Changes
/* Գլուխ տասը. Սեմ Գեմջիի ընտրությունը */
Սեմը կանգ առավ, սիրտը բռնեց և շունչը տեղը բերեց: Ապա թևքով սրբեց դեմքի վրայի կեղտը, քրտինքն ու արցունքները:
— Թող որ սատկեք, անիծյա՛լ թշվառներ,— ճչաց նա և սուզվեց գարշահոտ խավարի մեջ:
Այս անգամ նրան թվաց, որ թունելում այնքան էլ մութ չէ: Ուղղակի ավելի խիտ մառախուղի մեջ հայտնվեց՝ ուրիշ ոչինչ: Ուժերը րոպե առ րոպե լքում էին նրան, բայց ամրապնդվում էր կամքը: Ջահերը, թվում էր, տատանվում են բավական մոտ, բայց Սեմը, որքան չարչարվում էր, նրանց հասնել չէր կարողանում: Ստորգետնյա անցումներում օրքերը շատ արագ են տեղաշարժվում, իսկ այս թունելը նրանք հիանալի գիտեին՝ չնայած Շելոբի հանդեպ տածած վախին, նրանք հաճախ էին ստիպված լինում օգտագործել այդ ճանապարհը, որովհետև դա Մեռյալ քաղաքից դեպի Սև երկիր տանող ամենակարճ ուղին էր: Ոչ ոք չգիտեր, թե երբ են փորել թունելը և ծավալուն կլոր փոսը, որտեղ դարեր շարունակ ապրում էր Շելոբը: Բայց օրքերը շատ շրջանցող ուղիներ էին փորել, որպեսզի սարդի ճանկը չընկնեն, որովհետև հրաման տանել-բերելու համար օրվա մեջ մի քանի անգամ ստիպված էին լինում անցնել այդ ճանապարհով: Բայց հիմա օրքերը չէին պատրաստվում գնալ լեռան խորքը: Նրանք շտապում էին դեպի կողմնային անցումը, որը տանում էր դեպի պահակային աշտարակ: Ուրախացած գտածոյի համար, նրանք ցնծում էին օրքերին հատուկ ձևով՝ հենց վազքի ժամանակ գոռալով և գզվրտվելով: Սեմը լսում էր նրանց կոպիտ ձայները, որոնք խլանում էին ստորգետնյա գաղջ օդում: Ամենից բարձր ու մոտիկ լսվում էին երկու ձայն, որոնք պատկանում էին հրամանատարներին՝ երևում է, նրանք գնում էին ջոկատի վերջից:
— Լռեցրու տականքներիդ, Շագրատ,— փնթփնթաց առաջին ձայնը,— թե չէ հիմա Շելոբը կհայտնվի:
— Մի՛ ցնցվիր, Գորբագ,— պատասխանեց մյուսը,— քո տխմարները պակաս չեն աղմկում: Թող տղաներն ուրախանան, Շելոբն էսօր էլ չի հայտնվի: Ցցի վրա է նստել, թե ինչ է արել, չգիտեմ, մխիթարելու էլ չեմ վազի: Չտեսա՞ր նրա անիծյալ որջի շուրջը թափված լպրծուն գարշանքը: Չթողնես տղաներն ուրախանան՝ հետո հարյուր անգամ փոշմանելու ես: Թող ուրախանան: Հաջող օր էր, Լուգբուրզում գոհ կմնան:
— Դե լավ հա՛. Լուգբուրզում... Տեսար դու, ինչ-որ էլֆ փոքրաչափիկ ենք գտել: Էդքան վտանգավո՞ր է, ինչ է:
— Չգիտեմ, ուշադիր նայել է պետք:
— Օհո՛, ուրեմն, քեզ իսկի չեն էլ բացատրել հա՞, թե ինչ են փնտրում: Դե հա, նրանք երբեք էլ մեզ ամբողջը չեն բացատրում, էդպես չէ՞: Ո՞վ ենք մենք հիմարներս, որ իմանանք: Որպես գաղտնիք քեզ ասեմ, որ էնտեղ, վերևում էլ են սխալվում, նույնիսկ ամենագլխավորները:
— Ս-ս, Գորբագ,— Շագրատն իջեցրեց ձայնը: