«Հաղթական կամար - XI գլուխ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Հաղթական կամար|նախորդ=Հաղթական կամար - X գլուխ|հաջորդ=Հաղթական կամար - XII գլուխ}} Ե...»:) |
(Տարբերություն չկա)
|
18:36, 19 Հուլիսի 2014-ի տարբերակ
Հաղթական կամար | |
◀ Հաղթական կամար - X գլուխ | Հաղթական կամար - XII գլուխ ▶ |
Երեխան չէր ճչում։ Լուռ նայում էր բժիշկներին։ Նա դեռ այնքան էր շշմած, որ ոչ մի ցավ չէր զգում։ Ռավիկը նայեց երեխայի ջարդված ոտքին։
— Քանի՞ տարեկան է,— հարցրեց նա մորը։
― Ի՞նչ,— մոլորված ասաց երեխայի մայրը։
— Քանի՞ տարեկան է։
Գլխաշորով կինը շուրթերը շարժեց։
— Ոտքն է,— ասաց նա,— ո՜տքն է։ Բեռնատար մեքենա էր...
Ռավիկը լսեց երեխայի սիրտը։
— Երբևէ հիվանդացե՞լ է առաջ։
— Ո՜տքն է,— ասաց կինը։— Նրա ո՜տքն է։
Ռավիկը շտկվեց։ Երեխայի սիրտն այնքան արագ էր խփում, կարծես թռչնակի սիրտ լիներ։ Բայց վտանգավոր ոչինչ չկար։ Ռավիկը նարկոզից առաջ պետք է այդ հյուծված ու ռախիտիկ երեխային հանգամանորեն քններ։ Հետաձգել չէր կարելի, իսկույն պետք էր սկսել։ Ջարդված ոտքը ամբողջովին կեղտոտված էր փողոցի փոշիներից։
— Ոտքս կտրելո՞ւ են,— հարցրեց տղան։
― Ոչ,― ասաց Ոավիկը, առանց իր ասածին հավատալու։
— Ավելի լավ է կտրեք, քան թե մնա և չծալվի։
Ռավիկը ուշադիր նայեց երեխայի ծերունու պես խելոք դեմքին։ Ցավի ոչ մի նշան դեռ չէր երևում։
— Դեռ կտեսնենք,— ասաց Ռավիկը։— Հիմա քեզ պետք է քնեցնենք։ Դա շատ հասարակ բան է։ Վախենալու ոչինչ չկա։ Հանգիստ եղիր։
— Մի րոպե, մեսյո։ Մեքենայի համարը՝ 2019-է։ Չէ՞իք գրի՝ մորս տալու համար։
— Ի՞նչ։ Ի՞նչ ասացիր, Ժաննո,— հարցրեց սարսափահար մայրը։
— Ես համարը հիշեցի։ Մեքենայի համարը։ 2019, Շատ մոտիկից տեսա։ Կարմիր լույս էր վառած։ Մեղավորը վարորդն էր։— Երեխայի շնչառությունն սկսեց ծանրանալ։— Ապահովագրական կոմպանիան պետք է վճարի... Համարը...
— Ես գրեցի։— ասաց Ռավիկը։— Մի վախենա։ Ես ամեն ինչ արդեն գրել եմ։
Նա գլխով արեց Էժենիին՝ սկսել նարկոզը։
— Թող մայրս ոստիկանություն գնա... Ապահովագրական կոմպանիան պարտավոր է վճարել...— Հանկարծ երեխայի դեմքին քրտնքի խոշոր կաթիլներ հայտնվեցին, թվում էր, թե անձրևի տակ է ընկել։— Եթե ոտքս կտրեք, նրանք ավելի շատ կվճարեն, քան եթե չկտրեք... ու չծալվի...
Նրա աչքերը սուզվեցին կապույտին տվող սև շրջանակներում, որոնք կեղտոտ ջրափոսերի նման հայտնվում էին մաշկի վրա։
Տղան տնքաց և փորձեց արագ-արագ ինչ֊որ բան ասել։
— Մայրս... չի հասկանում... նա... օգնել...
