահատկությունը»։ Ի պատասխան դրան, կարելի է ենթադրել, որ ձայնը, որը անշուշտ մեծ նշանակություն ունի շատ կենդանիների համար, հազիվ թե հասներ լիակատար ուժգնության, քանի դեռ կոկորդը մտնում էր քթանցքի մեջ, իսկ պրոֆ. Ֆլոուերը ինձ հայտնել է մի կշռադատություն, որ այդպիսի կառուցվածքը մեծ արգելք կլիներ պինդ սնունդ կուլ տվող կենդանու համար։
 
Այժմ մենք կարճ ժամանակով դառնանք կենդանիների ստորակարգ բաժիններին։ Փշամորթները (ծովաստղերը, ծովաոզնիները և այլն) օժտված են զարմանալի օրգաններով, այսպես կոչված պեդիցելլյարիաներով, որոնք միանգամայն զարգացած տեսակի մեջ ներկայացնում են եռաբաժան ունելի, այսինքն երեք ատամնավոր ելուստներ՝ ամուր կերպով միացած միմյանց հետ և ամրացած ճկուն կոթունի գագաթին, որը շարժման մեջ է դրվում մկանների միջոցով։ Այդ ունելիները կարող են ամուր կերպով բռնել զանազան առարկաներ և Ալեքսանդր Ագասսիսը տեսել է, թե ինչպես ծովաոզնին իր կղկղանքի մասնիկները արագորեն տալիս էր մի ունելիից մյուսին իր մարմնի վրայով որոշ ուղղությամբ, որպեսզի չաղտոտվի իր կեղևը։ Բայց կասկածից դուրս է, որ բացի զանազան կեղտեր հեռացնելուց, այդ գոյացումները կատարում են նաև այլ աշխատանքներ, և դրանց մեկը պաշտպանությունն է։
 
Այդ օրգանների վերաբերմամբ մ-ր Մայվարտը, ինչպես և նախորդ շատ դեպքերում, հարցնում է. «Ի՞նչ ձևի օգուտ կարող էր լինել այդ օրգանների '''առաջին սկզբնավորումից''' և ինչպե՞ս այդ չնչին սկզբնավորումները կարող էին պահպանել առանձին ծովաոզնիների կյանքը»։ Եվ նա ավելացնում է. «Նույնիսկ բռնելու գործողության '''հանկարծական''' զարգացումը օգուտ չէր բերի առանց շարժական կոթունի, ճիշտ այդպես էլ վերջինս նշանակություն չէր ունենա առանց բռնող ունելիների. սակայն կառուցվածքի մեջ այդ բարդ համապատասխանության զարգացման համար բավական չէին միաժամանակ անսահմանորեն մանր, պարզապես անորոշ փոփոխություններր,— ժխտել այդ՝ նշանակում է, առնվազն պաշտպանել մի կատարյալ պարադոքս»։ Սակայն Մայվարտին այդ ինչքան էլ պարադոքսային թվա, երեք սայրով ունելիները, որ իրենց հիմքով անշարժ ամրակցված են, բայց ընդունակ են բռնելու գործողության համար, անկասկածորեն գոյություն ունեն մի քանի փշամորթների մոտ. և այդ միանգամայն հասկանալի է, եթե նրանք թեկուզև մի քիչ ծառայում են պաշտպանության համար։ Մ-ր Ագասսիսը, որի սիրալիրությանը ես պարտական եմ այդ խնդրի վերաբերյալ տեղեկությունների մեծ մասի համար, հաղորդել է ինձ, որ մի քանի փշամորթների եռաժանու երեք ճյուղերից մեկը մյուս երկուսին օժանդակելու համար է, այնինչ կան նաև այնպիսի սեռեր, որոնք երրորդ ճյուղը բոլորովին չունեն։ Պերյեի նկարագրությամբ Echinoneus-ի պեդիցելլյարիաները երկու ձև ունեն, մի քանիսը նման են Echinus-ի պեդիցելլյարիաներին, մյուսները՝ սպատանգի պեդիցելլյարիաներին. այդպիսի դեպքերը միշտ հետաքրքրական են, որովհետև ծառայում են բացատրելու համար, ըստ երևույթին, անսպասելի փոփոխությունները օրգանի երկու վիճակներից մեկը կորցնելու միջոցով։
 
Ինչ վերաբերում է այն գոյացումներին, որոնցից կարող էին զարգանալ այս հետաքրքրական օրգանները, ապա մ-ր Ագասսիսը իր սեփական հետազոտությունների և Մյուլլերի հետազոտությունների հիման վրա եկել է այն եզրակացության, որ ինչպես ծովաստղերի, այնպես էլ ծովաոզնիների պեդիցելլյարիաները անկասկածորեն կարելի է գիտել որպես ձևափոխված փշեր։ Դրանում կարելի է համոզվել ինչպես առանձին անհատների մոտ նրանց զարգացումից, այնպես էլ այն անցումների լրիվ շարքից, որոնք զանազան տեսակների և սեռերի մեջ պարզ թմբիկներից տանում են դեպի փշերը և փշերից դեպի լիովին զարգացած եռաճյուղ պեդիցելլյարիաները։ Անցման աստիճանականությունը տարածվում է նույնիսկ սովորական փշի ու պեդիցելլյարիայի և նրանց նեցուկ հանդիսացող կրային թիթեղիկների հետ հոդավորման եղանակի վրա։ Ծովաստղերի մի քանի սեռերի մոտ կարելի է գտնել «ցուցումներ այն մասին, որ պեդիցելլյարիաները ներկայացնում են պարզապես փոփոխված ճյուղավոր փշեր»։ Նրանք ունեն անշարժ փշեր սղոցաձև երեք շարժական ճյուղերով, որոնք բաժանված են հավասար հեռավորություններով և հոդավորված են փշի հիմքում, իսկ ավելի բարձր, միևնույն փշի վրա, նստած են երեք ուրիշ շարժական ճյուղիկներ։
 
Եթե վերջինները դուրս են դալիս փշի գագաթից, այդ դեպքում մենք մեր առջև ունենք ըստ էության կոպիտ եռաճյուղ պեդիցելլյարիա, որը կարելի է տեսնել փշի վրա երեք հիմնական ճյուղերով միասին։ Այդ դեպքում պեդիցելլյարիայի Ճյուղերի և փշի շարժական ճյուղերի միջև նմանությունը կասկածի ենթակա չէ։ Ընդհանրապես ընդունված է կարծել, որ պարզ փշերը ծառայում են պաշտպանության համար, իսկ եթե այդպես է, ապա հիմք չկա կասկածելու այն բանում, որ այն փշերը ևս, որոնք օժտված են սղոցաձև և շարժուն ճյուղերով, ծառայում են նույն նպատակի համար, բայց նրանց նշանակությունն այդ տեսակետից ավելի ևս կմեծանա, եթե նրանք միևնույն ժամանակ կդառնան նաև բռնող ապարատ։ Այսպիսով, բոլոր անցումները, սկսած պարզ նստած փշից մինչև պեդիցելլյարիան, ունեն օգտակար նշանակություն։
 
Ծովաստղերի մի քանի սեռերի այդ օրգանները փոխանակ մի անշարժ հիմքի ամրանալու, գտնվում են թեև կարճ, բայց ճկվելու ընդունակ մկանոտ կոթունի գագաթին. այդ դեպքում հավանորեն նրանք, բացի պաշտպանությունից, կատարում են նաև որևէ լրացուցիչ ֆունկցիա։ Ծովաոզնիների մոտ կարելի է հետամուտ լինել, թե ինչպես անշարժ նստած փուշը աստիճանաբար ձեռք է բերում հոդեր և այդպիսով դառնում է շարժական։ Ես կցանկանայի այստեղ տեղ ունենալ, որպեսզի ավելի լրիվ քաղվածքներ բերեի պեդիցելլյարիաների զարգացման մասին մ-ր Ագասսիսի հետաքրքրական դիտողություններից։ Նա նույնպես ասում է, որ բոլոր հնարավոր անցումները հավասարապես կարելի է գտնել ծովաստղերի պեդիցելլյարիաների և փշամորթների մի խմբի՝ օֆիուրների կարթերի միջև, ինչպես նաև ծովաոզնիների պեդիցելլյարիաների և հոլոթուրների խարիսխների միջև, որոնք պատկանում են միևնույն մեծ դասին։
 
 
Գաղութներով ապրող կենդանիներից կամ զոոֆիտներից, ինչպես անվանում են նրանց, մի քանիսը, այն է՝ մամռակենդանիները (Polyzoa), օժտված են ուշագրավ օրգաններով, այսպես կոչված ավիկուլարիաներով, որոնք զանազան տեսակների մոտ ունենում են շատ տարբեր կառուցվածք։ Ամենակատարյալ ձևով նրանք զարմանալի կերպով նմանվում են գառնանգղի փոքրածավալ կտուցին և գլխին, որը նստած է վզի վրա և ընդունակ է շարժվելու միանգամայն այնպես, ինչպես այդ հատուկ է ստորին ծնոտին։ Մի տեսակի մոտ, որը ես դիտել եմ, մեկ ճյուղի վրա նստած ավիկուլարիաները հաճախ հինգ վայրկյանի ընթացքում միաժամանակ շարժվում էին մերթ դեպի առաջ, մերթ դեպի ետ, բաց անելով իրենց ստորին ծնոտը մոտավորապես 90° անկյունով, և այդ շարժումից ցնցվում էր ամբողջ գաղութը։ Ծնոտները փշին շփվելիս նրանք այնքան պինդ էին բռնում նրան, որ կարելի էր ամբողջ ճյուղը ցնցել։
 
Մ-ր Մայվարտը բերում է այդ օրինակը գլխավորապես այն կարծեցյալ դժվարության պատճառով, որ առաջ է գալիս բնական ընտրության ազդեցությամբ այդ, նրա կարծիքով, «էապես նման» օրգանների զարգացումը կենդանական թագավորության միմյանցից հեռու կանգնած երկու խմբերի մեջ բացատրելու տեսակետից։ Բայց որքան դա վերաբերում է կառուցվածքին, ես նմանություն չեմ տեսնում եռաճյուղ պեդիցելլյարիայի և ավիկուլարիայի միջև։ Վերջինս մի քիչ ավելի նման է խեցեմորթնեըի chelae-ին կամ բռնաչանչին, և մ-ր Մայվարտը նույն իրավունքով կարող էր բերել այդ նմանությունը որպես բացատրության համար դժվարին մի դեպք, ինչպես նաև նրանց նմանությունը թռչունի գլխի և կտուցի հետ։ Կենդանիների այդ խումբը մանրազնին կերպով ուսումնասիրած բնախույզների՝ մ-ր Բյոսկի, դ-ր Սմիտտի և դ-ր Նիտչեի կարծիքով ավիկուլարիաները հոմոլոգ են զոոիդներին ու բջիջներին, որոնցից կառուցված են զոոֆիտները. բջջի շարժական կափարիչը համապատասխանում է ավիկուլարիայի շարժական ստորին ծնոտին։ Սակայն մ-ր Բյոսկը չգիտե անցումներ, որոնք ներկայումս կարող էին գոյություն ունենալ զոոիդի և ավիկուլարիայի միջև, ուստի և չի կարելի դատել, թե ինչպիսի օգտակար անցումային աստիճաններով մի գոյացում կարող էր փոխարկվել մի այլ գոյացման. բայց դրանից երբեք չի հետևում, որ այդպիսի անցումներ գոյություն չեն ունեցել։
 
Քանի որ խեցեմորթների բռնաչանչերը որոշ չափով նման են ավիկուլարիաներին և երկու օրգանն էլ ծառայում են բռնելու համար, ուստի արժե ցույց տալ, որ առաջին օրգանի համար դեռ գոյություն ունի օգտակար անցումնային աստիճանների երկար շարք։ Առաջին և ամենապարզ ստադիայում վերջավորության, վերջին հատվածը կամ ծռվում է դեպի նախավերջին լայն հատվածի լայն ուղիղ գագաթը, կամ դեպի նրա ամբողջ կողքի վրա, որով հնարավորություն է ստացվում առարկան ամուր կերպով բռնելու, բայց միևնույն ժամանակ ոտքը դեռ ծառայում է որպես տեղաշարժման օրգան։ Մոտակա ստադիայում նախավերջին լայն հատվածի վրա մենք գտնում ենք թեթևակի դուրս ցցված ելուստ, որը երբեմն օժտված է անկանոն ատամիկներով, և վերջին հատվածը ծռվում է դեպի այդ ելուստը։ Երբ այդ ելուստի լափերը մեծանում են, ընդ որում թե՛ նրա ձևը և թե՛ վերջին հատվածի ձևը թեթևակի փոփոխվում են և բարելավվում, բռնաչանչերը ավելի ու ավելի կատարելագործվում են, մինչև որ դառնում են այնքան կատարյալ գործիք, ինչպիսին են ծովային տասնոտանի խեցգետնու բռնաչանչերը. այս բոլոր անցումները կարելի է գտնել իրականության մեջ։
 
Բացի ավիկուլարիաներից, մամռակենդանիներն ունեն էլի մի հետաքրքրական օրգան, այսպես կոչված վիբրակուլները, որոնք սովորաբար լինում են երկար խոզանների տեսքով, ընդունակ են շարժվելու և հեշտությամբ գրգռվելու։ Իմ ուսումնասիրած մի տեսակի վիբրակուլները թեթևակի ծռված են և իրենց արտաքին եզրում ատամնաձև են. մեկ գաղութի բոլոր վիբրակուլները հաճախ շարժվում են միաժամանակ, գործելով երկար թիակների նման, նրանք արագ կերպով տեղաշարժում էին մի ճյուղ իմ մանրադիտակի տեսողության դաշտում։ Եթե ճյուղը զետեղվում էր նրա առջևի կողմում, վիբրակուլները խճճվում էին և մեծ ջանք էին գործադրում, որպեսզի ազատվեն։ Ենթադրում են, որ այգ օրգանները ծառայում են պաշտպանության համար և, ըստ մ-ր Բյոսկի դիտողության, «կարելի է տեսնել, թե ինչպես նրանք դանդաղորեն և զգուշությամբ սահում են մամռակենդանիների գաղութի մակերեսով, հեռացնելով այն, ինչ որ կարող է անհանգստացնել բջիջների քնքույշ բնակիչներին, երբ շոշափուկները դուրս են հանված»։ Ավիկուլարիաները վիբրակուլների նման հավանորեն նույնպես ծառայում են պաշտպանության համար, բայց նրանք կարող են նաև բռնել ու սպանել մանր ողջ կենդանիների, որոնք դրանից հետո, ինչպես կարծում են, ջրի շարժման միջոցով տարվում են ու հասնում զոոիդի շոշափուկներին։ Մի քանի տեսակներ օժտված են ավիկուլարիաներով և վիբրակուլներով, մի քանիսը՝ միայն ավիկուլարիաներով, քչերը՝ միայն վիբրակուլներով։
 
