— Նախկինում դու դրա մասին ոչինչ չես ասել:
— Ոչ, բայց տերն էլ չի հարցրել: Տերը չի ասել, թե ինչ է ուզում անել: Նա ոչնինչ չի ասել խեղճ Սմեագորլին: Նա ասաց. Սմեագորլ, տար ինձ դարպասի մոտ՝ և հաջողություն: Սմեագորլը կարող է հիմա փախչել հեռու ու լավ լինել: Բայց այժմ տերն ասում է. ես որոշել եմ Մորդոր մտնել դարպասով: Սմեագորլը վախենում է. նա չի ուզում կորցնել բարի տիրոջը: Եվ նա խոստացել է, տերը ստիպել է նրան երդվել, և նա երդվել է, որ կփրկի Սքանչելին: Բայց հիմա տերը կնկնի կընկնի Նրա ձեռքը, եթե այստեղով գնա: Ինքը կխլի այն տիրոջ ձեռքից ու կհագնի իր սև մատին: Սմեագորլն ուզում է փրկել և՛ տիրոջը, և՛ Սքանչելին, ահա և նա հիշեց մյուս ճանապարհի մասին: Նա մի անգամ գնացել է այդ ճանապարհով: Տերը բարի է: Սմեագորլը լավն է, հնազանդ է, նա ուզում է օգնել:
Սեմը խոժոռվեց: Եթե նա կարողանար հայացքով շաղափել Գոլլումին, ապա վերջինս վաղուց մաղի պես ծակծկված կլիներ: Նրա համար այդ ամենը չափից դուրս կասկածելի էր: Գոլլումը կարծես թե չէր ձևացնում, իսկապես անհանգստացած էր և ամեն գնով փորձում էր օգնել Ֆրոդոյին: Բայց Սեմը հիշում էր, թե նա ինչպես էր ինքն իր հետ խոսում և չէր կարողանում հավատալ, որ մեկ շաբաթ առաջ հարություն առած հին, բարի Սմեագորլը վեճում այդքան հեշտ հաղթանակ է տարել: Ամեն դեպքում վերջին խոսքը Գոլլումն ասաց, ոչ թե Սմեագորլը: Շատ հավանական է, մտածում էր Սեմը, որ Սմեագորլն ու Գոլլումը (կամ, ինչպես ինքն էր իր մեջ նրանց անվանում՝ Լպրծունն ու Գարշելին) հաշտվել ու համաձայնության են եկել: Երկուսն էլ հավասարապես չէին ուզում, որ Ֆրոդոյին գերի վերցնեն ու Մատանին ընկնի թշնամու ձեռքը, այլ գերադասում էին, որ Ֆրոդոն մնա տեսադաշտում՝ համենայն դեպս, քանի դեռ Գարշելին հույս ունի հափշտակել իր Սքանչելին: Ինչ վերաբերում է մյուս ճանապարհին՝ Սեմը դրա գոյությանն այնքան էլ չէր հավատում:
«Շնորհակալություն գոնե, երկուսն էլ չգիտեն, թե ինչու է տերը Մորդոր գնում,— մտածեց Սեմը: — Փորձանքից չէինք խուսափի, եթե իմանային, որ Ֆրոդոն պատրաստվում է ոչնչացնել իրենց Սքանչելին: Գարշելին մահու չափ վախենում է թշնամուց. նրան, կարծես թե, ազատ են արձակել պայմանով: Նա մեզ առանց աչքը թարթելու կմատնի՝ միայն թե թշնամին չմտածի, որ ինքը մեզ օգնում է: Իսկ եթե իմանա, որ ուզում ենք իր Սքանչելին ոչնչացնել՝ ոչ մի բանի առաջ կանգ չի առնի: Համենայն դեպս ես էդպես եմ հասկանում: Հույս ունեմ, որ Ֆրոդոն նրա հետ զգույշ կլինի: Ճիշտ է տերն իմաստուն է, բայց սիրտը շատ բարի է, և թե ինչպես կվարվի՝ ոչ մի Գեմջի չի կարող գուշակել»:
Ֆրոդոն Գոլլումին անմիջապես չպատասխանեց: Մինչդեռ Սեմը խորհում էր ու կասկածում, նա նայում էր Քիրիթ Գորգորի սև ժայռերին: Ճեղքը, որտեղ նրանք թաքնվել էին, գտնվում էր մի ոչ մեծ բլրի լանջին՝ կախված ձորի բերանին, որի մյուս կողմում արևմտյան պահապան աշտարակն էր: Լուսաբացի շողերի ներքո հստակ երևում էին դեպի Մորդորի դարպասը տանող փոշոտ ճանապարհները: Մեկը շրջադարձ էր կատարում դեպի հյուսիս, մյուսը գնում էր արևմուտք և կորչում Էրեդ Լիթուիի ստորոտը պարուրած մշուշում, իսկ երրորդը շրջանցում էր աշտարակը, սուզվում ձորը, դուրս գալիս և անցնում հոբիթների թաքստոցի կողքով: Ապա շրջադարձ էր կատարում դեպի Էֆել Դուաթի արևմտյան լանջերը, կորչում Մթամած լեռների լանջերը պարուրած խիտ ստվերում և, աչքի համար արդեն հազիվ նկատելի, հայտնվում Անդուինի ափերից ոչ հեռու՝ լեռների և գետի միջև:
Ուշադիր նայելով, Ֆրոդոն նկատեց, որ Դրագորլադյան հարթավայրում ինչ-որ աշխուժություն է տիրում: Թվում էր, թե այնտեղ, Ճահճուտն ու ամայի հողերը պատած մշուշի քողի տակ, հսկայական զորք է շարժվում: Մշուշի մեջ ժամանակ առ ժամանակ փայլփլում էին նիզակներ և սաղավարտներ, ճանապարհներով տարբեր կողմերից մոտենում էին հեծյալների ջոկատներ: Ֆրոդոն հիշեց ընդամենը մի քանի օր առաջ Ամոն Հենի գագաթին իրեն այցելած տեսիլքը. թվում էր, թե տարիներ են անցել: Եվ հանկարծ հասկացավ, որ հույսը, որը մի ակնթարթ ջերմացրեց նրա սիրտը, ունայն էր: Հնչում էին շեփորները, բայց դրանք մարտի չէին կանչում, այլ ողջունում էին: Այդ գոնդորցի ռազմիկների ուրվականները չէին Սև Տիրակալից վրեժխնդիր լինելու համար դուրս եկել փառքով պսակված հին գերեզմաններից: Ոչ, դրանք այլ ռասայի մարդիկ էին, որոնք Սև Տիրակալի կոչով եկել էին հեռավոր Արևմուտքից: Գիշերել էին դարպասից ոչ հեռու և այժմ շտապում էին միանալ Մորդորի անդադար մեծացող հզոր բանակին: Եվ հանկարծ Ֆրոդոն հասկացավ, որ միայնակ կանգնած է անհամար թշնամիների դիմաց, որոնք կարող են իրեն նկատել: նա արագորեն գլխին քաշեց մոխրագույն գլխանոցը, արագ իջավ քարե խոռոչի մեջ և դիմեց Գոլլումին:
— Սմեագորլ,— ասաց նա,— ես մի անգամ էլ եմ վստահում քեզ: Երևում է, այդպես է պետք: