=== Գլուխ երրորդ. Ուրուկ Հայ ===
Փինը մռայլ, անհանգիստ մղձավանջի մեջ էր: Նրան թվում էր, թե լսում է ինչ -որ ստորգետնյա միջանցքներից եկող իր սեփական ձայնը. «Ֆրո՛դո, Ֆրո՛դո»: Բայց Ֆրոդոյի փոխարեն նրան շրջապատեցին հարյուրավոր օրքերի զզվելի մռութները, և հարյուրավոր գարշելի թաթեր ձգվեցին դեպի իրեն: Որտե՞ղ է Մերին...
Նա ուշքի եկավ և հայտնաբերեց, որ պառկած է մեջքի վրա: Դեմքին սառը քամի էր փչում: Մութն ընկնում էր, և գլխավերևում երկինքն արագորեն սևանում էր: Փինը շրջվեց կողքի և հասկացավ, որ մղձավանջը այնքան էլ չէր տարբերվում իրականությունից: Հոբիթի ձեռքերն ու ոտքերը ամուր կապկպված էին, իսկ կողքին պառկած էր մեռելի պես գունատ Մերին՝ գլուխը փաթաթված ինչ-որ կեղտոտ լաթով: Նրանք շրջապատված էին մի ամբողջ ոհմակ օրքերով:
Այդ պահին ծառերի հետևից հայտվեց Բորոմիրը: Այ նա արդեն ստիպեց օրքերին լրջորեն կռվել: Նա մի քանիսին տեղում սպանեց՝ մնացածները փախուստի դիմեցին: Իրենք սլացան դեպի ճամբար, բայց շատ հեռանալ չհաջողվեց. նոր օրքեր էին վազում ընդառաջ, հարյուրից ոչ պակաս, ընդ որում մի քանիսը լավ հաղթանդամ էին: Բորոմիրի վրա նետերի տարափ տեղաց: Նա ճանկեց իր եղջերափողը և այնպես ուժգին փչեց, որ ձայնը տարածվեց անտառով մեկ: Օրքերը վախեցած հետ նահանջեցին, բայց եղջերափողի ձայնին պատասխանեց միայն արձագանքը, և թշնամիները քաջալերվելով ավելի կատաղի հարձակվեցին: Փինը այլևս ոչինչ չէր հիշում: Վերջինը, որ նա տեսավ՝ Բորոմիրն էր. գոնդորցին նստել էր մեջքը ծառի բնին հենած ու փորձում էր նետը դուրս քաշել կրծքից: Հետո մթություն տիրեց:
— Երևի ինչ -որ ծանր բանով հարվածել են գլխիս,— ենթադրեց հոբիթը: — Հետաքրքիր է, ինչպե՞ս է Մերին, գոնե խեղճին ուժեղ վիրավորած չլինեն: Ի՞նչ է պատահել Բորոմիրին: Ինչու՞ օրքերը չեն սպանել իրենց, որտե՞ղ են հիմա իրենք, և ու՞ր են իրենց քարշ տալիս:
Հարցերից ոչ մեկը պատասխան չուներ: Փինը սառել էր, սիրտը խառնում էր:
— Եվ ինչո՞ւ Գենդալֆը համոզեց Էլրոնդին մեզ էլ ներառել ջոկատում,— մտածեց նա: — Մեկ է, ինձանից ոչ մի օգուտ չկա, պարզապես ուղեկից եմ, եթե ոչ ավելորդ բեռ: Հիմա էլ օրքերն են ինձ գողացել և նրանց բեռն եմ դարձել: Լավ կլիներ Պանդուխտը, կամ մեկ ուրիշը, այդ բեռը կրկին հետ վերադարձնեին: Չէ՜, հույս մի փայփայիր, ջոկատը մեզանից ավելի կարևոր գործեր ունի, պետք է ինքներս փորձենք փախչել:
Նա փորձեց թուլացնել կապանքները, բայց ապարդյուն: Կողքը նստած օրքերից մեկը հռհռաց և իրենց զզվելի լեզվով ինչ -որ բան կռկռաց հարևանին:
— Հանգստացի՛ր քանի դեռ թողնում են, դու՛, փոքրաչափի՛կ,— ասաց նա, շրջվելով դեպի Փինը և անցնելով համընդհանուր լեզվի, որը հնչում էր նրա բերանից նույնքան գարշելի, որքան իր սեփական լեզուն: — Եվ քի՛չ շարժվիր: Իմացած եղիր, հետո չեն թողնելու ճանապարհին այս ու այնտեղ պառկես: Դեռ կհասցնես փոշմանել, որ ոտքեր ունես:
Վախեցած Փինը սսկվեց, չնայած ձեռքերն ու ոտքերը փայտացել էին, իսկ մեջքը ծակում էին սուր քարերը: Որպեսզի կարողանա զսպել իրեն, նա սկսեց ականջ դնել մոտակայքից եկող ձայներին: Շուրջը բազմաթիվ ձայներ էին լսվում և, թեև օրքերի լեզուն միշտ էլ չարագուշակ է հնչում, բայց զգացվում էր, որ անընդհատ տաքացող վեճ է ընթանում: Ի զարմանս իրեն Փինը հայտնաբերեց, որ հասկանում է գրեթե ամեն ինչ: Օրքերի մեծամասնությունը համընհանուր լեզվով էր խոսում: Ըստ երևույթին ջոկատում տարբեր ցեղերի ներկայացուցիչներ էին և ստիպված էին համընդհանուր լեզվով խոսել, որ իրար հասկանային: Օրքերը կատաղած վիճում էին, թե որ ճանապարհով գնան, և ինչ անեն գերիներին:
— Ժամանակ էլ չկա սրանց ինչպես հարկն է սպանելու,— բողոքեց ինչ -որ մեկը,– հիմա զվարճանալու ժամանակը չէ:
— Դե, հա, ոչինչ չես կարող անել,— ասաց մյուսը,— բայց ի՞նչն է մեզ խանգարում արագ հաշվեհարդար տեսնել սրանց հետ: Մեկ-երկու՝ ու պատրաստ է: Մենք շտապում ենք, ինչի՞ համար քարշ տանք սրանց հետներս: Մութն արդեն ընկել է, իսկ մենք դեռ ոչինչ չենք որոշել:
— Բայց ինչո՞ւ կենդանի վիճակում,— հարցրեցին միանգամից մի քանի ձայն,— սրանց հետ, ի՞նչ է, զվարճանալն ավելի՞ հետաքրքիր է:
— Դե, չէ՛, ուղղակի սրանցից մեկի մոտ ինչ -որ թանկարժեք իր կա, պատերազմում պետք է գալու: Էլֆակա՜ն է, ինչ է, ես էլ չգիտեմ: Եվ հետո նրանց պետք է հարցաքննեն:
— Միայն այդքա՞նը: Իսկ ի՞նչ կլինի, եթե խուզարկենք սրանց, միգուցե այդ իրը մեզ է՞լ պետք գա:
— Ախ, ինչ հետաքրքի՜ր է,— լսվեց ինչ -որ մեկի նոր՝ մինչ այդ չլսված ձայնը, որը չնայած փափուկ էր, բայց ավելի չար քան մյուսներինը: — Արժի ասածներդ հասցնել նրան՝ ում պետք է: Գերիներին տանջել չի կարելի, խուզարկել՝ առավել ևս: Ինձ այդպես են հրամայել:
— Ինձ էլ,— ասաց թավ ձայնը: — Հենց այդպես էլ հրամայված է. «Գերիներին ձեռք չտա՛լ, տեղ հասցնել անվնա՛ս:»
— Ճիշտ է, մենք չպետք է իրարից բաժանվենք,— մռնչաց Ուգլուկը: — Ես ձեզանից ոչ մեկին չեմ վստահում, խոզի՛ ճտեր, դուք միայն ձեր գոմում եք քաջ: Մենք որ չլինեինք, հիմա վաղուց արդեն ճողոպրել էիք: Մենք Ուրուկ Հա՛յ ենք՝ իսկական կռվողներ: Այդ մե՛նք նետահարեցինք Մեծ ռազմիկին, մե՛նք բռնեցինք գերիներին: Մենք Սարուման իմաստունի ծառաներն ենք, Սպիտակ Ձեռքի, որը մեզ մարդկային մսով է կերակրում: Մենք Իզենգարդից ենք ուղարկված: Դուք մեզ հետ եք եկել էստեղ, մեզ հետ էլ հետ կդառնաք այն ճանապարհով, որը կընտրեմ ե՛ս: Ես Ուգլու՛կն եմ: Ես ասացի՛:
— Դու ավելին ասացիր, քան պետք էր, Ուգլու՛կ,— քմծիծաղեց զզվելի ձայնը: — Տես հա՜, Լուգբուրզում կարող են խոսքերդ ինչ -որ մեկին դուր չգալ. կորոշեն, որ էդ խելացի գլուխդ ավելորդ բեռ է ուսերիդ համար ու կթռցնեն: Կհարցնեն որտեղի՞ց են էդ մտքերը գլխումդ, երևի Սարումանն է հա՞ լցրել: Էդ ու՞մ տեղն է իրեն դրել Սարումանը, դրան տեսե՛ք, գարշելի սպիտակ նշաններ է նկարում: Ես Գրիշնա՛կն եմ, և ինձ՝ Լուգբուրզից ուղարկված սուրհանդակին, ավելի շատ կհավատան: Իսկ ես նրանց կասեմ, որ Սարումանը հիմար է ու կեղտոտ դավաճան: Բայց Ամենատես Աչքը առանց ինձ էլ գիտի, թե ինչ կա Սարումանի մտքին և մշտապես հետևում է նրան: Եվ դու համարձակվում ես մեզ խո՞զ անվանել: Լսեցի՞ք տղաներ, սրանք մարդկային միս են կրծում: Ես գիտե՛մ թե ինչի մսով է սպիտակ ձեռքը սրանց կերակրում՝ օրքի մսով, հաստա՛տ:
Օրքերը ոռնացին, լսվեց մերկացրած դաշույնների զրնգոցը: Փինը զգուշորեն կողքի թեքվեց՝ տեսնելու թե ինչ է կատարվում: Հսկիչները լքել էին նրան ու միացել գզվրտվող ամբոխին: Չնայած մթնշաղ էր, բայց Փինը կարողացավ ամբոխից զանազանել բարձրահասակ սև օրքին, որը հավանաբար Ուգլուկն էր: Նրա դիմաց կանգնած էր Գրիշնակը՝ կարճ, ծուռ ոտքերով ու մինչև գետնին հասնող երկար ձեռքերով մի օրք: Նրանք շրջապատված էին ավելի կարճահասակ գոբլիններով: Մնում էր ենթադրել, որ դրանք հյուսիսցիներն էին: Նրանք գոռում էին ու թափահարում դաշույնները, բայց Ուգլուկի վրա հարձակվել չէին համարձակվում:
Օրքերը պատրաստվում էին շարժվել առաջ, բայց հյուսիսցիներից մի քանիսը դեռևս չէին ուզում հնազանդվել: իզենգարդցիները ստիպված մի քանիսին էլ տապալեցին, որից հետո մնացածները համակերպվեցին իրենց ճակատագրի հետ: Նորից աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց, և գերիներին մի պահ առանց հսկողության թողեցին: Փինի ոտքերը շատ ամուր էին կապկպված, բայց ձեռքերը, ցանկության դեպքում, կարող էր նույնիսկ շարժել: Օրքերը միայն նրա դաստակներն էին կապել և ոչ թե մեջքին՝ այլ առջևում: Նա մի կողմ հրեց սպանված օրքին և, շունչը պահած, պարանի հանգույցը սեղմելով դաշույնի շեղբին, սկսեց մարմնով վեր ու վար անել: Դաշույնի շեղբը բավականին սուր էր, իսկ մահացածի ձեռքը ամուր սեղմել էր բռնակը: Քիչ անց պարանը արդեն կտրված էր: Հոբիթը արագ պարանի մնացորդներից երկու նոր հանգույց սարքեց, միայն թե այս անգամ, ցանկության դեպքում, կարող էր ակնթարթորեն ազատվել դրանցից: Հանգույցներն անցկացնելով ձեռքերին Փինը պառկեց ու քարացավ, ասես տեղից չէր էլ շարժվել:
— Գերիներին ինձ մո՛տ,— հրամայեց Ուգլուկը,— և թողնե՛լ հիմարությունները: Եթե մենք նրանց անվնաս տեղ չհասցնենք ինչ -որ մեկը հրաժեշտ կտա կյանքին: Պա՞րզ է:
Օրքերից մեկը բարձրացնելով Փինին գցեց շալակը՝ գլուխը մտցնելով հոբիթի կապկպված ձեռքերի արանքը: Նույն կերպ վարվեցին Մերիի հետ: Փինի դեմքը սեղմվեց օրքի գարշելի, մազոտ վզին: Օրքն իր աքցանի պես ամուր թաթերով սեղմել էր հոբիթի ձեռքերը՝ ճիրանները խրելով խեղճ հոբիթի մաշկի մեջ: Փինը փակեց աչքերն ու նորից ընկավ մղձավանջների գիրկը:
Որոշ ժամանակ անց նրան նորից շպրտեցին քարքարոտ գետնին: Դեռ կեսգիշեր էր, բայց լուսինն արդեն անցնում էր լեռների հետևը: Օրքերը կանգնել էին քարափի եզրին և նայում էին ներքևում փռված անշարժ ու անթափանց մշուշի ծովին: Ինչ -որ տեղից լսվում էր ջրի քչքչոցը:
— Հետախույզները վերադարձան,— հաղորդեց ինչ -որ մեկը:
— Զեկուցե՛ք, Ի՞նչ եք տեսել,— խռխռաց Ուգլուկը:
— Ապա մի նստի՛ր,— հրամայեց նա: — Իմ տղաները հոգնել են ձեզ քարշ տալուց, պետք է հանգստանան: Ճանապարհն իջնում է լեռան ստորոտը, սեփական ոտքերովդ էլ կվազես: Բայց տես հա՜, չփորձես փախչել կամ ճղճղալ, թե չէ հախիցդ կգանք: Մենք լավ հնարքներ գիտենք, դուրդ հաստատ չի գա, տերն էլ ոչինչ չի նկատի: Ուրուկ Հայ կռվողները լա՛վ գիտեն իրենց գործը:
Նա քանդեց Փինի կապանքները և մազերից բռնելով ոտքի կանգնեցրեց: Հոբիթը չկարողացավ ոտքի վրա մնալ և ընկավ: Ուգլուկը նորից բռնելով մազերից բարձրացրեց: Օրքերը հռհռացին: Ուգլուկը տափաշիշը մտցրեց Փինի ատամների արանքն ու ինչ -որ դառը հեղուկ լցրեց նրա բերանը: Հեղուկն այրեց Փինի կոկորդն ու տաք հոսանքի պես տարածվեց մարմնով մեկ: Ոտքերի ցավն անհետացավ: Հոբիթը կարողացավ կանգնած մնալ:
— Ու՞ր է մյուսը,— գոռաց Ուգլուկը:
Նա մոտեցավ Մերիին ու մի լավ աքացի տվեց: Հոբիտը տնքաց: Ուգլուկը կոպտորեն թափ տալով նստեցրեց նրան, այնուհետև պատռեց գլխի վիրակապն ու փայտյա տուփի միջից ինչ -որ սև քսուկ վերցնելով՝ շփեց նրա վերքին: Մերին ցավից ճչաց և սկսեց հուսահատ պայքարել:
Օրքերը ծափ զարկեցին ու հռհռացին:
Օրքային խմիչքի ազդեցությունը կամաց-կամաց չքացավ: Փինի սիրտը նորից սկսեց խառնել և մարմնով սարսուռ անցավ: Նա սայթաքեց ու փռվեց խոտերի վրա: Նույն ակնթարթին անգութ ու սուր ճիրանները խրվեցին նրա ուսերի մեջ: Նրան բարձրացրեցին և պարկի պես գցեցին ուսերին: Շուրջն անթափանց մթություն էր, բայց նա չէր կարողանում հասկանալ՝ գիշեր է, թե՞ իր աչքերն են խավարել:
Հեռվից ինչ -որ աղմուկ լսվեց: Առանձին ձայներից Փինը հասկացավ, որ օրքերը հանգիստ են պահանջում: Լսվում էր Ուգլուկի խռպոտ ոռնոցը: Փինը փլվեց խոտերին ու այնքան ժամանակ անշարժ պառկած մնաց, մինչև ընկավ սև մղձավանջների գիրկը: Բայց հանգիստը երկար չտևեց, և շուտով օրքի պողպատյա թաթերը ճանկեցին նրան ու գցեցին ուսերին: Կրկին սկսվեց անվերջանալի ճոճքը: Վերջապես խավարը սկսեց նահանջել և Փինը ուշքի գալով հասկացավ, որ արդեն լուսաբաց է: Հնչեց կանգ առնելու հրամանը, և հոբիթին կոպտորեն նետեցին խոտերի վրա: Նա պառկած պայքարում էր հուսահատության դեմ, իսկ աչքերի առաջ ամեն ինչ լողում էր: Մարմնով մեկ տարածվող ջեմությունից հոբիթը հասկացավ, որ նորից այրող ըմպելիք խմեցրին: Օրքերից մեկը մի կտոր հաց ու միս շպրտեց նրա դիմաց: Հոբիթն ագահորեն կուլ տվեց բորբոսբած հացը, բայց մսին ձեռք չտվեց: Սովից մեռնում էր, սակայն դեռ այն վիճակում չէր, որ օրքի ձեռքից միս ընդունի: Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ում միսը կարող էր դա լինել:
