Changes
/* 12 */
Ինձ ոչինչ չէր մնում անել, քան գնալ, ասացի չէ՞, որ տեսակցություն ունեմ։ Հնարավոր չէր անգամ լսել, թե Էռնին ինչպես է որևէ օրինավոր բան նվագում։ Բայց ես չէի կարող նստել Լիլիան Սիմոնսի ու նրա ծովայինի հետ, ահավոր ձանձրալի էր։ Ու գնացի։ Բայց շատ էի բարկացած, երբ հագնում էի վերարկուս։ Մարդիկ միշտ ամեն ինչ փչացնում են։
==13==
Ոտքով գնացի մինչև հյուրանոց։ Քառասունմեկ թաղամաս՝ դատարկ բան չէ։ Եվ ոչ թե ուզում էի զբոսնել, դրա համար ոտքով գնացի, այլ պարզապես չէի ուզում նորից տաքսի նստել։ Երբեմն ձանձրանում ես նաև տաքսի նստելուց, վերելակով բարձրանալուց։ Մեկ էլ ուզում էի ոտքով գնալ, թեև հեռու է կամ բարձր։ Երբ փոքր էի, հաճախ էի ոտքով բարձրանում մինչև մեր բնակարանը։ Տասներկուերորդ հարկը։
Չէր երևում, որ նոր է ձյուն եկել, մայթերին հետք անգամ չկար։ Բայց սոսկալի ցուրտ էր, և ես գրպանիցս հանեցի իմ որսորդական գլխարկն ու դրի գլխիս․ ինձ համար որևէ նշանակություն չուներ, թե ինչպիսի տեսք ունեմ։ Նույնիսկ ականջակալներս իջեցրի։ Է՛հ, իմանայի, թե ով էր գողացել ձեռնոցներս Փենսիում։ Ձեռքերս ուղղակի սառչում էին։ Ասենք, որ իմանայի էլ, ոչինչ չէի անելու։ Ես ի բնե վախկոտ եմ։ Աշխատում եմ ցույց չտալ, բայց վախկոտ եմ։ Օրինակ, եթե ես Փենսիում իմանայի, թե ով է գողացել իմ ձեռնոցները, կգնայի այդ ժուլիկի մոտ ու կասեի․ «Հապա այստեղ տուր ձեռնոցներս»։ Իսկ ձեռնոցներս գողացող ժուլիկը, հավանաբար, ամենաանմեղ տոնով կասեր․ «Ի՞նչ ձեռնոցներ»։ Այդ ժամանակ, հավանաբար, կբացեի նրա պահարանն ու որևէ անկյունում կգտնեի ձեռնոցներս։ Դրանք, հավանաբար, թաքցված կլինեին նրա գարշահոտ կրկնակոշիկների մեջ։ Ես կհանեի ու, ցույց տալով այդ տիպին, կասեի․ «Գուցե սրանք քո՞ ձեռնոցներն են»։ Իսկ այդ ժուլիկը, հավանաբար, անմեղ նորածինի կերպարանք կընդուներ․ « Կյանքումս առաջին անգամ եմ տեսնում այդ ձեռնոցները։ Եթե քոնն են, վերցրու, խնդրեմ, ինչի՞ս են պետք։
Իսկ ես, հավանաբար, մի հինգ րոպե կկանգնեի նրա առաջ։ Ձեռնոցները ձեռքիս բռնած կմտածեի, որ հարկավոր է հասցնել նրա մռութին, ու վերջ։ Բայց քաջությունս չէր բավականացնի։ Կկանգնեի, կատաղած դեմք կցուցադրեի։ Գուցե մի շատ վիրավորական բան կասեի դնչին հասցնելու փոխարեն։ Բայց հնարավոր է նաև, որ եթե ես նրան մի շատ վիրավորական բան ասեի, նա ելներ, մոտենար ինձ ու ասեր․ «Լսիր, Քոլֆիլդ, դու կարծեմ ինձ ժուլիկ անվանեցիր»։ Ու փոխանակ ասելու․ «Այո, անվանեցի, կեղտոտ անասուն, սրիկա», հավանաբար կասեի․ «Ես գիտեմ միայն, որ այս գրողի տարած ձեռնոցները քո կրկնակոշիկների միջից դուրս եկան»։ Ու նա անմիջապես կհասկանար, որ ես նրան չեմ ծեծելու և, հավանաբար, կասեր․ «Լսիր, արի պարզ խոսենք, դու ինձ գող ես համարում, հա՞»։ Ու ես, հավանաբար, կպատասխանեի․ «Ոչ ոք ոչ մեկին գող չի համարում։ Գիտեմ, միայն, որ իմ ձեռնոցները քո գարշահոտ կրկնակոշիկների միջից դուրս եկան»։ Եվ այդպես շարունակ։
Վերջապես հավանաբար, դուրս կգայի նրա սենյակից առանց նրա մռութին հասցնելու։ Իսկ հետո, հավանաբար, կգնայի զուգարան, թաքուն մի սիգարետ կծխեի ու հայելու առաջ կատաղած կերպարանք կընդունեի։ Մի խոսքով ամբողջ ճանապարհին այդ մասին էի մտածում։ Տհաճ բան է վախկոտ լինելը։ Գուցե այնքան էլ վախկոտ չեմ։ Ինքս էլ չգիտեմ։ Գուցե մասամբ եմ վախկոտ, իսկ մասամբ ուղղակի թքած ունեմ, կորել են ձեռնոցներս թե ոչ։ Դա իմ ամենամեծ թերությունն է, նշանակություն չեմ տալիս, երբ որևէ բան եմ կորցնում։ Մայրիկս ուղղակի շատ էր զայրանում, երբ ես փոքրիկ էի։ Ուրիշները որ մի բան կորցնեն, օրերով ման կգան։ Իսկ ես երբեք չեմ ափսոսացել որևէ բանի համար, երբ կորցրել եմ։ Գուցե դրա համար էլ մի քիչ վախկոտ եմ։ Ինչևէ, դա արդարացում չէ։ Բոլորովին արդարացում չէ։ Ընդհանրապես չի կարելի վախկոտ լինել։ Եթե անհրաժեշտ է որևէ մեկի մռութին հասցնել, և դու ուզում ես այդ բանը, պետք է հասցնես։ Բայց ես չեմ կարող։ Ինձ համար ավելի հեշտ է մարդուն դուրս նետել պատուհանից կամ գլուխը կտրել կացնով, քան հասցնել դեմքին։ Ատում եմ բռունցքի դատաստանը։ Ավելի լավ է ինձ ծեծեն, թեև դա բոլորովին դուր չի գալիս, ինքներդ էլ հասկանում եք, բայց ես սոսկալի վախենում եմ հասցնել մարդու երեսին, երեսից եմ վախենում։ Չեմ կարող նայել այդ դեմքին, ահա թե որն է ցավը։ Եթե երկուսիս աչքերն էլ փակած լինեին, այնքան էլ տհաճ չէր լինի։ Տարօրինակ վախկոտություն է, որ մտածում ես, բայց, այնուամենայնիվ, վախկոտություն է։ Ես ինձ չեմ խաբում։
Ու որքան շատ էի մտածում ձեռնոցների ու վախկոտության մասին, այնքան ավելի էր փչանում տրամադրությունս, և ես որոշեցի ճանապարհին մտնել մի որևէ տեղ ու խմել։ Էռնիի մոտ ես ընդամենը երեք բաժակ խմեցի, երրորդն էլ դեռ մինչև վերջ չխմեցի։ Մի բան կարող եմ ասել՝ խմել կարողանում եմ։ Կարող եմ թեկուզ ամբողջ գիշերը խմել ու ոչինչ չի նկատվի, եթե հատկապես տրամադրությունս տեղը լինի։ Հուտտոնի դպրոցում ես ու ընկերս՝ Ռայմոնդ Գոլդֆարբը մեկ պինտա վիսկի գնեցինք ու խմեցինք եկեղեցում, շաբաթ երեկոյան․ այնտեղ մեզ ոչ ոք չտեսավ։ Նա թունդ հարբել էր, իսկ իմ վրայից ոչինչ չէր երևում, ես միայն շատ անկախ ու անհոգ էի զգում ինձ։ Սիրտս խառնեց, երբ պառկեցի քնելու, բայց դիտմամբ արեցի, կարող էի և ինձ զսպել։
Մի խոսքով, հյուրանոցի ճանապարհին ես շատ էի ուզում մտնել ինչ֊որ մի խղճուկ բար, բայց այնտեղից դուրս ընկան երկու թունդ հարբած մարդ ու հարցրեցին, թե որտեղ է մետրոն։ Նրանցից մեկը, որ նման էր իսկական իսպանացու, ամբողջ ժամանակ դեմքիս էր փչում գարշահոտ սպիրտը, մինչ ես կբացատրեի ինչպես գնալ։ Նույնիսկ ոտք չդրի այդ գարշելի բարը, պարզապես վերադարձա հյուրանոց։
Հոլլում մարդ չկար, միայն հիսուն միլիոն սիգարետների քնթուկների հոտն էր կանգնած։ Գարշահոտություն։ Քունս չէր տանում, բայց շատ վատ էի զգում ինձ։ Տրամադրությունս անտանելի էր։ Ապրել չէի ուզում։
Ու այդ ժամանակ մի սոսկալի պատմության մեջ խրվեցի։
Դեռ ոտք չէի դրել վերելակ, որ վերելակավարն ասաց․
― Ուզո՞ւմ ես զվարճանալ, երիտասարդ։ Թե՞ արդեն ձեզ համար ուշ է։
― Ինչի՞ մասին եք ասում, ― հարցնում եմ։ Բոլորովին չհասկացա ինչ է ակնարկում։
― Աղջիկ չե՞ք ուզում գիշերվա համար։
― Ե՞ս, ― ասում եմ։ Սոսկալի հիմար բան դուրս եկավ, միաժամանակ անհարմար, որ այդպես բացեիբաց առաջարկում են։
― Քանի՞ տարեկան եք, շեֆ, ― հանկարծ հարցնում է նա։
― Ի՞նչ է որ, ― ասում եմ։ ― Քսաներկու տարեկան եմ։
― Դե ինչպե՞ս։ Ցանկանո՞ւմ եք։ Հինգ դոլար ժամանակավոր, տասնհինգ՝ գիշերվա համար։ ― Նա նայեց ժամացույցին։ ― Մինչև առավոտվա տասներկուսը։ Հինգ՝ ժամանակավոր, տասնհինգ՝ ամբողջ գիշերվա համար։
― Լավ, ― ասում եմ։ Սկզբունքորեն դեմ եմ նման բաներին, բայց այնքան տխուր էի, որ երկար չմտածեցի։ Ցավն էլ հենց այդ է, որ երբ տխուր ես, մտածել էլ չես կարող։
― Ի՞նչ լավ։ Ժամանակավո՞ր, թե՞ ամբողջ գիշերը։
― Ժամանակավոր, ― ասում եմ։
― Եղավ։ Ո՞ր համարում եք։
Նայեցի բանալու վրայի կարմիր համարներին։
― Տսներկու֊քսաներկու, ― ասում եմ։ Արդեն զղջում էի, որ համաձայնվեցի, բայց ուշ էր։
― Լավ, մի տասնիհինգ րոպեից կուղարկեմ։ ― Նա բացեց վերելակի դուռը, ես դուրս եկա։
― Է՛յ, սպասեցեք, իսկ նա լավի՞կն է, ― հարցնում եմ։ ― Ես պառավ չեմ ուզում։
― Ի՞նչ պառավ։ Մի անհանգստացեք, շեֆ։
― Իսկ ո՞ւմ եմ վճարելու։
― Նրան, ― ասում է, ― բաց թողեք, շեֆ, ― ու նա դուռը շրխկացրեց քթիս առաջ։
Մտա համար, մազերս թրջեցի, բայց ոզնաձև էր կտրված, և ոչ մի սանրվածք չէր ստացվում։ Հետո փորձեցի, թե բերանիցս հոտ չի զգացվում սիգարետների ու վիսկու հոտը, որ խմել էի Էռնիի մոտ։ Դա շատ հեշտ է, պետք է ափը շատ մոտ պահել բերանին և արտաշնչել դեպի վեր, դեպի ներս։ Հետո մաքուր վերնաշապիկ հագա։ Ճիշտն ասած՝ չգիտեի՝ պե՞տք է հագուստներս փոխեմ հանուն պոռնիկի, թե ոչ։ Բայց այդպես գոնե զբաղմունք ունեի, թե չէ շատ էի նյարդայնանում։ Եթե ուզում եք ճիշտն իմանալ, ես կույս էի։ Ազնիվ խոսք։ Քանի՞ անգամ է առիթ եղել անմեղությունս կորցնելու, բայց չի ստացվել։ Միշտ մի որևէ բան խանգարել է։ Օրինակ՝ եթե աղջկա տանն ես, կարող են հանկարծ գալ նրա ծնողները, ավելի ճիշտ, վախենում ես, թե կգան։ Իսկ եթե աղջկա հետ նստած ես որևէ մեկի մեքենայի ետևի նստատեղին, ապա առջևում մեկ ուրիշ աղջիկ է նստած ու նրան էլ է հետաքրքրում, թե ինչ է կատարվում ետևում։ Հասկանո՞ւմ եք, նա ամբողջ ժամանակ շուռ է գալիս ու նայում, թե ինչ է կատարվում։ Մի խոսքով, միշտ մի որևէ բան խանգարում է։ Այնուամենայնիվ, երկու անգամ դա քիչ էր մնում տեղի ունենար։ Հատկապես մի անգամը, ես լավ եմ հիշում։ Սակայն էլի մի բան խանգարեց, բայց մոռացել եմ, թե հատկապես ինչ։ Կարևորն այն է, որ հենց բանը հասնում է դրան, ապա աղջիկը, եթե նա պոռնիկ չէ կամ նման մի բան, անպայման ասում է․ «Պետք չէ, թո՛ղ»։ Ու ամբողջ ցավն այն է, որ ես լսում եմ նրան։ Ուրիշները չեն լսում։ Բայց ես չեմ կարող։ Ես լսում եմ։ Երբեք չես հասկանում՝ նա իսկպե՞ս չի ուզում, թե ուղղակի վախենում է, թե դիտմամբ է ասում՝ «թող», որպեսզի դո՛ւ մեղավոր լինես, եթե որևէ բան պատահի, և ոչ թե ինքը։ Մի խոսքով, ես ամիջապես ենթարկվում եմ։ Կարևորն այն է, որ միշտ խղճում եմ նրանց։ Հասկանո՞ւմ եք, աղջիկներն այնքան հիմար են, ողղակի վայ է։ Հենց որ սկսում էի մի քիչ պաչպչել, և այլն, անմիջապես գլուխները կորցնում են։ Հապա մի ուշադրություն դարձրեք աղջկա վրա, երբ նա թունդ բռնկվում է՝ հիմարների հիմարն է։ Ինքս էլ չեմ հասկանում, նրանք ասում են «պետք չէ», ես էլ ենթարկվում եմ։ Հետո փոշմանում եմ, երբ նրան տուն եմ ուղեկցում, բայց միևնույն է, էլի ենթարկվում եմ։
Իսկ հիմա, մինչ փոխում էի վերնաշապիկս, մտածեցի, որ վերջապես առիթը եկել է։ Մտածեցի, քանի որ նա պոռնիկ է, ապա գոնե որևէ բան կսովորեմ նրանից, գուցե երբևէ ամուսնանում եմ։ Երբեմն անհանգստանում եմ դրա համար։ Հուտտոնի դպրոցում ես մի գրքույկ կարդացի խիստ նուրբ, վայելչատես ու անբարոյական մի տիպի մասին։ Նրա անունը մոսյո Բլանշար էր, այսօրվա պես հիշում եմ։ Գիրքը քարշելի բան էր, բայց այդ Բլանշարը՝ ոչինչ։ Նա հոյակապ դղյակ ուներ Րիվիերայում, Եվրոպայում։ Ու ազատ ժամանակ նա գլխավորապես զբաղվում էր ինչ֊որ կանանց քոթակելով։ Ընդհանրապես նա քաջ մարդ է եղել և այլն, բայց կանանց այնքան է ծեծել, որ ուշաթափվել են։ Մի տեղ նա ասում է՝ կնոջ մարմինը ջութակ է, պետք է հրաշալի երաժիշտ լինել, որպեսզի ստիպես նրան լավ հնչել։ Ընդհանրապես անպետք բան էր այդ գիրքը, ― դա ես լավ գիտեմ, ― բայց այդ ջութակը իմ ուղեղից դուրս չէր գալիս։ Այ թե ինչու էի ուզում գոնե մի բան սովորել, որ ամուսնությունից հետո պետք գար ինձ։ Քոլֆիլդը և նրա կախարդական ջութա՞կը, գրողը տանի։ Ընդհանրապես գարշանք է, իսկ գուցեև ոչ այնքան։ Ես կուզենայի փորձված լինել նման գործերում։ Թե չէ, ճիշտն ասած, երբ աղջկա հետ եմ լինում, չգիտեմ, թե ինչպես պետք է վարվեմ։ Օրինակ՝ այն աղջիկը, որ պատմեցի, թե քիչ էր մնում նրա հետ ամեն ինչ լիներ, մի ամբողջ ժամ չարչարվեցի, մինչև որ հանեցի նրա անիծյալ կրծքակալը։ Իսկ երբ հանեցի վերջապես, նա պատրաստ էր թքելու երեսիս։
Ու այսպես անցուդարձ էի անում սենյակում և սպասում պոռնիկի գալուն։ Անընդհատ մտածում էի՝ գոնե հաճելի լինի։ Ինչևէ, ինձ համար միևնույն էր։ Միայն թե շուտ վերջանար այդ ամենը։ Վերջապես դուռը ծեծցին, և ես գնացի բացելու, բայց ճամպրուկս ոտքի տակ էր դրված, կպա ու այնպես շրմփացի հատակին, որ քիչ մնաց ոտքս ջարդեի։ Միշտ այդպես եմ, ամենակարևոր պահին կսայթաքեմ։
Բացեցի դուռը, պոռնիկը կանգնած էր այնտեղ։ Նա սպորտային վերարկուով էր, առանց գլխարկի։ Մազերը բաց գույնի էին, բայց, երևում է, ներկած էին։ Ու բոլորովին էլ պառավ չէր։
― Բարև ձեզ, ― ասում եմ ամենաազնվական տոնով, գետինը մտնեմ ես։
― Մորիսը ձե՞ր մասին էր ասում, ― հարցնում է։
Նա այնքան էլ բարեհամբույր տեսք չուներ։
― Վերելակավա՞րը։
― Այո։
― Այո, իմ մասին։ Ներս եկեք, խնդրեմ, ― ասում եմ։ Ես խոսում էի անբռնազբոսիկ տոնով, աստված վկա։ Ավելի ու ավելի անբռնազբոսիկ։
Նա ներս եկավ, վերարկուն հանեց ու գցեց մահճակալին։ Նրա հագին կանաչ գույնի զգեստ կար։ Հետո կողքանց նստեց գրասեղանի մոտ դրված բազկաթոռին ու սկսեց ոտքը վեր ու վար անել։ Ոտքը գցել է ոտքին ու օրորում է վեր ու վար։ Նյարդայնանում է, նույնիսկ նման չէ պոռնկուհու։ Երևի այն պատճառով, որ շատ է ջահել, աստված վկա։ Երևի ինձնից էլ ջահել։ Ես նստեցի կողքի մեծ բազկաթոռին ու սիգարետ առաջարկեցի նրան։
― Չեմ ծխում, ― ասում է։ Ձայնը բարա՜կ֊բարակ է։ Եվ խոսում է շատ ցածր։ Նույնիսկ «շնորհակալություն» չասաց, որ սիգարետ առաջարկեցի։ Երևում է, նրան այդպիսի բաներ չեն սովորեցրել։
― Թույլ տվեք ներկայանալ, ― ասում եմ։ ― Իմ անունը Ջիմ Ստիլ է։
― Դուք ժամացույց ունե՞ք, ― ասում է։ Թքած ունի, թե իմ անունը ինչ է։ ― Լսեցեք, ― ասում է, ― դուք քանի՞ տարեկան եք։
― Ե՞ս։ Քսաներկու։
― Փչեց։
Տարօրինակ է, որ այդպես ասաց։ Ոնց որ դպրոցական։ Ես մտածում էի, որ պոռնկուհին կասի․ «Չէ՜ մի, գրողը տանի» կամ «Վերջ տուր», իսկ նա մանկականորեն՝ «փչե՝ց»։
― Իսկ դուք ինչքա՞ն եք։
― Որքան որ պետք է, ― ասում է։ Նույնիսկ սրամտում է, պատկերացրեք։ ― Դուք ժամացույց ունե՞ք, ― հարցնում է, հետո վեր կենում ու զգեստը գլխի վրայով հանում է։
Ես սոսկալի շփոթվեցի, որ նա զգեստը հանեց։ Այնպես անսպասելի էր, ազնիվ խոսք։ Գիտեմ, որ եթե քո ներկայությամբ հանում են զգեստը, ապա դու պետք է որոշ բան զգաս։ Ես ընդհակառակը՝ շփոթվեցի ու ոչ մի բան էլ չզգացի։
― Ժամացույց ունե՞ք։
― Չէ՛, չէ՛, ― ասում եմ։ Օ՛հ, որքան էի անհարմար զգում։ ― Ձեր անունն ի՞նչ է, ― հարցնում եմ։ Նա միայն վարդագույն շապիկով էր։ Սոսկալի անհարմար էր։ Ազնիվ խոսք, անհարմար էր։
― Սանի, ― ասում է։ ― Դե, շարժվիր։
― Իսկ մի՞թե դուք չեք ուզում նախ զրուցել, ― հարցնում եմ ես։ Երեխայություն է, իհարկե, բայց ես սոսկալի անհարմար էի զգում։ ― Մի՞թե դուք այդպես շտապում եք։ ― Նա նայեց ինձ, ինչպես կնայեն հոգեկան հիվանդին։
― Ի՞նչ խոսելու բան կա, ― հարցնում է։
― Չգիտեմ։ Հենց այնպես։ Կարծում էի, երևի կցանկանաք մի քիչ զրուցել։
Նա նորից նստեց սեղանի մոտի բազկաթոռին։ Բայց դա նրա սրտովը չէր։ Էլի սկսեց օրորել ոտքը․ շատ նյարդային աղջիկ է։
― Գուցե սիգարետ կցանկանայիք, ― հարցնում եմ։ Մոռցել էի, որ նա չի ծխում։
― Ես չեմ ծխում։ Լսեցեք, եթե ասելու բան ունեք, ասացեք։ Ես ժամանակ չունեմ։
Բայց բոլորովին չգիտեի, թե ինչ խոսեմ նրա հետ։ Կցանկանայի հարցնել, թե ինչպես է պոռնիկ դարձել, բայց վախեցա։ Միևնույն է, չէր ասի։
― Նյու֊Յորքի՞ց եք, ― հարցնում եմ։ Ուրիշ բան չգտա հարցնելու։
― Չէ, Հոլիվուդից եմ, ― ասում է։ Հետո վեր կացավ ու մոտեցավ մահճակալին, որտեղ ընկած էր նրա զգեստը։ Կախիչ ունե՞ք, թե չէ կճմրթվի զգեստս, նոր եմ բերել մաքրման կետից։
― Իհարկե, ― ասում եմ։
Շատ ուրախացա, որ գործ ճարվեց։ Զգեստը վերցրի ձեռքից ու կախեցի պահարանում։ Տարօրինակ է, բայց տխրեցի, երբ կախում էի զգեստը, և ոչ ոք չի կասկածում, որ նա պոռնիկ է։ Գործակատարը, հավանաբար, մտածում է, որ սովորական աղջիկ է, ու վերջ։ Շատ տխրեցի, ինքս էլ չեմ իմանում թե ինչու։
Հետո նորից նստեցի, փորձեցի խոսք բանալ։ Բայց մի՞թե նման զրուցակցուհու հետ կարող էի խոսել։
― Դուք ամեն երեկո աշխատո՞ւմ եք, ― հարցրի ու անմիջապես էլ զգացի, որ սարսափելի բան եմ հարցնում։
― Ըհը՛, ― ասում է։ Նա արդեն քայլում է սենյակում, սեղանի վրայից վերցրեց մենյուն ու կարդաց։
― Իսկ ցերեկն ի՞նչ եք անում։
Նա ուսերը թոթվեց։ Ուսերը նիհարի՜կ, նիհարի՜կ են։
― Քնում եմ։ Գնում եմ կինո։ ― Նա ցած դրեց մենյուն ու նայեց ինձ։ ― Լսիր, ինչո՞ւ ենք․․․ Ես ժամանակ չունեմ․․․
― Գիտեք ինչ, ― ասում եմ։ ― Ես ինձ լավ չեմ զգում։ Ծանր օր եմ անցկացրել։ Ազնվորեն եմ ասում։ Ես ձեզ կվճարեմ ինչ֊որ պետք է, բայց դուք ինձնից չե՞ք նեղանա, եթե ոչինչ չլինի։
Վատն այն էր, որ ոչինչ չէի ուզում։ Ճիշտն ասած, ինձ համակել էր թախիծը, և ոչ թե ինչ֊որ ոգևորություն։ Նա սոսկալի թախիծ էր պատճառում ինձ։ Հապա նրա կանաչ զգե՜ստը, որ կախված էր պահարանում։ Հետո, բացի այդ էլ, ինչպե՞ս կարելի է այդպիսի բանով զբաղվել մի մարդու հետ, որը մի ամբողջ կեսօր նստում ու ապուշ կինոներ էր նայում։ Չէի կարող, և վերջ, ազնիվ խոսք։
Նա մոտեցավ ինձ ու այնպես տարօրինակ նայեց, ասես թե չէր հավատում։
― Ի՞նչ է պատահել, ― հարցնում է։
― Ոչ մի բան, ― ասում եմ։ Այստեղ ինքս էլ սկսեցի նյարդայնանալ։ ― Ես, պարզապես, վերջերս եմ վիրահատության ենթարկվել։
― Հետո՞։ Ի՞նչդ են կտրել։
― Էն բանը, դե՝ կլավիկորդան։
― Հա՞, իսկ որտե՞ղ է էդ բանը։
― Կլավիկոդա՞ն, ― ասում եմ։ ― Գիտեք, դա շատ խորն է, ողնուղեղի մեջ։ Շատ խորը, գիտեք, անմիջապես ողնուղեղի մեջ։
― Հա՞, ― ասում է։ ― Դա շատ վատ բան է։ ― Ու մեկ էլ փլվում է ծնկներիս։ ― Իսկ դու լավիկն ես։
Ես սոսկալի նյարդայնանում էի։ Փչում էի աջ ու ձախ։
― Լավ չեմ առողջացել, ― ասում եմ։
― Դու նման ես մի արտիստի, կինոյից։ Գիտե՞ս։ Ի՞նչ էր անունը։ Ախր գիտես, է՛։ Ինչ էր անո՞ւնը։
― Չգիտեմ, ― ասում եմ։ Իսկ նա չի իջնում իմ ծնկներից։
― Դե չէ, գիտես։ Մելվին Դուգլասի հետ էր խաղում։ Նա, որ կրտսեր եղբոր դերն էր կատարում։ Որ ընկավ նավակից։ Հիշեցի՞ր։
― Չէ, չհիշեցի։ Ես ընդհանրապես կինո չեմ գնում։ ― Այստեղ նա սկսեց լկստվել։ Այնպես կոպտորեն, հասկանո՞ւմ եք։
― Վերջ տվեք, խնդրեմ, ― ասում եմ։ ― Տրամադրություն չունեմ։ Ասացի չէ՞, նոր եմ վիրահատությունից վեր կացել։
Ծնկներիցս չէր իջնու, բայց մեկ էլ ծուռ նայեց ինձ, իսկ աչքերը սոսկալի չարություն էին արտահայտում։
― Լսիր, ― ասում է, ― ես քնած էի, իսկ այդ գրողի տարած Մորիսը ինձ արթնացրեց։ Ինչ է, քո կարծիքով․․․
― Ասացի, չէ՞ որ կվճարեմ։ Ազնիվ խոսք, կվճարեմ։ Շատ փող ունեմ։ Բայց նոր եմ վեր կացել ծանր վիրահատությունից, դեռ չեմ առողջացել։
― Հապա էլ ինչո՞ւ էիր Մորիսին ասում, թե քեզ աղջիկ է հարկավոր։ Եթե վիրահատել են քո այդ, ինչ էր անունը․․․ Ինչո՞ւ էիր ասում։
― Կարծում էի, մի քիչ լավ կզգամ ինձ։ Բայց ժամանակից շատ շուտ եմ ոտքի ելել։ Լուրջ եմ ասում։ Մի՛ նեղացեք։ Մի րոպե վեր կացեք, միայն դրամապանակս վերցնեմ։ Վե՛ր կացեք մի րոպե։
Սոսկալի կատաղած էր, բայց, այնուամենայնիվ, իջավ ծնկներիցս, այնպես որ հնարավորություն ունեցա մոտենալու պահարանին և հանելու դրամապանակս։ Ես հինգ դոլար հանեցի և տվեցի նրան։
― Շատ շնորհակալ եմ, ― ասում եմ, ― շատ֊շատ շնորհակալություն։
― Այստեղ հինգ է, իսկ գինը՝ տասն է։
Երևում է, ինչ֊որ բան էր որոշել։ Իզուր չէր, որ վախենում էի, համոզված էի, որ այդպես էլ լինելու է։
― Մորիսն ասաց՝ հինգ, ― ասում եմ։ ― Նա ասաց․ մինչև առավոտ տասնհինգ, իսկ ժամանակավոր՝ հինգ։
― Ոչ տասը։
― Մորիսն ասաց՝ հինգ, ― ասում եմ։ ― Ներեցեք, ազնիվ խոսք, բայց ավել չեմ կարող։
Նա թոթվեց ուսերը, ինչպես քիչ առաջ, խիստ արհամարհանքով։
― Բարի եղեք, տվեք զգեստս։ Եթե ձեզ համար դժվար չէ, իհարկե։
Սոսկալի աղջիկ է։ Շատ բարալիկ ձայնով է խոսում, բայց միևնույն է, նրա հետ սոսկալի է։ Եթե նա մի հաստամարմին պառավ պոռնկուհի լիներ, ամբողջովին քսմսված, ապա այդքան սարսափելի չէր լինի։
Հանեցի զգեստը։ Նա հագավ։ Հետո վերցրեց վերարկուն։
― Դեհ, առայժմ, հիմարիկ, ― ասում է։
― Առայժմ, ― ասում եմ։ Ես նրան շնորհակալություն չհայտնեցի։ Եվ լավ է, որ չհայտնեցի։