Changes

Պահապանները

Ավելացվել է 4211 բայտ, 14:20, 25 Ապրիլի 2015
/* Գլուխ տասը․ Պանդուխտը */
— Նա հեռացավ, և Ֆրոդոն արագորեն Մերիին պատմեց այն ամենը, ինչ եղել էր այդ երեկո: Երբ Պանդուխտն ու Նոբը վերադարձան, Մերին խորհում էր Գանդալֆի նամակի շուրջը:
— Ուրեմն այսպես, պարոն հյուրեր,— ասաց Նոբը: — Ես էնտեղ խառնշտեցի ձեր անկողիննները և ամեն մեկի մեջ մի երկարուկ բարձ դրեցի, ձեր թույլտվությամնբ: Բրդե ծածկոցն էլ ծալծլեցի, ձեր գլխին շատ նման ստացվեց, պարոն Պար... Զառիթափցի,— քթի տակ ժպտալով ավելացրեց նա:
— Մթության մեջ սկզբում չեն տարբերի,— ծիծաղեց Փինը,— իսկ երբ հասկանան...
— Այն ժամանակ կերևա,— ասաց Պանդուխտը: — Գուցե մինչև առավոտ մի կերպ կդիմանանք:
Նրանք պարկերը շարեցին հատակին, բազկաթոռը կպցրին փակ դռանը և պատուհանը կողպեցին: Կողպում էր Ֆրոդոն ու աչքի տակով նայում ջինջ աստղերին: Լեռնամոտի մութ լանջերի հետևում վառ փայլփլում էր Մուրճը՝ հոբիթներն այդպես էին անվանում Մեծ Արջի համաստեղությունը: Նա հառաչեց, փակեց ներսի ծանր կրկնափեղկերն ու վարագույները ծածկեց: Պանդուխտը բուխարիկում թեժ կրակ արեց ու մոմերը հանգցրեց:
Հոբիթները պառկեցին հատակին, ոտքները կրակի կողմը, իսկ Պանդուխտը նստեց դռան մոտի բազկաթոռին: Համարյա չէին խոսում. միայն Մերին էր հարցուփորձով անհանգստացնում:
—«Այստեղ կովը թռչունի պես երկինք թռավ մեկ էլ հանկարծ...», հի՜, հի՜,— ծիծաղեց նա վերմակի մեջ փաթաթվելով: — Է՜հ, Ֆրոդո, մի բան, որ հնարում ես, էլ չափը պահել չկա: Ափսոս, ես այնտեղ չեմ եղել... Ոչի՛նչ, տեղացիները մի հարյուր տարի քո կատակը չեն մոռանա:
 
— Դրանում համոզված եղիր,— ասաց Պանդուխտը:
 
Ապա բոլորը լռեցին, ու հոբիթները մեկը մյուսի հետևից քուն մտան:
 
===Գլուխ տասնմեկ․ Գիշերային հարձակում===
 
Մինչ նրանք պատրաստվում էին քնելու Լեռնամոտի պանդոկում, Բրենդիդուիմքի վրա չարագուշակ ստվեր էր իջնում. խավարի հետ սառը մառախուղ: Ճագարի Գերանում քար լռություն էր: Գիրուկ Կուղբնոցը դուռը կիսաբաց արեց ու զգուշությամբ քիթը դուրս հանեց: Ամբողջ օրը նա սարսափի մեջ էր, իսկ երեկոյան նույնիսկ պառկել չէր համարձակվում: Քարացած օդում անորոշ սպառնալիք էր կախված: Նա նայեց մութ մառախուղի մեջ և տեսավ, որ ցանկապատի դռնակն ինքն իրեն անձայն բացվեց, իսկ հետո անաղմուկ փակվեց: Նրան այնպիսի սարսափ պատեց, որ կյանքում չէր զգացել: Նա դողալով ընկրկեց և սաստիկ ուժ գործադրելով, թոթափեց ծանր կարկամածությունը: Հետո դուռը փակեց բոլոր փակաղակներով ու սողնակներով կողպեց:
 
Գիշերը ավելի ու ավելի էր մթնում: Սմբակների խուլ դոփյուն լսվեց. մարգագետնով ձիեր էին արշավում: Դարպասի մոտ դոփյունը լռեց, ու երեք ստվեր ճեղքեցին խավարը: Մեկը մոտենում էր դռանը, մյուս երկուսը տան անկյուններն էին հսկում: Ստվերները թաքնվեցին ու լռությունն ավելի խորացավ, իսկ գիշերը վերջ չուներ: Տան մոտակայքի ծառերն ասես քարացել էին համր լռության մեջ:
Վստահելի
1342
edits