Վերջացնելով ծամելը Փինը նստեց ու նայեց շուրջը: Քիչ այն կողմ պառկած էր Մերին: Օրքերը ճամբար էին խփել արագընթաց գետակի ափին: Առջևում երևացող լեռներից ամենաբարձրի գագաթը վարդագունվել էր արեգակի առաջին ճառագայթներից:
Օրքերը տաքացած վիճում էին: Զգացվում էր, որ շուտով նոր կռիվ է սկսվելու իզենգարդցիների և հյուսիսցիների միջև: Նրանցից ոմանք ձեռքով ցույց էին տալիս դեպի հետ՝ հարավ, մյուսները՝ արևելք:
— Լա՛վ, բավակա՛ն է,— գոռաց Ուգլուկը,— եթե այդպես է՝ նրանք մնում են ինձ հետ: Արդեն ասված է, որ նրանց սպանել չի կարելի: Եթե ուզում եք այսքան հեռու գնալուց հետո լքել ավարը՝ լքե՛ք: Ես ի՛նքս նրանց կհսկեմ: Մենք առանց ձեզ էլ գործը կավարտենք: Վախենու՞մ եք սպիտակամաշկներից ուրեմն ծլկե՛ք: Ահա՛, այտե՛ղ է անտառը,- ասաց նա մատը տնկելով դեպի առաջ,- նշան բռնեք ուղիղ այնտեղ, մեկ էլ տեսար հասաք: Եվ արա՛գ, քանի դեռ բարի եմ: Թե՞ ինչ -որ մեկն ուզում է գլխից ազատվել: Միանգամից կառույգանա՛ք:
Նորից փնթփնթոց, նորից հրմշտոց: Վերջապես հարյուրից ավելի օրքեր բաժանվեցին և ափի երկայնքով ամբողջ ուժով սլացան լեռների ուղղությամբ: Հոբիթները մնացին Իզենգարդցիների հետ: Դա յոթանասունից ավելի օրքերից բաղկացած մռայլ ու վայրի ոհմակ էր: հսկայական արարածներ էին՝ ծուռաչք, թուխ մաշկով, մեծ աղեղներով և կարճ, լայնաշեղբ թրերով: Մի քանի բարձրահասակ ու համարձակ հյուսիսցիներ էլ որոշեցին մնալ Ուգլուկի հետ:
— Վերադարձա տեսնեմ ինչպես ես հրամանը կատարում,— իրեն չկորցրեց Գրիշնակը: — Գերիները ո՞ղջ են:
— Ա՛յ թե ինչ,— փնչացրեց Ուգլուկը: — Դե ուրեմն իզուր ժամանակ եք կորցրել: Այստեղ ես եմ գլխավորը և համոզված եղիր, որ գերիներին ձեռք տվող չի լինի, հրամանն էլ կկատարենք: Գուցե էլի՞ ինչ -որ բան ես մոռացել: Հիշում եմ շտապում էիր, շնչակտուր չքացար:
— Մի տխմարի ենք այստեղ մոռացել,— խայթեց Գրիշնակը,— բայց նրա հետ մի քանի ամրակազմ տղաներ են մնացել: Ափսո՛ս են, գնում են ուղիղ մահվանն ընդառաջ: Ես արդեն վաղուց հասկացել եմ, թե ինչով է վերջանալու այս ամենը և եկել եմ նրանց օգնության:
— Նազգուլ, Նազգուլ,— ցնցվելով կրկնեց Գրիշնակն ու այնպես արագ լպստեց շրթունքները, ասես այդ բառն այրեց նրա բերանը: — Դու խոսում ես մի բանի մասին Ուգլու՛կ, որը նույնիսկ քո կեղտոտ երազներում չես տեսել: Նազգու՛լ: Այդ նրա՞նք են կեղտոտ սուտ: Դու դեռ շա՜տ-շա՜տ կզղջաս ասածներիդ համար, բայց ուշ կլինի: Տխմա՛ր: — Եվ նա զայրացած փնչացրեց: — Դու պետք է իմանայիր, որ նրանք Ամենատես Աչքի բիբե՛րն են: Թևավոր նազգուլները դեռ ցու՛յց կտան ինչի են ընդունակ: Բայց նրանց ժամանակը դեռ չի եկել: Տիրակալը դեռ չի ուզում, որ նրանք երևան մեծ գետի այս ափին: Ո՛չ հիմա: Նրանց խնայում են գալիք պատերազմի և այլ նպատակների համար:
— Դու ինչ -որ չափից ավելին գիտես քան պետք է,— հեգնեց Ուգլուկը: — Մտածում ես գլուխդ կշոյե՞ն դրա համար: Լուգբուրզում կարող են հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան բան գիտես, և ինչիդ էր պետք հետաքրքրվելն ու իմանալը: Ու մի՛շտ այդպես է: ոմանք պարապ-սարապ ման են գալիս ու քիթները խոթում իրենց չվերաբերվող գործերի մեջ, իսկ մյուսները սև գործն են անում նրանց փոխարեն... Մի խոսքով, հերի՛ք լեզվիդ զոռ տաս: Փասափուսադ հավաքիր, վերցրու տխմարներիդ ու ծլկիր անտառ, այ՜ այն խոզերի ետևից: Շարժվի՛ր տեղիցդ: Միևնույնն է գետին այլևս կենդանի վիճակում չեք հասնի: Վազքով մա՛րշ: Մենք կրնկակոխ կգանք ենք ձեր հետևից:
Իզենգաևդցիները նորից ճանկեցին Մերիին ու Փինին և գցեցին ուսներին: Ջոկատը սլացավ առաջ: Ժամը ժամի հետևեց վազում էին նրանք առանց ընդմիջման, կանգ առնելով միայն, որ փոխեն հոբիթների «ձիերին»: Կամ ուրուկ Հայերն իսկապես արագավազ էին, կամ էլ Գրիշնակը դիտմամբ չէր շտապում, բայց իզենգարդցիները կամաց-կամաց առաջ անցան մորդորցիներից: Շուտով հեռվում հյուսիսցիներն էլ երևացին: Անտառն սկսեց մոտենալ:
Նա հոբիթներին մտցրեց թևերի տակ, ձեռքերով ինչպես հարկն է փակեց բերանները և ցատկեց առաջ: Ձեռքերն անասելի ուժեղ էին, խեղճերի ոսկորները ճրթճրթում էին: Շունչները կտրվում էր: Արագ հասնելով բլրի ստորոտին, Գրիշնակն անաղմուկ սահեց երկու օրք ժամապահների արանքով և, սև ստվերի պես ձուլվելով խավարին, սլացավ արևմուտք՝ դեպի անտառից դուրս վազող գետը: Թվում էր, թե այնտեղ հսկողություն չկար, միայն մի միայնակ խարույկ էր ցրում սև մթությունը:
Որոշակի տարածություն վազելով Գրիշնակը կանգ առավ, այս ու այն կողմ նայեց և սրեց ականջները: Ամեն ինչ լուռ էր: Նա դանդաղ, գետնին կռացած, շարժվեց առաջ ու մի քանի քայլ անելով նորից քարացավ, ականջ դրեց և արագ ոտքի կանգնեց: Վճռական փախուստի ժամանակն էր: Հանկարծ օրքի առջևում հայտվեց ձիավորի ուրվագիծը: Ձին ծառս եղավ ու խրխնջաց: Մարդը բարձրաձայն ինչ -որ բան գոռաց:
Գրիշնակը փռվեց գետնին՝ հոբիթներին ճզմելով իր ծանրությամբ, և դուրս քաշեց իր յաթաղանը: Երևում է նա որոշել էր, որ ավելի լավ է սպանել հոբիթներին, քան թողնել, որ նրանք փախչեն, կամ ընկնեն ռոհանցիների ձեռքը: Բայց որոշումն իրագործել չհասցրեց: Լսվեց յաթաղանի զրնգոցը և շեղբը փայլատակեց խարույկի լույսից: Մթության մեջ անմիջապես լսվեց նետի սուլոցը: Կամ ռոհանցի նետաձիգըն էր անվրեպ, կամ էլ ճակատագիրն ինքը ուղղեց նրա նետը և այն խոցեց Գրիշնակի աջ ձեռքը: Օրքն անմիջապես ցած գցեց յաթաղանն ու ոռնաց: Լսվեց ձիու սմբակների դոփյունը: Գրիշնակը վեր թռավ և սլացավ առաջ, բայց նորից ընկավ՝ բախվելով խավարից հայտնված նժույգին: հաջորդ վարկյանին նիզակը խրվեց օրքի կուրծքը: Լսվեց Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը: Օրքը փռվեց գետնին ու անշարժացավ:
Աղմուկը դադարել էր: Ըստ երևույթին Մաուխուրին իր «տղաների» հետ ոչնչացրել էին կամ փախուստի մատնել: Պաշարումը շարունակվում էր, բայց վերջն արդեն երևում էր: Գիշերը վեջանում էր, և մոտենում էր լուսաբացը: Արևելքում անամպ երկինքը կամաց-կամաց գունատվում էր:
— Պետք է ինչ -որ տեղ թաքնվել,— ասաց Փինը,— թե չէ մեկ էլ տեսար նկատեցին մեզ: Հեծյալները հաստատ կտարբերեն մեզ օրքերից, երբ, ուշադիր զննեն մեր դիակները, բայց դա դժվար թե մեզ սփոփի: — Նա վեր կացավ ու ոտքերով թփթփացրեց գետնին — Հո պարաննե՛ր չեն, իսկակա՛ն պողպատալար: Բայց ոտքերս քիչ քիչ շարժունակ են դառնում: Իսկ դո՞ւ ինչպես ես:
Մերին ոտքի կանգնեց:
— Միայն թե, ոչ այստեղով,— զգուշացրեց Փինը,— այստեղ ափը զառիվայր է: Արի՛ հետևիցս:
Եվ նրանք շարժվեցին գետի երկայնքով դեպի անտառ: Արևելքում երկինքը գնալով լուսավորվում էր: Մերին ու Փինը շաղակրատում էին հոբիթներին հատուկ զվարթությամբ՝ ուրախ ու անհոգ, և կիսվում միմյանց հետ անցած օրերի տպավորություններով: Եթե այդ պահին ինչ -որ մեկը նրանց տեսներ, ոչ մի դեպքում չէր կարող կռահել, որ քիչ առաջ նրանք անցել են ծանր փորձությունների և մահացու վտանգների միջով ու գտնվում են հեռավոր, վայրի տեղանքում, որտեղ, ինչ -որ մեկից օգնություն սպասել, անիմաստ է:
— Բայց ճարպիկ հնարք բանեցրիք պարոն Տուկ,— ասում էր Մերին: — Բիլբոյի գրքում ձեզ պետք է մի ամբողջ գլուխ հատկացնել: Եթե ես երբևէ հանդիպեմ նրան, անպայման այդ մասին կասեմ: Լա՛վ աշխատանք էր: Ինչ ճարպկությամբ կարողացար խաբել այդ փրչոտ չարագործին: Փայլո՛ւն էր: Բայց կուզենայի իմանալ, ինչ -որ մեկը գտե՞լ է արդյոք քո հետքերն ու էլֆական ամրակալը, թե՞ այդպես էլ կմնա այնտեղ ընկած: Ես շատ կվշտանայի, եթե իմ ամրակալը կորչեր, իսկ քոնը, վախենում եմ, էլ երբեք չի գտնվի: Է՜հ, քեզ հավասարվելու համար մի լավ քրտնել է պետք: Ամեն դեպքում հիմա քո զարմիկ Բրենդիզայքի հերթն է եկել: Դու հիմա հաստատ գաղափար չունես, թե որտեղ ենք մենք գտնվում, իսկ ես՝ ի տարբերություն քեզ, Ռիվենդելում ժամանակս անիմաստ չէի վատնում: Մենք հիմա գնում ենք արևմուտք Էնտուոշ գետի ափով, իսկ առջևում Մառախլապատ լեռներն են ու Ֆենգորնի անտառը:
Եվ իսկապես, մինչ նա խոսում էր, առջևում երևաց անտառի մռայլ ու մթին պատը: Գիշերն ասես ապաստան էր փնտրում սաղարթախիտ, հսկա ծառերի ստվերում՝ նահանջելով և իր տեղը զիջելով լուսաբացին: