}}
{{Թարգմանվում է}}
Ես սկսեցի գրել այս գիրքը Հոլլիի համար, իսկ ավարտեցի արդեն Մեդդիի համար։
Հեքիաթները ավելին են քան ճշմարտությունը ոչ այն պատճառով, որ պատմում են գոյություն չունեցող հրեշների մասին, այլ որովհետև նրանք մեզ ասում են․ հրեշներին կարելի է հաղթել։
::Դ․ Կ․ Չեստերտոն
Տեղափոխվելուց հետո Քորալայնը համարյա միանգամից գտավ դուռը։
Դա շատ հին տուն էր վերնահարկով և նկուղով։ Այն շրջապատված էր անխնամ այգով, որտեղ աճում էին ահռելի հին ծառեր։
Քորալայնի ընտանիքը զբաղեցրեց այդ մեծ տան երկրորդ հարկի բնակարանը։
Այդ հին տան մյուս հարկերը զբաղեցնում էին ուրիշ բնակիչներ։
Միսս Սփինքը և միսս Ֆորսիբլը, երկու կլորիկ ծեր կանայք, ապրում էին առաջին հարկում, Կորալայնենց բնակարանի տակ։ Նրանք պահում էին մի քանի շոտլանդական տերյերներ, որոնց կարծես անվանում էին Հեմիշ, Էնդրյու և Ջոն։ Ինչպես հայտնեց առաջին հանդիպման ժամանակ Քորալայնին միսս Սփինքը, իրենք դերասանուհիներ էին եղել։
― Գիտես, Քարոլայն, ― ասաց Միսս Սփինքը, սխալ անունով դիմելով աղջկան, ― ես և միսս Ֆորսիբլը ժամանակին շատ հայտնի դերասանուհիներ էինք։ Մեզ ճանաչում էին Անգլիայի սահմաններից շա՜տ հեռու, սիրելիս։ Մի՛ տուր Հեմիշին խմորեղեն, նրա փորը կցավի և նա կտանջվի ողջ գիշեր։
― Իմ անունը Քորալայն է, այլ ոչ թե Քարոլայն։ Քորալայն։
Քորալայնի վերևում, տանիքի տակ, ապրում էր մեծ բեղերով տարօրինակ մի ծերուկ։ Նա ասաց Քորալայնին, որ վարժեցնում է մկնիկներ, բայց ոչ մեկին թույլ չի տալիս նրանց տեսնել։
― Մի օր, փոքրիկ Քարոլայն, երբ համարները պատրաստ լինեն, ողջ աշխարհը կտեսնի այդ հրաշալի կրկեսը։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչու չի կարելի նրանց տեսնել հենց հիմա։ Դա՞ էիր ուզում հարցնել։
― Ոչ, ― հանգիստ պատասխանեց Քորալայնը, ― ես ուզում եմ խնդրել ձեզ, որ ինձ չանվանեք Քարոլայն։ Իմ անունը Քորալայն է։
― Դու չես կարող տեսնել այդ կրկեսը, որովհետև փորձերը դեռ չեն ավարտվել։ Բացի այդ, նրանք հրաժարվում են նվագել այն երգը, որ գրել եմ նրանց համար։ Մկների համար գրված իմ բոլոր երգերը, պետք է նվագել «տու֊դում, տու֊դում» ռիթմով։ Իսկ սպիտակ մկները չգիտես ինչու նվագում են «պամ֊պարամին» նման մի բան։ Ես էլ մտածում եմ, որ գուցե նրանց պետք է կերակրել պանրի ուրիշ տեսակներով։
Քորալայնը չհավատաց, որ մկների կրկես գոյություն ունի, նա որոշեց, որ ծերունին այդ բոլորը հնարել է։
Քորալայնը սկսեց հետազոտել այգին։ Այգին շատ մեծ էր։ Թենիսի հին խաղահրապարակը այգու եզրին էր։ Տան բնակիչները չէին խաղում թենիս, ցանկապատում մեծ անցքեր էին առաջացել, իսկ ցանցը փտել էր։
Այգին էլ շատ անխնամ էր․ փոքրիկ ու թառամած վարդի թփեր, ալպիական թմբիկ, որի վրա բացի քարերից ոչինչ չկար։ Բացատում աճում էին թունավոր սնկեր։ Երբ Քորալայնը պատահաբար նրանցից մեկին դիպավ, հոտն անտանելի էր։