Նա այլևս չկարողացավ շարունակել։ Սկսեց բղավել, խուլ, ճնշված, կարծես նրա մեջ խոշտանգված ինչ֊որ գազան էր նստել։
— Դրսում աշխարհն ի՞նչ է անում, Ռավիկ,— հարցրեց Կետ Հեգստրեմը։
— Ինչո՞ւ եք ուզում իմանալ, Կետ։ Ավելի լավ է մտածեք ուրախ բաների մասին։
— Ես այնպիսի զգացում ունեմ, կարծես շաբաթներ շարունակ այստեղ եմ։ Իսկ մնացած ամեն ինչ այնքան է հեռու, կարծես հատակ սուզված լինի։
— Թող այդպես սուզված էլ մնա, մի անհանգստացեք։
— Չեմ կարողանում։ Ինձ համար սարսափելի է։ Թվում է, թե այս սենյակը վերջին տապանն է, իսկ լուսամուտների տակ արդեն ուռճանում են ջրհեղեղի ջրերը։ Ի՞նչ նորություն կա աշխարհում։
― Ոչ մի նորություն, Կետ։ Աշխարհը անխոնջ ու եռանդուն ինքնասպանության է պատրաստվում, բայց ոչ մի կերպ ինքն իրեն չի ուզում խոստովանել այդ։
— Պատերա՞զմ է լինելու։
— Որ պատերազմ է լինելու, յուրաքանչյուրը գիտի։ Իսկ թե ե՞րբ է լինելու — դա է, որ անհայտ է։ Բոլորը հրաշքի են սպասում։— Ռավիկը ժպտաց։— Ես երբեք հրաշքների հավատացող այնքան շատ պետական գործիչներ չեմ տեսել, ինչքան որ հիմա Ֆրանսիայում ու Անգլիայում կան։ Եվ երբեք այդպիսիների թիվը այնքան քիչ չի եղել Գերմանիայում, ինչքան հիմա է։
Կետը մի քանի րոպե ոչինչ չասաց։
— Մի՞թե պատերազմ կարող է լինել։
— Այո..․ թեև մեզ անհավատալի է թվում, որ վերջիվերջո մի օր պատերազմ է սկսվելու։ Թերևս հենց այդ պատճառով է, որ ինքնապաշտպանության համար ոչինչ չենք նախաձեռնում։ Ցավե՞ր եք զգում, Կետ։
— Առանձնապես ոչ։ Տանելի է։— Նա իր գլխի տակի բարձն ուղղեց։— Ես այնպես կուզեի հեռանալ այդ ամենից, Ռավիկ։
— Հասկանալի է,— պատասխանեց նա առանց ներքին համոզման։— Իսկ ո՞վ չէր ուզի։
— Եթե ես այստեղից դուրս գամ, մեկնելու եմ Իտալիա։ Ֆիեզոլե կղզին։ Եu այնտեղ մի հին խաղաղ տուն ունեմ՝ իր պարտեզի հետ։ Մի որոշ ժամանակ ուզում եմ մնալ այնտեղ։ Ըստ երևույթին, այնտեղ դեռ հով կլինի։ Գարնանային գունատ արև։ Ճաշին տան հարավային պատի վրա մողեսներ են հայտնվում։ Երեկոյան կողմը լսվում են Ֆլորենցիայից եկող զանգերի ղողանջները։ Իսկ գիշերը լուսինն ու աստղերն են կախվում կիպարիսների վրա։ Տանը շատ գրքեր կան, կա մի մեծ բուխարի, որի առջև փայտյա նստարաններ են դրված։ Մարդ կարող է նստել բուխարու առաջ ու նայել կրակին։ Բուխարու մեջ ամրացված է նաև հատուկ մի բռնիչ, որի վրա մարդ կարող է իր խմելիք կարմիր գինու բաժակը դնել տաքացնելու համար։ Տանը մարդ չկա։ Միայն ծերացած մի մարդ ու կին են, որոնք պահպանում են տունը։
Նա հայացքը գցեց Ռավիկի վրա։
— Հիանալի է,— ասաց Ռավիկը։— Անդորր, բուխարու կրակ, գրքեր, խաղաղություն... Առաջ այդ ամենը դիտվում էր որպես քաղքենիություն։ Իսկ հիմա դա երազանք է՝ կորուսյալ դրախտի մասին։
Կետը գլխով արեց։
— Որոշ ժամանակ կապրեմ այնտեղ։ Մի քանի շաբաթ։ Գուցե նաև մի քանի ամիս։ Առայժմ դեռ չգիտեմ ինչքան։ Ուզում եմ հանգստանալ։ Հետո կվերադառնամ նորից այստեղ ու արդեն կմեկնեմ Ամերիկա։
Ռավիկը լսեց, թե ինչպես միջանցքում ամանեղենի ձայն եկավ, հիվանդներին արդեն ընթրիք էին տանում։
— Դա շատ լավ է, Կետ։
Կետը փոքր֊ինչ հապաղելուց հետո հարցրեց։
— Ռավիկ, ի՞նչ ես կարծում, ես կարո՞ղ եմ երեխա ունենալ։
— Ոչ անմիջապես։ Դուք պետք է դեռ ուժ հավաքեք։
— Խոսքս հիմիկվա մասին չէ։ Ուզում եմ ասել առհասարակ։ Այս վիրահատությունից հետո... Դուք չե՞ք...
— Ոչ,— ասաց Ռավիկը։— Ոչինչ չենք հեռացրել։ Ոչ մի բան։
Կետը խոր շունչ քաշեց։
— Հենց դա էլ ուզում էի իմանալ։
— Բայց դրա համար, Կետ, երկար ժամանակ է պետք։ Պետք է ձեր ամբողջ օրգանիզմը նախ և առաջ լրիվ վերափոխվի, առողջանա։
— Կարևոր չէ, թե ինչքան ժամանակ կպահանջվի։— Կետը ճակատից մազերը մի կողմ նետեց։ Նրա մատանու քարը փայլատակեց խավարի մեջ։— Ծիծաղելի է, ճի՞շտ է, որ ես այդպիսի բաներ եմ հարցնում։ Հատկապես հիմա։
— Ինչո՞ւ պետք է ծիծաղելի լինի։ Այդպիսի հարցեր հաճախ են տալիս։ Ավելի հաճախ, քան դուք կարծում եք։
— Հանկարծ այստեղ ամեն ինչ ինձ ձանձրացրեց։ Ես ուզում եմ մեկնել Ամերիկա և անմիջապես ամուսնանալ։ Հանգիստ, հին ձևով, ուզում եմ երեխաներ ունենալ, խաղաղվել, փառք տալ աստծուն և սիրել կյանքր։
Ռավիկը լուսամուտից դուրս էր նայում։ Տանիքները ողողվել էին անզուսպ մայրամուտի բոսորով։ Լուսային ռեկլամները սուզվում էին նրա մեջ՝ ինչպես արնաքամ ստվերներ։
— Իմ մասին այդքան բան իմանալուց հետո այս երազանքները, երևի, ձեզ դատարկ հիմարություններ թվան,— ասաց Կետ Հեգստրեմը նրա թիկունքում։
— Ոչ, ինչ եք ասում, Կետ, ամենևին։ Նույնիսկ մտքովս էլ չի անցել։
Ժոան Մադուն եկավ գիշերվա ժամը չորսին։ Ռավիկը դռան ձայնը լսելուն պես անմիջապես արթնացավ։ Նա քնել էր՝ առանց Ժոանին սպասելու։ Ռավիկը տեսավ, թե ժոանն ինչպես է դռնից ներս մտնում քրիզանթեմների վիթխարի մի խուրձ կրծքին սեղմած։ Ժոանի երեսը չէր երևում։ Ռավիկը տեսնում էր միայն նրա աղոտ կերպարանքը և ծաղիկների սպիտակ խոշոր գլխիկները։
— Մի տես, թե ինչեր է բերում,— ասաց Ռավիկը։— Քրիզանթեմների անտա՞ռ է, ինչ է։ Տե՜ր իմ աստված, այդ ի՞նչ է նշանակում։
Ժոանը ծաղիկները ներս բերեց ու թափով գցեց անկողնու վրա։ Քրիզանթեմները խոնավ էին և սառը։ Նրանց տերևներից աշնան, և հողի սուր հոտ էր գալիս։
— Նվեր է,— ասաց Ժոանը։— Քեզ հետ ծանոթանալու օրից ի վեր ես անընդհատ նվերներ եմ ստանում։
— Վերցրու դրանք իմ անկողնու վրայից։ Ես դեռ չեմ մահացել։ Պառկել ծաղիկների տակ, և այն էլ քրիզանթեմների... «Ինտերնացիոնալ» հյուրանոցի հին բարի մահճակալը նման էր դագաղի։
― Ոչ։ Ժոանը արագ ճանկեց ծաղիկները և շպրտեց հատակին։— Այլևս այդպիսի բաներ չասես։ Երբե՜ք։
Ռավիկը նայեց նրան։ Նա մոռացել էր, թե ինչպիսի հանգամանքներում են իրենք առաջին անգամ ծանոթացել։
— Դե լավ, ասածս մոռացիր,— վրա բերեց Ռավիկը։— Ես դա հենց այնպես ասացի։
— Երբեք այլևս այդպիսի բաներ չասես, Եթե անգամ դա կատակ է։ Խոստանո՞ւմ ես։
Նրա շրթունքներր դողդողում էին։
— Ժոան, ախր ես...— ասաց Ռավիկը։— Մի՞թե դա իսկապես քեզ այդքան վախեցրեց։
— Այո։ Ավելի քան վախեցրեց։ Ես չգիտեմ ինչ կատարվեց ինձ հետ։
Ռավիկը տեղից վեր կացավ։
— Ես այլևս երբեք այդպիսի կատակներ քեզ հետ չեմ անի, հիմա արդեն գո՞հ ես։
Ժոանը ուսերը թոթվեց:
— Ես չգիտեմ, թե սա ինչ է։ Պարզապես դա ինձ համար անտանելի է։ Թվում է, թե խավարից մի ձեռք ձգվում է դեպի ինձ։ Դա սարսափ է... անգիտակից մի սարսափ... Թվում է, թե ինչ-որ բան ինձ է սպասում։— Ժոանը սեղմվեց նրան։— Ինձանից չհեռանաս։
Ռավիկը ամուր գրկեց նրան,
― Ոչ։ Չեմ հեռանա։ Ես քեզ կպաշտպանեմ։
Ժոանը դարձյալ գլխով արեց։
— Այո, դու կարող ես...
― Այդ էր պակաս չկարողանայի,— ասաց Ռավիկը ձայնի մեջ դառը մի հեգնանք և հիշելով Կետ Հեգստրեմին։— Կարող եմ... մի՞թե կասկածում ես դրանում...
Ժոանը թույլ մի շարժում արեց։
— Երեկ երեկոյան ես այստեղ էի...
