— Նա՞,— նույն փսփոցով պատասխանեց պանդոկպանը աչքերը շլելով և առանց գլուխը թեքելու: — Դե ոնց ասեմ ձեզ: Անհասկանալի ժողովուրդ է, քարշ են գալիս այստեղից այնտեղ... Մենք նրա անունը Հետքագետ ենք դրել: Նա հազվադեպ մի խոսք կասի, բայց առհասարակ պատմելու շատ բան ունի: կորչում է մի ամսով, եթե ոչ մեկ տարով, իսկ հետո հայտնվում է, նստում, գարեջուր է խմում: Անցած գարնանը հաճախ էր այստեղ լինում, հետո կորավ և ահա նորից է եկել: Չգիտեմ, թե իրականում ինչպես են նրան կոչում, իսկ մեզ մոտ կոչում են Պանդուխտ: Սակայն տարօրինակ է, որ դուք եք նրա մասին հարցնում: — Բայց այստեղ Լավրին կանչեցին, ինչ-որ տեղ գարեջուրը վեջացել էր, ու նրա վերջին խոսքերը մնացին առանց բացատրության:
Ֆրոդոն նկատեց, որ պանդուխտ ուղիղ իրեն է նայում, ասես կռահել էր, որ խոսքն իր մասին էր: Հետո նա գլխով ու ձեռքով նշան արեց, հրավիրելով Ֆրոդոյին իր մոտ: Ֆրոդոն մոտեցավ, և Պանդուխտը կնգուղը հետ գցեց. ճերմակն արդեն դիպել էր նրա սև, խիտ մազերին, իսկ երկարուկ, շեշտված այտոսկրերով դեմքին դաժանորեն փայլում էին խաժ աչքերը: — Իմ անունը Պանդուխտ է,— ցածր ասաց նա: — իսկ դուք, կարծեմ, պարոն Զառիթափցին եք, եթե Լավրը չի շփոթել: — Նա չի շփոթել,— չոր պատասխանեց Ֆրոդոն: — Ինչ որ չափազանց անքթիթ էին նայում ու զննում նրան: — Հասկանալի է, որ՝ ոչ: Ուրեմն, ահա, պարոն իմ Զառիթափցի,— ասաց Պանդուխտը,— ես ձեր տեղտ լինեի, մի քիչ խելքի կբերեի իմ երիտասարդ բարեկամներին: Տաքանալ, խմել, շաղակրատել՝ այդ բոլորը, իհարկե, հիանալի է, բայց սա ձեզ համար Հոբիթստան չէ. ի՞նչ իմանաս, ով կլսի նրանց շաղակրատանքը: Իհարկե, իմ գործը չէ,— ավելացրեց նա բերանի անկյունով ժպտալով և աչքը Ֆրոդոյից չկտրելով,— բայց Լեռնամոտում, գիտե՞ք, հիմա ամենազանազան մարդիկ են լինում: Ֆրոդոն դիմացավ նրա սևեռուն հայացքին ու լռեց, իսկ հայացքը դարձրեց դեպի Փինը, որը համընդհանուր ծիծաղի տակ պատմում էր Հյուրասիրության մասին: Եվս մի քիչ՝ ու կպատմի, թե ինչպես Բիլբոն անհետացավ, հեքիաթային Պարկինսի մասին ախր բոլորին է հետաքրքիր, իսկ ոմանց՝ հատկապես: Ֆրոդոն զայրացավ: Հիմարություն է, իհարկե, այստեղի հոբիթները ոչինչ չեն հասկանա, կծիծաղեն ու կմոռանան, թե ցինչ է կատարվում այնտեղ, Գետի մյուս կողմում: Բայց կան այնպիսիները, որ կլսեն երկու ականջ էլ փոխ առած (նույն ինքը Լավր Նարկիսը), ոմանց էլ Բիլբոյի մասին որոշ բան հայտնի է: Նա շրթունքը կծեց, մտածելով թե ինչ կարելի է անել: Փինը հաճույք էր պատճառում ունկնդիրներին և, երևում է, ինքնամոռացության մեջ էր ընկել: Գոնե մատանու մասին հանկարծ չհիշատակի, դա այնքան էլ հեռու չէ նրանից, իսկ ժամանակն արդեն... — Արա՛գ, ընդհատել,— նրա ականջին շշնջաց Պանդուխտը: Ֆրոդոն թռավ աթոռին ու սկսեց բարձր խոսել: Փինից շրջվեցին. հոբիթները որոշեցին, որ վերջապես պարոն Զառիթափցին գարեջուր է կոնծել ու լեզուն բացվել է: Ֆրոդոն իրեն կատարյալ խրտվիլակ զգաց և սկսեց, ինչպես սովորություն ուներ, երբ գործը հասնում էր ճառելուն, գրպանը քրքրել: նա շղթան շոշափեց, Մատանի՝ ու հանկարծ անհետանալու մի ուժգին ցանկություն առաջացավ, ճիշտ է, կարծես թե այդ ցանկությունը ինչ-որ մեկը հուշեց նրան: Բայց նա դիմացավ գայթակղությանը և Մատանին սեղմեց բռում, ասես նրա համար, որ չսահի ու անկարգություններ չանի: Համենայն դեպս, կարծես թե մատանին ոչինչ չհուշեց, փորձեց, բայց չստացվեց: Մատանին նրան անհետանալու սարսափելի ցանկություն տվեց... Նա իր ճառն սկսեց «բարեկամական խոսքով», ինչպես կասեին Հոբիթստանում. — Մենք բոլորս շատ զգացված ենք ձեր ջերմ ընդունելությունից, և համարձակվում եմ հուսալ, որ իմ կարճատև այցը կթարմացնի Հոբիթստանի ու Լեռնամոտի բարեկամական կապերը,— հետո շփոթված հազաց: Այժմ դահլիճում բոլորը նրան էին նայում: «Մի ե՜րգ»,— գոռաց հոբիթներից մեկը: «Ե՜րգ, ե՜րգ»,— ձայնակցեցին ուրիշները: — «Որևէ նոր բան, կամ հներից, որ ոչ ոք չի լսել...»: Ֆրոդոն մի պահ իրեն կորցրեց: Հետո մի ծիծաղելի երգ հիշեց, որը շատ էր սիրում Բիլբոն (և շատ էր դրանով պարծենում, երևի այն պատճառով, որ հենց ինքն էր հորինել): Ահա այն ամբողջությամբ, թե չէ հիմա դրանից միայն առանձին տողեր են հիշում. <poem>Մի պանդոկ կա սարի լանջին.Սակայն դա չէ զարմանալին.Մի օր, իսկ դա վաղուց էր շատ,Լուսնեմարդը լուսնից իջավ, Որ գարեջուր անուշ անի: Լուսնեմարդը պանդոկ մտավ.Այդ մասին չէ խոսքս սակայն,Այնտեղ մի շուն նայեց նրանՈւ քրքջաց նրա վրա՝Հավանաբար պատճառը կար: Լուսնեմարդը խմել ուզեց,Բայց դա՝ ոչինչ, է՜հ ի՞նչ կա որ.Մի կատու կար, շվին առել,Նվագում էր ուրախ, գավոտ: Իսկ մի կով էլ հենց դռան մոտՏեսք ընդունած հերոսական,Պարահանդես մտել հոժարՀա պարում էր մի ամբողջ ժամ.Կարևորը դա չէ սակայն: Եվ ոչինչ որ խելակորույսՊարում էին ափսե, գդալ,Շողշողալով լույսերի տակ, Ծակծկելով դուռ ու հատակՍուր դանակն էլ պարմեջ մտավ: Կովն ընդունեց մարտական տեսք,Առաջ պարզեց պոզերը սուր,Խենթություն էր նրան պատելՀարու տվեց դուռ ու պատեր,Բայց բոլորն այս խաղեր են զուր: Լուսնեմարդը շատ էր խմել, Այ թե որն է չարիք ու ցավ,Նա գլորվեց սեղանի տակ,Ամբողջ գիշեր այնտեղ քնեց,Լույսը բացվեց, բայց չարթնացավ: Կատուն դարձյալ շվի փչեց.Սակայն այդ չեմ ուզում ասել, Ձայնը զիլ ու բարձր էր այնքան, Որ կարթնանար մեռածն անգամ, Լուսնեմարդը քար էր ասես... Քնած էր նա՝ և ոչ մի ձայն,Կարծես իրենց տանն էր քնած,Բայց քաշեցին նրա ուսից, շպրտեցին դեպի լուսին...Ժամանակին թռավ գնաց: Շարունակեց կատուն փչելԻր սրինգը՝ զի՜լ ու անփույթ,Այնքան փչեց, որ կոտրվեց.Այս ի՞նչ դժբախտ բան կատարվեց.Հավերժ ոչինչ չկա կյանքում: Այստեղ կովը թռչունի պեսԵրկինք թռավ մեկ էլ հանկարծ,Թռավ երկինք, հասավ լուսին,Ներքև նայեց լուսնի լույսից.Ավաղ, էլ հետ ճամփա չկար: Նա այնտեղ է ապրում հիմա,Սակայն դա չէ զվարճալին,Այգաբացից հետո անվերջԾիծաղում է շունը, շան մեջ Կատաղել է ծիծաղն էլի: Իսկ երկնքում լուսին չկա,Հեռացել է՝ արդեն հոգնած,Այնքան սպասեց իր դյուցազնին՝Հարբեցողին իր անազնիվ,Որ արևը ելավ հանկարծ: Երկինքը՝ պարզ ու կապուտակ,Այգաբաց է սովորական,Սակայն մարդիկ պանդոկում տաքՆոր են պառկում, որ նոր քնեն,Զարմանում ես, ի՜նչ բան է դա...</poem> Բարձր ու երկար ծափահարեցին: Ֆրոդոյի ձայնը վատը չէր, երգն էլ դուր եկավ: Էլի գարեջուր պահանջեցին, և երգը նորից լսելու ցանկություն հայտնեցին: Գոռում–գոչում բարձրացավ. «մեկ անգա՜մ էլ, խնդրու՜մ ենք»: Ֆրոդոն ստիպված եղավ մեկ երկու գավաթ գարեջուր խմել և նորից երգը սկզբից սկսել: Նրան ձայնակցում էին. ծանոթ մեղոդի էր, բառերը ընթացքում կռահում էին: