===Գլուխ տասը․ Պանդուխտը===
Ֆրոդոն, Փինը և Սամը մեկը մյուսի հետևից մտան իրենց մութ սենյակը: մերին Մերին չկար, կրակը բուխարիկում հազիվ մարմրում էր: միայն ածուխները բորբելով ու մի քանի կտոր ցախ գցելուց հետո նրանք նկատեցին, որ Պանդուխտն իրենցից հետ չի մնացել. նա, պարզվում է, արդեն նստել էր դռան մոտ դրված բազկաթոռին:
— Օհո՛... — ասաց Փինը: — Էս ո՞վ է, ի՞նչ է ուզում:
— Իմ անունը Պանդուխտ է,— պատասխանեց նա,— ձեր ընկերը խոստացավ օգնել ինձ և հուսով եմ, որ նա այդ մասին չի մոռացել:
— Այո, դուք ուզում էիք խոսել «բավական կարևոր գործերի» մասին,— հիշեց Ֆրոդոն: — Այդ ի՞նչ գործեր են:
— Հենց բավական կարևոր,— պատասխանեց Պանդուխտը: — Եվ գնի մասին պայմանավորվենք նախապես:
— Այդ ո՞ր գնի մասին:
— Մի ձևացեք... Եկեք ձեզ ասեմ, ինչ որ գիտեմ, բարի խորհուրդ կտամ ու կսպասեմ շնորհակալությանը:
— Իսկ մեզ վրա թա՞նկ է նստելու,— հարցրեց Ֆրոդոն:
Նա որոշեց, որ կողոպտիչի է հանդիպել ու մտովի հաշվեց հետը վերցրած դրամը: Քիչ է, դե և ափսոս է տալը:
— Գրպանիդ հարմար,— քթի տակ անուրախ ծիծաղեց Պանդուխտը, ասես կռահելով Ֆրոդոյի հաշիվները: — Ընդամենը ինձ վերցնում եք որպես ձեզ ուղեկից, իսկ ես գալիս եմ ձեզ հետ, քանի դա հարկավոր է ինձ:
— Ա՜յդ էր պակաս,— կտրեց Ֆրոդոն զարմացած ու առաջվանից ավելի տագնապահար: — Մեզ ուղեկից պետք չէ, իսկ եթե պետք լիներ, ես նրա մասին ամեն ինչ սկզբից կպարզեի՝ ով է նա ու ինչո՞վ է զբաղվում:
— Այդպես էլ պետք է,— հավանություն տվեց Պանդուխտը, ոտքը ոտին գցելով ու ավելի հարմար նստելով բազկաթոռում: — Կարծես թե դուք ուշքի եք գալիս, և դա ակնհայտորեն լավ է: Բավական է խենթություն անել: Ուրեմն ես ինչ որ գիտեմ, ձեզ կասեմ, իսկ շնորհակալությունը կմա ձեզ վրա՝ թերևս չուշանա:
— Այդ դեպքում արտահայտվեք, տեսնենք ի՞նչ գիտեք,— համբերությունից դուրս եկավ Ֆրոդոն:
— Չափազանց շատ այնպիսի բաներ, ինչ մասին դուք ավելի լավ է չիմանք,— նախկին հեգնանքով ասաց Պանդուխտը: — Ինչ վերաբերվում է ձեզ... — նա վեր կացավ, մոտեցավ դռանը, արագ բաց արեց և դանդաղ ծածկեց: Հետո նորից նստեց բազկաթոռի մեջ: — Ես նուրբ լսողություն ունեմ,— ասաց նա, ձայնը ցածրացնելով: — Ճիծտ է, անհետանալու ընդունակություն չունեմ, բայց առիթ ունեցել եմ դարանամուտ լինելու և ամենավախկոտ թռչունն իսկ որսալու: Այսօր երեկոյան ես դարանամտում էի Ուղին Արևմտյան Դարպասից մի երկու լիգ այն կողմ: Մեկ էլ տեսնեմ չորս հոբիթ են գալիս Թացաձորի ճանապարհով: Նորից չեմ պատմի, թե ինչի մասին էին խոսում իրար մեջ և ինչպես հրաժեշտ տվեցին ծերուկ Բոմբանդիլին: Գլխավորը՝ մի հոբիթը մյուսին ասում է. «Տեսեք հա, ես հիմա ոչ մի Պարկինս էլ չեմ: Եթե հարցնեն՝ ուրեմն Զառիթափցի եմ»: Այստեղ իմ հետաքրքրությունը շարժվեց. ես հոբիթներին ուղեկցեցի Ուղիով մինչև դարպասը և դրանից հետո «Սիգարշավող պոնի»: Երևի պարոն Պարկինսն իզուր չի թաքցնում իր իսկական ազգանունը, բայց ես նրան խորհուրդ կտայի ավելի զգույշ լինել:
— Չեմ հասկանում, թե ինչու է իմ ազգանունն այստեղ հետաքրքրում ինչ-որ մեկի,— զայրացած պատասխանեց Ֆրոդոն: — Եվ արդեն բոլորովին չեմ հասկանում, թե ձե՛զ ինչու է հետաքրքրում: հավանաբար պարոն Պանդուխտը անտեղի չէ դարանամտում և թաքուն լսում, բայց ես խորհուրդ կտայի նրան հանելուկներով չխոսել:
— Խոսքի դիմաց խոսք,— ծիծաղեց Պանդուխտը: — Սակայն հանելուկներ չկան. ես սպասում եմ Ֆրոդո Պարկինս անունով մի հոբիթի և իմ ժամանակը սպառվում է: Ես գիտեմ, որ նա դուրս է եկել Հոբիթստանից, թաքցնելով գաղտնիքը, որը շատ կարևոր է իմ և իմ բարեկամների համար... Միայն թե դաշույններդ չհանեք,— զգուշացրեց նա հոբիթներին, երբ Ֆրոդոն տեղից վեր թռավ, իսկ Սամը մարտահրավեր հայացքով չափեց նրան: — Ես ձեր գաղտնիքը ձեզանից վատ չեմ պահի: Իսկ պահել՝ հարկավոր է... — Նա խոնարհվեց դեպի առաջ ու կասկածանքով նայեց նրանց: — Զգոն եղեք, հետևեցեք ամեն մի ստվերի,— ցածր ու հաստատ ասաց նա: — Սև Հեծյալներն արդեն եղել են Լեռնամոտում: Մեկը, ասում են, երեկ եկել է Մամռոտով, իսկ երեկոյան կողմ և երկրորդը: Մեկը՝ հարավից, մեկը՝ հյուսիսից:
Նրանք լուռ նստել էին: Վերջապես Ֆրոդոն Փինին ու Սամին ասաց.
— Ես պետք է իսկույն գլխի ընկնեի՝ դռնապանն էլ էր հարցաքննում, պանդոկպանն էլ էր թարս նայում՝ երևում է, ինչ-որ բան լսել են: Ախր իզուր չէր, որ մեզ դահլիճ քարշ տվեց: իհարկե, մենք էլ պակաս չենք՝ հարկավոր էր նստել մեր սենյակում, վերջացավ գնաց:
— Պետք էր,— հաստատեց Պանդուխտը: — Ես ձեզ դա կբացատրեի, բայց Լավրը խանգարեց՝ հո կռիվ չէի անելու:
— Իսկ դուք կարծում եք նա... — ուզում էր սկսել Ֆրոդոն:
— Ոչ, ես այդպես չեմ կարծում,— հարցը կանխեց Պանդուխտը: — Ուղղակի Լավրը չի սիրում, երբ զանազան թափառաշրջիկներ վրդովում են հարգարժան հյուրերին:
Ֆրոդոն շփոթված նայեց նրան:
— Այդ էլ ասենք, տեսքով ես շրջմոլիկից ինչո՞վ եմ լավ,— ասաց Պանդուխտը աչքերը Ֆրոդոյի վրա գցելով և շարունակելով նույն ձևով ժպտալ: — Սակայն հուսով եմ, որ մենք դեռ ինչպես հարկն է կծանոթանանք, այն ժամանակ էլ դու ինձ կբացատրես, թե ինչ կարիք կար առանց երգը վերջացնելու անհետանալ: Այդ արարքը...
— Դա արարք չէր, այլ պատահաբար ստացվեց,— առարկեց նրան Ֆրոդոն:
— Ենթադրենք պատահաբար,— համաձայնեց Պանդուխտը: — Այսինքն, քո կամքից անկախ: Բայց այդ հանկարծադիպության պատճառով դուք բոլորդ սպառնալիքի տակ եք: Ի դեպ, ներիր ինձ «դու»-ի համար, բայց դա վստահության նշան է, մեզ մոտ այլ կերպ չեն ասում: