«Գիտակցափոխություն»–ի խմբագրումների տարբերություն
չ (→Գլուխ 10) |
|||
Տող 959. | Տող 959. | ||
Ֆլինն աջ ձեռքով տերևները հեռու տարավ և կռացավ։ Այնտեղ, խոտի ու միահյուսված ճյուղերի արանքում, նա մի փայլփլուն առարկա տեսավ, որ նման էր թանկարժեք քարերով զարդարված ջայլամի ձվի։ | Ֆլինն աջ ձեռքով տերևները հեռու տարավ և կռացավ։ Այնտեղ, խոտի ու միահյուսված ճյուղերի արանքում, նա մի փայլփլուն առարկա տեսավ, որ նման էր թանկարժեք քարերով զարդարված ջայլամի ձվի։ | ||
− | + | Տասնապետը ճիշտ էր։ Գանզերի ձուն ոչնչի հետ հնարավոր չէր շփոթել։ | |
Մարվինը հիպնոսացվածի պես դիտում էր այդ եզակի առարկան։ Նա տեսավ միլիոնավոր հեքիաթային կրակներ, որոնք վառ փայլատակում էին ձվի թեք, խայտաբղետ մակերևույթին։ Ստվերները սահում էին ձվի վրայով կիսամոռացված երազների բուրմունքի պես, շարժուն տեսլիների նման թրթռալով ու զալարվելով։ Լուսաբացի ու մթնշաղի արձագանքները ողողեցին Մարվինի հոգին, աչքի առաջ գծագրվեցին բյուրեղյա առվակից անշտապ ջուր խմող նախիրներ, սպիտակ քարե ճանապարհի կողքին աճած տխրադալուկ նոճիներ։ | Մարվինը հիպնոսացվածի պես դիտում էր այդ եզակի առարկան։ Նա տեսավ միլիոնավոր հեքիաթային կրակներ, որոնք վառ փայլատակում էին ձվի թեք, խայտաբղետ մակերևույթին։ Ստվերները սահում էին ձվի վրայով կիսամոռացված երազների բուրմունքի պես, շարժուն տեսլիների նման թրթռալով ու զալարվելով։ Լուսաբացի ու մթնշաղի արձագանքները ողողեցին Մարվինի հոգին, աչքի առաջ գծագրվեցին բյուրեղյա առվակից անշտապ ջուր խմող նախիրներ, սպիտակ քարե ճանապարհի կողքին աճած տխրադալուկ նոճիներ։ | ||
Տող 994. | Տող 994. | ||
― Ներեցեք, բայց ոչ։ | ― Ներեցեք, բայց ոչ։ | ||
− | ― Իհարկե, կատակում եք,― ասաց գանզերի ձուն, ձայնի մեջ հուսահատության | + | ― Իհարկե, կատակում եք,― ասաց գանզերի ձուն, ձայնի մեջ հուսահատության երանգ։― Դե լավ, դուք ուրախացաք, հիմա բավական է, թողեք ինձ։ |
― Ներեցեք․․․ | ― Ներեցեք․․․ | ||
Տող 1026. | Տող 1026. | ||
― Ես չեմ կատակում։ Իմ աշխատանքը գանզերի ձվեր հավաքելն է։ | ― Ես չեմ կատակում։ Իմ աշխատանքը գանզերի ձվեր հավաքելն է։ | ||
− | ― Հավաքելը․․․ գանզերի ձվե՜ր,― տնքաց գանզերի ձուն։― Օ ոչ, ոչ, ոչ, | + | ― Հավաքելը․․․ գանզերի ձվե՜ր,― տնքաց գանզերի ձուն։― Օ ոչ, ոչ, ոչ, ո՜չ։ Աստված իմ, չեմ կարող հավատալ, որ սա իրականություն է և, այնուամենայնիվ, սա իսկապես իրականություն է, իսկապես․․․ |
― Քեզ զսպիր,― ասաց Մարվինը՝ գանզերի ձուն ուր որ է հիստերիայի մեջ պիտի ընկներ։ | ― Քեզ զսպիր,― ասաց Մարվինը՝ գանզերի ձուն ուր որ է հիստերիայի մեջ պիտի ընկներ։ | ||
Տող 1048. | Տող 1048. | ||
― Ներողություն,― ասաց գանզերի ձուն։― Հիմա լավ եմ։ | ― Ներողություն,― ասաց գանզերի ձուն։― Հիմա լավ եմ։ | ||
− | ― Ես իրոք շատ եմ ցավում այս ամենի համար,― ասաց Մարվինը։― Բայց սա իմ աշխատանքն է, ինձնից պահանջվում է հավաքել որոշակի քանակությամբ ձվեր և եթե չանեմ, ստիպված | + | ― Ես իրոք շատ եմ ցավում այս ամենի համար,― ասաց Մարվինը։― Բայց սա իմ աշխատանքն է, ինձնից պահանջվում է հավաքել որոշակի քանակությամբ ձվեր և եթե չանեմ, ստիպված կլինեմ կյանքիս մնացած մասն այստեղ անցկացնել։ |
― Գիժ է,― շշնջաց գանզերի ձուն,― բացարձակ ու կատարյալ խելագար։ | ― Գիժ է,― շշնջաց գանզերի ձուն,― բացարձակ ու կատարյալ խելագար։ | ||
Տող 1066. | Տող 1066. | ||
― Եղավ, աղոթիր,― ասաց Մարվինը։― Բայց իրոք պիտի շտապես։ | ― Եղավ, աղոթիր,― ասաց Մարվինը։― Բայց իրոք պիտի շտապես։ | ||
− | ― Օ տե՜ր աստված,― երգեցիկ ձայնով ասաց գանզերի ձուն։― Չգիտեմ, թե այս ինչ է կատարվում ինձ հետ, կամ ինչու։ Ես միշտ փորձել եմ լավը լինել, ու թեև եկեղեցի կանոնավոր չեմ հաճախում, բայց դու, իհարկե, գիտես, որ իսկական հավատը սրտում է լինում։ Գուցե կյանքումս որոշ վատ բաներ արել եմ, չեմ հերքում։ Բայց տեր իմ, ինչո՞ւ այս պատիժը։ Ինչո՞ւ ինձ։ Ինչո՞ւ ոչ ուրիշ մեին, որն իսկապես վատն է՝ | + | ― Օ տե՜ր աստված,― երգեցիկ ձայնով ասաց գանզերի ձուն։― Չգիտեմ, թե այս ինչ է կատարվում ինձ հետ, կամ ինչու։ Ես միշտ փորձել եմ լավը լինել, ու թեև եկեղեցի կանոնավոր չեմ հաճախում, բայց դու, իհարկե, գիտես, որ իսկական հավատը սրտում է լինում։ Գուցե կյանքումս որոշ վատ բաներ արել եմ, չեմ հերքում։ Բայց տեր իմ, ինչո՞ւ այս պատիժը։ Ինչո՞ւ ինձ։ Ինչո՞ւ ոչ ուրիշ մեին, որն իսկապես վատն է՝ որն է ոճրագործի։ Ինչ֊որ բան գալիս ու հավաքում է ինձ, կարծես թե ես որևէ իր եմ․․․ չեմ հասկանում։ Բայց գիտեմ, որ դու ամենաիմաստունն ես ու ամենահզորը և գիտեմ, որ բարի ես, ուստի պետք է որ պատճառ լինի․․․ Նույնիսկ եթե խելքս չի հերիքում այդ պատճառը տեսնելու։ Դե լավ, աստված, երևի այդպես է հարկավոր։ Բայց կարո՞ղ եմ խնդրել, որ հոգաս կնոջս ու երեխաներիս մասին։ Եվ հատկապես փոքրի։― Գանզերի ձվի ձայնը խզվեց, սակայն նա միանգամից զգաստացավ։― Հատկապես խնդրում եմ փոքրի համար, տեր իմ, որովհետև նա կաղ է և մյուս երեխաները ծաղրում են նրան, ու նա շատ․․․ շատ կարիք ունի սիրո։ Ամեն։ |
Գանզերի ձուն արցունքները կուլ տվեց։ Նրա ձայնը միանգամից խստացավ։ | Գանզերի ձուն արցունքները կուլ տվեց։ Նրա ձայնը միանգամից խստացավ։ | ||
Տող 1087. | Տող 1087. | ||
Մարվինը փորձեց շարժվել։ Գանզերը սեղմեց նրան յակի թամբի չափսի թաթով, նրա ժաման ճանկերը, որ հսկա ունելիի մեծության էին, անխղճորեն խրվեցին Մարվինի ոսկեգույն մորթու մեջ։ Թքոտ ծնոտները կատաղաբար բացվեցին ու վայր իջան, պատրաստ միանգամից գլուխը հափռելու․․․ | Մարվինը փորձեց շարժվել։ Գանզերը սեղմեց նրան յակի թամբի չափսի թաթով, նրա ժաման ճանկերը, որ հսկա ունելիի մեծության էին, անխղճորեն խրվեցին Մարվինի ոսկեգույն մորթու մեջ։ Թքոտ ծնոտները կատաղաբար բացվեցին ու վայր իջան, պատրաստ միանգամից գլուխը հափռելու․․․ | ||
− | |||
==Գլուխ 11== | ==Գլուխ 11== |
18:22, 8 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Ռոբերտ Շեքլի |
Բովանդակություն
Գլուխ 1
Մարվին Ֆլինը «Սթենհոուփ գազեթի» ազդերի էջում կարդաց հետեւյան հայտարարությունը․
«Մարսեցի մի ջենտլմեն՝ 34 տարեկան, զուսպ, զարգացած, քաղաքավարի, ցանկանում է փոխանակել մարմինը նույն հակումների տեր երկրացի ջենտլմենի հետ։ Օգոստոսի 1֊ից սեպտեմբերի մեկը։ Երաշխավորագրերն՝ ըստ պահանջի։ Միջնորդությունն անվճար»։
Այս առօրեական հայտարարությունը բավական էր, որ Ֆլինի զարկերակը կատաղի բաբախեր։ Մարմինը փոխանակել մարսեցու հետ… Գաղափարը գրավիչ էր, բայց եւ վանող։ Ի վերջո, ո՞վ կուզի, որ ավազ փորփրող ինչ֊որ մարսեցի մտնի իր գլխի մեջ, շարժի իր ձեռքերն ու ոտքերը, նայի իր աչքերով, եւ լսի իր ականջներով։ Բայց դրա փոխարեն՝ ինքը՝ Մարվին Ֆլինը, հնարավորություն կստանա Մարսը տեսնելու։ Տեսնելու այնպես, ինչպես հարկն է՝ բնիկի աչքերով։
Ոմանք նկարներ են սիրում, մյուսները՝ գրքեր, ուրիշները՝ կանայք։ Մարվին Ֆլինը նույնպես սիրում էր այդ ամենը, բայց ամենից շատ նա սիրում էր ճանապարհորդել։ Սակայն, ցավոք, նրա իղձն անկատար էր մնացել։ Մարվինը ծնվել եւ մեծացել էր Սթենհոուփում՝ Նյու Յորքի նահանգ։ Առարկայական իմաստով այդ քաղաքը Նյու Յորքից ինչ֊որ երեք հարյուր մղոն էր հեռու։ Բայց հոգեկան ու զգացմունքային տեսակետից երկու քաղաքներին հարյուր տարվա անջրպետ էր բաժանում։
Սթենհոուփը Էդիրոնդաքի ստորոտում ծվարած մի բարետես գյուղական ավան էր՝ պատված երփներանգ այգիներով եւ կանաչ խորդուբուրդ արոտավայրերով, որտեղ առավոտից իրիկուն խումբ֊խումբ արածում էին շագանակագույն կովերը։ Անդառնալիորեն հովվերգական այդ քաղաքը հավատարիմ էր անտիկ սովորույթներին․ մեղմորեն, բայց միաժամանակ թաքուն կամակորությամբ, Սթենհոուփը իրեն հեռու էր պահում քարսիրտ ու անբարտավան հարավից։ RT—7֊րդ պողոտայի[1] մետրոյի գիծը հասել էր մինչեւ Քինգսթըն, սակայն ոչ Սթենհոուփ։ Հսկա ֆրիուեյները[2] տարածել էին իրենց բետոնե շոշափուկները գյուղական արվարձաններով մեկ, բայց չէին կարողացել կլանել Սթենհոուփի թեղիազարդ Մեյն֊սթրիրը[3]։ Մյուս քաղաքները վաղուց անցել էին հրթիռային թռիչքահորանների, Սթենհոուփը, մինչդեռ, համառորեն պահպանում էր հնամենի ռեակտիվ օդանավերի կայանը, բավարարվելով շաբաթական երեք թռիչքով։ (Հաճախ գիշերները Մարվինը պառկած ականջ էր դնում անհետացող գյուղական Ամերիկայի այդ թախծոտ ու տանջալի ձայներին՝ ռեակտիվ օդանավի միայնակ ողբին)։
Սթենհոուփը գոհ էր իրենից, իսկ մնացած աշխարհը, թվում է, միանգամայն գոհ էր Սթենհոուփից եւ պատրաստ էր թողնելու, որ այն ապրի ավելի հանգիստ դարաշրջանի մասին իր ռոմանտիկ անուրջների հետ։ Միակ անձնավորությունը, որին ստեղծված իրավիճակը ձեռք չէր տալիս, Մարվին Ֆլինն էր։
Նա ճանապարհորդել էր սովորական երթուղիներով եւ տեսել էր սովորական տեսարժան վայրերը։ Բոլորի նման բազում հանգստյան օրեր էր անցկացրել Եվրոպայի մայրաքաղաքներում։ Ջրասուզակի հանդերձանքով հետազոտել էր խորտակված Մայամի[4] քաղաքը, զմայլվել Լոնդոնի կախովի պարտեզներով, եւ ծնրադրել Հայիֆայում՝ Բահայի տաճարում։ Արձակուրդների օրերին ոտքով արշավի էր գնացել Մարի Բիրդ երկրով, զննել ներքին Իթուրիի Անձրեւի անտառը, ուղտով կտրել Սինքյանը եւ նույնիսկ մի քանի շաբաթ ապրել Լհասսայում՝ արվեստի համաշխարհային մայրաքաղաքում։ Այդ ամենը հատկանշական էր նրա տարիքի ու դիրքի համար։
Բայց այդ ճամփորդությունները Մարվինի աչքում ոչ մի արժեք չունեին։ Դրանք սովորական տուրիստական երթուղիներ էին, ցանկացած պատահական զբոսաշրջիկ այդ նույն բաները կաներ։ Եվ փոխանակ ունեցածով ուրախանալու, Ֆլինը դժգոհում էր։ Նրա ուզածն իսկական ճանապարհորդություն էր, իսկ դա նշանակում էր ուղեւորվել Երկրից դուրս։
Թվում է, ուզածը մեթ բան չէր, եւ այնուհանդերձ, Մարվինը նույնիսկ Լուսնում չէր եղել։
Պատճառը միջոցներն էին։ Միջաստղային ճանապարհորդությունները թանկ արժեին․ դրանք մեծ մասամբ հարուստների, գաղութարարների եւ ղեկավար անձանց մենաշնորհն էին։ Միջին վաստակ ունեցողն այդ մասին երազել անգամ չէր կարող։ Եթե միայն, իհարկե, չէր կամենում օգտվել գիտակցափոխության առավելություններից։
Ֆլինը, գավառացու բնածին պահպանողականությամբ, խուսափել էր այդ տրամաբանական, բայց տագնապահարույց քայլից։ Խուսափել էր մինչ օրս…
Մարվինը փորձել էր համակերպվել կյանքային իր դիրքին եւ այդ դիրքից բխող տանելի հնարավորություններին։ Ի վերջո, ինքն ազատ էր, գորշ[5] եւ ընդամենը երեսունմեկ տարեկան (ավելի ճիշտ, երեսունմեկից մի քիչ ավել)։ Նա գեղեցկադեմ, բարձրահասակ, լայնաթիկունք տղա էր, խուզած սեւ բեղերով ու մեղմ շագանակագույն աչքերով։ Մարվինը առողջ էր, խելացի, մարդամոտ, հակառակ սեռը նրա հանդեպ անտարբեր չէր։ Ստացել էր սովորական կրթություն՝ տարրական դպրոց, միջնակարգ դպրոց, տասներկու տարի քոլեջում եւ սովորելուց հետո չորս տարվա պրակտիկա։ Նա լավ մասնագետ էր։ Աշխատում էր Ռայք֊Փիսըրս միավորումում, որտեղ ֆլյուորոսկոպիայի էր ենթարկվում պլաստմասսայից խաղալիքները, ճնշման անալիզի ենթարկելով, ստուգելով միկրոսեղմման , ծակոտկենության, հյուսվածքների ամրության աստիճանը։ Գուցե դա աշխարհում ամենակարեւոր գործը չէր, ինչ արած՝ բոլորը չէ, որ կարող են տիեզերանավ վարող կամ թագավոր լինել։, Ինչեւէ, աշխատանքը պատասխանատու էր, հատկապես եթե հաշվի առնենք խաղալիքների կարեւորությունը ժամանակակից աշխարհում եւ երեխաների հուսալքվածությունը մեղմացնելու կենսական խնդիրը։
Մարվինն այս ամենը գիտեր, եւ այնուհանդերձ, անբավարարվածություն էր զգում։ Նա գնացել էր տեղական Խորհրդատուի մոտ, բայց ապարդյուն։ Այդ բարի մարդը փորձել էր Մարվինին օգնել «Իրավիճակային գործոնի վերլուծության» միջոցով, սակայն Մարվինը ներքնապես չէր արձագանքել այդ փորձին։ Նա ուզում էր ճանապարհորդել, չէր կարողանում ազնվորեն քննել այդ ցանկության գաղտնի իմաստը եւ ճանապարհորդությանը փոխարինող ոչ մի բան էլ չէր կամենում ընդունել։
Եվ այժմ, կարդալով այդ սովորական եւ, սակայն, հուզաթռթիռ հայտարարությունը՝ շատ նման հազարավոր ուրիշներին, բայց եւ եզակի ու առանձնահատուկ (քանի որ ինքն էր այդ պահին կարդացողը), Մարվինը կոկորդում ինչ֊որ տարօրինակ համ զգաց։ Գիտակցությունը փոխանակել մարսեցու հետ… տեսնել Մարսը, այցելել Ավազե արքայի որջը, անցնել Ճեղքվածքի ակուստիկ փայլատակման միջով, ունկնդրել Մեծ չորացած ծովի խրոմատիկ ավազներին։
Նախկինում էլ նա երազել էր։ Բայց այս անգամ ուրիշ էր։ Կոկորդի տարօրինակ համը վկայում էր ինչ֊որ կազմավորվող որոշման մասին։ Մարվինը իմաստուն կերպով որոշեց դրա ընթացքի վրա չբռնանալ։ Փոխարենը գլխին դրեց թասակը եւ քայլեց կենտրոն՝ դեղատուն[6]։
Գլուխ 2
Մարվինի ամենամոտ ընկերը՝ Բիլլի Հեյքը, սովորականի պես, զովացուցիչ ջրերի կանգնակի մոտի աթոռակին նստած, թույլ հալյուցինոգեն էր խմում, հայտնի LSD-ի օշարակ անունով։
― Ի՛նչ կա-չկա, ծեր սրիկա,― հարցրեց Հեյքն այդ ժամանակներում տարածված ժարգոնով։
― Ձյուն ու քամի առանց համի,― արձագանքեց Մարվինը, տալով պարտադիր պատասխանը։
― Du koomen ta de la klipje?[7],― հարցրեց Բիլլին։ (Խառը իսպանա֊աֆրիկաներեն բարբառով խոսելն այդ տարվա նորույթ կատակ֊սրամտությունն էր)։
― Ja, Mijnheer[8],― մի քիչ դժկամությամբ պատասխանեց Մարվինը։ Նա այդ պահին պարզապես սիրտ չուներ սուր պատասխան գտնելու։
Բիլլին որսաց դժգոհության երանգը։ Նա հարցականորեն հոնքը բարձրացրեց, փակեց ձեռքի Ջեյմս Ջոյսի [9] թեմաներով կոմիքսը արագ շարժումով սիգար դրեց բերանը, ծայրը կծեց, անուշաբույր կանաչ մի քուլա արտաշնչեց և հարցրեց.
― Քիթդ կախել ես, ի՞նչ։― հարցը վատ Էր ձևակերպված, բայց ակնհայտորեն բարեհամբույր երանգ ուներ։
Մարվինը նստեց Բիլլիի կողքին։ Ծանրացած սրտով, և սակայն թաքցնելով իր ընկերոջից, որ տխուր է, նա բարձրացրեց զույգ ձեռքերը և շարունակեց խոսել Հարթավայրերի հնդկացիների նշաններով։ (Շատ ինտելեկտուալ հակումների տեր երիտասարդներ դեռևս անցյալ տարվա սենսացիոն պրոյեկտոֆիլմի՝ «Դաքոթական երկխոսություն» ազդեցության տակ էին՝ գլխավոր դերերում նորահայտ աստղ Բյորն Ռաքրադիշ (Խելահեղ ձի) և Միլովար Սլավովիվովից (Կարմիր ամպ), ֆիլմում բառերը լրիվ փոխարինված էին շարժումներով)։
Կիսակատակ֊կիսալուրջ Մարվինը շարժումներով արտահայտեց սիրտ֊որը֊կոտրված է, ձի֊որը֊թափառում է, արև֊որը֊չի փայլի, լուսին֊որը֊չի կարող֊ծագել։
Նրան ընդհատեց միստր Բայգլոուն՝ Սթենհոուփյան դեղատան տնօրենը։ Միստր Բայգլոուն միջին տարիքի՝ յոթանասունչորսամյա տղամարդ էր։ Նա արդեն սկսել էր թեթևակի ճաղատանալ և փոր էր գցում՝ դեռևս փոքր, բայց նկատելի։ Այնուհանդերձ, միստր Բայգլոուն սիրում էր իրեն ջահել տղայի տեղ դնել։ Այժմ նա դիմեց Մարվինին.
― Eh, Mijnheer, querenzie tomar la klopje inmensa de la cabeza vefrouvens in forma de ein skoboldash sundae? [10]
Միստր Բայգլոուի և նրա սերնդի մյուս ներկայացուցիչների համար հատկանշական էր երիտասարդական խոսելաձևը չարաշահելը, նրանց շուրթերում կոմիկական էֆեկտը կորում էր, միայն երբեմն, ամենաանհարկի տեղում իրենց իսկ կամքից անկախ դուրս սպրդելով։
― Schnell [11],― ասաց Մարվինը, զուտ երիտասարդական անողոքությամբ լռեցնելով նրան։
― Այ քեզ բա՜ն,― ասաց միստր Բայգլոուն և նեղացած հեռացավ, քայլելուց կոտրատվելով, ինչպես «Կյանքի իմիտացիա» շոուի հերոսները։
Բիլլին զգաց, որ ընկերը վշտացած է։ Դա անհանգստացրեց նրան։ Բիլլին երեսունչորս տարեկան էր, համարյա հասուն տղամարդ։ Նա լավ աշխատանք ուներ՝ մոնտաժային 23֊րդ գծի ավագ վարպետ՝ Փիթերսընի տուփերի գործարանում։ Իհարկե, շարունակում էր իրեն պատանու պես պահել, բայց գիտեր, որ տարիքը որոշակի պարտավորություններ է դնում բոլորի վրա։ Ուստի թաքցնելով անհանգստությունը, Բիլլին շիտակ խոսեց հին ընկերոջ հետ։
― Մարվին, ի՞նչ է եղել։
Մարվինն ուսերը թոթվեց, քմծիծաղեց և մատներով աննպատակ թմբկահարեց սեղանին։ Նա ասաց.
― Oiga, hombre, ein Kleinnachtmusik es demansiado, nicht wahr? [12] Հարցը, որ դու…
― Պարզ խոսիր,― ասաց Բիլլին իր տարիքի համար չափից դուրս վսեմորեն։
― Ներողություն,― անցնելով անգլերենի, ասաց Մարվինը,― ուղղակի… ա՛խ Բիլլի, այնպե՜ս եմ ուզում ճանապարհորդել։
Բիլլին գլխով արեց։ Նա տեղյակ էր ընկերոջ նվիրական ցանկության մասին։
― Իհարկե,― ասաց նա։― Ես էլ։
― Բայց ո՛չ ինձ նման, Բի՛լլի․․․ Ես վառվում եմ ցանկությունից։
Բերեցին սքոբոլդաշ սանդեն։ Մարվինը չնկատեց այն և շարունակեց սիրտը զեղել։
― Mira [13] Բիլլի, այդ միտքն ինձ պարուրել է, ինչպես պոլիէթիլենային փրկարար պարան։ Ես մտածում եմ Մարսի, Վեներայի, կամ իսկապես հեռավոր վայրերի մասին ինչպես Ալդեբերանն ու Անթարեսը և… մի խոսքով գլուխս անընդհատ դրանով է լցված։ Կամ Պրոցիոն 5-րդի Խոսող օվկիանոսը, Ալոլա 2֊րդի եռասեռ հոմինոիդները… ինձ թվում է պարզապես կմեռնեմ, եթե չտեսնեմ։
― Անշուշտ,― ասաց նրա ընկերը,― ես էլ կուզեի տեսնել։
― Ոչ, դու չես հասկանում,― ասաց Մարվինը։― Ոչ թե ուղղակի տեսնել, այլ… այլ ավելի վատ… ուզում եմ ասել, չեմ կարող մինչև կյանքիս վերջն ապրել այս Սթենհոուփում, չնայած կյանքն ուրախ է, լավ աշխատանք ունեմ, հանդիպում եմ իսկապես guapa [14] աղջիկների հետ, բայց գրողը տանի, չեմ ուզում բոլորի նման ամուսնանալ երեխաներ մեծացնել և… և… ինչ֊որ բան պակասում է։
Մարվինը սկսեց պատանեկան իր տարիքին հատուկ անկապություններ խոսել։ Սակայն բառերի այդ հեղեղի մեջ սրտաբուխ զգացմունքներ կային։ Բիլլին ի պատասխան գլուխը խորիմաստորեն տարուբերեց։
― Մարվին,― մեղմորեն ասաց նա,― ինձ ամեն ինչ պարզ է, ինչպես հինգ անգամ հինգը, Սեմի արևը վկա։ Բայց, ախր, նույնիսկ միջմոլորակային ճամփորդությունը մի ամբողջ կարողություն արժի։ Դե, իսկ միջաստղային ճանապարհորդությունը պարզապես անհնար բան է։
― Շատ լավ էլ հնարավոր է,― ասաց Մարվինը,― եթե գիտակցափոխության դիմես։
― Մա՛րվին։ Հուսով եմ կատակո՛ւմ ես։― Բիլլին այնքան էր ցնցված, որ ակամայից ձայնը բարձրացրեց։― Դու չես կարող…
― Կարող եմ,― ասաց Մարվինը։ Եվ, Christo Malherido֊ն [15] վկա կանեմ։
Այդ խոսքերը ցնցեցին թե՛ Բիլլին և թե՛ հենց իրեն՝ Մարվինին։ Վերջինս շատ հազվադեպ էր հայհոյում, և Բիլլին հասկացավ, որ նա ծայրաստիճան նեղսրտած է, եթե այդպիսի արտահայտություն է գործածում, թեկուզև ծածկագրված։ Իսկ Մարվինը, ասելով այդ, հասկացավ, որ իր որոշումն անդառնալի է։ Եվ արտահայտելով հոգու եղածը, նա արդեն առաջվա պես չէր վախենում խորհել հաջորդ քայլի մասին։
― Բայց դու չես կարող,― ասաց Բիլլին։― Գիտակցափոխությունը… ախր, դա կեղտոտ բան է։
― Կեղտոտը նա է, ով կեղտոտ բան է մտածում, Cabron [16]
― Չէ, լուրջ։ Ուզում ես գլխիդ մեջ մի ավազ փորփրող ծեր մարսեցի՞ մտնի։ Շարժի ոտքերդ ու ձեռքերդ, նայի քո աչքերով, շոշափի քեզ և գուցե նույնիսկ…
Մարվինն ընդհատեց, չթողնելով, որ Բիլլին մի իսկապես վատ բան ասի.
― Mira,― ասաց նա,― recuerda que [17] ես էլ նրա մարմնում Մարսի վրա կլինեմ, ուստի ամոթի նույն զգացումն էլ նա կունենա։ ― Մարսեցիները ամոթի զգացում չունեն,― ասաց Բիլլին։
― Դա ճիշտ չէ,― պատասխանեց Մարվինը: Թեև նա ընկերոջից երիտասարդ էր, բայց շատ տեսակետներից ավելի էր հասունացած, քան Բիլլին։ Միջաստղային համեմատական բարոյագիտությունից նա քոլեջում բարձր գնահատականներ էր ստանում։ Իսկ ճանապարհորդելու մոլուցքը նրա մտածելակերպը պակաս գավառական էր դարձրել՝ Մարվինն ավելի էր պատրաստ հասկանալու ուրիշ էակների տեսանկյունը, քան Բիլլին։ Սկսած տասներկու տարեկանից, երբ կարդալ սովորեց, Մարվինն ուսումնասիրել էր գալակտիկայի տարբեր ցեղերի վարքուբարքն ու պահելաձևը։ Նա միշտ ճգնել էր այդ արարածներին նայել իրենց սեփական աչքերով, ըմբռնել նրանց մղումներն ու ցանկությունները իրենց իսկ եզակի հոգեբանության շրջանակներում։ Ավելին, Ֆլինը 95 տոկոսանոց արդյունքով հաղթող էր ճանաչվել Պրոյեկտիվ կարեկցանքի մրցույթում, այդ կերպ հաստատելով արտաերկրային կապերի մեջ մտնելու իր ունակությունը։ Մի խոսքով, Մարվինը պատրաստ էր ճանապարհորդելու այնքան, որքան կարող էր պատրաստ լինել ողջ կյանքը Երկրի վրա խուլ ու փոքրիկ քաղաքներից մեկում անցկացրած երիտասարդը։
Նույն օրը, ցերեկը, ձեղնահարկի իր սենյակում մենակ մնալով, Մարվինը բացեց հանրագիտարանը։ Այդ հանրագիտարանը Մարվինի ծնողները գնել էին, երբ իրենց տղան ինը տարեկան էր և այդ օրվանից նրանք անբաժան ընկներներ էին։ Այժմ Մարվինը հասկանալիության աստիճանը դրեց «պարզի» վրա, սքենը՝ «արագի», ստեղների վրա սեղմեց իր հարցերը և, մինչ կարմիր ու կանաչ լուսյերը վառվում էին, խոր նստեց բազկաթոռի մեջ։
― Ողջույն,― հնչեղ ու զվարթ ձայնով ասաց բարձրախոսը։― Այսօր… եկեք խոսենք գիտակցափոխության մասին։
Հետևեց պատմական մասը, որը Մարվինին այնքան էլ չհետաքրքրեց։ Նա նորից կենտրոնացավ, երբ լսեց հտևյալը.
― Եկեք գիտակցափոխությունը հաշվենք մի տեսակ էլեկտրաձև կամ ենթաէլեկտրաձև օրգանիզմ։ Երևի կհիշեք մեր առաջվա խոսակցությունից, որ համարում են, թե գիտակցափոխությունը սկսվել է որպես մեր մերմնական պրոցեսների պրոյեկցիա և զարգացել ու վերածվել կվազիանկախ [18] օրգանիզմի։ Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ուզում ասել։ Նշանակում է, որ ձեր գլխում մի փոքրիկ մարդ կա, բայց ոչ լրիվ։ Հենց դա էլ կվազին է։
Ձայնը կամացուկ ծիծաղեց սեփական փոքրիկ կատակի վրա, իսկ հետ շարունակեց.
― Ուրեմն ի՞նչ ենք ստանում այս ամբողջ շիլաշփոթից։ Մենք, սիրելիներս, ստանում ենք մի տեսակ սիմբիոտիկ հարաբերություն գիտակցության ու մարմնի միջև, թեև միստր գիտակցությունը մի քիչ հակված է պարազիտիզմի։ Եվ այնուամենայնիվ, դրանցից յուրաքանչյուրը կարող է, տեսկանորեն, առանց մյուսի գոյություն ունենալ։ Համենայն դեպս, խելոք մարդիկ այդպես են կարծում։
Մարվինը սեղմեց «առաջ» ստեղը։
― … Ինչ վերաբերում է գիտակցության տեղափոխմանը, ապա մի րոպե պատկերացրեք, թե գնդակը շպրտում եք…
― … Գիտակցականը ֆիզիկականի և ընդհակառակը։ Ի վերջո, դրանք մեկը մյուսի տարաձևերն են, այնպես, ինչպես մատերիան ու էներգիան։ Իհարկե, մենք դեռ պիտի հայտնաբերենք…
― … Բայց, իհարկե, դրա մասին մեր գիտելիքները պրագմատիկ բնույթ են կրում։ Մի կարճ պահ միայն հիշենք Վան Վուրհեսի Ագլյուտինատիվ ռեֆորմի կոնցեպիցան և Հարաբերական բացարձակների վերաբերյալ Լագոսի համալսարանի տեսությունը։ Իհարկե, այդ տեսություններն ավելի շատ հարցեր են առաջադրում, քան պատասխաններ…
― … և ամբողջ աշխատանքը հնարավոր է դարձնել իմունաձև ռեակցիայի զարմանալի պակասի պատճառով։ Պրակտիկ գիտակցափոխությունը պահանջում է մեխանիկահիպնոտիկ մեթոդիկայի կիրառություն, այդ թվում՝ հարկադիր ռելաքսացիա, գնդասեղային ֆիքսացիա, և գիտակցապոզիտիվ սուբստանցի օգտագործում, օրինակ, Վիլիմիտ՝ որպես նեղ֊ճառագայթային ֆոկուսիչ և ուժեղացուցիչ։ Ետադարձ սնման ծրագրավորումը…
― … Մի անգամ սովորելուց հետո դուք կարող եք գիտակցափոխվել առանց մեխանիկական հարմարանքների, արտաքինն օգտագործելով որպես ֆոկուս…
Մարվինն անջատեց հանգրագիտարանը և մտածեց տիեզերքի, մոլորակների ու դրանց տարաշխարհիկ բնակիչների մասին։ Նա մտածեց գիտակցափոխության մասին։ Մտածեց՝ վաղը կարող եմ Մարսի վրա լինել։ Վաղը մարսեցի կարող եմ լինել…
Մարվինը ոտքի թռավ։
― Աստվա՛ծ վկա,― գոչեց նա, ձախ ձեռքի ափը խփելով աջ բռունցքին,― ես կանե՛մ այդ բանը։
Որոշման խորհդրավոր կախարդանքը կարծես վերածնել էր նրան։ Առանց վարանման Մարվինը հագուստները դասավորեց փոքրիկ մի ճամպրուկի մեջ, ծնողներին գրություն թողեց և շտապեց հասնել Նյու Յորք թռչող օդանավին։
ԳԼՈՒԽ 3
Նյու Յորքում Մարվինը գնաց ուղիղ Օթիսի, Բլանդըրսի և Քլենթի մարմնամիջնորդական գրասենյակ։ Նրան ընդունեց միստր Բլանդըրսը՝ բարձրահասակ, ամրակազմ, ուժերի ծաղկման շրջանում գտնվող վաթսուներեքամյա մի տղամարդ՝ ֆիրմայի լիիրավ գործընկերը։ Մարվինը բացատրեց իր գալստյան նպատակը։
― Իհարկե,― ասաց միստր Բլանդըրսը։― Դուք նկատի ունեք ուրբաթ օրվա մեր հայտարարությունը։ Մարսեցի ջենտլմենի անունը Զե Կրագգաշ է և նա խիստ դրական երաշխավորագրեր է ստացել Արևելյան Սքերնի համալսարանի ռեկտորներից։
― Ինչպիսի՞ արտաքին ունի,― հարցերց Մարվինը։
― Ինքներդ տեսեք,― ասաց Բլանդըրսը։ Նա Մարվինին տակառնամնան կրծքով, բարակ ոտքերով, մի քիչ ավելի հաստ ձեռքերով, փոքր գլխով և անսովոր երկար քթով մի արարածի լուսանկար ցույց տվեց։ Լուսանկարում Կրագգաշը մինչև ծնկները խրված էր ցեխի մեջ և ձեռքով ինչ֊որ մեկին ողջույն էր հղում։ Տակը մակագրություն էր տպված. «Հիշատակ Ցեխադրախտիվ՝ Մարսի կլոր տարին գործող առողջարանից, որտեղ խոնավության աստիճանը մոլորակում ամենաբարձրն է»: ― Սիրուն տղա է,― ասաց միստր Բլանդըրսը։ Մարվինը գլխով արեց, թեև ըստ իրեն Կրագգաշը չէր տարբերվում ցանկացած այլ մարսեցուց։
― Նրա տունը,― շարունակեց Բլանդըրսը,― Ուագոմսթամկում է, հարավային Նյու֊Մարսի Անհետացող անապատի եզրին։ Երևի գիտեք, որ դա ծայրաստիճան մասսայական տուրիստական գոտիներից է։ Ինչպես և դուք, Զե Կրագգաշը տենչում է ճանապարհորդել և կամենում է հարմար տեղական մարմին գտնել։ Ընտրությունը նա լրիվ թողել է մեզ, միայն պայման դնելով, որ փոխարինողը հոգեպես ու մարմնապես առողջ լինի։
― Գիտե՞ք,― ասաց Մարվինը,― չեմ ուզում պարծենալ, բայց ես միշտ էլ առողջ եմ համարվել։
― Ես դա միանգամից հասկացա,― պատասխանեց միստր Բլանդըրսը։― Իհարկե, դա միայն զգացում է կամ գուցե ինտուիցիա, բայց երեսուն տարի մարդակնց հետ գործ ունենալուց հետո ես սովոր եմ վստահել իմ զգացումներին։ Հիմնվելով բացառապես զգացումների վրա, ես մերժել եմ այս փոխանակության վերաբերյալ վերջին երեք դիմումները։
Միստր Բլանդըրսը այնքան հպարտությամբ ասաց այդ բանը, որ Մարվինը հարկադրված զգաց հարցնել.
― Իրո՞ք։
― Ազնիվ խոսք։ Պատկերացնել անգամ չեք կարող, թե որքան հաճախ եմ ստիպված լինում անհարմար թեկնածուներ հայտանբերել ու մերժել։ Նևրասթենիկներ, որոնք փնտրում են արտառոց ու ապօրինի ապրումներ. ոճրագործներ, որոնք ցանկնաում են խուսափել տեղական արդարադատությունից. հոգեպես անհավասարակշռվածներ, որոնք փորձում են փախչել սեփական ներհոգեկան ճնշումներից։ Եվ շատուշատ ուրիշներ, ես նրանց բոլորին խոտանում եմ։
― Հուսով եմ, որ չեմ համապատասխանում այդ տարատեսակներից ոչ մեկին,― ասաց Մարվինը, շփոթմունքից թույլ քմծիծաղելով։
― Համոզված կարող եմ ասել, որ ոչ,― պատասխանեց Բլանդըրսը։― Ես ձեզ կբնորոշեի որպես վերին աստիճանի նորմալ երիտասարդ, նույնսիկ չափից դուրս նորմալ, եթե դա հնարավոր է։ Ձեզ համակել է ճանապարհորդելու մարմաջը, ինչը շատ բնորոշ է ձեր տարիքին. այդ կիրքը մոտ է սիրահարվելուն, կամ հանուն բարձր գաղափարների պայքար մղելուն, կամ աշխարհից հիասթափվելուն և երիտասարդներին հատուկ այլ հոգեվիճակներին։ Բարեբախտաբար դուք կամ ձեր բնածին խելքի, կամ երջանիկ պատահականության շնորհիվ դիմել եք մեզ՝ գիտակցափոխությամբ զբաղվող ամենահին ու հարգարժան կազմակերպությանը, այլ ոչ թե մեր ոչ այնքան բծախնդիր մրցակիցներից ոմանց, կամ, ամենավատթարը, չեք գնացել Անկախ շուկա։
Մարվինը շատ քիչ բան գիտեր Անկախ շուկայի մասին, սակայն նա լուռ մնաց, չկամենալով մատնել իր տիգիտությունը։
― Իսկ այժմ,― ասաց միստր Բլանդըրսը,― մի քանի ձևականություններ, որից հետո հնարավոր կլինի բավարարել ձեր խնդրանքը:
― Ձևականություննե՞ր,― հարցրեց Մարվինը:
― Այո, այո: Նախ. դուք պետք է քննության լրիվ ընթացք անցնեք, որը կպարզի ձեր ֆիզիկական, գիտակցական ու բարոյական վիճակը: Դա շատ անհրաժեշտ է, քանի որ մարմինները փոխանակվում են հավասար հիմունքների վրա: Դուք ձեզ շատ վատ կզգայիք, եթե պարզեիք, որ ընկել եք ավազախոցով կամ թունելի սինդրոմով [19] տառապող մարսեցու մարմին: Այնպես, ինչպես վատ կզգար նա, եթե պարզեր, որ դուք ռախիտ ունեք, կամ պարանոյա: Ըստ մեր կանոնադրության պայմաների, մենք պետք է ձգտենք փոխանակողների առողջության ու հոգեկանի մասին ունենալ հնարավորին չափ սպառիչ գիտելիքներ և մեկին տեղյակ պահել մյուսի ռեալ և կարծեցյալ վիճակների միջև հայտնաբերված նույնիսկ չնչին անհամապատասխանության մասին:
― Հասկանալի է,― ասաց Մարվինը,― իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո:
― Հետո դուք և մարսեցի ջենտլմենը կստորագրեք Փոխադարձ վնասվածքի պայմանագիրը, որտեղ գրված է, որ ցանկացած վնասվածքը, պատճառած հակառակ մարմնին, պատահամամբ թե դիտմամբ (այդ թվում տարերային աղետների հետևանքով առաջացած) նախ, պիտի փոխհատուցվի միջաստղային պայմանագրի սահմանած գումարի չափով և, երկրորդ, պիտի փոխադարձաբար հասցվի ձեր սեփական մարմնին համաձայն lex talionis [20]:
― Ինչպե՞ս:
― Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման,― բացատրեց միստր Բլանդըրսը։― Դա շատ պարզ բան է։ Ենթադրենք դուք, մարսեցու մարմնով, կոտրում եք ոտքը փոխանակության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ։ Դուք, ինչ խոսք, ստանում եք ցավը, բայց ոչ հետագա անհարմարությունները, որոնցից խուսափում եք, վերադառնալով ձեր սեփական չվնասված մարմինը։ Բայց դա արդար չէ։ Ինչո՞ւ պիտի դուք չտուժեք ձեր իսկ անշնորհքության հետևանքով։ Ինչո՞ւ պետք է դրա հետևանքով տուժի ուրիշ մեկը։ Ուստի, արդարության շահերից ելնելով, միջաստղային օրենքը պահանջում է, որ սեփական մարմինը վերադառնալուց առաջ ձեր սեփական ոտքը կոտրվի հնարավորին չափ գիտական ու անցավ եղանակով։
― Նույնիսկ եթե առաջին կոտրված ոտքը պատահականության հետևա՞նք է։
― Հատկապես եթե պատահականության հետևանք է։ Մենք պարզել ենք, որ փոխադարձ վնասվածքի պայմանագիրը նման պատահականությունների թիվը շատ նկատելիորեն կրճատել է։
― Սա սկսում է մի քիչ վտանգավոր հնչել,― ասաց Մարվինը։
― Ցանկացած գործողություն վտանգի տարր ունի,― պատասխանեց միստր Բլանդըրսը։― Բայց գիտակցափոխության հետ կապված ռիսկը ստատիստիկորեն չնչին է, պայմանով միայն, եթե հեռու մնաք Խճճված աշխարհից։
― Ես այնքան էլ շատ բան չգիտեմ Խճճված աշխարհի մասին։
― Ոչ ոք էլ չգիտի,― ասաց Բլանդըրսը։― Հենց դրա համար էլ հարկավոր է հեռու մնալ։ Մի՞թե այդպես ավելի խելամիտ չի լինի։
― Կարծում եմ, որ այո,― պատասխանեց Մարվինը։― Ուրի՞շ ինչ մնաց։
― Առանձնապես ոչինչ։ Մի քանի լրացնելիք թղթեր, հրաժարականներ հատուկ իրավունքներից, անձեռնմխելիությունից և այլն։ Եվ, իհարկե, ես պետք է ձեզ ընդունված կարգի համաձայն զգուշացնեմ մետաֆորային դեֆորմացիայի մասին։
― Լավ, եղավ,― ասաց Մարվինը,― լսում եմ, ասեք։
― Ես արդեն զգուշացրի,― ասաց Բլանդըրսը։― Բայց նորից կզգուշացնեմ։ Զգուշացեք մետաֆորային դեֆորմացիայից։
― Ես ուրախ կլինեի,― ասաց Մարվինը,― բայց չգիտեմ, թե դա ի՞նչ է։
― Շատ պարզ բան է,― ասաց Բլանդըրսը։― Մետաֆորային դեֆորմացիան պետք է համարել իրավիճակային խելագարության ձևերից մեկը։ Բանն այն է, որ անսովորն ընկալելու մեր կարողությունը սահմանափակ է, և այդ սահմաններն արագորեն խախտվում են, երբ ճանապարհորդում ենք անծանոթ մոլորակեներվ։ Մենք չափից շատ նորություն ենք ընկալում, դա դառնում է անտանելի և գիտակցությունը հանգիստ է որոնում անալոգիզացիայի [21] բուֆերային պրոցես միջոցով։ Անալոգիան ցույց է տալիս, որ սա նման է նրան, կամուրջ է կազմում ընդունված հայտնիի և անընդունելի անհայտի միջև, կապում է մեկը մույսի հետ, անտանելի անհայտին հոգեհարազատ գույներ հաղորդելով։ Ինչևէ, անհայտի անընդմեջ ու չթուլացող ազդեցության տակ մինչև իսկ անալոգիզացիայի ունակությունը կարող է խեղվել։ Ի վիճակի լինելով կարգավորել ինֆորմացիայի հոսքը կոնցեպտուալ [22] անալոգիզացիայի նորմալ պրոցեսի միջոցով, սուբյեկտը դառնում է պերցեպտուալ [23] անալոգիզացիայի զոհը։ Ահա այս վիճակը մենք անվանում ենք մետաֆորային դեֆորմացիա։ Այդ պրոցեսը նաև հայտնի է որպես պանսաիզմ։ Բացատրածս պա՞րզ է։
― Ոչ,― ասաց Մարվինը,― ինչո՞ւ է կոչվում պանսաիզմ։
― Այդ հասկացությունը բացատրում է ինքն իրեն,― պատասխանեց Բլանդըրսը։― Դոն Քիշոտը կարծում է, թե հսկան հողմաղաց է։ Քիշոտիզմը ամենօրյա իրերի ըմբռնումն է որպես հազվագյուտ միավորներ։ Դրան հակառակ պանսաիզմը հազվագյուտ միավորների ըմբռնումն է որպես ամենօրյա իրեր։
― Ուզում եք ասել,― հարցրեց Մարվինը,― որ կարող եմ ալթերացի տեսնել ու կարծել,որ տեսածս կո՞վ է։
― Հենց այդպես է,― պատասխանեց Բլանդըրսը,― դա բավական պարզ բան է, եթե կենտրոնանաք։ Հիմա ստորագրեք այստեղ և այստեղ, ու մենք կանցնենք քննություններին։
Դրան հետևեցին բազմաթիվ տեստեր ու անթիվ հարցեր։ Ֆլինին ծակծկում էին ու շոշափում, աչքի առաջ պայծառ լույսեր վառում, հանկարծակի ձայներ միացնում, սենյակը լցվում էր արտառոց հոտերով։
Մարվինը փայլուն հաղթահարեց այդ ամենը։ Մի քանի ժամ անց նրան տարան Տեղափոխման սենյակ և նստեցրին մի աթոռի վրա, որը Մարվինը տագնապով նմանեցրեց հին էլեկտրական աթոռի։ Տեխնիկներն իրենց սովորական կատակներն արեցին․ «Երբ արթնանաք, ձեզ նոր մարդ կզգաք»։ Լամպերը պայծառ շողում էին, Մարվինն ընկղմվում էր նիրհի մեջ՝ խոր, ավելի խոր․․․
Վերահաս ճամփորդության սպասումը նրան գրգռել էր, միաժամանակ Մարվինը սարսափով գիտակցում էր Սթենհոուփից դուրս գտնվող աշխարհի մասին իր կատարյալ անտեղյակությունը։ Այնուամենայնիվ, ի՞նչ է Անկախ շուկան։ Որտե՞ղ է գտնվում Խճճված աշխարհը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այդ աշխարհից խուսափել։ Եվ վերջապես, որքանո՞վ վտանգավոր է մետաֆորային դեֆորմացիան, որքա՞ն հաճախ է տեղի ունենում և ինչքա՞ն է տևում առողջանալը։
Շուտով Մարվինը պետք է ստանար ոչ միայն այս, այլև շատ ուրիշ, դեռևս անհայտ հարեցրի պատասխանները։ Լույսից աչքերը ցավում էին և նա մի պահ փակեց կոպերը։ Երբ կրկին բացեց, ամեն ինչ փոխվել էր։
ԳԼՈՒԽ 4
Չնայած երկոտանի մարմնակազմությանը, մարսեցին գալակտիկայի ամենաարտասովոր արարածներից մեկն է։ Իրոք օրգանների զգայողականության իմաստով Ալդեբերանի քվիները, չնայած իրենց կրկնակի ուղեղներին ու հատուկ ֆունկցիոնալ վերջավորություններին, մեզ ավելի մոտ են։ Հետևաբար, խռվալից զգացում է միանգամից, առանց նախաբանի, մարսեցու մարմնում հայտնվելը։ Սակայն, երբ գործն արված է, ոչինչ փոխել հնարավոր չէ։
Մարվինը տեսավ, որ գտնվում է լավ կահավորված սենյակում։ Նա միակ պատուհանի միջով իր մարսեցու աչքերը հառեց մարսային բնապատկերին։
Հետո նա փակեց աչքերը, քանի որ չէր կարողանում կենտրոնանալ՝ միակ զգացումը տագնապալի խառնաշփոթությունն էր։ Չնայած պատվաստումներին, նրան համակել էին կուլտուր֊շոկի սրտխառնուք առաջացնող ալիքները, և Մարվինը ստիպված էր անշարժ կանգնել, մինչև այդ զգացումը կանցնի։ Հետո, զգուշորեն, կրկին բացեց աչքերն ու նայեց։
Նա տեսավ ցածր, հարթ ավազաբլուրներ, կազմված գորշ գույնի հարյուրավոր ցայտուն երանգներից։ Հորիզոնի մոտ նշմարվում էր արծաթակապույտ քամին, որի դեմ ասես հակահարձակ էր եղել քամու մի այլ՝ դեղնամանուշակագույն ամպ։ Երկինքը կարմիր էր, ինֆրակարմիր գունային համակարգը պարունակում էր բազում աննկարարգրելի նրբերանգներ։ Ամենուր երևում էին սարդանման սպեկտրագծեր։ Հողի մակերևույթն ու երկինքը համակված էին տասնյակ տարբեր գունակազմություններով, մի մասը լրացուցիչ [24], մյուսը՝ աններդաշնակ։ Ներդաշնակություն Մարսի բնական գույների մեջ չկար․ դրանք քաոսային գույներ էին։
Մարվինը ձեռքին ակնոց տեսավ ու հագավ։ Անմիջապես ճչացող գույների աններդաշնակությունը նվազեց մինչև տանելիության աստիճան։ Շոկի հետևանքով առաջացած անշարժունակությունը թուլացավ, և Մարվինը սկսեց այլ բաներ ընկալել։
Նախ, ականջներում ծանր թնդյուն զգաց, իսկ մի քիչ ներքև՝ արագ ճարճատյուն, նման թմբուկի դղրդոցի։ Շուրջը նայեց, այդ աղմուկի աղբյուրը որոնելով և, բացի հողից ու երկնքից, բան չտեսավ։ Մարվինը ավելի ուշադիր ականջ դրեց և հայտնաբերեց, որ ձայներն իր կրծքից են գալիս։ Այդ ձայները, որ արձակում են թոքերը ու սիրտը, մարսեցիներին ուղեկցում են ամբողջ կյանքում։
Այժմ Մարվինը ի վիճակի էր զննելու ինքն իրեն։ Նա նայեց իր ոտքերին, որոնք երկար էին ու բարակ։ Ծնակյին հոդավորումներ չկային․ փոխարենը ոտքը աղեղված էր կոճի, սրունքի, ազդրի մեջտեղի և վերին մասի մոտ։ Նա քայլում էր և հիանում իր շարժումների սահունությամբ։ Թևերը ոտքերից մի փոքր հաստ էին, իսկ կրկնակի հոդավոր ձեռքերն ունեին երեքական մատ ու երկուական բթամատ, որոնք կարելի էր ծռել ու թեքել որ կողմ ասես։
Մարվինի հագին սև շորտ էր ու սպիտակ ջեմպր։ Նրա կրծքապանակը խնամքով ծալված էր ու պատված նախշակար կաշվե ծածկոցով։ Այդ ամենը զարմանալիորեն բնական էր թվում։
Եվ սակայն, զարմանալու բան չկար։ Գիտակից արարածների նոր միջավայրին հարմարվելու ունակությունն էր, որ հնարավոր էր դարձրել գիտակցափոխությունը։ Եվ մարսեցու մարմնի ընտելանալը հեշտ էր, չնայած մի քանի ցնցող մորֆոլոգիական և զգայական տարբերությունների։
Ֆլինը խորհում էր այդ մասին, երբ բացվող դռան ձայն լսեց։ Նա շրջվեց և իր առջև տեսավ մի մարսեցու, հագին կանաչ ու գորշ գծերով պետական համազգեստ։ Մարսեցին ի նշան ողջույնի պտտել էր ոտքը և Մարվինը շտապ նույն ձևով պատասխանեց նրան։ (Գիտակցափոխության առավելություններից մեկը «ավտոմատ կրթությունն է»։ Կամ, առևտրականների զվարճալի ժարգոնով ասած, «երբ առնում ես տունը, իրավունք ես ստանում օգտվելու կահույքից» Կահույքը, տվյալ դեպքում, նոր մարմնի ուղեղում պարունակված առաջնահերթ կարևոր գիտելիքներն են՝ լեզուն, սովորույթները, բարոյականությունը, ապրելավայրի մասին ընդհանուր տեղեկությունները և այլն։ Դա առաջնահերթ միջավայրին ինֆորամցիա է, ընդհանուր, անդեմ, օգտակար որպես ուղեցույց, բայց ոչ անպայման հուսալի։ Անձնական հիշողությունները, սիրած ու չսիրած բաները, որոշ բացառություններով, հասու չեն նոր գիտակցությանը կամ հասու են միայն մտավոր մեծ ճիգի շնորհիվ։ Այստեղ մենք կրկին գործ ունենք իմունոլոգիական ռեակցիաների տեսակներից մեկի հետ, որը տարբեր օրգանիզմների միջև կոնտակտի միայն մակերեսային աստիճան է թույլատրում։ «Ընդհանուր գիտելիքները» սովորաբար շատ հեշտ են տրվում, մինչդեռ «անձնական գիտելիքները», այդ թվում հավատը, նախապաշարմունքները, հույսերը և տարակուսանքներն անձեռնմխելի են)։
― Թույլ քամի,― կլասիկ հին մարսային ձևով ողջունեց մարսեցին։
― Եվ անամպ երկինք,― պատասխան տվեց Ֆլինը։ (Նա սրտնեղությամբ նկատեց, որ իր նոր մարմինը մի փոքր քչախոս է)։
― Ես Մինգլո Օրիչիչիչն եմ՝ տուրիստական բյուրոյից։ Բարի գալուստ Մարս, պարոն Ֆլին։
― Շնորհակալություն,― ասաց Ֆլինը։― Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։ Գիտե՞ք, սա իմ առաջին գիտակցափոխությունն է։
― Գիտեմ,― ասաց Օրիչիչիչը։― Նա թքեց գետնին՝ նյարդայնության հաստատ նշանով, և ուղղեց բթամատները։ Միջանցքից ուժեղ աղմուկ լսվեց։ Օրիչիչիչն ասաց․
― Այժմ ձեր Մարսում գտնվելու վերաբերյալ․․․
― Ես ուզում եմ տեսնել Ավազների արքայի որջը,― ասաց Ֆլինը,― և, իհարկե, Խոսող օվկիանոսը։
― Երկուսն էլ գերազանց ընտրություններ են,― ասաց պաշտոնյան։― Բայց նախ մի քանի փոքր ձևականություններ։
― Ձևականություննե՞ր։
― Ոչ մի առանձապես բարդ բան,― ասաց Օրիչիչիչը,նրա քիթը ծռվեց ձախ, արտահայտելով մասրային ժպիտ։― Չէի՞ք կամենա կարդալ այս թղթերը և հաստատել դրանց իսկությունը։
Ֆլինը վերցրեց առաջարկված թղթերը և թռուցիկ զննեց։ Դրանք Երկրում ստորագրածների պատճեններն էին։ Մարվինը կարդաց և տեսավ, որ իսկականի հետ համընկնում են։
― Սրանք այն թղթերն են, որ ստորագրել եմ Երկրում,― ասաց նա։
Միջանցքի աղմուկն ուժեղացավ։ Մարվինը տարբերեց մի քանի բառ․― Սառեցրած ծառաբնի խաշած ձու― դնող տղա՛։ Մանրախիճ սիրող դեգեներա՛տ։
Դրանք իրոք շատ վիրավորական արտահայտություններ էին։ Մարվինը հարցականորեն քիթը վեր տնկեց։ Պաշտոնյան շտապ ասաց․
― Թյուրիմացություն է, սխալմունք։ Մեկն այն դժբախտ պատահարներից, որոնք տեղի են ունենում նույնիսկ լավագույն պետական տուրիստական հիմնարկություններում։ Բայց ես վստահ եմ, որ կարող ենք իրադարձությունը շտկել ռափիի հինգ կում էլ չարած, եթե ոչ ավելի արագ։ Թույլ տվեք հարցնել ձեզ, թե․․․
Միջանցքից քաշքշոցի ձայներ լսվեցին։ Հետո սենյակ խուժեց ինչ֊որ մարսեցի, նրա ձեռքից կախվել էր մի կրտսեր պաշտոնյա, աշխատելով չթողնել, որ ներս գա։
Ներս խուժած մարսեցին չտեսնված ծեր էր, դա կարելի էր գուշակել նրա մաշկի թույլ ֆոսֆորային ցոլքից։ Նա դողացող զույգ ձեռքերը պարզեց Մարվին Ֆլինի կողմը։
― Ահա՛,― գոռաց նա։― Ահա՛ այն, և ծառաբները վկա, այն հենց հիմա պիտի ի՛մը դառնա։
Մարվինն ասաց․
― Պարոն ես սովոր չեմ, որ ինձ դիմեն որպես «այն»։
― Ես Ձեզ չեմ դիմում,― ասաց ծեր մարսեցին։― ես չգիտեմ, թե դուք ո՞վ կամ ի՞նչ եք և դա ինձ չի էլ հետաքրքրում։ Ես դիմում եմ ձեր զբաղեցրած մարմնին, որը ձերը չէ։
― Ինչե՞ր եք խոսում,― հարցերց Ֆլինը։
― Այս պարոնը,― ասաց պաշտոնյան,― պնդում է, որ զբաղեցնում եք նրան պատկանող մարմինը։― Նա երկու անգամ թքեց հատակին։― Սա, իհարկե, սխալմունք է, և մենք կարող ենք միանգամից ուղղել․․․
― Սխալմո՜ւնք,― բղավեց ծեր մարսեցին։― Սա ամենաիսկական խաբեբայություն է։
― Սըր,― սառը արժանապատվությամբ ասաց Մարվինը։― Դուք խորին մոլորության մեջ եք․ կամ այդպես, կամ էլ վրաս բարդում եք այս զրպարտությունը ինձ անհասկանալի ինչ֊ինչ պատճառներով։ Այս մարմինը, սըր, ես օրինական ու ազնիվ ձևով վարձել եմ։
― Թեփուկավոր դոդո՜շ,― ճչաց ծերուկը։― Թողե՛ք ինձ, ես դրա․․․― Նա զգույշ ճգնում էր ազատվել իր պահապանի ամուր ձեռքերից։
Հանկարծ դռներում հայտնվեց ոտքից գլուխ սպիտակ հագնված մի ազդեցիկ կերպարանք։ Եվ, սենյակում միանգամից լռություն տիրեց, քանի որ բլորի հայացնքերը ուղղվեցին Հարավային Մարսի անապատային ոստիկանության պատկառելի ու մեծարգո ներկայացուցչին։
― Պարոնայք,― ասաց ոստիկանը,― փոխադարձ մեղադրանքների կարիք չկա։ Այժմ մենք բոլորս մեկ մարդու նման կքայլենք ոստիկանություն։ Այնտեղ, ֆուլսզիմացի տելեպատի օգնութամբ, մենք կիմանանք ճշմարտությունը և տեղի ունեցածի պատճառը։― Ոստիկանը մի պահ տպավորիչ դադար արեց, թուքը կուլ տվեց ի նշան գերագույն հանդարտության և ասաց,― Հավատացնում եմ ձեզ։
Առանց այլ բարդությունների ոստիկանը, պաշտոնյան, ծերուկը և Մարվին Ֆլինը ուղևորվեցին ոստիականատուն։ Նրանք լուռ էին, բոլորին էլ տանջում էին վատ նախազգացումները։ Ամբողջ քաղաքակրթված գալակտիակայով մեծ ծեծված ճշմարտություն է, որ երբ գնում ես ոստիկանություն, փորձանքներն իրոք սկսվում են։
ԳԼՈՒԽ 5
Ոստիկանատանը Մարվին Ֆլինին և մյուսներին տարան ուղիղ այն մութ, խոնավ սենյակը, որտեղ ապրում էր ֆուլսզիմացի տելեպատը։ Այդ եռոտանի արարածը, Ֆուլսզիմ մոլորակի բոլոր բնակիչների նման, օժտված էր վեցերորդ՝ տելեպատային զգայարանով, հավանաբար ի փոխհատուցումն մնացած հինգ զգայարանների թուլության։
― Շատ բարի,― ասաց ֆուլսզիմացի տելեպատը, երբ բոլորը հավաքվեցին։― Մեկ քայլ առաջ եկեք, մարդ աստծո, և պատմեք ձեր պատմությունը։― Նա խստորեն մատը ուղղեց ոստիկանի կողմը։
― Պարոն,― ասաց ոստիկանը, շփոթմունքից ուղղվելով,― ես ոստիկանն եմ։
― Դա հետաքրքիր է,― ասաց տելեպատը,― բայց չեմ հասկանում, թե ինչ կապ ունի ձեր մեղավորության կամ անմեղության հարցի հետ։
― Բայց ինձ նույնիսկ չեն մեղադրում որևէ հանցանքի համար,― ասաց ոստիկանը։
Տելեպատը մի պահ խորհեց, հետո ասաց․
― Կարծես թե հասկացա․․․ Մեղադրվողներն այս երկուսն են։ Այդպե՞ս է։
― Այդպես է,― պատասխանեց ոստիկանը։
― Ներողություն եմ խնդրում։ Ձեզնից եկող մեղքի բուրմունքն ինձ մղեց հապճեպ բնորոշման։
― Մե՞ղք,― ասաց ոստիկանը։― Ե՞ս։― Ոստիկանը հանգիստ էր խոսում, սակայն մաշկի հատկանշական նարնջագույն շերտավորումը ցույց էր տալիս, որ նա անհանգստացած է։
― Այո, դուք,― ասաց տելեպատը։― Դուք չպետք է զարմանաք՝ խոշոր հափշտակումը այնպիսի բան է, որից գիտակից արարածների մեծ մասի մոտ մեղավորության զգացում է առաջանում։
― Բայց մի՛ րոպե,― բղավեց ոստիկանը։― Ես ոչ մի խոշոր հափշտակում էլ չեմ կատարել։
Տելեպատը փակեց աչքերը՝ մի պահ վերլուծելով սեփական մտքերը։ Վերջապես նա խոսեց․
― Ճիշտ եք ասում։ Ես ուզում էի ասել, որ դուք կկատարեք խոշոր հափշտակում։
― Կանխատեսությունը չի կարող ապացույց ծառայել դատարանում,― հայտարարեց ոստիկանը։― Եվ բացի այդ, ապագան կարդալը ազատ կամքի օրենքի անմիջական խախտում է։
― Դա ճիշտ է,― ասաց տելեպատը,― ներողություն եմ խնդրում։
― Ոչինչ, ոչինչ,― ասաց ոստիկանը։― Ե՞րբ եմ կատարելու այդ կարծեցյալ խոշոր հափշտակումը։
― Սրանից մոտ վեց ամիս հետո,― ասաց տելեպատը։
― Եվ ինձ կձերբակալե՞ն։
― Ոչ։ Դուք կփախչեք այստեղից ու կգնաք մի մոլորակ, որտեղ հանցագործներին իրենց կառավարությանը հանձնելու վերաբերյալ օրենք չկա։
― Հըմ, հետաքրքիր է,― ասաց ոստիկանը։― Կարո՞ղ եք ինձ ասել, թե․․․ Բայց կարելի է դա ավելի ուշ քննարկել։ Այժմ, դուք պետք է լսեք այս մարդկանց պատմությունները և որոշեք, թե ով է մեղավոր։
Տելեպատը նայեց Մարվինին, թափահարեց լողաթևը և ասաց․
― Կարող եք սկսել։
Մարվինը պատմեց իր պատմությունը, սկսած հայտարարությունը կարդալու պահից, ոչ մի բան բաց չթողնելով։
― Շնորհակալ եմ,― ասաց տելեպատը, երբ Մարվինը վերջացրեց։― Իսկ այժմ, պարոն, ձեր պատմությունը։― Նա շրջվեց դեպի ծեր մարսեցին, որը մաքրեց կոկորդը, քորեց կրծքավանդակը, մեկ թե երկու անգամ թքեց և սկսեց։
ԷՅՋԵԼԵՐ ԹՐՈՒՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ես նույնիսկ չգիտեմ, ինչից սկսել իմ պատմությունը, դրա համար ավելի լավ է սկսեմ անունիցս՝ Էյջելեր Թրուս և ցեղիցս՝ ներմուքրացի ադվենտիստ և զբաղմունքիցս՝ ես Աքելսես 5֊րդ մոլորակի վրա հագուստի խանութ ունեմ։ Գործս մի բան չի, խանութս փոքր է և գտնվում է հարավային բևեռում՝ Լամբերսայում․ ես ամբողջ օրը հագուստ եմ ծախում Վեներայից ներգաղթած բանվորների համար, որոնք հաղթանդամ, կանաչ, մազոտ մարդիկ են, շատ անգրագետ, տաքարյուն ու կռվի համար մոմ, չնայած ես նրանց դեմ նախապաշարմունքներ չունեմ։
Իմ գործում մարդը պետք է փիլիսոփա լինի։ Գուցե ես հարուստ չեմ, բայց գոնե առողջությունս տեղն է (փա՛ռք աստծո), և իմ կին Ալլուրան նույնպես առողջ է, չհաշված շոշափուկների թեթև ֆիբրոզը։ Երկու հասած տղա ունեմ, որոնցից մեկը Սիդնեպորտում բժիշկ է, իսկ մյուսը՝ քլանցի մարզիչ։ Մի հատ էլ աղջիկ ունեմ, որն ամուսնացած է, իսկ դա իհարկե նշանակում է, որ փեսա էլ ունեմ։
Այս փեսայիս ես երբեք չեմ վստահել, քանի որ նա սիրում է մոդայով զուգվել․ քսան զույգ կրծքապանակ ունի, չնայած կինը քորիչների մի համաչափ շարան էլ չունի։ Բայց ի՞նչ արած, այդ աղջիկն ինքը իր ձեռքով փորեց փոսը, թող հիմա էլ մտնի մեջը։ Բայց եթե մարդ այդքան հետաքրքրվում է հագուստներով, անուշահոտ հոդաքսանյութերով ու շքեղության այլ առարկաներով, իսկ ստանում է հեղուկ ծախողի աշխատավարձ (նա իրեն անվանում է «հիդրոսենսորային ինժեներ»), արդեն մի քիչ զարմանում ես։
Եվ նա միշտ փորձում է տարբեր հիմար ավանտյուրաների միջոցով այստեղից֊այնտեղից լրացուցիչ եկամուտ կորզել, իսկ ես պիտի ֆինանսավորեմ նրան իմ դառը քրտինքով, այն հաղթանդամ կանաչ վեներացիների հետ առևտուրով ձեռք բերած խնայողություններից։ Ոնց որ անցյալ տարի, կպավ իր այդ մասնավոր ամպ սարքողով։ Ես ասացի՝ ախր դա ո՞ւմ է պետք։ Բայց կինս պնդեց, որ նրան օգնեմ, և նա իհարկե վառվեց։ Հետո նոր ծրագիր հղացավ՝ այս անգամ էլ ուզում էր, որ ես գնեմ փայլփլուն երկրորդ կարգի սինթետիկ բրդից գործվածքներ Վեգա 2֊րդից (դրանք նա գտել էր Հելիգոպորտում)։
Ես նրան ասացի․
― Լսիր, իմ հաճախորդներն՝ այդ վեներացի գոռգոռաններն, ի՞նչ են հասկանում մոդայիկ շորերից։ Նրանք երջանիկ են, եթե թվիլից շորտ ունեն, իսկ տոն օրերին՝ մի պարեգոտ։
Բայց իմ փեսան ամեն ինչին պատրաստ պատասխան ունի, և նա ինձ ասաց․
― Լսիր, պապա, ինչ չիմանամ֊չիմանամ, այդ վեներացիների սովորույթներին ու ապրելակերպին մի քիչ ծանոթ եմ։ Այդ մարդիկ, որոնք անտառների խորքից միանգամից այստեղ են եկել, սեր ունեն ծիսական պարերի և վառ գույների հանդեպ։ Բնական բան չի՞։
Մի խոսքով, չերկարացնելու համար ասեմ, որ չնայած զգում էի, որ սխալ է, բայց, թողեցի ինձ համոզի ու քաշի այդ ավանտյուրի մեջ։ Բնականաբար, այդ փայլփլուն գործվածքները պետք է ինքս տեսնեի, որովհետև փեսայիս չեմ վստահի մի չթի կտոր էլ գնահատի։ Իսկ դա նշանակում էր գալակտիկայի կեսն անցնել մինչև Մարս՝ Հելիգոպորտ։ Դրա համար էլ սկսեցի պատրաստվել։
Ոչ ոք չէր ուզում հետս գիտակցափոխվել։ Չեմ էլ մեղադրում նրանց՝ ո՞վ իր կամքով կգա Աքելսես 5-րդի պես մոլորակ, բացի վեներացի գաղթականներից, որոնք կյանքում ավելի լավ բան չեն տեսել։ Բայց մի օր կարդացի այդ մարսեցու՝ Զե Կրագգաշի հայտարարությունը, թե ուզում է վարձով տալ իր մարմինը, քանի որ գիտակցությունն ուղարկում է սառնարան, երկարատև հանգստի։ Ահագին թանկ էր, բայց ի՞նչ արած․․․ Ես մի քիչ փող ստացա, մարմինս վարձու տալով ընկերներիցս մեկին, որը մինչև մկանային կոմյոտոզիսի պատճառով անկողնուն գամվելը քվարենց որսող էր եղել։ Հետո գնացի գիտակցափոխության բյուրո և պրոյեկտվեցի Մարս։
Պատկերացրեք ինչ զգացի, երբ տեսա, որ ինձ ոչ մի մարմին չի սպասում։ Բոլորը վազվում են, փորձում պարզել, թե ինչ է եղել ինձ ընդունող մարմնին, նույնիսկ փորձեցին ինձ ետ ուղարկել Աքելսես 5֊րդ,բայց չստացվեց, որովհետև ընկերս արդեն իմ մարմնով գնացել էր արշավանքի՝ քվարենց որսալու։
Վերջապես Թերեզիենշտադտի «Վարձով մարմին» ֆիրմայից ինձ համար մարմին ճարեցի, որի մեջ կարող եմ ամենաշատը տասներկու ժամ մնալ, քանի որ բոլոր մարմինները նախօրոք ամբողջ ամառվա համար տարբեր մարդկանց վարձով են տված։ Մարմինն էլ մարմին լինի՝ ծեր, զառամած, ինքներդ եք տեսնում, ու լավ էլ թանկ է։
Ես էլ ընկա սկսեցի պարզել, թե ինչն է պատճառը ու մեկ էլ տեսնեմ այս Երկրացի տուրիստը շվշվացնելով ման է գալիս այն մարմնով, որի համար փող եմ տվել և որը, պայմանագրի համաձայն, այս րոպեին ես պիտի զբաղեցնեի։
Դա ոչ միայն անարդար է, այլև վերին աստիճանի վնասակար իմ առողջության համար։ Այսքան բան։
Տելեպատը հեռացավ իր կացարանը, որպեսզի որոշում կայացնի։ Մի ժամ չանցած վերադարձավ և խոսեց հետևյալ կերպ։
― Երկուսդ էլ ազնվորեն վարձել եք, փոխանակել, մի խոսքով ձեռք եք բերել նույն՝ Զե Կրագգաշի սեփականությունը հանդիսացող մարմինը։ Վերոհիշյալ Զե Կրագգաշը ձեզնից յուրաքանչյուրին առաջարկել է այդ մարմինը։ Այդպիսով վաճառքն իրականցել է բոլոր օրենքների խախտումով։ Զե Կրագգաշի գործողությունը պետք է համարել հանցագործություն, ընդ որում կանխամտածված։ Ես կարգադրեցի հաղորդագրություն ուղարկել Երկիր, որպեսզի այնտեղ անմիջապես ձերբակալեն վերոհիշյալ Զե Կրագգաշին և կալանքի տակ պահեն այնքան ժամանակ, մինչև հնարավոր դառնա հանձնել մարսային իշխանություններին։
Երկուսդ էլ ազնվորեն ձեռք եք բերել միևնույն մարմինը, բայց և այնպես, առաջնային կամ էլի վաղ գնումը ըստ պայամանագրերի կատարել է պարոն Էյջելեր Թրուսը, որը պարոն Մարվին Ֆլինի հանդեպ երեսունութ ժամվա առավելություն ունի։ Հետևաբար պարոն Թրուսը, որպես առաջին գնորդ, իրավունք է ստանում տիրանալ մարմնին, իսկ պարոն Ֆլինը պարտավոր է դադարեցնել անօրինական տիրությունը և ի գիտություն ունենալ սեփականազրկության մասին գրավոր հրահանգը, որը նա հիմա կստանա ինձանից և որը պետք է ի կատար ածվի Գրինվիչյան վեց ստանդարտ ժամվա ընթացքում։
Տելեպատը Մարվինին մեկնեց սեփականազրկության հրահանգը։ Ֆլինը տխուր, սակայն հնազանդությամբ ընդունեց այն։
― Էհ, ինչ արած,― ասաց նա,― ավելի լավ է ետ գնամ Երկիր, իմ սեփական մարմինը։
― Դա,― ասաց տելեպատը,― ամենախելամիտ ընտրությունը կլիներ ձեր կողմից։ Դժբախտաբար, տվյալ պահին այդ բանն անհնար է։
― Անհնա՞ր, ինչո՞ւ։
― Որովհետև,― ասաց տելեպատը,― ըստ Երկրային իշխանության տելեպատային պատասխանի, որ հենց նոր ստացա, ձեր մարմինը, Զե Կրագգաշի գիտակցության ղեկավարությամբ, անհետացել է։ Նախնական հետաքննության արդյունքները մեզ ստիպում են կասկածել, որ Զե Կրագգաշը փախել է Երկրից, յուրացնելով ձեր մարմինը և պարոն Էյջելերի դրամը։
Նորությունն ուշ տեղ հասավ, բայց ի վրեջո Մարվինը հասկացավ ասվածի իմաստը։ Ինքը մնացել էր Մարսում օտար մարմնի մեջ, որից պետք է բաժանվեր։ Վեց ժամից նա կդառնար գիտակցություն առանց մարմնի ու մարմին ճարելու որևէ հույսի։
Գիտակցությունները չեն կարող գոյատևել առանց մարմինների։ Մարվին Ֆլինը դանդաղ ու դժկամությամբ հասկացավ, որ կանգնած է անխուսափելի մահվան դեմ հանդիման։
ԳԼՈՒԽ 6
Մարվինը կուլ չգնաց հուսահատությանը։ Փոխարենը նա տրվեց զայրույթին, որն ավելի առողջ զգացմունք է, սակայն հավասարապես անարդյունավետ։ Փոխանակ հիմարի պես դատարանում նվնվալու, նա հիմարի պես սլանում էր ֆեդերալ շենքի միջանքներով՝ պահանջելով կամ իր մարմինը, կամ կարգին փոխհատուցում։
Անհնար էր զսպել այդ տաքարյուն երիտասարդին։ Իզուր էին փաստաբանները բացատրում, որ եթե արդարություն իրոք գոյություն ունենար, ապա օրենքի ու իրավաբանների կարիք չէր լինի և այդպիսով կվերանար մարդկային ամենավեհ հասկացություններից մեկը ու անգործության կմատնվեր որակյալ մասնագետների մի ամբողջ խումբ։ Քանզի, ասում էին նրանք, օրենքի էությունը կայանում է նրանում, որ գոյություն ունեն չարաշահումներ և խախտումներ, այդ անհամատեղություններն են հենց օրենքի ու արդարադատության անհրաժեշտ լինելու ապացույցն ու հաստատումը։
Այս պարզ բացատրությունը, սակայն, խաղաղություն չբերեց մոլեգնած Մարվինին, որն այդպիսով ապացուցեց, որ ինքը խուլ է հորդորների հանդեպ։ Նա կոկորդը պատռելով բղավում էր, թե թքած ունի մարսային արդարադատության վրա։ Նրա ամոթալի պահելաձևին դիմանում էին միայն հաշվի առնելով, որ ջահել է և հետևաբար ոչ այնքան դաստիարակված։
Բայց զայրույթը ոչ մի արդյունք չտվեց և նույնիսկ Մարվինի հոգում կատարսիսի [25] առողջարար երևույթներ չառաջացրեց։ Մի քանի դատական պաշտոնյա մատնանշեցին այդ փաստը և ի պատասխան միայն նվաստացուցիչ արտահայտություններ լսեցին։
Մարվինը չգիտեր, որ վատ տպավորություն է գործում բոլորի վրա։ Ինչևէ, որոշ ժամանակ անց նրա զայրույթն ինքնիրեն մարեց, փոխարենը մռայլ վրդովմունք թողնելով։
Հենց այդ վիճակում Ֆլինը մոտեցավ մի դռան, որի վրա գրված էր․ «Հետապնդման ու ձերբակալման բյուրո, միջաստղային բաժանմունք»։
― Ըհը,― մրմնջաց Մարվինը և ներս գնաց։
Նա հայտնվեց մի փոքրիկ սենյակում, որը կահավորված էր ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է հին պատմավեպերում։ Պատերի մոտ հպարտ շարվել էին հին, սակայն հուսալի էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ։ Դռան մոտ հին կառուցվածքի մտքատպող թարգմանիչ էր դրված։ Բազկաթոռները կտրուկ ձևեր ունեին և պաստառված էին պաստելային գույնի պլաստիկատով, որը մեր պատկերացումների մեջ առնչվում է ավելի հանգիստ դարաշրջանի հետ։ Միայն պակասում էր ծանրաշարժ ու մեծածավալ «Մորաենին», և սենյակը կդառնար Շեքլիի կամ Անցման դարաշրջանի մյուս վաղ պոետներից մեկի նկարագրած պատկերների կրնկօրինակը։
Միջին տարիքի մի մարսեցի, աթոռին նստած, տեգիկներով խփում էր կանացի հետույքի ձև ունեցող նշանակետին։
Մարվինի ներս գալուն պես նա հապճեպ շրջվեց և ասաց․
― Ժամանկին եկաք, ես ձեզ սպասում էի։
― Իսկապե՞ս,― հարցրեց Մարվինը։
― Ճիշտն ասած, ոչ,― պատասխանեց մարսեցին։― Բայց ես հայտնաբերել եմ, որ այսպիսի սկիզբն արդյունավետ է և օգնում է փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելուն։
― Հապա ինչո՞ւ եք ամեն ինչ փչացնում, ինձ ասելով։
Մարսեցին ուսը թոթվեց և ասաց․
― Դե, ոչ ոք կատարյալ չէ։ Ես ընդամենը շարքային խուզարկու եմ։ Անունս՝ Ուրֆ Ուրդորֆ։ Նստեք։ Մենք կարծես թե գտել ենք Ձեր կորած մուշտակի հետքը։
― Ի՞նչ մուշտակ,― հարցրեց Մարվինը։
― Դուք չե՞ք մադամ Ռիպեր դե Լոուն, տրանսվեստացի տիկինը, որին թալանել են անցյալ գիշեր «Կարմիր ավազաբլուրներ» հյուրանոցում։
― Իհարկե ոչ։ Ես Մարվին Ֆլինն եմ և կորցրել եմ մարմինս։
― Անշուշտ, անշուշտ,― ասաց խուզարկու Ուրդորֆը, գլուխը եռանդուն թափահարելով։― Եկեք կետ առ կետ քննենք։ Արդյոք պատահաբար չեք հիշում, թե որտեղ էիք, երբ առաջին անգամ նկատեցիք, որ ձեր մարմինը չկա։ Չէ՞ր կարող արդյոք ձեր ընկերներից մեկը կատակելու նպատակով այն վերցրած լինել։ Կամ հնարավո՞ր է, որ սխալմամբ ուրիշ տեղ եք դրել, կամ ուղարկել եք արձակուրդի։
― Իրականում ոչ թե կորցրել եմ,― ասաց Մարվինը,― այլ գողացել են։
― Հենց սկզբից էլ պետք է այդպես ասեիք։ Դա գործը միանգամից ուրիշ լույսի տակ է ներկայացնում։ Ես ընդամենը խուզարկու եմ, երբեք մտքեր կարդալու հավակնություն չեմ ունեցել։
― Ցավում եմ, որ սխալ բացատրեցի,― ասաց Մարվինը։
― Ես էլ եմ ցավում,― ասաց խուզարկու Ուրդորֆը։― Ցավում եմ, որ ձեր մարմինը կորել է։ Երևի տհաճ բան է։
― Այո, շատ։
― Ես լավ եմ հասկանում թե ինչ եք զգում։
― Շնորհակալություն։
Մի քանի րոպե բարյացակամ լռություն տիրեց։ Հետո Մարվինը ասաց․
― Դե՞։
― Ներեցե՞ք,― պատասխանեց խուզարկուն։
― Ես ասացի, դե՞։
― Ահ, ներողություն եմ խնդրում։ Առաջին անգամ ձեզ չլսեցի։
