Changes
Ուտոպիա
,Երբ ես Ուտոպիայի հաստատութիւնները համեմատում եմ այլ երկրների հիմնարկների հետ, մի կողմից ես չեմ կարող չհիանալ առաջինների բաւական իմաստութեան եւ մարդկայնութեան վրայ, իսկ ընդհակառակը, միւս կողմից չողբալ ուրիշ երկրներին նոյն հաստատութիւնների անբնականութեան ու բարբարոսութեան վրայ։ Ուտոպիայում օրէնքների թիւը շատ քիչ է․ կառավարութիւնն իր բարեգործութիւնը տարածում է բոլոր դասակարգերի քաղաքացիների վրայ։ Այնտեղ արժանիքն ստանում է իր վարձատրութիւնը եւ դրա հետ մէկտեղ հասարակական հարստութիւնն այնպէս հաւասար է բաշխւում, որ ամէն ոք կեանքի բոլոր յարմարութիւններն առատօրէն վայելում է։
Ուրիշ երկրներում «իմ ու քո»֊ի սկզբունքը հաստատուած է մի կազմակերպութեամբ, որի մեխանիզմն ինչքան խճողուած, նոյնքան եւ պակասաւոր է։ Մենք գտնում ենք հազարաւոր օրէնքներ, որոնց թիւն այնուամենայնիւ սահմանափակ է, որ ամէն մարդ կարողանայ սեփականութիւն ձեռք բերել, պահպանել եւ այդպիսին միւսների ունեցուածքից զատել։ Դրան որպէս ապացոյց՝ այն բազմաթիւ դատական գործերը, որ օրական երեւան են գալիս ու երբեք չեն վերանում։
Երբ ես այս կշռադատութիւններն անում եմ, միշտ ստիպուած եմ կատարեալ իրաւունք տալ Պլատոնին եւ ինձ երբեք չի զարմացնում այն հանգամանքը, որ նա մերժում էր օրէնքներ գրել այն ժողովուրդների համար, որոնք գոյքերի հանրայնութիւնը չէին ընդունում։ Այդ մեծ մտածողը պարզ նախատեսել էր, որ հասարակական երջանկութիւն հաստատելու միակ միջոցը հաւասարութեան սկզբունքի կիրառումն է։ Հաւասարութիւնը սակայն, իմ կարծիքով, անհնար է մի պետութեան մէջ, որտեղ սեփականութիւնն անհատական իրաւունք է եւ անսահմանափակ, որով ամէն ոք ձգտում է զանազան պատրուակների եւ իրաւունքների օժանդակութեամբ, կարողացածի չափ շատ սեփականացնել ու հասարակական հարստութիւնը, վաղ թէ ուշ ի վերջոյ փոքրաթիւ անհատների սեփականութիւնը կը լինի, մինչդեռ մնացեալները կարիքի եւ թշուառութեան կը մատնուեն։
Յաճախ հարստի վիճակը պէտք է որ բաժին ընկներ աղքատին։ Միթէ չկա՞ն ժլատ, անբարոյական եւ ոչ մի օգտակարութիւն չունեցող հարուստներ, իսկ դրա փոխարէն համեստ, ոչ պահանջկոտ աղքատներ, որոնց աշխատասիրութիւնն ու գործունէութիւնը օգուտ է բերում պետութեանը, որոնք սակայն դրա փոխարէն ոչինչ չեն ստանում։
Հենց այս է, որ ինձ հաստատ համոզում է, որ բարիքները հաւասար ու արդար բաժանելու եւ մարդկային երջանկութիւնը հաստատելու միակ միջոցը սեփականութեան իրաւունքի վերացումն է։ Ինչքան ժամանակ սեփականութիւնը հասարակական շէնքի պատուանդանն է, ամենաբազմամարդ ու ամենագնահատելի դասակարգին բաժին կընկնեն միայն կարիքը, վիշտն ու յուսահատութիւնը։
Ես գիտեմ՝ կան միջոցներ, որոնք կարող են այդ չարիքը մեղմել, սակայն այն ամբողջովին վերացնելու համար դրանք շատ թոյլ են։ Օրինակի համար․
Սահմանել անհատական սեփականութեան համար հողի եւ փողի մաքսիմում։
Ապահովել իրեն խիստ օրէնքներով բռնակալութեան եւ անարխիայի դէմ։
Խարազանել եւ պատժել ինքնասիրութիւնն ու էնտրիգները։
Չվաճառել կառավարական պաշտօնները։
Վերացնել բարձրագոյն պաշտօնատարների պաշտօնական շքեղութիւնը, որպէսզի պաշտօնեան իր դիրքին համապատասխանելու համար խաբեբայութեան ու հարստահարութիւնների տեղիք չտայ եւ կամ, որպէսզի կարիք չլինի պաշտօններ շնորհել ամենահարուստներին, երբ դրանք պէտք է տալ ամէնից աւելի արժանաւորներին։
Այս միջոցները, ես կրկնում եմ այդ, միանգամայն ի վիճակի են ցաւը մեղմելու ու հասարակութեան օրգանիզմի վէրքերը փակելու համար․ սակայն յոյս մի՛ ունենանք, թէ դրանք կարող են հասարակութեանը վերադարձնել նրա ուժն ու առողջութիւնը, քանի դեռ իւրաքանչիւրն իր ունեցածի անհատական եւ միակ տէրն է։ Դուք կը դաղէք միայն մի վէրքը, իսկ մնացեալները կը բորբոքէք․ կը բժշկէք մի հիւանդի, իսկ կը սպանէք մի կատարելապէս առողջի, քանի որ այն, ինչ աւելացնում էք մի անհատի ունեցածին, այդ վերցնում էք մի ուրիշից։
Այդ առթիւ ես պատասխանեցի Ռաֆայեէլին․
— Ես շատ հեռու եմ քո համոզումը բաժանելուց, ընդհակառակն այն կարծիքն ունեմ, որ այն պետութիւնը, ուր սեփականութեան համայնացնում կը սահմանուի, բոլոր երկրներից ամենաժդբախտը կը լինի։ Եւ իսկապէս, այդպիսի մի պետութիւն ամենաանհրաժեշտ կարիքների բաւարարումի պակասութեամբ չի՞ տառապելու։ Ամէն մարդ կը խուսափի աշխատանքից եւ իր գոյութեան հոգսերը կաշխատի դնել ուրիշների վզին։ Եթէ մինչեւ իսկ ընդունենք, թէ կարիքը ծոյլերին կը խթանի, ապա, քանի որ օրէնքը սեփականութիւնը ոչ ոքի բացառիկ իրաւունքը չի համարում, տրտունջն ու դժգոհութիւնը վերջ չեն ունենայ եւ սպանութիւն սպանութեան ետեւից արիւնով կը ծածկի ձեր հանրապետութիւնը։
Ի՞նչպիսի արգելակներ էք ուզում դնել անարխիայի դէմ․ ձեր իշխանութիւնն անունով միայն հեղինակութիւն ունի․ այդ իշխանութիւնը զուրկ է այն բոլորից, ինչ որ սարսափ եւ յարգանք է ներշնչում։ Այո՛, նման մի հաւասարեցուած ժողովրդի մէջ, որը իրենից բարձր ամէն տեսակ իշխանութիւն մերժում է, ես առհասարակ որեւէ կառավարութիւն անհնար եմ համարում։
— Քո հայեացքներն ինձ չեն զարմացնում,— պատասխանեց Ռաֆայէլը։— նման մի հանրապետութիւն դու կամ ընդհանրապէս չես պատկերացնում եւ կամ սխալ ես պատկերացնում։ Եթէ Ուտոպիայում եղած լինէիր եւ տեսած այդ երկրի հաստատութիւններն ու բարքերը, ինչպէս ես, որ հինգ տարի ապրել եմ այնտեղ եւ այնտեղից հեռացել եմ միայն այն նպատակով, որ հին աշխարհի հայեացքը դէպի այդ նոր երկիրը դարձնեմ — այն ժամանակ դու կը խոստովանէիր, որ ուրիշ ոչ մի տեղ աւելի կատարեալ կազմակերպուած հասարակութիւն չկայ։
Պետր Էգիդը դառնալով Ռաֆայեէլին, պատասխանեց․
— Դու երբեք չես կարող ինձ համոզել, որ այդ նոր աշխարհում աւելի լաւ սահմանադրութիւն ունեցող ժողովրդներ լինեն, քան մեզ մօտ։ Մեզ մօտ էլ բնութիւնը նվազ կարգի մտքեր չի ստեղծում։ Այնուհետեւ մենք ունենք աւելի հին քաղաքակրթութիւն եւ բազմաթիւ գիւտեր, էլ չյիշատակենք պատահաբար արուած գիւտերը, որոնք մինչեւ անգամ ամենանրբամիտ հանճարների մտքով իսկ չեն անցնի։
— Տարիքի հարցը,— առարկեց Ռաֆայէլը,— դու կարող էիր աւելի լաւ հետազօտել, եթէ այդ նոր աշխարհի տարեգրութիւնները կարդացած լինէիր։ Ըստ այդ տարեգրութիւնների, այնտեղ աւելի վաղ քաղաքներ են եղել, քան այստեղ՝ մարդիկ։ Իսկ ինչ վերաբերում է այն գիւտերին, որոնք պարտական ենք հանհանճարներին կամ պատահմունքին, դրանք կարող են նոյն ձեւով բոլոր աշխարհամասերում էլ կատարուել։ Ես ընդունում եմ, որ մենք գիտութիւնների բնագաւառում այդ ժողովրդներին գերազանցում ենք․ սակայն արհեստագործութեան եւ արդիւնագործութեան գծով շատ ետ ենք նրանցից։ Ես ուզում եմ ֆեզ այդ առթիւ մի ապացոյց բերել․
Նրանց տարեգրութիւններից պարզւում է, որ նրանք մինչեւ մեր այնտեղ գնալը մեր աշխարհի մասին ոչինչ չէին լսել․ միայն մօտ 200 տարի առաջ փոթորկից ջախջախուած մի նաւ խորտակուել է Ուտոպիա կղզու մերձակայքում։ Ալիքները ափ են նետել եգիպտացիներ եւ հռոմէացիներ, որոնք չեն ցանկացել այլեւս հեռանալ կղզուց։ Ուտոպիացիներն այդ դէպքից մեծ օգուտ են քաղել․ նաւաբեկներից նրանք սովորել են այն ամէնը, ինչ որ եկուորներն իմացել են հռոմէական կայսրութեան մէջ տարածուած գիտութիւնների ու արուեստների մասին։ Այդ առաջին սաղմերը հետզհետէ զարգացել են եւ այն քիչը, որ սովորել են ուտոպիացիները, նրանց հնարաւորութիւն է տուել գտնել մնացածը։ Այսպիսով, հին աշխարհի հետ մի միակ շփումը նրանց հաղորդել է այդ աշխարհի արդիւնագործութիւնն ու ոգին։
Կարող է պատահել, որ այդ նաւաբեկութիւնից առաջ էլ մերոնցից մի քանիսը նոյն ճակատագրով Ուտոպիա ընկած լինէն․ սակայն այդ յիշողութիւնն ամբողջապէս ջնջուել է։ Թերեւս կղզում իմ բնակութիւնն էլ ապագայ դարերում մոռացուի, թէեւ այդ բնակութիւնը տեղացիների համար անթիւ առաւելութիւններ ունէր, որովհետեւ դա նրանց առիթ ծառայեց իւրացնելու Եւրոպայի ամենագեղեցիկ գիւտերը։
Սակայն մենք շատ դարերի կարիք ունենք, մինչեւ կարողանանք նրանց հաստատութիւնների ամենալաւագոյնը փոխ առնել։ Այն, ինչ որ տնտեսական եւ սոցիալական բարեկեցութեան տեսակէտից մեզնից բարձր է — թէեւ գիտելիքներն ու հարստութիւնը երկսի մօտ էլ հաւասար են — դա մտաւոր այն գործունէութիւնն է, որը նրանց անդադար դրդում է օգտակար երեւոյթներն ուսումնասիրել, կատարելագործել եւ կիրառել։
— Լա՛վ, ուրեմն,— ասացի ես Ռաֆայէլին,— նկարագրիր մեզ այդ զարմանքի արժանի կղզին։ Յատկապէս խնդրում եմ քեզ բաց չթողնել որեւէ մանրամասնութիւն։ Նկարագրիր մեզ՝ դաշտերը, գետերը, քաղաքները, մարդիկ, բարքերը, հաստատութիւնները, օրէնքները, կարճ ասած՝ բոզորը, ինչ որ դու կարծում ես, թէ կը ցանկանանքք իմանալ։ Հաւատայ ինձ, այս ցանկութիւնը բովանդակում է այն ամէնը, ինչ որ մենք չենք իմանում։
— Մեծ սիրով,— ասաց Ռաֆայէլը,— այդ բոլորն իմ յիշողութեան մէջ միշտ վառ են։ Սակայն այդ պատմութիւնը շատ երկար ժամանակ կը պահանջի։
— Այդ դէպքում,— ասացի ես,— նախ ճաշենք․ այնուհետեւ մենք կունենանք պահանջուող ժամանակը։
— Համաձայն եմ դրան,— նկատեց Ռաֆայէլը։
Մենք տուն մտանք ճաշելու․ ապա կրկին պարտէզ վերադարձանք եւ նստեցինք նոյն նստարանի վրայ։ Ծառաներին հրամայեցի կողմնակի մարդկանց ներս չթողնել ու միացայ Պետրին, որ խնդրում էր Ռաֆայէլին կատարել իր խոստումը։ Վերջինս տեսնելով մեր լարուած ուշադրութիւնն ու իմացութեան տենչը, ամփոփեց իր մտքերն ու ապա սկսեց պատմել հետեւեալը։—
———
==Գիրք երկրորդ==
Ուտոպիա կղզու ամենամեծ լայնութիւնը հասնում է երկու հարիւր հազար քայլի։ Այդ ալյնութիւնը գտնւում է կղզում մէջտեղում եւ այդտեղից սկսում է աստիճանաբար եւ համաչափ կերպով մինչեւ երկու ծայրերը նուազել այնքան, որ ամբողջ կղզին հինգ հարիւր մղոն տարածութեամբ մի կիսաշրջան է կազմում ու քառորդ լուսնի կերպարանք ստանում, որի եղջիւրները միմեանցից մօտ տասնեւմէկ հազար քայլ հեռաւորութիւն ունեն։
Այդ հսկայ աւազանը լցւում է ծովով․ աւազանն ամփիթատրոնի ձեւով շրջապատող երկրները մեղմում են քամու կատաղութիւնը, հանդարտեցնում են ալիքները եւ ջրային այդ խոշոր զանգուածին տալիս են խաղաղ ջրի տեսք։ Կղզու այդ գոգաւոր մասը նման է մի միակ, բաւական ընդարձակ ու բոլոր կողմերից մատչելի նաւահանգստի։
Ծովախորշի մուտքը, մի կողմից աւազակոյտերի, իսկ միւս կողմից խութերի պատճառով, վտանգաւոր է։ Մէջտեղը բարձրանում է մի ժայռ, որը նշանակալի հեռաւորութիւնից տեսանելի է եւ դրա համար լ միանգամայն անվտանգ է։ Ուտոպիացիներն այդ ժայռի վրայ կառուցել են մի բերդ, որը պաշտպանւում է լաւ պահակազօրով։ Ուրիշ, ջրի տակ ծածկուած ժայռեր, նաւորդներին պատճառում են անհաղթելի արգելքներ։ Միայն տեղացիները գիտեն նաւարկելի վայրերը եւ այդ պատճառով իրաւամբ այն ժամանակ կարելի է մտնել այդ ծովախորշը, եթէ նաւի վրայ ուտոպիացի մի նաւավար կայ։ Սակայն նախազգուշական այդ միջոցառումներն եւ բաւական չէին լինի, եթէ ափին՝ որոշ հեռաւորութիւնների վրայ, փարոսներ չգտնուէին, որոնք նշում են ճիշտ ուղղութիւնը։ Այդ փարոսների սոսկ տեղաշարժը բաւական կը լինէր ոչնչացնելու համար թշնամու ամենամեծ նաւատորմիզն իսկ՝ տալով նրան այլ ուղղութիւն։
Կղզու հակառակ կողմը գտնւում են բանուկ նաւահանգիստները․ ափերը բնական եւ արհեստական կերպով այնքան լաւ են ամրացուած, որ մի բուռ մարդիկ էլ կարող են արգելել մի մեծ բանակի ցամաք դուրս գալը։
Աւանդութիւնների համաձայն, որ ի միջի այլոց ամբողջովին հաստատւում է երկրի աշխարհագրական դիրքով, այդ երկիրը միշտ կղզի չի եղել։ Նախապէս նա կոչուել է Աբրաքսա եւ միացած է եղել մայր ցամաքի հետ․ Ուտոպը, որը նուաճել է այդ երկիրը, նրան կոչել է իր անունով։
Այդ նուաճողը մի հանճարեղ գլուխ էր։ Նա կարողացաւ ընտանեցնել մի կոշտ եւ բարբարոս ազգաբնակութեան ու նրանից կազմակերպեց մի ժողովուրդ, որի քաղաքակրթութեան աստիճանն այժմ գերազանցում է միւս բոլոր ժողովուրդներին։ Ուտոպն յաղթանակից յետոյ երկրի տէրը դառնալով տասն հինգ հազար քայլ երկարութեամբ մի պարանոց քանդել տուեց, որը երկիրը միացնում էր մայր ցամաքի հետ։ Այդպիսով Աբրաքսա երկիրը վերածուեց Ուտոպիա կղզու։ Այդ հսկայ գործի իրականացման համար Ուտոպն աշխատեցրեց ոչ միայն տեղացիներին, այլ եւ իր բանակի զինուորներին, որպէսզի առաջինները յաղթողների կողմից իրենց վրայ դրուած աշխատանքը նուաստացում ու նախատինք չհամարեն։ Այդ եղանակով հազարաւոր ձեռքեր շարժման մէջ դրուեցին եւ շուտով յաջողութեամբ պսակուեց ձեռնարկումը։ Հարեւան ժողովուրդներն սկզբում հեգնում էին այդ գործը, որպէս մի դատարկ եւ ցնորական ձեռնարկում, իսկ երբ յաջողութեամբ վերջացաւ՝ նրանց զարմանքը հասնում էր սարսափի։
Ուտոպիա կղզին ունի հսիուն չորս ընդարձակ ու շքեղ քաղաքներ։ Լեզուն, բարքերը, հիմնարկներն ու օրէնքները բոլոր քաղաքներում ամբողջովին նոյնն են։ Հիսուն չորս քաղաքներն էլ շինուած են միեւնոյն յատակագծով․ նրանք ունեն նոյն հաստատութիւններն ու հասարակական շէնքերը, որոնք միայն մի փոքր յարմարեցրած են իւրաքանչիւր վայրի պահանջներին։ Քաղաքների միջեւ գտնուող ամենամեծ տարածութիւնը հասնում է քսան չորս մղոնի, իսկ ամենամեծ հեռաւորութիւնը՝ ոտքով մի օրուայ ճանապարհ է։
Իւրաքանչիւր քաղաքից ամէն տարի իբրեւ ներկայացուցիչներ ընտրւում են երեք փորձառու եւ հմուտ ծերունիներ․ վերջինները հաւաքւում են Ամաուռոտում, որտեղ քննարկում են երկրի գործերը։ Ամաուռոտը կղզու գլխաւոր քաղաքն է։ Այդ քաղաքնիր միջին դիրքի շնորհիւ բոլոր պատգամաւորների հաւաքման ամենանպաստաւոր վայրն է։
Իւրաքանչիւր քաղաքին յատկացուած է առնուազն քսան հազար քայլ տարածութիւն շէնքերի կառուցման ու կենսամթերքների մշակման համար։
Այդ հողամասի տարածութիւնն ընդհանուր առմամբ համապատասխանում է քաղաքների հեռաւորութեանը։ Քաղաքների երջանիկ բնակիչները երբեք չեն ձգտում օրէնքով նախատեսուած սահմաններն ընդարձակելու։ Նրանք հողի սեփականատէրեր չեն համարում իրենց, այլ աւելի շուտ՝ վարձակալներ։
Դաշտերի մէջ գտնւում են հարմար կառուցուած տներ՝ հողագործական ամէն տեսակի գործիքներով։ Այդ տները ծառայում են որպէս բնակարան գործաւորների այն խմբերի համար, որոնք քաղաքից որոշ ժամկէտներում դաշտ են ուղարկւում։ Իւրաքանչիւր հողագործական ընտանիք բաղկացած է առնուազն քառասուն հոգուց, տղամարդիկ եւ կանայք, ինչպէս նաեւ երկու ստրուկներից։ Նրանք կառավարւում են ընտանիքի մի հօր եւ մօր կողմից, որոնք լուրջ ու բանիմաց մարդիկ են։
Երեսուն ընտանիք կառավարւում են մի ֆիլարխի միջոցով։
Ամէն տարի իւրաքանչիւր ընտանիքից քաղաք են վերադառնում քսան հողագործ, որոնք իրենց երկու տարուայ հողագործական ծառայութիւնը վերջացրել են։ Ուրիշ քսան հոգի փոխարինում են նրանց, որոնց ծառայութեան ժամանակը նոր է սկսում։ Նորեկները հրահանգ ստանում են նրանցից, որ արդեն մի տարի աշխատել են դաշտում, իսկ յաջորդ տրի վարժեցնելու հերթը հասնում է իրենց։ Այսպիսով հողագործները երբեք բոլոր միաժամանակ անգէտ ու նորեկ չեն, եւ հասարակութիւնը ոչ մի երկիւղ չի կրում իրեն պարէնով ապահովող մարդկանց անփորձութիւնից։
Տարեկան այդ հերթափոխութիւնը մի այլ նպատակ էլ ունի։ Դրա շնորհիւ քաղաքացիները չափազանց երկար ժամանակ ֆիզիկական ծանր աշխատանքի ենթակայ չեն լինում։ Բնականօրէն պատահում է սակայն, որ ոմանց սրտին շատ մօտ է լինում հողագործական աշխատանքը․ այդպիսիներին սիրով թոյլատրւում է մի քանի տարի անցկացնել դաշտում։
Հողագործները մշակում են դաշտը, խնամում են անասուններին, փայտ են հաւաքում եւ իրենց պարէնները ջրային կամ ցամաքային ճանապարհով փոխադրում են հարեւան քաղաքը։ Նրանք չափազանց հետաքրքրական եղանակով ստանում են բազմաթիւ հաւի ճտեր․ նրանք հաւերին թուխս չեն նստեցնում, այլ դրա համար օգտագործում են պահանջուող աստիճան արհեստական ջերմութիւն։ Հենց որ հաւձագը ձուի կճեպից ազատւում է, մարդն է, որ գրաւում է թխսամօր տեղը եւ հսկում նրան Ուտոպիայում շատ քիչ ձիեր են պահում եւ հենց այդ քչերն էլ շատ կրակոտ են ու գլխաւորապէս ծառայում են երիտասարդներին ճարպկութեան վարժեցնելու գործին։ Եզներն օգտագործում են բացառապէս հողագործութեան եւ տրանսպորտի համար։ Եզը, ասում են Ուտոպիացիք, չունի ձիու արագութիւնը, սակայն համբերատարութեամբ եւ ուժով գերազանցում է վերջինին․ նա աւելի քիչ է ենթակայ հիւանդութիւնների, նրան աւելի էժան է կերակրելը, իսկ երբ այլեւս աշխատանքի պիտանի չէ, ծառայում է որպէս սննգամիջոց։
