==='''ՆՈՎԵԼ ԵՐԿՐՈՐԴ'''===
''Հրեա Աբրահամը, Ջիանոտո դի Չիվինիի հորդորանքից մղված, գնում է Հռոմի արքունիքը և այնտեղ տեսնելով եկեղեցու սպասավորների ապականված բարքերը՝ վերադառնում է Փարիզ, որտեղ և քրիստոնյա է դառնում''
Պամֆիլոյի նովելը, որ մերթ ընդ մերթ աղջիկների ծիծաղն էր շարժում, ընդհանուր առմամբ հավանության արժանացավ։ Նովելը լսվեց ուշադրությամբ և երբ ավարտվեց, թագուհին հրամայեց Նիեֆիլային, որը նստած էր Պամֆիլոյի կողքին, պատմել իր նովելը ևս՝ հետևելով զվարճության համար սահմանված կարգին։ Նիեֆիլան, որն իր վարվեցողության հաճելիությամբ աչքի էր ընկնում նույնքան, որքան և գեղեցկությամբ, ուրախ-ուրախ պատասխանեց, թե կպատմի սիրով և սկսեց այսպես․
—Պամֆիլոն իր պատմությամբ մեզ ցույց տվեց, ու Աստծո բարեգթությունն անտես է առնում մոլորությունները, եթե դրանք ծագում են այնպիսի պատճառներից, որոնք վրիպում են մեր գիտությունից․ իսկ ես ցանկանում եմ իմ պատմությամբ ցույց տալ, որ այդ բարեգթությունը,— հանդուրժելով թերություններն այն անձանց, որ պարտավոր էին իրենց խոսքով ու գործով այդ բանը վկայել ճշմարտապես, սակայն անում են ընդհակառակը,— դրանով իսկ տալիս է ապացույցն իր անխախտելիության, որպեսզի մենք հոգու առավել կայունությամբ հետևած լինենք այն ամենին, ինչին հավատում ենք։
Ինձ պատմել են, սիրելի դամաներ, որ Փարիզում ապրում էր Ջիանոտո դի Չիվինի անունով մի հարուստ վաճառական ու լավ մարդ, որը մահուդի մեծ առևտուր էր անում։ Նա շատ մտերիմ էր Աբրահամ անունով մի մեծահարուստ հրեայի հետ, որ նույնպես վաճառական էր և շատ ազնիվ ու պարզասիրտ մարդ։ Գիտենալով նրա ազնվությունն ու պարզասրտությունը՝ Ջիանոտոն շատ էր ցավում, որ այդ արժանավոր, խելոք ու լավ մարդու հոգին, նրա հավատի արատավորության պատճառով, պետք է դժոխապարտ լինի։ Այդ պատճառով էլ նա սկսեց նրան բարեկամաբար խնդրել, որ թողնի հրեական հավատի մոլորությունները և դառնա քրիստոնեական ճշմարիտ հավատին, որը, ինչպես կարող էր նա տեսնել, լինելով սուրբ ու կատարյալ, շարունակ ծաղկում ու տարածվում է, այնինչ ընդհակառակը՝ նրա կրոնը նվազում է և ամայության մատնվում, մի բան, որի ճշմարտությանը նա ինքն էլ կարող է համոզվել։ Հրեան պատասխանեց, թե ինքը չգիտե առավել կատարյալ ու սուրբ կրոն, քան հրեականը և որ ինքը ծնվել է այդ կրոնով, դրանով էլ մտադիր է ապրել ու մեռնել, և ոչ մի բան չի կարող նրան շեղել այդ մտադրությունից։ Սակայն դա ետ չկանգնեցրեց Ջիանոտոյին, և մի քանի օր անց նա վերստին նրան դիմեց նույնպիսի խոսքերով՝ նրան ապացուցելով, ինչպես այդ կարողանում են անել վաճառականները, թե ինչու է մեր կրոնը հրեականից լավ։ Թեև հրեան քաջ գիտակ էր հրեական օրենքին, այնուհանդերձ,— գուցե Ջիանոտոյի նկատմամբ տածած մեծ բարեկամությունից մղված, կամ գուցե նրա վրա ազդել էին այն խոսքերը, ու սուրբ հոգին դրել էր այդ հասարակ մարդու բերանը,— նրան սկսեցին շատ դուր գալ Ջիանոտոյի փաստարկները, թեպետև, շարունակել համառել իր հավատի մեջ՝ թույլ չէր տալիս իրեն դարձի բերել։ Որքան նա համառում էր, այնքնան Ջիանոտոն չէր դադարում նրան համոզելուց, մինչև որ վերջապես հրեան, այդ հաստատակամությունից ազդվելով, ասաց․— «Լավ, Ջիանոտո, դու ցանկանում ես, որ ես քրիստոնյա դառնամ, ես ինքս էլ պատրաստ եմ այդ անելու, սակայն պայմանով, որ նախ և առաջ ուղևորվեմ Հռոմ, որպեսզի այնտեղ կարողանամ տեսնել այն մարդուն, որին դու անվանում ես Աստծո փոխանորդը երկրի վրա, կարողանամ տեսնել նրա վարքն ու բարքը և ապրելաձևը, ինչպես նաև նրա կարդինալ եղբայրներին։ Եթե նրանք իմ աչքին երևան այնպես, որ նայելով նրանց և քո խոսքերին՝ ես համոզվեմ իմ հավատի նկատմամբ քոնի ունեցած առավելությանը, ինչպես որ դու աշխատում էիր ապացուցել, ապա կվարվեմ այնպես, ինչպես ասացի քեզ․ իսկ եթե ոչ՝ առաջվա պես կմնամ հրեա»։
Լսելով այդ՝ Ջիանոտոն չափազանց վշտացավ և իր մտքում ասաց․ «Զու՜ր կորան իմ ջանքերը, մինչդեռ ցանկանում էի օգտավետ կերպով գործադրել՝ կարծելով, թե արդեն դարձի եմ բերել նրան։ Հիրավի, եթե նա գնա Հռոմի պապի արքունիքը և տեսնի հոգևորականության պիղծ ու արատավոր կյանքը, ապա ոչ միայն հրեայից քրիստոնյա չի դառնա, այլև եթե քրիստոնյա դարձած լիներ, անշուշտ նորից հրեական հավատին կդառնար»։ Ապա դառնալով Աբրահամին՝ Ջիանոտոն ասաց․ «Բարեկա՛մս, ինչու՛ ես ուզում քեզ պատճառել այդպիսի նեղություն և ընկնել այնպիսի մեծ ծախսերի տակ, որ կապված են Հռոմ ուղևորվելու հետ։ Էլ չխոսենք այն մասին, որ քեզ նման հարուստ մարդու համար ամեն մի ճամփորդություն, ծովով լինի, թե ցամաքով, լի է վտանգներով։ Չլինի՞ թե մտածում ես, որ այստեղ չի գտնվի որևէ մեկը, որ կարողանար մկրտել քեզ։ Եթե դու տարակուսանքներ ունես այն հավատի նկատմամբ, որը ես քեզ բացատրեցի, ապա էլ որտե՞ղ, եթե ոչ այստեղ պիտի գտնես մեծ գիտուններ և առավել իմաստուն մարդիկ, որոնք քեզ կմեկնեն այն ամենը, ինչ որ ցանկանաս կամ հարցնելու լինես։ Ահա թե ինչու իմ կարծիքով այդ ճանապարհորդությունն ավելորդ է։ Գիտցի՛ր, որ այնտեղ էլ բարձրաստիճան հոգևորականները ճիշտ այնպես են, ինչպիսիք դու կարող ես տեսնել նաև այստեղ, և նույնիսկ ավելի լավն են, քանզի ավելի մոտ են գերագույն հովվապետին։ Ուստի հետևելով իմ խորհրդին՝ այդ նեղությունը պահիր մի ուրիշ անգամի՝ դեպի սուրբ վայրերը կատարելիք որևէ այցելության համար․ այն ժամանակ թերևս ես ինքս էլ լինեմ քեզ ուղեկից»։ Հրեան պատասխանեց․ «Ես հավատում եմ, Ջիանոտո, որ քո ասածը ճիշտ է, բայց եթե ասելու լինեմ միով բանիվ, ապա կասեմ քեզ (եթե դու ցանկանում ես, որ ես անեմ այն, ինչ այնպես խնդրում էիր), որ ես վերջնականապես որոշել եմ գնալ․ այլապես ոչինչ չեմ անի»։ Տեսնելով նրա վճռականությունը՝ Ջիանոտոն ասաց․ «Գնա՛, Տեր ընդ քեզ», և միևնույն ժամանակ միտք արեց, որ եթե հրեան տեսնի Հռոմի արքունիքը, երբեք քրիստոնյա չի դառնա։ Այդպես էլ նա ճարահատյալ վերջ տվեց իր հորդորներին։
Հրեան ձի հեծավ և հապշտապ ճանապարհ ընկավ դեպի Հռոմի պապի արքունիքը։ Հասնելով տեղ՝ նա պատվով ընդունվեց իր հավատակից հրեաների կողմից և ապրեց այնտեղ՝ ոչ ոքի ոչ մի խոսք չասելով իր ճանապարհորդության նպատակի մասին՝ զննահայաց դիտելով պապի, կարդինալների և մյուս բարձրաստիճան հոգևորականների ու բոլոր պալատականների նիստն ու կացը։ Այն ամենից, ինչ տեսավ անձամբ, ինչպես նաև ուրիշների ասածից, նա, լինելով շրջահայաց մարդ, եզրակացրեց, որ նրանք բոլորն էլ ողբալիորեն մեղանչում են հեշտասիրությամբ, ոչ միայն բնական, այլև սոդոմական ձևով՝ չզգալով ո՛չ խղճի խայթ, ո՛չ էլ ամոթ, որի հետևանքով նրանց ողորմածությունը շահելու գործում փոքր չէր անառակ կանանց և մանչերի ազդեցությունը։ Նաև տեսավ պարզորոշ, որ նրանք բոլորն էլ որկրամոլներ էին, հարբեցողներ, անասնակերպ արարածներ, որ ծառայում էին ոչ միայն իրենց վավաշոտ ցանկություններին, այլև որովայնին և ավելի, քամ որևէ այլ բանի։ Դիտելով մոտիկից՝ նա համոզվեց, որ նրանք բոլորն էլ այնքան ընչաքաղց էին և արծաթասեր, որ վաճառում և գնում էին մարդկային, նույնիսկ քրիստոնեական արյունը և ամենայն աստվածային բան, որ վերաբերում էր խորհուրդների կատարմանը կամ եկեղեցական պաշտոններին։ Այդ աստվածային բաներով նրանք ավելի շատ էին առևտուր անում, և դրա համար վելի շատ միջոցներ կային, քան Փարիզում՝ մահուդեղենի կամ որևէ այլ բանի առևտրի մեջ։ Բացահայտ սիմոնականությանը նրանք տվել էին հովանավորություն անունը, որկրամոլությունն անվանում էին կազդուրումն, կարծես թե Աստծուն հայտնի չէ հիշյալ բառերի իմաստը, ինչպես նաև այդ անառակ մարդկանց մտադրությունները, և կարծես թե Նրան էլ կարելի է խաբել այդ բաների անուններով, ինչպես մարդկանց։ Այդ ամենը ուրիշ շատ բաների հետ միասին դուր չեկավ հրեային, որը չափավոր ու պարկեշտ մարդ էր, ուստի գտնելով, որ բավականաչափ տեսավ ու դիտեց, նա որոշեց վերադառնալ