Հեշտ չէ պատկերացնել երկու այդքան տարբեր առարկաներ, ինչպիսիք են խոզանաձև վիբրակուլը և թռչունի գլխի նմանվող ավիկուլարիան. սակայն նրանք գրեթե հաստատապես հոմոլոգ են և զարգացել են միևնույն սաղմից, այն է՝ բջիջ ունեցող զոոիդից։ Սրանից մենք կարող ենք հասկանալ, ինչպես ինձ հաղորդում է մ-ր Բյոսկը, թե ինչ կերպով այդ օրգանները որոշ դեպքերում, փոխարկվում են մեկը մյուսին։ Այսպես, Lepralia-ի մի քանի տեսակների ավիկուլարիաների շարժական ծնոտը այնպես զարգացած է և այնքան նման է խոզանի, որ կտուցի վերին կամ անշարժ մասի ներկայությունն է ծառայում որոշելու համար, թե այդ օրգանը ավիկուլարիա է։ Վիբրակուլները կարող էին զարգանալ նաև ուղղակի բջջի կափարիչից, նախապես չանցնելով ավիկուլարիայի ստադիան, բայց ավելի հավանական է, որ նրանք անցել են այդ ստադիայով, որովհետև ձևափոխման վաղ ստադիաների ընթացքում հազիվ թե զոոիդ պարունակող բջջի մյուս մասերը կարող վին միանդամից անհետանալ։ Շատ դեպքերում վիբրակուլները հենվում են աոանձին հիմքի վրա, որն, ըստ երևույթին, ներկայացնում է կտուցի անշարժ մասը, թեև մի քանի տեսակներ այդ հիմքը բոլորովին չունեն։ Վիբրակուլների զարգացման այդ ընթացքը, եթե դա իրոք ճիշտ է, հետաքրքրական է, որովհետև եթե ենթադրենք, որ ավիկուլարիաներ ունեցող բոլոր տեսակները մահաջնջվել են, ապա ոչ ոք, նույնիսկ շատ վառ երևակայություն ունենալով, երբեք չէր մտածի, որ վիբրակուլները սկզբում գոյություն են ունեցել որպես թռչունի գլխի, անկանոն արկղի կամ գլխանոցի նմանվող օրգանի մասեր։ Հետաքրքիր է տեսնել, որ երկու այդքան տարբեր օրգաններ զարգացել են միևնույն սկզբնավորությունից, իսկ քանի որ բջջի շարժական կափարիչը ծառայում է զոոիդի պաշտպանության համար, ուստի դժվար չէ պատկերացնել, որ բոլոր աստիճանական անցումները, որոնց միջոցով շարժական կափարիչը սկզբում փոխարկվել է ավիկուլարիայի ստորին ծնոտի, իսկ հետո՝ երկարավուն խոզանի, միանման ձևով ծառայել են այս կամ այն եղանակով և զանազան պայմաններում պաշտպանության համար։
 
 
Բուսական թագավորության մեջ մ-ր Մայվարտը կանգ է առնում միայն երկու դեպքի վրա, այն է՝ խոլորձիների ծաղիկների կառուցվածքի և փաթաթվող բույսերի շարժումների վրա։ Առաջինների վերաբերմամբ, ասում է նա «նրանց '''ծագման''' մեկնաբանությունը պետք է միանգամայն անբավարար, միանգամայն թերի համարել բացատրելու համար կառուցվածքի անսահմանորեն փոքր փոփոխությունները, որոնք օգտակար են դառնում միայն այն ժամանակ, երբ նրանք հասնում են զգալի զարգացման»։ Քանի որ այս խնդիրը ես քննարկում եմ ամբողջ լրիվությամբ մի այլ աշխատության մեջ, ուստի ես այստեղ կբերեմ միայն մի քանի դիտողություններ խոլորձիների ծաղիկների մեջ եղած ամենից ավելի զարմանալի առանձնահատկություններից մեկի, այն է՝ նրանց ծաղկափոշու զանգվածների (pollinia) կառուցվածքի վրա։ Ծաղկափոշու զանգվածն իր ամենաբարձր զարգացման ժամանակ ներկայացնում է ծաղկափոշու հատիկների մի գնդիկ, որտեղ փոշեհատիկները միացած են ճկուն կոթունի կամ caudicula-ի հետ, որն իր ծայրին կրում է խիստ կպչուն նյութի գնդիկ։ Այսպիսով, ծաղկափոշու այդ զանգվածները միջատների միջոցով տեղափոխվում են մի ծաղկից մյուսի սպիի վրա։ Մի քանի խոլորձիների ծաղկափոշու զանգվածները կոթուն չունեն և փոշեհատիկները միմյանց հետ միացած են բարակ թելիկներով. քանի որ այս վերջինները խոլորձիների բացառիկ առանձնահատկություններ չեն, ուստի կարելի էր այստեղ կանգ չառնել նրանց ծագման վրա. այնուամենայնիվ ես կնշեմ, որ Cypripedium-ի վրա, որ խոլորձիների սիստեմում գրավում է ամենացածր տեղը, մենք կարող ենք նկատել, թե այդ թելիկներն ինչպես են առաջացեք սկզբում։ Մյուս խոլորձիների մոտ այդ թելիկները փոշեզանգվածի մի ծայրում մոտենում են միմյանց, որը և ներկայացնում է կոթունի առաջին կամ սկզբնական ստադիան։ Որ այդպիսին է կոթունի ծագումը, նույնիսկ երբ նա հասնում է զգալի երկարության ու զարգացման, մենք իրավունք ունենք եզրակացնելու ծաղկափոշու թերազարգացած հատիկների հիման վրա, որոնք երբեմն գտնվում են նրա կենտրոնական և ամուր մասերի ներսում։
 
Ինչ վերաբերում է երկրորդ գլխավոր առանձնահատկությանը, այսինքն, կոթունների ծայրին կպչող նյութի փոքրիկ գնդիկների ներկայությանը, ապա այստեղ կարելի է ցույց տալ զարգացման աստիճանների մի երկար շարան, որոնցից յուրաքանչյուրը օգտակար է բույսի համար։ Այլ ընտանիքների պատկանող ծաղիկների մեծամասնության սպին արտադրում է մի քիչ կպչուն նյութ։ Խոլորձիներից մի քանիսը նման մածական նյութ են արտադրում, բայց անհամեմատ ավելի մեծ քանակությամբ երեք սպիներից մեկի վրա, որը հավանորեն այդ առատ արտաթորման պատճառով, անընկալունակ է դառնում։ Երբ միջատը այցելում է այդպիսի ծաղկին, նա սրբում է այդ կպչուն նյութի մի մասը և միևնույն ժամանակ վերցնում է որոշ քանակությամբ ծաղկափոշու հատիկներ։ Սկսած այդ պարզ դրությունից, որը միայն քիչ տարբերվում է նրանից, ինչ որ հանդիպում է սովորական ծաղիկներից շատերի մեջ, մենք գտնում ենք անսահման անցումներ դեպի այնպիսի տեսակները, որոնց ծաղկափոշու զանգվածները վերջանում են շատ կարճ ազատ կոթունով, և դեպի այնպիսիները, որոնց կոթունը ամուր կապված է լինում կպչուն զանգվածի հետ, ըստ որում անընկալունակ սպին խորապես փոփոխված է։ Այս վերջին դեպքում մենք ունենք ծաղկափոշու զանգվածն իր ամենազարգացած և կատարյալ վիճակում։ Ով մանրազնին կերպով կուսումնասիրի խոլորձիների ծաղիկների կառուցվածքը, նա չի կարող ժխտել անցումների վերոհիշյալ շարքի գոյությունը՝ սկսած ծաղկափոշու հատիկների զանգվածից, որոնք միմյանց հետ միացած են միայն թելիկներով, և սպիից, որը հազիվ տարբերվում է սովորական ծաղկի սպիից, և վերջացրած վերին աստիճանի բարդ կառուցված ծաղկափոշու զանգվածով, որը զարմանալիորեն հարմարված է միջատների միջոցով տեղափոխության համար։ Նա չի կարող ժխտել նաև այն, որ բոլոր այդ աստիճանները համապատասխան տեսակների մոտ հիանալի կերպով հարմարված են ծաղկի ընդհանուր կառուցվածքին և նրա բեղմնավորմանը զանազան միջատների օգնությամբ։ Այս, ինչպես և համարյա ամեն մի այլ դեպքում, հետազոտությունը կարելի է տարածել ավելի ևս հեռու. կարող են հարցնել, հապա ի՞նչ կերպով սովորական ծաղկի սպին դարձել է մածուցիկ. բայց քանի որ էակների ոչ մի խմբի լրիվ պատմությունը մեզ հայտնի չէ, ապա նույնպես էլ անօգուտ է հարցնելը, ինչպես և անհուսալի է փորձել այդպիսի հարցերին պատասխանելը։
 
Այժմ դառնանք մագլցող բույսերին. նրանք կարող են դասվել մի երկար շարքում՝ սկսած նրանցից, որոնք պարզապես փաթաթվում են նեցուկի շուրջը, անցնելով նրանց, որոնք կառչում են տերևներով և վերջացրած նրանցով, որոնք օժտված են խիղբերով։ Այս վերջին երկու դասերի ցողունները սովորաբար, թեև ոչ միշտ, կորցնում են փաթաթվելու ընդունակությունը, բայց պահպանում են իրենց գագաթները պտտելու ընդունակությունը, որով օժտված են նաև խիղբերը։ Անցումները կառչող տերևներից դեպի խիղբեր ունեցողները զարմանալիորեն աստիճանական են, և շատ բույսեր կարող էին առանց խտրության դասվել այդ երկու դասերից ամեն մեկում։ Բայց սովորական փաթաթվող բույսերից դեպի տերևներով կառչող բույսերին անցնելիս առաջանում է բոլորովին մի նոր հատկություն, այն է՝ զգայունություն շփման նկատմամբ, որի հետևանքով տերևակոթերը և ծաղկակոթերը կամ խիղբերի ձևափոխված այդ օրգանները գրգռվում են, ծռվում և փաթաթվում են իրենց շփվող առարկային։ Նա, ով կկարդա իմ հետազոտությունը այդ բույսերի մասին, ես կարծում եմ, կընդունի, որ պարզ ու փաթաթվող բույսերի և խիղբերով օժտված բույսերի միջև եղած կառուցվածքի կամ գործունեության բոլոր բազմաթիվ անցումները յուրաքանչյուր մասնավոր դեպքում վերին աստիճանի օգտակար են նրանցով օժտված տեսակների համար։ Այսպես, օրինակ, ակներև է, որ փաթաթվող բույսի համար շատ օգտակար է իր տերևներով կառչելու ընդունակություն ձեռք բերելը և շատ հավանական է, որ երկար տերևակոթեր ունեցող փաթաթվող բույսը կձևափոխվեր կառչող տերևներ ունեցող բույսի, եթե միայն այդ տերևակոթերն ունենան շփման նկատմամբ հարկավոր աստիճանի զգայունություն։
 
Քանի որ գալարվելը նեցուկի վրայով սողալու ամենապարզ եղանակն է և փաթաթվող ցողունները ներկայացնում են ամենապարզ ձևը, որը կազմում է ամբողջ շարքի հիմքը, ապա բնականաբար հարց է ծագում՝ իսկ ինչպե՞ս են ձեռք բերել բույսերն այդ ընդունակությունը նրա սկզբնական վիճակում, որը հետագայում միայն զարգացել ու կատարելագործվել է բնական ընտրությամբ։ Փաթաթվելու ընդունակությունը կախված է, նախ, այն բանից, որ շատ մատաղ ցողուններ չափազանց հեշտությամբ ճկվում են, կորանում (մի առանձնահատկություն, որ ընդհանուր է նաև չփաթաթվող բույսերի շատ մեծ թվի համար), և երկրորդ, այն բանից, որ նրանք հաջորդաբար կորանում են հորիզոնի բոլոր կողմերի վրա, կրկնելով այդ շարժումները միևնույն կարպով. այդ շարժման հետևանքով նրանք թեքվում են բոլոր կողմերը և նրանց գագաթները գծում են շրջաններ։ Հենց որ ցողունի ստորին մասը դիպչում է որևէ առարկայի և դադարում է շարժվելուց, իսկ վերինը շարունակում է թեքվել և պտտվել, ապա նա, ըստ անհրաժեշտության, բարձրանում է դեպի վերև և փաթաթվում նեցուկի շուրջը։ Պտտական շարժումը դադարում է յուրաքանչյուր ընձյուղի սկզբնական աճեցողության հետ միասին։ Քանի որ պտտելու այդ ընդունակությամբ օժտված են բույսերի միմյանցից հեռու կանգնած ընտանիքների առանձին սեռեր և առանձին տեսակներ, ուստի ակներև է, որ նրանք փափաթվող բույսեր են դառել մեկը մյուսից բոլորովին անկախ կերպով, այլ ոչ թե մի ընդհանուր նախահորից ժառանգելու շնորհիվ։ Սրանից ես կարող էի նախագուշակել, որ այդպիսի շարժումների նկատմամբ թույլ հակումը պետք է ամենևին էլ հազվադեպ չլինի նաև չփաթաթվող բույսերի մեջ և որ այդ հակումը ծառայել է որպես հիմք, որը վաղուց մշակվել ու կատարելագործվել է բնական ընտրության միջոցով։ Երբ ես արեցի այդ կանխագուշակումը, ինձ հայտնի էր միայն մի շատ անկատար դեպք, այն է՝ Maurandia-ի մատաղ ծաղկակոթերը, որոնք թեթևակի և շատ անկանոն կերպով պտտվում են փաթաթվող բույսերի ցողունների նման, բայց դրանից իրենց համար ոչ մի օգուտ չեն քաղում։ Շատ չանցած՝ Ֆրից Մյուլլերը նկատել է, որ Alisma-ի և կտավատի՝ բնական սիստեմում մեկը մյուսից հեռու տեղ գրավող այդ չփաթաթվող բույսերի մատաղ ցողունները ակնհայտորեն պտտվում են, թեև անկանոն կերպով. նա ավելացնում է, թե հիմք ունի կասկածելու, որ այդ երևույթը գոյություն ունի նաև մի քանի այլ բույսերի մոտ։ Այդ թույլ շարժումները, ըստ երևույթին, ոչ մի նշանակություն չունեն հիշված բույսերի համար, համենայն դեպս նրանք ոչ մի առնչություն չունեն բույսի վեր մագլցելու ընդունակության հետ, որը և միմիայն մեզ հետաքրքրում է։ Ինչ էլ որ լինի, մենք կարող ենք պատկերացնել, որ եթե այդ բույսերի ցողունները հեշտությամբ ճկվել են և եթե իրենց գոյության պայմաններում նրանց ձեռնտու է եղել դեպի վեր մագլցելը, ապա աննշան ու անկանոն պտտվելու այդ սովորությունը ևս կարող էր ուժեղացվել ու օգտագործվել բնական ընտրությամբ այն աստիճան, որ այդ տեսակները կփոխարկվեն իսկական փաթաթվող բույսերի։
 
Տերևակոթերի, ծաղկակոթերի և խիղբերի գրգռականության վերաբերմամբ կիրառենք կշռադատության գրեթե նույն եղանակը, ինչ որ փաթաթվող բույսերի պտտական շարժումների վերաբերմամբ։ Քանի որ այդքան մեծ թվով տեսակներ, որոնք պատկանում են մեկը մյուսից հեռու կանգնած խմբերի, ունեն այդպիսի գրգռականություն, ապա մենք պետք է սպասենք, որ կհանդիպենք նրանց սաղմնային վիճակում նաև այնպիսի բույսերի վրա, որոնք չեն դարձել փաթաթվող։ Այդ էլ նկատվում է իրականության մեջ։ Ես նկատել եմ, որ սրանից առաջ հիշատակած Maurandia-ի մատաղ ծաղկակոթերը թեթևակի ծռվում էին դեպի այն կողմը, որ կողմից նրանց հետ շփվում էին։ Մորրենը նկատել է, որ թթվառվույտի մի քանի տեսակների տերևները և տերևակոթերը, հատկապես երբ նրանք կիզիչ արևի տակ են գտնվել, կրկնվող զգուշավոր հպումների կամ ցնցումների ժամանակ ցուցաբերել են շարժումներ։ Ես կրկնել եմ այդ փորձերը նույնպիսի հաջողությամբ թթվառվույտի այլ տեսակների վրա. մի քանիսի շարժումը շատ ակներև էր, նա ամենից լավ նկատվում էր մատաղ տերևների վրա. այլ տեսակների շարժումները չափազանց աննշան էին։ Շատ կարևոր է այն փաստը, որ հաստատել է այնպիսի բարձր հեղինակություն, ինչպիսին է Հոֆմեյստերը, որ բոլոր բույսերի մատաղ ընձյուղները և տերևները ցուցաբերում են շարժում՝ որպես ցնցումների հետևանք. և մենք գիտենք, որ փաթաթվող բույսերի տերևակոթերը և խիղբեըը գրգռականություն են ցուցաբերում միայն աճման վաղ ստադիաներում։
 
Հազիվ թե կարելի է ընդունել, որ նման հազիվ նշմարելի շարժումները, որոնք առաջանում են շփումից կամ ցնցումից մատաղ աճող օրգաններում, կարող են ունենալ որևէ ֆունկցիոնալ նշանակություն։ Բայց բույսը զանազան արտաքին գրգիռների ազդեցության տակ ընդունակություն ունի ցուցաբերելու շարժումներ, որոնց նշանակությունը ակներև է. այդպիսիներն են, օրինակ, շարժումները դեպի լույսը և ավելի հազվադեպ է լույսին հակառակ, շարժումները ծանրության ուժի ներգործության հակառակ ուղղությամբ, կամ ավելի հազվադեպ՝ նրա ներգործության ուղղությամբ։ Երբ կենդանու նյարդերը և մկանները գրգռվում են գալվանականությամբ կամ ստրիխնինի ներգործությամբ, դրանից առաջացող շարժումները կարող են անվանվել պատահական, որովհետև նյարդերը և մկանները, ի հարկե, հատկապես այդ գրգիռներին հարմարված չեն։ Այդպես են նաև բույսերը, որոշ գրգիռների ազդեցության տակ շարժվելու ընդունակությունն ունենալով՝ նրանք պատահականորեն գրգռվում են նաև շփումից կամ ցնցումից։ Հետևաբար, կարելի է առանց դժվարության ընդունել նաև տերևներով ու խիղբերով կառչող բույսերի վերաբերմամբ, որ նրանց մեջ ևս այդ ընղհանուր ընդունակությունը աջակցություն է ստացել ու զարգացել բնական ընտրության միջոցով։ Սակայն իմ հետազոտության մեջ շարադրածս պատճառների հիման վրա հավանական է թվում, որ այդ բոլորը կարող է տեղի ունենալ միայն բույսերի հետ, որոնք արդեն ունեն պտտվելու ընդունակություն և, հետևաբար, արդեն դարձել են փա֊ թաթվող։
 
Ես արդեն փորձել եմ բացատրել, թե ինչպես բույսերը դարձել են փաթաթվող այն ընդունակության ուժեղացման շնորհիվ, որի միջուկով նրանք կատարել են թույլ և անկանոն, սկզբում ոչ մի օգուտ չներկայացնող պտտական շարժումներ, այդ շարժումները, ինչպես նաև շփումից ու ցնցումից առաջացողները, իրենց հերթին հանդիսացել են շարժվելու ընդհանուր ընդունակության պատահական հետևանք, որ ձեռք է բերվել բոլորովին այլ և օգտակար նպատակների համար։ Հանձն չեմ առնում լուծելու այն հարցը, թե փաթաթվող բույսերի աստիճանական զարգացումը բնական ընտրության միջոցով արդյո՞ք տեղի է ունեցել վարժության ժառանգական հետևանքների աջակցությամբ, բայց մեզ հայտնի է, որ մի քանի պարբերական շարժումներ, ինչպես, օրինակ, այսպես կոչված բույսերի քունը կախված է նրանց կառուցվածքից։
 
Ես քննարկեցի բավականաչափ, գուցե և նույնիսկ ավելի քան բավականաչափ դեպքեր, որոնք խնամքով ընտրվել են հմուտ բնախույզի կողմից որպես ապացույց, որ անհնարին է բնական ընտրության օգնությամբ բացատրել օգտակար հարմարումների սաղմնային ստադիաները, և ես հույսով եմ, թե ցույց տվեցի, որ այդ տեսակետից ոչ մի լուրջ դժվարություն չի հանդիպում։ Միաժամանակ լավ առիթ ներկայացավ մի քիչ ավելի մանրամասն կանգ առնելու կառուցվածքի աստիճանական այն տարբերությունների հարցի վրա, որ հաճախ կապված են գործունեությունների ձևափոխման հետ, մի կարևոր հարց, որը բավանակաչափ մանրամասնությամբ չի զարգացվել այս աշխատության նախորդ հրատարակություններում։ Ես այժմ համառոտակի կկրկնեմ բերված օրինակները։
 
Ընձուղտի վերաբերմամբ կասենք՝ շարունակ պահպանվել են մի ինչ որ անհետացած բարձրահասակ որոճողի անհատները, որոնք ունեցել են ամենաերկար վիզ, ոտներ և այլն և կրծել են միջին բարձրությունից քիչ ավելի բարձր բույսեր, ինչպես նաև շարունակ ոչնչացել են անհատներ, որոնք չեն կարողացել այդքան բարձր բույսեր կրծել, այս կարող է լիովին բացատրել այդ զարմանալի չորքոտանու գոյացումը։ Միասին վերցրած այղ բոլոր մասերի երկարատև վարժությունը՝ կապված ժառանգականության հետ, զգալի չափով կարող էր նպաստել նրանց կոորդինացիային։ Այն միջատների վերաբերմամբ, որոնք նմանվում են զանազան առարկաների, անհավանական չի թվա, որ բնական ընտրության ներգործության համար ելանյութ է հանդիսացել պատահական նմանությունը մի որևէ սովորական առարկայի հետ։ Այդ նմանությունը կարող էր շարունակ ավելի ու ավելի մեծանալ պահպանելով իրեն մեծացնող աննշան փոփոխությունները, ընդ որում այդ պրոցեսը շարունակվել է այնքան, մինչև որ միջատը փոփոխվել է, մինչև որ ավելի ու ավելի կատարյալ նմանությունը կարողացել է ծառայել որպես միջոց, որով նա պաշտպանվել է շատ սրատես թշնամիների հետապնդումից։ Կետերի մի քանի տեսակների մոտ երևան է գալիս քիմքի վրա անկանոն, կետերի ձևով դասավորված եղջերային կույտեր առաջացնելու ձգտում, միանգամայն հնարավոր է, որ բնական ընտրությունը պահպանել է բոլոր բարենպաստ փոփոխությունները, մինչև որ այդ կույտերը դարձել են սկզբում շերտավոր թմբիկներ կամ ատամիկներ, նման նրանց, որոնք հանդիպում ենք սագի կտուցի մեջ, հետո կարճ թիթեղիկներ, ինչպես ընտանի բադինն է, այնուհետև նույնքան կատարյալ թիթեղիկներ, որքան լայնակտուցինն է, և վերջապես, այսպես կոչված կետոսկրի հսկայական թիթեղներ գրենլանդական կետի բերանում։ Բադերի ընտանիքում այգ թիթեղիկները գործ են ածվում սկզբում որպես ատամներ, այնուհետև մասամբ որպես ատամներ, մասամբ որպես քամող ապարատ և, վերջապես, բացառապես միայն այս վերջին նպատակի համար։
 
Այդպիսի օրգանների՝ ինչպես հենց նոր հիշատակած եղջերային թիթեղիկի կամ կետոսկրի առաջացման ժամանակ, որքան մենք կարող ենք դատել, սովորությունները կամ վարժությունը միայն շատ քիչ կարող էին նպաստել կամ նույնիսկ բոլորովին չեն նպաստել կատարելագործման պրոցեսին։ Մյուս կողմից, ներքևի աչքի տեղափոխումը դեպի գլխի վերևի կողմը կամ կառչուն պոչի առաջացումը կարելի է գրեթե բացառապես վերագրել անընդհատ վարժությանը՝ շաղկապված ժառանգականության հետ։ Բարձրակարգ կենդանիների պտուկների վերաբերմամբ ամենահավանական ենթադրությունն այն է, որ սկզբում ենթամաշկային գեղձերը պարկավորների պարկի ամբողջ մակերեսի վրա արտաթորել են սննդարար հեղուկ և որ հետո այդ գեղձերը կատարելագործվել են բնական ընտրության միջոցով և կենտրոնացել են որոշ սահմանափակ մակերեսների վրա, որով և պտուկների առաջացման հիմք է դրվել։ Հին փշամորթների մոտ պաշտպանության համար ծառայող ճյուղավոր փշերի ժամանակակից եռաբաժան պեդիցելլյարիաների ձևափոխվելու բացատրությունը նույնպես քիչ դժվարություն է ներկայացնում, ինչպես որ խեցեմորթների բռնաչանչերի առաջացումը սկզբում բացառապես շարժման համար նախանշված վերջավորությունների վերջին ու նախավերջին հատվածներից։ Մամռակենդանիների ավիկուլարիաները և վիբրակուլները ներկայացնում են իրենց արտաքինով խիստ տարբերվող, բայց մեկ աղբյուրից առաջացած օրգաններ, և վիբրակուլների վերաբերմամբ մենք կարող ենք ըմբռնել, թե ինչ օգուտ են բերել զարգացման միջակա ստադիաները։ Ինչ վերաբերում է խոլորձիների ծաղկափոշու զանգվածներին, ապա կարելի է հետամուտ լինել, թե ինչպես թելիկները, որ սկզբում կապում են միմյանց հետ ծաղկափոշու հատիկները, կարող են իրար հետ միաձուլվել ու կազմել կոթուն, ճիշտ այդպիսի ստադիաների միջոցով կարելի է հետամտել, թե ինչպես կպչուն նյութը, որը նման է սովորական ծաղիկների սպիների վրա արտադրվող և գրեթե նույն նպատակին ծառայող նյութին, կապված է լինում կոթունների ազատ վերջավորությունների հետ, ընդ որում այդ բոլոր անցումային աստիճանները ակներևորեն օգտակար են նրանցով օժտված բույսերին։ Փաթաթվող բույսերի մասին ես ավելորդ եմ համարում կրկնել այն, ինչ որ ասվել է քիչ առաջ։
 
Հաճախ հարց է հարուցվել, թե՝ եթե բնական ընտրությունը այդպես հզոր ուժ է ներկայացնում, հապա ինչո՞ւ նա չի օժտել որոշ տեսակների այս կամ այն օրգանով, որ հավանորեն կարող էր նրանց օգտակար լինել։ Սակայն միանգամայն անխոհեմություն է նման հարցերին որոշակի պատասխան սպասելը, հիշելով, թե որքան խորն է մեր անգիտակությունը ամեն մի տեսակի անցյալ պատմության և այն պայմանների մասին, որոնք ներկայումս որոշում են նրա թիվը և տարածման սահմանները։ Մեծ մասամբ կարելի է նշել այդ երևույթների ընդհանուր և միմիայն հազվագյուտ դեպքերում մերձավոր պատճառները։ Մի որևէ տեսակ որպեսզի հարմարվի նոր կենսակերպի, անհրաժեշտ են բազմաթիվ միաժամանակ տեղի ունեցող փոփոխություններ, և հաճախ կարող էր պատահել, որ համապատասխան մասերում հարկավոր ուղղությամբ կամ հարկավոր չափով փոփոխություններ չեն դրսևորվել։ Շատ տեսակների բազմացումը կարող էր դադարել այն գործոնների քայքայիչ ներգործության հետևանքով, որ ոչ մի առնչություն չունեն այնպիսի օրգանների հետ, որոնք մեզ թվում են օգտակար և կարծես կարող էին առաջանալ բնական ընտրության միջոցով։ Այդպիսի դեպքերում, քանի որ գոյության կռիվը չէր պայմանավորվել այդ օրգաններով, նրանք չէին կարող մշակվել բնական ընտրությամբ։ Հաճախ որոշ օրգանի զարգացման համար կարող էին անհրաժեշտ լինել միանգամայն յուրահատուկ բարդ և երկարատև պայմաններ, իսկ այդպիսի պայմաններ կարող էին միայն շատ հազվագյուտ դեպքում իրագործվել։ Այն ենթադրությունը, թե տվյալ յուրաքանչյուր օրգան, որը մեր, հաճախ սխալ կարծիքով կարող էր օգտակար լինել տեսակի համար, պետք է բոլոր հանգամանքներում առաջանա ր բնական ընտրության շնորհիվ, ուղղակի հակասում է նրան, ինչ մեզ հայտնի է այդ սկզբունքի ներգործության եղանակի մասին։ Միստր Մայվարտը չի ժխտում, որ բնական ընտրությունը որոշ բան արել է, բայց նա կարծում է, որ կարելի է ապացուցել նրա «ակնհայտ անբավարարությունը» ամբողջ մի շարք երևույթների բացատրության համար, որոնք ես բացատրում եմ բնական ընտրությամբ։ Նրա ամենագլխավոր փաստարկներն այստեղ քննարկվել են, իսկ մնացածները ուշադրության կառնվեն հետագայում։ Ինձ թվում է, որ նրանք ապացուցականություն չունեն և շատ քիչ կշիռ են ներկայացնում նրանց համեմատությամբ, որոնք առաջադրվում են հօգուտ բնական ընտրության ներգործության, որին օժանդակում են նաև այլ գործոններ, որոնց մասին հաճախ է հիշատակվել։ Իմ պարտքն եմ համարում նկատել, որ վերևում իմ շարադրած փաստերից ու ապացույցներից մի քանիսը նույն նպատակով արդեն բերվել են մի հիանալի հոդվածում, որը վերջերս լույս է տեսել «Medico-Chirurgical Review»<ref>Բժշկավիրահատական հանդես։— ''Խմբ.։''</ref>-ում։
 
Ներկայումս համարյա բոլոր բնախույզներն ընդունում են էվոլյուցիան այս կամ այն ձևով։ Մ-ր Մայվարտը ենթադրում է, որ տեսակները փոփոխվում են և այդ փոփոխությունը առաջանում է ինչ որ «ներքին ուժով կամ ձգտմամբ», որի բնույթի մասին ոչինչ հայտնի չէ։ Որ տեսակները փոփոխվելու ընդունակություն ունեն, այդ ընդունում են բոլոր էվոլյուցիոնիստները, բայց, իմ կարծիքով, ոչ մի կարիք չկա հրավիրելու որևէ ներքին ուժի միջամտությունը, բացի սովորական փոփոխականության հակումից, որը արհեստական ընտրության աջակցությամբ, մարդու մասնակցությամբ սկիզբ է տվել հիանալի կերպով հարմարված ընտանի ցեղերին, իսկ բնական ընտրության աջակցությամբ նա նույնպես կարող էր աննկատելի անցումների միջոցով առաջացնել բնական ցեղեր, կամ տեսակներ։ Վերջնական հետևանքում, ինչպես արդեն բացատրվել է, ստացվել է կազմվածքի ընդհանուր առաջադիմություն, իսկ քիչ դեպքերում նաև հետադիմություն։
 
Մ-ր Մայվարտը այնուհետև ըստ երևույթին հակվում է դեպի այն կարծիքը, որին համաձայն են նրա հետ նաև մի քանի բնախույզներ, որ նոր տեսակները երևան են եկել «նաև միանդամից առաջացած փոփոխությունների միջոցով»։ Այսպես, օրինակ, նա ենթադրում է, որ մահաջնջված եռամատ հիպարիոնի և ձիու միջև եղած տարբերությունը հանկարծակի է առաջացել։ Նա դժվարանում է ենթադրել, որ թռչունի թևը, «կարող էր առաջանալ այլ կերպ, քան խիստ արտահայտված ու կարևոր հատկության համեմատաբար հանկարծակի փոփոխությամբ», ըստ երևույթին, նույն տեսակետը նա պատրաստ է տարածելու նաև չղջիկի և պտերոդակտիլի թևի վրա։ Այդ եզրակացությունը, որ հարկադրում է ենթադրելու հսկայական ընդմիջումներ զարգացման վարընթաց շարքերում, ինձ վերին աստիճանի անհավանական է թվում։
 
Էվոլյուցիայի դանդաղության ու հաջորդականության մեջ համոզված յուրաքանչյուր ոք անշուշտ կընդունի, որ տեսակների փոփոխությունները կարող էին նույնքան ցայտուն և մեծ լինել, որքան այն եզակի փոփոխություններից ամեն մեկը, որ մենք հանդիպում ենք բնության մեջ կամ նույնիսկ արհեստական ցեղերում։ Բայց քանի որ ընտանեցված և մշակովի վիճակում տեսակներն ավելի փոփոխական են, քան բնական վիճակում, ուստի քիչ հավանական է թվում, որ բնության մեջ նույնպես հաճախ հանդիպեն այդպիսի ցայտուն և հանկարծական փոփոխություններ, ինչպիսիք երբեմն հանդիպում են ընտանեցված ու մշակովի ձևերի մեջ։ Այս վերջին փոփոխություններից շատերը պետք է վերադրել վերադարձին դեպի նախկին հատկանիշները, իսկ այս վերջինները, հավանորեն, սկզբում շատ դեպքերում ձեռք են բերվել աստիճանաբար։ Ավելի մեծ թվով փոփոխություններ պետք է դասել այլանդակությունների շարքը. այդպիսիներն են վեցմատնանի մարդիկ, խոզանանման մազերով մաշկ ունեցող մարդիկ, անկոնյան ոչխարները, նիատային եղջերավոր անասունները և այլն, և քանի որ նրանք խիստ տարբերվում են բնական տեսակներից, այդ պատճառով էլ շատ քիչ լույս են սփռում մեզ հետաքրքրող հարցի վրա։ Եթե հանկարծակի փոփոխության նման դեպքերը բացառենք, ապա մնացած դեպքերը, եթե նրանք գտնվել են բնության մեջ, կդասվեին կասկածելի տեսակների թվում, որոնք սերտ կերպով կապված են իրենց նախասկզբնական տիպերի հետ։
 
Այն ապացույցները, որոնք ինձ հարկագրում են կասկածել նրանում, որ բնական տեսակները կարող էին փոփոխվել այնպես հանկարծակի կերպով, ինչպես այդ պատահում է ընտանի ցեղերի հետ, և հարկադրում են ինձ վերջնականապես ժխտել նրանց փոփոխությունների այդ հրաշագործ եղանակը, որ ենթադրում է մ-ր Մայվարտը, հետևյալներ են։ Մեր փորձի հիման վրա հանկարծական և խիստ արտահայտված փոփոխությունները մեր ընտանի ցեղերի մեջ երևան են գալիս որպես եզակի դեպքեր և ժամանակի երկար ընդմիջումներից հետո։ Եթե այդպիսի փոփոխությունները երևան են եկել բնական վիճակում, նրանք, ինչպես պարզաբանվել է առաջ, շատ հեշտությամբ կանհետանային պատահական քայքայիչ պատճառների և ձևերի հետագա խաչաձևման հետևանքով, նույնը ճիշտ է նաև ընտանի ցեղերի նկատմամբ, եթե միայն այդ հանկարծական փոփոխությունները առանձին խնամքով չեն պահպանվում և ընտրվում մարդու հոգատարությամբ։ Ուրեմն մ-ր Մայվարտի մատնանշած եղանակով տեսակների հանկարծական առաջացումն ընդունելու, համար պետք է հակառակ բոլոր անալոգիաներին ընդունենք, որ միաժամանակ միևնույն մարզում այդպիսի հրաշագործ եղանակով առաջացել են մի քանի փոփոխված անհատներ։ Այդ դժվարությունը, ինչպես որ մարդու կատարած անգիտակցական ընտրության դեպքում, վերացվում է աստիճանական էվոլյուցիայի տեսության տեսակետից այն ենթադրությամբ, որ մեծ թվով անհատներ ավելի կամ պակաս փոփոխվել են բարենպաստ ուղղությամբ և պահպանվել, իսկ հակառակ ուղղությամբ փոփոխված մեծ թվով անհատներ ենթարկվել են ոչնչացման։
 
Կասկած չի կարող լինել, որ զգալի թվով տեսակներ առաջացել են չափազանց դանդաղ և աստիճանական փոփոխության միջոցով։ Մի քանի բնական մեծ ընտանիքների տեսակները և նույնիսկ սեռերն ունեն ազգակցության այնպիսի սերտ աստիճան, որ նրանց մեջ դժվար զանազանելիները քիչ չեն։ Յուրաքանչյուր մայր ցամաքում, շարժվելով հյուսիսից դեպի հարավ կամ հարթավայրից դեպի բարձունքները, մենք հանդիպում ենք բազմաթիվ իրար մոտ ազգակից կամ այսպես կոչված փոխարինող տեսակների. նույնը մենք ունենք նաև որոշ մեկուսացած մայր ցամաքների վրա, որոնք, ինչպես մենք հիմք ունենք ենթադրելու, առաջ միացած են եղել միմյանց հետ։ Արտահայտելով այս և հետագա դիտողությունները, ես ստիպված եմ վկայակոչել որոշ տվյալներ, որոնք կքննարկվեն հետագայում<ref>Տե՛ս գլուխ XIII. «Աշխարհագրական տարածում»։— ''Խմբ.։''</ref>։ Մի հայացք գցեք որևէ մայր ցամաք եզրապատող և ափից հեռու գտնվող շատ կղզիների վրա և ուշադրություն դարձրեք, թե ինչպես նրանց բնակիչների զգալի քանակը կարելի է բարձրացնել միայն մինչև կասկածելի տեսակների աստիճանի։ Ճիշտ այդպես էլ է, երբ մենք աչքի ենք անցնում անցյալը և միևնույն մարզի սահմաններում ասպարեզից հենց նոր հեռացած տեսակները համեմատում ենք դեռ գոյություն ունեցող տեսակների հետ, կամ եթե մենք համեմատում ենք միմյանց հետ բրածո տեսակները, որոնք պարփակված են միևնույն երկրաբանական ֆորմացիայի հաջորդող կեղևաշերտերում։ Ակնհայտ է, որ բազմաթիվ տեսակներ սերտ կերպով կապված են դեռ գոյություն ունեցող կամ դեռ վերջերս գոյություն ունեցած տեսակների հետ, և դրանց վերաբերմամբ անշուշտ ոչ ոք չի պնդի, թե նրանք առաջացել են հանկարծակի կերպով։ Ինչպես և չպետք է մոռանալ, որ երբ մենք ուշադրություն ենք դարձնում միմյանց մերձավոր առանձին տեսակների կառուցվածքի առանձին մասերի վրա, այլ ոչ թե առանձին տեսակների վրա, այդ դեպքում մենք կարող ենք հետամուտ լինել բազմաթիվ և զարմանալի նուրբ անցումների, որոնք շաղկապում են միմյանց հետ խիստ տարբեր օրգաններ։
 
Փաստերի բազմաթիվ խմբերը հասկանալի են դառնում, եթե միայն ելնում ենք այն սկզբունքից, որ տեսակները փոփոխվել են շատ անզգալի աստիճաններով։ Այսպիսին է, օրինակ, այն փաստը, որ մեծ սեռերին պատկանող տեսակները ավելի մեծ չափով են նմանվում իրար և ունեն ավելի մեծ թվով տարատեսակներ, քան փոքր սեռերի տեսակները։ Առաջին կարգի տեսակները նույնպես կենտրոնացած են փոքրիկ խմբերում այնպես, ինչպես տարատեսակները խմբվում են տիպական տեսակային ձևերի շուրջը, նրանք ներկայացնում են նաև այլ համանմանություններ տարատեսակների հետ, ինչպես այդ ցույց է տրված մեր գրքի երկրորդ գլխում։ Այս սկզբունքի հիման վրա մենք կարող ենք բացատրել, թե ինչու տեսակային հատկանիշներն ավելի փոփոխական են, քան սեռային հատկանիշները, և ինչու անսովոր կերպով և անսովոր աստիճանի զարգացած մասերը նույնպես ավելի փոփոխական են, քան մնացած մասերը։ Այստեղ կարելի էր բերել անալոգ շատ փաստեր, որոնք սէալիս են նման ցուցումներ։
 
Թեև շատ բազմաթիվ տեսակներ գրեթե հաստատապես առաջացել են հաղորդական աստիճաններով, որոնց տարբերությունները ավելի մեծ չեն, քան ամենանուրբ տարատեսակների միջև եղած տարբերությունները, այնուամենայնիվ կարելի է ընդունել, որ այլ դեպքերում անցումը կարող էր կատարվել մի այլ, ավելի հանկարծական եղանակով, բայց այդպիսի ենթադրությունը չի կարելի ընդունել առանց պարզորոշ ակներևություն ներկայացնելու։ Հեռավոր և շատ դեպքում սխալ անալոգները, ինչպես այդ ցույց է տվել Չոնսեյ Ռայտը (Chauncey Wright), որոնք ներկայացված են ի պաշտպանություն այդ տեսակետի, ինչպես, օրինակ, անօրգանական նյութերի բյուրեղացման հանկարծականությանը կամ մի բազմակողմանու փոխարկվելը մի ուրիշի՝ նրա կողմերի փոփոխության միջոցով, հազիվ թե արժանի են ուշադրության։ Փաստերի միայն մեկ կատեգորիան, այն է՝ կյանքի այն նոր ձևերի երևան գալը, որոնք տարբերվում են մնացածներից մեր երկրաբանական ֆորմացիաներում, առաջին հայացքից կարծես թե հաստատում է այդ ենթադրությունը հանկարծական փոփոխության մասին, բայց այդ վկայությունների համոզարարությունը կախված է բացառապես երկրի պատմության հեռավոր ժամանակաշրջանների վերաբերյալ երկրաբանական տարեգրության կատարելության աստիճանից։ Եթե այդ տարեգրությունն այդքան կցկտուր է, ինչպես հաստատում են շատ երկրաբաններ, ապա զարմանալի ոչինչ չկա, որ շատ ձևեր մեզ թվում են հանկարծակի կերպով զարգացած։
 
Եթե միայն մենք չընդունենք այն ձևափոխությունները, որ նույնքան հրաշալի են, ինչպես մ-ր Մայվարտի պաշտպանածները, ինչպիսիք են թռչունի կամ չղջիկի թևի հանկարծակի երևան գալը, կամ Հիպարիոնի նույնպիսի հանկարծակի փոխարկվելը ձիու, ապա ես չեմ կարծում, որ հանկարծական ձևափոխությունների մասին եղած ենթադրությունը որևէ լույս կսփռեր մեր երկրաբանական տարեգրության մեջ շաղկապող օղակների բացակայության վրա։ Հանկարծական փոփոխությունների գոյությանը համոզվելու դեմ բողոքում է նաև սաղմնաբանությունը։ Հասկանալի է այն փաստի կարևորությունը, որ թռչունի կամ չղջիկի թևերը և ձիու կամ որևէ այլ չորքոտանու ոտքերը սաղմի զարգացման վաղ շրջանում միմյանցից չեն տարբերվում և, միայն ավելի ուշ դիֆերենցվում են աստիճանաբար համարյա անզգալի աստիճաններով։ Սաղմնաբանական նմանության բազմապիսի գծերը կարելի է, ինչպես մենք հետագայում կտեսնենք, բացատրել նրանով, որ գոյություն ունեցող տեսակների նախնիները փոփոխվել են ոչ թե իրենց զարգացման ամենավաղ ժամանակաշրջանում, այլ իրենց ձեռք բերած հատկանիշները փոխանցել են իրենց հետնորդներին համապատասխան հասակում։ Ուրեմն՝ ներգործությունը համարյա չի շոշափում սաղմի զարգացման վաղ ստադիաները, և սաղմը մնում է կարծես վկա այն անցյալ վիճակների, որոնցով անցել է տեսակը։ Դրանով է բացատրվում այն փաստը, որ գոյություն ունեցող տեսակները իրենց զարգացման վազ ստադիաների ընթացքում այնքան հաճախ նմանվում են նույն ղասի ավելի հին ու անհետացած ձևերին։ Սաղմնաբանական նմանության տեսակետից, բայց ըստ էության ամեն մի այլ տեսակետից էլ, անհավանական է թվում, որ կենդանին կարող էր ենթադրվել այնպիսի ակնթարթային ու հանկարծական ձևափոխությունների, որոնց մասին խոսվել է, և որ նրա զարգացման սաղմնային ստադիաները չպահպանեին այդ հանկարծական ձևափոխությունների հետքերը. կառուցվածքի յուրաքանչյուր ամենաաննշան գիծ զարգանում է աստիճանաբար, անզգալի աստիճաններով։
 
Նա, ով կարծում է, թե որևէ հին ձև ինչ որ ներքին ձգտման կամ ուժի շնորհիվ փոփոխվել է հանկարծակի կերպով, օրինակ՝ ստացել է թևեր, պետք է հակառակ ամեն մի անալոգիայի ընդունի, որ այդ փոփոխությունը միաժամանակ ընդգրկել է մեծ թվով անհատներ։ Անհնարին է ժխտել, որ կազմվածքի նման հանկարծակի և խոր փոփոխությունները խիստ կերպով հակասում են այն բանին, ինչ որ իրականում տեղի է ունեցել տեսակների մեծամասնության վերաբերմամբ։ Նա այնուհետև ստիպված կլիներ ընդունելու, որ կազմվածքի բազմաթիվ գծերը, որոնք հիանալի կերպով հարմարված են միևնույն էակի մյուս մասերին և նրան շրջապատող պայմաններին, նույնպես հանկարծակի են առաջացել, և այդ բարդ ու հրաշալի փոխադարձ հարմարումների համար նա ի վիճակի չի լինի առաջարկելու որևէ բացատրության գեթ նշույլն անգամ։ նա ստիպված կլինի ընդունելու, որ այդ խոր հանկարծական փոփոխությունները իրենց ներգործության ամենափոքր հետքն անգամ չեն թողել սաղմի վրա։ Ընդունել այդ բոլորը, ինձ թվում է, կնշանակեր անցնել հրաշքների բնագավառը, լքելով գիտության բնագավառը։
Վստահելի
1396
edits