Ուտոպիացիները ցորենը հացի են վերածում․ նրանք խմում են խաղողի, խնձորի ու տանձի հիւթը․ ջուրը խմում են կամ առանց խառնուրդի եւ կամ եփում են մեղրով ու քաղցր արմատներով, որ նրանց մօտ առատօրէն աճում են։
Իւրաքանչիւր քաղաքի ու շրջակայքի համար անհրաժեշտ կենսամթերքների քանակը խիստ ճշգրիտ կերպով որոշուած է։ Չնայած դրան, բնակիչները այդ պահանջից շատ աւելի կենդանիներ են բազմացնում ու հացահատիկ մշակում։ Աւելցուկը պահում են յաջորդ տարիների համար կամ բաշխում են հարեւանների միջեւ։
Ինչ վերաբերում է կահկարասիներին, տնային իրերին եւ ուրիշ առարկաներին, որ քաղաքից դուրս հնարաւոր չէ գտնել, այդպիսիք հողագործներն իրենց հետ վերցնում են քաղաքից։ Դրա համար նրանք դիմում են քաղաքային վարչութեանը, որը նրանց անմիջապէս ու անվճար տալիս է։ Ամէն ամիս նրանք հաւաքւում են ու կատարում ընդհանուր տօն։
Հենց որ հունձքի ժամանակը գալիս է, հողագործ֊ընտանիքների ֆիլարխները քաղաքային վարչութիւններին յայտնում են իրենց անհրաժեշտ օժանդակ գործաւորների թիւը։ Նշանակուած օրը հնձուորների խմբերը գալիս են եւ եթէ եղանակը նպաստաւոր է, ամբողջ հունձքը կատարւում է համարեայ մի օրում։
===Ուտոպիայի քաղաքների, իսկ մասնաւորապէս ամաուռոտ քաղաքի մասին===
Ով ծանօթ է Ուտոպիայի քաղաքներից մէկին, ուրեմն նա ճանաչում է բոլորը, քանի որ նրանք բոլորովին իրար նման են, ինչքան այդ թոյլ է տալիս տեղի բնական դիրքը։ Այդ պատճառով ես կարող էի ձեզ նրանցից որեւէ մէկը նկարագրել․ բայց քանի որ Ամաուռոտը, որպէս կառավարութեան եւ սենատի կենտրօն, միւս բոլոր քաղաքների հանդէպ նախապատւութիւն է վայելում, ուստի ես գլխաւորապէս կանգ կառնեմ այդ քաղաքի վրայ։
Ամառուոտը գտնւում է թեք բարձրացող մի բլուրի զառիթափի վրայ։ Քաղաքն ըստ ձեւի համարեայ կազմում է մի քառակուսի․ նրա ամենալայն մասն սկսւում է բլուրի գագաթից մի քիչ ներքեւ, ապա մօտ 2000 քայլ ձգւում է Անիդեր գետի ափերով եւ որքան գնում ենք գետափով դէպի ցած, այնքան էլ մեծանում է քաղաքի լայնութիւնը<ref>Ամաուռոտ — յուն․․— մութ, մշուշապատ։ Ամաուռոտ քաղաքի նկարագրութիւնը հիմնականում համապատասխանում է Լոնդոնին (Անիդեր գետ Թայմզն է, որի երկու ափերը միմեանց հետ միացած են կամրջով եւ այլն)։ Առհասարակ Ուտոպիա կղզու եւ Բրիտանիայի անալոգիան կասկածից դուրս է համարւում։</ref>։
Անիդերի ակունքը թոյլ է․ նա գտնւում է Ամաուռոտից դէպի վեր 80.000 քայլի վրայ։ Իր ընթացքի ժամանակ գետն աստիճանաբար աճում է բազմաթիւ վտակներից հաւաքուող ջրերով, որից երկուսը միջին մեծութիւն ունեն։ Ամաուռոտի առաջ Անիդերի լայնութիւնը հասնում է 500 քայլի․ այնուհետեւ մշտապէս մեծանում է, մինչեւ որ վերջապէս 60 մղոն երկարութեամբ հոսելով՝ թափւում է ծովը։
Քաղաքի եւ ծովի միջեւ գտնուող ամբողջ տարածութեան վրայ, ինչպէս նաեւ քաղաքից մի քանի մղոն վերեւ, մակընթացութիւնն ու տեղատւութիւնը, որ օրական 6 ժամ են տեւում, նշանակալի չափով կասեցնում են գետի ընթացքը։ Մակընթացութեան ժամանակ ովկիանոսը Անիդերի անկողինը 30 մղոն երկարութեամբ լցնում է իր ալիքներով եւ ետ է մղում նրան դէպի իր ակունքները։ Աղի ջուրը գետին հաղորդում է իր դառնութիւնը․ բայց հենց որ սկսում է տեղատւութիւնը, գետը հետզհետէ կրկին մաքրւում է եւ քաղաքն ստանում է քաղցր ու ըմպելի ջուր, որ մինչեւ գետի խառնարանի մօտ մաքուր է մնում։ Անիդերի երկու ափերը քարի մի կամուրջով միանում են իրար։ Այդ կամուրջը, որ կազմուած է հրաշալի աղեղնաձեւ կամարներով, գտնւում է քաղաքի ծովից ունեցած ամենից հեռու ծայրին, որպէսզի նաւերը կարողանան մօտենալ ափի ուզած տեղին։
Ամաուռոտը դեռեւս մի երկրորդ գետով էլ է կտրւում, որը թէեւ փոքր, բայց գեղեցիկ է եւ հանդարտ։ այդ գետն սկիզբ է առնում քաղաքից փոքր հեռաւորութիւն ունեցող մի բլուրից, եւ քաղաքը երկու մասի բաժանելով, միանում է Անիդերի հետ։ Ամաուռոտի բնակիչներն այդ գետի ակունքը շրջապատել են պարիսպներով, որ ձգւում են մինչեւ քաղաքի արուարձանները։ Այսպիսով՝ պաշարման դէպքում, թշնամին չի կարող գետը ոչ թունաւորել եւ ոչ էլ կասեցնել նրա ընթացքը կամ փոխել տալ նրա հունը։ Ամենաբարձր կէտերից, բոլոր ուղղութիւններով դէպի ցած են իջնում կղմինդրէ խողովակներ, որոնք ջուրը հասցնում են քաղաքի աւելի ներքեւում գտնուող մասերը․ այնտեղ, որտեղ այս միջոցն անգործադրելի է, բնակիչների համար անհրաժեշտ ջուրը հաւաքում են մեծ ցիստերների մէջ։
Ամբողջ քաղաքը շրջապատուած է բարձր ու հաստ պարսպների մի գոտիով, իսկ շատ փոքր տարածութիւնների վրայ բարձրանում են աշտարակներ ու ամրութիւններ։ Պատնէշները երեք կողմից շրջապատուած են խրամներով, որոնք թէեւ մշտապէս չոր են, սակայն լայն են ու խոր եւ ծածկուած են փշերով ու ծակող մացառներով։ Չորրորդ կողմից գետն ինքն է փոխարինում խրամին։
Փողոցներն ու հրապարակները շատ հարմար են երթեւեկութեան ու փոխադրութիւնների համար եւ լաւ պաշտպանուած են քամուց։
Շէնքերը շատ յարմարութիւններ ունեն․ նրանք աչքի են ընկնում շքեղութեամբ եւ մաքրութեամբ ու խիտ շարքերով ձգւում են փողոցների երկու կողմի երկարութեամբ․
փողոցների լայնութիւնը հասնում է 20 ոտնաչափի։
Տների ետեւում գտնւում են ընդարձակ պարտէզներ․ իւրաքանչիւր տուն մի դուռ ունի փողոցի վրայ եւ մի հատ էլ՝ պարտէզի կողմը։ Այդ դռները բացւում են ձեռքի մի թեթեւ ճնշումով ու ներս են թողնում առաջին պատահածին։ Այս դէպքում ուտոպիացիները ղեկավարւում են հասարակական սեփականութեան սկզբունքով։ Անհատական եւ անսահմանափակ սեփականութեան ամէն մի գաղափարն իսկ կանխելու համար, ամէն տասը տարին մի անգամ նրանք վիճակով փոխում են իրենց տները։
Քաղաքների բնակիչները հաճոյքով խնամում են պարտէզները․ նրանք մշակում են խաղող, միրգ, ծաղիկ ու ամէն տեսակի բոյսեր։ Միաժամանակ նրանք ցուցաբերում են այնքան հասկացողութիւն եւ ճաշակ, որ ես ուրիշ ոչ մի տեղ աւելի մեծ պտղատւութիւն ու առատութիւն չեմ տեսել միացած գեղեցկութեան հետ։ Հաճոյքը միակ պատճառը չէ, որ նրանց դրդում է պարտիզպանոթիւն անել․ քաղաքի տարբեր մասերի միջեւ գոյութիւն ունի մշտական մրցակցութիւն․ նրանք մրում են միմեանց հետ, թէ ում պարտէզը ամէնից լաւ մշակուած կը լինի։ Արդարեւ, դժուար է մի այլ բան պատկերացնել, որը աւելի հաճելի եւ օգտակար լինէր, քան պարտիզպանութիւնը։ Պետութեան հիմնադիրը լաւ է հասկացել այդ եւ դրա համար էլ ամէն կերպ աշխատել է քաղաքացիների մտքերին այդ ուղղութիւնը տալ։
Ուտոպիացիներն իրենց քաղաքների ընդհանուր պլանի կազմումը վերագրում են Ուտոպին։ Այդ մեծ օրէնսդրի ժամանակը չի բաւականացել իր նախագծած շինութիւններն ու գեղեցկութիւններն իրագործելու համար։ Դրա համար հարկաւոր է մի քանի սերունդ․ ուստի նա հաջորդներին է թողել իր գործը շարունակելու եւ կատարելագործելու հոգսը։
Ուտոպիայի տարեգրութիւնները, որ կղզու նուաճման օրից բարեխղճօրէն տարւում են, ընդգրկում են 1760 տարուայ պատմութիւն։ Այդ տարեգրութիւնների համաձայն, սկզբում տները եղել են փայտէ շատ ցածր խրճիթներ, ցեխի պատերով ու յարդէ սրածայր կտուրներով․ իսկ այժմ տները եռհարկանի փառահեղ շէնքեր են․ արտաքին պատերը շինուած են քարից կամ աղիւսից, իսկ ներսինները՝ գիպսից։ Կտուրները հարթ են ու ծածկուած են մանրացրած եւ չայրուող նիւթով, որը շատ էժան է ու արճճից էլ աւելի լաւ է պաշտպանում վատ եղանակից։ Ապակէ լուսամուտներ պաշտպանում են քամուց․ ապակին կղզում շատ գործադրութիւններ ունի։ Ապակու փոխարէն երբեմն օգտագործում են մի չափազանց նուրբ հիւսուածք, որը ամպրայով կամ իւղով յագեցնում են ու այդպիսով, շատ լաւ անց է կացնում լոյսը եւ պաշտպանում քամուց։
===Կառավարման մասին===
Երեսուն ընտանիքից ամէն տարի ընտրում են մի կառավարող, որը տեղական հին բարբառով «սիֆոգրանտ» իսկ նոր լեզուով «ֆիլարխ» է կոչւում։
Տաս սիֆոգրանտներ եւ նրանց 300 ընտանիքները ենթարկւում են մի «պրոտոֆիլտրխի» կամ, ինչպէս հին լեզուով էին ասում՝ «տրանիբորի»։
Սիֆոգրանտները վերջապէս, թուով 200, կատարում են վերջին ընտրութիւնը։ Նրանք նախ երդւում են, որ իրենց ձայնը տալու են ամենալաւ ու ամէնից ընդունակ քաղաքացուն․ ապա անցնում են գաղտնի քուէարկութեան եւ ժողովրդի առաջարկած չորս քաղաքացիներից մէկին իշխան են յայտարարում։ Վորովհետւ քաղաքը բաժանուած է չորս մասերի, իւրաքանչիւր քաղաքամաս սենատին առաջադրում է իր ընտրելին։
Իշխանի կոչումը ցմահ է, պայմանով, որ նա ինքն իշխանութեան ձգտելու մէջ չկասկածուի։
Տրանիբորներն ամէն տարի ընտրւում են, սակայն առանց ծանրակշիռ հիմքերի չէ, որ փոխում են նրանց։ Մնացեալ պաշտօնատար անձերն ամէն տարի փոխարինւում են նորերով։
Ամէն երեք օրը, ըստ կարիքի աւելի յաճախ, տրանիբորներն իշխանի հետ նիստի են հաւաքւում՝ պետութեան գործերի մասին խորհրդակցելու եւ առանձին անհատների միջեւ եղած դատերին ամենաարագ լուծում տալու համար․ ի միջի այլոց այդպիսի իրաւական վէճեր շատ հազուադէպ են։
Սենատի իւրաքանչիւր նիստին մասնակցում են երկու սիֆոգրանտներ․ ժողովրդի այս ներկայացուցիչները փոխւում են ամէն մի նիստին։
Օրէնքը նախատեսում է, որ նախ քան ընդհանուր շահագրգռութիւն ներկայացնող հարցեր քուէարկելն ու առաջարկն օրէնքի վերածուելը, երեք օր առաջ քննարկուեն սենատում։
Սենատից ու ժողովրդական խորհրդից դուրս հասարակական խնդիրների մասին խորհրդակցելը ոճիր է համարւում ու ենթակայ է մահապատժի։
Այս որոշումներով ուտոպիացիները ձգտում են խափանել իշխանի եւ տրանիբորների միացումը՝ ազատութեան դէմ դաւեր նիւթելու, ժողովրդին բռնակալ օրէնքներով ճնշելու ու կառավարութեան ձեւը փոխելու համար։ Այս տեսակէտից սահմանադրութիւնն այնքան զգօն է, որ առաջնակարգ կարեւորութիւն ունեցող հարցերը քննարկւում են սիֆոգրանտների ժողովներում․ սիֆոգրանտներն այդ մասին տեղեկացնում են իրենց ընտանիքներին։ Այդպիսի հարցերն ապա քննւում են ժողովրդական մի հաւաքոյթում ու վերջապէս սիֆոգրանտներն իրենք հիմնովին քննարկելով գործը, իրենց կարծիքն ու ժողովրդի կամքը յայտնում են սենատին։ Երբեմն մինչեւ անգամ ամբողջ կղզու կարծիքն են հարցնում։
Սենատի կանոններից յիշատակութեան արժանի է հետեւեալը․ երբ մի առաջարկ է արւում, այդպիսին հենց նոյն օրը չի քննարկում, այլ հետաձգւում է մինչեւ յաջորդ նիստը։ Այսպիսով, ոչ ոք վտանգի չի ենթարկւում, առանց խորը մտածելու ասել մտքովն անցած առաջին կարծիքը, որն այնուհետեւ ստիպուած կը լինի դպնել ինքնասիրութիւնից ու արժանապատւութիւնից դրդուած, միանգամայն աչքաթող անելով հասարակական բարօրութիւնը։ Եւ ահա մի այդպիսի շտապողականութեան վտանգը կանխելու համար՝ սենատորներին մտածելու բաւական ժամանակ է տրւում։
===Արուեստների եւ արհեստների մասին===
Մի զբաղմունք կայ, որը բոլոր ուտոպիացիների՝ տղամարդկանց եւ կանանց, ընդհանուր է եւ որից ոչ ոք չի կարող հրաժարուել․ դա հողագործութիւնն է։ Երեխաները տեսականօրէն այն սովորում են դպրոցներում, իսկ գործնական կերպով՝ քաղաքին կից դաշտերում, որտեղ նրանց զբօսնելու են տանում։ Նրանք այնտեղ տեսնում են, թէ ինչպէս է մշակւում հողը, այնտեղ երեխաներն իրենք աշխատում են, եւ այս վարժութիւնը միաժամանակ զարգացնում է նրանց ֆիզիկական ուժերը։
Բացի հողագործութիւնից, որը, կրկնում եմ, բոլորի պարտականութիւնն է, իւրաքանչիւր ուտոպիացու համար սահմանւում է նաեւ մի արհեստ։ Ոմանք բուրդ են հիւսում կամ կտաւ գործում, ուրիշները քարտաշ են կամ բրուտ․ ոմանք էլ աշխատում են փայտի կամ մետաղի գործերում։ Սրանք ամենաառաջնակարգ արհեստներն են։
Կղզու բոլոր բնակիչների հագուստները միեւնոյն ձեւն ունեն, որն անփոփոխ է։ Տարբեր ձեւ թոյլատրւում է միայն տղամարդկանց եւ կանանց, ամուրիների ու ամուսնացածների համար։ Հագուստները գեղեցիկ են եւ վայելուչ ու հնարաւորութիւն են տալիս մարմինին կատարել ամէն տեսակի շարժումներ, պաշտպանում են ամրան շոգից եւ ձմրան ցրտից։ Իւրաքանչիւր ընտանիք ինքն է կարում իր հագուստները։
Բոլորը՝ տղամարդիկ եւ կանայք, առանց բացառութեան պարտաւոր են սովորել վերոյիշեալ արհեստներից մէկն ու մէկը։ Քանի որ կանայք աւելի թոյլ են, այդ պատճառով էլ նրանք մեծ մասամբ բրդի ու կտաւի վրայ են աշխատում․ աւելի ծանր եւ ուժ պահանջող զբաղմունքներն ընկնում են տղամարդկանց վրայ։
Ամէն մէկն ընդհանրապէս սովորում է իր ծնողների արհեստը, որովհետեւ ազդեցութեան ու օրինակի միջոցով երեխաների մէջ սովորաբար զարգանում է այդ գործի ե՛ւ ճաշակը ե՛ւ կարողութիւնը։ Սակայն եթէ մի երեխայ իր մէջ աւելի ճարտարութիւն ու հակումն է զգում դէպի մի ուրիշ արհեստ, այդ դէպքում նրան որդեգրել են տալիս յատկապէս այդ արհեստով զբաղուող ընտանիքում, եւ նման դէպքերում ոչ միայն երեխայի հայրը, այլ եւ կառավարութիւնը հոգում է, որ երեխան սովորելու մտնի պատուաւոր ու ազնիւ ընտանիք։
Մէկը, որ արդեն մի արհեստ գիտի եւ ցանկանում է մի ուրիշն էլ սովորել, կարող է այդ անել միեւնոյն հիմունքներով։ Նրան են թողնում ընտրելու երկուսից մէկը, որն իրեն ամէնից աւելի է հետաքրքրում ու սրտին մօտ է, եւ կամ քաղաքն է այդ որոշում, նկատի առնելով հասարակական պահանջները։
Սիֆոգրանտների ամենաառաջնակարգ ու գրեթէ բացառիկ գործունէութիւնն այն է, որ հետեւեն, որ ոչ ոք ծուլութիւն չանի եւ ամէն մարդ անխոնջ կերպով զբաղուի իր արհեստով։ Դրանից սակայն չպէտք է եզրակացնել, թէ ուտոպիացիները գրաստների նման վաղ առաւօտից մինչեւ ուշ գիշեր ախշատանքի են լծուած։ Մտքի ու մարմնի համար հաւասարապէս վնասակար այդպիսի կեանքն աւելի դաժան կը լինէր, քան տանջանքն ու ստրութիւնը։ Եւ չէ՞ որ ուրիշ ամէն տեղ այդ է գործաւորների տխուր վիճակը։
Ուտոպիացիները ցերեկն ու գիշերը բաժանում են 24 հաւասար ժամերի․ դրանից 6 ժամը գնում է ֆիզիկական աշխատանքի։ Յարաբերութիւնը հետեւեալն է․ երեք ժամ աշխատանք կէսօրից առաջ, ապա ճաշ․ կէսօրից յետոյ երկու ժամ հանգիստ, երեք ժամ նորից աշխատանք, որին յաջորդում է ընթրիքը։
Երբ մեզ մօտ կէսօր է, նրանց հաշուով ժամը մէկը կը լինի։ Ժամը 8֊ինց նրանք պառկում են եւ քնելուն յատկացնում են 8 ժամ։
Աշխատանքի, ուտելու եւ քնելու միջեւ եղած ժամանակամիջոցն ամէն ոք օգտագործում է ըստ իր ցանկութեան։ Ուտոպիացուն շատ հեռու է այդ ազատ ժամերը յիմարութեամբ ու ծուլութեամբ վատնելու միտքը․ նրանք այդ ժամերին աւելի շուտ աշխատում են փոփոխութիւն մտցնել իրենց առօրեայ զբաղմունքների ու աշխատանքների մէջ եւ դրանով թարմանալ, եւ դա յաջողում է նրանց, շնորհիւ հետեւեալ, իսկապէս հրաշալի հաստատութեան․ —
Ամէն առաւօտ արեւածագից առաջ բացւում են հասարակական սրահները։ Միայն նրանք պարտաւոր են յաճախել այդ դահլիճները, որոնք իրենց բացառապէս գիտութիւններին են նուիրել․ բայց եւ այնպէս բոլորն էլ այնտեղ մտնելու իրաւունք ունեն՝ կանայք եւ տղամարդիկ, ինչպիսի զբաղմունք էլ նրանք ունենան։ Ժողովուրդը մասսայօրէն յաճախում է այդ սրահները․ այնտեղ ամէն մէկն զբաղում է գիտութեան այն ճիւղով, որն իր գործին ու ճաշակին ամէնից աւելի համապատասխանում է։
Ոմանք ազատ ժամերը գերազանցապէս անց են կացնում իրենց արհեստի վարժութիւններով․ այդպիսիները մեծ մասամբ նրանք են, որոնց միտքը չի գրաւում վերացական մտածութիւնը։ Նրանց ոչ միայն չեն արգելու այդ, այլ գովում են, որովհետեւ նրանք համառօրէն ցանկանում են օգտակար լինել իրենց համաքաղաքացիներին։
