«Խաղը»–ի խմբագրումների տարբերություն
չ |
չ |
||
Տող 13. | Տող 13. | ||
«Խաղը» վիպակը տպագրվել է 1905 թվականի մայիսին «Մետրոպոլիտեն մեգեզին» հանդեսում և նույն թվականին լույս է տեսել Նյու-Յորքում առանձին գրքով: | «Խաղը» վիպակը տպագրվել է 1905 թվականի մայիսին «Մետրոպոլիտեն մեգեզին» հանդեսում և նույն թվականին լույս է տեսել Նյու-Յորքում առանձին գրքով: | ||
</blockquote> | </blockquote> | ||
+ | |||
+ | [[Պատկեր:the-game-title.png|250px|thumb|right|«Խաղը» վիպակի տիտղոսաթերթը]] | ||
== Գլուխ I == | == Գլուխ I == |
15:15, 21 Հունվարի 2015-ի տարբերակ
հեղինակ՝ Ջեկ Լոնդոն |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
THE GAME by Jack London
«Խաղը» վիպակը տպագրվել է 1905 թվականի մայիսին «Մետրոպոլիտեն մեգեզին» հանդեսում և նույն թվականին լույս է տեսել Նյու-Յորքում առանձին գրքով:
Բովանդակություն
Գլուխ I
Նրանց առջև, հատակին, գույնզգույն ու նախշավոր գորգեր էին փռված։ Հենց սկզբից նրանց դուր եկան բրյուսելյան երկու գորգերը, բայց մյուսներն էլ շքեղ ու վառվռուն, պակաս չէին հրապուրում։ Դժվար էր դիմանալ գայթակղությանը։ Սակայն բարձր գինը վախեցրեց նրանց։ Բաժնի վարիչը մեծ պատիվ արեց. ինքը զբաղվեց նրանցով։ Ի դեպ, աղջիկը շատ լավ գիտեր, որ նա այդ բանն անում է ոչ թե իր համար, այլ՝ Ջոյի։ Իզուր չէ, որ վերևի հարկը բարձրանալիս, վերելակապան տղան, բերանը բաց, իր հիացած հայացքը Ջոյից չէր կտրում։ Այդսպիսի ակնածանքով էին նայում նրան թե՛ մեծերը, թե՛ փոքրերը, երբ պատահում էր, որ աղջիկը Ջոյի հետ միասին անցնում էր քաղաքի արևմտյան մասում ընկած իրենց թաղամասով։
Բաժնի վարիչին կանչեgին հեռախոսի մոտ, ու անմիջապես էլ շքեղ գորգ գնելու ցանկության և շատ փող ծախսելու վախի միջև եղած պայքարը աղջկա հոգում տեղի տվեց ուրիշ, ավելի տագնապալից մտքերի։
― Չեմ հասկանում, Ջո, թե դրա մեջ ինչ լավ բան ես գտել,— ասաց նա մեղմ, բայց պահանջկոտ ձայնով, ըստ երևույթին, շարունակելով քիչ առաջ սկսած և ոչ մի արդյունքի չհասցրած վեճը։
Տղայի կիսամանկական դեմքը մռայլվեց, բայց մի ակնթարթ միայն, և անմիջապես էլ նորից փայլեց քնքշությամբ։ Նա շատ ջահել էր, համարյա երեխա, իսկ Ջենեվևան՝ գրեթե աղջնակ. կյանքի շեմին կանգնած երկու պատանի էակներ էին նրանք, որ գորգ էին ընտրում իրենց փոքրիկ բույնը զարդարելու համար։
― Արժե՞ դրա համար հուզվել,— հարցրեց տղան։— Ես քեզ ասացի չէ՞, որ սա վերջին անդգամն է, ամենավերջին անգամը։
Տղան ժպտաց, բայց աղջիկը նկատեց հազիվ լսելի ցավը ու ափսոսանքի հառաչանքը, որ ակամա դուրս թռավ նրա բերանից, և սիրտը ճմլվեց։ Աղջիկը զուտ կանացիական մղումով կամենում էր ամբողջովին տիրել իր սիրեցյալին, բայց վախենում էր Ջոյի մոլությունից դեպի այն ամենը, ինչ անհասկանալի էր իրեն, սակայն տղայի կյանքում այնպես մեծ տեղ էր բռնում։
― Դու գիտես չէ՞, Օ'Նեյլի հետ ունեցած հանդիպումից շահած գումարով ես վճարեցի մորս տան արժեքի մնացած մասը,— շարունակեց տղան։— Այդ հոգսից ազատվեցի։ Իսկ այսօր, երբ հանդիպեմ Պոնթայի հետ, ես հարյուր դոլլար մրցանակ կստանամ, հասկանում ես, հարյո՜ւր դոլլար։ Այդ գումարը կծախսենք մեզ կարգի բերելու համար։
Աղջիկը ուշադրություն չդարձրեց դրամական հաշիվներին:
― Բայց դու ախր սիրում ես քո այդ ռինգը։ Ինչո՞ւ։
Տղան մտքերն արտահայտելու վարպետ չէր։ Աշխատանքի մեջ բառերին փոխարինում էին ձեռքերը, իսկ ռինգում նրա փոխարեն խոսում էր ամբողջ մարմինը, մկանների խաղը։ Խոսքերով նա չէր կարող բացատրել, թե ռինգը ինչու է այդպես անզուսպ, անդիմադրելի կերպով ձգում իրեն։ Սակայն նա փորձեց այդ բանն անել և անվճռականորեն, շփոթված սկսեց բացատրել այն, ինչ զգում էր մրցության ժամանակ, հատկապես ամենաբարձր լարվածության ու ոգևորության պահերին։
― Միայն մի բան կարող եմ ասել քեզ, Ջենեվևա. չկա ավելի լավ բան, քան կանգնել ռինգում և գիտենալ, որ հակառակորդը քո ձեռքում է։ Ահա նա հարվածներ է իջեցնում, մեկ՝ աջից, մեկ՝ ձախից, իսկ դու ամեն անդամ կասեցնում եu նրա հարվածները, խույս ես տալիս։ Իսկ հետո այնպե՜ս եu հասցնում, որ օրորվում է, փաթաթվում քեզ ու բաց չի թողնում, մինչև դատավորր պոկում, հեռացնում է նրան, և այդ ժամանակ էլ դու կարող ես հաշիվներդ մաքրել հակառակորդի հետ։ Իսկ հասարակությունն ինքնամոռացության մեջ ընկած աղաղակում է, և դու հասկանում ես, որ հաղթել եu, որ ազնվորեն ես պայքարել, բոլոր կանոններով, և հաղթել եu, որովհետև ավելի լավ ես կռվել։ Հասկանում ես, ես․․․
Նա լռեց՝ վախեցած իր շատախոսությունից և Ջենեվևայի աչքերում նշմարվող երկյուղից։ Ականջ դնելով Ջոյի ասածներին՝ աղջիկը սևեռուն հայացքով նայում էր տղային, և նրա դեմքին ավելի ու ավելի նկատելի էր դառնում տանջող տագնապի արտահայտությունը։ Նկարագրելով իր կյանքի ամենավեհ րոպեները՝ Ջոն մտքով տեսնում էր իր հարվածով գետին ընկած հակառակորդին, տեսնում էր ռինգի լույսերը, մոլուցքով ծափահարող հանդիսատեսներին։ Եվ Ջենեվևան զգաց, որ Ջոն հեռանում է իրենից, տարվում իր համար անհասկանալի կյանքի հոսանքով։ Այդ ահեղ, անդիմադրելի հոսանքի առաջ անզոր դարձավ նրա անսահման սերը։ Իր ճանաչած Ջոն ետ քաշվեց, հալվեց, կորավ մշուշում... Չքացան նրա սիրուն, մանկական դեմքը, քնքուշ հայացքը, բեբանի կոր գծերը։ Հիմա նա իր առջև հասուն տղամարդու դեմք էր տեսնում, մի դեմք, որ կարծես պողպատից էր ձուլված՝ քարացած ու անդրդվելի, շրթունքներն ամուր սեղմվել էին թակարդի պողպատե փեղկերի նման, լայն բացված աչքերը, պողպատե փայլ արձակելով, նայում էին սառն ու անտարբեր հայացքով։ Դա տղամարդու դեմք էր, իսկ աղջիկը մինչ այդ միայն պատանու դեմք էր ճանաչում։ Այդպես էր նրան տեսել առաջին անգամ։
Աղջիկը սարսափեց, բայց, այնուամենայնիվ, անորոշ կերպով զգաց, որ հպարտանում է տղայով։ Նրա առնականությունը, հաղթող արուի առնականությունը չէր կարող չհուզել աղջկա կանաgի էությունը, չէր կարող նրա մեջ չարթնացնել կյանքի հուսալի ուղեկից գտնելու, առնական ուժի քարե պատին հենվելու կանացի դարավոր տենչանքը։ Նա չէր հասկանում այն կիրքը, որ իշխում էր տղային, բայց լավ գիտեր, որ նույնիսկ սերը չի փրկի նրան։ Որքա՜ն քաղցր էր այն միտքը, որ հանուն իրեն, հանուն իրենց սիրո Ջոն հանձնվեց, զիջեց իր ցանկությանը, հրաժարվեց սիրած գործից և այսօր վերջին անգամ է ելույթ ունենալու ռինգում։
― Միսիս Սիլվերստայնն ասում է, որ ինքը ատում է բռնցքամարտը, որ դրա մեջ ոչ մի լավ բան չկա,— ասաց Ջենեվևան։— Իսկ նա խելացի կին է։
Տղան ներողամտորեն ժպտաց՝ թաքցնելով արդեն մի քանի անգամ կրած վիրավորանքը․ ցավալի էր գիտակցել, որ Ջենեվևան չէր գնահատում նրա բնավորության, նրա կյանքի հենց այն կողմը, որով Ջոն ամենից շատ էր հպարտանում։ Ռինգում նա հասել էր հաջողության, փառքի, հասել էր իր ուժերով, լարված ու համառ աշխատանքի գնով։ Եվ հենց դա էլ նա հպարտությամբ դրեց Ջենեվևայի ոտքերի տակ, երբ արժանացավ նրա սիրույն, երբ իր անձը, իր մեջ եղած ամբողջ լավագույնը առաջարկեg նրան։ Բռնցքամարտիկի իր վարպետության մեջ նա տեսնում էր քաջության վեհ ու գեղեցիկ գրավականը, մի բան, որ ոչ մի տղամարդ չէր կարող առաջարկել սիրած աղջկան։ Եվ հենց դա էլ, Ջոյի կարծիքով, իրավունք էր տաված համառորեն ձգտելու և տիրանալու Ջենեվևային։ Բայց աղջիկը այն ժամանակ չհասկացավ իրեն և հիմա էլ չէր հասկանում։ Ու տղան զարմանում էր, այդ դեպքում հապա ի՞նչ է գտել նա իր մեջ, ինքը ինչո՞վ է արժանացել նրա սիրույն։
― Միսիս Սիլվերստայնը պարզապես անխելք ու փնթփնթան պառավ է,— ասաց Ջոն առանց չարության։— Նա ի՞նչ է հասկանում։ Հավատա ինձ, լավ բան շատ կա սպորտի այդ ձևի մեջ։ Եվ առողջության համար է լավ,— մի պահ մտածելով ավելացրեց նա։— Նայիր ինձ։ Չէ՞ որ շատ մաքուր պետք է ապրեմ, եթե ուզում եմ սպորտային վիճակում մնալ։ Ես ավելի մաքուր եմ ապրում, քան միսիս Սիլվերստայնը կամ նրա ծերուկը, և ընդհանրապես ավելի մաքուր, քան այն բոլորը, որոնց դու ճանաչում ես։ Ես ռեժիմ եմ պահպանում՝ լոգանքներ, մասաժ, մարզանքներ, առողջարար սնունդ, առանց ավելորդությունների։ Ես չեմ խմում, չեմ ծխում, մի խոսքով ոչ մի այնպիսի բան չեմ անում, որ վնասեր ինձ։ Այո, ես ավելի մաքուր եմ, քան դու, Ջենեվևա․․․— նկատելով, որ աղջիկը վիրավորված սեղմեց շրթունքները, շտապեց ավելացնել.— Ազնիվ խոսք։ Ես օճառի ու ջրի մասին չեմ ասում, ա՛յ նայիր,— նա զգույշ, բայց ամուր սեղմեց աղջկա թևը արմունկից վերև,— շատ ես փափուկ, փխրուն, ինձ նման չես։ Ահա՛, փորձիր։
Եվ նա Ջենեվևայի մատների ծայրերը այնպես ամուր սեղմեց իր երկգլխանի մկանին, որ աղջիկը ցավից կնճռոտվեց։
― Ես ամբողջովին այդպես եմ,— նորից խոսեց նա։— Ամուր ու ճկուն։ Հենց դա էլ ես համարում եմ մաքրություն։ Ինձ մոտ ոչ մի անմաքուր բան չկա․ ոչ մի ջիղ, ոչ մի կաթիլ արյուն, ոչ մի մկան․ ամեն ինչ մաքուր է, մինչև ոսկորներս, ոսկորներս էլ են մաքուր։ Դա օճառով ու ջրով լվացվելուց հետո եղած մաքրությունը չէ, դա նշանակում է ամբողջապես մաքուր լինել։ Հավատացնում եմ քեզ, Ջենեվևա, ես այդ բանն զգում եմ, շոշափում եմ իմ ամբողջ մարմնում։ Երբ առավոտյան արթնանում եմ ու գնում աշխատանքի, ամբողջ արյունս, բոլոր ջղերս կարծես ճչում են, որ իրենք մաքուր են։ Ախ, եթե դու գիտենայիր․․․
Նա լռեց խոսքի կեսից՝ բոլորովին շփոթված իր համար այնքան անսովոր պերճախոսությունից։ Երբեք նա այդպես հուզված չէր եղել, բայց և երբեք էլ հուզվելու այդքան լուրջ պատճառ չէր ունեցել։ Չէ՞ որ Ջենեվևան ատելությամբ խոսեց բռնցքամարտի մասին, դատապարտեց, ժխտեց սպորտի այդ ձևը, որից գեղեցիկ բան աշխարհում ոչինչ չկար Ջոյի համար և չէր եղել մինչև այն օրը, երբ նա պատահաբար մտավ Սիլվերստայնի կրպակը, և Ջենեվևան անսպասելիորեն ներխուժեց նրա կյանքի մեջ՝ ստվերի տակ թողնելով մնացած ամեն ինչ։ Նա հասկացավ, թեև աղոտ կերպով, որ անհաշտելի հակասություն գոյություն ունի կնոջ և իր կոչման միջև, սիրած գործի և այն բանի միջև, ինչ որ կինը պահանջում է տղամարդուց։ Հասկացավ, բայց չէր կարող որոշակի եզրակացության հանգել այդ ամենից։ Նա տեսնում էր միայն այն անդունդը, որ ընկած էր իրական, կենդանի Ջենեվևայի և ռինգ կոչված հրապուրիչ, անկրկնելի աշխարհի միջև։ Երկուսն էլ իրար դեմ էին դուրս եկել, երկուսն էլ իրենց իրավունքներն էին պահանջում։ Տղան երկու մասի էր բաժանվում, բայց վերջնական ընտրություն չէր կատարել և անօգնական լողում էր հոսանքի հետ։
Տղայի հուզված խոսքերր լսելով՝ Ջենեվևան սևեռուն նայեց նրան և ակամա սկսեց հիանալ նրա զուլալ աչքերով, հարթ ու նուրբ, ասես աղջկական մաշկով։ Նա չէր կարող չընդունել, որ Ջոյի փաստերը համոզիչ են, բայց դա միայն զայրացնում էր իրեն։ Նա բնազդով ատում էր բռնցքամարտը, ատում էր այն բանի համար, որովհետև Ջոյին կտրում էր իրենից, խլում նրա մի մասը։ Դա մի մրցակից էր, որը Ջենեվևան չէր կարողանում ըմբռնել, որովհետև չէր հասկանում, թե ինչումն է նրա հմայքը։ Եթե նրանց միջև մի ուրիշ աղջիկ հայտնվեր, ամեն ինչ պարզ կլիներ, այդ դեպքում իրեն օգնության կգային իմ ացությունը, հնարամտությունը, խորաթափանցությունը։ Բայց նրա առջև մի թշնամի էր՝ անշոշափելի ու անըմբռնելի, որի դեմ նա պայքարում էր խավարի մեջ, խարխափելով։ Նա զգում էր, որ Ջոյի խոսքերի մեջ ճշմարտություն կա, և դրանից էլ հակառակորդը ավելի ահավոր էր թվում։
Անսպասելիորեն Ջենեվևային համակեց իր անզորության դառն գիտակցությունը։ Նա ցանկանում էր, որ Ջոն ամբողջովին իրեն պատկաներ. այդ էր պահանջում նրա կանացի բնությունը, բայց որքան էլ փորձում էր պահել նրան, այնուամենայնիվ նա հեռանում էր, դուրս էր սահում իր գրկից։ Իր նկատմամբ ունեցած խղճահարությունից արցունքներ երևացին աղջկա աչքերում, շրթունքները դողացին, և պարտությունը անմիջապես վերածվեց հաղթանակի․ ամենազոր ռինգը նահանջեց կանացի թուլության անհաղթելի ուժի առջև։
― Հարկավոր չէ, Ջենեվևա, լաց մի՛ լինի,— խնդրեց Ջոն զղջալով, թեև պատճառ չուներ զղջալու։ Նրա տղամարդկային ուղեղը չէր կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ այդպես բռնկվեց Ջենեվևան։ Բայց աղջիկը լաց էր լինում, և մնացած ամեն ինչը մոռացվեց։
Ջենեվևան ժպտաց արցունքների միջից, և տղան ներում կարդաg նրա աչքերում, ու, թեև ոչ մի մեղք չէր գործել, սիրտը թեթևացավ։ Նա կամեցավ սեղմել աղջկա թևը, բայց սա հեռացրեց նրա ձեռքը և վայելուչ կերպով ուղղվեց։ Սակայն ժպիտը ավելի պայծառ փայլեց նրա գեղեցի կ դեմքին։
― Ահա և միստր Քլաուզենը,— ասաց Ջենեվևան, զուտ կանացիական արվեստով թաքցնելով իր հուզմունքը, և անարցունք ու ջինջ աչքերով նայեց բաժնի վարիչին։
― Դուք, երևի, շա՞տ սպասեցիք ինձ, Ջո,— ասաց վարիչը, որ կարմրերես ու շարժուն փոքրիկ մի մարդ էր՝ մանր, ուրախ աչքերով և խիտ, պատկառելի այտամորուքներով։— Հը, ի՞նչ եղավ,— աշխույժ խոսեց նա,— ո՞րն եք ուզում գնել։ Հավանո՞ւմ եք այս գորգը։ Սիրուն նախշեր են, ճիշտ չէ՞։ Այո՛, այո՛, հասկանում եմ։ Ես էլ տունուտեղ դրեցի, երբ շաբաթական ընդամենը տասնչորս դոլլար էի ստանում։ Ախր ամեն մարդ էլ ուզում է լավ բաներ առնել իր տան համար, ճի՞շտ է։ Դե՛, իհարկե, ուրիշ կերպ չի էլ կարող լինել։ Ախր ընդամենը յոթ սենթով է թանկ։ Բայց նկատի ունեցեք, որ թանկից էժանը չկա։ Գիտեք ինչ, Ջո,— վարիչը մեծահոգությամբ խորհրդավոր կերպով ձայնն իջեցրեց,— ես ընդառաջում եմ, բայց միայն ձեզ համար, ես պատրաստ եմ երկու սենթով էլ իջեցնել գինը։ Բայց շատ-շատ եմ խնդրում,— ավելացրեց նա խորհրդավոր տեսքով,— ոչ ոքի չասեք, թե քանիսով եք գնել։
Այն բանից հետո, երբ Ջոն և Ջենեվևան, միմյանց հետ խորհրդակցելով, հայտնեցին իրենց որոշման մասին, վարիչն ասաց.
― Բոլորը կծրարվի, կկարվի և կուղարկվի ձեր տունը, դա, պարզ է, որ մտնում է վճարի մեջ։ Դե, իսկ ե՞րբ է տնամուտը։ Շուտո՞վ, արդյոք, թևեր կառնեք թռչելու։ Վա՞ղը։ Արդե՞ն։ Հրաշալի՜ է, հրաշալի՜ է։— Նա հիացմունքից աչքերը կկոցեց, հետո հայրական քնքշությամբ ժպտաց։
Ջոն զուսպ պատասխաններ տվեց վարիչի հարցերին, իսկ Ջենեվևան թեթևակի կարմրեց, երկուսին էլ անտեղի թվաց այդ խոսակցությունը։ Ոչ թե նրա համար, որ նա խախտեց պատշաճության քաղքենիական պատկերացումները, այլ որովհետև կպավ նրանց անձնական, թաքուն զգացմունքներին։ Վարիչի վարմունքի դեմ ծառացան իսկական կյանքին ու բարոյական մաքրությանը ձգտող աշխատավոր մարդուն հատուկ ամոթխածությունն ու ողջախոհությունը։
Քաղցր ժպիտով և բարեհաճ գորովանքով միստր Քլաուզենը նրանց ուղեկցեց մինչև վերելակը։ Այդ ժամանակ բոլոր գործակատարները, ասես ինչ-որ հրամանով, գլուխները շրջեցին և նայեցին Ջոյի գեղեցիկ կազմվածքին։
― Իսկ այսօրվա հանդիպո՞ւմը, Ջո,— մտահոգ հարցրեց միստր Քլաուզենը, մինչ նրանք վերելակի էին սպասում։— Ինչպե՞ս եք զգում։ Կարո՞ղ եք գլուխ հանել։
― Չեմ կասկածում,— պատասխանեց Ջոն։— Ինձ շատ լավ եմ զգում։
― Իսկապե՞ս։ Հրաշալի է։ Գիտեք, քիչ էր մնում մտքովս անցներ, որ... հարսանիքի նախօրյակին, և այնուամենայնիվ... հա՛, հա՛, հա՛... Կարելի է մի քիչ զիջել... բացի դրանից նյարդերը... Զարմանալու բան չկա, ես էլ ժամանակին փեսացու եմ եղել։ Բայց դուք սպորտային վիճակո՞ւմ եք։ Դե պարզ է, իզուր էլ հարցնում եմ, առանց այդ էլ երևում է... հա՛, հա՛, հա՛։ Դե, հաջողություն եմ ցանկանում, տղաս։ Չեմ կասկածում ձեր հաջողությանը, բոլորովին չեմ կասկածում։ Դուք կհաղթեք։ Ցտեսություն, միսս Պրիչարդ,— դարձավ նա Ջենեվևային՝ քաղաքավարությամբ օգնելով նրան վերելակ մտնել։— Մեզ չմոռանաք։ Միշտ ուրախ կլինեմ ձեզ տեսնելու, անկեղծորեն ուրախ կլինեմ։
― Բոլորը քեղ «Ջո» են անվանում,— կշտամբանքով ասաց Ջենեվևան, երբ իջնում էին վերելակով։— Իսկ ինչո՞ւ ոչ «միստր Ֆլեմինգ»։ Իմ կարծիքով դա նույնիսկ անքաղաքավարություն է։
Բայց Ջոն մտածկոտ հայացքը հառել էր վերելակավար տղային և, ինչպես երևում է, չլսեց նրան։
― Ի՞նչ է պատահել քեզ, Ջո,— հարցրեց աղջիկը այն նույն քնքուշ, սիրալիր ձայնով, որը միշտ զինաթափ էր արել տղային։
― Ոչինչ, հենց այնպես,— պատասխանեց տղան։— Պարզապես մտածում էի այն մասին, թե ինչպես կուզենայի, որ...
― Որ․․․ Ի՞նչ։— Աղջկա ձայնը հնչեց մեղմ ու փաղաքուշ, իսկ աչքերն այնպես անկեղծորեն էին նայում, որ ոչ ոք չէր կարող դիմանալ նրանց։ Բայց Ջոն դարձյալ ուրիշ կողմ էր նայում։
Հետո, վճռականորեն նայելով աղջկան, նա ասաց.
― Կուզենայի, որ դու գոնե մեկ անդամ ինձ տեսնեիր ռինգում։
Աղջիկը արհամարհանքով ուսերը թոթվեց, և Ջոյի դեմքը մթնեց։ Ջենեվևային ցավ պատճառեց այն միտքը, որ ահեղ մրցակիցը կանգնել է իրենց միջև և հրապուրել է Ջոյին ու տանում, հեռացնում է իրենից։
― Ես... ես հաճույքով...— արագ ասաց նա՝ ճիգ գործադրելով իր վրա և փորձելով ցույց տալ այն ջերմ համակրանքը, որով կինը հաղթում է նույնիսկ ամենաուժեղ տղամարդուն։
― Ճի՞շտ։ Դու համաձա՞յն ես։— Ջոն սևեռուն նայեց աղջկա աչքերին։
Ջենեվևան հասկացավ տղայի հուզմունքը. նա ասես հրավեր էր նետում աղջկան նրա սիրո ուժը չափելու համար։
― Դա իմ կյանքի ամենաերջանիկ պահը կլինի,— պարզապես ասաց տղան։
Ի՞նչը ստիպեց Ջենեվևային այդպիսի անսպասելի որոշում ընդունել․ սիրող սրտի խորաթափանցությո՞ւնը, Ջոյին իր կարեկցանքից չզրկելու ցանկությո՞ւնը, որին միշտ ձգտում էր տղան, թե՞ իր ախոյանին երես առ երես հանդիպելու պահանջը, որպեսզի հասկանար, թե ինչո՞ւմն է նրա ուժը։ Կամ, գուցե, անհայտ աշխարհի հրամայական կա՞նչն է ներխուժել նրա միապաղաղ, անհրապույր կյանքի նեղ սահմաններից։ Այսպես թե այնպես, նա զգաց մինչ այդ իրեն անհայտ, անծանոթ արիության հորդումը և նույնպիսի պարզությամբ, ինչպես Ջոն, ասաց․
― Համաձայն եմ։
― Ես չէի կարծում, որ դու կհամաձայնես, թե չէ, երեի, չէի համարձակվի խնդրել,— խոստովանեց տղան, երբ դուրս էին գալիս խանութից։
― Մի՞թե չի կարելի,— տագնապահար հարցրեց աղջիկը, վախենալով, թե չլինի հանկարծ իր վճռականությունը պաղի։
― Դե չէ՜, ես կարող եմ այդ բանը դասավորել։ Բայց մտքովս չէր անցնում, թե կհամաձայնես, բոլորովին մտքովս չէր անցնում,— դեռևս զարմանքից ուշքի չեկած՝ կրկնում էր նա, երբ արդեն տրամվայ էին նստել և գրպանից մանր դրամ էր հանել տոմս վերցնելու համար։