Նա գտավ նաև ջրհորը։ Տեղափոխվելու առաջին իսկ օրը միսս Սփինքը և միսս Ֆորսիբլը նախազգուշացրին Քորալայնին, որ այդ ջրհորին մոտենալը վտանգավոր է, այնպես որ նա ուղղակի ստիպված էր գտնել ջրհորը, որպեսզի իմանար, թե որտեղ չարժե թափառել։
Երրորդ օրը նա գտավ ջրհորը ծառերի ետևում, բարձր, խիտ խոտերի մեջ, թենիսի խաղահրապարակից ոչ հեռու։ Ջրհորը կլոր էր, ցածր, աղյուսից շարված, համարյա ամբողջովին ծածկված առատորեն աճող բույսերով։ Ջրհորը փակված էր տախտակներով, որպեսզի ոչ ոք պատահաբար այնտեղ չընկներ։ Տախտակներից մեկի մեջ մի ոչ շատ մեծ անցք կար, Քորալայնը գցում էր այնտեղ քարեր ու կաղիններ և հաշվում, քանի վայրկյան կանցնի, մինչև ջրի մեջ շրմփան։
Այգում զբոսնելիս նա գտավ ոզնի, օձի կաշի (առանց օձի), քար, որը նման էր գորտի, ու դոդոշի, որը նման էր քարի։
Նրան հանդիպեց նաև մի սև մեծամիտ կատու, որը նստած մեկ պատին, մեկ կոճղին, հետևում էր իրեն։ Երբ Քորալայնը փորձում էր մոտենալ ու խաղալ նրա հետ, նա հպարտ հեռանում էր։
Նոր տուն տեղափոխվելուց հետո մի երկու շաբաթ Քորալայնը զբաղված էր այգին ու նրա բնակիչներին ուսումնասիրելով։
Մայրիկը կանչում էր նրան տուն միայն ճաշելու և ընթրելու։ Նաև հետևում էր, որպեսզի տանից դուրս գալիս տաք հագնվեր․ ամառը այդ տարի բավականին ցուրտ էր։ Ամեն օր աղջիկը հետազոտում էր շրջակայքը, բայց մի օր առավոտյան անձրև եկավ, և այդ օրը Քորալայնը ստիպված տանը մնաց։
― Ի՞նչ անեմ, ― հարցրեց Քորալանը։
― Կարդա, ― պատասխանեց մայրիկը։ ― Տեսաֆիլմ նայիր։ Խաղալիքներով խաղա։ Այցելիր միսս Սփինքին ու միսս Ֆորսիբլին կամ վերևում ապրող ծերունուն։
― Ոչ, ― ասաց Քորալայնը։ Չեմ ուզում։ Ես ուզում եմ շարունակել իմ հետազոտությունները։
― Արա, ինչ ուզում ես, ― ասաց մայրիկը, ― միայն տունը տակն ու վրա չանես։
Քորալայնը մոտեցավ պատուհանին ու նայեց անձրևին։ Լինում են անձրևներ, որոնց տակ կարելի է զբոսնել։ Բայց սա թափվում էր կարծես դույլից, կտրուկ ընկնում էր գետնին և բազմաթիվ ցայտեր առաջացնում։ Դա շատ գործնական անձրև էր, և այդ օրը նրա գլխավոր գործն էր՝ դարձնել այգին ջրի ու ցեխի խառնուրդ։
Քորալայնը նայեց բոլոր այն ֆիլմերը, որոնց տեսաերիզները գտավ տանը, խաղաց բոլոր խաղալիքներով և մի անգամ էլ վերընթերցեց իր բոլոր գրքերը։
Նա միացրեց հեռուստացույցը, փոխեց բոլոր ալիքները, բայց բացի ձանձրալի խոսսկցություններից ֆինանսական շուկաների մասին և թոք շոուներից, հեռուստացույցով ոչինչ ցույց չէին տալիս։
Վերջապես նա հանդիպեց մի հաղորդման, որը նրան հետաքրքրեց։ Դա կենդանիների մասին ֆիլմի վերջին մասն էր։ Ֆիլմն այն մասին էր,
թե ինչպես կենդանիները, թռչունները, միջատները վտանգի դեպքում, կերպարանափոխվում են, նմանվում ոմանք տերևների, ոմանք ճյուղիկների, ոմանք՝ ուրիշ կենդանիների։ Դա նրան մի փոքր զվարճացրեց, բայց հաղորդումը ավարտվեց, և հեռուստացույցով սկսեցին պատմել ինչ֊որ հրուշակեղենի գործարանի մասին։
Նա որոշեց, որ հիմա հայրիկի հետ խոսելու ժամանակն է։
Քորալայնի ծնողները աշխատում էին համակարգչով, իսկ դա նշանակում է, որ մեծ մասամբ տանն էին լինում։ Նրանցից ամեն մեկն ուներ իր աշխատասենյակը։
― Ողջույն, ― ասաց հայրիկը առանց գլուխը շրջելու։
― Գիտե՞ս, ― ասաց Քորալայնը, ― անձրև է գալիս․․․
― Իսկապես, ― հաստատեց հայրիկը, ― թափվում է ինչպես դույլից։
― Ամենևին ոչ, ― առարկեց Քորալայնը, ― մի քիչ կաթում է։ Կարելի՞ է զբոսնել։
― Իսկ ի՞նչ ասաց մայրիկը։
― Նա ասաց․ «Դու չես գնա զբոսնելու այսպիսի եղանակին, Քորալայն Ջոնս»։
― Ուրեմն, չես գնա զբոսնելու։
― Ես չափազանց շատ եմ ուզում ինչ֊որ բան ուսումնասիրել։
― Ուսումնասիրիր բնակարանը, ― առաջարկեց հայրիկը։ ― Ահա վերցրու թուղթն ու մատիտը։ Հաշվիր բոլոր դռներն ու պատուհանները։ Թվիր բոլոր երկնագույն առարկաները։ Գտիր տաք ջրի բաքը։ Եվ թույլ տուր ինձ հանգիստ աշխատել։
― Կարելի՞ է գնալ հյուրասենյակ։
― Միայն թե ոչինչ ձեռք չտաս։
Քորալայնը մտածեց, հետո վերցրեց թուղթն ու մատիտը և գնաց բնակարանը ուսումնսասիրելու։
Խոհանոցի կողքի պահոցասենյակում գտավ տաք ջրի բաքը։
Հաշվեց բոլոր երկնագույն առարկաները՝ դրանք հարյուր հիսուն երեք հատ էին։
Հաշվեց պատուհաները՝ քսաներեք հատ։
Հետո դռները՝ տասնչորս հատ։
Տասներեք դռները միմյանցից առանձնապես չէին տարբերվում, նրանք բացվում ու փակվում էին։ Իսկ տասնչորսերորդը, ամենամեծը, շագանակագույն փայտե դուռը հյուրասենյակի անկյունում՝ փակ էր։
Նա մոտեցավ մայրիկին և հարցրեց․
― Ի՞նչ է, այս դռան ետևում։
― Ոչինչ, թանկագինս։
― Նա պետք է ինչ֊որ տեղ տանի։
Մայրիկը բացասաբար օրորեց գլուխը։
― Արի միասին նայենք, ― ասաց նա Քորալայնին, գնաց խոհանոց և վերցրեց դռան ետևում պահված բանալիների խուրձը։ Նա երկար զննեց բանալիները, և, վերջապես ընտրեց ամենամեծ, ամենասև, ժանգով պատված բանալին։ Նրանք գնացին հյուրասենյակ։ Մայրիկը պտտեց բանալին։ Դուռը բացվեց։ Մայրիկը ճիշտ էր։ Դուռը ոչ մի տեղ չէր տանում։ Նրա ետևում, աղյուսե պատ էր։
― Երբ տունը ուներ միայն մի տեր, ― ասաց մայրիկը, ― այս դուռը ինչ֊որ տեղ տանում էր։ Հետո տունը բաժանեցին բնակարանների և այս անցումը փակեցին աղյուսով։ Երևի մյուս կողմում բնակարան է, որը դեռ ոչ ոք չի գնել։
Նա փակեց դուռը և բանալիները տեղը դրեց։
― Դու չկողպեցիր այն, ― նկատեց Քորալայնը։
Մայրիկը թոթվեց ուսերը։
― Ի՞նչ միտք ունի կողպել այն ― ասաց նա։ ― Չէ որ նրա ետևում ոչինչ չկա։
Կորալայնը ոչինչ չասաց։
Փողոցում մթնեց, իսկ անձրևը դեռ շարունակվում էր, թխկթխկացնում էր պատուհաններին և աղավաղում փողոցով սլացող մեքենաների լույսերը։
Հայրիկը ավարտեց աշխատանքը և ընթրիք պատրաստեց։
Քորալայնը կնճռոտեց դեմքը։
― Հայրիկ, դու նորից օգտվել էս ճաշերի գրքից վերցված բաղադրատոմսով։
― Սա կանաչ սոխ է և կարտոֆիլ, շոգեխաշած խոտաբույսերով և «Գրուէր» պանրով։
Քորալայնը բացասաբար շարժեց գլուխը, հանեց սառնարանից սառեցված պիցցան և դրեց միկրոալիքային ջեռոցի մեջ․․․
― Դու հո գիտես, որ ես չեմ սիրում, երբ պատրաստում ես գրքով, ― ասաց Քորալայնը, մինչ նրա ընթրիքը պտտվում էր ջեռոցում, իսկ կարմիր թվերը փոքրիկ էկրանին համրում էին մինչև պատրաստվելը մնացող վայրկյանները։
― Փորձիր, գուցե քեզ դուր գա, ― ասաց հայրիկը, բայց Քորալայնը նորից բացասաբար շարժեց գլուխը։
Այդ գիշեր Քորալայնի քունը չէր տանում։ Նա երկար ժամանակ բաց աչքերով պառկած էր մահճակալին, ու երբ արդեն քունը տարավ, հանկարծ ինչ֊որ տեղից լսեց․ «Թ֊թ֊թ֊թ֊թ֊թ․․․»։ Նա նստեց։
Ձայնը չէր դադարում։ «Ճը֊ը֊ը֊ռ֊ռ֊ռ․․․»։
Նա դուրս եկավ նախասենյակ, բայց այնտեղ ոչ ոք չկար։ Նա շրջեց նախասենյակում։ Ծնողների ննջարանից լսվում էր խռմփոց՝ դա իհարկե հայրիկն էր, ժամանակ առ ժամանակ լսվում էր քնկոտ փնթփնթոց՝ դա էլ մայրիկն էր։
Քորալայնը որոշեց, որ տարօրինակ ձայները երազում էր լսել, բայց հանկարծ նկատեց ինչ֊որ շարժվող բան։
Ստվերի նման մի մուգ բան արագորեն անցավ նախասենյակի հեռավոր անկյունը։
«Միայն թե սարդ չլինի», ― մտածեց Քորալայնը։ Սարդերի ներկայությամբ նա իրեն այնքան էլ լավ չէր զգում։
Ստվերը սահեց հյուրասենյակ, և Քորալայնը չնայած վախին հետևեց նրան։
Եթե նախասենյակի լույսը չվառվեր, հյուրասենյակում բոլորովին մութ կլիներ։ Դռան մեջ կանգնած Քորալայնը հատակի գորգի վրա մի ահռելի, նիհար կնոջ նմանվող, ծուռումուռ ստվեր էր գցել։
Մինչ Քորալայնը մտածում էր, վառի լույսը թե չէ, մի ստվեր դանդաղ դուրս եկավ բազմոցի տակից, մի պահ կանգնեց, հետո նետվեց սենյակի հեռավոր անկյունը։
Քորալայնը արագ միացրեց լույսը։ Անկյունում ոչինչ չկար, բացի հին դռնից, որի ետևում երևում էր աղյուսե պատը։
Նա համոզված էր, որ մայրիկը դուռը փակել էր։ Այժմ դուռը կիսաբաց էր։ Հավանաբար այն էր ճռճռում։ Քորալայնը մոտեցավ դռանը, և տեսավ միայն կարմիր աղյուսե պատը։
Փակելով հին փայտե դուռը, նա հանգցրեց լույսը և վերադարձավ անկողին։
Այդ գիշեր նա երազում տեսնում էր սև ստվերներ, որոնք թաքնվելով լույսից սահում էին տեղից֊տեղ։ Կարմիր աչքերով ու դեղին, սուր ատամներով փոքրիկ ստվերներ։ Հետո նրանք ձուլվեցին և դարձան մի մեծ ստվեր և սկսեցին երգել․
Մենք շատ ենք այստեղ, նայիր, շատ ենք և փոքրիկ։ Հետևում ենք, ինչպես ես մեծանում։ Այստեղ կլինեք, երբ մեռնես։
Նրանց ձայները շշուկի էին նման, միալար ու ձանձրալի էին։
Հետո Քորալայնը տեսավ «ինչ֊որ գովազդ», իսկ այնուհետև՝ էլ ոչ մի երազ չտեսավ։