Changes
: Ավելին՝ ողորմելի այս կյանքի բնական տեւողությունն իսկ բռնադատվում է։ Ես ինձ համար չեմ տրտնջում՝ ես երջանիկ բացառությունների թվին եմ պատկանում։ Ես տասներկու տարեկան եմ եւ ունեցել եմ չորս հարյուրից ավել զավակներ։ Եվ դա է խոզի բնական կյանքը։ Սակայն ոչ մի կենդանու չի հաջողվում վերջում փրկվել անգութ դանակից։ Դուք, ջահել գոճիներ, որ նստած եք իմ առջեւ, ձեզանից ամեն մեկը մի տարի չանցած վնգստալու է սպանդարանում։ Եվ այդ արհավիրքը վիճակված է բոլորիս՝ կովերին, խոզերին, հավերին, ոչխարներին, բոլորին։ Անգամ ձիերն ու շները չեն արժանանա ավելի լավ բախտի։ Այ դու, Դմբուզ, այն նույն օրը, երբ քո վիթխարի մկանները կորցնեն իրենց ուժը, Ջոնզը կծախի քեզ քերթողներին, որ քեզ կտոր֊կտոր անեն ու խաշեն որսաշների համար։ Ինչ վերաբերվում է շներին՝ երբ ծերությունից նրանց ատամները թափվեն, Ջոնզը նրանց վզից աղյուս կկապի ու կխեղդի մոտակա ջրափոսում։
: Մի՞թե պարզից էլ պարզ չէ, ուրեմն, ընկերներ, որ մեր կյանքի բոլոր չարիքները մարդու բռնակալության հետեւանք են։ Վերացրե՛ք մարդուն, եւ մեր աշխատանքի պտուղները մեզ կմնան։ Գրեթե մեկ օրում մենք ազատ ու հարուստ կդառնանք։ Ուրեմն ի՞նչ անել։ Անշո՛ւշտ՝ գիշեր ու ցերեկ, հոգով ու մարմնով, ջանք չխնայել մարդկային ցեղը տապալելու համար։ Ահա իմ պատգամը ձեզ, ընկերներ՝ Ապստամբությո՛ւն։ Ես չգիտեմ, թե երբ կգա Ապստամբությունը, գուցե մի շաբաթից կամ թերեւս հարյուր տարուց, բայց ես գիտեմ, նույնքան ստույգ, ինչպես տեսնում եմ ոտքիս տակի հարդը, որ վաղ թե ուշ կհաստատվի՛ արդարությունը։ Մի՛ մոռացեք այդ մասին, ընկերներ, ձեր կյանքի չնչին մնացորդների ընթացքում։ Եվ, ամենակարեւորը, փոխանցեք իմ այս պատգամը ձեզ հաջորդողներին, որպեսզի ապագա սերունդները պայքարը շարունակեն մինչեւ հաղթանակ։
: Հիշե՛ք, ընկերներ, որ ոչինչ չի կարող սասանել ձեր հաստատակամությունը։ Ոչ մի փաստարկ չպետք է ձեզ ուղուց շեղի։ Մի' Մի՛ լսեք, երբ ձեզ հորդորեն, թե Մարդն ու կենդանիներն ընդհանուր շահեր ունեն, թե մեկի բարգավաճումը նաեւ մյուսների բարգավաճումն է։ Բոլորը սո՛ւտ է։ Մարդն ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում, բացի իրենից։ Թող եւ մեր՝ կենդանիներիս միջեւ կատարյալ միասնություն տիրի, կատարյալ ընկերություն հանուն պայքարի։ Բոլոր մարդիկ թշնամիներ են։ Բոլոր կենդանիներն՝ ընկեր են։
: Այդ պահին իսկական մի իրարանցում սկսվեց։ Գնդապետի ճառի ընթացքում չորս մեծ առնետ դուրս էին սողացել իրենց ծակուռներից եւ հետեւի թաթերին նստած ականջ էին դնում։ Շները հանկարծ նկատել էին նրանց, եւ առնետներին փրկել էր միայն կայծակնային փախուստը։ Գնդապետը բարձրացրեց տոտիկը, լռության հրավիրելով։
: — Ընկերներ,— ասաց նա,— այդ հարցը պետք է քննել։ Արդյո՞ք վայրի էակները, ինչպես, օրինակ, առնետներն ու նապաստակները, մեր բարեկամն են, թե՞ թշնամին։ Եկեք քվեարկենք։ Ժողովին առաջարկում եմ հետեւյան հարցը․ բարեկա՞մ են արդյոք առնետները։