Վերևում ապրող մյուս խելագար ծերունին կանգնած էր դռան մեջ սև գլխարկը ձեռքին։ Առնետները արագ մտան նրա գլխարկի մեջ, խցկվեցին գրպանները, վերնաշապիկի, տաբատի տակ, օձիքի ետևը։ Ամենամեծ առնետը բարձրացավ ծերունու ուսերին, ճոճվեց նրա մեծ սպիտակ բեղերի վրա, սողաց սև֊կոճակ աչքերի կողքով ու նստեց նրա գլխին։
Հաշված վայրկյաններում սնդիկի նման արագաշարժ առնետների խումբը անհետացավ ծերունու հագուստի տակ՝ ներսում մի տեղից մյուսը անընդհատ տեղից֊տեղ շարժվելով։ Եվ միայն ամենամեծ առնետն էր, որ նստած ծերունու գլխին, իր կարմիր փայլող աչքերով նայում էր Քորալայնին։
Ծերունին հագավ գլխարկը և ծածկեց առնետին։
― Ոչ, ― ասաց Քորալայնը։ ― Ես բերել եմ ընկերոջս։
Կատուն լարվեց, կարծես պատրաստվում էր փախչել։ Քորալայնը ուզում էր նրան ամուր սեղմել իրեն, բայց գիտեր, որ կատուները դա չեն սիրում։ Իսկ վախեցած կատուն կարող է ճանկռոտել, եթե նա նույնիսկ ձեր ընկերն բարեկամն է։
― Դու գիտես, թե որքան եմ ես քեզ իրում, ― քնքուշ ձայնով ասաց մյուս մայրիկը։
«Դե փակվիր, ― ասում էր աղջիկը։ ― Խնդրում եմ»։
Նա նորից հրեց դուռը, բայց ուժը չպատեց, դուռը չէր փակվում։ Հանկարծ նա հիշեց, որ միջանցքում իր կողքին ուրիշ մարդիկ էլ կան։ ինքը մենակ չէ։ Նա նույնիսկ ժամանակ չուներ գլուխը թեքելու, բայց գիտեր, որ նրանք այնտեղ են։
― Օգնեք ինձ, ― ասաց նա։ ― Բոլորդ միասին օգնեք։
Պատուհանից ներս էր ընկել ոսկեգույն արևը։ Սպիտակ մառախուղը անհետացել էր։ Երկինքը պայծառ ու երկնագույն էր։ Քորալայնը տեսնում էր ծառերը, մինչև հորիզոն ձգվող կանաչ բլրակները։ Նա հիանում էր ծառերի տերևներով, լույսի ու ստվերի խաղով իր պատուհանի առջևի հաճարենու ճյուղերի մեջ։ Արևի լույսով լուսավորված կատվի մորթին փայլում էր, իսկ սպիտակ բեղերը թվում էին ոսկեգույն։
Այդ ամենը երբեք այդքան հետաքրքիր չէր եղել Քորալայնի համար։ Եվ ցնցված զմայլված աշխարհի գեղեցկությամբ, նա ինքն էլ չնկատեց, թե ինչպես հանգիստ քնեց։ ==XII== Մայրիկը քնքշորեն դիպավ նրա ուսին։ ― Քորալայն, թանկագինս, ― ասաց նա, ― ինչո՞ւ ես այստեղ քնել։ Ինչո՞ւ հենց այս սենյակում։ Մենք քեզ փնտրում էինք ողջ բնակարանում։ Քորալայնը տրորեց աչքերը։ ― Ներիր, ― ասաց նա, ― Երևի քունս տարել էր։ ― Հասկանալի է, ― ասաց մայրիկը։ ― Իսկ որտեղի՞ց այստեղ հայտնվեց կատուն։ Նա դռան մոտ էր և երբ ներս մտա, նետի պես դուրս թռավ փողոց։ ― Երևի ինչ֊որ գործ ուներ, ― ենթադրեց Քորալայնը։ Նա այնքան ամուր գրկեց մայրիկին, որ ձեռքերը ցավեցին։ Մայրիկն էլ նրան գրկեց։ ― Ընթրիքը պատրաստ կլինի տասնհինգ րոպեից, ― ասաց մայրիկը։ ― Չմոռանաս լվացվել։ Այդ ի՞նչ է պատահել ծնկիտ։ ― Ընկել եմ, ― պատասխանեց Քորալայնը։ Նա գնաց լոգարան, լվացվեց, մաքրեց ծնկի վերքը և բոլոր քերծված ու կապտած տեղերին հակասեպտիկ քսուկ քսեց։ Հետո գնաց ննջարան՝ իր իսկական ննջարան։ Հանեց գրպանից ապակյա գնդիկները, անցքով քարը, սև բանալին ու կախարդական գունդը։ Նա թափ տվեց գունդը և փաթիլները պարուրեցին դատարկ աշխարհը, ձյունը ծածկեց այն տեղը, որտեղ նախկինում կանգնած էին փոքրիկ մարդուկները։ Խաղալիքների արկղից Քորալայնը պարանի մի կտոր հանեց, և անցկացրեց բանալու մեջ։ Հետո կապեց պարանի ծայրերը ու կախեց վզին։ ― Այ այսպես, ― ասաց նա, ու պահեց բանալին վերնաշապիկի տակ, իսկ անցքով քարը գրպանը դրեց։ Միջանցքով անցնելիս Քորալայնը մտավ հայրիկի աշխատասենյակ։ Հայրիկը նստած էր մեջքով դեպի դուռը, բայց Քորալայնը գիտեր, որ երբ նա շրջվի, կտեսնի իսկական հայրիկի մոխրագույն աչքերը։ Քորալայնը մոտեցավ ու համբուրեց նրան։ ― Ողջույն, ― ասաց հայրիկը, ժպտալով շրջվեց ու հարցրեց․ ― Այդ ինչո՞ւ հանկարծ։ ― Հենց այնպես, ― պատասխանեց Քորալայնը։ ― Երբեմն ես քեզ կարոտում եմ։ Ահա և բոլորը։ ― Հիանալի է, ― ասաց հայրիկը։ Նա անջատեց համակարգիչը, վեր կացավ ու վերցրեց Քորալայնին ձեռքերի վրա, ինչը չէր արել այն օրից, երբ նկատել էր, որ Քորալայնը մեծացել է ու էլ հարկ չկա նրան գրկել։ Նրանք գնացին խոհանոց։ Ընթրիքին՝ պիցցա էր։ Եվ չնայած նրան, որ այն պատրաստել էր հայրիկը (սովորաբար նրա մոտ պիցցան ստացվում էր կամ շատ հաստ, կամ հում, կամ բարակ ու վառված), չնայած որ նա դրել էր նրա մեջ կանաչ բիբարի կտորներ, մսի փոքրիկ գնդիկներ և չգիտես ինչու արքայախնձոր, Քորալայնը կերավ ահռելի կտորը, որը դրել էին նրա ափսեի մեջ։ Ավելի ճիշտ, կերավ ամեն ինչ, բացի արքայախնձորից։ Որոշ ժամանակ անց Քորալայնը գնաց քնելու։ Նա բանալին վզին թողեց, իսկ ապակյա գնդիկները դրեց բարձի տակ։ Այդ գիշեր նա այսպիսի երազ տեսավ։ Նա նստած էր մեծ կաղնու տակ։ Արևը շողում էր, հորիզոնում երևում էին սպիտակ ամպեր, բայց երկինքը երկնագույն էր։ Սպիտակ սփռոցի վրա դրված էին սկուտեղներ ամենատարբեր ուտելիքներով․ աղցաններ, սենդվիչներ, մրգեր, լիմոնադով ու շոկոլադե կոկտեյլով սափորներ։ Սփռոցի շուրջը նստած էին ևս երեք երեխա։ Նրանց հագին հնամենի հագուստներ էին Ամենափոքրը՝ նստած էր նրա ձախ կողմում։ Դա կարմիր թավշյա տաբատով ու սպիտակ վերնաշապիկով մի տղա էր։ Նրա ափսեում խաշած կարտոֆիլ էր ու մի ամբողջ ձուկ։ Ավելի լավ զբոսանք, դեռ ոչ ոք չէր կազմակերպել, ― ասում էր նա։ Իսկապես, ― ասում էր Քորալայնը։ Ո՞վ է այն կազմակերպել։ ― Իմ կարծիքով, դուք, միսս, ― ասաց նրա դիմաց նստած բարձրահասակ աղջիկը։ Նա հագել էր շագանակագույն, շոր և շագանակագույն գլխարկ։ ― Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ, այն ամենի համար, որ դուք մեզ համար արեցիք։ Աղջիկը հաց ու ազնվամորու մուրաբա էր ուտում։ Նրա շրթունքներն ու ձեռքերը մուրաբյոտ էին։ Սա ամենալավ ուտելիքն է, որը ես կերել եմ հարյուր տարում, ― ասաց Քորալայնի աջ կողմում նստած աղջիկը։ Նա շատ գունատ էր, նրա զգեստը թեթև շղարշից էր, խարտյաշ մազերում փայլում էր արծաթափայլ շրջանակը։ Քորալայնը կարող էր երդվել, որ աղջկա մեջքին թիթեռնիկի թևեր կային։ Նրա ափսեն լցված էր գեղեցիկ ծաղիկներով։ Աղջիկը անվարժ ժպտում էր Քորալայնին։ Նա վաղուց չէր ժպտացել ու համարյա մոռացել էր, թե ինչպես են ժպտում։ Քորալայնին շատ դուր եկավ այդ աղջիկը։ Հետո երազում նա տեսավ, որ ուտելուց հետո նրանք սկսեցին վազվզել ու խաղալ փայլուն գնդակով։ Քորալայնը հասկանում էր, որ դա երազ է, որովհետև երեխաներից ոչ ոք չհոգնեց ու շնչակտուր չեղավ։ Նա նույնիսկ չէր քրտնել, չնայած նրանք խաղում էին բռնոցի ու պաղկվոցի։ Երեք երեխաներից երկուսը վազում էին գետնի վրա, իսկ գունատ աղջիկը ճախրում էր նրանց գլխավերևում, սուզվելով ներքև գնդակի ետևից ու նետելով այն դեպի երկինք։ Հետո նրանք նորից նստեցին սեղանի մոտ։ Սեղանը հավաքել էին, ու դրել պաղպաղակով երեք փոքրիկ ափսե և մի ափսե՝ կեռասի ծաղիկներ։ Երեխաները հաճույքով կերան։ ― Եթե սա իսկապես իմ կազմակերպված խնջույքն է, շնորհակալություն, որ եկաք։ ― Քեզ էլ շնորհակալություն, Քորալայն Ջոնս, ― ասաց թևերով աղջիկը, մի կտոր կծելով ծաղիկից։ ― Ի՞նչպես կարող ենք շնորհակալ լինել ձեզ։ ― Ինչպե՞ս, ― ասաց կարմիր թավշյա տաբատով տղան։ Նա բռնեց Քորալայնի ձեռքը։ Այժմ նրա ձեռքը տաք էր։ ― Դուք այնքան շատ բան արեցիք մեզ համար, միսս, ― ասաց բարձրահասակ աղջիկը։ ― Ես շատ ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց, ― ասաց Քորալայնը։ Ինչ֊որ ստվեր անցավ երեխաների դեմքով։ Թևերով աղջիկը, որի գլխին փայլում էր շրջանակը, հպանցիկ դիպավ Քորալայնի ձեռքին։ ― Մեզ համար իսկապես ամեն ինչ ավարտվել է, ― ասաց նա։ Մենք կթռչենք մի անհայտ երկիր, իսկ թե ինչ կա այնտեղ, ապրողները չգիտեն։ ― Ինչ֊որ բա՞ն է պատահել, ― հարցրեց Քորալայնը։ ― Ես զգում եմ, որ ինձ վրա մութ ամպեր են կախվել։ Նրա աջ կողմում նստած տղան, փորձեց ժպտալ, բայց կծեց իր շրթունքը ու ոչինչ չասաց։ Շագանակագույն գլխարկով աղջիկը ասաց․ ― Այո, միսս։ ― Բայց չէ՞ որ ես գտա ձեզ, ― փորձեց առարկել Քորալայնը, ― վերադարձրի հայրիկին ու մայրիկին։ Ես փակեցի դուռը ու կողպեցի բանալիով։ Էլի ի՞նչ էր պետք անել։ Տղան սեղմեց նրա ձեռքը։ Քորալայնը հիշեց, թե ինչպես այնտեղ, մթության մեջ, երբ նա միայն հիշողություն էր, փորձեց հուսադրել նրան ձեռքը սեղմելով։ ― Ասացեք, ի՞նչ պետք է անեմ, ― խնդրեց Քորալայնը։ ― Կախարդը երդվել է իր աջ ձեռքով ու խաբել, ― ասաց բարձրահասակ աղջիկը։ ― Տիրուհի, ― ասաց տղան, ― ոչ ոք չի կարող իր ուսերին դնել ավելին, քան կարող է տանել։ ― Նա այնպես թոթվեց ուսերը, կարծես ինքն էլ չգիտեր, ինչպես վերաբերվել իր ասածին։ ― Մենք քեզ հաջողություն ենք ցանկանում, ― ասաց թևերով աղջիկը։ ― Հաջողություն, խոհեմություն ու քաջություն։ Դու արդեն ապացուցել ես, որ ունես այդ հատկությունները։ ― Նա քեզ ատում է, ― ասաց տղան։ ― Վաղուց նա այսպես տանուլ չէր տվել։ Զգույշ եղիր։ Քաջություն, ողջամտություն ու խորամանկություն քեզ։ ― Բայց դա անազնիվ է, ― ասաց Քորալայնը զայրացած։ ― Ու շատ անարդար։ Ամեն ինչ պետք է վերջացած լիներ։ Տղան ամուր գրկեց Քորալայնին։ ― Մի մոռացիր, որ նա կենդանի է և շատ ուժեղ։ Երբ արևը մայր մտավ և երկնքում փայլեցին աստղերը,Քորալայնը կանգնած մարգագետնին նայում էր, ինչպես երեխաները (երկուսը քայլում էին, իսկ մեկը թռչում) սկսեցին հեռանալ լուսնի ճառգայթներով լուսավորված։ Երբ նրանք հասան առվակը հատող նեղ, փատյա կամրջին կանգ առան, շրջվեցին ու ձեռքով արին Քորալայնին։ Ի պատասխան նա էլ թափահարեց ձեռքը։ Կամրջից այն կողմ մթություն էր։ Քորալայնը արթնացավ լուսաբացին։ Նա համոզված էր, որ ինչ֊որ աղմուկ էր լսել, բայց չգիտեր, թե ինչն էր այդ աղմուկի պատճառը։ Նա ականջ դրեց։ Դռան ետևից լսվեց ինչ֊որ շրշյուն։ Նա որոշեց, որ դա առնետ է։ Դուռը ճռաց։ Քորալայնը արագ վեր թռավ մահճակալից։ ― Չքվիր այստեղից, թե չէ վատ կլինի, ― ասաց նա։ Տիրեց լռություն։ Հետո ինչ֊որ մեկը արագ անցավ միջանցքով։ Այդ քայլերում ինչ֊որ տարօրինակ բան կար, եթե ընդհանրապես դրանք կարելի էր քայլեր անվանել։ Քորալայնը մտածեց, որ այդպես վազել կարող էր, միայն երկար ոտքեր ունեցող առնետը․․․ ― Ոչինչ էլ չի ավարտվել, ― ասաց նա ինքն իրեն։ Նա բացեց դուռը։ Միջանցքում ոչ ոք չկար։ Նայելով միջանցքի հայելու մեջ, Քորալայնը բացի իր գունատ, քնկոտ ու մտահոգված դեմքից, ոչինչ չտեսավ։ Ծնողների սենյակից ցածր խռմփոց էր լսվում, սենյակի դուռը փակ էր։ Միջանցքի բոլոր դռներր փակ էին։ Ոտքերով թփթփացնող էակը, ով էլ որ լիներ, թաքնվում էր բնակարանում։ Քորալայնը բացեց դրսի դուռը ու նայեց մոխրագույն երկնքին։ Նա չգիտեր, թե երբ կլուսանա, նույնիսկ չգիտեր, թե այս ամենը իրականություն է, թե երազ։ Չնայած համոզված էր, որ իրականություն է։ Հանկարծ ստվերի նման մի ինչ֊որ բան պոկվեց հատակից և իր երկար սպիտակ ոտքերով մի ահռելի թռիչք արեց դեպի դուռը։ Քորալայնը մի կողմ քաշվեց։ Նրա կողքով մեծ արագությամբ, հատակը ճանկռելով, ինչ֊որ բան սլացավ ու դուրս թռավ փողոց։ Նա գիտեր, թե դա ինչ էր, և ինչ էր եղել անցյալում։ Վերջին օրերի ընթացքում, ինքն այնքան հաճախ էր տեսել, թե ինչպես է «նա» ձգվում իր կողմը, թխկթխկացնում սեղանին, բերանը տանում խրթխրթացող սև բզեզներին։ Դա մյուս մայրիկի աջ ձեռքն էր։ Նա եկել էր սև բանալու ետևից։ ==XIII== Քնելուց առաջ Քորալայնը ապակյա գնդիկները դրել էր բարձի տակ։ Չնայած արդեն լուսանում էր ու քնելու համար համարյա ժամանակ չէր մնացել, Քորալայնը վերադարձավ անկողին և երբ գլուխը դրեց բարձին, ինչ֊որ խրթխթրոց լսեց։ Նա նայեց բարձի տակ։ Ապակյա գնդիկների բեկորները նման էին դատարկ կլեպների, որոնք գարնանը թափված են լինում ծառերի տակ։ Նրանց պարունակությունը անհետացել էր։ Քորալայնը հիշեց լուսնի լույսի տակ իրեն ձեռքով անող երեխաներին։ Նա զգուշությամբ դրեց ապակու կտորները փոքրիկ երկնագույն տուփի մեջ։ Այդ տուփի մեջ պահվում էր արծաթյա ապարանջանը, որը նվիրել էր տատիկը, երբ նա դեռ շատ փոքր էր։ Ապարանջանը վաղուց կորել էր, իսկ տուփը մնացել։ Միսս Սփինքն ու միսս Ֆորսիբլը վերադարձել էին միսս Սփինքի զարմուհու մոտից, և Քորալայնը թեյելու գնաց նրանց մոտ։ Օրը երկուշաբթի էր։ Չորեքշաբթի օրը սկսվելու էր նոր ուսումնական տարին։ Միսս Ֆորսիբլը