== Գլուխ II։ Խելագար աստվածը ==
Ֆորտ֊Յուքոնում սպիտակ մարդիկ քիչ կային։ Նրանք վաղուց էին ապրում այդտեղ, անվանում էին իրենց «թթխմոր» և խիստ հպարտանում էին դրանով։ Հնաբնակներն արհամարհում էին նրանց, ովքեր գալիս էին այդտեղ այլ վայրերից։ Շոգենավից ափ իջած մարդիկ նորելուկներ էին և կոչվում էին «չեչակո»։ Նորելուկները ամենևին չէին սիրում իրենց մականունը։ Սրանք չոր թթխմորով էին շադախում իրենց խմորը, և դա որոշակի անջրպետ էր ստեղծում նրանց ու հնաբնակների միջև, որոնք խմորը թողնում էին թթվի, որովհետև թթխմոր չունեին։ Բայց այս բոլորը ի միջի այլոց։ Ամրոցի բնակիչները արհամարհում էին նորեկներին, ուրախանում էին ամեն անգամ, երբ որևէ անախորժություն էր պատահում նրանց։ Առանձնակի հաճույք էին պատճառում նրանց Սպիտակ ժանիքի և ամեն տեսակ անկարգություն անող ոհմակի դատ ու դատաստանը օտար շների հետ։ Հենց որ շոգենավը գալիս էր, ամրոցի հնաբնակներն շտապում էին գետափ՝ զվարճությունից չուշանալու համար։ Նրանք այդ զվարճությունը կանխավայելում էին հնդկական շներից ոչ պակաս, և, իհարկե, անմիջապես էլ գնահատեցին այն դերը, որ այդ կռիվներում կատարում էր Սպիտակ Ժանիքը։ Բայց հնաբնակների մեջ կար մի մարդ, որին առանձնակի հաճույք էր պատճառում այդ զվարճությունը։ Լսելով մոտեցող շոգենավի շչակի սուլոցը՝ նա մեծ արագությամբ վազում էր գետափ, իսկ երբ կռիվը վերաջանում էր և շների ոհմակը ցրվում ամեն կողմ, այդ մարդը դանդաղորեն հեռանում էր նավամատույցից՝ իր ամբողջ տեսքով խոր ափսոսանք արտահայտելով։ Հաճախ, երբ հարավային քնքշացած շունը ընկնում էր գետին ու շունչը փչում՝ բզիկբզիկ լինելով իր վրա գրոհած ոհմակից, այդ մարդը հրճվանքից գոռգոռում էր ու ոստոստում։ Եվ ամեն անգամ նախանձով նայում էր Սպիտակ Ժանիքին։ Ամրոցի հնաբնակներն այդ մարդու անունը դրել էին «Սիրուն»։ Ոչ ոք չէր իմանում նրա իսկական անունը, և այդ շրջաններում նա հայտնի էր որպես Սիրուն Սմիթ։ Ճիշտն ասած, գեղեցիկ քիչ բան կար նրա մեջ, հավանորեն այդ պատճառով էլ տվել էին նրան այդ մականունը։ Հազվագյուտ տգեղն էր նա։ Նրան ստեղծելիս բնությունը ժլատություն էր արել։ Կարճահասակ էր նա, իսկ ճլեզ մարմնի վրա նստել էր անկանոն ձևի ու երկարավուն գլուխը։ Մանկությանօրերին, նախքան «Սիրուն» նոր մականունը կամրանար նրա վրա, հասակակիցները «Մանրամեխ» էին անվանում նրան։ Սմիթի ծոծրակը բոլորովին տափակ էր. ճակատը նեղ ու անճոռնիորեն տափակ։ Հետո էլ բնությունը հանկարծ դարձել էր առատաձեռն ու Սիրուն Սմիթին օժտել դուրս պրծած և այն աստիճան իրարից հեռու գտնվող աչքերով, որ դրանց միջև մի զույգ աչք ևս կարող էր տեղավորվել։ Մնացած ազատ տարածությունը որևէ կերպ լցնելու համար բնությունը տվել էր նրան ծանր կզակ, որն առաջ էր ցցված ու համարյա թե ընկած էր կրծքին, կամ գուցե և այդպես էր միայն թվում, որովհետև Սիրուն Սմիթի վիզը շատ էր բարակ այդպիսի մեծածավալ բեռի համար։ Կզակը նրա դեմքին տալիս էր վայրագ վճռականության արտահայտություն, բայց, չգիտես ինչու, մարդու հավատալը չէր գալիս, թե այդ անձնավորությունը վճռական է, թերևս այն պատճառով, որ այդ կզակը չափից դուրս մեծ ու զանգվածային էր։ Այլ կերպ ասած՝ Սիրուն Սմիթի խառնվածքի մեջ վճռականության հետք անգամ չկար։ Ամենուրեք նա հռչակված էր որպես արգահատելի ու ողորմելի վախկոտ։ Պատկերը լրացնելու համար պարտ է հիշատակել, որ նրա ատամները երկար էին ու դեղին, իսկ երկու ժանիքները դուրս էին ցցված բարակ շրթունքների տակից։ Աչքերի համար երևի պակասել էր բնության ներկը, և նա էլ դրանց համար քերել էր իր ներկապնակի բոլոր մնացորդները, այնպես որ ստացվել էր դեղնապղտոր մի բան։ Նույնը կարելի է ասել նաև ցանցառ մազերի մասին, որոնք ցցվել էին նրա գլխին ու այտոսկրներին և հիշեցնում էին քամուց գզգզված ծղոտի խուրձ։ Կարճ ասած՝ Սիրուն Սմիթը այլանդակ մարդ էր, բայց հարկ չկա մեղադրել նրան դրա համար։ Այդպես էր նա աշխարհ եկել։ Ամրոցի բնակիչների համար նա կերակուր էր եփում, ամաններն էր լվանում և ամեն տեսակ այլ կեղտոտ աշխատանք կատարում։ Այդտեղի բնակիչները հանդուրժողաբար և նույնիսկ ներողամտաբար էին վերաբերվում նրան որպես կյանքում ձախողակ մի արարածի։ Բացի դրանից, Սիրուն Սմիթից մի փոքր էլ վախենում էին. այդպիսի չարամիտ վախկոտից կարելի էր գնդակ ստանալ մեջքին կամ մի բաժակ թունավորված սուրճ։ Բայց չէ՞ որ մեկնումեկը պետք է կերակուր եփի, իսկ Սիրուն Սմիթը, չնայած իր բոլոր թերություններին, իմանում էր իր գործը։ Այսպես էր ահա այն մարդը, որը զմայլվում էր Սպիտակ Ժանիքի քաջությամբ ու երազում տիրանալ նրան։ Սիրուն Սմիթն սկսեց քծնախաղ անել Սպիտակ Ժանիքի հետ, բայց սա ոչ մի ուշադրություն չդարձրեց դրան։ Երբ խաղ անելը հաճախակիանում ու չափից անցնում էր, Սպիտակ ժանիքը ատամները կրճտում էր Սիրուն Սմիթի վրա, փշաքաղվում ու փախչում։ Այդ մարդը դուր չէր գալիս նրան։ Սպիտակ Ժանիքը չար բան էր զգում նրանից ու ատում էր նրան՝ վախենալով պարզած ձեռքից և շողոմ ձայնից։ Հասարակ էակը չարն ու բարին ընկալում է շատ պարզ ձևով։ Բարի է այն ամենը, ինչ դադարեցնում է ցավը, ազատություն է բերում ու բավականություն։ Դրա համար էլ բարին հաճելի է։ Իսկ չարն ատելի է, որովհետև բերում է անհանգստություն, վտանգ ու տառապանք։ Ինչպես նեխած ճահճի վրա է մշուշ բարձրանում, այնպես էլ Սիրուն Սմիթի այլանդակ մարմնից ու կեղտոտ հոգուց ինչոր գարշ ու վատառողջ բան էր հառնում։ Անգիտակցաբար, ասես վեցերորդ զգայարանի միջոցով, Սպիտակ Ժանիքը կռահում էր, որ այդ մարդու մեջ չար բան կա, մահվան սպառնալիք, ուստի պետք է ատել նրան։ Սպիտակ Ժանիքը տանն էր, երբ Սիրուն Սմիթը առաջին անգամ եկավ Գորշ Ջրշունի կայանը։ Սիրուն Սմիթի երևալուց առաջ արդեն, հենց միայն նրա ոտնաձայնից, Սպիտակ Ժանիքը հասկացավ, թե ով է գալիս իրենց մոտ, և փշաքաղվեց։ Ու՝ թեև նրա համար խիստ հարմար էր պառկելը, բայց հենց որ այդ մարդը մոտեցավ, նա վեր կացավ ու անշշուկ, ինչպես իսկական գայլ, փախավ մի կողմ։ Սպիտակ ժանիքը չէր իմանում, թե ինչ էր այդ մարդը խոսում Գորշ Ջրշունի հետ, միայն այն էր տեսնում, որ իր տերը խոսում է նրա հետ։ Զրույցի ժամանակ Սիրուն Սմիթը մատնացույց արեց Սպիտակ Ժանիքին, իսկ սա գռմռաց, կարծես թե այդ ձեռքը ոչ թե հիսուն ոտնաչափ հեռու է նրանից, այլ իջնում է նրա մեջքին։ Սիրուն Սմիթը քրքջաց, և Սպիտակ Ժանիքը որոշեց փախչել ու թաքնվել անտառում և վազելիս շարունակ նայում էր ետ՝ զրուցող մարդկանց։ Գորշ Ջրշունը հրաժարվեց շունը ծախել։ Նա հարստացել էր, ամեն ինչ ուներ։ Բացի դրանից, ավելի լավ լծկան շուն և լծվածքի ավելի լավ առաջընթացիկ անկարելի էր գտնել ո՛չ Մ աքենզիի, ո՛չ էլ Յուքոնի ափերին։ Սպիտակ Ժանիքը կռվելու վարպետ է։ Նրա համար դատարկ բան է որևէ շուն պատառպատառ անելը, ինչպես մարդու համար մժղուկ տրորելը։ (Այս խոսքերը լսելիս Սիրուն Սմիթի աչքերը փայլեցին, և նա ագահաբար լիզեց իր բարակ շրթունքները)։ Ոչ, Գորշ Ջրշունը ոչ մի գումարով չի ծախի Սպիտակ Ժանիքին։ Բայց Սիրուն Սմիթը լավ էր ճան աչում հնդկացիներին։ Նա սկսեց հաճախակի այցելել Գորշ Ջրշունին և ամեն անգամ թևատակը դրած մի շիշ էր բերում։ Վիսկին մի զորեղ հատկություն ունի՝ ծարավ է առաջացնում։ Եվ այդպիսի ծարավ առաջացավ Գորշ Ջրշունի մեջ։ Նրա սիրտը հետզհետե ավելի շատ էր պահանջում այդ այրող հեղուկը, և անսովոր լինելուց նա կորցրեց ինքնիշխանությունը, ուստի և պատրաստ էր ամեն ինչ անել, միայն թե այդ հեղուկը ճարեր։ Մորթի, թաթպան ու մոքասին ծախելուց ստացված փողերն սկսեցին հալչել, պակասել ու պակասել, և ինչքան ավելի էր դատարկվում այն տոպրակը, որի մեջ Գորշ Ջրշունը պահում էր դրամը, այնքան ավելի անհանգիստ էր դառնում նա։ Ի վերջո ամեն ինչ անհետացավ՝ և՛ դրամը, և՛ ապրանքը, և՛ հանգիստը։ Գորշ Ջրշունին մնաց միայն ծարավը, որն աճում էր րոպե առ րոպե։ Այն ժամանակ Սիրուն Սմիթը նորից խոսք գցեց Սպիտակ Ժանիքի մասին, բայց այս անգամ գինը որոշվում էր ոչ թե դոլլարով, այլ վիսկիի շշերով, և Գորշ Ջրշունը ավելի ուշադիր լսեց առաջարկությունը։ — Թե կարողանաս բռնել, շունը քոնն է,— եղավ նրա վերջին խոսքը։ Շշերը հանձնվեցին Գորշ Ջրշունին, բայց երկու օր հետո Սիրուն Սմիթը Գորշ Ջրշունին ասաց․ — Բռնիր շանը։ Մի երեկո էլ վերադառնալով տուն՝ Սպիտակ Ժանիքը թեթևացած շունչ քաշեց ու պառկեց վիգվամի մոտ։ Ահարկու սպիտակ աստվածը չկար։ Վերջին օրերս նա ավելի հաճախ էր կտրում Սպիտակ Ժանիքի ճամփան, և սա էլ գերադասում էր այդ միջոցին բոլորովին հեռանալ տնից։ Նա չէր իմանում, թե ինչ վտանգ են պարունակում այդ մարդու ձեռքերը, վատ բան էր զգում միայն և որոշել էր հեռու մնալ դրանցից։ Հենց որ Սպիտակ Ժանիքը պառկեց, Գորշ Ջրշունը երերալով մոտեցավ նրան ու փոկը գցեց վիզը։ Հետո Գորշ Ջրշունը նստեց Սպիտակ Ժանիքի կողքին՝ փոկի ծայրը ձեռքին։ Մյուս ձեռքում նա պահել էր շիշը և ստեպ֊ստեպ բերնին էր դնում դա, և այնժամ Սպիտակ Ժանիքը կլկլոց էր լսում։ Այդպես անցավ մի ժամ, և հանկարծ Սպիտակ ժանիքի ականջին հասավ մեկի ոտնաձայնը։ Նա առաջինը տարբերեց դա և կռահելով, թե ով է գալիս, ամբողջ մարմնով փշաքաղվեց։ Գորշ Ջրշունը նստել ու գլուխր վեր֊վար էր անում։ Սպիտակ Ժանիքը զգուշությամբ ձգեց փոկը տիրոջ ձեռքից, բայց թուլացած մատներն ավելի սեղմվեցին, և Գորշ Ջրշունն արթնացավ։ Սիրուն Սմիթը մոտեցավ վիգվամին ու կանգ առավ Սպիտակ Ժանիքի կողքին։ Սա խուլ մռնչաց այդ ահարկու արարածի վրա, առանց աչքը նրա ձեռքերից հեռացնելու։ Մի ձեռքը պարզվեց առաջ ու սկսեց իջնել նրա գլխի վրա։ Սպիտակ Ժանիքը ավելի բարձր մռնչաց։ Ձեռքը շարունակում էր դանդաղորեն իջնել, իսկ Սպիտակ ժանիքը չարացած նայելով նրան և արդեն խեղդվելով զայրագին մռնչոցից հետզհետե ավելի էր տափակում գետնին։ Եվ հանկարծ նրա ժանիքները շողշողացին, ինչպես օձի ատամները, և մետաղի սուր ճռինչով կրճտացին օդում։ Ձեռքը ժամանակին ետ քաշվեց։ Սիրուն Սմիթը վախեցավ ու կատաղեց։ Գորշ Ջրշունը խփեց Սպիտակ Ժանիքի գլխին, և սա հլու֊հնազանդ պառկեց գետնին։ Սպիտակ Ժանիքը հետևում Էր երկու մարդկանց ամեն մի շարժումին։ Նա տեսավ, որ Սիրուն Սմիթը գնաց ու շուտով վերադարձավ մի ծանր մահակ ձեռքին։ Գորշ Ջրշունը փոկը հանձնեց նրան։ Սիրուն Սմիթը շարժվեց առաջ։ Փոկը ձգվեց։ Սպիտակ Ժանիքը դեռ պառկած Էր։ Գորշ Ջրշունը մի քանի անգամ խփեց նրան՝ ստիպելով վեր կենալ։ Սպիտակ Ժանիքը հնազանդվեց և ցատկեց ուղիղ օտարականի վրա, որն ուզում էր իր հետ տանել նրան։ Սա սպասում էր այդ հարձակմանը և մահակի հարվածով Սպիտակ Ժանիքին փռեց գետին՝ ոստյունը կես ճանապարհին կասեցնելով։ Գորշ Ջրշունը ծիծաղեց և գլխով հավանության նշան արեց։ Սիրուն Սմիթը նորից ձգեց փոկը, և հարվածից շշմած Սպիտակ Ժանիքը դժվարությամբ ոտքի ելավ։ Նա չկրկնեց իր ոստյունը։ Այդպիսի մի հարվածը բավական էր համոզելու նրան, որ սպիտակ աստվածը իզուր չէր մահակ պահել ձեռքին։ Սպիտակ Ժանիքն իմաստուն էր և տեսնում էր անխուսափելիի դեմ մաքառելու ավելորդությունը։ Պոչն իրեն քաշելով և շարունակելով խուլ մռնչալ՝ նա ընկավ Սիրուն Սմիթի հետևից, սա էլ աչքը չէր կտրում նրանից և մահակը պատրաստ էր պահում։ Հասնելով ամրոց՝ Սիրուն Սմիթը ամուր կապեց Սպիտակ Ժանիքին ու պառկեց քնելու։ Սպիտակ Ժանիքը սպասեց մի ժամ, հետո արդեն ընկավ փոկի վրա և տասը վայրկյան Էլ չանցած արդեն ազատ էր։ Նա ժամանակն իզուր չկորցրեց․ փոկը այնպես կտրեց շեղակի, որ ասես դանակով էր կտրված։ Նայելով այս ու այն կողմ՝ Սպիտակ Ժանիքը փշաքաղվեց ու մռնչաց։ Ապա շրջվեց ու վազեց Գորշ Ջրշունի վիգվամը։ Հո պարտավոր չէ՞ր հնազանդվելու այդ օտար ու ահարկու աստծուն։ Նա ամբողջովին հանձնվել էր Գորշ Ջրշունին, և Գորշ Ջրշունից բացի, ուրիշ ոչ ոք չէր կարող տիրանալ իրեն։ Նախորդ ամբողջ գործողությունը կրկնվեց, միայն թե որոշ տարբերությամբ։ Գորշ Ջրշունը կրկին կապեց նրան և առավոտյան տարավ Սիրուն Սմիթի մոտ։ Հենց այդ ժամանակ էլ Սպիտակ ժանիքն զգաց այդ տարբերությունը։ Սիրուն Սմիթը դնգստեց նրան։ Այս անգամ ամուր կապված Սպիտակ ժանիքին այլ բան չէր մնում, եթե ոչ անզոր կատաղությամբ նետվել այս ու այն կողմ և կրել պատիժը։ Սիրուն Սմիթը գործի դրեց մահակն ու մտրակը, և այդպիսի ծեծ կյանքում երբեք առիթ չէր ունեցել զգալու Սպիտակ Ժանիքը։ Անգամ այն դնգստոցը, որ մի անգամ վաղուց տվել էր նրան Գորշ Ջրշունը, դատարկ բան էր՝ համեմատած այն ծեծի հետ, որին ստիպված էր ենթարկվել հիմա։ Սիրուն Սմիթը հաճույք էր զգում։ Նա ագահաբար նայում էր իր զոհին, և նրա աչքերում աղոտ կայծ Էր փայլում, երբ Սպիտակ Ժանիքը ցավից ոռնում էր և մահակի կամ մտրակի ամեն մի հարվածից հետո մռնչում էր։ Սիրուն Սմիթը դաժան էր, ինչպես դաժան լինում են միայն երկչոտները։ Հլու֊հնազանդ կրելով մարդկանց հասցրած հարվածներն ու լուտանքը՝ նա իր չարությունը թափում էր ավելի թույլ արարածների վրա։ Ամենայն կենդանի էակ սիրում Է իշխանություն, և Սիրուն Սմիթը բացառություն չէր, հնարավորություն չունենալով իր նմանների վրա իշխել՝ նա էլ օգտվում էր անասունների անպաշտպանությունից։ Բայց դրա համար Սիրուն Սմիթին չպետք է մեղադրել։ Այլանդակ մարմինն ու ցած մտացիությունը տրված էին նրան ի բնե, իսկ կյանքը խիստ վարվեց հետը և չուղղեց։ Սպիտակ ժանիքն իմանում էր, թե ինչու են ծեծում իրեն։ Երբ Գորշ Ջրշունը փոկը գցեց նրա վիզը և կապը հանձնեց Սիրուն Սմիթին, Սպիտակ Ժանիքը հասկացավ, որ իր աստվածը հրամայում է իրեն գնալ այդ մարդու հետ։ Եվ երբ Սիրուն Սմիթը նրան տարավ ամրոց ու կապեց, նա հասկացավ, որ սա հրամայում է իրեն մնալ այդտեղ։ Հետևաբար նա խախտեց երկու աստվածների կամքը և արժանացավ պատժի։ Նա առաջ էլ առիթ էր ունեցել տեսնել, թե ինչպես նոր տիրոջից փախած շներին ծեծում են այնպես, ինչպես հիմա իրեն են ծեծում։ Սպիտակ ժանիքը իմաստուն էր, սակայն նրա մեջ կային այնպիսի ուժեր, որոնցից նահանջում էր անգամ իմաստությունը։ Այդ ուժերից մեկը հավատարմությունն էր։ Սպիտակ ժանիքը չէր սիրում Գորշ Ջրշունին, և այնուամենայնիվ հավատարիմ էր մնացել նրան՝ հակառակ նրա կամքին, նրա զայրույթին։ Նա չէր կարող փոխել իրեն։ Այդպես էր նա ստեղծված։ Հավատարմությունը Սպիտակ Ժանիքի ցեղի սեփականությունն էր, հավատարմությամբ նա տարբերվում էր մյուս բոլոր կենդանիներից, հավատարմությունը գայլին ու վայրի շանը բերեց մարդու մոտ և թույլ տվեց դառնալու նրա ընկերները։ Ծեծից հետո Սպիտակ Ժանիքին քաշեցին տարան ամրոց, և այս անգամ Սիրուն Սմիթը հնդկացիների ձևով կապեց նրան՝ ձողով։ Սակայն սեփական աստվածությունից հրաժարվելը հեշտ չէ, և Սպիտակ Ժանիքը զգում էր դա իր վրա։ Գորշ Ջրշունը նրա ահամար աստված էր, և նա շարունակում էր կառչած մնալ Գորշ Ջրշունից՝ հակառակ նրա կամքին։ Գորշ Ջրշունը դավաճանեց Սպիտակ ժանիքին, մերժեց նրան, բայց դա ոչ մի նշանակություն չուներ։ Զուր չէր, որ Սպիտակ ժանիքը անձնատուր էր եղել Գորշ Ջրշունին հոգով ու մարմնով։ Այնքան էլ հեշտ չէր խզել այն կապը, որ իրեն միացնում էր իր տիրոջը։ Եվ գիշերը, երբ ամբողջ ամրոցը քնել էր, Սպիտակ ժանիքը սկսեց կրծել այն ձողը, որին կապել էին իրեն։ Ձողը չոր էր և ամուր և այնքան էր մոտենում վզին, որ նա դժվարությամբ, մկանների տանջալի լարումից հետո, ատամները հասցրեց նրան, իսկ կապը կրծելու համար հարկ եղավ, որ մի քանի ժամ մեծ համբերությամբ աշխատի։ Նրանից առաջ ոչ մի շուն այդպիսի բան չէր արել, բայց Սպիտակ ժանիքն արեց դա և առավոտյան կանուխ փախավ ամրոցից՝ ձողի կտորը վզից կախ։ Իմաստուն էր Սպիտակ Ժանիքը։ Եվ եթե նա միայն իմաստուն լիներ, չէր վերադառնա արդեն երկու անգամ իրեն դավաճանած Գորշ Ջրշունի մոտ։ Բայց նրա իմաստությանը միացած էր նաև հավատարմությունը. նա եկավ տուն, և տերը դավաճանեց նրան երրորդ անգամ։ Դարձյալ Սպիտակ ժանիքը թույլ տվեց փոկը գցեն իր վիզը, և դարձյալ Սիրուն Սմիթը՝ եկավ նրա հետևից։ Եվ այս անգամ Սպիտակ ժանիքը ավելի սաստիկ ծեծ կերավ։ Գորշ Ջրշունը անտարբեր նայում էր, թե ինչպես սպիտակ մարդը շաչեցնում է մտրակը։ Եվ չէր փորձում պաշտպանել շանը, քանի որ սա այլևս չէր պատկանում իրեն։ Երբ ծեծը վերջացավ, Սպիտակ Ժանիքը հազիվ կենդանի էր։ Հարավի քնքշացած շունը այդպիսի ծեծի չէր դիմանա, բայց Սպիտակ Ժանիքը դիմացավ։ Նրան կոփել էր կյանքի դաժան դպրոցը։ Շատ էր նա կենսունակ, և ավելի ուժեղ էր կառչած կյանքին, քան մյուս շները։ Բայց հիմա Սպիտակ Ժանիքը հազիվ էր շնչում։ Չէր կարող նույնիսկ երերալ, այնպես որ Սիրուն Սմիթն ստիպված եղավ մի կես ժամ սպասել, նախքան տուն տանելը։ Հետո արդեն Սպիտակ ժանիքը վեր կացավ օրորվելով և առանց իր առջև որևէ բան տեսնելու՝ Սիրուն Սմիթի հետևից դիմեց դեպի ամրոցը։ Այս անգամ նրան կապեցին շղթայով, որը չէր կարելի կրծել։ Նա ջանում էր պոկել գերանի մեջ խփված կեռը, բայց նրա բոլոր ջանքերը զուր անցան։ Մի քանի օր հետո սնանկացած Գորշ Ջրշունը զգաստացավ ու երկար ուղևորության մեկնեց Պորքյոսիայն գետով դեպի Մաքենզի։ Սպիտակ Ժանիքը մնաց Ֆորտ-Յուքոնում և դարձավ խելացնոր ու մարդկային կերպարանքը կորցրած արարածի լրիվ սեփականությունը։ Բայց շունն ի՞նչ է իմանում խելագարության մասին։ Սպիտակ Ժանիքի համար Սիրուն Սմիթը դարձավ աստված՝ զարհոլրելի, բայց և այնպես աստված։ Խելագար աստված էր նա, բայց Սպիտակ Ժանիքը չէր իմանում, թե ինչ բան է խելագարությունը. նա միայն գիտեր, որ պետք է ենթարկվել այդ մարդու կամքին և կատարել նրա բոլոր կամայականություններն ու քմահաճույքները։
== Գլուխ III։ Ատելության թագավորություն ==