Changes

1984

Ավելացվել է 193 060 բայտ, 20:03, 17 Մարտի 2018
/* Մաս I */
Արդե՜ն։ Նա սսկվեց մկան պես՝ հուսալով, որ ձայն չառնելով՝ առաջին թակոցից հետո կհեռանան։ Բայց ոչ, թակոցը կրկնվեց։ Ամենավատն այդ վիճակում հապաղելն էր։ Սիրտը դմբդմբում էր թմբուկի նման, սակայն դեմքը, հավանաբար տևական վարժանքի շնորհիվ անխռով էր։ Նա վեր կացավ ու ծանրաքայլ գնաց դեպի դուռը։
 
=== II ===
 
Ձեռքը գցելով դռան բռնակին՝ Ուինսթոնը տեսավ, որ օրագիրը թողել է սեղանին։ «ԿՈՐՉԻ ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ»՝ գրված էր բոլոր էջերին և այնպիսի մեծ տառերով որ կարելի էր տեսնել սենյակի ցանկացած ծայրից։ Արածն ակնհայտ հիմարություն էր։ Բայց նա հիշեց, որ նույնիսկ խուճապի պահին չէր ցանկացել փակել օրագիրը, որպեսզի չլղոզի յուղոտ թերթը, քանի դեռ թանաքը չէր չորացել։
 
Շունչ քաշեց ու բացեց դուռը։ Մի ակնթարթում թեթևության տաք ալիքը պարուրեց նրան։ Շեմին կանգնած էր գունատ, ճնշված տեսքով մի կին՝ յուղոտ մազերով ու կնճռոտ դեմքով։
 
- Օ՜, ընկե՛ր,- սկսեց նա տաղտկալի, նվնվան ձայնով:- Լսեցի, որ ներս մտաք։ Եթե դժվար չէ, կգա՞ք մեր տուն՝ խոհանոցի լվացարանը ստուգելու։ Խցանվել է և...
 
Տիկին Փարսոնսն էր՝ նույն հարթակի հարևանի կինը։ («Տիկին» բառը չէր խրախուսվում Կուսակցության կողմից։ Պետք էր բոլորին կոչել «ընկեր», բայց որոշ կանանց դեպքում բառը բնազդաբար էր դուրս թռչում)։ Երեսունին մոտ կին էր, բայց ավելի մեծ էր երևում։ Այնպիսի տպավորություն էր, թե դեմքի ծալքերում փոշի է ծվարել։ Ուինսթոնը նրա ետևից քայլեց միջանցքով։ Առօրյա մանր, կենցաղային խնդիրները միշտ զայրացնում էին նրան։
 
(բաց է թողնված կես էջ...)
 
Բոլոր առարկաները ճմռթված էին, տրորված, ասես հենց նոր մի մեծ վայրի կենդանի էր հյուր եկել։ Հատակին թափված էին մարզական պարագաներ հոկեյի մականներ, բռնցքամարտի ձեռնոցներ, ֆուտբոլի ծակված գնդակ, թարս շրջած ու քրտնակոլոլ կարճ տաբատ, իսկ սեղանին իրար գլխի կուտակված կեղտոտ սպասք ու ծալծլված եզրերով տետրեր էին։ Պատերից կախված էին Երիտասարդական լիգայի և Լրտեսների ալ կարմիր ցուցապաստառներն ու Մեծ եղբոր՝ ոտքից գլուխ պատկերը։ Զգացվում էր շոգեխաշած կաղամբի սովորական հոտը, որ հատուկ էր ամբողջ շենքին, բայց այն խամրում էր քրտինքի ավելի սուր հոտից։ Չգիտես ինչպես, բայց կարելի էր գուշակել, որ թողել էր ինչ-որ մեկը, ով հիմա ներկա չէր։ Մեկ այլ սենյակում մեկը սանրով ու մի կտոր զուգարանի թղթով փորձում էր նվագակցել հեռէկրանից դեռևս հնչող ռազմական երաժշտությանը։
 
- Երեխաներն են,- ասաց տիկին Փարսոնսը երկյուղած՝ հայացք նետելով դռանը։- Այսօր տնից դուրս չեն եկել, և իհարկե...
 
Նա նախադասությունները կիսատ թողնելու սովորություն ուներ։ Խոհանոցի լվացարանը համարյա պռնկեպռունկ լցված էր կեղտոտ կանաչավուն ջրով, որ ավելի գարշահոտ էր, քան կաղամբը։ Ուինսթոնը չոքեց ու սկսեց ուշադիր զննել խողովակի արմունկը։ Նա տանել չէր կարողանում ձեռքի աշխատանքը, չէր սիրում կռանալ, ինչից հետո միշտ սկսում էր հազալ։ Տիկին Փարսոնսն անօգնական հայացքով հետևում էր նրան։
 
- Իհարկե, եթե Թոմը տանը լիներ, մի վայրկյանում կարգի կգցեր,- ասաց նա։- Սիրում է այդպիսի գործեր։ Ոսկի ձեռքեր ունի... Թոմը։
 
Փարսոնսը Ուինսթոնի հետ աշխատում էր Ճշմարտության նախարարությունում։ Գիրուկ, բայց գործունյա մարդ էր՝ օժտված կաթվածահար անող տխմարությամբ և տկարամիտ խանդավառությամբ, մեկն այն չընդվզող, նվիրված աշխատավորներից, որոնցից, ավելի քան Մտքի ոստիկանությունից, կախված էր Կուսակցության կայունությունը։ Երեսունհինգ տարեկանում նրան, իր կամքին հակառակ, հեռացրել էին Երիտասարդական միությունից, իսկ մինչ այնտեղ ընդունվելը հաջողել էր սահմանված ժամկետից մեկ տարի ավելի աշխատել որպես լրտես։ Նախարարությունում զբաղեցնում էր երկրորդական պաշտոն, որի համար մտավոր ունակություններ բնավ չէին պահանջվում, բայց մյուս կողմից՝ կարևոր դեր էր խաղում Սպորտի և բոլոր այլ կոմիտեներում, որոնք պատասխանատու էին տուրիստական արշավների, ինքնաբուխ ցույցերի, տնտեսելուն ուղղված քարոզարշավների և այլ կամավոր նախաձեռնությունների համար։ Ծխամորճից քուլաներն արձակելով՝ նա համեստ հպարտությամբ պատմում էր, որ վերջին չորս տարվա ընթացքում բաց չի թողել Հանրային կենտրոնի ոչ մի երեկոյան միջոցառում։ Քրտինքի անհաղթահարելի հոտը՝ լարված կյանքի ակամա վկան, ուղեկցում էր նրան՝ ուր էլ որ գնար, և մնում էր նույնիսկ նրա հեռանալուց հետո։
 
- Մանեկաբանալի ունե՞ք,- հարցրեց Ուինսթոնը՝ փորձելով պնդօղակը հարմարեցնել խողովակի միացման կետին։
 
- Պտուտակաբանալի՞,- ասաց տիկին Փարսոնսը փոքր-ինչ երկյուղած։- Չգիտեմ, գուցե երեխաները...
 
Հանկարծ կոշիկների դոփյուն լսվեց, նվազող սանրի ևս մի ճզվզոց, ու հյուրասենյակ խուժեցին երեխաները։ Տիկին Փարսոնսը բերեց մանեկաբանալին։ Ուինսթոնը բաց թողեց ջուրը ու զզվանքով մի փունջ մազ հանեց, որն էլ խցանել էր խողովակը։ Ծորակի սառը ջրով որքան հնարավոր է խնամքով լվաց մատներն ու վերադարձավ մյուս սենյակ։
 
- Ձեռքերդ վե՛ր,- ճայթեց մի վայրագ ձայն։
 
Մոտ ինը տարեկան մի գեղեցիկ, ամրակազմ տղա դուրս էր ցատկել սեղանի ետևից ու սպառնում էր խաղալիք ատրճանակով, իսկ կրտսեր քույրը, որ մոտ երկու տարով փոքր էր, կրկնում էր եղբոր շարժումը փայտի կտորով։ Երկուսի հագին էլ կապույտ կիսատաբատներ էին, մոխրագույն վերնաշապիկներ և կարմիր վզկապներ։ Դա Լրտեսների համազգեստն էր։ Ուինսթոնը բարձրացրեց ձեռքերը։ Նրան տհաճ զգացողություն համակեց։ Տղան այնքան թշնամաբար էր տրամադրված, որ ամեն ինչից երևում էր սա սոսկ խաղ չէ։
 
- Դու դավաճա՜ն ես,- ճչաց տղան։- Մտքի հանցագործ, եվրասիացի լրտես։ Ես կսպանեմ քեզ։ Կգոլորշացնեմ։ Կուղարկեմ աղահանքեր։
 
Հանկարծ երկուսն էլ սկսեցին ցատկոտել շուրջը՝ նրան «դավաճան» ու «մտքի հանցագործ» կոչելով։ Փոքրիկ աղջիկը կրկնօրինակում էր եղբոր ամեն մի շարժումը։ Այդ ամենը փոքր-ինչ վախեցնող էր. նրանք ասես ցատկոտող վագրաձագեր լինեին, որ շատ շուտով վերածվելու էին մարդակերների։ Տղայի աչքերում գիտակցված դաժանություն կար, Ուինսթոնին խփելու կամ քացի տալու ակնհայտ ցանկություն։ Նա գիտակցում էր, որ բավական մեծ է՝ իր նպատակին հասնելու համար։ «Լավ է, որ ատրճանակն իսկական չէ»,– մտածեց Ուինսթոնը։
 
Տիկին Փարսոնսի աչքերը վախեցած նայում էին մեկ Ուինսթոնին, մեկ երեխաներին, ու հակառակը։ Լավ լուսավորված հյուրասենյակում Ուինսթոնը հետաքրքրությամբ նկատեց, որ կնոջ դեմքի ծալքերում իսկապես փոշի կա։
 
- Նրանք այնքան աղմկոտ են,- ասաց կինը։- Տխրել են, որ չկարողացան տեսնել կախաղան հանվողներին։ Ես զբաղված եմ ու չեմ կարող տանել նրանց, իսկ Թոմը շուտ չի վերադառնա աշխատանքից։
 
- Ինչի՞ կարող տեսնել ոնց են կախաղան հանում,- բամբ ձայնով գոռաց տղան։
 
- Ուզում եմ տեսնե՜լ կախաղան հանվողներին, ուզում եմ տեսնե՜լ կախաղան հանվողներին,- երգում էր փոքրիկ աղջիկը շարունակ թռչկոտելով։
 
Ուինսթոնը հիշեց, որ այդ երեկո զբոսայգում պետք է կախաղան հանեին ռազմական հանցագործությունների համար մեղադրվող որոշ եվրասիացի գերիների։ Այդ սիրված արարողությունը տեղի էր ունենում ամիսը մեկ անգամ։ Երեխաները միշտ պահանջում էին, որ իրենց տանեն նայելու։ Ուինսթոնը հրաժեշտ տվեց տիկին Փարսոնսին և ուղղվեց դեպի դուռը։ Բայց դեռ վեց քայլ էլ չէր արել միջանցքով, երբ ծոծրակին դիպավ ինչ-որ բան, որ տանջող ցավ պատճառեց։ Ասես պարանոցի մեջ շիկացած հոսանքալար խրեցին։ Ցավից գալարվելով՝ նա շրջվեց ու տեսավ, թե տիկին Փարսոնսն ինչպես է դռնից ներս քաշում որդուն, տղան էլ իր հերթին գրպանն է խցկում պարսատիկը։
 
- Գոլդսթա՜յն,- մռնչաց տղան, մինչ դուռը կփակվեր նրա ետևից։ Բայց Ուինսթոնին ուղղակի տապալեց վախի անօգնական արտահայտությունը կնոջ մոխրագույն դեմքին։
 
Վերադառնալով իր բնակարան՝ Ուինսթոնն արագ անցավ հեռէկրանի կողքով ու նորից նստեց սեղանի մոտ՝ շարունակ տրորելով պարանոցը։ Հեռէկրանի երաժշտությունը դադարել էր։ Դրա փոխարեն հատու մարտական ձայնը դաժան «ախորժակով» նկարագրում էր, թե ինչ սպառազինություններով է օժտված նոր Լողացող ամրոցը, որը խարիսխ էր նետել Իսլանդիայի և Ֆարերյան կղզիների միջև։
 
«Այդ երեխաների հետ,- մտածում էր Ուինսթոնը,- թշվառ կնոջ կյանքը երևի վերածվել է սարսափի»։ Եվս մեկ-երկու տարի, և նրանք կսկսեն գիշեր-ցերեկ հետևել իրենց մորը՝ անուղղահավատության ախտանիշներ գտնելու նպատակով։ Հիմա գրեթե բոլոր երեխաներն էլ սարսափելի են։ Բայց ամենասարսափելին, թերևս, այն է, որ այնպիսի կազմակերպությունների թեթև ձեռքով, ինչպիսին «Լրտեսներն» է, կանոնավոր կերպով վերածվում էին անկառավարելի փոքրիկ վայրենիների, իսկ նրանց մեջ ցանկություն չէր առաջանում ապստամբել Կուսակցության կարգերի դեմ։ Հակառակը՝ պաշտում էին Կուսակցությունն ու նրա հետ կապված ամեն ինչ։ Երգերը, երթերը, դրոշակները, էքսկուրսիաները, ուսումնական հրացանների կրակոցները, կարգախոսների բարբառումը, Մեծ եղբոր պաշտամունքը. այս ամենը փառահեղ խաղ էր թվում նրանց։ Երեխաների ողջ դաժանությունն ուղղված էր դեպի դուրս՝ ընդդեմ պետության թշնամիների, օտարների, դավաճանների, վնասարարների, մտքի հանցագործների։ Երեսունից բարձր գրեթե բոլոր մարդիկ վախենում էին սեփական երեխաներից։ Իսկ դրա համար պատճառներ կային, որովհետև շաբաթ չէր անցնում, որ «Թայմսում» հոդված չհայտնվեր այն մասին, թե ինչպես մի փոքրիկ «ականջ դնող» կամ «մանուկ հերոս», ինչպես ընդունված էր նրանց կոչել, գաղտնի լսել էր որևէ վարկաբեկող դիտողություն և ծնողներին մատնել Մտքի ոստիկանությանը։
 
Պարսատիկի գնդակի ցավն անցել էր։ Ուինսթոնն առանց ոգևորության վերցրեց գրիչն ու մտմտաց, թե ուրիշ ինչի մասին կարելի է գրել օրագրում։ Եվ հանկարծ դարձյալ սկսեց մտածել Օ’Բրայենի մասին։
 
Տարիներ առաջ,- ե՞րբ էր,- երևի յոթ տարի առաջ, երազում քայլում էր մթին սենյակում։ Եվ ինչ-որ մեկը, որ նստած էր կողքին, ասաց. «Մենք կհանդիպենք այնտեղ, ուր խավար չկա»։ Շատ ցածր ասվեց, իմիջիայլոց, ոչ որպես հրաման, այլ որպես պնդում։ Ուինսթոնը հեռացավ առանց հապաղելու։ Հետաքրքիր է, որ այն ժամանակ՝ երազում, բառերը չազդեցին նրա վրա։ Դրանք նշանակություն ստացան ավելի ուշ և աստիճանաբար։ Հիմա չէր էլ կարող հիշել՝ առաջին անգամ ե՞րբ տեսավ Օ’Բրայենին՝ երազից առաջ, թե՞ հետո։ Չէր հիշում նաև, թե առաջին անգամ երբ նույնացրեց ձայնը Օ’Բրայենի ձայնի հետ։ Բայց ամեն դեպքում ձայնը նույնն էր։ Խավարում իր հետ խոսողը հենց Օ’Բրայենն էր։
 
Ուինսթոնը երբեք վստահ չէր եղել, և նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք առավոտյան հայացքներ փոխանակեցին, մինչև վերջ վստահ չէր Օ’Բրայենը ընկե՞ր է, թե՞ թշնամի։ Բայց դա այնքան էլ կարևոր չէր։ Նրանց միջև կարծես թե փոխըմբռնում կար, իսկ դա ավելի կարևոր էր, քան մտերմությունը կամ համախոհությունը։ «Մենք կհանդիպենք այնտեղ, ուր խավար չկա»,– ասել էր նա։ Ուինսթոնը չէր հասկանում դրա նշանակությունը, բայց զգում էր, որ այս կամ այլ կերպ իրականություն էր դառնալու։
 
Հեռէկրանից հնչող ձայնը դադարեց։ Շեփորի հստակ ու գեղեցիկ կանչը տարածվեց սենյակի գաղջ օդում։ Խզված ձայնը շարունակեց.
 
- Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն։ Հենց նոր հրատապ լուր ստացանք Մալաբարի ռազմաճակատից։ Մեր ուժերը Հարավային Հնդկաստանում փառավոր հաղթանակ են տարել։ Լիազորված եմ հայտարարելու, որ ռազմական գործողությունների արդյունքում, որոնց մասին տեղեկացնում ենք այժմ, հնարավոր է, որ մոտ ապագայում պատերազմը մոտենա ավարտին։ Լսեք ամփոփագիրը...
 
«Անախորժություններ են սպասվում»,– մտածեց Ուինսթոնը։ Այդպես էլ եղավ. եվրասիական բանակի ոչնչացման արյունահեղ նկարագրությունից, սպանվածների և գերվածների ապշեցուցիչ թվերը հրապարակելուց հետո հնչեց հայտարարություն առ այն, որ հաջորդ շաբաթվանից շոկոլադի օրաբաժինը կկրճատվի՝ երեսուն գրամից հասնելով քսանի։
 
Ուինսթոնը նորից բխկաց։ Ջինի ազդեցությունն անհետանում էր՝ թողնելով տհաճ զգացողություն։ Հեռէկրանը, հաղթանակը տոնելու կամ էլ շոկոլադի կրճատման մտքից շեղելու համար, դղրդաց «Քե՛զ, Օվկիանիա»։ Պետք էր զգաստ ոտքի կանգնել։ Բայց ներկայիս դիրքում նա անտեսանելի էր։
 
«Քե՛զ, Օվկիանիան» փոխարինվեց ավելի թեթև երաժշտությամբ։ Ուինսթոնը մոտեցավ պատուհանին՝ մեջքով դեպի հեռէկրանը։ Ցուրտ ու պարզկա օր էր։ Ինչ-որ տեղ՝ հեռվում, բութ, արձագանքող դղրդյունով պայթեց հրթիռը։ Շաբաթական քսան-երեսուն հրթիռ էր ընկնում Լոնդոնի վրա։
 
Իսկ փողոցում քամին ճոճում էր պատռված ազդագիրը, որի վրա մերթ հայտնվում, մերթ անհետանում էր ԱՆԳՍՈՑ բառը։ Անգսոց։ Անգսոցի սրբազան սկզբունքներ։ Նորալեզու, կրկնամիտք, հեղհեղուկ անցյալ։ Նրան թվում էր, թե շրջում է ծովի հատակի անտառներում ու կորել է հրեշների աշխարհում, ուր ինքն էլ մի հրեշ է: Նա մենակ էր։ Անցյալը մեռած էր, ապագան՝ անորոշ։ Ինչպե՞ս կարող էր վստահ լինել, որ որևէ կենդանի մարդ արարած իր կողմը կանցնի։ Իսկ ինչպե՞ս իմանաս՝ արդյոք Կուսակցության գերիշխանությունը հավերժ է լինելու։ Եվ նա հիշեց Ճշմարտության նախարարության սպիտակ ճակատին գրված երեք կարգախոսները, որոնք պատասխանեցին իր հարցերին.
 
 
<center> '''ՊԱՏԵՐԱԶՄԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ է'''
 
'''ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ է'''
 
'''ՏԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺ է'''</center>
 
 
Նա գրպանից հանեց քսանհինգսենթանոց մետաղադրամը, որի վրա հստակ ու մանր տառերով գրված էին նույն կարգախոսները, իսկ հակառակ երեսին՝ Մեծ եղբոր գլուխն էր։ Նույնիսկ մետաղադրամից աչքերն ասես հետապնդում էին։ Մետաղադրամների, դրոշմանիշների, գրքերի կազմերի, դրոշների, ազդագրերի և նույնիսկ ծխախոտատուփերի վրա, ամենուր։ Աչքերը մշտապես հետևում, իսկ ձայնը՝ պարուրում։ Քնած թե արթուն, աշխատելիս թե ուտելիս, տանը թե դրսում, լոգարանում թե անկողնու մեջ՝ ազատում չկար։ Ոչինչ քո սեփականությունը չէր, բացի գանգուղեղիդ ներսի մի քանի խորանարդ սանտիմետրից։
 
Արևն արդեն մայր էր մտել, և Ճշմարտության նախարարության անհամար պատուհանները, որոնց մեջ այլևս լույս չէր փայլում, մռայլ էին, ինչպես ամրոցի հրակնատներ։ Նրա սիրտն ընկրկեց այդ հսկայական բրգաձև կառույցի տեսքից։ Այն չափազանց հզոր էր ու աներեր։ Հազարավոր հրթիռներ անգամ չէին կարողանա տապալել։ Նա նորից հարցրեց իրեն՝ իսկ ու՞մ համար է գրում օրագիրը։ Ապագայի՞, անցյալի՞, գուցե երևակայական դարի՞։ Հասկանում էր՝ իրեն ոչ թե մահ, այլ բնաջնջում է սպասում։ Օրագիրը կվերածեն մոխրի, իսկ իրեն կգոլորշացնեն։ Միայն Մտքի ոստիկանությունը կկարդա իր գրածները, իսկ հետո կջնջի երկրի երեսից ու հիշողությունից։ Ինչպե՞ս կարող ես դիմել ապագային, եթե աշխարհիս երեսին չի պահպանվելու ո՛չ քո հետքը, ո՛չ էլ թղթի կտորի վրա խզբզած անանուն մի բառ։
 
Հեռէկրանը խփեց ժամը տասնչորսը։ Տասը րոպեից նա պետք է վերադառնար։ Մինչ տասնչորսն անց կես պետք է աշխատավայրում լիներ։
 
Զարմանալի է, բայց այդ ղողանջը կարծես համարձակություն տվեց։ Նա միայնակ ուրվական էր և արտահայտում էր այն ճշմարտությունը, որ երբեք ոչ ոք չի լսելու։ Բայց քանի դեռ ասում է ճշմարտությունը, ինչ-որ տարօրինակ կերպով կյանքը շարունակվում է։ Նպատակն այն չէ, որ քեզ լսեն, այլ գիտակցությունը, որ քո մեջ կրում ես մարդկային ժառանգությունը։ Նա վերադարձավ սեղանի մոտ, գրիչը թաթախեց թանաքի մեջ ու գրեց.
 
 
''Ապագային կամ անցյալին, այն ժամանակին, երբ միտքն ազատ կլինի, երբ մարդիկ կտարբերվեն իրարից և չեն ապրի միայնակ, այն ժամանակին, երբ ճշմարտությունը գոյություն կունենա, և եղածը չի փոշիանա:''
 
''Հոտայնության դարաշրջանից, միայնության դարաշրջանից, Մեծ եղբոր դարաշրջանից, կրկնամտքի դարաշրջանից՝ ողջույն։''
 
 
Գիտակցում էր, որ գրեթե մեռած է։ Նրան թվում էր, որ հիմա, վերստանալով մտքերը շարադրելու ունակությունը, վճռական քայլ կատարեց։ Ցանկացած գործողության հետևանքներն այդ գործողության մեջ են։ Նա գրեց.
 
 
''Մտքի հանցագործությունը չի հանգեցնում մահվան։ Մտքի հանցագործությունն ԻՆՔՆԻՆ մահ է:''
 
 
Հիմա, երբ հասկանում էր, որ մեռած է, կարևոր էր հնարավորինս երկար ողջ մնալ։ Աջ ձեռքի երկու մատին թանաքի բծեր կային։ Նման մանրամասները կարող էին հեշտությամբ մատնել։ Նախարարությունում մի որևէ հետաքրքրասեր մոլեռանդ (ամենայն հավանականությամբ՝ կին, թեկուգ հենց փոքրամարմին, ավազագույն մազերով կնոջ նման մեկը կամ էլ Գեղարվեստական գրականության բաժնի թխահերը) կմտածի՝ նա ինչու է գրել ճաշի ընդմիջման ընթացքում, ինչու է հնաոճ գրիչ օգտագործել, ինչ է գրել, իսկ հետո իր մտքերը կփոխանցի համապատասխան մարմիններին։ Նա գնաց լոգարան ու թանաքը խնամքով մաքրեց կոշտ, մուգ դարչնագույն օճառով, որ հղկաթղթի պես քերում էր մաշկը, ուստի հարմար էր հենց այդ նպատակի համար։
 
Նա օրագիրը դրեց դարակի մեջ։ Անօգուտ էր մտածել, թե կարող է թաքցնել, բայց այդպես կարելի էր գոնե ստուգել՝ արդյոք արդեն գիտե՞ն նրա գոյության մասին։ Գրքի երկարությամբ դրված մազը պարզ երևում էր։ Մատի ծայրով մի սպիտակ փոշեհատիկ վերցրեց ու դրեց կազմի անկյունում. եթե գրքին դիպչեն, փոշեհատիկը կընկնի։
 
=== III ===
 
Ուինսթոնը երազում տեսնում էր մորը։
 
Հավանաբար տասը-տասնմեկ տարեկան էր, երբ մայրն անհետացավ։ Բարձրահասակ, թիկնեղ, լռակյաց կին էր՝ դանդաղ շարժուձևով ու շքեղ խարտյաշ մազերով։ Հորն ավելի աղոտ էր հիշում. նա թխահեր էր, նիհար, միշտ մուգ, կոկիկ հագուստով (Ուինսթոնը հիշում էր հատկապես հոր կոշիկների շատ նեղ ներբանները) և ակնոցով։ Ամենայն հավանականությամբ, երկուսն էլ զոհ էին գնացել հիսունական թվականների առաջին մեծ զտումներին։
 
Ու հիմա մայրը նստած էր ինչ-որ տեղ՝ ներքևում, կրտսեր քրոջը գրկած։ Նա բոլորովին չէր հիշում քրոջը, միայն՝ պստլիկ, նվազ երեխա էր, միշտ լուռ, խոշոր, ուշադիր աչքերով։ Երկուսն էլ ներքևից նայում էին իրեն։ Նրանք ստորգետնյա մի վայրում էին, օրինակ՝ ջրհորի հատակին կամ շատ խոր գերեզմանում, որը, թեև արդեն ներքևում էր, հետզհետե ավելի էր իջնում։ Նրանք նստած էին խորտակվող նավի հյուրասրահում և մուգ ջրերի միջից նայում էին Ուինսթոնին։ Սրահում դեռ օդ կար, և նրանք դեռևս տեսնում էին Ուինսթոնին, Ուինսթոնն էլ՝ իրենց, բայց այդ ամբողջ ընթացքում սուզվում էին, սուզվում դեպի կանաչ ջրերը, ևս մի քանի ակնթարթ, ու հավիտյան կանհետանային տեսադաշտից։ Ուինսթոնը դրսում էր, ուր կար լույս և օդ, իսկ նրանք սուզվում էին դեպի մահ։ Նրանք ներքևում էին, որովհետև ինքը վերևում էր։ Նա հասկանում էր դա, նրանք՝ նույնպես. Ուինսթոնը հասկանում էր նրանց դեմքերից։ Նախատինքի նշույլ անգամ չկար ո՛չ դեմքերին, ո՛չ էլ սրտերում։ Գիտակցում էին, որ պիտի զոհեն իրենց կյանքը հանուն Ուինսթոնի. կյանքի անխուսափելի թելադրանքն էր դա։
 
Չէր կարողանում հիշել, թե դեպքն ինչպես էր պատահել, բայց երազում գիտեր, որ ինչ-որ ձևով մայրն ու քույրը զոհել են իրենց կյանքը հանուն իրեն։ Դա այն երազներից էր, որտեղ երազին հատուկ տեսարանում շարունակվում է մտքի աշխատանքը, երազ, որում բացահայտված փաստերն ու գաղափարներն արթնանալուց հետո էլ թվում են նոր ու արժեքավոր։ Հանկարծ Ուինսթոնը հիշեց, որ մոտ երեսուն տարի առաջ մոր մահը այնքան ողբերգական ու վշտալի էր, որ հիմա անհնար էր ըմբռնել։ Հասկացավ, որ այդ ողբերգությունը պատկանում է հնագույն ժամանակներին, երբ գոյություն ուներ անձնական կյանք, սեր և ընկերություն, և երբ ընտանիքի անդամները, առանց որևէ պատճառի, կանգնում էին իրար թիկունքի։ Մոր մասին հիշողությունը ծվատում էր սիրտը, որովհետև նա մահացել էր իրեն սիրելով, իսկ ինքը չափազանց երիտասարդ ու եսասեր էր փոխադարձաբար սիրելու համար, և որովհետև նա (Ուինսթոնը չէր հիշում, թե ինչպես) զոհել էր իրեն՝ հանուն հավատարմության գաղափարի, որն անձնական էր և անխորտակելի։ Հասկանում էր, որ նման բան չի կարող պատահել այսօր։ Այսօր կա վախ, ատելություն և ցավ, բայց ո՛չ զգացմունքի արժանապատվություն, ո՛չ էլ խոր կամ բարդ վիշտ։ Այդ ամենը նա տեսնում էր մոր ու քրոջ մեծ աչքերում, որոնք նայում էին իրեն կանաչավուն ջրերի միջից՝ հարյուրավոր սաժեններ ներքև, և դեռ շարունակում էին սուզվել։
 
Հանկարծ նա հայտնվեց կարճ, ձիգ խոտի վրա։ Ամառային երեկո էր, և արևի շեղ ճառագայթները ոսկեզօծել էին գետինը։ Բնության այս տեսարանն այնքան հաճախ էր հանդիպել երազներում, որ չէր կարող վստահ ասել՝ տեսե՞լ է իրականում, թե՞ ոչ։ Արթմնի մտքերում նա այն կոչում էր Ոսկե երկիր։ Դա հին, ճագարների կրծոտած մարգագետին էր, որի միջով արահետ էր անցնում, իսկ այսուայնտեղ խլուրդի թմբիկներ էին։ Դաշտի հակառակ կողմում՝ մաշված ցանկապատի մոտ, ծփիների ճյուղերը մեղմիկ օրորվում էին զեփյուռից, իսկ դրանց խիտ տերևները կնոջ մազերի նման տարուբերվում էին։ Ինչ-որ տեղ՝ շատ մոտիկ, բայց անտեսանելի, անշտապ հոսում էր վճիտ առվակը, իսկ ուռիների տակ՝ ջրափոսերում, լողում էին մանրածածանները։
 
Մարգագետնով իր կողմն էր գալիս թխահեր աղջիկը։ Մի շարժումով նա պատռեց-հանեց հագուստը և արհամարհական դեն նետեց։ Նրա մարմինը սպիտակ էր ու հարթ, բայց ոչ մի ցանկություն չարթնացրեց Ուինսթոնի մեջ. նա ուղղակի նայում էր։ Նրան հիացրեց այն շարժումը, որով աղջիկը դեն նետեց հագուստը։ Իր վայելչագեղությամբ ու անփութությամբ այդ շարժումը բնաջնջեց մի ամբողջ մշակույթ, մտածողության մի ամբողջ համակարգ, ասես Մեծ եղբայրը, Կուսակցությունն ու Մտքի ոստիկանությունը ի չիք դարձան ձեռքի թեթև շարժումով։ Այդ շարժումը նույնպես պատկանում էր հին ժամանակներին։ Եվ Ուինսթոնն արթնացավ՝ «Շեքսպիր» բառը շուրթերին։
 
Հեռէկրանը խլացնող սուլոց էր արձակում, որ նույն նոտայի վրա շարունակվեց երեսուն վայրկյան։ Յոթն անց էր տասնհինգ րոպե. գրասենյակային աշխատողների արթնանալու ժամանակն էր։ Ուինսթոնը դժվարությամբ անկողնուց դուրս քաշեց մարմինը (նա մերկ էր, որովհետև Արտաքին կուսակցության անդամը տարեկան ստանում էր հագուստի ընդամենը 3000 կտրոն, իսկ գիշերազգեստն արժեր 600) և աթոռից վերցրեց մաշված շապիկն ու կարճ տաբատը։ Մարմնամարզությունը սկսվելու էր երեք րոպեից։ Հաջորդ իսկ պահին նա գալարվեց հազի սարսափելի նոպայից, որ գրեթե միշտ վրա էր հասնում արթնանալուն պես։ Հազն այնպես էր ցնցում թոքերը, որ շնչառությունը վերականգնվում էր միայն, երբ Ուինսթոնը պառկում էր մեջքի վրա ու մի քանի անգամ խոր շունչ քաշում։ Երակներն ուռել էին հազալու ջանքից, իսկ երակային խոցը սկսել էր քոր գալ։
 
- Երեսունից քառասուն տարիքային խումբ,- կլանչեց կնոջ ծակող ձայնը։- Երեսունից քառասուն տարիքային խումբ։ Ելման դիրք ընդունեք, խնդրում եմ։ Երեսունից քառասուն։
 
Ուինսթոնը զգաստ կանգնեց հեռէկրանի առաջ. այնտեղ կարելի էր տեսնել երիտասարդ, նիհար, բայց մկանուտ մի կնոջ՝ պարեգոտով ու մարզակոշիկներով։
 
- Ձեռքերի ծալում և ձգում,- գոռաց կինը։- Հաշվեք ինձ հետ։ ''Մե՛կ'', երկու՛, երե՛ք, չո՛րս։ ''Մե՛կ'', երկու՛, երե՛ք, չո՛րս։ Դե, ընկերնե՛ր, ավելի աշխույժ։ ''Մե՛կ'', երկու՛, երե՛ք, չո՛րս։ ''Մե՛կ'', երկու՛, երե՛ք, չո՛րս։
 
Հազի ցավը դեռ չէր վերացրել երազի թողած տպավորությունը, և ռիթմիկ վարժություններն ասես թարմացնում էին այդ հիշողությունը։ Մռայլ գոհունակությամբ մեխանիկորեն հետուառաջ անելով թևերը, ինչը սովորական էր մարմնամարզության ժամին, նա ջանում էր վերադառնալ դեպի վաղ մանկություն։ Դա չափազանց բարդ էր։ Ինչ տեղի էր ունեցել հիսունականներին, ջնջվել էր հիշողությունից։ Երբ հնարավոր չէ օգտվել որևէ վկայությունից, նույնիսկ սեփական կյանքիդ ուրվագիծը կորցնում է հստակությունը։ Հիշում ես խոշոր իրադարձություններ, որոնք գուցե չեն էլ պատահել, հիշում ես դեպքերի մանրամասներ, բայց ի վիճակի չես վերականգնել մթնոլորտը. կային նաև երկար, ոչնչով չառանձնացող բաց ժամանակահատվածներ։ Այն ժամանակ ամեն ինչ այլ էր։ Այլ էին նաև երկրների անունները, նրանց տեսքը քարտեզի վրա։ Օրինակ՝ Թռիչքուղի մեկն այն ժամանակ ուրիշ անուն ուներ, կոչվում էր Անգլիա կամ Բրիտանիա, մինչդեռ Լոնդոնը, Ուինսթոնը միանգամայն վստահ էր, միշտ էլ Լոնդոն է կոչվել։
 
Ուինսթոնը չէր կարողանում մտաբերել մի ժամանակ, երբ իր երկիրը պատերազմի մեջ չէր. ամենայն հավանականությամբ, իր մանկության տարիներին խաղաղության բավական երկարատև շրջան էր եղել, որովհետև ամենավաղ հիշողություններից մեկը օդային հարձակումն էր, որն անակնկալի բերեց բոլորին։ Գուցե հենց այդ ժամանակ ատոմային ռումբ գցեցին Քոլչեսթերի վրա։ Նա չէր հիշում հարձակումը, բայց հիշում էր, թե հայրն ինչպես էր ամուր բռնել իր ձեռքը, ու իրենք շտապում էին ներքև, ներքև, ներքև՝ դեպի երկրի խորքը, պտուտակաձև սանդուղքով, որ ճռռում էր ոտքերի տակ։ Ի վերջո ոտքերն այնքան հոգնեցին, որ սկսեց նվնվալ, ուստի ստիպված էին կանգ առնել ու հանգստանալ։ Մայրն իր դանդաղ ու երազկոտ քայլերով հետ էր մնացել նրանցից։ Նա գրկել էր Ուինսթոնի փոքրիկ քրոջը, կամ գուցե ձեռքին ծածկոցների կապոց էր. Ուինսթոնը վստահ չէր՝ քույրն արդեն ծնվե՞լ էր, թե՞ ոչ։ Վերջապես նրանք հայտնվեցին մի աղմկոտ ու մարդաշատ վայրում. Ուինսթոնը հասկանում էր, որ դա Մետրոյի կայարան է։
 
Ոմանք նստած էին քարե հատակին, իսկ մյուսները շատ կիպ, կողք կողքի տեղավորվել էին մետաղյա մահճակալների վրա. Ուինսթոնը, մայրն ու հայրը իրենց համար տեղ գտան հատակին, իսկ նրանց մոտ՝ անկողնակին, կողք կողքի նստած էին մի ծերունի ու ծեր կին։ Ծերունին համեստ մուգ կոստյում էր հագել, իսկ սպիտակ մազերը ծածկված էին ծոծրակին թեքած սև կտորից գլխարկով, դեմքը կարմիր էր, իսկ կապույտ աչքերն արտասվում էին։ Նրանից ջինի հոտ էր փչում։ Այնպիսի տպավորություն էր, թե մաշկը ջին է արտաշնչում։ Կարելի էր պատկերացնել, որ աչքերից թափվող արցունքները նույնպես մաքուր ջին են։ Չնայած ծերունին փոքր-ինչ հարբած էր, երևում էր, որ տառապում է անկեղծ ու անտանելի վշտից։ Իր մանկական ուղեղով Ուինսթոնը կռահում էր, որ նրա հետ պատահածը երբեք չի ներվելու, ու վիշտը չի ամոքվելու։ Նրան նույնիսկ թվաց, թե հասկացավ այդ վշտի էությունը։ Սպանվել էր ծերունու սիրելիներից մեկը՝ փոքրիկ թոռնուհին։ Ծերունին մի քանի րոպեն մեկ կրկնում էր.
 
- Ոչ մի դեպքում չպիտի վստահեինք նրանց։ Ասում էի, չէ՞, այ կնիկ, ասում էի։ Ահա նրանց վստահելու հետևանքը։ Միշտ ասում էի։ Ոչ մի դեպքում չպիտի վստահեինք այդ տականքներին։
 
Բայց Ուինսթոնը չէր կարողանում հիշել, թե ովքեր էին այդ տականքները։
 
Այդ ժամանակից ի վեր պատերազմը տառացիորեն չէր դադարում, չնայած, եթե ճիշտն ասենք, միշտ նույնը չէր լինում։ Իր մանկության տարիներին, մի քանի ամիս շարունակ, Լոնդոնում փողոցային անկանոն մարտեր էին գնում, որոնց մի մասը տպավորվել էր նրա մեջ։ Բայց անհնար էր գտնել ամբողջ ժամանակահատվածի հետքը, ասել, թե ով ում դեմ էր կռվում և երբ, որովհետև չկար որևէ գրառում կամ բանավոր վկայություն, որ կտարբերվեր գոյություն ունեցող տվյալներից։ Օրինակ՝ հիմա՝ 1984 թվականին (եթե, իհարկե, հիմա 1984 թվականն էր), Օվկիանիան պատերազմում էր Եվրասիայի դեմ և դաշինքի մեջ էր Արևելաասիայի հետ։ Ո՛չ հանրային ու ո՛չ էլ մասնավոր մակարդակում ոչ ոք չէր հիշատակում, թե երբևէ այս երեք պետությունների հարաբերություններն այլ են եղել։ Ուինսթոնը հրաշալի գիտեր՝ Օվկիանիան պատերազմում էր Արևելաասիայի դեմ և դաշինքի մեջ էր Եվրասիայի հետ ընդամենը չորս տարի։ Բայց թաքուն էր պահում այդ փաստը։ Գիտեր, որովհետև իր հիշողությունը չէր վերահսկվում։ Պաշտոնապես դաշնակիցն ու թշնամին բնավ չէին փոխվել։ Օվկիանիան պատերազմում է եվրասիայի դեմ, հետևաբար Օվկիանիան միշտ էլ պատերազմել է Եվրասիայի դեմ։ Տվյալ պահի թշնամին համարվում էր բացարձակ չարիքի մարմնավորում, իսկ դա նշանակում էր, որ ո՛չ անցյալում, ո՛չ ապագայում հնարավոր չէ համաձայնության գալ նրա հետ։
 
Ամենասարսափելին այն էր, նկատեց նա տասնյակ հազարերորդ անգամ, երբ հետ տարավ ուսերը՝ ցավեցնելով գոտկատեղը (ձեռքերը ազդրերին՝ նրանք կատարում էին իրանի պարուրաձև վարժություն, որն օգտակար էր մեջքի մկանների համար), ամենասարսափելին այն էր, որ այդ ամենը, հնարավոր է, իրականություն է։ Եթե Կուսակցությունը կարող էր ներխուժել անցյալ և ասել, որ այս կամ այն իրադարձությունը ''երբեք տեղի չի ունեցել'', ուրեմն դա, անկասկած, ավելի սարսափելի էր, քան սոսկ տանջանքը և մահը։
 
Կուսակցության խոսքով՝ Օվկիանիան երբեք չի դաշնակցել Եվրասիայի հետ։ Նա՝ Ուինսթոն Սմիթը, գիտեր, որ ընդամենը չորս տարի առաջ Օվկիանիան դաշնակցել է Եվրասիայի հետ։ Բայց որտե՞ղ է պահպանվում այդ իմացությունը։ Միայն նրա գիտակցության մեջ, որը ցանկացած դեպքում շուտով վերացնելու էին։ Ու եթե մյուսներն ընդունում էին Կուսակցության հրամցրած սուտը, եթե բոլոր փաստաթղթերը նույն հեքիաթն էին պատմում, ապա սուտը մտնում էր պատմության մեջ և դառնում ճշմարտություն։ «Ով վերահսկում է անցյալը,- բարբառում էր Կուսակցության կարգախոսը,- վերահսկում է ապագան, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը»։ Սակայն անցյալը, չնայած իր հեղհեղուկ բնույթին, երբեք չէր ենթարկվել փոփոխության։ Ինչ ճշմարիտ էր համարվում հիմա, ճշմարիտ էր հավիտենությունից հավիտենություն։ Ամեն ինչ պարզ էր։ Ընդամենը պետք էր մի անվերջ շարք հաղթանակներ տանել սեփական հիշողության հանդեպ։ Դա կոչվում էր «իրականության վերահսկում», իսկ նորալեզվով՝ կրկնամիտք։
 
- Ազատ եք,- կլանչեց հրահանգչուհին փոքր-ինչ խնդուն ձայնով։
 
Ուինսթոնն իջեցրեց թևերը ու թոքերը դանդաղ լցրեց օդով։ Նրա միտքը սահեց դեպի կրկնամտքի լաբիրինթոս։ Իմանալ և չիմանալ, գիտակցել ողջ ճշմարտությունը, մինչդեռ ասել խնամքով հորինված ստեր, ունենալ միմյանց հակասող երկու կարծիք, իմանալ, որ նրանք բացառում են իրար, բայց հավատալ երկուսին էլ, կիրառել տրամաբանությունն ընդդեմ տրամաբանության, հրաժարվել բարոյականությունից՝ միաժամանակ հաստատելով այն, կարծել, որ ժողովրդավարությունն անհնար է, և որ Կուսակցությունը ժողովրդավարության խնամակալն է, մոռանալ, ինչ պետք է մոռանալ, իսկ հետո անհրաժեշտ պահին դարձյալ հիշել, իսկ հետո նորից արագ մոռանալ, և ամենակարևորը՝ այս ամբողջ գործընթացին վերաբերվել զուտ որպես գործընթացի։ Սա էր ամենակարևոր նրբությունը. գիտակցաբար հաղթահարել գիտակցությունը, իսկ հետո դարձյալ չգիտակցել հենց նոր կատարած հիպնոսի գործողությունը։ Նույնիսկ «կրկնամիտք» բառը հասկանալու համար պետք էր դիմել կրկնամտքի օգնությանը։
 
Հրահանգչուհին դարձյալ նրանց խնդրեց զգաստ կանգնել։
 
- Իսկ հիմա տեսնենք, թե մեզնից ով կարող է դիպչել ոտնաթաթերին,- ոգևորված ասաց նա։- Ազդրերից, խնդրում եմ, ընկերնե՛ր։ ''Մե՛կ''-երկու։ ''Մե՛կ''-երկու...
 
Ուինսթոնն ատում էր այդ վարժությունը, որ ծակող ցավ էր առաջացնում կրունկներից մինչև նստատեղ և հաճախ ավարտվում հազի նոպայով։ Տխրության կիսով չափ տհաճ, կիսով չափ հաճելի զգացողությունը հեռացավ նրա մտորումներից։ Նա գիտակցում էր, որ անցյալը ոչ միայն փոխվել, այլև ոչնչացվել էր։ Ինչպե՞ս կարելի է հաստատել նույնիսկ ամենաակնհայտ փաստը, եթե բացի քո հիշողությունից այն ուրիշ ոչ մի տեղ գոյություն չունի։ Նա փորձում էր հիշել՝ առաջին անգամ երբ է լսել Մեծ եղբոր մասին։ Որքան հիշում էր, վաթսունական թվականներին, բայց անհնար էր մտաբերել ճշգրիտ տարեթիվը։ Կուսակցության պատմության մեջ, անշուշտ, Մեծ եղբայրը հանդես էր գալիս որպես հեղափոխության առաջնորդ և ղեկավար սկզբնավորման առաջին իսկ օրերից։ Նրա սխրագործություններն աստիճանաբար հրվում էին հետ՝ դեպի անցյալի խորքը, հասնում քառասունականների ու երեսունականների առասպելական աշխարհ, երբ տարօրինակ գլանաձև գլխարկներով կապիտալիստները դեռ անցնում էին Լոնդոնի փողոցներով խոշոր, փայլփլուն մեքենաներով կամ ապակեպատ ձիակառքերով։ Ոչ ոք չգիտեր՝ այս լեգենդի որ մասն է իրական, որը՝ հորինված։ Ուինսթոնը նույնիսկ չէր հիշում, թե կոնկրետ երբ է ստեղծվել Կուսակցությունը։ Որքան հիշում էր, մինչ 1960 թվականը երբևէ չէր լսել «Անգսոց» բառը, բայց հնարավոր է, որ այդ բառն ավելի վաղ գոյություն է ունեցել հնալեզվում՝ «անգլիական սոցիալիզմ» տարբերակով։ Ամեն ինչ պատված էր մշուշով։ Սակայն երբեմն հաջողվում էր սուտ բռնել։ Օրինակ՝ ճիշտ չէր այն, որ, ինչպես պատմում էին Կուսակցության պատմության գրքերը, Կուսակցությունն էր ինքնաթիռ ստեղծել։ Ինքնաթիռներ կային դեռ վաղ մանկության շրջանում։ Բայց ապացուցելն անհնար էր։ Ոչ մի վկայություն չկար։ Իր ամբողջ կյանքում նա մեկ անգամ էր ձեռքում պատմական փաստի կեղծման անսխալ ու վավերական ապացույց պահել։ Այդ օրը...
 
- Սմի՛թ,- ճչաց փնթփնթան ձայնը հեռէկրանից: 6079։ Սմիթ Ու.։ Այո՛, ''դու՛ք'': Ավելի կռացեք, խնդրեմ։ Կարող եք ավելի լավ կատարել վարժությունը, բայց չեք ջանում։ Ավելի ցածր, խնդրում եմ։ ''Այդպես'' ավելի լավ է, ընկե՛ր։ Իսկ հիմա ամբողջ խումբն ազատ է։ Հետևեք ինձ։
 
Հանկարծ տաք քրտինքը պատեց Ուինսթոնի մարմինը։ Դեմքը միանգամայն անվրդով էր։ Երբեք ցույց մի՛ տուր սարսափ։ Ցույց մի՛ տուր վրդովմունք։ Աչքի թրթռոցն անգամ կարող է մատնել։ Նա ուշադիր հետևեց, թե հրահանգչուհին ինչպես ձեռքերը բարձրացրեց գլխից վեր, ու եթե ոչ նրբագեղ, ապա զարմանալի հստակ ու հմուտ շարժումով կռացավ և մատներով բռնեց ոտնաթաթը։
 
- Տեսնո՞ւմ եք, ընկերնե՛ր։ Ապացուցեք, որ դուք էլ կարող եք։ Մեկ անգամ ևս հետևեք ինձ։ Ես երեսունինը տարեկան եմ, ունեմ չորս երեխա։ Հիմա նայեք,- նա նորից կռացավ։- Տեսնո՞ւմ եք՝ ծնկներս ծալված չեն։ Բոլորդ էլ կարող եք անել, եթե ցանկանաք,– ավելացրեց նա և ուղղվեց։- Քառասունհինգից պակաս ցանկացած մարդ ի վիճակի է հասնել ոտնաթաթին։ Մեզ բախտ չի վիճակվել կռվել ռազմաճակատի առաջին գծում, բայց գոնե կարող եք լավ մարզավիճակում լինել։ Հիշեք Մալաբարի ճակատում կռվող մեր տղաներին։ Ինչպես և Լողացող ամրոցների նավաստիներին։ Մտածեք՝ ինչ դժվարություններ են հաղթահարել նրանք։ Հիմա նորից փորձեք։ Ավելի լավ է, ընկե՛ր, շատ ավելի լավ է,– քաջալերեց նա, երբ Ուինսթոնին, վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ, ուժերի գերլարումով հաջողվեց դիպչել ոտքերի մատներին՝ առանց ծնկները ծալելու։
 
=== IV ===
 
Խոր, անբռնազբոսիկ հոգոց հանելով, ինչին չխանգարեց նույնիսկ հեռէկրանի մոտիկությունը, Ուինսթոնը սկսեց առօրյա աշխատանքը. մոտեցրեց խոսագրիչը, փչեց խոսափողի վրա հավաքված փոշին ու դրեց ակնոցը։ Հետո բացեց ու իրար կպցրեց թղթի չորս փոքր գլան, որոնք արդեն դուրս էին թռել գրասեղանի աջ կողմում գտնվող օդաճնշական խողովակից։
 
Խցի պատերի մեջ երեք անցք կար։ Խոսագրիչից աջ փոքր օդաճնշական խողովակ էր՝ տպագիր հաղորդագրությունների համար, իսկ ձախ կողմինն ավելի մեծ էր՝ թերթերի համար. կողքի պատին, այնքան մոտ, որ Ուինսթոնի ձեռքը հեշտությամբ հասնում էր, մետաղալարե վանդակով առանձնացված մեծ, երկարավուն ճեղք էր։ Վերջինս նախատեսված էր անպետք թղթերի համար։ Շենքում կային նմանատիպ հազարավոր կամ տասնյակ հազարավոր ճեղքեր, ոչ միայն բոլոր սենյակներում, այլև միջանցքներում՝ ամեն քայլափոխի։ Չդիտես ինչու, դրանք կոչվում էին հիշողության անցքեր։ Եթե որևէ մեկն ուզում էր ազատվել ոչնչացման ենթակա փաստաթղթից կամ հատակին թղթի կտոր էր տեսնում, մեքենայաբար բացում էր մոտակա հիշողության անցքի կափարիչը ու գցում ներս. թուղթը պտտվում էր տաք օդի հոսանքում և սլանում դեպի հսկայական հնոցները, որոնք թաքնված էին շենքի խորքում։
 
Ուինսթոնն ուսումնասիրեց բացած չորս թերթը։ Դրանցից յուրաքանչյուրի վրա միայն մեկ կամ երկուտողանոց, հեռագրային ոճով հաղորդագրություն էր՝ գրված ոչ թե նորալեզվով, այլ բաղկացած նորալեզվի բառերից, և նախարարությունում ծառայում էր ներքին նպատակների համար։ Բովանդակությունը հետևյալն էր.
 
 
թայմս 17.03.84 մե ելույթ կեղծված աֆրիկա ճշտել
 
թայմս 19.12.83 կանխատեսում եռամյա պլան 4-րդ եռամսյակ 83 տառասխալ ստուգել ընթացիկ համարի հետ
 
թայմս 14.02.84 նախառատ սխալ մեջբերում շոկոլադ ճշտել
 
թայմս 3.12.83 զեկույց մե օրվա պատվեր կրկնակիպլյուսլավ մեջբերումներ չմարդիկ վերաշարադրել լրիվ վերից վար մինչ ներկայացումը
 
 
Գոհունակության անորոշ զգացումով Ուինսթոնը մի կողմ դրեց չորրորդ թերթը։ Գործը բարդ էր ու պատասխանատու, և վերջինն ավելի մեծ ուշադրության կարիք ուներ։ Իսկ մյուս երեքը սովորական առաջադրանքներ էին, չնայած երկրորդի համար երևի պետք էր ձանձրալի էքսկուրս կատարել թվերի ցուցակում։
 
Ուինսթոնը «հետին տարեթվերը» հավաքեց հեռէկրանի վրա և պատվիրեց ''«Թայմսի»'' համապատասխան համարները, որոնք ընդամենը րոպեներ անց սահելով ընկան օդաճնշական խողովակից: Ուինսթոնի ստացած հաղորդագրությունները վերաբերում էին հոդվածներին կամ նորություններին, որոնք, չգիտես ինչու, փոփոխման կամ, պաշտոնական լեզվով ասած, շտկման կարիք ունեին։ Օրինակ՝ «Թայմսի» մարտի տասնյոթի համարից պարզ էր դառնում, որ Մեծ եղբայրը նախորդ օրվա իր ելույթում խաղաղություն էր կանխատեսել հարավհնդկական ճակատում և Եվրասիայի կողմից շուտափույթ կարճաժամկետ հարձակում Հյուսիսային Աֆրիկայում։ Մինչդեռ Եվրասիայի բարձրագույն հրամանատարական կազմը հարձակում էր սկսել Հարավային Հնդկաստանում, իսկ Հյուսիսային Աֆրիկայում ոչինչ չէր ձեռնարկել։ Հետևաբար անհրաժեշտ էր վերաշարադրել Մեծ եղբոր ելույթի այդ պարբերությունն այնպես, իբր նա ճիշտ էր կանխագուշակել դեպքերի ընթացքը։ Կամ, օրինակ, «Թայմսի» դեկտեմբերի տասնիննի համարում հրապարակվել էին 1983 թվականի չորրորդ եռամսյակի, որը նույնն էր թե՝ իններորդ եռամյա պլանի վեցերորդ եռամսյակի սպառողական ապրանքների տարբեր տեսակների թողարկման պաշտոնական կանխատեսումները։ Այսօրվա համարը պարունակում էր արտադրողականության փաստացի տվյալներ, որոնցից պարզ էր դառնում, որ բոլոր կանխատեսումները սխալ են։ Ուինսթոնի խնդիրն էր շտկել նախնական թվերն այնպես, որ դրանք համապատասխանեն վերջիններին։ Իսկ երրորդ հաղորդագրությունը վերաբերում էր մի շատ պարզ սխալի, որը կարելի էր ուղղել մի քանի րոպեում։ Բոլորովին վերջերս՝ փետրվարին, Առատության նախարարությունը խոստացել էր (պաշտոնական լեզվով ասած՝ «կտրական խոստում էր տվել»), որ 1984 թվականին շոկոլադի չափաբաժնի կրճատում չի լինի։ Իրականում, որքանով Ուինսթոնն էր տեղյակ, սույն շաբաթվա վերջին շոկոլադի չափաբաժինը երեսուն գրամից պետք է կրճատվեր քսանի։ Անհրաժեշտ էր ընդամենը նախկին խոստումը փոխարինել զգուշացմամբ՝ առ այն, որ ապրիլ ամսին գուցե կարիք լինի կրճատել չափաբաժինը։
 
Ավարտելով աշխատանքը հաղորդագրություններից յուրաքանչյուրի հետ՝ Ուինսթոնը գրավոր ուղղումներն ամրացրեց «Թայմսի» համապատասխան կրկնօրինակին և հրեց օդաճնշական խողովակի մեջ։ Հետո իրեն հատուկ մեխանիկական շարժումով ճմռթեց նախնական օրինակն ու իր կատարած նշումները և նետեց հիշողության անցքի մեջ, որ կրակի բաժին դառնան։
 
Թե ինչ էր կատարվում անտեսանելի լաբիրինթոսում, ուր տանում էր օդաճնշական խողովակը, Ուինսթոնը կոնկրետ չգիտեր, միայն ընդհանուր պատկերացում ուներ։ Երբ «Թայմսի» համապատասխան համարում բոլոր անհրաժեշտ փոփոխությունները հավաքվում ու համեմատվում էին, համարը վերատպվում էր, իսկական օրինակը՝ ոչնչացվում, իսկ դրա փոխարեն թղթապանակում դրվում էր ուղղված տարբերակը։ Անվերջ փոփոխությունների այս գործընթացը վերաբերում էր ոչ միայն թերթերին, այլև գրքերին, պարբերականներին, գրքույկներին, ազդագրերին, թռուցիկներին, ֆիլմերին, ձայնագրություններին, ծաղրանկարներին ու լուսանկարներին, այսինքն՝ այն բոլոր գրական կամ վավերագիր նյութերին, որոնք կարող են քաղաքական կամ գաղափարական նշանակություն ունենալ։ Օրեցօր և գրեթե րոպե առ րոպե անցյալը թարմացվում էր։ Հենց այդպես Կուսակցության ցանկացած կանխագուշակման իրավացիությունը հաստատվում էր փաստացի ապացույցով, գրանցումների մեջ չկար որևէ նորություն կամ կարծիք, որը կարող էր հակասել ժամանակի կարիքներին։ Ամբողջ պատմությունը մագաղաթ էր, որ ջնջվում ու դարձյալ գրվում էր այնքան հաճախ, որքան անհրաժեշտ էր։ Եվ երբ գործն արվում էր, այլևս հնարավոր չէր ապացուցել, թե որևէ կեղծում է կատարվել։ Արձանագրությունների բաժնի ամենամեծ հատվածը, շատ ավելի մեծ, քան Ուինսթոնի բաժինն էր, բաղկացած էր մարդկանցից, որոնց պարտականությունն էր գտնել ու հավաքել փոփոխման կամ ոչնչացման ենթակա գրքերի, թերթերի և այլ փաստաթղթերի բոլոր կրկնօրինակները։ «Թայմսի» համարը, որը քաղաքական հանգամանքների փոփոխության կամ Մեծ եղբոր սխալ մարգարեությունների պատճառով հավանաբար տասնյակ անգամներ փոփոխվել էր, դրված էր թղթապանակում՝ իր իսկական ամսաթվով և գոյություն չուներ նրան հակասող այլ կրկնօրինակ։ Գրքերը նույնպես պատվիրվում էին, նորից ու նորից վերաշարադրվում և վերատպվում՝ առանց փոփոխության մասին որևէ ծանուցման։ Նույնիսկ Ուինսթոնի ստացած գրավոր հրահանգներում, որոնցից նա միշտ ազատվում էր կատարելուն պես, ուղիղ կամ անուղղակիորեն չէր ասվում, որ ինչ-որ բան է կեղծվել, մշտապես նշվում էին միայն այն սայթաքումները, սխալները, տառասխալները կամ սխալ ձևակերպումները, որոնք անհրաժեշտ էր ուղղել՝ ելնելով ճշգրտության նկատառումներից։
 
Իրականում, մտածեց Ուինսթոնը, երբ ուղղում էր Առատության նախարարության թվերը, սա նույնիսկ կեղծարարություն չէ, այլ ընդամենը մի անհեթեթության փոխարինում մյուսով։ Նյութի հիմնական մասը, որի հետ առնչվում էր աշխատողը, ոչ մի կապ չուներ իրական աշխարհի հետ, նույնիսկ այնպիսի կապ, որ կարելի էր տեսնել անկեղծ ստի մեջ։ Վիճակագրությունը նույնքան ֆանտաստիկ էր ինչպես բնագրում, այնպես էլ շտկված տարբերակում։ Հիմնականում ստիպված էին լինում թվեր հորինել։ Օրինակ՝ ըստ Առատության նախարարության կանխատեսումների՝ եռամսյակի ընթացքում պետք է արտադրվեր հարյուր քառասունհինգ միլիոն զույգ կոշիկ։ Իրականում արտադրվում էր վաթսուներկու միլիոն։ Սակայն կանխատեսումը վերաշարադրելիս Ուինսթոնը թիվն իջեցրեց հիսունյոթ միլիոնի, որպեսզի, ինչպես միշտ, տպավորություն ստեղծվի, թե պլանը գերակատարվել է։ Ամեն դեպքում, վաթսուներկու միլիոնը նույնքան հեռու էր իրականությունից, որքան 145 միլիոնը։ Շատ հավանական էր, որ կոշիկ ընդհանրապես չէր արտադրվել։ Շատ ավելի հավանական էր, որ ոչ ոք չգիտի և չի էլ ուզում իմանալ, թե որքան կոշիկ է արտադրվել։ Հայտնի էր միայն, որ ամեն եռամսյակի ընթացքում թղթի վրա արտադրվում էր աստղաբաշխական քանակի կոշիկ, սակայն Օվկիանիայի բնակչության կեսը բոբիկ էր։ Նույն վիճակն էր մեծ կամ փոքր ցանկացած գրավոր փաստի դեպքում։ Ամեն ինչ խամրում էր ստվերների աշխարհում, որտեղ նույնիսկ տարեթիվը հնարավոր չէր հստակ որոշել։
 
Ուինսթոնը հայացք գցեց սրահի հակառակ կողմը։ Զուգահեռ խցում Թիլոթսոն անունով փոքրամարմին, բծախնդիր, մուգ կզակով մի մարդ անվրդով աշխատում էր՝ ծնկին պահելով ծալած թերթը, բերանը մոտեցրած խոսագրիչի բարձրախոսին։ Թվում էր՝ նա ամեն ինչ անում է, որ ամբողջ ասվածը մնա իր ու հեռէկրանի միջև։ Նա բարձրացրեց գլուխը, և ակնոցը թշնամաբար ուղղվեց Ուինսթոնի կողմը։
 
Ուինսթոնը գրեթե չէր ճանաչում Թիլոթսոնին և գաղափար անգամ չուներ, թե նա ինչ գործով էր զբաղվում։ Արձանագրությունների բաժնում ոչ ոք չէր սիրում խոսել իր աշխատանքի մասին։ Երկար, առանց պատուհանների միջանցքում, որ բաղկացած էր երկշարք խցերից՝ լի թղթերի անվերջ խշխշոցով ու խոսագրիչի մեջ մրմնջացող ձայների բզզոցով, աշխատում էին տասնյակ մարդիկ, որոնց Ուինսթոնը նույնիսկ անունով չէր ճանաչում, չնայած ամեն օր տեսնում էր, թե ինչպես են շտապ-շտապ հետուառաջ անում միջանցքներում կամ թափահարում թևերը Ատելության երկրոպեի ընթացքում։ Նա գիտեր, որ հարևան խցում աշխատող ավազագույն մազերով փոքրամարմին կինն ամբողջ օրը տանջվում էր՝ գտնելով ու մամուլից ջնջելով այն մարդկանց անունները, ովքեր գոլորշացվել էին, հետևաբար երբեք էլ գոյություն չէին ունեցել։ Աշխատանքն ասես հենց նրա համար էր ստեղծված. բանն այն է, որ մի քանի տարի առաջ գոլորշացրել էին նրա ամուսնուն։ Իսկ մի քանի խուց այն կողմ աշխատում էր մեղմ, անճարակ, երազկոտ մի արարած՝ Ամփլֆորթ անունով, չափազանց մազոտ ականջներով և հանգի ու ռիթմի ապշեցուցիչ տաղանդով. նա ստեղծում էր բանաստեղծությունների աղավաղված տարբերակներ կամ, այսպես կոչված, եզրափակիչ տեքստեր, որոնք գաղափարական առումով վտանգավոր չէին, բայց, չգիտես ինչու, պետք է պահպանվեին անթոլոգիաներում։ Եվ այս ամբողջ սրահը, մոտ հիսուն աշխատողներով, կազմում էր ընդամենը մեկ ենթաբաժին, այսպես ասած՝ մի աոանձին բջիջ Արձանագրությունների բաժնի հսկայական ու խժճված համակարգում։ Նրանից այն կողմ, նրանից վերև ու ներքև աշխատողների մեղվապարսերը զբաղված էին ամենաբազմազան գործերով։ Կային հսկայական հրատարակչություններ՝ իրենց ենթախմբագիրներով, տպագրիչներով և հատուկ կահավորված ստուդիաներով, որտեղ լուսանկարներ էին կեղծվում։ Կար նաև հեռուստահաղորդումների բաժին՝ իր ինժեներներով, ռեժիսորներով և դերասանների խմբերով, որոնք հատուկ ընտրված էին ձայներ նմանակելու ունակության համար։ Կար նաև ռեֆերենտների մի ամբողջ բանակ, որոնց պարտականությունն էր կազմել գրքերի ու պարբերականների ցուցակները, որոնք ենթակա էին փոփոխման։ Կային հսկայական պահոցներ՝ փաստաթղթերի համար, և թաքնված հնոցներ, որտեղ ոչնչացվում էին իսկական օրինակները։ Իսկ ինչ-որ տեղ գաղտնի, ուղղորդող ուղեղներն էին, որոնք, կենտրոնացնելով իրենց ջանքերը, կազմում էին քաղաքական ուղեգիծ, ըստ որի՝ անհրաժեշտ էր անցյալի մի մասը պահպանել, մյուս մասը կեղծել, իսկ երրորդն առհասարակ ոչնչացնել։
 
Իսկ Արձանագրությունների բաժինը Ճշմարտության նախարարության առանձին մասն էր, որի գլխավոր խնդիրն էր ոչ թե վերակառուցել անցյալը, այլ Օվկիանիայի բնակիչներին մատակարարել թերթեր, ֆիլմեր, դասագրքեր, հեռէկրանի հաղորդումներ, պիեսներ, վեպեր, այսինքն՝ համոզիչ տեղեկատվություն, հրահանգներ կամ ժամանց՝ արձանից մինչև լոզունգ, քնարական պոեմից մինչև կենսաբանական տրակտատ և մանկական այբբենարանից մինչև նորալեզվի բառարան։ Նախարարությունը ոչ միայն բավարարում էր Կուսակցության բազմազան կարիքները, այլև կրկնում ամբողջ գործողությունը ավելի ցածր մակարդակով՝ պրոլետարիատի համար: Գոյություն ուներ առանձին բաժինների մի ամբողջ համակարգ, որոնք զբաղվում էին պրոլետարական գրականությամբ, երաժշտությամբ, դրամատուրգիայով և զվարճանքներով։ Այստեղ տպագրվում էին ցածրորակ թերթեր, որոնք գրեթե ոչինչ չէին պարունակում՝ բացի սպորտից, հանցագործությունների ամփոփագրից ու աստղագիտությունից, գրոշանոց սենսացիոն նովելներից. ստեղծվում էին անվայելուչ տեսարաններով ֆիլմեր ու սենտիմենտալ երգեր, որոնք հորինվում էին մեխանիկական միջոցներով՝ յուրահատուկ գեղադիտակով, որը կոչվում էր հանգագրիչ։ Գոյություն ուներ նաև մի ամբողջ ենթաբաժին, նորալեզվով այն կոչվում էր Պոռնոբաժին և զբաղվում էր ամենացածրորակ պոռնոգրաֆիայի ստեղծմամբ, որն ուղարկվում էր կնքված փաթեթներով, և Կուսակցության անդամներին, բացի հեղինակներից, արգելվում էր դիտել դրանք:
 
Մինչ Ուինսթոնն աշխատում էր, օդաճնշական խողովակից ևս երեք հաղորդագրություն էր ընկել, բայց դրանք սովորական առաջադրանքներ էին, ուստի ավարտեց մինչև Ատելության երկրոպեի սկիզբը։ Երբ Ատելությունն ավարտվեց, նա վերադարձավ իր խուցը, դարակից հանեց Նորալեզվի բառարանը, մի կողմ դրեց խոսագրիչը, մաքրեց ակնոցը և անցավ առավոտվա հիմնական գործին։
 
Ուինսթոնի կյանքի ամենամեծ հաճույքն աշխատանքն էր։ Հիմնականում հոգնեցուցիչ ու սովորական առաջադրանքներ էին, բայց երբեմն այնքան բարդ ու խճճված, որ կարող էիր գլուխդ կորցնել, ինչպես մաթեմատիկական խնդիր լուծելիս. լինում էին դեպքեր, երբ կեղծելու ընթացքում ոչինչ չէր կարող ուղղորդել. պետք էր միայն տիրապետել Անգսոցի սկզբունքներին և կանխագուշակել՝ Կուսակցությունն ինչ է ուզում լսել քեզնից։ Ուինսթոնը հիանալի էր տիրապետում այս գործին։ Մի անգամ նրան նույնիսկ վստահել էին «Թայմսի» առաջնորդող հոդվածների շտկման գործը, որոնք ամբողջությամբ գրված էին նորալեզվով։ Նա բացեց հաղորդագրությունը, որն ավելի վաղ մի կողմ էր դրել։ Այնտեղ գրված էր.
 
 
թայմս 3.12.83 զեկույց մե օրվա պատվեր կրկնակիպլյոալավ մեջբերումներ չմարդիկ վերաշարադրել լրիվ վերից վար մինչ ներկայացումը
 
 
Հնալեզվում (կամ ստանդարտ անգլերենում) դա հնչում էր այսպես.
 
 
1983 թվականի դեկտեմբերի երեքի «Թայմսի» համարում տպագրված Մեծ եղբոր հրամանը գոհացնող է. վկայակոչված են գոյություն չունեցող մարդիկ։ Ամբողջությամբ վերաշարադրեք և մինչ պահոց ուղարկելը ձեր տարբերակը հանձնեք ղեկավարությանը։
 
 
Ուինսթոնն աչքի անցկացրեց սխալ հողվածը։ Երևում էր՝ Մեծ եղբոր Օրվա հրամանը գլխավորապես նվիրված էր ԷֆԷֆՍիՍի կազմակերպության աշխատանքի գովերգմանը, որը սիգարետ և այլ պարագաներ էր մատակարարում Լողացող ամրոցների նավաստիներին։ Աչքի էր ընկել հատկապես ոմն ընկեր Ուիդերս՝ Ներքին կուսակցության հայտնի անդամ. նրան շնորհվել էր երկրորդ կարգի շքանշան՝ Գերազանց ծառայության համար։
 
Երեք ամիս անց ԷֆԷֆՍիՍի-ն լուծարվել էր՝ առանց որևէ պատճառի։ Կարելի էր ենթադրել, որ Ուիդերսը և նրա գործընկերները հիմա շնորհազրկված էին, թեև այդ մասին որևէ հիշատակություն չկար ո՛չ մամուլում, ո՛չ էլ հեռէկրանով։ Դա սպասելի էր, քանի որ քաղաքական օրինազանցները սովորաբար չէին դատապարտվում կամ ենթարկվում հանրային մեղադրանքի։ Մեծ զտումները, որոնց զոհ էին գնում հազարավոր մարդիկ, դավաճանների ու մտքի հանցագործների բաց դատաքննությունները, որտեղ նրանք ստորացած խոստովանում էին իրենց մեղքը, ապա մահապատժի ենթարկվում, հատուկ ներկայացումներ էին և տեղի էին ունենում ոչ հաճախ, քան մի քանի տարին մեկ։ Իսկ մարդիկ, ովքեր արժանացել էին Կուսակցության դժգոհությանը, ուղղակի անհետանում էին, ու նրանց մասին այլևս ոչ ոք չէր լսում։ Ոչ ոք պատկերացում չուներ՝ ինչ է պատահել նրանց։ Հնարավոր է, որ նույնիսկ ողջ են։ Տարբեր ժամանակներում անհետացել էր երեսուն մարդ, որոնց Ուինսթոնը անձամբ էր ճանաչում՝ չհաշված իր ծնողներին։
 
Ուինսթոնն ամրակով դանդաղ շոյում էր քիթը։ Դիմացի խցում ընկեր Թիլոթսոնը դեռ գաղտնի խոսում էր քթի տակ՝ թեքված դեպի խոսագրիչը։ Նա մի պահ բարձրացրեց գլուխը, ու ակնոցը դարձյալ թշնամաբար փայլեց։ Ուինսթոնը չգիտեր՝ արդյո՞ք ընկեր Թիլոթսոնը նույն գործով էր զբաղվում, ինչ ինքը։ Դե ինչ, չի բացառվում։ Նման նուրբ գործեր չեն կարող վստահվել միայն մեկ մարդու. մյուս կողմից՝ առաջադրանքը կոմիտեին հանձնարարելը կնշանակեր խոստովանել, որ կեղծում է տեղի ունենում։ Շատ հավանական է, որ հիմա տասնյակից ավելի մարդիկ աշխատում էին Մեծ եղբոր ասածի հակառակ տարբերակների վրա։ Հիմա մի փայլուն ուղեղ Ներքին կուսակցությունից կընտրի այս կամ այն տարբերակը, կխմբագրի, գործի կդնի խաչաձև հղումների բարդ, բայց անհրաժեշտ համակարգը, ապա ընտրված սուտը կհանձնվի մշտական պահպանման և կդառնա ճշմարտություն։
 
Ուինսթոնը չգիտեր, թե Ուիդերսն ինչու էր շնորհազրկվել։ Գուցե չարաշահումների կամ աշխատանքը վատ կատարելու համար։ Իսկ գուցե Մեծ եղբայրն ուղղակի ազատվում էր չափազանց հայտնի իր ենթակայից։ Հնարավոր է, որ Ուիդերսին կամ նրան մտերիմ մեկին մեղադրում էին հերետիկոսության համար։ Կամ գուցե, ինչն ամենահավանականն էր, դա պատահել էր, որովհետև զտումներն ու «գոլորշացումները» կառավարության մեխանիզմի անհրաժեշտ մասն էին։ Միակ իրական հուշումը «հիշատակված չմարդիկ» արտահայտության մեջ էր. նշանակում էր՝ Ուիդերսն արդեն մեռած է։ Այս արտահայտությունը չէր օգտագործվում ձերբակալված մարդկանց դեպքում։ Երբեմն նրանց բաց էին թողնում և թույլ էին տալիս մինչ մահապատիժը մեկ-երկու տարի մնալ ազատության մեջ։ Պատահում էր, որ մեկը, ում վաղուց մեռած էին համարում, ուրվականի պես հայտնվում էր որևէ հանրային դատավարության ընթացքում, որտեղ վկայություններ էր տալիս հարյուրավոր մարդկանց դեմ, ապա անհետանում, այս անգամ՝ ընդմիշտ։ Այնուամենայնիվ, Ուիդերսն արդեն «չմարդ» էր։ Նա գոյություն չուներ, երբեք էլ գոյություն չէր ունեցել։ Ուինսթոնը որոշեց, որ բավական չէ փոխել միայն Մեծ եղբոր ելույթի միտումը։ Ավելի լավ կլիներ նա խոսեր հիմնական թեմայի հետ բոլորովին կապ չունեցող մեկ այլ բանի մասին։
 
Նա կարող է շեղել ելույթի ուղղությունն ու պախարակել դավաճաններին ու մտքի հանցագործներին, բայց դա չափազանց ակնհայտ կլիներ, իսկ ռազմաճակատում հաղթանակ հորինելը կամ Իններորդ եռամյա պլանի գերակատարումը կարող էր շատ խճճել արձանագրությունները։ Այստեղ անհրաժեշտ էր մաքուր երևակայություն։ Հանկարծ ուղեղում փայլատակեց ընկեր Օգլվիի՝ կարելի է ասել պատրաստի պատկերը. նա վերջերս զոհվել էր ճակատամարտում՝ հերոսական հանգամանքներում։ Լինում էին դեպքեր, երբ Մեծ եղբայրն իր Օրվա հրամանը նվիրում էր Կուսակցության շարքային համեստ անդամի հիշատակին, ում կյանքն ու մահը օրինակելի էին բոլորի համար։ Այսօր նրա խոսքը նվիրված կլինի ընկեր Օգլվիին։ Անշուշտ, ընկեր Օգլվի անունով մարդ գոյություն չուներ, բայց մի քանի տպագիր տող մի քանի կեղծ լուսանկար, և նա շուտով կյանքի կկոչվի։
 
Ուինսթոնը մի պահ մտածեց, հետո իր կողմը քաշեց խոսագրիչն ու սկսեց թելադրել Մեծ եղբոր ծանոթ ոճով՝ միաժամանակ ռազմական ու մանրակրկիտ ոճ, ինչը հեշտ էր կրկնօրինակել՝ հարցեր տալու և դրանց անմիջապես պատասխանելու հնարքի շնորհիվ («Ի՞նչ դաս ենք քաղում այս փաստից, ընկերներ։ Դաս, որը նաև Անգսոցի հիմնարար սկզբունքներից մեկն է, և այլն, և այլն»)։
 
Երեք տարեկանում ընկեր Օգլվին հրաժարվել էր բոլոր խաղալիքներից՝ բացի թմբուկից, ինքնաձիգից և ուղղաթիռի մոդելից։ Վեց տարեկանում, բացառության կարգով մեկ տարի շուտ, համալրել է Լրտեսների շարքերը, իսկ ինը տարեկանում արդեն դասակի հրամանատար էր։ Տասնմեկ տարեկանում հորեղբորը մատնել էր Մտքի ոստիկանությանը, երբ գաղտնալսելով խոսակցությունը՝ հասկացել էր, որ նա հանցավոր գաղափարներ ունի։ Տասնյոթ տարեկանում Երիտասարդական հակասեռային միության շրջանային ղեկավարն էր։ Տասնինը տարեկանում հնարել էր ձեռքի նռնակ, որն ընդունվել էր Խաղաղության նախարարության կողմից և առաջին փորձարկման ընթացքում մեկ պայթյունով ոչնչացրել երեսունմեկ եվրասիացի գերի։ Քսաներեք տարեկանում զոհվել էր ռազմական գործողությունների ժամանակ։ Կարևոր հաղորդագրություններով Հնդկական օվկիանոսի վրայով թռչելիս նրան հետապնդել էին թշնամու կործանիչ ինքնաթիռները։ Գնդացիրը մարմնին կապած՝ ուղղաթիռից թռել էր խոր ջրերի մեջ՝ իր հետ տանելով հաղորդագրությունները։ «Նման վախճանը, - ասաց Մեծ եղբայրը,- կարող է դառնալ միայն նախանձի առարկա»։ Մեծ եղբայրը մի քանի մեկնաբանություն արեց ընկեր Օգլվիի կյանքի մաքրության ու նպատակաուղղվածության վերաբերյալ։ Նա չէր խմում և չէր ծխում, չուներ ժամանցի այլ տարբերակ, քան օրական մեկ ժամ մարզասրահում անցկացնելը, ամուրիության երդում էր տվել, քանզի կարծում էր, որ ամուսնությունն ու ընտանիքի խնամքը անհամատեղելի են պարտքին քսանչորս ժամ նվիրվելու պատրաստակամության հետ։ Չուներ խոսակցության այլ թեմա, քան Անգսոցը, և ոչ մի նպատակ՝ բացի եվրասիական թշնամու դեմ հաղթանակից և լրտեսներ, վնասարարներ, մտքի հանցագործներ ու այլ դավաճաններ գտնելուց։
 
Ուինսթոնը երկար մտածում էր՝ չարժե՞ արդյոք շքանշան շնորհել ընկեր Օգլվիին «Գերազանց ծառայության համար». ի վերջո, որոշեց չշնորհել, քանի որ դրա համար անհրաժեշտ էր մի քանի խաչաձև հղում։
 
Մի անգամ էլ նայեց դիմացի խցում աշխատող մրցակցին: Ինչ-որ բան նրան հուշում էր, որ Թիլոթսոնը հաստատ զբաղված է նույն գործով, ինչ ինքը։ Անհնար էր կռահել, թե ում աշխատանքն ի վերջո կընդունվի, բայց նա միանգամայն վստահ էր, որ իր տարբերակն է ընդունվելու։ Ընկեր Օգլվին, ով ընդամենը մեկ ժամ առաջ գոյություն չուներ, հիմա իրական էր։ Ուինսթոնին հետաքրքիր թվաց այն փաստը, որ կարելի է ստեդծել մեռած մարդկանց, բայց ոչ՝ որջերին: Ընկեր Օգլվին, ով երբեք գոյություն չէր ունեցել ներկայում, հիմա գոյություն ուներ անցյալում, ու երբ կեղծման փաստը մոռացվի, նրա գոյությունը նույնքան հաստատ և անժխտելի կլինի, որքան Կարլ Մեծինը կամ Հուլիոս Կեսարինը։
 
=== V ===
 
Ցածր առաստաղով ճաշարանում, գետնի տակ, դանդաղ առաջ էր գնում ճաշին սպասողների հերթը։ Սենյակն արդեն լի էր մարդկանցով ու խլացնող աղմուկով։ Վաճառասեղանի ետևից քուլա-քուլա բարձրանում էր շոգեխաշած մսի գոլորշին՝ թթու մետաղական հոտով, որին, սակայն, չէր հաջողվում ճնշել «Հաղթանակ» ջինի հոտը։ Սրահի հեռավոր անկյունում փոքրիկ բար էր՝ պատի մեջ բացված անցք, որտեղից ջինի մի մեծ ումպը կարելի էր գնել տասը սենթով։
 
- Ահա թե ում էի փնտրում,- լսեց Ուինսթոնը թիկունքից։
 
Նա շրջվեց։ Մտերիմներից էր՝ Սայմը, ով աշխատում էր Հետազոտությունների բաժնում։ «Մտերիմ» բառը թերևս տեղին չէ։ Արդեն բարեկամներ չկային, միայն «ընկերներ», բայց կային որոշ ընկերներ, որոնց ներկայությունն ավելի հաճելի էր, քան մյուսներինը։ Սայմը բանասեր էր, նորալեզվի մասնագետ։ Նա փորձագետների հսկայական թիմի կազմում էր, ովքեր պատրաստում էին Նորալեզվի բառարանի տասնմեկերորդ հրատարակությունը։ Ուինսթոնից էլ փոքրամարմին էր, մուգ մազերով և մեծ, դուրս պրծած աչքերով, որոնք միաժամանակ թե՛ տխուր էին, թե՛ ծիծաղելի, և զրուցակցի հետ խոսելիս կարծես ուսումնասիրում էին նրա դեմքը։
 
- Ուզում էի հարցնել՝ ածելի ունե՞ք,- ասաց նա։
 
- Ոչ մի հատ,- ասաց Ուինսթոնը մի տեսակ մեղավոր շտապողականությամբ։- Ամբողջ քաղաքում հարցրել եմ։ Ոչ մի տեղ այլևս չկա։
 
Բոլորն ածելիներ էին փնտրում։ Իրականում Ուինսթոնը երկու չօգտագործած ածելի ուներ, որոնք գանձի պես պահել էր։ Ածելիներն անհետացել էին մի քանի ամիս առաջ։ Ցանկացած պահի կուսակցական խանութներից մեկ այս անհրաժեշտ առարկան էր չքանում, մևկ մյուսը։ Մերթ կոճակներն անհետ կկորչեն, մերթ թելը, երբեմն էլ՝ կոշկաքուղերը. հիմա էլ, ահա, ածելիներն էին չքվել։ Եթե հնարավոր էր ձեռք բերել, ապա միայն «սև» շուկայում, այն էլ՝ թաքուն ու դժվարությամբ։
 
- Վեց ամիս է՝ նույն ածելիով եմ սափրվում,- ստեց նա։
 
Հերթն առաջ շարժվեց։ Երբ կանգ առան, Ուինսթոնը նորից շրջվեց դեպի Սայմը։ Նրանք մեկական մետաղյա յուղոտ սկուտեղ վերցրին վաճառասեղանի եզրին շարված կույտից։
 
- Երեկ տեսա՞ք՝ ինչպես կախաղան հանեցին գերիներին,- ասաց Սայմը։
 
- Աշխատում էի,- անտարբեր պատասխանեց Ուինսթոնը։– Երևի կինոյում կտեսնեմ։
 
- Բոլորովին համարժեք փոխատեղում չէ,- ասաց Սայմը։
 
Նրա քմծիծաղող հայացքը տնտղում էր Ուինսթոնի դեմքը։ «Լա՜վ գիտենք ձեզ,- ասում էին նրա աչքերը:- Կարդում եմ մտքերդ։ Շատ լավ հասկանում եմ՝ ինչու չես գնացել գերիների մահապատիժը նայելու»։
 
Ինտելեկտուալ Սայմը մոլեռանդ ուղղափառ էր։ Տհաճ ու ագահ գոհունակությամբ պատմում էր թշնամու գյուղերի վրա ուղղաթիռների գրոհների, մտքի հանցագործների դատավարությունների ու խոստովանությունների, Սիրո նախարարության նկուղներում իրականացվող մահապատիժների մասին։ Զրուցելիս ստիպված էիր շեղել նրան այդպիսի թեմաներից ու, եթե հաջողվեր, հարցնել նորալեզվի տեխնիկական միջոցներից, որոնց մասին խոսում էր հետաքրքրությամբ ու իմացությամբ։ Ուինսթոնը մի քիչ թեքեց գլուխը, որ խուսափի խոշոր սև աչքերի մանրազնին հայացքից։
 
- Գեղեցիկ մահապատիժ ստացվեց,- երազկոտ մրմնջաց Սայմը։- Իմ կարծիքով՝ երբ նրանց ոտքերը կապում են, փչացնում են ամբողջ տեսարանը։ Սիրում եմ, երբ թափահարում են ոտքերը։ Իսկ ամենից շատ սիրում եմ վերջին պահը, երբ դուրս է ընկնում լեզուն, կապույտ, վառ կապույտ լեզուն։ Այդ մանրուքն ինձ շատ է գրավում։
 
- Հաջո՛րդը,- շերեփը թափահարելով՝ ճչաց սպիտակ գոգնոցով պրոլը։
 
Ուինսթոնն ու Սայմը մոտեցրին սկուտեղները։ Երկուսին էլ արագորեն սովորական ճաշ շպրտեցին. մետաղյա, մոխրավարդագույն միս, մի կտոր հաց, պանրի խորանարդիկ, մի բաժակ «Հաղթանակ» սուրճ՝ առանց կաթի, և սախարինի մի կոճակ։
 
- Այնտեղ՝ այն հեռէկրանի տակ, սեղան կա,- ասաց Սայմը։- Եկեք ճամփին ջին վերցնենք։
 
Ջինը մատուցվում էր անպոչ ճենապակե գավաթներով։ Նրանք կտրեցին-անցան մարդաշատ սրահը ու սկուտեղները դրեցին մետաղյա երեսով սեղանին, որի անկյունում ինչ-որ մեկը ճաշ էր թափել՝ կեղտոտ, ջրիկ, փսխուք հիշեցնող։ Ուինսթոնը վերցրեց ջինի գավաթը, մի պահ կանգ առավ՝ համարձակություն հավաքելու, ապա կուլ տվեց ձիթանման հեղուկը։ Հետո կկոցեց արցունքոտ աչքերն ու հանկարծ բացահայտեց, որ քաղցած է։ Սկսեց գդալել ճաշը. արգանակից բացի՝ ափսեի մեջ վարդագույն սպունգանման խորանարդիկներ կային, երևի մսի պատրաստուկ էր։ Երկուսն էլ լուռ էին այնքան, մինչև դատարկեցին թասերը։ Ուինսթոնից ձախ՝ նրա թիկունքում, ինչ-որ մեկն անընդհատ ու արագ-արագ խոսում էր։ Նրա հապճեպ շաղակրատանքը բադի կռնչոց էր հիշեցնում, որն առանձնանում էր ընղհանուր ժխորի մեջ։
 
- Բառարանի գործերն առա՞ջ են գնում,- հարցրեց Ուինսթոնը՝ ձայնը բարձրացնելով, որ հաղթահարի աղմուկը։
 
- Դանդաղ,- ասաց Սայմը։- Ես ածականներով եմ զբաղվում։ Հրաշալի՜ է։
 
Նա անմիջապես պայծառացավ, երբ խոսք գնաց նորալեզվի մասին։ Մի կողմ հրեց մետաղյա թասը, նուրբ ձեռքերից մեկով բռնեց հացի կտորը, մյուսով՝ պանիրը, ու կռացավ սեղանին, որ առանց գոռալու խոսի Ուինսթոնի հետ։
 
- Տասնմեկերորդ հրատարակությունը վերջնական է,– ասաց նա։– Մենք վերջնական տեսքի ենք բերում լեզուն. այդպիսին կլինի լեզուն այն ժամանակ, երբ այլևս ոչ ոք չի խոսի ուրիշ լեզվով։ Երբ ավարտենք այս գործը, ձեզ նման մարդիկ ստիպված կլինեն նորից սովորել լեզուն։ Երևի կարծում եք, թե մեր գլխավոր գործը նոր բառեր հորինելն է։ Ոչ մի դեպքում։ Մենք ոչնչացնում ենք բառերը՝ տասնյակ բառեր, հարյուրավոր բառեր, ամեն օր։ Մինչև ոսկորը տաշում ենք լեզուն։ 2050 թվականին տասնմեկերորդ հրատարակությունում ներառված ոչ մի բառ հնացած չի լինի։
 
Նա ագահորեն կծեց հացը, ծամեց ու կուլ տվեց, ապա շարունակեց խոսել տառակերի կրքոտությամբ։ Նիհար, թուխ դեմքն աշխուժացել էր, աչքերը կորցրել էին ծաղրական արտահայտությունը ու գրեթե երազկոտ էին։
 
- Բառերի ոչնչացումը գեղեցիկ բան է։ Իհարկե, ամենաանպետքը բայերն ու ածականներն են, բայց կան նաև հարյուրավոր գոյականներ, որոնցից նույնպես կարելի է ազատվել։ Հարցը միայն համանիշները չեն, կան նաև հականիշներ։ Ի վերջո, ինչի՞ է պետք բառը, որն ընդամենը այլ բառի հակառակ իմաստն է։ Բառն ինքնին իր հակառակ իմաստը պարունակում է։ Օրինակ՝ վերցնենք «լավ» բառը։ Եթե կա «լավ» բառը, ի՞նչ իմաստ ունի «վատը»։ «Չլավ»–ը բավական է ու ավելի հարմար, քանի որ, ի տարբերություն նախորդի, ճշգրիտ հականիշն է։ Կամ, եթե ուզում եք «լավ» բառի ավելի ուժեղ տարբերակ, ի՞նչ իմաստ ունի կիրառել այնպիսի աղոտ ու անիմաստ բառեր, ինչպիսիք են «գերազանցը», «փառահեղը» և այլն։ «Պլյուսլավ» բառն արտահայտում է ողջ իմաստը, կամ, եթե ավելի ուժեղ տարբերակ եք ուզում, «կրկնակիպլյուսլավ»։ Իհարկե, մենք արդեն օգտագործում ենք այդ ձևերը, բայց նորալեզվի վերջնական տարբերակում մյուսներն այլևս չեն լինի։ Ի վերջո, լավ ու վատ հասկացությունները կներկայացվեն վեց բառով, իսկ իրականում՝ ընդամենը մեկով։ Զգու՞մ եք գեղեցկությունը, Ուի՛նսթոն։ Անշուշտ, դա Մ. Ե.-ի գաղափարն է,– ավելացրեց՝ որպես ուշացած միտք։
 
Մեծ եղբոր անունը լսելիս Ուինսթոնի դեմքով անբովանդակ ջերմություն անցավ։ Այնուամենայնիվ, Սայմը նկատեց նրա թույլ խանդավառությունը։
 
- Ըստ արժանվույն չեք գնահատում նորալեզուն, Ուինսթոն,- տխուր ասաց նա։– Նույնիսկ նորալեզվով գրելիս հնալեզվով եք մտածում։ Մի քանի անգամ կարդացել եմ ձեր հոդվածները «Թայմսում»։ Լավն են, բայց թարգմանություններ են։ Հոգու խորքում դուք նախընտրում եք կառչել հնալեզվից՝ իր ողջ անորոշությամբ ու իմաստի անհեթեթ երանգներով։ Բառերի ոչնչացման գեղեցկությունը հասու չէ ձեզ։ Գիտե՞ք՝ նորալեզուն աշխարհի միակ լեզուն է, որի բառապաշարն ամեն տարի պակասում է։
 
Անշուշտ, Ուինսթոնը գիտեր այդ մասին։ Նա ժպտաց, որքան հնարավոր է, կարեկցանքով, բայց չհամարձակվեց խոսել։ Սայմը կծեց մուգ հացի ևս մի կտոր, արագ ծամեց ու շարունակեց.
 
- Մի՞թե չեք հասկանում, որ նորալեզվի հիմնական նպատակը մտքի ծավալների նեղացումն է։ Ի վերջո, մենք կհասնենք նրան, որ մտքի հանցագործությունը տառացիորեն անհնար կլինի. չեն լինի բառեր` այն արտահայտելու համար։ Ցանկացած անհրաժեշտ հասկացություն կարտահայտվի միայն մեկ բառով, որի իմաստը խստորեն սահմանված կլինի, իսկ մյուս բոլոր լրացուցիչ իմաստները կվերանան ու կմոռացվեն։ Արդեն տասնմեկերորդ հրատարակությունում մենք գրեթե հասնում ենք այդ նպատակին։ Բայց գործընթացը դեռ երկար կշարունակվի, նույնիսկ իմ ու ձեր մահից հետո։ Ամեն տարի բառերն աստիճանաբար կքչանան, իսկ գիտակցության ծավալները կփոքրանան։ Անշուշտ, նույնիսկ հիմա չկա մտքի հանցագործության ո՛չ պատճառ, ո՛չ արդարացում։ Կա ինքնաղեկավարման, իրականության վերահսկման խնդիր։ Բայց, ի վերջո, նույնիսկ դրա կարիքը չի լինի։ Հեղափոխությունն ավարտված կլինի այն ժամանակ, երբ լեզուն կատարյալ լինի։ Նորալեգուն Անգսոցն է, Անգսոցը՝ նորալեզուն,- ավելացրեց նա մի տեսակ միստիկական բավարարվածությամբ։- Ձեր մտքով երբևէ անցե՞լ է, Ուի՛նսթոն, որ ամենաուշը մինչ 2050 թվականը չի մնա ոչ մի մարդ, ով կկարողանա հասկանալ իմ ու ձեր խոսակցությունը։
 
- Բացի…,- կասկածանքով սկսեց Ուինսթոնն ու անմիջապես կանգ առավ։
 
«Բացի պրոլներից»,- նրա լեզվի ծայրին էր։ Բայց իսկույնևեթ զգաց, որ այդ մեկնաբանությունը բավական է իրեն գաղափարներից շեղվելու մեջ մեղադրելու համար։ Սակայն Սայմը գլխի էր ընկել, թե նա ինչ էր ուզում ասել։
 
Պրոլները մարդ չեն,- անփույթ ասաց նա։- Մինչ 2050 թվականը կամ գուցե ավելի շուտ ոչ ոք չի տիրապետի հնալեզվին։ Անցյալի ողջ գրականությունը կոչնչացվի։ Չոսեր, Շեքսպիր, Միլթոն, Բայրոն. նրանց ստեղծագործությունները գոյություն կունենան միայն նորալեզվի տարբերակով. դրանք ոչ միայն կփոխվեն, այլև նոր տարբերակը կհակասի հնին։ Կփոխվի նույնիսկ Կուսակցության գրականությունը։ Անգամ կարգախոսները կփոխվեն։ Ինչպե՞ս կկիրառվի «Ազատությունը ստրկություն է» արտահայտությունը, երբ «ազատություն» հասկացությունը վերանա։ Մտածողության մթնոլորտն այլ կլինի։ Ըստ էության, միտքը, իր ժամանակակից իմաստով նույնպես չի լինի։ Ուղղափառը չի մտածում։ Նա մտածելու կարիք չունի։ Ուղղափառությունն անգիտակցական վիճակ է։
 
Հանկարծահաս խոր համոզմունքով Ուինսթոնը մտածեց, որ մոտ օրերս Սայմին «կգոլորշացնեն»։ Նա չափազանց խելացի է։ Շատ պարզ է հասկանում ու շիտակ է խոսում։ Կուսակցությունը չի սիրում այդպիսիններին։ Նրա դեմքին էլ գրված է, որ մի օր անհետանալու է։
 
Ուինսթոնն արդեն կերել էր հացն ու պանիրը։ Նա մի քիչ հետ ընկավ աթոռին, որ խմի մի գավաթ սուրճը։ Նրանից ձախ՝ սեղանի առաջ, ճղճղան ձայնով մարդը դեռ անխղճորեն խոսում էր։ Մի երիտասարդ կին, ով հավանաբար նրա քարտուղարուհին էր ու մեջքով էր նստած Ուինսթոնին, լսում էր նրան ու սիրով համաձայնում ամեն խոսքին։ Ժամանակ առ ժամանակ Ուինսթոնի ականջին էր հասնում կնոջ երիտասարդ ու բավական հիմար ձայնը, որն ասում էր` «Իրավացի եք։ Լիովին համամիտ եմ ձեզ հետ»։ Բայց մյուս ձայնը չէր դադարում ոչ մի վայրկյան, նույնիսկ երբ աղջիկն էր խոսում։ Ուինսթոնը ճանաչում էր տղամարդուն, բայց միայն գիտեր, որ կարևոր պաշտոն է զբաղեցնում Գրականության բաժնում։ Նա մոտ երեսուն տարեկան էր, մկանուտ կոկորդով ու մեծ, շարժուն բերանով։ Գլուխը մի քիչ հետ էր գցել, և այդ դիրքի պատճառով լույսն ընկնում էր աչքերին, ու Ուինսթոնին թվում էր, թե աչքերի փոխարեն երկու դատարկ սկավառակ է։ Սարսափելին այն էր, որ հնարավոր չէր գոնե մեկ բառ առանձնացնել նրա շուրթերից հորդող հնչյունների հոսքից։ Միայն մեկ անգամ Ուինսթոնը հասկացավ արտահայտության մի պատառիկ՝ «գոլդսթայնականության լրիվ ու վերջնական վերացում». այդ պատառիկն այնքան արագ թռավ, որ ասես լինոտիպի տող լիներ։ Իսկ մնացածն ընդամենը աղմուկ էր, կռնչոց՝ կըռ-կըռ-կըռ։ Չնայած հնարավոր չէր լսել նրա խոսքը, անկասկած կարելի էր կռահել խոսակցության թեման։ Կարևոր չէր՝ նա մեղադրում է Գոլդսթայնին և պահանջում ավելի՞ դաժան միջոցներ մտքի հանցագործների ու վնասարարների դեմ, քննադատում էր եվրասիական բանակի վայրագություննե՞րը, թե՞ գովերգում էր Մեծ եղբորը կամ Մալաբարի ռազմաճակատի հերոսներին։ Ինչ էլ լիներ, կարելի էր վստահ ասել՝ նրա յուրաքանչյուր բառը ուղղափառություն է, մաքուր Անգսոց։ Երբ Ուինսթոնն ուշադիր զննեց նրա անաչք դեմքը և շտապ-շտապ վերուվար անող բերանը, տարօրինակ զգացողություն ունեցավ։ Ասես նրա առաջ ոչ թե կենդանի մարդ էր, այլ ինչ-որ մանեկեն։ Խոսքը ծնվում էր ոչ թե ուղեղում, այլ կոկորդում։ Նրանից հորդող զանգվածը բաղկացած էր բառերից, բայց խոսք չէր բառի բուն իմաստով, անգիտակցաբար արտահայտված աղմուկ էր, որ նման էր բաղի կռկռոցի։
 
Մի պահ Սայմը լուռ էր և գդալի պոչով խզմզում էր ճաշի ջրիկ մասը։ Մյուս սեղանի հապճեպ կռկռոցը շարունակվում էր և ընկալելի էր՝ չնայած շրջապատող աղմուկին։
 
- Նորալեզվում մի բառ կա,- ասաց Սայմը։- Չգիտեմ՝ գիտեք, թե ոչ. բադախոսք, այսինքն՝ բադի կռկռոց։ Սա այն հետաքրքիր բառերից է, որը երկու իրար հակասող իմաստ ունի։ Եթե ասում ես հակառակորդիդ, վիրավորանք է, իսկ եթե համախոհիդ, գովասանք է։
 
«Անտարակույս, Սայմին կգոլորշացնեն»,- նորից մտածեց Ուինսթոնը, մտածեց մի տեսակ տխրությամբ, թեև քաջ գիտակցում էր, որ Սայմն արհամարհում է իրեն ու առանձնապես չի սիրում և կարող է շատ հանգիստ մատնել որպես մտքի հանցագործի, եթե որևէ հիմք ունենա։ Սայմի մեջ ինչ-որ բան այն չէր։ Նրան ինչ-որ բան էր պակասում. շրջահայացություն, հեռատեսություն, մի ինչ-որ փրկարար հիմարություն։ Չէր կարելի ասել, թե անուղղափառ է։ Նա հավատում էր Անգսոցի սկզբունքներին, խորապես հարգում էր Մեծ եղբորը, ուրախանում էր հաղթանակներով, ատում էր հերետիկոսներին ոչ միայն անկեղծորեն, այլև անխոնջ եռանդով, ընդ որում՝ տեղյակ էր վերջին իրադարձություններից, որոնք չէին անցնում Կուսակցության շարքային անդամի մտքով։ Սակայն նրանից անպարկեշտության հոտ էր փչում։ Ասում էր այն, ինչ ավելի լավ կլիներ չասեր, չափազանց շատ գիրք էր կարդացել, հաճախ էր այցելում «Շագանակենի» սրճարան, որտեղ հավաքվում էին նկարիչներ ու երաժիշտներ։ Չկար ոչ մի օրենք, նույնիսկ չգրված օրենք, «Շագանակենի» սրճարան հաճախելու դեմ, բայց այն վատ համբավ ուներ։ Կուսակցության հին, իրենց հանդեպ վստահությունը կորցրած ղեկավարները սովորություն ունեին հավաքվել այնտեղ, մինչ վերջնական զտումը։ Ասում էին՝ տասնամյակներ առաջ այդտեղ տեսել էին հենց իրեն՝ Գոլդսթայնին։ Սայմի ճակատագիրը դժվար չէր կանխատեսել։ Բայց փաստ էր, որ եթե նույնիսկ երեք վայրկյանով Սայմը հասկանա իր՝ Ուինսթոնի գաղտնի մտքերի էությունը, անմիջապես կմատնի նրան Մտքի ոստիկանությանը։ Ցանկացած մեկն էլ կմատներ, բայց Սայմը՝ բոլորից շուտ։ Եռանդը բավական չէր։ Ուղղափառությունն անգիտակցություն է։
 
Սայմը բարձրացրեց գլուխը։
 
- Փարսոնսն է գալիս,- ասաց նա։
 
«Այդ անիծյալ հիմարը», ասես մտքում ավելացրեց նա։ Եվ իսկապես, «Հաղթանակ» բնակելի տան Ուինսթոնի հարևանը քայլում էր սեղանների արանքով։ Տակառանման, միջահասակ մարդ էր` խարտյաշ մազերով ու գորտի դեմքով։ Թեև երեսունհինգ տարեկան էր, պարանոցն ու գոտկատեղը պատված էին ճարպի շերտերով, բայց շարժումները ժիր էին ու տղայական։ Տեսքն այնպիսին էր, ասես փոքրիկ տղա լիներ, միայն թե՝ մեծացրած։ Չնայած կանոնավոր կոմբինեզոնով էր, այնպիսի տպավորություն էր, թե հագին կապույտ կարճ տաբատ է, մոխրագույն վերնաշապիկ ու լրտեսի կարմիր վզկապ։ Կարելի էր պատկերացնել նրա ծնկների փոսիկներն ու թմբլիկ թևերին ծալված թեզանիքները։ Ամեն հարմար առիթով՝ հանրային էքսկուրսիաների կամ ֆիզիկական աշխատանք պահանջող միջոցառումների ժամանակ, Փարսոնսը կարճ տաբատ էր հագնում։ Նա երկուսին էլ ուրախ-ուրախ բարևեց՝ ասելով ողջույն, ողջույն, ու նստեց սեղանի առաջ՝ քրտինքի ուժեղ հոտ տարածելով։ Վարդագույն դեմքին քրտինքի կաթիլներ էին։ Նրա քրտնարտադրությունն անհավանական էր։ Հանրային կենտրոնում, ըստ թիակի պոչի խոնավության, կարելի էր գուշակել, թե նա երբ է սեղանի թենիս խաղացել։ Սայմը հանել էր բառերի երկար սյունակով մի թղթի կտոր և ուսումնասիրում էր՝ թանաքի գրիչը մատների արանքում պահած։
 
- Տես, է՜, ճաշի ժամին էլ է աշխատում,- ասաց Փարսոնսը՝ արմունկով հրելով Ուինսթոնին։- Շատ աշխատասեր է։ Այդ ի՞նչ եք անում։ Երևի իմ խելքի բանը չէ։ Սմի՛թ, գիտե՞ք՝ ինչու էի փնտրում ձեզ։ Մոռացել եք անդամավճարը տալ ինձ։
 
- Ի՞նչ անդամավճար,- հարցրեց Ուինսթոնը՝ մեխանիկորեն գրպանում գումար փնտրելով։ Աշխատավարձի մոտ մեկ քառորդը պետք է հատկացվեր կամավոր վճարներին, որոնք այնքան շատ էին, որ հաշիվը կորցնում էիր։
 
- Ատելության շաբաթի։ Անդամավճար՝ ըստ բնակության վայրի։ Ես մեր շենքի գանձապահն եմ։ Ջանք չենք խնայում։ Չենք ուզում սևերես լինել։ Ուղիղ եմ ասում, եթե «Հաղթանակ» բնակելի տունը չզարդարվի ամենից շատ դրոշներով, քան փողոցի այլ շենքեր, ես մեղավոր չեմ։ Երկու դոլար եք խոստացել։
 
Ուինսթոնը գտավ ու տվեց երկու ծալված ու կեղտոտ թղթադրամ, իսկ Փարսոնսը գրանցեց փոքր նոթատետրի մեջ՝ անգրագետի կոկիկ ձեռագրով։
 
- Ի դեպ,- ասաց նա,- լսել եմ՝ իմ փոքրիկ անիրավը երեկ պարսատիկից կրակել է ձեզ վրա։ Դրա համար մի լավ դաս տվեցի։ Ասացի, որ եթե կրկնվի, պարսատիկը կվերցնեմ ձեռքից։
 
- Տրամադրությունը վատ էր. արգելել էին գնալ մահապատիժը տեսնելու,– ասաց Ուինսթոնը։
 
- Գիտե՞ք, պետք է ասել՝ միանգամից երևում է, որ ճիշտ ոգով է դաստիարակվել։ Նրանք երկուսն էլ չարաճճի անիրավներ են, բայց այնպես են ոգևորված։ Մտքներին միայն մի բան է՝ լրտեսներ և, իհարկե, պատերազմ։ Գիտե՞ք՝ աղջնակս ինչ օյին է բերել անցած շաբաթ։ Նրանք գնացել էին էքսկուրսիայի՝ Բերքհեմսթեդ։ Իր հետ երկու աղջկա էլ տանելով՝ շեղվել է ճանապարհից և ամբողջ օրը հետևել մի անծանոթի։ Երկու ժամ անտառով գնացել են նրա ետևից, իսկ հետո, երբ հասել են Ամերշեմ, հանձնել են պարեկախմբին։
 
- Ինչի՞ համար,- շփոթված հարցրեց Ուինսթոնը։
 
Փարսոնսը հաղթական շարունակեց.
 
- Աղջնակս գլխի էր ընկել, որ նա թշնամու գործակալ է, հնարավոր է՝ իջել է պարաշյուտով։ Բայց ամենակարևորն ուրիշ բան է: Գիտե՞ք՝ ինչն էր կասկած առաջացրել նրա մեջ։ Կոշիկներն են անսովոր թվացել։ Ասում է՝ երբեք էդպիսի կոշիկներով մարդ չէի տեսել։ Իսկ եթե օտարերկրացի՞ է։ Յոթ տարեկան է, բայց ի՜նչ խելք ունի։
 
- Իսկ բռնվա՞ծն ինչ եղավ,– հարցրեց Ուինսթոնը։
 
- Չգիտեմ, չեմ կարող ասել։ Բայց առանձնապես չէի զարմանա, եթե…,- Փարսոնսը ձևացրեց, թե հրացանով նշան է բռնում, ու լեզվով չխկացրեց։
 
- Լավ է,- ցրված ասաց Սայմը՝ առանց գլուխը թղթից բարձրացնելու։
 
- Անշուշտ, մենք չպետք է կորցնենք զգոնությունը,- հնազանդ համաձայնեց Ուինսթոնը։
 
- Հասկանու՞մ եք, պատերազմ է,- ասաց Փարսոնսը։
 
Ի հաստատումն այս խոսքերի՝ նրանց գլխավերևում՝ հեռէկրանից, հնչեց շեփորը։ Այս անգամ, սակայն, ոչ թե ռազմական հաղթանակի ազդարարում էր, այլ ընդամենը Առատության նախարարության հայտարարություն։
 
- Ընկերնե՛ր,- ճչաց եռանդուն ու երիտասարդ ձայնը։- Ուշադրություն, ընկերնե՛ր։ Փառահեղ նորություն։ Մենք հաղթանակ ենք տարել արտադրության ոլորտում։ Բոլոր սպառողական ապրանքների արտադրության ամփոփագրերը ցույց են տալիս, որ կենսամակարդակն անցյալ տարվա համեմատ բարձրացել է ոչ պակաս, քան քսան տոկոսով։ Այս առավոտ ամբողջ Օվկիանիայում կազմակերպվել են ինքնաբուխ ցույցեր։ Բանվորները դուրս են եկել գործարաններից ու գրասենյակներից և դրոշներով անցել փողոցներով՝ իրենց երախտագիտությունն արտահայտելով Մեծ եղբորը նրա իմաստուն ղեկավարության ներքո սկսված մեր նոր, երջանիկ կյանքի համար։ Ահա այն թվերը, որոնք արդեն պատրաստ են՝ սնունդ...
 
«Մեր նոր, երջանիկ կյանք» արտահայտությունը կրկնվեց մի քանի անգամ։ Վերջին շրջանում այն Առատության նախարարության սիրած արտահայտությունն էր։ Փարսոնսը, ով իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր շեփորականչի վրա, լսում էր բերանբաց ու ձանձրալի հանդիսավորությամբ։ Նա չէր կարող հետևել թվերին, բայց հասկանում էր, որ դրանք պետք է գոհացնեն։ Նա հանել էր մեծ ու գարշահոտ ծխամորճը, որը կիսով չափ լի էր ածխացած ծխախոտով։ Ծխախոտի չափաբաժինը շաբաթական 100 գրամ էր, ուստի ծխամորճը մինչև վերջ լցնելը ճոխություն էր համարվում։ Ուինսթոնը «Հաղթանակ» սիգարետ էր ծխում՝ ջանալով դրանք պահել հորիզոնական դիրքով։ Նոր չափաբաժինը ստանալու էին հաջորդ օրը, իսկ նրա մոտ ընդամենը չորս սիգարետ էր մնացել։ Մի պահ փակեց ականջները ընդհանուր աղմուկից ազատվելու և հեռէկրանից հնչող ձայնը լսելու համար։ Պարզվեց՝ կազմակերպվել են ցույցեր, որտեղ մարդիկ շնորհակալություն են հայտնել Մեծ եղբորը՝ շոկոլադի չափաբաժինը շաբաթական քսան գրամի հասցնելու համար։ Բայց չէ՞ որ երեկ հայտարարվեց, որ այն ''կրճատվել'' է քսան գրամի։ Մի՞թե մարդիկ կհավատան։ Չէ՞ որ ընդամենը քսանչորս ժամ է անցել։ Այո, հավատում են։ Փարսոնսը հեշտ հավատաց, ապուշ անասուն։ Մյուս սեղանի առաջ նստած անաչք արարածը նույնպես հավատաց և հիմա լցված էր կրքոտ ու կատաղի ցանկությամբ՝ գտնելու, մատնելու ու գոլորշացնելու որևէ մեկին, ով կասի, թե անցյալ շաբաթ չափաքանակը երեսուն գրամ է եղել։ Սայմը նույնպես հավատաց՝ շատ ավելի բարդ տարբերակով՝ գործի դնելով կրկնամիտքը։ Ուրեմն ինչ, ''միայն'' Ուինսթո՞նը հիշողություն ունի։
 
Առասպելական վիճակագրությունը շարունակում էր հորդել հեռէկրանից։ Անցյալ տարվա համեմատ՝ ավելի շատ ուտելիք, ավելի շատ հագուստ, ավելի շատ տներ, ավելի շատ կահույք, ավելի շատ կաթսաներ, ավելի շատ վառելիք, ավելի շատ նավեր, ավելի շատ ուղղաթիռներ, ավելի շատ գրքեր, ավելի շատ երեխաներ. ամեն ինչ ավելի շատ՝ բացի հիվանդություններից, հանցագործություններից ու խելագարությունից։ Տարեցտարի, րոպե առ րոպե ամեն ոք և ամեն ինչ արագորեն վեր էր սլանում։ Ինչպես Սայմն ավելի վաղ, Ուինսթոնը նույնպես վերցրել էր գդալը ու խաղում էր սեղանին թափված գունատ սոուսի հետ՝ երկարուկ լճակին ճիշտ ուղղություն տալով։ Նա վրդովմունքով մտածում էր իր կենցաղի, կյանքի պայմանների մասին։ Արդյո՞ք միշտ է այդպես եղել։ Արդյո՞ք սնունդը միշտ այդպիսի համ է ունեցել։ Զննեց ճաշարանը։ Ցածր առաստաղ, լեփ-լեցուն սրահ, պատերը սևացել էին անհամար մարդկանց դիպչելուց, հնամաշ մետաղյա սեղաններն ու աթոռներն այնքան մոտ էին, որ նստելիս մարդիկ արմունկներով դիպչում էին իրար. ծռմռված գդալներ, փոս ընկած սկուտեղներ, կոպիտ սպիտակ գավաթներ, բոլորի երեսները՝ յուղոտ, բոլոր ճեղքերը՝ կեղտակուր։ Ամենուր թթվահոտ էր՝ բաղկացած անպետք ջինի, անպետք սուրճի, մետաղահամ սոուսի ու կեղտոտ շորերի բույրերից։ Առաջ նու՞յնպես ստամոքսն ու մաշկն այնքան դժգոհ են եղել, որքան հիմա։ Անցյալում նու՞յնպես զգացողություն կար, որ քեզ մերժեցին մի բան, ինչի իրավունքն ունեիր։ Իսկապես, ամբողջ կյանքում ուրիշ ոչինչ չէր տեսել։ Որքան իրեն հիշում էր, ուտելիքը երբեք չէր բավարարել, անծակ գուլպաներ կամ ներքնազգեստ չկար, կահույքը միշտ խփված էր ու երերուն, սենյակները՝ չտաքացվոդ, մետրոյի գնացքները՝ լեփ-լեցուն, տները՝ անկայուն, հացը՝ սև, թեյը՝ հազվադեպ, սուրճը՝ գարշելի, սիգարետը՝ հաշված։ Եվ միայն սինթետիկ ջինն էր, որ էժան էր և առատ։ Անշուշտ, տարիքի հետ ամեն ինչ ավելի վատ է թվում, բայց եթե մարդու սիրտը ճմլվում է անհարմարավետությունից, կեղտից ու սակավությունից, անվերջ ձմեռներից, կոշտ գուլպաներից, մշտապես խափանված վերելակներից, սառը ջրից, ավազոտ օճառից, կոտրվող սիգարետից, տարօրինակ ու զզվելի համով սննդից, մի՞թե այս ամենը չէր նշանակում, որ ինչ-որ բան ''սխալ'' է։ Եթե հասկանում ես, որ այդ ամենն անտանելի է, մի՞թե ժառանգական հիշողությունը չի հուշում, որ կյանքը մի ժամանակ այլ է եղել։
 
Նա նորից զննեց ճաշարանը։ Գրեթե բոլոր մարդիկ տգեղ էին և տգեղ կլինեին, եթե նույնիսկ հագնեին ոչ թե կապույտ արտահագուստ, այլ որևէ այլ բան։ Սենյակի հեռավոր անկյունում սեղանի առաջ միայնակ նստած էր փոքրամարմին, տարօրինակ, բզեզանման մի մարդ, ով սուրճ էր խմում, և փոքրիկ աչքերը կասկածամիտ նետահարում էին այս ու այն կողմ։ «Երբ շուրջդ չես նայում,– մտածեց Ուինսթոնը,– ինչ հեշտ է հավատալ, որ կա և նույնիսկ գերակայում է Կուսակցության սահմանած կատարյալ տեսակը՝ բարձրահասակ, մկանուտ երիտասարդներ և փարթամ կրծքով աղջիկներ՝ շիկահեր, կենսախինդ, արևախանձ, անհոգ»։ Իրականում, ըստ Ուինսթոնի, Թռիչքուղի մեկի մարդկանց մեծամասնությունը փոքրամարմին էր, թխադեմ և տգեղ։ Տարօրինակ է՝ ո՜նց է բզեզանման տեսակը բազմացել նախարարություններում. փոքրամարմին, կարճ ոտքերով, վաղ գիրացած, փութկոտ շարժումներով, գեր, անթափանց դեմքերով ու մանր աչքերով տղամարդիկ։ Մարդու հենց այս տեսակն էր ծաղկում Կուսակցության գերիշխանության ներքո։
 
Առատության նախարարության հայտարարությունն ավարտվեց նոր շեփորականչով, ու սկսվեց թեթև երաժշտություն։ Փարսոնսը թվերի ռմբակոծությունից խանդավառվել էր ու բերանից հանեց ծխամորճը։
 
- Այս տարի Առատության նախարարությունն իսկապես լավ աշխատեց,- ասաց նա գիտակի տեսքով:- Ի դեպ, Սմիթ, պատահմամբ ավելորդ ածելի չունե՞ք։
 
- Ոչ մի հատ,- ասաց Ուինսթոնը։- Արդեն վեց շաբաթ է՝ նույն ածելին եմ օգտագործում։
 
- Պարզ է... Հենց այնպես հարցրի։
 
- Ներող եղեք,– ասաց Ուինսթոնը։
 
Հարևան սեղանից հնչող կռկռոցը, որ նախարարության հայտարարության ընթացքում առժամանակ լռել էր, վերսկսվեց նախկին ուժով։ Չգիտես ինչու, Ուինսթոնը հանկարծ մտածեց տիկին Փարսոնսի մասին, հիշեց նրա յուղոտ մազերն ու դեմքի ծալքերում ծվարած փոշին։ Գալիք երկու տարում, եթե ոչ ավելի շուտ, երեխաները նրան կմատնեն Մտքի ոստիկանությանը։ Տիկին Փարսոնսին կգոլորշացնեն։ Սայմին կգոլորշացնեն։ Ուինսթոնին կգոլորշացնեն։ Օ’Բրայենին կգոլորշացնեն։ Փարսոնսին, հակառակը, երբեք չեն գոլորշացնի։ Կռկռան ձայնով անաչք արարածին երբեք չեն գոլորշացնի։ Փոքրիկ բզեզանման մարդկանց, ովքեր շտապ-շտապ անցնում են նախարարությունների լաբիրինթանման միջանցքներում, նույնպես երբեք չեն գոլորշացնի։ Գրականության բաժնի այն թխահեր աղջկան նույնպես երբեք չեն գոլորշացնի։ Ուինսթոնին թվում էր՝ ինքը բնազդաբար գիտի՝ ով է ողջ մնալու, ով է անհետանալու, սակայն դժվար էր ասել, թե ինչ էր պետք ողջ մնալու համար։
 
Այդ պահին կոպիտ միջամտությունը նրան կտրեց մտքերից։ Հարևան սեղանի աղջիկը փոքր-ինչ շրջվել ու նրան էր նայում։ Հենց այն թխահեր աղջիկն էր։ Նայում էր շեղ, անհասկանալի, սևեռուն հայացքով։ Ու հենց որ նրանց հայացքները հանդիպեցին, աղջիկը շրջվեց։
 
Ուինսթոնի ողնաշարով սառը քրտինք ծորաց։ Ահավոր սարսափ տիրեց նրա հոգում, որը գրեթե անմիջապես էլ անցավ, բայց թողեց թույլ կաշկանդվածության զգացողություն։ Աղջիկն ինչու՞ էր ուսումնասիրում իրեն։ Ինչու՞ էր շարունակում հետևել։ Ցավոք, Ուինսթոնը չէր կարող հիշել՝ արդեն սեղանի մո՞տ էր, երբ ինքը եկավ, թե՞ հետո էր մոտեցել։ Ամեն դեպքում երեկ՝ Ատելության երկրոպեի ընթացքում, աղջիկը նստած էր անմիջապես իր ետևում, թեև դրա կարիքը բնավ չկար։ Շատ հավանական է, որ ուզում էր լսել Ուինսթոնին ու ստուգել՝ արդյո՞ք բավականաչափ բարձր է գոռում։
 
Ուինսթոնը նորից մտածեց, որ աղջիկը Մտքի ոստիկանությունից չէ, ուրեմն հաստատ սիրողական մակարդակի լրտես է, որն ամենավտանգավորն էր։ Ուինսթոնը չգիտեր՝ աղջիկը վաղու՞ց է հետևում իրեն. հավանաբար մոտ հինգ րոպե, չէ՞ որ ինքն այդ ընթացքում չի վերահսկել իր շարժումները։ Չափազանց վտանգավոր է, սարսափելի է թույլ տալ, որ մտքերդ թափառեն, եթե հանրային վայրում ես կամ հեռէկրանի տեսադաշտում։ Նույնիսկ ամենափոքր մանրուքը կարող է մատնել։ Նյարդային շարժում, չգիտակցված անհանգիստ հայացք, քթի տակ մռթմռթալու սովորություն. ցանկացած երևույթ, որ կարող է դիտարկվել իբրև արտասովորություն կամ ինչ-որ բան թաքցնելու փորձ։ Ամեն դեպքում, պատժի արժանի հանցագործություն էր դեմքի ոչ պատշաճ արտահայտությունը (օրինակ, երբ հայտարարում էին հաղթանակի մասին, և դեմքդ թերահավատություն էր արտահայտում)։ Նորալեզվում նույնիսկ այդպիսի բառ կար՝ ''«դիմահանցագործություն»''։
 
Աղջիկը նորից մեջքով շրջվել էր դեպի Ուինսթոնը։ Շատ հավանական է, որ իրականում չէր հետևում Ուինսթոնին, գուցե զուգադիպություն էր, որ երկու օր անընդմեջ հայտնվում էր նրա կողքին։ Ուինսթոնի սիգարետը հանգել էր, զգուշորեն դրեց սեղանի եզրին։ Եթե ծխախոտը չթափվի միջից, աշխատանքից հետո կծխի։ Հնարավոր է, որ հարևան սեղանի աղջիկը Մտքի ոստիկանության լրտես է, և շատ հավանական է, որ առաջիկա երեք օրվա ընթացքում ինքը հայտնվի Սիրո նախարարության խցերում, բայց սիգարետը չի կարելի փչացնել։ Սայմը ծալեց թղթի կտորն ու դրեց գրպանը։ Փարսոնսը նորից խոսեց։
 
- Ձեզ պատմե՞լ եմ,- ասաց՝ ծխամորճը բերանին ու ծիծաղելով,- թե իմ երկու չարաճճիներն ինչպես են վառել շուկայում առևտուր անող ծեր կնոջ շրջազգեստը, որովհետև տեսել էին, թե ոնց է նրբերշիկը փաթաթում Մ. Ե.–ի ցուցապաստառի մեջ։ Հետևից թաքուն մոտեցել ու վառել էին մի տուփ լուցկով։ Կարծում եմ՝ կարգին վառվել է։ Ա՜յ քեզ անպիտաններ։ Բայց ի՜նչ ոգևորված են։ Հիմա հետախույզներին շատ ավելի լավ են մարզում, քան մեր ժամանակ։ Իսկ գիտե՞ք՝ վերջերս նրանց ինչով են զինել, լսափողերով՝ բանալու անցքից գաղտնալսելու համար։ Երեկ աղջիկս բերեց տուն, փորձեց մեր հյուրասենյակի դռան վրա, ասում է՝ կրկնակի լավ է լսվում, քան ականջն անցքին դնելով։ Իհարկե, ասեմ ձեզ, ընդամենը խաղալիք է։ Բայց մտքին ճիշտ ուղղություն է տալիս, այնպես չէ՞։
 
Այդ պահին հեռէկրանը ծակող սուլոց արձակեց։ Աշխատանքին վերադառնալու ազդանշանն էր։ Երեքն էլ վեր թռան, որպեսզի միանան սկսված հրմշտոցին, և մնացած ծխախոտը թափվեց Ուինսթոնի սիգարետից։
 
 
=== VI ===
 
Ուինսթոնը գրում էր օրագրում.
 
 
''Երեք տարի առաջ էր։ Մութ էր, երեկո, երկաթուղային մեծ կայարանին կից նեղ փողոցներից մեկում։ Նա կանգնած էր մուտքի մոտ, փողոցային լապտերի տակ, որ համարյա լույս չէր տալիս։ Երիտասարդ դեմքը պատված էր շպարի թանձր շերտով։ Իրականում ինձ գրավեց շպարը, դեմքի ճերմակությունը, որ ասես դիմակ լիներ, ու վառ կարմիր շուրթերը։ Կուսակցության կանայք երբեք չեն շպարվում։ Փողոցում ուրիշ ոչ ոք չկար, հեռէկրաններ՝ նույնպես։ Նա ասաց՝ երկու դոլար։ Ես...''
 
 
Մի պահ դժվարացավ շարունակել։ Փակեց աչքերն ու մատներով սեղմեց քունքերը` փորձելով հեռացնել անընդհատ կրկնվող տեսիլքը։ Նրան համակել էր հայհոյելու ցանկությունը՝ բարձրաձայն ու երկար։ Կամ էլ կուզեր գլուխը խփել պատին, ոտքով շուռ տալ սեղանն ու թանաքամանը դուրս նետել պատուհանից. անել ինչ-որ կատաղի, աղմկոտ կամ ցավոտ մի բան, որ խլացներ տանջող հիշողությունը։
 
Նա հասկացավ, որ մարդու ամենավատ թշնամին նրա նյարդային համակարգն է։ Ցանկացած պահի ներքին լարվածությունը կարող է արտացոլվել արտաքինում։ Նա հիշեց մի անցորդի, ում շաբաթներ առաջ հանդիպել էր փողոցում. ոչնչով աչքի չէր ընկնում, Կուսակցության անդամ, երեսունհինգ-քառասուն տարեկան, բարձրահասակ ու նիհար, ձեռքին՝ պայուսակ։ Նրանք իրարից մի քանի մետրի վրա էին, երբ տղամարդու դեմքի ձախ կեսը հանկարծ ջղաձգորեն ծռմռվեց։ Երբ նրանք հավասարվեցին, կծկումը կրկնվեց. դա ընդամենը ջղային ցնցում էր, թրթռոց, ֆոտոխցիկի շխկոցի պես արագ, բայց, ըստ երևույթին, սովորական։ Այդ պահին Ուինսթոնը մտածեց, որ խեղճի վերջը եկել է։ Ամենասարսափելին այն էր, որ գործողությունը կատարվում էր անգիտակցաբար։ Բայց ամենամահացու վտանգը քնի մեջ խոսելն էր։ Ուինսթոնի կարծիքով՝ այդ դեպքում ընդհանրապես անհնար է ինքնավերահսկումը։
 
Նա շունչ առավ ու շարունակեց գրել.
 
 
''Ես նրա հետ մտա շքամուտք, իսկ այնտեղից ետնաբակով քայլեցի դեպի նկուղային խոհանոց։ Պատի տակ մահճակալ կար, սեղանին՝ լուսամփոփ, որի լույսը շատ թույլ էր։ Կինը...''
 
 
Նա սեղմել էր ատամները։ Ուզում էր թքել։ Կնոջ հետ նկուղային խոհանոցում, միաժամանակ մտածում էր Քեթրինի՝ իր կնոջ մասին։ Ուինսթոնն ամուսնացած էր, ավելի ճիշտ՝ մի ժամանակ ամուսնացած էր եղել, գուցե հիմա էլ դեռ ամուսնացած էր, քանի որ գիտեր՝ կինը չի մահացել։ Նա կարծես թե նորից շնչում էր խոհանոցի գաղջ ու հեղձուկ օղը, փայտոջիլների ու կեղտոտ հագուստի խառը հոտը և զազրելի էժանագին օծանելիքի բույրը, որը, այնուամենայնիվ, հրապուրիչ էր, որովհետև Կուսակցության ոչ մի կին երբեք օծանելիք չէր օգտագործում ու չէր էլ կարող երազել դրա մասին։ Օծանելիք օգտագործում էին միայն պրոլները։ Ուինսթոնի պատկերացմամբ՝ օծանելիքի հոտն անքակտելիորեն կապված էր անառակության հետ։
 
Այդ կնոջ հետ հանդիպումը նրա առաջին մեղանչումն էր երկու տարվա ընթացքում։ Մարմնավաճառների հետ շփվելն, անշուշտ, արգելված էր, բայց դա այն օրենքներից էր, որոնք երբեմն կարելի էր խախտել։ Վտանգավոր էր, բայց կենաց-մահու հարց չէր։ Եթե բռնեին մարմնավաճառի հետ, հնարավոր է՝ հինգ տարով ընկնեիր տաժանապարտների ճամբար, եթե ծանրացուցիչ հանգամանքներ չլինեին։ Իսկ դա հեշտ է, եթե, իհարկե, խուսափես դեպքի վայրում բռնվելուց։ Աղքատ թաղամասերը լեփ-լեցուն էին կանանցով, որոնք պատրաստ էին վաճառել իրենց։ Ոմանց նույնիսկ կարելի էր գնել մի շիշ ջինով. պրոլներին ջին չէր հասնում։ Անկասկած, Կուսակցությունը խրախուսում էր մարմնավաճառությունը՝ որպես մեթոդ՝ ազատվելու այն բնազդներից, որոնք անհնար է լրիվ ճնշել։ Ինքնին անառակությունն այնքան էլ էական չէր, միայն թե թաքուն և անուրախ լիներ, ընդ որում՝ ցածր ու արհամարհված դասի կանանց հետ։ Աններելի հանցագործություն էր համարվում Կուսակցության անդամների կապը։ Ու չնայած մեծ զտումների ժամանակ մարդիկ միշտ խոստովանում էին այս հանցագործությունը, դժվար էր պատկերացնել, որ նման բան իրականում կարող է տեղի ունենալ։
 
Կուսակցությունը ձգտում էր ոչ միայն խանգարել, որ տղամարդիկ ու կանայք միություն կազմեն, որը հնարավոր չի լինի վերահսկել։ Նրա իրական, չհրապարակված նպատակն էր վերացնել սեռական ակտի ամբողջ հաճույքը։ Թշնամին ոչ թե սերն էր, այլ էրոտիկան, ինչպես ամուսնական կյանքում, այնպես էլ նրանից դուրս։ Կուսակցության անդամների ամուսնությունները վավերացնում էր այդ նպատակով ստեղծված կոմիտեն, և, չնայած այդ սկզբունքը երբեք հստակ չէր նշվում, եթե երևում էր, որ ապագա ամուսինները ֆիզիկապես գրավիչ են միմյանց համար, թույլտվությունը միշտ մերժվում էր։ Ամուսնության միակ ընդունված նպատակն էր ծնել երեխաներ Կուսակցությանը ծառայելու համար։ Սեռական հարաբերությունը պետք է դիտարկվեր որպես մի քիչ զզվելի, ոչ կարևոր գործողություն, ինչպիսին հոգնան է։ Դա երբեք ուղղակի չէր հայտարարվում, բայց մանկուց ներարկվում էր Կուսակցության յուրաքանչյուր անդամի մեջ։ Նույնիսկ գոյություն ունեին կազմակերպություններ, ինչպիսին Հակասեռային երիտասարդական միությունն է, որը երկու սեռերին ամուրիություն էր քարոզում։ Երեխաները պետք է ստեղծվեին արհեստական բեղմնավորման ճանապարհով (արհբեղմ, այդպես էր կոչվում նորալեզվով) և դաստիարակվեին հանրային հաստատություններում։ Ուինսթոնը տեղյակ էր, որ այդ պահանջն այնքան էլ լուրջ չէր առաջադրվում, բայց ընդհանուր առմամբ տեղավորվում էր Կուսակցության ընդհանուր գաղափարախոսության շրջանակներում։ Կուսակցությունը փորձում էր սպանել սեռական բնազդը, կամ եթե սպանել չհաջողվեր, ապա աղճատել ու ապականել։ Ուինսթոնը չէր հասկանում՝ ինչի համար էր այդ ամենը, բայց թվում էր՝ այդպես էլ պետք է լիներ։ Ինչ վերաբերում է կանանց, այդ հարցում Կուսակցությունը հաջողություններ էր արձանագրել։
 
Նա նորից մտածեց Քեթրինի մասին։ Ինը, տասը... գրեթե տասնմեկ տարի էր անցել իրենց բաժանումից։ Ու որքա՜ն հազվադեպ էր մտածում նրա մասին։ Պատահում էր՝ օրեր շարունակ չէր էլ հիշում, որ երբևէ ամուսնացած է եղել։ Նրանք միայն տասնհինգ ամիս էին միասին ապրել։ Կուսակցությունն արգելում էր ամուսնալուծությունները, բայց խրախուսում էր բաժանություններն այն դեպքում, եթե երեխաներ չկային։
 
Քեթրինը բարձրահասակ, խարտյաշ, սլացիկ աղջիկ էր, հոյակապ շարժուձևով։ Հստակ, արծվենի կիսադեմը կարելի էր ազնվական համարել, քանի դեռ չես հասկացել, որ այդ ամենի ետևում բացարձակապես ոչինչ չկա։ Ամուսնական կյանքի հենց սկզբում Ուինսթոնը որոշել էր (գուցե պատճառն այն է, որ նրան ավելի մոտիկից էր ճանաչում, քան ուրիշներին), որ երբևէ չի հանդիպել ավելի հիմար, գռեհիկ ու դատարկ արարածի։ Նրա գլխում բոլոր մտքերը բաղկացած էին կարգախոսներից, և չկար որևէ ապուշություն, որ ի վիճակի չլիներ մարսել, եթե Կուսակցությունը հրամցներ։ Մտքում Ուինսթոնը նրան «քայլող գրամոֆոն» էր կոչում։ Եվ գուցե կարողանար շարունակել համատեղ կյանքը, եթե չլիներ մի հանգամանք՝ սեքսը։
 
Հենց որ Ուինսթոնը դիպչում էր, նա սկսում էր ցնցվել ու փայտանալ։ Նրան գրկելը նույնն էր, թե փայտե մանեկեն գրկեր։ Իսկ ամենատարօրինակն այն էր, որ երբ իրեն էր սեղմում Ուինսթոնին, այնպիսի տպավորություն էր, ասես միաժամանակ ամբողջ ուժով վանում էր։ Պատճառը նրա պիրկ մկաններն էին։ Նա պառկում էր փակ աչքերով, ո՛չ դիմադրում էր, ո՛չ մասնակցում. ''հնազանդվում'' էր։ Այդ ամենը սկզբում շփոթեցնում էր, հետո սարսափելի դարձավ։ Բայց նույնիսկ այդ դեպքում Ուինսթոնը կդիմանար համատեղ կյանքին, եթե պայմանավորվեին դադարեցնել սեռական հարաբերությունները։ Զարմանալի է, բայց հենց Քեթրինը չհամաձայնեց։ Ասում էր, որ եթե հաջողվի, պետք է երեխա ունենան։ Ուստի ներկայացումը շարունակվում էր, խիստ կանոնավոր, շաբաթական մեկ անգամ, եթե խանգարող հանգամանք չկար։ Նույնիսկ առավոտյան Ուինսթոնին հիշեցնում էր, թե ինչ է սպասվում երեկոյան, և որ այդ մասին չի կարելի մոռանալ։ Սեռական հարաբերությունը կոչում էր երկու բառով։ Առաջինը՝ «երեխայի ստեղծում», իսկ երկրորդը՝ «կուսակցական պարտք» (այո՛, նա հենց այս արտահայտությունն էր օգտագործում)։ Շուտով Ուինսթոնը սկսեց վախենալ նշանակված օրվա մոտենալուց։ Բայց, բարեբախտաբար, երեխա չծնվեց, ի վերջո, Քեթրինը համաձայնեց դադարեցնել փորձերը, և շուտով նրանք բաժանվեցին։
 
Ուինսթոնը անձայն հառաչեց։ Նորից վերցրեց գրիչն ու գրեց.
 
 
''Կինն ընկավ մահճակալին և միանգամից, առանց նախաբանի, ամենագռեհիկ ու վուլգար ձևով բարձրացրեց փեշը։ Ես...''
 
 
Նա տեսավ իրեն՝ լուսամփոփի աղոտ լույսի մեջ, ու նորից քիթը լցվեց փայտոջիլների ու էժանագին օծանելիքի հոտով, սիրտը նվաղեց պարտության ու վիրավորանքի զգացումից, որ նույնիսկ այդ պահին միախառնվեց Քեթրինի՝ Կուսակցության հիպնոսից ընդմիշտ սառած սպիտակ մարմնի հիշողության հետ։ Ինչու՞ էր միշտ այսպես։ Ինչու՞ չի կարող իր կինն ունենալ, ոչ թե ժամանակ առ ժամանակ բավարարվել կեղտոտ ու հապճեպ հանդիպումներով։ Բայց իսկական սիրավեպի մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Կուսակցության բոլոր կանայք նման էին իրար։ Կուսությունը նույնքան խոր արմատներ էր գցել նրանց մեջ, որքան հավատարմությունը Կուսակցության հանդեպ։ Մանկուց ծրագրված մշակումների, դպրոցական խաղերի ու սառը ջրով լոգանքների, Լրտեսների միությունում ու երիտասարդական լիգայում անընդհատ կրկնվող աղբի, դասախոսությունների, շքերթների, երգերի, լոզունգների ու ռազմական երաժշտության միջոցով նրանց մեջ սպանում էին բնական զգացմունքները։ Պետք է որ լինեն բացառություններ, հուշում էր նրան բանականությունը, բայց սիրտը հրաժարվում էր հավատալ։ Բոլորն անհասանելի էին. Կուսակցությանը հենց դա էր պետք։ Իսկ Ուինսթոնը, սիրված լինելուց առավել, ցանկանում էր քանդել առաքինության այդ պատը, նույնիսկ եթե դա լիներ կյանքում մեկ անգամ։ Հաջող սեռական ակտն արդեն իսկ ապստամբություն է։ Ցանկությունը մտահանցագործություն է։ Նույնիսկ եթե նրան ի վերջո հաջողվեր արթնացնել Քեթրինին, դա գայթակղության նման մի բան կլիներ, չնայած նա Ուինսթոնի կինն էր։
 
Բայց պետք էր մինչև վերջ գրի առնել պատմությունը։ Նա գրեց.
 
 
''Ես ուժեղացրի լույսը։ Երբ տեսա նրան լույսի տակ...''
 
 
Խավարից հետո պարաֆինե մոմի թույլ լույսը շատ պայծառ թվաց։ Առաջին անգամ ինչպես հարկն էր տեսավ կնոջը։ Նա մի քայլ արեց դեպի կինը և կանգ առավ տարփանքով ու սարսափով լի։ Քաջ գիտակցում էր, թե ինչ վտանգի է դիմել այստեղ գալով։ Շատ հավանական է, որ պարեկախումբը կբռնի իրեն հետդարձի ճանապարհին. գուցե հենց հիմա, այս պահին սպասում են դռան ետևում։ Նույնիսկ եթե հեռանա՝ առանց անելու այն, ինչի համար եկել էր...
 
Դա պետք էր գրի առնել, պետք էր խոստովանել։ Լամպի լույսի տակ նա հանկարծ տեսել էր, որ կինը ծեր է։ Շպարն այնպիսի թանձր շերտով էր քսված դեմքին, որ թվում էր՝ ուր որ է կճաքի ստվարաթղթե դիմակի պես։ Նրա մազերի մեջ սպիտակ փնջեր կային, իսկ ամենասարսափելի մանրամասնն այն էր, որ բերանը բաց էր, իսկ ներսում՝ ոչինչ, քարանձավի պես սև խոռոչ։ Ոչ մի ատամ։
 
Ուինսթոնն արագ խզբզեց.
 
 
''Երբ նրան տեսա լույսի տակ, պարզվեց, որ շատ ծեր է, առնվազն հիսուն տարեկան։ Բայց կանգ չառա ու գործը հասցրեցի ավարտին։''
 
 
Նա նորից մատները սեղմեց կոպերին։ Ահա և վերջ, ամեն ինչ գրված էր, բայց ոչինչ չէր փոխվել։ Բուժումը չէր օգնել։ Ու բարձր-բարձր հայհոյելու ցանկությունը բնավ չէր նվազել։
 
 
=== VII ===
 
 
''«Եթե հույս կա,-'' գրում էր Ուինսթոնը,- ''ապա միակ հույսը պրոլներն են»։''
 
 
Եթե հույս կա, ապա այն պետք չէ փնտրել ուրիշ տեղ. միայն պրոլները՝ պետության հետնախորշերում վխտացող ու արհամարհված այդ զանգվածները, որոնք կազմում են Օվկիանիայի բնակչության 85 տոկոսը, կարող են կործանել Կուսակցությունը։ Կուսակցությունը չէր կարող ոչնչացվել ներսից։ Նրա թշնամիները, եթե, իհարկե, թշնամիներ կային, չէին կարող միավորվել կամ նույնիսկ ճանաչել միմյանց։ Նույնիսկ եթե լիներ լեգենդար Եղբայրությունը, ինչը չի բացառվում, անհնար է, որ նրա անդամները երկու կամ երեք հոգուց ավելի խմբեր կազմեն։ Ապստամբությունը աչքերի արտահայտություն էր, ձայնի ելևէջ կամ ամենաշատը՝ պատահական, շշուկով ասված խոսք։ Բայց եթե կարողանային ինչ-որ կերպ գիտակցել սեփական ուժը, դավադրությունների կարիք չէր լինի։ Ընդամենը պետք էր, որ ոտքի կանգնեին ու թափ տային իրենց, ինչպես ձին է իր վրայից թափ տալիս ճանճերին։ Եթե ցանկանային, կարող էին հենց վաղն առավոտյան հօդս ցնդեցնել Կուսակցությունը։ Վաղ թե ուշ այդ գաղափարը ծնվելու էր նրանց մտքում։ Բայցևայնպես...
 
Նա հիշեց. մի օր զբոսնում էր մարդաշատ փողոցում, երբ հանկարծ կողքից խլացնող, հարյուրավոր կանանց աղմուկից կազմված սարսափելի ճչոց լսեց։ Զայրույթի և հուսահատության հզոր ողբ էր, թանձր ու բարձրաձայն «Ա՜հ», որը շարունակում էր բզզալ զանգի արձագանքի պես։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ «Սկսվեց,- մտածեց նա,- խռովություն է։ Պրոլները վերջապես հավաքեցին ուժերը»։ Երբ մոտեցավ, տեսավ երկու-երեք հարյուր կնոջից բաղկացած մի բազմություն. նրանք հավաքվել էին փողոցային շուկայի կրպակների շուրջը՝ ողբերգական դեմքերով, ինչպես սուզվող նավի ուղևորներ։ Բայց այդ պահին համընդհանուր հուսահատության շուրջ հավաքված ամբոխը մասնատվեց՝ վերածվելով բազմաթիվ փոքրիկ վեճերի։ Պարզվեց՝ կրպակներից մեկում թիթեղյա կաթսաներ էին վաճառվում։ Դրանք շատ փխրուն էին ու անորակ, բայց հիմա դժվար էր կաթսա հայթայթել։ Եվ ահա, ապրանքն անսպասելիորեն հայտնվել էր։ Նրանք, ում բախտը բերել էր, հրմշտոցն ու ցնցումները հաղթահարելով՝ փորձում էին փախչել իրենց կաթսաներով մինչդեռ տասնյակ ուրիշ կանայք գոռգոռում էին կրպակների շուրջը՝ տիրոջը մեղադրելով, թե ոմանց արտոնություններ են տվել ու կաթսաները թաքցրել կրպակի հետևը։ Նորից ուժեղ ճչոց լսվեց։ Երկու փքված կանայք, որոնցից մեկը՝ արձակած մազերով, բռնել էին նույն կաթսան ու տարբեր կողմեր էին ձգում։ Երկուսն էլ քաշքշեցին այնքան, մինչև բռնակը պոկվեց։ Ուինսթոնը զզվանքով հետևում էր նրանց։ Սակայն ի՜նչ սարսափելի ուժ կար ընդամենը մի քանի հարյուր կոկորդից թռչող այդ ճիչի մեջ։ Բայց ինչու՞ նրանք երբեք չեն ճչում որևէ արժեքավոր, կարևոր բանի համար։
 
Նա գրեց.
 
 
''Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ։''
 
 
Կարծես արտագրություն լիներ Կուսակցության դասագրքերից մեկից։ Կուսակցությունն, անշուշտ, պնդում էր, որ պրոլներին ազատել է ստրկությունից։ Մինչ հեղափոխությունը նրանք ահավոր ճնշումների էին ենթարկվում կապիտալիստների կողմից, մատնվում սովի ու ենթարկվում ծեծի, կանանց ստիպում էին աշխատել ածխահանքերում (իրականում կանայք հիմա էլ աշխատում էին ածխահանքերում), երեխաներին վեց տարեկանից վաճառում էին գործարաններին։ Բայց միաժամանակ, կրկնամտքի սկզբունքների համաձայն, Կուսակցությունը սովորեցնում էր, որ պրոլները ստորադաս մարդիկ են և, ինչպես կենդանիներին, նրանց էլ պետք է հպատակեցնել՝ կիրառելով մի քանի պարզ օրենք։ Իրականում պրոլների մասին քիչ բան էր հայտնի։ Շատ իմանալու անհրաժեշտություն չկար։ Քանի դեռ շարունակում են աշխատել ու բազմանալ, ինչով ուզում են թող զբաղվեն։ Ինքնիշխան, ինչպես Արգենտինայի դաշտերում արածող եղջերավոր անասունները, նրանք որդեգրել էին մի կենսակերպ, որը բնական ու ժառանգական էր նրանց համար։ Ծնվում ու մեծանում էին փողոցում, տասներկու տարեկանից սկսում էին աշխատել, ապրում էին ծաղկման ու սեռահասունության շրջանը, քսան տարեկանում ամուսնանում էին. երեսունը համարվում էր միջին տարիք, իսկ վաթսուն տարեկանում սովորաբար մահանում էին։ Ծանր ֆիզիկական աշխատանք, տան ու երեխաների խնամք, դատարկ վեճեր հարևանների հետ, ֆիլմեր, ֆուտբոլ, գարեջուր և ամենակարևորը՝ թղթախաղ. ահա և ամբողջը, որ տեղավորում էր նրանց մտահորիզոնը։ Դժվար չէր հսկողության տակ պահել նրանց։ Մտքի ոստիկանության որոշ գործակալներ միշտ նրանց շարքերում էին, տարածում էին սուտ լուրեր, գտնում ու հեռացնում նրանց, ովքեր կարող էին վտանգավոր դառնալ, բայց նրանց Կուսակցության գաղափարախոսությանը մոտեցնելու փորձ չէր արվում։ Ցանկալի չէր, որ հետաքրքրվեին քաղաքականությամբ։ Միակ բանը, որ պահանջվում էր նրանցից, պարզունակ հայրենասիրությունն էր, որը կօգտագործվեր, երբ պետք լիներ ստիպել, որ հարմարվեին երկար աշխատանքային ժամերին կամ փոքր մթերաբաժնին։ Եվ նույնիսկ երբ դժգոհում էին, ինչը երբեմն պատահում էր, դժգոհությունը նրանց ոչ մի տեղ չէր տանում. միասնական գաղափարների բացակայության պատճառով այն ուղղված էր կոնկրետ չնչին խնդիրների։ Ավելի մեծ չարիքները մշտապես դուրս էին մնում նրանց ուշադրությունից։ Պրոլների մեծամասնության տներում անգամ հեռէկրաններ չկային։ Նույնիսկ քաղաքացիական ոստիկանությունը հազվադեպ էր միջամտում նրանց կյանքին։ Լոնդոնում հանցավորությունը հսկայական չափերի էր հասել. դա մի աշխարհ էր աշխարհի մեջ, ուր վխտում էին գողեր, ավազակներ, մարմնավաճառներ, թմրավաճառներ ու շորթողներ, բայց քանի որ այդ ամենը կատարվում էր հենց պրոլների շարքերում, դրա վրա ուշադրություն չէին դարձնում։ Բարոյականության հարցերում նրանց թույլ էին տալիս առաջնորդվել նախնիների ավանդույթներով։ Կուսակցության սեռական մաքրակենցաղությունը չէր տարածվում նրանց վրա։ Անբարոյականությունն անպատիժ էր, ամուսնալուծությունը` թույլատրված։ Ուստի աչք կփակեին նույնիսկ կրոնապաշտության վրա, եթե պրոլները ցանկություն կամ հակում դրսևորեին։ Նրանց չէին կասկածում։ Ինչպես ասում էր Կուսակցության կարգախոսը, «Պրոլներն ու կենդանիները ազատ են»։
 
Ուինսթոնը կռացավ ու զգույշ քորեց երակային վերքը։ Քորը վերսկսվեց։ Նորից ակամա վերադարձավ այն մտքին, որ անհնար էր իմանալ՝ ինչպիսին է իրականում եղել կյանքը հեղափոխությունից առաջ։ Դարակից հանեց պատմության դպրոցական դասագիրքը, որ վերցրել էր տիկին Փարսոնսից, և սկսեց օրագրում արտագրել մի հատված։
 
 
''Հին ժամանակներում, մինչ փառահեղ հեղափոխությունը, Լոնդոնն այն գեղեցիկ քաղաքը չէր, որ տեսնում ենք հիմա։ Մռայլ, կեղտոտ, խղճուկ մի վայր էր, որտեղ գրեթե բոլորը քաղցած էին, հարյուր հազարավոր աղքատներ քայլում էին առանց կոշիկների և գլխավերևում տանիք չունեին։ Ձեր տարեկից երեխաները ստիպված էին օրական տասներկու ժամ աշխատել դաժան տերերի մոտ, ովքեր մտրակներով ծեծում էին, եթե նրանք շատ դանդաղ էին աշխատում, և ուտելու ոչինչ չէին տալիս, բացի չոր հացից ու ջրից։ Բայց այս սարսափելի չքավորության մեջ կանգնած էին հրաշալի, գեղեցիկ ու մեծ տներ, որտեղ ապրում էին հարուստ մարդիկ։ Երբեմն մինչև երեսուն սպասավոր էր ծառայում ամեն տան մեջ։ Այդ հարուստներին կոչում էին կապիտալիստներ։ Նրանք գեր, տգեղ մարդիկ էին՝ չար դեմքերով, ինչպես հաջորդ էջում պատկերվածը։ Ինչպես տեսնում եք, նա հագել է երկար սև վերարկու՝ սերթուկ, և տարօրինակ, փայլուն գլխարկ, որն իր տեսքով գազօջախի խողովակ է հիշեցնում ու կոչվում է ցիլինդր։ Սա կապիտալիստների համազգեստն էր, և ուրիշ ոչ ոք իրավունք չուներ կրել այն։ Աշխարհը պատկանում էր կապիտալիստներին, իսկ մյուսները նրանց ստրուկներն էին։ Բոլոր հողերը, բոլոր տները, բոլոր գործարաններն ու ամբողջ փողը նրանցն էին։ Եթե որևէ մեկը չէր ենթարկվում, նրան բանտ էին նետում կամ հեռացնում աշխատանքից ու սովի մատնում։ Երբ սովորական մարդը խոսում էր կապիտալիստի հետ, ստիպված էր քծնել, խոնարհվել նրա առաջ, հանել գլխարկն ու նրան կոչել՝ սըր։ Բոլոր կապիտալիստների ղեկավարը Թագավորն էր, և…''
 
 
Ուինսթոնն անգիր գիտեր շարունակությունը։ Կհիշատակվեն եպիսկոպոսները՝ բատիստե թեզանիքներով, դատավորները՝ կզաքիսե թիկնոցներով, անարգանքի սյուները, կալանակոճղերը, աղացները, ինը պոչանի մտրակները, Լորդ-քաղաքապետի ճաշկերույթը և Պապի կոշիկը համբուրելու սովորությունը։ Կար նաև, այսպես կոչված, ''«առաջին գիշերվա իրավունք»'', որը հավանաբար հիշատակված չէր երեխաների դասագրքում։ Ըստ այդ օրենքի՝ ցանկացած կապիտալիստ իրավունք ուներ քնելու իր գործարաններից որևէ մեկում աշխատող ցանկացած կնոջ հետ։
 
Ինչպե՞ս իմանաս՝ որն էր սուտ, որը՝ միշտ։ Գուցե ճիշտ է, որ միջին մարդը հիմա ավելի բարեկեցիկ էր ապրում, քան մինչ հեղափոխությունը։ Միակ վկայությունը սուր բողոքն էր մարդու ներսում, այն բնազդային զգացողությունը, որ կյանքի պայմաններն անտանելի են, և ինչ-որ ուրիշ ժամանակ պետք է որ այլ կերպ եղած լինեն։ Հանկարծ հասկացավ, որ ժամանակակից կյանքին բնորոշ են ոչ թե դաժանությունն ու անկայունությունը, այլ դատարկությունը, աղոտությունը, անտարբերությունը։ Նայիր շուրջդ և կտեսնես՝ կյանքը նման չէ ոչ միայն հեռէկրանից հորդող ստերին, այլև նույնիսկ իդեալներին, որոնց Կուսակցությունը փորձում էր հասնել։ Հիմնականում կյանքը, նույնիսկ Կուսակցության անդամների համար, չեզոք էր և ապաքաղաքականացված. նրանք զբաղվում էին տաղտկալի գործերով, պայքարում Մետրոյում տեղ գտնելու համար, կարկատում մաշված գուլպան, սախարինի կոճակ մուրում, խնայում սիգարետի քնթուկները։ Կուսակցության կերտած իդեալը ինչ-որ մեծ, ահավոր ու շողշողուն բան էր՝ պողպատից ու բետոնից, հրեշավոր մեքենաներից ու սարսափազդու զենքերից կազմված մի աշխարհ՝ զինվորների ու մոլեռանդների երկիր, ովքեր քայլում էին կատարյալ միասնության մեջ, մտածում նույն մտքերն ու գոռում նույն կարգախոսները, մշտապես աշխատում էին, պայքարում, հաղթանակում ու պատժում. երեք հարյուր միլիոն մարդ՝ բոլորը մեկ դեմքով։ Իսկ իրականում՝ փտած, կեղտոտ քաղաքներ, ուր կիսաքաղց մարդիկ քայլում էին ծակ կոշիկներով, տասնիններորդ դարում կառուցված խարխուլ տներ, որոնցից միշտ կաղամբի և կեղտոտ զուգարանի հոտ էր փչում։ Նրա առաջ հառնում էր Լոնդոնի տեսլականը՝ ավերածությունների, միլիոնավոր աղբարկղերի հսկայական քաղաք. պատկերը լրացնում էր տիկին Փարսոնսի կերպարը՝ կնճռոտ դեմքով ու յուղոտ մազերով կնոջ, ով հուսահատ փորփրում էր կեղտաջրի խցանված խողովակը։
 
Նա կռացավ ու նորից քորեց կոճը։ Գիշեր ու ցերեկ հեռէկրանները սղոցում էին ականջներդ վիճակագրությամբ՝ ապացուցելով, որ այսօր մարդիկ ավելի շատ ուտելիք, ավելի շատ հագուստ, ավելի լավ տներ, ավելի ուրախ հանգիստ ունեն, որ նրանք ավելի երկար են ապրում, ավելի կարճ են աշխատում, ավելի խոշոր են, ավելի առողջ, ավելի ուժեղ, ավելի երջանիկ, ավելի խելացի, ավելի կրթված, քան հիսուն տարի առաջ։ Այդ բառերից ոչ մեկը հնարավոր չէր ո՛չ ապացուցել, ո՛չ ժխտել։ Կուսակցությունը, օրինակ, պնդում էր, որ ներկայում դեռահաս պրոլների քառասուն տոկոսը գրագետ է. ասում էին՝ մինչ հեղափոխությունն այդ թիվն ընդամենը տասնհինգ տոկոս էր։ Կուսակցության պնդմամբ՝ մանկական մահացությունը հիմա հազար երեխայից 160 էր, մինչդեռ մինչ հեղափոխությունն այդ թիվը 300 էր, և այսպես շարունակ։ Ասես երկու անհայտով պարզ հավասարում լիներ։ Շատ հավանական էր, որ պատմության գրքերում գրված ամեն մի բառ, նույնիսկ այն, ինչ ընդունվում էր առանց կասկածի, մաքուր հորինվածք էր։ Որքանով Ուինսթոնն էր տեղյակ, երբեք չէր կարող լինել այնպիսի օրենք, ինչպիսին «առաջին գիշերվա օրենքն» է, կամ այնպիսի արարած, ինչպիսին կապիտալիստն է, կամ այնպիսի գլխարկ, ինչպիսին ցիլինդրն է։
 
Ամեն ինչ խունանում էր մշուշում։ Անցյալը վերացել էր, վերացման փաստը մոռացվել էր, սուտը դարձել էր ճշմարտություն։ Կյանքում միայն մեկ անգամ և ամենակարևորը՝ մի իրադարձությունից հետո էր Ուինսթոնն իր ձեռքի տակ կեղծիքի կոնկրետ ու անսխալ վկայություն ունեցել։ Այն ձեռքում էր պահել երեսուն վայրկյան։ Դա կարծես 1973 թվականին էր. մի խոսքով՝ այն ժամանակ ինքն ու Քեթրինը բաժանվել էին։ Իսկ ավելի կոնկրետ՝ յոթ կամ ութ տարի առաջ։
 
Իրականում պատմությունը սկսվել էր վաթսունականների կեսերին՝ մեծ զտումների ժամանակ, երբ մեկընդմիշտ բնաջնջվեցին Կուսակցության իսկական առաջնորդները։ Մինչ 1970 թվականը նրանցից ոչ մեկն արդեն ողջ չէր, բացի Մեծ եղբորից։ Բոլորին մերկացրել էին՝ որպես դավաճանների և հակահեղափոխականների։ Գոլդսթայնը դիմել էր փախուստի և թաքնվում էր՝ հայտնի չէ, թե որտեղ, ինչ վերաբերում է մյուսներին, ապա ոմանք ուղղակի անհետացել էին, մինչդեռ մեծամասնությունը մահապատժի էր ենթարկվել աղմկոտ դատավարություններից հետո, որտեղ խոստովանել էին իրենց կատարած հանցագործությունները։ Վերջին մազապուրծները երեքն էին՝ Ջոնսը, Աարոնսոնը և Ռադերֆորդը։ Երևի 1965 թվականն էր, երբ երեքն էլ ձերբակալվեցին։ Ինչպես հաճախ էր պատահում, նրանք անհետացան մեկ տարով կամ ավելի երկար, ուստի ոչ ոք չգիտեր՝ ողջ են, թե մեռած, իսկ հետո հանկարծ վերադարձվեցին, որպեսզի սովորական ձևով մերկացնեն իրենք իրենց։ Նրանք խոստովանեցին, որ լրտեսել են թշնամու համար (այն ժամանակ նույնպես թշնամին Եվրասիան էր), յուրացրել են հանրային ֆոնդերը, սպանել Կուսակցության մի շարք նվիրված անդամների, խարդավանքների են դիմել Մեծ եղբոր ղեկավարության դեմ, ինչը սկսվել է հեղափոխությունից շատ առաջ, և մասնակցել են նենգադուլի դեպքերի, որոնք հանգեցրել են հարյուր հազարավոր մարդկանց մահվան։ Այս ամենը խոստովանելուց հետո նրանց ներել էին, վերականգնել Կուսակցության շարքերում և տվել պաշտոններ, որոնք իրականում անաշխատ պաշտոններ էին, բայց կարևոր էին թվում։ Երեքն էլ զղջման երկար հոդվածներ էին գրել «Թայմսում»՝ վերլուծելով ուխտադրժության պատճառները և խոստանալով քավել մեղքերը։
 
Նրանց ազատ արձակելուց որոշ ժամանակ անց Ուինսթոնը երեքին էլ տեսել էր «Շագանակենի» սրճարանում։ Հիշում էր, թե ինչ ահարկու գայթակղությամբ էր աչքի պոչով հետևում նրանց։ Այդ տղամարդիկ տարիքով շատ մեծ էին, հին աշխարհի մնացուկներ, վերջին խոշոր կերպարները՝ Կուսակցության վաղ հերոսական օրերից։ Ընդհատակյա պայքարի ու քաղաքացիական պատերազմի փառավոր ոգին դեռ թևածում էր նրանց շուրջը։ Այնպիսի տպավորություն էր, որ չնայած փաստերն ու ամսաթվերը լղոզված էին, Ուինսթոնը նրանց ճանաչում էր շատ ավելի վաղուց, քան Մեծ եղբորը։ Բայց նրանք հանցագործներ էին, թշնամիներ, իրավազուրկներ և առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում անկասկած ենթարկվելու էին մահապատժի։ Մտքի ոստիկանության ձեռքն ընկած որևէ մեկը երբևէ չէր ազատվել։ Նրանք դիակներ էին, որոնք սպասում էին գերեզմանոց ուղարկվելուն:
 
Սեղանների մոտ նրանց շուրջը, ոչ ոք չկար։ Նման մարդկանց կողքին երևալն անխոհեմ արարք էր։ Նրանք լուռ նստած էին, դիմացը՝ մեխակի բույրով ջինի բաժակներ, որը սրճարանի ֆիրմային խմիչքն էր։ Երեքից Ուինսթոնի վրա ամենամեծ ազդեցությունը թողեց Ռադերֆորդը։ Մի ժամանակ նա հայտնի ծաղրանկարիչ էր, ում սուր ծաղրանկարները նպաստել էին հանրային կրքերի բորբոքմանը մինչ հեղափոխությունը և դրա ընթացքում։ Նույնիսկ հիմա, ժամանակ առ ժամանակ, նրա ծաղրանկարները հայտնվում էին «Թայմսում»։ Դրանք իր նախկին ոճի նմանակումն էին՝ զարմանալիորեն անկյանք ու անհամոզիչ։ Միշտ հին թեմաների պատառիկներ՝ խրճիթներ հետնախորշերում, քաղցած երեխաներ, փողոցային կռիվներ, ցիլինդրներով կապիտալիստներ (նույնիսկ բարիկադների վրա կապիտալիստները չէին բաժանվում իրենց ցիլինդրներից), անցյալ վերադառնալու անվերջ ու հուսահատ փորձեր։ Նա վիթխարի մարդ էր՝ յուղոտ մոխրագույն մազերի բաշով, դեմքը պարկի պես կախված էր ու կնճռոտ, շուրթերը՝ փքված, ինչը հատուկ էր նեգրոիդ տիպին։ ժամանակին պետք է որ անսահման ուժեղ եղած լիներ. հիմա հսկայական մարմինը կորացել էր, թեքվել, այտուցվել, կախվել տարբեր ուղղություններով։ Նա մարդու աչքի առաջ մասնատվում էր, ինչպես փլվող սարը։
 
Ժամը տասնհինգն էր՝ հանգստի ժամը։ Ուինսթոնը չէր հիշում՝ այդ ժամին ինչպես էր հայտնվել սրճարանում։ Ներսում գրեթե դատարկ էր։ Հեռէկրանից տարածվում էր թեթև երաժշտություն։ Անկյունում նստած երեք տղամարդիկ անշարժ էին ու ոչ մի բառ չէին խոսում։ Առանց պատվերի սպասելու՝ մատուցողը ևս մի քանի բաժակ ջին բերեց։ Հարևան սեղանին շախմատի տախտակ կար. խաղաքարերը շարված էին, բայց խաղը չէր սկսվել։ Իսկ հետո մոտ կես րոպե հեռէկրանների հետ ինչ-որ բան պատահեց։ Հնչող մեղեդին փոխվեց, երաժշտության տոնայնությունը՝ նույնպես։ Ինչ-որ բան ներխուժեց, բայց թե ինչ, դժվար էր նկարագրել։ Տարօրինակ, խելահեղ, սուր, ծաղրող հնչողություն: Ուինսթոնը մտքում այն կոչեց դեղին տոնայնություն։ Իսկ հետո հեռէկրանից հնչեց երգը.
 
 
''Սաղարթաշատ շագանակի ծառի տակ''
''Դու ծախեցիր ինձ, ես ծախեցի քեզ,''
''Պառկած ենք. նրանք՝ այնտեղ, մենք՝ այստեղ,''
''Սաղարթաշատ շագանակի ծառի տակ։''
 
 
Երեք տղամարդիկ չշարժվեցին։ Բայց երբ Ուինսթոնը նորից նայեց Ռադերֆորդի քայքայված դեմքին, տեսավ, որ նրա աչքերում արցունքներ կան։ Առաջին անգամ ներքին սարսուռով, միևնույն ժամանակ չհասկանալով, թե ինչից, սարսռաց, Ուինսթոնը նկատեց, որ Աարոնսոնի և Ռադերֆորդի քթերը ջարդված են։
 
Շուտով երեքին էլ նորից ձերբակալեցին։ Պարզվեց՝ ազատ արձակվելու պահից ի վեր նրանք զբաղվել են նոր դավադրություններով։ Երկրորդ դատավարության ընթացքում նրանք դարձյալ խոստովանեցին նախկինում գործած, ինչպես և մի շարք նոր հանցագործություններ։ Նրանց մահապատժի ենթարկեցին, նրանց ճակատագիրը հավերժացավ Կուսակցության պատմության մեջ՝ որպես դաս ապագա սերունդներին։ Դրանից հինգ տարի անց՝ 1973 թվականին, Ուինսթոնը բացում էր օդաճնշական խողովակից հենց նոր իր գրասեղանին ընկած թղթերը, երբ հանկարծ ձեռքն ընկավ թղթի մի կտոր։ Ըստ երևույթին, սխալմամբ էր հայտնվել մյուսների մեջ, իսկ հետո մոռացվել էր։ Հենց որ շտկեց թուղթը, անմիջապես հասկացավ դրա կարևորությունը։ Մոտ տասը տարի առաջ «Թայմսից» պատռած կես էջ էր՝ վերևի կեսը, ուստի վրան ամսաթիվ կար. պատվիրակների լուսանկարն էր Նյու Յորքում՝ կուսակցական միջոցառման ժամանակ։ Խմբի կենտրոնում աչքի էին ընկնում Ջոնսը, Աարոնսոնը և Ռադերֆորդը։ Հնարավոր չէր չճանաչել, ամեն դեպքում նրանց անունները գրված էին լուսանկարի տակ։
 
Բայց չէ՞ որ երկու դատավարությանն էլ երեք տղամարդիկ խոստովանել էին, որ այդ օրը եղել են եվրասիական հողի վրա։ Նրանք Կանադայի գաղտնի օդանավակայանից թռել էին Սիբիր՝ հանդիպման, և խորհրդակցել էին եվրասիական գլխավոր շտաբի անդամների հետ, որոնց հայտնել էին կարևոր ռազմական գաղտնիքներ։ Ամսաթիվը հստակ ամրագրվել էր Ուինսթոնի հիշողության մեջ, որովհետև միջամառային օրն էր՝ հունիսի 23-ը, բայց ամբողջ պատմությունը պետք է որ գրանցված լիներ նաև բազմաթիվ այլ տեղերում։ Կար միայն մեկ հնարավոր եզրակացություն. խոստովանությունները սուտ էին։
 
Անշուշտ, սա ինքնին բացահայտում չէր։ Նույնիսկ այդ ժամանակ Ուինսթոնի մտքով չէր անցել, որ զտումներին զոհ գնացած մարդիկ իրականում գործել են այն հանցագործությունները, որոնցում մեղադրվում են։ Բայց սա կոնկրետ ապացույց էր. անհետացած անցյալի մի պատառիկ, բրածո ոսկորի պես, որը հայտնվում է սխալ նստվածքաշերտում ու ոչնչացնում երկրաբանական տեսությունը։ Միայն դա բավական էր Կուսակցությունը հյուլեների բաժանելու համար, եթե ինչ-որ կերպ աշխարհն իմանար այդ մասին, և նրա կարևորությունը հայտնի դառնար բոլորին։
 
Նա շարունակեց աշխատել։ Երբ տեսավ լուսանկարն ու հասկացավ, թե դա ինչ է նշանակում, անմիջապես ծածկեց մի ուրիշ թղթով։ Բարեբախտաբար, երբ հարթեցրեց թերթը, տեսավ, որ այն հակառակ է դրված և չի երևում հեռէկրանից։
 
Նա ծնկին դրեց նոթատետրը և աթոռը հրեց այնպես, որ հնարավորինս հեռանա հեռէկրանից։ Դժվար չէր անարտահայտիչ դարձնել դեմքը, ու ջանքերի գնով նույնիսկ շնչառությունը կարելի էր վերահսկել, բայց հնարավոր չէր կառավարել սրտի զարկը, և հեռէկրանն այնքան նրբազգաց էր, որ կարող էր որսալ։ Նա սպասեց, իր հաշվարկներով մոտ տասը րոպե՝ ամբողջ ընթացքում տառապելով վախից, որ ինչ-որ դեպք, օրինակ՝ հանկարծակի միջանցիկ քամին, կարող է մատնել իրեն; Հետո, առանց լուսանկարը բացելու, գցեց հիշողության անցքը՝ այլ անպետք թղթերի հետ։ Երևի հաջորդ րոպեի ընթացքում այն կվերածվի փոշու։
 
Տասը-տասնմեկ տարի առաջ էր։ Այսօր թերևս կպահեր այդ լուսանկարը։ Զարմանալի էր, որ այն իր ձեռքում պահելու փաստը շատ կարևոր էր նույնիսկ հիմա, երբ լուսանկարը, ինչպես և իրադարձությունը, որ պատկերված էր այնտեղ, ընդամենը հիշողություն էին։ Նա մտածում էր՝ մի՞թե Կուսակցության կողմից անցյալի կառավարումը թուլացավ նրանից, որ ''ինչ-որ ժամանակ'' գոյություն է ունեցել մի վկայություն, որն այլևս գոյություն չունի։
 
Բայց այսօր, եթե լուսանկարը նույնիսկ ինչ-որ կերպ հառներ մոխրից, այն գուցե վկայություն էլ չլիներ։ Այն ժամանակ, երբ Ուինսթոնն արել էր այդ հայտնագործությունը, Օվկիանիան այլևս չէր պատերազմում Եվրասիայի դեմ, և երեք մեռած տղամարդիկ հավանաբար իրենց երկիրը մատնել էին արևելաասիացի գործակալներին։ Այդ ժամանակից ի վեր եղել էին նաև ուրիշ փոփոխություններ՝ մեկ, երկու, նա չէր հիշում՝ քանիսը։ Հավանական է, որ խոստովանությունները նորից ու նորից էին գրվել, այնքան, մինչև իսկական փաստերն ու տարեթվերը կորցրել էին նույնիսկ ամենաչնչին նշանակությունը։ Անցյալը ոչ միայն փոխվել էր, այլև շարունակ փոխվում էր։ Նրան ամենից շատ տանջում էր այն մղձավանջային միտքը, որ ինքը երբեք պարզ չէր հասկացել, թե ինչու էր արվում այս հսկայական խարդախությունը։ Անցյալի կեղծման անմիջական առավելություններն ակնհայտ էին, բայց վերջնական շարժառիթն առեղծվածային էր։ Նա դարձյալ վերցրեց գրիչն ու գրեց.
 
 
''Ես հասկանում եմ՝ ԻՆՉՊԵՍ։ Չեմ հասկանում՝ ԻՆՉՈՒ։''
 
 
Ինչպես բազմիցս՝ նախկինում, այժմ էլ մտածում էր՝ արդյո՞ք ինքը խելագար չէ։ Գուցե խելագար է նա, ով փոքրամասնություն է։ Մի ժամանակ խելագարության նշան էր հավատալը, որ Երկիրը պտտվում է արևի շուրջը, իսկ այսօր՝ որ անցյալն անփոփոխելի է։ Հավանաբար միայն ինքն էր հավատում այդ համոզմունքին, իսկ եթե միայն ինքն էր, ուրեմն խելագար է։ Խելագար լինելու միտքն այնքան էլ չէր անհանգստացնում. սարսափելին այն էր, որ ինքը գուցե սխալվում է։
 
Նա վերցրեց երեխաների պատմության դասագիրքն ու նայեց Մեծ եղբոր նկարին, որը գրքի ճակատին էր։ Հիպնոսացնող աչքերը նայեցին Ուինսթոնի աչքերին։ Ասես մի հսկայական ուժ ճնշում էր քեզ, թափանցում գանգդ, տրորում ուղեղդ, վախեցնելով ստիպում հրաժարվել համոզմունքներից, գրեթե համոզում մերժել զգայարանների վկայությունը։ Ի վերջո, Կուսակցությունը կհայտարարի, որ երկու անգամ երկու հավասար է հինգի, և ստիպված կլինեք հավատալ։ Անխուսափելիորեն, վաղ թե ուշ նրանք կներկայացնեն այդ պահանջը, դա էր պահանջում նրանց իշխանության տրամաբանությունը։ Ոչ միայն փորձի հիմնավորությունը, այլև ինքնին արտաքին իրականության գոյությունը անխոս մերժվում էր նրանց փիլիսոփայության կողմից։ Ամենամեծ հերետիկոսությունն առողջ բանականությունն էր։ Իսկ սարսափելին ոչ թե այն էր, որ քեզ կսպանեն այլ կերպ մտածելու համար, այլ այն, որ նրանք գուցե իրավացի են։ Ի վերջո, ինչպե՞ս կարող եք իմանալ, որ երկու անգամ երկու չորս է։ Կամ՝ ձգողականության ուժը գործում է։ Կամ՝ անցյալն անփոփոխելի է։ Եթե անցյալն ու արտաքին աշխարհը գոյություն ունեն միայն մտքում, ու եթե միտքն ինքնին վերահսկելի է, ուրեմն ի՞նչ։
 
Բայց ոչ։ Հանկարծ նա խիզախության անսպասելի հոսք զգաց։ Անհայտ է, թե ինչ զուգորդումով մտքում լողաց Օ’Բրայենի դեմքը։ Հիմա, ավելի վստահ, քան առաջ, նա գիտեր, որ Օ’Բրայենը իր կողքին է: Նա օրագիրը լրացնում էր Օ’Բրայենի համար՝ ''Օ’Բրայենին''. ասես անվերջ նամակ լիներ, որը ոչ ոք երբեք չէր կարդալու, բայց ուղղված էր որոշակի մարդու, և իմաստավորված էր հենց դրանով։
 
Կուսակցությունը պատվիրում էր չհավատալ սեփական աչքերին ու ականջներին։ Դա նրանց վերջնական, ամենակարևոր հրամանն էր։ Նրա սիրտը նվաղեց, երբ մտածեց, թե ինչ հսկայական ուժ է կանգնել իր դեմ, թե Կուսակցության ցանկացած գաղափարախոս բանավեճի ժամանակ ինչ հեշտությամբ կտապալի իրեն նուրբ փաստարկներով, որոնք ինքն ի վիճակի չի լինի հասկանալ, առավել ևս՝ պատասխանել։ Բայց միևնույն է, ինքն իրավացի է։ Նրանք սխալ են, իսկ ինքը՝ իրավացի։ Պետք է պաշտպանել ակներևը, տարրականը, ճիշտը։ Հանրահայտ ճշմարտությունները ճիշտ են. կառչե՛ք այդ մտքից։ Աշխարհի գոյությունն աներեր է, նրա օրենքները չեն փոխվում։ Քարերը պինդ են, ջուրը՝ թաց, հենման կետ չունեցող առարկաներն ընկնում են Երկրի վրա։ Այնպիսի զգացողությամբ, ասես խոսում է Օ’Բրայենի հետ և մի կարևոր աքսիոմ առաջադրում, Ուինսթոնը գրեց.
 
 
''Ազատությունը երկուսին զումարած երկու հավասար է չորսի ասելու հնարավորությունն է: Եթե դա թույլատրվի, մնացած ամեն ինչ կբխի դրանից։''
== Մաս II==
8
edits