«Խելագար արքան»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Խելագար արքան |հեղինակ =Բորիս Շտերն |թարգմանիչ =Ռուբէն Թարումեան |աղբյու...»:)
(Տարբերություն չկա)

16:39, 8 Հուլիսի 2013-ի տարբերակ

Խելագար արքան

հեղինակ՝ Բորիս Շտերն
թարգմանիչ՝ Ռուբէն Թարումեան

Ես թույլ եմ տալիս «Շահմատային հանդեսին» հրապարակել այս նոթերը միայն իմ մահից հետո։
Ես արգելում եմ առաջին հրապարակումը զուգորդել նախաբանով, վերջաբանով կամ խմբագրության մեկնաբանությամբ, ինչպես նաեւ՝ ձեռագրում որեւէ փոփոխություն կատարել: Ես որոշել եմ ամբողջ աշխարհին բացատրել իմ սեփական քայլերի դրդապատճառները եւ չեմ ցանկանում թյուր ըմբռնվել խմբագրի՝ ստորակետները ճիշտ տեղադրելու մոլուցքի պատճառով։
Հեղինակի անունը պիտի տպագրված լինի այսպես. «Ջեկ Ռոբերտ Հիփփենրայթեր, շահմատի աշխարհի նախկին չեմպիոն»։


Իմ հայրը, մեծ գիտնական եւ գյուտարար Ռոբերտ Հիփփենրայթերը, խորապես հավատացյալ մարդ էր. նա հավատում էր ռոբոտների։
«Երբ մարդկությունը կստեղծի շնչավոր մեքենա...» – սկսում էր նա եւ թվարկում այն բարիքները, որոնք կհետեւեն՝ Երկրի վրա ռոբոտների հայտնվելուց հետո։
Ի դեպ, հայրս համեստություն էր անում: «Մարդկությունը կստեղծի» բառերը պետք էր հասկանալ՝ «ես կստեղծեմ»։
Մորս բոլորովին չեմ հիշում: Հորս պատմելով, նրա նյարդային համակարգը բոլորովին խախտված էր, եւ նույնիսկ «ոչ այն երանգով» արտասանած ողջույնը նրա մոտ հիստերիայի նոպա էր առաջացնում: Նա միշտ ավելին էր ուզում, քան ուներ, եւ իր օրերը գժանոցում չավարտեց միայն այն պատճառով, որ վախճանվեց դրանից առաջ։
Դժվար էր պարզել, թե ի՞նչ էր անում հա՛յրս, բայց նա, անկասկած, ինչ որ բան անում էր: Մի անգամ նրան ինչ որ հիմնարկություն հրավիրեցին գաղտնի պատվեր կատարելու համար, բայց շուտով նա այնտեղ կռվեց ինչ որ ազդեցիկ մարդկանց հետ: Սակայն, այժմ ես հասկանում եմ, թե ի՛նչ էր ուզում ստեղծած լիներ հայրս; մինչդեռ նրանց՝ բոլորովին այլ բան էր պետք։
Ես կարող էի պատմել, թե ինչեր էի արել պատանեկությանս տարիներին, բայց դա նշանակություն չունի: Սովորել չէի ուզում, մտածել չգիտեի, աշխատել չէի կարողանում եւ՝ իմ խորն ամաչկոտությունից ազատվելու ձգտման բերումով, տարբեր հիմար պատմությունների մեջ էի ներքաշվում: Ես ոչինչ էի եւ ի բնէ չէի կարող որեւէ բան դառնալ: Մի ուժ ինձ միշտ ինչ որ տեղ էր քշում, բայց ես ճանապարհորդ էլ չէի: Աշնանն ամբողջ երկրով մեկ ես գնում էի դեպի հարավ, այնտեղ, ուր ձմեռը համեմատաբար մեղմ էր; գարնանը՝ վերադառնում էի։
Հայրս ոչինչ չէր նկատում եւ զբաղված էր իր գործերով, բայց մի անգամ ես պատահեցի նրան անգործ եւ խիստ ծերացած: Նա անհամբեր ինձ էր սպասում։ Պարզվեց, նա հասել էր իր կյանքի նպատակին եւ ստեղծել էր մեխանիկական բանականությունը։
– Որքա՞ն դու կստանաս քո այդ մեխանիկայի համար, – հարցրեցի ես։
– Սա մեխանիկա չէ... – քաշվելով ասաց հայրս: – Ես ինքս էլ վատ եմ հասկանում, ինչը եւ ինչպես է այնտեղ գործում: Ես վերակերտել եմ մարդու ուղեղը, բայց չեմ ուզում այն ոչ մեկին վաճառել: Չէ՞ որ այն կարելի է ծրագրավորել ինչի որ ուզես, եւ եթե դրա լուրը կառավարության ականջն ընկնի... Ո՛չ, ես արտոնագիր չեմ վերցնի: Ես այն կթոնղնեմ քեզ եւ կծրագրավորեմ...
