Changes

Պահապանները

Ավելացվել է 8768 բայտ, 12:33, 26 Ապրիլի 2015
/* Գլուխ տասնմեկ․ Գիշերային հարձակում */
Բրենդիզայքները փչում էին հին եղջերափողը՝ ազդարարելով տագնապ, որ չէր հնչել արդեն մի ամբողջ հարյուր տարի, այն ժամանակից ի վեր, ինչ դաժան ձմռանը սառցակալած գետի սառույցի վրայով հյուսիսից սպիտակ գայլեր էին եկել:
 
''Ելի՛ր... Թշնամիները...''
 
Ինչ-որ տեղից արձագանք լսվեց՝ տագնապ: Սև ստվերները դուրս սողացին տնից: Աստիճաններին ընկավ հոբիթական ծակծկված թիկնոցը: Մարգագետնի փափկությունից ձիերի սմբակների ձայնը խլացավ, հետո լսվեց քառատրոփն ու հեռացավ մառախուղի խորքը: Ամեն տեղ հնչում էին եղջերափողերը, ձայն տալիս իրար, վազվզում էին հոբիթները: Բայց Սև Հեծյալները փոթորկի պես նետվեցին հյուսիս: Թող իր համար աղմկի փոքրաչափիկ ժողովուրդը... Ժամանակին Սաուրոնը նրանց հարցը կլուծի: Իսկ առայժմ իրենց այլ գործեր են սպասում, Մատանին չկա, առա՜ջ... Նրանք տրորեցին դարպասի պահակներին ու հավիտյանս անհետացան Հոբիթստանից:
 
Լուսաբացից առաջ Ֆրոդոն հանկարծ արթնացավ, ասես ինչ-որ մեկը նրան արթնացրեց: Եվ տեսավ. Պանդուխտը զգույշ ականջ է դնում, աչքերը փայլում են բուխարիկի վառ կրակից, իսկ ինքը նստած է լարված ու անշարժ: Հետո Ֆրոդոն նորից քնեց, բայց նրա քնի մեջ ներխուժեց քամու թնդյունը և սմբակների կատաղի դոփյունը: Քամին ցնցում էր հյուրանոցը, իսկ ինչ-որ հեռու մի տեղում եղջերափող էր հնչում: Ֆրոդոն գլուխը թափ տվեց քնից, աչքերը բացեց ու լսեց աքաղաղի զիլ կանչը բակում: Պանդուխտը հետ քաշեց վարագույրներն ու թափով բացեց կրկնափեղկերը, իսկ հետո՝ պատուհանը: Մոխրագույն լուսաբացը հորդեց սենյակ ու առավոտյան զովը մտավ վերմակի տակ:
 
Պանդուխտի հետևից նրանք ացան միջանցքով ու մտան իրենց ննջարանները և հասկացան, որ նրա խորհուրդը փրկել է իրենց կյանքը: Պատուհանները ջարդված էին ու փեղկերը ծխնիներից կախված օրորվում էին, քամին ծածանում էր քրքրված վարագույրները, բազմոցի մորթոտված երկարուկ բարձերն ընկած էին հատակին՝ անկողնու թափթփված սպիտակեղենի մեջ, գորշ ծածկոցը ծվեն-ծվեն էր արված: Պանդուխտն իսկույն գնաց պանդոկպանին կանչելու: Խեղճ Լավրը վախեցած թարթում էր քնկոտ աչքերր, որոնք, ինչպես ինքն էր հավատացնում, մի վայրկյան անգամ չի կպցրել և որ ամեն ինչ խաղաղ է եղել:
 
— Այսինքն կյանքումս այսպիսի բան չեմ տեսել... — բացականչեց նա, սարսափահար ձեռքերը դեպի առաստաղը պարզելով: — Որպեսզի հյուրերի համար վտանգավոր լինի իրենց անկողիններում քնելը, որպեսզի փչացնեն համարյա բոլորովին նոր բարձերը, բա հետո ի՜նչ է լինելու:
 
— Ոչ մի լավ բան,— գուշակեց Պանդուխտը: — Բայց քեզ համար ավելի հանգիստ կլինի, եթե մեզնից ազատվես: Մենք հիմա գնում ենք: Նախաճաշ պետք չէ, ոտքի վրա մի բան կուտենք:
 
Նարկիսը վազեց կարգադրություն անելու, որ թամբեն ու դուրս բերեն պոնիները և ուտելիք պատրաստեն: Վերադարձավ իրեն լրիվ կորցրած. պոնիներն անհետացել են... Ախոռի դռները կրնկի վրա բաց են, իսկ ներսը դատարկ է: Տարել են ոչ միայն հոբիթների պոնիները, այլև բոլոր ձիերը, մինչև վերջինը:
 
Ֆրոդոն չափազանց հուզվեց: Ոտքով ինչպե՞ս կհասնեն Ազատք, եթե նրանց հետևում են ձիավոր թշնամիները: Պանդուխտը լռելյայն դիտում էր հոբիթներին, ասես գնահատելով նրանց ուժն ու վճռականությունը:
 
— Միևնույնն է, չէ՞ որ պոնիներն էլ Հեծյալներից չէին փրկի,— ասաց նա, կարծես Ֆրոդոյի մտքերը կարդալով: — Եվ այն արահետով, որով ես ձեզ տանելու եմ, ավելի լավ է ոտքով գնալ, քան պոնիով: Մթերքի հա՞րցը: Այստեղից մինչև Ազատք հասնելը ոչինչ չենք գտնի, հարկավոր է ուտելիք շատ վերցնել: Չէ՞ որ կարող ենք ուշանալ, կարող ենք ոլորապտույտ ուղիով գնալ: Կարող եք շալակել...
 
— Ինչքան որ պետք լինի,— կտրիճավարի ասաց Փինը,— չնայած վախից սիրտը փորն ընկավ: — Մեռնել-մեռնել է, գոնե կուշտ փորով կմեռնենք:
 
— Ես երկու հոգու չափ կտանեմ,— մռայլ հայտնեց Սամը:
 
— Իսկ գործին ինչպե՞ս կարելի է օգնել, պարոն Նարկիս,— հարցրեց Ֆրոդոն: — Հնարավոր չէ՞ որևէ կերպ մի զույգ պոնի ճարել, դե գոնե մեկը բեռի համար: Ես հասկանում եմ, վարձով հազիվ թե... Գուցե գնե՞նք: Իսկ մտքում նա վախվորած հաշվում էր իրենց ունեցած ողջ դրամը...
 
— Կասկածում եմ,— վհատ ասաց պանդոկպանը: — Լեռնամոտի բոլոր պոնիները՝ երկու, թե երեք հատ, իմ ախոռում էին: Մեզ մոտ ընդամենը մեկ-երկու ձի կա ու վերջ, իսկ մնացածը՝ վաճառքի համար չէ: Բայց դե կաշխատենք: Հիմա կգտնեմ այդ անբան Բոբին, թող գնա հարցուփորձ անի:
 
— Այո, հավանորեն,— ասես ծանրութեթև անելով խոսեց Պանդուխտը,— թող հարցնի: Մեկ պոնի մեզ այնուամենայնիվ հարկավոր է: Դե հիմա մտածել անգամ չենք կարող արագ ու աննկատ դուրս գալու մասին: Պոնի փնտրելը նույնն է, թե արշավի դուրս գալիս շեփոր փչես: Նրանք հենց դա էլ հաշվի են առել:
 
— Մխիթարության մի փոքր նշույլ կա,— ասաց Մերին: — Իսկ եթե սթափ դատենք, ապա ոչ փոքր է, ոչ էլ նշույլ: Քանի որ այսպես է ստացվել, եկեք ինչպես հարկն է նախաճաշենք: Ու՞ր է դանդալոշ Նոբը:
 
Երեք ժամից ավելի նրանք սպասեցին: Բոբը եկավ և լուր բերեց, որ ոչ մի ձի կամ պոնի չի վաճառվում, միայն Բիթ Կաղամախը համաձայն է զիջել մի քոսոտ պոնի:
 
— Ոսկորն ու կաշին է,— ասաց Բոբը,— այդ պոնին վաղուց սպանդանոց հանձնելու ժամանակն է, իսկ Կաղամախը նրա համար, համոզված եղեք, եռակին է ուզելու՝ շահի հոտ է առել կաշի քերթողը:
 
— Կաղամա՞խը,— զգուշացավ Ֆրոդոն: — Գուցե այստեղ որևէ խարդախություն կա: Գուցե այդ պոնին հետ վազի նրա մոտ՝ մեր բեռն էլ հետը, կամ նրա միջոցով կհետևեն մեզ, ինչ իմանաս:
 
— Կարող է պատահել, կարող է,— ասաց Պանդուխտը,— չնայած, հազիվ թե: Կաղամախի մոտ ոչ մի կենդանի արարած չի վերադառնա, եթե մեկ անգամ կարողացել է ազատվել նրա ձեռքից: Երևի պարզապես որոշել է հրաժեշտից առաջ մի համեղ կտոր էլ փախցնել, այդ պոնին, հաստատ գիտեմ, շունչը փչելու վրա է: Ինչ արած, ընտրություն չունենք: Ինչքա՞ն է ուզում դրա համար:
 
Վստահելի
1342
edits