Երեկոյեան՝ ընթրիքից յետոյ, ուտոպիացիները մի ժամ անց են կացնում զրոյցով, ամառը՝ պարտէզներում, ձմեռը՝ հասարակական ճաշարաններում։ Նրանք զբաղում են երաժշտութեամբ կամ զրոյցով։ Ուտոպիացիք ոչ թղթախաղ են իմանում եւ ոչ էլ որեւէ մէկն այն խաղերից, որոնք նոյնքան անհամ են, որքան եւ վտանգաւոր։ Դրա փոխարէն, այնտեղ գոյութիւն ունի երկու տեսակի խաղ, որ մի քանի կողմերով յիշեցնում են մեր շախմատը․ մէկը կոչւում է «թուաբանական ճակատամարտ»․ որի ժամանակ զօրքը ջարդում է զօրքին, իսկ միւսին «մոլութիւնների ու առաքինութիւնների կռիւ» անունն են տալիս։ Վերջինը ցայտուն կերպով ցոյց է տալիս բոլոր մոլութիւնների անարխիան եւ այն ատելութիւնը, որը նրանց միմեանցից բաժանում է․ դրա հետ մէկտեղ եւ կատարեալ համերաշխութիւնը, եթէ այդ վերաբերում է առաքինութեան դէմ կատարելիք որեւէ յարձակման։ Խաղն այնուհետեւ ցոյց է տալիս, թէ որոնք են առանձին առաքինութիւններին հակադրուող մոլութիւնները եւ ինչպիսին են նրանք ործում֊ուժով թէ բացարձակ, խորամանկութեամբ՝ թէ կողմնակի ճանապարհներով։ Ինչպէս առաքինութիւնը մոլութեան յարձակումները ետ է մղում, տապալում է եւ նրա ուժերի լարումն անպտուղ դարձնում․ ինչ կերպով վերջապէս յաղթանակը տանում է այս կամ այն կողմը։
Ես ենթակայ եմ լուրջ բնոյթի մի առարկութեան, դրա համար էլ շտապում եմ կանխել այն։
Թերեւս ասեն, թէ օրական վեցժամեայ աշխատանքը բաւական չէ հասարակական կարիքն ապահովելու համար, Ուտոպիան պէտք է մի շատ դժբախտ երկիր լինի։
Իրականում սակայն հակառակն է․ վեցժաեայ աշխատանքը լի ու լու բաւարարում է կեանքի բոլոր պահանջներին ու հաճոյքներին եւ, բացի այդ, կենսամթերքների աւելցուկ է տալիս։
Այդ հանգամանքը դուք հեշտութեամբ կըմբռնէք, եթէ միայն յիշէք միւս ժողովրդների պորտաբոյծ մարդկանց խոշոր թիւը։ Նախ գրեթէ բոլոր կանայք, որոնք երկրագնդի ազգաբնակութեան կէսն են կազմում, ապա այն բոլոր երկրների տղամարդիկ, որտեղ ամբողջ աշխատանքը կանայք են կատարում․ այնուհետեւ քահանաների ու եկեղեցական այլ պարազիտների հսկայական մասսան․ այս ամէնին աւելացրէք բոլոր հարուստ կալուածատէրերին, որոնք մի բառով «ազնուականներ» են կոչւում․ հաշուեցէք դեռ նրանց սպասաւորների շարանները, համազգեստ հագած անպէտքների այդ բազմութիւնը, ինչպէս նաեւ ուժեղ ու կատարելապէս առողջ մուրացիկների հեղեղը, որոնք իրենց ծուլութիւնը մարմնական կեղծ պակասութիւններով ծածկում են․ որպէս արդիւնք դուք կը ստանաք այն, որ իրենց աշխատանքով մարդկային սեռի կարիքները հոգացողների թիւը շատ աւելի քիչ է, քան սովորաբար կարծում են։ Հաշուի առէք նոյնպէս, թէ գործաւորներից որքան քիչ մարդիկ զբաղւում են իսկապէս անհրաժեշտ եւ օգտակար գործերով․ փողի այս դարում, երբ վերջինը աստուածութիւն եւ ունիւերսալ չափանիշ է, մի շարք դատարկ եւ անպէտք արուեստներ սպասարկում են միմիայն շռայլութեանն ու զեզխութեանը։ Բայց եթէ գործաւորների այդ ամբողջ մասսան բացառապէս օգտակար աշխատանքով զբաղէր ու ամէն ինչ մինչեւ իսկ կարիքից աւելի պատրաստէին, այդ դէպքում պատրաստուած իրերի գներն այն աստիճան կընկնէին, որ գործաւորն այլեւս իր վարձքով ապրելու հնարաւորութիւն չէր ունենայ։
Ընդունենք, որ օգտակար աշխատանքի մէջ ենք ներգրաւում ինչպէս նրանց, որոնք միմիայն պերճանքի առարկաներ են պատրաստում, այնպէս էլ այն մարդկանց, որոն ոչինչ չեն անում, սակայն նրանցից ամէն մէկը երկու իսկական գործաւորի աշխատանքն ու վարձն է սպառում․ այդ դէպքում հեշտ է ըմբռնել, որ այդ մարդիկ աւելի շատ ժամանակ կունենան, քան անհրաժեշտ է՝ հոգալու համար կեանքի կարիքները, յարմարութիւնները եւ մինչեւ իսկ հաճոյքները։ Այդ հաճոյքների տակ ես նկատի ունեմ միմիայն այնպիսիները, որոնք միանգամայն բնական են ու ճշմարիտ։
Այն, ինչ որ ես այժմ այստեղ միայն նախադրում եմ, այդ բոլորը գործնականում իրականացուած է Ուտոպիայիում։ Այնտեղ մի քաղաքի ու նրա շրջակայքի ամբողջ տարածութեան վրայ հազիւ հինգ հարիւր հոգի կը լինի,— աշխատանքի համար պահանջող տարիքն եւ ուժերն ունեցող տղամարդիկ ու կանայք,— որոնք օրէնքով ազատուած են աշխատանքից։ Վերջինների թուին են պատկանում սիֆոգրանտները․ բայց, չնայած դրան, այդ պաշտօնատար անձերն էլ միւս քաղաքացիների նման աշխատում են, որպէսզի իրենց օրինակով քաջալերէն նրանց։ Այդ առանձնաշնորհումը տարածւում է նաեւ այն երիտասարդների վրայ, որոնց՝ ժողովուրդը քահանաների յանձնարարութեամբ եւ սիֆոդրանտների գաղտնի քուէարկութեամբ, սահմանում է արուեստների եւ գիտութիւնների համար։ Հենց որ ընտրուածներից մէկը չի արդարացնում հասարակական յոյսերը, այդպիսին ետ է փոխադրւում գործաւորների դասակարգը։ Եւ ընդհակառակը,— եւ նման դէպքեր յաճախ են պատահում, երբ մի գործաւոր իր ազատ ժամերը մտաւոր աշխատանքի նուիրելով բաւարար զարգացում է ձեռք բերում, այդպիսին ազատւում է ֆիզիկական աշխատանքից ու բարձրացւում է գիտնականների դասակարգին։
Գիտնականների դասակարգից են ընտրում դեսպաններին, քահանաներին, տրանիբորներին ու իշխանին։ Վերջինն առաջ կոչւում էր «բարզամ» այժմ նրան անուանում են «ադեմ»։ Մնացեալ բնակչութիւնն անընդհատ զբաղւում է միայն օգտակար արհեստներով ու կարճ ժամանակամիջոցում արտադրում է ամէն տեսակի հրաշալի պատրաստուած իրերի զգալի մասը։
Աշխատանքի կրճատմանը նոյնպէս նպաստում է այն հանգամանքը, որ պատրաստուած իրերը լաւ են օգտագործում եւ խնամքով պահպանում։ Այդ իսկ պատճառով է Ուտոպիայիում անելու շատ աւելի քիչ բան կայ, քան մեզ մօտ։
Ուրիշ տեղեր մի շէնքի կառուցումը եւ պահպանումը պահանջում է մշտական աշխատանք։ Դրա պատճառը պարզ է։ Հայրը մեծ ծախսերով կառուցում է ու իր կարողութիւնը թողնում է անփոյթ ու վատնող որդուն, վերջինս աստիճանաբար ամէն ինչ փչացնում է, այնպէս որ նրա ժառանգը առանց հսկայական ծախսերի չի կարող վերանորոգում կատարել։ Յաճախ պատահում է, որ ժառանգին դուր չի գալիս հայրական տունը եւ աւելի մեծ ծախսեր կատարելով մի այլ հողամասի վրայ նոր շէնք է կառուցել տալիս, մինչդեռ իր հօր տունն աւերակ է դառնում։
Այդ բոլորն Ուտոպիայում այնպէս հիմնովին կշռադատուած ու կազմակերպուած է, որ հազուադէպ է կարիք լինում նոր հողամասերում կառուցել։ Տեղի ունեցող վնասուածքներն անմիջապէս նորոգում են, իսկ գործը սպառնալից վնասների երբեք չի հասնում։ Այսպիսով, շէնքերը չնչին ծախսով ու աշխատանքով պահպանւում են։ Գործաւորները սովորաբար նիւթերն իրենց տանն են պատրաստում, յղկում են փայտը, քարը տաշում․ երբ նրանք որեւէ շինարարութեան են կանչւում, նիւթերն ամբողջովին արդեն պատրաստ են եւ գործը շուտով վերջանում է։
Այժմ ես ձեզ կյայտնեմ, թէ ուտոպիացիներին որքան էժան է նստում իրենց հագուստեղէնը։ Աշխատանքի ժամանակ նրանք հագնում են կաշի կամ մորթի․ այդպիսի մի զգեստը կարող է լրիւ եօթ տարի դիմանալ։ Փողոց դուրս գալիս նրանք իրենց վրայ գցում են մի տեսակ վերարկու կամ պինջակ, որը ծածկում է աշխատանքի հագուստը։ Այդ վերնազգեստի գոյնը բնական է եւ բոլոր բնակիչների համար միեւնոյնը․ դա բրդի գոյնն է․ այդ պատճառով էլ նրանք շատ աւելի քիչ կտոր են սպառում, քան ուրիշ որեւէ տեղ։ Բացի այդ, այդ կտորը նրանց շատ էժան է նստում։ Որովհետեւ կտաւը քիչ աշխատանք է պահանջում, դրա համար էլ շատ է գործածւում։ Կտաւի մէջ նրանք գնահատում են կտաւի սպիտակութիւնը․ իսկ մահուդի՝ հարթութիւնն ու ամրութիւնը, առանց հիւսուածքի նրբութեան ու բարակութեան վրայ ուշադրութիւն դարձնելու։ Մի հագուստը նրանց սովորաբար բաւարարում է երկու տարի, մինչդեռ ուրիշ տեղ մարդիկ կարիք ունեն տարբեր գոյնի չորս կամ հինգ բրդի հագուստի ու նոյնքան էլ մետաքսէ շորերի․ նորաձեւութեան իսկական հետեւողը պէտք է առնուազն տասը ձեռք զգեստ ունենայ։ Ուտոպիացիներն այդպիսի հանդերձարան պահելու ոչ մի հիմք չունեն, քանի որ այդ նրանց ոչ ցրտից աւելի լաւ պաշտպանել կը կարողանայ եւ ոչ էլ կը նպաստի նրանց շքեղ հագնուելուն։
Այսպէս, Ուտոպիայում բոլորն զբաղած են իսկապէս օգտակար արուեստներով ու արհեստներով։ Ֆիզիկական աշխատանքն այնտեղ կարճ է տեւում, բայց չնայած դրան այդ կարճ ժամանակամիջոցում աշխատանքն արտադրում է ամէն բարիք եւ այն էլ՝ առատութեամբ։ Երբ արտադրանքների աւելցուկը շատանում է, այն ժամանակ դադարեցնում են օրական աշխատանքները, եւ բնակչութիւնը մասսայօրէն զբաղում է վնասուած ճանապարհները նորոգելով։ Սովորական եւ արտակարգ աշխատանքների կատարեալ բացակայութեան դէպքում, դեկրետով կրճատւում է աշխատանքի ժամանակը․ կառավարութիւնը երբեք չի ձգտում անօգուտ աշխատանքներով յոգնեցնել քաղաքացիներին։
Սոցիալական հաստատութիւնների նպատակն Ուտոպիայում այն է, որ նախ ամբողջովին ապահովեն հասարակական ու անհատական սպառման կարիքները, ապա իւրաքանչիւր քաղաքացու ըստ հնարաւորին, շատ ազատ ժամանակ տրամադրուի՝ արուեստների ու գիտութիւնների ուսումնասիրման միջոցով միտքն ազատօրէն զարգացնելու համար։
Միմիայն այս բազմակողմանի զարգացման մէջ են ուտոպիացիք գտնում ճշմարիտ երջանկութիւնը։
===Քաղաքացիների փոխադարձ յարաբերութեան մասին===
Այժմ ես ձեզ կը պատմեմ քաղաացիների փոխադարձ չարաբերութիւնների, նրանց առեւտրի այն եղանակի մասին, որով կենսական անհրաժեշտ իրերը բաշխւում են։
Քաղաքը բաղկացած է ընտանիքներից, որոնց մեծ մասն ազգակցական կապերով միացած են միմեանց։ Հենց որ մի աղջիկ հասուն է դառնում, նրան ամուսնացնում են ու այնուհետեւ նրանք միասին են ապրում։ Տղամարդիկ, որդիներն ու թոռները մնում են իրենց ընտանիքներում։ Ընտանիքի ամենատարիքաւոր անդամը միաժամանակ ընտանիքի գլուխն է եւ, երբ տարիները նրա մտաւոր ուժը թուլացնում են, նրան փոխարինում է տարիքով յաջորդը։ Հետեւեալ որոշումները պահպանում են ազգաբնակութեան հաւասարակշռութիւնը եւ արգելում, որ բնակչութեան թիւը մի քանի կէտերում նոսրանայ, իսկ ուրիշ տեղերում՝ խտանայ։
Ամէն քաղաք պէտք է ունենայ վեց հազար ընտանիք, իսկ իւրաքանչիւր ընտանիք կարող է միայն 10—12 հասուն տարիքի տղամարդիկ ունենալ։ Երեխաների թիւն օրէնքով նախատեսուած չէ։
Երբ մի ընտանիք վերոյիշեալ թուից աւելանում է, յաւելեալ անդամներն անցնում են մի ուրիշ ընտանիք, որը թուով աւելի պակաս է։ Եթէ քաղաքի բնակիչների թիւն այնտեղ ապրելու համար սահմանուած նորման գերազանում է, այդ դէպքում, յաւելեալ քանակը լրացնում է աւելի նոսր բնակուած քաղաքների պակասը։
Վերջապէս, երբ ամբողջ կղզին է գերբնակւում, այդպիսի դէպքերի համար նախատեսուած է մասսայական արտագաղթ։ Արտագաղթողները գաղութ են հիմնում մօտակայ այն ցամաքամասում, որտեղ հողի աւելցուկ կայ։
Գաղութը կառաւարւում է ուտոպիական օրէնքներով եւ իր մօտ է հրաւիրում տեղացի այն հողագործներին, որոնք կը ցանկանան նրանց աշխատանքի ու ապրելու եղանակն ունենալ։
Երբ կոլոնիստները մի ժողովրդի են հանդիպում, որն ընդունում է ուտոպիացիների հաստատութիւններն ու բարքերը, այդ դէպքում նրանք միասին կազմում են մի համայնք։ Այդ միացումը ձեռնտու է երկու կողմի համար էլ, որովհետեւ բոլորն ապրելով ուտոպիական օրէնքների համաձայն, կը կարողանան մի միակ ժողովրդի դժուարութեամբ կերակրող հողն այնպէս մշակել, որ իր պտղաբերութեամբ կը բաւականացնի միաժամանակ երկսին էլ։
Իսկ եթէ կոլոնսիտները մի ժողովրդի հանդիպեն, որը դիմադրի ուտոպիական օրէնքներին, այդ դէպքում նրանք այդ ժողովրդին երկրից այնքան են դուրս մղում, որքան հողամաս հարկաւոր է իրենց․ պահանջի դէպքում նրանք գործադրում են նաեւ զէնքի ուժ։ Նրանց հիմնական սկզբունքների համաձայն, ամենաարդար ու ամենահիմնաւորուած պատերազմը մի ժողովրդի դէմ այն է, որն անմշակ հողերի խոշոր տարածութիւններ ունի, որոնք ոչ մի միտք եւ օգուտ չունեն․ մանաւանդ եթէ այդ ժողովուրդը հրաժարում է այդ հողամասերը տրամադրել այնպիսի մարդկանց, որ ուզում են օգտագործել այն ու ըստ բնութեան յաւիտենական օրէնքների կերակրուել։
Եթէ մի քաղաքի ազգաբնակութիւնն այն աստիճան նուազում է,— եւ այդպիսի դէպք երկու անգամ տեղի է ունեցել սարսափելի համաճարակ հիւանդութիւնների պատճառով — որ հնարաւոր չէ, առանց կղզու միւս մասերի հաւասարակշռութիւնն ու կարգկ խանգարելու, լրացնել այն— այդ դէպքու կոլոնիստները պարտաւոր են վերադառնալ Ուտոպիա։ Մեր կղզեցիներն աւելի շուտ կհրաժարուեն բոլոր գաղութներից, քան թէ թոյլ կը տան, որ իրենց մայր երկրի թէկուզ մի քաղաքը պակասի։
Ես վերադառնում եմ համաքաղաքացիների փոխադարձ յարաբերութեան խնդիրն։
Ամենատարիքաւորը, ինչպէս արդեն ասուեց, ընտանիքի գլխաւորն է։ Կանայք հնազանդում են իրենց ամուսիններին, երեխաները՝ իրենց հօրն ու մօրը, իսկ իրար մէջ՝ կրտսերն աւագին։
Ամբողջ քաղաքը բաժանուած է չորս հաւասար քաղաքամասերի․ իւրաքանչիւր քաղաքամասի մէջտեղը գտնւում է կենսամթերքների շուկան։ Այդտեղ են բերում բոլոր ընտանիքների ախատանքի տարբեր արտադրանքները, որ նախ դրւում են պահեստներում ու ապա տեսակաւորելով՝ պահում են համապատասխան մագազիններում։
Իւրաքանչիւր ընտանիքի հայր շուկայում ընտրում է այն, ինչ որ հարկաւոր է իրեն եւ իւրայիններին։ Առանց դրամական կամ որեւէ այլ հատուցումի, նա ստանում է ամէն անհրաժեշտ բան։ Ընտանիքի հայրերին երբեք ոչ մի բան չեն մերժում եւ, որովհետեւ ամէն ինչ առատ է, դրա համար էլ վախենալու հիմք չկայ, թէ մէկը կարող է իր կարիքից աւելի վերցնել։ Արդարեւ, եթէ մէկը վստահ է, որ երբեք որեւէ բանի պակաս չի զգալու, ինչո՛ւ պիտի ուզենայ այդ րոպէի իր պահանջից աւելի վերցնել։ Կենդանի էակների կգահութեան ու անկշտութեան պատճառը ապագայ քաղցածութեան վախն է։ Մասնաւորապէս մարդու ընչաքաղցութիւնը մի այլ հիմք եւս ունի՝ սնափառութիւնը, որը դրդում է նրան հարստութեամբ գերազանցել իր նմանին եւ իր ունեցածթ ցուցադրելով՝ շլացնել նրան։ Ուտոպիական հիմնարկութիւնները սակայն այդ անմտութիւնն անկարելի են դարձնում։
Այդ շուկաների մի մասը, որոնց մասին ես հենց նոր խօսում էի, յատկացուած է ուտելեղէնի․ այդտեղ բերում են բանջարեղէն, միրգ, հաց, ձու, թռչուններ ու անասուններ։
Քաղաքից դուրս գտնւում են սպանդանոցներ, որտեղ մորթում են ուտելու համար սահմանուած կենդանիներին։ Սպանդանոցները շատ մաքուր են պահում․ արիւնը, կեղտն ու մնացորդները փոքրիկ կանալներով դուրս են բերւում հեռու։ Ստրուկները մաքրում ու կոտորում են միսը, որից յետոյ բերում են շուկայ․ օրէնքն արգելում է քաղաքացիներին միս մորթելով զբաղուելը՝ երկիւղ կրելով, որ սպանդի սովորութիւնը կարող է նրան մէջ աստիճանաբար ոչնչացնել կարեկցութիւնը — մարդկային սրտի ամենաազնիւ յոյզը։ Սպանդանոցները քաղաքից դուրս տեղաւորելը մի այլ նպատակ էլ է հետապնդում, դրանով ուզում են քաղաքացիներին խնայել անհաճոյ տեսարանից եւ քաղաքն ազատել կենդանական նիւթերի մնացորդներինց ու կեղտից, որ նեխուելով, կարող են հիւանդութիւններ առաջացնել։
Իւրաքանչիւր փողոցում՝ հաւասար հեռաւորութեան վրայ, գտնւում են ընդարձակ շէնքեր, որոնք տարբեր անուններով զանազանւում են իրարից։ Այնտեղ բնակւում են սիֆոգրանտները․ վերջինների 30 ընտանիքներն ապրում են երկու կողմերին, տասնհինգը դէպի աջ, իսկ տասնհինգը՝ ձախ․ սիմոգրանտների շէնքում նրանք բոլորը միասին են ճաշում։
Իւրաքանչիւր ընանիքի տնտեսները որոշուած ժամին հաւաքւում են շուկայում եւ ճաշողների թուի համապատասխան քանակով կենսամթերք են պահանջում։ Միշտ ամէնից առաջ հոգում են հիւանդներին, որ խնամւում են հասարակական հիւանդանոցներում։
Այդ հիւանդանոցները, թուով 4 հատ, գտնւում են քաղաքի շրջակայքում՝ պարիսպներից որոշ հեռաւորութեան վրայ։ Նրանք այնքան ընդարձակ են, որ հեշտութեամբ կարելի է աւանի տեղ ընդունել։ Դրանով ուտոպիացիները խուսափում են հիւանդների կուտակումից ու խտացումից, որ կը դանդաղեցնի նրանց ապաքինումը։ Բացի այդ, դրանով հնարաւոր է լինում վարակիչ հիւանդութիւն ունեցողին բոլորովին առանձնացնել։ Հիւանդանոցներն առատօրէն ապահովուած են բոլոր տեսակի բուժիչ միջոցներով եւ այն ամէնով, ինչ պահանջւում է առողջութիւնը ամրականգնելու համար։ Հիւանդներին խնամում են ամենասիրալիր եւ անխոնջ հոգացողութեամբ ու ամենափորձուած բժիշկների ղեկավարութեամբ։ Ոչ մէկին չեն ստիպում անպայման հիւանդանոցում բժշկուել․ սակայն հազիւ թէ լինի մէկը, որը հիւանդութեան դէպքում տնային խնամը հիւանդանոցայինից նախամեծար համարի։
Երբ հիւանդանոցի տնտեսները՝ բժշկական կարգադրութեան համաձայն, պահանջուածն ստանում են, շուկայում եղած մնացեալ ամէն ինչն առանց խտրութեան ճաշողների թուի համեմատութեամբ բաժանւում է բոլոր ճաշասրահների միջեւ։ Միաժամանակ սպասարկում են իշխանի, կրօնապետի, տրանիբորների, դեսպանների եւ— եթէ այդպիսիք լինում են, ինչ որ շատ հազուադէպ է— օտարականների սեղանները։ Վերջինները մի քաղաք ժամանելիս իրենց համար պատրաստ գտնում են յատուկ բնակարաններ, որոնք անհրաժեշտ ամէն ինչով ապահովուած են։
Թմբուկը ծանուցում է ճաշի ժամը։ Ամբողճ սիֆոգրանտիան, բացառութեամբ նրանց, որոնք տանը կամ հիւանդանոցում հիւանդ պառկած են, գնում են սիֆոգրանտի շէնքը եւ այնտեղ բոլորը միասին ճաշում կամ ընթրում են։ Անհատական կարիքի համար թոյլատրւում է շուկայից վերցնել կենսամթերք, սակայն միմիայն այն ժամանակ, երբ հասարակական պահանջն ամբողջովին բաւարարուած է։
Ուտոպիացիները սակայն առանց կարեւոր հիմքեր ունենալու չեն օգտւում այդ իրաւունքից․ քանի որ ոչ ոքի արգելուած չէ տանը ճաշել, ոչ մէկն էլ այդ անելու մէջ հաճոյք չի գտնում։ Անմտութիւն կը լինէր չարչարանքով մի վատ ճաշ պատրաստել, երբ այդպիսին շատ աւելի լաւ ու առանց որեւէ նեղութեան կարելի է ստանալ տնից մի քանի քայլ հեռաւորութեան վրայ։
Խոհանոցային ամենակեղտոտ ու ամէնից ծանր աշխատանքները դրւում են ստրուկների վրայ։ Կանայք եփում են կերակուրները, համեմում, դնում են սեղանների վրայ ու ապա ամանները հաւաքում։ Այս աշխատանքներում նրանք հերթափոխում են ըստ ընտանիքների։
Նայած հիւրերի թուին, բաց են անում երեք կամ աւելի սեղան։ Տղամարդիկ նստում են պատի կողմը, կանայք՝ նրանց դիմաց, որպէսզի մի յանկարծական դէպք պատահելիս — ինչ֊որ յղի կանանց հետ երբեմն պատահում է — նրանք առանց որեւէ մէկին խանգարելու կարողանան դուրս գնալ եւ քաշուել ծծմայրերի յատուկ սենեակը։
Ծծմայրերի սենեակում մշտապէս լինում է տաք ջուր, այնտեղ պահւում է կրակ, կան օրորոցներ, որտեղ կարելի է դնել երեխաներին եւ եթէ հարկաւոր է, չորացնել խանձարուրները, մինչդեռ երեխաներն զբաղւում են խաղով։ Այս բոլորը մանաւաորապէս կարեւոր է կանանց համար, քանի որ իւրաքանչիւր մայր ինքն է կերակրում իր երեխային․ միայն մահը կամ հիւանդութիւնը կարող են նրան արգելել այդ։ Վերջին երկու դէպքերում սիֆոգրանտների կանայք շտապ որոնում են մի ծծմայր, որպիսին հեշտութեամբ կարելի է գտնել։ Այդ ծառայութեանն ի վիճակի էղող կանայք մեծ հաճոյքով եւ պատրաստակամութեամբ տրամադրում են իրենց։ Բացի դրանից, դա մենապատուաւոր պարտաւորութիւնն է եւ երեխան հետագայում ծծմօրը վերաբերում է հարազատ մօր նման։
Ծծմայրերի սենեակում գտնւում են նաեւ հինգ տարեկանից ցածր երեխաները։ Պատանիներ եւ աղջիկներ սպասարկում են ճաշի ժամանակ։ Այն տղաներն ու աղջիկները, որոնք այդ ծառայութեան համար պահանջուող ուժը դեռեւս չունեն, լուռ կանգնած են մնում։ Նրանք ուտում են այն, ինչ որ նստողները տալիս են նրանց եւ դրանից դուրս ուրիշ տեղ երբեք ծածուկ չեն ուտում։
Սիֆոգրանտն ու նրա կինը նստում են առաջին սեղանի մէջտեղը․ այդ սեղանը գտնւում է դահլիճի վերին ծայրում եւ այդտեղից մի հայեացքով կարելի է ընդգրկել բոլոր սեղանակիցներին։ Ամէնատարիքաւորների եւ ամէնից աւելի յարգուածների միջից երկու ծերոունի նստում են սիֆոգրանտների մօտ․ մնացեալ հիւրերն էլ, կրկին չորսական հոգի, ճաշում են միասին։ Եթէ սիֆոգրանտիայում եկեղեցի կայ, այդ դէպքում այդ երկու ծերունիների տեղը նստում են քահանան եւ նրա կինը։
Դահլիճի երկու կողմերին մէջընդմէջ նտսում են երկու երիտասարդ եւ երկու տարիքաւոր մարդիկ։ Այս կարգը համախմբում է միեւնյոն տարիքի մարդկանց եւ միաժամանակ խառնում բոլոր տարիքները։ Բացի այդ, դրանով իրականացւում է բարոյական մի նպատակ։ Եւ որովհետեւ ոչինչ չի կարող պատահել ու խօսուել, որ հարեւանը նկատել չկարողնայ, այդ պատճառով էլ ծերութեան ներշնչող լրջութիւնն ու պատկառանքը սանձահարում են երիտասարդութեան անզսպութիւնը եւ թոյլ չեն տալիս նրան անպատշաճ խօսքեր կամ վերաբերմունք արտայայտել։
Սիֆոգրանտի սեղանն ամէնից առաջ են սպասարկում, ապա հերթով միւս սեղանները։ Ամենալաւ կտորները մատուցում են ընտանիքի աւագներին, որոնք նստում են աչքի ընկնող տեղեր․ մնացեալ բոլորին սպասարկում են միանգամայն հաւասար։ Ծերունիները կարող են իրենց բաժնից ըստ հայեցողութեան մաս հանել մօտիկ հարեւաններին։ Այսպիսով, տարիքին մատուցում են պատշաճ պատիւ, որը միաժամանակ ծառայում է բոլորի բարօրութեանը։
Ճաշն ու ընթրիքն սկսում են բարոյական բովանդակութեամբ մի գրքի ընթերցանութիւնով։ Որպէսզի այդ ընթերցումը ձանձրալի չլինի, այդ պատճառով էլ սովորաբար կարճ է տեւում։ Ընթերցումը վերջանալուց յետոյ, տարիքաւորներն սկսում են խելացի խօսակցութիւններ, ընդ որում սրամտութիւնն էլ անպակաս չէ լինում։ Չցանկանալով բացառապէս տիրել խօսակցութեանը, տարիքաւորներն ընդհակառակը սիրով լսում են նաեւ երիտասարդներին․ նրանք վերջիններին յաճախ առիթ են տալիս ու դրդում ազատօրէն եւ առանց քաշուելու արտայայտուել, որպէսզի դրանով նրանց նկարագրի ու մտքի մասին եզրակացութիւն անեն։ Հասկանալի է, որ նման ազատ ու անբռնազբօս վերաբերմունքի շնորհիւ երիտասարդները հեշտութեամբ յայտաբերում են իրենց։
Ճաշը կարճ է տեւում, ընթրիքը սակայն երկար, որովհետեւ առաջինից յետոյ աշխատում են, իսկ ընթրիքից յետոյ՝ քնում։ Ուտոպիացիներն այն կարծիքին են, որ քունը մարսողութեան աւելի նպաստաւոր է, քան աշխատանքը։ Ընթրիքի ժամանակ երաժշտութիւնն է առատ ու համեղ աղանդերներն անպակաս են լինում։ Հիւրերի հանգստաւէտութիւնն ու վայելքը բարձրացնելու համար չեն խնայում ոչ համեմունքներ եւ ոչ էլ անուշահոտ բուրմունքներ։ Թերեւս ոտոպիացիներին մեղադրեն դէպի հաճոյքն այդքան չափազանց հակումն ունենալու մէջ․ սակայն, նրանց կարծիքով մի հաճոյք, որ իր մէջ վատ բան չի պարունակում, միանգամայն թոյլատրելի է։ Այսպէս է ընթանում կեանքն ուտոպիական քաղաքներում։ Դաշտում աշխատողները միմեանցից շատ հեռու լինելով՝ չեն կարող միասին ճաշել․ այդ պատճառով էլ նրանք տանն են ճաշում։ Ի միջի այլոց, հողագործ ընտանիքներն ապահովուած են աւելի լաւ եւ բազմազան սննդով․ նրանք ոչ մի բանի կարիք չունեն, եւ չէ՞ որ հենց նրանք են քաղաքները կերակրողները։
===Ուտոպիացիների ճանապարհորդութիւնների մասին===
Երբ քաղաացիներից մէկը ցանկանում է մի ուրիշ քաղաքում ապրող բարեկամի այցելել եւ կամ սոսկ հաճոյքի համար ուզում է ճանապարհորդել, նման դէպքերում սիֆոգրանտներն ու տրանիբորները սիրով համաձայնոթիւն են տալիս, եթէ նշանակալի արգելիչ հանգամանք չկայ։
Ուղեւորները միանում են, որպէսզի միասին ճանապարհորդեն։ Նրանք իշխանից անցագիր են ստանում, որը վաւերացնում է ճանապարհորդելու թոյլտւութիւնը եւ նշանակում վերադարձի օրը։ Ճամբորդներին տրամադրում են փոխադրական միջոց եւ մի ստրուկ, որը խնամում է եզներին ու վարում է սայլակը։ Եթէ ուղեւորների հետ կանայք չեն լինում, նրանք սովորաբար հրաժարում են փոխադրական միջոցից, քանի որ այդ կարող է նրանց միայն խանգարել։ Ճանապարհի համար ոչ մի կենսամթերք չեն վերցնում․ նրանց ոչինչ չի էլ կարող պատահել, որովհետեւ ամէն տեղ իրենց սեփական տան նման են զգում։
Երբ մի ճամբորդ մի տեղ մէկ օրից աւելի է մնում, այնտեղ նա զբաղում է իր արհեստով ու արժանանում իր արհեստակիցների սրտագին ընդունելութեանը։ Ով անցնում է իր գավառի սահմանները, առանց դրա համար պահանջուող թոյլտւութիւնն ունենալու, համարւում է ոճրագործ։ Եթէ նրան առանց իշխանի կողմից տրուած անցագիր ունենալու բռնում են, ետ են դարձնում ու խիստ պատժում։ Կրկնութեան դէպքում այդպիսին կորցնում է ազատութիւնը։
Եթէ մի քաղաքացի ցանկանում է պտոյտ կատարել իր ապրած քաղաքի շրջակայքում, նա կարող է անել այդ իր կնոջ ու ընտանիքի հօր համաձայնութեամբ․ սակայն նա իր գնացած տեղում պարտաւոր է ճաշից եւ ընթրիքից առաջ այդտեղ ապրողների հետ հաւասար աշխատել։ Այս պայմանով իւրաքանչիւր ոք կարող է հեռանալ քաղաքից եւ ման գալ շրջակայքում, քանի որ ամէն մէկը քաղաքից դուրս նոյնքան օգտակար է լինում, որքան քաղաքի ներսում։
Այսպիսով դուք տեսնում էք, որ Ուտոպիայում ծուլութիւնն ու դատարկ ման գալն անհնարին է։ Այնտեղ չի կարելի գտնել ոչ գինետներ, ոչ անբարոյութեան վայրեր եւ ոչ էլ ցոփ կեանքը նպաստաւորող առիթներ․ ոչ գողութեան բոյներ եւ ոչ էլ գաղտնի հաւաքոյթներ։ Որովհետեւ այնտեղ ամէն մարդ շարունակ բոլորի աչքի առաջ է գտնւում, այդ պատճառով էլ երջանիկ անհրաժեշտութեան մէջ է դրուած աշխատել ու հանգստանալ համաձայն երկրի օրէնքների եւ սովորոյթների։ Ամէն ինչի առատութիւնը այս մաքուր եւ գործունեայ կեանքի արդիւնքն է։ Բարեկեցութիւնը հաւասարապէս տարածւում է այս զարմանքի արժանի հասարակութեան բոլոր անդամների վրայ։ Աղքատութիւնն ու թշուառութիւնը Ուտոպիայում բոլորովին անծանօթ են։
Ես արդեն յիշատակեցի, որ Ուտոպիայի իւրաքանչիւր քաղաք երեք պատգամաւոր է ուղարկում Ամաուռոտի Սենատը։ Սենատի առաջին նիստերը յատկացւում են կղզու տարբեր մասերի տնտեսական վիճակագրութիւնը ճշտելուն։ Հենց որ յայտաբերում են, որ մի տեղ «չափազանց շատ», իսկ մի այլ կէտում «ոչ բաւարար» է, հաւասակշռութիւնը վերականգնում են նրանով, որ դժբախտ քաղաքների դատարկ պահեստները լրացւում են ի հաշիւ աւելի առատ քաղաքների ոչ անհրաժեշտ աւելցուկի։ Այդ զիջումը կատարւում է առանց հատուցման․ օգնութիւն ցոյց տուող քաղաքը դրա համար միւսից ոչ մի վարձատրութիւն չի ստանում, եւ, ընդհակառակը, վերջինս էլ իր հերթին ուրիշ ժամանակ մի այլ քաղաքից, որին ոչինչ չի տուել, առանց հատուցման ստանում է։
Այսպիսով ամբողջ ուտոպիական պետութիւնը կազմում է նոյն մէկ եւ մի ընտանիք։
Հետեւեալ տարուայ հունձքի լաւ կամ վատ լինելու անորոշութեան պատճառով կղզին մշտապէս ապահովում է իրեն երկու տարուայ պաշարով։
Աւելցուկն արտահանում են արտասահման։ Արտածում են՝ հացահատիկ, մեղր, բուրդ, վուշ, փայտ, ներկատու նիւթեր, մորթի, մոմ, օճառ եւ անասուն։ Արտահանուած ապրանքների մէկ եօթերորդական մասը բաշխւում է ներմուծող երկրի աղքատների միջեւ․ մնացեալը վաճառում են չափաւոր գներով։ Այս առեւտրի շնորհիւ Ուտոպիան ստանում է ոչ միայն անհրաժեշտ իրեր, ինչպէս օրինակ՝ երկաթ, այլ եւ մեծ քանակութեամբ ոսկի ու արծաթ։
Այն ժամանակից, ինչ ուտոպիացիները կատարում են այս առեւտուրը, նրանք դիզել են անհաւատալի հարստութիւն։ Այդ պատճառով էլ այժմ նրանց առանձնապէս չի հետաքրքրում այն հանգամանքը, թէ վաճառքի գումարը կանխիկ են ստանում, թէ՞ մաս֊մաս։ Իբրեւ վճարման միջոց նրանք սովորաբար ընդունում են մուրհակներ, սակայն մասնաւոր անձերի ստորագրութիւնը նրանք բաւարար չեն համարում։ Մուրհակները պէտք է գրուած լինեն օրէնքի սահմանած ձեւով եւ այն քաղաքը, որտեղ վաճառում են՝ իր կնիքով պէտք է երաշխաւորի վճարումը։ Մուրհակի ժամկէտի օրը այն քաղաքը, որը երաշխաւորել է, առաջարկում է կոնկրետ պարտապանին վճարել։ Փողը յանձնում են պետական գանձարան ու այնտեղից բաւարարում ուտոպիական պարտատէրերին։
Ուտոպիացիները ամբողջ պարտքի մարումը երբեք միանուագ չեն պահանջում․ նրանք անարդար են համարում մէկից վերցնել այն, որին նա կարիք ունի, երբ իրենք առանց դրան էլ կարող են բաւարարուել։ Երբեմն սակայն դէպքեր են լինում, երբ նրանք ամբողջ հասանելիքն են պահանջում։ Վերջինը այն ժամանակ է պատահում, երբ նկատում են, որ իրենց փողն ուզում են օգտագործել հարեւան մի ժողովրդի հետ սպեկուլացիա անելու եւ կամ պատերազմ մղելու համար։ Վերջին դէպքում ուտոպիացիները հաւաքում են իրենց ամբողջ հարստութիւնը՝ նրանից այսպէս ասած շտապ եւ չնախատեսնուած վտանգի դէմ մի մետաղէ պատնէշ ստեղծելու համար։ Այդ հարստութիւնները սահմանուած են օտար գնդեր հաւաքագրելու ու նրանց առատօրէն վարձատրելու համար, որովհետեւ ուտոպիական կառավարութիւնն աւելի շուտ մահուան կը մատնի օտարներին, քան թէ իր քաղաքացիներին։ Նա գիտի նոյնպէս, որ մինչեւ իսկ ամենակատաղի թշնամուն էլ կարելի է գնել, եթէ գնման գինը համապատասխանում է նրա ընդասիրութեանը։ Նրանք գիտեն, որ փողն առհասարակ պատերազմի հոգին է, լինի դա դաւաճաններ կաշառելու եւ կամ թէ բաց կռուի համար։ Այդ նպատակների համար, ուտոպիացիները մշտապէս իրենց տրամադրութեան տակ անհաշիւ գանձեր ունեն, սակայն այնուհանդերձ նրանք շատ հեռու են փողն աստուածացնելուց, ինչպէս այդ անում են ուրիշ ժողովուրդներ։ Ես շատ վախենում եմ, որ եթէ ձեզ պատմեմ, թէ նրանք ինչպէս են վարւում փողի հետ, դուք ինձ չհաւատաք, որովհետեւ անկեղծ ասած, ես ինքս էլ երբեք չէի հաւատայ դրան, եթէ անձամբ ականատես եղած չլինէի։ Եւ դա հասկանալի է․ ինչքան որ օտարերկրեայ սովորոյթները հակադրւում են մեր սովորոյթներին, նոյնքան քիչ ենք մենք հաւատում դրանց։ Սակայն ամէն մի խելացի մարդ, որը գիտի թէ ուտոպիացիներն այս խնդրում իրենց նկատառումներն ու սովորոյթներն ունեն, նա երբեք չի զարմանայ, որ նրանց մօտ ոսկին եւ արծաթը բոլորովին այլ գործադրութւն ունի քան մեզ մօտ։
Ուտոպիայիում առեւտրական փոխադարձ յարաբերութիւնները կատարւում են առանց դրամի․ փողը նրանք պահում են սեւ օրուայ համար, որը թէեւ անհաւանական, բայց եւ այնպէս հնարաւոր է։ Ոսկին եւ արծաթն այդ երկրում աւելի մեծ արժէք չունենայ, քան այն, որ բնութիւնը տուել է դրանց․ այդ երկու մետաղները շատ աւելի ցած են գնահատում, քան երկաթը, որը մարդկանց նոյնքան անհրաժեշտ է, որքան ջորն ու կարկը։ Արդարեւ ոսկին եւ արծաթը չունեն որեւէ որակ, ոչ մի յատկութիւն, որի բացակայութիւնը մարդկային կեանքի համար բնական ու իսկական չարիք լինէր։ Միայն մարդկային յիմարութիւնն է, որ այդ մետաղների հազուագիւտ լինելու պատճառով, դրանց այդքան բարձր է գնահատում։ Բնութիւնը, ինչպէս սքանչելի մայր, այդ անպէտք եւ ունայն բարիքները շատ խորն է թաղել, մինչդեռ օդը, ջուրը, հողը եւ այն բոլորը, որ լաւ են ու իսկապէս օգտակար, բաց ընկած են եւ բոլորին մատչելի են։
Ուտոպիացիներն իրենց գանձերը չեն փակում աշտարակներում կամ ամրացուած ու անմատչելի ուրիշ շէնքերում․ այդ դէպքում սովորական մարդը կարող է միամիտ չարամտութեամբ կասկած սնուցել, թէ իշխանն ու սենատը խաբում են ժողովրդին եւ նրան կողոպտելով ուզում են հարստանալ։ Ուտոպիացիները ոսկուց եւ արծաթից ոչ ամաններ են ձուլում եւ ոչ էլ արհեստական իրեր պատրաստում, որպէսզի պատերազմի դէպքում, երբ բանակի պահպանման փողը չբաւականացնի, ստիպուած չլինեն զրկել ժողովրդին նրա վարժուած ճոխութիւնից ու զարդերից, որոնց բացակայութիւնը նրան մեծ զրկանք կը թուայ։
Այդ դժբախտութիւնը կանխելու համար, ուտոպիացիները յղացել են մի միտք, որը նրանց միւս հաստատութիւններին ամբողջովին համապատասխանում է․ սակայն դրա փոխարէն հակասում է մեր հասկացողութիւններին, քանի որ մեզ մօտ ոսկին ու արծաթը աստուածային պատիւների են արժանանում։ Նրանք ուտում եւ խմում են կաւի կամ ապակեայ ամաններով, որոնք ճաշակաւոր եւ գեղեցիկ ձեւ, բայց չնչին արժէք ունեն։ Ոսկին ու արծաթը սահմանուած են ամենաստոր գործածութեան իրերի համար․ նրանցից պատրաստում են մինչեւ իսկ միզարաններ՝ ոչ միայն հասարակական շէնքերի, այլեւ առանձին տների համար, կամ կռում են ստրուկների շղթաներ ու կապանքներ եւ պատուազրկուած ոճրագործների համար տարբերող նշաններ։ Պատուազրկուած չարագործները կրում են մատանիներ եւ ականջի օղեր․ վզինֆ ոսկէ թել, իսկ գլխին՝ ոսկէ շրջանակներ։
Այսպիսով նրանք կիրառում են ամէն միջոց, որպէսզի ոսկին ու արծաթը արհամարհանքի մէջ գտնուեն։ Ուրիշ ժողովուրդնրեր հարստութեան կորուստը համարում են ամենամեծ աղետը․ սակայն եթէ ուտոպիացիներից վերցնեն նրանց խոշոր հարստութիւնները, դրանից ոչ մէկը մի գրոշ չի կորցնի։
Ուտոպիացիները ծովափում հաւաքում են մարգարիտներ, ժայռերից՝ ադամանդներ ու այլ թանկագին քարեր։