– Փող սարքելո՜ւ – հուշեցի ես։
– Լռի՛ր: Ես քեզ իրադարձություններով լի կյանք կտամ, գրագետ մարդկանց հարգանք, անմահ անուն: Ես ամեն ինչ հանճարեղ եմ մտածել: Դու շահմատ խաղալ գիտե՞ս։
– Ձեռքս վերցրած չկամ: Շահմա՞տն ինչ կապ ունի, – զարմացա ես։
– Կսովորես: Դու կդառնաս շահմատի աշխարհի չեմպիոն՝ եւ ես հպարտ կլինեմ։
Ուրեմն այսպես. երկար երկխոսություններ ու շեղումներ այլեւս չեն լինի: Այս երկխոսությամբ ես ուզում էի եւս մեկ անգամ հնարավորություն տալ հորս ուզածին չափ խոսել իր գյուտի մասին, իսկ ինձ էլ՝ եւս մեկ անգամ լսել նրա ձայնը: Նա մահացավ կես տարի անց, երբ ես... Բայց՝ ըստ հերթականության։
Դա առաջնակարգ արկածախնդրություն էր, եւ ես կյանքումս առաջին անգամ ոգեւորվեցի: Վերջին փողերով մենք պատվիրեցինք ոսկերչին շահմատային արքայի փղոսկրյա խաղաքար՝ փոքրիկ ադամանդով՝ թագի փոխարեն: Ստացվեց չափազանց սիրունիկ բան, եւ հայրս նրա մեջ տեղադրեց իր մեխանիկան՝ չգիտես ինչից կազմված անձեւ մի կտոր, որը կարող էր հաշվարկել շահմատային տարբերակների հսկայական բազմություն, եւ, ամենակարեւորը, կորող էր ոչ տրամաբանորեն մտածել եւ ներըմբռնողական որոշումներ կայացնել գլուխկոտրուկ դիրքերում: Փորձեր դրա դեմ երկրորդ այդպիսի գնդիկ խաղալ՝ նրանք անմիջապես կթաղեին խաղի գաղափարը. նրանք, առանց խաղն սկսելու, ոչ ոքի կկնքեին: Արքային ես կրում էի վզիս, որպես զարդ; այնտեղից նա ամեն ինչ հրաշալի տեսնում էր եւ հաղորդում էր ինձ անհրաժեշտ քայլերը պստլիկ ընդունիչի միջոցով, որը ես տեղադրում էի ականջիս մեջ։
Վերջապես մենք սկսեցինք խաղալ սովորել։
– «E2 – e4», – ասաց արքան։
– Նախ բացատրի, թե ով ինչպե՛ս է քայլում, – խնդրեցի ես։
Արքան զարմացավ եւ սկսեց սովորեցնել ամենասկզբից: Բոլոր խաղերում ընդհանուր շատ բաներ կան՝ «ես այսպես, նա՝ այնպես» խաղային տրամաբանությունը... Ինչո՞ւ եմ ես սա գրում: Մի խոսքով, ես փորձառու թղթամոլ էի եւ արագ ամեն ինչ հասկացա։
Շուտով արքան ձանձրացավ ինձ սովորեցնել եւ մենք գնացինք շահմատային ակումբ: Առաջին փորձաքննությունս լավ եմ հիշում: Ծխած դահլիճում լիքը մարդ կար, տախտակներից շատերի շուրջ փողով էին խաղում: Ուշադիր հայացքով մեկը անտարբեր հենվել էր դռանը եւ տեսնելով ինձ առաջարկեց խաղալ: Անմիջապես ազատ սեղան գտնվեց, եւ երբ ես արձակեցի բաճկոնս, իմ խաղակցի հայացքը կանգ առավ արքայի վրա։
– Զվարճալի բան է, – գովեց նա: – Դուք երեւի ուժե՞ղ խաղացող եք։
Նա նման էր թղթախաղի գցողի: Իսկ հետագայում ես շահմատային այս ամբողջ ոհմակին ավելի ուշադիր նայելով հասկացա, որ նրանք քիչ են տարբերվում թղթախաղի գելերից. խորամանկությունները նույնն են։
Եւ այսպիսով, իմ ադամանդին որոշ ժամանակ աչք դնելուց հետո նա վերջապես դերի մեջ մտավ եւ քնքշորեն ասաց.
– Ակումբում ես ձեզ առաջին անգամ եմ տեսնում, բայց այն բանից, թե ինչպես եք տեղադրել արքան եւ ֆերզը, եզրակացնում եմ, որ դեռ սկսնակ եք: Զգուշացնում եմ. այստեղ միայն գումարով են խաղում: Եթե սովորելու եք եկել՝ պատրաստ եմ ծառայել, բայց պիտի վճարեք։
Սա ազնիվ հնարքներից մեկն է: Այն սկսնակին անհարմար վիճակի մեջ է դնում. կամ վճարի, եթե խաղալ չգիտես, կամ խաղա գումարով, եթե համարում ես, թե կորող ես։
– Ես խաղալ գիտեմ, – ասացի ես։
– Այդ դեպքում տախտակի տակ դրեք... – պատասխանեց նա եւ հինգ մատ ցույց տվեց։
Ես տախտակի տակ դրեցի հինգ դրամ եւ նայեցի նրան, հրավիրելով անել նույնը, սակայն նա միայն քմծիծաղ տվեց։
Արքան ինձնից ոչ պակաս զայրացավ. նյարդային բնավորություն ունի: «Հիմա ես նրան ցույց կտամ, – բղավեց նա ականջիս մեջ: – Խաղա h2 – h4»։ Եւ ես արեցի առաջին քայլը: Խաղակիցս քմծիծաղով դուրս բերեց արքայական զինվորը։ «A2 – a4», – շարունակեց արքան։
Գցողին ասես հոգու մեջ թքեցին. անպատված էր խա՜ղը: Նա մոռացավ իր եկամուտների մասին (մինչդեռ առաջին խաղում նա, բոլոր օրենքների համաձայն, մտադրվել էր պարտվել) եւ ասաց։
– Դու այստեղ այլեւս քիթդ չե՜ս խոթի: Մի տեսե՛ք պարոնայք։ Նոր հովե՜ր սկզբնախաղի տեսության մեջ։
Աշխատանքից ազատ պարոնայք ծուլորեն մոտեցան եւ սկսեցին ծաղրել ինձ, իսկ ես շարունակում էի խաղաքարերը տեղաշարժել արքայի խորհուրդների համաձայն: Շուտով Արքան սկսեց ինչ որ երգ մռմռալ, եւ բոլորը լռեցին: («Արքա» ես մեծատառով եմ գրելու, որովհետեւ դա նրա անունն է։) Հետո նրանք սկսեցին աղմկել: Ինչ որ թեւքեր ելան եւ սկսեցին մատերով շարժվել տախտակի վրայով, իսկ իմ գցողը բարձրացրեց ձեռքերը եւ լալկան ձայնով գոռաց.
– Ե՜տ բերեք դիրքը, պարոնայք, ե՜տ բերեք դիրքը։
Դիրքը ետ բերեցին, եւ տանջալի մտորումներից հետո նա հազաց ու հարցրեց.
– Դուք... դուք տալիս եք ֆե՞րզը։
Այն օրը ես ոչինչ չէի հասկանում, բայց հետո Արքան կրկնեց ինձ համար այդ խաղը: Հանելով եզրային զինվորները նա գործում էր լկտիորեն, եւ լուրջ վարպետին կարող էր եւ պարտվել; բայց իմ գցողը ջղաձգված էր եւ ծուղակի մեջ ընկավ: Ֆերզը վերցնել չէր կարելի, քանի որ հետեւում էր երեք զոհերով կայծակնային մի տարբերակ: Մատը նա ստացավ զինվորով։
Անկասկած, իմ գցողը ազնիվ մարդ էր եւ հարգում էր իր աշխատանքը։ Կարծում եմ վարպետի նա չէր ձգում, բայց խաղում էր բավականաչափ լավ՝ որպեսզի կարողանար ամեն օր ճաշել այս քաղաքում, որտեղ ընտանիքների հայրերը սատկում են ձանձրույթից, իսկ թուղթ խաղալ՝ վախենում են։
Իմ հինգ դրամը նա միեւնույն է չտվեց, բայց փոխարենը բերեց ակումբի տնօրենին, տեղական գրոսմայստերին (նրա անունը ձեզ ոչինչ չի ասի)։ Տնօրենը որոշեց խաղալ ինձ հետ առանց վկաների իր աշխատասենյակում եւ շուտով խառնեց քարերը եւ կմկմաց.
– Այո, տեսնում եմ... տաղանդ ունեք: Բայց դուք մի տեսակ տարօրինակ եք խաղն սկսում... Ձեզ պետք է կատարելագործվել սկզբնախաղի տեսության մասում: Գրվեք մեր ակումբը, լսեք իմ դասախոսությունները...
Արքան, պարզվում է, արդեն գիտեր ոչ տպարժան բառեր եւ դրանցից մեկով կիսվեց ինձ հետ։
– Ավելի կարճ, մաեստրո, – ընդհատեցի ես: – Ի՞նչ պետք է անել աշխարհի չեմպիոնի հետ խաղալու համար։
– Դուք չեք հասկանում, թե ինչ եք ասում, – բացականչեց մաեստրոն։ – Ամեն մակարդակի վրա կան որակավորման մրցաշարեր, եւ դրանք պետք է անցնել։
Եւ նա սկսեց պնդել ինչ որ գործակցի մասին, որը հաշվարկվում է տարբեր թվերից՝ հաղթանակների, պարտությունների, մրցաշարերի՝ որոնց մասնակցել ես եւ չես մասնակցել, հակառակորդների որակավորումից եւ այլ ախմախությունից, եւ առհասարակ նա շփոթվում էր, չիմանալով, թե ինչպե՛ս խոսի տաղանդի հետ։
– Ոչ մի գրոսմայստեր չի՛ համաձայնի խաղալ ձեզ հետ... – ահա այսպես ավարտեց նա։
– Բայց չէ՞ որ դուք համաձայնեցիք։
Նա բորբոքվեց; մենք կրկին դասավորեցինք շահմատը, եւ քսաներրորդ քայլին, մատային գրոհ սկսելով, ես ասացի.
– Ի դեպ, ինձ անհրաժեշտ կլինի մարզիչ ունենալ...
– Լավ, – ասաց նա, շպրտելով քարերը: – Ես դեռ որոշ կապեր ունեմ, եւ կարող եմ որոշ խորհուրդներ տալ։
Մենք գնացինք մայրաքաղաքի շահմատային ակումբ, եւ նա ինձ ներկայացրեց, որպես ընդունակ գավառականի, որին նա պատրաստում է երկրի բաց առաջնության: Դա չափազանց դուր եկավ չխաղացող ծերուկներին, փոխարենը երիտասարդ գրոսմայստերները ինձ եւ մարզիչիս ծիծաղի հանեցին: Տեսնելով այդ ես առաջարկեցի նրանց երեսուն տախտակների վրա միաժամանակյա խաղաշար, որպեսզի իրենց բոլորին խուրձով ընդգրկեն այն գործակցի հաշվին: Վիրավորանքից նրանք համաձայնեցին ամեն ինչի: Արքան եռանդից այրվում էր եւ խաղաշարից հետո շահմատային դաշնության նախագահը (անուններ չեմ տալիս) ասաց, որ ամբողջ աշխարհը ձանձրացել է գահին բացառապես ռուս չեմպիոնների տեսնել, եւ խփխփեց ուսիս։
Մենք որոշեցինք խաղալ առաջնությունում: Մրցաշարի ժամանակ հորիցս հեռագիր ստացա եւ թողնելով ամեն ինչ մեկնեցի, բայց կենդանի նրան արդեն չտեսա: Թաղմանը բազմաթիվ մարդիկ էին հավաքվել՝ վրաս աչք պլշելու: Արքան լալիս էր: Ես առաջին անգամ մտածեցի, որ մեր երկուսիս հայրը նա էր...
Ես դարձա երկրի չեմպիոն, չնայած որ չորս փուլ բաց էի թողել։ Բայց միջգոտային մրցաշարում ինձ վրա սկզբում ուշադրություն չդարձրեցին: Ինձ համար մեկ էր: Ես արդեն հասկանում էի, որ ներքաշվել եմ հերթական հիմար պատմության մեջ: Շահմատորդները ոչնչով չէին տարբերվում հասարակ մահկանացուներից, եւ դրանից բացի նրանք դյուրագրգիռ էին, կասկածամիտ եւ տանել չէին կարող ուրիշի հաջողությունը։ Իմանային իմ գաղտնիքը՝ կհոշոտեին ինձ։
Այս մրցաշարի ընթացքում Արքայի բնավորությունը սկսեց փչանալ։ Այն, որ նա բնավորություն ունի զարմացնում էր նույնիսկ հորս, բայց երեւում է այդ հատկությունը՝ բնավորությունը՝ բնորոշ է յուրաքանչյուր իսկական բանականությանը։ Արքան սիրում էր ծաղրել հակառակորդին, եւ շատերը ատեցին ինձ խաղի ժամանակ հռհռալու համար: Նա տաքարյուն էր, սրամիտ, եւ շուտով առաջ եկան ոչ շահմատային հետաքրքրություններ: Մասամբ ես ինքս էի մեղավոր: Մի անգամ ես քնելուց առաջ կարդում էի, եւ գիրքը բաց էր մնացել: Արքան երբեք չէր քնում, եւ առավոտը նա խնդրեց շրջել էջը՝ դա Անդերսենի «Մերկ արքան» էր՝ եւ կարդաց մինչեւ վերջ։ Հետո մի տեսակ քաշվելով խնդրեց իր համար որեւէ պատյան կարել, եւ ես մեծ դժվարությամբ համոզեցի նրան, որ շահմատի արքային հագուստ պետք չէ։
Այն պահից նրան իր գործընկերների՝ Բուրբոնների, Ստյուարտների, Հաբսբուրգների կենսագրություններ կարդալու կիրք գրավեց; եւ նա զայրանում էր, երբ նոր գիրք չէր լինում: Մի անգամ՝ հակառակորդի հերթական քայլից հետո, ես չլսեցի նրա հեգնական դիտողությունը եւ ականջս քչփորեցի կարծելով, թե վնասվել է ընդունիչը: Խաղակիցս զայրույթով նայեց իմ քչփորելուն՝ իմ անվայելուչ վարքի մասին արդեն զավեշտներ էին պատմում: Ես նայում էի տախտակին փորձելով որեւէ բան հասկանալ, բայց ապարդյուն: Առաջին անգամ էի ես մտածում այսքան երկար։ Վերջապես ես կանգնեցրեցի ժամացույցը եւ փախա բեմից, առաջացնելով լիակատար իրարանցում. հաղթանակին հասնելու համար ինձ մնում էր մի քանի ակներեւ քայլ կատարել: Ետնասրահում մարզիչը մի պահ փորձեց մոտենալ ինձ, բայց ես ոտք դոփելով խրկեցի նրան։
Արքան ուշքի եկավ միայն հյուրանոցում։
– Ո՞ւր էիր, – ջղաձգված հարցրեցի ես: – Մենք պարտվեցի՜նք։
– Ոչ թե մենք, այլ դու պարտվեցիր, – ճշտեց նա: – Մի անգամ կարելի է եւ պարտվել: Դա նույնիսկ օգուտ է: Ահա թե ես ինչ եմ մտածում... մի Բուրբոնի գուշակել էին, որ իրեն կթունավորի խորհրդավոր սրտի արքան: Դա ո՞վ է։
– Դա ախմախություն է, – բացատրեցի ես: – Արքաների մասին գրքեր այլեւս չեն լինի։
– Այդ դեպքում ինձ շահմատային գրքեր բեր, – անվրդով ասաց նա։
– Ինչո՞ւ համար։
– Կրթվածությունը լրացնելու համար։
Կրթվելու դեմ ես չէի կարող առարկել, եւ առավոտյան ինքնաթիռով մեզ բերեցին շահմատային գրքերի եւ հանդեսների մի ամբողջ գրադարան: Այդ նույն ինքնաթիռով ժամանեց նաեւ իմ պարտությամբ անհանգստացած շահմատային դաշնության նախագահը: Նա հայտնեց, թե պատրաստ է իմ մարզիչը, հովանավորը եւ հարազատ հայրը լինել: Ես չգիտեի ինչպես նրանից ազատվեի եւ հիստերիայի մեջ ընկա: Իմ սենյակից նա փախավ դեպի միջանցքը, որտեղ վխտում էին լրագրողներն իրենց գնդացիրներով՝ եւ թերթերում հայտնվեցին լուսահաղորդագրություններ, այն մասին, թե ինչպես եմ ես ծեծել իմ նախագահին։
Ես փակվեցի սենյակումս եւ ամբողջ օրը փաղաքշում էի Արքային, թերթելով նրա համար շահմատային գրքեր: Պետք չէ՛ր դա անել: Ես ուշադրություն չէի դարձրել, որ հեղինակներից շատերը գրում են ոչ թե շահմատային հոդվածներ, այլ հաղորդագրություններ ռազմաճակատից: Արքային ցնցեցին ահա այսպիսի մարգարիտները. «Արհամարհելով հակառակորդի մոտիկությունը, արքան նետեց այրուձին թշնամական թիկունք եւ շարունակում էր զարգացնել գրոհը ֆերզի թեւում»։
Մեկ ամիս անց Արքան կորցրեց իր ողջ սրամտությունը, մելամաղձոտ մտասուզվածությունը վերացավ, եւ առավոտյան նա բղավում էր. «Վեե՜ր-կա՛ց: Զգա-ա՛ստ։ Սնունդ ընդունելու համար քայլո-ով մա՛րշ»
Ես հարմարվեցի նրա թելադրած զորանոցային կարգին, քանի որ դա ինձ ձեռնտու էր, իսկ Արքան շահմատով սկսեց զբաղվել նեղմիտ զինվորի պատասխանատվությամբ։ Նրա խաղը ձանձրալի դարձավ, զոհաբերություններն ու արագ լուծումներն անհայտացան։ Փոխարենը նա իր ողջ ուշադրությունը բեւեռացրեց ռազմավարության վրա: Մրցաշարը հավակնորդներից մեկի հետ վերածվեց տաղտկալի զորաշարժների՝ յուրաքանչյուր խաղի պարտադիր հետաձգմամբ: Ամբողջ այս սեւ-սպիտակ կյանքից հոգնած իմ հակառակորդը, որ տարիքով մարդ էր, նման ընթացք բոլորովին չէր սպասում: Մրցաշարից առաջ նա գլուխ էր գովում, թե իմ չարդարացված զոհաբերություններով ես նրան չեմ վախեցնի՝ բայց իմ կողմից զոհաբերություններ չեղան։
Առաջին իսկ խաղում Արքան այնպիսի մի պաշտպանություն կազմակերպեց, որ իմ հակառակորդը շուտով ոչ ոքի առաջարկեց: Ես հրաժարվեցի, եւ Արքան շահեց այդ խաղը երկու օր անց 96 քայլից բաղկացած մի տարբերակով: Մրցաշարն ավարվեց ժամանակից շուտ, քանի որ իմ խաղակիցը ծանր տեսակի նյարդախտով հիվանդացավ։ Հետո հարցազրույցի ընթացքում նա պնդում էր, թե ես իրեն խաղի ժամանակ հիպնոսացնում էի։
Մի անգամ Արքան շահմատի պատմության մասին մի գրքում առաջին անգամ տեսավ հին վարպետների պատրաստած շահմատի խաղաքարերը: Նրան սեւ նախանձ պատեց: Ես ստիպված էի դիմել ոսկերչին, եւ Արքան պատվիրեց իր համար հսկայական ոսկե նժույգ՝ սանձով: Ադամանդի վրա տեղադրեցին իր հորինած թագը, որը նման էր Տրետյակովսկու ականջներով գլխարկին (աշխարհի չեմպիոնին նա տեսել էր հեռուստատեսությամբ)։ Արքայի մի ձեռքում չգիտես՝ գավազան էր, թե՞ գուրզ, իսկ մյուս ձեռքում ժապավեններով փայտիկ, նման այն բանին, որը քարշ են տալիս ռազմական նվագախմբերը: Այդ ամբողջ ծանրությունը ես իմ վրա էի կրում լսելով արվեստի նրբաճաշակ գնահատողների ծաղր ու ծանակը. սատանան դրանց տանի: Սակայն մեր նժույգի վրա երկար չէին ծիծաղում. վրա հասան նոր սկանդալներ։
Տրետյակովսկին առաջարկեց մրցաշարն անցկացնել բարեխառն եղանակով որեւէ չեզոք մայրաքաղաքում: Մենք արդեն ընտրել էինք Տոկիոն, երբ Արքան անսպասելիորեն հայտարարեց, թե կխաղա միայն Բորոդինոյում եւ ուրիշ էլ ոչ մի տեղ: Նա, հասկանում եք, մտադիր է Նապոլեոն կայսրի պարտության վրեժը լուծել: Ես նետվեցի դեպի հանրագիտարանները. պարզվեց, որ Բորոդինոն մերձմոսկովյան մի փոքր գյուղ է։
– Լսի՛ր, Նապոլեո՛ն, – զայրացա ես: – Ինձ ծիծաղի՛ կհանեն։ Դրան չի գնա ո՛չ ՖԻԴԵ-ն, ո՛չ Տրետյակո՛վսկին։
– Լ-լ-ռե՛լ, կատարե՛լ հրամանը, – ճչաց Արքան։
– Ձե՛րդ մեծություն, – կամաց ասացի ես: – Ձեր հրամանն անիրագործելի է: Բորոդինոն այլեւս գոյություն չունի... նրա տեղում... Սեւ ծո՜վն է: Ճապոնիայում ձեզ համար հետաքրքիր կլինի... սամուրայներ, խարակիրի, Ֆուձիայմա...
– Այդ դեպքում կխաղանք Կաննում, – փնթփնթաց Արքան: – Ես ուզում եմ հաղթել այնտեղ, որտեղ հաղթանակ է նվաճել Հաննիբալը։
Այսպես հայտնվեց հիմար հեռագիրը, որը քիչ էր մնում տապալեր մրցույթը: Ես ոչինչ չէի գիտակցում, երբ այն Մոսկվա էի ուղարկում: Շուտով եկավ պատասխանը: Տրետյակովսկին խնդրում էր հաստատել, ուղարկե՞լ եմ ես արդյոք Կաննի եւ Հաննիբալի մասին հեռագիր, թե՞ դա ինչ որ մեկի կատակն է: Իտալիայում հին Կաննի տեղում այժմ շահմատային գործերից հեռու մի փոքրիկ քաղաք է: Իսկ եթե ես նկատի եմ ունեցել ֆրանսական Կաննը, ապա ինչո՞ւ չխաղալ Փարիզում։
Վերջապես, ես հասկացա ինչպես խաբել Արքային: Ես հեռագրեցի «Համաձայն եմ Փարիզ» եւ ասացի Արքային.
– Ձեր ցանկությունը բավարարված է: Դուք մրցելու եք Կաննում, բայց այն այժմ Փարիզ է կոչվում: Այն վերանվանել է ինքը Հաննիբալը, իր կրած հաղթանակից հետո...
– Տերենցիուս Վարրոնի նկատմամբ, – ի միջի այլոց արտաբերեց Արքան։
Ես սարսափեցի՛. նրա զառանցանքները անցել էին բոլոր սահմանները։ Նրա յուրաքանչյուր հրամանին ես պարտավոր էի պատասխանել. «Լսո՛ւմ եմ, ձերդ մեծություն», եւ խաղակիցներս գանգատվում էին, որ ամբողջ խաղի ընթացքում ես քթիս տակ ինչ որ բաներ ես ասում: Բազմաժամյա խաղերի ընթացքում նա ինձ թույլ չէր տալիս հեռանալ սեղանից, իսկ մի անգամ հրամայեց ֆերզի թեւում խրամատներ փորել։
Վերջապես ես ձեւը գտա: Եթե ես վնասել եմ նրա ծրագիրը պատմական զառանցանքներով, ապա, գուցե, կհաջողվի չեզոքացնել դրանք այլ զառանցանքներով։ Մի օր հարմար պահ ընձեռնվեց: Նա զորքերի ստուգատես էր անցկացնում, եւ ասաց ինձ. «Ի դեպ, երեկ՝ մարտական զգալի վաստակի համար ես ձեզ շնորհել եմ ֆելդմարշալի կոչում»։
– Ձերդ մեծություն, ես չեմ կարող ընդունել այդ կոչումը, – ասացի ես: (Ֆելդմարշալ լինելն իմ ծրագրից դուրս էր. ես ավելի բարձր էի նշան բռնել։)
– Ինչո՞ւ, – զարմացավ Արքան։
– Հավատո՞ւմ եք դուք Աստծուն, ձերդ մեծություն։
– Ո՞վ է Աստվածը, եւ ինչո՞ւ նրան պետք է հավատալ, – հետաքրքրվեց Արքան: – Լավ են քայլում տղաներն, այդպես չէ՞։
Ես հայացք գցեցի շահմատի տախտակին, ուր ամեն առավոտ դասավորում էի նրա զորքերը: Տղաները գերազանց էին քայլում։
– Ես ձեզ համար մի շատ հետաքրքիր գիրք եմ բերել արքաների, թագավորների, փարավոնների մասին... Այս գրքից դուք կծանոթանաք այդ խորհրդավոր անձնավորությանը, – ասացի ես եւ լույս աշխարհ հանեցի Աստվածաշունչը։
– Բոլորին շնորհակալությո՛ւն, – ճչաց Արքան, արագորեն արձակելով զորքերը: – Աչքի ընկած սպաներին՝ արձակուրդ՝ մինչեւ երեկո՛։
Կես օր ես Աստվածաշունչ էի թերթում, եւ Արքան կարդաց այն միանգամից։
– Ի՞նչ անհայտ մեծություն է այդ Աստվածը, – սուզվելով մտորումների մեջ ասաց նա: – Նա կարող է ամեն ինչ... դա տարօրինակ է: Չափազանց կասկածելի է, որ ինձ շահմատով հաղթի: Եթե մի լավ տրամաբանել...
Այստեղ ես հասկացա, որ եթե թույլ տամ նրան տրամաբանել, նա աստծո իր որոնումներում կհասնի մարտնչող աթեիզմի: Դա ինձ ձեռք չէր տալիս։
– Ա՜խ դու դժբախտ, – գոչեցի ես, փորձելով վերարտադրել աստծո խոսելաոճը: – Դու կասկածեցիր, թե կկարողանամ քեզ շահմատով հաղթե՞լ։
– Ո՜վ Տեր իմ, – վախեցավ Արքան: – Մի՞թե իրոք դու ես։
– Ինչպե՞ս ես կանգնել Աստծո առջեւ, սրիկա, – որոտացի ես, ապա կտտոցով գցեցի նրան նժույգից, պոկեցի թագը եւ խլեցի երաժշտական նշանը։ – Մութ գերեզմանում կնստես մինչեւ դատաստանի օրը, հետո կխոսենք։
Ես խոթեցի նրան ինչ որ տուփի մեջ, թթու դրեցի նրան այնտեղ մի ամբողջ շաբաթ եւ, վերջապես, սրտատրոփ, հանեցի։
– Ողորմի՜, – շշնջաց նա: – Անապատ կգնամ, օր ու գիշեր կաղոթեմ...
– Լռե՛լ, – բոռացի ես: (Այդ էր պակաս, հիմա էր կրոնական մոլեռանդ դառնար։) – Աստված չկա. ես եմ նրա փոխարեն: Աստված հրամայեց հաղորդել քեզ, հիշիր. գիրք այլեւս մի կարդա, ոչ մեկին մի հրամայիր, այլ միայն քո գործով զբաղվի. շահմատ խաղա։
Այսպիսով, Աստծո անունից ես ներշնչեցի նրան ինք զինքը լինել, եւ ոչ մի հոգեկան նոպաների չենթարկվել: Նրան վերադարձավ առաջվա զվարճությունը, բայց, նայելով իր վերջին խաղերը, Արքան տխրեց.
– 96 քայլանոց տարբերակը երեւակայություն է ցնցում, բայց ինձ պատիվ չի բերում: Այդ խաղն ինձ թունաքիմիկատներով վարակված գետի հոսանք է հիշեցնում: Ի՞նչ կարելի է որսալ այդ գետում, կովի փքված դիակից բացի: Ո՞ւմ են պետք 96 քայլանոց լուծումները: Ո՞ւմ է պետք մեխանիկական բանականությամբ թունավորված շահմատը։
Ինձ տարօրինակ թվաց, որ Արքան նման արհամարհանքով խոսեց մեխանիկական բանականության մասին: Մի՞թե նա իրեն արդեն մարդու տեղ է դրել։ Ես զգուշորեն հիշեցրեցի նրան շահմատային մեքենաների մասին, եւ նա բացականչեց.
– Մեքենան եւ շահմատը՝ կարո՞ղ է արդյոք ավելի հիմար բան լինել: Այդ մեքենաները դիրքը պայմանական միավորներով են գնահատում, բայց անհնար է ստիպել նրանց, որ հոտառությամբ գնահատեն դիրքերը: Երեւակայությամբ օժտված ցանկացած երեխա կֆռռացնի մեքենային։
– Բայց երբ կառաջանան իսկական բանականությամբ օժտված մեքենաներ...
– Իսկական բանականությունը չի կարելի որեւէ բանի ծրագրավորել, – պատասխանեց Արքան: – Երբ իսկական բանականությունը հասկանա, որ նստած է ինչ որ մեքենայի, ինչ որ արկղի մեջ, նա կխելագարվի։
Այսպիսով նա իրեն մարդ էր երեւակայում եւ ոչինչ չկասկածելով գուշակում էր սեփական ճակատագիրը: Ես նրան տուփի մեջ դրեցի, եւ նա ինձ բարի գիշեր ցանկացավ: Շուտով ես կանչեցի նրան, բայց նա լուռ էր: Նա քնած էր: Գիշերը մարդը պիտի քնի: Ես սարսափեցի: Ես չպետք է ցույց տամ, որ իրեն այլ բան եմ համարում եւ ոչ թե մարդ: Դա ինձ համար դժվար չէր, ես միշտ էլ Արքային եղբոր պես էի վերաբերվում։
Մինչեւ մրցաշարը մնացած ամբողջ ամիսը եւ ոչ մի տեղ չէի երեւում՝ Արքային չանհանգստացնելու համար: Բոլորն ինձ ատում էին: Ճապոնացիներն ինձ ատում էին, քանի որ ես հրաժարվեցի խաղալ Տոկիոյում, ֆրանսացիներն, այն բանի համար, որ ես շփոթել էի Փարիզն ու Կաննը; ռուսներն իմ անվայելուչ վարքագծի համար: Նրանք, ովքեր, չգիտեին ինչի համար ատեն, ատում էին, որ ոչ մեկին հայտնի չէր, թե ես որտեղ եմ: Հարյուրավոր նամակներ էին գալիս շահմատային դաշնության հասցեով: Երկու-երեք նամակ, որոնցում հայհոյանք չկար փոխանցեցին ինձ: Սիրային գրություն հիշեցնող նամակներից մեկն ինձ զարմացրեց.
«Պարոն N-ի (նշված էր բանկատերերի հայտնի ընտանիքի ազգանուն) դուստրը կցանկանար շահմատի դասեր լսել ձեզ մոտ, ցանկացած՝ ձեզ հարմար վայրում եւ ցանկացած՝ ձեզ հարմար ժամին»։
Ես պատասխանեցի նրան եւ երկու շաբաթ նրան շահմատ էի սովորեցնում. ի դեպ դա իմ անհայտանալու պատճառներից մեկն էր: Փարիզ ես եկա մրցաշարի բացումից մի քանի ժամ առաջ, իմ ուշացած ժամանումն ընկալվեց, որպես վիրավորանք: Բայց իմ հոգսերը շահմատային բարեկրթության պահանջների պահպանումից կարեւոր էին. Արքայի հետ կրկին ինչ որ բան էր կատարվում։
Նրան ցնցեց օրիորդ N-ի մեր տանը հայտնվելը: Հարցրեց, թե նա ո՞վ է: Ես պատասխանեցի, որ դա տնտեսություն վարող մեքենա է: Նա հարցրեց, ինչո՞ւ, այդ դեպքում, ես ունեմ այդպիսի մեքենա, իսկ ինքը՝ ոչ: Եւ ինչո՞ւ նա միշտ իմ վզից է կախված, իսկ ես ոչ մեկից կախված չեմ: Ես բավական խառնված բացատրեցի, որ ինքը եւ ես՝ հենց մի մարդ ենք, համակեցություն, սիմբիոզ, անբաժան ամբողջություն... Արքան հավատաց եւ շուտով մեր ծրագրերով կիսվեց. մենք հոգնել ենք շահմատից եւ, երբ աշխարհի չեմպիոններ դառնանք, կհեռանանք հանգստի եւ տնտեսություն վարող բազմաթիվ մեքենաներ ձեռք կբերենք։
Ես անմիջապես օրիորդ N-ին արգելեցի ինձ մոտ գալ, եւ Արքան սկսեց նրան մոռանալ: Ես չէի կարող կանխատեսել, որ բացման արարողության ժամանակ ՖԻԴԵ-ի նախագահն այնպիսի բառ կասի, որ Արքան վերջնականապես կծռվի: Այն պատճառով, որ ռուսները միշտ ցցված են շահմատային գահին, արդեն վաղուց սովորական է դարձել թագուհուն իրենց պես «ֆերզ» անվանել: Այլ անուն Արքան չէր էլ լսել: Բայց երբ ես եւ Տրետյակովսկին կանգնած էինք սեղանի մոտ, նախագահը, ձեռքում երկու քարերը պահած, դիմելով ինձ հին ձեւով հարցրեց.
– Եւ այսպիսով, ո՞ր ձեռքում է սպիտակ թագուհին։
– Նա ինչ ասա՞ց: Թագուհի՞, – ճչաց Արքան։
Նախագահը բացեց բռունցքը, եւ Արքան առաջին հայացքից սիրահարվեց թագուհու սպիտակ խաղաքարի վրա: Ամբողջ գիշեր ես փորձում էի նրան խաղի տրամադրել, բայց նա ինչ որ բան էր փնթփնթում եւ շահմատի մասին մտածել չէր ուզում: Վերջապես ես համոզեցի նրան, որ միայն շահմատի սեղանի առջեւ նա կրկին կկարողանա տեսնել իր սիրածին։
Մենք մի քանի րոպե ուշացանք: Տրետյակովսկին քայլում էր բեմի վրա, իսկ դահլիճից իմ հասցեով դժգոհ բացականչություններ էին լսվում։ Ես արեցի առաջին քայլը եւ դուրս եկա ետնասրահ բան ուտելու եւ ինձ կարգի բերելու։ Ոչ մի հոգեբանական ճնշում ես Տրետյակովսկու վրա չէի գործադրում, իսկ եթե նրան նյարդացնում են իմ «անկանխատեսելի քայլերը», ապա թող հոգեբույժի դիմի։
Առաջին խաղը Արքան փայլուն կերպով տանուլ տվեց: Նա փորձում էր հաղթել առանց թագուհուն խաղի մեջ մտցնելու: Պարզվում է, նա անհանգստացած էր նրա կյանքի համար: Դա մի արկածախնդրական գրոհ էր՝ իր կողմից տեղն ու տեղը հորինած սկզբնախաղի շրջանակներում, եւ ուղիղ մեկ ժամ անց ամեն ինչ ավարտվեց։ Բավարարված Տրետյակովսկին սեղմելով ձեռքս զարմացած ասաց.
– Չափազա՛նց հետաքրքիր սկզբնախաղ էր, գործընկեր: Այն ձեր անունո՛վ պետք է կոչել: Բայց ինչո՞ւ տասներորդ քայլով դուք ֆերզը չհանեցիք։
Ինչո՜ւ ես ֆերզը չհանեցի: Եթե՜ ես իմանայի, որ այն պետք է հանել։
Երկրորդ խաղը՝ իր թագուհու դեմ Արքան կտրականապես հրաժարվեց խաղալ: Խաղին ես չներկայացա, եւ ինձ պարտություն հաշվեցին: Երորդ խաղից առաջ ես խնդրեցի գլխավոր մրցավարին փոխել սպիտակ ֆերզի քարը: Չտեսնելով տախտակի վրա իր սիրածին Արքան ուշագնաց եղավ, իսկ ես հանձնվեցի կես ժամ անց: Տեսնելով այդ ես խնդրեցի վերադարձնել ֆերզը եւ հրաժարվեցի խաղալ, երբ պարզվեց, որ ՖԻԴԵ-ն արդեն ծախել է այդ խաղաքարը ինչ-որ հավաքորդ-շեյխի՝ Մերձավոր Արեւելքից։
Աննկարագրելի է թե ինչ էր կատարվում: Կոչեր էին լսվում փակել մրցաշարը եւ չեմպիոնի կոչումը թողնել Տրետյակովսկուն: Ինչ որ լակոտներ ինձ, չգիտես՝ ցեղապետ, չգիտես՝ կուռք էին հայտարարել եւ քայլում էին ազդրակապերով, իմ դիմանկարը հետույքներին դաջած։
Շեյխը չէր համաձայնվում վերադարձնել խաղաքարը: Մերձավոր Արեւելք վազեց պետքարտուղարը, բայց շեյխը միեւնույն է չէր ուզում տալ: Ինձ եւս երկու պարտություն հաշվեցին: Երբ հաշիվը դարձավ յոթ – զրո ես շեյխին առաջարկեցի երեք միլիոն՝ ամբողջ մրցանակի գումարը, որը ես պիտի ստանայի խաղից հետո: Շեյխը համաձայնվեց, բայց փողը կանխիկ պահանջեց: Թերթերը դադարեցին ինձ դրամաշորթության համար մեղադրել, բայց ենթադրեցին, թե խելքս թռցրել եմ: Տրետյակովսկու խնդրանքով ՖԻԴԵ-ն այլեւս ինձ պարտություններ չէր հաշվում եւ սպասում էր, թե ինչպես կավարտվեն շեյխի հետ բանակցությունները: Ես չգիտեի՝ որտեղից վերցնեի երեք միլիոն: Նախագահը պահանջեց կոնգրեսից երեք միլիոն իմ անձնական կարիքների համար, բայց կոնգրեսը հայտարարեց, թե ինքը՝ կոնգրես է եւ ոչ թե բարեգործական հաստատություն: Նախագահը պահանջեց երեք միլիոն շեյխի կարիքների համար, սակայն կոնգրեսը պատասխանեց, որ շեյխի վրա չի տարածվում առավելագույն աջակցության սկզբունքը: Ես պատրաստվում էի լուսամուտից դուրս նետվել, երբ երեք միլիոնով Փարիզ եկավ օրիորդ N-ն: Նա վերցրել էր փողը հոր պահարանից, եւ հաջորդ օրը հայրը նրան անիծեց։
Մենք կրկին նստեցինք խաղալու: Տառապած Արքան հոգնել էր իր զգացմունքների բուռն արտահայտումից, նրա սերը հեռացել էր հոգու խորքերը, եւ նա զբաղվեց շահմատով: Նրա թերի՝ շահմատային բանականությունը ստեղծում էր զարմանալի դիրքեր: Սպիտակների կողմից խաղալուց նա չկամությամբ էր խաղում թագուհով եւ նախընտրում էր պահել թիկունքում: Խաղերը շարունակվում էին երկար, ընթանում էին անվերջ զորաշարժերով, եւ երբ Տրետյակովսկին ոչ ոքի էր առաջարկում, ես անմիջապես համաձայնվում էի՝ ոչոքիները չէին հաշվում: Բայց սեւերով Արքայի խաղը փայլո՜ւն էր ընթանում: Յուրաքանչյուր քայլը, քարերի յուրաքանչյուր քայլն ուղղված էր սպիտակ արքայի վրա, որին նա խանդում էր թագուհուն: Նա ստեղծում էր խելացնոր, ոչ մի դասագրքում չնկարագրված դիրքեր: Տանջված Տրետյակովսկին շատ երկար էր մտածում, հաճախ ցայտնոտի մեջ ընկնում եւ պարտվում: Ես նվաճեցի տասներորդ, վճռական հաղթանակը եւ շահեցի մրցաշարը տասը — յոթ հաշվով։
Ես կանգնած էի բեմին, դափնե պսակով պսակված, եւ մտածում էի...

...Միայն ես գիտեմ, թե ինչ էր մտածում նա բեմի վրա դափնե պսակով կանգնած: Նրան հանգիստ չէր տալիս նրա ինչ-որ խիղճը՝ ես այնքան էլ չեմ հասկանում, թե դա ինչ է: Նա որոշեց «հեռանալ հանգստի»՝ այդպես նա արտահայտվեց։
– Դու հեռանաս՝ ի՞նձ հետ ինչ կլինի, – հարցրեցի ես։
Եւ նա ինչ-որ վիրաբույժ գտավ եւ առաջարկեց ինձ շահմատի խաղաքարի միջի նեղվածքից ահա այստեղ տեղափոխվել... Այստեղ ազատ է, ես աշխարհին նայում եմ նրա աչքերով եւ գրում եմ այս տողերը նրա ձեռքով։
Կյանքիցս գոհ եմ. ոչ մի ձանձրույթ: Ճիշտ է, երբեմն երկու կիսագնդերումս տարբեր կենտրոններ են անջատվում, բայց ես սպասում եմ, որ գա հայրս՝ վերանորոգի. նա այդ գործերից գլուխ հանում է: Վերջերս հայտնվեց ինչ որ օրիորդ N-ը, եւ խնդրեց իրեն շահմատ խաղալ սովորեցնել: Ես նրան ասացի. այո, օրիորդ, դուք ճիշտ հասցեով եք եկել: Ես իրոք շահմատ խաղալ սովորեցնող մեքենան եմ: Իսկ նա լաց եղավ եւ սկսեց համոզել, թե ես մեքենա չեմ։
Կանայք չափազանց անտանելի են։
Ինձ միայն մեկ հարց է անհանգստացնում. իրավամբ ո՞վ պիտի աշխարհի չեմպիոն համարվի. ես, թե՞ հանգուցյալ Ջեկ Հիփփենրայթերը: Կա՞ օրենք, որն արգելում է մեխանիկական բանականությանը շահմատ խաղալ: Այդպիսի օրենք չկա՛: Մեխանիկական բանականությունը ճիշտ մարդու պես է. տառապում է, սիրահարվում, խելագարվում: Մեխանիկական բանականությունը պիտի օգտվի մարդու բոլոր իրավունքներից: Նրան չի՛ կարելի արկղի մեջ պահել: Ավելի լավ էր այդ դեպքում չհորինել այն։
Ուստի ես պաշտոնապես հայտարարում եմ, որ 1993-ից 1995 թվականները աշխարհի չեմպիոններ են եղել երկուսը մեկ դեմքում. Ջեկ Ռոբերտ Հիփփենրայթերը եւ ես՝ նրա եղբայրը՝ առաջին շնչավոր ռոբոտը Արքա անունով։
Ջեկ Հիփփենրայթերը, եթե կենդանի լիներ, կհամաձայներ ստորագրել այս հայտարարությունը: Նրա վրայից ամբողջովին հանվում է մրցաշարի ընթացքում եղած սկանդալների մեղքը։
Այս հայտարարությունը պիտի հրապարակվի «Շահմատային հանդեսում» առաջին էջին: Թույլ եմ տալիս զարդարել այն շրջանակներով։
Արդարությունը վերականգնված է, եւ հոգիս հանգիստ է։