Ռավիկը տեղից չշարժվեց։
— Այստեղ էի՞ր։
— Այո։
Ռավիկը ռչինչ չասաց։ Ամեն ինչ վայրկենապես փարատվեց։ Նա երեկ իրեն ինչքան երեխայի նման պահեց։ Սպասե՞լ թե՞ չսպասել — ինչի համար էր այդ բոլորը։ Հիմար մի խաղ մեկի հետ, որի մտքով չէր էլ անցնում խաղ անել։
— Դու չկայիր․․․
— Այո, ես այստեղ չէի։
— Գիտեմ, ես չպետք է քեզ հարցնեի, թե դու որտեղ էիր․․․
— Դա պետք չէ։
Ժոանը Ռավիկից մի կողմ քաշվեց։
— Ես կուզեի լողանալ,— ասաց նա փոխված ձայնով։— Ուղղակի սառել եմ։ Դեռ կարելի՞ է։ Թե՞ ամբողջ հյուրանոցին կարթնացնեմ։
Ռավիկը ժպտաց։
— Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին։ Այլապես ուզածդ երբեք չես անի։
Ժոանը նայեց Ռավիկի երեսին։
— Փոքր բաները կարելի է հարցնել։ Իսկ մեծերը՝ երբեք։
— Դա էլ է ճիշտ։
Ժոանը մտավ լոգասենյակ և չուրր բաց թողեց։ Ռավիկը նրստեց լուսամուտի կողքին և հանեց սիգարետի տուփը։ Դրսում տանիքների վրա կանգնած էր կարմիր մի հրացոլք, որի մեջ անաղմուկ պտույտ էին գործում ձյան փաթիլները։ Փողոցից լսվում էր տաքսու շչակի ոռնոցը։ Հատակին գունաթափ առկայծում էին քրիզանթեմները։ Բազմոցի վրա ընկած էր մի լրագիր։ Ռավիկը դա երեկոյան էր բերել... Մարտեր՝ չեխական սահմանի վրա, մարտեր՝ Չինաստանում, ուլտիմատում, ինչ-որ կառավարության անկում։ Ռավիկը լրագիրը վերցրեց և խրեց ծաղիկների տակը։
Ժոանը դուրս եկավ լոգասենյակից։ Նա արդեն տաքացել էր և, մտնելով սենյակ, պպզեց Ռավիկի կողքին ծաղիկների միջև։
— Որտե՞ղ էիր երեկ գիշեր,— հարցրեց նա։
Ռավիկը նրան մի սիգարետ մեկնեց։
— Դու իսկապե՞ս դա ուզում ես իմանալ։
— Այո։
— Այստեղ էի,— փոքր֊ինչ հապաղելուց հետո ասաց Ռավիկը։— Եվ քեզ էի սպասում։ Բայց մտածելով, որ դու այլևս չես գա, գնացի։
Ժոանն սպասում էր։ Նրա սիգարետը խավարում մերթ վառվում էր ավելի պայծառ, մերթ մարում էր նորից։
— Ուրիշ ոչինչ,— ասաց Ռավիկը։
— Խմելո՞ւ գնացիր։
— Այո։
Ժոանը շրջվեց ու նայեց Ռավիկին։
― Ռավիկ,— ասաց նա,— իսկապե՞ս դու գնացիր ինձ չհանդիպելու պատճառով։
— Այո։
Ժոանը թևերը դրեց նրա ծնկներին։ Ռավիկը խալաթի միջով զգաց այդ թևերի ջերմությունը։ Դա Ժոանի ջերմությունն էր և ջերմությունը այն խալաթի, որն իրեն ծանոթ էր ավելի, քան իր կյանքի շատ տարիները, և հանկարծ Ռավիկին թվաց, թե խալաթի և Ժոանի միջն վաղուց արդեն ինչ֊որ կապ կա, և Ժոանը իր մոտ է վերադարձել արդեն անցյալ դարձած իր կյանքից։
— Ռավիկ, չէ՞ որ ես ամեն երեկո քեզ մոտ էի գալիս։ Ուրեմն, դու պետք է իմանայիր, որ երեկ նույնպես կգայի։ Դու չե՞ս գնացել արդյոք, որպեսզի ինձ չտեսնես։
― Ոչ,
— Եթե դու ինձ չես ուզում տեսնել, հանգիստ դա կարող ես ինձ ասել։
— Եթե չուզեի, կասեի անպայման։
— Ուրեմն, դա՞ չի պատճառը։
— Ոչ, իսկապես դա չի։
— Այդ դեպքում ես երջանիկ եմ։
Ռավիկը նայեց նրան։
— Ինչ ասացի՞ր։
— Ասացի, ես երջանիկ եմ,— կրկնեց ժոանը։
Ռավիկը փոքր֊ինչ լռեց։
— Իսկ դու հասկանո՞ւմ ես, ինչ ես ասում,— հարցրեց Ռավիկը։
— Այո։
Դրսից ներս ընկած աղոտ լույսը արտացոլվում էր Ժոանի աչքերի մեջ։
— Այդպիսի խոսքերը մարդ առանց կշռադատելու չպետք է ասի, ժոան։
— Մի՞թե ես ասում եմ առանց կշռադատելու։
― Երջանկություն,— ասաց Ռավիկը,— Որտեղի՞ց է դա սկսվում և որտեղ վերջանում։
Ռավիկը ոտքով հրեց քրիզանթեմներր։ Երջանկություն, մտածեց նա։ Պատանեկության կապույտ հորիզոններ։ Կյանքի ոսկյա ներդաշնակություն։ Երջանկություն։ Տեր իմ աստված, որտե՞ղ արդյոք դա մնաց։
― Երջանկությունը քեզանով սկսվում է և քեզանով վերջանում,— ասաց Ժոանը,— Դա շատ հասկանալի բան է։
Ռավիկը ոչինչ չպատասխանեց։ Ի՞նչ է ասում Ժոանը, մտածեց նա։
— Դու մեկ էլ տեսար ասացիր, թե ինձ սիրում ես,— ասաց Ռավիկը։
— Ես քեզ սիրում եմ։
Ռավիկը ինչ-որ շարժում արեց։
— Չէ որ դու ինձ գրեթե չգիտես։
— Դա ի՞նչ կապ ունի սիրո հետ։
— Շատ կապ ունի։ Սիրել նշանակում է ցանկանալ ինչ֊որ մեկի հետ ծերանալ։
— Դրա մասին ես ոչինչ չգիտեմ։ Իսկ երբ ինչ֊որ մեկը կա, առանց որի մարդ չի կարող ապրել — դա արդեն ես գիտեմ։
— Ո՞ւր է կալվադոսը։
— Սեղանին է։ Ես հիմա կբերեմ։ Մի վեր կենա։
Ժոանը վերցրեց կալվադոսի շիշը, մի բաժակ և բերեց դրեց հատակին, ծաղիկների միջև։
— Ես գիտեմ, որ դու ինձ չես սիրում,— ասաց Ժոանը։
— Ուրեմն, դու ինձանից շատ գիտես։
Ժոանն արագ աչքը գցեց Ռավիկի երեսին։
— Դու կսիրես ինձ։
— Շատ լավ։ Ուրեմն այդ սիրո կենացը։
— Սպասիր։
Ժոանը լցրեց բաժակն ու խմեց։ Հետո նորից լցրեց ու մեկնեց Ռավիկին։ Ռավիկը նրա ձեռքից վերցրեց ու մի րոպե այդպես բռնած սպասեց։ Այս Բոլորը ճիշտ չէ, մտածեց նա։ Խամրող գիշերվա կիսատ մի երազ։ Խավարում ասված խոսքեր,— ինչպե՞ս կարող են դրանք ճշմարիտ չինել։ Իսկական խոսքերի համար պայծառ լույս է պետք։
— Որտեղի՞ց դու այդ բոլորը գիտես,— հարցրեց Ռավիկը։
— Գիտեմ, որովհետև քեզ սիրում եմ։
Ինչպես է նա վերաբերվում այդ խոսքերին, մտածեց Ռավիկը։ Առանց մտածելու, կարծես դրանք ոչ թե խոսքեր են, այլ դատարկ անոթ։ Լցնում է ինչով պատահի և այդ անվանում է սեր։ Էլ ինչ ասես, որ մարդ չի լցրել այդ անոթի մեջ։ Միայնակության սարսափ, ուրիշ «ես»-ի կանխավայելում, սեփական արժանապատվության անսահման զգացում։ Իրականության անկայուն արտացոլում ֆանտազիայի հայելու մեջ։ Բայց ո՞վ է կարողացել հասու լինել իսկական էությանը։ Եվ այն, ինչ ես ասացի երկուսի միատեղ ծերության մասին, մի՞թե մեծագույն հիմարություն չէ։ Մի՞թե իր անմտությամբ հանդերձ նա ավելի մոտ չէ ճշմարտությանը, քան ես։ Եվ ինչո՞ւ եմ ես նստել այստեղ, այս ձմեռային գիշեր ժամանակ, մեկ և մյուս պատերազմների միջև ընկած դադարում և դպրոցական դաստիարակի նման ինչո՞ւ եմ մաշված ճշմարտություններ ասում։ Ինչո՞ւ եմ դիմադրում, թեկուզև առանց հավատի հորձանուտի մեջ նետվելու փոխարեն։
— Ինչո՞ւ ես դիմադրում,— հարցրեց ժոանը։
— Ի՞նչ։
— Ինչո՞ւ ես դիմադրում,— կրկնեց Ժոանը։
— Ես չեմ դիմադրում... և ինչո՞ւ պետք է դիմադրեմ։
— Չգիտեմ։ Ինչ֊որ բան քո մեջ փակ է, և դու ոչինչ և ոչ ոքի չես ուզում ներս թողնել։
— Արի ինձ մոտ,— ասաց Ռավիկը։— Մի քիչ էլ լցրու բեր խմեմ։
— Ես երջանիկ եմ, լիակատար երջանիկ, և կուզեի, որ դու էլ երջանիկ լինես։ Դու անընդհատ իմ մտքում ես, ես քեզ հետ արթնանում եմ և քեզ հետ պառկում քնելու։ Ուրիշ ոչինչ ես չգիտեմ։ Ես իմ և քո մասին եմ անվերջ մտածում, և թվում է, թե գլխիս մեջ արծաթյա զանգակներ են ղողանջում... իսկ երբեմն էլ թվում է, թե ջութակ է նվագում... փողոցները մեզնով են լցված, ինչպես երաժշտությամբ... Մեկ-մեկ այդ երաժշտության մեջ մարդկային ձայներ են խուժում, իմ աչքերի առջևով պատկերներ են անցնում, ինչպես ֆիլմի կադրեր... սակայն երաժշտությունը հնչում է... Հնչում է անընդհատ ու միշտ...
Ընդամենը մի երկու շաբաթ առաջ դու դժբախտ էիր, մտածեց Ռավիկը, և ինձ անծանոթ էիր։ Որքան թեթև է տրվում քեզ երջանկությունը։ Նա խմեց կալվադոսով բաժակը։
— Դու հաճա՞խ ես երջանիկ եղել,— հարցրեց նրան Ռավիկը։
— Ոչ հաճախ։
— Բայց երբեմն։ Իսկ ե՞րբ են վերջին անգամ քո գլխում արծաթյա զանգակներ ղողանջել։
― Ինչո՞ւ ես դա հարցնում։
— Առանց պատճառի։ Որևէ բան հարցրած լինելու համար։
— Մոռացել եմ։ Եվ չեմ էլ ուզում հիշել։ Այն ժամանակ ուրիշ տեսակ էր։
— Ամեն ինչն էլ միշտ ուրիշ տեսակ է լինում։
Ժոանը նայեց նրան ու ժպտաց։ Նրա երեսը պայծառ էր և անսքող, ինչպես նոսր թերթիկներով ծաղիկը, որը բացվում է լրիվ, առանց որևէ բան թաքցնելու։
— Դա երկու տարի առաջ էր,—— ասաց Ժոանը։— Եվ երկար չտևեց... Ես Միլանում էի...
— Մենա՞կ։
— Ոչ։ Մի ուրիշի հետ՝ նա անսահման դժբախտ էր, խանդոտ և ոչինչ չէր հասկանում։
— Իհարկե, չէր հասկանում։
— Դու կհասկանայիր։ Իսկ նա սարսափելի տեսարաններ էր սարքում։— Ժոանը բազմոցից վերցրեց բարձը, դրեց մեջքի հետևը և ավելի հարմար նստեց։— Նա ի՜նչ հայհոյանքներ ասես, որ չէր տալիս ինձ, ինձ պոռնիկ էր անվանում, դավաճան անշնորհակալ․․․ բայց դրա մեջ ոչ մի ճշմարտություն չկար։ Այնքան ժամանակ, քանի դեռ սիրում էի նրան, ես հավատարիմ էի։ Երբեք չէի դավաճանում։ Բայց նա չէր հասկանում, որ իրեն այլևս չեմ սիրում։
— Դա ոչ ոք երբեք չի հասկանում։
— Ամենևին էլ ոչ։ Դու կհասկանայիր։ Բայց ես քեզ միշտ կսիրեի։ Դու ուրիշ ես, և մեր միջև ամեն ինչ ուրիշ տեսակ է։ Նա ուզում էր ինձ սպանել։— Ժոանը ծիծաղեց։— Այդպիսի դեպքերում նրանք միշտ սպառնում են սպանել։ Դրանից մի քանի ամիս հետո ուրիշն էլ էր ուզում ինձ սպանել։ Սակայն այդպիսիների ասածը լոկ դատարկ խոսքեր են, նրանք ոչ ոքի չեն սպանում։ Դու չէիր ուզի ինձ սպանել, ճի՞շտ է։
— Եթե ուզեի, ապա ամենաշատը կալվադոսով,— ասաց Ռավիկը։— Տուր, շիշը տուր այստեղ։ Փաոք աստծո, վերջապես մարդկային խոսակցության անցանք։ Մի քանի րոպե առաջ ես պարզապես սարսափած էի։
— Ինչի՞ց, որովհետև ես քեզ սիրո՞ւմ եմ։
— Արի նորից այդտեղից չսկսենք։ Դա միևնույնն է, թե կրինոլինով ու պարիկով զբոսանքի դուրս գալ։ Մենք իրար հետ ենք կարճ թե երկար ժամանակով — դա ո՞վ գիտի։ Բավական է, որ մենք միասին ենք։ Մեր ինչի՞ն են պետք ամեն տեսակի ծիսակարգերը։
— «Կարճ թե երկար ժամանակով»-ը ինձ դուր չի գալիս։ Բայց թե դրանք ընդամենը խոսքեր են։ Դու ինձ չես լքի։ Թեև դրանք նույնպես ընդամենը խոսքեր են, և դու ինքդ էլ դա գիտես։
— Միանգամայն ճիշտ է։ Քեզ երբևէ մեկն ու մեկը լքե՞լ է, որին դու սիրում էիր։
― Այո։― ժոանը աչքը գցեց Ռավիկի երեսին։— Չէ՞ որ երկուսից մեկը միշտ մյուսին լքում է։ Խնդիրն այն է, թե ո՞վ է ավելի շուտ լքում։
— Եվ դու ի՞նչ արիր:
— Ամեն ինչ։— Ժոանը նրա ձեռքից վերցրեց կալվադոսի բաժակը և մնացորդը խմեց։— Ամեն ինչ։ Բայց դա ոչ մի օգուտ չտվեց։ Ես սոսկալի դժբախտ էի։
— Եվ երկա՞ր Ժամանակ։
Մի շաբաթ։
— Այնքան էլ երկար չէ։
— Եթե մարդ իսկապես դժբախտ է, շաբաթը մի ամբողջ հավիտենականություն է։ Ես իմ ամբողջ էությամբ և կատարելապես այնպես էի դժբախտ, որ մի շաբաթվա ընթացքում ամբողջ վիշտս սպառվեց։ Դժբախտ էին իմ մազերը, իմ մաշկը, իմ մահճակալը, նույնիսկ իմ զգեստները։ Ես դժբախտության այնպիսի մի կատարյալ մարմնացում էի, որ աշխարհում ոչինչ ինձ համար այլևս գոյություն չուներ։ Իսկ երբ ոչինչ գոյություն չի ունենում, դժբախտությունը դադարում է դժբախտություն լինելուց։ Քանի որ ոչինչ չկա, որի հետ մարդ կարողանա համեմատել այդ դժբախտությունը։ Այն ժամանակ մնում է լոկ դատարկ մի ամայություն։ Հետո այդ ամենը անցնում է, և մարդ նորից է սկսում կամաց-կամաց վերակենդանանալ։
Ժոանը համբուրեց Ռավիկի ձեռքը։ Ռավիկն զգաց նրա փափուկ շրթունքների զգույշ հպումը։
— Ի՞նչ ես մտածում,— հարցրեց ժոանը։
— Ոչ մի բան,— պատասխանեց Ռավիկը։— Ոչ մի բան, բացի նրանից, որ դու հոգով անմեղ ես, ինչպես վայրենին։ Որ դու կատարելապես փչացած ես և ընդհանրապես անբասիր։ Դա աշխարհի երեսին ամենավտանգավոր բանն է։ Ապա բաժակն ինձ տուր։ Ես ուզում եմ խմել իմ բարեկամի՝ Մորոզովի, մարդկային սրտագետի կենացը։
— Ես չեմ սիրում Մորոզովին։ Չե՞նք կարող մի ուրիշի կենացը խմել։
— Բնական է, դու չես սիրի Մորոզովին։ Նա շիտակ աչք ունի։ Այդ դեպքում քո կենացը։
— Ի՞մ կենացը։
— Այո, քո կենացը։
— Ես վտանգավոր չեմ,— ասաց Ժոանը։— Ինձ վտանգ է սպառնում, բայց ինքս վտանգավոր չեմ։
— Բանն այն է, որ դու դրան հավատում ես։ Դա սովորական բան է։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի։ Սալյո՜ւտ։
— Սալյո՜ւտ։ Բայց դու ինձ չես հասկանում։
— Իսկ ո՞վ է ում հասկանում։ Հենց այստեղից էլ սկսվում է աշխարհի թյուրիմացությունը։ Տուր, շիշը տուր, տեսնեմ։
— Ինչքա՞ն ես խմում։ Ինչո՞ւ ես այդքան շատ խմում։
― Ժոան,— ասաց Ռավիկը։— Կգա մի օր, երբ դու կասես «չափազանց շատ»։ «Դու չափազանց շատ ես խմում», կասես, հավատացած լինելով, որ իմ լավն ես ցանկանում։ Իսկ իրականում, ինքդ այդ չգիտակցելով, դու կուզես կտրել իմ բոլոր ճանապարհները դեպի մի բնագավառ, որը դուրս է քո հսկողությունից։ Սալյո՜ւտ։ Այսօր տոն է մեզ մոտ։ Մենք արիաբար խուսափեցինք այն պաթետիկայից, որը ահեղ ամպի նման կանգնել էր լուսամատի առաջ։ Մենք սպանեցինք նրան նույն պաթետիկայով։ Սալյո՜ւտ։
Ռավիկն զգաց, թե Ժոանն ինչպես ցնցվեց։ Ձեռքերը հենելով հատակին, նա թեթևակի ուղղվեց և նայեց Ռավիկին։ Ժոանի աչքերը բացվել էին ամբողջ լայնությամբ, լողանալու խալաթը ուսերից ցած էր սահել, մազերը ետ էին ընկել ծոծրակին, խավարում նա նմանվում էր շեկ երիտասարդ էգ առյուծի։
— Ես գիտեմ,— հանգիստ ասաց Ժոանը,— դու ծիծաղում ես ինձ վրա։ Ես այդ հասկանում եմ, բայց դա ինձ համար միևնույն է։ Ես զգում եմ, որ նորից եմ ապրում, ես դա զգում եմ իմ ամբողջ էությամբ։ Ես հիմա շնչում եմ ուրիշ կերպ, իմ քունը այլևս մեռած չէ, իմ մատները կրկին դարձել են զգայուն, իմ ձեռքերը այլևս դատարկ չեն, և ինձ համար բոլորովին միևնույն է, թե դու ինչ կմտածես կամ ինչ կասես իմ մասին... Ես թափով թռչում եմ, ես վազում ու ինձ նետում եմ հորձանուտ ի մեջ, առանց մտածելու... Ես նորից երջանիկ եմ, և առանց զգուշության ու սարսափի ասում եմ քեզ այդ, եթե անգամ դա քեղ ծիծաղելի թվա, եթե դու անգամ ծաղրի ենթարկես ինձ...
Որոշ ժամանակ Ռավիկը լուռ էր։
— Ես քեզ ամենևին էլ ծաղրի չեմ ենթարկում,— ասաց նա վերջապես։— Ես ծաղրում եմ ինձ, Ժոան...
Ժոանն ամբողջ մարմնով սեղմվեց նրան։
— Բայց ինչո՞ւ։ Այնտեղ, քո ճակատի հետևում ինչ-որ բան, կա, որ համառում է, չի ուզում, ինչո՞ւ։
— Այնտեղ համառող ոչինչ չկա։ Բայց ես ավելի դանդաղկոտ եմ, քան դու։
Ժոանը գլուխն օրորեց։
— Բանը միայն դրանում չէ։ Քո մեջ մի բան կա, որ միայնություն է ուզում։ Ես դա զգում եմ։ Դա պատնեշի պես մի բան է, որին անընդհատ զարնվում եմ ես։
— Այնտեղ ոչ մի պատնեշ չկա, Ժոան, այնտեղ միայն տասնհինգ տարվա քո տարիքից ավելի կյանք կա։ Ոչ բոլոր մարդիկ են, որ կարողանում են տնօրինել իրենց կյանքը՝ սեփական տան նման, որը կարելի է ինչքան ուզեք ավելի հարուստ ու ճոխ կահավորել հիշողությունների կահույքով։ Կան այնպիսի մարդիկ, որոնց կյանքը անցնում է հյուրանոցներում, և այն էլ ոչ միայն մեկ, այլ բազմաթիվ հյուրանոցներում։ Տարիները նրանց հետևից շրխկշրխկում են հյսւրանոցային դռների նման... Եվ միակ բանը, որ մնում է, դա չնչին մի արիություն է և ոչ մի ափսոսանք։
ժոանը երկար ժամանակ ոչինչ չէր պատասխանում։ Ռավիկը, չգիտեր, նա լսում է իրեն թե ոչ, նա լուսամուտից նայում էր դեպի դուրս և զգում, թե ինչպես է կալվադոսի շողանքը հոսում իր երակների միջով։ Զարկերակի հարվածները լռեցին, տարածվեց անծայրածիր մի լռություն, որի մեջ խլացան ժամանակի անխոնջորեն աշխատող գնդացրային տկտկոցները։ Տանիքների վրա բարձրացավ աղոտ ուրվագծերով կարմիր լուսինը, որը նման էր կիսով չափ ամպերի մեջ պարուրված մզկիթային գմբեթի և որը դանդաղորեն բարձրանում էր դեպի վեր, ներքևում թողնելով ձյունամրրիկի մեջ սուզվող երկիրը։
— Ես գիտեմ,— ասաց ժոանը,— ձեռքերը դնելով Ռավիկի ծնկներին ու կզակը հենելով ձեռքերի վրա,— հիմարություն է պատմել քեզ իմ անցյալի մասին։ Ես կարող էի կամ լռել ու ոչինչ չասել և կամ էլ ստել։ Բայց ես այդ չեմ ուզում։ Ինչո՞ւ չպատմեմ քեզ ամբողջ իմ կյանքը։ Չպատմեմ այնպես, ինչպես եղել է։ Չէ՞ որ հիմա է, որ այդ կյանքը ինձ միայն ծիծաղելի է թվում և հասկանալի։ Եվ եթե ուզում ես, ծիծաղիր կամ ինձ վրա և կամ էլ այդ կյանքի։
Ռավիկը նայեց Ժոանին, որը չոքել էր նրա առաջ, ծնկների տակ տրորելով մեծ, ճերմակ քրիզանթեմներն ու նրանց տակ դրված լրագիրը։
Տարօրինակ գիշեր է, մտածեց Ռավիկը։ Հիմա ինչ֊որ տեղ մարդիկ կրակում են, ինչ֊որ տեղ հետապնդում են մարդկանց, խրում բանտերը, տանջանքների ենթարկում, սպանում, ինչ֊որ տեղ տրորում են խաղաղ կյանքի մի կտոր, և մարդ այստեղ նստած գիտե այդ ամենը։ Բայց անճարակ ու անօգնական ոչինչ անել չի կարող... Պայծառորեն լուսավորված բիսարոներում կյանքը եռում է, և ոչ ոքի մտքո չի էլ անցնում մտածել այդ ամենի մասին։ Մարդիկ հանգիստ պառկում են քնելու, իսկ ես նստել եմ ահա այստեղ ինչ֊որ կնոջ հետ, գունաթափ քրիզանթեմների միջև։ Կալվադոսը առջևս դրած... Եվ հառնում է դողդոջուն, օտար, վշտաբեկ, միայնակ սիրո մի ստվեր, քշված անհոգ անցյալի պարտեզներից... Եվ այդ սերը երկչոտ է, վայրի, շտապող, կարծես, նա կորցրել է իր իրավունքները...
― Ժոան,— անշտապ արտասանեց Ռավիկը, կարծես ցանկանալով բոլորովին ուրիշ բան ասել։— Ինչքա՜ն լավ է, որ դու այստեղ ես։
Ժոանը նայեց նրան։
Ռավիկը բռնեց նրա ձեռքը։
― Դու գիտե՞ս, ինչ է այս նշանակում։ Հազար խոսքերից ավելի է նշանակում։
Ժոանը գլխով արեց։ Նրա աչքերը հանկարծ լցվեցին արցունքներով։
— Դա ոչինչ չի նշանակում,— ասաց նա։— Ոչ մի բան։ Ես այդ գիտեմ։
— Դա ճիշտ չէ,— առարկեց Ռավիկը, իմանալով, որ դա ճիշտ է։
— Ոչ։ Ամենևին։ Դու պետք է ինձ սիրես, սեր իմ, ուրիշ ոչինչ։
Ռավիկը չպատասխանեց։
— Դու պետք է ինձ սիրես,— կրկնեց Ժոանը։— Այլապես ես կորած եմ։
Կորա՜ծ եմ, մտածեց Ռավիկը։ Ինչքա՜ն արագ է նա ասում այդ խոսքը։ Ով իսկապես կորած է, նա չի խոսում։