ասաց, որ պետք է նորից նայել Քորալայնի բաժակը։ ― Գործերդ լավ են ընթանում, ― ասաց միսս Ֆորսիբլը։ ― Ի՞նչ ― չհասկացավ Քորալայնը։ ― Այն ինչ պետք է լիներ, արդեն եղել է, ― պատասխանեց միսս Ֆորսիբլը, կամ համարյա ամեն ինչ։ Չեմ հասկանում, թե սա ինչ է։ Նա ուշադիր նայում էր բաժակի եզրի տերևներին։ Միսս Սփինքը թեքվեց դեպի բաժակը։ ― Միրիամ, թող ես էլ նայեմ։ Նա նայեց թերթիկներին ակնոցների հաստ ապակիների միջով։ ― Չգիտեմ, թե ինչ է նշանակում, բայց շատ նման է ձեռքի։ Քորալայնը նայեց բաժակի մեջ։ Թերթիկներն իսկապես հիշեցնում էին դեպի ինչ֊որ բան ձգվող ձեռք։ Շոտլանդական տերյեր Հեմիշը թաքնվեց միսս Ֆորսիբլի աթոռի տակ ու չէր ուզում այնտեղից դուրս գալ։ ― Նա ինչ֊որ մեկի հետ կռվել է, ― ասաց միսս Սփինքը, ― նրա կողքի վրա մի շատ խորը վերք կա։ Խե՜ղճ շուն։ Ճաշից հետո մենք նրան կտանենք անասնաբույժի մոտ։ Շատ կուզեի իմանալ, թե ով է դա արել։ Քորալայնը գիտեր, թե ով։ Արձակուրդի վերջին շաբաթվա եղանակը հիանալի էր, կարծես ամառը ուզում էր արդարանալ իր անձրևոտ և ցուրտ օրերի համար։ Երբ Քորալայնը դուրս եկավ միսս Ֆորսիբլի ու միսս Սփինքի տանից, նրան ձայն տվեց վերևի խելագար ծերունին։ Էյ, Քարոլայն, ― կանչում էր նա կախվելով ճաղերից։ ― Իմ անունն է Քորալայն, ― ասաց նա։ ― Ինչպե՞ս են ձեր մկնիկները։ ― Նրանք ինչ֊որ բանից վախենում են, ― ասաց ծերունին։ ― Հնարավոր է, տանը աքիս է հայտնվել։ Մեր կողմերում մենք միս կամ մի կտոր համբուրգեր էինք դնում թակարդի մեջ և երբ գազանիկը գալիս էր, ընկնում էր նրա մեջ ու էլ չէր անհանգստացնում մեզ։ Մկնիկները այնքան են վախեցած, որ նույնիսկ չեն դիպչում երաժշտական գործիքներին։ ― Չեմ կարծում, որ նրան միս է պետք, ― ասաց Քորալայնը, ձեռք տվեց վզին կախված բանալիին ու գնաց տուն։ Նա արդեն կարողանում էր ինքնուրույն լողանալ ու նույնիսկ լոգարանում բանալին չհանեց։ Նա երբեք չէր հանում այն վզից։ Նա պառկեց քնելու, ու արդեն համարյա քնել էր, երբ լսեց, որ ինչ֊որ մեկը քերծում է պատուհանը։ Նա վեր կացավ ու փակեց վարագույրները։ Ալ կարմիր եղունգներով ձեռքը թռավ պատուհանի ելուստից, սուզվեց ջրատար խողովակի մեջ ու անհետացավ։ Պատուհանի վրա դրսի կողմից խոր ակոսներ էին մնացել։ Այդ գիշեր Քորալայնը համարյա չքնեց։ Նա մտածում էր, ծանր ու թեթև անում իր հետագա գործողությունները։ Վերջապես լուսադեմին քնեց, բայց նույնիսկ երազում ականջ էր դնում․ արդյո՞ք ինչ֊որ մեկը չի մոտենում իր պատուհանին, կամ դռանը։ Առավոտյան Քորալայնը ասաց մայրիկին․ ― Այսօր ես ուզում եմ խնջույք կազմակերպել տիկնիկներիս համար։ Կարո՞ղ ես ինձ մի հին, անպետք կտոր տալ, որ այն օգտագործեմ որպես սփռոց։ ― Կարծեմ այդպիսի բան չունեմ, ― ասաց մայրիկը։ Նա փնտրեց խոհանոցի պահարանում, հանեց այնտեղից անձեռոցիկներն ու սփռոցները։ Ընտրելով նրանցից մեկը նա ասաց․ ― Սա դո՞ւր է գալիս քեզ։ Դա թղթե, կարմիր ծաղիկներով սփռոց էր, որը մնացել էր ինչ֊որ խնջույքից հետո։ ― Այո, ― ասաց Քորալայնը։ ― Ինձ թվում էր, որ դու էլ չես խաղում տիկնիկներով, Քորալայն Ջոնս, ― ասաց մայրիկը։ ― Չեմ խաղում։ Ընդամենը ներկաքողարկվում եմ։ ― Լավ, ― ասաց մայրիկը, ― սպասում եմ քեզ ճաշին։ ― Ցանկանում եմ՝ հաճելի զբոսանք։ Քորալայնը վերցրեց ստվարաթղթե մի տուփ, դրեց այնտեղ իր տիկնիկներին, մի քանի փոքրիկ բաժակներ, ջուր վերցրեց և դուրս եկավ փողոց։ Նա քայլեց խանութ տանող ճանապարհով։ Չհասնելով խանութին, անցավ պարսպի միջի անցքով և շարունակեց ճանապարհը մի անխնամ տարածքով, հետո՝ նորից անցավ ցանկապատը։ Քորալայնը երկար ժամանակ խճճում էր հետքերը, և միայն համոզվելով, որ իրեն ոչ ոք չի հետևում, հանգստացավ։ Անցնելով թենիսի խաղահրապարակը, նա ուղղվեց դեպի բարձր խոտերը, որոնք թաքցնում էին փայտերով ծածկված ջրհորը։ Նա վերցնում էր տախտակները ու մի կողմ տանում, բացելով ջրհորի անցքը։ Տախտակները շատ ծանր էին փոքրիկ աղջկա համար, բայց Քորալայնը կարողացավ դա անել, նա պետք է այդ աներ։ Ջրհորում խոնավ ու մութ էր։ Աղյուսները ժամանակից կանաչել և լպրծուն էին դարձել։ Նա բացեց սփռոցը ու խնամքով գցեց ջրհորի անցքի վրա։ Սփռոցի եզրերին դրեց բաժակները և ջուր լցրեց, որպեսզի ավելի ծանր լինեն։ Բաժակների առջև, խոտի վրա այնպես նստեցրեց տիկնիկներին, որ կարծես թեյում էին։ Հետո Քորալայնը ետ գնաց, աշխատելով վերադառնալ իր հետքերով, անցավ ցանկապատը, հետո հին ծառուղիով շրջանցեց խանութները ու վերադարձավ տան մոտ։ Նա հանեց վզից բանալին և ամուր բռնելով այն, թակեց միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի դուռը։ Դուռը բացեց միսս Սփինքը։ ― Բարև թանկագինս, ― ասաց նա։ ― Ներս չեմ մտնի, ― ասաց Քորալայնը։ ― Եկել եմ իմանալու, թե ինչպես է Հեմիշը։ ― Անասնաբույժն ասաց, որ նա քաջ զինվոր է, ― պատասխանեց միսս Սփինքը։ ― Բարեբախտաբար, վերքը չի բորբոքվել։ Մենք այդպես էլ չհասկացանք, թե ով է նրան վիրավորել։ Անասնաբույժը ենթադրեց, որ ինչ֊որ կենդանի, բայց ինչ կենդանի՝ չգիտեր։ Միսթր Բոբոն կարծում է, որ դա աքիս է։ ― Միսթր Բոբո՞ն։ ― Այո, նա՝ ով ապրում է վերևում։ Նա հին կրկեսային ընտանիքից է։ Ռումինացի, սլովենացի, գուցե չախ՝ չեմ հիշում։ Քորալայնին երբեք չէր հետաքրքրել խելագար ծերունու անունը։ Եթե իմանար, որ նրա անունը միսթր Բոբո է, նա առիթը բաց չէր թողնի արտասանել այն։ Չէ՞ որ այդպիսի անուն հազվադեպ է պատահում։ ― Միստր Բոբո, ― ասաց Քորալայնը։ ― Հիանալի է։ Հետո սովորականից ավելի բարձր ասաց․ գնում եմ խաղալու տիկնիկների հետ թենիսի խաղահրապարակի մոտ։ Միայն թե չմոտենաս ջրհորին, ― ասաց միսս Սփինքը շշուկով։ ― Միսթր Լովաթը, որը նախկինում ապրում էր ձեր բնակարանում ասում էր, որ ջրհորի խորությունը գուցե մի միլ է, գուցե և շատ ավելի։ Քորալայնը չէր ուզում, որ ձեռքը այդ լսեր, ու շտապեց փոխել խոսակցության թեման։ Ինչ բանալի՞ է, ― ասաց նա բարձրաձայն։ Սա հին բանալի է, որը վերցրել եմ տանից խաղալու համար։ Դրա համար էլ նրան պարան եմ կապել։ Ցտեսություն։ ― Ինչ զարմանալի երեխա է, ― քթի տակ ասաց միսս Սփինքը ու տուն մտավ։ Քորալայնը թեթև քայլերով անցավ մարգագետինը և ուղղվեց դեպի թենիսի խաղահրապարակը, պտտելով պարանից կախված սև բանալին։ Աչքի պոչով մի քանի անգամ նկատեց խոտերի մեջ ինչ֊որ սպիտակ բան։ Այդ ինչ֊որ բանը հետևում էր իրեն որոշ տարածություն պահպանելով։ Նա փորձեց շվշվացնել, բայց չստացվեց։ Նա սկսեց երգել այն երգը, որ երգում էր հայրիկը, երբ նա շատ փոքր էր։ Այդ երգը նրան միշտ զվարճացնում էր։ <poem>Մոխրագույն աչքերով փոքրիկիսՔաղցր շիլա ու պաղպաղակ կտամ։Կգրկեմ, կողքին կնստեմՈւ ականջին կամաց կասեմ․«Ոչ մի դեպքում և երբեքԱղջկաս սենդվիչի մեջՉեմ դնի բզեզ։»</poem> Նա քայլում էր այգով ու երգում, դողդողացող ձայնով։ Տիկնիկների մոտ ոչինչ չէր փոխվել։ Ջրով փոքրիկ բաժակները պահում էին ջրհորը ծածկող սփռոցը։ Ամեն ինչ իր նախատեսածի նման էր ընթանում։ Նա թեթևացած շունչ քաշեց։ Բայց ամենադժվարը դեռ առջևում էր։ ― Ողջույն տիկնիկներ, ― ասաց նա ուրախ։ ― Թեյելու ժամանակն է։ Նա մոտեցավ սփռոցին։ ― Բերել եմ ձեզ համար կախարդական բանալի, որպեսզի խնջույքը ավելի ուրախ անցնի, ― հայտնեց նա տիկնիկներին։ Քորալայնը կռացավ ու դրեց բանալին սփռոցին։ Նա ձեռքից բաց չէր թողնում պարանը ու աշխատում էր չշնչել, հուսալով, որ սփռոցը պահող բաժակները կդիմանան բանալու ծանրությանը ու չեն ընկնի ջրհորը։ Բանալին դրված էր սփռոցի ամենակենտրոնում։ Քորալայնը բաց թողեց պարանը ու մի քիչ ետ գնաց։ Հիմա ամեն ինչ պատրաստ էր ձեռքին հանդիպելու համար։ Նա շրջվեց տիկնիկների կողմը։ ― Ջեմիմա, Ռոզա, Պրիմուլա, ուզո՞ւմ եք բալի կարկանդակ, ― հարցրեց նա։ Քորալայնը աշխուժորեն խոսելով, ամեն մի տիկնիկի մտացածին ափսեի մեջ, իբր թե մի֊մի կարկանդակ դրեց։ Նա տեսնում էր, թե ինչպես մի սպիտակ բան թռչելով ծառից ծառ, ավեի ու ավելի է մոտենում իրեն։ Նա ստիպում էր իրեն չնայել այն կողմ։ ― Ջեմիմա, ա՛յ դու չարաճճի, գետնին գցեցիր կարկանդակը։ Ես ստիպված եմ բերել մի նոր կտոր։ Նա շրջանցեց ջրհորը ու գնաց տիկնիկի մոտ, իբր վերցնում էր ընկած կտորը ու մի նոր կտոր կտրում նրա համար։ Ձեռքը հայնտվեց շատ անսպասելի ու անաղմուկ։ Երկար մատների ծայրերով նա անցավ խոտերի վրայով ու հեշտությամբ թռավ կոճղի վրա։ Մի ակնթարթ անշարժացավ, նմանվելով ցցված ոտքերով խեցգետնի։ Հետո հաղթական թռիչք արեց դեպի սփռոցի կենտրոնը։ Քորալայնի համար ժամանակը կանգ առավ։ Սպիտակ մատները օղակեցին սև բանալին․․․ Փոքրիկ բաժակները թռան տարբեր կողմեր, ու մյուս մայրիկը թղթե սփռոցի ու բանալու հետ ընկավ ջրհորի մութ անցքի մեջ։ Շունչը պահած, Քորալայնը սկսեց հաշվել։ Քառասուն թվի վրա ինչ֊որ տեղ խորքից, լսեց խուլ ճողփյուն։ Ինչ֊որ մեկը նրան պատմել էր, որ եթե ջրհորի հատակից արևոտ օրը նայես վերև, կտեսնես գիշերային երկինքը ու աստղերը։ Հետաքրքիր է, կկարողանա՞ արդյոք ձեռքը հիանալ աստղերով այնտեղից, որտեղ գտնվում է։ Քորալայնը տեղը դրեց ծանր տախտակները, աշխատելով հնարավորինս իրար ավելի մոտ դասավորել, որպեսզի հանկարծ որևէ մեկը անզգուշորեն այնտեղ չընկներ, և ինչ֊որ մեկը չկարողանար այնտեղից դուրս գալ։ Երբ հավաքում էր ստվարաթղթե արկղի մեջ տիկնիկներին ու բաժակները, նկատեց, որ իրեն է մոտենում սև կատուն։ Նրա բարձր պահած պոչը նման էր հարցականի նշանի։ Նա չէր տեսել կատվին մյուս մայրիկի մոտից վերադառնալուց հետո։ Կատուն մոտեցավ, թռավ ջրհորը ծածկող տախտակների վրա և աչքով արեց Քորալանին։ Հետո թռավ խոտերի վրա ու պառկեց մեջքի վրա։ Քորալայնը կռացավ ու շոյեց նրա փորի փափուկ մորթին։ Կատուն հաճույքից մլավում էր, հետո ոտքերի վրա կանգնեց ու գնաց դեպի թենիսի խաղահրապարակ։ Քորալայնը տուն վերադարձավ։ Նրան սպասում էր միսթր Բոբոն։ Նա ձեռքը դրեց աղջկա ուսին ու ասաց․ ― Մկնիկներն ինձ ասացին, որ հիմա ամեն ինչ լավ է։ Նրանք քեզ «մեր փրկիչ» անվանեցին, Քարոլայն։ ― Իմ անունն է Քորալայն, միսթր Բոբո, ― ուղղեց նրան Քորալայնը։ ― Քորալայն։ ― Քորալայն, ― մի քանի անգամ կրկնեց զարմացած ծերունին հարգանքով։ ― Ուրեմն, Քորալայն, Մկնիկները խնդրել են հաղորդել քեզ, որ երբ պատրաստ կլինեն հանդիսատեսին ներկայանալ, դու առաջինը կլինես։ Նրանք կնվագեն տու֊դում ու լյա֊լյա֊լյա, կպարեն ու ցույց կտան տարբեր հնարքներ։ ― Շատ եմ ուզում այդ բոլորը տեսնել, ― ասաց Քորալայնը, ― իհարկե միայն այն ժամանակ, երբ նրանք պատրաստ կլինեն։ Նա ծեծեց միսս Սփինքի ու միսս Ֆորսիբլի դուռը։ Միսս Սփինքը բացեց դուռը և Քորալայնը անցավ հյուրասենյակ։ Ցած դրեց տիկնիկներով տուփը ու գրպանից հանեց անցքով քարը։ ― Վերցրեք, ― ասաց նա։ ― Նա արդեն ինձ պետք չէ։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ։ Այս քարը իմ և էլի մի քանի մարդու կյանք փրկեց։ Նա ամուր գրկեց կանանց։ Միսս Ֆորսիբլից սխտորի հոտ էր գալիս, նա սխտոր էր կտրատում։ Հետո Քորալայնը վերցրեց իր տուփը ու դուրս եկավ։ ― Արտակարգ երեխա է, ― ասաց միսս Սփինքը։ Այն օրից, ինչ նա թողել էր թատրոնը, ոչ ոք չէր գրկել նրան։ Քորալայնը լվացվեց, մաքրեց ատամները, անկողին մտավ ու սկսեց նայել առաստաղին։ Եղանակը տաք էր, և այժմ, երբ ձեռքը չկար, նա լայն բացեց պատուհանը և խնդրեց հայրիկին, որ վարագույրները մինչև վերջ չիջեցնի։ Նրա դպրոցական նոր զգեստը կախված էր աթոռին։ Վաղը նա կարթնանա ու կհագնի այն։ Քորալայնը անհանգիստ էր, և ուշադիր ականջ էր դնում գիշերային լռությանը, բայց հետո հիշեց, որ բացի դպրոցից, ոչ մի սարսափելի բան իրեն չի սպասում։ Նա պատկերացնում էր, որ ինչ֊որ տեղ հնչում է քնքուշ երաժշտություն։ Այդպիսի հնչյուններ կարող էին ունենալ միայն փոքրիկ արծաթյա տրոմբոնները, շեփորներն ու ֆագոտները, իսկ այդ գործիքների վրա կարող էին նվագել միայն սպիտակ մկնիկների բարակ, վարդագույն մատները։ Քորալայնը հիշում էր այն երազը, որում նստած էր մարգագետնի կաղնու տակ երկու աղջնակի ու տղայի հետ և ժպտում էր։ Երկնքում վառվեցին առաջին աստղերը, Քորալայնը վերջապես քնեց, իսկ վերևի հարկի պատուհանից կամացուկ հնչող երաժշտությունը, պատմում էր այն մասին, որ ամառը վերջացել է։