― Ոչինչ, ոչինչ։
― Շնորհակալություն։
― Խնդրեմ, խնդրեմ։
Կրկին լռություն տիրեց։ Հետո Մարվինը մի անգամ ևս ասեց՝ դե՞, և Ուրդորֆը պատասխանեց․
― Ներեցե՞ք։
― Ետ եմ ուզում,― ասաց Մարվինը։
― Ի՞նչը։
― Իմ մարմինը։
― Ձեր ինչը՞։ Ախ այո, ձեր մարմինը։ Հըմ, կուզեք, բա ինչ կանեք,― հասկացող ժպիտով ասաց Ուրդորֆը։― Բայց այնքան էլ հեշտ բան չի, չէ՞։
― Չգիտեմ,― ասաց Մարվինը։
― Չեմ էլ կասկածում, որ կիմանաք,― ասաց Ուրդորֆը։ Բայց կարող եմ հավատացնել ձեզ, որ այնքան էլ հեշտ բան չի։
― Ա՜, հասկանալի է,― ասաց Մարվինը։
― Չէի կասկածում, որ կհասկանաք,― ասաց Ուրդորֆը և ընկղմվեց լռության մեջ։
Այս անգամ լռությունը տևեց մոտ քսանհինգ վայրկյան։ Ի վերջո, Մարվինի համբերությունը հատեց և նա գոռաց․
― Գրողը տանի մի բան անելո՞ւ եք մարմինս ետ բերելու համար թե՞ մտադիր եք անվերջ նստած մնալ ձեր հաստ հետույքին և խոսել առանց կոնկրետ բան ասելու։
― Իհարկե ետ եմ բերելու ձեր մարմինը,― ասաց խուզարկուն։― Կամ, ամեն դեպքում, պիտի փորձեմ։ Եվ կարիք չկա վիրավորելու։ Ի վերջո ես մեքենա չեմ, որ պատրաստի պատասխաններով լցված լինեմ։ Ես ճիշտ ձեզ նման բանական արարած եմ, իմ հույսերով ու մտավախություններով և, ի դեպ, հարցաքննության իմ ուրույն ձևն ունեմ, որը գուցե ձեզ անարդյունավետ թվա, բայց իմ տեսակետից շատ օգտակար է։
― Իրո՞ք,― փափկելով հարցրեց Մարվինը։
― Այո, իրոք,― պատասխանեց խուզարկուն, որի մեղմ ձայնը հիշաչարության ոչ մի հետք չէր պարունակում։
Ուր որ է նոր լռություն էր սկսվելու, ուստի Մարվինը հարցրեց․
― Ինչպիսի՞ հնարավորություն ունեմ․․․ ունենք իմ մարմինը ետ ստանալու․․․
― Գերազանց հնարավորություն,― պատասխանեց խուզարկու Ուրդորֆը։― Ես հաստատ համոզված եմ, որ շուտով ձեր մարմինը կգտնեք։ Փաստորեն, ես կարող եմ հեռու գնալ ու ասել, որ վստահ եմ հաջողությանը։ Ես դա ասում եմ ոչ թե հիմնվելով ձեր մասնակի դեպքի ուսումնասիրության վրա, այլ ելնելով վիճակագրական տվյալներից։
― Իսկ այդ տվյալները հուսադրո՞ղ են,― հարցրեց Մարվինը։
― Անտարակույս։ Ինքներդ դատեք․ ես հմուտ խուզարկու եմ, ծանոթ բոլոր նոր մեթոդներին, իմ արդյունավետության գործակիցը բարձրագույնն է՝ ԱԱ֊Ա։ Այդուհանդերձ, պրակտիկ գործունեությանս հինգ տարվա ընթացքում երբեք ոչ մի գործ չեմ բացել։
― Ոչ մի հա՞տ։
― Ոչ մի հատ,― աներկբայորեն ասաց Ուրդորֆը։― Հետաքրքիր է, չէ՞։
― Այո,― ասաց Մարվինը,― բայց արդյոք դա չի՞ նշանակում․․․
― Դա նշանակում է,― ասաց խուզարկուն,― որ, ըստ վիճակագրության, անհաջողությունների իմ երբևէ տեսած կամ լսած ամենաանսովոր շարանը ընդհատվելու վրա է։
Մարվինը շփոթմունքի մեջ ընկավ, իսկ դա մարսային մարմնում անսովոր զգացում է։ Նա ասաց․
― Բայց ենթադրենք շարանը չընդհատվի։
― Հարկավոր չէ սնահավատ լինել,― պատասխանեց խուզարկուն։― Հավականությունն ասում է, որ պիտի ընդհատվի, իրավիճակի նույնիսկ թռուցիկ քննությունը պետք է ձեզ համոզի այդ բանում։ Ես չեմ կարողացել բացել 158 գործ իրար ետևից։ Ձերը 159֊րդն է։ Եթե գրազ գայիք, ո՞ւմ օգտին կդնեիք ձեր դրամը։
― Շարանի շարունակման,― ասաց Մարվինը։
― Ես նույնպես,― ինքնադատապարտող ժպիտը դեմքին համաձայնեց խուզարկուն։― Բայց մենք երկուսս էլ սխալ կլինեինք՝ գրազ բռնած ավելի շուտ մեր զգացմունքների, այլ ոչ թե բանականության հաշվարկների հիման վրա։― Ուրդորֆը երազկոտ նայեց առաստաղին։― Հարյուր հիսունո՜ւթ անհաջողություն։ Դա ֆանտաստիկ ռեկորդ է, անհավատալի ռեկորդ, հատկապես եթե հաշվի առնենք իմ անկաշառությունը, բարեխղճությունը և վարպետությունը։ Հարյուր հիսունո՜ւթ։ Այդպիսի շարանը պարտավո՛ր է ընդհատվել։ Ես կարող էի պարզապես նստել գրասենյակում ու ոչինչ չանել, և հանցագործն ինքը կգար ինձ մոտ։ Հավանականությունն այդ աստիճան իմ կողմն է։
― Այո, սըր,― քաղաքավարի ասաց Մարվինը։― Բայց հույս ունեմ, որ չեք փորձարկի այդ մոտեցումը։
― Ոչ, ոչ, իհարկե, ոչ,― ասաց Ուրդորֆը։― Դա հետաքրքիր կլիներ, բայց ոմանք կարող էին ճիշտ չհասկանալ։ Ոչ, ձեր գործը ես կվարեմ ակտիվորեն, նամանավանդ որ դա սեքսուալ հանցագործություն է, իսկ ես շատ եմ հետաքրքրվում նման բաներով։
― Ներեցե՞ք,― ասաց Մարվինը։
― Ներողություն խնդրելու կարիք չկա,― հավաստացրեց խուզարկուն։― Հարկավոր չէ հուզվել կամ մեղավոր զգալ սեքսուալ հանցագործության զոհ դառնալու դեպքում, թեկուզև շատ քաղաքակրթությունների խորին ժողովրդական իմաստությունը ամոթալի է համարում զոհ դառնալը, համարելով, որ նա գիտակցական կամ անգիտակից մեղսակցություն է կրում։
― Ոչ, ոչ, ես ներողություն չէի խնդրում,― ասաց Մարվինը,― ես պարզապես․․․
― Ես շատ լավ հասկանում եմ,― ասաց խուզարկուն։― Բայց դուք չպետք է քաշվեք պատմել ինձ բոլոր արտառոց ու զզվելի մանրամասները։ Դուք պետք է ինձ համարեք անդեմ պաշոնական մեքենա, այլ ոչ թե գիտակից արարած իր սեռական զգացմունքներով, մտավախություններով, պահանջներով, քմահաճություններով և ցանկություններով։
― Ասածս այն էր,― ընդհատեց Մարվինը,― որ այս գործի մեջ սեքսուալ հանցանք չկա։
― Բոլորն էլ այդպես են ասում,― բարձրաձայն խոսեց խուզարկուն։― Տարօրինակ է, թե մարդկային միտքը ինչպես է հավերժ խուսափում ընդունել անընդունելին։
― Լսեք,― ասաց Մարվինը,― եթե դուք նեղություն կրեիք ծանոթանալ փաստերին, կտեսնեիք, որ դա մաքուր խարդախություն է եղել։ Շարժառիթները՝ փող և ինքնահավերժացում։
― Ես տեղյակ եմ,― ասաց խուզարկուն։― Եվ եթե ծանոթ չլինեի սուբլիմացիայի [26] պրոցեսին, կարող էի համաձայնել ձեզ հետ։
― Բայց ի՞նչ դրդապատճառ կարող էր ունենալ հանցագործը,― հարցրեց Մարվինը։
― Դրդապատճառն ակներև է,― ասաց Ուրդորֆը։― Տիպիկ սինդրոմ։ Այդ մարդը գործել է սպեցիֆիկ հարկադրանքի ազդեցության տակ, որի համար հատուկ բնորոշում գոյություն ունի։ Նրան մղել է այդ քայլին սևեռուն պրոյեկտիվ նարցիսիզմի [27] ծանր վիճակը։
― Չհասկացա,― ասաց Մարվինը։
― Եթե մասնագետ չես, այդպիսի բաների հետ դժվար թե ընդհարվես,― պատասխանեց խուզարկուն։
― Բայց ի՞նչ է նշանակում։
― Դե, չեմ կարող խորանալ բոլոր պատճառական կապերի մեջ, բայց ըստ էության, սինդրոմի հիմնական գիծը տեղաշարժված ինքնասիրահարվածությունն է։ Դա նշանակում է, որ սինդրոմով տառապողը սիրահարվում է մեկ ուրիշին, բայց ոչ որպես ուրիշի։ Ավելի շուտ, նա սիրահարվում է Ուրիշին որպես Ինքնիրեն։ Նա պրոյեկում է իրեն Ուրիշի անձի մեջ, բոլոր տեսակետներից Ինքնիրեն նույնացնելով Ուրիշի հետ և ուրանալով սեփական անձը։ Եվ եթե կարողանա տիրանալ այդ Ուրիշին, լինի դա գիտակցափոխության կամ այլ բանի միջոցով, ապա այդ Ուրիշը կդառնա նրա սեփական անձը, որի հանդեպ արդեն տածում է միանգամայն նորմալ նարցիսային ինքնասիրահարվածություն։
― Մի՞թե ուզում եք ասել,― հարցրեց Մարվինը,― որ այդ գողը սիրել է ինձ։
― Ամենևին։ Կամ ավելի ճիշտ, նա ձեզ չի սիրել որպես ձեզ՝ որպես առանձին անձի։ Նա հանձին ձեզ սիրել է ինքնիրեն, և այսպիսով նրա այդ նևրոզը ստիպել է նրան դառնալ դուք, որպեսզի կարողանա սիրել ինքնիրեն։
― Եվ հենց որ նա դրաձավ ես,― հարցրեց Մարվինը,― արդեն հնարավորություն ստացավ սիրել ինքնիրե՞ն։
― Միանգամայն ճիշտ է։ Այդ երևույթը կոչվում է էգո֊ի աճ։ Ուրիշին տիրանալը հավասար է նախասկզբնական Ես֊ին տիրանալուն․ տիրանալը վերածվում է իքնատիրանալու, սևեռուն պրոյեկցիան վերափոխվում է նորմատիվ անգիտակից համաձուլման։ Նևրոտիկ նպատակակետին հասնելու պես ախտանշանները թուլանում են և սինդրոմով տառապողը հայտնվում է պսևդոնորմալ վիճակի մեջ, որի դեպքում նրա հիվանդությունը կարելի է հայտնաբերել միայն արտաքին նշանների միջոցով։ Դա, իհարկե, մեծ ողբերգություն է։
― Զոհի՞ համար։
― Այո, անշուշտ, նրա համար նունպես,― ասաց Ուրդորֆը։― Բայց ես մտածում էի սինդրոմով տառապողի մասին։ Բանն այն է, որ այս դեպքում երկու կատարելապես նորմալ մղումները միանում են, կամ հատվում և, այդպիսով, այլասերվում։ Սերը սեփական անձի նկատմամբ նորմալ է և անհրաժեշտ, նույնը կարելի է ասել տիրանալու և վերափոխվելու տենչի մասին։ Բայց միասին վերցրած, դրանք կործանարար են իսկական «Ես»֊ի համար, որը դուրս է մղվում այսպես կոչված «Հայելային էգո»֊ի կողմից։ Նևրոզը փակում է դեպի օբյեկտիվ իրականություն տանող դուռը։ Որքան էլ որ անհեթեթ է, անձի ամբողջացումն ի չիք է դարձնում առողջ հոգեկան վիճակի բոլոր հույսերը։
― Դե լավ,― հնազանդվեց Մարվինը։― Դա կօգնի՞ մեզ գտնել իմ մարմինը գողացողին։
― Դա մեզ հնարավորություն կտա հասկանալ նրան,― ասաց խուզարկուն։― Գիտելիքն ուժ է․ մենք հենց սկզբից գիտենք, որ մեր փնտրած մարդը պետք է որ նորմալ գործի։ Դա լայնացնում է մեր գործողությունների շրջանակը և հնարավորություն տալիս գործել այնպես, ասես նա նորմալ է։ Շատ մեծ առավելություն է սկզբի համար այսպիսի ելակետ կամ ընդհանրապես որևէ ելակետ ունենալը, հավատացեք ինձ։
― Ե՞րբ կարող եք սկսել,― հարցրեց Մարվինը։
― Արդեն սկսել եմ,― պատասխանեց խուզարկուն։― Ես իհարկե կպահանջեմ դատական գրառումները և այս գործի հետ կապված բոլոր մնացած փաստաթղթերը և լրացուցիչ տեղեկությունների համար կկապնվեմ ուրիշ մոլորակների իշխանության մարմինների հետ։ Ջանք չեմ խնայի և կճանապարհորդեմ մինչև տիեզերքի վերջը, եթե անհրաժեշտ լինի, կամ ցանկալի։ Ես կլուծեմ այս խնդիրը։
― Շատ ուրախ եմ, որ այդպես եք տրամադրված,― ասաց Մարվինը։
― Հարյուր հիսունո՜ւթ անընդմեջ դեպք,― բարձրաձայն խորհրդածում էր Ուրդորֆը։― Երբևէ լսե՞լ եք անհաջողությունների նման շարանի մասին։ Բայց այս անգամ դրա վերջը գալու է։ Ախր հո անվերջ չի՞ շարունակվելու, չէ՞։
― Չեմ կարծում։
― Կուզեի, որ ղեկավարներս էլ այդ տեսակետն ունենային,― մռայլ ասաց խուզարկուն։― Կուզեի, որ դադարեին ինձ դմբո անվանել։ Նման բառերը, ինչպես նաև քմծիծաղներն ու վեր բարձրացրած հոնքերը, սասանում են մարդու ինքնավստահությունը։ Բարեբախտաբար, ես երկաթյա կամք ունեմ ու աներևակայալի ինքնավստահություն։ Կամ գոնե ունեի առաջին իննսուն անհաջողությունների ժամանակ։
Խուզարկուն մի քանի րոպե մռայլ միտք արեց, հետո ասաց Մարվինին․
― Ես ձեզնից լրիվ ու բացարձակ համագործակցություն եմ սպասում։
― Եվ կստանաք,― ասաց Մարվինը,― միակ դժվարությունն այն է, որ վեց ժամ էլ չանցած ինձ զրկելու են այս մարմնից։
― Ա՜յ քեզ անհաջողություն,― մտացրիվ ասաց Ուրդորֆը։ Նա ակնհայտորեն մտածում էր հետաքննության մասին և միայն դժվարությամբ կրկին ուշադրությունն ուղղեց Մարվինին։― Զրկելո՞ւ։ Ուրեմն, հուսով եմ, ուրիշ միջոցներ եք ձեռնարկել։ Ո՞չ։ Դե, այդ դեպքում, երևի կձեռնարկեք։
― Չգիտեմ, այդ ինչ միջոցներ պիտի ձեռնարկեմ,― մռայլ ասաց Մարվինը։
― Դե, ես հո չե՞մ կարող ձեր ամբողջ կյանքը նախագծել,― նեղսրտած գռմռաց խուզարկուն։ Ինձ վարժեցրել են մի աշխատանքի համար, և այն փաստը, որ շարունակ անհաջողություններ եմ կրել, դեռ չի նշանակում, թե ինձ վարժեցրել են մի այլ աշխատանքի համար։ Ուստի ձեր այդ մարմին ճարելու հարցերը պետք է ինքնուրույն լուծեք։ Հասկացեք, խաղագումարները չափից ավելի մեծ են։
― Գիտեմ,― ասաց Մարվինը։― Մարմին գտնելն ինձ համար կյանքի ու մահվան հարց է։
― Հըմ, այո, դա նույնպես,― ասաց խուզարկուն։― Բայց ես նկատի ունեի ձեր գործի հետաքննությունը և այն կործանարար ազդեցությունը, որ կթողներ ձեր մահն այդ հետաքննության վրա։
― Ա՛յ թե ասելու բան գտաք,― ասաց Մարվինը։
― Ես չէի մտածում իմ խաղագումարի մասին,― ասաց խուզարկուն։― Թեև ես էլ խաղագումար ունեմ դրած։ Բայց ավելի կարևոր է Արդարության գաղափարը և հավատը, որ կհաղթանակի բարին, որից պիտի կախված լինեն չարի վերաբերյալ բոլոր տեսությունները, ինչպես նաև հավանականությունների վիճակագրական տեսությունը։ Եվ բոլոր այս խիստ կարևոր կոնցեպցիաները կարող են տուժել իմ հարյուր հիսունիններորդ անհաջողության պատճառով։ Եվ կարծում եմ կընդունեք, որ սրանք ինչ֊որ տեղ ավելի կարևոր հարցեր են, քան յուրաքանչյուրիս խղճուկ կյանքը։
― Ոչ, չեմ ընդունի,― ասաց Մարվինը։
― Դե լավ, չարժե այդ մասին վիճել,― զվարթ համաձայնեց խուզարկուն։― Մի տեղից ձեզ ուրիշ մարմին գտեք և, ամենակարևորը, կենդանի մնացեք։ Ուզում եմ ինձ խոստանաք, որ ջանք չեք խնայի կենդանի մնալու համար։
― Խոստանում եմ,― ասաց Մարվինը։
― Իսկ ես կհետաքննեմ ձեր գործը և կկապնվեմ ձեզ հետ, հենց որ հաղորդելու բան ունենամ։
― Բայց ինչպե՞ս պետք է գտնեք ինձ,―հարցրեց Մարվինը։― Ես չգիտեմ, թե ինչ մարմնի մեջ կլինեմ, կամ նույնիսկ ինչ մոլորակում։
― Դուք մոռանում եք, որ ես խուզարկու եմ,― ասաց Ուրդորֆը, թույլ ժպտալով։― Գուցե ես դժվարանամ գտնել հանցագործին, բայց երբեք մազաչափ իսկ չեմ դժվարացել զոհերին գտնելիս։ Ես այդ մասին տեսություն ունեմ, որն ուրախ կլինեմ ձեզ հետ քննարկել, հենց որ երկուսս էլ ժամանակ ունենանք։ Բայց առայժմ միայն հիշեք․ որտեղ էլ լինեք, կամ ինչ վիճակում էլ հայտնվեք, ես անշուշտ կգտնեմ ձեզ։ Ուստի մի վհատվեք, խիզախ կացեք և, ամենագլխավորը, կենդանի մնացեք։
Մարվինը համաձայնեց կենդանի մնալ, քանի որ ամեն դեպքում այդպիսի մտադրություն ուներ։ Եվ այդպես էլ առանց մարմին դուրս եկավ շենքից, մինչդեռ թանկարժեք ժամանակը անցնում էր։
ԳԼՈՒԽ 7
ՎԵՐՆԱԳԻՐ ՄԱՐՍ ՍԱՆ֊ՆՅՈՒՍՈՒՄ
(Եռամոլորակ հրատարակություն)
ՍԿԱՆԴԱԼ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀՈՂԻ ՎՐԱ
Մարսի և Տերրայի ոստիկանական մարմինները հայտնեցին գիտակցափոխային սկանդալի մասին։ Որոնվում է սմն Զե Կրագգաշ, մոլորակացեղային ծագումը՝ անհայտ, որն, ըստ տեղեկությունների, վաճառել, գիտակցափոխել կամ այլ եղանակներով տնօրինել է իր մարմինը միաժամանակ տասներկու հոգու։ Զե Կրագգաշի ձերբակալման հրամանաթղթերը ստորագրվել են և երեք մոլորակների շրջանային ոստիկանությունը վստահ է, որ շուտով հաղորդելու բան կունենա։ Այս դեպքը հիշեցնում է 90֊ականների սկզբի «Երկգլխանի Էդիի» տխրահռչակ սկանդալը, որը․․․
Մարվին Ֆլինի թուլացած մատների միջից լրագիրն ընկավ առուն։ Նա դիտում էր, թե ինչպես են հոսող ավազները տանում այն․ թերթի կտորի դառն անցողիկությունը իր իսկ վերին ասիտճանի պայմանական գոյության խորհրդանիշը թվաց։ Մարվինը հայացքը հառեց ձեռքերին, հուսահատ իջեցրեց գլուխը․․․
― Դե, դե, ի՞նչ է պատահել, ջահել։
Ֆլինը նայեց վեր և իր առջև տեսավ էրլանցու կապտականաչ բարի մի դեմք։
― Գործերս լավ չեն,― ասաց Ֆլինը։
― Պատմի լսենք,― ասաց էրլանցին, երեքտակվելով Մարվինի կողքը՝ մայթի վրա։ Ինչպես և իր ցեղի բոլոր ներկայացուցիչները, էրլանցու մոտ արագ կարեկցանքը համատեղվում էր կոշտուկոպիտ պահելաձևի հետ։ Էրլանցիները հայտնի էին որպես բիրտ, սրամիտ մարդիկ, որոնք սիրում են բարեհոգի, ուրախ կատակներ ու ժողովրդական ասացվածքներ։ Լինելով հանրահռչակ ճանապարհորդներ ու առևտրականներ, Էրլան 2-րդի էրլանցիներն ըստ իրենց հավատի պարտավոր էին ճանապարհորդել in corpore [28]։
Մարվինը պատմեց իր պատմությունը սկզբից մինչև անմխիթար ու ալեկոծ այժմը, դաժան ու անողորմ այժմը, անոթի այժմը, որ խժռում է րոպեների ու վայրկյանների նրա աղքատիկ պաշարը, հորձանքի մեջ առած տանելով դեպի այն պահը, երբ վեց ժամերը կթռնեն֊կանցնեն և ինքը, անմարմին, կշպրտվի այն անծանոթ գալակտիկան, որ մադրիկ կոչում են «մահ»։
― Ա՜յ քեզ պատմություն,― բացականչեց էրլացին։― Ինքդ քեզ մի քիչ խղճում ես, չէ՞։
― Ճիշտ եք, գրողը տանի, խղճո՛ւմ եմ,― զայրույթից բռնկվելով ասաց Մարվինը։― Եվ կխղճայի ամեն մեկին, եթե նա վեց ժամից մեռնելու լիներ։ Ինչո՞ւ պիտի ինքս ինձ չխղճամ։
― Ոնց ուզում ես, այնպես էլ արա, քեզ ո՞վ է բան ասում,― պատասխանեց Էրլացին։― Չգիտեմ, թե ինչպես ուրիշները, բայց ես Գուաժուայի ուսմունքի կողմն եմ, որն ասել է՝ մա՞հն է կողքիդ ֆսֆսում, տուր դրա քթին։
Մարվինը հարգում էր բոլոր կրոնները և իհարկե բոլորովին դեմ չէր լայն տարածված հակախորհրդածային ծիսակատարությանը։ Սակայն նա չէր տեսնում, թե Գուժուայի խոսքերն ինչով կարող էին օգնել իրեն և այդպես էլ ասաց։
― Քեզ մի լավ թա՛փ տուր,― բացականչեց Էրլացին։― Խելքդ դեռ տեղն է, վեց ժամ էլ ունես, չէ՞։
― Հինգ ժամ։
― Դե ուրեմն ետևի թաթերիդ վրա կանգնի ու մի քիչ տղամարդու պես պահի քեզ։ Լացուկոծ անելով նույն տեղում քարշ գալուց ի՞նչ օգուտ։
― Ես էլ գիտեմ, որ օգուտ չկա,― ասաց Մարվինը։― Բայց ի՞նչ անեմ։ Մարմին չունեմ, ծախու մարմիններն էլ չափից դուրս թանկ են։
― Այդ մեկը ճիշտ է։ Իսկ Անկախ շուկան մտքովդ չի՞անցել։ Ի՞նչ կասես։
― Բայց ասում են դա վտանգավոր է,― ասաց Մարվինը և շառագունեց, իր ասածի անմտությունը զգալով։ Էրլացին քմծիծաղեց։
― Տեղ հասա՞վ, ջահել։ Բայց լսի, ամեն ինչ կորած չի, մենակ թե քեզ մի լավ թափ տուր։ Անկախ շուկան այդքան վատ բան չի, չնայած շատ են ավել֊պակաս խոսում դրա մասին․ խոսք տարածողները մեծ գիտակցափոխական գործակալություններն են, որոնք ուզում են իրենց առանց այդ էլ ուռացրած կապիտալիստական գներն ավելի մեծացնեն։ Բայց ես մի ծանոթ տղա ունեմ, որն արդեն քսան տարի այնտեղ կարճատև տեղափոխման վրա է ու նա ինձ ասում է, որ տղերքի մեծ մասի վրա հարյուր տոկոսով կարելի է հույս դնել։ Այնպես, որ գլուխդ բարձր պահի, կրծքապանակդ՝ ուղիղ ու լավ միջնորդ ճարի։ Բարով մնաս, ջահել։
― Մի րոպե սպասեք,― գոչեց Մարվինը, երբ էրլացին ոտքի գալարվեց։― Ձեր ընկերոջ անունը ի՞նչ է։
― Ջեյմս Վիրչու [29] Մաքհոնըրի,― ասաց էրլացին։― Նա բռի, գործնական, անխելք, փոքր֊մոքր մարդ է, շատ է սիրում կարմրած խաղող, իսկ խմած ժամանակ կռիվը փողով է առնում։ Բայց գործի մեջ մաքուր է ու ազնիվ, իսկ դրանից ավելի բան նունիսկ սուրբ Քսալից էլ չես կարող պահանջել։ Կասես, որ քեզ Փենգլ Սրախոսն է ուղարկել։ Գնաս բարով։
Ֆլինը Սրախոսին ի սրտե շնորհակալություն հայնտեց, ստիպելով, որ այդ կոշտուկոպիտ, սակայն բարեսիրտ ջենտլմենը անհարմար զգա։ Հետո ոտքի կանգնեց և քայլեց, սկզբից դանդաղ, հետո ավելի արագ, դեպի Քվեյնը, որի հյուսիսարևմտյան կողմում գտնվում էին Անկախ շուկայի կրպակները։ Եվ նրա հույսերը, որոնք մեռնելու վրա էին, սկսեցին կրկին արթնանալ՝ թեկուզև երկչոտ։ Իսկ մոտակա կեղտափոսում պատառոտված լրագիրն ավազի հոսանքով լողում էր դեպի հավերժական ու հանելուկային անապատը։
― Հե՜յ, էստեղ համեցեք, էստե՜ղ։ Նոր մարմիններ հների փոխարե՜ն։ Ընտրեք որը կամենում եք, նոր մարմիններ հների փոխարե՜ն։
Մարվինը սարսռաց, լսելով այդ հինացուրց փողոցային կանչը, ինքնին այնքան ամնեղ և սակայն գիշերային մթին հեքիաթներ հիշեցնող։ Վարանելով, նա առաջ էր գնում փողոցների և ծառուղիների խճճված լաբիրինթոսով, հայտնվում փակուղիներում և բակերում, որոնցից կազմված էր Անկախ շուկայի հին մասը։ Ամեն կողմից առաջարկներ էին լսվում։
― Հարկավոր են բերքահավաքներ Դրագհե՜դայում։ Ցանկացողները կապահովվեն առողջ մարմիններով, ինչպես նաև տելեպատիայով։ Կոմունալ և կուլտուրական լրիվ սպասարկում, ամսական հիսուն վարկ աշխատավարձ և C_3 կարգի հաճույքների լրիվ ցուցակ։ Հենց հիմա կազմվում են հատուկ երկամսյա պայմանագրեր։ Բարի գալուստ գեղեցիկ Դրոգհեդա՝ բերք հավաքելու։
― Զինվորագրվեք նայգվինյան բանա՜կ։ Ունենք քսան շարքային մարմին, ինչպես նաև մի քանի հատուկ մարմին կրտսեր սպաների աստիճաններով։ Բոլոր մարմիններն օժտված են լրիվ ռազմական ունակություններով։
― Աշխատավաձն ինչքա՞ն է,― վաճառողին դիմեց մի տղամարդ։
― Ձեր օրապահիկը և ամիսը մեկ վարկ։
Տղամարդը քմծիծաղեց ու շրջվեց, որ գնա։
― Եվ,― շարունակեց առևտրականը,― թալանելու անսահամանափակ իրավունք։
― Դե, դա ոչինչ,― դժկամությամբ ասաց տղամարդը։― Բայց նայգվինացիք արդեն տասը տարի է, ինչ պարտվում են այդ պատերազմում։ Կորուստների տոկոսը մեծ է, իսկ նոր մարմինների հոսքը՝ փոքր։
― Այժմ ամեն բան այլ կերպ է ընթանալու,― ասաց վաճառողը։― Դուք, ինչպես տեսնում եմ, փորձվա՞ծ վարձկան եք։
― Այո,― պատասխանեց այցելուն։― Անունս Շոն ֆոն Արդին է, ես մասնակցել եմ տիեզերքի այս հատվածի համարյա բոլոր մեծ պատերազմներին, չհաշված բազմաթիվ փոքրները։
― Վերջին կոչո՞ւմը։
― Ջևալադեր՝ կոմս Գանիմեդի բանակում,― ասաց ֆոն Արդինը։― Բայց մինչև այդ Լրիվ քթուզիսի աստիճան ունեի։
― Լավ, լավ,― ասաց վաճառողը, ըստ ամենայնի տպավորված։― Ուրեմն ասում եք Լրիվ քթո՞ւզիս։ Փաստաթղթեր կա՞ն։ Դե լավ, հիմա ասեմ, թե ինչ կարող եմ ձեզ համար անել։ Ես կարող եմ ձեզ նայգվինյան բանակում Երկրորդ կարգի լամանտինային առաջնորդի կոչում առաջարկել։
Ֆոն Արդինը կնճռոտվեց ու սկսեց մատների վրա հաշվել։
― Այսպես, ուրեմն, Երկրորդ կարգի լամանտինային առաջնորդը հավասար է կիկլոպային Կիսահովիտին, որը մի քիչ ավելի ցածր է, քան անաքզորյան Դրոշակարքան, և համարյա կես աստիճան ավելի ցածր, քան դորիական Ծերուկը։ Դա նշանակում է․․․ Է՜, եթե ձեզ միանամ, մի ամբողջ աստիճան կկորցնեմ։
― Ախր ինձ մինչև վերջ չլսեցիք,― շարունակեց վաճառողը։― Դուք այդ կոչումով կծառայեք քսանհինգ օր, ապացուցելու համար մտադրությունների ազնվությունը, որին նայգվինյան քաղաքական ղեկավարները շատ մեծ կարևորություն են տալիս։ Հետո ձեզ միանգամից երեք աստիճան կբարձրացնենք ու կդարձնենք Մելանոան սուպերիոս, որը ձեզ գերազանց հնարավորություն կընձեռի ժամանակավոր Նիզակ֊Ջումբայտի կոչում ստանալու և միգուցե․․․ չեմ կարող ձեզ խոստանալ, բայց կարծում եմ ոչ պաշտոնականորեն կարող եմ հաջողացնել․․․ միգուցե ձեզ նշանակել տամ Թալանմայստեր Էրիդսվուրգի ռազմավարը բաժանելիս։
― Դե,― ասաց ֆոն Արդինը, սեփական կամքից անկախ տպավորված,― եթե կարողանաք հաջողացնել։
― Ներս եկեք խանութ,― ասաց վաճառողը,― ես նախ զանգահարեմ․․․
Մարվինը քայլում էր ականջ դնելով, թե ինչպես տասնյակ ցեղերի պատկանող մարդիկ սակարկում են հարյուրավոր ցեղերի պատկանող վաճառողների հետ։ Անթիվ առաջարկներ էին տեղում նրա վրա։ Մարվինը ոգևորվել էր այդ աշխույժ շուկայում։ Առաջարկները, թեև երբեմն շփոթեցնող էին, սակայն հետաքրքրություն էին գրգռում։
― Սենթիս աստղախմբում պահանջվում է ուտիճ֊մա՜րդ։ Լավ ռոճիկ, ուրախ ընեկարական շրջապատ։
― Պահանջվում է արտագրող Քավենգիի կեղտոտ գրքի համա՜ր, որը պետք է կարողանա ըմբռնել միդրիդարյան ցեղի սեքսուալ հակումերը։
― Արկտուրուսում հարկավոր են այգեգործնե՜ր։ Համեցեք հանգիստ վայելելու գալակտիկայի միակ մտածող֊բանջարեղենների շրջապատում։
― Վեգա 4֊րդում պահանջվում են վարպետ ձեռնաշղթայողնե՜ր։ Պետք կգան նաև կիսահմուտ սանձահարողներ։ Բոլոր արտոնություններով։
Որքա՜ն հնարավորություններ կային գալակտիկայում։ Մարվինին մի պահ թվաց, որ գուցե իր անհաջողությունը ծպտված բարեբախտություն է եղել։ Նա ցանկցալ էր ճանապարհորդել, բայց համեստությունը թույլ չէր տվել, որ երազեր զբոսաշրջիկ լինելուց բացի այլ բաների մասին։ Իսկ ինչքա՜ն ավելի լավ, ավելի հաճելի կլիներ ճամփորդել որևէ առիթով։ Ծառայել նայգվինյան բանակում, ապրել որպես ուտիճ֊մարդ, սովորել, թե ինչ բան է ձեռնաշղթայողը, մինչև անգամ արտագրություններ անել Քավենգիի կեղտոտ գրքից։
Ուղիղ գլխավերևում Մարվինը մի ցուցանակ տեսավ․ «Ջեյմս Վիրչու Մաքհոնըրի՝ կարճատև տեղափոխությունների պատենավոր միջնորդ։ Երաշխավորում ենք գործի հաջողությունը»։
Մինչև գոտկատեղը հասնող վաճառասեղանի մոտ կանգնած սիգար է ծխում մի կոշտուկոպիտ, գործնական, ծուռբերան, փոքրահասակ մարդ՝ ծակող կոբալտակապույտ աչքերով։ Դա կարող էր լինել ոչ այլ ոք, քան ինքը՝ Մաքհոնըրին։ Լուռ ու ամբարտավան, նրա մտքով իսկ չէր անցնում գովել իր ապրանքը։ Փոքրիկ մարդը ձեռքերը կրծքին ծալած դիտում էր կրպակին մոտեցող Մարվինին։
ԳԼՈՒԽ 8
Նրանք կանգնել էին դեմ հանդիման՝ Ֆլինը թույլ կզակը կախած, Մաքհոնըրին՝ շուրթերը պինդ սեղմած։ Մի քանի վայրկյան լռություն տիրեց։ Հետո Մաքհոնըրին ասաց․
― Լսի, ջահել, այստեղ քեզ համար կրկես չի, ես էլ քեզ համար ծաղրածու չեմ, գրողը տանի։ Թե բան ունես ասելու, երգի։ Թե չէ, ճամփադ շարունակի, քանի ոսկորդներդ չեմ կոտրել։
Մարվինը միանգամից տեսավ, որ այդ մարդը քծնամոլ, քաղցրալեզու մարմին վաճառողներից չէ։ Մաքհոնըրիի ճռճռան ձայնի մեջ ստորաքարշության ակնարկ իսկ չկար, ոչ էլ վար ծռված բերանում՝ հաճոյանալու ձգտում։ Ահա մի մարդ, որն ասում էր ինչ մտքով կանցներ և չէր անհանգստանում հետևանքների համար։
― Ես․․․ ես հաճախորդ եմ,― ասաց Ֆլինը։
― Մե՛ծ բան,― խռպոտ բացականչեց Մաքհոնըրին։― Հիմա ի՞նչ է, ուրախությունից գլուխկոնծի՞ տամ։― Նրա չարախինդ պատասխանը և բռի, անկախ պահելաձևը Մարվինին վստահություն ներշնչեցին։ Նա, իհարկե, գիտեր, որ արտաքինը կարող էր խաբուսիկ լինել, սակայն ախր ուրիշ ի՞նչ կերպ է կարելի մեկնումեկի մասին կարծիք կազմել։ Մարվինը հակված էր վստահելու այդ հպարտ ու չար մարդուն։
― Ես մի քանի ժամվա ընթացքում պետք է բաժանվեմ այս մարմնից,― բացատրեց Մարվինը։― Քանի որ սեփական մարմինս գողացել են, ես փոխարինող մարմնի անհետաձգելի կարիք եմ զգում։ Փող շատ քիչ ունեմ, բայց ուզում եմ ու պատրաստ եմ աշխատել։
Մաքհոնըրին սևեռուն նայեց Մարվինին և նրա ամուր սեղմած շրթունքները ծռվեցին սարդոնական ժպիտից։
― Ուրեմն պատրաստ ես աշխատե՞լ, հա՞։ Լավ է, ազնիվ խոսք։ Բայց որպես ի՞նչ ես մտադիր աշխատել։
― Ինչ պատահի։
― Հա՞։ Օրինակ, կարո՞ղ ես գործարկել մոնքալմամետաղե խառատահաստոց՝ ղեկավարման գերզգայուն վահանակով և ձեռքի խոտանիչով։ Չէ՞։ Իսկ գուցե գլուխ հանես մասնիկների ակնթարթային սեպարատորի՞ց։ Դա էլ ճաշակովդ չի, հը՞․․․ Վեգայում մի վիրաբույժ ունեմ, որը մարդ է ման գալիս իր ներվ֊իմպուլսային֊շեղման֊սիմուլյատորը ղեկավարելու (հին մոդել, երկու պեդալով)։ Դա էլ ուզածդ չի՞։ Մենք Պոտեմկին 2֊րդում ջազ֊բանդ ունենք, որին ստամոքսաեղջյուրահար է պետք, իսկ Բոյոթսում մի ռեստորան, որը կարիք ունի քթենսիսյան ճաշատեսակներ լավ իմացող խոհարարի։ Հը, էլի չբռնե՞ց։ Միգուցե կարող ես ծաղիկնե՞ր հավաքել Մորիգլիայում, իհարկե, պետք է ի վիճակի լինես ամենաշատը հինգ վայրկյանում կանխազգալ, թե որն է ծաղկելու։ Կամ կարող ես մարմնակետային զոդում անել, թե որ քաջությունդ հերիքի, կամ ֆիլոպոդ ռեկլամային պրոյեկտ ղեկավարել, կամ սողացող ընձյուղի միջանկյալ սիստեմներ կառուցել, կամ․․․ բայց չեմ կարծում, որ ասածներիցս մեկնումնեկը սրտիդ մոտ է, հը՞։
Ֆլինը գլուխը տարուբերեց և մրմնջաց․
― Ես այդ գործերից ոչինչ չեմ հասկանում, սըր։
― Պատկերացնո՞ւմ ես,― ասաց Մաքհոնըրին,― դա ինձ այնքան չի զարմացնում, ինչքան քեզ թվում է։ Իսկ կա՞ մի բան, որ կարող ես անել։
― Քոլեջում ես սովորում էի․․․
― Դու ինձ կյանքդ մի՛ պատմի։ Ինձ հետաքրքրում է քո ընդունակությունը, հմտությունը, տաղանդը, մասնագիտությունը, հնարավորությունը, անվանի ոնց ուզում ես։ Կոնկրետ, ի՞նչ կարող ես անել։
― Դե,― ասաց Մարվինը,― եթե հարցն այդպես է դրվում, առանձնապես ոչ մի բան։
― Գիտեմ,― ասաց Մաքհոնըրին, հառաչելով։― Դու ոչ որակյալ ես՝ դա ճակատիդ է գրված։ Սիրելիս, քեզ երևի հետարքիր կլինի իմանալը, որ ոչ որակյալ գիտակցություն կեղտից շատ կա։ Շուկան հեղեղված է նման գիտակցություններով, իսկ տիեզերքում դրանցից տեղ ու դադար չկա։ Քեզ երևի հետաքրքիր կլինի իմանալ՝ չկա մի բան, որը մեքենան չի անի քեզնից լավ, արագ ու ավելի պատրաստակամ։
― Ափսոս, որ այդպես է, սըր,― ասաց Մարվինը, տխուր, սակայն արժանապատվորեն։ Նա շրջվեց, որ հեռանա։
― Մի րոպե,― ասաց Մաքհոնըրին։― Դու կարծեմ աշխատանք էիր ուզում։
― Բայց դուք ասացիք․․․
― Ես ասացի դու որակյալ չես, և դա այդպես է։ Եվ ես ասացի, որ մեքենան կարող է ամեն ինչ անել ավելի լավ, արագ ու պատրաստակամ, բայց ոչ ավելի էժան։
― Ա՛հ,― ասաց Մարվինը։
― Հա, էժանության տեսակետից դուք դեռ առավելություն ունեք մեքենաների հանդեպ։ Եվ դա մեր ժամանակներում մեծ բան է։ Ես միշտ մարդկային ցեղի արժանիքն եմ համարել, որ այն երբեք չափից դուրս չի բազմանում։ Մեր բնազդները սիտպում են մեզ շատանալ, մինչդեռ բանականությունը հրամայում է զսպել այդ մոլուցքը։ Մենք մնան ենք այն հորը, որը շատ որդիներ է ծնել, բայց ճար է փնտրում ազատվելու բոլորից, բացի մեծից։ Մենք բնազդը կույր ենք անվանում, սկայն բանականությունն էլ է կույր։ Բանականությունն ունի իր կրքերը, սերն ու ատելությունը, ոչ երնեկ այն մտածողին, որի կատարյալ ու ռացիոնալ սիստեմը հիմնված չէ պրիմիտիվ զգացմունքների վրա։ Այդպիսի մարդուն մենք իրավունք չունենք նորմալ համարելու։
― Ես դա չգիտեի,― ասաց Մարվինը։
― Գրողը տանի, դա ակնհայտ է,― ասաց Մաքհոնըրին։― Բանականության նպատակաը մարդկային ցեղն անգործության մատնելն է։ Բարեբախտաբար, դա երբեք չի հաջողվի։ Մարդը միշտ էլ աշխատանքում կգերազանցի մեքենային։ Սևագործ աշխատանք կճարվի բոլորի համար։
― Վատ չէ,― կասկածանքով ասաց Ֆլինը։― Եվ, իհարկե, շատ հետաքրքիր է։ Բայց երբ Փենգլ Սրախոսն ասաց, որ գամ ձեզ մոտ, ես մտածեցի․․․
― Էյ, ինչ ասացի՞ր,― բացականչեց Մաքհոնըրին։― Դու Սրախոսի ընկե՞րն ես։
― Կարելի է այդպես ասել,― պատասխանեց Ֆլինը, խուսափելով բացարձակ ստից։
― Հենց սկզբից պիտի ասեիր։ Ճիշտ է, դա ոչինչ չէր փոխի, քանի որ ասածներս սկզբից մինչև վերջ համապատասխանում էին իրականությանը։ Բայց այդ դեպքում ես քեզ կասեի, որ ոչ որակյալ լինելն ամոթ բան չի, գրողը տանի, բոլորս էլ դրանից ենք սկսում։ Եթե կարճատև տեղափոխման ժամանակ եռանդ ցուցաբերես, շատ արագ որակ ձեռք կբերես։
― Հուսով եմ, սըր,― ասաց Ֆլինը՝ նա զգուշացավ, տեսնելով, որ Մաքհոնըրին բարեկամական տոնի է անցել։― Իսկ ինձ համար մի բան կգտնվի՞։
― Կգտնվի,― ասաց Մաքհոնըրին։― Մեկ շաբաթանոց պայմանագիր է, եթե դուրդ չգա էլ, մի շաբաթ դիմանալ կարելի է։ Հաճելի ու համատեղելի աշխատանք է, մաքուր օդին, և առանձնապես խելքին զոռ տալու կարիք չի լինի։ Աշխատանքային պայմանները լավն են, ղեկավարները՝ հմուտ, բանվորները՝ կարգին մադրիկ։
― Հրաշալի է հնչում,― ասաց Ֆլինը։― Հապա ի՞նչը այնպես չէ։
― Դե, այդ աշխատանքով չես հարստանա,― ասաց Մաքհոնըրին,― մի խոսքով, փողի կողմից գոչծը լավ չի։ Բայց, գրողը տանի, երկու երնեկ մի տեղ չի լինում։ Այդ մի շաբաթը քեզ հնարավորություն կտա կշռադատելու, մյուս բանվորների հետ խոսելու, անելիքդ որոշելու։
― Ի՞նչ աշխատանք է,― հարցրեց Մարվինը։
― Պաշտոնապես կոչվում է Ութեքայի երկրորդ կարգի ինդագատոր։
― Տպավորիչ անուն է։
― Ուրախ եմ, որ դուրդ գալիս է։ Դա նշանակում է, որ պիտի ձվեր փնտրես։
― Ձվե՞ր։
― Ձվեր։ Կամ, ավելի կոնկրետ փնտրես, իսկ փնտրելուց հետո հավաքես լեռնային գանզերի ձվեր։ Ո՞նց է, գլուխ կհանե՞ս։
― Ես կուզեի ավելի շատ բան իմանալ հավաքման տեխնիկայի, աշխատանքային պայմանների և․․․
Նա կանգ առավ, քանի որ Մաքհոնըրին դանդաղ, տխուր օրորում էր գլուխը։
― Դու կարող ես պարզել, երբ այնտեղ կլինես։ Ես քեզ տուրիստական ուղևորություն չեմ առաջարկում, որ դեռ չեմուչում անես։ Ուզո՞ւմ ես, թե՞ չէ։
― Ուրիշ աշխատանք կա՞։
― Ոչ։
― Ուրեմն ուզում եմ։
― Խելոք որոշում ընդունեցիր,― ասաց Մաքհոնըրին։ Նա գրպանից մի թուղթ հանեց։― Սա պետականորեն հաստատված ստանդարտ պայմանագիր է, գրված կռո֊մելդերեն՝ Մելդե 2֊րդի պետական լեզվով։ Կռո֊մելդերեն կարդալ գիտե՞ս։
― Ցավոք ոչ։
