Changes
: Մենք այցելում ենք Սուխումի մերձակա մի օրինակելի կոլտնտեսություն։ Այն վեց տարվա պատմություն ունի։ Սկզբնական շրջանում վատ բերքատվություն ունենալուց հետո այն այսօր ամենածաղկուն կոլտնտեսություններից է։ Նրան կոչում են «միլիոնատեր»։ Այստեղ իշխում է երանելիության շունչը։ Կոլտնտեսությունը գտնվում է մի լայնարձակ տարածքում, որը կլիմայի շնորհիվ ունի առատ բուսականություն։ Բոլոր տներն այնտեղ կառուցված են փայտից, գետնից բարձրացված են փայտե ոտքերով եւ շատ գեղատեսիլ ու հմայիչ են՝ յուրաքանչյուրը շրջապատված մի մեծ մրգատու ծառերի, բանջարեղենի եւ ծաղիկների այգով։ Այս կոլտնտեսությունն անցյալ տարի աներեւակայելի շահույթներ է ունեցել, որի շնորհիվ շատ կարեւոր պահեստավորումներ է կատարել։ Բացի այդ, աշխատանքային օրվա սակագինը բարձրացել է վեց ռուբլի հիսուն կոպեկով։ Ինչպե՞ս է կազմվել այդ թիվը․ ճիշտ այն նույն հաշվարկով, որը, եթե կոլտնտեսությունը կապիտալիստական գյուղատնտեսական ձեռնարկություն լիներ, կթելադրեր բաժնետերերին հատկացվելիք շահագործում հանուն մի քանիսի շահի։ Այստեղ բաժնետերեր չկան։ Բանվորներն իրենք են (կոլտնտեսության բանվորներն են, անշուշտ) իրար մեջ բաժանում շահույթը, առանց պետության հանդեպ որեւէ պարտավորվածության<ref>Համենայն դեպս ինձ քանիցս այդպես են պնդել։ Բոլոր տեղեկությունները, քանի դեռ վերստուգված չեն, ես համարում եմ կասկածելի, ինչպես գաղութներից ստացվող տեղեկությունները։ Դժվարանում եմ հավատալ, թե այդ կոլտնտեսությունն այն աստիճան արտոնյալ է, որ խուսափում է այլ կոլտնտեսությունների վրա դրված գյուղատնտեսական հումքի յոթ տոկոսի հանձնման պարտավորվածությունից, չհաշված 35֊ից 39 ռուբլի անհատական հարկը։</ref>։ Դա հրաշալի կլիներ, եթե չլինեին ուրիշ կոլտնտեսություններ, ավելի աղքատ, որոնք հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Քանզի, եթե ես ճիշտ եմ հասկացել, յուրաքանչյուր կոլտնտեսություն ունի իր ինքնավարությունը, եւ փոխօգնության մասին խոսելնն ավելորդ է։ Գուցե սխալվում եմ․ կուզենայի, որ այդպես լիներ<ref>Հավելում եմ մի քանի առավել ճշգրիտ տեղեկություններ։ Ես ստացել էի եւ շատ այլ տեղեկություններ, սակայն թվերն իմ տարերքը չեն, եւ զուտ տնտեսական հարցերը դուրս են մնում իմ իրավասությունից։ Բացի այդ, եթե սրանք ճիշտ եւ ճիշտ այն տեղեկություններն են, որ ինձ տվել են, ես այնուհանդերձ չեմ կարող երաշխավորել դրանց ճշգրտությունը։ Գաղութների փորձն ինձ սովորեցրել է չվստահել «տեղեկություններին»։ Ի վերջո, ամենագլխավորը՝ այս հարցերն արդեն բավական քննարկվել են մասնագետների կողմից։ Ես կարիք չունեմ նորից անդրադառնալու դրանց։</ref>։
: Ես այցելել եմ այդ ծաղկուն<ref>Մեծ թվով այլ բնակավայրերում ընդհանրապես անհատական բնակարաններ չկան։ Մարդիկ ապրում են ընդհանուր «ննջարաններում» եւ հանրակացարաններում։</ref> կոլտնտեսության բնակավայրերից շատերը… կուզենայի արտահայտել այն տարօրինակ ու ճնշող տպավորությունը, որ թողնում է այդ տներից յուրաքանչյուրը՝ լիակատար անինքնատիպության տպավորություն։ Ամենուր նույն գարշելի կահույքը, նույն Ստալինի դիմանկարը եւ բացարձակապես ուրիշ ոչինչ։ Ոչ մի անձնական իր կամ հիշատակ։ Բոլոր տները փոխադարձաբար փոխարինելի են եւ մինչեւ այն աստիճան, որ թվում է, թե կոլտնտեսականներն իրենք նույնպես փոխադարձաբար փոխարինելի են, կարող են տեղափոխվել մեկը մյուսի տունը, առանց նույնիսկ որեւէ բան կասկածելու<ref>Մարդկանց այդ ընդհանուր դիմազրկությունն ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ ընդհանուր ննջասենյակներում քնողներն ավելի քիչ են տանջվում նեղվածությունից, քան եթե նրանք ընդունակ լինեին անհատականացման։ Սակայն այդ ընդհանուր դիմազրկությունը, որին ԽՍՀՄ֊ում ամեն ինչ հեշտ ու հանգիստ է թվում, կարո՞ղ է արդյոք համարվել առաջընթաց։ Ես անձամբ այդպես չեմ կարծում։</ref>։ Անշուշտ, այդպես ավելի հեշտ կարելի է հասնել երջանկության։ Եվ նաեւ այն պատճառով, կասեն ինձ, որ կոլտնտեսականն իր բոլոր հաճույքները վայելում է ընդհանուրի հետ։ Նրա սենյակն ընդամենը բույն է քնելու համար, նրա կյանքի ողջ հետաքրքրությունն ամփոփված է ակումբի, կուլտուրայի այգու, հավաքույթների մեջ։ Էլ ուրիշ ի՞նչ է պետք։ Բոլորի երջանկությանը կարելի է հասնել միայն յուրաքանչյուրին անհատականությունից զրկելու գնով։ Բոլորի երջանկությանը կարելի է հասնել միայն յուրաքանչյուրի հաշվին։ Եթե ուզում եք երջանիկ լինել, եղե՛ք միանման։
<references/>