― Այդ դեպքում, ինչպես պահանջում է օրենքը, ես քո համար կթարգմանեմ կարևոր նախադասությունները։ Այսպես, ուրեմն․․․ սովորական հայտարարություն այն մասին, որ ընկերությունը պատասխանատու չէ հրդեհի, երկրաշարժի, ատոմային պատերազմի, հին արևի մարելու կամ նոր արևի ծագելու, աստծո կամ աստվածների պատուհասների դեպքում և այլն։ Ընկերությունը համաձայնում է վարձել քեզ ամսական մեկ վարկ աշխատավարձով, չհաշված՝ ճանապարհածախսը Մելդե։ Մելդեում ընկերությունը քեզ կապահովի մելդեական մարմնով, մի ձեռք հագուստով, ուտելիքով ու օթևանով, հոգ կտանի առողջությանդ և բարեկեցությանդ մասին, չհաշված այն ժամանակ, երբ չի կարողանա այդ անել, որի դեպքում չի անի, իսկ դու այդ թերացումը սրտիդ մոտ չպիտի ընդունես։ Այս և ուրիշ ծառայությունների փոխարեն դու պետք է կատարես հրահանգներն ու հանձնարարությունները՝ բացարձակապես վերաբերող գանզերի ձվեր գտնելուն ու հավաքելուն։ Եվ թող աստված գթա քո հոգին։
― Ներեցեք, ինչպե՞ս,― հարցրեց Ֆլինը։
― Վերջինը պարզապես ստանդարտ դիմելաձև է։ Ըհը, կարծես թե վերջ։ Դու, իհարկե, պիտի երաշխավորես, որ չես անի սաբոտաժ, լրտեսությւոն, չես դրսևորի անհարգալից վերաբերմունք, անհնազանդություն և այլն, ու որ կխուսափես ու հեռու կմնաս սեռական այլանդակություններից, որոնք նկարագրված են Հոֆմայերի «Մելդեական այլասերումների կատալոգում»։ Նաև երաշխավորում ես չհրահրել պատերազմ, լվացվել ոչ պակաս, քան երկու օրը մեկ, պարտքեր չանել, հարբեցող կամ խելագար չդառնալ, և բազմաթիվ այլ բաներ, որոնց դեմ ոճ մի խելքը գլխին մարդ չի առարկի։ Այդքան բան։ Եթե կարևոր հարցեր ունես, կփորձեմ պատասխանել։
― Այդ բաները,― ասաց Ֆլինը,― որ պետք է երաշխավորեմ․․․
― Դա կարևոր չէ,― ասաց Մաքհոնըրին․․․― Աշխատանքն ուզո՞ւմ ես, թե ոչ։ Այո կամ ոչ։
Մարվինը կասկածներ ուներ, սակայն դժբախտաբար, ընտրելու հնարավորություն չկար, և դա տվյալ իրավիճակում կասկածներն անիմաստ էր դարձնում։ Մի կարճ ակնթարթ նա հիշեց խուզարկուին, հետո վճռականորեն հեռու վանեց այդ միտքը։ Ինչպես ասաց Մաքհոնըրին՝ ինչքա՞ն վատ կարող է լինել, չէ՞ որ ընդամենը մեկ շաբաթ է։ Ուստի Մարվինը համաձայնեց, իր հոժարությունը գրանցելով էջի ստորին մասում գիտակցազգայուն ունիվերսալ ստորագրիչի միջոցով։ Մաքհոնըրին նրան առաջնորդեց Տեղափոխման կենտրոն, որտեղից գիտակցություններն ուղարկվում էին գալակտիկայով մեկ, մտքից միլիոնավոր անգամ ավլեի արագ։
Հաջորդ բանը, որ տեսավ Մարվինը, այն էր, որ ինքը Մելդեում է, մելդեական մարմնով։
ԳԼՈՒԽ 9
Մելդեական Գանզերների Անձրևային անտառը խորունկ էր ու թավ․ մեղմիկ զեփյուռ էր շշնջում հսկա ծառերի մեջ,սահում պինդ հյուսված լիանաների արանքով ու կուզեկուզ սողում սրածայր խոտերի միջև։ Ջրի կաթիլներն ալարկոտ սղղում էին խառնիխուռն տերևների վրայով՝ ինչպես լաբիրինթոսում մոլորված հոգնաբեկ վազորդներ և ի վերջո հանգիստ էին գտնում ճահճանման անտարբեր հողի ընդերքում։ Ստվերները միախառնվում էին ու պար բռնում, մարում և վերստին հայտնվում, անիրական կյանքի կոչվելով բորբոսականաչ երկնքում հանգրվանած երկու հոգնատանջ արևների կողմից։ Գլխավերևում միայնակ թերենգոլը դայլայլում էր, որոնելով իր կողակցին, և ի պատասխան լսում էր գիշատիչ ցատկաթագի չարագուշակ կռկռոցը։ Եվ այդ տրտում անտառով, այնքան տանջալիորեն նման Երկրին, բայց այնքան տարբեր, քայլում էր Մարվին Ֆլինն իր օտարոտի մելդեական մարմնով, աչքերը հառած վար, փնտրելով գանզերի ձվեր, բայց չիմանալով, թե դրանք ինչ են։
Ամեն ինչ շատ արագ կատարվեց։ Մելդե հասնելու պահից նա ժամանակ չէր ունեցել մի վայրկյան հանգստանալու։ Հազիվ էր մարմնավորվել, երբ ուղիղ ականջի տակ ինչ֊որ մեկը սկսեց գոռալով հրամաններ տալ։ Ֆլինը հապճեպ հասցրեց հայացքը նետել իր չորս֊ձեռքանի, չորս֊ոտքանի մարմնին, փորձի համար պոչով կամաց մտրակեց գետնին և ականջները ծալեց֊դրեց մեջքին․ հետո նրան տարան մյուս բանվորների մոտ, ասացին բարաքի համարը և ճաշարանի տեղը, հարկ եղածից երկու անգամ մեծ ջեմպր տվեցին և կոշիկներ, որոնք ոտքերին համար էին, բացի առջևի ձախից։ Նա ստորագրեց ու ստացավ իր նոր արհեստի գործիքները․ մեծ սինթետիկ պայուսակ, մուգ ակնոց, կողմնացույց, ցանց, աքցան, ծանր մետաղե եռոտանի և բլաստեր։
Մարվինին ու մյուս բանվորներին շարք կանգնեցրին և մենեջերը՝ ձանձրացած ու գոռոզ մի ատրեյացի, կարճ դասախոսություն կարդաց։
Ֆլինն իմացավ, որ իր նոր ապրելավայրը գտնվում է Ալդեբերանի մոտակայքում՝ տիեզերքի մի խուլ հատվածում։ Մելդեն (որ այդպես էր կոչվում այնտեղ բնակվող հիմնական ցեղի՝ մելդեցիների պատվին) երկրորդ կարգի մի աննշան մոլորակ էր։ Կլիման այդտեղ դասակարգվում էր որպես «անտանելի» ըստ Հուրլիհան֊Չանցի տանելիության սանդղակի, բնական ռեսուրսները՝ որպես՝ «ծայրահեղ ցածր», գեղագիտառեզոնանսային գործոնը՝ (չծանրաբեռնված)՝ որպես «չտրամադրող»։
― Սա այն տեղերից չէ,― ասաց մենեջերը,― որ մարդ կընտրեր արձակուրդ գնալիս, կամ որևէ այլ բանի համար, բացի ծայրահեղ դիմացկունության պրակտիկայից։
Լսողները անհանգստությունից կամացուկ ծիծաղեցին։
― Այդուհանդերձ,― շարունակեց մենեջերը,― այս չսիրված ու անբարետես վայրը, գալակտիկական այս փորձանքը, տիեզերական այս ոչնչությունը իր բնակիչների հարազատ տունն է, որը նրանք համարում են տիեզերքի ամենահրաշալի վայրը։
Մելդեցիները՝ հպարտ ու համառ այդ մարդիկ, ձեռքների եկածն արել էին, որ բարելավեն իրենց ժառանգած դժվարին կյանքը։ Հավերժական ձախորդներին հատուկ խիզախ վճռականությամբ, նրանք մշակել էին անձրևային անտառի եզրերը և շլացուցիչ լայնարձակ անապատներից անորակ հանքաքարերի աղքատիկ պաշար էին հավաքել։ Նրանց դժոխային համառությունը ոգևորող էր, բայց ափսոս որ հոգնեցուցիչ, իսկ նրանց ջանքերը հպարտ ոգու գովքը կլինեին, բայց ցավոք, անընդհատ վերջանում էին անհաջողությամբ։ Որովհետև, չնայած կատարվող ծանր աշխատանքին, մելդեցիները չէին արժանանում ոչնչի, բացի դանդաղ սովամահությունից՝ ներկայում և ռասսայական վերաբերման ու մահացման սպառնալիքից՝ ապագայում։
― Ահա սա է Մելդեն,― ասաց մենեջերը։― Կամ, ավելի ճիշտ, ահա թե ինչպիսին կլիներ Մելդեն, եթե չլիներ մի լրացուցիչ գործոն։ Այդ գործոնը հավասարակշռում է հաջողությունը և անհաջողությունը։ Խոսքը, իհարկե, գանզերի ձվերի գոյության մասին է։
― Գանզերի ձվե՛ր,― կրկնեց մենեջերը։― Ոչ մի ուրիշ մոլորակ դրանցից չունի և ոչ մի ուրիշ մոլորակ այդքան սուր դրանց կարիքը չի զգում։ Գանզերի ձվե՜ր։ Տիեզերքում ոչ մի բան այդքան չի համապատասխանում «ցանկալի» հասկացությանը։ Գանզերի ձվե՛ր։ Հարգանք մատուցենք դրանց։
Գանզերի ձվերը Մելդե մոլորակի միակ արտահանման առարկան էին։ Եվ, մելդեցիների համար բարեբախտաբար, այդ ձվերի պահանջարկը միշտ սուր էր։ Օրիխադեսում գանզերի ձվերն օգտագործվում էին որպես սիրային մասունքներ, Օպիուչուտ 2֊րդում դրանք աղում էին և ուտում որպես սեռական կարողություններն ուժեղացնող գերազանց միջոց, Մորիխադեսում, օրհնելուց հետո, խելահեղ քթենգիները երկրպագում էին այդ ձվերին։ Շատ ուրիշ օգտագործման ձևեր կարելի էր հիշել։
Այսպիսով, գանզերի ձվերը խիստ կարևոր բնական հարստություն էին, մելդեցիների ունեցած միակ հարստությունը։ Դրանց միջոցով մելդեցիները կարողանում էին քաղաքակրթության տանելի աստիճան պահպանել։ Առանց այդ ձվերի մելդեցիների ցեղն անշուշտ կկործանվեր։
Գանզերի ձու ձեռք բերելու համար հարկավոր է ընդամենը կռանալ ու վերցնել այդ ձուն։ Բայց ահա այստեղ որոշակի դժվարություններ էին թաքնված, քանի որ գանզերը (ինչը որ բնական էր) դեմ էին այդ բանին։
Գանզերներն անտառաբնակ արարածներ էին, ծագումով՝ սողուններ։ Նրանք խիստ վտանգավոր էին, խորամանկ, կատաղի, հմտորեն թաքնվում էին և բացարձակապես չէին ենթարկվում վարժեցման։ Այդ հատկությունները գանզերի ձու հավաքելը վերին աստիճանի վտանգավոր զբաղմունք էր դարձնում։
― Հետաքրքիր իրավիճակ է,― շարունակեց մենեջերը,― և ոչ զուրկ պարադոքսայնությունից, որ Մելդեում կյանքի հիմնական աղբյուրը նաև մահացության հիմնական պատճառն է։ Արժե, որ այդ մասին բոլորդ մտածեք աշխատանքային օրը սկսելուց առաջ։ Ուրեմն, զգույշ եղեք, ամբողջ ժամանակ աչալուրջ, յոթ չափեք մեկ կտրեք, խնայեք ձեր պետական կյանքերը և արժեքավոր մարմինները, որ ձեզ վստահել են։ Բայց նաև հիշեք, որ պետք է կատարեք ձեր նորման, քանի որ ամեն մի պակաս ձուն արդեն նորմայի խախտում է և պատժվում է մեկ շաբաթվա հավելյալ աշխատանքով։ Հետևաբար եղեք զգույշ, բայց ոչ չափից դուրս զգույշ և եղեք համառ, բայց ոչ կուրորեն և համարձակ, բայց ոչ անխոհեմ և ջանադիր, բայց ոչ խելահեղ։ Հետևեք այս հասարակ կանոններին և դժվարություն չեք ունենա։ Բարի ճանապարհ, տղանե՛ր։
Մարվինն ու նրա գործընկերները շարքեր կազմեցին և երկու֊երկու քայլեցին անտառ։
Մեկ ժամից նրանք հասան աշխատանքային տեղամաս։ Մարվին Ֆլինն օգտվեց այդ առիթից և տասնապետին խնդրեց հրահանգներ տալ։
― Հրահանգնե՞ր,― հարցրեց տասնապետը։― Ի՞նչ ձևով տեսակի հրահանգներ (նա օրինաթացի էր և լեզուների հարցում առանձնապես ընդունակ չէր)։
― Ուզում եմ ասել, ի՞նչ պիտի անեմ։
Տասնապետը երկար մտածեց և ի վերջո պատասխանեց․
― Դու պիտի հավաքել գանզերի ձու։ (Զվարճալին այն էր, որ նա արտասանեց «գանցեր»)։
― Ես հասկանում եմ,― ասաց Ֆլինը։― Բայց ասածս այն է, որ նույնիսկ չգիտեմ, թե գանզերի ձուն ինչ տեսք ունի։
― Բան չկա,― պատասխանեց տասնապետը։― Դու որ տեսնել, իմանաս, այո, սխալ չկա։
― Այո, սըր,― ասաց Մարվինը։― Իսկ երբ գանզերի ձուն գտնեմ, վարվելու որևէ հատուկ կանոն կա՞։ Ուզում եմ ասել, ի՞նչ անեմ, որ չջարդվի, կամ․․․
― Վարվելո՞ւ,― ասաց տասնապետը,― դու վերցնել ձուն, դնում պայուսակի մեջ։ Հասկանա՞լ այս բանը, այո՞, ո՞չ։
― Իհարկե հասկանում եմ,― ասաց Մարվինը։― Բայց ես նաև կուզեի իմանալ, թե որքա՞ն է օրեկան պահանջվում հավաքել։ Ուզում եմ ասել, ինչ֊որ քանակային սիստեմ կա՞, ենթադրենք ըստ ժամերի։ Ինչպե՞ս պիտի իմանամ, երբ է նորման կատարված։
― Ա՜,― ասաց տասնապետը,― նրա լայն, բարեհոգի դեմքի արտահայտությունից զգացվեց, որ հասկացել է։― Մի խոսքով այսպես։ Դու վերցնում գանզերի ձու, դնում պայուսակ, եղա՞վ։
― Եղավ,― միանգամից պատասխանեց Մարվինը։
― Դու անում իրար հետևից մինչև պայուսակ լիքը, հասկացա՞ք։
― Իմ կարծիքով այո,― ասաց Մարվինը։― Լիքը պայուսակը ներկայացնում է իրական կամ իդեալական քանակությունը։ Մի րոպե նորից հերթով նշեմ, որպեսզի լրիվ վստահ լինեմ, որ հասկացա։ Նախ, ես հայտանբերում եմ գանզերի ձվերը, որպես հիմք ընդունելով համապատասխան Երկրային պատկերացումները և ըստ երևույթին առանց դժվարության ճանաչելով։ Երկրորդ, հայտնաբերելով ու ճանաչելով ցանկալի օբյեկը, ես կատարում եմ «իմ զամբյուղը դնելու» գործողությունը, որն ինձ պատկերվում է հետևյալ կերպ՝ ձեռքով բարձրացնել, որպես ընդհանուր գործողության սկզիբ, իսկ հետո շարունակել այդ սկզբնականից բխող այլ գործողություններով։ Երրորդ, X անգամ կրկնելով այս օպերացիան, որը կնշանակենք որպես S մեծություն, ես կստանամ SX=B! հավասարումը, որտեղ B֊ն ներկայացնում է պայուսակի պարունակությունը, իսկ !֊ն՝ X գործողությունների այն քանակությունը, որն անհրաժեշտ է B֊ն լցնելու համար։ Վերջապես, օպերացիաների ընդհանուր գումարը հասնում է ցանկալիին և ես վերադառնում եմ ճամբար, որտեղ դատարկում եմ պայուսակիս պարունակությունը։ Ճի՞շտ եմ պատկերացնում, սըր։
Տասնապետը պոչով կտտացրեց իր ատամներին և ասաց․
― Դու ինձ ձե՞ռք առնել, հը՞, բալիկ։
― Սըր, ես պարզապես կամենում էի վստահ լինել․․․
― Դու մեծ կատակ անում խեղճուկրակ գյուղացի օրինաթացու գլխին, հա, բա ոնց, հը՛։ Դու կարծում, որ այդքան խելոք, բայց չես այնքան խելոք։ Հիշեք, ոչ ոք չսիրում երևակայողներ։
― Ներողություն,― ասաց Մարվինը, պոչը հարգալից թափահարելով։ (Բայց նա անկեղծ չէր։ Սա արիության նրա առաջին դրսևորումն էր այն պահից, ինչ սկսվել էր վայրիվերող դեպքերի շարանը, և Մարվինն ուրախ էր հավաստիանալու, որ ընդունակ էր հոգու որոշ ամրություն դրսևորել, որքան էլ դա անժամանակ լիներ կամ սխալ մեկնաբանվեր)։
― Ինչևէ, ես կարծում դու հասկանալ գործի տարրական հիմքեր շատ լավ, դրա համար գնալ ու անել գործ մեծ, ու գլուխ չպահել, թե չէ ես ջարդեմ քո վեց կամ յոթ ոտք ու ձեռ, բռնե՞ց։
― Բռնեց,― ասաց Ֆլինը, շրջվեց ու վարգով ընթացավ անտառ՝ գանզերի ձվերի որոնումները սկսելու։
Գլուխ 10
Մարվին Ֆլինը թափառում էր ու մտածում, թե գանզերի ձուն ի՞նչ տեսք ունի։ Նա նաև երջանիկ կլիներ իմանալ, թե հանդերձանքը ի՞նչ նպատակով է գործածելու (արևի ակնոցն ի՞նչ օգուտ պիտի տար անտառի մութ թավուտում, դե իսկ ծանր եռոտանու դերն ընդհանրապես անհասկանալի էր)։
Նա անձայն քայլում էր անտառով, ռունգները լայնացրած, այսուայնկողմ ոլորելով չռած աչքերը, որոնց փայլը խամրել էր։ Մարվինի ոսկեգույն մորթին, որից ափիստիմի թույլ հոտ էր գալիս, ցնցվում էր հզոր մկանների խաղից՝ հանգիստ, սակայն կազմուպատրաստ վայրկենաբար լարվելու։
Անտառը կանաչ ու գորշ գույների մի սիմֆոնիա էր, մերթընդմերթ հնչող լիանաների վառ կարմիր գլխավոր թեմայով, կամ յասաբաբայի ծիրանագույն օժանդակ թեմայով, կամ, ավելի հազվադեպ, նարնջագույն հարձակացախի խորհրդավոր հոբոյական սոլոյով, և այնուհանդերձ, մռայլ ու մտախոհ տրամադրություն էր առաջանում այդ անտառում, ինչպես լունապարկում լուսաբացից մեկ ժամ առաջ։
Բայց այն ի՞նչ է։ Այ այնտեղ։ Մի քիչ դեպի ձախ։ Այո, այո, բոկուծառի հենց տակ։ Մի՞թե․․․ Չլինի՞․․․
Ֆլինն աջ ձեռքով տերևները հեռու տարավ և կռացավ։ Այնտեղ, խոտի ու միահյուսված ճյուղերի արանքում, նա մի փայլփլուն առարկա տեսավ, որ նման էր թանկարժեք քարերով զարդարված ջայլամի ձվի։
Տասնապետը ճիշտ էր։ Գանզերի ձուն ոչնչի հետ հնարավոր չէր շփոթել։
Մարվինը հիպնոսացվածի պես դիտում էր այդ եզակի առարկան։ Նա տեսավ միլիոնավոր հեքիաթային կրակներ, որոնք վառ փայլատակում էին ձվի թեք, խայտաբղետ մակերևույթին։ Ստվերները սահում էին ձվի վրայով կիսամոռացված երազների բուրմունքի պես, շարժուն տեսլիների նման թրթռալով ու զալարվելով։ Լուսաբացի ու մթնշաղի արձագանքները ողողեցին Մարվինի հոգին, աչքի առաջ գծագրվեցին բյուրեղյա առվակից անշտապ ջուր խմող նախիրներ, սպիտակ քարե ճանապարհի կողքին աճած տխրադալուկ նոճիներ։
Բայց հակառակ իր քնքուշ զգացմունքներին, Մարվինը ավելի կռացավ ու ձեռքը պարզեց, աներկմիտ վճիռ կայացնելով վերցնել գանզերի ձուն և բանտարկել սինթետիկ պայուսակի մեջ։ Նրա ձեռքը մեղմորեն դիպավ բոցկլտացող գնդին․․․
Նա արագ ձեռքը ետ քաշեց՝ բոցկլտացող գունդը շիկացած երկաթից տաք էր։
Մարվինը գանզերի ձվին նայեց մի նոր ձևով՝ ավելի հարգալից։ Այժմ նա հասկացավ, թե ինչի համար էին իրեն աքցան տվել։ Նա մոտ բերեց աքցանը և զգուշորեն փակեց ծնոտները բաղձալի սֆերոիդի վրա։
Բաղձալի սֆերոիդը ռետինե գնդակի նման հեռու ցակտեց։ Մարվինը քառատրոփ արշավեց ետևից, փորձելով ցանցը վրան գցել։ Գանզերի ձուն խույս տալով ու ցատկոտելով սլանում էր դեպի թավուտը։ Մարվինը հուսահատ նետեց ցանցը և հաջողությունը ժպտաց նրան։ Գանզերի ձուն բռնվեց։ Այն անշարժ պառկած էր, բաբախելով այնպես, ասես շունչը կտրվում էր։ Մարվինը զգույշ մոտեցավ՝ պատրաստ նոր խորամանկությունների։ Փոխարենը գանզերի ձուն խոսեց։
― Լսեք, պարոն,― խուլ ձայնով ասաց այն։― Ձեր ուզածն ի՞նչ է։
― Ներեցե՞ք,― չհասկացավ Մարվինը։
― Լսեք,― ասաց գանզերի ձուն։― Ես ինձ համար հանգիստ զբոսայգում նստած եմ, ոչ մեկին չեմ խանգարում, և հանկարծ գալիս եք դուք ու ցնդածի նման նետվում եք վրաս․ ճխլում ուսս և ընդհանրապես պահում եք ձեզ ամենավերջին խուլիգանի պես։ Դե, բնականաբար, ես մի քիչ տաքացա։ Իսկ ո՞վ չէր տաքանա։ Ուստի որոշեցի մի կողմ քաշվել գնալ, որովհետև այսօր հանգստյանս օրն է, և ես փորձանքի մեջ ընկնելու ցանկություն չունեմ։ Ու մեկ էլ տեսնեմ, առ հա՛, վրաս ցանց եք գցում, կարծես ես մի գրողի տարած ձուկ եմ կամ թիթեռ կամ չգիտեմ ինչ։ Հիմա ուզում եմ իմանալ, սա ի՞նչ բան է։
― Հըմ,― ասաց Մարվինը,― ախր դուք գանզերի ձու եք։
― Ես տեղյակ եմ,― ասաց գանզերի ձուն։― Իհարկե գանզերի ձու եմ։ Իսկ ի՞նչ է, դրա դեմ օրե՞նք է դուրս եկել, արգելե՞լ են։
― Իհարկե ոչ,― ասաց Մարվինը։― Բայց բանն այն է, որ ես գանզերի ձվեր եմ որսում։
Մի վայրկյան լռություն տիրեց։ Հետո գանզերի ձուն ասաց․
― Բարի չէի՞ք լինի կրկնել։
Մարվինը կրկնեց։ Գանզերի ձուն ասաց․
― Հա՜, ուրեմն ճիշտ եմ լսել։― Նա նյարդայնությունից կամաց ծիծաղեց։― Կատակում եք, չէ՞։
― Ներեցեք, բայց ոչ։
― Իհարկե, կատակում եք,― ասաց գանզերի ձուն, ձայնի մեջ հուսահատության երանգ։― Դե լավ, դուք ուրախացաք, հիմա բավական է, թողեք ինձ։
― Ներեցեք․․․
― Թո՛ղ ինձ։
― Չեմ կարող։
― Ինչո՞ւ։
― Որովհետև ես գանզերի ձվեր եմ որսում։
― Աստված իմ,― ասաց գանզերի ձուն,― կյանքումս ավելի անմիտ բան չեմ լսել։ Դու ինձ նախկինում չես հանդիպել, չէ՞։ Բա ինչո՞ւ ես ինձ որսում։
― Ինձ վարձել են, որպեսզի գանզերի ձվեր որսամ։
― Լսիր, երիտասարդ, չլինի՞ ուզում ես ասել, որ ընկած որսում ես ամեն պատահած գանզերի ձու։ Ու կարևոր չի, թե ո՞րը։
― Հենց այդպես։
― Եվ դու չես փնտրում որևէ կոնկրետ գանզերի ձու, որը գուցե քեզ վատությո՞ւն է արել։
― Ոչ, ոչ,― ասաց Մարվինը։― Ես նախկինում երբեք գանզերի ձվի չեմ պատահել։
― Երբեք․․․ և որսո՞ւմ ես․․․ ես երևի խելքս թռցնում եմ։ Երևի լավ չեմ լսում։ Այսպիսի բաներ իրական կյանքում չեն պատահում։ Չլինի՞ ինչ֊որ սարսափելի մղձավանջ է․․․ այդպիսի խելագար մղձավանջեր լինում են՝ ինչ֊որ խելառի մեկը սուսուփուս գալիս է, քեզ ճանկում և հանգիստ ձայնով ասում՝ բանն այն է, որ ես գանզերի ձվեր եմ որսում։
Լսիր, երիտասարդ, կա֊չկա կատակում ես, չէ՞։
Մարվինը շփոթված էր ու ջղայնացած, նա միայն մի բան էր ուզում՝ որ գազերի ձուն ձայնը կտրի։ Նա կտրուկ պատասխանեց․
― Ես չեմ կատակում։ Իմ աշխատանքը գանզերի ձվեր հավաքելն է։
― Հավաքելը․․․ գանզերի ձվե՜ր,― տնքաց գանզերի ձուն։― Օ ոչ, ոչ, ոչ, ո՜չ։ Աստված իմ, չեմ կարող հավատալ, որ սա իրականություն է և, այնուամենայնիվ, սա իսկապես իրականություն է, իսկապես․․․
― Քեզ զսպիր,― ասաց Մարվինը՝ գանզերի ձուն ուր որ է հիստերիայի մեջ պիտի ընկներ։
― Շնորհակալություն,― մի րոպե հետո ասաց գանզերի ձուն։― Հիմա լավ եմ։ Ես չէի ուզում գոռալ, ինքնիրեն ստացվեց։
― Ոչինչ,― ասաց Մարվինը,― հիմա պատրա՞ստ ես, որ քեզ հավաքեմ։
― Ես ուզում եմ ընտելանալ այդ մտքին։ Դա այնքան․․․ այնքան․․․ լսիր, կարելի՞ է քեզ մի հարց տալ։
― Միայն թե արագ,― ասաց Մարվինը։
― Ես ուզում եմ հարցնել,― ասաց գանզերի ձուն,― դու այս տեսակ բաներից ինչ֊որ հաճո՞ւյք ես ստանում։ Ուզում եմ ասել, հո այլասերվածի մեկը չե՞ս։ Միայն խնդրում եմ, մի նեղացիր։
― Ոչինչ, ոչինչ,― ասաց Մարվինը։― Ոչ, ես այլասերված չեմ և հավատացնում եմ քեզ, որ սրանից հաճույք չեմ ստանում։ Պարզապես աշխատանքս է այդպիսին։
― Պարզապես աշխատանքս,― կրկնեց գանզերի ձուն։― Աշխատա՛նք։ Առևանգել գանզերի ձուն, որին նախկինում երբեք չես հանդիպել։ Պարզապես աշխատա՛նք։ Ոնց որ գետնից քար վերցնես։ Միայն թե ես քար չեմ, ես գանզերի ձո՛ւ եմ։
― Հասկանում եմ,― ասաց Մարվինը։
― Ներողություն,― ասաց գանզերի ձուն։― Հիմա լավ եմ։
― Ես իրոք շատ եմ ցավում այս ամենի համար,― ասաց Մարվինը։― Բայց սա իմ աշխատանքն է, ինձնից պահանջվում է հավաքել որոշակի քանակությամբ ձվեր և եթե չանեմ, ստիպված կլինեմ կյանքիս մնացած մասն այստեղ անցկացնել։
― Գիժ է,― շշնջաց գանզերի ձուն,― բացարձակ ու կատարյալ խելագար։
― Ես պետք է քեզ հավաքեմ,― վերջացրեց Մարվինը և ձեռքը մեկնեց։
― Սպասի՛ր,― բղավեց գանզերի ձուն այնքան խուճապահար ձայնով, որ Մարվինը ետ քաշվեց։
― Ուրիշ ի՞նչ կա․․․
― Կարո՞ղ եմ․․․ կարո՞ղ եմ կնոջս երկտող թողնել։
― Ժամանակ չկա,― վճռականորեն ասաց Մարվինը։
― Այդ դեպքում գոնե կթողնե՞ս աղոթեմ։
― Եղավ, աղոթիր,― ասաց Մարվինը։― Բայց իրոք պիտի շտապես։
― Օ տե՜ր աստված,― երգեցիկ ձայնով ասաց գանզերի ձուն։― Չգիտեմ, թե այս ինչ է կատարվում ինձ հետ, կամ ինչու։ Ես միշտ փորձել եմ լավը լինել, ու թեև եկեղեցի կանոնավոր չեմ հաճախում, բայց դու, իհարկե, գիտես, որ իսկական հավատը սրտում է լինում։ Գուցե կյանքումս որոշ վատ բաներ արել եմ, չեմ հերքում։ Բայց տեր իմ, ինչո՞ւ այս պատիժը։ Ինչո՞ւ ինձ։ Ինչո՞ւ ոչ ուրիշ մեին, որն իսկապես վատն է՝ որն է ոճրագործի։ Ինչ֊որ բան գալիս ու հավաքում է ինձ, կարծես թե ես որևէ իր եմ․․․ չեմ հասկանում։ Բայց գիտեմ, որ դու ամենաիմաստունն ես ու ամենահզորը և գիտեմ, որ բարի ես, ուստի պետք է որ պատճառ լինի․․․ Նույնիսկ եթե խելքս չի հերիքում այդ պատճառը տեսնելու։ Դե լավ, աստված, երևի այդպես է հարկավոր։ Բայց կարո՞ղ եմ խնդրել, որ հոգաս կնոջս ու երեխաներիս մասին։ Եվ հատկապես փոքրի։― Գանզերի ձվի ձայնը խզվեց, սակայն նա միանգամից զգաստացավ։― Հատկապես խնդրում եմ փոքրի համար, տեր իմ, որովհետև նա կաղ է և մյուս երեխաները ծաղրում են նրան, ու նա շատ․․․ շատ կարիք ունի սիրո։ Ամեն։
Գանզերի ձուն արցունքները կուլ տվեց։ Նրա ձայնը միանգամից խստացավ։
― Դե լավ,― ասաց նա Մարվինին։― Այժմ ես պատրաստ եմ։ Սկսիր, արա անելիքդ, կեղտոտ շան որդի։
Բայց գանզերի ձվի աղոթքը կատարելապես զինաթափել էր Մարվինին։ Թաց աչքերով ու դողացող սմբակներով, Մարվինը բացեց ցանցը և ազատ արձակեց իր գերուն։ Գանզերի ձուն մի քիչ հեռու գլորվեց, իսկ հետո կանգ առավ, ակնհայտորեն վախենալով ինչ֊որ չար կատակից։
― Դու․․․ դու սա լո՞ւրջ ես անում,― ասաց այն։
― Լուրջ,― ասաց Մարվինը։― ես այս տեսակ աշխատանքի համար չեմ ստեղծված։ Չգիտեմ, թե ճամբարում ինձ ինչ կանեն, բայց երբեք այլևս գանզերի ձու չեմ հավաքի։
― Օրհնյալ լինի անունն աստծո,― կամացուկ ասաց գանզերի ձուն։― Ես կյանքումս շատ տարօրինակ բաներ եմ տեսել, բայց ինձ թվում է, որ նախախնամության աջը․․․
Գանզերի ձվի հիպոթեզը (հայտնի որպես միջանկյալ սոփեստություն) ընդհատեց թավուտից լսվող չարագույժ մի աղմուկ։ Մարվինը շրջվեց և հիշեց Մելդե մոլորակի վտանգների մասին։ Չնայած զգուշացմանը, ինքը մոռացել էր։ Եվ այժմ, հուսահատ, Մարվինը փնտրում էր բլաստերը, որը խճճվել էր ցանցի մեջ։ Նա նետվեց դեպի բլաստերը, մի կերպ հանեց, լսեց գանզերի ձվի նախազգուշական ճիչը․․․
Հետո ինչ֊որ ուժ կատաղորեն գետնեց նրան։ Բլաստերը թռավ֊ընկավ խոտերի մեջ։ Եվ Մարվինի աչքերի դեմ հառնեցին զրահապատ մի ճակատ ու երկու նեղ սև աչք։
Բացատրության կարիք չկար։ Ֆլինը գիտեր, որ հանդիպել է մեծահասակ դիակպուտ գանզերի և հանդիպել է ամենաանբարենպաստ հանգամանքներում։ Հանցանշանները (եթե հանցանշանների կարիք կար) չափից դուրս ակներև էին՝ ձեռքի մոտ անիծյալ ցանցը, մատնող ակնոցը, ամեն ինչ ասող աքցանը։ Իսկ վզի դիմաց հսկա թեփամորթի ատամնավոր ծնոտներն էին, այնքան մոտ, որ Մարվինը տեսնում էր ոսկե սեղանատամը և ժամանակավոր ճենապակե ատամնալիցքը։
Մարվինը փորձեց շարժվել։ Գանզերը սեղմեց նրան յակի թամբի չափսի թաթով, նրա ժաման ճանկերը, որ հսկա ունելիի մեծության էին, անխղճորեն խրվեցին Մարվինի ոսկեգույն մորթու մեջ։ Թքոտ ծնոտները կատաղաբար բացվեցին ու վայր իջան, պատրաստ միանգամից գլուխը հափռելու․․․
Գլուխ 11
Հանկարծ․․․ ժամանակը կանգ առավ։ Մարվինը տեսա, թե ինչպես գանզերի երախը կիսաբաց քարացավ, արնակալած ձախ աչքը կիսաթարթ սառեց և ամբողջ ծանրումեծ մարմինը սեղմվեց ու անշարժացավ։
Գանզերի ձուն նույնպես անշարժ էր՝ ասես իր սեփական արձանը լիներ։
Զեփյուռը ճամփի կեսին կանգ էր առել։ Ծառերը մնացել էին լարված դիրքերով և մերթիփեյան բազեն անշարժացել էր թռիչքի կեսին ինչպես լարից կախված տիկնիկ։
Արևը դադարեցրել էր հավերժական իր շարժումը։
Եվ այդ տարօրինակ բնապատկերի միակ կենդանի շունչը՝ Մարվինը, սրտի թրթիռով հետևում էր գլխավերևից ձախ երեք ֆուտ բարձրության վրա ծագած անհասկանալի շարժմանը։ Շարժումը սկսվեց որպես փոշու պարուրաձև մրրիկ, լայնացավ, տարածվեց, հիմքում հաստացավ, իսկ գագաթում ուռուցիկ դարձավ։ Մրրիկն ուժեղացավ և վերաժվեց մարդկային ֆիգուրի։
― Խուզարկու Ո՛ւրդորֆ,― գոչեց Մարվինը։ Քանզի դա իրոք մարսեցի անհաջողակ խուզարկուն էր, որը խոստացել էր քննել Մարվինի գործը և վերադարձնել նրա օրինական մարմինը։
― Շատ կներեք այսպես մեջ ընկնելուս համար,― ասաց Ուրդորֆը, լրիվ նյութավորվելով ու ծանր թրմփալով գետնին։
― Փառք աստծո, որ եկաք,― ասաց Մարվինը։― Դուք ինձ փրկեցիք ծայրաստիճան տհաճ վախճանից և եթե հիմա օգնեք այս արարածի տակից դուրս գալ․․․
Բանն այն է,, որ գանզերի թաթը շարունակում էր Մարվինին պինդ սեղմել գետնին և, քանի որ պողպատի կարծրություն էր ստացել, Մարվինին թույլ չէր տալիս շարժվել անգամ։
― Ցավում եմ,― ասաց խուզարկուն ոտքի կանգնելով ու վրայի փոշին թափ տալով։― Բայց չեմ կարող։
― Ինչո՞ւ։
― Որովհետև կանոններին հակառակ է,― ասաց խուզարկու Ուրդորֆը։― Բանն այն է, որ ժամանակի արհեստական կանգնեցման (իսկ սա հենց այդպիսի կանգնեցում է) ընթացքում ցանկացած մարմնական տեղափոխություն կարող է պարադոքս առաջացնել, իսկ դա արգելված է, քանի որ կարող է ժամանակային ներքին պայթյուն առաջացնել, որը իր հերթին կարող է դեֆորմացնել մեր տարածքա֊ժամանակային հատվածի կառուցվածքային գծերը և այդպիսով կործանել տիեզերքը։ Այդ պատճառով ցանկացած տեղաշարժում պատժվում է մեկ տարվա բանտարկությամբ և հազար վարկ տուգանքով։
― Ա՜։ Ես չգիտեի,― ասաց Մարվինը։
― Վախենում եմ, որ այդպես է,― ասաց խուզարկուն։
― Հասկանում եմ,― ասաց Մարվինը։
― Ես հույս ունեի, որ կհասկանաք,― ասաց խուզարկուն։
Երկար ու անհարմար լռություն տիրեց։ Հետո Մարվինն ասաց՝ դե՞։
― Ներեցե՞ք,― ասաց Ուրդորֆը։
― Ես ասացի․․․ ես ուզում էի ասել, ինչո՞ւ եք եկել։
― Ա՜,― ասաց խուզարկուն։― Ես ցանկանում էի ձեզ մի քանի հարց տալ, որոնք անցյալ անգամ միտքս չէին եկել․ դրանք կօգնեն գործի մանրակրկիտ քննության և բացահայտմանը։
― Եղավ, տվեք ձեր հարցերը,― ասաց Մարվինը։
― Շնորհակալություն։ Նախ և առաջ, ո՞րն է ձեր սիրած գույնը։
― Կապույտը։
― Բայց կապույտի հատկապես ո՞ր երանգը։ Խնդրում եմ որոշակի պատասխանեք։
― Կեռնեխի ձվի գույնը։
― Հըմ։― Խուզարկուն նոթատետրում նշում արեց։― Իսկ այժմ, արագ ու առանց մտածելու, ասեք ձեր միտքն եկած առաջին թիվը։
― Ութսուն յոթ հազար յոթ հարյուր իննսուներկու ամբողջ երեք տասնորդական,― առանց վարանման պատասխանեց Մարվինը։
― Ըհը՜։ Իսկ այժմ, առանց մտածելու, անվանեք ձեր միտքը եկած առաջին երգը։
― Օրանգուտանքի ռապսոդիան,― ասաց Մարվինը։
― Ըմ֊հըմ։ Հիանալի է,― ասաց Ուրդորֆը և շրխկացնելով փակեց նոթատետրը։― Կարծես թե վերջացրինք։
― Ո՞րն է այս հարցերի նպատակը։
― Այս տեղեկություններն ինձ կօգնենն ստուգել մի քանի կասկածելի անձանց մարմնամնացորդային ռեակցիան։ Դա Դուուլմանի ինքնաճանաչողական տեստի մի մասն է։
― Ա՜,― ասաց Մարվինը։― Որևէ հաջողություն ունեցե՞լ եք։
― Դժվար թե կարելի լինեի դա հաջողություն անվանել,― պատասխանեց Ուրդորֆը։― Բայց կարող եմ ասել, որ հետաքննությունը բավարար մակարդակի վրա է ընթանում։ Մենք գողի հետքը գտանք Իորմա 2֊րդում, որտեղ նա հասցրեց թաքուն խցկվել Մեծ Գոերա սառեցրած տավարի միս տանող բեռնանավը։ Հոերայում նա ներկայացավ որպես փախստական Հեյգ 11֊րդից, ինչի շնորհիվ բավական մեծ մասսայականություն նվաճեց։ Նա հաջողացրեց այնքան փող ձեռք բերել, որ կարողանա տոմս գնել մինչև Քվանտիս, որտեղ թաքցրելէր իր դրամը։ Քվանտիսում ընդամենը մի օր մնալով, նա տեղական տիեզարանավով թռավ Հիսունաստղի ինքնավոր գոտի։
― Իսկ հետո՞,― հարցրեց Մարվինը։
― Հետո մենք նրա հետքը ժամանակավորապես կորցրինք։ Հիսունաստղի գոտին պարունակում է ոչ պակաս, քան 432 մոլորակային համակարգ 300 բիլիոն ընդհանուր բնակչությամբ։ Ուստի, ինչպես տեսնում եք, մեր գործը դժվարացել է։
― Անհույս բան է երևում,― ասաց Մարվինը։
― Ճիշտ հակառակը, մեր հնարավորությունները մեծանում են։ Ոչ պրոֆեսիոնալները հաճախ բարդությունը շփոթում են խրթինության հետ։ Բայց մեր հանցագործը բազմաքանակության մեջ ապահովություն չի գտնի, քանի որ բազմաքանակությունը միշտ էլ ենթակա է վիճակագրական վերլուծության։
― Հիմա ի՞նչ է լինելու,― հարցրեց Մարվինը։
― Մենք կշարունակենք վերլուծել, իսկ հետո հավանականությունների վրա հիմնվելով պրոյեկցիա կկատարենք, այդ պրոյեկցիան կուղարկենք գալակտիկայով մեկ և կտեսնենք, թե արդյոք դրանից նոր աստղ չի՞ կազմվի․․․ իհարկե, փոխաբերական իմաստով։
― Իհարկե,― ասաց Մարվինը։― Եվ դուք իրոք հույս ունեք հանցագործին բռնե՞լ։
― Ես վստահ եմ հաջողությանը,― ասաց խուզարկու Ուրդորֆը։― Բայց դուք պետք է զինվեք համբերությամբ։ Պետք է հիշեք, որ միջգալակտիկական ոճրագործությունը համեմատաբար նոր ասպարեզ է և, հետևաբար, էլ ավելի նոր միջգալակտիկական հետաքննությունը։ Եղել են շատ դեպքեր, երբ չի հաջողվել ապացուցել հանցագործի գոյությունն անգամ, էլ չեմ խոսում հայտնաբերելու մասին։ Այնպես որ այդ առումով մենք մի բան էլ առաջ ենք ընկել։
― Ինձ մնում է ձեր խոսքերին վստահել,― ասաց Մարվինը։
― Դուք մի մտահոգվեք։ Այսպիսի դեպքերում զոհի համար լավագույն ելքը կյանքը հնարավորին չափ նորմալ շարունակելն է, կենդանի մնալը և չհուսահատվելը։ Հուսով եմ կհիշեք դա։
― Կփորձեմ,― ասաց Մարվինը։― Բայց իմ այս ներկա վիճակի վերաբերյալ․․․
― Ես զգուշացնում էի, որ խուսափեք հենց այս վիճակից,― խստորեն ասաց խուզարկուն։― Խնդրում եմ ապագայում հիշեք այդ բանը, եթե իհարկե կարողանաք այս իրավիճակից կենդանի դուրս պրծնել։ Հաջողություն եմ ցանկանում, բարեկա՛մս, կենդանի մնացեք։
Խուզարկու Ուրդորֆը սկսեց պտտվել՝ արագ, ավելի արագ, նրա գծագրություններն աղոտ դարձան և անհետացան։
Ժամանակը կրկին շարժվեց։
Եվ կրկին Մարվինի հայացքի դեմ հառնեցին գազանի նեղ սև աչքերը, նեղ զրահապատ ճակատը և նա տեսավ, որ թքոտ ծնոտները կատաղաբար բացվեցին ու վար իջան, պատրաստ միանգամից գլուխը հափռելու․․․
- ↑ Հնարովի պողոտա։
- ↑ Լայն խճուղիներ ԱՄՆ֊ում։
- ↑ Գլխավոր փողոց (main-street), ամերիկյան միջին ու փոքր քաղաքների մեծ մասի կենտրոնական փողոցները չունեն հատուկ անուն։
- ↑ Հանրահայտ ծովափնյա առողջարան ԱՄՆ֊ում
- ↑ Նկատի ունի ռասսայական պատկանելությունը՝ համարյա սպիտակ
- ↑ ԱՄՆ֊ում դեղատները ծառայում են նաեւ որպես խորտկարաններ։
- ↑ Սարի՞ց եկար (այստեղ և հետագայում իսպաներեն, իսպանա֊աֆրիկաներեն արտահյատությունները հաճախ ոչ այնքան կապակցված բառերի խումբ են։ Ուստի թարգմանությունը կարող Է համարվել մոտավոր)։
- ↑ Այո, պարոն։
- ↑ Շեքլին կատակով ակնարկում Է, որ այդ Հեռու դարաշրջանում կոմիքսների ձևով կմատուցվեն մինչև իսկ Ջոյսի գերբարդ սաեղծագործությունները։
- ↑ Ի՞նչ կասեք, պարոն, կուզեի՞ք ձեր գլխին մի ուժգին, կշտացնող հարված ստանալ հանձին սքոբոլդաշ սանդեի (Հավանաբար հնարովի կերակրատեսակ)։
- ↑ Արագ։
- ↑ Լսիր, մարդ աստծո, գիշերային սիրունիկ երաժշտությունը չափից դուրս ազդել է վրադ, այնպես չէ՞։
- ↑ Նկատի ունեցիր։
- ↑ Գեղեցիկ, լավ հագնված։
- ↑ Քրիստոսի վերքերը
- ↑ Մարդ, որին կինը դավաճանում է, անճարակ, բառացի՝ այծ
- ↑ Հիշիր, որ
- ↑ Կիսաանկախ
- ↑ Ախտանշանների համակցություն
- ↑ Տալիոնի օրենք
- ↑ (Այստեղ) համեմատում
- ↑ Ընդունված ձևակերպումների, մտավոր պատկերների միջոցով
- ↑ Զգայական ընկալման միջոցով
- ↑ Խոսքը գնում է սպեկտրի լրացուցիչ գույների մասին
- ↑ հուն․՝ մաքրում։ Արիստոտելի ներդրած տերմին։ Նշանակում է հոգեկան լիցքաթափում, որ առաջանում է ողբերգություն դիտող հանդիսատեսի մոտ վախի և կարեկցանքի հետևանքով։
- ↑ (Այստեղ) սեռական եռանդի գիտակցական փոխակերպում ֆիզիկականի և այլն
- ↑ (Այստեղ) հիվանդագին ինքնասիրահարվածության պաթոլոգիկ երևույթ
- ↑ Սեփական մարմնով (լատ․)
- ↑ Virtue(անգլ․)― առաքինություն